Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Գլուխ երրորդ

Գլուխ երրորդ


13

Բայց ա՜խ, սիրելի կարդացող, մի հարցնես, թե ախր էսքան բանը որ անց կացավ, ո՞ւր մնաց մեր ջրատար, սիրտը փորումը մեռած Աղասին, որ չի՛ գալիս՝ իր մուրազն առնի, իր մահվան դուռն ընկած խեղճ հորն ազատի, նրա օրհնությունն առնի, թողություն խնդրի, որ էնքան նեղությունն ու տանջանքը իր խաթեր էր քաշել, հինգ տարի բանտումը չորացել, ցամաքել, հազար անգամ գերեզմանի դուռը գնացել, ետ եկել, որ իր որդուն տեսնի, փափագն առնի, էնպես հողը մտնի, որ սրտումն էլ դարդ չմնա, գերեզմանն իր համար դժոխք չդառնա:

Բերդի մեջն ու չորս կողմը, որ ասեղ քցեիր, գետնին չէ՛ր հասնիլ. աշխարքը իրարոցով էր դիպել: Աչք էր, որ խնդում էր ու լալիս. բերան էր, որ գովում էր ու օրհնություն տալիս. ազգական, բարեկամք էին, որ իրար փաթութված՝ մնացել էին փետացած: Լեզվի տեղակ արտասունքն էին նրանց էրված սիրտը հովացնում: Սար ու ձոր խնդացին, բաղ-բաղաստան ցնծացին, որ իրանց տերերն էլ ետ ճամփու էին ուզում ընկնիլ, որ գնան, նրանց զվարթացնեն: Բերդի դռներն ու քուչեքը դրմբում էին ոտի ու ուրախությունի ձենիցը: Ռսի ղարավուլները ամեն տեղ բռնեցին. խալխը քիչ-քիչ սկսել էր, որ քաշվի, բայց որտեղ որ Հասան խանի խերիցը քոռացրած, քոթրոմացրած, ոտից-ձեռից ընկած անդամալույծ կար, էկել, բերդի դուռը բռնել էին, որ իրանը սև օրին մեկ լիս, մեկ ողորմություն, մեկ դինջություն գտնեն:

Էս միջոցին էր, որ Ներսես սրբազանը Սահակ աղի ձեռիցը բռնած՝ ընկել էր բրջերի, բադանների գլուխն ու հենց գիտեր, թե երկնքիցն ա Երևանու դաշտին մտիկ տալիս, նոր ըլի դրախտը նրա աչքի առաջին բաց էլել, նոր ըլի ջրհեղեղը դադարել, նոր ըլի որդին միածին վեր էկել, որ իր արդար, սիրելի հայոց ազգին փրկություն բերի: Անց կացած ժամանակները երազի պես էին նրա աչքի առաջին կանգնել: Չէ՛ր իմանում, թե Երևա՞ն ա տեսածը, թե՞ Թիֆլիզ: Է՛ն պուճախներումը, է՛ն ձորերումն ու բաղերումը, որ սև ղզլբաշի երեսի էր նրա աչքը սովորել, ռուս էր տեսնում ցրված, նստած. ո՞վ չէր տեսածը երազ համարիլ յա հրաշք:
Էս մտածմանց մեջը խրված՝ էն թանձր ունքերի տակիցը իր հոգելից աչքը Զանգվի վրա էր քցել ու մնացել վերացած, գավազանի վրա թինկը տված, որ մեկ քաղցր ձեն ետևիցը որ «Հա՛յր սուրբ ջան» չասեց ու ձեռն առաջ դոշին, հետո երեսին չկպցրեց, քաջաջան հովվապետը մնաց ուշագնաց:

— Հա՛յր սուրբ ջան, սրբազան տե՛ր. ա՜խ, էս ի՞նչ օր ա,— մեկ ձեն էլ մյուս կողմիցն էկավ ու մյուս ձեռը բերան ընկավ:

— Սմբատով ջան, Երուսալեմսկի ջան, ո՛րդիք. թաղեցե՛ք ինձ այսուհետև ձեր ձեռովը: Թե որ մեկ քանի օր էլ աստված ինձ կյանք պետք է տա, թո՛ղ էնդուր համար տա, որ էս էրված սրտիս մուրազը կատարեմ, մեր խեղճ, ցրվյալ ազգը էլ ետ իրանց աշխարհը բերեմ, էս մեկ բանն էլ թո՛ղ էս կարոտ աչքս տեսնի, հետո, ա՜խ, հետո Հայաստանի սուրբ հողի տակը մտնիմ: Խնդրեցե՛ք, խնդացե՛ք, խնդացե՛ք, խնդրեցե՛ք, ո՛րդիք ջան, որ ձեր ծերունի հոր էս մեկ խնդիրն էլ աստված լսի, էլ ուրիշ բան չե՛մ ուզում: Հայաստա՛ն, Հայաստա՛ն, տո՛ւր ինձ քո սիրտը, տու՛ր ինձ գերեզման: Էլ որ նոր ազգեր թե գան ու երթան, ա՜խ, չի մոռանաս քո սև, դառն օրվան նեղությունն, տանջանքն. կա՛ց ու զգաստացի՛ր, քո խեղճ որդոցը սիրով պահպանի՛ր, էլ քո զավակը գերի մի՛ քցիր: Սուրբ հողդ իմ երեսս, ընտի՛ր Հայաստան, աթոռ աստուծո, տուն Արշակունյան: Ախր ո՞րտեղանց որտեղ թռաք, էկաք, սիրելի ո՛րդիք, որ ձեր Հայրենիքը տեսնիք,— վերջապես հարցրեց սրբազանը զարմացած՝ աչքերը սրբելով ու էս ազնիվ հայկազանց գլուխը դոշին կպցնելով,— ախր մի ասեցե՛ք, որ դինջանամ. ձեր կարոտն էի քաշում, ձե՛զ էի ուզում, ձե՛զ որ էս սհաթին իմ սիրտն իմանաք, իմ ուրախությանը մասնակից ըլիք, ո՛րդիք ջան, հայոց ազգի բարի շառավիղք: Էդ ո՞ր աստվածը իմ մեղավոր սրտի խոհուրդն իմացավ ու ձեզ ինձ մոտ բերեց:

— Մենք էլ հենց է՛դ մտքովն ու մուրազովը տուն ու տեղ թողինք, իրեք գիշեր ա, չենք քնել, սար ու ձոր ոտնատակ տվինք, որ մի գանք, էս սհաթին ձեզ տեսնինք, քո ուրախությունն ու օրհնությունն առնինք, մեր Հայրենյաց ազատությունը տեսնինք, մեր կարոտ աչքը մի կշտանա, ու էլ հենց էս սհաթին պետք է ետ դառնանք, որ կուսակալը մեր գալը չիմա:

— Հա՛յ անիրավս ձեզ, է՞տուր համար եք էդպես չերքեզի շորերում կուչ էկել, որ մարդ ձեզ չճանաչի՞. շատ լա՛վ, հանաքն հո էդպես չե՛ն անիլ. դուք ձեր խաղն եք խաղացել ձեր ջահել տեղովը, ես էլ իմը կխաղամ էս ծեր տեղովս, տեսնինք՝ ո՞րս կհաղթենք: Ձեզ բանտ պետք է քցած, որ մի քիչ քիթըներդ տրորվի, իմանաք, թե Հայրենյաց համար էդքան նեղություն քաշողը, էդքան ճամփա էկողը ու իր ղուլլուղից ձեռք վերցնողը՝ թուր էլ որ դեմ անեն սրտին, կրակ էլ որ ածեն գլխին, պետք է երեսը ետ չի՛ թեքի: Դուք էսքան տեղն անահ, աներկյուղ անց եք կացել, ոտի տակ տվել, որ մարդ են ուտում, հիմիկ սիրտ չե՛ք անում, որ կուսակալի առաջը գա՞ք: Տո՛, Հայաստանու փրկիչը որ ձեր էդ ազնվական գործն իմանա, հասկանա, թե դուք ձեր աշխարքի ու ազգի ազատության հանդեսը էկել եք, որ տեսնիք, ձեր ձենն էլ նրանց ձենի հետ խառնեք, ձեր ազնիվ սիրտն էլ նրանց սրտի հետ միացնեք, էն էլ է՛ս հրաշալի, է՛ս արժանահիշատակ ժամանակին, ձեզ սիրելու, ձեզ գրկելու խաթեր ձեզ վրա պետք է բարկանա՞: Էն ի՞նչ սիրտ պետք է ըլի, որ տեսնի՝ մեկ որդի սարեսար ա ընկել, գլուխը մահու տվել, որ իր ծնողին նեղությունից պրծած տեսնի, ինքն էլ ջանը ետ դնի, ինքն էլ հետը ուրախանա ու, մահապարտ էլ որ ըլի որդին, նրան թողություն չտա՞: Ձեզ պես որդիք շա՜տ ունենամ, շա՜տ. էկե՛ք, էկե՛ք, ձեր երեսին մեռնիմ, ձեր էդ ազնիվ աչքերին ղուրբան, իմ սիրուն պահած որդիք, էկե՛ք, ձեր էդ մաքուր ճակատը մեկ էլ համբուրեմ, մեկ էլ ձեր էդ սիրուն երեսը դոշիս կպցնեմ, հետո ձեր շունչն իմ վզին: Կուսակալը թե խոսք ունի, առաջ ինձ ասի: Դուք է՛ն օրինակն եք ցույց տվել, որ մեկ որդի Սիբիրից ոտով գնացել ա Մոսկով, որ իր հորն ազատի, ձեզ ո՞վ կարա ղնամիշ անիլ: Հայոց ղոնշունն էլ, է՛ն ա, հա՛, հազրել եմ. քիչ-քիչ սովորում են կռվելու կերպը: Մելի՛ք, էսպես զավակներ որ թագավորն էլ ունենա, չի՞ ուրախանալ: Հայոց ազգը էս՛պես որդոց ա կարոտ, է՛սպես. ի՞նչ կըլի, որ սրանց նման մեկ հարիրն էլ ըլին: Հլա մտիկ տո՛ւր սրանց բոյին, սրանց պատկերին, սրանց լեզվին, սրանց աննման աչքերին. աստծուն հայտնի ա, ուզում եմ, թե էս սհաթը հոգիս հանեմ, սրանց տամ: Օրհնվի՛ էն արգանդը, որ էսպես զավակներ կբերի: Ամեն մեկը, էնպես գիտես, թե թագավորազունք ըլին: Ձեզ ստեղծող աստծուն զո՛հ ըլիմ, զո՛հ. ինձ պետք է թաղեք, որ հետո վրըներովդ դուշ անց կենա: Ձեր Հայրենիքն էիք ուզում, էս էլ ձեր Հայրենիքը: Ես էլ գիտեմ, որ չոր, հալևոր սևագլխի խաթեր էդքան ինջըմիշ չէիք ըլիլ: Ինձ սիրեք, չսիրեք, ձեր ազգն ու աշխարհը որ էդքան սիրում եք, հենց գիտեմ, թե Գաբրիել ու Միքայել հրեշտակն եք ինձ համար, որ մեր Լուսավորիչ պապին Խոր Վիրապումը մխիթարում էին: Գնա՛նք, իմ հոգուս ճրագներ, գնա՛նք, ուշացանք, կուսակալը ինձ կըլի մնում. հլա բերդը նոր ենք առել, ո՞վ ա խաբար, թե ի՞նչ դուս կգա: Խալխի հոգսը պետք է քաշենք. բանտ ու զընդան լիքն են մեր անմեղ զավակներովը, նրանց ախր հանիլ, ազատություն ու տերություն կուզի, ո՞վ ա խաբար, թե ղրաղ-պուճախում դեռ ի՞նչ բաներ անց կկենա. չունքի ղզլբաշը, ղորդ ա, կոտրվել ա, ամա դեռ ոխն ու քենը սրտումը մխում կըլի, որ էրեկ իրանք էին Երևանու տերը, մեր ազգի գլուխը, էսօր մեր ոտն ա նրանց գլխին, մեր խաչին պտի հնազանդին ու երկրպագություն տան: Գնա՛նք:
Էս խոսքը բերնիցը դուս գալը ու մեկ ողբալի ձեն հենց էն վրեն կանգնած բրջի տակիցը վեր ըլիլը մեկ էլավ.

— Հա՛յր սրբազան, գլխիդ ղուրբան, հասի՛ր. մեկ հայ աֆիցերի սպանեցին իր հոր հետ. ճար ունիս, տե՛ս:

Բրջի դռանը մարդ չէ՛ր երեում. որ մի քիչ կռացան, մտիկ չարին, գլխըներին կրակ վառվեց, բերդը մեկ գազ էլ խոր գնաց, չունքի տեսան, որ էն մարդը փանջարիցն ա գլուխը հանել ու ձեն տալիս:

Ա՜խ, սի՛րելի կարդացող, էլ ի՞նչ երկարացնեմ էս սարսափելի պատմությունը: Կըլի, որ քո սիրտն էլ քեզ ասեց, որ էս հադաղին ի՞նչ աֆիցեր պետք էր էնպես դժոխք մտնիլ, որ գլուխը մահու տա, եթե ո՛չ մեր ջիվա՛ն Աղասին, որ հինգ տարի սար ու ձորի, գազան, հարամու գլուխը չի՛ տվեց, պահե՛ց, էն բաներն արեց, որ աշխարքումը քիչ ադամաորդի արած կըլի, վերջը Գրասովսկիյ գեներալի հետ թռավ իր ցանկալի վաթանը, որ իր ջրատար հոր հետին շնչին հասնի, ու հենց բերդն առան թե չէ, նա, մերը կորցրած գառան պես, էլ չի՛ համբերեց, որ ոտքը մի քիչ խաղաղվի, ընկավ բրջե-բուրջ ու որ հոր անունը չհարցրեց, մեկ երևանցի հայ առաջն ընկավ, տարավ նրան էն բրջի դուռը, որտեղ որ նրա տարաբախտ հերը, մեկ քանի հայերի հետ, բռնված էր: Բայց անիրավ պարսիկքը վաղուց էին իմացել նրա՝ ղոնշունի հետ գալը, ու նրա սպանածների հեր, ախպեր, ազգական՝ մինչև տասը մարդ, գնացել, էն բրջումը տափ էին կացել:

Ա՜խ, էլ ի՞նչ գրեմ, ձեռս թուլանում ա, սիրտս արին կաթում… Ա՜խ, բաս Աղասու սուգն ո՞վ անի, նրա ջիվան ումբրն ու օրը ո՞վ լաց ըլի: Ե՛ս, ես, ողորմելիս, նրա գերեզմանին ղուրբան… Ա՜խ, բաս նա, որ ինձ էնքան էրեխա ժամանակս իր ծնկա վրա խաղացրել ու ինձանով մխիթարվել ա, բաս ես քա՞ր պտի ըլիմ, որ նրա սուգը չանեմ: Բաս սիրտս կհամբերի՞, որ էսօր չուզենամ էնպես հսկա, էնպես ազնի՛վ, քաջ երիտասարդի վրա հոգիս տամ: Բայց չէ՛, ես ի՞նչ եմ, որ Աղասու սուգն անեմ, իմ բերանն ի՞նչ ա, որ լսողի սիրտ շարժի, էրի, խորովի: Նրա սուգ անողը հետո կգա, ես իմ դառը պատմությունն անեմ:

Իրեք թուրք ջոկ էին ընկել բրջի մեկ ղրաղումը, մյուսները փախել. ա՜խ, լե՛զու, լռվիս, ի՞նչ կըլի: Աղասին, հրեշտակ Աղասին. երկու խանչալ սրտումը ցցված, իրեքը քամակումը, ու ոտ ու ձեռ հազար տեղ յարալու-փարալու՝ իր ողորմելի հոր դոշին, արինը ծովի պես չորս կողմը բռնած, որ սրբազանը վրա հասավ: Աջու ձեռը որ չէր տարել, որ հոր գլուխը, էն ձնի պես սպիտակ մազերը, մեկ խտտի, մեկ դոշին կպցնի, որ էնքան տարվան էրված սրտի մուրազն մի առնի, հովանա, հենց տեղնուտեղը ուսըվեր էին բերել, ու կտրած ձեռը մնացել էր հոր գլխատակին, երեսը՝ երեսին, ու ձախու ձեռն՝ էնպես փետացած, դոշի վրա ընկած:

— Վա՜յ, աչքս դուս գա, ա՜յ իմ ազգի ազիզ որդի. վա՜յ, մեր ճամփեն փուշ դառնար, ա՜յ ջիվան, ա՜յ մեր ախպեր, հայի զավակ. վայ մեր օրին ու արևին, Երևանա ճրագ, իմ պահած-մեծացրած, սիրուն Աղասի, քո արինն է՞ստեղ պտի թափե՛ր,— ասացին էս ազգասեր հոգիքն ու աղլխներն աչքներին դրած՝ ամեն մեկը մեկ ղրաղ քաշվեցին, չորացան, թուլացան, երկինքը գնացին, քարացած մնացին, ու էլ որ մեկն ու մեկը հանկարծ աչքը կամ հոր երեսին՝ էն լիս դառած պատկերին, յա տղի կտրատած ջանին՝ էն արնաթաթախ մարմնին, չէ՛ր քցում ու սիրտը բերնովը դուս բերելով՝ բիրդանբիր ձեն տալիս ու գոռում.

— Հլա մի մտիկ արե՛ք, տեսե՛ք, հորն ի՞նչպես ա խտտել: Տո՛, էն ծերին նայեցե՛ք, տեսե՛ք, աչքը ի՞նչպես ա որդու երեսը քցել ու երկու ձեռով ճակատին խփում:

Սի՛րտ, տրաքի՛, սի՛րտ. էլ չեմ կարում տանիլ. ո՛վ ջիգյար ունի, ինքն իմանա, մնացածը էգուց կգրեմ:
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top