Սակայն վերոհիշյալ պաշտոնական կենտրոններից ավելի հետաքրքիր եւ ուշագրավ են քաղաքի, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ «անպաշտոն» կենտրոնները, թեպետեւ նրանք, ըստ մեծի մասի, չեն վայելում հանրության կողմից այն խորհրդավոր հարգանքը, որ վիճակվել է պաշտոնական կենտրոններին: Բայց ինչո՞վ, ինչո՞վ է պակաս եւ ինչո՞ւ համար հասարակական հիմնարկություն չպետք է համարվի թեկուզ հենց, օրինակի համար, եկեղեցական մոմավաճառքի խանութը, որտեղից դուրս ելած բոլոր մոմերը կնքված են լինում, այո՛,-իսկական նաիրյան կնիքով: Կրկնում եմ՝ իզուր են միամիտ քաղաքացիք եկեղեցական մոմավաճառքի խանութի վրա աչքի ծայրով նայում. նա կենտրոն է. եւ որքան էլ ասածս չափազանցություն թվա -կարեւոր կենտրոն:-Եկեղեցիներին եւ ծխական դպրոցներին վերաբերյալ բոլոր խնդիրներն այդտեղ են արծարծվում եւ սանկցիա ստանում: Մոմավաճառքի՝ արտաքինից այդ քոսոտ խանութը, որ այնպես համեստ պահվել է փողոցի ամենախուլ անկյունում -էապես այն նշանակալից դերն է խաղում քաղաքի հասարակական կյանքում, ինչ դեր որ խաղում են քաղաքակրթված երկրներում քաղաքական ակումբները եւ սալոնները: Եվ այդպիսի մի դեր խաղալու համար ամեն հարմարություններ ունի մոմավաճառքի խանութը.- տաք է, քաղաքի կենտրոնում է գտնվում եւ, որ ամենակարեւորն է՝ ազատ է կողմնակի այցելուներից. շաբաթը մի կամ շատ-շատ երկու այցելու հազիվ է մտնում այդ խանութը մոմ գնելու նպատակով, այնպես որ ո՛չ մի կողմնակի անձնավորություն չի խանգարում այդտեղ հավաքված վարժապետներին եւ հոգաբարձուներին: Եվ նրանք էլ, լիովին օգտվելով խանութի այդ հարմարություններից, հաճախ նարդի կամ թուղթ են խաղում որեւէ ուտելիքի, կամ մի- երկու շիշ գինու վրա, ով որ տարվեց- գնի: Բայց գիտե՞ք, թե ինչո՞ւ, ի միջի այլոց, մոմավաճառքի խանութը կողմնակի այցելուներ չունի. այդ մասին կարող է տեղեկացնել քաղաքում շատ հայտնի սրճարանատեր Սեթոն, որ ամեն ինչից տեղեկություններ ունենալու շնորհիվ քաղաքացիների կողմից արժանացել է «Տելեֆոն Սեթո» հորջորջման: Այդ հարգելի քաղաքացին պատմում է, որ երբ կոշկակար Սիմոնի երեխան կնքելիս ինքը, որպես կնքահայր, ուզեցել է մտնել մոմավաճառքի խանութը մի զույգ կերոն գնելու -ս. Գեւորգ եկեղեցու քահանա տեր Հուսիկ Խաչագողը զգույշ քաշել է նրա փեշից. մոմավաճառքից կերոն գնելու ոչ մի կարիք չկա,- ասել է տեր Հուսիկ խաչագողը Տելեֆոն Սեթոյին,- կարող է եկեղեցուց վերցնել. թե էժան կնստի եւ թե եկեղեցին կօգտվի, ասել է Տելեֆոն Սեթոյին տեր Հուսիկ քահանան: Ահա՛ թե ինչու ազգային այդ հիմնարկությունը -եկեղեցական մոմավաճառքի խանութը -այցելուներ չունի:
Բայց որպես մի իսկական «քաղաքական ակումբ»- եւ այն էլ ոչ միայն վարժապետների եւ հոգաբարձուների, այլեւ ազգային գործերով բոլոր հետաքրքրվողների համար,- որպես այդպիսի ահա մի հասարակական կենտրոն հայտնի է քաղաքում «Լույս» նավթարդյունաբերության ընկերության այդտեղի ներկայացուցչի գրասենյակը,- մի հիմնարկություն, որ ամենայն իրավունքով կարող էր անվանվել -«Նաիրյան գործերի կենտրոն»: Եվ այդ էլ՝ «Լույս» ընկերության ներկայացուցիչ Համո Ասատուրովի շնորհիվ, այն Համո Ասատուրովի, որին, նավթի հետ գործ ունենալու պատճառով, քաղաքում կարճ անվանում են -«Մազութի Համո»: Չնայած այն հանգամանքին, որ «Լույսի» ներկայացուցիչ Համո Ասատուրովը -Մազութի Համոն -գավառապետի ամենամոտիկ բարեկամն է եւ նրա տարիքավոր կնոջ՝ Ագրիպպինա Վլադիսլավովնայի միակ մխիթարանքը այդ «տաղտուկ, զզվելի, հիմար քաղաքում» -մյուս կողմից՝ չնայած որ գավառապետն իր հերթին մշտական հյուրն է Համո Համբարձումովիչի հյուրընկալ ընտանիքում՝ մանավանդ երբ տանն է լինում ոչ թե ինքը՝ Մազութի Համոն կամ նրա կինը՝ Անգինա Բարսեղովնան, այլ նրանց աղջիկը՝ տասնութ տարեկան «սեւաչյա պրիմադոննան»,- չնայած, կրկնում ենք, Մազութի Համոյի ընտանեկան այս բարդ հանգամանքներին -գուցե եւ շնորհիվ հենց այդ հանգամանքների - Մազութի Համոն է եւ կմնա միակ կենտրոնական անձնավորությունը նաիրյան այդ քաղաքի -եւ ո՛չ մի ազգային կամ հասարակական խնդիր չի կարող արծարծվել կամ ընթացք ստանալ առանց նրա՝ Մազութի Համոյի սանկցիայի: Որովհետեւ, բացի վերոհիշյալ հանգամանքները, Մազութի Համոն ամենախելացի եւ գործունյա անձնավորությունն է ամբողջ քաղաքում, դիրքի տեր է, ռոճիկավոր պաշտոնյա է թեկուզ՝ բայց սեփական տուն ունի եւ մի քիչ էլ հող,- մի խոսքով՝ հարուստ է, խելացի, հասարակական լայն կապեր ունի, եւ որ ամենագլխավորն է՝ Մազութի Համոն անդամ է... «Ընկերության»- եւ այն էլ՝ ազդեցիկ անդամ... Չե՞ք հավատում.- բայց ես այդ ամենահաստատ աղբյուրից գիտեմ: Հայտնի է եւ այն, որ նա՝ Մազութի Համոն, արտասահմանից «Դրոշակ» է ստանում եւ գաղտնի կերպով տարածում ժողովրդի ստորին խավերում: Եվ այս հանգամանքը ոչ միայն ինձ, հասարակ մահկանացուիս է հայտնի, այլեւ նույնիսկ իրեն -գավառապետին,- եւ այս է ահա ամենազարմանալին: Գավառապետը Համո Համբարձումովիչի հեղափոխական գործունեության վրա մատների արանքից է նայում եւ, հայտնի չէ, թե ինչու, նրա հեղափոխական գործունեությունը համարում է «միամիտ չարաճճիություն»: Համո Համբարձումովիչը կրակ էլ լինի -հոգի է եւ միանգամայն անվնաս անձնավորություն,- ասում է գավառապետը: «Դուր է եկել մարդուն»,- մտածում են քաղաքացիք.-«Ի՞նչ ասես»: Բայց թե իրոք որքա՞ն է դուր եկել գավառապետին Մազութի Համոն -դժվար է մի քիչ պատկերացնել. քանի որ հայտնի է բոլորին, որ Վարդանի կամուրջի դիմացը գտնվող այն հողե խրճիթը պայթելու ժամանակ, երբ գործը պետական քննության հանձնվեց՝ վարժապետ Կարոյի գրպանում գտնվեցին... Մազութի Համոյի ձեռքով գրված մի շարք նամակներ... Եվ եթե գավառապետը չլիներ եւ չծածկեր այդ գործը -Համո Համբարձումովիչը հիմա Սիբիրում կլիներ, Մազութի Համոյի ոսկորներն անգամ հիմա փտած կլինեին...
Բայց արի տես որ՝ չնայած Մազութի Համոյի այդքան մեծ դիրքին ու հռչակին, մի ժամանակ քիչ մնաց, որ նրա գրասենյակը, որպես «նաիրյան գործերի կենտրոն», իր առաջնությունը զիջեր -երեւակայո՞ւմ եք՝ Ալեքսանդրյան կոչված փողոցում գտնվող չնչին մի խանութի, որի ցուցանակի վրա նկարված կային երկու հրացան, երկու փախչող նապաստակներ, մի ձիու պայտ եւ մի հատ էլ չգիտես -ձիու թե շան գլուխ՝ պայտի մեջ մտցրած: Այսպիսի մի նշանավոր ցուցանակ ուներ այդ խանութը եւ ցուցանակի վրա, վերոհիշյալ նկարների մեջտեղը, գրված էր ռուսերեն՝.
Այս նշանավոր ցուցանակը կպցրած էր խանութի ճակատին, սակայն խանութի լայն վիտրինի աջ եւ ձախ կողմը կպցրած կային երկու ուրիշ ցուցանակներ, որոնց վրա, թեկուզ նկարներ չկային, բայց գրությունը հայերեն էր. «Ծախում եմ որսորդական զանազան»,-գրված էր մեկի, եւ «Ապրանքներ Նշան Մառանկոզյան»- մյուսի վրա: Որսորդական ապրանքներ վաճառող Մառանկոզ Նշանի այս չնչին խանութն էր ահա, որ մի ժամանակ մրցել էր ուզում Մազութի Համոյի գրասենյակի հետ եւ կամենում էր դառնալ... «Նաիրյան գործերի կենտրոն».- ծիծաղելի է, չէ՞: Բայց Մառանկոզ Նշանի այդ անխոհեմ վարմունքը, ինչպես եւ կարելի էր ենթադրել, վերջացավ կատարյալ անհաջողությամբ եւ գործի նման վախճանը Մառանկոզ Նշանի համար ունեցավ բավականին ողբերգական նշանակություն... Գործիչ ընկերների մշտական ել ու մուտը եւ գործնական հավաքույթներն ի վերջո հիմնովին քայքայեցին Մառանկոզ Նշանի տնտեսական - ֆինանսականը, որովհետեւ հո չէ՞ր կարելի հավաքել մարդկանց եւ դատարկ զրույցներով կերակրել, հարկավոր էր եւ որոշ հյուրասիրություն, ինչպես այդ ընդունված է բոլոր քաղաքակիրթ երկրների քաղաքական ակումբներում. մի բաժակ թեյ, մի- երկու ֆունտ խաղող, մի թաս արաղ կամ գինի, իսկ երբեմն էլ, փոփոխության համար -մի-երկու ռյումկա կոնյակ: Մի ամիս միայն Մառանկոզ Նշանի տնտեսականը կարողացավ դիմանալ գործիչ-ընկերների բարձրապատիվ գրոհին. մի ամիս միայն նրա խղճուկ խանութը կարողացավ «նաիրյան գործերի կենտրոն» հանդիսանալու բարձր պատվին արժանանալ: Մի ամիս հետո, ցավոք իր սրտի եւ ի մեծ հաճույք Մազութի Համոյի -Մառանկոզ Նշանն ստիպված եղավ ծախել իր խանութը, թեկուզ բան էլ չէր մնացել, ինչպես ասում են, ծախելու,- եւ գնաց Պուլկարիա՝ ամբողջովին հեղափոխական գործին նվիրվելու: Եվ հիմա նրա խանութը, թեկուզ ցուցանակները դեռ մնացել են անփոփոխ, միայն հիասթափություն կարող է առաջացնել, եթե մեկը՝ ցուցանակներին նայելով, ներս մտնի որսորդական պիտույքներ գնելու: Ներս մտնողը հիմա այդ նշանավոր խանութում կտեսնի -նախ՝ խանութի մի պատից մյուսը ձգվող փայտե մի նեղ դազգահ, որ խանութը բաժանում է երկու անհավասար մասի, իսկ դազգահի այն կողմը՝ դեմը, կողք կողքի շարված՝ թիթեղե մի չինացի, ձեռքին կլոր մի վահան,- ավստրիական, նույնպես թիթեղե, կանաչագույն մի զինվոր, նույնպես վահանը ձեռին,- ֆեսավոր մի ասկյար, նա էլ թիթեղե ու վահանավոր,- եւ մի շարք ուրիշ նման արարածներ -բոլորը թիթեղե, բոլորը վահանավոր: Իսկ խանութի առաստաղներից այդ թիթեղե արարածների գլխին բարակ թելերով կախված գույնզգույն ձվերն ու լուցկիները, խորքում, դիմացի պատին հենած կարտոնե դեկորացիան, որ իբր թե անտառ է ներկայացնում, դազգահի վրա դրված հսկա գրամաֆոնը եւ բախտախաղի կլոր սեղանը՝ վրան էժանագին սապոններ, աղամաններ եւ մի քանի հատ թղթադրամներ շարած -այս բոլոր հեքիաթային երեւույթները հասկանալու համար հարկավոր է գիտենալ, որ Նշան Մառանկոզյանի այնքան նշանավոր, պատմական անցյալ ունեցող հեղափոխական խանութում հիմա մեզ արդեն հայտնի Բիթլիսցի Արշակի եղբայրը՝ Ամերիկայից վերադարձած Բիթլիսցի Մանուկը հիմնել է «Տիր» կոչված հիմնարկությունը, որ վերջին նորությունն է, նաիրյան այդ քաղաքի վերջին ամերիկական նորությունը, ուր կիրակի օրերը շատ պատկառելի քաղաքացիներ զբաղվում են հոգեշահ բախտախաղով, իսկ գիշերները ծխական դպրոցի ուսուցիչներից մի քանիսը, կոշկակար Սիմոնը, Մեռելի Ենոքը, Տելեֆոն Սեթոն եւ ռեալական դպրոցի բարձր դասարանի աշակերտներից շատերը հավաքվում են գաղտնի թղթախաղի:
Հիմա ամեն անգամ այդ խանութի մոտից անցնելիս Համո Համբարձումովիչի -Մազութի Համոյի սիրտը լցվում է մարդասիրական տխուր զգացմունքով. նա հիշում է Մառանկոզ Նշանին եւ խղճում է մարդկանց: Եվ այդ խեղճ, անճարակ, գռեհիկ վանեցին ուզում էր իր՝ Համո Համբարձումովիչի հետ մրցության ելնել... Ո՞վ էր նա եւ ո՞վ է ինքը, «Լույսի» ներկայացուցիչ Մազութի Համոն... Այս համեմատությունն անելիս Համո Համբարձումովիչը հիշում է միշտ, ինքն էլ չգիտե ինչու, գավառապետի կնոջը -Ագրիպպինա Վլադիսլավովնային եւ նրա սիրտը հալչում է մի անուշ ջերմությունից, ինչպես թեյի մեջ գցած ռաֆինադ-շաքար: «Դժվար է Մազութի Համոյի հետ մրցել, շատ է դժվար»,- մտածում է նա:
Եվ ճիշտ որ՝ ինչո՞ւ մրցել: Ինքը ամենամոտիկ բարեկամն է -գավառապետի, բժշկի, Օսեփ Նարիմանովի, գեներալ Ալոշի եւ այլն, եւ այլն, եւ այլն -քաղաքի բոլոր ազդեցիկ եւ դիրքի տեր մարդկանց: Վերջապես ինքը -այո -նախագահն է տեղական «Կոմիտեի», եւ նույնիսկ երեւակայո՞ւմ եք -«Կենտրոնական Կոմիտեի», թեկուզ այս մասին գավառապետը չգիտե եւ չի էլ ենթադրում... Գիտենա էլ -ի՞նչ պիտի անե. դժվար է, դժվար է Համո Համբարձումովիչի հետ մրցելը՝ խելացի մարդ է գավառապետը, նա հո չի՞ կարող այդ բանը չհասկանալ... Իսկ այն, որ նա ներկայացուցիչն է «Լույս» նավթարդյունաբերական ընկերության. նավթը հո «որսորդական ապրանք» չէ, որ իսկույն սպառվի. քանի դեռ ապրում է ինքը եւ կանգուն է Բաքուն, Համո Համբարձումովիչի գրասենյակը կա եւ կմնա իսկական «Նաիրյան գործերի կենտրոն» եւ ո՞վ գիտե նրա՝ Համո Համբարձումովիչի գրասենյակից չէ՞, որ պիտի ելնե խանդավառ առաջին «ողջույնը ազատ նաիրցիներին»- երբ ցրվի մի օր մուժը, մշուշը դարավոր Նաիրիի դեմքից եւ զվարթ ու խնդուն, որպես ինքնակալ մի արքա- ժողովուրդ, ելնե դարերի փոշուց ազա՜տ Նաիրին...
Այսպիսի մտքեր է ահա ունենում ամեն անգամ Նշան Մառանկոզյանի նախկին խանութի առաջից անցնելիս Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն:
Բայց բավական է, կարծեմ, որքան խոսեցինք նաիրյան քաղաքի զանազան նշանավոր ու աննշան կենտրոնների մասին. եթե այդ քաղաքի բոլոր քիչ թե շատ աչքի ընկնող կենտրոնների մասին խոսելու լինեինք՝ նախ երբեք չէինք վերջացնի, եւ, երկրորդ՝ ընկեր Սուրեն Վառոդյանի նման դեմ կառնեինք այն թյուրիմաց հարցին, թե ինչո՞ւ, վերջապես, կենտրոն չի՛ կարող համարվել թեկուզ Եգոռ Արզումանովի գինետունը, կամ Տելեֆոն Սեթոյի հայտնի սրճարանը, որ ունի հայերեն գրված այսպիսի մի ցուցանակ.