Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Երկիր Նաիրի՝ Մասն առաջին

Երկիր Նաիրի՝ Մասն առաջին


ՂԱՀՎԵ, ՉԱՅ, ՃԱՇԱՐԱՆ ՍԵԹՐԱԿ ՖԱԼԻԱՆ

Թողնենք, ուրեմն բոլոր այդ կենտրոնները եւ անցնենք քաղաքի առօրյա կենցաղին:

Ինչպես ամեն տեղ աշխարհիս երեսին, այնպես էլ նաիրյան այդ փոքրիկ քաղաքում -կանուխ, մութլուսուն ելնում է նաիրցի խանութպանը, ոմն Կարապետյան կամ Մարտիրոսյան, իր տնից, եւ գնում է գործի: Քաղաքի առեւտրական մասը Լորիս-Մելիքյան կոչված փողոցն է, ուր երկու շարք, կողք կողքի ձգված են ցածլիկ, միհարկանի խանութները՝ երկար-երկար, մինչեւ կայարան: Քաղաքի ամենաբանուկ փողոցն է այդ եւ որպես այդպիսին՝ ամենափոշոտն ու ամենացեխոտը: Եթե անձրեւային է լինում եղանակը՝ փողոցի մի մայթից մյուսն անցնելու համար հարկավոր է ձեռք քաշել կրկնակոշիկից կամ կոշիկից, եթե մեծ է այն ոտքիդ. անպայման ցեխում կմնա:- Այդ փոշոտ, ցեխոտ, նեղլիկ փողոցում են կենտրոնացած քաղաքի առեւտրական հիմնարկությունները եւ ուրիշ ոչ մի տեղ, եթե, իհարկե, չհաշվենք թաղերում գտնվող այն մի-երկու տուն- խանութները, որոնցում առեւտուրը տեղի է ունենում նահապետական ձեւով՝ ապրանքների փոխանակությամբ: Մի ձուն -մի ասեղ՝ ահա այդ խանութների առեւտուրը:

Ինչպես ասացի՛նք՝ առավոտ կանուխ, համարյա մութլուսուն, ելնում է նաիրցի խանութպանը տնից եւ գնում է գործի: Նա -ահա -անցնում է առավոտվա մշուշի միջով, ելնում է մշուշից՝ միջահասակ, ծուռ, աջ ուսը միշտ մի քիչ բարձր ձախից. մոխիրե ուրվական: Լուրջ է՝ դեմքը թուխս նստած հավի է նման. հոգսեր, հոգսեր, հոգսեր -աշխարքի հանելուկ: Ելնում են, ելնում են տներից ու քայլում են դանդաղ, անշտապ, ու բացվում են խանութներն իրար հետեւից. հացագործ, մանրավաճառ, կոշկակար. կողքին՝ մրգեղենի խանութ, կողքին՝ կտորեղեն, խալիներ, բրինձ: Համարյա ոչ մի խանութ չկա, որ մի գործով զբաղվի. հացթուխի խանութում միեւնույն ժամանակ նավթ էլ է ծախվում՝ Մազութի Համոյից մի փութ նավթ է գնել եւ գրվանքաներով ծախում է ուզողին: Կտորեղեն ծախողը -հակերով բրինձ է վաճառում կամ շաքար, կամ լուցկի: Խանութը կոշկակարի է, բայց խանութի անկյունում դրված է մի սեղան, որի դեմը կանգնած եկվոր մի նաիրցի վարսավիրությամբ է զբաղվում: Կամ մտնում ես ներս -վարսավիր է, բայց պատուհանի առաջ, անկյունում, ակնոցավոր մի մարդ սեղանի դեմը նստած՝ ժամացույցներ է տնտղում. ժամագործ է:

Կամ այստեղ, նպարավաճառի կողքին, աղյուսե բավականին ընդարձակ խանութ է ահա, մեծ, ապակեպատ դռներով, նույնիսկ վիտրին ունի, ուր շարված են՝ տղամարդու եւ կանացի պատրաստի կոստյումներ, սանրեր, մկրատներ, արտասահմանյան օծանելիքներ: Իսկ ցուցանա՞կը. Փարիզից է բերված.- սեւ ֆոնի վրա ոսկեզօծ տառերով գրված է ֆրանսերեն՝ «A bon marche»: Տերը՝ երեսունն անց սափրված եվրոպացի է՝ պենսնեն նաիրյան քթին, անբեղ- անմորուք. դերասան է ասես, որ զբաղվում է առեւտրով: Նրան անվանում են քաղաքում -պ. Աբոմարշ:

Աբոմարշի հարեւանը սափրիչ է. չէ, եվրոպական վարսավիր, ինչպես հայտարարված է նրա ցուցանակի վրա: Անունն է պ. Վասիլ: Միջահասակ է, լայնաթիկունք. չիլ այտեր ունի, դեղին մորուք: Սիրում է ածիլելիս շրթունքներն այնքան մոտեցնել սափրվողի դեմքին, որ նրա մասին քաղաքում պատմում են զանազան առասպելներ:

Նրա հարեւանը -կոշկակար է, հայտնի է քաղաքում, որպես սքանչելի «կինտաուրի» պարող: Բարեկենդանի հինգշաբթի երեկոները, երբ քաղաքի ակումբում, որ մի փոքր բեմական հարմարություն ունի, որեւէ եկվոր մի դերասան տեղական սիրողների հետ խաղում է «Վարդանանց Պատերազմը»- բոլորը գնում են ակումբ ո՛չ այնքան «Վարդանանց Պատերազմը», որքան կոշկակար Սիմոնի «կինտաուրին» տեսնելու: Բոլորը սիրում են նրան, բացի վարսավիր Վասիլից, որ չարախնդաբար անվանում է նրան կամ «կինտաուրի Սիմոն», որ դեռ էլի ոչինչ,- կամ... «Կլուբի մեյմուն».- կատարյալ խայտառակություն:

Բայց ամենից հետաքրքիրը կոշկակարի հարեւանն է՝ պարսկաստանցի մի վաճառական, որ զբաղվում է գորգի, քիշմիշի, մորթեղենի եւ շաքարի առեւտուրով: Եթե խանութը մտնեք՝ կտեսնեք.- գորգեր, գորգեր, գորգեր՝ հին, փոշոտ, զանազան: Աղվեսի, սանսարի, վագրի ու արջի մորթիներ: Պարկերով իրար վրա դարսած շաքար: Արկղերով քիշմիշ: Մեծ խանութ է. Պարսկաստանի եւ Եվրոպայի հետ առեւտրական կապեր ունի:

Հարեւան խանութը -մեզ արդեն բավականին ծանոթ Ղահվեճի Սեթոյի խանութն է, ուր նա չոր սուրճ է ծախում: Ինչպես այս խանութը, այնպես էլ իրան՝ Ղահվեճի Սեթոյին չպետք է շփոթել Տելեֆոն Սեթոյի եւ նրա այն հայտնի սրճարանի հետ, որը գտնվում է մի քանի խանութ այն կողմը, եւ որի ցուցանակի վրա, ինչպես ասված է արդեն, գրված է՝ «Չայ, Ղահվե, Ճաշարան, Սեթրակ Ֆալիան»: Չնայած որ երկուսի էլ անունը Սեթո է եւ երկուսն էլ գործ ունեն սուրճի հետ, սակայն մեկը չոր սուրճ ծախող է, իսկ մյուսը -սրճարանատեր: Բացի այս,- չհաշված այս երկու արգո նաիրցիների հիշյալ զուտ-- պրոֆեսիոնալ տարբերությանը՝ նրանց մեջ կա եւ, եթե կարելի է այսպես ասել, անձնական տարբերություն.-Ղահվեճի Սեթոն միջահասակ է, գիրուկ, անբեղ-անմիրուք, թորշոմած դեմք ունի, ներքինու կերպարանք.- այնինչ Տելեֆոն Սեթոն չոր է, բարձրահասակ, գլուխը ֆեսի է նման, չոր բեղեր ունի, ցանցառ միրուք. այծի կերպարանք: Եվ, վերջապես, տարբեր է այս երկուսի, այսպես ասած՝ հասարակական դիրքը.- Ղահվեճի Սեթոյի խանութը -աննշան մի որջ է, մի ողորմելի անկյուն, ուր մկները միայն կարող են հավաքվել, եթե միայն նրանք, այսինքն՝ մկները, ընդհանրապես կարող են հետաքրքրվել չոր սուրճով,- այնինչ Տելեֆոն Սեթոյի սրճարան-ճաշարանը, թեկուզ եւ «ճաշարան» բառը զուր տեղն է տեղ գրավել նրա ցուցանակի վրա, քանի որ այդտեղ ոչինչ էլ չի տրվում, բացի սուրճից ու թեյից,-բայց, չնայած դրան, այդ սըրճարանը նույնն է քաղաքի ցածր խավերի համար, ինչ որ է վերին խավերի համար Մազութի Համոյի գրասենյակը.- քաղաքական ակումբ է, կատարյալ ակումբ:

Հաջորդ խանութը... Այդտեղ Հաջի էֆենդի Մանուկոֆը մանուֆակտուրա է ծախում, այսինքն՝ Սամարղանդի փուշիներ, զանազան կերպասեղեն (չիթ, յազմա, չլվարի), «բրոցկի» շաքար, «լապշինի» լուցկի: Միեւնույն ժամանակ սարաֆություն էլ է անում. անգլիերեն գիտե. եւ որպես միակը քաղաքում՝ վայելում է քաղաքացիների առանձին հարգանքը: Կատաղի հայասեր է Հաճի Օնիկ Մանուկոֆ էֆենդին, ինչպես իրեն սիրում է հորջորջել հենց ինքը՝ այդ հայտնի հայասերը:

Խանութները շատ են, բոլորը հո չի՞ կարելի թվել. մենք պատահմամբ մի քանիսի մասին միայն երկու խոսք ասացինք: Մնացածների մասին թող նրանց ցուցանակներն ասեն՝ ճիշտ այն հերթով, ինչ հերթով որ շարված են նրանք Լորիս-Մելիքյան փողոցի մի ծայրից մյուս ծայրը՝ մինչեւ կայարան:

«Մանրուքի խանութ. Պողոս Կոլոպոտյան»- «Գինի, արաղ, կոնյակ. Համբարձումով Նիկոլայ» (սա իր բավականին ընդարձակ փորի պատճառով քաղաքում կոչվում է Բոչկա Նիկոլայ)-«Դագաղագործ. ընդունում եմ պատվերներ. Ենոք Կարապետյան» (սա հենց ինքն է՝ Մեռելի Ենոքը)-«Ճաշարան Եվրոպա». Եգոռ Արզումանով -եւ էլի մանրավաճառ, կոշկակար, մանրավաճառ, վարսավիր, մանրավաճառ, մանրավաճառ եւ հանկարծ -«Դեղատուն Ժգենտի» -ու էլի՝ մանրավաճառ, ու էլի՝ մանր, մունր խանութներ -մինչեւ կայարան:

Կանուխ, մութլուսուն, բացվում են խանութներն իրար հետեւից -ու ծույլ, դանդաղ, միապաղաղ՝ սկսվում է քաղաքի գործնական եռուզեռը՝ գործնական առօրյան:

Սովորաբար առավոտվա այդ վաղ պահերին մայթերը բավականին դատարկ են լինում, այնինչ փողոցի մեջտեղով, խուռն ու բազմերանգ, հոսում են բավականին ստվար բազմություններ: Անցնում են փողոցի մեջտեղով՝ սայլեր, ոչխարի եւ տնային այլ անասունների բազմագլուխ նախիրներ, մշակներ, որ մեծ խմբերով գնում են քաղաքից դուրս՝ երկաթուղագծի վրա աշխատելու, գյուղացիներ, որ գյուղական այլ եւ այլ բարիքներ են բերում քաղաքում վաճառելու: Սայլերի, նախիրների եւ գյուղացիների այդ խուռներամ հոսանքը հոսում է Լորիս-Մելիքյան փողոցի մեջտեղով դեպի մեյդանը, այսինքն՝ շուկան, որ գտնվում է փողոցի եւ կայարանի մեջտեղն ընկնող այն դաշտանման տեղում, որ տեղացիների լեզվով կոչվում է «գյոլ» կամ «լիճ», որովհետեւ գարնան սկզբին այդտեղ է հավաքվում բլուրներից հոսող ջուրը, որը եւ մնում է այդտեղ լճացած, մինչեւ որ չորանա: Անցնում են, անցնում են. առավոտները հաճախ մշուշ է լինում,-ու մշուշի միջից դանդաղ առաջացող, կարծես մշուշից ելնող սայլերից, նախիրներից ու գյուղացիներից կազմված հորդածուփ այդ հոսանքը արժանանում է իրենց խանութների առաջ նստած կամ կանգնած գնորդի սպասող խանութպանների զանազան նկատողություններին: Պետք է ասել, որ առավոտվա այդ կանուխ պահերին, երբ գյուղերից եկած հոսանքը դեպի մեյդան է շտապում, փողոցի երկու կողմը շարված խանութները շատ չնչին ուշադրության են արժանանում դեպի մեյդան շտապող գյուղացիների կողմից. վերջը, կեսօրից հետո, երբ իր բարիքը ծախած գյուղացին՝ ետ դեպի գյուղ է շտապում նույն Լորիս-Մելիքյան փողոցով -այս անգամ ոչ թե մեջտեղով, ինչպես այդ վայել է սայլերին ու նախիրներին, այլ մայթերի վրայով,- այդ ժամանակ միայն եռում, կատաղի ճակատամարտի տեսք է ստանում մանրուքի խանութների առեւտուրը: Իսկ մինչ այդ, մանավանդ առավոտյան այդ վաղ պահերին, երբ նոր է սկսվում գյուղացիների հոսանքը դեպի մեյդան,- նաիրցի խանութպանները խաղաղ նստած են լինում իրենց խանութների առաջ եւ փողոցի մեջտեղով դանդաղ առաջացող եռուզեռին նայելով՝ հաղորդում են իրար իրենց պատահական մտքերն ու տպավորությունները: Օրինակ.-«Ան օչխարը, նայե՛. մեկ-մեկ փութ դմակ կախված է հետվեն»,- ասում է Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը Ղահվեճի Սեթոյին: «Ես յաղլու մը կլլած եմ առտուս»,- տեղի-անտեղի պատասխանում է ղահվեճին, ինչպես երեւում է, բոլորովին տարբեր տրամադրություններով տարված: Եվ Հաջի Օնիկ էֆենդին, միանգամայն բավարարված այդպիսի մի պատասխանով, լռում է խորհըրդավոր եւ շարունակում է նայել փողոցով անցնող սպիտակ ոչխարների ծանր դմակներին: Ղահվեճին, որ ընդհանրապես սիրում է խոսակցությունը, ուզում է զրույց սկսել քաղաքի նորությունների մասին, բայց Հաջին, նկատելով փողոցի ծայրից առաջացող իր երեխային, որ ամեն առավոտ իր համար հաց ու պանիր է բերում տնից (շաքար խանութում կա)- մտնում է իր խանութը թեյելու: Ղահվեճին, մենակ մնալով, մտածում է ինքն էլ մտնի իր խանութը թեյելու, բայց այդ պահուն կոշկակար Սիմոնը դուրս է ելնում խանութից եւ ձեռքը մեկնելով նրան՝ «Բարի լույս, պ. Սեդրակ»,- ասում է քաղաքավարի: «Գիշերս լա՞վ ես քնե»,- հարցնում է կոշկակար Սիմոնը, եւ միակն է քաղաքում, որ »պ. Սեդրակ» է անվանում Ղահվեճի Սեթոյին: Ուստի եւ այս վերջին հանգամանքից չափազանց զգացված՝ «Աղեկ եմ», - պատասխանում է ժպտալով ղահվեճի Սեթոն. «Առավոտ յաղլու մը կլլած եմ, ըստ սովորության»:-- «Անուշներ»,-- կտրուկ կըտրում է Սիմոնը եւ նորից մտնում է խանութը՝ թողնելով անուշ հիացմունքի մեջ Ղահվեճի Սեթոյին: «Ի՞նչ կըսեր էլի կլուբի մեյմունը»,- յուղոտ ժպիտը դեմքին, դանդաղ մոտենալով, հարցնում է վարսավիր Վասիլը: «Գործ չկա»,-պատասխանում է հորանջելով Ղահվեճի Սեթոն, եւ երկուսը միասին, տխուր-տխուր աչքերով, սկսում են նայել փողոցի մեջտեղով անցնող անասուններին ու գյուղացիներին: «Ես չեմ հասկնար, թե դուն ինչո՞ւ չես հարգեր սաբոժնիկ Սիմոնը»,- ասում է ղահվեճին. «Ես անոր ոտքերը ունենայի նե- հիմա սանկ թխլիկ կնիկ մը տունս նստած կլլար. սատանայի պես կպարե շանորդին...»: «Չի ըսե մեյմունի պես, կըսե սատանայի»,- լինում է վարսավիրի կտրուկ պատասխանը: Ղահվեճին վիրավորվում է իր մեջ, բայց վախենում է վարսավիրի հեգնող լեզվից եւ ոչ մի բառով կամ ակնարկով չի արտահայտում իր դժգոհությունը: «Ի՞նչ կըհասկնա այդ աղտոտ ուշաղբազը»,- հայհոյում է մտքում վիրավորված ղահվեճին եւ մի վախլուկ ժպիտ սահեցնելով դեմքին՝ մտնում է խանութը: Եվ այս պատմությունը կրկնվում է ամեն օր համարյա, ամեն առավոտ: «Վատ, չարախոս լեզու ունի ուշաղբազ պերպերը»,- մտածում է, խանութի մի անկյունը նստած, Ղահվեճի Սեթոն:

Արեւը կամաց-կամաց սկսում է բարձրանալ եւ ահա մյուս, ոչ խանութպան, քաղաքացիները եւս ելնում են տներից եւ մայթերի վրայով գնում են՝ մի մասը «պրովիզ» գնելու, մի մասը -գործի: Պաշտոնյաները շտապում են պաշտոնատեղի, պ. Մարուքեն շտապում է դպրոց: Խանութներում գործը հետզհետե սկսում է եռալ եւ գուցե միայն դագաղագործը եւ «Եվրոպա» ճաշարանի տնօրեն Եգոռ Արզումանովն են հիմա անգործ նստած իրենց խանութների առաջ, ձանձրույթից հորանջում: Սակայն նրանք էլ կամաց-կամաց սկսում են զբաղվել. դագաղագործը ձանձրույթից ձանձրացած՝ սկսում է թղթե արծաթազօծ հրեշտակներ կպցնել դագաղների վրա, իսկ Դուքանչի Եգոռը, իր բավականին մաքուր սրբիչը վերցնելով, սկսում է ճաշարանի սեղանները սրբել: Սրբում, սրբում է Դուքանչի Եգոռը եւ շվվացնելով «Վասադուլի» ռուսական երգը, մտածում է, որ հարկավոր է մի մեծ քաղաք տեղափոխվել -Ռաստով կամ Կատինդար -եւ այնտեղ կարգին «ստալավո» պահել: Եվ հանկարծ, ինքն էլ չգիտե ինչու, հիշում է, որ Ղահվեճի Սեթոն մի անգամ բարեկենդանին մի ֆունտ լվացքի սապոն միանգամից կերավ՝ տասը ռուբլի գրազի համար: «Թյո՛ւ քու գալած ճամփեն...»,- զզվանքով հայհոյում է Եգոռ Արզումանովը եւ սրբիչը մի կողմ նետելով՝ ելնում է փողոց:

Այդ նույն վայրկյանին պ. Մարուքեն մտնում է վարսավիր Վասիլի վարսավիրանոցը՝ ածիլվելու: Ամեն օր դպրոց գնալուց առաջ անպայման ածիլվում է պ. Մարուքեն: Ահա թե ինչու վարսավիր Վասիլը մի առանձին հարգանք է տածում դեպի պ. Մարուքեն. ածիլելիս այնքան է մոտեցնում իր արաղահոտ շրթունքները պ. Մարուքեի այտերին, որ միանգամայն հավանական է դարձնում Ղահվեճի Սեթոյի կասկածները վարսավիրի բարոյականի նկատմամբ: Պ. Մարուքեն, իհարկե, երիտասարդ չէ, երեսուն-երեսուներկու տարեկան կլինի -թեպետ, մյուս կողմից՝ դեմքը թուխ է, հաճախ սափրվելուց եւ պուդրա գործածելուց այտերը հաճելի քնքշություն են ստացել, իսկ քթի ծայրը համարյա միշտ կարմրած է լինում հարբուխից կամ օղուց:

«Խորին հարգանքներս պ. Մարուքեին»,- ասում է վարսավիր Վասիլը, գլուխ տալով, երբ պ. Մարուքեն մտնում է ներս: Պ. Մարուքեն թեթեւ գլխով է անում եւ լուրջ, սփրթնած դեմքով նստում է հայելու առաջ: Աչքերը փակում ու, ծույլ, փափկաթոռի մեջ ընկղմած, սպասում է, մինչեւ տաք, կակուղ խոզանակը սապոնոտ սահելով՝ քսվի դեմքին եւ իր այտերի վրա շոգ, տաք՝ զգա վարսավիր Վասիլի արաղահամ շնչառությունը: «Զգուշ»,- բարկացած վեր է թռչում պ. Մարուքեն, երբ վարսավիրի տաք շրթունքները համարյա քսվում են նրա դեմքին: «Ինչ գռեհիկ են այստեղի վարսավիրները»,- տխուր մտածում է պ. Մարուքեն: «Ուրիշ բան է, օրինակ, եվրոպական քաղաքներում՝ կամ, թեկուզ, Ռուսաստանում. այնտեղ մարդիկ քաղաքավարի, մաքուր են ավելի, այնպես են ածիլվում, որ հաճույք ես զգում: Իսկ պ. Վասիլը... Նու, քիչ է մնում բերանդ մտնի. հիմար, գռեհիկ նաիրցի...»:

«Անուշներ»,- ասում է պ. Վասիլը, երբ, մազերը սանրելուց հետո, սպիտակ սրբիչով մաքրում է պ. Մարուքեի դեմքի պուդրան եւ խոզանակով սկսում է նրա օձիքը մաքրել: «Էսօր աչքիս քիչ տխուր կերեւաս, ի՞նչ է պատահե»,- հարցնում է վարսավիր Վասիլը՝ խորամանկ ժպտալով:-«Առանձին բան չկա»,-խռպոտ, լուրջ ձայնով պատասխանում է պ. Մարուքեն եւ գլխարկը վերցնելով՝ շտապում է դպրոց:

Մարդիկ անցնում են դանդաղ, անշտապ անցնում են մարդիկ, կանայք, երեխաներ -ելել են փողոց, որ գնան՝ պաշտոնի, գնումներ անելու, բաղանիք, գործի: Բաղանիք, ասենք, առավոտվա վաղ ժամերին միայն կանայք են գնում նաիրյան այդ փոքրիկ քաղաքում. քաղաքում կա միայն երկու բաղանիք, երկուսն էլ ասիական, թեկուզ մեկի անունն է «Ճերմակ», որովհետեւ նրա պատերը սպիտակացրած են կիրով,- իսկ մյուսը, որ մեչեթի նման ձմերուկաձեւ գմբեթ ունի, կոչվում է «Ֆանտազիա բաղանիք- առանձին համարներով»: Ընդամենը երկու համար ունի այդ եվրոպականացրած բաղանիքը, բայց դրությունը դրանից, իհարկե, չի փոխվում. համարներում գնում են լողանալու քաղաքացիներից միմիայն -առաջին քաղաքամասի պրիստավը, նրա կինը, աղջիկները, էլի մի քանի պաշտոնյա ռուսներ եւ մեկ էլ հայտնի մանուֆակտուրիստ Հաջի Օնիկ աղա Մանուկոֆը. նա էլ, լինելով հմուտ անգլիագետ, համարները գերադասում է ընդհանուր լողարանից:-«Ինչ կընես ըրե- մարդ չի տեսնար»,-ասում է նա այդ առթիվ, թեկուզ մեզ արդեն ծանոթ ղահվեճի Սիմոնը նրա մասին էլ, ինչպես եւ վարսավիր Վասիլի մասին, ունի առանձին կարծիք: «Հաջի Օնիկ աղան չի ուզեր հարեւանները տեսնեն, որ ինքը դեղին սապոնով կլողանա»,- ասում է նա:

Առավոտվա այդ վաղ պահերին բաղանիք են գնում, ինչպես ասացինք, բացառապես կանայք, որովհետեւ քաղաքում գտնվող երկու բաղանիքներն էլ, առանց բացառության, մինչեւ ցերեկվա ժամը չորսը բաց են կանանց, իսկ չորսից հետո -տղամարդկանց համար: Բաղանիք այդ քաղաքում կանայք գնում են առանձին մի շուքով, կարծես գնում են ծիսակատարության: Գնում են, ընդհանրապես, մի քանի ազգական -կանայք, աղջիկներ եւ երեխաներ միասին. մենակ ընդունված չէ բաղանիք գնալ նաիրյան այդ քաղաքում: Առջեւից, գնացքի ավանգարդը կազմելով, գնում է սովորաբար գզգզված մի մշակ՝ շալակին պղնձե մի մեծ ջրաման, որի մեջ դրված են լինում պղնձե կլոր թասեր, փայտե նալըններ, սանր, սապոն -մի խոսքով՝ լողանալու զանազան պարագաներ: Եթե ընտանիքում ծծկեր երեխա է լինում -նրան էլ սովորաբար գրկում է նույն մշակը, որի երկու կողքից հաղթական քայլերով արշավում են երեխաները, տղաներ ու աղջիկներ, տղաները -մինչեւ յոթը տարեկան, իսկ աղջիկների համար տարիքը նշանակություն չունի: Երեխաների համար առանձին օրենք է ընդունված նաիրյան բաղանիքներում. ընդունված է կանանց հետ բաղանիք թողնել մինչեւ յոթը տարեկան տղաների, բայց եթե ընտանիքում, որ բաղանիք է գնում, հիվանդ է տասնեւմեկ տարեկան մի տղա -նրան էլ մայրն իրավունք ունի հետը բաղանիք տանելու. հո չի՞ կարող հիվանդ երեխան տանն սպասել եւ անլվա մնալ: Այսպիսի բաղանիքային կարգեր կան, հնուց մնացած, նաիրյան այդ քաղաքում:

Եթե ամառ է, աշուն, մի խոսքով -մրգի ժամանակ՝ բաղանիք գնացող ընտանիքի հայրը, լինի նա վարսավիր Վասիլը, թե Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, կամ Դուքանչի Եգոռը -ցերեկվա տասներկուսին մոտիկ պետք է բաղանիք ուղարկե, լողացող ընտանիքին նվեր՝ ձմերուկ, սեխ, խաղող, եւ դա սովորաբար արվում է հրապարակավ, բոլորին ի տես, մանավանդ երբ բաղանիք է գնացած լինում Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի հանըմը՝ երեխաներով հանդերձ: «Էսօր էլի Հաջին բաղանիք է ղրկե Նունուֆար հանըմին»,-ասում են հարեւանները քմծիծաղ: «Խեյր էղնի»,- ասում է այդպիսի օրերին Եգոռ Համբարձումովը, «Եվրոպա» ճաշարանի տերը, Հաջի Օնիկին. «Էսօր Հաջին մեզ մոտ պիտի ճաշե. լավ բոզբաշ եմ շինել տվե, իսկական դամաշնի՝ պամիդորով ու սոխով»: Բայց հաջին չի սիրում ընտանիքից դուրս- ճաշարաններում ճաշել. երբ տնից ճաշ չեն ուղարկում, նա յոլա է գնում հացով ու պանիրով, իսկ եթե մրգի ժամանակ է՝ սիրում է ձմերուկ կամ սեխ ունենալ մսի փոխարեն: «Շատ բան պետք չէ մարդու մը կշտացնելու համար»,- մտածում է Հաջին. «Անգլեթերում լորտերը սեւ հացով կբավականանան. սակայն այդ հանգամանքը չի խանգարեր անոնց, որ անոնք ըլլան ազնիվ ու հայրենասեր»:- Եվ հարեւանները, չնայած որ բնավ չեն էլ մտածում հավատալ, որ լորդերը Անգլեթերում սեւ հաց են ուտում,- այնուամենայնիվ հավանություն են տալիս Հաջու խոսքերին: «Մարդս ինչով ասես կարող է կշտանալ, մանավանդ Հաջի Օնիկ էֆենդին»,-մտածում են նրանք:

Երբ արեւը բավականին բարձրանում է վեր եւ կեսօրից սկսում է դեպի արեւմուտք թեքվել, Լորիս-- Մելիքյան փողոցի վրա գտնվող խանութներում գործնական եռուզեռը հասնում է իր գագաթնակետին.- Հաջին շուկայից վերադարձող գյուղացիներին մանուֆակտուրա, շաքար, փոշիներ է ծախում, վարսավիր Վասիլը սափրում է ու խուզում: «Եվրոպա» ճաշարանում բորշչ են սկսում ուտել զինվորներն ու գյուղացիները, իսկ մանրավաճառները շունչ քաշելու անգամ ժամանակ չեն ունենում: Ասեղ, թել, կողպեք, քառորդ ֆ. սպիտակ հալվա, ֆուրգոնի մազութ, Լապշինի լուցկի,- գնում են, գնում են, ում ինչ հարկավոր է օրվա համար, եւ ծախում ու հարստանում են -Կոլոպոտյանը, Զարգար Հովհաննեսի տղան, որ հիմա մանրուքի խանութ ունի, քաչալ Թաթոսը, կաթոլիկ Սիմոն աղան եւ մնացած չարչիներն ու խանութպանները.- խեղճ Աբոմարշն է միայն, որ անգործ, աչքը խանութի պատերից կախած եվրոպական գույնզգույն հագուստներին հառած, սպասում է գնորդի: Երեւի նաիրցիները չեն հասկանում, որ ինչպես իր ցուցանակի վրա գրված, այնպես էլ իրեն կպցրած ֆրանսերեն «Աբոն մարշ»-ն ոչ այլ ինչ է նշանակում, եթե ոչ -բարի գալուստ,- մտածում է նա:-Եթե այդ հասկանային, գոնե ներս կմտնեին, գնելը դեռ մի կողմ: Պետք է ցուցանակները ռուսերենի վերածել -որոշում է նա մտքում եւ սկսում է իր նոր ցուցանակի համար անուն մտածել:
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top