Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Գլուխ երրորդ

Գլուխ երրորդ


2
Էս խառը, դառը, ալեկոծյալ ժամանակին էր, որ մեր իգիթ Աղասին հինգ տարի սարեսար, քարեքար ընկած, հինգ ընկերիցը իրեքը կորցրած, երկուսը քամակին, մեկի անունը Կարո, մյուսինը՝ Մուսա, մեկ տասը-քսան

քրդստանցի հայ էլ իր թրի տակը բերել, սար ու ձոր չափելով՝ ման էր գալիս: Մեկ օր Անի էր ըլում, մեկ օր՝ Ղոշավանք, ու էստեղ-էնտեղ չափմիշ անելով՝ գլուխը պահում էր, որ յա իր ջիգրը հանի, յա մեկ հազար մարդ էլա սպանի, հետո հողը մտնի, որ սրտումը դարդ չըմնա: Ավելի Անի էր նրա բնակության տեղը, որտեղ որ հարիրավոր ղզլբաշի գլուխ էր թրին մատաղ արել: Էստեղից էր, որ վրա հասավ ու իր չար թշնամի Հասան խանին ճանկեց, ամա ջահելությունն ու խաչապաշտությունը նրան գլխից հանեցին, նա խաբվեց ու հազիր ձեռն ընկած ֆորսը էլ ետ բաց թողեց:
Մեր կարդացողների լավ մտքին կըլի, որ նա, երբ Քանաքեռ սարդարի ֆառաշներին սպանեց, ինքն էլ էնպես մնաց ազիզ թագուհու ու իր արածի վրա սառած, կանգնած: Ընկերներն էլ Ժամանակ չկորցրին. գիտեին, որ բոլորի վերջը մահն է, էլ ո՛չ հոր մտիկ արին, ո՛չ մոր, Աղասուն կապեցին ձիու վրա ու ընկան Ապարանու սարը, որ կամ Փամբակ փախչին, կամ Ղարս, կամ Ախլցխա, որ իրանց գլուխը թափեն: Էրկու սհաթից ետը ի՞նչ Քանաքռու հալն էր, աստված ո՛չ նշանց տա: Սուգ ու շիվանն ընկավ գեղը. տուն էր, որ քանդում էին. մարդ էր, որ փետ ու միս էին արել, փախածներին պտրտում. նրանց հերնըմերը, օղլուշաղը թրի տակ արած՝ մեկ սհաթի միջումն որի շլինքը թոկ քցած, որի ձեռները ետևին կապած՝ ոչխարի պես առաջ արին, որ տանին սարդարի դուռը:

Որդի էր առաջները գալիս, որ հոր ճտովն ընկնի ու իր վերջին բարովն առնի. աղջիկ էր մոր դոշին ընկնում, որ հոգին տա. հարսն էր մեջ ընկնում, փեսա էր ոտնըներովը փաթաթվում. որին թրով էին յարալու անում, որին թվանքի ոռքով ջարդում: Քար էր ընկնում ձեռըները, վրըներն էին քցում. փետ էր պատահում, գլխըներին խփում: Շատին էլ տան սներիցը կապել, էնպես էին չիփ-չիփլախ ոտին, գլխին վեր հատում, որ մեկ ձենը երկինքն էր հասել, մեկը՝ գետինը: Սաղ գեղը պոկ էր էկել. որը գլխաբաց, որը բոպիկ ոտով, որը յարալու, որը կուռը կոտրած՝ արնաթաթախ, երեսը պռճոկելով, գլխին, դոշին տալով. որը ջուրն էր ուզում ընկնի, որը քարափնըվեր: Քեդխուդեքն էլ հո, ձեռ-ձեռի կապած, էնքան ոտի, թվանքի տակ էին ընկել, որ ջանըներումն էլ սաղ տեղ չկար:

Էս հալին մտան Երևան. գնացին բերդը: Կնանոնցը քարով, փետով դեն արին, մարդկերանցը ներս քաշեցին, ու անկուշտ Երևանի բերդը ատամները սրեց, որ էս նոր էկած ղոնաղներին էլ փորումը լավ տեղ տա, մարսի: Երկար վախտ դեռ նրանց ձենը բերդիցը, կնանոնցը՝ դրսիցը, իրար էին հասնում, իրար գլուխ լալիս, մինչև քամին բոլորի ձենն էլ կտրեց,— աշխարքը դինջացավ, դահիճքը կատաղեցին:

