Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Մտերիմները

Մտերիմները
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ ՄՏԵՐԻՄՆԵՐԸ
Ողջ շրջանը գիտեր նրանց`
Ե՛վ Մկրտչին, և՛ Թորգոմին,
Իբրև երկու շատ մտերիմ
Ու հինավուրց բարեկամի:
 
Ապրած գյուղում այս միևնույն
Եվ համարյա հասակակից`
Մտերիմներ էին նրանք
Պատանության վաղ հասակից:
 
Մեկտեղ տարել բատրակության
Ծանր ու դժվար օրերը հին,
Մեկտեղ էին նրանք հասել
Սովետական մեր օրերին:
 
Եվ մոտ երկու տասնյակ տարի
Ընկերները այս մտերիմ
Մեկտեղ էին գործում, բանում.
Մինչ Թորգոմը կոլխոզն էր միշտ
Մկրտիչը նույնքան տարի
Աշխատում էր իբրև վարիչ
Այն ֆերմայի, որի համար
Գժտվել էին ոչ թե երեկ,
Այլ դեռևս անցյալ տարի:
-Չէ, որ այդպես է, ախպեր ջան, արի
Կոլխոզ վարչության նիստ հրավիրենք,
Այնտեղ դու վեր կաց առաջարկդ արա,
Թե չէ քո տան մեջ և տնավարի
Այս եղանակով…- Թորգոմը մռայլ
Ընդհատեց խոսքը, երբ անցած տարի
Իր միտքը հայտնեց Մկրտիչը նրան:
-Նիստ հրավիրենք, թե ուզում ես դու,-
Ու Մկրտիչը շուտ ոտքի ելավ,
Թորգոմն իր հերթին շփոթվեց.
-Դե լա՜վ,
Դու գոնե, եղբայր, թեյդ պրծնեիր:
-Շնորհակա՜լ եմ… Դե՛, ցտեսություն…
 
Նույն միտքը կրկնեց Մկրտիչը նիստում.
-Ձեր աչքի առաջ տասնյոթ տարի
Ես աշխատում եմ ֆերմայի վարիչ:
Շա՜տ բան է փոխվել- քայլել ենք առաջ,
Գյուղը դարձել նոր ու անճանաչ:
Շատ բան է փոխվել: Բայց իմ կարծիքով
Չենք կարող լինել ֆերմայից մենք գոհ:
Դեռ աշխատում ենք մենք տնավարի.
Նայում ենք հորթին, ուլին ու գառին
Այնպես` մի տեսակ կիսախուփ աչքով…
Վերցնենք ոչխարը: Մեր խեղճ ոչխարից
Մենք հո չենք կարող կաթի ծով կթել:
Իսկ բուրդը հապա` չորս –հինգ սամաթել:
Իսկ բո՜ւրդը… Դա էլ գաղտնի՞ք է միթե:
Յուրաքանչյուրը ձեզանից գիտե,
Թե անցյալ տարի բրդի մթերման
Պլանը ինչպես կատարեց ֆերման:
Ի՞նչ պիտի անենք հապա այս տարի,
Եթե կոլխոզը թերակատարի…
 
-Ի՞նչ է մնում, որ ի՞նչ անենք, -
Ոտքի ելավ նստած տեղից:
Դանել քեռին ու ձայն տվեց,-
Ուրիշ հնար ու ճար չունենք:
Մկրտիչը վրա բերեց.
-Անցյալ ձմեռ մեր կարճատև դասընթացում
Ես իմացա, որ մի հայտնի պրոֆեսոր
Հայաստանի սովխոզներից մեկում այսօր
Մթերատու մի ոչխար է արդեն բուծում:
Այդ ոչխարը դիմացկուն է ցուրտ ու շոգին
Այնպես, ինչպես մեր տեղական ծանոթ մաքին:
Եվ ամենից գլխավորը` տալիս է բուրդ,
Որ և՛ առատ է քանակով, և՛ կիսանուրբ:
-Ո՛չ, դա ճիշտ չէ, ոչխարները լավ բրդատու
Նախ` կաթնով չեն, հետո` բնավ չունեն դմակ,-
Բացականչեց իր աթոռից Թորգոմն ազդու,-
Մեզ հիմարի տեղ մի դնի, մենք էլ մի քիչ
Խելքի կտոր ունենք, այո, ընկեր Միկիչ:
 
-Դա նոր ցեղ է, ավելի շուտ` մի նոր տեսակ
Ե՛վ դիմացկուն, և՛ կրկնակի մթերատու,-
Շարունակեց Մկրտիչը հանգիտս ու սառ,
Նախագահի հուզմունքն ասես չէր նկատում:
Այն ընդգծված միտումնավոր սառնությունից
Նախագահը է՛լ ավելի խիստ տաքացավ,
Եվ Մկրտչի խոսքը կիսատ` թռավ տեղից,
Խոսքի համար թույլտվություն դեռ չստացած.
-Չէ, ընկերներ, ես այս խնդրում…
-Ինչո՞ւ տեղից,-
Ոտքի ելավ այդ ժողովում նախագահող
Եղյան Կարոն:
 
-Ներողություն, ձայն եմ խնդրում:
Չէ, ընկերներ, ես այս խնդրում
Համաձայն չեմ մեր վարիչին,
Մեր հարգելի Մկրտչին:
Ես չեմ ուզում վիրավորվել,
Այլ խոսում եմ անկեղծորեն:
Դատում է նա ոչ թե իբրև
Մի ղեկավար կոլխոզային,
Այլ լոկ իբրև մենատնտես,
Մի մասնավոր տանտիրոջ պես:
Նա վարիչն է մեր ֆերմայի
Եվ ուզում է, ձգտում ֆերման
Ամեն ձևով առաջ տանել`
Մոռանալով հաշվի առնել,
Թե կոլխոզի, գյուղի համար
Որքան էժան-թանկ կնստի:
Նա սխալ է դատում, ըստ իս:
 
 
-Ինչո՞վ եղավ անօգտակար,
Որ մենք, Թորգո՛մ, անցյալ տարի
Հինգ ցեղական ցուլեր բերինք,-
Ասաց Մկրտիչն հաշտարար:
-Քո ցուլերով գլուխ տարար,-
Փակելով դուռը հաշտության`
Ասաց Թորգոմը բարկությամբ,-
Ցուլեր բերինք և դրանով
Քո ֆերմայի հարցը փակվեց:
Ցուլե՜ր-ցուլե՜ր գլուխ տանում,
Եղբայր, արդեն համն ես հանում:
Երեկ` ցուլեր, այսօր` ոչխար
Ինչ-որ կիսափափուկ բրդով,
Իսկ էգուց էլ մեկ էլ տեսար
Քո սահմանած այդ լավ հերթով
Եկար հասար մինչև անգամ
Ինչ-որ կիսա-անգորական
Այծի…Եղբայր, խնդրեմ ասա,
Կոլխոզային ֆերմա՞ է սա,
Թե՞ տոհմային կայան.
Հետո
Խնդրեմ էդ քո էծերը թող
Եվ մտածիր, ընկեր անգին.
Մեր առաջ կա ավելի մեծ
Եվ լուրջ խնդիր, Հայրենիքին,
Պետությանը և ամենքիս
Հա՛ց, հա՜ց է պետք:
Պետք է երբեք
Մենք այս բանը չմոռանանք
Եվ մեկընդմիշտ լավ հասկանանք.
Գլխավորը հա՛ցն է, հա՜ցը
Եվ ոչ թե գառն ու մաքին:
Ես այսպես եմ դնում հարցը,-
Մեր պետությունն ու մեր պարտիան,
Որ որոշում են ընդունել
Երկու ու կես ամիս առաջ
Ո՛չ թե հորթի, ուլի, գառի,
Այլ ցորենի և հաճարի`
Հա՜ցի մասին, հացի՜:
Ահա՛,
Ես այսպես եմ նայում հարցին:
 
-Նայիր, շատ էլ լավ ես անում,
Մենք էլ այդ լավ ենք հասկանում:
Իսկ ինչ կասես բրդի մասին,-
Ասաց Հեղուշը բարձրաձայն
Եվ ձեռք մեկնեց, որ խնդրի ձայն:
Ոտքի կանգնեց Կարոն սակայն:
Եվ նա խոսեց կարճ ու հակիրճ:
Զուր չէ, որ դեռ նրա հագին
Համազգեստն է զինվորական:
Միջադեպից ֆինլանդական
Մինչև օրը հաղթանակի
Բացակա է եղել գյուղից,
Կտրվել է ջրից-հողից,
Նույն այդ հողի-ջրի համար
Անցել հազար հող ու ջրից,
Դաղվել ցրտից, խաշվել հրից:
 
Երկրորդ օրը վերադարձի
Կարոն իսկույն կպավ գործի:
Կոլխոզնիկի հոգին նրա
Կարոտել է արտ ու մարգին:
Նշանակվեց բրիգադավար
Եվ մեծ սիրով կպավ գործի:
Ցուցանիշներն անցյալ տարվա
Ողջ շրջանում դղրդացին.
Իր մշակած բրիգադի
Մեկ հեկտարից Կարոն տվեց
Քսանհինգ ցենտներ հացահատիկ
(Երբ խոստացել էր տասնըվեց),
Նա հերոսի կոչման հասավ:
Ողջ երկիրը նրան տեսավ
«Սովետական Հայաստան» – ում`
Կրծքի վրա – զինվորական
Շքանշան- մեդալների մյուս կողքին
Ամրացված Ոսկե Աստղն աշխատանքի:
 
Եղյան Կարոն նույն ժամանակ
Քարտուղարն էր և պարտկոմի:
Ու սկսեց երբ նա խոսել,
Երակների մեջ Թորգոմի
Արյունն այնպես արագ հոսեց,
Որ նա կարմրեց միանգամից:
Հավատում էր նա Եղյանին,
Համոզված էր, որ նա իրեն
Մկրտչի դեմ կպաշտպանի:
 
Սակայն Կարոն այլ կերպ խոսեց,
Խոսեց ազդու, ոգևորված.
-Այնպես կոնկրետ հարց է դրված,
Այնինչ ըն կեր Թորգոմն այստեղ
Իրեն իզուր գցեց դես-դեն:
 
Գլխավորը հացն է, այո՛,
Մենք այդ գիտենք և լա՛վ գիտենք,
Բայց Մկրտիչն այստեղ մի՞թե
Հարց դրեց նման ձևով`
Թե արտերը թողնենք անցել,
Թողնենք խոզան, թողնենք խոպան.
Ո՞վ է նման հարց հարուցել,
Ընկեր Թորգոմ, ասեք հապա:
-Դու, սիրելի ընկեր Թորգոմ,
Դու քիչ առաջ Մկրտիչին
Անվանեցիր մենատնտես,
Ճիշտ է, ո՛չ լուրջ, այլ հենց այնպես,
Բարկությունից: Իսկ ինձ համար
Միանգամայն պարզ է հիմա,
Որ քեզ բնավ դուր չի գալիս,
Երբ բացերդ են քեզ ցույց տալիս:
Մենատնտե՜ս… Չէ՛, այս դեպքում
Պետք է արդեն քեզ մեծարել
Հենց այդ խոսքով, քե՛զ, սիրելի՛ս:
Խնդիրն այստեղ ոչ թե մաքուն,
Ոչ էլ կոնկրետ մեր կոլխոզի
Մթերմանն է վերաբերում:
Պետք է նայել մի քիչ հեռու,
Աչքը պոկել իր սեփական
Տան նեղ բակից և պետական
Վերաբերմունք ցուցաբերել:
Գիտեք, որ մեր ռեսպուբլիկան
Արտադրում է արդեն հրեն
Մետաքս, մահուդ: Ի՞նչ եք կարծում,
Գործարանը իր սեփական
Հումքը պիտի ունենա՞, թե՞…
Ես կարծում եմ` պարզ է արդեն:
Հացի հարցը մի կողմն է լոկ:
Պետք է հարցին նայել խելոք,-
Թորգոմն էլի ելավ ոտքի:
Բո՜ւրդը: Շա՛տ լավ, ընկեր անգին,
Իսկ ի՞նչ կասեք դուք դմակի,
Իսկ ինչ կասեք հապա մսի,
Իսկ ի՞նչ կասեք կաթի մասին:
Հ՞ը, Մկրտիչ: Թե՞ միգուցե
Դու կարող ես մինչև անգամ
Եվ կաթ և յո՞ւղ բրդից քամել,
Գուցե միջո՞ց կա գիտական:
Հապա եղբայր, բարի եղիր,
Տետրակներդ մի լավ պեղիր,
Գուցե գտնես:
Սա, իհա՛րկե,
Ոչ ծաղրանք է, ոչ հանաք է:
Բանը այն է.
Եվ նա ուղիղ
Դիմեց արդեն ողջ ժողովին,
Տարակուսանք ու վախ ցանեց,-
Թե դեռևս կասկած կա մեծ,
Որ ոչխարից այդ բրդատու
Իբըր շատ քիչ կաթ են կթում…
-Չես վախեցնի դու մեզ կաթով,-
Ձայն խնդրելով ցուցամատով,
Հեղուշն իսկույն ելավ ոտքի`
Իր յոթերորդ տղան գրկին:
Մկրտիչը ճիշտ հարց դրեց,
Կարոն էլ լավ բացատըրեց:
Ինչ մնում է կաթ ու յուղին,
Մենք գտել ենք արդեն ուղին:
Կաթն ու յուղը իբրև կանոն,
Կովն է տալու հիմնականում.
Խնդրեմ հաշվեք` ամբողջ տարին
Նոր տեսակի այդ ոչխարի
Կաթի պակասն ինչքա՞ն է, ես
Խոստանում եմ հենց այստեղ ձեզ.
Իմ կովերի բրիգադից
Լիտր առ լիտր ձեր այդ կաթի
Ողջ պակասը լրացընել:
Եվ ցուցարար եղանակով`
Երեխային երկու ձեռքով
Ամուր գրկած ուզեց նստել…
Ծափեր եղան այստեղ-այնտեղ,
Եվ շաղ եկան ձայներ չորս կողմ:
Իսկ աղմուկը երբ հանդարտեց,
Կարապետի վերջին խոսքով
Վարչության նիստը ավարտվեց:
 
-Թորգոմ ախպեր,
Դե ձեռքդ բեր,
Ի՞նչ ես թթվել, տո՛, տնաշեն,
Էսպես գնա` քեզ կմաշե՜ս,-
Մկրտիչը ասաց նրան`
Ընկերոջն իր, նիստից հետո:
-Դու լավ կանես, որ ձեռք քաշես
Այդ կատակից: Հիշիր հետո`
Ծիծաղում է նա լիաթոք,
Ով որ վերջում է ծիծաղում,-
Թորգոմն ասաց կծու-կծու,-
Դեռ կա շրջկոմ, դեռ կա պարտիա,
Միայն այնտեղ պիտի պարզվի
Ով է հաղթող, ով է պարտված:
-Թորգոմ, եթե հույսդ այն է,
Որ մեր պարտիան դեռ այդ մասին
Չունի պլան կամ որոշում,
Միտդ պահիր ինչ եմ ասում.
Դրան երկար չես սպասի:
Հարցը շատ է հասունացել,
Միայն դու ես քնով անցել…
-Դեռ սպասիր, հոգուդ մատաղ,
Շրջկոմ գնանք առավոտ վաղ,-
Տեսնենք ով է քնել անցել,-
Ասաց Թորգոմն սպառնական,
Եվ թողնելով անպատասխան
«Գիշեր բարի», «ցտեսություն»,
Քայլերն ուղղեց դեպ իրենց տուն:
II
Աղմուկ հանած`վեճը հասավ իրոք
Մինչև շրջանային պարտիական բյուրո:
Դեռ հերթական նիստի օրը չէր էլ հասել,
Դեռ մնում էր նրանց մի փոքր էլ սպասել:
Անցան օրեր: Մի օր երբ որ փոստը եկավ,
Ու թերթերը օրվա երբ բացեցին`գյուղում
Աշխույժ իրարանցում ու խլրտում ընկավ:
Մկրտիչի դեմքին մեղմ ժպիտ էր խաղում,
Կարծես նա այդ թերթին սպասում էր վաղուց,
Ինչպես սպասում են բարեկամի թղթին:
Եվ այդ պատճառով էլ, առանց զարմանալու,
Ծարավածի նման վրա ընկավ թերթին:
Մինչդեռ նախագահը` թերթը ձեռք վերցնելով,
Խոշոր վերնագիրը անձայն ընթերցելով,
Զարմանքից քար կտրեց, թերթը ձեռքից թողեց,
Կարծես թե մատները լրագիրը դաղեց:
Չէր հավատում աչքին և ընթերցեց նորից:
Պարզ գրված էր սևով սպիտակի վրա.
«Եռամյա պլան»…
 
…Լուրը թռավ,
Լուրը մեկից, միանգամից
Անցկենալով բերնեբերան
Փռվեց ամբողջ գյուղի վրա.
-Նոր որոշում կա Կենտկոմից
Ֆերմաների վերաբերյալ:
-Նոր մեծ պլան:
- Երեք տարվա:
Ո՞վ է ասում:
-Թերթը, նայի՛ր:
-Տուր մի նայեմ:
- Ահա՛, նայի՜ր…
 
Թերթը անցնում է ձեռքեձեռք,
Աչքը անցնում է տեղից տող:
-Տեսե՜ք, տղե՛րք, ապա, տեսեք,
Մեր մասին է գրված կարծես,
Հենց մեր գյուղի, մեր կոլխոզի:
-Ա՜յ նախագահ, դե եկ խոսիր,
Հը՞, դու հիմա էլ ի՞նչ կասես:
 
Բայց չի լսում Թորգոմն ասես,
Հափշտակված` թերթն է կարդում:
Նույն այդ պահին ներս է մտնում
Մկրտիչը.
-Ա՞յ իմաստուն,
Ախար էդ ո՞նց իմացար դու,
Որ նոր պլան է պատրաստում
Պետությունը, - այս-այն կողմից
Ձայն են տալիս նրան:
Իսկ նա
Ժպտում է և պատասխանում:
-Դուք չէ՞ք ապրում էս աշխարհում,
Թե՞ երկնքից նոր իջաք ցած:
Ինչպե՞ս թե ես ոնց իմացա:
Իմաստության ոչինչ չկա:
Պետությունը սովետական…
Ախար չէ՞ որ նա այլ բան չի,
Քան ես ու դու, ամենքս մենք`
Սովետական քաղաքացիք:
Որոշումն էլ հո երկնքից,
Օդից հո չենք ներքև բերում:
Այն, ինչ այստեղ ինչ որ Միկիչ,
Ինչ որ Ալի, Իվան, Կարո
Մտածում են կամ կամենում,
Աներևույթ ճանապարհով
Հասնում է վեր` Մոսկվա, Կրեմլ,
Հասնում է մեր պարտկենտկոմին
Ժողովուրդն ինչ որ խոսում,
Կազմակերպված և ավելի
Հարստացած ետ է գալիս,
Վերադառնում է մեզ նորից:
Եվ ինչ, ահա նոր որոշում:
Բարձր, ինչպես բարձրախոսում
Մեր սեփական ձայնն ենք լսում
Ամեն մի նոր պլանի մեջ:
Լսողների դեմքի վրա
Պայծառ ժպիտ է նկատվում:
Մեկն ուսին է խփում նրա,
Մեկը` բոթում կամ կսմթում,
Իսկ Թորգոմը…չի նկատում,
Իսկ Թորգոմը… թերթն է կարդում:
-Պարզ է հիմա, պա՛րզ ու որոշ,-
Ընթերցումը ավարտելով
Նախագահը ելավ ոտքի:-
Ներիր դու ինձ, ախպեր Միկիչ:
Ներիր, որ ես հիմարացա:
Իմ սխալը նոր հասկացա…
Մինչ երկու զույգ ժպտուն աչքեր
Սևեռվում են իրար վրա,
Մի պահ սուզվում իրար խորքում,
Երկու ձեռքեր սեղմում իրար
Եվ պահ հետո եղբայրաբար
Փաթաթվում են, իրար գրկում:

III
Պարտիական և կոլխոզի ժողովներում
Լուրջ քննարկվեց մեծ պլանը երեք տարվա:
Իր ելույթում Թորգոմն ասաց.
-Ինձ չեմ ներում,
Որ ես հացի բարձր բերքի հարցով տարված,
Ինչպես հարկն է` քաղցր աչքով չէի նայում
Մեր կովերին, ուլ ու գառին, մեր ոչխարին…
Ֆերման կիսվեց` բաժանվեց կովը ոչխարից,
Եվ Հեղուշը, Մկրտիչի առաջարկով,
Նոր ֆերմայում առաջ քաշվեց իբրև վարիչ:
Իսկ Միկիչը իսկույն մեկնեց տոհմակայան,
Որ գյուղ բերի ոչխարները այն բրդատու:
Այդ ոչխարի հոտը պիտի պահեր Արան,
Մկրտիչը միայն նրան էր հավատում:
 
1 2 3 4 5 6 7
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top