Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Ամենապոեմ

Ամենապոեմ
Ես— Հայաստանցի պոետ—
Երկիր, ուր մշուշ է ու մահ—
Բոլորի՛, բոլորի՛ համար
Երգում եմ
Նորից
Հիմա։
Բայց ինչո՞ւ միայն ես երգեմ,
Միայն ես, և ո՛չ թե նրանք,
Որ օրերը այս հողմածեծ
Գրոհել են անցյալի վրա։

Նրանք, որ փոշոտ, արևոտ,
Օրերի խոնավ մշուշում
Աշխատում են, եռում, պայքարում
Այս աշխարհի փոշում։

Որ հոսում են քրտինքի նման
Աշխարհի երեսն ի վայր—
Ու սրբում է, տանում է քամին
Ու խառնում է նրանց— իրար։

Եվ մի՞թե դուք չգիտեք,
Որ ամեն մի անհայտ բանվոր,
Որ ձեռքով իր երկաթ է կռում—
Հազա՜ր պոեմներ ունի
Իր հուժկու, երկաթ թոքերում։

Չգիտե՞ք...
Իմացե՛ք հիմա։
Ականջներդ— լայն— բացե՛ք.—
— Ուրիշ հանճարներ չկան
Աշխարհում— նրանցից բացի՛։

Եվ գիտե՞ք, թե ինչե՞ր են երգել,
Ինչե՜ր են ստեղծել նրանք—
Ինչպիսի՜ պողպատե երգեր,
Ինչպիսի՜ եռանդ ու կրակ...

Երգել են—
Եվ երգը նրանց,
Դարերի սարսափից անահ—
Կանգնել է՝ վիթխարի, հաստատ,
Նրանց երգը—
Աշխարհը—
ահա՜։
Աշխարհը—
Քաղաքները բոլոր,
Ճամփաները, փոշոտ խճուղին,—
Վերջին արտաքնոցը քարե—
Ու բոլո՛ր բերքերը հողի։

— Ինչպիսի՜ բազմալար երգեր
Ու հրաշք,
Հեքիաթ,
Հիացմունք։
— Ողջո՜ւյն, բյուրհանճար ընկե՛ր,—
Հանքագո՜րծ,
Հանքափո՜ր,
Հացթո՛ւխ...

Այո՛։
Ինչո՞ւ միայն ես։
Թող բոլո՛րը նրանք— երգեն։
Բոլորի՛ն, բոլորի՛ն, բոլորի՛ն—
Երգեն։
Եվ ինչո՞ւ միայն նա՛ երգի—
Միայն նա— նաիրցի մի Պողոս.—
Իսկ Իվա՞նը, Յուսո՞ւֆը, Չունկ-Ֆո՞ւն,
Որ իրար ճանաչում են վաղուց,
Եվ մի՞թե դուք չգիտեք,
Որ կարող է այսօր Տիբեթից
Մի Խուն-Յուն ինքնիրեն թռչել—
Ռաշտ, Պետրոգրադ, Թիֆլիս։
Կամ աշնան տերևի նման
Կարող է թռչել Կարոն—
Կուզեք, թող լինի Հագո—
Թիֆլիսից՝ Մարսել, Երևան,
Պեկին, Գահիրե, Չիկագո՛։

Օ, աշխարհը վաղո՜ւց է դարձել
Մի փոքրի՜կ, փոքրի՜կ փողոց...
Վաղո՜ւց դեղնավուն Պեկինից
Մինչև Նորք իր ձեռքը պարզած՝
 Մի Չունկ-Ֆու կարող է ասել.—
— Բարի լո՜ւյս, բանվո՛ր Պողո՛ս…

Էլ ինչո՞ւ միայն նա երգե—
Թող երգեն, ինչքան մարդ որ կա.
Թող աշխարհը ամբողջ երգե,
Զրնգա՛,
Զնգա՛,
Զնգա՛...

ԳԼ. Ա

1914 թ. հուլիս, Երևան
Երևան։
Աստաֆյան փողոց։
Փողոցի մեջտեղով ահա,
Մտքերի տակ ծանր կքած՝
Անցնում է մի բանվոր—
Պողոս։

Այրում է արևը եփող,
Խանձում է ջղերն հոգնած։—
Գնում է դեպի դեպո
Նա։

Տոթ է։
Ամառվա կեսօր։
Արևը— կարմիր շաֆրան։
Արևը— դրել է հինա։

Շտապում է նա— դեպո՛։
Մտքերը հրում են՝ գնա՛։

Ամեն ինչ— գո՜րշ, առօրյա։
Ինչպես միշտ— գորշ, փոշոտ փողոց։
Սառը ջուր։
Խաղող։
Գինի՛։

Մարդիկ։ Կառքեր։ Մարդիկ։
Եվ ոչ ոք չգիտեր, որ հիմա
Աստաֆյան փողոցի վրա—
Հրաշք պիտի լինի...

Եվ հրաշքն... այնպես պա՜րզ եղավ...
Հանկարծ բանվորի ճակատից
(Տոթ էր, շոգն ասում էր՝ գնա՛)—
Մի կաթիլ քրտինք ընկավ
Փողոցի փոշու վրա։

Ընկավ— ու մնաց մի պահ
Ու ցոլաց նրա մեջ հանկարծ—
Երկնքի անսահման հեռուն
Ու արևը— հեռու մի առկայծ...

Ու հանկարծ այնտեղից, փոշուց,
Ուր քրտինքը մնաց մի պահ—
Բյուրավոր բանակներ ելան՝
Վիթխարի, համարձակ, անահ...

Ելան բյուրավոր մարտիկներ,
Զինվորներ երկաթե, բրոնզե,—
Նրանք, որ իր պես, իր նման
Աշխատում էին դեռ անզեն։

Ելան, հառնեցին հանկարծ
Փողոցի ամառվա փոշում—
Բյուրավոր բանակներ անահ,
Զրահապատ բանակներ ուժի։

Շողացին սվիններ, սրեր,
Երգեցին կրծքեր հզոր,
Դրոշներ ծփացին արնավառ—
Դրոշներ կարմի՜ր, բոսո՜ր...

Եվ նրանց բոլորի առաջից
Մի դրոշ առնական ուսին՝
Արշավում էր Պողոսը հաստատ—
Ելնում էր փողոցի փոշին։
Ելնում էր փողոցի փոշին,
Ծփծփում էր բանակը հոծ.—
— Անցնո՜ւմ էր դարերի միջից
Մի հսկա, բյուրանուն Պողոս...

Գնում էր Աստաֆյան փողոցով,
Աչքերը հառել էր հեռուն։
Վառվում էր արև մի բոսոր
Պողոսի խոնավ աչքերում...

Ոչ ո՛ք, ոչ ո՛ք չտեսավ։
Միայն մի վայրկյան էր վառ։
Հետո— անիվներ անցան։
Գորշ, փոշոտ— փողոցի ճանապարհ։
(Իսկ որպեսզի հասկանաք այս հրաշքը—
Բավական է, որ իմանաք,
Որ մի հին ընկերոջ մոտից էր
Վերադառնում նա։

Այդ ընկերը նրան ասել էր,
Որ գալու են դեպքեր վիթխարի,
Որ արդեն, արդեն հասել է,
Սրընթաց արդեն արշավում է
Ժամանակը մե՜ծ պայքարի...)։
 . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Երևան։
Աստաֆյան փողոց։
Քնթաթախ։
Աչքերին փոշի։
Խաղաղ—խաղաղ—քաղաք։
Ու զռռոցը— «Ա՜-ի՜, ա՜–ի՜, ա՜-ի՜»—
Իշու,
Էշան,
Էշի...

Ծույլ,
Դանդաղ։
Մի քնած էշի
Երջանիկ երազի նման—
Տոթ,
Արև,
Ամառվա փոշի—
Երևա՜ն,
Երևա՜ն,
Երևան...
Իսկ իրա խանութի առաջ
Նստած՝ խանութպան Համոն
Գանգատվում էր.— Ինչո՞ւ չկա
Մի անուշ, գարնան քամի...

Թվում էր նրան, Համոյրն,
Աշխարհը— փոշոտ մի փողոց—
Ու ապրում են ողջ աշխարհում—
Համոն,
Մի Կարո,
Մի Պողոս։—

Երազ էր թվում Համոյին
Փողոցի արևոտ հեռուն.
Թվում էր՝ արևի վրա
Նստել է— ինքը Համոն։
Ոտքերը կախել է վար
Ու մռռում է դանդաղ մի երգ...
Հաշվվում է տոթ ուղեղում...
— Տասնըմեկ... տասերկու,.. Տասերեք...

Հոսում է արևի գինին...
Իսկ էսօր առևտուր չկա...
Շուտով իրիկուն կլինի—
Կգնա—
Նորից կգա...

Կելնե արևը նորից,
Կվառվի՝ հիմար ու շոգ—
 Էդ շոգին ո՞վ կլինի
Գինի կամ կոնյակ ուզող...

Երազում էր Համոն կիսաքուն,
Օրորվում էր մեղկ հոգում
Աշխարհը— շոգ մի անկյուն՝
— Առավոտ,
Կեսօր,
Իրիկուն...

Էլ ո՞նց հրաշքներ տեսներ
Խանութպան Համոյի հոգին,
Էլ ինչո՞ւ շարժըվեր տեղից...
Երբ եկան ասին «Պատերազմ»—
Չդողաց անգամ ծայրը... բեղի։

Չլսեց։ Չզգաց։ Չիմացավ։
Թվաց թե— հարսանիք է մի։
Ու պիտի հորդե այնտեղ—
Անհաշիվ... կարմիր... գինի...

Եվ երբ իրիկուն եղավ
Եվ ելավ, որ գնա վռազ—
Մինչև տուն լսեց բոլորից.
— Պատերազմ։ Պատերազմ։
— Պա—տե—րազմ։

ԳԼ. Բ

Լսեցի՞ք–
Ելան—
Բանակներ հսկա, երկաթազրահ։
Լսեցի՞ք–
Ելան—
Աշխարհի բոլո՛ր դաշտերի վրա։

Ելան,
Գնացին—
Ուրալից՝ դեպի Կարպատները լուրթ,
 Ու Կարպատներից— մինչև Էրզրում,
Ու Էրզրումրց— Տրիպոլի՛, Հռո՛մ։

Բոլո՛ր կողմերից հավաքված ելան.–
Թուրք,
Իտալացի,
Հնդիկ,
Վրացի,
Ռուս,
Շոտլանդացի—
Հայ,
Խունխուզ,
Թաթար,
Կիրգիզ,
Չինացի—
Նյու Յորքից եկան,
Տայիտի կղզուց,
Հեռու Բաղդադից,—
Եկան—
Ո՞ւր եկան—
Բոլո՛րը բանվոր,
Մուշա,
Գյուղացի։—

Եկան—
Ո՞ւր եկան.—
Լոնդոնից— Պեկին,
Ղարս,
Սարիղամիշ.—
Փոշի բարձրացավ,
Արճիճե քամի...

Ու ոռնում էին–
«Վո՛–վո՛–վո՛»— «վո՛-վո՛»—
Թնդանոթների կոկորդները չոր—
«Վո՛»
«Վո՛-վո՛»
«Վո՛-վո՛»—
 Գիշեր,
Ցերեկ,
Կեսօր։

Ու ոռնում էին—
Դաշտերի, ցանքսերի,
Արտերի վրա.
Ճճի՛-ճճի՛, ճճի՛—
Ռումբ—
Բում-բո՛ւմ-բո՛ւմ—
Էլ ոչինչ— կարմիր արճիճից բացի։

Ու ոռնում էին.—
Ռո՛ւմբն էր հողմավար, վարար անձրևում,
Քաղաքներ քանդում, դաշտերը ձևում։
Ու լուսարձակներ հազարաչքանի
Լույս էին սփռում դաշտերի միգում,
Որ արճիճն իր գործն անվրե՛պ անի։—

Իսկ քաղաքներում—
Բեռլինում, Փարիզում,
Նյու Յորքում հեռու—
Արնաքամ տենդով, ահով վարակված՝
Աշխատում էին գործարաններում։

Գործարաններում վիթխարահսկա,
Որոնց երկաթե շչակները բյուր
Անասունների նման խելագար
Իրենց երկաթե խո՛րխն էին փնչում
Հորիզոնն ի վեր—
Գործարաններում աշխատում էին
Պրոլետարների բյուրավոր խմբեր։
Դեռ կռում էին ու կոփում ռումբեր,
Թեկուզ գիտեին՝ ո՞ւր պիտի ճամփեն.—
Դեռ կռում էին ու կոփում ռումբեր,
Որ միլիոն, միլիոն թնդանոթների
Անկուշտ, անհագուրդ ծարավը ջամբեն։

Եվ ովքե՞ր էին նրանք.— կիսաքաղց՝
Ռուս,
Հնդիկ,
Թաթար,
Գալլ,
Իռլանդացի.—
Բոլորը— բանվոր,
Մուշա,
Գյուղացի՛։—

Իսկ իրենց ոսկի կաբինետներում
Նստած՝ գիտուններ, խելքեր վիթխարի

Կովի՛ պես դանդաղ որոճում էին
Երազներ մահի, արյունի, հրի։
Նրանք, ոսկեպատ կաբինետներում,
Հանճարում էին հեղձուցիչ գազեր,
Որպեսզի Մահի ոտքերի առաջ
Մի ակնթարթում կանգնել կարենան
Դիակի բերդեր ու բուրգեր մսե։

Եվ այսպես— եկան, ելան դեմ-դեմի
Բանակներ բազում ու բազմամիլիոն…
Եկան—
Բաղդադից—Բեռլին,
Պերեմիշլ,
Բեռլինից—Կալե,
Դուվր,
Վերդեն,
Լիոն...

Աշխարհից-աշխարհ,
Ծովից ծո՛վ ելան.—
Նյու Յորքից— Պեկին,
Ուրալից—Միլան...
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top