3
Բայց ինչ մեր Աղասու հալն էր, աստված ո՛չ շհանց տա: Ձեռն ու ոտը կապած. դժոխքը փորումը, սադայելյան չար հրեշտակները գլխին պտիտ տալով՝ Զանգվի վրովն անցկացրին, ու, հենց բռնես, սար ու ձոր բերանները բաց՝ նրանց ըլին ուզում կուլ տան, էնպես փախցրին նրան նրա քաջ ընկերքը: Շատ տեղ իրանից գնում, քիչ էր մնում ձիուցը վեր ընկնի. էլի ընկերքը հասնում, երեսին ջուր էին ածում, անկաջները տրորում, ետ բերում. էլի նրա սիրտը գնում, ձիու գլխովն էր ուզում ընկնի: Բազի վախտ որ բիրդանբիր «Թա՛գուհի, նա՛նի, բա՛բի, Նա՛զլու» չէր ձեն տալիս, քար ու հող ուզում էին կրակվին:
Հենց մութը գետինն առավ, նրանք նի մտան Ապարանու քանդված եկեղեցին, չունքի օրն էլ կարճ էր. արեգակը քիչ էր մնացել մեր մտնի, որ նրանք գեղիցը դուս էկան: Ձիանքը որ շունչ չէին քաշում, աչքըները արին էր քցում, քիթ ու բերան՝ կրակ: Ամեն մեկ շունչ քաշելիս փոր ու աղիք իրար էին կպչում, էնքան էին քշել: Վաթոն սկսեց ձիանը ման ածիլ,Կարոն՝ սար ու ձոր աչքի տակն առնիլ, ղարավուլ քաշիլ, Մուսեն՝ Աղասուն ուսին դրած մտավ եկեղեցու խարաբին, գլուխը դրեց գոգն, ձեռը՝ երեսին, ու աչքը երկինքը քցեց, որ իմանա, թե աստղերն ի՞նչ են ասում: Մեկելներն ընկան դես ու դեն, որ ձիանոնց համար մի քիչ եմ (ուտելիք) ճարեն: Բայց էն վախտին չոլումն ի՞նչ կըլեր: Խոտի չոփերն էին մնացել տեղ-տեղ ցից-ցից կանգնած:
Երկինքն աչք ու ունք կիտած՝ իր չարխը պտտում էր հանդարտ. լուսինը ամպերի տակիցն մեկ երեսն հանում, շհանց տալիս, մեկ էլ ծածկում, կորչում էր: Գերեզմանատունն էնքան սարսափելի չէր ըլիլ, ինչպես էս յաբանի չոլը: Ամեն մեկ սարի արանքից կամ քարի տակից դժոխքի ձեն էր գալիս: Գել, չարխալ, արջ՝ մեկ կողմից, դառնաշունչ բորյազը, որ էստեղ, օրը ճաշին, մարդի աչք ու բերան կալնում, խեղդում է՝ մյուս կողմիցը, Սանդարամետը բաց էին արել, սար ու ձոր իրար գլխով տալիս: Ամեն մեկ քար, ամեն մեկ թուփ նրանց աչքին դև էր դառել, ու ձին մեկ ոտը խփելիս կամ փռնչալիս՝ քարերն ուզում էին ճաքին, ձորերը՝ տրաքին: Աղասին՝ նաֆասը փորն ընկած, որ բազի անգամ ա՜խ չէր քաշում ու ոտին-գլխին անում, գետինն ուզում էր պատռվի, ընկերներին խոր տանի: Նրա հավատարիմ շունը գլուխը նրա ոտի տակը դրել, մնացել էր փետացած: Ձին էլ բերին, գլխավերևը կապեցին, որ բալքի նրա շունչն էլա Աղասուն մեկ ճար անի:
— Ջա՛նիդ ղուրբան, Ա՛ղասի, էս ի՞նչ օրն ես ընկել. մեր աչքը պտեր դուս գար, որ քեզ էսպես չտեսնեինք, էս ի՞նչ ա քո հալը,— ասում էր ջիվան Մուսեն ու գլխին տալիս, երեսն երեսին դնում, ձեռը՝ դոշին. դամարի տալն ու ջանի տաքությունն էլ որ չէր տեսնում, գլխին կրակ էր վառվում:
Էն մեկել տղերքն էլ ձիանոնցը ջուր տվին, ձեռները քամակներին քսեցին, ու էլ ետ թամքեցին, լգամները բերանները տվին: Թվանքների, փշտովների ոտներն էլ քաշեցին, ազղոթին թազացրին, ու ամեն մարդ, իր ձիու լգամը ձեռին, էկան, Աղասու չորս կողմը կտրեցին: Աչքըներիցը արտասունքը գետի պես էր վեր թափում: Հորնըմոր դարդը մեկ կողմից, իրանց սև օրը մյուս կողմից, իրանց սիրելուն էլ է՛ն հալին տեսնելիս՝ ուզում էին քար ա քոլ պոկեն, գլխըներին տան: Մեկ սա էր ընկնում Աղասու վրա, մեկ նա: Մինը ձեռն էր դնում բերնին, մինը գլուխը քաշում դոշին:
— Յարադանիդ ղուրբան, աստված, փառքդ շա՜տ ըլի. հենց է՛ս առավոտ ամեն աչք մե՛զ էր էրնակ տալիս, ի՞նչ արինք, որ մեզ էս պատժին հասցրիր: Վա՜յ մեր խեղճ օրին, ա՜յ ազիզ ծնողք. երաբ սա՞ղ եք, թե՞ թրի տակին մնացիք. երաբ թո՞փ ձեզ գետնին խփեց, թե՞ զընդան ձեզ մեջն առավ. երաբ մե՞ր ցավն եք քաշում, թե՞ ձեր սև օրը լաց ըլում: Տե՛ր աստված, տե՛ր աստված. ո՞ւմ մեկ չոռ ասեցինք, որ մեր առաջն էկավ: Ո՞ւմ մեկ ծուռն աչքով մտիկ արինք, որ մեր գլխին էսպես բարկացար: Արյան ծովն էկել, չորս կողմըներս բռնել ա, ո՛ր կողմն էլ ձեռն ենք ածում, կրակ է ընկնում ձեռըներս: Էստեղ մեր թագավորներն էին վաղ ժամանակը քեֆ անում, իրանց ամառը անց կացնում, որտեղ որ հիմիկ մենք կրակումն էրվում ենք: Էս ժամումն էին նրանք կանգնում, աղոթք անում, որտեղ որ հիմիկ մենք մեր հոգին ուզում ենք տալ: Ա՜խ ո՞ւր էն ժամանակը, ո՞ւր էն փառքը: Ձեր հողը լիս կտրի, ա՜յ մեր ազգի թագավորք, իշխանք. երա՛բ դուք էլ միտք կանեի՞ք, թե ձեր որդիքը մեկ օր էսպես արին պետք է վեր ածեն ձեր գերեզմանի վրա: Էս ի՞նչ չար լեզու մեզ անիծեց, որ մեր օրն էսպես սևանա, մեր աստղն էսպես թեքվի: Ո՛վ արագահաս սուրբ Սարգիս, ո՛վ զինավոր սուրբ Գեորգ. էլ ո՞ր օրը մեր հավարին պետք է հասնիք: Դժոխքումն էրվում, տապակվում ենք, ախր ի՞նչ կըլի, որ մեզ չարա անեք: Ա՛ղասի ջան, Ա՛ղասի. ի՞նչ կըլեր, որ ամենս էլ քո ուղուրին մատաղ էինք գնացել, ա՛խպեր ջան, մեր հո՛գի, մեր աչքի լի՛ս: Արին կապեցիր խալխի սիրտը, կրակ վառեցիր երկրի գլխին, ա՜յ աշխարքի աչք Աղասի: Մեկ ճանճ էլա նհախ տեղը չես սպանել, մեկ սառը խոսք քո բերնիցը չի դուս էկել, ա՜յ աստուծո գառն ախպեր, ախր ընչի՞ պետք է աստված քեզ էլ, մեզ էլ էստեղը հասցներ: Ո՞ւր գնանք, ո՞ւր, մեր գլուխը ո՞ր քարի առաջին լաց ըլինք: Ո՞ր ջուրն ընկնինք, խեղդվինք, պրծնինք: Տո՛, մեկ բերանդ էլա բաց արա՛, քո ջանին մեռնինք: Ընչի՞ ես էսպես մեզ էրում, փոթոթում: Ի՞նչ կըլի, որ էդ սիրուն աչքդ էլա մի բաց անես, մեզ էսպես չսպանես: Աշխարքն էլ ի՞նչ պետք է մեզ համար, որ քեզ չենք ունենալ: Մեր գլուխը քեզ ղուրբան, ամենս էլ առաջ մե՛ր արինը վեր կածենք: Կաթն ու ծիծ մեկտեղ ենք կերել, որ քեզանից ձե՞ռ քաշենք: Բախտ ու լավ օր մեկտեղ է՛նդուր համար ենք վայելել, որ քեզ նեղ օրը բա՞ց թողանք: Որիս ուզում ես, վեր կա՛ց, քո ձեռովդ մատաղ արա՛. ով երեսը ետ թեքի, շլինքը տո՛ւր, քո ձեռին ղուրբան. ախր մեկ խոսա, ի՞նչ կըլի:
Էս խոսքին բիրադի մեկ ձիու ոտի շփլթոց էկավ: Երկինք, գետինք գլխըներին սևացավ: Հենց իմացան՝ մեկ ամպ տրաքեց, մեկ սար գոռաց, փուլ էկավ: Յարաղ-ասպաբ առան ուսըները, ամեն մեկը մեկ բուռը հող սրբությունի տեղակ բերանը քցեց, մեկ քարի առաջի չոքեց, իր մեղքը խոստովանվեց, մեկ քանի ծունր դրեց, երեսին խեչըհանեց, ժամի քարերը պաչելով տեղիցը վեր կացավ, ձիու աչքերը ճմբռեց, մեջքը սղալեց, որ անկաջները սրել, խլշացրել, էն կողմն էին մտիկ անում էնպես խլշկոտալով, որդիանց որ ձենը գալիս էր: Շունը ղրաղ քաշեցին, մատով-ձեռով արին, որ ձեն չհանի, ու իրանք թուր ու թվանք հազրած, ձիու ջիլավը քցած՝ սկսեցին պատի արանքիցը անսաս անկաջ դնիլ, որ տեսնին՝ էկողներն ո՛վքեր են: Դամարները ուզում էր տրաքի, ոտըների տակին կրակ էր վառվել: Անիծած բուքն ու քամին հյուսսի դհիցն էր գալիս ու ձենը փակում: Ուզում էին իրանց կտրատեն, որ չէր թողում՝ պարզ իմանան, թե ի՞նչ խաբար է:
Էսպես՝ կես սհաթ քիմի մնացին փետացած: Էլ չէին ուզում ծպտան: Շատ մտիկ արին, ձեն չէկավ. հենց էն էին ուզում, որ էլ ետ տեղըները նստին ու թվանքները վեր դնեն, ու մեկն էն կողմիցն սկսեց բերանը բաց անիլ.
— Տղե՛րք, ի՞նչ կըլի՝ ըլի, տղամարդությունն էն ա, որ մարդ իր գլուխը դուշմանի ձեռ չտա: Դուք լավ գիտեք, որ մեր մեկ հայը տասը թուրքի բարեբար է: Երևում ա՝ ետևներիցս մարդ են քցել, ման գալիս: Թո՛ղ գան, դրանց փիրն իրանց խռով կենա: Բոլորին յա կջարդենք, յա կջարդվինք: Քամակ-քամակի տանք, նամարդի մուհդաջ չըլինք:
Հենց էս խոսքն էր Կարոյի բերնումը, որ բեղաֆիլ տեղիցը էրկու գազ ծուլ էլավ, թուրը դուս քաշեց ու ուզում էր, որ դուս պրծնի, ընկրները փեշիցը քաշեցին, ձեռնըները բերնըներին դրին, որ անսաս տեղը նստի, չունքի ձիանոնց ոտի թրխկոցն ու փռնչոցը էնպես մոտեցավ, որ, հենց բռնես, թե անկաջների տակին ըլի: Բայց նրանք լավ գիտեին, թե գիշերը ձենը շատ թեզ տեղ կհասնի, ու չուզեցան, որ իրանց տեղը իմաց անեն, ու նրանք հազըրված գան: Քիչ-քիչ էկողների խոսակցությունն էլ էին ջոկում, չունքի պարզիկա գիշեր էր, քարերն էլ էին խաբար բերում:
— Լավ հարաքյաթ են արել,— ասեց մեկը,— ա՛ֆարիմ. անիծած բորանն էլ իզըները կորցրել ա, գիշեր էլ ա, թե մարդ տեսնի. ամա ո՞ւր կկորչին: Երկնքումն ըլին՝ վեր կբերենք. հլա քշենք, էս չոլումը նրանք չէին մնալ:
— Աչք ա, որ էգուց առավոտ յա կծիծաղի, յա լաց կըլի. սարդարին էլ ընչո՞վ իմ հունարը ցույց տամ, որ նրանց սաղ-սաղ չկալնիմ, չտանիմ, փեշքաշ չանեմ,— ասում էր մյուսը:
— Ախպե՛ր, ինչ առնինք՝ ճոթ անենք: Աղասուն, թե կարանք, սաղ-սաղ բռնենք, ոտ ու ձեո կապենք ու ձիու առաջն արած, յա կողքիցը կապած՝ տանինք, որ իր լայաղ պատիվն առնի, չունքի ռաշիդ տղամարդ է. մեկելներին սպանենք էլ ի՞նչ հաջաթ:
— Տղամա՞րդ, էս թո՛ւրը էսօր նրան իր տղամարդությունը կուտացնի աստուծով. հլա մի ձեռս ընկնի, մեկ մեյդան դուս գա, հետո կիմանա իր ռաշդությունը:
— Տո՛, բերանդ քեզ արա՛, Մա՛մմադ, մենք գիտենք՝ ինչ պտուղ որ ես. նրան ասլան ըլի, չի հաղթիլ. քանի՜ մեզ նմանին առաջն է արել տասնով, քսանով ու ջանըները հանել: Բանն արա՛, հետո պարծեցի՛ր: Էդպես քամի տալով ֆորս անիլ չի՛ ըլիլ:
Էս խոսքը մեր տղերքանց սիրտը տասը թիզ բարձրացրեց:
— Թուր, թվանք հազիր պահեցե՛ք,— ասեց թուրքի մեկն էլ ետ,— սատանին նալլաթ. կըլի, որ հենց էս քարերի տակին տափ ըլին կացել, ասածներս լսեն ու բիրադի էնպես վրա թափին, որ էլ չկարենանք ձեռըներս գլխըներս տանիլ: Սրան Ապարան կասեն: Աղասու պես ասլանը էսպես տեղը քսան ձիավորի մենակ չի ասիլ, թե աստված է ստեղծել:
— Տո՛, քի՛չ գովիր էդ մուռտառ, անհավատ հային. չէ՛, չէ՛, մեզ սաղ-սաղ կուտի: Հայն ի՞նչ ա, որ ինչ ջան ունենա: Մեռնիմ ո՛չ, ընչանք մի աչքս նրան հասնի, կտեսնինք, թե ի՞նչպես ճուտ կդառնա առաջիս:
Էս ասեցին թե չէ, մեկը էն դհիցը ձեն տվեց.
— Ա՜յ ադա, ա՜յ ա՛դա, ա՜յ ադա. էս ժամիցը հեռու կենանք, լավ կըլի, չունքի ասում են, թե ֆլան թարըղին մեկ խան էկել ա, թե քանդի, բիրադի միջիցը կանաչ ու կարմիր ձիավորներ էնքան են դուս էկել, որ սար ու ձոր բռնել, խանի ղոնշունը կոտորել, փախցրել, իրանք է՛լ ետ գյում են էլել: Սրա միջումը, ասում են, սուրբ Մողնու մասունք կա թաղած,
ու դուք լավ գիտեք, որ էս գիժ սրբի քյալլա տալ չի՛ ըլիլ: Մարդի շլինքը ծռվում, երեսն ետևն ա ընկնում: Հազար էսպես բան իմ աչքովն եմ տեսել: Հայ, թուրք, նասրանի՝ ամենն էլ նրա ղուլն են:
— Բերնիցդ հայի հոտ է գալիս, Մա՛շադի, ամոթ էդ մեծ միրքիդ, էլ ո՞ւր ես վրեդ պահում, հինա դնում: Տղամարդի փափախ չի գլխի՞դ: Տո՛, հայն ի՞նչ ա, որ իր փիրն ի՞նչ ըլի: Լեզուդ քեզ քաշի՛ր, էդ փափախիցդ էլա ամաչի՛ր: Ես քո ջգրու էս գիշեր ընչանք սրա միջումը քյաբաբ չանեմ, չուտեմ, ձիս միջին չկապեմ, չապականեմ, բաս մարդ չեմ: Էլ էս միրուքը վրես չե՛մ պահիլ: Քանի՜ էդպես ժամի պատ իմ ձեռովս քանդել, քանի՜ սրբերի աչք էս մատովս հանել, դու հմիկ պառավի նաղլ ես գլխիս կարդում: Քյաբդ քեզ խռով, էլ նամազ ո՞ւր ես անում, որ էդ սրտի տերն ես: Քշի՛, քշի՛, գնա՛նք. քյաբաբի կեսն էլ քեզ կուտացնեմ:
Ասիլն, «Յա՛, սուրբ Սարգիս» ձեն տալն ու թվանքների ճռռոցը մեկ էլավ:
— Տղե՛րք, ձեր ջանին մեռնիմ, էլ մտիկ մե՛ք անիլ. մեր թուրը՝ նրանց գլուխը, էլ ո՞ր օրվա համար ենք կողքըներիցս կախ անում,— ձեն տվեց աժդահա Կարոն,— իրեքի գլուխը գնաց, սրանց փիրն անիծած:
— Էրկուսինն էլ ի՛մ թրիս մատաղ արի, ղոչաղ կացե՛ք,— էն դհիցը Վաթոն գոռաց:
— Երկուսին սպանել, մնի գլուխն էլ հրես, ոտիս տակին է,— ասեց Վանին:
— Տղե՛րք, փախան, ձիանը նի՛ էլեք, սրանց էկած ճամփեն քոռանա, սովորել են գեղերումը հավի գլուխ թռցնելով ման գան, հայերի արինը խմեն, սրանց տունը քանդվի: Տղե՛րք, երըմիշ էլե՛ք, սուրբ Սարգսի ջանին մեռնիմ, մեյդանը մերն ա:
Ասեցին ու վիշապի պես ընկան հարամու քամակիցը, որին ինչ տեղ հասցրին, էնտեղ փառչալամիշ արին: Քար ու սար աչքներին լիս էր տալիս, կռըներին՝ ղվաթ: Հենց իմանաս՝ հայոց մեծ զորապետքը կենդանացել, նրանց սիրտ ըլին տալիս: Էսպես՝ միս ու աղցան անելով ընկան ետևներիցը:
Բայց ա՜խ, արինը աչքըները կոխած՝ հենց քշեցին, գնացին, էլ միտք չարին, թե Աղասին, ի՞նչ նեղ սհաթի միջում, ընկեր ա ձեն տալիս, ընկեր չի կա. ա՜խ ա քաշում, ձենը լսող, իմանող չկա: Թվանքները որ բիրադի չճռռացին, հենց իմանաս, թե հոգին ետ էկավ տեղը: Վրա թռավ տեղիցը, ընկավ ձիու քամակն ու խելքը կորցրածի պես էլ չիմացավ, թե ո՞ւր ա գնում: Թուրը որ մեկի քյալլին չհասցրեց, գլխի հետ էրկու կտոր էլավ.
ընչանք թուրը յա ղամեն կհաներ, պարանն ընկավ ճտովն, ու շատ էլ ուզեց, որ ձին առաջ քշի, չէլավ. ձին տակիցը դուս թռավ, ինքը գետնին դիպավ, ու չորս աժդահա տղամարդ վրա թափեցին: Նրա շանը վաղուց էին ուզում սպանել, որ ձեն չհանի: Բայց շունը, շունը՝ էս տիրասեր, հավատարիմ կենդանին, տեսնելով, որ իր տիրոջն էլ խեր չի՛ անիլ, ընկավ գնացածների ետևիցը: Աղասու ձեռները կապեցին, բերանը բամբակով լցրին, աղլխով ղայիմ հուպ տվին, ու աչքդ բարին տեսնի. մյուս օրն էր թոփն, ու Աղասու ջանը:
Շատ ու քիչն աստված գիտի, թե ո՛ւր հասան, տղերքը բիրադի որ ետ դառան, գլխըներին կրակ վառվեց, երբ Աղասու շունը տեսան ճամփին:
— Վա՜յ, մեր տունը քանդվեց, տղե՛րք,— ձեն տվին,— էս ի՞նչ արինք, մեր ձեռովը մեր աչքը հանեցինք. հասնի՛նք, գնա՛նք. էլ ի՞նչ ենք անում մեր գլուխը, որ նրան կտանին:
Բայց ո՞ւր Աղասին, ո՞ր քարի տակին, ո՞ր չոլումը յա ձորումը: Մեկն է՛ս սարն ընկավ, մեկն էն ձորը. քարը լեզու չուներ, որ ասեր. ձին իմաստուն չէր, որ գտներ. շունն էլ առաջներիցը վաղուց կորել էր: Ո՞ւր գնային, ո՞ւր կորչեին: Գետինն էլ թե պատռվեր, ներս կէրթային, որ նրան հանեն: Լիսնյակ գիշերը շատ որ դես ու դեն ընկան, զատ չգտան, էլ ետ հավաքվեցան մեկ տեղ ու միտք արին: Սուգ ու շիվան անելու վախտը չէր: Նրանք լավ իմանում էին, որ Աղասին էն ձենի վրա պետք էր, որ զարթնած ըլի էլած, փորձանքի մեջ ընկած, որ շունը նրան թողել, էն հայվան տեղովը իրանց ետևիցը վազել, որ գան, նրան ազատեն: Էս էլ լավ էին իմանում, որ Աղասու բռնողները առաջ չէին գնալ, պետք էր, որ մեկտեղ տափ կացած ըլեին, որ ոտը խաղաղվի ու էնպես ճամփա ընկնին: Ի՞նչ անեն, մնացել էին մոլորված:
— Տղե՛րք, մնա՛նք էստեղ. Աղասու շունը, տեսնո՞ւմ եք, որ կորել ա. նա իմաստուն հայվան է, ինչպես որ ըլի, հոտի վրա կարող է գտնիլ. թե ճար կա, նրանից կըլի էս գիշեր, մենք ո՛չինչ չենք կարող անիլ:
Էսպես՝ խելիմ վախտ տարակուսած նստած՝ միտք էին անում, որ բիրդանբիր խելոք շունը՝ լեզուն հանած, հեթեթալով լիս ընկավ: Շունը վազեց, նրանք՝ ետևիցը: Հենց մեկ խելիմ տեղ անց կացան թե չէ, շունը ետի ոտը վեր քաշեց, կանգնեց: Շատ էլ զոռ արին, որ տեղիցը եռա, չէլավ: Իսկույն իմացան զգույշ հայվանի միտքը, ձիանոնցիցը վեր էկան, մեկին տվին, ու Կարոն առաջները ընկած՝ կամաց-կամաց ոտըները փոխեցին: Մեկ թափի մոտացան թե չէ, էլի շունը կանգնեց, հոտոտաց: Թվանքները առան ձեռըները: Աստուծո ողորմությունը հասավ. նրանք
է՛ն կողմիցը գնացին, որ թափի շվաքը մնաց առաջներին: Քարերի տակովը, փորըսող անելով, էնքան գնացին, որ մտան մեկ քանդված փոսի մեջ: Ջուր չկար միջումը, բան չկար, անձրևի ճղած էր: Թափի շվաքը մեկ հինգ գազ էլ էն կողմն էր ընկել նրանց գլխի վրովը: Էս խանդակի միջովն էնքան էսպես ուսուլով գնացին կռացած, որ հարամին մնաց դեմ ու դեմ: Լիսնյակը հենց ընկավ թուրքերի ճակատներին, տեսան, որ Աղասին միջըներումը չի: Սիրտըները ընկան տեղ: Մի քիչ էլ շունչ առան, ու ամեն մեկը մեկի ճակատին նշանիլն, թվանքների տրաքալն ու հարամիքանց բանհոգի ըլիլը մեկ էլավ: Հավի պես դեռ էնպես թրպրտում էին, որ մեր տղերքը վրա հասան: Ա՜խ, ո՞վ է կարող նրանց ուրախությունն ու արտասունքը էս սհաթին պատմիլ. երկնքիցը իրանց հոգին ետ բերին, էլ նրանց բերանն ի՞նչ խոսք կգար: Որ էլ վախտ չկորցնեն, վերցրին իրանց կորցրած գանձը, հանեցին թշնամու յարաղ-ասպաբը, շորերը, բարձեցին թուրքերի ձիանոնց վրա ու երըմիշ էլան: Ո՞վ կզարմանա, որ լսի, թե Աղասին, ամեն իր շանը տեսնելիս, ուզում էր կյանքը նրան տա: Վարավուրդով՝ մինչև տասնըհինգ մարդ էն գիշերը սպանել էին: Եկեղեցու մոտ էլ ետ հասան, հանեցին, մեկ քանի շահի փող դրին սեղանի վրա, չոքեցին, աստծուն փառաբանություն տվին ու ճամփա ընկան: