Սիրում էի ես քեզ «Իմ խնդություն» կոչել:
Եվ դա սիրուն բա՛ռ չէր,
Եվ կամ սո՛ւտ չէր սիրուն...
Հիմա...
Նույնիսկ լեզուն, կենդանու պես,
Իր բնազդը ունի:
Ու երբ բնազդաբար
Նորից կոչում եմ քեզ «Իմ խնդություն»,
Բերանիս մեջ լեզուս դաղդըղվում է այնպես,
Ինչպես, հավանաբար, այն ձագուկի լեզուն,
Որ եղինջ է կրծում՝ խոտ կարծելով...
Քեզ ի՞նչ կոչեմ հիմա.
«Իմ տառապա՞նք»,
«Իմ ցա՞վ»:
Ի՞նչ, ի՞նչ ասեմ հիմա...
Լավ է՝ ոչի՜նչ չասեմ
Եվ ինքնակամ թույլ տամ, որ իմ միտքը գործի
Շախմատային ծանոթ ձիուկի պես՝
Թռչկոտելով թեքվի ամեն կողմի վրա,
Որտեղ եղել ենք մենք ու չենք լինի...
XXVII
Շորորում է նորից հնատարազ մի օր:
Իսկ ես քո նոր շորերն էլ չպիտի՜ տեսնեմ...
Սակայն աչքերն ունեն հեռուստացույցն իրենց.
Ու կտեսնեմ ես քեզ նաև հեռվից-հեռու:
Քեզ կտեսնեմ հենց այն ծաղկանկար շորով,
Որի զանգակաձև քղանցքներից
Վարպետորդի քամին կարուսել էր սարքում,
Մի կարուսել, որ միշտ փչանում էր շուտ-շուտ,
Բայց և վերասարքվում արագորեն...
Եվ ձեռքերն էլ ունեն հիշողությունն իրենց...
Ու հիշում են իմոնք
Եվ կհիշեն անվերջ
Իրենց նվաղումը՝
Մազերիդ մեջ,
Ուշաթափումն իրենց՝
Կրծքիդ վրա,
Եվ արթնացումն իրենց՝
Տաք կողերիդ...
Եվ ոտքերն էլ ունեն բնազդն իրենց.
Ինձ այնտեղ են տանում, որ «մերն» էինք կոչում,
Ինձ տանում են այնտեղ՝
Կամքըս չհարցնելով:
Ահա փողո՛ցը մեր.
Կուլ եմ տալիս աղմուկ:
Ահա նրբա՛նցքը մեր.
Ներծծում եմ խավար,
Եվ իմ կնճիռներում ցավն է կապտին տալիս...
Ահա ծառուղի՛ն մեր...
Եվ հյուսիսում այս պաղ
Գարնան վերահասից ծառերն են լաց լինում՝
Արևադարձային մե՜ծ-մե՜ծ կաթիլներով...
Ահա կանգա՛ռը մեր...
Ներշնչում եմ հառաչ,
Արտաշնչում մեռյալ մի լռություն,
Եվ լալիս է հոգիս՝
քարանձավի նման -
Ինչ-որ անմարդկայի՛ն արցունքներով...
Ահա մեր անտա՛ռը...
Եվ իմ ականջներում
Անվերջ զրընգում է արյունըս տաք,
Այնպե՛ս խենթացընող և միալա՜ր այնպես,
Ինչպես մժղուկների պարսի բզզոցը խուլ՝
Ամռան անտառի մեջ,
Շոգ կեսօրին...
Ահա երկի՛նքը մեր գիշերայի՜ն...
Հոլանդական պանրի գլխի նման դեղնած
Մի լուսին է հիմա ինձ խեթ ու մեթ նայում՝
Գուցե ակնարկելով հացադուլըս անկամ...
Սևամռութ մի ամպ, իմ աչքերի առաջ,
Ասես վերքիս վրա աղ ածելով,
Լուսնի ճաղն է կրծում՝
արծաթ հյութով նրան
Իր սև բեղ-մորուքը թունդ օծելով...
Ահա երկի՛րը մեր...
Եվ մեր Երկրի նման՝
Իմ կլորված սիրտն էլ իր բևեռներն ունի,
Քո «այո»-ն ու քո «չէ»-ն՝
Երկուսն էլ սա՛ռն ու պա՜ղ...
XXVIII
Է՜հ, հանդերձյալ կյանքի չի հավատում հիմա
Հռոմի պա՛պը նույնիսկ, էլ ուր մնաց թե ես:
Բայց իսկապես սերը իր հանդերձյալն ունի՝
Ուրիշ - անդըրսերյան - երկրորդ մի կյանք,
Որ կոչվում է կարծեմ հիշողություն,
Եվ չի գնում փութանց,
Ինչպես առաջինը,
Այլ տևում է այնքան,
Որքան ինքը կյանքը:
Այդ կյանքով է ապրում իմ սերն արդեն՝
Նորի՛ց նորոգելով,
Ապրեցնելո՛վ
Այն ամենը, որ կա՛ր և չի՜ լինի...
Ու խլացած արդեն տառապանքի ցավից՝
Քեզ եմ դարձյալ լսում,
Լսում քո խոսքերը,
Որ խառնըվում էին սիրով հունցած կյանքիս,
Ինչպես աղմըկարար այս քաղաքն է խառնում
Թռչունների ծիլ-վիլն իր ծխացող շնչին՝
Քաղցըր թթխմորի՛,
Անուշ մակարդի՜ պես...
Ինձ փողոց եմ նետում,
Գցում բուքի բերան,
Իսկ դու բուքի միջից իմ առաջ ես ելնում
Թեթև - ծաղկուն շորով գարնանային
Ու ճշմարտում սերըդ մի ժպիտով,
Որից ամեն կասկած խուսափում է այնպես,
Ինչպես խույս է տալիս դևը խաչից...
Այն, ինչ անվանում են վիրավորանք,
Անհնար է դառնում երկար պահել.
Մեկ էլ տեսար՝ հոտեց-գարշահոտեց մեջըդ:
Եվ այստեղ է ահա, որ մի հարբած արցունք,
Երկա՜ր ու տանջալի՜ց տատանվելուց հետո,
Տապալվում է ներքև՝
Հասկացնելով,
Թե կարոտը մարդ չէ, որ բռնես ու մորթես,
Եվ անզոր է այստեղ այն դահիճը նույնիսկ,
Որին անվանում են վիրավորանք...
Աչքերիս եմ սաստում՝ պինդ փակելով:
Սակայն կոպերիս տակ քո աչքերն են բացվում.
Ինձ հարազա՜տ այնքան սև աչքերըդ,
Որ երբ ինքնամոռաց նայում էին երկինք՝
Ճերմակ ամպերն էին նրանց խորքում լողում,
Հեռանալուց առաջ մի պահ կաշկանդվելով
Քո կեռ թարթիչների վանդակի մեջ թավուտ:
Ա՜խ, այդ աչքերը քո
Ու քո թարթիչները...
XXIX
Սերն ինձ համար կյանքում այն կնիքն է եղել,
Որ միշտ դրոշմում են ոսկու վրա:
Եթե կյանքըս զուրկ է այդ կնիքից սիրո՝
Եվ սեփակա՛ն աչքիս կեղծ է թվում ոսկիս:
Հիմա... որտե՞ղ ծախսեմ
Եվ ո՞ւմ ծախեմ ոսկիս,
Ինչպե՞ս հավատացնեմ, թե կեղծվա՜ծ չէ, ինչպե՞ս,
Եթե ինքս արդեն չեմ հավատում դրան,
Եթե ինքըս գիտեմ, որ նա պիտի
Այս քեզազուրկ օդից ժանգապատի...
XXX
Ու բռնում եմ հանկարծ ինձ հանցանքի վայրում...
Քո խակակութ սիրուց ատամնառու սրտով,
Ստուգապես խաբված և մահառիթ խոցված՝
Ես հպարտությանըս բարձր թոշակ տալիս,
Որով բողոքարկու նրա շուրթն եմ փակում
Եվ... նորոգում սերըս այն ներումով,
Որ մտովին է լոկ, ուրեմն՝ անցողակի...
Թանաքի պես թանձըր ցավս է տարրալուծվում՝
Տալով կապո՛ւյտ մի ջինջ
Եվ ջո՛ւր վճիտ...
Ինձ խաբելով ինքըս՝
Ինձ չեմ հաշվում խաբված.
Ինքըս ինձնից գաղտնի՝
Քեզ եմ դարձյալ սիրում...
Եվ այսքանից հետո՝
Այս ցավերի
Եվ այս տանջանքի մեջ քեզ սիրելը
Այնքա՛ն արտառոց է,
Տարօրինա՛կ այնքան,
Որքան արտառոց է, որ ծովերի
Աղի ջրերի մեջ ողջ ժամանակ ապրող
Ձկներն այնուհանդերձ անալի են...
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |