4
Լիսադեմը կարմրին էր տալիս, աղոթարանը քիչ էր մնացել բացվի, որ մեր ճամփորդները մտան Ռսի հողը ու թուշ քշեցին Պարնի գեղի վրա: Աղասին չէր ուզում, որ մարդամեջ մտնի, ուզում էր՝ սարե-սար ման գա, որտեղ իր ճակատին գրած էր, էնտեղ մեռնի: Ինքն էլ ուրախ չէր, որ աչքը լավ օր տեսնի, բայց ձմեռվան ցուրտ եղանակը, դաշտերի սառնությունն ու չորությունը, ողորմելի ձիանոնց սովածությունը ո՛չինչ կերպով չէր կարելի հաղթել:
— Է՛ս վախտին, է՛ս հալին՝ աջա՜բ-աջա՜բ, Ա՛ղասի ջան, խե՛ր ըլի,— ձեն տվեց աղա Ն., որ նրա հետ միասին տարերով հաց էին կերել, ու ուրախ-ուրախ դուռը բաց արեց, ձիանը ներս քաշիլ տվեց ու ղոնաղների ձեռիցը բռնեց, տարավ սաքուն:
Գոմի երկենությունը հարիր գազ կըլեր: Գոմեշ, ձի, եզը, տավար, ոչխար՝ էլ ո՛չ տուտ ուներ, ո՛չ տակ: Իսկույն շոր փռիլ, բուխարին վառիլ տվեց, հարսներն էկան՝ հարգևոր-հարգևոր, քիթ ու պռունկ կալած. նրանց ոտները քաշեցին, ջուր բերին, ոտ ու գլուխ լվացին, ու ղոնաղները երկու կարգ սկսեցին նստիլ: Աղա Ն. ամենիցը ներքև էր նստել: Մեկ ութ-ինը մեծ ու պստիկ ղոչաղ տղերք էլ, անլվա-անլվա, որը խանչալը կողքին քաշ արած, որը մեկ կտոր հաց ձեռին, կրծելով, որը մեկ փետ չանի տակին դրած, որը գլխաբաց կամ փորաբաց, շապկանց կամ անփոխան, էկան, անկաջները խլշացրած՝ սաքվի չորս կողմը շարվեցին ու աչքըները ղոնաղների երեսին կթեցին: Հերը ծեծում էլ էր, դուս չէին գնում: Դեռ բարիկենդանի մազեն՝ սուջուխ (չուչխել) ասես, ալանի, տանձ, խնձոր, փշատ, չիր, ջիբըներումն ունեին մեր տղերքը. հանեցին, երեխեքանցը բաժանեցին. աչքըները մնաց բաց, չունքի նրանց երկրումը էնպես արմաղան բաներ չկային:
— Մեր կաղնին ու ֆոնն էլ էս համը չունին,— մեկզմեկու ասում էին ու անոշ անում:— Էնքան մածուն, կարագ, եղ, սեր ու մեղր ենք կերել, որ բերան ու փոր հոտել են. աշխարք, աշխարք է՛ս պետքը ըլի, որ էսպես բաներ դուս են գալիս, մեր հավերիցն ու գոմիցն ի՞նչ լազաթ դուս կգա,— ասեցին ու ուրախ-ուրախ դուս թռան, որ գնան, իրանց հարևանների երեխեքանցն էլ իրանց ճարած նուբարը ցույց տան:
Ընչանք ծիտը ջուր կխմեր, գոմը երեխեքանցով լցվեց. մինը մնին բոթում էր, որ առաջ գնա, միրգ ուզի: Ղոնաղների մեկը որ ձեռը չէր շարժում, հազար տեղ գունդ ու կծիկ էին ըլում: Էսպես՝ հլա խելիմ վախտը երեխեքը նրանց պարապացրին:
Տանուտերը քանի ուզեցավ բան հարցնի, նրանք մատըները բերններին դրին, սուս արին. էստով իմացան, որ սրանում մեկ բան կա: Մեկ քանի սհաթ անց կացավ թե չէ, սաղ գեղն էկավ, հավաքվեցավ նրանց գլխին: Ով տուն էր մտնում, գդակը գլխին, յափունջին վրեն, չիբուխը բերնին կամ ձեռին, թութունի քիսեն ու խանչալը գոտկիցը քաշ արած, քոբաչի չուխեն հաքին, շալվարի ծերը պաճուճումը ղայիմացրած, տրխըները կուփ-կուփ հաքած՝ ամեն մեկը մեկ սարի ղդար տղամարդ: Էլ մեծ ու պստիկ չէին հարցնում: Գլուխ տալը հո, ըսկի՛ ադաթ չի: Որն էկավ, մեկ Բարի՛ լիս կամ Ողորմի՛ աստված ասեց ու նստեց: Քսան-երեսուն տարեկան ջահել տղերքն էլ որը սնըդուս, որը պատնըդուս շարվեցին ու իրար անկաջում քսփսալով՝ յա ղոնաղներին էին մտիկ անում, յա նրանց յարաղ-ասպաբին, յա մեկ բան ուզելիս՝ ամենն էլ իրար գլխով էին դիպչում, որ իրանց պարոնի պարոնների ասածը կատարեն: Տանու տղերքն էլ էկան. որը գոմն էր սրբում, որը ձիանը թիմարում, որը խոտ ու դարման բերում, որը մալը ջուրը տանում, որը չիբուխի կրակ դնում. ամենն էլ ուրախ էր, որ մեկ բան անի, մեծերի ու ղոնաղների սիրտը շահի: Սրանք էլ յարաղ-ասպաբ հանել, պատիցը քաշ էին արել ու ծալապատիկ նստած՝ զրից էին տալիս: Ձիանոնց համար ամոթ էր հարցնիլ. նրանք լավ գիտեին, որ իրանց ուլախին շատ պատիվ կտան, քանց իրանց:
Օրը հենց մի քիչ ետ բացվեց, շատն էլ հանդիցն էկավ, ձինն աչքըներն առել՝ երկար վախտ չէին իմանում, թե էկողներն ի՞նչ մարդ են: Գոմն էլ հո, լիս չուներ, չունքի մեկ պստիկ էրդիկ ուներ: Ով ըլին, չըլին, թաք ըլի՝ ոտըները խերով ըլի, նրանց աչքի, գլխի վրա, տարով կպահեն, պատիվ կտան: Հենց լիսը բացվելիս աչքըներն էլ որ բաց էլավ ու տեսան ո՛չ, թե էկողներն ո՞վքեր են, խելքըներն էկավ գլխըները:
— Բարո՛վ, բարո՛վ, մեր Աղասին բարո՛վ,— ձեն տվին ամեն դհից ու վրա թռան, իրար պաչպչորեցին:— Էդպես ա, ձեզ յա ձմեռվան հոսանը մեզ մոտ կբերի, յա ամառվան շոգը: Խա՛նի խարաբներ, հա՛, մտի՛կ արա, հա՛, մտի՛կ արա. էնքան մտիկ արինք, որ աչքըներս ճամփին ջուր կտրեց: Մեկ ղուշ որ գլխըներովս անց է կենում, հազար անգամ փափախով ենք անում, որ ձեզանից մեկ խաբար իմանանք: Մեր սարերը խոմ գել չե՞ն, որ ձեզ ուտեն. ի՞նչ կըլի, որ մեկ օր էլ ճամփեն մեր դհի վրա ծռեք: Բաղ, բաղաթ չունինք, գինի, մազա չենք կարալ թավազա անիլ, մեր եղին, կարագին ու մեղրին էլա խեղճ էկեք: Փա՛ռք աստուծո, տունըներս՝ լիքը, գոմըներս՝ լիքը, ցամաք հացով ճամփա կքցենք. մարդի սիրտն ա բանը, թե չէ՝ էսօր ղաբլու փլավ էլ ուտես, էգուց փորդ էլի իր ուզածը կուզի: Աղ ու հաց՝ սիրտը բաց: Տանտիրոջը տեր ողորմյա ասիլ չի՛ ըլիլ: Քաղաքը գնում եք, սար ու ձոր ոտի տակ եք տալիս, հենց մե՞ր կողմն ա, որ ձեր աչքին փուշ ա դառել: Ձեր հախը չի՞, որ էս սհաթին ոտըներդ կապենք, մեկ լավ քոթակենք, ինչ ունիք, չունիք՝ խլենք ու ձեզ էլ դարտակ ճամփու քցե՞նք: Էդենց եք անում, որ մենք էլ ձեր դուռը չի գա՞նք, ձեր հացը չուտե՞նք: Հա՜յ նամարդներ, չե՞ք գիտում, որ մեկ օր էս սարերումը թե ձեզ ճանկենք, էլ հազար տարի որ կուչ ու ձիգ անեք, ձեզ բաց չենք թողա՞լ: Ի՞նչ ա, ձեր թունդրի ու քուրսու ղրաղը կտրել, ձեր կնկա առին նստում եք, էլ միտք չեք անում, թե գնանք, մեր դոստ ու բարեկամին էլ տեսնինք, հալըներն իմանանք, քանի մեռել չեն մեկ բարով էլա տանք, որ մեզ կարոտ՝ հողը չմտնին: Քա՛ր է ձեր սիրտը, քա՛ր, ձեզ հո մեր չի՞ բերել: Բիր գյորանդա՝ յոլդաշ, իքի գյորանդա՝ ղարդաշ (Մեկ տեսնելիս՝ ընկեր, երկու տեսնելիս՝ ախպեր): Տո՛, ձեր տունը չծակվի. էլա մուսուրման օլուբասզ քի աթանըզ խաչի թանըմիրսզ (Էնպես թուրք եք դառել, որ ձեր հոր խաչն էլ չեք ճանաչում): Քրիստոնեի երկիրը՝ մերը, մենք՝ ձեր ազգը, ձեր արինը, ի՞նչ եք էդ շան հողումը կենում, ձեր օրն ու ումբրը խավարացնում. ի՞նչ համ եք առնում, որ էդպես ծանր-ծանր նստել, տարենը մի անգամ էլա՝ երեսներդ մեր կուռը չեք շուռ տալիս: Ձմեռը հո բան չունինք, վախի՛լ մեք, ձեզ չենք ուտի՛լ. չունի՞ք, ձի կտա՛նք.կով չունի՞ք, կով կտա՛նք. էկե՛ք, տարե՛ք, ո՞վ ա ձեր ձեռը բռնում: Կուզե՛ք, մեր երեխեքանց անկաջներիցը բռնեցե՛ք, տարե՛ք, ծախեցե՛ք. ով ձեզ ձեն տա, պարտականը ինքը մնա: Չունքի էսպես ա՛, քյո՛խվա, սրանց մեկ լավ պատժենք. հազիր բարիկենդան օր էլ ա. էս շաբաթ սրանց էլ չթողանք, աչքըները հանենք. էնքան ուտացնենք, խմացնենք, որ էլ ճամփեն չգտնին: Սրանց հախն ա. ով տարենը մի անգամ կգա մեր տունը, բոլոր տարվան պարտքը պետք է վճարի. քնի էլ, զարթնի էլ, պետք է ուտի, խմի, քեֆ անի: Հաց ենք դատում, որ մենակ մե՞նք ուտենք, ու չորս պատերը տեսնին. էսպես հացը հարամ ըլի: Մեկ թիքեդ որ հազար կտոր չանես, հազար ղուրդ ու ղշի չուտացնես, ի՞նչպես կուլ կերթա, յա կմարսես: Էստուր համար ենք արևի, անձրևի տակին՝ սարում, չոլում ջանըհան ըլում, որ մեզ մի բարի լիս ասող, մեր դուռը բաց անող, մեր ննջեցելոց ողորմաթասը խմող չըլի՞: Ի՞նչ տուն, ի՞նչ օջախ, որ օրը տասը աղքատ ու ճամփորդ չմտնին, չկշտանան: Էլ էն տանը բարաքյա՞թ կըլի: Էլ էն դաշտը պտո՞ւղ կտա: Չէ՛, քյո՛խվա, էսօր ամենս քո ղոնաղն ենք, էգուց՝ իմը, էլօր՝ սրանը. էսպես՝ մեկ լավ քեֆ անենք ու մեծ պասին սրանց ճամփու քցենք: Չեն ուզիլ մնան, ոտըները կապենք, մինչև զատիկն ու համբարձումը էստեղ դութսաղ անենք, պահենք: Ի՞նչ կասեք:
— Հա՛յ, բերանդ ապրի, հա՛յ, ավետարանի կողքիցն ես խոսում,— ասեցին չորս կողմիցը,— շա՛տ լավ, շա՛տ բարի, էդուր ո՞վ ինչ կասի. մեր սրտի ուզածն էլ հենց է՛դ էր:
— Հա՛յդե, տղե՛րք, գնացե՛ք, աշըղին բերե՛ք,— ասեց քյոխվեն ուրախ-ուրախ ու գդակը մեկ լավ կոտրեց, աջու անկաջի վրա դրեց,— մեծ աչառը մորթեցե՛ք, ղավուրմա տվե՛ք, մեկ ղոչ էլ հետը, ու կակող տեղերը՝ բդերն ու սուկին, բերե՛ք, որ մենք մեր ձեռովը խորովենք. զուռնաչին էլ թո՛ղ գա, տերտերին էլ համեցեք արե՛ք: Գինին դուքանումն ա, փողը՝ ջիբումս, մեր ջամըհաթն ըլի սաղ. եղն ու կարագը, սերն ու մեղրը ու պանիրն՝ կճճներով տանըս դրած, ամբարս ու հորս՝ լիքը: Շահն էլ մեր քեֆը չունի. ուտե՛նք, խմե՛նք, քեֆ անե՛նք, աստծուն փառք տա՛նք, մեր մեռելները հիշե՛նք, մեր ղոնաղների սիրտը շահե՛նք, որ իմանան, թե սարի մարդն էլ սիրտ ունի, քար չի: Աստված ռուս թագավորի թախտը հաստատ պահի, նրա դովլաթիցը՝ ինչ ասես, ունինք. օձի ձու էլ որ ուզենամ, կճարեմ:
Աղասին, էսքան խոսք ու զրից անց էր կացել, ոչինչ չէր իմացել. ինքը ճամփիցը բեզարած՝ ցուրտը մեկ կողմիցն էր թմբրացրել, շոգն էլ իր հարարաթը շհանց տվեց ու ջանն առավ: Գլուխը պատին դեմ տված՝ մնացել էր էնպես ցից քնած: Նստողները բոլորն էլ վարավուրդ էին անում,
որ նրա երեսը հեչ ծիծաղ չէկավ, ինչ ասեցին էլ: Աջու կուռը մնացել էր գոգումը, ձախունը՝ էնպես թուլ, գետնի վրա ընկած: Շատն էնպես էին կարծում, թե ճամփի յա ցրտի հարարաթն էր նրան էն տեղը քցել: Շոր չէր հարկավոր, որ ծածկեն, չունքի գոմը առանց էն էլ համամից տաք էր: Ղոնաղները չէին վարավուրդ արել, որ էն գեղի թուրքերիցն էլ մեկ քանիսը խալխի հետ խառնըվել, ներս էին մտել ու շատը հայերեն էլ հասկանում էին, ու էստեղ-էնտեղ, գողի պես նստել, աչքըները ղոնաղների թուր ու թվանքին էին քցում, ատամները ղրճտացնում, թե ընչի՞ չէին մեկ չոլում նրանց ռաստ բերել ու բոլորը թալանել:
Աղասու քափ ու քրտինքն էկել, ամպի պես աչք-ունքի վրա կիտվել էին. երեսի ռանգը ամեն սհաթի փոխվում էր. բազի վախտ իրան-իրան խոսում, բազի վախտ էլ ձեռը բարձրացնում, ջիլ ու դամար քաշում, էլ ետ հանգստանում էր: Ամենից ավելի խալխը նրա վրա էին մնացել զարմացած, որ նրանք վեց հոգի էին, բայց քսան-ավել մարդի յարաղ-ասպաբ ունէին հետըները բերած: Էսպես տարակույս, չորս կողմը կանգնած՝ խոսում էին, որ Աղասին բեղաֆիլ ձեն տվեց.
— Թուրդ քե՛զ քաշիր, դժոխքի պահապան, շլինքդ մեկնի՛ր: Ափու ջան, էդ ո՞ւր են տանում քեզ…— էս ասիլն, տեղիցը վեր թռչիլն ու թրին վրա վազիլը մե՛կ էլավ:
Գեղըցիք իրար ջարդելով դուս թափեցին. որը երեսին խաչ էր հանում, որը Տե՛ր, ողորմյա ասում: Մի քիչ որ դինջացան, էլ ետ դռնիցը անկաջ դրին, տեսան, որ ձենը կտրել ա, ուսուլով ներս էկան ու վախվախելով նստեցին: Էլ ո՞վ կարեր հիմիկ նրանց բերնին փակ դնել: Բոլորն էլ ուզում էին, որ իմանան, թե ի՞նչ ա անց կացել: Աղասու ընկերքն էլ, ճարակտուր, սկսեցին պատմիլ: Քանի գլուխն էր, ո՛չինչ, էնպես բան շատ էին լսել. ինչ ժամանակ խոսքն էն տեղն էկավ, թե ի՞նչպես կոտորեցին, փախան, հարիր բերան ձեն տվեց.
— Ջա՛նմ սան, ջա՛նմ, Աղասի. օջախի որդին, կտրիճ հայն էդպես կըլի: Բարիկենդա՞ն, բարիկենդան է՛ս ա. դե տղե՛րք, էլ մեք մտիկ անիլ: Հացը հազրեցե՛ք, սուփրեն քաշեցե՛ք, հայր Աբրահամի հրեշտակն ա էկել մեր տունը: Էսպես իգիթ տղի գլխին ղուրբան գնամ. բարաքյալլա, տղե՛րք, դուշմանի աչքն էսպես պետք է հանած: Տեսնո՞ւմ եք, ա՛յ գյադեք (իր տղերքանցն է ասում), ռաշիդ տղեն սրանց նման կըլի. ուտում եք՝ տանը նստում: Ա՛ֆարիմ, տղե՛րք, որ ձեր մեծին էսպես պահել եք, շունն է՞լ էստեղ ա:
Մեծամարդիկը, ջահել տղերքն էս կողմից, էն կողմից վրա թափեցին, որ Աղասու ձեռքն, ճակատին պաչ անեն, քյոխվեն չթողաց. որ քնահարամ չըլի: Մյուսներին ուզում էին սաղ-սաղ ուտեն, էնքան դոշըներին կպցրին նրանց:
— Օրհնվի է՛ն կաթը, որ դուք կերել եք, է՛ն հողը, որ ձեզ ծնել ա. տղեն էդպես կըլի, թե չէ՝ քանի լեզուդ կարճացնես, գլուխդ կախ անես, ուսերիդ կնստին, ղուղդ կքամեն, աչքդ կհանեն, ջիգյարդ վեր կածեն,— ասում էին ամեն կողմից:
Սազ ու զուռնի ձենը որ վեր չելավ, գեջդանգեջ Աղասին աչքը բաց արեց ու էնպես էր զարմացած դես ու դեն մտիկ տալիս, ինչպես թե նոր ըլի աշխարք էկել: Ուզում էր էլ ետ աչքը խփի, բայց խալխը է՛նպես վրա թափեցին, որ քիչ մնաց նրան ոտնատակ տային. փեշերն էլ էին համբուրում, ո՞ւր մնա երեսը: Էսպես՝ նրան էլ մեջ արին ու մինչև իրիկնապահը, ժամերի վախտը, է՛ն քեֆն արին, որ աչք պտեր՝ տեսներ: Ձենն ընկավ գեղըցոնց անկաջը. ով ասես տուն էր ընկնում, որ նրան տեսնի, մուրազն առնի: Հենց իմանաս՝ ուխտ ըլեին գալիս: Տանուտերը Ղարաքիլիսա մարդ ղրկեց կնյազի մոտ ու բանի ահվալն իմացում տվեց: Հրաման էկավ, որ մեկ-քանի օրից ետը՝ Աղասուն վերցնեն, կնյազի մոտ գնան: