Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Գլուխ երրորդ

Գլուխ երրորդ


8
Մեկ տափարակ, դուզ տեղ բաց ա ըլում հանկարծ տեսնողի առաջին մեկ մեծ դաշտ՝ չորս կողմը սարերով պատած, աջ ու ձախ սևին տալիս, ու քանի գնում ա մարդ, ամպ ու դուման քաշվում, պարզում են, ու հենց իմանում ես, թե առաջիդ մեկ էնպես քաղաք ա բաց ըլում, որ հազար-հազար կենող միջումն ունի, ու ցրտի յա շոգի ձեռից բեզարած՝ ուզում ես, որ շտապիս, գնաս, մեկ աստվածասերի դռան վեր գաս, դինջանաս, էլ ետ ճամփեդ բռնես, գնաս: Մեկ տեղից ահագին բերդի պարիսպն ա քեզ խաբում, մեկ տեղից՝ զարմանալի եկեղեցքանց գըմբեթն ու մեծությունը, մյուս տեղից՝ բարձր մինարեթքը, քոշք ու սարայի գլխըները: Մտքումդ ասում ես, թե էս տեսածդ մեկ մեծ, զորեղ թագավորի թախտ պետք է ըլի. էստեղ ոսկին ու արծաթն աղբի հետ պետք է խառը ընկած ըլի, էստեղ օրը հարիր քարվան ներս մտնի, հարիրը դուս գա: Հենց իմանում ես, թե ցերեկը թոզն ու դումանն ա աչքդ բռնում, գիշերը մութն ու խավարն ա քեզ խաբում, որ ինս, ջինս, մարդ, անասուն չե՛ս տեսնում, հենց ջամդաքակեր ագռավներն են աչքերիդ սևին տալիս: Մարդ չի՛ կա մոտիդ, որ հարցնես. գիր չե՛ս կարդացել, որ իմանաս. մտքիդ հետ ընկած՝ տեսածդ հրաշք կարծելով յա աչքակապություն, որ հանկարծ գլուխդ չես բարձրացնում, ա՜խ, սի՛րելի իմ հայազգի, ջանդ դող ա ընկնում, կռներդ թուլանում: Հենց իմանում ես, թե մեկ վիշապ յա մեկ հարամի հենց էն սհաթին ա մտել ու բոլոր կենողներին յա կուլ տվել, յա սուրը քաշել, յա գերի արել, ինքն էլ փախել: Ուզում ես, որ աչքդ խփես, ետ դառնաս:

Ա՜խ, չէ՛, չէ՛, ետ մի դառնալ. էստեղանց ծուխը հազար տարուց ավելի ա, որ կտրվել ա. կա՛ց, մի՛ վախենալ, անշունչ քարերն ու եկեղեցիքը մարդակեր չե՛ն: Աչքդ բա՛ց արա, սիրտդ քե՛զ հավաքիր ու գլխիդ վա՜յ տուր: Է՛ս սրբատաշ տաճարները, է՛ս ահագին բերդը, է՛ս քարերը քեզ կասեն, թե սա է գոռոզն Անի, քո թագավորների հզոր մայրաքաղաքը, որ էնքան էր իր հարստությունովը, իր փառքովը փարթամացել, ճոխացել, մեծամտել, որ չոբանն էլ եկեղեցի էր շինում, ոչխարածն էլ արծաթե նալչով, սաղրի քոշերով ման գալիս, ուզվորն էլ հացի տեղակ՝ փլավ, ղանդ ու շաքար, սև փողի տեղակ արծաթ ու ոսկի պահանջում, որ եկեղեցի մտած ժամանակ էլ էնքան էին նրանք աստված մոռացել, որ կարճ վարդապետ գալիս՝ բարձր գրքակալ էին գնում, բարձր եպիսկոպոս ըլելիս՝ ցած գրքակալ դուս բերում, որ յա ձգվին, յա կռանան, յա չոքին, յա գիրքը չտեսնին, ու իրանք ծիծաղին, աստուծո տաճարումը քեֆ անեն: Բայց սուրբն Հովհան Երզնկացի հանաք չվերցնելով՝ մեկ օր օրհնած բերանը բաց արեց, երկիրը տրաքեցավ, տակըվեր էլավ, խալխը ցրվեցին, փախան՝ որը Ղրիմ, որը Պոլշա. էս անշունչ քարերը մնացին ցից-ցից, հազար եկեղեցուցը հինգը մնացին շեն. տաճարք, ապարանք, գանձ, հարստություն անեծքի փայ էլավ, հողը մտավ հայոց ազգի մնացած փառքն էլ, ու մինչև էսօր էլ երկրի ձենը գալիս ա: Գող, ավազակ են միջումը բուն դնում, նրանց բանն աստված հաջողում ա, նրանք չե՛ն տակով ըլում, ու աստված էնքան իր գութը հայերիցը պակասացրեց, որ էնքան անմեղ հոգիքը, էնքան միլիոնավոր մարդիկ մեկ սհաթումը մեկ սևագլխի խոսքով ջնջեց, Հայոց Տունը քանդեց, էլած փառքն էլ ձեռիցը խլեց, որ գնա, էսպես երերյալ, տատանյալ մնա աշխարքիս երեսին:
— Լա՛ց գլուխդ ա՛նցավոր, տե՜ս, թե աստուծո դատաստանն ի՞նչպես արդար է. կարգավոր տեսածին պես ոտները ջուր արա՛, խմի՛ր, որ էսպես քաղաքը անեծքով քանդեցին, ու էսօր էլ քանդողին եկեղեցումը տոնում են: Դու չե՛ս իմանում, որ նրա անունը տաս, սուրբ աղոթքն ու բարեխոսությունն հիշես, որ քեզ էլ չանիծի, քու որդիքը պահի, մեծացնի: Նրա տոնի օրը լավ մտքումդ տպավորի, ի՞նչ կանես Անի քաղաքի անունը: Նա քանդվեց, պրծավ, ամա սուրբը քեզ միշտ օգնական ու բարեխոս կըլի:

Ղրաղին կանգնել ես, ձեռդ ծոցդ դրել,
Խելքդ ցնորվել, լեզուդ պապանձվել.
Ո՞վ էսքան հրաշք տեսավ, վայելեց:
«Երա՞զ եմ տեսնում, քնա՞ծ եմ, ա՞չքս ինձ խաբեց»,
Ասում ես մտքումդ, ուշագնաց ըլում:
Հո նո՞ր են սրանք. բաս սրանց միջումն
Ընչի՞ չկա ձեն, ընչի՞ են լռվել:
Ա՜խ, թշնամյաց սուրն ա նրանց վերջացրել:
Հմիկ հավատո՞ւմ ես, ա՜յ իմ խեղճ ազգ,
Թե քո երկրումն բյուր էսպես քաղաք
Կամ կրակով փչացան, կամ սուրը քաշվեցին,
Ու քեզ չոր քարեր մենակ թողեցին,
Որ տեսնիս ու լաս, տաս քո գլխիդ վա՜յ.
Խելքդ ժողովես, լինիս կտրիճ հայ,
Ռուսաց հզոր, քաջ ձեռի տակին
Փոքր դինջանաս ու քո աշխարքին
Մուղայիթ կենաս, արյունդ թափես,
Քո ազգը պահես, քեզ անուն ճարես:

Հանգստարանի ձեն էր գալիս, որ մեր ճամփորդքը գիշերվա կեսին էստեղ հասան: Լավ կտրիճ մարդ պետք է ըլի, որ էս ժամանակին էսպես չոլ, յաբանի տեղը սիրտ անի, մտնի: Կարելի է, թե մեր բեզարած ճամփորդքն էլ էստեղ չէին հասել, թե գիշերվան լիսնյակի լիսը, էս տաճարների, բրջերի գլուխը ու իրանց տգիտությունը նրանց չէին խաբել, էս տարտարոսը քցել: Անու քաղաքի անունն էլ չէ՛ին լսել, ո՞ւր մնա իմանային, թե նրա խարաբեքը դեռ աշխարքումս կան: Հեռըվանց որ ցից-ցից տների գլուխը չտեսան, ռսի հողիցը դուս էին էկել, հարամու հողը էլ ետ մտել: Ղորդ ա, աքլորի ձեն չէ՛ր գալիս, ամա սարերի չոբանի շների ձենը լսելով՝ էլ մտիկ չարին, զո՛ւ քաշեցին ու, քու դուշմանի գլխին չի գա, որ չմտան էս լուռ, տխուր պարսպների մեջը, հենց իմացան, թե մեկ մեռլատուն կամ գերեզմանատուն ընկան, ու ամեն մեկ ձիու ոտի շփլթոցը յա իրանց քաշած շունչը սար ու ձոր կատաղացնում ա:

Ամեն մարդ փորձած կրլի, որ մութը ժամանակի մարդ, որ մեկ գերեզմանատան կամ մեկ քանդված եկեղեցու ղրաղով էլ ա անց կենում, սիրտը թուլանում ա, ջանը զարզանդում, հազար միտք հոգին կտրատում, քարերն էլ դև համարում ու հարամի, որ իրան կամենում են ուտիլ, շատ անգամ ուշագնա էլ ա ըլում: Սրա պատճառը բոլոր էս ա, որ մարդ սովոր ա, ինչ տեղ տուն ա տեսնում յա շինություն, կարծելով, թե մարդ էլ կըլի, ու ետո, որ ձեն չի՛ լսում, էնպես կարծում ա, թե անպատճառ չար հոգիք են էնտեղ բնակում. թե չէ մեռելի չոր մարմինը յա խարաբա պատերը ի՞նչ զորություն ունին, որ մեզ ի՞նչ անեն: Էլ ո՞վ սիրտ կաներ ապա կամ եկեղեցու մոտանա, յա մեկ բուրջ մտնի, էն էլ է՛ն երկրումը, որ ամեն քարի տակի հարիր գլուխ էր կտրվում, ամեն մեկ ձորում՝ հազար լաշ հոգին զոռով տալիս:

— Տղե՛րք, չար սատանի թուրը գլխըներիս խաղում ա,— ձեն տվեց պինդ սրտով քաջն Աղասի:— Տղամարդությունն էսպես տեղը մալում կանի. յարաղ-ասպաբ հազրեցե՛ք, ձիանոնցը դինջացրե՛ք, որ թե աստված տա, մինչև առավոտը գլխըներս վրըներս ըլի, տեսնինք, թե էս ո՞ր գեդարգյալմազն ընկանք: Նամարդությունը էլ ձեռք չի՛ տալ. ձիանները ջրեցե՛ք, քաշեցե՛ք մեկ պատի տակ, ես մեկ շունս առնիմ, յավաշ-յավաշ մեկ աչք ածեմ, տեսնիմ, թե տեղըներս ռահա՞թ ա, թե՞ էլի սրով ու արնով պետք է յա գլուխ պահենք, յա գլուխ կտրենք:

Շատ էլ խնդրեցին ընկերքը, որ չանի, անկաջ չարեց, թվանքն ուսին դրեց, փշտոբերը հազրեց, սուրբ Սարգսի անունը տվեց ու ոտը փոխեց: Գիժ կըլի էն տղամարդը, որ իր գլուխը մահու կտա, ամա Աղասին իր գլխիցը վաղուց էր ձեռք վեր առել: Հավատարիմ շունը գլուխը նրա ոտիցը չէր հեռացնում. մեկ հոտ առնելիս յա շփըլթու իմանալիս կանգնում էր, ետի ոտների մինն էլ ցցում, երկար վախտ անկաջ դնում, հետո երըմիշ ըլում:
Հենց մի քիչ հեռացան թե չէ, մեկ եկեղեցու դռնից կրակի լիսն ընկավ Աղասու աչքը. արինն աչքն առած՝ էլ միտք չարեց, թե էսպես տեղը, գողից, հարամուց ավելի ուրիշ օքմին չի՛ ըլիլ, թուշ կրակի վրա գնաց: Աստված հեռու տանի, ինչ նա տեսավ. տասը քուրդ եկեղեցու մեջտեղը կրակ էին արել, չորս կողմը նստել, խորոված էին անում, շամփըրներով բերանները քաշում, ուտում, խնդում ու աչքըները օյաղ որսկանի շան պես յա դուռը քցում, յա պուճախը: Հարամին ինչքան գազան էլ ըլի, շատ անգամ իր շվաքիցն էլ կվախենա: Ընչանք նրանք կրակի մոտիցը ձեռները աչքըներին կդնեին ու դռան ղարալթուն կտեսնեին, Աղասին յավաշ-յավաշ ներս մտավ, ծանր դեմքով, առանց բարով տալու կրակինմոտացավ ու ձեռը մեկնեց, որ մեկ խորովածի շամփուր էլ ինքը քաշի: Նրա դեղնած, մեռելի պատկերը, նրա անահ շարժմունքն ու էնպես անժամանակ վախտը ներս գալը որ չտեսան քրդերը, հենց իմացան, թե նա էն աշխարքիցն ա վեր էկել, լեզվըները չորացան, ձեռըները թուլացավ: Ի՞նչ կկարծեին, թե էն հադաղին ինսանաորդի մեն մենակ սիրտ կաներ էն ավազականոցը մտներ, որ ցերեկն էլ հարիր մարդ զարզանդում էին՝ մոտովն անց կենան, որ հազար տարուց ավելի՝ էր ինսանաորդի սիրտ չէր անում, որ գա, էն հազիր շինած տներումը կենա: Հենց գիտես, թե մարդիկ չըլին առաջին. աչքը խոժոռած՝ մեկ դես քցեց, մեկ դեն, քրդերեն էլ չգիտեր, որ մեկ բառ էլա խոսի, բայց է՛ս էր, որ նրան պրծացրուց, չունքի թե խոսացել էր, կիմանային, որ մարդ ա, դև չի՛, թիքա-թիքա կանեին. մեկ շամփուր խորովածի որը կերավ, որն էլ ետ կրակը քցեց, տաճարի հիանալի շինվածքին ու գեղեցկությանը մտիկ արեց ու գլուխը ժաժ տվեց. քրդերը փետացած՝ մնացել էին նստած. աչքը որ հանկարծ նրանց վրա չխոժոռեց, ամեն մեկը տեղնուտեղը ուզեցավ, որ հալչի. էնքան էսպես նրանց աչքը մոխիր ածեց, որ ընկերների ոտի շփլթուն իմացավ, ու շունը ուրախ-ուրախ ներս ընկավ, ոտներովը փաթաթվեցավ: Հենց շունը տեսան հարամիքը թե չէ, աչքըների փառը վեր ընկավ. ամեն մարդ թրին վրա վազեց, որ նրան փառչալամիշ անի. առաջի թուր վրա բերողի գլուխը կես էլավ. փշտովների երկուսն էլ իրանց ֆորսը ճարեցին, ու ղամեն ձեռն առած որ գոռաց ո՛չ՝

— Տղե՛րք, ձեր արևին ղուրբան, աստված մեր կողմն ա. դուռը կտրեցե՛ք, որ սրանց մատաղն էս գիշեր անե՛նք…

Հայի լեզուն որ բաց չէլավ, հենց բռնես, պատերը լեզու առան:

— Ամա՜ն, ձեր էկած հողին ղուրբա՛ն, ճար ունի՞ք, տեսե՛ք, մեզ ազատեցե՛ք, տնով-տեղով ձեզ եսիր կդառնա՛նք:

Տասը-տասնըհինգ քրդստանցի հայ էլ որ էս կողմից, էն կողմից գլուխ չի՛ բարձրացրին ու քրդերի մնացած թրերն ու մզրախները ձեռք առան, քրդերի աստղը թեքվեցավ. ութը կոտորվել էին, երկուսը մնացել յարալու ընկած: Սրանց էլ կապեցին մեկ ձիու բհրի վրա, ու աչքդ բարին տեսնի. ոչինչ սհաթի մարդի քաջությունը էն բարերարությունը չի՛ արել, ինչպես հիմիկ: Աղջիկ ասես, տղա, հարսը, երեխա, ծծկեր հազար չվանով կապած՝ տուն էին արել, Ղարսա գեղերիցը եսիր բերել, որ տանին յա սարդարին փեշքաշ անեն, յա Ախըլցխա ծախեն: Ո՞ւմ էսպես սհաթին մարդ կյանք տա, որ նրա առաջին ծունր չդնեն, երկրպագություն չանեն: Բայց հսկայն Աղասի ինքն էր ընկնում նրանց ճտովը. ինքը նրանց կապը ետ անում, ինքը երեխին ջոկ, մորը ջոկ սիրում, գուրգուրում, որ աստծուն փառք տան, սուրբ Սարգսին խունկ ու մոմ վառեն, թե չէ էս իր հունարը չէ՛ր: Ոչի՛նչ գիշեր էն լիսը, էն կյանքը չի՛ տեսել, չի՛ քաշել, ինչպես՝ էս: Ազատվողք թե ազատողք, իրար տեսնելիս, հենց իմանում էին, թե երկնքումն են ու ո՛չ երկրումս:

Փոքր-ինչ որ դինջացան. աչքդ բարին տեսնի: Քրդերի շորերն, ասպաբն, ձի ռախտը ու խուրջինները որ բաց չարին, հազար արնի գին կար միջըներումը, ամեն մեկի վրա հարիր թումանի զինքս, արծաթ ու ոսկի, թո՛ղ նաղդ փողը: Աղասին ո՛չ մեկին էլա մտիկ չարեց, ղրկեց, ձիանը բերել տվեց, ներս քաշեց ու քրդստանցի հայերին հարցրեց, որ իրան միամտացնեն, թե էն գիշերը կարո՞ղ են էնտեղ ռհաթ մնալ, թե ո՛չ:

— Աղա՛, գլխուդ, արևուդ ղուրբան, վալլախա, չընք գինա, թե էս շան լաջերիցն էլ կա՞ն, թե՞ չէ. ամա օյաղությունն աղեկ է: Սրանց չանգիցը շունը չի՛ խլսի, մարդն իմա՞լ կխլսի: Մգա աստծուն փառք, խազար էնպես ջանավար մեր առաջը գան, զէնոնց խերն անիծեմ, մեկ թուր տո՛ւր մեր ձեռը, մենք գինանք, թե իմա՞լ քո ճակատը պարզ կէնենք: Մեր ամեն մեկը, սուրբ Կարապետ գինա, էսոնց տասնին խավի պես կծալի, տակը կքաշի: Դու դարտ մի՛ արա: Ռահաթ պարկի, մեր երեսը ոդացդ հողն ըլի: Էսոնց քոքը կտրվի. քանց շուն շատ են, քանց գել՝ առավել: Թե մեզ կխարցնես, մենք էմլա խեյրաթ կտեսնինք, որ մեր կես պարկի, կես ղարավուլ քաշի: Էս ձորեր խանա լիքն են:

Հենց էս մասլըհաթին էին, մեկ էլ էն տեսան, որ ձիավորի ոտի ձեն ա գալիս: Արիասիրտն Աղասի միտք արեց, որ սրանք նրանց ընկերները պետք է ըլին, ական թոթափել, երեխա, օղլուշաղ ղրաղ քաշեց, հազար անգամ ձեռն էստուր<-էնտուր> բերնին դրեց, որ ձեն չհանեն, երկու քրդին էլ բերան, ձեռ, ոտք դհա ղայիմ կապեց ու մեկ իգիթ քրդստանցու՝ թուրը հանած, վրըները կաղնացրուց, մյուս քրդստանցոնցը կրակի չորս կողմը նստացրուց, որ կարծիք չընկնին, ու ինքը իր ռաշիդ տղերքանցովը եկեղեցու դռան աջ ու ձախ կողմը կտրեցին, թուրները հանած պատնըդուս ցցվեցին ու թշնամուն ճամփա տվին:
«Լո՛, լո՛…» ձեն տալով՝ քսանից ավելի ձիավոր ժամի դռանը վեր էկան, բալուր տվին մեկ-երկուսի ձեռքը, որ ման ածեն: Հայի երեխեքանց ու կնանոնց սուգ ու շիվանի ձենը որժամը չէ՛ր ընկնում, պատերն էլ սուգ էին անում. բայց խեղճերը չէին իմանում, թե ի՞նչ բարի հրեշտակ ա աստված նրանց համար ուղարկել: Հենց գյուռ արած, որ ղալմաղալանելով ներս չընկան, էլ չիմացան, թե մարդ ա, որ իրանց գլուխը կոտրում ա, դև կարծեցին կամ սուրբ. էլ թրի, մզրախի յա ղալխանի վախտ չէ՛ր: Քրդստանցի հայերը մաջալ էլ չտվին աջամի հայերին. շատին հենց կրակի շամփուրն կամ թերէրեցն էին բերանը կոխում, գլխին, դոշին քարով, փետով ծեծում, որ շուտ չմեռնին ու տանջվին: Էլի Աղասին էր, որ էս կատաղությանը չափ դրեց, սպանածներին դուս ածիլ տվեց, ու որը սաղ էին յա յարալու, ձեռ ու ոտք կապիլ տվեց ու ղրաղ քաշիլ տվեց:

— Աղա՛, մեր տուն քագող էսոնք են, էսոնց խոր տունը քագվի. էսոնք մեր ճիժը ու մանչ խատացրին. թո՛րկ, թո՛րկ, էսոնց սատանի կեր անենք, էսոնց խոր գաղտը գյոռբագյոռ ըլի:

Թո՛ղ կարդացողը ինքը միտք անի, թե էս գիշեր ի՞նչ գիշեր կըլեր էս ջրատար եսրների համար, որ ամեն մեկ ոտք փոխելիս՝ իրանց մահն էին տեսել, իրանց մահին էին սպասում, թե ի՞նչ սրտով նրանք աղոթք կանեին, ի՞նչ հոգով իրար կնայեին ու աստծուն փառք կտային: Հենց էն կոտորելու ժամանակին էր Աղասին դուս թռել, էն դռան երկու քրդի մընին էլ սպանել, մյուսը փախցըրել, ու խեղճ հայի էրեխեքանց աչքերի ու ձեռների կապը իրան ձեռովն ետ արել, իրան ուսին ներս տարել: Զարմացած, մահի դուռը գնացած ու ետ եկած հայերը որ աչքըները բաց չարին, իրանց ազատողին տեսան, ուզում էին ոտներն արտասնքով լվանան, բայց համեստ պատանին հենց էն էր խնդրում, թե աստծուն փառք տան, սուրբ Սարգսի անունն հիշեն: Տեսնելով, որ քրդստանցիք սուրբ Կարապետին ավելի են ճանաչում, ասեց.

— Թո՛ղ էդպես ըլի, սուրբ Կարապետին հիշեցե՛ք: Սրբերը չե՛ն խռովիլ յա նախանձ պահիլ: Ո՞վ ըլի՝ նրա զորությունն ու բարեխոսությունն շատ ա:

Աղասու սիրտը վկայում էր, թե էն գիշերը էլ փորձանք չի կա. բոլորին էլ խնդրեց, որ չոքին, աղոթք անեն: Նրանց բախտիցը՝ եսրների միջումը տերտեր էլ կար, տիրացու էլ: Սրանք սկսեցին առավոտվան ժամը, ու Անի քաղաքը, հազար տարուց ավելի, որ ո՛չ ժամ էր տեսել, ո՛չ աղոթքի ձեն լսել, էս գիշեր հենց իմացավ, թե իրան երևելի, շքեղ թագավորազունքը կրկին վեր են կացել, իրա հողն օրհնում, իրա ջուրն գովաբանում, որ հայ ազգը էլ չհավատա, թե իրան աստված էնպես ա անիծել, որ էլ մարդ չի՛ կարող նրա միջումը կենալ: Ո՛չ երկիրը քանդվեցավ, ո՛չ երկինքը փուլ էկավ: Քրդստանցիք իրանք էլ էին մնացել զարմացած, թե էն ի՞նչ անճոռնի ասություն պետք է ըլեր, որ մինչև էն օրը սրտըներումը հաստատ տպավորել էին:
Առավոտը որ լուսացավ, Աղասու աչքը մնացել էր սառած: Չէ՛ր իմանում՝ աչքին հավատա, թե ո՛չ: Եկեղեցի, պարիսպ, բերդ, մինարեթ՝ էնքա՛ն նոր, էնքա՛ն պայծառաշեն ու անբնակ: Կարդալ չէ՛ր գիտում, որ միտքը բերի, թե էս ի՞նչ քաղաք պետք է ըլի. տերտերին որ չի՛ կանչեց ու պատմությունն իմացավ, խելքը գլխիցը թռավ.
— Վա՜յ իմ օրին, արևին. մեր ազգն էսպես քաղաքներ ա ունեցել, էսպես մեծություն ու հմիկ ամենն էլ կորցրել, հարամու ձեռին գերի ա մնացել,—ասեց հսկայն լալով:— Չէ՛, տեր հա՛յր, մեզ աստված ա բերել էստեղ. աստված մեր թրին, մեր կռանը ղվաթ տվե՛ց, որ մեկ գիշեր էսքան բաներ արինք. էն աստվածն էլ էնքան կարողություն ունի, որ մեզ միշտ հաջողի. հարամություն հո չե՞նք անում, որ նա բարկանա, հարամու ոտն ենք կտրում, աստուծո ստեղծվածը ազատում: Մնանք էս սուրբ հողումը, մեր սուրբ թագավորաց գերեզմանը, մեր սուրբ եկեղեցիքը ազատենք գողի, ավազակի ոտքից: Հարըրից ավել ենք հիմիկ: Ի՛նչ ձեռք ենք քցել, ձեզ ըլի: Մնա՜նք էստեղ. յա մենք էլ մեր արինը մեր սուրբ թագավորաց հողի վրա թափենք, յա քիչ-քիչ նրանց քաղաքն էլ ետ պայծառացնենք: Տուն կա, ջուրը՝ բոլ, հանդը, դաշտը՝ մեծ, մեկի տեղակ հինգ զարմանալի եկեղեցիք. Քարի տակիցը ռզղ կհանեմ, ձեզ կպահեմ:

Բայց՝ թե քարին ասած, թե մեր քրդստանցի հայերին: Կռվում, ղորդ ա, ամեն մեկը մեկ աժդահա, բայց ինչ գրումը գրած ա, նրա շլինքը տո՛ւր, նրան ուրիշ բան մի՛ ասիլ: Մեռնիս էլ, նա իր ասածը կանի, էնքան կողքը հաստ ա:

— Իմա՞լ կեղնի, անիծած խողում վո՞վ կմնա՜: Հայսմավուրքն սուտ իմա՞լ կխոսի: Մեր վիզը զարկես, մեր ջանը խանես, վալլախա, էս չոլում կեցող հմլա մեկն էլա չեղնի, չեղնի: Խազար տարի խա ասա՛, խա գլուխդ ի քարին զարկի: Մենք չընք կենա, չընք գինա: Ինչ կասես՝ ասա՛: Մենք մեր խողը չընք թողա:

— Չե՛ք թողալ, աստված ձեզ հետ: Մեր աստղը մեկ անգամ ծռվել ա:

Մարդ ինքն իր գլուխը որ թրի տակը դնի, էլ ո՞ւմ բանն ա կտրվել նրան քոմակ անի: Էսպես արինք, որ մեր տունը քանդվեց, է՜: Գնացե՛ք աստված բարի ճանապարհ տա ու ձեր սիրտը մեկ լիս քցի, որ ձեր խերն ու շառն իմանաք: Ես իմ տղերքանցովն էս տեղանց էլ դուս գալու չե՛մ: Թե ձեզանից էլ ուզող կըլի, որ ինձ հետ միանա, իմ ախպերն ա, իմ աչքի լիսը: Մեկ թիքա ունենամ, կեսը նրան կտամ. ինձ համար աշխարքն յա ըլի, յա չըլի:
Ասեց ու հրամայեց, որ ինչ ճարել են, հավասար ճոթ անեն: Ինքը մատն էլա մի բանի վրա չդրեց, բայց թուր ու ասպաբ հրամայեց, որ վերցնեն, բոլոր ընկերներին մեկ-մեկ ձեռք քրդի շոր հաքցրեց, որ շուտով չճանաչեն. ամեն մեկին մեկ ձի էլ բաշխեց: Էս որ տեսան, քսանից ավելի ջահիլ, կտրիճ տղերք կանգնեցին, խնդրեցին, որ իրանց էլ ընկեր շինի. նրանց էլ գլխին հավաքեց, սրբություն առավ ու մյուսներին լալով խելիմ տեղ էլ տարավ, ճամփու քցեց ու ինքը իր ընկերտանցովը ետ դառավ, փոքր հաց կերան, պարիսպ, եկեղեցի բոլոր իսկույն ման էկավ, ու հարավային քարափի գլխի բուրջը իստակել տվեց, մեկ-երկու հոգի Շորագյալ ուղարկեց, որ գնան, հաց առնեն, ու ինքը՝ սիրտն ու թոքն էրված պատանին, ընկավ քաղաքի ամեն ճամփեն ու խոռը, ամեն քունջն ու պուճախն աչքի տակ առավ, տեղի ղայիմությունը ու վտանգավոր կողմը լավ վարավուրդ արեց ու բեզարած, ջարդված էլ ետ վեր էլավ, ձորիցը դուս էկավ, ղրաղ քաշվեց, մեկ բրջի վրա նստեց, Արփաչային ու արեգակի մտնելուն նայեց, աղլուխը ձեռն առավ ու էս բայաթին ասեց.

Ա՜խ, վաթան, վաթան, քու հողին ղուրբան,
Քո ծխին ղուրբան, քո ջրին ղուրբան.
Է՞ս փառքն ունեիր, է՞ս պատիվն առաջ,
Որ հմիկ ավերվել, մնացել ես անջան:

Ե՞րբ միտք կանեի, թե էս հողերը,
էս դաշտն ու սարեր, էս սուրբ ձորերը
Էնպես մեծություն, էնպես լավ օրեր
Քաշել են, մնացել, ա՜խ, հիմիկ անտեր:

Ո՞ւր ձեր տերերը, թագավորները,
Ձեր պահողները, ձեր իշխանները.
Ընչի՞ մեզ թողին իրանց որբերը
Ու ձեռք վերցրին, թողին էս քարերը:

Ձեր գերեզմանը, ա՜խ, ձեր լիս հողը,
Որ հմիկ չի տեսնում ձեր կորած թոռը,
Կրակ է ընկնում ջանն ու ոսկերքը,
Ուզում ա ձեզ հետ պարզի իր ոտքը:

Ընչի՞ ձեր վախտը աչքս բաց չարի,
Մարմինս հողին, ջանս ձեզ չտվի,
Որ հմիկ էսպես չթռչեի, չգայի,
Ձեր հողը չտեսնեի, ձեր վրա չլայի:

Հող ունինք՝ խլած, կյանք ունինք՝ մեռած,
Ա՜խ, թրի, կրակի մենք եսիր դառած.
Ո՛չ երկինքն տեսնի մեր սուգն ու լացն,
Ո՛չ երկիրն պատռվի, մեզ տանի ցած:

Ի՞նչ կըլի մեկ էլ գլուխ բարձրացնեք,
Ձեր որդիքը տեսնեք, նրանց ցավը քաշեք,
Ձեր արինախառն աշխարհն ազատեք,
Յա մեզ էլ ձեզ հետ հողը տանիք, պահեք:

Աչքս բաց արի, խարաբա տեսա.
Ա՜խ, ո՞վ գիտեր, թե մեր ազգի վրա
Սարեր են էլել, հիմիկ բրիշակ,
Մեզ տակով չարել, որ էլ խեղճ չմնանք:

Ա՜խ, մեր սիրտն էսպես ընչի՞ հովացել,
Արինը ցամաքել, մեր կուռը թուլացել.
Երաբ կտեսնի՞մ, ա՜խ, ես մեկ օր էլ,
Մեր սուրբ երկիրը թշնամուցն ազատիլ:

Էն ի՞նչ շունչ կըլի, որ էս նոր հոգին
Փչի՛, վեր կացնի ք՛նից մեր ազգին.
Էն ի՞նչ ձեռք կըլի, որ մեր աշխարքին
Էլ ետ սիրտ տա ու կանգնացնի՛ կրկին:

Ա՜խ, ես էն ձեռին կյանքս ղուրբան կանեմ,
Էն կոխած հողին երեսս կքսեմ.
Ապրիմ, իմ արինս նրան մատաղ կանեմ,
Մեռնիմ, հողիցն էլ ես նրան միշտ կօրհնեմ:

Կանգնել ես էդպես, գլուխդ ամպին խփած՝
Ա՜յ խեղճ հալևոր, երեսդ փակած.
Ի՞նչ կըլեր, Մասի՛ս, ա՜խ, դեռ աչքդ բաց
Սրի չտայիր քո որդիքն էրված:
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top