Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Գլուխ երրորդ

Գլուխ երրորդ


14

Հայոց ազգը էնպես ռաշիդ, էնպես ջիվան որդիք շատ էր կորցրել էս կռվներումը. էլ ո՞ւր կհասներ, էլ ի՞նչ օգուտ շատ սգալն ու մղկտալն,

բայց, ա՜խ, Աղասու մերը քոչի ճամփին էր իր սև օրը վերջացրել, հերը՝ որդու արնովը իր փետացած լաշը լվացել, նշանածը՝ ողորմելի Նազլուն, դեռ Փամբակ էր. միմիայն տես ու ճանաչ էին նրա վրա ցավում, կսկծում, իր ռաշիդ ընկերներ<ից> հո, քանի Մատաթովի մոտ էր գնացել, ո՛չինչ խաբար չէ՛ր իմացել. էկող-գնացող էնպես էին պատմում, թե նրանց եսիր էին արել, Հասան խանի մոտ տարել: Ո՞վ էր խաբար, բալքի թե էն անդամալուծների շատը նրա բարեկամքն էին, բայց մարդ չէ՛ր գիտում: Էն բրջից ձեն տվող երևանցի հայիցը հենց էսքան իմացան, թե երբ քաջն Աղասի՝ ռսի ապելատով, բրջի դռանը երևեցավ, ղարավուլ սալդաթը ղրաղ կանգնեց, պատիվ տվեց: — Ինչպես մեկ հրեշտակ, է՛նպես ներս ընկավ իգիթը,— վրա բերեց երևանցի հայն:— Անօրեն թուրքերը մեկ ղրաղում, թուր ու խանչալ պլոկած, տափ էին կացել: Բերդի առնիլը դեռ չէինք իմացել: Հենց իմացանք, թե էն թուրքերն էկել են՝ մեզ յա սուրը քաշեն, յա դուրս տանին, կախ տան: Լերդ ու թոք ջուր կտրած՝ մնացել էինք սառած, որ հսկայն Աղասի ներս ընկավ. հենց իմացանք, թե եկել ա, որ էն անիրավներին բռնիլ տա ու մեզ ազատի: Ո՞վ կիմանար, թե ի՞նչ մարդ ա ու ընչի՞ համար ա էկել: Խեղճ հոր հո, շունչն էր մնացել բերնումը. աչքի լիսը վաղուց էր հատել, վաղուց էին ոտ ու ձեռք նրան թողել, չորացել: Փորն էկել էր, ուռել, բերնին դեմ առել. հենց գիտես, թե հոգին ինքը նրանից չէ՛ր ուզում ձեռք վերցնի, չունքի շատ անգամ, էն ուշագնաց վախտը, լավ պարզ լսում էինք, որ ուզում էր գլուխը բարձրացնի ու մեռած ձենով մղկտում էր. «Բաս ո՞ւր ա… թո՛ղ, թո՛ղ, մի տեսնիմ… Ա՛ղասի, ո՛րդի, հո՛գի, քա՞նի մի քանի ինձ մաշես. երկնքումը վաղուց եմ տեղս տեսել, ա՜յ իմ ջիվան որդի, քանի՞ մի քանի ինձ մաշես: Արի՛, արի՛, երեսիդ մեռնիմ, արի՛, մեկ շունչդ առնիմ, էլ հո աչք չունի՞մ, որ քեզ տեսնիմ. էլ հո ձեռք չունի՞մ, որ քեզ գրկեմ. լեզուս ա մնացել, անկաջս. թո՛ղ մեկ էլ ձենդ լսեմ, որ մորդ էլա մեկ խաբար տանիմ: Հռի՛փսիմե, Նա՛զլու, Կա՛րո, Փա՛րիխան, Ա՛ղասի»: Սանգարի ժամանակին ձենը իսպառ կտրվել էր: Մենք հենց իմանում էինք, թե վաղուց ա հոգին տվել: Թոփի, ղոմբարի ձենը մեզ խլացրել էր: Երբ ոտը խաղաղվեց, էլի առաջվան պես նղղալով՝ խոր հոգոց քաշեց, էլի էս խոսքերը սկսեց ետ ասիլ ու հոգու հետ կռիվ տալ: Վերջին խոսքն էլի էն էր՝ «Արի՛, արի՛, Ա՛ղասի, ո՛րդի, հո՛գի ջան», որ դռները ճռռացին, ու ջիվան որդին հոր ձենը որ չիմացավ, «Ա՛փու ջան, գլխովդ ման տամ, դեռ սա՞ղ ես, երեսիդ ղուրբան, ա՛փու ջան», «Ա՛փու ջան» ասիլը, գժվածի պես հոր վրա ընկնիլն ու թուր ու խանչալ վրա գալը մեկ էլան: Հերը հենց ձենիցը մեռավ. որդուն, ա՜խ, ջրատար որդուն էլ ժամանակ չմնաց, որ յա հորը ետ բերի, յա իրան մեկ չարա անի: Էլի աստված մեզ էր խեղճ եկել, որ սալդաթը էս ձենըձորը որ լսեց, խիշտն առած՝ ասլանի պես ներս ընկավ, իրեքին սպանեց, մյուսները փախան: Քոռանա իմ աչքս, որ էսպես բան չէ՛ի տեսել: Հազար անգամ Աղասու հոր հացը կտրել, հետը քեֆ եմ արել: Բարիկենդանին էլ, որ Աղասին փախավ, նրանց տան քեֆ անողների մեկն էլ ես էի: Իմ որդիս, ա՜խ, իմ ջիվան Մոսին էլ էր նրա հետ փախել: Բայց ես լսում եմ, թե նա դեռ սաղ ա: Աստված, դատաստանդ քաղցր ըլի, էսպես զուլում էլ ո՛չ շհանց տաս, էլ ո՛չ տեսնինք, երեսս ոտիդ տակն,— ասեց ողորմելին ու փեշն աչքերին դրեց:
Րիգնահովն ընկել էր, թոզ ու դուման՝ բերդի չորս կողմը բռնել: Էսպես վախտին ղուշն էլ իր բնիցը չի դուս գալիս, բայց սաղ աշխարհն էկել, Երևանու բերդի չորս կողմը բռնել էր, որն ջիվան Աղասու խաթեր, որը նրա մեիդը դուս բերելու, չունքի լսել էին, որ մուզիկով ու ղոնշունով պտի թաղեն, ու էսպես բան, էսպես տեսարան, Երևանումը դեռ առաջինն էր: Սալդաթ ու մուզիկանդ բերդի դուռը կտրել էին. ժանդարմեքը ճամփա էին բաց անում: Համամների ու սուրբ Սարգսի դուզը էնպես էր սևին, սպիտակին տալիս ու դես ու դեն ծփում, ինչպես մեկ փրփրած ծով, որ քամու ձեռին յա սպիտակ փրփուրն ա, կիտուկ-կիտուկ, քարին, ապառաժին խփում, յա սև ջուրն ա դրմբալով դես ու դեն քցում: Թոզն էլ հո բոլորը թամամ էր անում:

Տամբուր մայորը թոփուզը պտտեց, սալդաթները կարգ ընկան, մուզիկեն իր կսկծալի ձենն սկսեց, սև ձիանոնց գլուխն ու դագաղի ծերն երևեցան, ու գեներալ, աֆիցեր՝ Ներսես սրբազանին մեջ արած, դուս էկան. ոտը շարժիլն ու սգի ձենը մեկ էլավ: Հազար բաշից, հազար կտրից աչք էր, որ մրմնջում էր. սիրտ էր, որ էրվում, մղկտում էր. բերան էր, որ ա՜խ քաշելիս՝ քարերն էլ հետը ա՜խ էին քաշում, սզլթում:

Մեծ ա Անապատի հայաթը, բայց ռուս, հայ, թուրք, մեծ, պստիկ է՛նպես էին լցվել, որ շունչ չէր դուս գալիս: Տերտերներն եկեղեցու դուռը վաղուց էին բաց արել, ճրագները վառել, շուրջառները քցել, բուրվառ, խաչ, խաչվառ ձեռըներին՝ մտիկ տալիս, որ մեիդը ժամը տանին: Խալխին դեն անելուցը զվիրն էին էկել. շատը պատերովն էին ներս թափում, որ շուտով մեկ տեղ ճարեն: Էս հադաղումն էր, որ իրար ոտնատակ էին տալիս, մեկ անդամալույծ էլ սուրութմիշ ըլելով, քանի որ ոտը խաղաղ էր, գլխին-դոշին վեր հատելով, մազերը պոկելով, «Սուրբ Սարգիս» ձեն տալով՝ հասավ, ընկավ մեկ տերտերի ոտ, որ թողա, ժամի դռանը վեր ընկնի: Աստվածասեր քահանեն՝ Տեր Մարուքը՝ Հովսեփ եպիսկոպոսի հերը,

հենց իմացավ, թե յա ուխտ ա էկել ողորմելին, յա ուզում ա մեկ ողորմություն խնդրի, սիրտը մրմնջաց, հանեց, մեկ-երկու գռոշ էլ առաջը քցեց ու տիրացվերին ասեց, որ նրան ձեռ չի՛ տան:
— Ա՜խ, քոռանա քո քոռացնողի աչքը, մեկ բուռը հողի հասրաթ մնա, որ քեզ էդ տեղն ա քցել, ա՜յ խեղճ տղա. էդ պատվական սուրաթը, էդ գյովդեն ու սիրուն բոյը, որ քոնն ա, ընչի՞ պետք է էդպես չուռումիշ ըլեր, չուռումիշ ըլի քո էդպես անողի կյանքը,— ասեց աչքը տրորելով ազնիվ քահանեն ու երեսը շուռ տվեց:

Հենց պատվական մարմինը տեղ հասավ, հենց մուզիկի ու շարականի ձենը կտրեցին, մեիդը վեր բերին, որ հոգոց ասեն, հենց Ներսես սրբազանը էն սուրբ բերանը բաց արեց, ա՛ստված, ո՞վ ունի էն լեզուն, որ պատմի, ինչ որ էստեղ պատահեցավ: Սար ու ձոր կրակ ընկավ, խալխի գլխին ջուր մաղվեցավ, էլ բերան չէ՛ր բաց ըլում. աչքն էր իր կրակը վեր ածում, սիրտն էր իր խանչալները փոխում, շունչն էր իր ծուխն ու բոցը քթիցը քուլա-քուլա դուս փչում: Ալամ-աշխարք մնաց քարացած, կանգնած: Երազ չէ՜ր, որ աչքըները բացանեին, պրծնեին. կրակ չէ՛ր, որ փախչեին, դինջանային. ջիգյար էր, որ էրվում էր, սիրտ էր, որ պատռվում էր:

— Ա՛ղասի ջան, Ա՛ղասի, աչքիս լիսը վաղուց ա խավարել որ մեկ երեսդ էլա տեսնիմ,— մեկ ձեն գոռաց,— ոտներիս ջլերը վաղուց են փետացել, որ վրեդ էլա մի կանգնիմ, սուգ անեմ. ձեռներս քոթուկի պես դոշիս են կպել, որ մեկ նաշդ էլա խտտեմ, որ մեկ նաշդ էլա դոշիս կպցնեմ, որ մեկ երեսիդ վրա ընկնիմ, երեսդ երեսիս տամ, հոգիս հոգուդ հետ ճամփու քցեմ, էդ լիս երեսիդ ղուրբան, Ա՛ղասի, էդ ջիվան ջանիդ մեռնիմ, թա՛գավոր Ա՛ղասի: Է՞դպես էիր ուզում քո խեղճ հոր հավարին հասնիս, է՞դպես էիր ուզում քո դոստ-բարեկամի սիրտն առնիս, է՞դպես էիր ուզում Անի շինես, ումբրդ ու արևդ խավարացնես, որ բալքի քո ազգին ու աշխարքին մեկ ճար անես, ա՜յ քո հրեշտակ ջանին ղուրբան: Ա՜խ, մկամ երկիրը քեզ պես ծնունդ ո՞ւնի, քեզ պես զավակ բե՞րել ա, որ էդպես անջիգյար քեզ տանում ա. մկամ երկինքը քեզ պես հողեղեն տեսել, ստեղծե՞լ ա, որ քեզ խլում ա. մկամ հայոց ազգը քեզ պես որդի, քեզ պես ճրագ էլ ո՞ւնի, որ քեզ բերել ա, հողը դնի, քեզանից ձեռք վերցնի, քո ջիվան ջանը գետնին, գերեզմանին պահ տա, էդ երկնքի՛ նման լուսեղեն պատկերիդ մեռնիմ, Ա՛ղասի:

Լոռվա սարերը քեզ պահեցին, քեզ սիրեցին. Անու խարաբեքը քեզ ղվաթ տվին, հարամուց ազատեցին. բաս հենց վա՞թանն էր քոռացել, վա՞թանն էր խարաբ էլել, որ խորթ մոր պես իրան գլուխը պրծացրեց, քեզ մահու տվեց, քե՛զ, որ հազար տարի անց կենա, էլ քեզ նման զավակ ո՛չ ունեցել ա, ո՛չ կունենա: Հինգ տարի բոլոր դո՛ւ էիր մեր դաշտերի, սարերի աստվածը, հազար գերի ու անճար քո՛ ձեռիցը իրանց կյանքը նորեն ստացան, բաս է՞նքան սիրտ էլա չուներ քո աշխարքը, որ մեկ սհաթ էլա քեզ պահեր, քո արևը էդպես շուտով չթո՞ղար մեր մտնի: Աչքերս Հասան խանը հանիլ տվեց. ոտ ու ձեռ նրան ղուրբան էլան, Ա՛ղասի ջան. երկինք ու երկիր ինձ համար հավիտյան խավարեցան, ջան ու զորություն վաղուց ինձանից ձեռք վերցրին, արեգակ ու լուսին վաղուց ինձ համար մեր մտան. ծնող, ազգական դեռ չե՛մ տեսել, որ սիրտս չէրվեր, բայց էլած շունչս էլ քե՛զ համար էի պահում, քառացած անկաջներս քո՛ ձենին էին հասրաթ մնացել, խավարած սիրտս քո՛ անունովն էր պայծառանում, մխիթարվում. քո անուշ ձենին էի մնում, որ մեկ լսեմ, հետո հոգիս տամ. քո լուսեղեն պատկերին էի կարոտ, որ մեկ գայիր, էն խավա՛ր զնդանին լիս տայիր, որտեղ ինձ պտի դնեին. էն սա՛ռը գերեզմանին շունչ տայիր, որ ինձ պտի ծածկեր. էն տեսնող-լսողին էրեիր, որ իմանային, թե դո՛ւ, դո՛ւ ես ինձ վրա սուգ անում, քո արևին մատաղ. հմիկ, ա՜խ, ի՞նչ կըլի, երկնքիցը մեկ կրակ ընկնի գլխիս, ինձ էրի, փոթոթի, կամ երկիրը պատռվի, ինձ նեքսև տանի. ա՜խ, ե՞ս պետք է քո սուգն անեմ, որ աչք էլ չունիմ. ե՞ս պետք է քո վրեդ գամ, որ չե՛մ էլ տեսնում. հո՞ղը պտի ըլի քո գերեզմանը, թե՞ սիրտս. մարդիկ են մենակ վրեդ լալի՞ս, թե՞ սար ու ձոր էլ. գիշե՞ր ա, որ քեզ թաղում են, թե՞ ցերեկ. արեգա՞կն ա աչքը բռնել, խավարել, թե՞ լուսինը. հրեշտա՞կք են քեզ շրջապատել, քեզ ողբում, թե՞ մարդիկ. երկընքո՞ւմն եմ քեզ հետ, թե՞ երկրումս, էդ սիրուն ջանիդ մեռնիմ, Աղասի՛: Հերնումերդ առաջիս կանգնել, խնդում են, հրճվում են, քե՛զ են կանչում. թագ ու պսակ, լիս ու ծաղիկ քե՛զ վրա են վեր գալիս, քե՛զ պետք է զարդարեն. թագավոր ու նահատակ քո առաջն են եկել. բոլորը տեսնում եմ, բոլորի միջումն դո՛ւ ես արեգակի պես փայլում. բաս էս ի՞նչ տխուր ձեն ա, որ անկաջս ա ընկնում. բաս էս ի՞նչ կոծ, կսկիծ ա, որ վեր ա ըլում. բաս ո՞ւր ա Նազլուդ, ո՞ւր քո ջիվան երեխեքդ, որ թողել, գնում ես, չե՛ս հարցնում. բաս էս ի՞նչ քարեր են, որ չոքած տեղս ծնկերս ջարդում, մաշում են. չէ՛, վա՜յ իմ գլխիս, արևիս. դո՛ւ ես երկնքումը, ե՛ս, ե՛ս, ողորմելիս՝ միայն երկրումը, էս փո՛ւչ աշխարքումը, էս խավար տարտարոսումը, էս փշալից ձորումը, ե՛ս՝ առանց քեզ. Մոսին, ու ո՛չ Աղասին, մարմինն, ու ոչ հոգին. լաշը դարտակ, բայց ո՞ւր հրեշտակն: Քե՛զ հետ կյանք քաշեցի, առանց քեզ թո՛ղ չըլի. քո կողքին արևս էլավ, առաջին՝ քոնը մեր մտավ. էս շունչը կրակ կդառնա, ինձ կէրի. էս հողը դժոխք կդառնա, ինձ կմաշի. էս մարմինը, որ ինձ պետքը չի՛, քե՛զ, թո՛ղ քեզ ղուրբան ըլի, քե՛զ. ինձ ո՞ւր ես թողում, դու գնում. ինձ ո՞ւր ես թաղում, դու թռչում. երկիրն մեկտեղ վայելեցինք, օրորոցում, չոլում դու էիր իմ կենաց ընկերը, դու՝ իմ սրտիս սիրեկանը, ես՝ քո ազիզ բարեկամը: Մկամ հերնըմեր, որ քեզ լաց չըլին, ազգական, սիրելի՝ վրեդ չկանգնին, բաս քո ջրատար Մոսին՝ քո պահած որդին, քեզ կուղարկի, ինքը կմխիթարվի՞, քեզ հոգին կտա, որ հետդ չի՛ գա՞. չէ՛, չէ՛, էդ սուրբ երեսիդ մեռնիմ, որ էլ չեմ տեսնիլ. դու գնա արքայությունը, ինձ տա՛ր դժոխքը, տա՛ր, էս աշխարքն էլ չի՛ կարող ինձ պահիլ. մարմնիս աչքը քեզ չի՛ տեսնում, հոգուս աչքը հո բա՞ց կըլի, քո ջանին մեռնիմ. Թե երկնքումն էլ քեզ չկարենամ խտտիլ, գրկիլ, հետդ խոսալ, մոտդ նստիլ, հրեշտակ տեսնելիս, գլխովդ շրջելիս, դրախտումը նայելիս, լիսն վրեդ գալիս, որ քեզ տեսնիմ, քե՛զ, Ա՛ղասի ջան. սուր խրեն սիրտս, էլի կխնդամ. կրակ վառեն գլխիս, էլի կցնծամ. տա՛ր, տա՛ր քո բարեկամն, թե չէ ես կգամ, որ ետ չմնամ… Ա՜խ…
— Ա՜խ, էս ո՞ւմ ձենն էր, որ լսեցի. քար առե՛ք, ա՜յ ջամըհաթ, ինձ սպանեցե՛ք. սուր առե՛ք, ինձ թիքա-թիքա արե՛ք,— մեկ ձեն էլ խալխի միջիցն վեր էլավ ու, հենց իմանաս, մեկ ամպ տրաքեց:— Մոսի՛, ո՛րդի, առաջ ի՛նձ սպանի, ի՛նձ թաղի, ա՜յ իմ կորած որդի, որ իմ ջանը հանեցիր, իմ սիրտը մաշեցիր. քո հալևոր հորը խեղճ արի՛. էս սպիտակ մազերը քեզ ղուրբան, բա՛լա ջան: Թո՛ղ մեկ շունչդ էլա առնիմ, է՜. վա՜յ իմ գլխիս, արևիս: Մո՛սի, Ա՛ղասի. երկի՛նք, քանդվեցե՛ք, աշխարք, հիմքդ կործանվի՛: Հա՛սան խան, դժո՛խք, դժո՛խք. ինձ տարե՛ք, ինձ կերե՛ք: Մո՛սի ջան, բալա՛ ջան, դու ինձ թողիր, դե՛, կշտացի՛ր. ե՞ս պետք է քո հողը բուռն անեմ, էս չորացած ձե՞ռները պետք է քեզ թաղե՞ն. ընչանք ես գետինը չմտնիմ, քեզ երկնքումը տե՞ղ կանեն: Գնա՛ք բարով, ազիզ ո՛րդիք ջան, գնա՛ք բարով. սիրով ինձ էրեցիք, ես էլ էս սրով հոգիս ձեզ կտամ, մարմինս՝ հողին, որ ձեր առաջին, աստուծո բեմին, իրար հետ խնդանք, իրար հետ ցնծանք, իրար հետ տանջվինք, իրար հետ մաշվինք. գնա՛ք բարով՝ հերնըմերով,— ասաց ողորմելին:

Թուրը պսպղաց, արինը շռռաց, ամպը գոռաց, օրը խավարեց. թվանքները ճռռացին, դագաղները բարձրացրին, շարական ու երգ վերջացրին, ու Քանաքռու Վերի եկեղեցին էրկու հեր, էրկու որդի մեկ օրում, մեկ տեղում մինչև էսօրը առել՝ պահել ա իր սուրբ ծոցումը, որ դատաստանի օրը լիս քցի, իրանց փառքին հասցնի:

Գերեզմանն կորած, հողումը թաղված,
Աչքից հեռացած, մտքից մոռացած,
Իրանք անլեզու, աշխարհն անիրավ,
Որ հայոց ազգիցն անթիվ ու անբավ
Էսպես քաջ որդիք խլեց, չկշտացավ.
Ո՛չ մատուռ նրանց գլխին կանգնեցավ,
Ո՛չ արձան նրանց անունը թողեց,
Ո՛չ ազգի միջումն հիշատակն լսվեց:
Դո՛ւ, քնքուշ Մուսա՛, որ ինձ շարժեցիր,
Իմ էրված սրտին զորություն տվիր,
Ա՜խ, էնքան չառնիս հոգիս, չմեռնիմ,
Որ իմ ազգի սուգն անեմ, հետո մտնիմ
Քո թևի տակը, նազելի՛ Մուսա:
Քեզ թո՛ղ Աղասին, իմ սիրուն Մուսա,
Էնքան ամանաթ մնա, որ սրտիս
Մուրազն, ա՜խ, առնիմ, հետո ես գալիս՝
Իմ ագգի հսկայքն ինձ որ ճանաչեն,
Ինձ իրանց կշտիցն չզրկեն, չասեն.
«Անիրա՛վ որդի, մեր հողի վրա
Էնքան կանգնեցիր, կացար համեշա,
Մեր արի՞նը չէիր, որ չի՛ ցավեցիր,
Մեր արինը տեսած՝ դու մեզ չհիշեցիր»:
Ո՛չ, քեզ՝ Ա՛ղասի, սիրուն իմ Մուսա,
Որքան շունչս, արինս դեռ իմ վրես ա,
Ինձ քուն ու հանգիստ, ինձ փառք ու պարծանք
Ես էն կհամարեմ, որ իմ բոլոր կյանքն
Զոհ տամ իմ ազգին, որ ձեր առաջին
Ես, ա՜խ, պարզերես լինիմ, երևիմ,
Ձեր գերեզմանին, սուրբ հողին մեռնիմ:—
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top