Ուշ գիշեր է: Գյուղի վրա արդեն քնած
Տարածվել է հանդարտություն մի անձկալի:
Միայն կալսիչն է աղմըկում, այն մեքենան,
Որի ձայնը անպակաս է ամռան կալից:
Կարոն, նստած սեղանի դեմ,
Ինքնահոսով (թանկ նվերը քեռի Յանի`
Սլովակյան նախկին խառատ-պարտիզանի,
Որ Կարոյին է ընծայել:
Երբ Սոֆիա են մերոնց մտել),
Նա նամակ է գրում հիմա
Իր ընկերոջը` Սերգեյին:
Մի պահ տրվում է մտքերին…
…Անց կենալով կռվի դաժան
Անագորույն ճանապարհով
Միշտ միասին և անբաժան`
Ռուս Սերգեն ու հայ Կարոն
Մաքառումով ու պայքարով
Պերեկոպից Բեռլին հասան`
Իրենց սրտում արծածելով
Խաղաղ կյանքի կրակն այրող:
Հաղթանակով ետ դառնալով
Ամեն մեկը դեպի իր տուն,
Նրանք տարան իրենց սրտում
Մի այնպիսի մտերմություն,
Որ ոսկու պես չի ժանգոտում:
Փոստի բանուկ ճանապարհով
Անվերջ եկան ու գնացին
Նամակները հարանման`
Զինվորական սովորությամբ
Հատուկ ծալված` սրտի նման:
Բարևներ ու ցանկություններ
Եվ հարցումներ խիստ գործնական.
-Ձեր կոլխոզում ի՞նչն է պակաս…
-Դուք ի՛նչ ունեք և ի՛նչ չունեք…
-Հարցնում է քեզ Խեչան քեռին
Դաշտապաշտպան անտառներից:
Ձեզ մոտ ո՞ր ծառն է լավ աճում:
-Ախր չունենք մենք սերմ կեչու…
-Սերմը ոչինչ, մենք կուղարկենք:
Մի դու գրիր` ո՞նց եք անում,
Որ այնպես լավ է դիմանում
Ձեր պանիրը «Դարալագյազ»
(Որ կերել ենք մենք ֆրոնտում):
Նա շատ շուտ է մեզ մոտ հոտում:
Գրիր տեսնենք ինչն է պակաս:
-Դա հեշտ է շատ: Մի դու ասա.
Մեկ հեկտարից ինչքա՞ն կտաք…
-Կանչում ենք ձեզ սոնցմրցության:
Ձեր լիազորն եմ ես այստեղ,
Իսկ քեզ այնտեղ` ձեզ մոտ, անշուշտ,
Մեր վստահված անձն ենք հաշվում…
Նամակներն են գնում-դառնում,
Եվ հեռակա նամակներով
Երկու մեծ գյուղ, երկու կոլխոզ
Իրար հետ են ծանոթանում:
-Ձեզ բարևներ Դանել քեռուց,
Նա քեզ շատ է մտաբերում,
Հարցնում է նա` մեղվանոցից
Ինչքա՞ն է ձեր բերքը միջին:
-Հա՛, բարևիր և Մկրտչին,
Հայտնիր նրան, որ փաթեթով
Նա կստանա, և շատ շուտով,
Շատ օգտակար մի բրոշյուր
Ե՛վ ֆերմայի, և՛ իր համար:
Այսպես ահա`
ամեն նամակ,
Որ գնում է ու ետ դառնում,
Պատկանում է ամբողջ գյուղին,
Ողջ կոլխոզին է պատկանում:
Բանն այս ձևով այնտեղ հասավ,
Որ երբ Կարոն անցած ձմեռ
Այցի գնաց Բորիսովո,
Ոչ թե միայն Սերգեյը մեր,
Այլ նրա հետ կոլխոզը ողջ
Դիմավորեց Կարապետին,
Որպես մոտիկ հարազատի:
Եվ կատարվեց նույնը նաև
Այս գարնանը: Շրջգործկոմի
Շոֆեր Հայկը միտն է պահել
Ու պատմում է սրան-նրան:
Դեռ չհասած Սովետաշեն,
Նա կանգնում է ջուր վերցնելու
Եվ ուզում է շարժվել առաջ,
Երբ մի քանի երեխաներ
Ճանապարհին են կտրում նրանց:
-Այս ի՞նչ գյուղ է, երեխաներ,-
Լսվում է ձայնը Սերգեյի:
-Դե մեր գյուղն է, էլ ո՞ւմ, քեռի:
-Ա՜յ դու ճստիկ, - և մեղմաձայն
Ծիծաղում է ուրախ քեռին:-
Այդ իմացանք, բայց դուք ասեք
Ո՞նց է կոչվում:
-Սովետաշե՛ն:
-Իսկ դուք, քեռի, ո՞վ կլինեք,-
Երեխան է հարցնում հիմա:
Ծիծաղում է քեռին կամաց,
Ուշացնում է պատասխանել:
Երեխեքը մոտ են գալիս,
Մի պահ նայում, զննում նրան,
Եվ ի՜նչ…
Հանկարծ միանգամից
Եվ համարյա միաբերան
Բղավում են.
-Սերգե՜յ քեռի…
Աղմկում են, ուրախ կանչում.
-Տո, մենք ինչպես չհասկացանք…
Եվ թողնում են ու գյուղ փախչում,
Որ շուտ հայտնեն լուրն ամենքին`
Մոռանալով մանկան նման,
Չհիշելով, որ մեքենան
Իրենցից լավ վազել գիտի…
II
Ահա նորից անասնաբույժ
Ընկերոջն է գրում Կարոն:
Ե՛վ իր կողմից, և՛ ողջ գյուղի
Նախ հղում է հազար բարով,
Այնուհետև պատմում սիրով,
Իր, կոլխոզի կյանքից: Կարոն
Նույնիսկ ինքն էլ չի նկատում,
Թե աննկատ խոսքը մեկ էլ
Ինչպես հանկարծ հեռվից եկել
Ֆերմայի շուրջն է պտըտում:
-«Մեր կողմերում հնուց ի վեր
Սովորույթ է. ամեն ձմեռ
Ձյունն է պատում երբ քար ու սար`
Խորխորատներ, ծերպեր, ձորեր
Դարձնելով հարթ հավասար,-
Ոչխարների հոտերը հոծ
Միշտ քշում են ձմեռանոց:
Լեռներն այնտեղ բուրգերի պես
Բարձրանում են իրար վրա,
Բազմահարկ են կազմում ասես.
Ձորերն, ինչպես թրեր հատու
Նրանց լանջերն են կտրատում`
Բաց անելով լայնաբերան
Քարափներ ու անտակ վիհեր:
Այդ ձորերը քարայծների
Հայրենիքն է: Ձորի միջով
Մեկ էլ տեսար սլացավ վեր
Կամ թե հարյուր մետր վերից`
Ուղղահայաց քարափներից
Լողորդի պես ներքև նետվեց
Ահաբեկված մի խենթ քարայծ`
Միշտ ընկնելով եղջյուրներին,
Որ նման են զույգ ծառերի
Նրա գլխում արմատ խրած…
Եվ մեր այդ վեհ լեռնաշխարհի
Համարյա թե ամեն սարի,
Ամեն վիհի, քարափի մեջ
Բացվում է մի փոքրիկ կամ մեծ,
Նեղ կամ արձակ
Մութ քարանձավ:
Սովորությամբ մեր պապերի,
Գուցե արդեն երկար դարեր,
Այս կողմերում կարգ է դառել.
Ամեն ձմեռ, ամեն տարի
Ղշլաղ քշված հոտը պահել
Այս այրերում հսկայական:
Ի՞նչ կա այստեղ անբընական:
Դատողությամբ առողջ ու պարզ
Այլ կերպ վարվել չէր կարելի.
Քարայրը նախ` տաք է, ապա`
Լավ պահում է ու պահպանում
Հոտը գողից ու գայլերից:
Այսպես են միշտ ձիգ դարերից
Մինչև այսօր դատել մերոնք,
Եվ նրանց հետ, Սերգե՛յ, ես էլ:
Ինչպես անցներ մեր մտքերով,
Թե գեղեցիկ մի օր կգա,
Եվ այն, ինչ որ խիստ բնական,
Պարզ էր թվում մեր բոլորին,
Կհարուցի կասկած խորին:
Եվ հարուցեց
Կասկածն այդ մեծ
Քեզ քաջ հայտնի Միկիչ քեռին:
Երեկ եկավ դիմեց նախ ինձ,
Թե սխալ է – հոտ ու նախիր-
Տանել պահել քարայրներում:
Անցած ձմեռ նա կուրսերում
Սովորել է, թե ուղղակի
Քարանձավը հոտի համար
Ոչ թե հարմար կամ անհարմար,
Այլ մահացու է կրկնակի:
Ծանր հոտը ամոնյակի
Եվ ծանրածի,
Եվ ծնվածի,
Ուլի, գառան
Մահն է միայն:
Այնուհետև,-ասում է նա,-
Ամեն անձավ, ամեն քարայր
Շտեմարան է վարակի:
Ամեն տեսակ տիզ վարակիչ,
Ամեն տեսակ միկրոբ, բացիլ
Այնտեղ դառնում են «պահածո»:
Եվ վարակի հարցից բացի`
Լո՜ւյսը…Նույնիսկ «լուսն աստծո»
Չի թափանցում այնտեղ բնավ:
Օդը այնտեղ գաղջ է, խոնավ,
Ծանր ու հոտած: Երբ այդ օդին
Վառված մարխը չի դիմանում,
Է, ինչո՞ւ ենք մենք զարմանում,
Որ ոչխարի, գառան հոտից
Ամեն տարի` ամեն գարուն
Մենք տալիս ենք ծանր կորուստ:
Եվ Միկիչը մի կոշկի մեջ
Զույգ ոտները դրած ամուր,
Բարձրացրեց երեկ աղմուկ`
Պահանջելով, որ այսուհետ
Մեր հոտերը ոչ մի դեպքում
Ձմեռանոց էլ չքշենք:
Իսկ դա ի՞նչ է նշանակում.
Այն, որ պիտի ձայնը լսենք
Մենք գիտության. ոչ թե քշենք
Հոտը լցնենք քարայրի մեջ,
Այլ հենց գյուղում` արձակ ու մեծ
Ձմեռանոց շինենք հիմա
Ոչխարների հոտի համար`
Ըստ գիտության պահանջների
Մեծ, լուսավոր, տաք ու հարմար…
III
-Ձմեռանոց նախ և առաջ…
Խուսափելով` բռընկումից`
Մկրտիչը հանգիստ ջանաց
Բացատրել միտքը Թորգոմին:
-Ձմեռանո՞ց…, այն ժամանակ,
Երբ որ այնտեղ ձրի, անփող
Քարայրների դրուժինն ամբողջ
Մեզ է նայո՞ւմ: Տո, ծա՞ղր է սա,-
Մկրտիչին Թորգոմն ասաց,-
Սա ծա՞ղր է, թե անմիտ հանաք,
Ասա մենք էլ մի հասկանանք:
Այդ դեռ ոչինչ, անգին ընկեր:
Իսկ այդ դեպքում ես ո՞րտեղից
Ճարեմ նաև անասնակեր:
Եվ զրույցը փոխվեց վեճի:
Արդեն իրար սկսեցին
Կոչել ոչ թե անուններով,
Այլ դիմեցին ազգանունով,
Որ լինում էր այն ժամանակ,
Երբ ընկերները հինավուրց
Վիճում էին կրքոտ ու լուրջ:
-Ընկեր Պալյա՛ն, ես իմ հոգին,
Կրկնվում է նոր տեսակի
Ոչխարների պատմությունը:
Ի՞նչ է, պիտի պետությունը,
Պարտիան նորի՞ց միջամտեն,-
Մկրտիչը նրան խայթց:
Իսկ Թորգոմը նրան խեթեց.
-Դու նաղլըդ թո՛ղ և ի՛նձ լսիր,
Թե ինչ կասեմ ես քո մասին:
Ի՞նչ շահ գյուղին կամ ի՞նչ օգուտ
Քեզ էսքան է մտահոգում,-
Եվ եղունգն է մեկնում առաջ:
Փող չեմ կտրում, որ ձախ ու աջ
Չամչի նման շաղ տամ, ցրեմ,
Փայինի տեղ մանեթ փռեմ:
Ես, ախպե՜րս, ժողովրդի
Կոպեկները ծռտի-պռտի
Բանի համար չեմ տա քամուն,
Թորամանյան, ինձ լավ լսիր,
Եվ նոր միայն քո պետական
Մոտեցումի մասին խոսիր:
-Ես լսում եմ և հասկանում.
Փող չես կտրում, գիտեմ, գիտե՜մ,
Բա կտրեիր դու փող եթե
Քո ակումբի` այդ պալատի
Շենքի վրա հո չպիտի
Ընդամենը դեռ մեկ միլիոն
Ծախս անեիր:
-Սրա՜ն նայիր,-
Մկրտիչը տոնը փոխեց,-
Տեսա՞ք, թե ոնց ժողովրդի
Կոպեկները աչքս կոխեց:
Ախր խեղճը միջո՜ց չունի:
Իսկ ո՞վ ասաց պալատ շինիր,
Եվ միլիոններ հանձնիր քամուն,
Երբ որ կարգին ձմեռանոց,
Նույնիսկ չունես, չեմ հասկանում:
Այդ ինչպե՞ս է գրված կամ ո՞ւր,
Ո՞ր օրենքի, որ կետի մեջ:
Խոսիր, տեսնեմ ի՛նչ ես ասում:
-Դու բրդում ես այնպես մեծ-մեծ,
Որ լսողն էլ պիտի կարծի,
Թե լուրջ բան ես իրոք խոսում,-
Թորգոմը խիստ վիրավորվեց
Եվ շփոթվեց նաև մի քիչ,-
Եվ այդ մասին, ընկեր Միկիչ,
Լավ կանեիր, որ տանդ դու
Քո ինժեներ Վաչե որդո՜ւն,
Ոչ թե այստեղ ի՛նձ հարցնեիր:
Նեղը լծեց, սրա՜ն նայիր,-
Ու նա դարձավ դեպի Վաչեն.
-Էհ, ինժեներ, ամոթ բա չէ՞,
Որ բարձրագույն ուսում առած,
Ճարտարապետ արդեն դառած,
Չես զբաղվում դու քո հորով:
Հո չպիտի վաթսուն օրով
Նրան նորից ուղարկեմ կուրս,
Որ այդքան շատ ետ չմնա
Մեր օրերից: Օրը երկու
Եվ կամ թեկուզ մի ժամ եթե
Նրան կարդաս օրվա թերթեր,
Մեր պետության, մեր պարտիայի
Վաղուց բռնած կուրսի մասին
Հետը խոսես, զրույց անես,
Նման բաներ էլ չի ասի,-
Եվ ընդգծված նա ծիծաղեց:
-Ու կարծում է, թե ինձ դաղեց,-
Միկիչն ասաց: Բայց չթողեց
Նախագահը, որ ավարտի
Նա իր խոսքը.
-Անցյալ տարի
Քիչ էր մնում, եղբայր, որ դու
Համբավ հանես իմաստունի:
Դուրս էր գալիս, որ դու նույնիսկ
Որոշումից դեռ շատ առաջ,
Գլխիս մի նոր գուշակ դառած,
Մեր վաղն էիր նախանըշում:
Իմաստունդ թող իմանա,
Որ միանում գյուղերն իրաի
Ու քաղաք են հիմա դառնում:
Միտդ պահիր, ընկե՜ր անգին,
Որ ուղիները մեր կյանքի
Հենց այնտեղ են հիմա տանում:
-Դու շատ շուտ ես հիվանդանում
Քո երազած այդ քաղաքի
Երազանքով:
Ընկեր Թորգոմ,
Շնորհակալ եմ, քաղաքը քեզ,
Օպերան ու պալատը քեզ,
Ինձ հասարակ ձմեռանո՜ց,
Գոմե՜ր են պետք… Դու ինքնագոհ
Շատ ես սիրում կրկնել, Թորգոմ,
Թե ամեն ինչ մենք դեռ կանենք,
Կանենք, իբր, միայն` հերթով:
Համաձայն եմ: Բայց ընդունենք`
Ձմեռանոց նախ և առաջ,
Իսկ պալատը փոքր-ինչ հետո:
Դու մտածիր յուղի մասին,
Քաղաքներն էլ, անհոգ մնա,
Կկարենան յոլա գնալ
Առանց քեզ էլ: Դու կոլխոզի
Նախագահն ես, մի՛ մոռանա,
Ոչ թե արդեն Քաղսովետի,-
Այս դու միծտ էլ հիշես պիտի:
Փռթկաց ծիծաղն ու շաղ եկավ,
Ինշպես հանկարծ պայթած ական`
Աներևույթ վերքեր տալով
Նախագահին ու Վաչեին:
Եվ շփելով դեմքը ձեռով
Այնպես, կարծես թե այտերով
Արյան շիթ է հոսում ներքև,
Թորգոմն ասաց վիրավորված.
-Դեռ Թորգոմին Քաղսովետի
Նախագահ չեն մականվանել:
Սակայն քսան տարուց ավել
Ողջ շրջանը արդեն գիտի
Եվ կոչում է քեզ «Կապույտ ձի»:
Խնդրեմ միտքս ճիշտ հասկացիր:
Քեզ չեմ ուզում վիրավորել,
Ինչպես որ դու աշխատեցիր:
Համառ էիր, ինքնասածի,
Քսան տարի եկավ անցավ
Էլի դու նույնը մնացիր`
Նույն համառը, ինքնասածին,
Որ եկել է, կրծքիս չոքել,
Պահանջում է իր Կապույտ ձին,
Երբ վաղուց է այդ ձին սատկել…
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |