12
Էջմիածին, Թավրիզ, Աբասաբադ, Սարդարաբադ ռուսաց օրհնյալ ոտի հողին արժանացան, բայց դեռ Երևան իր անճար գլուխը դեմ էր տվել ու հետին շունչն ընկած՝ ուզում էր, որ դեռ մեկ քանի սհաթ էլ իր ջրատար որդվոց գլուխը լա, նրանց սև երեսը մեկ էլ տեսնի, որ փրկիչն Հայաստանի՝ կոմսն Երևանի, իշխանն Վարշավի, էկավ՝ էնտեղանց բանտում, զընդանում մաշված հայերին էլ մեկ օգնություն անի, ազատի:
… ամսի … էր, որ Երևանու բերդը ծխումը կորավ: Երկնքի կրակը ջոկ էր վեր թափում խեղճ կենողների գլխին, թոփի, թոփխանի գյուլլեն՝ ջոկ: … օր … գիշեր սար ու ձոր դրմբում, դմբդմբում էր: Հենց գիտես՝ Սոդոմ-Գոմորի քուքուրթն ու կրակը էսօր ա վեր գալիս: Երևանու բերդը, ձեթը հատած պատրուգի պես, թե մեկ ճրթճրթում էլ էր, մեկ սհաթ քիմի, էլ ետ հանգչում, խավարում էր: Էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել: Սարդարը, շահզադեն վաղուց էին իրանց սև օրը լաց ըլելով՝ Երևանու երկրիցը ձեռ քաշել, Իրան փախել: Հասան խանն էր մնացել մենակ թոռումը, որ իր արած չարության պատուհասն առնի, ու էն մարգարեական ձենը կատարվի, որ Ապարանումը նրա խուլ անկաջն ընկավ, բայց խելքը գլուխը չեկավ: Նհախ, որքան բերնումը լեզու ու ձեռին հունար կար, բանացրեց, որ իր ազգին սիրտ տա՝ իրանց գլուխը ձեռ չքցեն: … օրվանից հետո խալխը, որ տեսավ՝ ճար չկա, իրան միջի մեծամեծներիցը մեկ քանի մարդ ընտրեց, ու հենց, էն ա, վերջին սհաթն էր մնացել որ բերդը հոգին տա, կենողները իրանց-իրանց դուս էկան բրջերի գլուխն ու բալանըքերը ձեռըներին բռնած՝ ռայի էկան:
Քանի որ Երևան բինա էր ընկել, կարելի ա, թե է՛ն օրը, է՛ն տեսարանը, է՛ն անունը չէ՛ր տեսել, չէ՛ր ճարել, որ էսօր տեսավ ու իմացավ: Կարելի է աշխարք աշխարքով դիպչի, ազգեր գան ու էլ ետ ո՛չնչանան, բայց քանի որ հայի շունչն ու լեզուն կա, ե՞րբ նրանց մտքիցը կերթա էն ավետալից սհաթը, որ իշխանն Վարշավի, գեներալն Գրասովսկիյ, մեր անմահ Ներսեսին հետըները՝ խաչ, ավետարան ձեռին, մտան բերդը, որ Հայոց աշխարքի ազատության տոնը կատարեն: Պետք է աշխարքումն էլ հայի հոգի չըլի, որ իրանց փրկիչ Պասքովիչի անմահ հիշատակը արտասընքով ու լալով չհիշեն, իրանց աշխարքի հոր ու պահպանողի սուրբ անունը, որ Հյուսիսի բերնիցը սկսած նրանց հոգսը քաշել, նրանց իր թևի տակն էր ուզում բերի, սրբությունի պես չպաշտեն: Կամիլլոս, ղորդ ա, Հռովմ ազատեց: Սցիպիոն՝ հռովմայեցվոց թուրը Աֆրիկումը ցցեց՝ Կեսար՝ Գալլիա ու Բրիտանիա ոտի տակն առավ, Նապալեոն՝ Իտալիո, Սպանիո և Եգիպտոսին ազատություն էր խոստանում, բայց ե՞րբ հռովմայեցիք, գալլիացիք, եգիպտացիք է՛ն սրտովը, է՛ն սիրովը իրանց ազատողներին կընդունեին, կպաշտեին, ինչպես հայք, հա՛յք, որ առավոտն էին վեր կենում, է՛ն էին աղաչանք անում աստվածանից, րիգունն էին քնում, է՛ն էր նրանց աչքի արտասունքը: Մեծ էր հիրավի ու անմոռանալի ռուսաց Փարեժ մտնիլը, բայց ե՞րբ գաղղիացիք էն հոգվովը իրանց բախտավորությունը կվայելեին, ինչպես հայք էս արժանահիշատակ օրը:
Սալդաթի տուտը հենց բերդը մտավ թե չէ, հազար տեղից, հազար փանջարից լացն ու արտասունքը էլ չէին թողում, որ մարդի բերան բաց ըլի: Բայց ով սիրտ ուներ, լավ էր տեսնում, որ է՛ն ձեռներն, է՛ն աչքե՛րը, որ քարացել, սառել, երկնքին էին մտիկ տալիս, առանց խոսքի էլ ասում էին, որ դժոխքի քանդվիլը մեղավորների համար էս գինը չէ՛ր ունենալ, ինչպես Երևանու բերդի առնիլը հայերի համար:
Ինչպես բարեկամ, ինչպես երկնային ավետաբեր հրեշտակ, ազատության ու ողորմության պսակը ձեռին՝ մտավ իշխանն Պասքևիչ սարդարի ամարաթը: Նա անց կենալիս հազար տեղ տեսել էր ու արտասունքը բռնել, թե ինչպես էին ծեր, մանուկ, աղջիկ, պառավ՝ չէ՛ թե մենակ իր ոտը համբուրում, այլև շատը ընկնում էին սալդաթների ճտովն ու էնպես նվաղած, հոգին քաղված մնում: Քանի Հայաստան իր փառքը կորցրել էր,
քանի հայք իրանց գլուխն էին թրի տեղ թշնամու ձեռք քցել, է՛ս օրը, է՛ս ուրախությունը չէին տեսել, չէին վայելել:
Էջմիածնա եպիսկոպոսունքը, որ բերդումը, հենց բռնի՛ր, մաշվել, հետին թելն էին ընկել, մեկ կողմից, Շհարի ու Կոնդի քահանայք ու դպիրք մյուս կողմիցը որ դուս չէկան՝ երեսները գետինը քսելով, էնպես գիտես, թե քաջն Վարդան նո՛ր ա վեր կացել, Տրդատ նո՛ր ա գալիս Հռովմիցը, որ իրանց հայրենյաց աշխարքը կրկին ազատեն, նո՛ր լիս, նո՛ր կյանք իրանց ազգին տան:
Սցիպիոն Աֆրիկացի Կարթագինեի ծուխն ու էրված, քանդված ամարաթներն էր տեսնում, աչքը բռնել, լալիս, որ հռովմայեցվոց գազան բնությունը նրանց արինը խմեց, կշտացավ, Պասքևիչ Մասիս էր առաջին տեսնում ու ուրախությունիցը աչքը սրբում, Տիգրանա, Վաղարշակի, Անիբալա, Տրդատի, Վարդանի պատմությունն էր մտածում, նրանց պատկերն էր առաջին կանգնել: Նրանց անմահ հոգիքն էին երկնային լուսով նրա աչքի առաջին, նրա գլխովը պտտում, ժպտում, զմայլում, ձեն տալիս.
— Տե՛ս Հայկ աստղի կամարը. է՛ն լուսեղեն, է՛ն կապտագույն գրքումն քո անունը գրվեց, փրկի՛չ որդվոց մերոց: Էնտեղ տարանք քո մեծագործության պատգամը: Հայկի մոտ, Լուսավորչու գրկումն իրար կտեսնինք, այժմ պահի՛ր մեր աշխարքը:
Հայկա որդիքն էին նրան երկրպագություն տալիս, հայոց անմեղ լեզուն էր նրա կյանքը օրհնում, հայոց սուրբ աշխարհն էր իր սիրտը բաց արել, նրան պատվում, պաշտում: Երևանու բերդի անվան կեղտը պետք էր նա սրբեր ու իր անունովը նոր կնքեր, երևանցվոց, հայոց մեծ ազգին հավիտյանս հավիտենից հեր, տեր դառնար: Ի՞նչ սիրտ ըլեր, որ էստոնք մտածելիս չվերանար, չմեծանար: Ի՞նչ աչք ըլեր, որ էս սհաթին իրան բռներ ու էնքան օրհնության, ուրախության ձենը լսելով՝ դինջ մնար, ծով չդառնար: Նա արեգակ էր դառել Հայաստանի, ոուսք մոլորակի պես նրա գլխովը պտտելով՝ նո՛ր կենդանություն էին բերել, ո՞վ կարեր էս մտածել ու լուռ կանգնիլ, որ էնպես քաջ հսկայն կարողանար դիմանալ: Հասան խանն ընկել էր ոտը, իր վերջին սհաթին էր սպասում. նա չէ՛ թե Սցիպիոնի պես իր ազգի կատաղի բնությունն իմանալով՝ ոտնահար արեց, այլ ռուսաց ազնիվ հոգին ճանաչելով՝ էնպես անօրեն ավազակին գրկեց, էլ իր պատվով՝ հրամայեց, որ ճամփու քցեն, գնա, դհա ավելի իմանա, թե ո՜րքան ողորմած է հզոր տերությունն Ռուսաց: Ռուսք էն մութը հոգին չունեին, որ Նապալեոնի պես մարդին, իրանց մեծահոգությանը ապավինելիս, նավ քցեն, որ գնա, իր դառն օրը Ովկիանոսի միջումը վերջացնի, չէ՛: Ռուսք իրանց թշնամուն, էնպես անարգ հոգուն էլ, ցույց տվին էսօր, որ իրանց ոտքը որտեղ որ մտնի, էնտեղ բախտավորություն ու խաղաղություն պետք է ըլի: Հասան խանը գլուխն էր դեմ անում, որ կտրեն, պարսիկք երեսներն էին փռում, որ ոտնակոխ անեն, բայց Պասքևիչ՝ անօրինակ հսկայն, մեկին հանդիսով Թիֆլիս ուղարկեց, մյուսոցը շնորհք, ողորմություն ցույց տվեց: Այլ եվրոպացիք Ամերիկա ավերեցին, հողի հավասարեցին, ռուսք Հայաստան կանգնացրին ու ասիացվոց բիրտ, գազան ազգերին մարդասիրություն ու նոր հոգի տվին, աստված ի՞նչպես չի՛ պետք է նրանց թուրը կտրուկ անի, պատմությունն ի՞նչպես չի՛ պետք Պասքևիչին աստվածացնի, հայք ե՞րբ կարեն ռուսաց արածը մոռանալ, քանի որ շունչ ունին: