Այն նահանգը, որտեղ կատարվում է մեր վիպագրության նյութ ծառայող անցքը, տեղավորված էր Ատրպատականի այն մահլի մեջ, որի արևմտյան սահմանակից սարերի մեջ բնակում էին քրդերի թափառական ցեղեր, որոնք, որպես պատերազմասեր բարբարոսներ, շատ անգամ ավազակաբար հարձակվում էին նրա բնակիչների վրա, կողոպտում, ավար տանում նրանց ոչխարները, տավարների նախիրները և շատ անգամ չարաչար սպանելով բնակիչները։ Այս պատճառով, այն սարերը, որտեղից նրանք դուրս էին գալիս, կոչվում էին դուշմանա սարեր, այսինքն թշնամյաց սարեր։
Օսմա-աղա քուրդը անխնա ասպատակում էր երկիրը։ Բոլոր Զարեհավանը լցվել էր շիկակների, ռավանդների, հարքիների և քրդերի այլ բարբարոս ցեղերի ավազակներով։ Բնակիչներից ոմանք Հովատար և Ճարա բերդերը փախչելով հազիվ ազատվեցան։ Իսկ մնացյալները՝ իրանց կյանքով զոհ գնացին թշնամու անգութ սրին...։
Տեր-Առաքելենց տանը, Ռուստամի սենյակում, արեգակը ճառագայթում էր թույլ և աղոտ լույսով։ Հիվանդի մոտ նստած էին՝ տեր Մարկոսը և Հուրի Խան-Դայան: Քահանան պատմում էր, թե որքան վնասներ են գործել քուրդերը, և թե շատ երկյուղ կար, որ նրանք հարձակվեին Ծաղկավանի վրա ևս։ Այդ դիպվածին տեր Մարկոսը խորհուրդ էր տալիս, որ ժողովուրդը հավաքվել եկեղեցում, և նրա տանիքից, հարկավորած ժամանակ, կռվեին, թշնամիների հետ։
— Գերիների վիճակը միշտ այդպես է...— կրկնեց հիվանդը դառն եղանակով:
— Մի թույլ, փոքրուղի և երկչոտ ազգ միշտ ապրում է հալածանքի մեջ:
Քահանան կրկնում էր, թե այդ հալածնքները ուրիշ ոչինչ չեն, բայց միայն աստուծո բարկություն, որով կամենում է պատԺել հայերը, իրանց մոլորությունների համար։
— Ո՛չ, տե՛ր հայր,— մեջ մտավ Հուրի Խան-Դայան,— դրանք բոլորը ուղիղ նշաններ են, որ ցույց են տալիս, թե աշխարհիս վերջը հասել է։ Դեռ ո՜ւր է... շա՛տ չարիք պիտի տեսնեն մեր մեղավոր աչքերը — սով, սրածությունք, մահտարաժամք, սուտ մարգարեներ, սուտ քրիստոսներ,— իսկ բոլորից հետո կհայտնվի Նեռը. նստած յուր ահագին խայտաճամուկ իշու վրա, որի ականջների միջի տարածությունը երեք մղոն է։ Նրա քամակը կնմանի մի ընդարձակ դաշտի, որի վրա հոսում էին ջրի առվակներ, ա՛յլ և այդ զարհուրելի անասունի մեջքի վրա կազմված են հաց թխելու թոնիրներ և ցորենի ամբարներ։ Բոլոր ազգերը, նեղված սովից, կդիմեն դեպի Նեռը. «ինձ հավատացեք, ինձ երկրպագություն տվեք», կա՛սե նա, «ես ձեզ կկերակրեմ հացով, և սառն ջուր կխմեցնեմ ձեզ»: Եվ երկրպագողները կտանե յուր մոտ, ավանակի վրա։ Նույն օրերին կհայտնվին աջուջ-բաջուջները. նրանք ունեին մեկ թզաչափ հասակ, բայց այնպիսի երկար և լայն ականջներ, որ գործ են ածում որպես սփռոց գետնի վրա նստելու ժամանակ, իսկ քնելու միջոցին՝ փաթաթվում են նրանցով, որպես վերմակներ...:
Սնահավատ Հուրի Խան-Դայայի այդ առասպելական զրույցները զարթեցրին քահանայի մտքի մեջ ավետարանական բանի հիշողությունը, և նա ջերմեռանդությամբ սկսեց կարդալ այս խոսքերը.
— Յարիցէ ազգ յազգի վերայ, եւ թագաւորութիւն ի թագաւորութեան... և եղիցին սովք և սրածութիւնք, եւ սասանմունք ի տեղիս-տեղիս...։ Եւ բազում սուտ մարգարէք յարիցեն և զբաղումս մոյորեցուսցեն...։ Եւ վաղվաղակի յետ նեղութեան աւուրցն այնոցիկ, արեգակն խաւարեսցի եւ լուսինն ոչ տայցե զլոյս իւր...։
Հուրի Խան-Դայան երկյուղածությամբ խաչակնքեց յուր երեսը, և ջերմեռանդությամբ աղոթում էր աստծուն, որ ազատե իրան այդ օրերի նեղություններից, որովհետև նա ստուգիվ հավատաում էր՝ թե աշխարհի վերջը հասել է։
— Էլ ի՞նչ մնաց պակաս,— խոսեց նա.— արդեն մարախից հետո սովը մեր աշխարհից չէ վերանում. սրածությունն Էլ վրա հասավ... իսկ սուտ մարգարեքը... ա՜խ այդ անիրավ մոլորեցուցիչները... մեր միջո՛ւմն են... մեր տներումն են բույն դրել, բա՛յց մենք չենք հասկանում։
Հուրի Խան-Դայայի վերջին խոսքերը պարոն Աշխարունու և նրա կողմնակիցների համար էին։
Ռուստամին խիստ վատ ներգործեց մի այդպիսի զրպարտություն:
— Հայոց ազդի անբախտ պատմությունը,— ասաց նա,— մեզ պատկերացնում է այդ ազգի կրոնամոլական թուլությունները... մի այդպիսի հանգամանքներին, երբ կոտորում՝ գերի էին վարում նրանց, միշտ կարծել են տալիս, թե ահա՝ հասել էր աշխարհիս վերջը... Բա՛յց, երբեք չեն մտածել իրանց սրով, իրանց քաջությամբ— պահպանել իրանց գլուխները...:
— Քաջությունը և սուրը ի՞նչ կարող են անել աստծո պատժին,— ասաց տեր Մարկոսը:
Ռուստամը ոչինչ չպատասխանեց, երեսը թեքեց դեպի պատը, և միևնույն ժամանակ արտասուքը հեղեղի նման սկսեց թափվել նրա լցված աչերից:
Հուրի Խան-Դայան և տեր Մարկոսը, զգալով հիվանդի խռովությունը, և թե իրանց ներկայությունը ծանր և անտանելի էր նրան, վեր կացան և դուրս գնացին:
Երեկո էր, հիվանդի սենյակի մեջ տիրում էր խորին խավար, բայց շուտով հսկայամարմին Խաչոն ներս բերավ ճրագը:
— Ի՞նչ լուր կա, Խաչո,— հարցրուց հիվանդը։
— Շատ ցավալի լուրեր,— պատասխանեց քաջասիրտ ծառան.— Ավղանա և Արավուլ սարերի մոտ եղած բոլոր հայերի գյուղորայքը ավերել են... և քառասուն ուղտի բեռ, հայի գլուխներով լիքը, սպանվածների գույքի և ոչխարների հետ՝ թշնամին տարավ դեպ Հախպակ...։
—Այդ մի նոր բան չէ հայերի կյանքում...— պատասխանեց հիվանդը դառն եղանակով։— Խա՛չո, հայերը սովորած են սև օրերի...։ Այլևս ի՞նչ լուր ունիք։
— Նայիր Ուլ-Սալթանան գնաց քրդերի վրա, Հախպակա և Հայոց Ձորի գերիները վերադարձրել Է. բոլորը հայ նորահաս պատանիք և մանկահասակ աղջիկներ են...։ Մեր գյուղացիներից շատերը արծաթով գնեցին այդ գերիներից, մեկից մինչև տասն թումանով...։
— Այդ ևս նոր լուր չէ, Խաչո,— պատասխանեց հիվանդը ցավակցաբար,— գերությունը՝ մեր պապերի միակ ավանդն է, որ թողել են մեզ...: Բայց դու չմոռանաս գնել մի քանի հատ այդ գերիներից, ահա քեզ արծաթ։
Ռուստամը դուրս բերեց յուր բարձի տակից արծաթով լի մի քսակ, տվավ ծառային՝ և նրա աչքերը դարձյալ լցվեցան արտասուքով։ Նա դառն եղանակով երգեց.
«Մի՞թե արյունո՛վ գրվեցավ՝
Ճակատագիրդ — անբախտ հա՛յ.
Հայրենիքդ՝ քեզ բանտ դարձավ.
Օտար աշխարհն էլ բերեց վայ...։»
— Այլևս ի՞նչ կա, Խաչո,— հարցրուց հիվանդը։
— Ասում են Հախպակը թալանեցին, և սուրբ Բարթուղիմեոսը քարուքանդ արին։
— Թող մնան դրանք, թե աստված կսիրես. դու վշտացնո՛ւմ ես ինձ, Խաչո,— նրա խոսքը կտրեց Ռուստամը— ա՛սա խնդրեմ, դո տեսա՞ր նրան:
—Հրամեր ե՛ք, աղա,— պատասխանեց ծառան,— նա ասաց, «ես կգամ կես գիշերվա պահուն»։
— Ուրեմն արթուն եղիր, բակի դռները բաց թող. և երբ գա՝ առաջնորդիր դեպ իմ սենյակը։
Ծառան հեռացավ։
Դրսում մրրիկը կատաղաբար մռնչում էր. լուսամուտի ապակիները զարհուրելի ձայներ էին հանում. վառարանում կրակը սկսել էր հանգչիլ. մի քանի ածուխներ հազիվ պլպլում էին իրանց թույլ կանաչագույն բոցերով։ Ահա աքաղաղները խոսեցան։ Կես գիշեր է։ Հասավ ուխտյալ ժամը, բայց նա տակավին երևան չեղավ: Հիվանդը, յուր քնաշորերում անհանգիստ, անքուն, սպասում է՝ մի կողմից դեպ մյուսը շրջվելով։ Ճրագը ծխրտում էր յուր աղոտ լուսով։
Քնարանի դուռը հեզիկ զարկեցին. րոպեական լռությունից հետո՝ մինը ներս մտավ, փաթաթված մի լայն մեշեդյան շալով. նրա փափուկ թշերը լրջացել էին ցրտից.— այդ օրիորդ Սալբին էր։
— Դու երկար սպասել տվիր ինձ, իմ հրեշտակ,— նրա ձեռքը բռնելով, ասաց Ռուստամը։
— Ի՞նչ պիտի արած... դևերը քնեցին, սատանայք ննջեցին, բայց իմ մոլակրոն մայրը դեռ անքուն նստած՝ տակավին խազում էր յուր պատկերների և յուր խաղերի հետ... — պատասխանեց ծիծաղելով օրիորդ Սալբին։
— Ա՜խ, այդ մոլեռանդ ծնողները... — կրկնեց հիվանդը խորհրրդական ձայնով։
— Ի՞նչպես ես զգում այժմ քեզ,— հարցրուց օրիորդը։
— Ոչ բոլորովին լավ... միայն այժմ մեռնելուս երկյուղը անցել է:
— Ասա՛, Ռուստամ, ի՞նչն էր քո հիվանդության պատճառը։
— ճշմարիտն ասած՝ ստույգ չգիտեմ... միայն, գլխավոր պատճառն համարում եմ այն զարհուրելի երազը, որ տեսա ես բարեկենդանի գիշերը։
Օրիորդը արհամարհաբար ծիծաղեց։
— Դու մի երազ տեսար, և մի երազ է պատճառ եղել քո հիվանդության,— ասաց նա արագությամբ.— ֆո՜ւ, այդ ներելի չէ քեզնից լսել։
— Հա՛, երա՛զ, ա՛յն սարսափե՜լի երազը,— կրկնեց հիվանդը առաջին եղանակով։ Օրիորդը չկարողացավ զսպել յուր զարմացքը։
— Պատմիր, Ռուստամ, պատմիր խնդրեմ, որպիսի՞ երազ,—հարցրուց նա հետաքրքրությամբ։
Ռուստամը սկսեց մանրամասնաբար պատմել երազը, որ այնքան ուժգին պաշարել էր նրա միտքը: Միևնույն ժամանակ օրիորդը չէր դադարում հոգվոց հանելուց. նա, ականջները լարած, խորին ուշադրությամբ լսում էր։
— Թեպետ ես մի հմուտ հոգեբան չեմ,— ասաց օրիորդ Սալբին, բայց այսքանը գիտեմ, շատ անգամ, երևակայական խառը պատկերները, ուղեղի ուժգին գրգռումները՝ ծնեցնում են զարհուրելի երազներ, որոնք սաստիկ ներգործելով մեր հոգու վրա, պատճառում են հոգեկան հարվածներ, որոնք չարաչար հիվանդություններ են բերում։
— Հա՛, Սալբի, մեր պսակի հետ ընկնելը խիստ սաստիկ կերպով պաշարեց իմ միտքը, որով երևակայությունս վառված էր տխուր և տրտում մտածություններով, և մի անտանելի կասկածանք, մի տարապայման երկյուղ՝ ինձ անգամ անհասկանալի — մաշում էին իմ անձը. և այժմ իսկ, այդ դժնդակ երկյուղը և կասկածանքը— ինձնից չեն հեռանում։
— Ինչո՞ւ, այդ թուլասրտություն է։
— Ա՜խ վիշապը... այն կատաղի վիշապը... միթե չէ՞ ցույց տալիս, որ մի թշնամի ձեռք հսկում է մեր վրա։
Օրիորդը համակրաբար նայում էր յուր սիրողի երեսին, ասես թե, միևնույն կասկածանքը նկարված էր նրա աչքերի մեջ ևս։ Այո՛, և մի այդպիսի երկյուղ թաքնված էր խեղճ օրիորդի սրտում...:
— Պետք է հեռու դնել այդ ունայն և սրտամաշ տրտմությունները, իմ սիրելի,— մխիթարական կերպով խոսեց օրիորդ Սալբին,— առանց դրանց, դարձյալ մեր կյանքը լի է տառապանքներով.
Ռուստամը մտածության գնաց, ոչինչ չպատասխանեց։
— Արդարև. ո՛րքան քաղցր է մահը, երբ այս կյանքը լի է ցավերով,— ասաց օրիորդը։
— Մահը հանգստացնում է մարդու դժբախտությունները,— պատասխանեց Ռուստամը։
— Ա՜խ, ո՜րքան կփափագեի ես շուտ մեռնել, եթե քեզ, Ռուստամ, չթողնեի այս աշխարհում միայնակ։
— Ինչո՞ւ, քո անձը դեռ լի է դալար և թարմ կյանքով։
— Չէ՛, իմ սիրելի, որպես ասացիր — մահը հանգստացնում է մարդկանց դժբախտությունները,— ասաց օրիորդը։
— Ուրեմն ես կհետևեմ քեզ դեպ հավիտենական կյանքը, — պատասխանեց Ռուստամը։
Օրիորդ Սալբին, երեսը մի կողմ շրջեց, և սրբեց աչքերի արտասուքը, խղճալու սիրտը նույն րոպեին, դարձրել էր տրտմության մի ծով...: Մի ցավալի իրողություն, որ այնքան ծանր դրված էր նրա սրտի վրա, կամենում էր հայտնել, բայց չէր համարձակվում։ Նա մտածեց հայտնել այդ — հարևանցի կերպով։
— Այսպիսի անմխիթար խոսակցությունները,— ասաց օրիորդը,— դարձյալ կավերեն քո առողջությունը. լավ է խոսենք մի փոքր ուրախալի բաներ։ — Լեզուն արտասանում է այն՝ ինչ բանով որ լցված է սիրտը, — պատասխանեց Ռուստամը:
— Բայց և այնպես, ես կերգեմ քեզ մի ուրախալի տաղ:
— Երգիր, խնդրեմ, ես շնորհակալ կլինեմ քեզանից:
Օրիորդր սկսեց ազդու և գրավիչ ձայնով երգել այն սարսափելի երազը, որ ինքն էր տեսել մի քանի գիշեր առաջ։
Կարծես եդեմի ճեմելիքներով
Մնջիկ, միայնակ զբոսնում էի.
Բյուր ծաղիկների վառ-վառ գույներով
Իսպառ հիացած՝ զմայլում էի։
Անթիվ թռչուններ, մին մնից սիրուն,
Լսեցնում էին ինձ՝ յուրյանց երգեր.
Եվ քերոբեներ, անհամար, անհուն,
Գեղգեղում էին սրբազան երգեր:
Այդ մի երազ էր... Բայց կախարդական...
Թողեց իմ սրտում վշտեր անհամար...
Կամ թե առ աչոք թիլիսմ դյութական,
Որ կրակ վառեց հոգվույս մեջ անմար,
Ինձ այն ժամանակ՝ քանի՜ գեղեցիկ
Երևեցավ նա այն ծառերի տակ.
Չէր նա հողեղեն — մարմնազգեցիկ,
Որպես հրեղեն՝ էր սիրուն հրեշտակ,
Նրա կիսամերկ մարմին ծածկում էր
Շղարշի թեթև սփածանելիք.
... Պայծառ երեսի վերա խաղում էր
Մի սիրտ գրավող և ուրախ ժպիտ:
նրա այն մեծ-մեծ սև աչիկները
Փայլեին որպես մի վառած ղամբար,
Եվ փղոսկրյա պարանոցի վրա
Թուխ գանգուրները՝ բռնել էին պար:
Նա թեթև, որպես մի բարակ զեփյուռ,
Վազեց, կանգնեցավ ինձ խիստ մերձակա,
Հազար պչրանքով՝ հազար հրապույր
Արտափայլում էր երեսի վրա:
«Ուսկի՞ց հայտնվեցար դու այդ երկնաճեմ
Զբոսարանում միշտ — անմահների,
Ո՞ր ձեռքը բերավ քեզ աստ ի հԵդեմ.
Պատմիր, խնդրեմ, ով իմ նազելի»։
Նա այդպես խոսեց, բայց մեղր կաթեց
Նուրբ շրթունքներեն վարդագույն կարմիր.
Այլ ծանոթ ձայնը ինձ քաջալերեց,
Ես հառաջ տարա այդպես իմ խնդիր։
— «Ուժգին հողմերի թևերի վերա՝
Չափեցի անհուն այդ տարածություն.
Ես քո տեսության այս տեղում եկա.
Ինձի պաշտպանեց գաղտնի Զորություն»:
— «Այստեղ ես եկա, ով իմ հրեշտակ,
Տեսնել, արդյո՞ք, թե հավիտենից
Մեր ճակատագիր, մեր բախտ և վիճակ
Ո՞րպես են վճռված նախախնամողից»։—
«Ե՛կ ինձ հետ, ցույց տամ այն տխուր հանդես
Մեր ճակատագրի, սիրելիդ անգին.
Եթե սիրտ ունիս, դու նայի՛ր և տե՛ս
Ցավալի պատկեր մեր դառն վիճակին»։
Այդպես նա խոսեց, բայց իսկույն փոխվեց
Սիրուն երեսի այն կարմիր գույնը.
Փայլուն աչքերն արտասուք թափվեց
Բռնեց իմ ձեռքեն, տարավ մյուս կողմը:
Այն մի պարտեզ էր,ուր նա ինձ տարավ,
Թարմ ծաղիկներով զարդարած համակ.
...«Ահա՛ այդ վարդը, նա ինձ ցույց տվավ.
«Է մեր վիճակի ստույգ օրինակ»:
Աչքերուս առջև մթնեց, սևացավ.
Տրտում տեսարան խռովեց իմ հոգին.
Սիրտս պաշարեց հազար ու մեկ ցավ,
Գլուխս բորբոքեց մի կրակ ուժգին։
Ես տեսա մի վարդ, ի՜նչ քնքշիկ վարդ...
Դեռ նոր էր փթթել ծաղիկ ու սաղարթ,
Դեռ նոր էր օդը նրանից ծծում
Յուր եթերական անուշհոտություն:
Տեսա ես վարդը... о՜հ, զզվելի բու
Դեղին թաթերով էր նրան գրկել.
Գրկել էր վարդը... օ՜հ դեպք ահարկու,
Եվ յուր ժանտ կուրծքին նրան պինդ ճնշել։
Քրքրում էր թերթերը... բերում էր սարսափ,
Ստվերախիտ թուփը կաներ տերևաթափ,
Քրքրում էր թերթեր, թափում էր գետին,
Խառնում էր նրանց հետ սյավ հողին։
Աչքերս խփեցի, շուտով անց կացա,
Այլևս չտեսնեմ այդպիսի եղեռ.
Նորան չէր հեռու, այլ խիստ մերձակա՝
Տեսա ես մի այլ սգավոր պատկեր.
— Տխո՜ւր անապատ... տատասկի մացա՜ռ,
Ուր բուսել էին փուշեր հոգեառ.
Փուշե՜ր թունավոր, փուշե՜ր ծակոտող...
Ո՜հ, ես զգացի, սարսուռ, ահ և դող:
Մի սիրուն սոխակ, վարդի ջերմ երգակ,
Փուշերու վերա, թռչոտում էր միակ.
Թոչոտում էր նա, լալով, ճչալով,
Հոգնած թևիկներ հեզիկ շարժելով։
Դեպ վարդ գնալու կ’ուներ նա միշտ փույթ,
Գոգցես արգելեր ձեռք աներևույթ.
Գուցե թե նորան ավերակաց ժառանգ՝
Սպառնում էր շատ սարսափ ու զարզանդ։
Ծակում էր փուշը խղճի նուրբ դոշը,
Չէ՛ր կարում թառիլ ձայնով անուշը.
Այնպես թռվռաց, երկար ճլվլաց,
Աչերեն թափեց շատ արտասուք, լաց։
Նվազած թևիկներ՝ կախեց, վայր ընկավ,
Յուր փափուկ կուրծքը փուշերուն զարկավ,
Նետեր ցցվեցան սրտում սոխակին,
Վա՜րդ, վա՜րդ, կոչելով փչեց սուրբ հոգին...
Երկինքը գոռաց, մրրիկը սուլեց,
Կայծակ և կրակ միմյանց հետ խառնեց,
Մտավ արեգը՝ ամպերու տակը՝
Անիրավ գործի չդառնալ վկա:
Ճղացի որպես կատղած խելագար,
Հարձակեցա շուտ՝ գե՛թ հասցնել մի ճար.
Արդեն մեռա՜ծ էր... տաք արյան բոսոր
Ներկել էր կարմիր՝ կուրծքը փառավոր։
—«Այս ի՞նչ օրենք է, այս ի՞նչ դատաստան,—
Գռռացի հայնժամ.— «Այս ո՞ր անպիտան՝
Բարի գործի մեջ՝ անարդար վճիռ
Խառնեց, կատարել այդպիսի ոճիր»:
«Տե՛ս, այնտեղ նստած միակ ծեր մարդը»
Մեկնեց նազելին նուրբ ցուցամատը.
«Նա յուր վիճակված հոտերու անթիվ
Է կեղեքիչ գայլ, անիրավ հովիվ»։
«Այսպես վճռեց, որ լինին բաժան
Երկու սիրահարք՝ միմյանց սիրարժան.
Այսպես վճռեց. Ռուստամ և Սալբին՝
Չհասցնեն նասիբ միմյանց նասիբին...»:
Աչքերս վառվեց, կայծակ փայլակեց,
Ահ ու դող, զարզանդ՝ ինձի պաշարեց.
Ամպի գոռոցը, մրրիկն ահաբեկ
Միախաոնվեցան՝ վերջին ձայնի հետ...»
Երգեց սիրուհին, սիրողի վզին փաթաթեց դալար թևքերը կրկին: Նվաղեց խեղճի փայլուն աչքերը. թուլացավ, մնաց՝ լանջացը վրա։ Ռուստամն էլ նույնպե՛ս իբր անկենդան լեշ, շնչասպառ ընկել — գետնին էր կպել։ Որպես զույգ շուշան, սիրո սերտ նշան, որպես մանիշակ՝ գարնան հեզ գուշակ. անգութ գերանդին՝ տապալե գետին։ Որպես զույգ գառնուկ, դեռածին մանուկ, ամպի որոտը, կայծակի թունդը՝ գոռա, դղրդե, լեռներ սասանե. զույգն էլ ապիկար, սրտով թույլ-տկար, ահով սարսափած, դողով սասանված՝ անշունչ, անհոգի՝ թավալվում են մեջ — կանաչ արոտի։ Այսպես երկնքին սիրողք կաթոգին՝ թուշ թշի դրած՝ միմյանց ճտով, ընկած անզգա, խորին ուշագնացությամբ ընկել էին սառն հատակի վրա։ Երգը ամենասաստիկ հարված ունեցավ երկուսի վրա ևս։
Իրապես, առավոտյան Ռուստամի հիվանդությունը կրկին վատթարացավ։ Մըստր Սեյսունը վերսկսեց յուր բժշկական հոգածությունը, և պարոն Խոսրով Մելիքզադեն չէր դադարում յուր բարեկամական խնամատարությունը մատուցանել յուր ընկերին:
Տեր֊Առաքելենց տունը ընդունեց յուր նակխին տրտում և տխուր կերպարանքը։
Բայց չարության դևը թուխս էր նստել Վասակյանի սրտի մեջ. նա՝ յուր անաջող ձեռնարկությունից հետո մըստր Սեյսունի տանում, օր ու գիշեր անհանգիստ մտածում էր նյութել մի նոր հնար, կատարելագործելու յուր եղեռնական խորհուրը։ «Այն որ չուզեց կատարել մարմնավոր բժիշկը, անշուշտ պիտի կատարե հոգևոր բժիշկը...», դարձյալ կրկնեց յուր մտքի մեջ կատաղի ուրախությամբ և սկսեց դիմել դեպ տեր Մարկոսի տունը։
Տեր Մարկոսը կանուխ զրկվեցավ յուր կնոջից, որ չթողեց նրա համար ոչ մի զավակ և հայ քահանաների դատապարտված իրավունքի համաձայն, նա չկարողացավ ունենալ երկրորդ կին. թեպետ, այդ մասին նա օր հանապազ չարաչար այրվում էր, անիծելով յուր կոչումը, թե ինչո՞ւ քահանա եղավ։ Նրա ամբողջ ընտանիքը բաղկանում էր երկու հոգուց։— Ինքը տեր Մարկոսը և նրա խեղանդամ ծառան, որ երկու ոտից կաղլիկ մի տղա էր, որը, եթե մի այլ տեղ կուշտ փորով ապրիլ կարողանար՝ երբեք հանձն չէր առնի ծառայել խստասիրտ տեր Մարկոսի մոտ առանց վարձի, տհաճությամբ տանելով այն բոլոր նախատինքները, հիշոցները և հայհոյանքը, որ քահանան տեղում էր նրա գլխին, ամենափոքր սխալմունքների համար։
Նրա տանը չկային ո՛չ շուն և ո՛չ կատու. քահանայի կարծիքով, սրանք կերածի չափ չէ՛ին ծառայում։ Այդ պատճառով, չարագործ մկները, ազատ գտնվելով իրանց սատակչի ազդեցությունից, ամեն գիշեր կատարում էին իրանց ուրախալի հարսանիքը, արձակ և համարձակ,— քահանայի մահճի չորս կողմը, և շատ անգամ՝ խաղ էին բռնում նրա փառավոր մորուքի և գլխի երկայն ծամերի հետ։
Նրա մաշված, հնացած տունը բաղկանում էր երկու փոքրիկ մրոտ սենյակներից, որ դրած էին ցածրիկ շրջապարսպի մեջ։ Ոչ մի խելացի մարդ, երբեք չէր համարձակվելու բնակվել մի այնպիսի խարխուլ և փլփլած շենքի մեջ, որը, ո՛ւր էլ որ մարդ նայելու լիներ՝ նրա աչքին կերևային ծակոտիք, սարդի հնադարյան ոստայն, հող և փոշի։ Երբ հարցնում էին տեր Մարկոսին, թե ինչու՞ նա յուր տունը չէ նորոգում, սովորաբար պատասխանում էր.— «Օ՜րհնած, մեր փրկիչը չուներ յուր գլուխը դնելու մի տեղ անգամ. ես նրանից ավելի չեմ. ա՛յս դեռ շատ է ինձ համար»։ Անտարակույս, այդ համեստաբանությունը չէր բխում քահանայի ուղիղ և ներքին համոզմունքից. և եթե մի մարդ նրան ձրի բաշխելու լիներ մի փառավոր ապարանք՝ տեր Մարկոսը երբեք չէր համաձայնի բնակվիլ աղքատին խրճիթի մեջ։
Գյուղական տնտեսությանց պայմանների նկատմամբ շատերը մտածում էին, թե տեր Մարկոսի համար խիստ դժվարին էր միայնակ, յուր կուզ և խեղանդամ ծառայի հետ կառավարել յուր ապրուստը։ Որովհետև գյուղերը քաղաք չեն, որ ամեն ինչ կարելի լիներ պատրաստի գնել շուկայից։ Այստեղ ամեն մարդ, յուր տան մեջ պիտի հաց թխե, կերակուր եփե, գինի շինե, և պատրաստե ամեն բան, որ մեր կենսական պիտույքն է կազմում։ Տեր Մարկոսի համար՝ ո՞վ էր պատրաստում դրանք — ո՛չ ոք։ Նրա թոնիրը սառն էր՝ որպես անապատի մեջ մի գերեզման։ Նրա տան գիշերները երբեք չեն լուսավորված յուղային ճրագով,— և պետք է՛լ չկար, որովհետև, սկսած այն երջանիկ օրից, երբ նրա ուսերի վրա ձգեցին քահայանական փիլոնը, հացի և կերակրի խնդիրը վերացավ, մանավանդ, հյուր ընդունելու և աղքատ պատսպարելու հարկադրիչ պարագաների չգոյության շնորհիվ, ուր որ կար հարսանիք, կնունքաճաշ, մեռելի հոգեհաց կամ որևէ այլ կոչունք՝ սեղանների առաջին տեղը բռնում էր տեր Մարկոսը, յուղալի բաժինները նրա առջև էին դրվում, և նրան էին մատուցանում լի-լի բաժակները։ Յոթն հարյուր տուն ժողովուրդ ունեցող մի գյուղի մեջ՝ որպիսին էր Ծաղկավանը — համարյա՛ ամեն օր պատահում են այդպիսի բախտավոր դեպքեր։ Տեր Մարկոսի ծառան, որ «Եւ եւս խաղաղութիւնից» ավել բան չգիտեր, սովորաբար, բուրվառը ձեռքից քարշ գցած, կաղկղալով՝ հետևում էր քահանային, ուր և գնալու լիներ նա։
Փա՜ռք մատուցանելով այն երանելի հանգամանքներին, թե «Մաշտոցի և Տոնացուցի» շնորհիվ ո՜րքան օգտաշատ արտոնություններ էին վայելում հայ քահանաները — տեր Մարկոսը, ո՛չ թե մինչև տարեգլուխ մի փարա ծախս չունե՛ր, այլ, ընդհակառակն, կարողանում էր բավականաչափ արծաթ որսալ: Մենք ավելորդ ենք համարում մի ըստ միոջե թվել, թե ո՛րքան արծաթ էր նա ստանում պսակի, մկրտության, թաղման, և այլ եկեղեցական խորհուրդների համար, բայց չէ կարելի չասել նրա շահախնդրությունը — խիստ մասնավոր իրողությանց մեջ։ Օրինակ, Ծաղկավանում ամեն մի շաբաթվա ընթացքում, քանիցս անգամ պատարագ էր մատուցվում։ Գյուղերի սովորության համաձայն, ժամհարը և տեր Մարկոսի ծառան, ամեն մինը մի-մի ջվալ (պարկ) և տիկ գցած ուսերնին՝ դռնից դուռ ման են գալիս, ալյուր հավաքում նշխարքի համար, և գինի՝ բաժակի համար։ Դժվար չէ՛ երևակայել, թե յոթն հարյուր տուն ժողովրդից՝ ամեն մի անգամ ո՛րքան կհավաքվի՝ երբ ամեն մի տան պառավ տիկինը, ջերմեռանդ սնահավատությամբ լեցնում է ժամհարի պարկը ալյուրով, և մեծ տիկը — գինիով՝ աղաչելով, որ յուր տան ալյուրից և գինուց միայն մատուցանեին սուրբ ընթրիքին հարկավոր նյութերը. այդ անում էր նա՝ լի հավատով, թե դրանով յուր տան ալյուրով լի փեթակները և գինու թակույկները շնորհ և բարաքյաթ կգտնեին։ Կեղծավոր ժամհարը, լավ ճանաչելով պառավների թուլությունները, բոլորին միաժամանակ հուսադրում էր, թե նրանց կամքը անպայման կկատարե...։ Բայց իզուր. բոլոր մթերքը խառնվում է միմյանց... և այդ բոլորի մեկ հազարերորդ մասը բավականանում է սուրբ խորհրդի պիտույքի համար, իսկ մնացածը լեցնվում է տեր Մարկոսի ամբարի մեջ, մի փոքր մասը միայն բաժին հանելով աշխատասեր ժամհարին։ Եվ այսպիսով, տեր Մարկոսը, թեպետ չուներ ոչ հունձքի արտեր, և ոչ խաղողաբեր այգիներ, բայց ժողովրդից հնձում էր ավելի ալյուր և ցորյան՝ քան թե վաստակավոր երկրագործը և նրա գինու թակույկները ավելի լիքն էին՝ քան թե մի այգեգործին։
Մեծ պասի ավագ չորեքշաբթի երեկոյան, եկեղեցու մեջ, տեր Մարկոսը «ծանուցում» է անում — «ժողովուրդ, գիտե՞ք, առավոտյան ոտնալվա պիտի լինի, և որպես հրամայում է մեր սուրբ կրոնքը — պիտի յուղ օրհնվի։ Կանայք, ձեզ եմ ասում, ականջներդ բաց արե՛ք, լավ լսեցե՛ք. բուռներդ շատ հուփ մի տվեք — ամեն տարվա պես. այլ այս տարի յուղն առատապես սեղան հանեք, որ մասնակից լինեք ա՛յն երանությանը, որ Քրիստոս տվեց բեթանիացի կնոջ, որը օծեց տերը թանկագին նարդոսի յուղով։ Իսկ եթե խնայողություն գործ դնեք, ես անպարտ՝ դուք պարտավոր, գիտցած լինիք, որ ձեր կովերը կցամաքեն կաթ տալուց, և ձեր հավաքած յուղը և կարագը — առատություն չի ունենալ»։ Բայց սնահավատությունը, առավել քան տեր Մարկոսի փաստերը — զորավոր էր՝ ժլատ պառավների առատաձեռնությունը շարժելու։ Այդ պատճառով, տոնասեր ժամհարը այսօր քարշ չէ գալիս դռնից դուռ: Ամեն մի բարի գյուղացի այսօր գիտե յուր սրբազան պարտքը — ավագ հինգշաբթի օրերին, երեկոյան ժամերգության միջոցին եկեղեցում, տիրոջ սեղանի վրա ասեղ ձգելու տեղ չկա: Ամբողջովին ծածկված է լինում զանազան մեծ և փոքր ամաններով՝ լիքը կովի, գոմեշի և ոչխարի յուղով։ Այդ ամաններից մի քանիսի յուղը բավական էր բաժանելու ժողովրդին, որ իրանց գլուխը օծեին, և կանայք, իրանց տունը տանելով խառնեին իրանց յուղ հարելու ծծումի մեջ,— մնացորդը տեր Մարկոսի բաժինն էր։
Տեր Մարկոսը չէ մոռանում ամենայն տարի ի հիշատակ քառասուն մանկանը ձեթ հավաքել։ Եվ նա, յուր ճարտարությամբ, շատ անգամ զարմացնում է ժողովուրդը — մի սեհինի մեջ ջուր լցնելով և նրա երեսին ածելով մի փոքր ձեթ, մի հնարքով վառում է սեհինի մեջ քառասուն ճրագ, որոնց ամեն մինը հանգչելու ժամանակ նշանակում էր, թե մեռնում էր մանուկներից մեկը։
Այն բիբլիական օրենքը, որով ամեն մի իսրայելացի պարտավոր էր յուր պտուղների երախայրիքը տիրոջ նվիրել, մի սնապաշտական հավատքով անցնելով և մեր մեջ, սուրբ աստվածածնի վերափոխման տոնախմբության օրում, ամեն մի բարի գյուղացի յուր խաղողի պտուղներից դնում է տաճարի սեղանի վրա, քահանան օրհնում է խաղողը, այնուհետև ժողովուրդը կարող էր ուտել նրան, որ պաս էր մինչև այն օր։ Տեր Մարկոսը շատ անգամ անիծում էր այս ինչ այգեգործը, թե՛ նրա նվերը Կայենի պատարագ էր համարվելու՝ խաղողի սակավության կամ տեսակի վատության համար։ Խաղող-օրհնենքից ավելացուցած խաղողից տեր Մարկոսը ամեն տարի ունենում է մի փոքրիկ թակույկի մեջ՝ դեռահաս միլանի (մաճառ):
Այդպիսի արդյունավոր աղբյուրներից էին բխում տեր Մարկոսի ապրուստի չորս գլխավոր պիտույքները — հաց, գինի, յուղ և ձեթ՝ վառելու համար, որոնք ուրիշների տնտեսության համար այնքան անհրաժեշտ էին, բայց տեր Մարկոսի համար բոլորովին ավելորդ լինելով դառնում էին վաճառքի նյութ։ Տեր Մարկոսը զուրկ չէր մնում նաև առատ մսից, որ ամեն տարի, որոշյալ օրերին հասնում էր նրան միանգամայն ձրի։
Ծաղկավան գյուղի մեջ, բացի սուրբ Գեորգ եկեղեցուց, կար մի այլ հին եկեղեցի — սուրբ Սարգիս անունով։ Այդ բոլորովին փլատակված եկեղեցին ձևացնում էր ավերակների մի բլուր, որի միջի կիսաթաղ սրբատաշ քարերը — խաչանիշ դրոշներով, և կիսակործան կամարները՝ մի հոյակապ շինվածքի մնացորդներն Էին։ Սնահավատ մարդկանց ավանդությունը պատմում է, թե հարուստ իշխաններից շատերը, իրանց հոգվո համար, կամեցել են նորոգել այդ եկեղեցին, բայց սուրբ Սարգիսը նրանց երազում երևալով հայտնել է, թե ինքը ուրախ է բնակվելու մի այդպիսի աղքատ ավերակների մեջ, այդ պատճառով նրան անվանում են անփառասեր, աղքատ սուրբ Սարգիս։ Ռամիկների մեջ այդ սրբազան ավերակները մեծակշիռ համարում ունին։ Կիրակեմուտ երեկոներին գյուղացի մոլեռանդ պառավները նրա փլատակած քարերի վրա վառում են իրանց յուղային ճրագները, աթարի կրակի վրա ծխում են լի բուռով անուշահոտ խունկեր, և իրանց երեկոյան աղոթքը ջերմեռանդությամբ կատարելուց հետո, թավալվում են նրա սուրբ հողերի և փոշիների մեջ, և իրանց երեսները այն նվիրական քարերին քսելով, սրբազան զգացմունքներով լի՝ դառնում են տուն։ Ջերմախտով և այլ ցավերով տկարացած բազմաթիվ հիվանդներ ամեն օր քնած են լինում այդ կիսակործան կամարների տակ, ջերմ հույսով, թե զորավոր սուրբ Սարդիսը իրանց ապաքինություն կպարգևե։
Սուրբ Սարգսի տոնախմբության օրերին, ամեն տարի, Զարեհավանի բոլոր գյուղերից այդտեղ հավաքվում են երկու սեռի անթիվ և անհամար ուխտավորներ։ Ծաղկավանում հանդիսանում է մի մեծ բանայիր, ուր տեր Մարկոսը յուր բոլոր եկեղեցական խաբեությամբ, մի մեծ և առատ վաստակ է ժողովում ռամիկ խառնիճաղանջի սնապաշտությունից։
Այդ սպանդարամետական հանդեսի մեջ հայ մարդը ձևանում է յուր հոգևոր և մարմնավոր բոլոր խնդություններով։ Բազմաթիվ նորահարսեր, աղջիկներ, սիրուն կանայք, տղամարդիկ, պառավ տանտիկիններ, ալևոր ծերունիներ, բոլորը զուգված զարդարված իրանց հարսանիքի հագուստներով, մի կողմից կատարում են սրբազան պաշտամունքներ, մյուս կողմից՝ ամբողջ յոթն օր և յոթն գիշեր, տեսակ տեսակ նվագարանների, սազի, չոնգուրի, դհոլի, զուռնայի ձայներով, խառնված միմյանց, պար բռնելով, երգ երգելով, ուտում, խմում, ուրախանում են...։ Շատ անգամ մի ախտալից, սիրաբորբոք պատանի, ոգևորված այն ռոմանական զգացմունքներով, թե ինչպես էր սուրբ Սարգիսը փախցրել հույնի աղջիկը, երբ տեսնում է մի գյուղացի սիրուն աղջիկ, որ յուր մոր հետ եկել էր ուխտ, իսկույն նրա մեջ վառվում է սերը... նա պարի մեջ մոտենում է աղջկան... շշնջում է նրա ականջին մի քանի սիրո խոսքեր... այդ կախարդական խոսքերը հրապուրում են աղջկա սիրտը... և՝ կես գիշերային լռին և խաղաղ պահուն, երր ուղտավորներից շատերը հարբած, հոգնած, քնած էին իրանց վրանների մեջ, տեր Մարկոսը միայնակ, լուսնի արծաթափայլ լուսով, մի քարի տակ, կատարում է երկու սիրահարների պսակը... Մայրը երկար որոնում է կորած աղջկան, բայց առավոտյան տեր Մարկոսը, նորահարսի և նորափեսայի ձեռքից բռնած տանում է նրանց նորահարսի մոր վրանը։ Նորահարսը ամոթխածությամբ կարմրած, երեսը ծածկելով՝ ընկնում է մոր ոտքերը...: Մայրը մի փոքր տհաճություն ցույց տված դեպքում «Դե՛, օրհնած,— ասում է քահանան.— այսօր սուրբ Մարգիս է, «աբեղաթող» է, սիրածը՝ սիրողինն է, փախցրածը փախցնողինը... այսօր այդպիսի բաների համար չկա ոչ մի արգելք, այսօր ազատություն է...»։ Մի քանի կաթիլ արտասուք գլորվում են մոր աչքերից և նա ակամա օրհնում է նորապսակները։
Մի այդպիսի անհամար բազմության մեջ, յուրաքանչյուր ուխտավորի մորթած մեկ, երկու կամ ավելի մատաղների բուրդերը (զիստը), ղևտական իրավունքով— հասնում էր տեր Մարկոսին, իսկ հայոց քահանան այդ իրավունքի վրա ավելացրել է մի երկրորդ բան— մատաղացուների կաշիները ևս...։ Տեր Մարկոսի խեղանդամ ծառան, ժամհարի հետ, կաղկղալով քարշ է գալիս ուխտավորների մեջ մատաղների բուդերը և կաշիները հավաքում։
Տեր Մարկոսը, շատ անգամ, կռիվ է անում այս–ինչ ուխտավորի հետ, թե ինչո՞ւ էր նա երկու կաշի տվել, երբ մորթել էր երեք մատաղ։ Ուխտավորը չէ ուրանում, չէ ասում, թե երեք մատաղ չէր, բացատրում է, թե կաշիներից մինը շունն էր գողացել, քահանանպահանջում է կորած կաշվի արժեքը։ Այսպիսի վեճեր, հաճախ, հասնում են տարաձայնության մինչ այն աստիճանը, որ պատճառ են տալիս քահանային և ուխտավորին— միմյանց գլուխ կոտրելու և մորուք փետելու։ Տեր Մարկոսը չէ նահանջում, հազարումեկ անեծք թափելով խեղճ ուխտավորի գլխին, թող չէ տալիս նրան, մինչև կաշու գինը ստանում է։
Ստացած ոչխարների բուդերից տեր Մարկոսը պատրաստում է օրինավոր ղավուրմա, իսկ նրա ծառան, ձմեռային օրերում, երբ միսը թանկանում է, վաճառում է այդ ղավուրման բազարում շահավոր գնով։ Տեր Մարկոսի խորամանկությամբ և հնարագիտությամբ ավելի հորդացած այդպիսի և դրա նման առատաբուխ աղբյուրները, բաշխում էին նրան ամեն տարի մեծակշիռ արդյունքներ։ Դրա վրա ավելացնելով տեր Մարկոսի ժլատությամբ և չափազանց կծծությամբ ապրուստը, հասկանալի է, որ նա կարողացել էր ժողովել բավականաչափ արծաթ։ Նա յուր արծաթը փոխառության կամ շրջաբերության չէր դնում, ո՛չ՝ այդ արարքի աստվածային օրենքով արգելված լինելու պատճառով, այլ յուր գանձը թաղում էր հողի մեջ, կամենալով ժողովրդի աչքին ձևանալ աղքատ, ողորմելի և խեղճ քահանա — ավելի աջահամբույր ստանալու համար։ Այդ նկատառումով նա միշտ ման էր գալիս պատառոտված հագուստներով և բոբիկ ոտներով։ Նրա մահուդի վերարկուն, քրքրված և եղոտված, կրում էր յուր վրա նրա նորընծայության օրերի թվականը։ Նրա մորթի գդակը, կորցնելով յուր բուրդը, նմանում էր գլխի վրա դրած մի պարկի...։
Տեր Մարկոսը (քանի՜ հազար այդպիսի տեր Մարկոսներ ունինք մենք...), Մաշտոցին և Տոնացուցին ծառայելը յուր քահանայության միակ նպատակը դարձնելով և քրիստոնեության բուն խորհրդին մի տարապայման և խոտորնակի կերպարանք տալով՝ փրկչի սուրբ Ավետարանը արել է մի ուռկան — յուր նյութական օգուտը որսալու։
— Հը՜մ... դո՞ւ էլ սկսեցիր մեր հոգևորականների ջիղը ծամել և նրանց ոտից քարշ տալ,— իմ խոսքը կտրում է նեղսիրտ հնամոլը, երեսը խոժոռելով և աչքերից կայծակ թափելով։
— Ո՛չ, պարոն,— պատասխանում եմ ես.— իմ ասածը տեր Մարկոսի համար էր... դուք կճանաչեք, թե ինչ պտուղ է տեր Մարկոսը... հրամայեցե՛ք Ռեսի հետ, ձեզ ներս կտանեմ նրա տունը, և ավելի լավ կծանոթացնեմ նրա հետ։
* * *
Չարության դևը մտած Ռես Վասակյանի սրտի մեջ, չարաչար խռովում և ամբոխում էր նրա հոգին։ Նա, միայնակ, վաղ առավոտյան, գնում էր Ծաղկավանի մի նեղ և ցեխոտ փողոցով, և նրա գլուխը նույն րոպեին ծանրացած էր ամենազարհուրելի մտածություններով... «Այն՝ որ հանձնառու չեղավ կատարել մարմնավոր բժիշկը... անպատճառ կկատարեմ հոգևոր բժշկի ձեռքով...», ստեպ ստեպ կրկնում էր նա յուր մտքի մեջ։
Վերջապես նա կանգ է առնում մի դռան առաջ, որ ճխանի վրա բաց էր, և առանց մուրճը զարկելու, կամ իմացում տալու, ներս է մտնում նախագավիթը, և յուր հետևից փակում է դուռը։ Նա, ոտքի մատերի վրա, ուշիկ ուշիկ, առանց մի ձայն հանելու, մոտենում, կանգնում է սենյակի փակ դռան առաջ, որտեղից լսելի էր լինում հետևյալ խոսակցությունը.
— Ա՛յ տղա, Կարո՛։
— Հրա՛մմե, տեր հա՛յր։
— Մոմերը հալեցի՞ր, քանի՞ գլուխ եղավ։
— Հրամեր եք, հալեցի, տասն և չորս գլուխ եղավ։
— Ինչո՞ւ այդպես քիչ... բե՛ր մինը տեսնեմ։
Մի քանի րոպեից հետո.
— Է՜յ դու գարշելի,— գոռաց առաջին ձայնը,— քանիցս անգամ պատվիրած եմ, որ մոմերի այրվածքը կտրես, որպեսզի այդ սևությունները չերևեին, բայց դու անմիտ ես, առավել քան մեր դրացու ավանակը։
Մի քանի րոպե լռություն․ առաջին ձայնը դարձյալ կոչեց.
— Ահա քեզ եկեղեցու բանալին, կմտնես այն խորանը, որ գիտես, նույն արկղի մեջ դարձյալ կգտնես կիսավառ մոմի պատրույգներ. կբերե՛ս, կհալե՛ս...։
Ռեսը իսկույն հասկացավ, թե տեր Մարկոսը սովորություն է ունեցել եկեղեցուց գողանալ կիսավառ մոմերը, և հալել տալով, մեծ մեծ մոմի գլուխներ շինել՝ վաճառքի համար։ Բայց քանի որ նա մի այլ նպատակով էր եկել, քան թե լրտեսության համար, չսպասեց նրանց խոսակցության վերջը լսելու, երեք անգամ հազաց, իմացնելու յուր մոտենալը. դուռը հեզիկ բաց արեց և ներս մտավ։
Ռես Վասակյանը քաղաքավարությամբ սովորական ողջույնը տալով, նստեց քահանայի մոտ։
— Բարի լինի, Ռես,— խոսեց տեր Մարկոսը,— ի՞նչ բախտով․ճանապարհներդ ծռե՞լ եք, հա՜... փառք քեզ տեր, երկու հակառակ ծայրերը միանում են...։
— Ինչո՞ւ հակառակ, տեր հայր,— պատասխանեց Վասակյանը,— ձեզ հայտնի է իմ դեպի ձեզ միշտ ի սրտե բարյացակամությունը։
— Թող այդպես լինի... բա՛յց և այնպես՝ տերտերի ու Ռեսի ջուրը մի առվակով չի գնալ, մինը՝ դեպի մի կողմն է քաշում, մյուսը՝ դեպի այլ կողմ։
— Ես գիտեմ, այդ բոլոր խոսքերը կատակ են,— խոսեց Ռեսը գործատեր մարդու ոճով։— Բայց թող առժամանակ հանաքը մնա։ Տեր հայր, ես պիտի խոսեմ ձեզ հետ մի ամենակարևոր գործի մասին. հրամայեցեք, որ ծառան հեռանա։
Տեր Մարկոսը աչքով արեց. ծառան դուրս գնաց։
Ռեսը ավելի մոտեցավ քահանային, և խոսեց։
— Հայր, ի՞նչ է ձեր կարծիքը սպանության մասին։
— Քրիստոնեությունը թույլ չէ տալիս սպանություն գործել,— կտրուկ պատասխանեց տեր Մարկոսը։
— Բայց եթե այդ գործը դնեինք մեր թշնամիների դեմ, մի այնպիսի թշնամու, որի մահը հազարավոր ազգայինների կյանք կորստից ազատելու պատճառ էր դառնում։
— Ով էլ որ լինի, թշնամի թե բարեկամ՝ արգելված է։
— Ճիշտ է, որ մեր կրոնքի հեղինակը հրաման չէ տալիս սուր բարձրացնել մեր թշնամիների և մեր նեղիչների դեմ։ Բա՛յց ազգասիրության և նախանձախնդրության սուրբ ձգտումը, որով գրգռվում է մեր արյունը, գործադրելու մեր սուրը՝ մեր իրավունքը, մեր ազգայնությունը և մեր կրոնը պահպանելու համար,— այդ բնական զգացումը, որով ամեն մի անհատ պարտավորվում է պահպանել յուր անձնական և յուր ազգակցի պատիվը— այդ բնական սուրբ զգացումը, կրկնում եմ,— համարելու է զուտ ճշմարտություն և աստվածային օրենք։
Տեր Մարկոսը ժպտաց։ Նա Ռեսի բերնից լսում էր նոր խոսքեր, որոնք ամենևին չէին համապատասխանում նրա միչև այն ժամանակ ճանաչված բնավորության։
— Ռե՛ս, որի՞ դեմ եք կամենում բարձրացնել ձեր վրեժխնդրության սուրը,— հարցրուց տեր Մարկոսը ծիծաղելով։
Այդ սուր և կծու կատակը բնավ չկարողացավ խախտել Վասակյանի երկաթի հաստատությամբ մտադրությունը։ Նա առանց շփոթվելու, սառնասրտությամբ առաջ տարավ յուր խոսքը, ասելով.
—Պատվելի հայր, իմ վրեժխնդրության սուրը ես չեմ բարձրացնում մի այլ ազգի կամ մի մեծ բազմության դեմ, այլ, որպես քահանա, խոստովանաբա՛ր եմ հայտնում ձեզ, որ ես չափազանց ոխ ունիմ դեպ մի մարդ, և կամենում եմ վրեժխնդիր լինել նրան մահվամբ. ո՛չ թե նրա համար, որ այդ մարդը ինձ որևէ անձնական վնաս է հասցրել, այլ, առավելապես, այն պատճառով, որ իմ խղճմտանքս ինձ տանջում է, տեսնելով այդ մարդը ազգային մարմնի մեջ, որպես ապականիչ և փտեցուցիչ կերցավ, օրեցօր ավերում է ազգային մարմնի շինվածքը, և անտարակույս, մի օր պատճառելու է նրա ցավալի կործանումը...։ Մովսեսի օրինակը բավական է ինձ՝ ազգասիրաբար վերջ տալու մի այդպիսի մարդու կյանքին։
Բայց տեր Մարկոսը դյուրավ խաբվելու մարդ չէր. նա ավելի խորամանկ էր՝ քան հարյուր սատանա։ Նա ակներև տեսնում էր Ռեսի խոսքերի մեջ մի թաքնված գաղտնիք, որ Ռեսը կամենում էր վարագուրել կեղծավոր խոսքերով։ Այլապես, նա քաջ ճանաչում էր Ռեսի հոգին — որը ոչ միայն հայոց ազգը, այլ բոլոր մարդկությունը պատրաստ էր վաճառել մի քանի փարայի, եթե նրան արծաթ տային։
Տեր Մարկոսը բռնեց Ռեսի ձեռքը, համակրաբար նայեց նրա երեսին, և ասաց.
— Պարոն Վասակյան, ավելի լավ կլիներ, եթե դուք բոլորովին բացեիք իմ առաջ ձեր սիրտը, միանգամայն հուսալով որ կգտնեիք իմ կարեկցությունը և իմ հաճությունը։
Ռես Վասակյանը մտածության գնաց, և ոչինչ չպատասխանեց։
— Ո՞վ է ձեր ասած մարդը,— հարցրուց տեր Մարկոսը։
— Մի՞թե դուք չգիտեք, թե ո՞վ է մեր ազգի և կրոնքի թշնամին։
— Այդպիսի մարդիկ շատ ունինք, դուք ասացե՛ք, թե որի՞ մասին եք խոսում։
— Պարոն Ռուստամը, տեր-Առաքելենց մահտեսի Ավետիսի որդին։
— Նա արդեն հիվանդ է, դուք թողեք աստուծո կամքին, գուցե աստված ինքը վերջ տա նրա կյանքին։
Բայց Ռես Վասակյանը վստահ լինելով, որ արծաթը ավելի գործակատար է քան աստված՝ դրեց տեր Մարկոսի առաջ մի քսակ լի ոսկով, միևնույն քսակը, որ նա առաջարկել էր մըստր Սեյսունին, անգլիացի բժշկին, որ նա յուր դարմաններով թունավորեր պարոն Ռուստամին։
— Ահա, այդ ոսկիները ձեզ պարգև. դուք կատարեցեք իմ խնդիրը,— ասաց Ռես Վասակյանը։
— Ինչ է ձեր միտքը,— հարցրուց քահանան շփոթվելով։
— Ձեր ձեռքով առավել դյուրին է սպանել նրան. դուք կարող եք անել այդ սուրբ հաղորդության միջոցով։
— Սուրբ հաղորդությա՞ն միջոցով... ո՞րպես։
— Դրա օրինակները քիչ չեն մեր ազգային պատմության մեջ... օրինակ՝ թույն խառնելով սուրբ հաղորդության մեջ, և այնպես մատուցանելով հիվանդին։
— Այդ դարձյալ սպանություն է... մեղք է...։
— Ես քանի քանի՛ փաստերով ապացուցեցի, թե մեղք չէ՝ դուք ընդունեցեք այդ ոսկիները։
Տեր Մարկոսը վերցրեց Հուդայի արծաթը, համբուրեց, այնուհետև ասաց.
— Բայց պետք է, այդ գործը մնա գաղտնի մեր երկուսի մեջ։
— Բերեք Ավետարանը, ես կերդվեմ, եթե չեք հավատում։
Տեր Մարկոսը դրեց գետնին Ավետարանը։ Ռես Վասակյանը սկսեց զարհուրելի երդումներով երդվել։
— Ես կպատրաստեմ թունավոր հաղորդությունը, միայն պետք է մի հնար գտնել, որ նրանք, այսինքն տեր-Առաքելենք ցանկանային հաղորդել իրանց հիվանդը,— ասաց տեր Մարկոսը։
— Այդ հոգսը թողեք ինձ,— պատասխանեց Ռեսը ուրախությամբ.— միայն դուք պատրաստ եղեք, երբ կանչեն ձեզ։
— Շատ բարի։
— Մնաք բարյավ։
— Գնացեք խաղաղությամբ։
Ռես Վասակյանը հեռացավ։