Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Գլուխ երրորդ

Գլուխ երրորդ


10
Առավոտը, էն ա, լսին էր տալիս, որ իշխանն և քաջահաղթն գեներալ-մայոր Մատաթովն վեր կացավ, Շամքոռա դզին մտիկ արեց, զորաց ինչ հրաման ուներ, տվեց, ու ինքը՝ արծվի աչքերովը Գրիգոր եպիսկոպոսը ու հայերի իշխանները քամակը քցած, օրդվի չորս կողմովը պտիտ տալով՝ մտիկ էր անում սարերի գլխին, խոռ տեղերին դուրբընով, որ թշնամին հանկարծ վրա չտա, ու իր պատրաստությունը տեսնում էր: Զորքը, ղորդ ա, շատ քիչ էր, ամա Մատաթովն էր նրանց գլխին, որ սար ու ձոր դողացնում էր, որ աստուծո տեղ պաշտում էին, որ ղզլբաշի հոգին ջուր էր կտրում անունը լսելիս, ու իր հավատարիմ ազգը՝ արինը աչքումը, շունչը բերնումը, գլուխը փեշումը, հազիր, վառված, քամակին՝ որ տուն, տեղ, որդի, օղլուշաղ, մալ, դովլաթ թշնամուն յա գերի տան, յա ռսի թուրը նրանց աչքը խրիլ տան: Զոռը խփեցին, առավոտյան աղոթքն արին, բայց մեկն էլա դեռ չէր գիտում, թե ո՞ր կողմովը գնան:

Ղզլբաշի զորքն Գյանջա, Ղարաբաղ էս կողմիցն էր առել, ոտնատակ տվել, Փամբակ, Շորագյալ՝ էն: Էս կողմիցը՝ Աբաս Միրզեն, էն կողմիցը՝ Հասան խանը, քանդելով, ավերելով էկել, հասել էին, որ գնան Պետերբուրգ: Թիֆլիզ, ինչպես որ տեսանք, սհաթե-սհաթ աչքը կթած ուներ, թե Աղա Մահմադ խանի կրակը, որդիանց որ ա, էլ կրկին իր գլխին կթափի: Երմալովն ինչ հնար, ճարտարություն ուներ, գործ դրեց: Մատաթովը պետք էր Վրաստանու փրկիչը լիներ ու ցույց տար աշխարքի, թե հայոց հոգումը իրանց հին հսկայության կրակը, քաջության բոցը, հավատարմության խունկը դեռ կար ու վաղուց մխում էր, որ մեկ հով դիպչի՝ հոտն աշխարք ընկնի, կրակն իրանց թշնամուն, իրանց աշխարքը քանդողին էրի, փոթոթի:

Պտտելով՝ էլ ետ չադիրը մտավ զորապետը ու միրզի մեկին կանչեց, որ ասածը գրի, թուրքերին խաբի, թե ֆլան գեներալը ֆլան տեղիցը, ֆլանը՝ ֆլան, անթիվ զորքով գալիս են, որ թշնամու գլուխը ջնջխեն, հանկարծ ղշղրուն ընկավ զորաց մեջը: «Կարաո՜ւլ» ձեն տվին, թվանքները հազար դհից վրա բռնեցին, բայց «Քրիստիան, Արմյան» գոռալով, երեսին խաչակնքելով՝ մեկ աժդահա որ ղոնշունի մեջը չընկավ, Մատաթովի չադիրը չտեսավ ու ձիուն ետի ղամշին տվեց, Մատաթովը ստոլի վրա մնաց փետացած. ընչանք մարդ կկանչեր, անծանոթի ձին առաջի երկու ոտը չադրի առաջին փռեց, փռնչաց ու հոգին քթովն ու փորովը դուս փչեց: Կտրիճ ձիավորը մզրախը գետնին ցցեց, ղարավուլի, բանի մտիկ չարեց ու Մատաթովի չադիրն ընկավ: Քաջ գեներալը, թե եվրոպացի էր էլել, հուշտ կըլեր յա կզարմանար ու էնպես հանդգնությունը, կարելի ա, պատժեր, բայց նա մեր երկրի մարդի խասիաթը լավ գիտելով՝ տեղը մնաց կանգնած, ու էլ էկողին ժամանակ չտվեց, որ խոսի, ինքը հարցրեց, թե ի՞նչ խաբար ա: Ձին որ էն հալն էր ընկել, նստողինն ի՞նչ կըլեր: Երկար Ժամանակ լեզուն խոսք չէ՛ր բռնում: Գեջդանգեջ որ խելքը գլուխն էկավ, ձեն տվեց.
— Կնյա՛զ, թադարեքդ տե՛ս, որ էսօր ա՝ ձեզ դաղթմիշ կանեն, էս գիշեր ա՝ նմանապես:

Ու պատմեց, թե ինքն ո՞վ ա, Խլղարաքիլիսումն ի՞նչ արել, Անի՝ ի՞նչ, Ապարան, Դիլի՝ ի՞նչ, ու քսան-երեսուն ձիավորով հազար հարամու աչք հանելով, էստեղ-էնտեղ կոտորելով՝ ուզեցել էր հենց ինքը մեկ ֆռսանդ ճարի, ղզլբաշի օրդուն մեկ գիշեր կոխի, ամա բանը տեղը չէ՛ր էկել: Էն օրն էլ Թարթառ գետի ղրաղիցն անց կենալիս, թշնամու աչքովն էր ընկել, սաղ օրդուն վրեն պոկ էկել, ընկերների մեկ-երկուսն էլ բռնել, մյուսները սար ու ձոր ընկել, ինքը հազար թվանքի գյուլլից պրծել, նրա անունը լսել, ընկել ռսի հողը, ընկել, որ գա Թիֆլիզ, իմաց անի, բեղաֆիլ նրա օրդուն տեսել ու թուշ էնտեղ էկել:

— Ղզլբաշի շատը, որ ինձ հետ էին ածում, հենց նոր քամակիցս ռադ էլան. երբ ձեզ տեսան, փախան. հմիկ ի՞նչ գիտես, էնպես ա՛րա. գլուխս ետ եմ դրել, որ ռսին ղուրբան անեմ: Վաղուց էս մուրազը սրտումս կար, վախտ չէի ճարում: Հույս ունիմ, որ մեկ քանի թշնամի էլ ես իմ թագավորի ուղուրին ղուրբան անեմ: Էս կողմերի քարերն էլ համարած ունիմ, աչքս խուփ՝ մութը գիշերը ես ճամփեն կքթնիմ: Ի՞նչպես կամենաս, էնպես իմ ծառայությունը թագավորին հասկացրո՛ւ: Փաշություն էլ ինձ տվել են Օսմանլվումը, չեմ ուզել: Քրդերն իրանք էին ուզում ինձ իրանց գլխավոր շինեն. հինգ տարի ա, Բայազդու ու Ղարսու գլխու ղուշ չի՛ անց կացել. սար ու ձոր ոտի տակ եմ տվել: Միտքս էն էր, որ Անի քաղաքը շինեի: Հայերը, հայերը, աստված նրանց խեր տա, ո՛չ ինձ մտիկ արին, ո՛չ փաշի հրամանին. էնքան էսօր-էգուց քցեցին, մահանա արին, որ ղալաբանթլղը ընկավ: Ճարս որ կտրեց, էլ ո՛չ փաշի մտիկ արի, ո՛չ փաշության, ետ էկա էլի, Անուն ապավինեցի: Լավ աստված Հասան խանին ձեռս քցեց, ես ջահելություն արի, հոգին չհանեցի. ուզում էի նրան թաքուն սպանեմ: Ղզլբաշը որ ետ դառավ Փամբակից, ես էս սարի, էն սարի ծերին էնքան գլուխս պահեցի, որ էլի նրան մի ձեռք քցեմ, չէլավ. աստված գլխիս բարկացավ ու էս հալիս ինձ քո ոտը բերեց, որ շատ չի՛ հպարտանամ, շատ չի՛ ամբարտավանամ: Որքան բարութ ունեի, հատավ: Ընկերքս էլ չկարացին դեմ կենալ, ամենը մեկ սար ընկան, ես էլ էս հալին առաջիդ կանգնած եմ. ինչ հրաման ունիս, ասա՛. մեկ գլուխ ունիմ, էն էլ ռուս թագավորին ղուրբան: Թաք ըլի՝ մեր աշխարքը անօրենի ձեռիցն ազատվի, թո՛ղ մեր կերածը ցամաք հաց ըլի: Երևան բոլոր քոչացրին. խեղճ խալխի տուտը Թավրեզ, Բայազիդ, Ղարս հասավ: Մեկ ծեր հեր ունիմ, բանտումն ա փտում. մեկ պառավ մեր ունեի, ճամփին, քոչելիս ա հոգին տվել. մեկ նշանած ունիմ, հազար կրակից, սրից, թշնամուց սաղ ամառը տանջվեցա ու անջախ մի անջախ բերի, ռուսի հողը քցեցի: Էլ ուրիշ բան չե՛մ ուզում, մեկ հորս էլ ազատեի, մեկ մեր ազգը, մեր երկիրը, մեր հավատը ազատ տեսնեի, ետո թո՛ղ աստված, ինչ իմ ճակատիս գրվածն ա, էն կատարի:

Էս խոսքումը էլ սիրտը չդիմացավ: Ջիգյարի կրակը բերանը փակեցին, աչքի արտասունքը՝ տեսությունը: Հսկայն Մատաթով երկար ժամանակ մնացել էր զարմացած ազնիվ երիտասարդի էնպես ճարտար բերնի, էնպես քաջ սրտի վրա, էնպես հիանալի, պարթև բոյի ու փափուկ ջիգյարի վրա: Խնդրեց, որ քիչ-մի հանգստանա, ու ինքը իրան թադարեքը տեսավ:

Ով էն ժամանակը կար, տեսած կամ լսած կլինի, թե Մատաթովն ի՞նչ արեց: Նհախ տեղը չի նրա անունը հայի, թուրքի, զղլբաշի բերնումը մնացել: Աշխարք տակ ու վեր կըլի, բայց նրա հիշատակը անջնջելի կմնա մեր ազգի միջին ու մեր աշխարքումը:

Դեռ վարժատան աշակերտ էի ու, ինչպես էսօր, կենդանի է մտքումս՝ Աղասին ի՞նչպես մտավ Թիֆլիզ: Երևելի իշխանի որդի չէ՛ր, որ նրան մեծ փառքով ներս բերին, բայց ով նրա արածը իմացել էր, ուզում էր ոտները ջուր անի, խմի: Մեկ թղթի միջում ծալած՝ իրան ոսկորները, քսան անգամ հենց ինձ ա ցույց տվել, որը որ զանազան տեղ կռվըներումը կոտրել, հանել էին:
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top