Էս միջոցին խաբար հասավ Սահակ աղին: Էս Երևանու հայերի փրկիչը, որ ազգով, պապով էնքան հոգի, տուն ազատել էին բանտից, մահից, սրից, թրից, որ թիվ ու համար չկա: Ձին թամքած՝ տանը հազիր էր. թռավ ձիու քամակը ու նոքար, բեքար առաջն արած՝ է՛ն սհաթին հասավ բերդի դուռը, որ կնիկ, օղլուշաղ, քար, հող ուզում էին պոկեն, գլխըներին տան, բայց քարն էնքան անիրավ չէր, որքան անաստված ֆառաշները: Ձին որ չքշեց մեկի վրա ու ղամշով գլխին տրաքացրեց, տասը տեղ գունդ ու կծիկ անելով՝ մնաց քամակի վրա ընկած:

— Հենց է՛ս սհաթին փորդ վեր կածեմ,— ասեց,— սա՛տկած շուն, քո ի՞նչ հադդն ա կնիկարմատի ձեռ վրա բերես: Կապեցե՛ք էդ շներին, հենց էս սհաթին դրանց թոզը քամուն տալ տամ, դրանց սոյին նա՛լլաթ:

Էս խոսքի վրա նոքարները էլ վախտ չի՛ կորցրին, վրա թափեցին ու հենց, էն ա, էստեղ-էնտեղ շատին բողմիշ արել, ուզում էին ոտ ու ձեռ կապեն, որ բիրդան Սվանղուլի խանը բերդիցը դուս էկավ: Թուրքերի միջին, կարելի է, մեկն էլա էնքան հայի թասիբը չէր քաշում, ինչքան էս օրհնած խանը: Նրան էլ որ էն դհիցը դուս գալիս չտեսան, թուրք, հայ մնացին փետացած, կանգնած: Բայց ո՞վ էր կարող էս հադաղին էն նաչար, ջրատար եսըրների օղլուշաղի ձեռ ու ոտ կապիլ: Հարայ տվին ու ընկան ձիու ոտը.

— Խա՛ն, գլխովդ ման տանք, ոտիդ հո՛ղ դառնանք, մեր ձեռն ա, քո՝ փեշ. վերևումն՝ աստված, ներքևումը՝ դու. մեզ տա՛ր, ջուրն ածի՛ր, մեզ էստեղ սպանի՛ր, սուրը քաշի՛ր, ձիուդ ոտի տակին մատաղ արա՛, մեզ մի ճար արա՛:

Բարեսիրտ խանը ձին ետ քաշեց, ֆառաշներին ղամշելով դեն արեց, որին իսկույն վեր քցիլ, բերանը հող ածիլ տվեց, որի ատամներն ու գլուխը մաշկի նալչով լավ տրորիլ տվեց, մյուսներին էլ բերդն արեց ու ինքը աղլուխը աչքին դրած՝ սկսեց ձեռը մելիք Սհակի գոտիկը քցիլ ու ասիլ.

— Ա՜խ, ճամփեն փուշ ու տատասկ դառնար էս անիծած ղաջարի, որ մեր հողը չմտներ: Աշխարքը քանդեցին, աստված մեկ քար էլա չի՛ քցում սրանց գլխին, որ սատկին, փչանան: Էս ի՞նչ ա էս խեղճ խալխի հալը: Մեկ աղջկա խաթեր էսքան տուն քանդիլն աստված ի՞նչպես ա ղաբուլ անում: Աստված մեր թուրը մեկ օր մեր սիրտը կցցի, էս զուլումին քարը չի՛ դիմանալ, ո՞ւր մնա մարդը: Գնա՛նք, Մա՛լիք, գնա՛նք, կես սհաթ որ ետի վրա հասնինք, էն խեղճ բռնվածների տունը կքանդեն՝ յա աչքները կհանեն, յա գլխըները կկտրեն: Աֆա՛րիմ, Ա՛ղասի. էս սհաթին էստեղ ըլի, աչքին պաչ կանեմ: Ռաշիդ տղեն էնպես կըլի, ամա ի՞նչ անես, որ անօրենի ձեռի ենք մնացել: Գնա՛նք, վախտ կորցնիլ պետքը չի:
Էսպես խոսեց էս արժանահիշատակ թուրքը, որ ամեն սհաթի հայերի համար գլուխը ետ էր դրած: Նոքարներին հրամայեց, որ էն կնանոնցն ու Թագուհուն իր տունը տանին, ընչանք ինքը գա, ու ինքը Սհակ աղի հետ մտավ բերդը: Ղարավուլները սրանց որ տեսան, մնացին փետացած կանգնած: Երևանու բնիկ թուրքերը, որ հայի հետ մեկտեղ մեծացել, ախպոր պես էին վարվում, սարդարին, Հասան խանին անիծելով, թքելով, ղզլբշի վրա ատամները ղրճտացնելով՝ քիչ-քիչ քաշվեցին ու դեմը գնում էին, դեմը ասում.

— Տե՛ր աստված, ե՞րբ կըլի, որ քո ողորմության դուռը բացվի, ու մենք էս անիծած ղզլբաշի ձեռիցը մեկ օր ազատվինք:

Չունքի սրանք երլու ըլելով՝ չէին ուզում մեկ օր էլա նրանց ծառայեն, ու շատ անգամ հայերի հետ միացել, քշել էին նրանց, ամա թրի զոռով էկել, էլ ետ երկիրը զավթել էին:

— Սարդա՛ր գլխի՛դ ղուրբան,— ասացին Սվանդուլի խանն ու Սհակ աղեն ու ձեռ-ձեռի տված՝ ընկան դիվանխանեն հենց է՛ն սհաթին, որ խեղճ հայերի կռներն ու աչքերը կապել, չոքացրել էին, որ գլխըները տան: Դահիճները թուրըները սրել, գլխըներին կանգնել էին:— Սա՛րդար, մեր գլուխն էլ սրանցի հետ տո՛ւր,— ասեցին, չոքեցին ու ուզում էին իրանց ձեռովն իրանց աչքը կապեն:— Տուն, մալ, դովլաթ, օղլուշաղ, ղովում, ղարդաշ՝ գլխիդ եսիր ըլին: Ձեռըներիցը բռնի՛ր, ջուրն ածի՛ր, մեր հոգին ա՛ռ ու էս անմեղ խալխին սուրը մի՛ քաշիր: Սարը քո առաջին գլուխ չի բարձրացնիլ, ծովը, քեզ տեսնելիս, բերանը կփակի. ոտդ թափ տաս՝ երկիրը թև կառնի, կթռչի. արարած աշխարքը թրիդ առաջին ղուլ ա դառել. անունդ երկնքումն ա ձեն տալիս. ոտդ որտեղ դնում ես, ծաղիկ է դուս գալիս. աչքդ որտեղ քցում ես, արեգակ է բաց ըլում. ի՞նչպես ես մեկ լաչար աղջկա խաթեր, մեկ-երկու նոքարի խոսքով՝ էսքան տուն քանդում. բաս ո՞ւր մնա քո ռահմն ու քյարամաթը, որ ալամ աշխարք տեսել, զարմացել ա: Ի՞նչպես էս էդ հալալ բերնիդ լայեղ տեսնում, որ սրանց արինը վեր ածիլ տաս: Քո քոշք ու սարեն ողորմության դուռն ա, ընչի՞ ես արնի տեղ շինում: Սրանց ծեր հասակին, սրանց խեղճ եթըմներին խնայի՛ր: Սրանք ի՞նչ են արել, որ մեկ տղի, մեկ թուլի, հարամու գլխին եսիր ես անում: Երկինքն էլ ա քոնը, ի՜նչ թե երկիրս: Արարած աշխարքս քե՛զ ա գլուխ վեր բերում. մեկ աղջիկն ի՞նչ ա, որ նրա խաթեր քո խալխի տունն ուզում ես քանդես: Աղջիկ ես ուզում, հազարը կա: Ո՞ւմ աչքդ առնի, որ քեզ մատաղ չըլի: Մեր ջանն ուզի, որ քեզ տանք, աղջիկն ո՞ւմ շունն ա: Դո՞ւ չես, որ էդ հալալ բերնովդ ամեն օր ասում ես. Հայերը քո աջու թևն են, քո երկիրը շենացնողը, խազինեդ լցնողը. Քո թուրը կտրուկ, երեսդ պարզ անողը նրանք են: Ի՞նչ կըլի, որ էս սհաթին քո ցասումդ մեզ վրա թափես, սրանց խեղճ գաս: Ասլանին ի՞նչ փառք՝ գառի գլուխը ջարդի: Չէ՛, սրանք քո չրաղն են, քո ըմբրիդ դվաչին. ընչի՞ ես նհախ տեղը կորցնում: Անողը պետք է բռնած, սրանք ի՞նչ մեղք ունին: Ում ձեռն արնոտ ա, նրա աչքը պետք է հանած, սրանք ի՞նչ են արել: Սա՛րդար, երկնքի, երկրի տե՛ր, սա՛րդար. Դու չես մեր շլինքը տալ, մե՛նք մեր թուրը մեր սիրտը կխրենք: Թե մեր արինը քեզ համար թանկ ա, սրանց գլուխը մեզ բաշխի՛ր: Քո դռան շունն ենք, մեզ մի՛ կորցնի՛ր:
Էսպես աղաչանք արին ու չոքըչոք, թրըները տարան, սարդարի առաջին դրին, ոտի տակն ու փեշը համբուրեցին, երեսներին քսեցին ու գլխըները գետնին կպցրին, որ տեսնին, թե բանն ինչպես ա վերջանում:

— Ձեռներս կապում եք, Խա՛ն, Մալի՛ք,— սկսեց սարդարը բերանը բանալ,— ի՞նչ անեմ. ի՞նչ կըլեր, մի քիչ ետի էիք էկել: Ինչքան բարկացած էլ որ ըլիմ, ձեզ տեսնելիս՝ թուրը ձեռիս, ձեռս թուլանում ա: Մինչև ե՞րբ էս կրակը մեր երկիրն էրի: Հայ ազգը ո՛չ թրից ա վախենում, ո՛չ թվանքից, ո՛չ թոփից: Կրակն ես քցում, էլի իր հավատն ա պաշտում, ծառին ես կախ անում, միսը պոկում, բերանը տալիս, էլի իր խաչն ա պաշտում, իր Քրիստոսի անունը տալիս: Էս մեկ կտոր փետն ի՞նչ ա ախր, որ սրանք էսպես ապավինել են. որդին ես քշում, ինքն ա հետը կրակն ընկնում. հորն ես բռնում, որդին ա գլուխը մահի տալիս: Սրանց մեկ կնիկ են տալիս, մեր օրենքը՝ քանի որ քեֆդ ուզի: Ռահաթություն, մշակություն են անում, բուրդ հաքնում, ցամաք հացի կարոտ, մենք սրանց խանություն, բեկություն, աշխարք, պատիվ, դովլաթ, մեծություն ենք տալիս, ախր ընչի՞ համար չեն խելքի գալիս, մեր մասսաբին, օրենքին հավանում, մեր հավատը ընդունում, պաշտում: Բոլորը ջնջես՝ աշխարքը կքանդվի, չունքի երկիր շենացնողը, հաց տվողը սրանք են: Արևի, անձրևի, կոռի, բեգյարի տակին չորացել, չոփ են դառել, էլի որ մեկի մազին դիպչում ես, ասլան ա դառնում, մարդի պատռում: Էսքան մեր ազգը սրանց կոտորեց, եսիր տարավ, աշխարքը քանդեց, էլի խելքի չէկան: Շահություն էլ որ խոստանում ես, իրանց գլուխն են դեմ անում, էլ ի՞նչ ասես: Մեկ մարդ փլավի, մսի տեղ խոտ, բանջար ուտի, ամսներով պաս պահի, ցամաք հացի ապով մնա, ախր էն գլխումն էլ ի՞նչ խելք կըլի: Ախր ի՞նչ սատանա է սրանց սիրտը մտել, սրանց ճամփից հանում:

Մեր փեղամբար Մահմադն ասում ա՝ թշնամուդ աչքը հանի՛ր. սրանց Քրիստոսն հրամայում, որ նրան սիրես, քո աչքդ հանես, նրան տաս, նրան օրհնես, թե քեզ հալածի: Էս խե՞լք ա: Հավն էլ իր ճուտը ուրուրին չի տալիս, սրանք ո՞նց են իրանց որդիքը իրանց ձեռովը մատաղ անում: Մեկ սիրտ անեն, մեր հավատն ընդունին, տեսնին՝ մեր շահն ի՞նչ փառքի սրանց կհասցնի: Ջաֆար խանին թո՛ղ մտիկ անեն. մեկ ղարաբաղցի հոտաղի տղա էր, որ եսիր արի, հմիկ աշխարքի տեր ա դառել: Խոսրով-խանն ո՞վ էր, ո՞ւմ որդի, էնպես էլ՝ Մանուչար-խանը. հմիկ սաղ Իրանը զավթել են. շահն էլ են նրանք, շահզադեն էլ: Շահի հոգին նրանց ձեռին ա. ասեն՝ նստի, կնստի, վե՛ր կա՛ց, վեր կկենա. ինձ նման հարիր սարդար, խան, շահզադա նրանց ձեռին են մտիկ տալիս: Ստամբոլ են գնում հայի տղերքը՝ վազիր ու փաշա են դառնում. Թեհրան են ընկնում՝ նազիր ու խան. սրանից ավելի էլ ի՞նչ պատիվ կուզի մարդ, որ ստանա, ու սրանք էսպես քարացել, ոչինչ չեն ընդունում: Մեր կուռը բեզարեց՝ սրանց կոտորելով, մեր թուրը գլացավ՝ սրանց սպանելով, սրանք էլի, հենց գիտես, թե խիարի սերմ ըլին. մեկ ղրաղիցը կտրում ես, մյուս ղրաղիցը դուս են գալիս, էլի հասնում, էլի կտրածի տեղը բռնում: Մարդ կուզի՝ օր քաշի, կյանք վայելի, սրանք իրանց կյանքը իրանք են մահու տալիս, իրանց օրը իրանք խավարացնում: Մեռնին իրանց հավատովը՝ դժոխքը պետք է գնան,սատանի ձեռքը: Մեկ կտոր պանիր ուտիլն, մեկ ուշունց տալն, մեկ արած մեղքը չասիլն ի՞նչ զատ է, որ սրանք էնպես կարծում են, թե իրանք դևի փայ կըլին, թե որ չպահեն: Մեր հավատովը՝ կե՛ր, քանդի՛ր, խլի՛ր, սպանի՛ր, քեֆ արա՛, աշխարքի վայելչությունը քաշի՛ր: Կնիկդ փիս ա, դո՛ւս արա, ուրիշն ա՛ռ. ո՛չ պաս, ո՛չ ծում. աչքդ ի՞նչ սիրի, էն կե՛ր, էն հաքի՛ր, մաշի՛ր. մեկ չոռ ասողի աղիքը վե՛ր ածա, քեզ ծուռը մտիկ անողի աչքը հանի՛ր, էլի որ մեռնիս, գնա՛ էն կյանքը, ի՞նչ դժոխք, ի՞նչ պատիժ. առաջիդ էլի հազար մոյդա ու աղջիկ պար կգան, քեզ քեֆ շհանց կտան. վարդի ջուրն երեսիդ կթափի, ոսկեջուրն տակովդ կերթա, սրանից ավելի փա՜ռք: Էստոնք թողած՝ հոգի ու հավատ կորցրել են էս հիմարները. էս դինումը ջոկ են տանջվում, էն դինումը հո, էլ ի՞նչ ասիլ կուզի, չունքի դրախտի բանալիքը մեր փեղամբարի ձեռին ա: Ո՛չ սրից են վախում, ո՛չ փառքից խաբվում: Ծծկեր երեխեն էլ, թուրքի անունը տալիս, ուզում ա՝ մարդի կտրատի: Էլ ի՞նչպես համբերես, համբերությունը մեկ օր կըլի, երկու օր: Սաղ Իրան հարիր անգամ սրանց գլխին փուլ էկավ, էլի տակիցը դուս էկան, շունչ առան ու տեղն ընկած վախտը մարդի սաղ-սաղ ուտում են, սրանց արածին ո՞վ կդիմանա: Հմիկ էլ մեկ գյադա իմ ղլերին (ծառա) ա սպանել. ախր ի՞նչ անեմ. սիրտս բերնովս դուս ա գալիս, ի՞նչպես չի սրանց ղիմա-ղիմա անես: Ախր նա էս օձերի ճուտն ա. ընչանք մորը չսպանես, ձագը ձե՞ռ կընկնի:
Խա՛ն, Մա՛լիք, էլի ասում եմ՝ սրանց արածը տանելու չի, ամա դո՛ւք եք էկել իմ դուռը, ի՞նչ անեմ, ի՞նչպես ետ դարձնեմ: Որ սիրտս ուզեք, գիտեք, որ կհանեմ, ձեզ կտամ: Սրանց գլուխը ձեր արևին սադաղ. թո՛ղ բխով քցեն դրանց ոտներն ու շլինքը, ու բերդումն ընչանք մնան, մինչև սուչլուն ինքն իրան ետ գա: Հորնըմոր արինը քաղցր ա, վաթանի հողն ու ջուրն՝ անոշ: Թո՛ղ սրանք գրեն իրանց տղերքանցը, խրատեն, որ ետ դառնան, թե չէ բանը փիս կգա: Կուզեմ, որ է՛ն, է՛ն, է՛ն բեդովլաթ Աղասուն մեկ էլ տեսնիմ, մեկ էլ էն սուրահի բոյին նայեմ, հետո միսը բերանը տամ, որ սրտումս դարդ չմնա: Թո՛ղ նա էլ, ուրիշներն էլ լա՛վ իմանան, թե սարդարի հրամանը գետինը չի՛ պետք է քցած, սրբի պես պաշտած, որ մեկն էլա չի՛ համարձակի էսպես բանն անիլ: Թե չէ՝ հայերը գել կդառնան, մեզ կուտեն: Էլ էս երկրումը կենալ չի՛ ըլիլ:

Ասում եմ ձեզ, ա՜յ աղսախկալուք (ծերունիք), ղուռանի զորությունը գիտենա, թև առնին ձեր որդիքը, երկինքը թռչին, էլի նրանց վեր բերիլ կտամ. գետնի տակը մտնին յա ծովի, կհանեմ, թիքա-թիքա կանեմ. նրանք որ չգան, սաղ հայ ազգը թոփի բերնին կապիլ, քցիլ կտամ. թե խելք ունին, ձեզ խեղճ գան, ետ դառնան: Հազար ձիավոր նրանց ետևիցն ընկած՝ սար ու ձոր ոտի տակ են տալիս, ղազախ, ղարափափախ՝ նրանց արինը խմում. թե մեկ ձեռս են ընկել, մեծ թիքեն անկաջները կմնա. ձիու պոչից կապիլ, քաշ տալ կտամ, թո՛ղ ձեզ խաթր անեն, ետ գան, թե չէ, որ ես բերիլ տվի, ո՛չ դուք կպրծնիք, ո՛չ նրանք: Քյաբ ու ղուռանով, շահի գլխովն օրթում եմ ուտում. ասածս ասած ա, դուք գիտեք: Գնացե՛ք. էսօր կգան՝ ազատ եք, էգուց կգան՝ նմանապես: Ձեր ու ձեր խալխի կյանքը նրանցիցն ա կախ. թե ետ գան, բալքի թե սիրտս ռահմ ըլի ընկած, բարկությունս անց կենա, նրանց սպանեմ: Սար ու ձոր առաջիս դողում են, նրա՞նք պետք է ինձ դեմ կենան: Գնացե՛ք, միտք արե՛ք. ձեր գլխի դարդը քաշեցե՛ք:

Էս խոսքի վրա Սվանղուլի խանն ու Սհակ աղեն վեր կացան, աթոռի ոտն ու սարդարի փեշը համբուրեցին ու հազար անգամ գլուխ տալով, ոռըոռ անելով դուս գնացին:

Բանտը բաց արին, ու մեր խեղճ քեդխուդեքը մտան ներս. դուռը վրըները փակեցին, նրանք աչքըները բաց արին: Թագուհին էլ էնքան ոտին-գլխին տվել, երեսը չանգռել էր, որ էլ սարդարի երեսը չկարացին բերել: Սվանղուլի խանը տարավ իր տունը, որ նրա հոգսն էլ քաշի, նրան էլ ճար անի:
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top