Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Երկիր Նաիրի՝ Մասն առաջին

Երկիր Նաիրի՝ Մասն առաջին
ՔԱՂԱՔԸ ԵՎ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ


Այստեղ նաիրյանն է նազում...

Վահան Տերյան
 
Նաիրյան այդ հնամյա քաղաքն ամեն ինչով նման էր նաիրյան բոլոր հին ու նոր քաղաքներին.- փոքր էր, ոչ բազմամարդ, խարխուլ ու փոշոտ. ժամանակակից լեզվով այդպիսի քաղաքներին ասում են -գավառական հետամնաց քաղաք: Ե՞րբ է շինված նաիրյան այդ հին քաղաքը -աստված ինքը գիտե. բայց ասում են, որ այդ քաղաքը հիմնողները եղել են հին նաիրցիներ.- գուցե՝ խալդեր լայնաթիկունք ու ջլաբազուկ, գուցե՝ գանգրահեր ուրարտացիներ: Սակայն պատմական այդ հանգամանքը, կարծում ենք, այնքան էլ կարեւոր չէ, որովհետեւ խալդական կամ ուրարտական այն հին քաղաքից հիմա երեւի տեղն էլ չէ մնացել. նրանց այն կավե գետնափոր խրճիթների փոխարեն կանգնած են հիմա նաիրյան այդ փոքրիկ քաղաքում քարե միհարկանի, երկհարկանի եւ նույնիսկ երեքհարկանի շինություններ՝ տներ ու խանութներ, որոնք նույնքան են նման ուրարտական այն հին խրճիթներին, որքան քո քիթը, ընթերցող... Էյֆելյան աշտարակին: Այդ նոր տներից ու խանութներից մի քանիսը նույնիսկ թիթեղե կարմիր կամ կանաչագույն կտուրներ ունեն - մի հանգամանք, որ քսաներորդ դարից է գալիս -եւ, որպես այդպիսին, նոր է եւ միանգամայն ուշագրավ: Քաղաքի ցածլիկ տների ու խանութների միօրինակ ծովում թիթեղե այդ կտուրներն աչքի են զարնում, ինչպես աչքի կզարներ կանացի եվրոպական փետրազարդ գլխարկն՝ արեւելյան գյուղում:

Եվ իզուր չէ, որ նաիրյան այդ քաղաքում մինչեւ օրս էլ մի անհուն վախով ու պատկառանքով են խոսում այն անձնավորության մասին, որն առաջին անգամ թիթեղե կտուրով է ծածկել իր երկհարկանի բնակարանը. դա բոլորին հայտնի, բոլորից հարգված, այսպես անվանված Գեներալ Ալոշն է, ութսունն անց պատկառելի մի նաիրցի, որի հետ ընթերցողը դեռ շատ առիթ կունենա հանդիպելու սույն իմ այս պոեմանման վեպում:

Տները, ինչպես ասացի, նաիրյան այդ քաղաքում ցածլիկ են, մեծ մասամբ միհարկանի, տափակ կտուրներով,- բայց տների ու խանութների այդ միօրինակ տափակության ծովում, քաղաքի ճիշտ կենտրոնում, որպես ուրիշ մի աշխարհից կամ երկընքից ընկած քարե մի հրաշք-կանգնած կա, երեւակայո՞ւմ եք... հինգհարկանի մի հսկա, քարե մի թյուրիմացություն... Ծխական դպրոցի ծանոթ ուսուցիչ պ. Մարուքե Դրաստամատյանը, որ պակաս մի հրաշք չէ նաիրյան այդ քաղաքում, ամեն անգամ այդ շինության մոտից անցնելիս ասում է ինքնիրեն կամ, եթե խոսակիցներ է ունենում -նրանց. «Ուրի՛շ բան ենք մենք, ուրիշ -եվրոպացիք... Ա՛յ»: Եվ նա հիացած աչքերով նայում է հինգհարկանի շենքի տարօրինակ-- փոքրիկ քառակուսի պատուհաններին: «Դեռ մենք շատ ենք հետամնաց», - ասում է նա: Այսպես է մտածում պ. Մարուքեն-եւ նա, իհարկե, ունի իրավունք.- պ. Մարուքեն ավարտել է տեղական քաղաքային յոթնամյա դպրոցը եւ, իրերի անհայտ բերումով, երկու-երեք ամսով եղել է Բեռլինում.- գոնե այսպես է հավատացնում ինքը, պ. Մարուքեն: Նա սիրում է միմիայն նորն ու կատարյալը -եւ չի կարող տանել ոչ մի հնություն: Այսպիսով նա, միանգամայն իրավացիորեն, եվրոպացու հռչակ է վայելում նաիրյան այդ քաղաքում եւ բոլորը, մեծ թե փոքր, բացի երկրորդ ծխականի ուսուցիչ ընկ. Վառոդյանից, հարգում են նրան:

Բայց քաղաքը, բացի այդ հինգհարկանի հրաշք-շինությունից, ուներ մի շարք տեղական հրաշալիքներ, որոնցով դժբախտաբար չէր հետաքրքրվում պ. Դրաստամատյանը: Սակայն ինչ ուզում է պ. Մարուքեն կարծե -առանց այդ հրաշալիքների նաիրյան այդ քաղաքը եթե ոչ իր ամբողջ հմայքը, գոնե իր հմայքի կեսից ավելին անպայման կկորցներ -հենց իրենց, այդ քաղաքի բնակիչների աչքում: Եվ ճիշտ որ. ինչո՞ւ համար կատարյալ հրաշալիքներ չեն կարող համարվել - թեկուզ հենց Բերդը կամ, ասենք,-- Վարդանի կամուրջը կամ վերջապես -Առաքելոց եկեղեցին... Իսկ ձորի Սլլան քա՞րը, Ճգնավորի մատո՞ւռը,- ո՞րը թվեմ:- Բոլորն էլ հրաշք են, զարմանալի զարմանք, անկարելի հնճարք:

Սկսենք բերդից:

Քաղաքի արեւմտյան ծայրում, վերը, ժայռակուռ, դեղին բլուրի վրա-- խիստ, խոժոռ, որպես արեւելյան քարե մի բռնակալ -բազմել է բերդը: Ժայռե իր գահի, աթոռի վրայից նայում է քաղաքին: Քարե մի վիթխարի արկղ լինի կարծես՝ ծանր՝ ընկել է վերից ու կախված մնացել է բլուրի վրա, նստել է՝ ծանր ու հաստատ:-Ընկել է նախ մի հսկայական քարե արկղ կարծես -եւ հետո, մեկը մյուսի հետեւից տեղացել են վար ուրիշ մեծ ու փոքր, ծանր ու թեթեւ, զանազանաձեւ սնդուկներ՝ մեկը մեկի վրա, կողք կողքի. հրաշք է, չես հասկանում, զարմանում ես միայն: Ասում են, որ այդ բերդը շինելիս նաիրցի վարպետները ձվի սպիտակուց են գործածել շաղախի փոխարեն -ահա, թե ինչու է այդ բերդը անխորտակելի: Անառիկ է այդ բերդը -ամենքը այդ գիտեն,-- եւ դավաճանությունն է, նենգ, ստոր, նաիրյան դավաճանությունն է այդ բերդը հանձնել եկվոր սրիկաներին: Հիմարները միայն կարող են չզարմանալ այդ բերդի վրա -եւ այդպիսի հիմարներից է, թող թույլ տրվի ասեմ, պ. Մարուքեն: Եվ թող ասի խնդրեմ պ. Դրաստամատյանը, այդ մեծամիտ «եվրոպացին». ինչո՞վ, ինչո՞վ պիտի պաշտպանվեր հնամյա այդ քաղաքը առաջին իսկ թշնամուց, եթե բերդը չլիներ: Այնտեղից, այո -բերդի անխորտակելի պատերի վրայից պիտի ռումբեր տեղան, եթե պատերազմ լինի: Այնտեղից -բերդի ժայռակերտ պատնեշների վրայից իջնի պիտի մի օր, որպես երկաթե մի բռունցք, պիրկ, անպարտ կորովը նաիրյան ցեղի:- Որպես երկաթե մի բռունցք -իջնի պիտի մի օր թշնամու գլխին:- Ահա՛ թե ինչ է այդ բերդը -իհարկե, հասկացողի համար: Եվ ահա՛ թե ինչու -վարը, քաղաքում հանգիստ են տները՝ նիրհել են անհոգ ու անտարբեր: Իսկ խանութների առաջ նստել է նաիրցի խանութպանը եւ ծույլ, անփույթ հորանջելով սպասում է գնորդի: Եվ ի՜նչ նշանակություն ունի այն հիմար, միանգամայն պատահական եւ ժամանակավոր հանգամանքը, որ հիմա, 1913 թվին, բերդի ամենաբարձր աշտարակի վրա ծածանվում է ո՛չ նաիրյան, արծվազարդ մի դրոշ: Բերդը շինել են նաիրցիները, բայց, դժբախտաբար, այդ նույն բերդն է հիմա եկվոր սրիկաներին -սոխերին -պաշտպանում թե մեզնից, բերդի եւ քաղաքի իսկական տերերից -եւ թե ամեն մի թշնամուց: Օրը կգա -եւ նրանք կգնան: Եվ նորից, բերդի անառիկ ամրություններից, որպես երկաթյա ահեղ մի սպառնալիք -կելնե, կհառնե ահասաստ, նաիրյան ոգին. կորովը, ուժը հազարամյա -նաիրյան աշխարհի... Ու կվառվի նորից անմար խնդությամբ, կժպտա խնդագին երկիրը հազարամյա -երկիրը Նաիրի... Այսպես էին մտածում այդ բերդի մասին նաիրյան այդ քաղաքում ապրող իսկական նաիրցիները -եւ այս փաստի հանդեպ ի՞նչ կարող էր անել մի, թեկուզ եւ եվրոպացի, պ. Դրաստամատյան...

Բերդից, քարե այդ վիթխարի սնդուկի երկու կողքերից սկսվելով՝ ծուռումուռ, հսկա սապատավոր ուղտերի նման, դեպի վար, դեպի քաղաքն են իջնում քաղաքի երբեմնի պարիսպների հիմիկվա մնացորդները: Առաջ, շատ հնում, քարե ուղտերի անընդհատ ձգվող մի քարավան է եղել, ամրակուռ մի պարիսպ, որ բերդից իջնելով՝ անցնելիս է եղել գետը եւ ամբողջ քաղաքը իր մեջ առնելով՝ տարիներ շարունակ պաշտպանել է բնակիչներին չարից ու ոսոխից: Բայց հիմա քարե այն հսկա ուղտերի սապատներն են միայն -ծուռ, կոշկոճ բլուրների նման -տեղ-տեղ մնացել: Մնացել են հիմա այն հին պարիսպների զարմանք հետքերը միայն - մեկն այնտեղ ահա, բերդի պատերին կպած, մյուսն այնտեղ, գետեզերքին, մեկն էլ՝ հեռո՛ւ-հեռուն՝ քաղաքից դուրս: Ամեն մեկը հիմա մամռապատ մի պատ է կատարյալ, չիմացողը կասի՝ ո՞վ է այս բլուրի քարերը հղկել, ազնվացրել եւ մամուռով պատել... Իսկ մի վիթխարի կտորը այդ առասպելական պարիսպի մինչեւ օրս էլ մնացել է քաղաքի միջով անցնող գետի ճիշտ մեջտեղը. գետի մեջտեղը մնացած պարիսպի այդ կտորն է ահա, որ կոչվում է հիմա Վարդանի կամուրջ: Կարծում են՝ կամուրջ է եղել եւ համոզված են, որ այդպիսի մի կամուրջ Վարդան զորավարը միայն կարող էր շինել, որովհետեւ այսօրվա միամիտ նաիրցին այն ամենը, որ մե՛ծ է եւ զարմանալի, ինչ որ նաիրյան է ու հաղթական -վերագրում է Վարդան Մամիկոնյանին, վերջին այդ արքայակերպ նաիրցուն, որի մասին այսօր ամեն մի հասարակ նաիրցի այնքանը միայն գիտե, որ բարեկենդանի հինգշաբթի օրը բոլոր նաիրյան եկեղեցիներում պատարագ է լինում նրա հիշատակին, երգվում է «Լռեց ամպերը», եւ այդ օրը բոլոր նաիրցիները «տոն» ունեն, այսինքն -անվանակոչություն... Բայց այդ չէ, իհարկե, պատճառը, որ Վարդանի կամուրջը նաիրցիների աչքին դարձել է խորհրդավոր մի հրաշք՝ ահռելի գեղեցկություն: Ասում են -եւ այդ բոլորը գիտեն -որ գետում խեղդվածները գալիս հավաքվում են կամուրջի տակ գտնվող ահռելի վիհերում. վիհի՛ վրա է կանգնած այդ հսկա քարակույտը -ահա՛ թե ինչ: Նրա տակ դատարկ է, բոլորովին դատարկ: Եվ այդ դատարկության վրա, որպես նաիրյան հնամենի զարմանք, եղել է կամուրջը, կախվել է, ծանր ու հաստատ, վիհերի վրա: Վարդանի կամուրջը: Եվ այդ անհուն, անհատակ վիհերում, որոնց մեջ ջուրն անգամ վարանում է լցվել - ապրում են ջրային գազաններ, պառավներ, մարդագլուխ գոմեշներ, ջրային հսկա մի օձ, որ կամուրջի «տերն» է, կամուրջի բարի ոգին եւ երկու ջրահարս: Ահա թե ինչու ոչ մի քաղաքացի չի համարձակվում լողանալ կամուրջի մոտերքը. քանի՜-քանի անգամ եղել են դեպքեր, երբ մի առաքինի, խելոք, բարի նաիրցի գիշեր ժամանակ Վարդանի կամուրջի մոտերքից անցնելիս զգացել է հանկարծ, որ քաշում են իրեն վար, դեպի վիհերը Վարդանի կամուրջի,- կանչում են, հմայում են, ուզում են խեղդեն: Եվ քանի՜-քանի անգամ Վարդանանց տոնին սուրբ Գեւորգ եկեղեցու քարե ամբիոնից տեր Հուսիկ քահանան զգուշացրել է քաղաքացիներին, որ նման դեպքերում ամեն մի իսկական նաիրցի իսկույն պետք է հիշի Վարդան զորավար քաջին եւ ամրապնդվի պապերի հավատքով: Պիտի մտաբերի այն մեծ նպատակը, որի համար ընկել է նա Ավարայրի դաշտում -եւ չվարանի: Եվ եթե չվարանի՝ կցնդի, քամի կդառնա այն չար զորությունը, որ թշնամու ցանկությամբ կախվել է Վարդանի կամուրջի վրա: Եվ Վարդանի կամուրջը կդառնա հավատքի մի խորան՝ բարի մի զորություն:- Հարության սյուն կդառնա Վարդանի կամուրջը հավատացողի համար -ասել է հաճախ տեր Հուսիկ քահանան: Բայց միշտ այնպես է պատահում, որ ամենավտանգավոր վայրկյանին թռչում է Վարդանի անունը վարանոտ քաղաքացու ճղճիմ ուղեղից ու մնում է տեղը -դատարկ տարածություն, սարսափելի զարզանդ, որ, ի դեպս ասած, ավելի է բարձրացնում Վարդանի կամուրջի հրաշալի հմայքը քաղաքացիների աչքին: Եվ ես չգիտեմ, չեմ կարող պատկերացնել, թե որքա՜ն խղճուկ ու անհետաքրքիր պիտի թվար նաիրյան այդ քաղաքը նրանում ապրողների աչքին, եթե այդ կամուրջը չլիներ: Բայց արի տես, որ այդքան հետաքրքիր ու զարմանալի հնամյա այդ քաղաքում միայն կամուրջը չէ: Եվ եթե առաջարկվեր բնակիչներին ձեռք քաշել քաղաքի հրաշալիքներից մեկն ու մեկից, հարց է դեռ՝ չէի՞ն զիջի նրանք Վարդանի կամուրջը -հօգուտ Առաքելոց եկեղեցու: Ուզում եմ ասած լինեմ, որ չնայած Վարդանի կամուրջը քաղաքացիների սրտին չափազանց մոտ լինելու հանգամանքին -ուրի՛շ բան է այդ նույն քաղաքացիների համար Առաքելոց եկեղեցին: Առաքելոց եկեղեցին ամենամեծ ու ամենանվիրական հրաշալիքն է, զարդն է, զարմանքն է այդ հնամյա քաղաքի -եւ բացի նրանից չկա մի ուրիշ ավելի հմայիչ զարմանք քաղաքացիների համար:- Ինչ որ է հոգին մարմնի նկատմամբ, ինչ որ է ուղեղը, աչքը կամ սիրտը՝ մարդու կազմվածքում -նո՛ւյնն է Առաքելոց եկեղեցին նաիրյան այդ քաղաքում:- Ինչ որ է Նոտր Դամը փարիզցիների համար -նույնն է այդ քաղաքի բնակիչների աչքին -Առաքելոց եկեղեցին:

Բերդից դեպի հյուսիս, վարը, բլուրի լանջին, ծվարել է Առաքելոց եկեղեցին, որպես քարից շինած մոխրագույն մի թռչուն: Առաքելոց եկեղեցին թռչունի է նման վերից -բերդից նայելիս. բայց դեմից նայելիս նա թողնում է նստած վարդապետի տպավորություն: Քարե ծեր մի վարդապետ է կարծես, նստել է բլուրի լանջին ու մնացել է նստած -դարեր, ու կմնա նստած, քանի դեռ կա աշխարհը եւ անհուն աշխարհում -երկիրը Նաիրի: Վերը, գմբեթի ծայրին, խաչն է՝ պարզ, երկաթե նաիրյան մի խաչ: Ու խաչից սկսվելով՝ ծայրը վեր տնկած կոնաձեւ հոլի մի նման իջնում է գմբեթը քարե մի ահռելի սնդուկի վրա: -Ահա՛ Առաքելոց եկեղեցին: Հրաշք է, չես հասկանում -այնքան է պարզ: Բայց որպեսզի ընթերցողը պարզ, ակնհայտնի կերպով կարողանա պատկերացնել Առաքելոց եկեղեցու հմայիչ պարզությունը -ես կնկարեմ այստեղ, մոտավորապես, նրա արտաքին տեսքը.


-ահա՛: Հասարակ է, պարզ է՝ նաիրյան ոգին է կարծես՝ կերպարանք ստացած:- Անպաճույճ է, պարզ է -դրսից, բայց հասկացողի համար նա որքա՜ն է անհուն ու բազմահրաշ...

Ճիշտ այնպես, ինչպես պատմել են, պատմեմ ես էլ քեզ, ընթերցո՛ղ: Առաքելոց եկեղեցու մասին. ուզում ես՝ հավատա, ուզում ես՝ ծիծաղիր: Բայց ես մոռացա ասել, թե ինչու է այդ եկեղեցին կոչվում -Առաքելոց եկեղեցի:- Եվ հենց այստեղից է ահա, որ սկսվում է այդ եկեղեցու զարմանալին ու րաշալին:

Քարե այդ եկեղեցու քարաշեն գմբեթի պատերի վրա դրսից քանդակել է նաիրցի վարդապետը տասներկու առաքյալների դեմքերը՝ մեկ-մեկ, կողք կողքի -տասներկու առաքյալ: Հասկանո՞ւմ եք՝ քարի՛ մեջ փորել է հրաշալի դեմքեր: Նրանք հիմա էլ պարզ նայում են դիտողին գմբեթի հնաբույր, մամռոտ պատերից՝ կարծր, չոր, նաիրյան լեռնաքարի մեջ փորած հրաշալի դեմքեր: Եվ այն էլ կնկատի ուշադիր դիտողը, որ առաքյալներից մեկի բոլոր դիմագծերը փորփրած են անխնամ. քիթը չկա, իսկ աչքերի փոխարեն նայում են վերեւից երկու սեւ ու այլանդակ խոռոչներ:-Հուդայի դեմքն է դա, կասի ձեզ իմացողը,- որին նաիրցի քրիստոնյա վարդապետը տվել է հրեշի կերպարանք: Բայց Հուդայի այդ դեմքը իսկի էլ կարծես քանդակված չլինի եկեղեցու վրա, որովհետեւ եկեղեցին թեկուզ եւ պաշտոնապես կոչվում է Տասներկու Առաքելոց, բայց ժողովուրդը համառորեն ասում է՝ Տասնմեկ Առաքելոց -եւ նա իրավունք ունի. նա չի հաշվում Հուդային. չի՛ ուզում հաշվել: Սակայն եթե ժողովուրդը տասներկու առաքյալներին էլ չհաշվեր -էլի Առաքելոց եկեղեցին ոչինչ չէր կորցնի իր դարավոր հմայքից: Որովհետեւ այլ է նրա կոչումը, եւ հմայքը -այլ: Եվ այն, ինչ որ ես հիմա պիտի քեզ պատմեմ, սիրելի ընթերցող, թող քեզ դատարկ հեքիաթ կամ զրույց չթվա: Եթե մի անգամ պատահմամբ այդ քաղաքն ընկնես՝ հարցրո՛ւ Առաքելոց եկեղեցու մասին եւ քեզ ամեն մի տեղացի նույնը կպատմե, ինչ որ ես պիտի պատմեմ, գուցե եւ ավելին:

Դեպքը պատահել է այսպես:

Առաքելոց եկեղեցուց երկու-երեք հարյուր քայլաչափ հեռու, եկեղեցի տանող ճանապարհի վրա հիմա էլ կանգնած կա կիսավեր մի տնակ: Պատերը կանգնած են դեռ, բայց կտուրը փուլ է եկել. հողակույտ է հիմա այդ տնակը, անդուռ ավերակ: Ընդամենը քսան-քսաներկու տարի առաջ այդ տնակը թե դուռ ուներ եւ թե լուսամուտներ, եւ նրա խոնավ, ցածլիկ սենյակներում ապրում էր մի գաղթական նաիրցի՝ հիմա ամենքին անունով հայտնի Մշեցի Թաթոն: Այդ մարդը դժբախտ է եղել. նաիրյան հեռու մի քաղաքում ջարդի ժամանակ կորցրել է իր ընտանիքը եւ մերկ, բոբիկ, հասել է այդ քաղաքը եւ բախտի բերումով բնակություն գտել եկեղեցուն մոտիկ այդ խարխուլ տնակում: Ապրել է Մշեցի Թաթոն այդ խարխուլ տնակում մի քանի տարի, ոչինչ չի նկատել: Եվ ահա մի օր շուկայում հանդիպում է նա իր հայրենակիցներից մեկին. նոր է եկած լինում հեռու հայրենիքից: Պատմում է այնտեղի մասին քստմնելի բաներ: Եվ պատմությունը նույնն է լինում՝ կոտորած, կոտորած, կոտորած:- Բռնաբարված կին, կորած երեխաներ: Ու փախուստ -օտարություն՝ մուրացկանի վիճակ: Լսում է Մշեցի Թաթոն եւ հիշում է իրը. հիշում է կնոջը, երեխաներին: Մտնում են միասին գինետուն եւ սկսում են խմել դառն, արնահամ նաիրյան օղի: Եվ ահա Թաթոն սկսում է պատմել ընկերոջը քաղաքի մասին. դուրս են գալիս օրորվելով. տեսնում են բերդը, Վարդանի կամուրջը, Առաքելոց եկեղեցին: Ասում է ընկերը՝ օրը կգա եւ նորից կելնե, կհառնե մշուշից -նաիրյան ոգին: Հաղթ, հաստատ, կիջնի թշնամու գլխին -երկաթե վրեժ: Այսպես զրուցելով գալիս են Թաթոյի տնակը, պառկում են քնելու: Եվ ահա կեսգիշերին թվում է Թաթոյին՝ մեկը, անուշ ձայնով, կանչում է իրեն: Ներքեւից, տան ներքնահարկից, կանչում է մեկը, ծանոթ, կանչում է վար: Ելնում է վեր եւ ասում է ընկերոջը՝ արի: Եվ նրանք միասին վերցնում են ճրագը՝ իջնում են վար: Իջնում են ներքնատուն: Խոնավ, գաղջ օդով լցված, զարհուրելի: Մի վայրկյան մնում են շվարած. պարզ, լսելի՝ կանչում է տխուր մի ձայն հատակից, ներքեւից: Աչքերը գետնին են հառում -տեսնում են՝ գետնի մեջ, ծանր, թաղվել է մի ջրաղացքար: Մտածում են՝ դուռ է: Դնում է Թաթոն ոտքը ջրաղացքարի վրա. շարժվում է: Կռանում, բարձրացնում են քարը -բացվում է նրանց առաջ մի մութ ներքնահարկ: Մութ, խոնավ՝ փչում է դեմքներին թավ, խոնավ մի քամի: Նայում են ճրագով -աստիճաններ: Վերցնում են ճրագը եւ իջնում են վար: Ահա վերջանում են աստիճանները, եւ դեմը խավար մի անցք տանում է -ո՞ւր: Գնում են անցքով -գալիս, գալիս -լայնանում է անցքը: Եվ ահա նորից -աստիճաններ: Ելնում են վեր -եւ դուրս են գալիս հանկարծ... Կանգնած են Առաքելոց եկեղեցում: Բեմը, խորանը ահա, վարագույրն ահա -մութ -կապույտ վարագույրը՝ վրան ոսկե մի խաչ: Ավազանը ահա, որտեղ երեխաներ են «կնքում»... Մնում են շվարած: Մոտենում են դռներին, ուզում են դուրս ելնել -փակ է: Զարհուրած փախչում են ետ: Միեւնույն անցքերով քայլում, քայլում են երկար եւ ահա նորից - աստիճաններ: Եվ հանկարծ, գլխների վերեւում, վերը, ներքեւում, իրենց շուրջը, չորս կողմը լսում են -խուլ, հեռու ջրերի խշշոց: Ելնում են աստիճաններով եւ դուրս են գալիս... Քիչ է մնում հովից ու խոնավությունից ճրագը մարի: Ո՞ւր են -չեն հասկանում: Զգում են միայն, որ կանգնած են բարձր մի տեղ, ինչ-որ զարհուրելի խոնավության վրա: Ներքեւում, վարը -գետ է, հեղհեղուկ հոսանք: Ջրերի խշշոց: Ու հորդ, հեղհեղուկ հոսանքի վրա, վերը- երկինք է. մութ. խոնավ գիշեր: Եվ Թաթոն հիշում է հանկարծ՝ կանգնած են ճիշտ այն բլուրանման պարսպի մնացորդի վրա, գետի մեջտեղում:-Կամուրջն է. տեղացիք ասում են՝ Վարդանիկամուրջ: Ահա ջրերի միջից, վարը, երգում են պառավները. ե՞րգ է, թե՞ ջրերի խշշոց: Ու հորդ, հեղհեղուկ խավարում շողշողում է վարը, ծփում է պսպղուն -օձը, Կամուրջի բարի ոգին: Եվ ահա խոնավ, խշշացող ջրերի միջից ելնում են, ահավոր բառաչում խռպոտ -ջրային գոմեշները.- ահ է. զազրելի զարմանք... Արագ իջնում են վար, փախչում են անցքերով. ու էլի ահա -աստիճաններ: Շատ են, ինչքա՜ն են շատ... Ելնում են, ելնում են, ելնում են. եւ ահա -դուրսն են նորից: Շուրջը -երկինք է. աստղային մշուշ: Վարը -քաղաքն է երեւի. առկայծում են դեղին, տարտամ կրակներ: Հեռուն, շատ հեռուն, լսվում է խուլ, տխուր-- խշշոցը գետի. ոտքերի տակ իրենց -բերդն է. քարե սնդուկները ծանր շնթռկել են, քնել են ահավոր: Կանգնած են իրենք բերդի ամենաբարձր աշտարակի վրա. փչում է սուր, սարսուռ, սառը մի քամի: Ու մոտիկ-- մոտիկ ծածանվում է լաթի մի կտոր. դրոշակն է բերդի: Մութ է ափսոս: Եթե ցերեկ լիներ՝ կտեսնեին դեղին կտավի վրա -երկգլխանի մի արծիվ՝ ոսկենկար զարզանդ: Մութ է, գիշեր է, չի երեւում: Փչում է կատաղի -հրում է քամին. հիմա կընկնեն: Ինչո՞ւ են այստեղ -ի՛նչ են ուզում: Սարսափից խելագար՝ աստիճաններով կրկին իջնում են վար, ընկնում են գետնափոր անցքերը. վազում են շնչակտուր: Եվ քրտինք կտրած՝ հանկարծ, երեւի պատահմամբ -ելնում են իրենց ներքնահարկը նորից. բարձրանում են Թաթոյի սենյակը եւ քնում են մեռելանման: Քնում են դառը, աներազ, ծանր մի քնով, բայց առավոտը զարթնում են կայտառ, ոգեւորված: Պատմում են բոլորին անցքերի մասին -եւ բոլորը մնում են ապշած ու շվարած: Լինում են մարդիկ, որ այդ պատահական գյուտը համարում են խորհրդավոր նշան, զարթնումի սկզբնավորում: Մոտ է -ասելիս են եղել նրանք -վայրկյանը վերածնության: Եվ կանչել են նրանք Թաթոյին ու ընկերոջը. խըստիվ արգելել են այդ մասին զրուցել ու խոսել: Բայց հիմա, այդ նշանավոր անցքից քսան-քսանհինգ տարի հետո, բերդի, Առաքելոց եկեղեցու եւ Վարդանի կամուրջի մեջ գտնվող այդ անցքերի եւ աստիճանների մասին -բոլորը, նույնիսկ երեխաները գիտեն:-Բայց այդ մասին, իհարկե, չեն խոսում երբեք. այդ մասին խստիվ արգելված է խոսել: Այն էլ մոռացա ասեմ, որ երբ Թաթոյի եւ ընկերոջ անուշադիր լինելու շնորհիվ կառավարությունն իմանում է Առաքելոց եկեղեցու գաղտնիքը -խլում է Առաքելոց եկեղեցին նաիրցիների ձեռքից, իսկ Թաթոն ու ընկերն աքսորվում են Սիբիր եւ փտում այնտեղի խոնավ զնդաններում: Ահա՛ թե ինչ է իրենից ներկայացնում Առաքելոց եկեղեցին... Եվ դեռ ես այն էլ մոռացա ասեմ, որ բացի վերոհիշյալ հրաշքներից՝ նաիրյան արքանե՛ր կան թաղված Առաքելոց եկեղեցում եւ երբ, եկեղեցին գրավելուց հետո, սոխերը քանդել են եկեղեցու հատակը -վեմքարի ներքեւում գտել են անթիվ-- անհամար գանձեր ու անգնություններ... Էհ, հին ու մութ պատմություն է, ընթերցո՛ղ,- ո՞րը թվեմ: Գիտուն, խորամանկ, հարուստ ու հպարտ են եղել նաիրյան արքաները. այդպիսի արքաներ հիմա չկան: Գիտուն, խորամանկ, հարուստ ու հպարտ են եղել, բայց, դժբախտաբար, եսական ու անմիաբան. եթե ոչ... ինչո՞ւ պիտի կորչեր արքայությունը նրանց եւ ավերակի վերածվեր երկիրը Նաիրի... Ո՞ւր են հրաշագործ նաիրցիները հիմա -ո՞ւր է հազարամյա Նաիրին... Չկա, ոչինչ չկա հիմա: Անգամ հնուց մնացած այդպիսի զարմանք -հրաշալիքներ ունեցող նաիրյան այդ քաղաքը, որ առաջ արքայանիստ է եղել, մայր-քաղաք, հնամենի կենտրոն -այդ քաղաքն անգամ դարձել է հիմա սոխերի տիրապետության օրով -գավառական հետամնաց մի որջ, ուր պատժվելու համար մայրաքաղաքներից աքսոր են ուղարկվում զանազան զեղծումների մեջ բռնված ավազակ պաշտոնյաներ...
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top