Տիկին Թարլանը բոլոր գիշերը չէր քնացել ուրախությունից։ Առավոտյան նա սովորականից խիստ շուտ զարթել էր։ Նա հրամայեց յուր մոտ կոչել յուր աղջիկը։
— Մայր իմ,— ասաց օրիորդ Սալբին նշմարելով նրա պայծառ դեմքը,— այսօր խիստ ուրախ եմ տեսնում ձեզ։
— Այո, Սալբի, պետք է ուրախանալ և օրհնել վերին նախախնամությունը,— պատասխանեց նրա մայրը հրճվանոք։— Որովհետև տերը ողորմություն է արել մեզ անբախտներիս։
Օրիորդ Սալբին արհամարհական ձևով ժպտեցավ։
— Ի՞նչ ողորմություն, ասացեք, խնդրեմ, թող ես նույնպես բաժանորդ լինիմ ձեր ուրախությանը,— հարցրուց նա։
— Իմ աչքի լույս, մի մեծամիտ և մեծահոգի բարերար շնորհ է գործել մեզ. մենք մյուս անգամ տեր կլինինք մեր կորուսած ժառանգություններին և մեր ապրուստը կրկին ապահովության մեջ կլինի։
— Ես կարո՞ղ էի գիտենալ այդ բարերարի անունը։
— Սոլոմոն-բեկը, մելիք Պիլատոսի որդին։
Ծիծաղը կրկին ցնցեց օրիորդ Սալբիի վարդագույն շրթունքը։
— Ես չեմ կարծում նրա կողմից մի այդպիսի մեծահոգություն,— ասաց նա։
— Նա պատճառ ուներ այդպես անելու,— պատասխանեց տիկին Թարլանը։— Աստված դրել է նրա սրտի մեջ այն բարենպատակ ցանկությունը, որով նա խնդրում է ձեր սերը։ Աստված նրան ազդել է այն վսեմ հոժարությունը, որով նա խոնարհվում է պսակ կապել մի աղքատ աղջկա հետ։
Օրիորդ Սալբին ոչինչ պատասխան չտվավ։ Արտասուքը նրա աչքերի մեջ չէին կարողանում շիջուցանել կրակը բոցավառված աչքերի և նրա շնչառությունը խեղդվում էր սրտի տհաճությունից և մրրկահույզ վրդովմունքից։
— Սալբի, սիրական,— հառաջ տարավ մայրը,— մի լավ մտածեցեք. Սոլոմոն-բեկը, մեր երկրի առաջին իշխանի որդին ցանկանում է պսակվիլ քեզ հետ... այդ աստուծո ողորմությունը չէ՞...։
— Ուրեմն դուք միտք ունիք պղծել իմ հոր սուրբ ուխտը,— պատասխանեց օրիորդը վշտացած կերպով։
— Ի՞նչ պետք է արած... երբ աղքատությունը ստիպում է...։ «Հարկ զօրէնս լուծանէ», ասում է գիրքը,— պատասխանեց նրա մայրը։
— Ուրեմն դուք կամիք վաճառե՞լ ինձ։
— Ոչ։ Բայց ես իբրև մայր, իբրև առավել փորձառու իմ այնքան անցուցած օրերով, կամենում եմ բախտավորել քեզ. հաստատ գիտելով այդ չար աշխարհի գործը, որ նա յուր դառնությունները միշտ թափում է աղքատների վրա..., բայց արծաթից, իբրև կախարդական թիլիսիմից, միշտ փախչում են կյանքի հոգսերը...։
— Մայր իմ,— ասաց նա հանդարտությամբ,— դուք խիստ սխալվում եք ձեր դատողությանց մեջ. որովհետև, արծաթը թունավորում է երջանկություն ասած բանը։
— Ձեր մանուկ սրտին դյուրին է այդպես մտածել, բայց իմ ծամերը սպիտակացել են վշտակրության մեջ. ես առել եմ աշխարհի դառն համը... այդ պատճառով, մտածում եմ քեզ համար, գոնյա, ես հանգստությամբ գերեզման մտնեմ, չտանելով իմ հետ հողի տակ և այն ցավը, թե դուք մնացիք արևի տակ ինձ նման դժբախտ...։
— Աղքատությունը մեղք բան չէ,— պատասխանեց օրիորդ Սալբին սառնությանբ։— Եվ եթե մարդիկ կսանձեին իրանց եսական շահասիրությունները և մարդասիրությունը տեղի կգտներ բարի քրիստոնյաների մեջ, այն ժամանակ կարող էինք ասել, աղքատություն ասած բանը չէ ապրում աշխարհի մեջ։
— Դրանք վերացական մտքեր են, որդի,— նրա խոսքը կտրեց տիկին Թարլանը։— Մենք պետք է մեր անձը հարմարեցնենք ներկա ժամանակի և մեր կյանքի պիտույքների հետ։
— Ժամանակի հետ ես գործ չունիմ. ես ամենևին ուշադրություն չեմ դարձնում, թե ի՛նչ բաներ գործվում էին իմ շրջակայքում. բայց ես գործ ունիմ իմ սրտի, իմ մտքի, իմ գաղափարների հետ. ես իմ անձս կհարմարացնեմ իմ կամքի հետ, մտածելով, թե երկու սիրավառ սրտերի համար և այն փոքրիկ, համեստ խրճիթների մեջ կարելի էր գտնել բախտավորություն։
— Դուք ապրում եք ֆանտազիայով,— կրկնեց նրա մայրը վշտացած սրտով և ավելի չկամեցավ խոսել նրա հետ, այլ առավ չարսավը, սկսավ գնալ առավոտյան ժամը խռոված սրտով։ Նա ճանապարհում անիծում էր ինքն յուր անձը, յուր անխելքությունը, թե ինչու յուր աղջիկը տվեց ուսում և գիտություն սովորելու, որ կարողանա մինչև այն աստիճան լրբանալ, ընդդիմանություն գործելով յուր կամքին, կամ այնպես համարձակ և անամոթ կերպով խոսել սիրո վրա։ Նա գնաց ժամ աղոթելու և սրբերու բարեխոսությունները խնդրելու, որ յուր աղջկա միտքը փոխեին...։
Ժամից դուրս գալուց հետո նրան հանդիպեց ճանապարհում Ռես Վասակյանը, որ՝ յուր կյանքում եկեղեցվո երես տեսած չլինելով, նույն առավոտ գնացել էր, այն մտոք, որ կարողանա խոսել տիկին Թարլանի հետ։
— Եկեղեցում մեր պարտքը աստծուն հատուցանելեն հետո, այժմ մնում է մեզ լցնել մեր պարտավորությունները դեպ մարդիկ,— խոսեց նա ավելի բարեպաշտություն ցույց տալով։ Գիտե՞ք, պատվելի տիկին, որքան անհանգիստ եմ ձեր գործի մասին... Ես մտադիր էի ձեզ մոտ գալ այս առավոտ, լավ եղավ, հանդիպեցանք միմյանց. դուք խոսեցի՞ք ձեր դստեր հետ այն խորհրդի մասին, որ անցյալ օր այնքան սիրով ընդունեցիք դուք։
Տիկին Թարլանը, տակավին հույս ունենալով թե մի կերպով կարող էր համոզել յուր աղջիկը, պատասխանեց.— Ի՞նչ հարկ կար այդ մասին խորհրդակցել իմ դստեր հետ. միթե մեր աղջիկները մինչ այն աստիճան լրբացա՞ծ են, որ կարողանային ընդդիմություն գործել իրանց ծնողների կամքին։ Մենք ունինք իշխանություն մեր աղջիկների վրա, ոչ միայն մեր ուզած մարդին տալու, այլև վաճառելու։
— Ահա՛ ամենաճշմարիտ խոսվածքը,— կրկնեց բանսարկուն։— Միայն հիմար Եվրոպան շնորհել է յուր որդիներին այնքան անտեղի ազատություններ ամուսնության մասին։ Բայց իրավ, մեր ասիացի ծնողները առավել իրավացի վարվել գիտեն իրանց որդիների հետ...։ Եվ Եվրոպայի պղծությունները մեծ ապացույց են, նրանց չարաչար սխալմունքներին։
— Իշխանություն տալ հասուն աղջիկներին, իրենց կամքի ազատությամբ ընտրել փեսա, ասել է թե փչացնել, ոչնչացնել նրանց,— պատասխանեց տիկին Թարլանը։
— Օ՜հ, խելքս տանում են այդ ճշմարտաքարոզ խոսքերը,— կրկնեց կեղծավորը։ Դուք, տիկին, խոսում եք իսկ և իսկ Ավետարանի միջից, բայց ներողություն, խնդրեմ, որ մի ամենահարկավոր գործ դժբախտաբար ինձ զրկում է ձեր մեղրաճաշակ զրույցներից, առայժմ մնաք բարյավ։
Տիկին Թարլանից բաժանվելով, պարոն Վասակյանին հանդիպեց Միրզա-Ֆաթալին, որ թանկագին ջորու վրա նստած, գնում էր յուր գյուղը, որ ոչ այնքան հեռի էր քաղաքից։
— Հը՜մ... բարեկամ, ի՞նչ եղավ,— հարցրուց նա,— ես կատարեցի ձեր կամքը, դուք էլ կատարեցեք ձեր խոստումները։
— Անտարակույս, այս րոպեիս գնում եմ Սողոմոն-բեկի մոտ. առավոտյան կստանաք հինգ հարյուր թումանը,— պատասխանեց պարոն Վասակյանը։
— Մնացյալ հինգ հարյուր թումանը, դուք պիտի բաժանեք տեր Մարկոսի՞ հետ։
— Իհարկե։
— Ա՜յ դու սատանա,— կրկնեց Միրզան և յուր ձեռքի մտրակը դեպի նա շարժելով, հեռացավ։
Սատանա բառը Միրզա-Ֆաթալին սովորաբար գործ էր ածում խելոք բառի փոխարեն։
Այնտեղից անցնելով Ռեսը ուղղակի դիմեց դեպի Ավազակյանց իշխանի տունը և գտավ Սոլոմոն-բեկին միայնակ յուր սենյակում։
— Ի՞նչ արեցիք,— հարցրուց Սոլոմոն բեկը։
— Մինչև մի բան չպարգևեք ինձ, չեմ ասի,— պատասխանեց պարոն Վասակյանը, ավելի թանկ ծախելով յուր գիտցածը։
— Թե աստված կսիրես, ասա։
— Էլ Ի՞նչ ասեմ, երկնային ավետիք, որ աստված ուղարկում է յուր հրեշտակների լեզվով, օրիորդ Սալբին այժմ ձերն է...։
— Ուղղո՞րդ, եթե այդպես լինի, ես կավելացնեմ իմ խոստացածի վրա և մի քանի թուման։
— Ճշմարիտ... աստված է վկա, որ սուտ չեմ ասում։
Սոլոմոն-բեկը հափշտակվեցավ հիացմունքով։
— Բայց ժամանակ կորցնել պետք չէ,— կրկնեց Ռեսը.— դուք հրամայեցեք, թե որտեղից կամենում էիք տալ մի հազար թումանը, այսօր իրիկնապահին ժամադիր եմ եղած հասցնել Միրզա-Ֆաթալիին։
— Առեք այդ տոմսակը, գնացեք բազառ. այնտեղ գանձապետից կստանաք բոլոր գումարը, և հատուցանելով Միրզա-Ֆաթալիին՝ կստանաք նրանից գրավաթուղթը, և առավոտյան Հովասաբենց գերդաստանը կրկին կտեղավորեք իրանց հայրենական բնակությանը մեջ։
— Շատ լավ,— ասաց Ռեսը և առնելով տոմսակը հեռացավ։
Իրիկնապահին մի ընդարձակ դահլիճ Ավազակյանց ամրոցում լուսավորված էր բազմաթիվ ճրագներով, և պարսկական ճաշակով խիստ ճոխ զարդարված դահլիճը շողշողում էր, վառվռում էր զառիկից, բրոնզից, ֆարֆորից, ոսկուց և արծաթից, միանգամայն կացուցանելով շռայլության աստուծո տաճար։ Մի հսկայաձև հաստլիկ մարդ, քիշիմիրյան շալից խալաթը հագին, չափավոր քայլերով անցուդարձ էր անում թանկագին գորգերի վրա։— Դա էր մելիք-Պիլատոս Ավազակյանցը։
Մի մարդ, մռայլոտ կերպարանքով, ստրկաբար յուր գյուղը դեպի ցած խոնարհեցուցած, կանգնել էր դռան մոտ ոտքի վրա, և յուր աչքերը մեքենաբար հետևցնում էր մելիքի քայլերին։
Ինքը մելիքը կլիներ հիսուն տարեկան մարդ։ Ժամանակը բոլորովին սպիտակացրել էր նրա ալիքը։ Բայց նա, կամենալով իրան ավելի մատաղահասակ ցույց տալ, գլխի մազերը ածիլել տալով՝ մորուքը կարմիր ներկել էր հինայով։ Նրա բարձր, հսկայաձև հասակը, յուր նախկին ուղղությունից թեքվելով դեպի քամակը, առջևից դուրս էր ընկել ահագին հաստլիկ փորը։ Նրա աղյուսագույն մսալի երեսը ցույց չէր տալիս ոչ մի մարդկային գծագրություն, այլ մի վագրի կերպարանք, որ յուր կատաղի արտահայտությամբ՝ բացատրում էր նրա գազանական հոգու վայրենի տրամադրությունները։ Նրա խոժոռված աչքերը, սև, փայլուն, շուտաշարժ, լի էին արյունով և բարկությամբ։
Ոչ թե մելիքի արտաքին կերպարանքին նայելով՝ չէր կարելի որոշել նրան մի խաբեբա և փառասեր պարսկից, այլ նրա բոլոր սովորությունները, բարք ու վարքը միանգամայն նման էին կեղծավոր մահմեդականի, որ արտաքին ձևականությամբ միայն կամենում է երևիլ բարեպաշտ մուսուլման, բայց հոգին լի է ամենայն չարությամբ։
Նա մեղմաշարժ ընթացքով գնաց, մոտեցավ փառավոր կիսաթախտին, որի՝ տախտակները բարձր հնչումով ճռացին այդ վիթխարի անասունի անհամեմատ ծանրությունից. երբ նա նստած էր նրա վրա, և խորամանկ աչքերը ուղղելով դեպ Ռես Վասակյանը, որ կանգնած էր դռան մոտ, խոսեց.
— Վասակ, այսօր մեր գանձապետը տվավ ինձ մի տոմսակ, որ գրել էր մեր փչացած Սողոմոնը, որով դուք ստացել եք հազար թուման, Միրզա-Ֆաթալիին հասցնելու համար։
— Ստույգ է, աղա՛,— երկյուղածությամբ պատասխանեց պարոն Վասակյանը։
— Առանց ինձ հայտնելո՞ւ, նզովյալ,— գոռաց նրա ձայնը։
Պարոն Վասակյանը շփոթվեցավ երկյուղից։
— Ես պիտի չգիտենամ, թե ի՞նչ է գործվում իմ տանում,— կրկնեց մելիքը բարկությամբ։ Ի՞նչ հարաբերություն ունի իմ փչացած որդին Միրզա-Ֆաթալիի հետ. այդ ի՞նչ փող է, որ տալիս է նրան։
— Թող աստված փչացնե ինձ, թե ես գիտեմ, նրանց մեջ ինչ հարաբերություն կա,— պատասխանեց Ռեսը դողալով։
— Միթե դու չե՞ս բոլոր չարության խմորը։
— Թող ես Քրիստոսի մեխ զարկողներից լինիմ, թող ես սուրբ Հովաննու գլուխ կտրողն լինիմ, թող ես սուրբ Ստեփանոսի քարկոծողներից լինիմ... թե գիտեմ ձեր որդու և Միրզա-Ֆաթալիի մեջ ի՞նչ գաղտնիք կա... թող ես դժոխքի շունը լինիմ և աստուծո երես չտեսնեմ, թե գիտեմ ինչ փող է, որ Սոլոմոն-բեկը տալիս է նրան։ Եթե չեք հավատում ինձ... հրամայեցեք ձեր ծառաներին թող թափեն իմ արյունը, իմ լեշը թող ուտեն ձեր դռան շները։
Եվ պարոն Վասակյանը կեղծավորաբար փղձկեցավ և նրա աչքերը լցվեցան արտասուքով։
Այդ սարսափելի երդումները մի փոքր մեղմացրին մելիքի բարկությունը և նա հարցրուց.— Միթե դուք չէի՞ք գնացել հարսնախոսության համար Հովասաբենց տանում, տիկին Թարլանի մոտ, նրա աղջկա մասին։
— Եթե այդ ստույգ լինի, եթե մի այդպիսի բան արել եմ ես, դուք տվեք իմ կաշին քերթեն, իմ լեզուն կտրեն, իմ աչքերը դուրս հանեն։ Բայց աղա,— խոսքը փոխեց նա,— ձեր ոտքերի հողն լինիմ, ձեզ մատաղ դառնամ, ես քանիցս անգամ ձեզ խնդրած եմ, թե ձեր ծառաներից ոմանք մի հին ոխակալության պատճառով չարախոսություն են անում ծառայիս համար և վառում են ձեր բարկությունը խղճալուս վրա...։ Դուք ստուգեցեք ճշմարիտը, եթե ձեր լսածները ուղիղ են, ինչ պատիժ կամիք, տվեք ինձ։ Մելիքը, յուր անչափ փառասիրության պատճառով, շուտով կզիջաներ յուր բարկությունից, երբ մինը աղաչավոր կերպով, փաղաքշաբար՝ խոնարհվում էր նրա առջև։
— Ո՞վ է նա, որ այդ մասին չարախոսել է ձեզանից,— հարցրուց Մելիքը մի փոքր հանգստանալով։
Ձեր գանձապետը, որ ոչ սակավ դիպվածներում ցույց է տվել ինձ յուր թշնամությունները։
Պարոն Վասակյանը, վաղուց դարանակալ լինելով Հափշտակելու գանձապետի պաշտոնը, հաջող միջոցներով, միշտ սուտ և խորամանկ չարախոսություններով, աշխատում էր նրան կացուցանել մելիքի աչքում մի ավազակ և ստախոս մարդ։
— Եթե գանձապետը սուտ ամբաստանություն է արած ձեր մասին, ես կպատժեմ նրան։
— Ինձ այնքան ցավալի չէ, երբ ես ձեր առջև կորցնում եմ իմ բարի համարումը, բայց առավել զգալի է ինձ, երբ ես բաց աչքով տեսնում եմ նրա գողությունները։
Դյուրահավան մելիքը իսկույն հավատաց ստախոսին, բայց չկամենալով նույն րոպեին խոսել մի այդպիսի առարկայի վրա, ասաց.
— Մենք ուրիշ ժամանակի ենք թողնում խոսել դրա մասին, ես ինքս հասկացել եմ գանձապետի անհավատարմությունները, միայն ասեք, ի՞նչ է ձեր կարծիքը Սողոմոնի մի այդպիսի հիմար ցանկության վրա։
— Ես մինչև հիմա չեմ լսել և չեմ հասկացել, թե ձեր որդին կամք ունի Հովասաբենց աղջիկը իրան կին առնուլ․ եթե եղել է մի այդպիսի բան, այդ խիստ հակառակ է իմ կամքին, և ես կաշխատեմ նրա սրտից դուրս բերել մի այդպիսի հիմար ցանկություն։
Հանկարծ ներս մտավ մելիքի կինը, Նազլու խանումը, յուր ամուսնի նման հաստլիկ և մսի կոճղ։
— Մենք ի զուր բարկացել ենք Ռեսի վրա,— ասաց նա յուր կնոջը։
— Ի՞նչպես,— հարցրուց Նազլու խանումը։
— Մենք սխալված ենք, կարծելով, թե Ռեսը նույնպես խառն է եղել Սոլոմոնի գործի մեջ։
— Թող երեսը սպիտակ լինի, երբ այդպես է, — պատասխանեց նրա կինը։
—Դուք, Ռես, աշխատեցեք հեռացնել Սոլոմոնին յուր ցնորված մտքերից, և այս անդամիս բաշխում եմ նրա մեղքը, և չեմ ցույց տալու, թե ինձ հայտնի եղած են նրա գործերը։ Դուք հայտնեցեք, որ ես Թեհրանուց դառնալու ժամանակ նրա համար Թաբրիզում նշանագրել եմ Ն... խանի աղջիկը։
— Դուք անհոգ կացեք, տեր, ինձ համար դյուրին է ձեր որդին զարթեցնել յուր երևակայական երազներից. միայն գանձապետը...։
— Թող մնա այդ. ես միտք ունիմ գանձապետին հեռացնել յուր պաշտոնից, և եթե խելոք կլինիք և հավատարիմ՝ կստանաք նրա պաշտոնը։
Պարոն Վասակյանը մոտեցավ, կամենում էր խոնարհվիլ համբուրելու մելիքի ոտքերը։ Բայց նա թույլ չտվավ, Ռեսը գլուխ տալով դուրս ելավ դահլիճից։
Դուրս գալով Ավազակյանց դահլիճից, պարոն Վասակյանի միտքը նմանում էր մի ամենաուղիղ կշիռի, որի ամեն մի թաթի մեջ ամենաթեթև ծանրությունը զգալի էր։ Մտաբերելով մելիքի վերջին խոսքը, երբեմն նա մտածում էր, դուրս հանել Սոլոմոն-բեկի գլխից նրա ցանկությունը և կատարելով մելիքի կամքը, հափշտակել գանձապետի պաշտոնը... ուր մեծավորի անհոգությունը և ծուլությունը պատճառ էր տալիս ինքնակամ ներգործել արծաթի վրա... ուր ամեն օր պիտի խաղ անել մետաղների հետ...։
Բայց հանկարծ նրա մտքում լույս էին ընկնում խոստացածները՝ տիկին Թարլանի, Սոլոմոն-բեկի, Միրզա-Ֆաթալիի և այլն...։ Կրկին տիրում էր նրան ագահության դևը և փոխում նրա միտքը...։
Չէ, ասում էր նա, այդ իմ կողմից մեծ հիմարություն է, երբ ես «եփած հավը թող տամ օդի մեջ թռչուն որսալու»...։ Ի՞նչ արգելք կա, ես չեմ թող տա իմ ձեռքից երկու կողմերն էլ։— Մի կողմից պետք է աշխատել, Սողոմոն բեկի նպատակն կատարվի, մյուս կողմից պետք է ձեռք բերել և այն հնարները գանձապետը ցած գլորելու յուր աթոռից...։
Խորասուզված մտածությունների մեջ, նա ներս մտավ Սողոմոն-բեկի մոտ. պատմեց նրան հոր սպառնալիքը, և երկար խորհրդակցությունից հետո, պատվիրեց՝ մի քանի օր հիվանդ ձևանալ, մինչև նա կաշառված բժշկների վկայությամբ կիմացներ մելիքին, թե նրա որդին առանց օրիորդ Սալբիին՝ վտանգի մեջ կգցե յուր անձը։ Եվ դուրս գալու ժամանակ սաստիկ պատվիրեց, որ Սողոմոն-բեկը այնպես ցույց տա, թե Ռեսը այս գործի սկզբից մինչև նրա վերջը ոչ մի տեղեկություն չունի։
Մինչև նրանք այդ խորհրդածության մեջ էին, օրիորդ Սալբին միայնակ յուր սենյակում գրում էր այդ նամակը.
«Անգին բարեկա՛մ,
«Հանգամանքները օրեցօր փոխվում են, ընդունելով ավելի և ավելի վտանգավոր կերպարանքներ... և հետադարձ բախտը, ասես թե կամենում է զորություն տալ մեր հակառակ կողմին...։
«Սոլոմոն-բեկը, հաստատ յուր դիտավորության վրա, խիստ հիմար և անխելք կերպով սիրում է ինձ։ Եվ մի նոր դժբախտություն.— մեր տան և այգիի կորուստը պատճառ են տվել նրան գրավել և իմ մոր կամքը...։ Ա՜խ, որքան փոփոխամիտ և թույլ են այդ անսիրտ ծնողները։
«Դու լսել ես Միրզա-Ֆաթալիի անցքը։ Այժմ մայրս հոժարել է ինձ տալ Սողոմոն-բեկին կնության, միով բանիվ, ինձ վաճառել այն արծաթին, որ մելիքի որդին խոստացել է վճարել յուր քսակից և ազատել մեր կորուսած ժառանգությունները։
«Իմ սիրելի, դժվար է ապրել մի այսպիսի երկրի մեջ, ուր անկարգ շարիաթը, առանց երկար քննությունների, հաստատություն է տալիս քսան տարվա հին գրավաթղթին և պարսիկը տիրում է խեղճ հայի կալվածքին, ուր մայրերը վաճառում են իրենց որդվոց, պարտք վճարելու համար։ Արդարև, դժվար է բնակվել մի այնպիսի երկրի մեջ, ուսկից արդեն դուրս է կորել աքսորված արդարությունը...։
«Բայց դու անխիղճ ես, Ռուստամ, դու երկար պիտի թողնես ինձ տանջվել մի խստաբարո և հիմար ամբոխի մեջ, որոնց համար սիրո կախարդական գաղտնիքը դեռ չէ դուրս բերված հավիտենական խավարի միջից։ Արդյոք դու ինձ չե՞ս ափսոսում, ի՜նչ հիմար ցանկություն է բնակվել մի այսպիսի անբարոյական ժողովրդի մեջ։ Եկ, հասիր, ազատե՛ ինձ։ Մի՛թե այն լայն և ընդարձակ անապատները չունին այնքան տեղեր մեզ ապրելու։ Մի՛թե այն բարձրաբերձ սարերը և ծառախիտ անտառները չե՞ն կարող պահպանել մեզ իրանց ծոցերում։ Արդարև, առավել երջանիկ կլինինք մենք բնակվելով այծյամների, թռչունների, վայրենի ծառերի և ծաղիկների հետ, քան թե մարդկանց հետ, որոնք խիստ ստոր են անասուններից...։
«Անաստված երկրում բնակվի՛ր, բայց անօրեն երկրում մի բնակվիր», այդպես է հայերի խրատը, որ և եղել է սովորական առած։ Արդարև, մեծ հիմարություն է բնակվել մի երկրում, ուր օրենքը, իրավունքը, արդարությունը՝ ոտքի տակ են ընկած, ուր զորեղը տիրում է անզորին, ուր հարուստը արծաթի զորությամբ կատարում է յուր կամքի ամենազարհուրելի բաղձանքները...։
«Իմ թանկագին բարեկամ, ճշմարիտ, ես երկյուղ ունիմ, գուցե մեզ ղրկեն միմյանցից...։
«Ե՛կ, հասիր, ազատե ինձ, գնանք, հեռանանք այս չար երկրից, գնանք, ուր ճակատագիրը կոչում է մեզ։ Գնանք, խառնվինք այն քաջ վրանաբնակների հետ, բառնանք նրանց սրբությունները, և նրանց հետ միասին, թափառինք սարից սար, ձորից ձոր, մինչև նախախնամությունը կհաստատե մեր կացությունը ամուր երկրի վրա, ուր հայկական տունկը՝ ազատ, ինքնուրույն կաճեր, կհասունանար...։
«Այն օրից, որ կարդացել եմ քո օրագիրը, իմ սրտի մեջ գոյացել է մի անհանգստություն՝ դեռևս ինձ անհասկանալի բաղձանքի հետ։ Վրանաբնակ այրին և նրա անբախտ որբիկը միշտ իմ մտքիս մեջ են, ես չեմ մոռանում նրանց։ Շատ անգամ ես մտածում եմ, իմ բոլոր կյանքս ընծայել նրա սպասավորությանը, իմ կրծքի վրա գրկելով նրա որբիկը, իմ բազուկների վրա մեծացնելով և իմ ձեռքով շարժելով նրա օրորոցը։
«Եկ, մի ուշացիր, բեթլեհեմյան աստղը առաջնորդում է մեզ դեպի այրի կնոջ չադրը. եկ, գնանք, երկրպագություն տանք այն մանուկին...։
«Քո Սալբին»:
Նա ծալեց և կնքեց նամակը, տվավ Խաչոյին, որ սպասում էր նրա սենյակի դռան մոտ։
Հուսահատությունը միշտ բնական է փոքրոգի մարդիկներին, որոնց միտքը, սիրտը, խելքը և բոլոր հոգեկան զորությունները, չեն կարող տանել դժբախտության հարվածներին։
Պարոն Վասակյանի խորհուրդը,— որով մարգարեաբար պատվիրեց Սողոմոն-բեկին՝ մի քանի օր հիվանդ ձևանալ, գուցե մելիքը, հասկանալով, թե նրա հիվանդության պատճառն էր օրիորդ Սալբին, համոզվեր կատարել նրա կամքը,— եղավ ուղղորդ— «մարդի ասած, տերի լսած»— Սոլոմոն-բեկը իրավ հիվանդացավ։ Եվ նրա հիվանդությունը օրեցօր սաստկանում էր, չնայելով, թե նրա ծնողքը ուշադրություն չէին դարձնում դեպի նա։
Պարոն Վասակյանը չէր հեռանում հիվանդի մոտից։
Մի գիշեր նրան յուր մոտ կոչեց մելիքը։
— Նա տակավին չէ՞ վեր կենալու յուր հիվանդության մահճից,— հարցրուց նա։
— Նրա հիվանդությունը սաստիկ է,— պատասխանեց Ռեսը։
— Այն աղքատ աղջկա՞ համար։
— Հրամեր եք բժիշկները այդպես ասում են։
— Ուրեմն թող մեռնի յուր հիվանդության մահճի մեջ,— պատասխանեց անագորույն հայրը, գուցե մյուս աշխարհում կտեսներ յուր սիրուհին։
Պարոն Վասակյանը կոտրած սրտով դուրս եկավ մելիքի դահլիճից։ Գիշերը մթին էր և զարհուրելի, ամրոցում տիրում էր գերեզմանական լռություն։ Ռեսը անցնելով հիվանդի սենյակի մոտից, տեսավ, դեռ ճրագը վառվում էր. մոտեցավ դռանը, կամեցավ բաց անել, փակ էր։ Մի քանի րոպե նա ականջ դրեց դռան ճեղքերին, ներսից լսելի էր լինում հիվանդի նվաղած ձայնը և մի զարհուրելի խռոց։ նա առավել լարեց յուր լսողական գործարանը, դարձյալ լսելի էր լինում այն չարագուշակ խռոցը, որ ավեի նման էր խեղդվողի հեծկլտոցի խառն ձայներին։
Ռեսը, չկարողանալով ներս մտնել դռնից, մի հնարքով բաց արավ լուսամուտը։ Սարսափելի ապշություն տիրեց նրան, երբ տեսավ Սոլոմոն-բեկը յուր մեջքի գոտիով յուր պարանոցեն քարշ ընկած։ Նա իսկույն կտրեց մետաքսյա գոտին, և յուր գրկի մեջ առնելով անզգայացած տղամարդը, դրեց նրան մահճի մեջ։ նա շոշափեց խեղդվողի շնչերակը, նկատեց տակավին զարկում էր․ ձեռքը դրեց նրա կուրծքի վրա, զգացէ սիրտը թրթռում էր և դրանցով Ռեսը իմացավ, թե տակավին հույս կար նրա կենդանությանը։
Ռեսը չկամեցավ իմացում տալ մելիքին, մտածելով այդ անցքը գաղտնի պահել։
Սոլմոն-բեկը մի քանի րոպեից հետո ուշքի եկավ, սկսավ շարժել յուր ձեռքը, բայց նրա բերանից և պնչածակերից հոսում էր արյունը։ Ապա նա բաց արավ յուր կարմրած, արյունով լեցուն աչքերը, տեսավ Ռեսին նստած յուր մոտ։ նա ասաց թույլ ձայնով.
Ինչո՞ւ դուք շփոթեցիք իմ հանգստությունը․․․։
Ռես Վասակյանը ոչինչ պատասխան չտվավ։ Նա ջուր ածեց, Սոլոմոն բեկը լվաց բերանը և քիթը, մի փոքր հանգստանալեն հետո բոլորովին զգաստացավ, և խոսեց.— Երանի՜ մի քանի րոպե հետո հասած լինեիք։
— Ինչո՞ւ,— հարցրուց Ռեսը։
— Որովհետև, ես մնաս բարով կասեի իմ կյանքին,— կրկնեց հիվանդը։
— Այդ ի՞նչ հիմար ցանկություն է։
— Ախ, դու չգիտես, Ռես, որքան ծանր է ինձ ապրելը... մահը միայն կհանգստացնե իմ խղճալի անձը։
Ռեսը ոչինչ պատասխան չտվավ, նա ուշադրությամբ նայում էր նրա երեսի վայրենի գծագրությանցը։
— Թողեք իմ գլուխը բարձի վրա,— ասաց Սոլոմոն-բեկը։
Պարոն Վասակյանը յուր գրկից նրա գլուխը դրեց բարձի վրա և զգուշությամբ ծածկեց նրա երեսը, որ նույն րոպեին գունատված, կապտագույն, երևցնում էր զարհուրելի կծկողություններ։ Նրա աչքերը փակվեցան, սաստիկ ջերմախտական կրակը տիրեց նրան։ Նա շփոթված էր երևակայական ցնորքների մեջ, և երբեմն դուրս էր թողնում բերանից անորոշ և կցկտուր բառեր։— «Սալբի» — «իմ նազելի» — «հոգիս» — ըստ մեծի մասին լսելի էին լինում նրա խոսքերի մեջ։
Պարոն Վասակյանը բոլոր գիշերը անքուն հսկեց հիվանդի մոտ։ Առավոտյան Սոլոմոն-բեկը, աչքերը բաց անելով տեսավ յուր մոտ նստած Ռես Վասակյանը։
— Երևի բոլոր գիշերը անքուն եք մնացած,— ասաց նա,— գնացեք մի փոքր հանգստանալու։
— Ոչ. ես բոլորովին հանգիստ եմ՝ բայց ասացեք, ի՞նչպես զգում եք ձեզ այժմ,— հարցրուց Ռեսը։
— Ես ծանր հիվանդ եմ և շատ կարելի է այդ հիվանդությունը ինձ տանե դեպի գերեզման։
Նույն ժամանակ պարոն Վասակյանը նշմարեց նրա աչքերը նվազած և ներս ճնշված. նրանց մեջ տեսանելի էր ցավալի հուսահատությունը և կատաղի նախանձ։ Նրա դեմքը գունատված էր. մահվան դալուկը ներկել էր նրա զարհուրելի երեսը քրքմագույն դեղնությամբ։ Նրա ձայնը ստացել էր կոշտ և խռպոտ հնչումներ։
Պարոն Վասակյանը, նշմարելով, որ հիվանդի դրությունը վտանգավոր էր, հարցրուց.— կամի՞ք իմացում տալ ձեր մասին։
— Միայն ասացեք, Սոլոմոնը հիվանդ է, ուրիշ ոչինչ...։
Ռեսը դուրս գնաց։
Ռեսը գտավ մելիքին. միայնակ, յուր գործակալի հետ խոսում էին: Երբ հայտնել էր նրա որդու դրությունը.— թող մեռնի,— ասաց նա անգութ սրտով — գուցե հողը կպարտակեր այդ նզովյալ մարմինը։
Եվ նա բոլոր սառնասրտությամբ հառաջ տարավ հարցուփորձը գործակալից։ Ռեսը հեռացավ։
— Ղ... գյուղի ամբարը չափեցի՞ք,— հարցրուց մելիքը։
— Հրամեր եք,— պատասխանեց գործակալը, որ կանգնած էր ոտքի վրա։
— Գիտեմ, որ չափել եք,— կրկնեց նա,— բայց ո՞ր քոռով կամ սոմարով։
— Ոչ այն հասարակաց քոռով, որով միշտ առևտուր է լինում, և որով խոսացել եք խանի հետ, այլ մի բավականին մեծ քոռով։
— Ո՞րքան զանազանություն կանե։
— Հարյուրին տասն և հինգ բեռ։
— Խանի մարդը չհասկացա՞վ։
— Մինը հասկացավ, բայց ես նրա ափում դրի մի քանի աշրաֆի, հետո լուռ եղավ։
— Հա, ապրիս...— կրկնեց գոհությամբ մելիքը։— Միայն աշխատեցեք, մնացյալ ամբարներն նույնպես այդ քոռով չափվին։
Մի քանի րոպե տիրեց նրանց մեջ խորին լռություն։
— Գյուղերի նախրապաններին և հովիվներին ասացի՞ք, չորքոտանիների թիվը, որքան կարելի է, պակաս ցույց տան,— հարցրուց մելիքը։
— Ասացի, համարյա կես ու կես գցել տվի։
— Ի՞նչպես։
— Համբարքից մի օր առաջ տավարներն և ոչխարներն պահել տվի շրջակա գյուղերում։
— Այդ որ քո հին արհեստն է,— ծիծաղելով կրկնեց մելիքը։— Բայց թող երեսդ սպիտակ լինի։
Դարձյալ տիրեց լռությունը։
— Երկրաչափին տեսա՞ք։
— Հրամեր եք. պատվիրեցի որքան կարելի է, չվանը երկար անե։
Այդ հատուկտոր խոսակցությունը մեր ընթերցողին հասկանալի կացուցանելու համար ավելորդ չեմ համարում, մի քանի տեղեկություններ տալ նրան։
Մելիքը Զարեհավանում սովորություն ուներ ամեն տարի վարձով վեր առնել խանից մի քանի գյուղեր։ Եվ մի գյուղի վարձը որոշվում էր՝ հաշվելով նրա բնակիչների և չորքոտանիների թիվը և հողերի չափը, որոնց քանակության համեմատ ստացվում էր հարկ։ Դրա համար մելիքը հրամայել է, որքան կարելի է սակավ ցույց տան անասունների թիվը, և հողերի չափելու չվանը սովորականից երկար անեն, որպեսզի արտերը չերևցնեն ավելի տարածություն։ Նա և գնում էր խանի ամբարների ցորյանները, ով որ տեղեկություն ունի այդպիսի առևտուրներից գիտե, որ մեծ չափով առնել, փոքրով վաճառել, որքան օգուտ կբերի վաճառողին։
— Խանին հայտնեցի՞ր այդ լիրբ աղջկա մասին...— հարցրուց մելիքը։
— Հայտնեցի...— պատասխանեց գործակալը։
— Ի՞նչ ասաց։
— Ուրախությամբ ընդունեց։
— Այլևս ի՞նչ խոսեցիք։
Ինչ որ պատվիրած էիք ինձ. առաջին՝ այն հային, որ այժմ կալանավորված է, հայտնեցի, որքան կարող է չարչարե. և քանի կտանջե նրան, այնքան ավելի փող դուրս կգա...։ Երկրորդ՝ թե դուք համոզել եք ժողովրդի ծերերին, որ ավելացվի գյուղացիների գլխահարկը։ Երրորդ հայտնեցի այն իրողությունը, որ պատվիրեցիք, ձեր ու խանի մեջ գաղտնի պահվի...։
— Ապա դուք այն նորեկ հայի մասին ոչինչ չխոսեցի՞ք, որ այնքան փող է բերել Ռուսաստանից։
— Հրամեր եք. ես ասացի թե այդ հայը յուր արծաթից փքվելով խիստ բարձրից է գնում, պետք է սեղմել նրան և հայտնեցի, թե դուք ուսուցել եք մի մարդու, որ բողոքե խանին, իբր նորեկ պարոնը բռնություն էր գործ դրել նրա կնոջը վրա. և մի այդպիսի սուտ ամբաստանություն բավական էր նրանից դուրս քաշելու յուր բերած ոսկիները։
— Խանը ի՞նչ ասաց։
— Հրամայեց, կնոջ այրը շուտ յուր մոտ ուղարկեք։
Մինչ մելիքը այդպես խոսում էր յուր գործակալի հետ, Ռես Վասակյանը ներս մտավ Նազլու խանումի մոտ և հայտնեց նրա որդու երկյուղալի հիվանդությունը։ Բայց մայրական սիրտը՝ յուր բոլոր թուլությամբ՝ առավել փափուկ և գթառատ է։ Նա շուտով զիջավ յուր բարկությունից, և առանց ժամանակ կորցնելու, մտավ որդու սենյակը։ Խղճալի մայրը զարհուրեցավ, երբ տեսավ յուր որդու մեռելատիպ երեսը։ Միևնույն ժամանակ հավաքվեցան այնտեղ և նրանց բարեկամ կանայք, բոլորեցին հիվանդի շուրջը։
Լացի հետ խառնել սգավոր երգեր, մի ծանր հիվանդի մոտ, կամ մեռելի վրա, այդ սովորություն է արևելյան ազգերի մեջ։ Ամեն մի լացող աշխատում է՝ յուր երևակայության և խելքի զորությունը ցույց տալ՝ առավել տխրեցուցիչ և սրտաշարժ խոսքերով հորինելով յուր ողբը։ Բայց ափսոս, արևելքում և սգի ողբերր երգում են այլազգի բարբառով։
— Վա՜յ... վա՜յ... ամա՜ն... վա՜յ... ազատեցեք, օգնության հասե՛ք, մեռա՜վ... մեռա՜վ իմ որդիս... ազատեցե՛ք, վա՜յ ինձ... վա՜յ իմ հոգուս... Սոլոմոն ջան, հոգի ջան, աչքի լույս... ի՜նչ պատահեց քեզ... տունս քանդվեցավ... օրս ու արևս մթնեցավ... աստված ջան... Քրիստոս ջան... Ով սուրբ աստվածածին... ազատեցեք, օգնության հասեք... ազատեցեք իմ սիրականը... իմ ծերության միակ հույսը..․
Մյուս կանայքը սկսեցին ավելի դաշնակավոր եղանակով։
— Երկինք, դու փուլ եկ... մեզ տակով արեք՝ որոտ, կայծակներ...։ Անդունդ բաց արա անհագ բերանդ, մեզ ձեզ մոտ տարեք՝ հրեշ ճիվաղներ... թող մեր աչքերը չտեսանեն, ավա՜ղ, այդ զարհուրելի տխուր տեսարան... թող մեր աչքերը չտեսնեն չքնաղ այդ սիրուն տղամարդ՝ ընկած անկենդան...
Սկսում է մայրը, մյուսները ձայնակից են լինում.
Այդ ի՞նչ եմ տեսնում... քոռացեք աչքե՛ր,
Այդ ի՞նչ է աստված, ինչ տխուր պատկեր...
Դժո՛խք, ով դժոխք, ինչո՞ւ չես բացվում,
Իմ խղճիկ մարմին դեպի քեզ քարշում։
Վեր կաց, մի քնե, որդյակ իմ չքնաղ,
Իմ սիրուն հոգիս՝ քեզ կտամ մատաղ.
Բաց արա աչերդ, ով իմ կենաց հույս,
Մի խավարեցրու մեր արև, մեր լույս։
Մի՛ փակե աչերդ, այդ սև-սև աչեր,
Ա՜խ, քեզ թող օգնեն սուրբ աջեր, խաչեր...
Քեզ եմ աղերսում, հզոր սուրբ Սարգիս,
Կա՛մ փրկիր որդիս, կա՛մ առ իմ հոգիս։
Լսե իմ ձայնիս, խղճա քո խեղճ մայր,
Մի՛ ցցե սրտումը նետեր քառասայր,
Մի՛ թող դու նորան դնել գերեզման՝
Յուր անգին որդին, որդին աննման...։
Վեր կաց, մի քնե, որդյակ իմ սիրուն,
Մի քանդե քո հոր և քո խեղճ մոր տուն,
Հիշե մեր սարեր, հիշե մեր դաշտեր,
Ծաղկած այգիներ, աղբյուրներ, գետեր։
Առանք քեզ ծաղկոց, պարտեզ, բուրաստան
Են փուշ, տատասկի մացառ անպիտան.
Առանց քեզ մեխակ, շուշան, նունուֆար
Չեն անուշահոտ՝ և վարդերը քյաֆուր։
Երբ որ պարտեզում դու ծաղկապսակ՝
Մնջիկ ման գայիր, որպես հրեշտակ,
Վարդը նուրբ թերթերն կամենար ներկել
Քո շքեղափայլ թշերուն հասցնել։
Երբ որ անտառում՝ ուրախ խնդամիտ՝
Կհնչեցնեիր ծառեր թավախիտ,
Սոխակը ձայնիդ երգակից լիներ,
Հովվի հոտերը քեզնով կհրճվեր։
Վեր կաց, իմ հրեշտակ, վեր կաց կյանքիս հույս,
Մեր խավար օրին դու ծագե մեզ լույս,
Առանց քեզ մի ժամ, և հոժար ինքնակամ,
Անգութ Գրողին՝ ես հոգիս կտամ...։
Պարոն Վասակյանի աչքերը նույնպես լցված էին արտասունքով, նա լաց էր լինում, ոչ առավել նրա համար, որ երկյուղ կար յուր աղայի կյանքի մասին, այլ որ նրա հետ կկորչեին յուր այնքան օգուտները, որ հույս ուներ ստանալ Սոլոմոն-բեկի ամուսնությունից...։
Մինչ Ավազակյանց տանում այդպես սուգի մեջ էին, տեր-Առաքելենց դռանը վեր եկավ ձիուց մի տղամարդ. նրա զենքերը հնչեցին բարձր ձայնով, և նա՝ յուր ձիու սանձը ծառայի ձեռքը տալով, ներս մտավ։
— Բարով, բարով,— նրան ասաց մահտեսի Ավետիսը, հանդիպելով յուր որդուն բակի մեջ։
Բայց պարոն Ռուստամը գլուխ տվեց և անխոս մտավ յուր սենյակը։
Երեկոյան պահուն՝ նրան տեսության եկան պարոն Արամ Աշխարունին և պարոն Խոսրով Մելիքզադեն։
— Օ՜, որքան չաղացել եք,— նրա ձեռքը բռնելով ասաց Մելիքզադեն երևի լեռնային օդը ձեզ համար առավել առողջարար է եղել։
— Դուք գիտեք, մեր սարերում որքան չաղանում են մեր ոչխարները, միթե ես նրանցից պակա՞ս էի,— պատասխանեց ծիծաղելով պարոն Ռուստամը։
Պարոն Աշխարունին սկսեց երկար հարցուփորձ անել այն տարվա արոտների մասին, ոչխարների մասին, նա մի առ մի հարցնում էր գյուղացիների առողջությունը։ Բայց պարոն Ռուստամը միշտ տալիս էր կարճ և անորոշ պատասխաններ։ Նրա միտքը այն րոպեին օրիորդ Սալբիի մոտ էր։
— Դուք լսե՞լ եք, Ռուստամ, Հովասաբենց մասին մի բան,— հարցրուց պարոն Մելիքզադեն։
— Հա, լսել եմ, Միրզա-Ֆաթալին տիրել է նրանց ժառանգությունները և Սոլոմոն-բեկը կամենում է պսակվիլ օրիորդ Սալբիի հետ,— պատասխանեց պարոն Ռուստամը կատականոք։
— Ես չէի կարծում տիկին Թարլանի կողմից մի այդպիսի հիմարություն,— խոսեց պարոն Աշխարունին,— որ նա յուր փառասիրության համար ցանկանար ավերել յուր ամուսնի ուխտը։
— Ինչո՞ւ համար չեք կարծելու,— նրա խոսքը կտրեց Խոսրովը,— կանանց սեռի փոփոխամտությունից և մանավանդ նրանց թուլությունից ամեն բան կարծելի է։
— Մինչև ա՞յդ աստիճան։
— Բանը իրավ, աստիճանից է կախ, աշխարհի աչքերը միշտ հարգությամբ նայում են դեպ աստիճանները։
— Ի՞նչպես։
— Այնպես որ, մեզ հայտնի է՝ տիկին Թարլանը մի աղքատիկ կնիկ է։
Պարոն Ռուստամը լուռ ականջ էր դնում։
— Եթե տիկին Թարլանը ընդդեմ յուր աղջկա կամքին կգործեր մի այդպիսի ուխտազանցություն, հայնժամ ես կբողոքեի հոգևոր կառավարությանը,— կրկնեց պարոն Ռուստամը։
— Այ եղբայր, որքան պարզամիտ եք դուք,— նրան պատասխանեց պարոն Խոսրովը.— միթե չե՞ք գիտում, որ հոգևոր կառավարության շունչը, հոգին՝ մելիքի քսակի մեջն է։
— Ի՞նչպես,— հարցրուց պարոն Ռուստամը ավելի տհաճությամբ։
— Այնպես որ, երբ մի մարդ մի ուրիշի ձեռքով գործում էր մեղք, նա նրա ծառան է։ Այժմ մտածեցեք, մեր հոգևոր կառավարությունը որքան ավազակություններ, որքան գողություններ, որքան անիրավություններ գործել է մելիքի ձեռքով։ Եվ եթե գիտեք, հոգևոր կառավարությունն էր, որ բարեկենդանին արգելեց քո պսակը. երևում է, այդ գործի մեջ Ավազակենց հետ խորհրդակից են և սևագլուխները։
Պարոն Ռուստամը դարձյալ լուռ կացավ։
— Ի՞նչ պետք է արած,— հարցրուց պարոն Աշխարունին յուր սովորական հանդարտությամբ։
— Որպես ես մտածում եմ, պարոն Ռուստամի պսակվելու գործը օրիորդ Սալբիին հետ՝ ազատ չէ վտանգներից,— խոսեց պարոն Խոսրով Մելիքզադեն։ Ես գիտեմ որ հայոց բոլոր քահանաները հրաժարվելու են այդ պսակը կատարելուց, և այդպիսի հանգամանքներում պետք է վարվել այնպես, որպես ես արժան տեսա երեք ամիս դրանից առաջ, այսինքն առանց քահանայի՝ մեր ձեռքով պսակել։
— Ահա այդ տեղից են սկիզբն առել հայերի մեջ բաժանմունքները, կաթոլիկների, պրոտեստանտների և այլն,— պատասխանեց Արամը։— Երբ մի հայ մի փոքր ընդդիմացել է հայ հոգևորականի կամքին, նա, իսկույն փոխանակ քրիստոնեական եղբայրասիրությամբ նրա սիրտը ամոքելու և նրա հետ հաշտվելու հրաժարեցնում է յուր եկեղեցուց, չկատարելով նրա հոգևոր պիտույքները: Եվ խղճալի հայը, ճարահատյալ դիմում է դեպի մի այլ եկեղեցի, մտնում է նրա ծոցը, ընդունում է այլ անուն... և այդպես, մեր չար եկեղեցականների հիմարությամբ, ամեն տարի որքան հոգիներ կորչում են, անհետանում են և կուլ են գնում մյուս ազգերի անդնդում...։
Նույն ժամանակ ներս մտավ մահտեսի Ավետիսը, նրան արժանավոր ընդունելություն ցույց տվին, նստեց։
Բայց նույն միջոցին, երբ մանուկ տղամարդիկը, տաքացած էին խոսակցությամբ, դրսից մի բան քանի անգամ զարկվեցավ լուսամուտի ապակիներին։ Նրանք՝ կարծելով թե քամին շարժեց պատուհանները, ուշադրություն չդարձրին։
— Ապա ի՞նչ պետք է արած — հարցրուց պարոն Մելիքզադեն։
— Եղբայրը, մենք մի բանի հիմքը դրել ենք այդ երկրում,— խոսեց պարոն Արամը,— պետք է նույն հիման վրա, նույն ուղղությամբ բարձրանա շինվածքը։ Մեր դիտավորությունն այն չէ այստեղ ազգի մեջ հերձված գցել, նոր կրոնք բաժանել, և նրանց սերն ու միաբանությունը խռովել։ Եվ ոչ մեր նպատակն այն է, մի նոր անուն ընդունել մեր վրա, բայց մի փոքր զտելով հայոց կրոնքը յուր պղտորություններից, մնանք դարձյալ հայ, սիրելով մեր ազգը, մեր պատմությունը և մեր հայրենիքը։ Տեսնենք, եթե այդ գործի մեջ տեղիս եկեղեցական հարք կսկսեին մեզ հետ հակառակիլ, մենք մեր խոնարհությամբ կաշխատենք նրանց հետ վարվիլ որպես եղբայրներ։
Դրսում խորին մութ էր, պարոն Աշխարունին հրաժարական ողջույն տալով, հեռացավ։ Պարոն Մելիքզադեն մնաց այնտեղ։
— Եղբայր,— խոսեց նրա գնալուց հետո պարոն Խոսրովր,— թեպետ պարոն Աշխարունու խոսքերը հեռու չեն ճշմարտությունից, բայց դարեր հարկավոր են, մինչև մենք հայոց եկեղեցականներին սովորեցնենք՝ միաբանություն և եղբայրասիրություն։ Իսկ քո պսակը չէ կարելի թողուլ մինչև դարերի վերջը։ Շատ լավ. մենք չենք կամենա այստեղ հերձված գցել, միայն մի բան ասեմ քեզ, Ռուստամ, լսիր, եթե կամենում ես օրիորդ Սալբին քեզ կին լինի, առ նրան, փախիր դեպ հեռավոր աշխարհ, այնտեղ կատարել կտաս քո պսակը...։
— Ճշմարիտ, լավ է խոսում Խոսրովը,— կրկնեց մահտեսի Ավետիսը։— Մենք չենք կարող մարտնչիլ մի երկրի ժողովրդի հետ։
— Դուք կարծում եք աշխարհը շարժող մեքենան արծաթն է,— հացրուց պարոն Ռուստամը հորից։
— Հա, աշխարհի աստվածը այդ ժամանակում նույնպես արծաթն է,— պատասխանեց մահտեսի Ավետիսը։
Պարոն Մելիքզադեն վեր կացավ, նույնպես կամենում էր գնալ։ Պարոն Ռուստամը հայտնեց նրան, թե նրա խորհուրդը հավանական է, միայն պետք է խոսել օրիորդ Սալբիի հետ։ Պարոն Մելիքզադեն հեռացավ։
Բայց մի քանի րոպեից հետո, մի մարդ դուրս գալով պարոն Ռուստամի նախասենյակից, մութի մեջ, կտուրների վրայով գնալով, մոտեցավ պատին, յուր մեջքի պարանը կապեց պատից վեր ցցված ժանիքին, իջավ դեպի ցած, աներևութացավ խավարի մեջ։ Եթե մինը կհարցներ, թե ո՞վ էր այդ գիշերային դևը, մենք կասեինք, Ռես Վասակյանը, որ լուսամուտի առջև լրտեսում էր։