Կես գիշեր էր։ Պարոն Ռուստամը, յուր հյուրերը ճանապարհ դնելուց հետո, որովհետև շատ հոգնած էր, շուտով քնեցավ։ Հանկարծ նրա քնարանի դռները անլսելի ձայնով բացվում են։ Խավարի մեջ շփվում է ծծմբառը. ձեռքի մոմպատի լուսով, որ վառվում է նույն րոպեին, սենյակի կենտրոնում երևան է լինում մի մարդ։ Նա յուր ուսից վեր է գցում թեթև լեզգու յափունջին, և նույն րոպեին նրան կարելի է նմանեցնել մի մանուկ չերքեզ պարոնի, գեղեցիկ հագնված և ըստ կարգին զինված։
Այցելուն ծնկների վրա չոքում է մահճակալի մոտ, որի վրա քնած էր պարոն Ռուստամը. նա յուր ցուցամատով հեզիկ խեթկում է նրա կողքը։— «Ռուստամ» — «Ռուստամ»,— լսելի է լինում բարակ արծաթի հնչումի ձայնով։ Հունը խիստ ծանր էր. տղամարդը ոչինչ չէ զգում շարունակելով յուր խորին շնչառությունը։ Այցելուն յուր բարակ, հեշտախոսությունից դողդոջուն շրթունքը հպեցնում է քնողի երեսին, մի քանի ջերմ համբույրներ քաղում է նրա նույն ժամանակ վառված թշերից և մյուս անգամ սկսում է մեղմիկ խեթել նրա կողքը, շփել յուր դալար մատներով նրա երեսը ու բաց կուրծքը։
Պարոն Ռուստամը զարթնում է, նա զարհուրած կերպով վեր է թռչում, և եթե այցելուն շուտով ծանոթություն չէր տված յուր մասին, իսկույն ջարդուփշուր կլիներ այդ հսկայի ոտքերի տակ։
— Մի վրդովիք,— հեզիկ ասաց նրան աղջիկը։
— Ախ, Սալբի, դո՞ւք եք,— կրկնեց պարոն Ռուստամը։
— Որքան անզգա քնած էիք, ես մտածեցի կողոպտել ձեր սենյակը։
— Իրավունք ունիք ամաչեցնել ինձ,— պատասխանեց մանուկ տղամարդը։— Ուրեմն եկ համբուրեմ քեզ, իմ նազելի Պալլաս,— կրկնեց նա սեղմելով յուր կուրծքի վրա չքնաղագեղ օրիորդը։
— Մտածեցեք, Ռուստամ որքան մեծ բան է սերը,— խոսեց օրիորդը գաղտնի համակրությամբ։— Եվ որքան մեծ է նա, այնքան կատաղի և անխելք է։
— Բայց որքան անխելք է, այնքան քաղցր է։
— Սերը քաղցր է, երբ երկու կողմից ևս ունի յուր հավասարակշիռ մագնիսական ձգողությունը,— պատասխանեց օրիորդը։— Բայց Սոլոմոն-բեկը նույնպես սիրում է ինձ, և նրա սերը կատաղի ու անխելք է, բայց երբեք քաղցր չէ․․․։
Պարոն Ռուստամը ժպտեցավ։
— Ինչո՞ւ քաղցր չէ, և ինչո՛ւ չեք կարող սիրել նրան,— հարցրուց նա։
— Որպես մի տերության մեջ չեն կարող կառավարել երկու թագավորներ, նույնպես և մի սրտի մեջ երկու սեր,— պատասխանեց օրիորդ Սալբին։ — Ուրեմն դուք բացի ինձանից ոչ ոք չե՞ք սիրում։
— Ես բացի ձեզանից ուրիշները պատվում եմ։
Պարոն Ռուստամը լուռ եղավ և երկու կողմից առժամանակ տիրեց լռությունը։
— Ուրեմն Սոլոմոն-բեկը ի՞նչ խելքով մտածել է յուր արծաթով գնել ձեզ,— հարցրուց պարոն Ռուստամը։
— Եվ ձեր մայրը ի՞նչ իրավունքով կամենում է անել մի այդպիսի վաճառականություն։
Օրիորդ Սալբին պատասխան չտվավ։
— Եթե ձեզ կանեին վաճառքի նյութ,— առաջ տարավ պարոն Ռուստամը,— ձեզ գնելու իրավունքը առավել հասնում է ինձ, որովհետև հառաջագույն ես իմ ձեռքս դրած եմ ձեզ վրա։
— Միթե դուք ունի՞ք այնքան փող,— հարցրուց օրիորդ Սալբին։
— Թեպետ ես չունիմ այնքան փող, բայց կարող էի Միրզա-Ֆաթալիից խնդրել մի ժամանակ, մինչև ես կգնայի օտար աշխարհներ և կվաստակեի այնքան արծաթ, որով կարողանայի հատուցանել ձեր հանգուցյալ հոր պարտքը, միայն թե դուք հավատարիմ մնայիք դեպ ինձ, և չփոխեիք ձեր սերը, մինչև իմ գալուստը:
— Արդարև, դուք կլինեիք երկրորդ Աշըղ-Ղարիբը,— պատասխանեց օրիորդը ժպտալով։
Պարոն Ռուստամը կարմրեցավ ամոթից։
— Ռուստամ, հոգիս,— շարունակեց նա,— իրավ որ սերը գիժեցնում է... ինչո՞ւ դուք խոսում եք այսպես տղայաբար։ Դիցուք թե Միրզա-Ֆաթալին տիրել է այն ժառանգությունները, որ թողել է իմ հայրը։ Այդ ինձ ի՞նչ փույթ։ Դրա վրա թող տրտմի իմ մայրը։ Այդ անցքը ինձ չէր վերաբերում։ Բայց եթե կհաջողեր աստված և մի օր տիրոջ օրենքով իմ անձս կկապվեր քոնի հետ, այնուհետև, որքան կտևեր մեր կյանքը, թե բարեբախտությունը և թե դժբախտությունը՝ ամենևին զանազանություն չէր անելու մեզ համար, որովհետև, դրանց երկուսին մենք բաժանորդ կլինեինք միասին։
— Ախ, Սալբի, ձեր խոսքերը մահացնում են ինձ,— կրկնեց պարոն Ռուստամը,— միթե ես այնքան աղքա՞տ եմ, որ չեմ կարող վայելուչ կերպով պահպանել ձեզ։
— Դարձյալ խոսում եք որպես երեխա, Ռուստամ, մեր կյանքը ի՞նչ մի արժեքավոր բան է, որ պետք լինի նրա ապրուստի համար մտածել։ Միայն իրողությունը, որ պետք է ամուսնական կյանքի համար, չէ ոսկի, չէ արծաթ, չէ թանկագին քարեր— միակ իրողությունը՝ որ շունչ է տալիս, կենդանացնում է ամուսնական կյանքը, է սերը։
Պարոն Ռուստամը ոչինչ չխոսեց, նա ախտալից սրտով միայն նայում էր յուր սիրուհու երեսին։
— Դուք պատմեցեք մի փոքր ձեր հովվական կյանքի մասին,— ասաց նրան օրիորդ Սալբին։
— Ես երկար գրած էի ձեզ այդ մասին և կխոսեմ ձեզ հետո, եթե դուք ախորժում եք լսել, բայց այժմ կամենում եմ առաջարկել քեզ մի խնդիր։
— Ի՞նչ խնդիր։
— Դու ցանկանո՞ւմ ես, որ մենք երկուքս միմյանց հետ ապրեինք միշտ այդպես անօրեն սիրով։
—Ո՛չ,— կարճ պատասխանեց օրիորդը։
— Ապա ի՞նչ պետք է արած, երբ թշնամիները ամեն կողմից շրջապատել են մեզ այստեղ և քահանաները չեն կամենում կապել մեզ օրինավոր սիրով։
— Միթե մոռացե՞լ եք ինչ որ ձեզ գրած էի։ Իմ միտքը, իմ դիտավորությունը միևնույնն է, ինչ որ քանի օր առաջ հայտնել եմ ձեզ թղթով. այսինքն՝ գնալ, հեռանալ այդ երկրից մի այլ աշխարհ, ուր կարելի էր հանգիստ և անվրդով կյանք վարել։
— Միևնույնը և ես կամեի առաջարկել քեզ հոգիկս,— կրկնեց պարոն Ռուստամը ուրախացած։— Ուրեմն ե՞րբ պետք է դնել մեր դուրս գալու պայմանը։
— Երբ որ կամիս, ես միշտ պատրաստ եմ։
— Երկու օր դրանից հետո, այսինքն՝ շաբաթ կես գիշերին։
— Շատ լավ,— պատասխանեց օրիորդը և վեր կացավ։
— Ու՞ր,— հարցրուց պարոն Ռուստամը, ուղղակի նրա երեսին նայելով։
— Գողերը գործում են քանի մութ է, բայց լուսաբացին նրանք հեռանում են դեպ իրանց բնակարանները։ Մեր երկրի անկարգ սովորությունները պատճառ են տվել մեզ գողանալ միմյանց սերը... բայց ահա մոտ է լուսաբացը... պետք է հեռանալ։
— Արդարև,— այդպես է...— կրկնեց պարոն Ռուստամը։— Եթե մի անբախտ ռոմանագիր մեր սերը նյութ կառներ յուր վիպասանությանը, ես զարմանում եմ, ի՞նչ մի ցանկալի բան կարող էր գտնել նրա մեջ։
— Ոչինչ... մեր երկուսիս կյանքը դատարկ է...: Օրիորդը սկսեց հեռանալ, պարոն Ռուստամը գնաց նրան ճանապարհ դնելու:
Ծաղկավանի բոլոր տները կից են միմյանց. նրանց կտուրների վրայից կարելի էր գնալ գյուղի մի ծայրից դեպի մյուսն։ Եվ այդ միմյանց հետ կպած տուների մեջ կային ծակեր, այնպես, որ, առանց դուրս գալու, ծակերի միջով, մի եղելություն մի րոպեում կարելի էր բոլոր գյուղի մարդկանցը իմացում տալ։ Պարսկաստանի հայերի և ջհուդների բոլոր տուները ունին այդպիսի ձևեր։ Եվ այդ առանց պատճառի չէ։ Հարաժամ երկյուղը՝ գողերից, թշնամիներից պատճառ են տվել նրանց այնպես սեղմվիլ միմյանց հետ և այնպես սերտ գրկել միմյանց...։
Ճանապարհը, որ տանում էր տեր-Առաքելենց կտուրից մինչև ծերունի Մկրտիչի տունը, բավականին երկար էր և պետք էր անցնել բավականին շատ կտուրներ։ Պարոն Ռուստամը յուր սիրուհու հետ անցավ մի քանի կտուրներ։ Մութը խորին էր և աղջամղջին։ Շուները կատաղած հաչում էին նրանց ոտնաձայներից ու կտուրների երդիկներից շատ անգամ լսելի էին լինում դեռևս քնած գյուղացիների ձայները— «Է՜յ, այն ո՞վ է...»։
Գյուղական կյանքում կից կտուրները մեծ բախտավորություն են անբախտ սիրողների համար։ Նրանք, լույս ցերեկով չկարողանալով միմյանց տեսնել, շատ անգամ, օգուտ քաղելով գիշերների խավարից, կտուրների անմարդ անապատի մեջ կարողանում են գտնել մի անկյուն մի քանի ժամ միմյանց հետ խոսելու, և իրանց այրված սրտերի խորհուրդը միմյանց հայտնելու։ Ասիական աշխարհի մեջ այդ փոքրիկ անկյունը առավել ախորժելի է այդ անբախտների համար, քան թե մի պարտեզ, բուրաստան կամ ծաղկոց։ Որովհետև, այստեղ նրանց ծնողքը և ոչ այլ մարդիկ չէին կարող տեսանել նրանց...։ Լուսինը, փայլուն աստղերը, երբեմն տեսնում են նրանց և լսում նրանց ջերմ, հեշտախոսությունից բորբոքված համբույրները։
Պարոն Ռուստամը մինչև ծերունի Մկրտչի տունը, ճանապարհ դրեց յուր սիրուհին, և մի քնքուշ գրկախառնությունից հետո նրանք բաժանվեցան միմյանցից։
Պարոն Ռուստամը դառնալով, յուր սենյակի դռանը հասնելով, ներսից լսեց մի թխկոց և մարդու զգեստների խշխշոց։ Նա կասկածանոք մոտեցավ լուսամուտին, վառ ճրագի լուսով տեսավ յուր սենյակում մի պարսիկ՝ բարձր հասակով, որ կանգնած յուր մահճակալի մոտ, մերկացրած դաշույնը ձեռքին, անդադար հարվածներ հասցնում էր մահճի վերմակին, մտածելով, թե նրա տակին քնած էր մարդ: Նրա մանուկ սրտի անհամբերությունը թույլ չտվավ նրան երկար մտածել: Նա շուտով բաց արավ դուռը, ներս մտավ և աննկարագրելի արագությամբ՝ հարձակվեցավ ավազակի վրա, և հետքից պինդ բռնեց նրա թևքերը: Ավազակը, ոչ այնքան պարոն Ռուստամի անհամեմատ ուժից, որքան մի այդպիսի հանկարծակի հափշտակվիլն գերբնական զորությունների ընծայելով, իսկույն թուլացավ և տարածվեցավ հատակի վրա մի քաջ հերոսի ծնկների տակ: Նա շուտով կապեց նրա թևքերը և ոտքերը, զենքերն առավ, սկսեց հարցնել.
— Ասա, չարագործ, դու ի՞նչ նպատակով եկել էիր այստեղ։
— Ես եկել էի քեզ սպանելու համար,— պատասխանեց ավազակը աներկյուղ համարձակությամբ։
— Ի՞նչ թշնամություն ունեիր ինձ հետ, չէ որ ես քեզ ոչինչ վատություն չեմ արած։
— Այդ ստույգ է, բայց ես կատարում եմ մի այլ մարդու՝ քո թշնամու կամքը։
— Ո՞վ է այն մարդը, ուղղորդն ասա, եթե ոչ կսպանեմ քեզ։
— Ես կասեմ քեզ, թե ով է նա, ոչ այնքան երկյուղ կրելով քո սպառնալիքից, որքան պատիվ դնելով քո քաջությանը և տղամարդությանը, որով ընկած եմ ես այդ հատակի վրա։ Իրավ, ոչ ոք մինչև այսօր չէ զարկել իմ կողքը գետնին... բայց ես ուրախ եմ, որ հանգամանքները այնպես բերեցին, որ իմ ձեռքը չթաթախվեցավ ձեր արյունով։
— Պատմիր, երկար մի խոսիր, կեղծավոր, ես լավ կճանաչեմ ձեր ազգի հոգին։
— Դուք ունիք մի ամենավտանգավոր թշնամի՝ Ավազակյանց Սոլոմոն-բեկը, նա ամենասաստիկ կերպով խելագարված է ձեր նշանածի՝ օրիորդ Սալբիի սիրով։ Բայց այդ սերը ընդդեմ լինելով նրա հոր մելիքի կամքին, և կամենալով հեռացնել յուր որդին մի այդպիսի ցանկությունից, մտածել է նա կորուսանել, որպես քեզ, նույնպես և օրիորդ Սալբին։ Դրա համար այս գիշեր կանչեց ինձ յուր մոտ— «Ապպաս, ասաց նա ինձ, առանց ժամանակ կորուսանելու կմտնես տեր֊Առաքելենց Ռուստամի քնարանը և նրա կտրած գլուխը կբերես ինձ, որի փոխարեն ես կտամ քեզ լի բուռով ոսկիներ, մինչև առավոտյան կմտածեինք և օրիորդ Սալբիի համար...»։
— Ի՞նչ հարաբերություն կար քո և մելիքի մեջ, որ դու հանձն ես առել գործել մի այդպիսի չար դավաճանություն, միթե միմիայն ոսկիների՞ համար,— հարցրուց պարոն Ռուստամը զարմանալով։
— Ո՛չ, թե ոսկի ևս չլիներ, դարձյալ ես պարտավորված էի կատարել նրա կամքը։ Մենք ավազակներ ենք թվով ավելի քան տասն, որ ծառայում ենք մելիքին։ Բոլոր Ասիան կողոպտում ենք և լցնում նրա տունը։ Մելիքը գաղտնի կերպով վաճառում է մեր կողոպուտները և հարկավորված ժամանակ արծաթը տալիս է մեզ։ Մեր ձեռքով նա ժողովել է յուր այնքան մեծ հարստությունը։ Բայց երբ պատահում էր, մեզանից մինը կալանավորված էր տերությունից, ուր որ լիներ այդ, մելիքը անհուն գումարներ գործի է դնում մեզ ազատելու համար. այդ պատճառով, մենք միշտ կարոտություն ունինք նրան, որ յուր ձեռքում ունի երկու զորություն՝ արծաթ և իշխանություն։
— Մելիքը վաղո՞ւց պարապվում է այդ արհեստով։
— Վաղուց... մենք շուտուց ճանաչում ենք նրան, համարյա նրա երեխայությունից...— պատասխանեց ավազակը խորհրդական ձայնով: Պարոն, դուք մի նայիք նրա երևելի բարեպաշտությանը, դա մի շատ վտանգավոր մարդ է։ Երբ մի մարդու նա կամեր վրեժխնդիր լինել, նրա տունը կողոպտել է տալիս, նրա վիզը կտրել է տալիս, նրա կինը և աղջիկները խայտառակել է տալիս...։ Իսկ առավոտյան ինքը իբրև թե ոչինչ բանից լուր չունի, սկսում է որոնել գողը...:
— Նա յուր այդպիսի չարությունները գործ է դնում և հայերի՞ վրա:
— Նրա համար ոչինչ զանազանություն չունի, թե հայ, թե թուրք և թե ջհուդ՝ բոլորը մի են։
«Խեղճ հայեր, բավական չէ որ ուրիշները կողոպտում են ձեզ. և ձեր գլխավորները, ձեր իշխանները՝ ձեր մարմնին ցեց են դարձել...»։ Նա ընկղմեցավ խորին մտածությունների մեջ. մինչև այսօր չէր լսել մի այդպիսի բան մելիքի մասին։
— Ես, պարոն,— խոսեց ավազակը.— ես չարագործ մեկն եմ. ինձ ներելի է, որ հանձն եմ առել քեզ սպանելու պաշտոնը, բայց դուք ձեր մեծահոգությամբ ներեցեք ինձ, առանց պատժի արձակելով ինձ։
— Ես բաշխեցի քո պատիժը քո ուղիղ խոստովանությանը,— ասաց պարոն Ռուստամը, և սկսեց բաց անել նրա կապանքները։
— Ես ուխտ եմ դնում այսուհետև միշտ մնալ ձեզ հավատարիմ բարեկամ,— կրկնեց ավազակը։ — Քո բարեկամությունը ինձ պետք չէ, միայն լավ է, որ դու ուխտես թողուլ քո այժմյան արհեստը։ Որովհետև, քանի դու պարապվում ես չար գործերով, ի՞նչ հավատարմություն կարող է լինել քո բարեկամության մեջ։
— Լութիները (սրիկաները) նույնպես ունին իրանց հատուկ օրենքը և ճշմարտությունը։ Գիտե՞ք, այսուհետև Ավազակյանք չեն թողնելու իրանց չար խորհուրդները, որպես քո, նույնպես և օրիորդ Սալբիի կյանքի դեմ որոգայթներ լարելու, և բոլոր այդ գործերի մեջ գործակատար լինելու ենք ես, իմ ընկերների հետ։ Երդվում եմ ես Ապութալեպի որդի Ալիի անունով, միշտ հավատարիմ լինել ձեզ, միշտ հայտնելով ձեզ նրանց դավաճանությունները, և հարկավորած ժամանակ, չխնայել իմ ծառայությունները գործիքով —իմ սրով։
— Դե՛, վեր կաց,— ասաց Ռուստամը,— առ զենքերդ, հեռացիր. քանի մութ է, ոչ ոք չէ տեսնելու քեզ։
Սրիկան գոհունակությամբ համբուրեց յուր բարերարի ձեռքը և հեռացավ։
Պարոն Ռուստամի քունը փախավ աչքերից. զանազան խառն մտածմունքներ պաշարեցին նրան, նա հիշեց սրիկայի խոսքը, որ ասել էր նրան մելիքը։ «Ապպաս, կմտնես տեր֊Առաքելենց Ռուստամի քնարանը... նրա կտրած գլուխը կբերես ինձ... մինչև առավոտյան կմտածեինք և օրիորդ Սալբիի համար...:»
Քաջասիրտ տղամարդը, որին երկյուղ ասած բանը անծանոթ էր՝ սկսեց վախենալ, և վախենալ ոչ թե յուր մասին, այլ յուր սիրուհու համար։ Նա հաստատ որոշեց յուր մտքում, առավոտյան հրաժարական ողջույն տալ յուր բարեկամներին և երեկոյան գաղտնի դուրս գալ Ծաղկավանից։
— Նա մոտեցավ գրասեղանին, սկսեց գրել այդ նամակը յուր բարեկամին, որ թողել էր սարում իրան տեղապահ։
«Ազնիվ բարեկամ Պարոն Վ...»
«Ես մի քանի օրվա համար, խաշնարածների վերատեսչությունը ձեզ հանձնելով, եկա տուն, հույս ունենալով թե շուտով կդառնամ դեպի ձեզ։ Բայց հանգամանքները, ընդդեմ իմ կամքին, փոխեցին նպատակս, և ես ստիպված եմ խնդրել ձեզ, այս տարի մինչև վերջը հանձն առնել այդ նեղությունը։
«Սիրելի Վ... «խորհուրդ մարդկան—կամք աստուծո», ասում են գրագետները.—«Մարդի ասած-աստծո լսած»,-ասում է առածը: Եղբայր, ձեր մարգարեությունը կատարվեցավ. ես ստիպված եմ, իմ սիրուհու հետ, դուրս գնալ իմ հայրենի երկրից. դուրս գնալ, չգիտեմ ուր։
«Ու՞ր, կրկնելու եք դուք, հայի համար ամեն տեղ միևնույն է. հայի համար ամեն տեղ լույս է տալիս միևնույն մռայլված, խավարած արեգակը։»
«Արդարև, այդպես է... բայց ես չեմ գնում ուրիշ աշխարհներում բախտ որոնելու, ես գնում եմ փորձելու նոր անբախտություններ. ես գնում եմ տեսնել նորանոր անբախտ հայեր, լսել նրանց լացը, աղաղակը, նրանց ցավակից լինել, նրանց հետ արտասվել...:»
«Բայց հայրենիքը— այս ի՞նչ հիմար բառ է, որ գործածում եմ ես. հայի համար ո՞ւր է հայրենիք։ — Բայց հայրենիքը, ասես թե, ատում է ինձ. նա խորթությամբ նայում է ինձ վրա։»
«Եղբայր, այստեղ քահանան սրբության տեղ թույն է մատուցանում հիվանդին։ Իշխանները ավազակների խումբ են բանացնում։ Անկարգ շառիաթը իրավունք է տալիս մուսուլմանին խարդախ գրավաթղթով տիրել այրի կնոջ անշարժ կայքը։ Եվ մայրերը վաճառում են իրենց աղջիկները, ազատելու համար իրանց կորուսած ժառանգությունները, որ ապրեին։ Վասակները՝ օգուտ քաղելով մարդիկների տգիտությունից, որպես չղջիկները գիշերի խավարից, ծծում են իրենց զոհերի արյունը։ Եվ արծաթը բեկերի ձեռքում հրաշք է գործում...։»
«Ինձ երևում է, թե այդպիսի աշխարհի օդը թունավորված է և բնակիլ նրա մեջ անկարելի է:»
«Ինձ կասեն, այդ մի նոր բան չէ հայերի կյանքի մեջ. հայերի մեջ ամեն տեղ անպակաս են եղեռնագործ տեր Մարկոսներ, ավազակ մելիքներ, խաբեբա Միրզա-Ֆաթալիներ, փոփոխամիտ տիկին Թարլաններ, օգտածարավ վասակներ և այլն...։ Այդ իրավ, դրանք բոլորն կան։ Բայց հայերի մեջ ամեն տեղ դժվար կարելի է գտնել— սիրահարված ագահներ:»
«Ես ամենևին սառն սրտով դուրս եմ գնում այդ երկրից։ Բայց մի տխրություն, որ տանում եմ ինձ հետ՝ է այն, որ ես չկարողացա երկար ժամանակ իմ խաշնարածների հետ մնալ, և իմ բոլոր սկսածներս նրանց մասին՝ մնացին անկատար, իմ բոլոր խորհուրդներս նրանց մասին՝ և պիտի տանջեն ինձ գերեզմանում։ Բայց մյուս կողմից ուրախ եմ, որ նրանց համար թողնում եմ ձեզ նման մի ոգելից տղամարդ, որ կրում է իմ գաղափարներս, իմ հոգին...:» «Եվ միակ հույսը, որ մխիթարելու է իմ պանդխտությունս է այն, որ ես իմ հետ տանում եմ մի ընկեր, որ կարող է կարեկից լինել ինձ, որ ընդունակ է հասկանալու իմ ուրախ և տխուր զգացմունքները, որ կարող է ինձ հետ լալ և ինձ հետ ծիծաղել։»
«Բայց սիրելի Վ... դուք մի մոռանաք երբեմնապես գնալ այն անբախտ թափառական վրանաբնակների մոտ, դուք սրբեցեք արտասուքր այն այրի կնոջ աչքերից, դուք մխիթարեցեք նրան։
«Ողջույն մատուցեք սիրո համբույրներով իմ բոլոր բարեկամներին, մնաք բարյավ, իմ բարեկամ, գուցե այլևս չենք տեսնելու միմյանց...»
«Ձեր սրտակից բարեկամ այժմ և միշտ տեր-Առաքելենց Ռուստամ»:
— Ո՞ւր այդպես շտապով, Մարտիրոս եղբայր, առավոտյան շուտ գնում ես, — հարցրուց գյուղացի Խաչատուրը յուր դրկիցից:
— Գնում եմ... ասում են խանը եկել է Ավազակենց տանը, բոլոր մարդիկ գնացին սալամ, ես էլ գնում եմ... գիտես մեր դրկիցների սատանությունը, թե այնտեղ չգտնվիմ, իմ քարփուջը ջուրը կդնեն,— ասաց Մարտիրոսը։
— Ուրեմն կանգնիր, միասին գնանք,— կրկնեց Խաչատուրը:
Նրանք հեռվից տեսնում են գյուղացիների բազմությունը, որ խումբ֊խումբ գնում էին Ավազակենց տունը։
— Ի՞նչ գործի համար խանը եկել է Ավազակենց տունը,— հարց արեց Խաչատուրը։
— Բա, լսած չե՞ս, խանը պահանջել է Հովասաբենց աղջիկը օրիորդ Սալբին՝ իրան կին առնուլ, այսօր պիտի բերեն, այնտեղ տեսնե։
— Օ՜յ, տեր աստված,— կրկնեց զարմանալով Խաչատուրը.- խանին ո՞վ է հասկացրել, թե օրիորդ Սալբին մեր գյուղի բոլոր աղջիկների գեղեցկուհին է։ — է՜հ, եղբայր,— պատասխանեց Մարտիրոսը...— «Գողը որ տանից լինի, եզն երդիկից կհանե»։— «Ծառի որդը իրանից չլինի, հազար տարի կապրե»։— «Մեր գողն մեր տանից է, մեր որդն մեր ջանիցն է...»։
— Ո՞վ եք կարծում, որ լիներ աչդ անաստվածը։
— Միթե չե՞ք ճանաչում մեր գյուղի չարության դևը, ո՞վ պիտի լինի, եթե ոչ մելիքը, խանի հետ խոսքերը մին են արած՝ խեղճ գյուղացիների տուները քանդում են։
— Այդպես է, եղբայր, երկու սատանա երբ միացան, աշխարհս մատի վրա պտույտ կտան։ Բայց ասա, խնդրեմ, ի՞նչ առիթ ուներ մելիքը այդպիսի անիրավություն գործելու։
— Որպես ես լսեցի, անցյալ օր մարդիկ խոսում էին, թե Սոլոմոն֊բեկը միտք ուներ Հովասաբենց աղջիկը իրան կին առնուլ։ Նրա մի այդպիսի ցանկությունը ընդդեմ էր հոր կամքին, և կամենալով հեռացնել յուր որդուց մի այդպիսի միտք՝ մելիքը մատնել է օրիորդ Սալբին, որով մի կողմից Սոլոմոն֊բեկը կզրկվի յուր սիրուհուց, մյուս կողմից՝ խանին մեծ ծառայություն արած կլինի մելիքը։
— Աստված քեզ մի պատիժ չտա, մելիք Պիլատոս,— կրկնեց Խաչատուրը վշտանալով,— ի՞նչ ասել է Լուսավորչյա լույս հավատը կորցնել և Քրիստոսի անմեղ գառը գայլերի բերանը գցել։
Մելիք Ավազակյանցի ընդարձակ դահլիճում զարդարած պարսկական ամենաշռայլ և զեխ ախորժակով, խանը, մեջքը տված մախմուրի փափուկ բարձերին, նստած էր մի թանկագին օթոցի վրա, ասղնագործած ոսկի թելերով։ Նրա գեղեցիկ մանկլավիկները, փառավոր հագնված, ձեռքերը կուրծքի վրա փակած, կանգնել էին խանի առջև և զգուշությամբ սպասում էին նրա հրամաններին։ Նրանցից մի փոքր հեռու, նույնպես ոտքի վրա, ձեռքերը սրտին դրած, ստրկական հնազանդությամբ, կանգնել է մելիքը, յուր հաստ ահագին մարմնով։ Բացի դրանցից դահլիճի մեջ ոչ ոք հրաման չուներ կանգնել խանի աոջև։ Բայց բակումը, դահլիճի բաց արած լուսամուտների հանդեպ, կանգնած են վարոցավոր ֆերրաշները, և նրա մյուս ծառաները, ղաջարի երկայն գդակներով և լեզգու խանչալներով։
Ֆերրաշներից շատ հեռու, բակի մեջ, բոբիկ ոտքերով, լուռ և անձայն, որպես անշունչ էակներ, իրանց ձեռքերը փակած, խառնիխուռն, միմյանց հետքից՝ կանգնած էին գյուղացիները։ Նրանց ամեն մեկը, բակի դռնից մտնելով, մինչև խանին մի փոքր մերձենալն, հարյուր անգամ գլուխ էր խոնարհեցնում, թեպետ գոռոզ բռնակալը ամենևին ուշադրություն չէր դարձնում նրանց։
Մի քանի մարդիկ գյուղացիներից իրանց գլուխների վրա բերեցին ահագին փայտյա սկուտեղներ, որ տվին մանկլավիկներին, որ նույնպես իրանց գլուխների վրա առած ներս տարան, դրեցին խանի առջև։ Երբ ծառաները բարձրացուցին նրանց երեսներից շալ ծածկոցները, սկուտեղների մեջ դրված էին քաղցրավենիների անհուն տեսակներ, մեծ-մեծ շաքարների գլուխներ, թեյի կապոցներ և մի փոքրիկ ամանի մեջ լցրած ոսկի դահեկաններ— դիշքիրասիխանի ատամների վարձը, որով բարեհաճեր նա ընդունել նրանց բերած ընծան, և յուր ատամներին նեղություն տալով, հաճեր ուտել...
—Ի՞նչ նեղություն եք կրել, ես առանց դրանց շնորհակալ եմ ձեզանից,— ասաց նա հպարտությամբ աչքը ձգելով ընծաների վրա: — Դուք ձեր չափազանց հնազանդությամբ միշտ գթացուցել եք իմ սիրտը ձեզ վրա և իմ աչքը միշտ քաղցրությամբ նայում է ձեզ վրա:
Ժողովրդի միջից մի մարդ ևս չկարողացավ համարձակվիլ մի քանի բառ խոսել խանի առջև։ Միայն նրանք մինչև գետին երկրպագություն տալով, նրանց միջից լսելի էին այսպիսի խոսքեր.- « տերը թող երկար կյանք տա ձեզ, ձեր թուրը միշտ կտրուկ անե...մեր կյանքից կտրե ձերի վրա դնե...։»
Բայց մելիքը յուր երկար տարիների ծառայությամբ, մի փոքր համարձակություն ստացած լինելով խանի սպասավորության մեջ, ժողովրդի կողմից խոսեց այդպես.
—Քեզ մատաղ լինինք, վեհափառ խան, մենք ձեր ոտքի տակի հողն ենք և ձեր կոշիկների փոշին։ Տեր աստված ի պատիվ մեծ մարգարեին (Մուհամմեդին) թող օրհնե ձեր կյանքը. ձեր փառքը, ձեր կարողությունը և ձեր զորությունը՝ թող միշտ զորացնե: Մենք ու մեր որդիները, բոլոր գերդաստաններով՝ ձեր անարգ ծառաներն ենք, և դուք պետք է միշտ անպակաս անեք մեզանից ձեր կարող ձեռքի հովանավորությունը, ձեր բարեսրտության առատագութ ցողը, և ձեր մեծահոգի ողորմածության բարի խնամքը, որպեսզի մենք՝ հանգստություն գտնելով, մեր ծառայությամբ աշխատինք ձեզ համար։
Մելիքը լռեց: Բոլոր բազմությունը զարմանում էին նրա անվախ ճարտարախոսության վրա և գովասանում էին նրան, որ այնպես համարձակվում էր փափկացնել խանի սիրտը: — Հավատացնում եմ ձեզ տասն երկու իմամների անունով,— խոսեց խանը, ձեռքում շարժելով յուր փոքրիկ գավազանը,— և երդվում եմ իմ պապերի սուրբ ոսկորներով, որ ես երբեք իմ սիրելի ծառաներից չեմ որոշելու ձեզ, և որպես իմ արժանահիշատակ պապերը միշտ խաղաղությամբ պահպանել են ձեզ, ես էլ աշխատելու եմ ևս առավել բաշխել ձեզ հանգստություն և բարօրություն։
— Աստված երկայն կյանք տա ձեզ,— գոռացին գյուղացիները,— մենք մեր աչքերից գանգատ ունինք, ձեզանից երբեք ոչ։
«Ողորմելի ժողովուրդ», խոսեց անլսելի ձայնով պարոն Ռուստամը, որ այն ժամանակ նստել էր բակի մի անկյունում, և նայում էր գյուղացիների ստրկական հնազանդությանը, և լսում էր նրանց փոքրոգի խոսքերը։ Երկար և ձիգ տարիների բռնակալության հարկը և գերությունը բարբարոս իշխանների թրի տակ` ոչինչ չեն կարողացել ավելացնել այդ ազգի հոգու մեջ, բացի մի կեղտոտ կեղծավորություն և մի ստոր, փոքրոգի խոնարհություն։ Արդարև, այդպես է աշխարհի կարգը, երբ մեկը չէ կարող ինքնուրույն պահպանել յուր անբախտ գլուխը, յուր մարդկության ազատ անձնիշխանության մեջ, նա պարտավոր է խոնարհիլ ուրիշի թրի տակ, և աղաչանքով, կեղծավորությամբ, նրա կամքին գործիք դառնալով, պահել յուր գլուխը...։ Ահա այդպես է մեր ազգի վիճակը...։
Բոլոր բազմության մեջ քրթմնջոց ընկավ, թե ահա բերեցին Հովասաբենց Սալբին։
Եվ արդարև, երկու թուրքի կանայք, խանի հարեմատան պառավներից, իրանց կապույտ չարսավների մեջ փաթաթած, բերում էին մի այլ կին, սպիտակ չարսավով։ Երբ հասցրել էին նրան խանի հանդեպ, նա հրամայեց պառավներին բարձրացնեն նրա երեսի քողը։ Ի՞նչ զարմանալի փոփոխություն...: Երեսաքողի տակից դուրս երևաց մի այլանդակ և տգեղ կերպարանք, ներկված գորշ և մռայլոտ գեղնապղնձի գույնով, սովորականից շատ մեծ զարհուրելի աչքերով, որ վառվում էին գերբնական փայլողությամբ։ Այդ ահագին. բարձրահասակ մարմինը, յուր կերպարանքի սարսափելի գծագրությամբ, ոչ միայն վրդովեց խանի կատաղի բարկությունը, այլև միանսովոր եկյուղ ձգեց նրա սրտում։
— Դուք ինձ վրա ծիծաղում եք, դժոխքի ծնունդներ,— գոռաց նա պառավներին։
Պառավները սկսեցին զարհուրելի երդումներով հավատացնել խանին, թե այդ ճիվաղը միևնույն աղջիկն էր, որ խոստացել էին նրան, բայց իրանք նույնպես զարմանում են, թե որպես կերպարանափակ եղավ նա:
— Քոփակ (գամփռ),— բարկանալով ասաց խանը մելիքին, ա՞յս է քո ինձ խոստացած աղջիկը, ուրեմն դու խա՞ղ ես անում ինձ հետ. դու խայտառակե՞լ կամենումես իմ հարեմատունը, սպասիր, դու կստանաս իմ վրեժխնդրության ծանր պատիժը։
Քրտինքը խոշոր կաթիլներով սկսեց թափվել մելիքի ճակատից և անհետանալ նրա մորուքի մեջ. նրա երեսը ամոթուց կարմրեցավ աղյուսի գունով. նա ուզում էր գետին մտնե, որովհետև խանը նրան բոլոր բազմության առջև կոչեց քոփակ։ Բայց և այնպես, նա չէր կարողանում հասկանալ այդ զարմանալի և տարապայման անցքի պատճառը։
— Այ գյուղացիք, ասաց խանը սպառնացած,— բոլորիդ գլուխները այս րոպեիս կտրել կտամ, եթե չգտնեք այս վայրկյանում այդ աղջիկը։ Կորեք դուք, գարշելիներ,— ասաց նա պառավներին։
Սարսափը և զարհուրանքը տիրեց խղճալի ժողովրդին։ Նրանց աչքերը սևացան, նրանց գլուխները պտույտվեցան․ նրանք դողում էին ահից և երկյուղից։
Պարոն Ռուստամը ինքը մնացել էր զարմացած, որովհետև նա յուր աչքով տեսավ, երբ առավոտյան շուտ խանի անթիվ ֆերբաշները շրջապատեցին ծերունի Մկրտչի տունը, օրիորդ Սալբիին բռնեցին, տվեցին պառավների ձեռքը. ինքը չկարողացավ օգնել յուր սիրուհուն, և ճարահատյալ դիմեց Ավազակենց տունը, գուցե մի հնարքով ազատեր նրան։ Բայց տեսնելով զարմանալի փոփոխությունը նա մնաց սառած, թե ի՞նչ գաղտնիք էր այդ, ո՞ւր աներևութացավ օրիորդ Սալբին. ուսկի՞ց հայտնվեցավ այդ ղարաչի կինը, որ քանի օր առաջ տեսել էր տներում` ման էր գալիս, ֆալ բաց անում (հմայում) և հաց ժողովում։ Նա որ երբեք չէր հավատում գերբնական զորությունների, ընկղմվեցավ խորին կասկածների մեջ, թե այդ գործի մեջ թագուցած էր մի անբնական գաղտնիք։ Բայց լսելով խանի սպառնալիքը, տեսնելով գյուղացիների տագնապը և զարհուրանքը, թողեց յուր մտածմունքը, մոտեցավ խանին ու խոսեց.
— Ինչո՞ւ դուք մի խաբեբայի (մելիքի) խորհրդով խռովում եք այդ խեղճ գյուղացիների հանգստությունը. ինչո՞ւ հայհոյում եք այդ ողորմելի ժողովուրդը, որ այսպես հնազանդությամբ իրանց գլուխները ծռել են ձեր առջև։ Բավական չէ՞, որ դուք խլում եք մեր կայքը, կարասիքը, մեր բոլոր ապրանքը, և մեր ընտանիքն էլ ծառա պիտի լինին ձեր անիրավ կամքին. ո՞վ է տվել ձեզ այդ իշխանությունը, դուք չե՞ք գիտում, որ մեր կրոնքը երկնքից մինչև երկիր մեզ հեռացրել է ձեզանից և մեր ու ձեր մեջ անկարելի է խնամություն։
— Որքան դուք այդպես պինդ կապված կլինիք ձեր մոլար կրոնքին, միշտ կմնաք խեղճ և մեզ ծառա,— պատասխանեց խանը թունավոր հայացքով։
— Ոչ, որքան մենք պինդ կապված կլինինք տգիտության և կործանիչ անմիաբանության, միշտ կմնանք խեղճ, բայց գիտցեք, որ հասել է ձեր բռնակալության վերջը... և հայր մինչև յուր արյունով կարող է վրեժխնդիր լինել ձեզ...։
— Ձայնդ կտրե, լիրբ շուն,— պոռաց բռնավորը.— ես այս րոպեիս կտրել կտամ քո լեզուն և դու կճանաչես քո չափր։
Եվ նա հրամայեց դահիճներին, որ նրա լեզուն կտրեն։
Պարոն Ռուստամի մոտ կանգնած գյուղացիները, լուռ, աչքով, հոնքով նշանացի էին անում նրան, որ չխոսե այդպիսի համարձակ խոսքեր, որով ոչ միայն յուր անձը կձգեր պատժի տակ, այլ բոլոր հայերը նրա պատճառով վտանգի մեջ կընկնեին։ Բայց արիասիրտ տղամարդը ուշադրություն չդարձրեց թուլահոգի և վախկոտ ամբոխին, նա խոսեց խանի երեսին և ավելի անպատշաճ խոսքեր, մինչև անգամ հայհոյանքներ։
Անբախտ տղամարդը, արդարև, քո երակներում դեռ չէ սառած հայոց դյուցազունների արյունը... և քո սիրտը զարկում է վսեմ ազգասիրական նախանձով...։ Բայց դու մինակ ես. «մի ձեռքը ծափ չի զարկում...»:
Սպանե՛ք, սպանե՛ք, կտոր կտոր արեք,— պոռաց խանը զարհուրանքով։
Երբ ֆերբաշները և խանի սարվազները մոտեցան նրան, քաջն Ռուստամ՝ դուրս եկավ բազմության միջից, քաշվեցավ դեպի բակի արձակ կողմը, և մերկացնելով յուր ահագին թուրը, որ թաքցրել էր յուր վերարկուի տակ, հարձակվեցավ ֆերբաշների վրա, կոչելով, անիրավներ, երեխայի՞ վրա վազում եք դուք։
— Սպանե՛ք, սպանե՛ք,— գոռում էր կատաղած խանր:
— Տեսնենք, ով շուտ կսպանե,— կոչեց մեր քաջը աներկյուղ սրտով․— մինչև այդ կատուները կհասցնեն ինձ մի շնչին վերք, ես բոլորին կուղարկեմ դժոխքը քո պապերի մոտ:
Այդ խոսքերի հետ նա զարկեց թուրը առաջին մոտեցող ֆերբաշի գլխին. արյունը խավարեցրեց նրա աչքերր, հասցրեց մի սաստիկ հարված երկրորդի կռան վրա, գցեց մի երրորդի ուսը։ Բայց տակավին ոչ մի վերք չէր ստացել նա։
— Տո, հեռվից թափանչով,— ձայն տվեց խանը, ինքը նույնպես բարկությունից վեր կենալով և իջանելով դահլիճից կռվողների մոտ:
Երբ որ նրանք, չկարողանալով մոտուց սրով զարկել նրան, կամեցան հեռվից հրացան գործիքներ արձակել դեպի նա, պարոն Ռուստամը առանց ժամանակ կորուսանելու, յուր թուրը պատենին հանձներ, և դուրս բերելով յուր գոտուց երկու թափանչա, մինը ուղղեց դեպի ֆերրաշները, մյուսը դեպի խանը, ասելով—դու հրամայում ես ինձ սպանել թափանչով, բայց քո ծառաները խիստ թույլ են երևում կռվի մեջ, ուրեմն առաջագույն դու ինքդ փորձիր իմ գնդակի զորությունը։
Խանը, նշմարելով անհրաժեշտ մահը յուր աչքի դեմ, և տեսնելով յուր ծառաների թուլասրտությունը, սկսեց կեղծավորություն գործի դնել։ Արդարև, նեղի ընկած միջոցին պարսիկը բացի կեղծավորությունից և խաբեբայությունից ավելի շնորհ չունի։
— Դու չե՞ս ամաչում, սևերես, որ քո խանի վրա ձեռք ես բարձրացնում,— ասաց նա։
— Ինձ համար ոչինչ զանազանություն չկա խանի և մի ստոր մարդու մեջ, երբ հարկավորում է պահպանել իմ կյանքը և իմ պատիվը,— պատասխանեց արիասիրտ Ռուստամը։
Նույն ժամանակ մի մարդ բազմության միջից դուրս եկավ, բռնեց պարոն Ռուստամի ձեռքը, ասելով.— ամա՛ն, Ռուստամ, իմ որդի, իմ աչքի լույս, խղճա քո ողորմելի հորը, բաշխիր այդ խեղճ ժողովրդին, որ բոլորը քո պատճառով պիտի վտանգի մեջ ընկնին, սանձիր քո բարկությունը, մտածիր, թե ինչ ծանր հանցանք ես գործում...
Մահտեսի Ավետիսը հանդարտացրեց որդու կատաղությունը և խլեց նրա ձեռքից թափանչաները։
— Ծերունիդ դու,— ասաց խանը մահտեսի Ավետիսին,— առ նրա զենքերը, ասա, թոզ գա իմ ձեռքս համբուրե, որ ես բաշխեմ նրա հանցանքը։
Մահտեսի Ավետիսը, հավատալով խաբեբա և խորամանկ պարսիկի խոսքերին բոլորովին զինաթափ արեց յուր որդին։ Խանը տեսնելով նրան առանց զենքի, հրամայեց յուր ծառաներին բռնեցին նրան և կապեցին թևքերը։ Նույն ժամանակ մի անմաս մանկլավիկ բարձրացրեց խանչալը և ուզում էր խրել պարոն Ռուստամի սիրտը:
— Քո ձեռքո՞վ պիտի սպանվեմ ես, լակոտ,— ասաց նա և յուր ոտքով այնպես սաստիկ զարկեց մանկլավիկի փորին, մինչ նա գլորվեցավ և հինգ քայլ հեռու վեր ընկավ գետնի վրա։
Երբ բոլորովին կալանավորված էր նա, ուխտազանց պարսիկը հրամայեց յուր ծառաներին, ամեն մեկը մի թափանչա արձակեն նրա վրա։ Խեղճ Ռուստամի մահը հասած էր։ Այնքան բազմաթիվ հայերից ոչ ոք չօգնեց նրան։ Բոլորը, ահից, երկյուղից, սասանված, չորացած, սառն աչքերով նայում էին այդ ցավալի հանդեսի վրա։ Եվ ոմանք շատ ուրախ էին, որ սպանվում է մի այնպիսի գոռոզ և հպարտ տղամարդ, որ չգիտեր չափ դնել յուր լեզվին։
Բայց մահտեսի Ավետիսը, խանի ոտքերն ընկնելով, նրա սոլերը համբուրելով, լալով ասաց.— ողորմած խան բաշխիր ծերունի հորը, մի սպանիր իմ որդիս, աստված չի ընդունիլ այդ, դուք խոստացաք բաշխել նրա հանցանքը, դրա համար ես զինաթափ արեցի նրան... այդ մի տղամարդություն չէ հարձակվիլ անզեն մարդի վրա, ողորմիր իմ ալիքներիս, այժմ անձնատուր է իմ որդին, արժան չէ այլևս սպանել նրան... նա դեռ մանուկ է, նրա խելքը հասուն չէ, խղճա ողորմելի հորը, քո ծառային, մի սպանիր իմ որդին։
— Դա մանուկ է, այո,— խոսեց խանը գլուխը շարժելով․— դա օձի ձագ է, երբ մեծանա, վիշապ կդառնա... սպանեք, ասում եմ, հրամայեց ֆերրաշներին։
Հանկարծ բոլոր բազմությանը տիրեց զարհուրելի սարսափ, յոթն հսկայաձև տղամարդիկ, կայծակի արագությամբ, մերկացուցած թրերը ձեռքերում, հարձակվեցան ֆերըաշների վրա։
— Թող տվեք դրան,— գոռաց ամպի որոտի ձայնով նրանցից մինը,— թող տվեք, ասում եմ ձեզ, եթե ոչ, բոլորիդ կմորթեմ այս րոպեիս, դրանց մինն էր պարոն Խոսրով Մելիքզադեն։
Ֆերրաշները զարհուրեցան երկյուղից, տեսնելով Ապպասլութին և նրա ավազակ ընկերները, որոնց քաջությունը և արյունախում բնավորությունը բոլորին հայտնի էր։ Խանը, որ բնությամբ մի վախկոտ մարդ էր, ավելի երկյուղ կրեց՝ մտածելով, թե ոչ միայն ինքն կամ յուր ծառաներն կարող չէին ընդդիմություն գործել նրան, այլև, այն վտանգավոր սրիկան, սպանելով բոլորին, մի գիշեր կկտրեր և յուր որդիների գլուխները։ Այդ պատճառով նա, ընդունելով ավելի հանդարտ կերպարանք, խոսեց—Ապպաս, դու գիտես, ես սիրում եմ քեզ իմ որդիներից առավել, բայց մտածիր, այդ նզովյալը որքան վշտացրել է ինձ։ Նա վիրավորել է իմ ծառաներից երեքին, որ անտարակույս կմեռնին, իրավունք չէ, մի այդպիսի հանցավորը անպատիժ մնա։ Որովհետև ես իմ կյանքում մի այդպիսի նախատինք կրած չեմ ոչ ոքից, ուր մնաց, մի պիղծ հայից, որ իմ հպատակս է, որ պատկանում է ինձ յուր կյանքով և արյունով։
— Արդար է ձեր հրամայածը, խան, բայց այդ մեծահոգի տղամարդը մի օր պարգևել է իմ կյանքը, և ես պարտավոր եմ անել նրան միևնույնը,— պատասխանեց սրիկան, պարոն Ռուստամի թևքերի կապանքներն արձակելով, առանց սպասելու խանի վճռին:
Մելիք Ավազակյանցը մեռնում էր ագահությունից, տեսնելով յուր ավազակները բռնել էին յուր թշնամու կողմը։
Խանր, մտածելով, որ այդ գործը կընդունե ավելի վատթար ուղղություն, հրամայեց բաց թողուլ կալանավորը։
— Ես և իմ ընկերները շնորհակալ եղանք ձեզանից,— ասաց սրիկան, և նրանք դուրս եկան Ավազակյանց բակից, իրանց հետ տանելով պարոն Ռուստամը։
Գյուղացիները նույնպես գլուխ տալով խանին, հեռացան— մինչև մնացին մելիքը և խանը երկուքը միասին։
— Ի՞նչ պետք է արած, մելիք, ես չեմ կարող տանել այդ անարգությունը,— ասաց խանը,— ես կմեռնիմ իմ սրտի կսկծից:
— Ես ինքս մնացել եմ շվարած,— պատասխանեց մելիքը հուսահատությամբ,- տեսա՞ր նրա գործը, տեսա՞ր նրա ընկերները:
—Ի՞նչ պետք է արած,— դարձյալ կրկնեց խանը տհաճությամբ։
— Դուք այժմ շատ վրդովված եք, խան, մի փոքր հանգստացեք, այնուհետև կխոսենք, թե ինչ պետք է արած։
Խանը յուր ծառաների հետ վեր կացավ և գնացին ամրոցը, որ քառորդ ժամու ճանապարհով հեռու էր Ծաղկավանից։
Բայց նախանձը և տհաճությունը ուտում էր, մաշում էր մելիք Պիլատոսի լերդն ու սիրտը, որ նույն րոպեին գտնվում էր զարհուրելի ալեկոծության մեջ։ Նա կարմրելով հիշում էր այն անցքը, որ Ռուստամի նման աղքատ տղամարդը (նրա կարծիքով հարուստները միայն պիտի ունենային ձայն և կշիռ)— յուր քաջությամբ արհամարհեց, որպես խանի բռնակալությունը, նույնպես և յուր բոլոր ջանքերը օրիորդ Սալբին կորուսանելու։ Նա մեռնում էր յուր բարկությունից, որ չկարողացավ յուր չարագործությունը կատարել։
Մինչ նա տարուբերվում էր յուր կատաղի ալեկոծության մեջ, նրան իմաց տվին, թե խանի հարեմատան ներքինիներից մինը կամի ձեզ տեսանել։ Նա հրամայեց որ ներս թողուն։ Ներքինին դուրս բերավ յուր ծոցեն մի նամակ, տվեց մելիքին. նա կարդաց նրա մեջ հետևյալ խոսքերը.
«Անպիտան դու, այդ ի՞նչ աններելի հանդգնություն է, որ գործում ես։ Բավական չէ՞ որ քո ամենայն տեսակ բանսարկությունով և չարախոսությամբ, մոլորեցնելով խանի միտքը, խռովում ես խեղճ գյուղացիների հանգստությունը, իսկ այժմ համարձակվել ես և աղմկել նրա հարեմատո՞ւնը։ Թող վկա լինին աստծո բոլոր հրեշտակները, թե քանի ծանր և դժնդակ կերպով դու կճաշակես քո չարությանց պատիժը իմ ձեռքից, թե չկամեիր քո սատանություններին չափ դնել»։
Կնիքի վրա կարդացվում էր խանի գլխավոր հարեմի անունր «Դուրրի-Դարիա»։
Մահվան գունաթափությունը ներկեց նրա դեմքը քրքումի գունով, նա թուլացավ, ուշքը, միտքը կորցրուց, և հազիվհազ մի քանի րոպեից հետո յուր զորությունները պնդելով, ասաց ներքինուն.— ի՞նչ առիթ ուներ խանումը այդպես բարկանալ ինձ վրա։
— Դու խելագարվա՞ծ ես, այ մարդ,— կրկնեց ներքինին։— Ի՞նչպես թե խանումը առիթ չուներ քեզ վրա բարկանալու, միթե այդ փոքր գործ է, քեզ ի՞նչ վերաբերյալ է խառնվիլ խանի ընտանեկան գործերին․ այդ ի՞նչ աղջիկ տալ է. դու չե՞ս իմանում, խանըմները կբարկանան դրանով։
Մելիքը սկսեց հազար ու մի երդումներով հավատացնել, թե ինքը ամենևին այդ գործից տեղեկություն չունի եղել, և թե այլ մարդիկ հասկացրել են խանին օրիորդ Սալբիի մասին։ Բայց ինքը կամենալով խանին անհավանելի կացուցանել նրան, հրամայել էր այն ղարաչի կինը ցույց տալ օրիորդ Սալբիի փզխարեն, և շատ ուրախ է, որ հաջողվեց նրան։
Բոլորովին սուտ էր խոսում մելիքը, որովհետև, նա ինքը չէր կարողացել մինչև այն րոպեին հասկանալ այն հրաշագործ փոփոխության գաղտնիքը...։