Մի օր Հովասաբենց տանը ներս է մտնում մի պառավ, յուր հետ բերելով ջուր յոթն տարեկան թոռը, խնդրում է տիկին Թարլանից բժշկել նրան, որովհետև մալաճվոր էր եղել, այսինքն՝ ամբողջ մարմինը կարմիր բորոտած՝ սաստիկ քոր էր գալիս։ Տիկին Թարլանը մերկացնում է մանուկը և մի կոշտ մազե լաթի կտոր ձեռքն առնելով՝ սկսում է թքել նրա մարմնի կարմրած տեղերի վրա, և այն լաթով սաստիկ քսել և տրորել՝ չդադարելով միևնույն ժամանակ մունջ աղոթքներ կարդալուց:
Երեխան ճչում էր, ցավից՝ լաց էր լինում։ Նրա ձայնը ներս բերեց օրիորդ Սալբին, որը չկարողանալով զսպել յուր ծիծաղը և մի հեգնական հայացք ձգելով դեպի մոր գործողությունը, ասաց.
— Մա՛յր, փոխանակ այդ խեղճ երեխան սպանելու, ա՛յդ կոշտ մաղով նրա մարմինը շփելով՝ հրամայեցեք դրան լուծողական տան, կամ երակներից արյուն բաց թողնեն, այդ ավելի օգտակար կլինի:
— Երբ հերթը ձեզ հասնի,— պատասխանեց տիկին Թարլանը բարկությամբ,— դուք ա՛յդպես արեք... բայց ես քանի կենդանի եմ. ձեռքիցս չեմ թողնի իմ գիտցածը։ Օրիորդ Սալբին ոչինչ չխոսեց, այլ հեռացավ նրանից:
Մի քանի րոպեից հետո, տիկին Թարլանի մոտ մտավ պառավ Մարթան. Հովասաբենց տիկինը պատմեց նրան յուր աղջկա հանդգնությունը, որ համարձակվում էր իրան բան սովորեցնել։
— Աստված ավելի վատթարիցը ազատե,— ասաց պառավ Մարթան վշտացած ձայնով.— ձեր աղջկա այժմյան ավերված բարք ու վարքը գուշակում է մի ցավալի ապականություն նրա բարոյականության մեջ։
— Հա՛, իմ քո՛ւյր, հա՛, ճշմարիտ է ձեր ասածը,— հաստատեց տիկին Թարլանը,— բայց մեղավորը ե՛ս եմ... ե՛ս իմ ձեռքով իմ տունը քանդեցի և իմ աստուծո գառ աղջիկը գազան դարձրի—տալով նրան, ա՛յն մոլորեցուցիչների (Աշխարունենց) ձեռքը, որոնք իմ աղջկան խելքից, ամոթից և շնորհքից դուրս բերին։
— Իրա՛վ, այդպես է, երբ Սալբին իմ աշակերտուհիս էր, տեսնո՞ւմ էիր, թե ո՛րքան խելացի և հնազանդ էր նա, բայց ա՛յժմ, ո՜ւհ, նա արժանի չէ մինչև անգամ սատանա կոչվելու... ոչ մեծ է ճանաչում, և ո՛չ փոքրը՝ բոլորին անպատվում է:
— Միթե մեր պապերը անխե՛լք էին, որ իրենց աղջիկներին կարդալ չէին սովորեցնում, չէ՛, իմացե՛լ են, թե կարդա՛լ ասած բանը ինչ սև կբերե իրանց գլխին։
— Է՜հ, պապերին ո՛վ է նայում, — առարկեց Մարթան.— այժմ «նոր հավեր են եկել, երկաթե ձվեր են ածում»։
Այսպես, օրիորդ Սալբիի ո՛չ միայն կծու և համարձակ խոսքերը, այլև նրա խորթ և օտարոտի վարմունքը, միանգամայն դեմ էին նրա նեղսիրտ մոր բնավորությանը, և շատ անգամ առիթ էին տալիս նրա դժդոհությանը՝ գրգռելով նրա անտանելի տհաճությունը։ Օրինակ, տեսնում ես մի գիշեր, օրիորդը ճրագի առջև հայելուն նայելով՝ սանդրում էր յուր ծամերը. մայրը բարկանում էր, թե գիշերը վնասակար է այդպես անել, և ստիպմամբ խլում էր աղջկա ձեռքից սանդրը։ Երբ օրիորդը հարցնում էր դրա պատճառը, մայրը այնպիսի հեքիաթներ էր պատմում, որ նրա աղջիկը թուլանում էր ծիծաղելուց։ Այդ արհամարհական ծիծաղները ավելի էին վշտացնում մոր սիրտը, որովհետև օրիորդը ոտնակոխ էր անում մոր խրատները, որոնց մասին, ուրիշները ա՛յնքան մեծակշիռ համարում ունեին։
Ծերունի Մկրտիչը և նրա կին Մարթան, որպես մոտիկ դրկիցներ ավելի գնալ գալ ունեին Հովասաբենց տան հետ, քան ուրիշները։ Շատ անգամ ծերունին, ոգևորված ջերմեռանդությամբ, պատմում էր «Մանուկ ավետարանից» մի դիպված, և շրջապատողները խորին զմայլանքով լսում էին — հանկարծ՝ մյուս կողմից, օրիորդ Սալբին հեգնական ոճով ձայն էր տալիս — գլուխներս տրաքեց... դարձյալ առասպել․..»։
Ծերունին յուր բարկացկոտ հայացքր ձգելով նրա երեսին, ասում է.
— Աղջի՛ քո մշտական այդպիսի անհավատ խոսքերը առիթ են տալիս կարծելու, թե անտարակույս նեռի մայրը դո՛ւ ես լինելու... քեզնի՛ց պիտի ծնվի աշխարհ ապականողը...։
— Ինչո՞ւ,— հարցնում է օրիորդը բոլորովին սառնությամբ:
— Որովհետև դու չե՛ս հավատում սուրբ պատմություններին։
— Ես չեմ հավատում այն պատճառով, որ մեր ընդունած Ավետարանի մեջ այդպիսի բաներ չե՛ն գրված։
— Միթե սակա՞վ են այն բաները, որ գրված չեն սուրբ Ավետարանի մեջ։ «Եթե ամենը գրված լինեին՝ աշխարհս բավական չէր լինի այդ գրքերը տանելու», պատասխանում է ծերունին հեղինակավոր ոճով։
— Ուրեմն մենք պիտի բավական լինինք գրվածքներով միայն,— կրկնում է օրիորդը հաստատ կերպով։
— Լո՛ւռ կաց, ա՛նհավատ,— մյուս կողմից սաստում է նրան մայրը,— քո չար լեզվին թույլ չէ՛ տրված վիճել քեզնից հասակավոր մարդերի հետ։
Շատ անգամ, օրիորդ Սալբին, բամբասանքի տեղիք չտալու համար, ամենևին ուշադրություն չէր դարձնում տան մեջ կատարվածի մասին։ Բայց պատահում էր, որ նա բաց գլխով սառը ջուր էր խմում, կամ բաց գլխով դուրս էր գնում մութ ժամանակ, կամ ծամոն էր ծամում գիշերը, այդ բոլորի համար նրան հանդիմանում էին ասելով — «եթե բաց գլխով մութի մեջ դուրս գաս՝ չարքերը կզարկեն» գլխիդ, բաց գլխով սառը ջուր խմես՝ ջուրը կթոշի դեպի ուղեղը, մարդ կմեռնի և երբ գիշերապահին ծամոն ծամես՝ մեռելները կնեղանան, իբր թե նրանց միսն ես ծամում։ Իսկ նրանց աղախին Նազլուն գիշերը տունը ավլելու միջոցին շատ անգամ անզգուշությամբ մոռանալով տիկին Թարլանի այդ մասին պատվերը, մոռանում էր նախապես ավելը բռնել ճրագի վրա և ծայրը այրել «հարսանիքի տուն եմ ավելում» ասելով. և տիկին Թարլանը նշմարելով աղախնի մի այդպիսի սխալմունքը, ավելը խլում էր նրա ձեռքից և սկսում է նրանով զարկել խեղճի գլխին։ Ի՞նչպես կարող էր օրիորդ Սալբին զսպել յուր ծիծաղը։ Եվ այդ լռին, խայթող ծիծաղը բավակա՛ն էր՝ մոր բարկությունը բորբոքելու, և Նրա հայհոյանքների կարկուտը թափելու յուր գլխին։ Վերջին օրերը օրիորդ Սալբիի և նրա մոր մեջ մի նոր վեճ ծագեց, որ ամենօրյա խռովությունների պատճառն էր լինում։ Օրիորդ Սալբին ասում էր, թե իրանց սառն և խոնավ խրճիթի մեջ ապրելը՝ իրանց առողջության համար վնասակար էր. ասում էր, թե ինքը չէր կարող այլևս տանել թոնրի ամենօրյա վառելու չարչարանքը, բացի այդ՝ թոնրի դժոխային ծուխը, մուխը, որ մի բանի ամբողջ ժամ էր տևում, շատ վնասակար էր յուր աչքերին և թոքերին։ Նա ստիպում էր յուր մորը, մի փոքրիկ սենյակ շինել տալ և նրա մեջ գնել մի եվրոպական երկաթե վառարան, որ բացի իրանց սենյակը լավ տաքացնելուց, կպատրաստեր նրանց ամենօրյա կերակուրները և հացը։ Օրիորդը հաստատում էր, որ մի այդպիսի վառարան մաքրության և շնորհալիության հետ միասին ավելի սակավ ծախքի էր կարոտ քան թոնիրը, որի համար ամեն օր հարկավոր էր հինգ քթոց ցան և ցախ, և չնայած դրան՝ խրճիթը միշտ ցուրտ էր լինում։
Տիկին՝ Թարլանը ամենասաստիկ կերպով ընդդիմանում էր այդ խնդիրներին ասելով թե իրանք սովոր չէին այդ եղանակով կյանք վարելու, և թե ինքը չէր կարող լքել և թողնել յուր հարց նվիրական օջախը (կրակարանը), որ կերակրել էր իրան և Հովասաբենց պապերին։
Վերջապես օրիորդ Սալբին, հակառակ յուր մոր կամքին, հում աղյուսներով շինել տվեց մի փոքրիկ սենյակ, և պարոն Աշխարունու միջնորդությամբ՝ Ամերիկայից մի երկաթյա վառարան բերել տվեց խոհարարության բոլոր անհրաժեշտ պիտույքներով։ Այդ սենյակը ասիական ճաշակով չէր շինված։ Նա ավելի նման էր մի եվրոպացի կնոջ առանձնասենյակին, մի քանի աթոռ, մեկ գրասեղան և սոֆա՝ բռնել էին իրենց պատշաճավոր տեղերը. մի կողմում՝ դրած էր օրիորդի պչրանքի սեղանը, նրա հանդեպ մի մեծ հայելի, սանդր, և այլ կանացի պաճուճանքների գործիքներ։ Պատերի վրա ամրացրած՝ երևում էին նշանավոր մարդոց պատկերներ, որ ազգերի գրականության մեջ երևելի են եղել իրանց տաղանդով։ Նրա մատենադարանը ևս աղքատ չէր — մի քանի գրքեր, հայրենի և այլազգի լեզուներով, գեղեցիկ՝ ոսկեզօծ կազմերով դրած էին մի անգույն փայտից շինած ապակե կազմ պահարանի մեջ։ Պատուհաններում և լուսամուտներում կարգով շարված էին խեցյա ամաններով ծաղիկներ, նրանց վրա, վանդակների մեջ ճլվլում էին երկու հատ դեղձանիկ։ Այդ սենյակը շինվելուց հետո տիկին Թարլանը մի անգամ ևս չէր մտել այնտեղ, ո՛չ այն պատճառով, որ դա շինվել էր իր հաճության ընդդեմ, այլ որովհետև նրա միջի կահ֊կարասիքը միանգամայն ատելի էին նրան։ Նա չէր կարողանում անտարբեր նայել յուր աղջկա շատ ու քիչ շռայլություն ցույց տվող առանձնասենյակին։
— Ինչո՞ւ,— հարցնում էր նրան աղջիկը։
— Որովհետև,— պատասխանում էր մայրը,— մեր դրացիները, աղքա՛տ թե հարո՛ւստ, բոլորը միօրինակ բնակվում են մրոտ և գծուծ խրճիթների մեջ, իրանց՝ աղքատ և խեղճ մարդիկ ցույց տալու համար, որպեսզի կալվածատեր խանը, կամ մյուս թուրքերը՝ նրանց փողատեր չհամարեին, և գիշերով չկողոպտեն նրանց տները։
Բայց մի այսպիսի շռայլություն՝ գողերի և ավազակների վտանգներից մեր տունը հեռու չէ պահելու։ Բայց օրիորդ Սալբին այդպիսի կասկածներից երկյուղ չէր կրում. «կամ ապրել լա՛վ և մարդկորեն՝ կամ ամենևին ո՛չ․․․», կրկնում էր նա Ռուստամի սովորական առածը։
Մի օր տիկին Թարլանը գնաց մի մոտիկ գյուղ, յուր հիվանդ ազգակցի տեսության։
Հովասաբենց տանը ոչ ոք չմնաց բացի օրիորդ Սալբին և աղախին նազլուն։ Հանկարծ երևան եկավ Ռուստամը, և օրիորդ Սալբիի հետ մտավ նորակառույց սենյակը։
— Բարով, շնորհավոր լինի,— ասաց պատանին ուրախությամբ, քնքշաբար սեղմելով օրիորդի ձեռքը։
— Բարով վայելես, Սալբի, ահա մարդավարի բնակարան, ես շա՛տ եմ հավանում:
— Ի՞նչ արած... մաշվեցանք խլուրդների նման խրճիթի ծակամուտներում՝ ծուխ ու մուխ կուլ տալով. գոնյա՝ այսուհետև կարող ենք ազատ շունչ քաշել։
— Իսկ ձեր մա՞յրը։ — Իմ մայրը իր հին զուռնան է փչում... նա տակավին այստեղ չէ մտել. նա չէ ուզում հեռանալ յուր նվիրական խրճիթից։
— է՛հ... ահա՛ ինչ է նշանակում կույր նախապաշարմունք...։
— Հա՛, Ռուստամ,— քնքշաբար ավելացրուց սիրուն օրիորդը,— դա՛ է ամենածանր և ամուր շղթաներով կաշկանդում թույլ մտքերը։ Պատանին հեգնականապես ժպտաց։
— Լա՛վ, ի՞նչ լուսավոր զգացումներ կարող էր ունենալ մի մարդ, որ երեխայությունից բնակվում է խավար մտքով, խավար հոգով, խավար շրջակայքի մեջ,— խոսեց Ռուստամը։
— Ո՛չ մի․․․։ Բայց երբ մարդ ունենա փառավոր բնակարան, յուր շքեղ սենյակներով, ծաղիկներով, կահ֊կարասիքով և քաղցրաձայն սոխակներով, այնպես չէ՞, Ռուստամ, նա՝ յուր կյանքի սկզբից կսկսի ծանոթանալ և սիրել այն, որ գեղեցիկ է, ա՛յն՝ որ վսեմ և ազնիվ է։
— Հա՛, իմ նազելի, նա ապրում և շնչում է պոեզիա... նրան մենք ասում ենք բախտավոր, բայց հայերի կյանքը մռայլված է տխուր և սև պրոզայի մթին աղջամուղջի մեջ...։
Այդ խոսքերի վրա ոգելից պատանիի երկաթե պնդությամբ սիրտը ակամա վրդովվեց, և նրա թշերի վրա երևեցան մի քանի կաթիլ արտասուք, օրիորդ Սալբին նշմարեց այդ սրբազան կաթիլները, և խոսեց.
— Իմ մայրը ասում է, թե մեր այսպիսի տուն ունենալը մեզ կարող է վտանգի ենթարկել, իբր թե թուրքերը մեզ հարուստ համարելով, երկյուղ կա, որ մտնեն կողոպտեն մեզ։ Բայց ես կարծում եմ, թե այս խոսքերով նա կամենում է ինձ վախեցնել։
— Չէ՛, Սալբի, նա ձեզ չէ՛ խաբում,— պատասխանեց պատանին խորին զգացողությամբ։— Այդ ճշմարիտ է.․․ գերիների համար օտար աշխարհում ոչ մի վայելչություն չկա, նրանց աղքատը և հարուստը ապրում են միօրինակ դժբախտության մեջ. հարուստը յուր արծաթը խորում է հողի տակ և ինքը ման է գալիս հնոտի հագուստներով և բոբիկ ոտներով, երբ մինը ունի, և չէ՛ կարողանում վայելել, այդ աղքատությունից ավելի ցավալի է...։
— Ինչո՞ւ, միթե աստված անիծե՞լ է մեր ազգը,— հարցրուց օրիորդը տխրելով։
— Չէ՛, աստված չէ՛ անիծել, բայց հայերի վիճակը խիստ նման է անառակ որդու առակին, նրանք թողին իրանց հոր տունը, իրանց հայրենիքը, և ցրվեցան օտար աշխարհներ, և պանդխտության մեջ՝ նրանց մեծ մասը մյուս ազգերի անդնդին կուլ գնալուց հետո, մնացածների վիճակը տեսնում ենք. նրանց օրը միշտ սև կլինի մինչև կրկին չդառնան դեպ իրանց հոր տունը, և նորոգեն իրանց բաժանված ուժը և զորությունը։
— Մի՛թե կարելի՞ էր այդ։
— Ինչո՞ւ չէ։ Հայերին ո՞վ է արգելում դառնալ դեպ իրանց հայրենի երկիրը, կամ աշխարհի երեսին մի կտոր հող գտնեք և բնակվել նրա վրա — ազգովին։
— Աշխարհի երեսին մի կտոր հո՞ղ,— նրա խոսքը կտրեց օրիորդը քնքշությամբ.— բայց Ռուստամ, իմ կարծիքով, մի տունկ չի զորանալու իր կլիմայից դուրս՝ օտար հողի վրա մեր հայրենիքի սուրբ հո՛ղը, սուրբ ջո՛ւրը և սուրբ օ՛դը միայն կարող են զորացնել հայոց որ դիքը, ուժ, կյանք և հոգի ներշնչել նրանց երակներում։
—Հա՛, իմ նազելի,— կրկնեց պատանին.— ես գաղթականություն չեմ քարոզում, ես մեր սիրելի եղբայրներին չեմ առաջարկում նոր Հոլանդիայի ափերը և Յապոնիայի կղզիները... Իհարկե պանդխտի վիճակը ցավալի է — նրա աչքը չէ չորանում արտասուքից, նրա սիրտը միշտ կոտրած է, մանավանդ երբ նա ապրում է ուրիշի դրոշի տակ, կամ թե մի այնպիսի եգիպտական ծառայության և մի այնպիսի փարավոնյան գերության մեջ, որպես մենք...։ Եգիպտոսի բռնակալը Իսրայելի արուները հրամայում էր գետը նետել, բայց մեր կանայք, մեր սիրուն֊սիրուն մատաղահաս աղջիկները իրանց պատվով, իրանց մաքուր կուսությամբ՝ զոհ են գնում մեր բռնակալների հեշտախոսությանց...։
— Մի Մովսե՛ս պետք է, իմ սիրելի,— ասաց օրիորդը անձկանոք.— մի Մովսես, որ առաջնորդեր գերիները դեպի նոր թանան։
— Չէ՛, Սալբի, իմ կարծիքով աստված այժմ դադարել է հրաշք գործելուց, մեզ մնում է — առաջնորդ ընտրել մեր բանականությունը, մեր խելքը, և իմացական լուսավորության հրեղեն սյունը մեր առջևից տանել, մեր ազգայնությունը, մեր կրոնը և մեր լեզուն պահպանելու և աշխարհի երեսին իբրև մարդ ապրելու համար — ձեռք բերել մեր հայրերից անիրավությամբ հափշտակված հողերը, որոնց վրա մենք և մեր որդիքը կարող էինք ազատարար արմատ ձգել, աճել և զորանալ։
— Ա՜խ, երանի՜ էր այն ժամանակ,— բացականչեց օրիորդը լի զգացողությամբ, բայց հնարավոր կլինի՞...։
— Ինչո՞ւ չէ... երբ աշխարհի մեջ առաջ կգա արդարություն և իրավունք, երբ հաղթահարվածներին, բռնադատվածներին և գերիներին կարեկցություն կցույց տա համաշխարհական մարդասիրությունը, այն ժամանակ — ամեն մի ազգ կստանա իր կորցրած ժառանգությունը։
— Այդ դժվար է...— տխրությամբ կրկնեց օրիորդը, և սկսեց երգել։
«Հայաստա՛ն, Հայաստա՛ն
Դու եդեմյան շքեղ բուրաստան.
Արդյոք կլինի՜, որ քեզի տեսնեմ,
Քո պայծառ օդը մի րոպե շնչեմ.
Ինձ համար այն ժամ դառն չէ՛ մահը՝
Երբ քո սուրբ հողում հանգիստ կգտնեմ»։
— Ռուստամ, դուք սիրո՞ւմ եք այդ երգը,— հարցրուց օրիորդը դադարելով երգելուց։
— Հա՛, պարոն Խոսրով Մելիքզադեն՝ այդ նազելի մանուկ բանաստեղծը վատ չէ գրում, նրա տաղերը ազդու և ոգելից են,— պատասխանեց Ռուստամը։
Հանկարծ ներս մտավ միջահասակ մի պատանի, նիհար և գունատ երեսով, խելացի և փայլուն աչքերով, սև, մետաքսանման ծամերով. դա, պարոն Խոսրով Մելիքզադեն էր։
— Բարո՛վ,— ասաց նա ծիծաղելով.— «գելը՝ ամպ օր կուզե, գողը՝ մութ գիշեր». տիկին Թարլանի բացակայությունը հնար է տվել ձեզ այդպես հանգիստ և անվրդով միասին նստելու և զրուցելու։
— «Գելի անունն տաս, ականջները տրար կգա»,— պատասխանեց Ռուստամը կատակով,— Խոսրո՛վ, այս րոպեիս քո մասին էինք խոսում։
— Արդարև, ասես թե մի այդպիսի բան ազդեց իմ սրտին. դռնից անցնում էի, երբ լսեցի օրիորդ Սալբիի երգը. իսկույն հասկացա, թե տիկին Թարլանը տանը չէ լինելու, որ դա այդպես համարձակ երգում է, մտածեցի չփախցնել հաջող առիթը։
Օրիորդ Սալբին դուրս գնաց, հրամայեց Նազլուին, որ գար իրանց մոտ, ղահվե և ղեյլան պատրաստեր հյուրերի համար։ Բա՛յց աղախինը հրաժարվեց, ասելով, թե ինքը կամաչեր մտնել տղամարդկանց մոտ։ Օրիորդը ստիպված էր յուր ձեռքով պատվասիրել յուր հյուրերը՝ մատուցանելով նրանց ղահվե և ղեյլան։
— Դուք նեղություն մի կրեք,— արգելում էր նրան պարոն Մելիքզադեն։
— Ապա ո՞վ պիտի կրե, երբ մեր հիմար աղախինը չէ կամենում երևալ տղամարդկանց,— պատասխանեց, օրիորդ Սալբին։
— Նա ձեր մոր հավատարիմ աշակերտուհին է, նրա մեջ տեղ են բռնել ձեր մոր բոլոր վարդապետությունները,— ասաց մանուկ բանաստեղծը։
Մինչ սրանք այսպես ծանր ու բարակ զրուցում էին, տեր-Առաքելենց տան մեջ տեղի էր ունենում հետևյալ խոսակցությունը։
— Դուք ո՛րքան անհոգ եք, այ մարդ,— ասաց տիկին Սկուհին յուր ամուսնուն.— չէ որ մեծ պասը եկավ, բայց դուք ձե՛ր որդու հարսանիքի մասին չե՛ք մտածում։
— Ի՞նչ մտածել,— պատասխանեց մահտեսի Ավետիսը սառնությամբ.— առավոտյան տյառնընդառաջ է, գիտեմ, որ դու այս երկրի սովորության համեմատ գնալու ես խնամատես, խոսիր տիկին Թարլանի հետ, որ նա ևս հաճություն տա, այս շաբաթ հարսանիքը կատարենք վերջացնենք։
— Դուք, ճշմարիտ, երեխայի նման եք խոսում. ձեր աչքին հարսանիքը մի թեթև բա՞ն է երևում. չէ՞ որ պատրաստություն պետք է՛։
— Ի՞նչ պատրաստություն,— կնոջ խոսքը կտրեց մահտեսի Ավետիսը.— ո՛չինչ պատրաստություն պետք չէ։ Ես մի քանի բարեկամներով, առանց ղայմաղալի, առանց զռհազռի, իմ հարսը պսակից հետո եկեղեցուց տուն կբերեմ, մի թեթև ղահվեով պատվելով իմ հյուրերը։
— Հա՜.. աչքներս լույս, որդի ենք պսակում,— հեգնաբար կրկնեց տիկին Սկուհին.— որդի մեծացրինք, որ նրա հարսանիքի ուրախությունը վայելենք, իսկ սա ասում է՝ առանց դըհոլի, առանց զուռնայի, առանց հաց ու գինի տալու մի դառն ղահվեով պիտի հարսանիք անեմ։
— Ապա ի՞նչ ես մտածում, հիմար,— բարկությամբ խոսեց Մահտեսին.— դու տնտեսագետ չե՛ս, չես հասկանում ինչ ասել է յոթն օր, գիշեր ու ցերեկ շարունակ, գյուղի ամբողջ բնակիչներին հյուրասիրել. դրա համար բավական չեն լինի տասն կարաս գինի, յոթն բեռ ալյուր, մի կարաս արաղ և հինգ եզ մսացուի համար. այլևս որքան բրինձ, ո՜րքան եղ...։ Ա՜խ, այդ նոր և տուն քանդող սովորությունը՝ շաքարի և չայի գործածությունը՝ աստուծո մի մեծ պատիժ է...։
Տիկին Սկուհին վշտանալով, ոչինչ չպատասխանեց. նա լուռ դուրս գնաց յուր ամուսնու մոտից։
— Բայց դո՛ւք աղա՛, Հուրի Խան-Դայայի մասին չեք մտածում, որը բոլորովին հակառակ է հարսանիք կատարվելուն,— ասաց Նազանին, որ կանգնած էր այնտեղ:
— Գիտեմ, նրա ներկայությունը կթունավորե հարսանիք եղած չափավոր ուրախությունն ևս,— պատասխանեց մահտեսի Ավետիսը։— Բայց նրա անտանելի տրտունջներից ազատվելու համար, նրան ուխտ կուղարկեմ Բարդուղիմեոս Առաքյալի վանքը: Երկար ժամանակ է, որ նա այդ մասին խնդրում է ինձ։ Մինչև նրա դառնալը, ամենայն ինչ վերջացած կլինի։
— Բայց աղա՛, դուք ընդունեցեք իմ տիկնոջ խնդիրը. հարսանիքը թող զուռնայով լինի,— ասաց աղախինը։
Մահտեսի Ավետիսը ծիծաղեց։— Որ դու պար գաս, հա՞,— հարցրուց նա։
Տոները, կյուրակեները և բարեկենդան օրերը, առավե՛լ քան մյուս ժողովուրդակարգերը՝ մի առանձին դյուրացուցիչ և ուրախառիթ զորություն ունին՝ մանավանդ գյուղացիների համար։ Խղճալի գյուղացիները, միշտ ծանրաբեռնված իրանց ապրուստի դժվարին հոգսերով, խանի և կալվածատիրոջ անտանելի ղուբարաներով, բեգարներով (անվարձատրելի աշխատություններով), ո՜րքան ուրախությամբ անձնատուր են լինում այն անդորրացուցիչ և անդարդ զվարճություններին և զբոսանքներին, որ պարգևում են նրանց տիրոջ հանգստի օրերը։ Այդ նվիրական օրերին, որ նրանք գողանում են իրանց կյանքի գերությունից, գյուղացիք նորոգում են իրանց սպառված և մաշված զորությունը, կազդուրում են իրանց տկարացած անձը, և խանը՝ յուր բոլոր բռնակալական բնավորությամբ՝ չի խլում հայ րայաթից այն մխիթարությունը, որ պարգևել էր նրա կրոնը։
... Թվականի փետրվար ամիսն էր։
Ձմեռային ալևոր արևը, հավաքելով յուր վերջին թույլ ճառագայթները, մտավ Դուշմանաց սարերի ետևը, թողնելով ամպերի վրա մի քրքմագույն շառավիղ։
Երեկոյացավ։
Ատրպատականի Ծաղկավան գյուղի մեջ, սուրբ Գևորգ եկեղեցում, երեկոյան հասարակ ժամասացությունը վերջանալով՝ քահանաները և տիրացուները՝ ժողովրդի հետ՝ դուրս էին եկել բակը — տյառնընդառաջի տոնախմբությունը կատարելու։ Եկեղեցու գավթի մեջտեղում, դռան առջև, դիզած էր վառելի նյութերի մի մեծ կույտ, որոնցով պիտի վառվեր նվիրական կրակը: Վառելիքի արևմտյան կողմում, երեսը դեպ արևելք դարձրած՝ քահանան բարձր և ձգական ձայնովի կարդում էր տյառընդառաջի Ավետարանը։ Տիրացուները, ոմանց ձեռին բուրվառ, ոմանց՝ քշոց, և ոմանց էլ փոքրիկ զանգակներ, իսկ ժողովրդի ձեռքերին վառած մոմեր,— բոլորել էին վառելիքների շուրջը։ Նրանց ետևը, երեսները ծածկած, փաթաթված իրանց սպիտակ չարսավների մեջ՝ կանգնել էին կանայք. և այստեղ ու այնտեղ խառնիխուռն վազվզելով աղաղակում էին երեխաները։
Սուրբ Ավետարանի ընթերցվածը վերջացավ. քահանան դպիրների հետ միաձայն սկսեցին երգել «Քրիստոս փառաց թագավոր» շարականը. քշոցները զրնգզրնգացրին, փոքրիկ զանգակները ճնգճնգացրին և այդ անախորժ նվագի հետ միախառնվելով ժամասացների անձև-անկանոն երգեցողությունը, ժողովրդի անխորհուրդ աղաղակը,— թնդեցնում են օդը խառնափնթոր ներդաշնակությամբ։ Եկեղեցու բակում ձևացել է մի բաբելոնյան բլբլոց:
Քահանան բարկությամբ, ձեռքով նշան է անում,— վայրկենապես տիրում է խորին լռություն։ Տեր Մարկոսը,— այսպես էր տերտերի անունը,— մեքենաբար երեսը դարձնում է դեպ բազմությունը և մի ճարտար քարոզողի ոճով խոսում է նրանց մի «ծանուցում», թե ինչ խորհուրդ ուներ այն ավուր տոնը։
— Այսօր, իմ սիրելիք,— ասում է նա,— այսօր սուրբ եկեղեցին հանդիսով կատարում է տյառընդառաջի խորհրդական տոնը։ Այսօր Քրիստոսի ծնողքը՝ օրենքին համեմատ տանում են Հիսուս մանուկը տաճարը ներկայացնելու տիրոջ առջևը։ Այսօր ինքնին բացվում են աստվածորդու առջև այն դռները, որ հին ժամանակներից փակված էին Եզեկիել մարգարեի ձեռքով։ Եվ Սիմեոն ծերունին, երեք հարյուր վաթսուն և չորս տարի աղոթքով և ճգնությամբ տաճարի մեջ ապրելով, վերջապես յուր գիրկն է ընդունում Իսրայելի և հեթանոսների փրկիչը, գուշակելով՝ թե որպիսի սրերով էր խոցվելու նրա խեղճ մոր՝ Մարիամի սիրտը։ Եվ Աննա մարգարե կինը, շարված սուրբ հոգիից, խոսում է բազմությանը և նրա ծնողներին, թե նա՛ է աշխարհի փրկիչը և մարգարեների ակնկալությունը։ Բայց նույն ժամուն ամբողջ Երուսաղեմը դղրդվում է, մարդկանց մեջ մի անհասկանալի խռովություն է ընկնում։ Մարդկանց անթիվ բազմություններ, գրգռված գաղտնի ազդեցությունից, ջահեր, լապտերներ, մոմեր և կրակ վառած՝ կոչում, աղաղակում էին. «գնանք տերին ընդառաջ». այդ պատճառով մեր սուրբ հայերը այդ տոնին տյառընդառաջ անունն են տվել, որի հիշատակը կատարում ենք, վառելով այդ սուրբ կրակը, այն կրակավառության փոխարեն, որ հրեաները կատարեցին։
Տեր Մարկոսի հրամայելով, վառելիքի շուրջը բոլորեցին տասնևհինգ նորահաս տղամարդիկ, հարսանիքի հագուստներով, դրանք նույն տարվա նորապսակ փեսաներն էին, որոնց ձեռքով սովորություն էր վառել սուրբ կրակը։
— Բայց եկեղեցին,— առաջ տարավ քահանան,— այդ սուրբ կրակը, այդ ազնիվ զոհաբերությունը, սիրո այդ միակ օրինակը և նշանը, նվիրում է յուր երկնավոր փեսայի հիշատակին, որ այսօր խոնարհվել է՝ կապելու յուր պսակը յուր նորահարսի — եկեղեցու հետ։ Տիրոջ համար արդար ծառաներ բազմեցնելու համար։ Եվ դուք, իմ սիրելիք, դառնում է նա դեպ կանգնած նորափեսաները, դո՛ւք ևս այս տարի առեցիք ձեր պարանոցի վրա այն քաղցր լուծը՝ ընդունելով ամուսնական խորհուրդը։ Այդ պատճառով, դուք նմանություն ունեք երկնավոր փեսային. ուրեմն ձե՛զ նորապսակներիդ է միայն արժան վառել այդ սուրբ կրակը, և ձեր մաքուր ձեռներով նվիրել սիրո աստծուն։
Երբ նորափեսաները մոտեցան կրակ տալու՝ քահանան արգիլեց նրանց ասելով.— դուք եկեղեցու կանոնները չգիտե՞ք։ Չէ՞ որ պետք է առաջուց հայտնել, թե ի՞նչ են ձեր ընծաները եկեղեցուն, որով ձեր զոհաբերությունը կլինի աստծուն ընդունելի և մարդկանց հաճելի։
Մինչ նորափեսաները ամոթխածությունից կարմրելով՝ ամաչում ամաչում էին պատասխանել շահախնդիր քահանայի հարցին՝ ահա եկեղեցու դռնից դուրս եկավ, պատառոտած մուշտակը հագին, մի կեղտոտ մարդ։ Ամենքին ծանոթ ժամհար Մըխոն է նա, որ միանգամայն կատարում է երեցփոխանի և գանձապետի պաշտոնները, Մըխոն,— նրա մկրտության անունը Մխիթար էր,— ուսերը շարժելով, գլուխը քորելով, և մի բուռն դեղին քթախոտի փոշի յուր պարկի միջից պնչածակերը ուղարկելով՝ և մի առողջ փռշտալուց հետո, փաղաքշաբար մոտեցավ քահանային, և ասաց.— տերտեր ջան, քո հոգուն մատաղ, դու քո գործին կաց, այդ պարոնների ընծաների մասին հոգս մի աներ, քո Մըխո ծառան այնքան հիմար չէ, յուր գործը գիտե... դեռ դուք ժամը չմտած՝ ես իմ հաշիվս վերջացրել էր այդ պարոնների հետ։
Ժրաջան ժամկոչը յուր խոսքը վերջացնելով, գլուխը քար ձգած, փսփսալով՝ կամենում էր կրկին եկեղեցին ներս մտնել, որպես թե մի մեծ գործով էր զբաղված, բայց հանկարծ նրան կանգնեցրեց անհամբեր տեր Մարկոսի ձայնը.— Դու ո՛չ մեռնես Մըխո, ո՞ւր ես այդպես մկնի նման շուտ ծակը մտնում. մի ասա, լսենք, լեզուդ հո չէ՞ ցավում, արդյոք ի՞նչ է նորափեսաներից քո ստացածը, թող ե՛ս էլ հասկանամ, ժողովո՛ւրդն էլ։
«Ես ուզում եմ բանը ծածուկ մնա,— ասաց Մըխոն յուր մտքի մեջ.— գիտեմ, էգուց մյուս օր կասես— Մը՛խո, դաֆտարումը կես-կես գրե։ Բայց քանի որ դու այդքան միամիտ կլինես, ինձ էլ դժվար չէ ասելը»։
— Ի՞նչ ես շշկլած, քեզանից բան եմ հարցնում,— կրկնեց քահանան։
— Ի՞նչ... հա... տասնևհինգ նոր փեսա չե՞ն մի,— ուշքի գալով հարցրուց ժամկոչը։
— Հրամեր եք, աղա ժամկոչ,— կատակելով պատասխանեի քահանան։
— Ահա քեզ հաշիվ.— ղասաբ Առաքելենց տղա Կիկոն տվել է մի ոչխար և մի թուման փող։ Լաք Արզումանի տղա Ոսկանը՝ մեկ տիկ գինի և յոթն ղռան փող, կռնատ Սիմոնի տղա Քոչարը՝ երկու աման արաղ և չորս հատ աքլոր։ Դոդոշենց Միրզոն՝ շեն մնա, երեք թուման փող և տասն գրամ վառելու ձեթ։
Տեր Մարկոսը, որ ախորժակով լսում էր ընծաների անունները, ուշի գալով հասկացավ յուր սխալմունքը, և չկամենալով, որ դրանց մասին յուր ընկեր տեր Մարուքը տեղեկություն ստանար՝ ասաց ժամկոչին.— բավակա՛ն է, բավակա՛ն, ինչպես երևում է քո հաշիվը հաշիվը մինչև կես գիշեր վերջանալու բան չէ. այսուամենայնիվ երեսդ թող սպիտակ լինի, շատ ապրիս, իմ աշխատասեր Մխիթար, քո շնորհիվ, բարեկենդանին կունենանք մի ճոխ ու բարիքներով լի խնջույք... այլևս ի՜նչ է պակաս մնացել...— ոչխա՜ր, գինի՜, արա՜ղ, փո՜ղ... արդարև ցանկալի՛ բաներ, դրանց անո՛ւնը միայն — զվարճություն է բերում...
Մի փոքր ծիծաղելով, մի փոքր կատակելով, երբեմն Մըխոյի հետ, երբեմն յուր մոտ կանգնած մարդկանց հետ, տեր Մարկոսը, յուր կեղծավոր զվարճախոսությամբ շահում էր ամենի սրտերը, և բոլորեքյանք շնորհակալ և գոհ էին նրանից, որ այնպես ուրախ և ծիծաղադեմ քահանա ունին։
— Դե՜հ, որդիք, առաջ եկեք,— ասաց քահանան, յուր ձեռքի օրհնած մոմով վառելով նրանց պատրույգները.— դե՛, հրամեցեք և կրակը վառեցեք։ Աստված քո որդուն էլ փոխ անե, պարոն Թորոս, բարով քո որդու ձեռքն էլ այս կրակը վառե, պարոն Սարխոշ,-ասում էր անդադար տեր Մարկոսը, գյուղի իշխանների սիրտը շահելով, որոնց որդիքը առաջիկա տարին պիտի պսակվեին։
Քահանայի ասելն և ցամաք վառելիքի գռռալը մեկ եղավ: Թանձր ծուխը, կանաչ-կարմիր բոցերի հետ բարձրացավ մինչև ժամատան կաթուղիկեն։ Խառնիճաղանջ ամբոխը միմյանց դիպավ։ Կրկին տիրեց խառնակություն... Սնոտիապաշտությունը մի վայրենի և կատաղի հոգեզմայլություն ազդեց ռամիկների սրտի վրա։ «Հա՜յ.. հո՜ւյ... հարա՜յ... հրո՛ց, ծիծաղ, աղաղակ, երգ և շարական, բոլորը միմյանց խառնվեցան...։ Տեր Մարկոսի զգուշացուցիչ աղաղակները այլևս չէին օգնում և եթե ժամկոչ Մըխոն այնքան ճարտար և աչքաբաց մարդ չլիներ՝ և շուտով չհավաքեր սրբությունները, շատ կարելի է գիրք, գրքակալ, խաչ, Ավետարան, շարական և մաշտոց, բոլորը միասին՝ նվիրական կրակի առողջ կերակուր կդառնային... Մոլեռանդության լոկ կատաղի երևույթները չէին հանդիսանում այստեղ, այլ կրոնը ձևացնում էր մի կախարդական կատակերգություն՝ երբ ժողովուրդը դյութական և մոգական զգացողությամբ ոգևորված՝ պտտվում էր խարույկի չորս կողմով և կամ լոք էր տալիս և թռչկոտում էր նրա վրայով։
Սուրբ տյառընդառաջը այդքանով միայն չէ վերջանում։ Այնուհետև ամեն մի գյուղացի ջերմեռանդությամբ վառում է յուր ձեռքի մոմը «նվիրական կրակով», որ այդ մոմով, նրանցից ամեն մինը վառե յուր տան կտուրի վրա պատրաստած խարույկը։
Երբ ամենից առաջ այդ մարդկանց բազմությունը, շտապելով միմյանց խթելով, դուրս էին գնում եկեղեցու բակից, եվրոպական թխագույն հագուստով մի կին, երեսը կանաչ շղարշով վարագուրած, հեռուն կանգնած՝ արհամարհանքով նայում էր, կարծես յուր մտքի մեջ պախարակելով ռամիկների մի այդպիսի սնոտիապաշտությունը։ Նրան մոտեցավ մի այլ կին, նրա երեց քույրը, տիկին Սկուհին, ասիական հագուստով, և ասաց.— Տեսա՞ր, Սալլաթին, հոգիս, ո՞րքան լավ անցավ այս տարի տյառընդառաջը։
— Փառավորվի՜ տեր Մարկոսը, — պատասխանեց տիկին Սալլաթինը կատակելով.— քանի այդ աստվածահաճո քահանան կենդանի է՝ ձեր եկեղեցին կունենա քրիստոնեական համ ու հոտ...»
— Ինչու ձե՞ր,— հարցրուց տիկին Սկուհին վշտանալով,— միթե դու ևս մեր եկեղեցուն չե՞ս պատկանում։
— Հա՛, այնպես լեզվիս վրա եկավ այդ խոսքը... բայց, Սկուհի, դու գիտես, ես չեմ սիրում այդ ծեսերը. դրա համար, ինձ ախորժելի չէ՛ միշտ տեր Մարկոսի երեսը տեսնել...։ Այս երեկո ժամ եկա լոկ հետաքրքրությունից դրդված։
— Ո՛չ, ո՛չ, տեր Մարկոսը մի օրհնյալ քահանա է. նրա իմաստությունը՝ չափ չունի։ Չլսեցի՜ր թե ինչպիսի սքանչելի ոճով էր պատմում Սիմեոն ծերունու և Աննա մարգարեուհու մասին։
— Հա՛, նա ամբողջ Աստվածաշունչը յուր փորումն ունի,— կատակեց տիկին Սալլաթինը.— նա պատմում է սուրբ գրվածքը՝ խառնած անտեղի ավանդությունների հետ։
— Ազգային ավանդություններն ևս չպետք է կորցնել,— ասաց տիկին Սկուհին չհասկանալով յուր խոսքը։
— Չպետք է կորցնել այն մտքով, որ ավանդությանց և ծեսերի մեջ կարելի է գտնել ազգերին հատուկ նշաններ, նրանց բնավորությունը և նրանց կյանքի պատմությունը — մասնավորապես։ Բայց երբ ավանդությունները մտցվում են և՛ կրոնական կյանքի մեջ, ռամիկը սրբազնացնում է նրանց և այդ ավանդությունները դառնում են հավատքի էական մասեր։
Այսպես խոսելով երկու քուրերը հանդարտ կերպով առաջ էին քայլում, մինչև հասան գյուղամիջում մի տեղ՝ որ բաժանվում էր երկու ճանապարհի։
— Ե՛կ այս փողոցով գնանք Սալլաթին, քույրս,— նրա ձեռքից բռնելով ասաց տիկին Սկուհին։
— Ի՞նչ առիթ ունինք այն կողմ գնալու,— հարցրուց տիկին Սալլաթինը։
— Այս ճանապարհը տանում է դեպ Հովասաբենց տունը. և ե՛ս պետք է այս երեկո այնտեղ գնամ «խնամատես», խնդրում եմ, դո՛ւ ևս ինձ հետ եկ։
— Ի՛նչ հարկ կա ա՛յսօր խնամոց տուն գնալու։
— Չգիտե?ս, որ տյառընդառաջին սկեսուրները գնում են խնամիների տուն, իրանց հարսնացուները հանում են կտուրի վրա, որ կրակ տեսնեն։
— Ուրեմն դո՛ւք ևս միտք ունիք օրիորդ Սալբին՝ ձեր Ռուստամի նշանածը հանել յուր հոր կտուրի վրա, և հաղորդ կացուցանել ռամիկների ուրախությանը։
— Ի՜նչ արած մեր պապերի սովորությունն է,— պատասխանեց տիկին Սկուհին,— պետք է կատարել, թեպետ օրըստօրե մեր ազգային այնքան գեղեցիկ, այնքան խորհրդավոր ավանդությունները կորչում—անհետանում են...» Միթե ա՞յսպես էր կատարվում տյառընդառաջը հին օրերին...։ Այժմ մարդկանց սրտերը սառել են. բոլորը թերահավատ են դարձել և սուրբ բաները չեն ընդունում։
Տիկին Սալլաթինը նշմարելով, որ յուր քույրը այդ խոսքերով մասամբ իրան էր կշտամբում, չկամեցավ ավելի դիպչել նրա նախապաշարված կարծիքներին, որ չկոտրեր յուր երեց քրոջ սիրտը՝ որին ա՜յնքան սիրում էր։ Մանավանդ, որ նա նույն րոպեին ցանկանում էր գնալ Հովասաբենց տունը օրիորդ Սալբիին տեսնելու։
— Ես հոժար եմ քեզ հետ Հովասաբենց տունը գնալու,— ասաց տիկին Սալլաթինը,— միայն թե դուք էլ պարտավոր եք այսօր վարվել տյառընդառաջին հատուկ սովորական վարք ու կարգով։
— Ո՞րպես,— հարցրուց տիկին Սկուհին, չհասկանալով յուր քրոջ ասածը։
— Տյառընդառաջին խնամիները ընծաներ են տանում հարսնացուի տունը, դուք ուղարկե՞լ եք։
— Իհա՛րկե, համարյա թագավորի արժան բաներ։
— Զոր օրինակ։
Օրիորդ Սալբիի համար մեկ կարմիր մեշադու մետաքսե քող, մեկ թանկագին քիշմիրյան շալ, մի գեղեցիկ՝ պարանոցի մանյակ մարջանով և ոսկի դահեկաններով շարած, մի հատ ֆերուզա մատանի, մեկ զույգ սաղրի սոլեր։
— Իսկ քաղցրավենիք դրե՞լ եք դրանց հետ։
— Ինչպես չէ, նաբաթ, նողուլ, շաքար, ամեն տան մեջ այսօր թովում են միմիայն խարբուզակի և սեխի սերմեր, կարկաթ (աղանձ) են շինում, և չամչախառն ուղարկում են խնամատես, բայց դրանց փոխարեն՝ ես բովել եմ տվել նշի, ընկուզի, ծիրանի կորիզի և սիսեռի կարկաթ, և զանազան ազնիվ մրգեղեններով՝ ուղարկել եմ Հովասաբենց տունը։
— Այո, դուք հատկացյալ սովորությունից ո՛չ մի բան բան չեք թողել,— պատասխանեց տիկին Սալլաթինը, խորհրդավոր եղանակով։
— Սերը սիրուց կծնի, քույրիկ,— բացատրեց տիկին Սկուհին անկեղծ կերպով ի՞նչ արած, խնամիներս արժանավոր մարդիկ են. իմ հարսնացուի, օրիորդ Սալբիի համար եթե գլո՛ւխս վեր դնեմ. եթե հոգիս մատաղ անեմ՝ կորած չէ. գիտե՞ս նա ի՜նչ ազնիվ պտուղ է...։ Եվ Ռուստամի խելքը տարե՛լ է, գիշեր-ցերեկ դադար չունի նրա պատճառով։
— Մի՛թե այդպիսի նյութական բաներո՞վ պետք է ձեր սերը խնամոնց ցույց տաք։
— Հայ-քրիստոնյան դրանից ավել ի՞նչ կարող է անել, մեզ մնում է սիրել, բարեկամությունը՝ սրբությամբ պահել, միմյանց բարիին խնդալ, չարին տրտմել, որ աստուծո ահեղ դատաստանի առջև սևերես չմնանք։
— Բայց մի խոսք մոռացար ասել։
— Ի՞նչ խոսք։
— Խնամոնց «բաժինքը» ամեն հանդիսավոր օրերին ուղարկե՛լը։
— Հավատացնում եմ, որ սկսյալ այն օրից, երբ խնամության անունը մտել է մեր և Հովասաբենց տան մեջ, ես ամբողջ տարվա՝ ամեն մի տոնախմբության սովորության համեմատ, աստուծ տվածից՝ իմ հարսնացուի «բաժինքը» չեմ խնայել. օրինակ՝ Նավասարդի գիշերը՝ ձմերուկ, խարբուզակ, միլաղ և զանազան ծառերի պտուղներ. առավոտյան՝ արդար յուղով եփած հարիսա, ամեն մի մեծ և փոքր զատիկներին՝ փառավոր և թանկագին խալաթներ, քաղցրավենիքներով և ընտիր մրգերով. մնացյալ օրերին՝ ինչ որ մեր սովորությունների համաձայն պատշաճ է։
Տիկին Սալլաթինը զարմանում էր յուր քրոջ պարզամտության վրա, որ նա գյուղական սովորությունները համարում էր մովսեսադիր օրենքներ կամ քրիստոնեական հավատքի մի մասը՝ որից մի չնչին բան պակասեցնելը — իրան մեղք էր համարվելու։
— Դու կարծում ես ձեր հարսնացու օրիորդ Սալբին դրանցով ուրախ կլի՞ներ,— հարցրուց տիկին Սալլաթինը։
— Ինչո՞ւ չէր լինի,— զարմանալով պատասխանեց տիկին Սկուհին։
— Նրա՛ համար, որ նա մի «նոր մարդ» է։
— Ի՞նչ ասել է «նոր մարդ»։
— Մի մարդ, որ ունի առողջ խելք, գիտե ճշմարիտ կերպով մտածել, և ունի խելացի կերպով ընտրություն անելու ընդունակություն։
— Ուրեմն, մենք չգիտե՞նք մտածել, և մեր ընտրությունները անխ՞լք են,— նրա խոսքը կտրեց տիկին Սկուհին։
— Դուք մտածել չգիտե՛ք և չունիք խելացի ընտրություն, որովհետև դուք հետևում եք հնությանը, ինչ որ տեսել և սովորել եք ձեր պապերից՝ ձեզ համար սո՛ւրբ է։
Տիկին Սկուհին չգիտեր, թե ինչ պատասխաներ և կամենալով կրճատել այդ խոսակցությունը, ասաց.
— Բավական է քույրիկ, կանանց արժան չէ խոսել այդպիսի խորունկ առարկաների վրա, որոնց նրանց միտքը չէ՝ կարող հասնել:
— Ինչո՞ւ, կնիկները մարդ չե՞ն, կնիկները միշտ իրանց խավար տգիտությա՞ն մեջ պետք է մնան։
— Կանանց տրված է գիտնալ իրանց տնտեսական գործերը և իրանց տան կառավարությունը։
— Այսինքն թե ինչպես պետք է թոնիրը վառել, հաց թխել, կերակուր եփել, այդպես չէ՞,— կատակելով ավելացրուց տիկին Սալլաթինը։