Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Սալբի

Սալբի
ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՏԵՂԱԿԱԼԸ
Հ․․․ գյուղի եկեղեցու բակում, ախոռատան վրա, շինված էր մի փոքրիկ սենյակ, յուր փոքրիկ նախասենյակով և նեղ լուսամուտներով։ Վառելանյութի սակավության պատճառով, ախոռի տաքությունը ներս բերելու համար բացած ծակերից փչում էին ժահահոտ շոգիներ, որ չափազանց ծանրացրել էին սենյակի օդը։

Այդ սենյակի բնակիչը Հ... վարդապետն է, Ատրպատականի վիճակային հոգևոր առաջնորդի այդ նահանգի տեղակալը։ Դա մի ալեխառն մորուքով, գլխի երկայն ծամերով ծերունի էր։

Տեղակալ վարդապետը, այդ նահանգի գյուղերից մինի եկեղեցու երեցփոխանի հետ նստած՝ ծանր ու բարակ — հաշիվ էր տեսնում:

— Աչքներս լո՜ւյս...— ասաց վերջապես վարդապետը տհաճությամբ,— հարյուր տուն ժողովրդով մի գյուղի մեջ, ամբողջ մեկ տարվա ընթացքում ընդամենը — ի՞նն մկրտություն, տասներե՞ք պսակ և վե՞ց թաղում...։

— Ի՞նչ արած, վարդապետ,— պատասխանեց ճարահատյալ երեցփոխանը.— դժբախտաբար մեր ձեռքում չէ ծնուցանելը և մեռուցանելը․․․։

— Իրա՛վ է, ձեր ձեռքերում չեն դրանք,— խոսքը փոխեց վարդապետը,— բայց այնպիսի հնարներ կան ձեր ձեռքերում, որ կարող են հոգևոր արդյունքները առատապես բխեցնել։

— Որպիսի՞ հնարներ,— հարցրուց երեցփոխանը, աչքերը լայն բացելով։

— Օրինակ, գերեզմանաքարերի վրա խաչ օծել տալ, պատարագ մատուցանել տալ, ահա այսպիսի բաներ կարող եք ժողովրդին խրախուսել և հորդորել՝ կատարել տալու։

— Է՜հ, հայր սուրբ,— ասաց երեցփոխանը ափսո ափսոսելով.— այդ փրոտների ոտը կոտրվեր՝ մեր երկիրը չգային, դրանք խլեցին մեր ժողովրդից՝ հույս, հավատ և ամեն սուրբ բան. դուք կարծում եք այն առաջվա ջերմեռանդությունը մնացե՞լ է մեր ժողովրդի մեջ, ոչ՛... այժմ բոլորի սրտերը սառել են:

— Վնաս չունի՛... դժվար չէ կրկին վառել նրանց ջերմեռանդությունը և ջերմացնել նրանց սրտերը,— պատասխանեց ծանրությամբ վարդապետը։ Լսի՛ր, երեցփոխ,— առաջ տարավ նա ավելի ազդու ոճով.— Դո՛ւ ևս, որպես հոգևոր գործերի մի աստուծո պաշտոնյա, պետք է միշտ ջանադիր լինիս եկեղեցու նյութական շահերի համար։ Ես ցավակցաբար վաղուց եմ նկատել, ինչպես ժողովուրդը սկսել է սառն աչքով նայել հոգևոր պիտույքների վրա, այդ մոլորության առաջգնացության դեմ դնելու համար, ես սովորել եմ հոգևոր գործերի իմ ստորադրյալ պաշտոնյաներին այնպիսի հնարքներ, որոնք նրանք հաջողեին հետ դարձնել ժողովրդի կորած հոգևոր ջերմեռանդությունը։ Դու ևս այդ կարգի մարդկանցից մինը լինելով, ավելորդ չեմ համարում մի քանի խրատներ տալ, նախապես հավատացնելով, որ երբեք մեղք չէ, երբ մինը եկեղեցու օգտի համար խոսում է այն՝ որ կոչում են բարի սուտեր: Դու ասացիր, թե ժողովուրդը այլևս չէ կամենում մեռելների համար խաչ օրհնել տալ և պատարագ մատուցանել տալ։ Ինչ՞ վնաս ունի, եթե ջերմեռանդություն շարժելու և խրախույս տալու համար, գործադրվեր այսպիսի մի թեթև և պարզ հնարք։— Գտնել մի պառավ, որին կարելի լինի վստահիլ գաղտնապահության համար, և սովորեցնել նրան, որ ժողովրդի մեջ տարածե, իբր թե ինքը տեսել է մի այսպիսի երազ. «մի աներևույթ զորությամբ տարվելով այդ գյուղի գերեզմանատունը, նա տեսնում է գերեզմաններից շատերի բերանները բոլորովին բաց, առանց քարերի, նրանց մեջ թաղված մեռելները երևում են. շուն, գայլ, օձ, կարիճ և ամեն տեսակ գազաններ արձակ՝ համարձակ ման են գալիս նրանց մարմիններիր վրա և ապականում են նրանց ոսկորները։ Նա տեսնում է և մի քանի այլ գերեզմաններ, ըստ կարգին, իրանց քարերով, գազանները ամեննևին մոտ չեն գնում նրանց, որովհետև վախենում էին ա՛յն լույսերից, որ արևի նման ցոլում էին խաչերից։ Նա հարցնում է մինին, որ կանգնած է լինում այնտեղ, թե ի՞նչն է պատճառը, որ գերեզմաններից մի քանիսը վառվում են արևի նման, իսկ մյուսները բաց են, և պատասխան է ստանում, թե այդ լույսերը ցոլում են ա՛յն գերեզմանների խաչերից, որ հոգս են տարել օծել տալ մեռոնով, իսկ մյուս բաց գերեզմանները օծված չեն»։ Թող պառավը պատմե, թե ամեն գիշեր կրկնվում է այդ երազը, թող նա ժողովրդի աչքին խելքը տարվածի պես իրան ցույց տա, և իբր թե միշտ խոսում է և աներևույթ էակների հետ։ Դու, պարոն երեցփոխան, իմ ասածները կատարիր և կտեսնես թե քանի՛, քանի՛ մարդիկ կցանկանան գերեզմանների քարերի վրայի խաչերը օծել տալ...:

Ամբողջ այդ խոսակցության միջոցին, մեզ նախածանոթ մարդը՝ սև գանգրված մորուքով, մռայլոտ և խորամանկ դեմքով, շիլ աչքերով, որպես մի դև, նախասենյակում կուչ եկած դռան ճեղքից ականջ էր դնում։ Վարդապետի ճիզվիտական խրատները լսելով, նա իսկույն կշռեց յուր որսը, ուշիկ դուռը բաց անելով ներս մտավ և չափազանց քաղաքավարությամբ գլուխ վեր բերեց և մնաց ոտքի վրա կանգնած։

— Ա՛... հրամայեցե՛ք, հրամայեցե՛ք, Ռե՛ս,— ասաց առաջնորդի տեղակալը.— նստեցե՛ք խնդրեմ։

Նա նստեց վարդապետից մի փոքր հեռու — գորգի վրա:

—Բարի լինի...— ավելացրուց վարդապետը.— ինչպե՞ս եղավ, որ ճանապարհներդ ծռեցիք դեպ մեր կողմը։

— Մեր բոլորիս պարտքն է միշտ ուխտ գալ ձեր սուրբ տեսությանը, և վայելել ձեր օրհնության շնորհը,— պատասխանեց Ռեսը։

—Շատ ապրիք որդի, — ասաց վարդապետը ուռելով։

Միևնույն ժամանակ երեցփոխը, համբուրելով յուր հայր սուրբի աջը՝ հեռացավ։ Ռեսը և առաջնորդի գործակալը — մնացին միայնակ։

—Բարի լինի,— դարձյալ կրկնեց վարդապետը.— ի՞նչ բախտով։

—Փառք աստուծո, բարի է,— պատասխանեց Ռեսը.— ես շնորհ ունեցա ձեզ մոտ մի կարևոր գործի համար գալ։

Վարդապետը ուշադրությամբ ականջները սրեց: — Այսօր, առավոտյան, դուք մի պսակի հրաման եք տվել. այնպես չէ՞,— հարցրուց Ռեսը։

— Հրամեր եք. տեր-Առաքելենց Ռուստամին՝ Հովասաբենց օրիորդ Սալթիի հետ,—պատասխանեց վարդապետը:

— Ե՞րբ պիտի կատարվի պսակը, ու՞մ ձեռքով:

— Այս գիշեր տեր Մարուքի ձեռքով։

—Դուք կարո՞ղ էիք, հայր սուրբ, այդ պսակը մի քանի օրով հետաձգել։

— Ողորմություն արեք, Ռես, ի՞նչպես կարելի է, դուք չե՞ք իմանում ժամանակը նեղ է. այսօր ուրբաթ է վաղը շաբաթ, մյուս օր կյուրակե. այս երեք օրը հետ ձգելով՝ պսակը կմնա «զկնի հինանց» — համարյա երեք և կես ամսից հետո:

— Ինչո՞ւ,— որպես թե չհասկանալով հարցրուց Ռեսը:

— Օրհնած, չե՞ք իմանում, երեք օրից հետո մեծ պասն է, իսկ մեծ պասին հարսանիք կամ պսակ չէ լինում, մինչև հոգեգալստից մի քանի օր անցած։

— Այդ, ճիշտ է,— պատասխանեց կեղծավորը մի քանի րոպե մտածությունից հետո.— բայց և ա՛յնպես հնարավոր չէ՞, երբ ձեզանից խնդրում էին, մանավանդ՝ երբ խնդրում էր մի երևելի իշխանազն։

Հայր սուրբի երևակայությունը իսկույն մակաբերեց Ավազակյանց Սոլոմոն-բեկը։

— Չէ կարելի արդյոք գիտնալ այդ երևելի իշխանազնի անունը,— հարցրուց նա:

— Ո՛չ, զանազան հանգամանքներ ստիպում են նրան ծածուկ պահել յուր անունը:

— Ի՞նչ նպատակ ունի այդ գործի մեջ պատվելի իշխանազնը:

— Հավատացնում եմ ձեզ, որպես մի անկեղծ մարդ, որ նպատակը անվնաս է, և երաշխավորում եմ պատվովս, որ այդ նպատակը չէ վտանգելու ո՛չ ձեր պատիվը և ո՛չ էլ նորընծա ամուսնացուների պսակակատարությանը, եթե նրանք երեք օր սպասեն:

Թեպետ խորամանկ Ռեսը ո՛րքան և կեղծավոր խոսքերով աշխատում էր հեռացնել վարդապետի սրտից նրան տիրող երկյուղը՝ բայց և այնպես, առաջնորդի գործակալը մի խորին և վտանգավոր գաղտնիք էր նկատում նրա խոսքերի մեջ:

«Արծաթը ավելի զորավոր է քան որևէ փաստ այդ հիմարը համոզելու» բնաբանը ձեռք առավ խաբեբան, ասելով.

— Կատարելով նվաստիս խնդիրը և պատվելով իշխանազնի կամքը` դուք փոխարենը կստանաք որպես ընծա — ահա՛ այս ոսկիները։ Եվ նա լեցրեց վարդապետի առջև մի բուռն աշրաֆիներ:

— Ներեցե՛ք, պարոն,— առարկեց վարդապետը,— հրաժարվելով,— ես առանց դրանց ևս պատրաստ եմ կատարել այդ իշխանազնի հրամանը, միայն թե խիստ անհնարին բան է առանց հիմնավոր պատճառների արգելել մի պսակ, որ պատրաստ է այս գիշեր կատարվելու և որի համար ես հրամանագիրը արդեն տվել եմ:

— Առանց հիմնավոր պատճառների՞...— նրա խոսքը հեգնաբար կտրեց խաբեբան, — հայր սուրբ, դուք կարծում եք թե ամեն բանի հիմքը պետք է անպատճառ քարի՞ վրա գրված լինի, ու ամենևին ո՛չ. երեք օրվա համար՝ ավազի վրա դնելը վնաս չունի, որովհետև մեր նպատակը պսակի բոլորովին արգելումը չէ, այլ երեք օրով միայն հետ ձգելը։

— Ըստ այսմ ամենայնի, խիստ դժվար է,— պատասխանեց վարդապետը հուսահատությամբ։ Երբեք գործակալը այսպես չէր անճարացել որևէ գործի մեջ, որ այնքան առատ ոսկիներ էր բերում իրան, և ոչ մի օր նրա հնարագետ հանճարը այնքան չէր բթացել — որքան այս անգամ։ Նրան տիրել էր մի դժնդակ կասկած, և նա շվարած չգիտեր ինչ պատասխան տար Ռեսի խնդրին։

Ռեսի թափանցող հայացքը նկատեց վարդապետի կասկածանքը և երկյուղը, և նրան վստահություն ներշնչելու համար, ավելացրեց.

— Հավատացնում եմ ձեզ, դարձյալ հավատացնում եմ ձեզ աստծո ահավոր անունով, Հիսուս-Քրիստոսի խաչելությունով և մեր բոլոր սուրբերի շնորհով, որ իմ առաջարկության մեջ բնավին կասկածելի ոչինչ չկա, և եթե դուք լսեք եք իմ խորհրդին խիստ դյուրին հնարներով մեր խնդիրը կատարված կլինի:

— Որպիսի՞ հնարներ,— հարցրուց շվարած վարդապետը։

— Դուք, այս րոպեիս ձեր ծառան ուղարկելով տեր-Առաքելենց մահտեսի Ավետիսի մոտ, հետ կպահանջեք պսակի հրամանագիրը, պատճառաբանելով՝ թե նրա մեջ մի բան պետք է ուղղել։ Այնուհետև տեր Մարուքին կհրամայեք, որ պսակը չկատարե մինչև մի նոր հրաման ստանալը, հայտնելով՝ թե այդ գործը մի նոր քննության է կարոտ այն հիման վրա, որ իբր թե լսել եք հարսի և փեսայի մեջ մերձավոր արյունակցություն է եղել, որ քահանաները «խորհրդի» գիշերը հարբած լինելով՝ չեն կարողացել որոշել։

— Այնուհե՞տև։ — Այնուհետև, առավոտյան քննություն պիտի լինի, ասելով, ես այս առավոտ հիվանդ եմ... մնա էգուց, և մի երկու այդպիսի էգուցներ անցնելով` երեք խորհրդական օրերը կանցնեին, իսկ այնուհետև — բարով եկիր մեծ պաս...։ Այլևս պսակ չի լինելու մեզ օրհնյալ նահապետների դրած կանոնների համաձայն...։

Վարդապետի խելքին, ասես թե, մի բան մտավ, և նա հայտնեց Ռեսին յուր հաճությունը այն պայմանով՝ եթե նա կրկներ ոսկիների թիվը: Ռեսը ճարահատյալ ավելացրեց մի քանի հատ ոսկի ևս։

— Մեզ մնում է, ձեզնից մի բան ևս խնդրել, հայր սուրբ,—առաջ տարավ Ռեսը գործագետ մարդու եղանակով.— այս գործը իմ խնդիրքը՝ երեք օրով պսակ հետաձգելու նկատմամբ, և իշխանազնի դրա մեջ նպատակը, այդ բոլորը խնդրում եմ մնան ձեզ մոտ որպես խորին գաղտնիքներ։

— Անհո՛գ եղեք, անհո՛գ եղեք, պարոն, ես ձեզանից ավելի զգույշ եմ գործերի մեջ,— պատասխանեց վարդապետը։

Ռեսը գլուխ տալով հեռացավ վարդապետից, և դուրս գալու առաջնորդարանից, նա, լի հրճվանոք, դիմում էր դեպ հոյակապ ամրոցը, երբ հանկարծ նրան հանդիպեց Մահտեսի Ավետիսը։

— Բարև, եղբայր,— ասաց Ռեսը։

— Աստծո բարին քեզ,— պատասխանեց Մահտեսին։

— Ի՞նչ եղավ, օրհնած, աչքներս թռավ սպասելով, թե ե՞րբ պիտի լինի Ռուստամի հարսանիքը, որ քեֆ անենք և ուրախություն վայելենք։

— Այս գիշեր պսակ է՝ էգուց՝ հարսանիք:

— Աստուծով... աստված քեզ բարի աջողություն տա, միայն առաջուց քեզ ասեմ, Մահտեսի, եթե դըհոլ-զուռնա բերել չտաս, եթե պար ու գվանդ չլինի, քա՛վ լիցի եթե քո շեմքը ոտք կոխեմ, եղբա՛յր, այս ի՞նչ նոր սովորություն է՝ մի գավաթ չայով որդի պսակել։

— Շատ բարի, Ռես, որպես դուք կհրամայեք, որպես մեր բարի դրացիքը կամենան՝ այնպես կանենք:

— Ուրախությա՛մբ...— ասաց բանսարկուն, և մնաս բարյավ ասելով՝ հեռացավ, խորհելով, «ողորմելի մարդ․ էգուց լա՛վ հարսանիք կգա քո գլխին»։

Մի քանի րոպեից հետո նա հասավ հոյակապ ամրոցին, որ պատկանում էր մելիք Պիղատոս Ավազակյանցին, այդ նահանգի չափազանց հարուստ իշխանին, որին հանձնված էր բոլոր հայերի կառավարությունը։ Ռեսը մտնելով ամրոցը և մի քանի բակերի միջից անցնելով` ներս մտավ մի չափազանց տաքացրած սենյակ, որի լուսամուտների առաջ դրված էին մեծ և փոքր ամաններով ծաղիկներ և մշտականաչ կիտրոնի և նարնջի ծառեր։ Այդ կախարդական սենյակի մեջ, որ ձմեռվա սաստիկ ցրտերին պահում էր ծաղկյալ գարունքը, Սոլոմոն-բեկը, յուր ամենօրյա սովորության համեմատ՝ միայնակ նստած աթոռի վրա, բարձր ալեանդրի ծառի տակ, որի ոստերից քարշ ընկած վանդակների մեջ երգում էին երկու դեղձանիկ՝ ծխում էր ղելյան և խմում ղահվե։ Նրա առջև դռան մոտ կանգնել էր սպասավորը՝ թանկագին հագուստներով:

Սոլոմոն-բեկը, արծաթի ժանգի մեջ մաշված մի տղամարդ էր, բարակ և երկայն երեսով, գունատ՝ առանց կարմրության նշույլի, սառն դեմքով՝ որպես մարմարիոն: — Նրա մի զույգ խաժ աչքերը շիջած և որպես երկու սարդ՝ անխորհուրդ նայում էին իրանց խորքից։ Նրա ա՛յնքան փափուկ և այնքան նվազած փոքրիկ գլխի վրայի շեկ մազերը ցույց էին տալիս մի հիվանդոտ կազմվածք։ Եվ, արդարև, նրա ծուլորեն շարժվածքը, նրա հիմար և անոգի դեմքը՝ արտահայտում էին մի թույլ և կիսամեռ բնավորություն. յուր թույլ խելքով ու մտքով։

Ռեսը գլուխ տալով կանգնեց ծառայի մոտ: Սոլոմոն-բեկը ծխում էր, երբեմնապես ղահվեի սև հեղուկը կուլ տալով․ խորին մտածության մեջ խորասուզված՝ նա Ռեսի վրա ամենևին ուշադրություն չէր դարձնում, կամ, որ ավելի հավանական է, յուր ծառայի առջև նրան չէր կամենում յուր ուշադրության արժանացնել: Իսկ երբ ծառան ղեյլանը դուրս տարավ, նորահաս Ավազակյանցը բռնազբոսիկ ժպիտը երեսին դարձավ դեպի Ռեսը․

— Բարո՛վ։ Ի՞նչ արեցիք,— հարցրուց նա:

Ռեսը խոնարհությամբ գլուխ տվեց։

— Մոտ եկեք։ Նստե՛ցեք,— հրամայեց Ավազակյանցը:

Ռեսը կեղծավորաբար հրաժարվեց, թե չէր կարող ընդունել մի այդպիսի համարձակություն։

—Ո՛չ, դուք կարող եք նստել․ ես այսուհետև ձեզ համարելու եմ ո՛չ թե իմ ծառա, այլ հավատարիմ բարեկամ և հնարագետ խորհրդակից։

Ո՛չ մի անգամ Ռեսը նրա բերանից Դուք բառը չէր լսել և ոչ մի անգամ նա շնորհ չէր գտել բարձր տեղ ունենալու նորահաս և փառասեր իշխանազնի մոտ։ Այդ մեծարանքները նրան իսպառ խելքից հանեցին, ո՛չ սոսկ իշխանազնի մոտ գտած պատվախնդրության՝ այլ ավելի նրա համար, որ նրա բարեսրտությունը և գութը գրավելով, նա կարող էր այնուհետև համարձակ տիրել նրա սրտին, ազատաբար ներգործել նրա մտածության և ընտրողության վրա, և այսպիսով, դյուրությամբ դուրս կորզել նրանից որքան կարելի է շատ արծաթ, որ խաբեբայի միայն նպատակը, նրա հոգին և մարմինն էր:

Ռեսը նստեց աթոռի վրա. Ավազակյանցի աթոռից մի փոքր հեռու:

— Ի՞նչ արեցիք,— հարցրուց Սոլոմոն-բեկը կրկին անգամ:

Ռեսը պատմեց առաջնորդի գործակալի հետ ունեցած յուր ամբողջ խոսակցությունը, նրա խոստումը պսակը արգելելու, որը ոչ, միայն երեք օր, այլ մինչև երեք ամիս կարող էր հեռու պահել Հովասաբենց Սալբին Ռուստամի հետ պսակվելուց:

— Շատ բարի, գործի առաջին հաջողությունը օգտավետ վախճան է գուշակում,— ասաց Սոլոմոն-բեկը ուրախությամբ:

— Աղա, եթե դուք ամեն ինչ տրամադրեք իմ կամեցողության և հաստատամտորեն ապավինիք իմ աշխատության` դուք ձեր նպատակին շու՛տ կհասնեք,— ասաց հանդարտությամբ Ռեսը։

— Դուք գիտե՛ք, որ այդ գաղտնիքը, ես բացի ձեզանից ոչ ոքի չեմ հավատացել, և միանգամայն հանձնել եմ ձեր հմտության:

— Շատ լավ. ես ևս բոլոր սրտով պատրաստ եմ ծառայել իմ տիրոջ կամքին,— պատասխանեց խոնարհությամբ Ռեսը.— միայն թե նախապես դուք շնորհեցեք ինձ ձեր ուշադրությունը` մի քանի ամենահարկավոր խրատներ լսելու:

— Ասացե՛ք,— համաձայնեց Սոլոմոն-բեկը

— Մենք պիտի մեր ձեռքում եղած այդ երեք ամիսը աժան ծախենք. մեր ամենագլխավոր աշխատությունը պիտի լինի այդ երեք ամսվա ընթացքում ձեր մտադրյալ նպատակը ձեռք բերել, իսկ այդ նպատակը որսալու համար, մի քանի անհրաժեշտ հնարներ պետք է գործածել: Նախքան հնարների հետ ձեզ ծանոթացնելը, ես, աղա, հարցնում եմ ձեզ, ի՞նչ է ձեր կարծիքը կեղծավորության մասին։

— Կեղծավորությունը մեղք է,— կարճ պատասխանեց Ավազակյանցը։

— Ընդհակառակն, մի բարի մտադրություն իրագործելու, մի անվնաս խորհուրդ առաջ տանելու և մի անմեղ նպատակ ձեռք բերելու համար, հարկ եղած միջոցին կեղծավորություն, խաբեբայություն և տեսակ-տեսակ ստություններ գործադրելը ո՛չ մեղք է, ո՛չ էլ մարդու պատիվն է ապականում:— Այժմ լսեցեք, սրանք են իմ խրատները, կամ առաջին դասը, որ տալիս եմ ձեզ. որպես իմ աշակերտիս։ Հովասաբենց Սալբի — որին դուք այնպես ախտաբորբոք սիրում եք — ձեր կինը լինելու և նրան յուր հանդերձյալ ամուսնացվի ճանկերից հափշտակելու համար, ձեր ամենամեծ ջանքը, պիտի լինի մոտենալ օրիորդ Սալբիին և նրա հետ սեր գցել (սիրաբանել)։ Այդ հնարավոր անելու համար, նախ պետք է բարեկամանալ այն անձերի հետ, որոնց հոգաբարձության ներքո է գտնվում օրիորդը, այսինքն՝ պարոն Արամ Աշխարունու և պարոն Խոսրով Մելիքզադեի հետ։ Այդ պարոնների հետ բարեկամանալը ավելի հեշտությամբ կկատարվի, եթե դուք բարեհաճեք մտնել նրանց կաշվի մեջ կամ ընդունել նրանց կերպարանքը, այսինքն՝ հարկավոր կեղծավորությունը գործ դնելով՝ նմանեք նրանց ընդունելով այն վարդապետությունը, որ նրանք ուսուցանում են, և հավանություն ցույց տալով նրանց բոլոր գաղափարներին, ձեր անելիքը հետևյալը կլինի, դուք կսկսեք Աստվածաշունչ կարդալ, կյուրակե օրերը կերթաք նրանց աղոթքի ժողովարանը, երբեմնապես այցելություն կանեք նրանց աղջկանց և տղայոց վարժարաններին, մի քանի անգամ փող կբաշխեք այնտեղ սովորող որբերին, այդ վարժապետների հետ խոսակցության ժամանակ, դուք նրանց գլուխների կուռցնեք ունայն հույսերի քամիներով, խոստումներ անելով ամեն կերպ օգնել դպրոցին և նրանց գործի օրըստօրե հաջադիմության համար։ Ձեր քույրը կուղարկեք տիկին Սալլաթինի մոտ ուսանելու, այդտեղ է և օրիորդ Սալբին․ իհարկե ձեր քույրը կբարեկամանա յուր ընկերուհու հետ և նրա լեզվով դուք կսկսեք խոսել օրիորդ Սալբիի հետ: Այժմ, կարծեմ, բավական բացահայտ են ձեզ իմ ծրագրները։ Դուք այդ բոլորը կատարելուց հետո, ես էլ իմ պառավ քույրը կսողեցնեմ աղջկանց վարժարանը որպես կամավոր և անթոշակ աղախին: Իմ քույրը ավելի խորամանկ է, քան այն օձը, որ խաբեց առաջին կինը դրախտում, և դուրս բերեց այնտեղից։ Եվ այդ կերպով, դուք՝ ձե՛ր քրոջ միջոցով, ես՝ իմ քրոջ, կսկսենք ներգործել օրիորդ Սալբիի մտքի վրա։ Այս թող լինի մեր առաջին փորձը։ Նրանց խոսակցությունը ընդհատեց ծառան, որ ներս մտավ ղեյլանը ձեռին:
ԲՈԻՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

Ո՞վ չէ սիրում բուն բարեկենդանը: Ո՞վ չէ ուրախանում այդ օրը։ Այդ օրն հետին անճար աղքատն անգամ, յուր ամբողջ չքավորությամբ՝ կարողանում է մի չնչին արծաթ գոյացնել, որով գնում մի քանի բուռն բրինձ, մի փոքր եղ, եփում է փլավ, և արևելքի այդ ազնիվ կերակուրով, ուրախ անցնում է բարեկենդանը։

Քանի՜ զվարճալի խաղերով են անցնում բարեկենդանը մյուս պահեցող ազգերը, բայց հայր՝ յուր բարեկենդանի խաղերի մեջ անգամ ոչ մի ուրախալի իրողություն չէ հանդիսացնում, որովհետև, աշխարհիս թատրոնի մեջ, նրա կյանքը անցել է ցավալի եղերերգությամբ, նրա օրը միշտ սև է եղել, նա չէ՛ ճաշակել ո՛չ մի ուրախություն...։ Հայը, Ասիայում, բարբարոս ազգերի գերության տակ միշտ ճնշված լինելով, յուր բարեկենդանի խաղերի մեջ ևս ձևացնում է այն տխուր և տրտում դեպքերի դառն հիշատակները, որ նրա համար հազարավոր ախ ու վախի, բյուրավոր արտասուքների պատճառ են եղել։

Զուռնայի բարակ և սուր ձայնը, դըհոլի, դափ ու դարիայի տմբտմբոցը՝ Ծաղկավանի մեջ խաղեր սկսելու նախերգանքն են։ Փողոցի մեջ ձիավոր և հետևակ մարդկանց խուռն բազմություն է արշավում։ Քրդի էշիրաթի փառավոր հագուստով բոլորից առաջ ընթացող ձիավորը՝ մի հզոր խան է ձևացնում։ Նրա Հալեպյան կերպասից զոլ-զոլ բինիշի խայտաճամուկ դրոշակները՝ փողփողում են քամու հորձանքի դեմ, նրա փակեղի գույնզգույն փաթեթը փայլում է հարյուրավոր գույներով։ Հպարտ, փքվելով, նստել է նա մի պատվական երիվարի վրա, որի պարանոցը զարդարված է արծաթի ռաշմայով (պալարակապով). նա զինված է այդ բարբարոս ցեղի հզոր իշխանների պես․ արաբական կեռ թուրը քարշ է ընկած նրա կողքին, ձեռքին ունի եղեգնափայտից թեքուն մզրախ (նիզակ), մի լայն հնդկական վահան՝ թափանցիկ ապակենման կաշուց՝ գցած է նրա մեջքի վրա, ղաջարի դաշույնը մի զույգ ատրճանակների հետ, թեք խրած են նրա քիրմանե շալի հաստ գոտու մեջ։ Եթե մենք վեր առնեինք այդ ծպտված իշխանի երեսից նրա սարսափելի դիմակը՝ կտեսնեինք մեզ ծանոթ նենգ պատկերը դրա տակ յուր շիլ աչքերով, սև գանգրված մորուքով և ահավոր մռայլոտ դեմքով ոչ այլ ոք էր, քան Ռես Վասակյանցը, այսպես էր Ռեսի տոհմանունը, որ յուր անհամեմատ ընդունակությունը կարող էր ցույց տալ ամեն տեսակ գործերի մեջ։ Իշխանին հետևող մյուս ձիավորները նրա թիկնապահներն և ծառաներն են ներկայացնում, սրահը բոլորը պարսից հին ձևի զրահ են հագել, գլխներին թասանման սաղավարտներ՝ սրածայր վերջավորությամբ, երկաթի օղակներից ցանցատեսակ հյուսած հագուստով զրահավորված, ձեռքերին նիզակ և թուր: Հետևակ բազմությունը բաղկանում է հետաքրքիր երեխաներից և դատարկապորտ մարդկանցից, որ միմյանց հրելով, աղաղակելով ման են գալիս փողոցից փողոց, և ամեն մի դռան առաջ կանգ առնելով գոչում են—«սուլսա՜թ, սուլսա՜թ» — այսինքն պաշա՛ր, պաշա՛ր։

Տանտերը դուրս է գալիա։ Մի լեզվանի արտլի (շաթր) պատգամախոսում է.—«Ահմատ-խանը — որին աստված երկար կյանք, փառք և պատիվ տա, որի թուրը աստված միշտ կտրուկ անե, և յուր թշնամիների վրա հաղթություն տա — Ահմատ-խանը, մեր ամենակարող իշխանը, մեր գլխի տերը՝ յուր թշնամիների հետ նոր պատերազմ ունենալու համար, դուք, ամենախոնարհ հպատակներդ պետք է սուլսաթ տաք նրա քաջ, պատերազմող զորքերին, որ այժմ հացի կարոտ են։ Եթե մի անբախտ մարդ համարձակվի այդ բարձրագույն հրամանին դեմ կենալ — նա յուր գլխի տերը չէ»։

Ամեն տանից դուրս են բերում գինի, արաղ, եղ, բրինձ, ձու, տալիս են այդ մարդկանց, որ դրանք հավաքում են իրանց պարկերի մեջ և հայցելով խանի հզոր ձեռքի հովանավորությունը՝ երկարակեցություն են մաղթում նրան։ Բայց խանը չէ կամենում հեռանալ, շաթիրը նրա կողմից ձայն է տալիս, թե խանը պահանջում է դիշքիրասի, այսինքն՝ նրանց հացը ուտելու համար—ատամների վարձ, տալիս են մի քանի աբասի փող ևս։

Այսպես, գյուղի բոլոր տներից առատ պաշար հավաքելով գնում են գյուղից դուրս, մի առանձնացած տեղ և բոլոր ընկերներով, մինչև կես գիշեր սկսում են կերուխում անել և ուրախանալ։

Մենք ավելորդ ենք համարում նկարագրել բարկենդանի այն բազմաթիվ խեղկատակները, որ անճոռնի հագնված և ծիծաղաշարժ ձևերով, ավանակների վրա նստած՝ այդ օր շուռ են գալիս փողոցե փողոց։

Արևը գնալով մոտենում էր յուր մուտքին: Ժամատան կոչնակները ժողովուրդը եկեղեցի էին հրավիրում։ Բա՛յց, այդ օր ո՞վ է կոչնակի ձայն լսողը, կամ ժամ ու աղոթք միտ բերողը, բոլոր հարբած՝ քեֆի մեջ են։ Ժամ էին եկել ժամհարը, և տարիքներով բեռնավորված, ամեն բանից զրկված մի քանի ալևորներ պառավների հետ։ Ժամհարը երկար սպասելով, երբ տեսավ թե տերտերներն ևս չեկան, անճարացած ինքն է օրհնում ժամը. «Հայր մեր» ասաց, կանգնեց քահանայի տեղը, մի քանի ծունր դրեց, երեսն խաչակնքեց, պառավներն ու ծերունիները նրա օրինակին հետևեցին և ժամը վերջացավ։

Ժրագլուխ Մխոն — որ նախածանոթ է մեր ընթերցողին — եկեղեցու դռները շառաչմամբ փակեց, և ահագին ծանր բանալին գրպանը դնելով, դուրս եկավ ժամատան բակից և քայլելը ուղղեց դեպ գյուղամեջը, այսպես խոսելով ինքն իրան— «ո՛րքան կամենում եք՝ կերեք, ո՛րքան կամենում եք՝ խմեցե՛ք, ա՛յ հիմարներ, բայց առավոտյան դարձյալ պիտի քաղցենաք, այնուհետև, հիսուն օր շարունակ ձեզ հետ եղբայր են ոսպն ու լոբին։ Հոգիներդ կդուրս գա, այնքան կուտեք, որ փորներդ կուռչի, դըհոլ կդառնա։ Պասը եկել, գյուղի դռանն է հասել, շատը գնացել քիչն է մնացել. այժմ ինչ ուզում եք արեք...։ Առավոտյան, երբ քահանան եկեղեցում կկարդա «Լվացարո՛ւք և սրբացարուք», դուք շտապում եք տուն գնալ և կարասիքն ու զատկի օրերը գործածած ամանները լվանում եք, որ պասվա համար եղոտ չլինի...: Արդյոք դուք մտածու՞մ եք լվանալ ձեր հոգու ամանը — ձեր սիրտը, որ ա՛յնքան ապականվել է կեղտերով...։ Ո՛չ, ամենևին ո՛չ... որովհետև դուք չեք մտածում աղքատի և տնանկի մասին։ Ահա ես, օրինակի համար — մի ամբողջ գյուղի ժամհարն եմ. մի այսպիսի ուրախալի օր իմ ընտանիքս դեռ սոված է, և իմ ձեռքը մի բաժակ գինի տվող չէ եղել, իմ աղիքները ներսից աղաղակում են — ա՛յ մարդ, սովից կմեռնիս, գլխիդ ճարը արա՛։ Ա՜խ, տեր Մարկոս, ո՞ւր է քո տյառընդառաջի օրվա խոստումը, թե՛ բարեկենդանին մի լավ քեֆ կանենք», բայց այսօր քո Մխոյին չես ճանաչում...:

Այսպիսի տխուր մտածմունքներով լցված, ժամհարը, յուր բախտից և յուր վիճակից գանգատվելով, յուր կյանքը անիծելով, գլուխը քարշ գցած, գնում էր փողոցի միջով չհամարձակվելով բարի գյուղացու դուռը բացելու և յուր փորին մի փոքր կեր տալու։

Նույն միջոցին պարոն Արամ Աշխարունին և նրա ընկեր պարոն Խոսրով Մելիքզադեն, իրանց մելամաղձական բնակարաններից դուրս գալով գնում էին գյուղից դուրս — զբոսանքի և հասարակաց ուրախության մասնակից լինելու համար։ Այստեղ — տափարակ դաշտի վրա խաղում էին ամբողջ գյուղի տոնասեր մարդիկ, բայց ափսո՜ս, որ մի անբախտ սովորությամբ՝ նրանց մեջ ոչ մի կին չէր երևում, միայն այստեղ ու այնտեղ հեռուն, պատերի ետևը կուչ եկած գաղտուկ նայում էին մի քանի աղջիկներ, այն ևս, մի մարդ նրանց կողմը գնալիս — փախչում, աներևութանում էին։

Երկու բարեկամները երկար պտտելով, զարմացած, չգտնելով տեր-Առաքելենց Ռուստամը, նա, որ միշտ այդպիսի հանդեսների դյուցազն էր, նա՛, որ ա՛յնքան շատ էր սիրում ազգային խաղերը: Նրանք շարունակեցին որոնել, բայց ո՛չ ձիարշավների, ո՛չ բռնցքամարտերի և ո՛չ էլ ըմբիշների մեջ չկարողանալով նրան գտնել, հուսահատված գյուղ դարձան։ Նրանց հանդիպեց ժամհարը, որ թոնթորալով գնում էր.

— «Այս գիշեր միակ օգուտը, որ հասնելու էր ինձ, որպես ժամհար, մի պսակից, ա՛յն ևս անիրավները արգելեցին»,— ասաց նա յուր վերջին գանգատը։

— Ի՞նչ պսակ,— հարցրուց նրան պարոն Մելիքզադեն։

— Հովասաբենց Սալբիին, տեր-Առաքելենց Ռուստամի հետ,— պատասխանեց ժամհարը։

— Ո՞վ արգելեց։

— Նա՛, որի ձեռքումն է կապելու և արձակելու օրենքը,— պատասխանեց ժամհարը խորհրդական եղանակով:

Նրանք թողին ժամհարի հետ ավելորդ հարցուփորձը, և շտապեցին տեր-Առաքելենց տունը։

Առանց երկար ծանոթ լինելու Ռուստամի հետ, մի հարցասեր մարդ մտնելով նրա անձնական սենյակը և նկատելով նրա միջի կահ-կարասիքը, որ լիովին հատկանիշ էր նրա բնավորության, կարող էր ստույգ գաղափար կազմել նրա անձնավորության մասին:

Ռուստամի առանձնարանը շինված է պարսկական ճաշակով և թույլ լուսավորված երեք պատուհաններով։ Ներս մտածին պես, տեսողություն հրապուրող առաջին առարկան հանդիպակաց պատի երեսից հպարտ քարշ ընկած եվրոպական երկփողանի հրացանն է: Մի այլ հրացան, Ղրիմի գործ, և մի քանի զույգ ատրճանակներ — կարգով դրված են նրա մոտ։ Սենյակի պատի մյուս ճակատից արծաթ գոտուց կախված է ահագին Խորասանի թուրը լեզգու երկսայրի խանչալի հետ, և զանազան ձևերով վառոդի և գնդակների ամաններ։ Դրանցից ոչ այնքան հեռու, մի անկյունում հանդարտ թեք են ընկած երկայն եղեգնափայտյա նիզակը, նրա մոտ թափանցիկ կաշուց շինած լայնեզր վահանը, պատերազմական կացնի հետ: Մյուս անկյան մեջ, դռան մոտ տեղավորված են ձիու թամբը, սանձը և այլ պիտույքները իրանց պարագաներով։ Սենյակի պատերի վրա — որ հատուկ է բոլոր ասիական տներին — կան զուգահեռաբար բաժանված դարաններ, որ լի են տիրոջ ճաշակը ցույց տվող այնպիսի առարկաներով, որոնց զարդն են կազմում Ռուստամի ընթերցման ամենասիրելի գրքերի հատորները — Հոմերոսի Եղիականը, Ոդիսականը, Մովսես Խորենացի, Եղիշե, Հռովմայեցվոց և Հունաց պատմագրեր, Ֆիրդուսու Շահ-Նամեն, Թարգ-Նադրը, Հաֆիսի և Սադիի երգերը։

Ասիական սենյակների ամենազարդարուն կողմը վառարանի կողմն է։ Կրակի սրբազան պատիվը, ոչ քրիստոնեական և ոչ էլ մահմեդական դարերին չէ կորցրել յուր նվիրական պաշտոնը։ Ա՛յդ է պատճառը, որ վառարանը դրվում է սենյակի բարձրագույն ճակատում, որ համարվում է սենյակի պատվավոր նստատեղին և արժանավոր հյուրերը միշտ հրավիրվում են վառարանի աջ և ահյակ կողմերում նստելու։ Ռուստամի վառարանի մի կողմում քարշ էր տված Հայկի հսկայաձև պատկերը, իսկ մյուս կողմում — Արամի։ Նրանց մոտ կարգով շարված էին մնացյալ հայոց քաջերի՝ Պարույրի, Արշակի, Տիգրանի, Արտաշեսի, Վարդանի և այլոց պատկերները։

Ռուստամը բացի դրանից, այլ սենյակ չունի. նրա կյանքի բոլոր պիտույքները գտնվում են այդ սենյակի մեջ։ — Այդտեղ է նա գիշերները քնում, կարդում, երգում, և նվագում, այդտեղ է նա ընդունում յուր հյուրերը, այդտեղ է նա անցնում յուր կյանքի ուրախ և տրտում օրերը․․․։

Տխրության ոգին սև թևքերով գրկել էր տեր-Առաքելենց տունը: Նրանք ոչ միայն հարսանիքի պատրաստություն էին տեսել, այլև հրավիրել էին հեռու գյուղերից իրանց բոլոր մերձավոր ազգականները, հուսալով շաբաթ գիշեր պսակը կատարել տալ, իսկ կյուրակե, բարեկենդանի տոնախմբության հետ՝ վայելել հարսանիքի ուրախությունն ևս, երբ հանկարծ լսեցին այն բոթաբեր լուրը, թե առաջնորդի գործակալը հրամայել է պսակը չկատարել, «որովհետև կարոտ է խորին քննության»:

Ռուստամը միայնակ նստած յուր սենյակում, անձնատուր եղած մտավոր հափշտակության, յուր սիրածի կրակով վառված, այդ միջոցին տխուր և հուսահատ ձայնով երգում էր յուր տաղը.

Երբ մանկության անցան օրեր,
Եվ պատանու ստացա հասակ,
Անմեղ սրտումս դու առաջին
Վառեցիր ջերմ սիրո կրակ:

Դու աոաջին միտքը մանկական,
Որ սիրում էր խաղեր անգետ,
Հափշտակած դեպ քեզ թովեցիր,
Եղար մտածմանցս միջակետ:


Թվի թե երազ առ աչոք...
Ամեն վայրկյան, ամեն րոպե.
Uիրուն պատկերդ աչքիս դեմ՝
Միշտ հարաժամ կհանդիպե։

Կարծես կախարդիչ զորություն
Կամ թե մի թիլիսմ դյութական
Գրավել են խելք ու միտքըս,
Միշտ քեզ սիրել, իմ աննման:

Միշտ քեզ սիրեք, միշտ քեզ պաշտել
Դու իմ աստված, դու իմ հույս,
Միշտ քեզ գովել, միշտ քեզ երգել,
Քանի կա կյանք, քանի կա լույս։

Գնում եմ արտ, հասկեր ոսկի,
Որ ցանեցի իմ ձեռքով,
Խշխշում են հով զեփյուռից,
Կարգում անունդ մեղմ ձայնով։

Երբ արշալույսի պահուն՝
Մտնում եմ կանաչ այգին,
Ո՜հ, բնությանն էլ ինձ հետ
Ներդաշնակե՛ նազելին։

Առվակի կարկաչուն ձայն,
Կանաչ խոտեր, ծառ և ծաղկունք
Լսեցնում են ինձ քո անուն՝
Հեզիկ հողմեր, երգող թռչունք։

Այն ի՜նչ օր էր, օ՜ր երջանիկ
Հազա՛ր անգամ տամ երանի.
Երբ ես տեսա արձակ դաշտում
Այն երկնային սիրուն հուրի։

Ո՛հ, այն օրը նվիրված էր
Ծաղիկների թագուհուն,
Որ նարկիզ, մեխակ, շուշան
Պեսպես վարդերով անհուն—

Հյուսել էր մի պսակ նախշուն
Պճնել գարունը հրաշափառ,
Եվ զարդարել աստուծո տուն`
Կամ բնության շքեղ տաճար:


Երջանիկ էր այն օր՝ եդեմ
Գարնանամուտի նման.
Այն հիշատակ ես կտանեմ.
Ինձի հետ խոր գերեզման...։

Երրորդ անգամն էր, այո՛,
Ես քեզ տեսա, ո՛վ իմ հրեշտակ,
Դու մի խումբ աղջիկներով՝
Նստած էիր ա՛յն ծառի տակ։

Նորաբույս խոտերի վրա
Ուրախության կազմած խրախճան
Ձեր սրտերը զմայլանքով լի՝
Վայելում էր սեր անվախճան։

Ես էլ իմ ընկերաց հետ,
Խնջույքի մեջ հեռուն նստած՝
Հանկարծ ստացա գույնզգույն
Ծաղիկներով մի փունջ կապած։

Իսկույն հասկացա ես շուտով.
Այն քո ձեոքերով քաղած էր.
Այն նորաբույս ծաղիկները
Ինձ բուրեցին քո սուրբ սեր։

Չորրո՛րդ անգամն էր ես տեսա
(Տիրոջ Համբարձման օրն էր)
Շատ նայեցա, գաղտնի, հեռվից,
Ո՛հ, շատ տանջեց ինձ քո սեր։


Ժամտան այգիում աղջիկները՝
Ջանգյուլումը երգում էին,
Եվ վիճակի սափորի մեջ՝
Յուրյանց բախտը կորոնեին։

Այո՛. դու էլ այդ դյութական
Ամանի մեջ արկիր վիճակ,
Ու իմ սերը այն սուրբ օրից
Սրտիդ հետը կապվեց անքակ։

Այն սուրբ օրից աստուծո առջև՝
Մենք դրեցինք այդպիսի ուխտ.—
«Մեռնիլ միասին, ապրիլ միասին,
Որքան կա կյանք, որքան կա շունչ»։

Մի օր ևս Կաթնաձորում՝
Աղջիկները կխաղային ջուջնա.
Հարսանիք էր խրձիկների.
Այնտեղ նույնպես ես քեզ տեսա։

Ես քեզ տեսա, նազ նազելով՝
Ձեռքդ առիր դայիրան,
Եվ ածեցիր և պար եկար,
Քանի՜ սիրուն... աննման...։

Դու հեռվից ինձ նայեցար,
(Սիրտս ո՜րքան այրվում էր...)
Լեզուդ մունջ էր, բայց աչերդ՝
Հայտնաբարբառ խոսում էր։

Քանի՜ վարդեր դու թափեցիր՝
Քո լուսափայլ թշերեդ.
Քանի՜ նետեր ինձ զարկեցիր՝
Այն սևորակ աչերեդ։

Մի օր յուրյանց այգումը
(Չէ՞ր նա հավերժահարս դաշտային.)
Գլխին դրած ծաղկյա պսակ,
Միրգ կքաղեր զամբյուղ ձեռին։


Առավոտյան բերկրաբար հովին,
Նա երգում էր որպես հրեշտակ,
Կամ թե վարդի կանաչ թփին՝
Ուրախաձայն սիրուն սոխակ։

Նա տեսավ ինձ, ճլվլալով
Թռչնիկի պես, ինձ մոտ վազեց.
Գրկեց քնքշիկ ձեռքերովը,
Իմ թուշը յուր թշին սեղմեց։

Հանկարծ որպես նոր Ֆլորա՝
Նա ինձ տվավ մի ծաղկեփունջ.
Կախարդված ծաղկանց անուշ հոտը՝
Հոգումս փշեց նոր կյանք, նոր շունչ։

Այն ի՜նչ խոսք էր, որ նա ասեց.
— «Այդ անուշահոտ վարդերը՝
Առ օրինակ քեզ սիրական,
Ծաղկի պես միշտ թող թարմ լինի քո սերը»։

— Բա՛յց անհոգ կաց, իմ նազելի».
Ասացի ես հիացած.
«Դու իմն ես հավիտենից.
Մեր ճակտին այսպես է գրված:

«Քանի արևն երկնքից՝
Ծագում է ինձ պայծառ լույս.
Քանի շունչս ունի ելումուտ,
Քո սուրբ սերը կից է հոգվույս:

«Քանի հողանյութ մարմինս՝
Ծծում է պարզ օդ եթերին,
Այդ օրերի րոպեք ոսկի՝
Միշտ կհնչվին մեջ իմ սրտին։

«Չեմ թող տալ, սիրուն ձեոքդ
Բռնե մի այլ տղամարդ,
Չեմ թող տալ ժանտ փուշի հետ՝
Ծակծկվի մի քնքուշ վարդ։

«Բա՛յց երբ որ կգա մահը
(Ես հնազանդ եմ իմ օրհասին).
Քո ձեռքովդ այդ կաղնիի տակ՝
Կամփոփես իմ ցուրտ մարմին։


«Գլխիդ հյուսերն քամուն տված՝
Դու հերարձակ մի սգավոր,
Գերեզմանս կլվանաս՝
Քու արտասուքներով հորդոր։
 
«Դու կատարե, իմ բարեկամ,
Քո առ իս սիրո վերջին պարտքը,
Գերեզմանիս վերա ծխե՛
Քո ձեռքովդ անուշ խունկը։

«Այդ մեծ կաղնին մեր զրույցների
Նվիրական սրբարան,
Յուր հովանվո տակ թող պահե
Իմ ոսկերաց գերեզման։

«Նորա ոստից դու իմ սազը
Կախե ինձ վերա ուղղակի.
Թոզ զեփյուռից ձայն տան լարեր,
Եվ հնչեցնեն՝ «Սալբի» — «Սալբի»

Քստմնեցավ իմ նազելին,
Որպես ահեղ հարվածքից,
Ձեռքս բռնեց կարեկցաբար
Ինձի խոսեց նա այդպես.

— «Այդ խոսքերը, իմ սիրելի,
Ինձ բերում են սարսափ, ահ,
Զի մահվան խոսքը խիստ տխուր
Եվ խիստ տրտում, որպես մահ։

— «Մեր կյանքը, ինձ հավատա՛
Որպես պճնած մի գարուն,
Օրըստօրե ծաղկեցնե
Տուր վարդերը թարմ, սիրուն»։

Ա՜խ դու այդպես գուշակեցիր,
Բա՛յց այժմ ինչո՞ւ ժանտ փուշեր
Վրդովում են մեր կյանքը,
Ծակոտում են օր ու գիշեր։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.
  • Հաջորդը: Տեղեկություն չկա

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top