Շենքերն ահա նորից հարբուխով են հիվանդ.
-Սկըսվում է արդեն ձնհալն էլի:
Ցուրտ է, սակայն արդեն պաշտոնակա՛ն մի ցուրտ,
Եվ ուր որ է պիտի գործն ավարտի - գնա:
Եվ ուր որ է կգա ինքը գարունն արդեն,
Ու պատանու նման հողը կապրի արբունք.
Կանաչ բեղեր կաճեն նրա շրթունքներին,
Եվ կմազակալի անմազ դեմքը նրա:
Կվարարեն շուտով վտակ - գետակ - գետեր:
Չվարարե՞ն, բա ո՞նց...
Թե ամեն ինչ լռի՝
Մինչև անգամ հեռվից
դու կարող ես լսել
Արյան գոչգոչումը և իմ երակներո՜ւմ.
Ընդերկրյա՛ գետեր՝
Վարարել են, բա ո՞նց...
Կվարարեն շուտով վտակ - գետակ - գետեր,
Եվ ջրերը ելման կստանան գույն յոդի:
Ո՛չ, ջրերը ելման յո՜դ կդառնան իրենք,
Որ վերքերը բուժեն խեղճ ափերի,
Իրե՛նց իսկ հասցըրած վերքերը խոր,
Որոնք, միևնո՜ւյնն է, չե՛ն բուժվելու,
Ինչպես վերքերն իմ այն,
Որ դու տվիր...
XXXII
Իսկ դու գիտե՞ս արդյոք,
Թե մարդկային լեզվի
Ո՛ր բառով է կոչվում այս վիճակը՝ իմը,
Որին ո՜չ մի մակդիր չի սոսընձվում բնավ:
Իսկ ես գիտե՛մ արդեն.
-Ճգնաժա՜մ է կոչվում:
Ճգնաժամն էլ այն է, որ անցնում է վաղ - ուշ,
Թե չէ պիտի որ նա ուրի՛շ բառով կոչվեր:
Եվ սա ճիշտ է նույնքան,
Եվ անխուսափ նույնքան,
Որքան որ մազերի ճերմակումը:
Իսկ իմ մազերն իրոք սկսել են փոխվել:
Ե՛վըս մի քիչ ճերմակ՝
Ու կազատվեմ քեզնից.
Էլ չե՜մ քայլի այնպես,
Ասես մարդ չեմ ապրող,
Այլ կախարան քայլող, որից կախ են տվել
Մի վերարկու մաշված և մի ծանոթ գլխարկ...
Էլ չե՜մ շնչի արդեն խռխռալով այնպես,
Ինչպես բութ սղոցը՝ թաց գերանում...
Մաքսանենգի նման ինձ վտանգի մատնած,
Չունենալով նրա ճարպըկությունը գեթ,
Էլ ես՝ կոխկրտելով՝ չեմ անցնի և դառնա
Հպարտության հսկած այն սահմանից,
Որի հին անունը ինքնասիրություն է...
Տառապանքի տապից աչքերս էլ չե՜ն քրտնի,
Եվ չի՛ կաղա ժպիտն իմ շուրթերի վրա՝
Դեմքըս վերածելով ծուռ հայելու...
Էլ չե՜մ գերադասի ես խավարը լույսից,
Ինչպես անում է դա նախապապը մեր այն,
Որին պատվում ենք մենք «անձրևաորդ» բառով...
Եվ ինձ չսիրելուդ, ինձնից հեռանալուդ
Հանկարծահաս գյուտին ես կնայեմ այնժամ,
Ինչպես որ նայում ենք արդ վառոդի գյուտին.
-Ահավոր էր՝ երեկ,
Սովորական՝ այսօր...
...Ով որ ուսանել է սիրո դպրոցներում՝
Դաս է առնում նաև պըրոֆեսոր սարդից:
Ուստի ես էլ գիտեմ, որ երբ - սարդի նման -
Մի մահաբաղձ պահի կախ են տալիս իրենց՝
Իրենց ավշե հյութից իրենց հյուսած թոկով,
Ապա... չե՜ն խեղդվում, չէ՛:
-Անվնա՜ս են մնում...
XXXIII
Հեռանալուց առաջ ձմեռն ահավասիկ
Թաց կոկորդն է մաքրում մի անհարմար հազով՝
Իբրև ճարահատյալ իր մեկնումի նշան:
Մեկնելու եմ ե՛ս էլ...
Ու ես ճիչս եմ խզում իմ կիսաբաց բերնում՝
Կիպ շարժումով ձեռքիս,
Հպա՜րտ ձեռքիս:
Մեկնելու եմ ե՛ս էլ...
Թե լինեին մտքեր ձայնագրող նիշեր՝
Կդառնայի գուցե նո՛ր Բեթհովեն.
Ե՛վ խլացած արդեն՝
Բիրտ աղմուկից ցավի,
Բայց և լեցուն սիրո նվագներո՜վ:
Մեկնելու եմ ե՛ս էլ...
Վաղը կայարանում ես շունչ կառնեմ ազատ՝
Գործող հրաբուխի ինձ հարազատ վայրում.
-Շոգեքարշերն իրենց խառնարանից նեղլիկ
Ծուխ կփնչան երկինք՝
Հուր ժայթքելու պատրաստ:
Իսկ իմ ծուխը երբեք դու չե՜ս տեսնի...
Ու կմեկնեմ հեռու,
Ու կմեկնեմ անդարձ,
Ու կնստեմ մարդկանց սրտերին մոտ,
Որ տաքանամ մի քիչ նրանց բարությունից,
Եվ տաքանան մի քիչ նրանք իմ բարկ սիրուց...
XXXIV
Նորահաստա՜տ մի սեր և նորաքա՜նդ մի սեր,-
Սա մի պատմություն է, որ չի հնանալու,
Ինչպես երբևիցե չեն հնանա
Մահն ու ծնունդը նոր,
Լացը երեխայի
Ու ծերացած աչքի արցունքոտվելն անլաց.
Ինչպես երբևիցե չեն հնանա
Բախի զրույցները արարչի հետ,
Կասկածն Օթելլոյի՝
Իմ հորեղբոր որդու,
Եվ իմ Սոկրատ պապի վարքը ծանոթ...
Դերը չսիրվածի կամ մերժվածի
Ես՝ կարող եմ խաղալ նո՛ւյն հեշտությամբ,
Ինչ հեշտությամբ կյանքում պիտի դառնա
Համ չզգացող մարդը՝ լավ գինեգործ,
Գույն չջոկեղ մարդը՝ լավ ծաղկագետ:
Մերժված ես չե՛մ եղել
Ու չե՜մ լինի - երբե՛ք:
Եվ ինձ չսիրելը - անհնար է նույնքա՛ն...
Ես լոկ նահանջում եմ,
Որ սկըսվեմ նորի՜ց...
XXXV
Երբ հաղթում է խոսքը՝ մեղեդին է մեռնում:
Ես կլռեմ հիմա, որ մեղեդին հնչի.
-Կնահանջեմ,
Սակայն կնահանջեմ... երգո՜վ:
-Ե՛ս եմ ստեղծել քեզ
Եվ ստեղծել՝ սիրո՜վ:
Եվ դու պիտի ապրես սիրո՛վ միայն,-
Լոկ այս երգն է թառած իմ նահանջող բերնին...
-Մի ընդ-օրի-նա-կի՜ր,
Օ-ր-ի-ն-ա՜կ տուր սիրո,-
Ես այսպես եմ երգում նահանջելիս...
-Օրհնյալ եղիր այնպես, ինչպես կայիր՝
Թեկուզ ինձնից հեռո՜ւ,
Ո՛չ ինձ համար...
-Հավետ օրհնյալ լինի քո անունը,
Որ հնչում է մերթ «Կին» ու մերթ էլ «Սեր»...
-Հավետ օրհնյալ լինի քո ժպիտը՝
Հայտարարը սիրո և խնդության...
-Հավետ օհնյալ լինեն քո կողերը,
Որոնք կյանք են ծնում տաք հպվելուց,
Ինչպես որ շփվելուց ծնվում է հուր...
-Հավետ օրհնյալ լինի նաև հեռացումըդ,
Որ իբրև նոր գալուստ կարձագանքի հեռվում...
-Օրհնյալ լինի նաև տված տառապանքըդ,
Որից ոչ թե մեռնում, այլ ծնվում են կրկին...
-Օրհնյալ լինի նաև իմ մեկնումը,
Իմ այս նահանջումը,
Որ նահանջ է... երգով:
II.1961թ.
Մոսկվա
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |