11
Մեկ քանի ժամանակից ետո, հայտնի ա ամենին, որ երբ Ղարաբաղու կողմն թշնամուցը ազատվեցավ, Ապարան, Երևան դառան ռուսաց քաջ սրտի մեծագործության ու տղամարդության ասպարեզը: Նհախ տեղը չի Երևանու անունը էնպես անձին պատիվ տվել, որ ռուսաց զենքը Ասիա ու Եվրոպա երկինքը հասցրեց: Ո՞ր հայը իրան պարծանք չի համարիլ, որ օսմանցվի, ղզլբաշի ու Պոլշիո աստվածը էսօր իր կոմսության անունը Երևանու անունովն ա զարդարել: Իշխանն Վարշավի և կոմսն Երևանի՝ Ասիու միջումը Ալեքսանդրի ու Պոմպեոսի, Ջինգիզ խանի ու Թամուրլանգի հիշատակը իսպառ ջնջեց ու ոուսաց քաջության, մեծահոգության, բարեսրտության, մարդասիրության անունը աստղերի հետ դասեց: Քանդելու միայն էին սովոր ասիացիք, շինություն ու խաղաղություն տեսան: Ուրիշ՝ թշնամու առաջ իրանց արինն էին տալիս, ետո իրանց քաղաքն ու օղլուշաղը. ռուսաց, ընդհակառակն, բալանիքն էին ընծայում, ետո իրանց տունն ու ընտանիքը: Գոռոզ կարծիքն պարսից, թե խաչը միշտ պետք էր Ալու փանջին հնազանդեր, ցրվեցավ, ու իրանց անողորմության, անօրենության տեղակ շնորհք, ողորմություն տեսան:
Հայոց արտասվալից աղոթքը, որ գիշեր-ցերեկ անում էին, թե ե՞րբ կըլի՝ ռուսաց, իրանց հավատակցի երեսը տեսնին, ետո հողը մտնին, լսեց աստված ու կատարեց: Խաչի լիսը ու ռուսաց մարդասիրության շնորհքը ապառաժն էլ կակղացրին, ու Հայաստանի չոլ, ամայի դաշտերը էսօր մարդաբնակ են դառել ու ռուսաց ազգի խնամքը վայելում, իրանց սուրբ աշխարքը կրկին շենացնում: Հայոց ազգի կարոտ աչքը վաղուց էլ արտասունք չի՛ տեսնիլ, իրան Հայրենիքը կտեսնի, նրա ծոցումը կմեծանա, նրա սերը կվայելի ու քոռ, նախանձոտ մարդին գործով ցույց կտա, թե Հայ ազգը ո՛չ թե փողի կամ շահի խաթեր ա ռուսի տերության անունը պաշտում, այլ թե իր սրտի ուխտն ա ուզում կատարի, որ իրան հավատն ու ազգը պահողին արինը, կյանքը, որդին չխնայի: Հայ ազգը, որ ո՛չ թե թուլ էր յա քաջություն չուներ, որ իր երկիրը պահել էր, ո՛չ: Երկիրն ինքն էր պարտական: Աշխարքումն ով ոտը բարձրացրեց, Հայաստանու վրովը պետք էր լոք տար, հայոց ազգին պետք էր ոտնատակ տար, ձեռք քցեր, որ իր թշնամու հախիցը կարենար գալ: Ո՛չ ասորիք, ո՛չ պարսիկք, ո՛չ մակեդոնացիք, ո՛չ հռովմայեցիք, ո՛չ պարթևը, ո՛չ մոնգոլք, ո՛չ օսմանցիք չէին կարող էն զորությունն ստանալ, եթե հայոց ազգը մեկի դեհը չէ՛ր պահել: Դեհը պահելով, ղորդ ա, իր տունը քանդեց, չունքի իր բարեկամը վեր ընկնելուց ետո իր թշնամին ավելի ևս իր չարությունը գործում, ինադը (ջիգրը) հանում էր, բայց էստով հայոց ազգը արարած աշխարքին հավիտյանս հավիտենից կարող է համարձակ ցույց տալ, թե ի՞նչքան հոգի ուներ, ի՞նչքան կամաց զորություն, սրտի հաստատություն որ իրան չորս կողմի էն հզոր ազգերը կորան, փչացան, անունները չկա, հայոց ազզը անուն էլ ունի ու իրան հավատն ու լեզուն մինչև էսօր իր արնի գնովը պահեց, հասցրեց, որ մեկ ազգ էլա էսպես օրինակ չունի:
Երևան թևին տվեց, երբ ռուսաց զորքը իր մեջը մտան: Էջմիածնի խնկի, մմի հոտը ու զանգակների ձենը երկինքը հասավ: Քաջահաղթ հսկայն՝ կոմսն Երևանի, Տոբիթա հրեշտակ Ներսես արքեպիսկոպոսի ձեռիցը բռնած մտավ Վաղարշապատ, որ Եփրեմ կաթուղիկոսի սուրբ աչքին լիս տա ու առողջություն:
Էն ժամանակվան խաղերը, որ հանել, ասում էին, հավիտյանս հավիտենից կարող են աշխարքին վկայություն տալ, թե թուրք ու հայ հենց իմացան, թե աստված վեր էկավ իրանց համար: Հարիր տեսակ խաղ՝ հայերեն, թուրքերեն, Երևանու բաղերն ու ձորերը լսում էին, ու հինգ տարեկան երեխեն էլ էսօր, ուրախ վախտը, ձեռը բերնին ա դնում ու ասում: Որ ասածիս ամեն մարդ հավատա, էն խաղերիցը մեկը թո՛ղ օրինակի խաթեր գրվի էստեղ:
Սար ու ձոր սասանմիշ էլան, զարմացան,
Պասքովիչ սարդարի ոտի տակն ընկան,
Մեր Մասիսն, Ալագյազն փիանդազ էլան.
Անիրա՜վ, էս բաղին բաղմանչի ունի:
Անիրա՜վ, էս բաղին բաղմանչի ունի,
Յարալու սիրտս էդ քարը մի՛ քցի:
Մատաթովն Ղարաբաղ առավ, ազատեց,
Կրասովսկին Ապարան ոտնատակ տվեց:
Սաղ Իրանն Պասքովչին չոքեց, ծունր դրեց,
Ղզլբաշն մուկ դառած՝ գլխին վա՜յ տվեց:
Բեկենդորֆն Սարդարին ջախըբուրդ արեց,
Ասլանի գլուխն արծվին ռուսն մատաղ արեց:
Անիրա՛վ, հայերի արինն մի՛ խմի,
Միտք արա՛, էս բաղին բաղմանչի ունի:
Անիրա՛վ և այլն:
Սրբազան Ներսեսի խաչին ղուրբան գնամ,
Եփրեմի՝ հոգևոր տիրոջն ղուլ դառնամ:
Սուրբ Գեղարդն, մեռոնի զորքն մալում էլան,
Թշնամին քոռացավ, հայքն ուրախացան:
Հայ ազզի աղոթքը երկինքը հասան:
Անաստվա՛ծ, հայիցը ձեռք քաշի՛, կորի՛:
Անիրա՛վ, հայերի արինն մի՛ խմի:
Միտք արա՛ և այլն:
Մենք քամակ-քամակի կտանք, վեր կկենանք,
Ռսին մեր աշխարքը, կյանքն ղուրբան կտանք:
Հասան խանն կատվի պես քարեքար ընկավ,
Շահզադի ղոնշունը ցիր ու ցան էլավ:
Մեր խաչին, անհավա՛տ, արի՛, ճանաչի՛:
Անաստվա՛ծ, հայիցը ձեռք քաշի՛, կորի՛:
Անիրա՛վ, հայերի արինն մի՛ խմի:
Միտք արա՛ և այլն: