Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Գլուխ երրորդ

Գլուխ երրորդ
Հայաստան աշխարքը շատ վախտ էր նեղության, ավերման, տակ ընկել, ամա էս ամենիցը անց կացավ: Սար ու ձոր դառել էր գողի, ավազակի բնակարան: Ամեն կողմից պարսիկք է՛նպես ոտը բարձրացրին հանկարծ, որ էլ դեմ կենալու ճար չկար: Բայց է՛ս նեղությունն էր, որ հայոց էլ է՛ն հոգին էր տվել, որ թե մեկ կողմից իրանց ազգին ոտի տակ էին տալիս, մյուս կողմից իրանք էին թշնամու արինը ծծելով ման գալիս: Սաղ Պարսկաստան պոկ էր էկել, սաղ Կավկազ՝ դոնմիշ էլել: Էրակլի որդի Ալեքսանդրեն, որ Վրաստան առնելուցը ետը փախել, պարսից դուռն էր ընկել ու հարիր անգամ գլուխը քարեքար տվել, որ իր աշխարքը էլ ետ ձեռք քցի, էլ սար չէր մնացել, որ անց չկենա, որ բալքի թե իր սրտի մուրազը կատարի: Լազգի, Չաչան, Չերքեզ, Ղազախ, Բոռչալու, Շամշադին, բոլոր Կասպից գավառները՝ ձեռըները հինա էին դրել, թև առել, որ թռչին ու ռսի իշխանությունը ստանան: Հայ ազգին յա կրակ էին խոստանում, յա սուր. յա կոտորում, յա թալանում: Ինչքան թույն ունեին, մեր ազգի գլխին էին թափում: Յա պատիվ, մեծություն խոստանում, որ խաբեն նրանց, յա պատիժ, պատուհաս տալիս, որ վախենան, ռսիցը ձեռք վերցնեն: Շահիցը, սարդարիցը ֆարման ֆարմանի վրա էր գալիս, բայց հայոց արդար սիրտը, ուղիղ սերը, որ ռուսաց հետ ունեին, է՛ն ժամանակն էլ նրանց չթողեց, երբ թուրը գլխըներին խաղում, որդի ու զավակ դոշըներին, առաջներին սուրն էր քաշվում յա կրակումն էրվում:

Ինչ որ Պարսից կռվի ժամանակին հայք արին, աստուծո է հայտնի, ու ամենողորմած կայսրն էլ շնորհակալությունով ու հրովարտակներով, խաչով ու նշանով էս արած լավության տեղը շատ անգամ լցրեց: Թո՛ղ բազի հիմար, անաստված մարդ հայոց ոտը ձգի. թե մարդ չիմանա, քարերը վկայաթյուն կտան: Հալբաթ որ մեկ օր մեկ արդար, անաչառ մարդ Վրաստանու պատմությունը կգրի, էն ժամանակը կերևի, թե հայք ի՞նչ արին, ի՞նչ հավատարմություն են ցույց տվել տերությանը, ի՞նչ արին են վեր ածել:
Ո՞վ չգիտի, որ էս հադաղին, ինչ ժամանակ Հասան խանը՝ արևմտից, Աբաս Միրզեն՝ արևելից, ավազակի պես հանկարծ էկան, մեր սահմանը (սնռը) կոխեցին, մեր կողմը ամենևին խաբար չունեին: Ընչանք ռուսք իրանց զորքը կհավաքեին, ղզլբաշը կարող էր սաղ Վրաստան ոտի տակ տալ, եթե հայք չէին ամեն տեղ նրա ճամփեն կտրել: Միմիայն Ներսես ու Գրիգոր եպիսկոպոսաց, Մատաթովի ու Բեհբուդովի արածը բավական է, որ աշխարք իմանա, թե ի՞նչ հոգի ուներ էն ժամանակը մեր ազգը: Առաջինը՝ խաչը ձեռին, հայոց քարոզում, զորք էր հավաքում, որ գնան, արին վեր ածեն իրանց ազգի համար. երկրորդը՝ Երմալովի խնդրքովը եպիսկոպոսության շորերը փոխած, չերքեզի շոր հաքած, յարաղ-ասպաբ կապած՝ որ Թիֆլիզու, Ղազախ-Բոռչալվի միջովը չէր անց կենում, հենց իմանում էր խալխը, թե իրանց փրկիչն էր գալիս:

Էն ժամանակը, որ Շամշադինի մովրովը հարիր մարդով հենց հասավ Մատուշկի ասած կարմունջը ու սարսափելով էլ ետ ե՛տ դառավ, չկարաց առաջ գնալ, էս հսկա եպիսկոպոսը երկու մարդով հազար արինակեր հարամու գլուխ ջարդելով՝ Ղազախ-Բոռչալու անց կացավ, հասավ Շամշադին՝ իր հայրենիքը, իր ընտանյաց մեջը, գրաֆ Սիմոնիչին, որ Գյանջուցը փախած՝ գալիս էր, իր բոլոր զորքովը իրանց տանը երկար պահեց ու Երմալովի թղթովը բոլոր կառավարությունն ստացավ, մինչև Թիֆլիզուցը օգնություն գար: …գեղը, որ պարսիկք էկան, քանդեցին, գերի արին, ուր յոթանասուն տանից ավելի էր, երեսուն մարդով հինգ հազար մարդի մեջ մտավ, առյուծի պես իր ժողովուրդն ազատեց, նրանց եսիրը ետ բերեց: Էս միջոցին Երմալովն էլ էկավ, հասավ: Մեկ պաս օր եպիսկոպոսիցը խնդրում ա, որ կռվի ժամանակին էլ պասին մտիկ չանի, բայց նա հսկայաբար պատասխան է տալիս.

— Պարսից միսը թողած՝ ի՞նչ հարկավոր է տավարի միս ուտիլ:

Էս միջումը Ալեքսանդր վալին ու Զոհրաբ խանը էկան, Շամշադինը կոխեցին, ու քիչ էր մնացել, որ բոլորը տակ ու գլուխ անեն. քաջ եպիսկոպոսը իր ընտիր հայերով նրանց քամակը կտրեց, զորքըները կոտորեց ու հինգ պարսիկ իր ձեռովը բերեց ու Երմալովին փեշքաշ արեց: Սա էլ ճակատը համբուրեց ու շատ անգամ խնդրեց, որ իրան ասի, թե ի՞նչ պարգև ա ուզում թագավորիցը, բերիլ տա: Անմահ եպիսկոպոսը է՛ն խնդրեց, որ Շամշադինու ու Ղազախ-Բոռչալվի հայ ազգը թուրքի ձեռիցն ազատվի, չունքի մինչև էն ժամանակը նրանց ձեռին շատ նեղություն էին քաշում: Խնդիրքը կատարվեցավ, ու ինքն էլ արքայական պսակին ու թոշակին (պենսիա) արժանացավ:
Ո՞վ չի զարմանալ, որ սրա ախպեր Գալուստը ինչ ժամանակ Հասան խանի ձեռը գերի ընկավ, ու ուզում էին, որ գլուխը տան, Նաղի խանը մեջ ընկավ ու նրան արձակիլ տվեց: Սարդարն էլ էն պայմանով նրան թողեց ու ֆարման տվեց, որ Շամշադնու, Ղազախ-Բոռչլավի մեծությունը որդոց-որդիս նրան կբաշխեր, թե կարողանար հայերի սիրտն առնիլ, նրանց դարձնիլ, որ ղզլբաշին ծառայեն: Հրամանն էնպես էր տված, որ թե չորս օրվա միջի խարար չբերի, գլուխը հազար կտոր պետք է ըլեր: Բայց նա էս բոլոր արինը աչքի տակն առած՝ էկավ ու թղթերը Մատաթովին տվեց: Հասան խանը հազար ոսկի նրա գլուխը բերողին, երկու հազար՝ նրան սաղ-սաղ բռնողին էր խոստացել: Շամշադնու սարերը, ձորերը գիշեր-ցերեկ գող ու ավազակ ղլվլում էին, որ նրան բռնեն, իրանց պարգևն առնին, բայց շատին ինքը իր թրին պարգև արեց: Է՛սքան անվանի, է՛սքան քաջության տեր էր էս օջախը, բայց էլի ով Գրիգոր եպիսկոպոսին տեսներ, հոգին հետը կերթար. է՛ն զարմանալի սրտի տերն էր, է՛ն քաղցր լեզուն, է՛ն անուշ բնությունն ուներ: Երեխի պես կնստեր, կպատմեր, ինչ գլխովն անց էր կացել:

Բայց ի՞նչ հարկավոր է բանը երկարացնիլ: Քանի Կավկասյան սարը կա, Մատաթովի ու սրանց արածը հավիտյան կհիշվի, կասվի:

Միթե Ներսես եպիսկոպոսը չէ՞ր, որ գրաֆ Պասքևիչի հետ մտավ Հայաստան ու հայոց մեծ մասը՝ քարոզելով, հորդորելով, ռսի ձեռի տակը բերեց: Քանի՜, քանի՜ քաղաքներ, գեղեր դարտակվեցան ղզլբաշի ու օսմանցվի երկրումը ու քանի՜սն էր Հայաստան, Վրաստան նրանցով լցվել:

Ո՞ւր թողանք էն մեր հոյակապ իշխանքը՝ Բարսեղ, Մանուկ, Մկրտիչ աղեքն բայազդցի, աշխարհահռչակ տունն Տիգրանյան ղարսցի, որ, ինչպես հայր, իրանց բոլոր հարստությունը վատնեցին, փչացրին ու իրանց աղքատ ժողովուրդը պահելով՝ բերին էս կողմը: Էսօր էլ նրանց անուն տալիս՝ բայազդցիք ու ղարսցիք ուզում են երեսներին խաչ հանեն, էնքան անթիվ է նրանց հերությունն ու լավությունը ազգի վրա:

Միթե էս բայազդցի՞ք չէին, որ երբ մեր զորքը նրանց քաղաքն առավ, մեկ քանի օրից ետը հանկարծ Վանա փաշեն մեծ ղոնշունով որ էկավ, Բայազդի չորս կողմը բռնեց, էս քաջ հայերը հոգին ատամների տակն առած, է՛ն տղամարդությունը ցույց տվին, որ դեռ Երևան չեկած՝ շատը աստիճան, խաչ ստացավ: Էսօր էլ որ էս ողորմելիքը Թիֆլիզումը, մշակություն անելիս կամ բաղնսներումը ծառայելիս, խոսք ա ընկնում, էն կտրատված շորըներիցը էլի իրանց խաչերը հանում, գոռոզությունով ցույց են տալիս իրանց արնի գինը:
Կարելի է, թե պատմությունը, որ հայի համար քոռացել, մեծ-մեծ ազգերի ա ղուլուղ անում, էլի մոռանա, բայց ազգասեր հայն ի՞նչպես չպաշտի էն արծափեցի Մանուկ աղայի գերօրինակ քաջությունը ու հսկայությունը, որ դեռ Բայազիդ չառած՝ առյուծի պես, քառասուն քաջ հայազգի քամակին, Մասսա սարին նայելով, իր ազգի մեծությունը միտքը բերելով՝ թև էր առել, սար ու ձոր ոտնատակ տալիս, փաշին ու բոլոր Բայազդու գավառը պահում, քրդերին քարեքար տալիս, հալածում: Տասը տարուց ավելի էսպես իր աշխարքին տիրություն էր անում. վաթսուն մարդով շատ անգամ երկու-իրեք հարիր քրդի մեջ մտել, ջախըբուրդ արել, դուրս էր էկել, ու ինչ ժամանակ Պարսից կռիվը բաց էլավ, արծվի պես ընկել էր Մասսա էս կողմը ու Հասան խանի ղոնշունը շատ տեղ կոտորել, ջնջել էր: Էնպես որ, խանը անճարացած՝ գրեց փաշին, որ յա Մանուկին կորցնի, յա թե չէ հազրվի, որ վրեն կռիվ կգնա: Հսկա, բայց տարաբախտ Մանուկ աղեն էն օրը, որ էս խաբարն ընկնում ա քաղաքը, գալիս ա, որ բարութ առնի: Փաշեն, որ նրան աչքի լսի պես էր սիրում, կանչում, աղի արտասընքով խնդրում ա, որ անպատճառ գլուխն առնի, քաշվի, բայց քաջասիրտն Մանուկ իր տղամարդությանն ապավինելով՝ ասածն անկաջըվեր անում ու գալիս, մեկ դուքանի առաջի զրից տալիս, որ տասը ղզլբաշ հանկարծ վրա չեն թափվում, վեցին էլ սպանում ա ու հետո ա հոգին տալիս ու խաչվում: Էսօր էլ ինչ բայազդցի նրա անունը տալիս ա, ծուխը քթիցը դուս ա գալիս: Լիս կտրի՛ գերեզմանդ ու հողդ, անպարտելի՛ հսկա: Ա՜խ, ե՞րբ կըլի, որ քո հոգին գա, մեր ազգի վրա իջանի, որ մենք էլ մեր ազգին քե՛զ պես տիրություն անենք, քե՛զ պես մեռնինք:

Ո՞ւր թողանք ղարաբաղցոց, երևանցոց ու լոռըցոնց արածները, որ քար ու հող ղզլբաշի արնովը լվացել, արին են թափել: Ղորդ ա, էն վաղուցվան հիանալի մելիքները չկային, ամա նրանց հոգին շա՛տ տեղ էր մնացել: Ղզլբաշի շատ ղոնշունի գլուխը սրանք կերան:

Ա՜խ, ո՞ւմ մտքից կերթա է՛ն հսկա կերպարանքը, է՛ն գեղեցիկ պատկերը, էն անոշ լեզուն ու անօրինակ ռաշիդությունն ու սիրտը, որ շուլավերցի Սոսի աղեն ու մելիք Հոհանջանն ունեին: Հրեղեն վիշապի պես ընկել էին Քաշվեթու ու Բոլնիսի սարերը, որ թշնամու առաջը կտրեն, տեղ չտան, ու ինչ ժամանակ խաբարը նրանց է հասնում, թե Նեմեցի Կոլոնիեն տվին, քառասուն կտրիճ տղերք քամակին, իրանց մովրովն էլ մեջըներումը՝ է՛ն վախտն են վրա հասնում, որ քուրդ Օքյուզ աղեն վաղուց Կոլոնիեն քանդել ու իրեք հազար մարդով եսրների կեսը կոտորել, կեսը առաջն արել, տանում ա: Արինն աչքներն առած՝ ընկնում են էս մեկ բուռը զորքը էն անթիվ բազմությունի ետևիցը: Քուրդ ու ղարափափախ՝ եսրները տալիս են մեկ քանի մարդի ձեռք ու իրանք ետ դառնում: Էս միջոցումը մովրովը հայի ղոնշունն առնում, փախչում ա, որ իր գլուխը պրծացնի. միմիայն քաջն Սոսի մեկ քարի տակի, իր կտրիճ ընկեր մելիք Հոհանջանի հետ ղայիմանում, ու մեկը մեկին ձեն են տալիս.
— Նամարդությունն ու թուլությունն տղամարդի համար ամոթ ա, քաջությամբ մեռնինք, որ մեր որդիքն էլ իմանան, թե մենք էլ ենք սիրտ, ունեցել ու մեր երկրի թասիբը քաշել,մեր աշխարհի սիրով մեռել: Էս մուռտառ արինն էլ ընչի՞ ա պետքը, որ էսպես օրը չենք թափիլ: Չոլումը մեռնիլը տղամարդություն է:
Ճանանչ թուրքեր ձեն են տալիս.
— Սո՛սի աղա, քո աղ ու հացը շատ ենք կերել, մեր աչքը կբռնի, թե քեզ վրա թուր բարձրացնենք: Մենք քեզ կտանինք, սաղ-սալամաթ ճամփու կքցենք. մի՛ անիր, գլուխդ մահու մի՛ տար, քե՛զ ենք ափսոս գալիս, արի՛, քեզ խնայի՛ր:

Բայց հսկայն Սոսի՝ կասկած ունելով, թե իրանց կբռնեն, եսիր կանեն, նրանց խոսքին չի՛ նայում ու առաջի թվանքը որ չի քցում, Օքյուզ աղի տղեն է սֆթա ձիու շլինքովն ընկնում: Կատաղած հարամին ընչանք վրա կհասներ, մեկ տասնըհինգ մարդ էլ սպանում են էս կտրիճ հսկայքը ու թուրըները հանած, երբ բարութները հատնում ա, ընկնում են գազանների մեջը, առյուծի պես: Ընչանք իրանց հոգին կտային, մեկ տասը հոգի էլ թրի են մատաղ անում ու իրանք աստծուն մատաղ ըլում:

Հանգի՛ստ ձեր սուրբ ոսկերացը, ո՜վ քաջ նահատակք: Ձեր ջիվան ջանի արինն ա, որ էսպես սիրտս կրակում ա: Ի՞նչ հայ ձեր անունը լսի ու ձեր լիս գերեզմանին ողորմի չասի, ձեր հիշատակը իր սրտումը չգրի: Մի՛ իմանաք, թե ձեր ազիզ արինը նհախ տեղը թափվեցավ. էդպես պատվական արինն էր, որ աստուծո սիրտը գութ քցեց, մեր աշխարհն ազատեցու էսօր էլ է՛ն ձեր նահատակության քարի տակիցը ձեն ա տալիս.

— Հա՛յք, մե՛զ պես մեռեք, որ անուն ճարե՛ք:

Էսպես օրինակներ հազարները կան, բայց էլի մենք մեր պատմության տուտն սկսենք:

Բարեխնամ կառավարությունը տեսնելով, որ աշխարքն էսպես ոտի տակ ընկավ, հրամայեց, որ Փամբակ, Շորագյալ քոչին, գան Լոռի, որ իրանց պրծացնեն: Աստված հեռու տանի, ինչ խալխի հալն էր: Որի ախպերը չկար, որի հերը, որի որդիքը, որի մերը: Ղարաքիլիսեն, ինչ տեղ որ իշխանն Սավարզամիրզա կենում էր, դառել էր սգատուն, գողադարան:

Անօրեն պարսիկքն ու թուրքերը ձորից, սարից, օրը ճաշին, մեր աչքի առաջին, մեկ թվանքի մանգզիլ տեղ, վրա էին տալիս գազանի պես ու տավար, մարդ եսիր անում՝ կամ տանում, կամ գլուխը կտրում: Ո՛չ ցերեկն ունեինք քուն, ո՛չ գիշերը: Մեկ ձիու ոտի կամ թվանքի ձեն մերուցը գալիս՝ աշխարքն աշխարքով էր դիպչում: Հերը որդին ուրանում էր ու աչքը ջուր կտրած, շլինքը ծուռը՝ մտիկ անում, թե հրես, որտեղ որ ա, հարամին կգա, նրան սուրը կքաշի: Մեկ դաստա սալդաթ ու մեկ քանի ղազախ, որ գնացել էին ճամփեն բռնեն, էնպես ջարդված, յարալու-փարալու ետ էկան, որ մարդի գլխին կրակ էր վառվում: Մեկ օր Նաղի խանը էսպես վրա տվեց, Ղշլաղ ասած գեղն էրեց ու Ղարաքիլիսու վրա էկավ: Էլած-չէլած ղոնշունը թոփերն առած՝ քաղաքի առաջը կտրեց, խալխն էլ տուն ու տեղ բաց թողին ու իրանց էրեխեքանց ձեռը բռնած՝ գնացին, թոփի տակը մտան: Ռուսաց քաջ հոգին էր, որ մեզ ազատեց:— Վաղուց էինք սրբություն առել ու մեր սև օրին աչքըներս կթել:
Խալխը քոչիլ չէր ուզում, չունքի սրի ձեռիցը, սովի ձեռը պետք է ընկնեին, ու չէին ուզում էլ, որ իրանց քաղցր հողիցը բաժանվին: Մտքիցս չի գնալ էն դառն օրը, որ հրամանն էկավ, թե անպատճառ քոչին: Ո՞վ կուզեր ախր է՛ն տունն էրել, որտեղ որ իր հերնըմերը կացել, իրան կաթը տվել, պահել, մեծացրել, մեռել էին. է՛ն իգին իր ձեռովը քանդիլ, որ դառը քրտնքով բհամ բերել, էն տեղն էր հասցրել: Հաջաթ, զարդ, տան կայենք, ինչ կար չկար, բոլոր կրակ տվին, ինչ ժամանակ ռսի ժամի մուխը տեսան, որը որ մեծավորը ի՛ր ձեռովը կրակ տվեց, ու սկսեցին լալով, սգով իր քաղցր, ազիզ սիրելյաց գերեզմանը համբուրի, բարով մնա ասիլ իրանց հողին, ջրին, թոփի, սալդաթի մեջն ընկնիլ ու Դվալի սարի է՛ն կողմն անցնիլ: Դեռ կիսաճամփի էինք, որ Նաղի խանը իր ղոնշունովը էկավ, մտավ Ղարաքիլիսա, ու սարի դոշիցը ամեն մարդ իր տան կրակի ծուխը տեսնելով՝ քթի ծուխն էլ հետն էր դուս գալիս, ու աչքը խփում էր, որ էս կսկիծն էլա չտեսնի: Քոչվորի մեկ տուտը Ջալալօղլի էր հասել, մեկը դեռ հլա սարի էն կողմն էր: Թուրքերը ջամդաքակեր գիլի պես գլխըներիս պտիտ էին գալիս ու սարից, ձորից թվանքները մեզ վրա կրակում: Էն օրը գնա, ո՛չ ետ գա, ինչ մեր հալն էր: Լացի, սգի ձենը երկինքն էր հասել, լսողի, տեսնողի սիրտը էրում, փոթոթում:

Խալխը սար ու ձոր լցվել, իրար վրա էր թափել. ո՛չ տուն կար, ո՛չ տեղ, ո՛չ հաց, ո՛չ ապրուստ: Ով բարեկամ կամ ծանոթ ուներ Լոռի, գնաց, նրա մոտ վեր էկավ. ով հարուստ էր, գլուխը պահում էր. ով մեկ աստվածասերի ռաստ էր գալիս, գեղարենքումը իր քյուլֆաթին մեկ տաք գոմ էլա ճարում, նրանց տեղավորում էր, ով չէ՛, սարում, ձորում, էրում, քարափում բուն փորում, մեջը մտնում ու գլուխն ու մեջքը լեռ քարին տալիս: Լոռվա ձորի մեջը, էս գլխիցը էն գլուխը, խալխ էր, որ իրար վրա վեր էր թափել. շատը հողն էր ծակել, մեջը մտել. շատը փետեր իրար վրա տվել, տակին կուչ էկել, բայց հաց, շոր, ապրուստ ո՞րդիանց ստանային ողորմելիքը: Հացի կոտը դառավ օխտը-ութ մանեթ, էն էլ չէր ճարվում: Սարերումն՝ էլ բանջար, խոտ չէր մնացել, քաղել, կերել էին: Ձուկը բռնելով, ֆորս անելով ի՞նչպես կարելի էր տուն պահիլ. քչիցը, ամեն մեկ տան տասը ջան կըլեին: Էլ սատկած տավար չմնաց, որ չմորթեն, չուտեն: Շատ հեր, շատ ախպեր իրանց օղլուշաղի, քոռփա էրեխեքանց ձենին չդիմանալով՝ տասնով, քսանով հավաքվում, գլխըները փեշըներին էին դնում, էլ ետ թաքուն Փամբակ գնում, որ հաց բերեն. բայց, ա՜խ, որը եսիր էր ընկնում, որը գլուխը թշնամուն տալիս, իր տունը քանդում:
Ձմեռն էլ էկավ, վրա հասավ: Մարդ, անասուն սովի, ցրտի ձեռիցը ազար ընկավ: Աստված ո՛չ շհանց տա, ի՜նչ էս խեղճերի հալն էր: Քար էր, որ գերեզման էր դառնում, հող էր, որ ջիվան-ջիվան երեխեք, իրեք-չորս օր սոված, թաղաթը կտրած՝ տակովն անում: Մեկ հացի ֆոտ դուս գալիս, հազար աղքատ՝ շլինքը ծուռը, դուռըդ կտրում. չտայիր, սիրտդ էր էրվում, տայիր, երեխեքդ մնում սոված. կարոտ էինք մնացել, որ ցամաք հացն էլա կուշտ փորով ուտենք: Ով ինչ զարդ, զինքս ու զարդարանք, արծաթեղեն կամ մարգարտեղեն ուներ, որը ծախեց, որը գրավ դրեց: Շատը որդիքը տարան Շուլավեր, Բոռչալու, եսիր տվին: Իմ տան տերը դերձիկ էր: Որ գնում չէր, բանում ու մեկ քանի շաբթից ետը մեզ համար հաց բերում, հենց իմանում էինք, թե երկնքիցը հրեշտակ է գալիս: Էսպես՝ հազարավորք մեռան, սովամահ էլան, ու շատ փայն էլ էկավ, ընկավ Վրաստանու հողը ու գլուխը պրծացրեց: Էսպես ա հայն իր խեղճ օրը հազար տարի պահել, իրան էս տեղ հասցրել, մեկ թշնամի ոտը բարձրացնելիս՝ նրա գլուխը ջարդվել, նրա տունն ու տեղը քանդվել, էլ ի՞նչ անօրեն, անգութ մարդ պետք է ըլի, որ հայի միսն ուտի ու նրան չխղճա:

Հիմիկ էս թողա՛նք, գնա՛նք էլի մեր սիրելի Աղասու մոտ, տեսնի՛նք, ո՞ւր մնաց, ու ի՞նչպես պետքը նրա բանը վերջանա:
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top