Քաղաքի այդ երեք հին հրաշալիքները նկարագրելուց հետո անցնենք հիմա քաղաքի նոր հրաշալիքներին: Այդպիսով մենք կամաց- կամաց կմոտենանք քաղաքի առօրյա կենցաղին, եւ հետըզհետե մեր դեմ կելնեն հնամյա այդ քաղաքում այժմ ապրող բոլոր նշանավոր ու աննշան նաիրցիները -քաղաքի հիմիկվա բնակիչները:
Ամենամեծ նորությունը, որ նաիրյան չէ եւ նույնիսկ անընտել, անհասկանալի է թվացել սկզբում տեղացիների աչքին -երկաթուղագիծն է՝ ձգված սոխերի տիրապետության օրով՝ քսան տարի առաջ: Քաղաքի բնակչության կեսից ավելին դեռ մինչեւ հիմա էլ հիշում է անմոռանալի այն օրը, երբ անհայտ հեռուներից մինչեւ այդ քաղաքը ձգված երկաթե գծերի վրայով առաջին անգամ մոտեցել է գնացքը նորակառույց կայարանին: Եղել է -խնդուն խրախճանք, զարմանալի զարմանք: Եղել են մարդիկ, որ զարմանքից ու հիացմունքից չեն կարողացել խոսել. առնվել է լեզուները զարմանքից ու հիացմունքից: Շատերը հիշում են այն հետաքրքիր մանրամասնությունն անգամ, որ գնացքի շոգեկառքը զարդարված է եղել ծառերով ու ծաղիկներով: Իսկ շոգեկառքի ճակատին, ճիշտ լապտերի վերեւը, ծածանվելիս է եղել կապույտ մի դրոշակ՝ վրան ոսկենկար երկգլխանի մի արծիվ: Այդպիսի՛ ահա շուքով ու ցնծությամբ է մոտեցել գնացքը քաղաքի կայարանին, որտեղ քաղաքի համարյա ամբողջ բնակչությունը հավաքված է եղել-- ուրախ, տոնական զգեստներով -գնացքին դիմավորելու: Կայարանի առաջ նվագելիս է եղել զինվորական երաժշտախումբը եւ նրա մոտ կանգնած դիմավորել ե՛ն գնացքը մի շարք պատկառելի նաիրցիներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ. գավառապետը, օգնականը, զինվորական ատյանի պետը, գեներալ Ալոշը, Մազութի Համոյի հայրը՝ Առաքել աղան -ո՞րը հիշես... Չնայած, սակայն, նրան, որ այդ զարմանահիշատակ օրվանից քսան- քսաներկու տարի է անցել, չնայած, ասում ենք, այդ երկար ու ձիգ քսան-քսաներկու տարիներին -մինչեւ օրս էլ կան այդ քաղաքում շատ եւ շատ պատկառելի ու անպատկառ նաիրցիներ, որոնք, երեւակայո՞ւմ եք, ոչ միայն գնացք չեն նստել, այլեւ նայում են շոգեկառքին, որպես մի զարմանալի հրաշքի: Օրինակ, քաղաքում ամենին հայտնի դագաղագործ Մեռելի Ենոքին մինչեւ օրս էլ զարմանալի է թվում, թե էդ ինչպե՞ս են մարդիկ, անշունչ երկաթների վրայով, անձի -անգոմեշ վագոնների մեջ նստած՝ տեղիցտեղ ճանապարհվում: Դեռ մինչեւ օրս էլ կիրակի օրերը շատ անգամ կարելի է հանդիպել երկու պատկառելի նաիրցիների, որոնք կիրակնօրյա պտույտի ելած (երկաթուղու կայարանը քաղաքային այգուց հետո երկրորդ զբոսավայրն է նաիրյան այդ քաղաքում) -կանգնել են երկաթուղագծի առաջ եւ զբաղված են այսպիսի մի զրույցով.
-Էս տնաքանդի սոխը տես մի ինչեր արաց... -ասում է մեկը, ոտքով ծուլորեն խփելով երկաթուղագծին եւ յուղոտ մի ժպիտ երեսին՝ լսելով երկաթուղագծի ախորժ զնգոցը:
-Էսպես որ նստիս -տեյի ո՞ւր կերթաս...
-Ուր օր կուզես,- պատասխանում է մյուսը:
-Մոսկով կերթա՞ս:
-Հըլբըթ կերթաս:
-Կի՞վ...
-Կիվ էլ կերթաս...:
Ու տիրում է լռություն՝ ակնածանք ու զարմանք:
Երկրորդ նորությունը, որ նույնպես նաիրյան չէ եւ դեպի որը հատուկ մի ակնածանք են զգում բոլոր քաղաքացիներն անխտիր եւ որով այնքան հիանում է միշտ ծխական դպրոցի ուսուցիչ պ. Դրաստամատյանը -հինգհարկանի այն հսկա շինությունն է, որ կանգնած է քաղաքի մեջտեղում, որպես ահռելի մի վեհություն, քարե ակնածանք: Այո, քարե մի ակնածանք, որովհետեւ այդ շենքը, բացի իր վիթխարի լինելը, նշանակալից է եւ մի ուրիշ, ավելի կարեւոր -ամենակարեւոր հանգամանքի շնորհիվ.- այդտե՛ղ, այդ միակ շենքումն են կենտրոնացած քաղաքի եւ նույնիսկ գավառի ամենաազդեցիկ հիմնարկությունները: Այդտեղ են նստում՝ գավառապետը, ոստիկանապետը,- այդտեղ է զորակոչային գավառական ատյանը եւ այդ շենքում են, վերջապես, գտնվում՝ փոստ-հեռագիրը եւ պետական գանձարանը: Եվ էլի՛ բոլորը չկարողացա թվել: Մոռացա ամենակարեւոր հիմնարկությունը -այն, առանց որի այդ առասպելական շինությունն իր հմայքի եւ մանավանդ սարսափելի ակնածանքի կեսից ավելին կկորցներ... Բանն այն է, որ այդ հինգհարկանի շենքի առաջին հարկում, միջանցքի ամենածայրը, կարելի է ասել՝ շենքի ամենահետընկած անկյունում կա մի փոքրիկ սենյակ... Աստված չանի, ընթերցող, այդ սենյակն ընկնես. որ ընկար -ազատվելիք չկա: «Մութ տեղը»,-- այսպես են անվանում քաղաքացիք այդ սենյակը, թեկուզ սենյակը բոլորովին լույս է՝ երկու պատուհան ունի եւ երեք էլեկտրական լամպ: Իսկի էլ լուսավորություն չունենալը չէ, որ դարձրել է սենյակը այդ խորհըրդավոր ակնարկին արժանի, այլ թերեւս այն, որ այդտեղ մտնողի աչքերը մթնում են սարսափից. ահա՛ թե ինչ հատկություն ունի այդ խորհրդավոր սենյակը, սիրելի ընթերցող... Եվ մեծ չափով այդ սենյակին պետք է վերագրել այն խորհըրդավոր հարգանքը, որ զգում է ամեն մի քաղաքացի այդ շենքի մոտով անցնելիս: Եվ նա չէ՞ արդյոք պատճառը, որ այդ հինգհարկանի տունը դարձել է մի ամենակարող կենտրոն, կամ, ավելի լավ է ասել՝ առանցք, որի շուրջն են դառնում քաղաքն ու գավառը եւ չեն կարող չդառնալ: Այն միանգամայն ճշմարիտ ակսիոման, որ տիեզերքում ամեն մի կետ կարող է կենտրոն համարվել -ամենայն հեշտությամբ հերքվում է այս դեպքում, ինչպես եւ բոլոր նման դեպքերում, երբ խոսքը վերաբերում է վարչական եւ ոչ թե աստղային համակարգություններին: Այդ հինգհարկանի շենքն է, այո, քաղաքի կենտրոնը եւ միակ կենտրոնը -եւ նա, այդ քաղաքը, միեւնույն ժամանակ ուրիշ ո՛չ մի կենտրոն չի կարող ունենալ: Թող որքան կուզե ծխական դպրոցի ուսուցիչ ընկեր Վառոդյանը համոզե օրիորդներին, որ տիեզերքի նկատմամբ կենտրոն կարող է համարվել Բոչկա Նիկոլայի պանդոկը անգամ -թող ինչ ուզում է ընկ. Վառոդյանն ասե -մենք չենք փոխի մեր կարծիքը եւ հաստատ կպնդենք, որ հինգհարկանի այդ տունն է, այո, միակ կենտրոնը նաիրյան այդ քաղաքի եւ ամբողջ գավառի եւ այնտեղից է, այո, որ ելնում են, էլեկտրական կապույտ կայծերի նման եւ տարածվում ամեն ուղղությամբ -վճիռներ ու ճակատագրեր: Ընկ. Վառոդյանն այդ բանը, իհարկե, մեզանից լավ գիտե, բայց նա օրիորդներին հաճելի, հանդուգն, խիզախ երեւալու համար սոփեստություններ է անում: Եվ ինչպե՞ս կարող է ընկ. Վառոդյանն այդ չիմանալ, երբ իր կաշվի վրա է զգացել այդ ամենակարող կենտրոնի անմիջական ազդեցությունը: Հարկավոր է ասել, որ «Կաշվի վրա» դարձվածքը պետք է բառացի հասկանալ. ամենքին լավ հայտնի սրճարանատեր Տելեֆոն Սեթոն -նա, որ սրճարան ունի Լորիս-Մելիքյան կոչվող փողոցի վրա,- երդվում է Հիսուսի անունով, որ բաղանիքում պատահմամբ տեսել է ընկեր Վառոդյանի կռնակի վրա... հետաքրքիր հետքեր: Որտե՞ղ, ասացեք խնդրեմ, եթե ոչ այդ ամենակարող կենտրոնում, կարող էր ընկ. Վառոդյանի կռնակն այդպիսի հետաքրքիր դրոշմներ ստանալ՝ կապո՜ւյտ- կապո՜ւյտ գծեր: Իսկ եթե ընկ. Վառոդյանն այդ էլ չի ընդունում եւ խորհրդավոր կերպով ակնարկում է իր «Ընկերության» անդամ լինելու հանգամանքը... դժվար է այդ դեպքում որեւէ հակաճառություն անել ընկ. Վառոդյանին: Նույնիսկ երեխաները գիտեն, որ «Ընկերությունը» կենտրոն է, մի ավելի ամենակարող եւ ահռելի կենտրոն, որ սուլթաններ, շահեր եւ կայսրեր պիտ տապալե -այդ անգո, ավելի լավ է ասել՝ մաթեմատիկական այդ «Կենտրոնը»... Ասում ենք «մաթեմատիկական», որովհետեւ ընկ. Վառոդյանի ասելով՝ ի նկատի ունենալով այն միանգամայն անհերքելի հանգամանքը, որ հինգհարկանի «Կենտրոնը» կառուցված է վախի, բըռնության, արյան ու թյուրիմացության վրա,-«Ընկերության» կենտրոնը քարե՛ է, գրանիտե՝ կառուցված գիտական սոցիալիզմի անհողդողդ հիմունքների վրա:- Ուրեմն երկու անգամ երկու հավասար է չորսի պես պարզ պետք է լինի, որ ոչինչ է հինգհարկանի կենտրոնը, իսկ «Ընկերությունը»- փաստ, անողոք ճշմարտություն -մերկ ճշմարտություն: Այսպես է տրամաբանում ընկ. Վառոդյանը -եւ նա իրավունք ունի. հարցրեք ամեն մի երեխայի, այո, նույնիսկ երեխայի, եւ նա անվրեպ կերպով տեղն անգամ ցույց կտա այդ «Գերկենտրոնի»,- այո.-Վարդանի կամուրջը: Այսինքն՝ ոչ թե կամուրջը բառացի, այլ նրա դիմացը, գետափին շինված մի տնակ, որ կիսաքանդ է հիմա, ավերակ, եւ որի քանդելու խորհրդավոր պատմության հետ է կապված ընկեր Վառոդյանի կռնակի պատմությունը...
Ահա՛ այդ պատմությունը, սիրելի ընթերցող:
Մի օր, այսինքն՝ մի գիշեր, ժամը մոտավորապես երեքին, քաղաքի բոլոր տների պատուհանների ապակիները հանկարծ զրնգում են թափով եւ նույն վայրկյանին լսվում է մի ահռեցուցիչ, ահռելի մի պայթյուն: Սարսափած քաղաքացիք դուրս են թափվում տներից եւ սկսում են դեպի դաշտը, դեպի գերեզմանոցը փախչել. կարծում են երկրաշարժ է, ժաժք՝ Աստծու պատիժ: Բայց այդ լուրը հերքվել է շուտով եւ տարածվել է մի ուրիշ սարսափելի կարծիք, որ պայթել է բերդը՝ ամբողջ բերդը մի րոպեում թռել է երկինք: Շատերն էլ այն կարծիքին են եղել, որ պայթել է Առաքելոց եկեղեցին. ամեն ոք գիտե, որ նրա վեմ-քարի ներքեւում նաիրցի վարպետները պահած են եղել հազար փութ դինամիտ... Իսկ հայտնի պանդոկապետ Բոչկա Նիկոլայը, նա, որ հանրամատչելի դուխան է պահում Լորիս- Մելիքյան փողոցի վրա, ասել է իր հարեւան Մեռելի Ենոքին, որ, երեւի, պատերազմ է սկսվել, բայց իրենք չգիտեն. հասարակ մարդիկ են -ի՞նչ իմանան: Բայց շուտով պարզվել է, որ ո՛չ բերդն է պայթել, ո՛չ Առաքելոց եկեղեցին, եւ ո՛չ էլ պատերազմ է սկսվել:- Երանի այդ լիներ,- ինքն իրեն տղայաբար հերքելով ասում է մինչեւ օրս ընկ. Վառոդյանը,- բայց, մեր կարծիքով, բարեբախտաբար այդ չի եղել, այլ պայթել է, երեւակայո՞ւմ եք... Վարդանի կամուրջը, այսինքն՝ ոչ թե ինքը կամուրջը, այլ նրա դիմաց գտնվող այն հողե խրճիթը, որի մասին քիչ վերը խորհրդավոր կերպով հիշատակեցինք:- Խրճիթում պայթել է երեք փութ... դինամիտ... ահա՛ թե ինչ... Եվ հետեւյալ օրն այդ խրճիթի տակից զինվորներն ու ոստիկանները հանել են չորս կիսավառ դիակներ, ավելի ճիշտ՝ դիերի մնացորդներ: Եղել են բոլորին ծանոթ Ղարաբաղցի Նիկոլը, ուսուցիչ,-Մշեցի Մարգարը, սրճարանատեր,-Ռուս Աբրահամը, գաղտնի ոստիկանության պաշտոնյա,- եւ Վարժապետ Կարոն,- նա, որի մասին խոսելիս ընկ. Վառոդյանը միշտ ակնածանքով ասում է ընկեր Կարոն:- Ահա՛ թե ինչո՞ւ է Ընկերությունը կենտրոն եւ նույնիսկ -Գեր- Կենտրոն, սիրելի ընթերցող: Եվ ի՞նչ նշանակություն կարող է ունենալ, բացի դրականից, այն հանգամանքը, որ հողե այդ խրճիթում պայթած դինամիտի ազդեցությունը կողմնակի կերպով արտահայտվել է ընկ. Վառոդյանի կռնակի վրա, որպես կապույտ գծերի նրբահյուս մի նկար: Այն մյուս, սոխի գլխի չափ անգամ ընկ. Վառոդյանի աչքին նշանակություն չունեցող «Դառնության կենտրոնում» (ինչպես անվանում է ինքը ընկ. Վառոդյանը հինգհարկանի շենքը),- եղել է -հերոսական պայքար, անպարտ ընդվզում -մի կողմից (կարդա՝ ընկ. Վառոդյանի կողմից),- իսկ մյուս սոխերի կողմից -բռնություն, մղձավանջ, դեղին ստրկություն: Իջել է, իջել է, որպես կարմիր ամոթ, «շոմպոլը» ընկ. Վառոդյանի կռնակին,- եւ նա ելել է վեր՝ զտված, կարծրացած,- որպես սրբած դաշույն՝ ելել է դառնության, զազրանքի կենտրոնից,- հառել է, հաղթական, նաիրյան ըմբոստ ոգին... Այսպե՛ս է եղել:
Բայց մի բան դեռ մինչեւ օրս էլ ընկ. Վառոդյանը չի կարող մոռանալ եւ իրեն ներել. այն, որ այնտեղ, «Դառնության կենտրոնում» կամ -ինչպես ժողովուրդն է ակնածանքով ասում -«մութ տեղը», -ինքը, ընկ. Վառոդյանը, ինչպես ծեծից առաջ, նույնպես եւ, մանավանդ, ծեծի ընթացքում, երեւակայո՞ւմ եք -զղջացել է երեխայաբար, որ ինքը խառնվել է, միանգամայն պատահական կերպով, այդ հիմար պատմությանը: Եվ ի՞նչ է արել վերջ ի վերջո. մի միամիտ երկտող է գրել ընկեր Կարոյին եւ խնդրել է նրանից «Ամբոխային տրամաբանությունը»- ահա՛ եւ ամբողջը: Երկտողը գտել են Կարոյի գրպանում, եւ ինքը պետք է տուժե. ի՜նչ թյուրիմացություն: «Հիմար հեղափոխականի անզգուշություն»,- մտածել է զայրացած ընկ. Վառոդյանը փորձության վայրկյանին:- Եվ նա երկար ժամանակ չի ների իրեն ոչխարային այդ վախը, այդ ամոթաբեր թուլությունը, որ սեւ բիծ կարող է դնել ամեն մի իսկական հեղափոխականի անկաշառ խղճին: Փառք աստծու, որ այդ մասին գոնե ոչ ոք չգիտե, ընկ. Վառոդյանը խոսք է տվել իրեն, որ այդ սեւ արատը մի օր լվանա իր խղճից մի իսկական հեղափոխական գործով,- բայց մենք արդեն չափազանց երկարացրինք ընկ. Վառոդյանի խղճի պատմությունը. անցնենք քաղաքին: