Տասներկուսից տասը անց՝ երկրորդ դասն արդեն վերջացրած լինելով՝ քաղաքի ծխական դպրոցի ուսուցչանոցում, մեծ դասամիջոցից օգտվելով, նախաճաշ են անում ուսուցիչ- ուսուցչուհիները: Ուսուցիչներից մեկի անունն է Բյուզանդ Վարդերեսյան, երեսունին մոտիկ ճեմարանավարտ փորձված ուսուցիչ Մանուկ Աբեղյանից է սովորել հայերենը եւ պարծենում է դրանով: Մազերը պահում է երկար, սանրում է մեծ խնամքով. թողնում է կարճ մորուք: Դպրոցում պարապում է հայերեն եւ երգ: Միեւնույն ժամանակ դպրոցի տեսուչն է, ավագ ուսուցիչը: Երկրորդ ուսուցիչը -մեզ արդեն ծանոթ պ. Մարուքեն է, դպրոցում նա ավանդում է թվաբանություն եւ ռուսաց լեզու: Երրորդը նույնպես ճեմարանցի է, բայց ավելի է երիտասարդ. սիրում է հասարակական գործունեությամբ զբաղվել եւ միտք ունի հաջորդ ամառվա ընթացքում մեզ արդեն բավականին ծանոթ՝ երկրորդ ծխականի ուսուցիչ ընկ. Վառոդյանի ընկերակցությամբ մի շարք դասախոսություններ կարդալ հայոց պատմության մի քանի հետաքրքիր եւ դաստիարակիչ գլուխների մասին, կազմակերպել երիտասարդական միություն, որի գլխավոր նպատակներից մեկը պիտի լինի «Հայոց լեզուն տարածելու խնդիրը»,-ռուսախոս նաիրցիների շրջանում: Լավ երիտասարդ է պ. Աշոտը եւ լավ մտքեր ունի, բայց դժբախտաբար անտարբեր չէ դեպի իր պաշտոնակցուհի օր. Նվարդ Լուսպարոնյանը, որ Թիֆլիսի հովնանյանավարտներից է եւ պահում է կարճ մազեր: Չորրորդը նույնպես ոուսուցչուհի է, երեսունին մոտիկ մի օրիորդ, օր. Վարդուհի Զատիկյան. վերջացրել է Երեւանի Գայանյան դպրոցը, չի սիրում օր. Նվարդին եւ ֆիզիկական ատելություն է զգում դեպի նրա կարճ մազերն ու թեթեւամիտ հանաքները: «Կինը պետք է իրեն պահել իմանա»,-ասում է նա՝ հաճախ ակնարկելով օր. Նվարդի հանաքները պ. Մարուքեի հետ, դեպի որը, ասում են, այնքան էլ անտարբեր չէ... ինքը՝ օր. Վարդուհին:
Նրանք նստած են հիմա ուսուցչանոցում, որը շատ լվանալուց խունացած հատակով եւ դեղնած առաստաղով երկպատուհան մի սենյակ է. մեջտեղում՝ կանաչ ծածկոցով, թանաքոտած մի սեղան, պատից կախված է մի մեծ, կայարանների ժամացույցներին նման, կլոր ժամացույց, իսկ երկու պատուհանների մեջտեղում -մի մեծ փայտյա պահարան: Պատուհանները փողոց են նայում. իսկ դուռը միջանցք է դուրս գալիս. բակը, որտեղ խաղում են երեխաները, մնում է հեռու -այդպիսով նրանք այստեղ բավականին ապահովված են իրենց զգում երեխաների աղմուկ-- աղաղակներից. մի հանգամանք, որից շատ դժգոհ է պ. Մարուքեն եւ ավելի քան գոհ է օր. Նվարդը:
Թեյը, դեղին, պաղ, հորանջում է ապակյա բաժակներում. ձանձրալի է. հավաս չկա. թեյ, թեյ, թեյ,- ամեն օր նույնը: Ձանձրալի են օր. Վարդուհու զրույցները կանացի առաքինության մասին -օր. Նվարդին, իսկ օր. Նվարդի տափակ հանաքները օր. Վարդուհու ականջներն ու հոգին տանջում են, բռնաբարում են համարյա, ոչ խոսքն է օգնում, ոչ վրդովմունքը: Պ. Մարուքեն թերթ է կարդում եւ քթի տակ ծիծաղում է օր. Վարդուհու վրա, իսկ երբ լսում է պ. Աշոտի դողդոջուն ձայնը, որով նա խնդրում է օր. Նվարդին մի բաժակ թեյ եւս լցնել -աչքերը բարձրացնում է թերթից եւ պաղ նայում է պաշտոնակցի դեմքին: Իսկ պ. Բյուզանդ Վարդերեսյանը համարյա ամեն օր մեծ դասամիջոցին հաճույքով վիճում է օր. Վարդուհի Զատիկյանի հետ բարոյախոսության մասին եւ գոհ է թե իր հայացքներից, թե իր խռպոտ ձայնից եւ թե, մանավանդ, օր. Վարդուհուց, որ միշտ համաձայնվում է նրա հետ եւ միշտ ասում է, հայացքը օր. Նվարդին դարձնելով. «Ճի՛շտ է, պ. Բյուզանդ. մարդիկ, մանավանդ կանայք, պետք է առաքինի լինեն: Ես միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ, պ. Բյուզանդ»: Եվ պ. Բյուզանդը, գոհ, ժպտադեմ՝ սըրբում է իր նաիրյան մեծ քիթը կարմիր թաշկինակով:
Տալիս է զանգը, եւ ուսուցիչ-ուսուցչուհիները, դանդաղ, տեղերից հազիվ բարձրանալով, նորից գնում են դասարանները՝ պարապմունքները շարունակելու:
Երբ օր. Նվարդը մտնում է դասարան, աշակերտներից ամենաչարը եւ ամենահերոսը, որ ընկերների կողմից հարգվում է որպես կատարյալ տղամարդ -շիլ, դեղնած աչքերով Միսակ Հովհաննիսյանը կամ, ինչպես ընկերներն են ասում՝ Շըլդոն, կանգնած է լինում գրասեղանի կամ նույնիսկ ուսուցչի սեղանի վրա. դասարանում աղմուկ է, փոշի, վայրենի, բայց ուրախ հռհռոց: «Էլի դու սեղանի վրա ես բարձրացել»,- սուր, խզվող ձայնով ճչում է օր. Նվարդը եւ վրա է վազում Շլդոյին բռնելու: Շլդոն սեղանից սեղան թռչելով հասնում է դասարանի վերին անկյունը եւ մտնում է գրասեղանի տակ:- «Ներողություն, օրիորդ, ներողություն»,-ճչում է այնտեղից Շլդոն: Երեխաներն ավելի են հռհռում, աղմուկը դառնում է անտանելի: «Հանգի՛ստ»,- ձեռքն աթոռին եւ ոտքը հատակին խփելով՝ ճչում է օր. Նվարդը սուր, խեղդվողի ձայնով. դասարանում մի վայրկյան տիրում է բացարձակ լռություն: Օր. Նվարդը մոտենում է ուսուցչական սեղանին եւ վերցնում է քանոնը:-«Դո՛ւրս արի գրասեղանի տակից»,- քանոնը սպառնալի կերպով բարձրացնելով վեր եւ արագ մոտենալով Շլդոյի գրասեղանին՝ ասում է օրիորդը: Բայց դուրս է գալիս այնպես, որ Շլդոն այլեւս այն նստարանի տակից տեղափոխված է լինում արդեն դասարանի հակառակ անկյունում դրած նստարանի տակ: Աշակերտներն ավելի ազատ եւ ավելի ուրախ են սկըսում հռհռալ, օր. Նվարդը հուզմունքից քիչ է մնում ուշաթափվի եւ երբ լացակումած աչքերը բնազդով դռանն է հառում եւ տեսնում է գրասեղանի վրա մեծ, ծուռ տառերով գրված «քաչալ Նվարդ» բառերը -այլեւս չի կարողանում իրեն զսպել եւ արագ մոտենալով ուսուցչական սեղանին՝ թուլացած ընկնում է նրա մոտ դրված նստարանի վրա եւ գլուխը սեղանին դնելով՝ մի փոքրիկ աղջկա նման սկսում է աղիողորմ հեծկլտալ:
Դասարանում տիրում է մեռելային լռություն, որի մեջ օր. Նվարդի խուլ, դառն հեկեկանքները հնչում են ավելի խոր եւ ավելի աղի, այնպես որ նույնիսկ Շլդոն, ազդվելով վայրկյանի լրջությունից, նստում է իր տեղը: Եվ բոլոր աշակերտները մի տեսակ միստիկական դրության մեջ ընկած՝ կամ նայում են վար, իրենց գրասեղանի սեւ տախտակներին, կամ պաղ, անասնական ահով լցված մանկական աչքերը օրիորդի ցնցվող արմունկներին եւ կարճ մազերին հառած՝ սպասում են ստեղծված կացության վախճանին:
Մի երկու վայրկյան հեծկլտալուց հետո օր. Նվարդը հանկարծ վեր է թռչում տեղից եւ թեթեւ քայլով, գլուխն ու ամբողջ մարմինը տարօրինակ ցնցելով, վազում է դասարանից դուրս: Աշակերտները հասկանում են, որ օր. Նվարդը գնում է ուսուցչանոց, տեսչին կանչելու: «Շլդոյի գլխին տվեք՝ թող քոռանա»,- ասում է մի աշակերտ՝ լռությունը խզելով. «Տեսուչը որ եկավ, բոլորիս կպատժե»,- շարունակում է նրա մոտ նստած ընկերը -նա, որ ամենից շատ էր հռհռում եւ մտքի մեջ նախանձում էր Շլդոյին: Եվ ահա Շլդոյի մոտ նըստած աշակերտը, տասներկու-տասներեք տարեկան Չիլ Մուկուչը ձեռքն արդեն բարձրացնում է վեր, որ իջեցնի Շլդոյի գլխին -բայց դուռը բացվում է հանկարծ, եւ ներս է մտնում պ. Բյուզանդը՝ զայրացած, ահռելի դեմքով, իսկ նրա հետեւից, աչքերը սրբելով, մտնում է օր. Նվարդը -հոգնած ու գունատ:
«Մկրտիչ Կարապետյա՜ն, դո՛ւրս արի»,- ավելի բարձր ձայնով, քան կարելի է ենթադրել, որ ունի պ. Բյուզանդը,- բղավում է պ. Բյուզանդը՝ դեռ ներս չմտած. նա տեսավ Չիլ Մուկուչի բարձրացրած ձեռքը, որ, եթե ինքը մի վայրկյան էլ ուշանար՝ ծանր, պիտի իջներ Շլդոյի գլխին: Գլուխը կախ, խոնարհ՝ վախից դողացող մարմնով ելնում է Չիլ Մուկուչը դուրս: «Միսակ Հովհաննիսյան,- ավելի ահռելի ձայնով կանչում է պ. Բյուզանդը.- դու եւս դուրս արի»: Եվ ահա Շլդոն եւս, գլուխը հոռետեսորեն քորելով, գալիս կանգնում է գրատախտակի մոտ: Դասարանը սարսափ կտրած, չռած աչքերով սպասում է դրության վախճանին:
«Սա՞ էր», - ցույց տալով Շլդոյին՝ հարցնում է պ. Բյուզանդը: Օրիորդը, հուզված, գլխով է անում. չի կարողանում խոսել: «Ա՛րջ,- վրա պրծնելով բղավում է պ. Բյուզանդը.- Ես քեզ ցույց կտամ. աչքե՛րդ կհանեմ»: Ու փայտե քանոնի ազդեցիկ հարվածներ իջնելով Շլդոյի գլխին՝ արագ շարում է իրար հետեւից գունեղ ածականներ.-«Շա՛շ, հիմա՛ր, իշո՛ւկ, փողոցի՛ թափթփուկ, լի՛րբ, ի՞նչ ասեմ, ի՞նչ ասեմ, ի՞նչ ասեմ»,- էլի ու էլի. մի զարկը -մի ածական: Հետո հասնում է Չիլ Մուկուչին. նա էլ, իր հերթին զանազան գեղարվեստական ածականներ ստանալով եւ գլխի վրա նրանց քանակը հաշվելով, սկսում է լաց լինել բարձրաձայն, այնպիսի ահռելի մի լացով, որ ձայնը հասնում է մինչեւ մոտակա փողոցը: «Ես դուրս կանեմ սրանց, օր. Նվարդ,- ասում է պ. Բյուզանդը՝ պարտականության առաջին մասը վերջացնելով,- ներողություն եմ խնդրում, որ մինչեւ հիմա մնացել են դպրոցում»: «Թող էլի մնան, պ. Բյուզանդ,- ողբերգական ձայնով ու պսպղուն, գոհ աչքերը տեսչի դեմքին հառած -խնդրում է օր. Նվարդը.- ինչպե՞ս կարելի է դուրս անել երեխաներին. դա հակամանկավարժական է եւ անվայել քաղաքակիրթ ուսուցչին»,- մտքում մտածում է նա, բայց վախենում է իր այդ միտքը բարձրաձայն արտահայտել պ. Բյուզանդին: Բայց անընկճելի պ. Բյուզանդը, հրամայելով պատժված աշակերտներին իսկույն տուն գնալ եւ ծնողներին կանչել, առանց պատասխանելու ելնում է դուրս: Աշակերտները ոտքի են կանգնում եւ մնում են կանգնած, մինչեւ օր. Նվարդը դրամատիկական ձայնով ասում է. «Նստեցե՛ք»: «Բաց արեք գրքերդ»,-ասում է մի վայրկյան հետո, ճակատը շփելով, օր. Նվարդը: «Մարտիրոսյան, կարդա՛»,- ասում է նա: Եվ դասն սկսվում է նաիրյան դպրոցում՝ տխուր, անհետաքրքիր, իսկ օր. Նվարդի գլուխն սկսում է նվալ, եւ մտքերը նրա փոքրիկ գլխում սկսում են պաղ, միապաղաղ հորանջել:
Արեւը զենիթից սկսում է իջնել, ժամը մոտենում է երեքին, իսկ Ղահվեճի Սեթոն դեռ ոչ մի մսխալ սուրճ չի կարողացել ծախել: «Թարս օր է, գիշերը թարս եմ քնացեր»,- մտածում է նա խանութի առաջը նստած եւ ծխախոտ է ոլորում, որ քունը չտանի: Օրորվելով, ուսը տարօրինակ ցնցելով՝ մոտենում է նրան Աբոմարշը, որ ձանձրույթից փակել է խանութը եւ դռան ապակուն, ինչպես այդ ընդունված է Եվրոպայում, փակցրել է սպիտակ մի թուղթ՝ վրան գրված «Փակ է. գնացել եմ ճաշի»: Այդ քաղաքավարի արարքով նա միանգամից կարողացել է հասնել երկու նպատակի. նախ, որ իր խանութը եվրոպական խանութ է իր բոլոր կողմերով, երկրորդ՝ որ ինքը, որպես իսկական եվրոպացի, ճաշում է ժամը չորսին: Թեկուզ ոչ մի կոպեկի ապրանք չի կարողացել ծախել պ. Աբոմարշը, բայց գոհ է, որ հնարավորություն ունի եւ գիտե եվրոպացի լինել: «Տո՛, գռեհիկ գոմեշ, ի՞նչ ես արեւի տակ նստե, էրթանք թուղթ խաղանք»,-ասում է նա, մոտենալով Ղահվեճի Սեթոյին: «Նարդի կուզես նե- կխաղամ, թուղթ չեմ խաղար»,- պատասխանում է ղահվեճին եւ քանի որ Աբոմարշը չի հակաճառում՝ նա նույնպես փակում է խանութը, բայց թուղթ չի փակցնում դռանը, որ գնում է ճաշի -եւ երկուսով միասին գնում են Տելեֆոն Սեթոյի՛ սըրճարանը -նարդի խաղալու:
Երբ նրանք, թեւ թեւի տված, ձանձրույթից փրկվածների գոհունակությամբ մտնում են Տելեֆոն Սեթոյի սրճարանը՝ այնտեղ հանդիպում են մի շարք հարեւանների, որոնք նույնպես թուղթ, դոմինո կամ նարդի են խաղում՝ նայած տրամադրության: Դագաղագործ Ենոքը եւ Կինտաուրի Սիմոնը նախընտրել են թուղթը եւ երկուսով «փաստոն» են խաղում ձմերուկի վրա. ով որ տարվի -մի ձմերուկ գնի: Նրանց գլխին հավաքվել են՝ Հաջի Օնիկ Մանուկոֆ էֆենդին, մանրավաճառ Պողոս Կոլոպոտյանը, Կաթոլիկ Սիմոնը, գինեվաճառ Նիկոլ Արզումանովը եւ իրենց տաք բացականչություններով մասնակցում են նրանց խաղին ու մի առանձին հետաքրքրության մթնոլորտ են ստեղծում Եգոռի սրճարանում: Նրանց այդ ոգեւորված հավաքույթը տեսնելով՝ Ղահվեճի Սեթոն եւ պ. Աբոմարշը եւս, մոռանալով իրենց նարդի խաղալու ցանկությունը, միանում են նրանց:
Երբ օրն սկսում է կամաց-կամաց մթնել՝ հերթով, իրար ետեւից, սկսում են փակվել Լորիս-Մելիքյան փողոցի ցածլիկ խանութները: Ամենից առաջ դագաղագործ Ենոք Կարապետյանն է փակում իր խանութը ներսից եւ ինքը մնում է խանութում: Այդ հարգելի նաիրցին տուն չունենալու պատճառով քնում է իր գործատեղում, իր շինած դագաղներից մեկում. այդ բանն ամբողջ քաղաքը գիտե եւ ահա հենց այդ է պատճառը, որ նրան քաղաքում անվանում են Մեռելի Ենոք, իսկ երեխաները վախենում են նրանից եւ չեն սիրում անցնել դագաղագործի խանութի առաջից: Երկրորդ խանութպանը Ղահվեճի Սեթոն է, որ փակում է իր խանութը եւ նույնպես ընտանիք չունենալու պատճառով՝ գնում է քաղաքային այգի զբոսնելու եւ հարսնացու ընտրելու: Հետո Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆն է իր խանութը փակում -եւ ահա նրանից հետո բոլորը, իրար հետեւից խանութները փակելով, գնում են՝ որը տուն, որը քաղաքային այգի, որն էլ նորից Տելեֆոն Սեթոյի սրճարանն է գնում, որ երեկոյան հանգիստն այնտեղ վայելե -թղթախաղով կամ ուրիշի խաղին նայելով: Եվ այսպես կամաց-կամաց սկսում է բոլորովին ամայանալ. մութն էլ, անդեմ ու անխորհուրդ, ծույլ, հորանջող պառավի մի նման, իջնում է ու նստում փողոցների վրա եւ տեղ-տեղ տարտամ, վախկոտի աչքերի պես թարթող կրակներն են միայն ենթադրել տալիս, որ այդտեղ դարերից ի վեր ապրում է ու զվարճանում նաիրյան մի քաղաք: