Մեր մեջ չկա խորթ-մորի.
Դու թել ունես, ասեղ ունես,
Եկ ինձ համար շոր կարի։
Քո խնամքը տարածել ես
Արար-աշխարհի վրա,
Բայց մինուճար քո եղբորն ես
Դու մոռացել աշկարա։
Գիշերները ես մրսում եմ,
Քույրի՛կ, մերկ եմ, ամո՛թ է,
Էլ ո՞վ ունեմ, որ բան ասեմ,
Ո՞վ քեզանից ինձ մոտ է։
-Անուշ եղբայր, անուշ լուսին,
Հոգիս դուրս գա քեզ համար,
Դու կարծում ես, որ քո մասին
Չե՞մ մտածում անդադար։
Ես կուզեի, որ քո բոյին
Շոր կարեի խշխշան,
Որ դու երկնի վառ աստղերին
Չերևայիր աննշան։
Ծիածանի վառ գույներից
Ձևեի քեզ պատմուճան,
Եվ ոսկեթել իմ մազերից
Կարեի այն, եղբայր ջան։
Իմ շնորհքը և իմ սերը
Ցույց տայի քեզ, իմ լուսին,
Որ թե մարդիկ, թե աստղերը
Հիանային միասին։
Բայց ի՞նչ անեմ, հասակ չունես,
Բոյդ չափի տակ չի գալ,
Մեկ տեսնում եմ դանկի մեջք ես
Մեկ էլ տեսար՝ դարձար կալ։
Կերպարանքդ միշտ փոխում ես,
Լրումդ առնում և նորում,
Կեսդ կորցրած երևում ես
Գիշերային խավարում։
Գնա՛ եղբայր, մի՛ ամաչիր,
Մերկ են նույնպես աստղերը,
Եվ ոչ ոքի մի՛ գանգատվիր,
Որ շոր չարեց քո քույրը։