Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Գլուխ երկրորդ

Գլուխ երկրորդ
Բա՛զի վախտ, որ մարդ մեկ քանդված տեղի
Վրա կանգնում ա ու ինքն իր մտքի
Հետ ա ընկնում ու անց կացած բաները
Ֆիքր անում, տխրում, տրորում աչքերը,
Էնպես գիտես, թե է՛ն անբան քարերն
Մեզ ասում ըլին, որ մենք մեր օրերն
Լանք ու զգաստանանք, չունքի էս աշխարհ
Չի՛ մնալ մեզ համար ղադմի մուղարար:
Հենց իմանաս, թե լեզու են առել
Պատերն, ուզում են մեզ լալով ասել.
«Ա՜յ ադամորդի, տե՛ս, քո վերջն է՛ս ա.
Էստե՛ղ էլ կային նորահարս, փեսա,
Էստե՛ղ էլ կային ծնող, երեխա,
Հարուստ, մեծատուն, իշխան համեշա:
Բայց ո՞ւր են նրանք՝ հողի հավասար.
Բայղուշն ա նստում նրանց գլխին անճար»:
Բայց ա՜խ, թե մեկ տեղ արին ա թափել,
Աշխարհ կործանվել, ազգեր փչացել,
Գազան բուն դրել, ավազակ բնակել,
Մարդի լերդն ու թոքն կրակ է ընկնում,
Միսը սրսռում, աչքը սևանում:
էս ցավն ա Հայի սրտում բհամ գալիս,
Երևանու բերդն, Զանգին տեսնելիս:

ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

1

Լե՛ռ քարափի վրա ցից գլուխը բարձրացընում, թամաշա ա անում հանդարտ, հազար գլխանի դևի պես, Երևանու հազար տարեկան քավթառ, պառաված, չորս կողմը խանդակով կապած, բրջերով ղայիմացրած, սուր-սուր ատամները գլխին շարած, հինգ գազաչափ հաստ պարսպով երկու տակ բռնած, մեկ ոտը Կոնդումը, մեկ ոտը Դամուրբուլաղի գլխին դրած, մեկ բերանը հյուսիս, մեկը հարավ բաց արած, չորացած գլուխը երկինքը ցցած, լեն փեշերը երկրումը փռած, անամոթ երեսը կոկած, սվաղած, հազար բնով, հազար փանջարա աչքերը դես ու դեն չռած, ջուխտ չանգերով Զանգվի քարոտ, զարհուրելի, սևադեմ ձորը խտտած, դոշին կպցրած՝ անմազ, անլեզու, մարդակեր բերդը ու դեղնած երեսը հեռու տեղից ծածկում, ագահ աչքերը գետնին քցում, որ միամիտ տեսնողին դհա շուտով խաբի, դհա հեշտ իր ծոցը քաշի ու բիրադի, անձեն, անսաս կուլ տա, փչացնի:

Պարսիկ նրան շինեց՝ խորամանկ, խաբեբա, թե օսմանցի նրա հիմքը դրեց՝ կատաղի, անհաշտ, ո՛չ գիր կա, ո՛չ թարեղ: Նրա պատմությունը խավարի միջումն ա, մարդ ուղիղ չի՛գիտի, չի՛ լսել. բայց հազարավոր ժամանակավ՝ անահ, անվախ, պինդ երեսը լիրբ գազանի պես դեմ տված, որքան թոփի, թոփխանի գյուլլեք էլ նրա կոշտ քամակին, նրա կակող դոշին, նրա բաց գլխին դիպան, ո՛չինչ չի՛ ազդեց, քյար չարեց: Կորցրած թևերն էլ ետ սաղացրած, ջարդած ոսկորներն էլ ետ պնդացրած՝ գլուխը վեր քաշեց, էլ ետ շունչ առավ, վեր կացավ, կանգնեց, ուսերը դզեց, ոլորեց, սարքեց ու էլ ետ հարբա գալով, հաթաթա տալով, իր գլուխը քորողի, իր շվաքի հետ խաղացողի թողության, փոքրոգության, անզորության ու հիմար հանդգնության վրա ծաղր անելով, ծիծաղելով, ծափ տալով՝ պպին կանգնեց, մատը ցցեց էս հողաշեն, այլ ո՛չ քարաշեն բերդը ու խենեշ դիմոք, իր կոտրած ոտները Զանգվի բերանը խցկելով՝ մնաց տեղը նստած, Զանգվի, որ գիշեր-ցերեկ անքուն, անղարար, գժված, կատաղած՝ նրա բաց դոշին, նրա անիրավ սրտին իր պլոկած ջրի անբերան թրովը, քարի ուրագովը վեր հատում, զարկում ա, բայց տեսնելով, թե չի՛ կարում ջիգրը հանիլ, վրեժն առնիլ, նրան քանդիլ, գոռալով, գանգատելով, կական բառնալով, քիչ-քիչ ձենը փորը քցում ու մունջ-մունջ երեսը կալնում, Զանգիբասարի ծոցն ա մտնում ու հույսը կտրած, սիրտը կոտրած՝ տխուր դես ու դեն ցրվում, ցնորվում ու հազար բարի, հազար պտուղ ու արդյունք տալով, բաշխելով՝ ճամփեն մոլորում, կորչում ու չի՛ կարում իր սիրուն քվորն էլա՝ Արազին, մեկ խաբար տանի, չունքի Երևանու թամարզու, կարոտ բնակիչքը նրա ճամփեն բռնում, նրան սիրով խտտում, իրանց մեջը, իրանց հանդն են տանում, որ նրա սուրբ, կաթնահամ ջրովը իրանց էրված սիրտը հովացնեն, իրանց դառը քրտինքը նրանով լվանան ու նրա տված պտղովը իրանց գլուխը պահեն: Երևանու բերդն, Հայաստանու հողն, որ հազար տարուց հետ սկսած՝ դառել էր գողի ու ավազակի բնակարան… Է՛ն հողը, է՛ն հիանալի աշխարհը, ուրտեղ որ դրախտն էր եդեմական, ուր որ աստված, բոլոր աշխարհը ջրհեղեղովը երբ որ կործանեց, հայոց սուրբ Մասսա սարը միայն արժան տեսավ, որ Նոյան տապանը նստի, ու Հայոց երկրիցը էլ ետ մարդիկ բազմանան ու ուրիշ երկրներ էլ շինություն քցեն: Է՛ն սուրբ հողը, ուր որ անպարտելին Հայկ՝ անաստված Բելա չար մտքին չհավանելով, իր ընտանիքը, իր քաջ, պատվական զորքը հավաքեց, էկավ ու Հայաստանի զարմանալի սարերի, սիրուն դաշտերի տեսույն մայիլ մնացած, Զանգվի դրախտանման ձորը, Զանգվի փրփրադեզ, անահ ջուրը, Երասխի մարմանդ ծոցը, Մասսա ու Ալագյազի երկնանման գլուխը, Սևանա ծաղկափթիթ ձորերն ու սարերը տեսնելով՝ իր մզրախը ցցեց ու իր սուրբ անունովը Հայաստան կանչեց ու Բելա անհոգի մարմինը իր նետ ու աղեղին մատաղ արեց: Է՛ն սուրբ տեղը, ուր որ Շամիրամ՝ աշխարհ տիրելով, ո՛չինչ տեղ էն պատկերը չճարեց, որը որ իր սիրտն ուզում էր, ու մեր հրեշտականման Արայի սիրուն երեսին կարոտ՝ զորք ժողովեց, էկավ, որ թե նրա սուրբ սիրտը լալով, սիրով չգրավի, զոռով նրան գերի անի, որ բալքի նրա սուրբ շունչը իր երեսին դիպչի, ու մեռած ժամանակն էլ նրա մարմինը առաջին դրած՝ գիշեր-ցերեկ սուգ էր անում, որ կամ նա կենդանանա, կամ ինքը նրա ոտի տակին հոգին տա: է՛ն աշխարհը, ուր որ Զարմայր՝ Աքիլեսի հետ Հեկտորի դեհն ուզեցավ պահի, Պարույր՝ Արբակի հետ Սարդանաբաղին էրեց, Տիգրան՝ Կյուրոսի հետ Աժդահակա հոգին առավ, Վահե Դարեհ Կոդոմանի հետ Աղեքսանդրի ճամփեն ուզեցավ բռնի, Վաղարշակ Պարթևն՝ իր եղբայր Արշակա ոտը իր երկրիցը կտրեց ու Հայաստանին կարգ տվեց, նախարարներ հաստատեց, Տիգրան՝ արքա արքայից, Ասորոց աշխարհն իր ձեռի տակը բերեց ու կարթագինացոց հսկային՝ Աննիբալ զորապետին, իր մոտ հրավիրեց: <Է՛ն աշխարհը>, ուր որ քաջահաղթն Տրդատ՝ Հռովմ իր քաջությունովը ու իմաստությունովը զարմացնելեն հետո, էկավ, իր հայրենական հողին տիրեց ու ալանաց, պարսից շունչն ու ոտը կտրեց. ուր որ որդին աստուծո երևեցավ ու սուրբ Լուսավորչու՝ Իջման տեղի կերպը լուսով չափ տվեց: Է՛ն տեղը, որ Վարդան Մամիկոնյան, Վահան՝ ընտիր եղբայր նորա, անօրինակ քաջությամբ, որ աշխարհ դեռ չի տեսել, իրանց օրենքն ու սուրբ եկեղեցու պատիվը արընով գնեցին: է՛ն տեղը, որ Վռամշապուհ բոլոր աշխարհի լուսավորությունն ու իմաստությունը իր կողմը քաշեց, իր աշխարհը բերեց: է՛ն ընտիր աշխարհը, ուր Ռուբինյանք, Բագրատունյանք՝ իրանց՝ հազար թշնամու ձեռի անտեր մնացած Հայրենիքը (վաթանը) էլ ետ գերեզմանից հանեցին, էլ ետ նո՛ր հոգի տվին: Է՛ն օրհնյալ հողը, ուր ասորիք, պարսիկք, հոնք, ալանացիք, մակեդոնացիք, հռովմայեցիք, արաբք, օսմանցիք ջրհեղեղի պես վրա էկան, հարյուրավոր ազգ ու աշխարհ ոտնակոխ արին, ջնջեցին, սրբեցին, թրի, կրակի մատաղ արին, ուրտեղ որ սար չի՛ մնացել, որ արին չտեսնի, քար չի՛ մնացել, որ մարդ տակով չանի, ու հարիր մեր հարևան ազգեր էնպես են հողի հետ հավասարվել, կորել, որ էսօր ո՛չ նրանց շունչը կա, ո՛չ անունը, բայց սուրբ Հայոց ազգը, անհաղթելի Հայկա որդիքը իրանց կյանքը, թագավորությունը, մեծությունը, փառքը, իշխանությունը, զորքը կորցնելեն ետև որ տեսան, թե է՛ս աշխարհակործան ջրհեղեղին, է՛ս գազան ազգերին, որ մեկը մյուսի ոտիցը ճոլոլակ՝ ուր որ կամենում էին գնալ, Եվրոպա թե Ասիա, Հայոց հողովը պետք է անց էին կացել, չե՛ն կարող դիմանալ, աչքըները երկինքը քցեցին, գլխըները գոգները դրին ու հազար թրի տակից, հազար կրակի միջից՝ սիրտ-սրտի տված, հոգի-հոգու կպցրած, մինչև էսօր էլ իրա՛նց գլուխը, իրա՛նց սուրբ հավատը, իրա՛նց սուրբ օրենքը է՛ն վեհանձնությունովը պահպանեցին, որի օրինակը աշխարքում ո՛չ էլել ա, ո՛չ կըլի: Է՛ն աշխարհը, է՛ն անօրինակ ազգն էր էս վերջին ժամանակը, շունչը բերանը հասած՝ աչքը երկինքը կթել, որ ռուսաց հզոր արծիվը գա ու իրանց հողն ու զավակը իր թևի տակովն անի: Քսան տարու միջում լուսավորյալ, քրիստոնյա, խաչապաշտ եվրոպացոց ոտը ողորմելի Ամերիկա էնպես քանդեց, ջնջեց, հողի հետ հավասարեց, որ հինգ-վեց միլիոն ազգերիցը էսօր հազար հոգի էլ չեն մնացել, էն էլ սար ու ձոր ընկած՝ վայրենի գազանների պես են իրանց սև օրը լալիս ու կոտորվում. բաս ի՞նչ աներ հայոց խեղճ ազգը, որ Նոյան գեսը, վեց հազար տարի, ո՛չ թե քրիստոնեի կամ լուսավորյալ ազգի, այլ հեթանոսի, կռապաշտի, մահմեդականի, անօրենի ձեռին էր աչքը բաց անում, նրանց հետ քյալլա տալիս ու շատին, շատ անգամ, իր ոտի տակը քցում, բայց կարո՞ղ է վարդը ծովիմիջում զորանալ, մանիշակը՝ կրակի առաջին դիմանալ. կարո՞ղ է կակող ցորենի հասկը է՛ն կայծակին ու կարկտին համբերիլ, որ մեր ազգը իր թշնամուն համբերել էր յա դիմացել:
Հայո՛ց ազգ, Հայո՛ց ազգ, ձեր ջանին մեռնիմ, Հայո՛ց ազգ, քո հողին մատաղ, Հայո՛ց աշխարհ. էն ո՞ր կաթը դուք ծծեցիք, է՛ն ո՞ր մեջքը ձեզ բերեց, է՛ն ո՞ր ձեռը ձեզ գրկեց, է՛ն ո՞ր բերանը ձեզ օրհնեց, որ դուք է՛ս հոգին ունենաք, է՛ս սիրտը ձեր միջումն ըլի, է՛ս հրաշքը դուք աշխարքին ցույց տաք: Է՛ն ի՞նչ աչք պետք է ըլի, որ քոռանա, ձեզ չտեսնի, ձեր ղադրը չիմանա. է՛ն ի՞նչ բերան պետք է ըլի, որ կապվի, ձեր փառքը չգովի, ձեր անունը չպաշտի. է՛ն ի՞նչ քարացած սիրտ պետք է ըլի, որ ձեզ չսիրի, ձեզ իր հոգին մատաղ չտա: Օրհնեցե՛ք ռսի ոտը, ջան-ջանի տվե՛ք, իրար սիրեցե՛ք, դուք է՛ն աշխարքի ծնունդն եք, է՛ն ազգի զավակը, որ աշխարհ ամենայն զարմացրել են ու կզարմացնեն: Դո՛ւք, դո՛ւք իրար պահեցե՛ք, ինչպես ձեր նախնիքը, դո՛ւք իրար թասիբ քաշեցե՛ք, ձեր նախնիքը միտք բերե՛ք, ձեր հողն ու ազգը պաշտեցե՛ք, ես ետ եմ դառնում էլի իմ պատմությունն անեմ, բայց աչքս ճամփի ա, անկաջս՝ ձենի, ձեր ջանին ղուրբան. չթողա՛ք, որ էս մուրազը հետս գերեզմանս տանիմ, ու հողումն մարմինս քրքրվի, երկնքումը հոգիս տանջվի, երբ իմանամ, թե ձեր սերը պակսել ա, ձեր բարեկամությունը ցամաքել:

Գնա՛նք Երևանու բերդը, օրը մթնում ա, խավարը բռնում, աչքերս սևանում, սիրտս տրորվում, ու ինչ տեղ որ ծնել եմ, է՛ն հողն էլ ա աչքիս փուշ դառել, սրտիս՝ դանակ: Ղուշն իր բունը սիրում ա, ես իմ հողը ատում, փնովում, չունքի լսած ու տեսած բաներս կրակ են դառել, սիրտս էրում, փոթոթում, չունքի Երևանա բերդի հողի ու ջրի շատ փայը, հե՛նց բռնիր, հայի արընով ա շաղախած. ի՞նչպես անեմ, ո՞ր ջուրն ընկնիմ, որ սիրտս հովանա, յա մեռնիմ, պրծնիմ, ու էս դարդերը ինձ սաղ-սաղ չուտեն, չսպանեն:

Երևանու բե՛րդն, Երևանու բե՛րդն, ուր որ,— քանի Հայոց թագավորությունը իր աշխարքիցը ձեռք վերցրեց, ու քրիստոնեությունը դառավ Հայոց ազգի հույսն ու ապավենը, ու երկնից արքայությունը, ու պարսիկ, օսմանցիք հռովմայեցոց գլուխը Եվրոպա ուտելով, հունաց ազգը էնտեղ տանջելով, ասորոց, բաբիլոնացոցը՝ Ասիա վերջացնելով, թուրըները սրած, կատաղած ասլան-ղափլանի պես, մեկն էս դհից, մյուսն՝ էն, մեր ազգի արնին էին

ծարավել, որ իրանց անկուշտ փորին մատաղ անեն, ու մեկը ծամում էր, մյուսին տալիս, մյուսը արինը խմում, մեկի չանգը քցում,— մնացել էր հարիր հիսուն տարուց հառաջ օսմանցոց ձեռին, որ Նադր շահը դուս էկավ ու Հնդստան, Արաբստան ոտի տակը տալուց ետև երեսը ետ դարձրեց Երևանու վրա: Սար ու ձոր նրան գլուխ էին վեր բերում, մեկ բուռը հողը ու լենաշալվար օսմանցին ո՞վ էր, որ աոաջին դիմանա: Հենց Մուրադ թափի գլխին, Քանաքռուց մի քիչ բարձր, նրա չադրի ծերն էրևաց, ղաջար Հասան Ալի խանը օսմանցվին ընչանք Ղարս մին քշեց, ու կտրիճ զորապետը էնքան թուրն ածել, օսմանցվի գլուխ էր թռցրել յա ուս վեր բերել, որ ձեռը փետացել էր, թուրը գուլացել, ու ինչ ժամանակ ետ դառավ ու Նադր շահի չադրի առաջին որ մզրախը չշպրտեց, մզրախը դողալով գետնումը ցցվեց, բայց քաջի արած տղամարդկությունը շահի աչքումը տնկվեց, ու պատվի, փառքի փոխանակ՝ ողորմելի խանի աչքերը իսկույն հանել տվեց, որ արեգակի աոաջին լուսինը չերևի, ու իրան անունը չկոտրվի: Էս կույր ողորմելին էր, որ օսմանցվից հետո Երևանու խանությունը ստացավ, ու էլի պարսից անիծած ոտը մեր աշխարհը մտավ: Սրանից հետո իր ախպեր Հուսեին Ալի խանն սկսեց նստիլ, որ է՛նքան աջիզ, խեղճ էր, մինչև վրաց Հերակլ թագավորն էկավ վրեն, ջարդեց ու 3000 թուման էլ հարկ դրեց ուսին: Սրա որդի Մահմադ խանն էլ որ նստեց, Աղա Մահմադ խանն, որ ավելի անունն Ախտա շահ էին կանչում, դուս էկավ, Նադրի պես սար ու ձոր ջարդելով՝ ինքը դեպի Ղարաբաղ ու Թիֆլիզ երըմիշ էլավ, իր ախպեր Ալի Ղուլի խանին Երևանու վրա ղրկեց: Բայց մինչև Թիֆլիզու գերին Երևան չհասավ, Մահմադ խանը երկրի խալխը գլխին, բերդումը թոփ արած՝ իր ջիլավը թշնամու ձեռը չի՛ տվեց, որ Երևանու բերդի չորս կողմը կտրել, նստել էր, բայց կռիվ չէ՛ր տալիս, չունքի խանն ասում էր.
— Երբ Թիֆլիզ կառնիք, ես ձերն եմ ու ձերը: Թիֆլիզ առան, էրեցին, եսրի տուտը Երևան հասավ թե չէ, խանի մեջքը կոտրվեցավ: Ալի Ղուլի խանը մտավ բերդը, Մահմադ խանին ղոնաղ արեց ու, հացի վրա հենց, ոտն ու ձեռը կապիլ տվեց ու Պարսկաստան ուղարկեց:

Պատմում են, թե բոլոր խաների միջին սրանից լավը չէ՛ր նստել: Մեկ քանի օր որ անց ա կենում, մեկ գիշեր հանկարծ մելիք Աբրահամին կանչիլ ա տալիս: Ողորմելու արինը ջուր ա դառնում, բայց հենց կուշտն ա գալիս, սրան բարկացած հարցնում ա, թե ինքը լսել ա, որ հայերը առանց զանգակի ժամ չեն գնալ, ի՞նչպես ա, որ զանգակի ձեն չի՛ լսում: Մելիքը որ դողալով չի՛ ասում, թե նրա ահու չե՛ն տալիս, իսկույն բարկանում, հրամայում ա, որ գնա, հայերին ասի, թե նա էկել ա, որ խալխին

պահի, նրանց տիրություն անի, նրանց ցավին հասնի ու ո՛չ նրանց նեղացնի: Ու էս արժանահիշատակ խանն ա, որ խալխի խարջը, կոռը բաշխում, շատ ումուդ, շաֆաղաթ ա տալիս, բայց թուրը երկար չի՛ կտրում: Ախպորը որ Ղարաբաղումը Սադըղ խանը չի՛ սպանում, Երևանու հայ, թուրք բերդը բռնում, սրան զոռով դուրս են անում, որ ղաջարի անունը իրանց վրա չըլի, էնպես որ ողորմելին հազար մուննաթով ու աղաչանքով, բռանց ա գլուխը պրծացնում ու էլ ետ իր երկիրը քաշվում: Փոքր վախտ սրանից հետո Մակվա խանն ա գալիս, Երևան նստում, չունքի որ Մահմադ խանի ազգականն ա ըլում: Ֆաթ Ալի շահը որ նստում ա, Մահմադ Խանը շահի մորը մեջ ա քցում, մինչև 10 000 թուման Երևանու փող ռուշվաթ (կաշառ) խոստանում ու էլ ետ գալիս, իր տեղը բռնում:
Էս միջումն ա ըլում, որ Նախչվանու քոռ Քյալբալի խանը Ղարսա վրա կռիվ ա դուս գնում, փաշին ջարդում, երկիրը ոտնատակ տալիս, ու ռուսն էլ նոր Փամբակ առած էնտեղ մեկ մայոր ա ըլում, ավելի անունը Ղարա (սև): Խանը ետ դառնալիս ուզում ա, որ Փամբակ էլ մեկ ատամին խփի, ու որ լսում չի՛ թե Ղարա մայորը մեկ քանի հարիր մարդից ավելի ո՛չինչ չունի, հրամայում ա, որ գնան, նրան սաղ-սաղ բռնեն: Բայց ռսի սալդաթի ու թոփի հունարը դեռ չեն տեսած ըլում ողորմելիքը: Իրեք-չորս անգամ էնքան ղոնշունը վրա է տալիս, բայց տեսնելով, թե ռուսը պատի պես կանգնած՝ գյուլլից էլ չի երես ետ դարձնում, փոխանը կատու ընկած՝ ձիու գլուխը շուռ ա տալիս ու իր հողը գալիս:

Էլի էս միջոցումն ա ըլում, որ անիրավ Մահմադ խանը շահի հետ խոսքը մին ա անում ու քաջահաղթ Ցիցիանովին խաբնով իր մոտ ա կանչում, որ բերդը ռսին տա: 3000 մարդով որ նա Երևան չի՛ մտնում ու տեսնում, որ խորամանկ պարսիկը կամեցել ա նրան ականաթի մեջ քցի, մտնում ա թուշ Երևանու մեչիդը, ու իրեք ամիս էս քաջ հսկայն, առանց հացի, առանց օգնության, էն շոգ ժամանակին, որ մարդի գլխին կրակ ա վեր թափում, էն թանկությունն ա ըլում, որ աղի լիտրը մեկ մանեթով ճարվելիս չի՛ ըլում, ու շահն էլ անթիվ, անհամար զորքով գալիս, սար ու ձոր բռնում ա, ու ռսի ղոնշունի շատն էլ որը սովն ա սպանում, որը շոգը, ու հայերն են ըլում հաց տվողը, ռսի քոմակը, մանավանդ կենդանի նահատակ Հովհաննես եպիսկոպոսը, որ Էջմիածնա ամբարները դարտակում ա, որ բալքի թե էնպես բան ըլի, որ ռուսն Երևան մնա, բայց աստուծո հրամանը չի՛ ըլում, Ցիցիանովը էնքան գազանի ռխից իր մեկ բուռը ղոնշունը ու հայերին հավաքում, էն վախտն ա քաղաքը մտնում, որ սաղ Վրաստանը, Կավկազը դոնմիշ էլած՝ մեկ-մեկու ուտելիս են ըլում: Մինչև Ղազախ ղզլբաշի ղոնշունը նրա աղաքն ու քամակը բռնած՝ կռվելով գալիս են, բայց էլի գլխըները քորելով ետ են դառնում, ու Ցիցիանովի ոտն ու երկրի խաղաղությունը մեկ ա ըլում, էնքան անուն ա ունեցել էս քաջ հսկայն: Հալվաբարու հայերը որ կան, էն ժամանակն են իրանց երկիրը թողում, քոչում ու որը մելիք Աբրահամի, որը Հովհաննես ուզբաշու ձեռի տակին՝ գալիս, քաղաքը մտնում:
Ռուսը որ ետ ա դառնում, Մահմադ խանին բռնում, Պարսկաստան են տանում, ու նրա տեղը Թավաքյալ խանն ա գալիս, նստում, որ Գուդովիչի հետ կռիվ ա տալիս: Սրան էլ փոխում են, Հուսեին խան սարդարը ու իր ախպեր Հասան խանն են Երևան ղրկում, որ մեկ քանի տարվան միջումը Ղարս, Բայազիդ, Արզրում ոտի տակ տվին ու օսմանցվին կատու էին շինել: Կարելի ա, թե Երևան էնպես բարի, ազնիվ, խալխի ցավին հասնող, աշխարհաշեն մարդ չէ՛ր տեսել, ինչպես որ սարդարն էր. բայց ինչքան նա բարեսիրտ էր, էնքան չար, գազան, դժոխք էր նրա ախպերը, որ ոտը փոխելիս՝ սար ու ձոր դողում էին: Նրա համար հո՛ մարդի, հո՛ սոխի գլուխը, բոլորը մեկ էր:

Էս էր, որ աստված գլխին բարկացավ, էլածն էլ ձեռիցը խլեց ու խեղճ հայերի էրված, խորովված սիրտը անջախ մի անջախ հովացրեց, ու էսօր խաչն ա նրանց պահում, ու ո՛չ Ալու փանջեն նրանց սասանացնում:

Օրհնվի՛ էն սհաթը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ ու ղզլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց: Քանի որ մեր բերնումը շունչ կա, պետք է գիշեր-ցերեկ մեր քաշած օրերը մտքըներս բերենք ու ռսի երեսը տեսնելիս՝ երեսներիս խաչ հանենք, աստծուն փառք տանք, որ մեր աղոթքը լսեց, մեզ ռուս թագավորի հզոր, աստվածահաստատ ձեռի տակը բերեց: Բայց թե մինչև էս բախտին հասնիլը ի՞նչ օր ենք քաշել, ի՞նչ գյուլլեք ա դիպել մեր խեղճ ազգի գլխին, ի՞նչ թրեր ա նրանց լերդն ու թոքը կերել, էրել, նրանց արինը վեր ածել, քանի՜, քանի՜ անգամ են քոչել տնըհան, տեղըհան էլել, քանի՜, քանի՜ իշխանք՝ որը կրակով, որը փետի տակին, իրանց հոգին տվել, ով ուզում ա իմանալ, հետս գա, գնա՛նք էլ ետ Երևան:

Թո՛ղ լսողը չի՛ իմանա, թե ես Երևանու ծնունդ ըլելով՝ նրա հողի ու ջրի սերն ա էնքան սիրտս քաշում, տանում. չէ՛, գիտե աստված: Երեխա եմ էլել, որ էնտեղանց դուս եմ էկել, ամա էսօր էլ, որ մտածում եմ, թե Զանգվի կարմնջի վրովը յա բազարի մեյդանովն անց կենալիս ինչպես էր իմ լուսահոգի հերը ինձ ոտով-ձեռով անում, չունքի լեզվով խոսալն էլ ղազաբի էր բերում, որ թեզ անց կենանք, մեզ թուրք չտեսնի, որ մտածում եմ, թե քանի՜, քանի՜ անգամ, հենց մեր այգումը, յա մենք ենք ղզլբաշ յարալու արել, յա նրանք մեզ, ջանս վրես սրսռում ա, միսս վեր թափում:

Դեռ ռսին չտեսած՝ մեկ էլ մտնինք Երևան, չունքի մեր հայրենիքն ա, մեր նախնիքն են էնտեղկացել, տիրել, մեռել, թաղվել, էն ժամանակը կիմանանք ռսի ղադրը ու մեր բախտավորության գինը, ով ուզում ա՝ գա:
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top