Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Սալբի

Սալբի
ՀԱԿԱՌԱԿ ԿԱՐԾԻՔՆԵՐ
Աստուծո լույսը բացվեց։

Տիկին Թարլանը յուր խնամի հյուրերի հետ զարթեցան քնից: Օրիորդ Նազանին ջուր ածեց, նրանք լվացվեցան։ Տիկին Թարլանը և տիկին Սկուհին մի կողմից իրանց երեսները չորացնելով՝ մի կողմից իրենց գլխի շորերը ուղղելով, այդ անհանգիստ դրության մեջ, մյուս կողմից էլ կարդում էին իրանց առավոտյան աղոթքները «Հայր մեր» և «Տեր ողորմյա ասելով», իսկ տիկին Սալլաթինը սենյակի մի անկյունը առանձնացած՝ չոքած՝ լուռ և անլսելի ձայնով էր աղոթում։

Գիշերվա հրացանների որոտմունքը, զուռնայի ճլվլոցը, գյուղացիների խառնաձայն աղաղակները դեռ անախորժ արձագանք էին տալիս նրանց լսելիքների մեջ։

Աղոթքից հետո, բոլորը նստեցին գորգերի վրա փռված սփռոցի շուրջը: Օրիորդ Նազանին թեյ էր պատրաստում։ Նախաճաշիկի համար դրված էր կաթ, սեր, կարագ, յուղով թխած հացեր և այլ ուտելիքներ։ Տիկին Թարլանը թեյը մեղրով էր խմում, ո՛չ թե տնտեսական խնայողության համար, այլ մեղք էր համարում յուր հոգուն շաքար գործածելը՝ կարծելով, թե նրա մեջ պիղծ անասունների ոսկրանյութ էր գտնվում։

Տիկին Սալլաթինը զարմացավ, թե ինչու օրիորդ Սալբին չհայտնվեց թեյի. քնից զարթնելով այդ առավոտ չէր տեսել նրան:

— Խնամի, հրամայեցեք կանչեն օրիորդ Սալբիին, որ մեզ հետ միասին թեյ խմե,— ասաց նա տիկին Թարլանին:

— Դուք վաղուց իմ բնավորության հետ ծանոթ լինելով, գիտեք, որ ես ատելով ատում եմ ամեն տեսակի կանացի համարձակություն. մանուկ աղջիկների ամոթն և նրանց համեստ և հեզ բարք ու վարքը՝ սուրբ են ինձ համար, ես չեմ կարող թույլ տալ, որ Սալբին անպատկառ կերպով նստե իրանից հասակավոր կանանց և բաժակ բաժակի չրըխկացնե:

Ամաչելու կամ պատշաճի համար չէր, որ օրիորդ Սալբին չերևեց յուր լինելի սկեսուրի և բարեկամ տիկին Սալլաթինի մոտ. այդ ի բնե հանդուգն, կամակոր և ազատամիտ աղջիկը երբեք չէր խոնարհվում յուր երկրի անպիտան և անխորհուրդ սովորություններին։ Խելացի օրիորդի չերևլու պատճառը՝ յուր մորից ամենասաստիկ կերպով վշտացած լինելն էր, նրա համար, որ տիկին Թարլանը, հյուրերը քնելուց հետո, գիշերապահին ծածուկ մտնելով օրիորդ Սալբիի ննջարանը, անպատիվ կերպով կտամբել էր նրա անպարկեշտությունը, նրան միայնակ Ռուստամի հետ տեսնելու ժամանակ, և զարհուրելի խոսքերով անիծել էր նրան։

— Բայց Եվրոպայի նման լուսավոր աշխարհի ուսյալ և կրթված ժողովուրդը մի՛թե անխե՞լք է այդ սովորությունները չպաշտելու համար,— հարցրուց տիկին Սալլաթինը։

— Է՛հ, նրանց գլուխն ուտե իրանց կրթությունը...— երեսը թթվեցնելով պատասխանեց տիկին Թարլանը,— բայց դուք գիտե՞ք այն աշխարհի կանանց բարոյականությունը։

— Այո... Եվրոպայի կանայք իրանց լուսավորությամբ և մաքուր բարոյականությամբ — պակաս չեն մարդկանցից։

— Լա՛վ ես ասել՝ իրանց լրբությամբ և իրանց փտած ու ապականված բարոյականությամբ,— նրա խոսքը կտրեց տիկին Թարլանը։

— Ողորմություն արեք, խնա՛մի, այդպիսի արատներով նրանց բամբասելը պատշաճ չէ, նրանք շա՛տ խելոք և ուսյալ են,— կրկնեց տիկին Սալլաթինը։

— Ի՜նչ օգուտ... սատանաներն ևս շատ խելոք են, բայց այրվում են դժոխքում։

Սատանայի անունը տալուն պես, տիկին Թարլանը երկյուղած սրտով խաչակնքեց յուր երեսը, և աղոթքի նման մի քանի խոսք շշնջացին նրա շրթունքները։

— Այդ համեմատությունը բոլորովին անտեղի և սխա՛լ է,— խոսեց տիկին Սալլաթինը։

— Երևի դուք շատ բան չեք լսել Եվրոպայի կանանց մասին, խնա՛մի Սկուհի,— դարձավ դեպ նա տիկին Թարլանը, իբր թե չլսելով տիկին Սալլաթինի խոսքերը։— Ա՜խ, որքան անամոթ և համարձակ են նրանք... և ի՛նչպես աչք, բերան, երես, գլուխ, բազուկներ, կուրծքն ու ուսերը բոլորովին մերկ ու բաց՝ ման են գալիս փողոցների մեջ: Շռայլաբար զուգված, զարդարված, հազար ու մի պչրանքով պճնած, գրեթե որսում են իրանց սիրելի եղած տղամարդիկը, նրանց հեշտախոսությանց և չկտի ցանկություններին՝ իրանց անձը վաճառելու...: Ա՛յդ է պատճառը, որ նրանք առանց զանազանության, կեղծավոր հաճոյամոլությամբ՝ խոսում, ծիծաղում են ամեն մի անծանոթ մարդու հետ, որ նրանց ո՛չ բարեկամն է և ո՛չ էլ ազգակիցը, որպեսզի թովեն, կախարդեն նրանց սերը, և ձգեն մեղքի ու դժոխքի անդունդի մեջ...։

— Ո՜ւֆ, հո՛ղը նրանց գլխին,— ասաց տիկին Սկուհին,— միթե ամուսին չունե՞ն այդտեղի կանայք։

— Ի՜նչ ամուսին,— առաջ տարավ տիկին Թարլանը։— Դուք կարծում եք ամուսին այրերը այնտեղ այնպե՞ս են, որպես մեզանո՞ւմ... բոլորովին ոչ...։ Մի չար խոսք, որին նրանք ազատություն անունն են տվել, պատճառ է դարձել սանձարձակ, իրանց կամքին ձգելու կանայք, որ նրանց սիրելի եղածների հետ ավելի տռփվին և լրբանան։ Մարդիկ եվրոպական կյանքի մեջ մի այլ նշանակություն չունին, քան թե իրանց կանանց կամքի գերիներ և ստրուկ ծառաներ լինելը։ Դուք հաճախ կտեսնեք, նրանք փողոցներում և վաճառանոցներում ման են գալիս իրանց տղամարդկանց հետ, և որպես համալ (բեռնակիր), նրանց կրել են տալիս այն բոլոր բաները, որ դնել են իրանց մարմինը այլոց ավելի հաճելի դարձնելու համար...։

— Դե ասա՛, մի խոսքով, նրանց երեսի մեռոնը գնացե՛լ է,— պատասխանեց տիկին Սկուհին, չհավատալով յուր ականջներին։— Վա՛յ, սև՛ հագնեն նրանք, միթե նրանց սրտերում ամոթ չկա՞...։ Մի՛թե նրանք աստված չունին. թող այսուհետև մեր տղամարդիկ լավ ճանաչեն մեր արժանավորությունները և մեր պատիվը.— մի ընդդիմություն, մի համարձակ կամ անպատշաճ խոսք բավական է, որ փայտն առնեն և մեր խղճալի գլուխը ծեծեն...։ Բայց ասացեք, խնամի Թարլան, ձեր խոսքերի գյորա (համեմատ), նրանք իրանց տնտեսական գործերը ևս չե՞ն կատարում։

— Ի՞նչ ես խոսում, տեր ողորմի քո հորը.— նրանք իրանց երեխայքն անգամ չեն սնուցանում. բավական է որ ծնեցին՝ իսկույն պահ են տալիս դայակներին։ Իսկ թե մոր կաթով չմեծացած երեխան ի՞նչ կդառնա՝ այդ գիտե ամեն մի խելացի մարդ։

— Ապա ի՞նչ են գործում,— ավելի զարմացած հարցրուց տիկին Սկուհին։

— Ոչի՛նչ չեն գործում, բացի նրանից, որ միշտ զբաղված են իրանց զարդարանքով, պչրանքով, կեր ու խումով, որ իրանց անձերը մո՛լի ախտերի մի գործարան շինեն։

Տիկին Սալլաթինը, այդ առողջամիտ կինը, որ ուշադրությամբ լսում էր յուր պարզամիտ քրոջ և մոլեռանդ տիկին Թարլանի զրույցները, թեպետ վաղուց արդեն կորցրել էր յուր համբերությունը, բայց որովհետև կարևոր խոսելիք ուներ Ռուստամի հարսանիքի մասին՝ չուզեց կոտրել տիկին Թարլանի սիրտը և բարկացնել նրան, մանավանդ, որ կամենում էր մի հնարքով ձեռք բերել նրա համաձայնությունը. և որպեսզի չոր առաջարկությունը ընդունելություն գտնե նրա մոտ, ծանրությամբ և հանդարտ եղանակով խոսեց.

— Ավելի լավ չէ՞ր լինի, սիրելիք, կարճել այդ զրույցների ընթացքը և հավատալ թե բամբասանքը մեղք է, և թե մենք, ասիացի կանայքս, քանի՜-քանի՜ հազարավոր մղոններ հետ ենք մնացել նրանցից։ Նրանք միշտ առա՛ջ, դեպ առաջ են դիմում, բայց մենք մնում ենք դարավոր անշարժության մեջ, կապված կաշկանդված տգիտության շղթաներով...։

Տիկին Թարլանը, այդ խոսքերի նշանակությունը համարյա չհասկանալով՝ գլուխը հեգնական կերպով շարժեց և հրամայեց հավաքել թեյի սփռոցը։

— Խնամի Թարլան,— խոսեց տիկին Սալլաթինը,— մինչև բարեկենդանը երկու շաբաթ է միայն մնում. ժամանակը նեղցել է. ի՞նչ եք հրամայում հարսանիքի մասին։

— Ի՞նչ պետք է ասեմ,— պատասխանեց առժամանակյա մտածումից հետո տիկին Թարլանը։— Ա՛յն, որ աստված է կամեցել, կկատարվի. և ես չեմ կարող իմ հանգուցյալ ամուսնի ուխտը գետնին զարկել։

— Աստված քեզ հանգիստ արքայություն տա, խնամի,— մյուս կողմից առարկեց տիկին Սկուհին.— ես իմ հո՛գիս, բերան չէ՛, տաճար է...։ Ճշմարիտ, մեղք է, որ մենք դարձյալ թողնենք, որ ձեր աղջիկը ու մեր Ռուստամը այսուհետև ավելի մաշվեն միմյանց համար, դուք գիտե՛ք, թե նրանք ո՜րքան սիրում են միմյանց։

— Ես գիտե՛մ...— պատասխանեց տիկին Թարլանը խորհրդավոր եղանակով.— և նրանց անպարկեշտ սերը, միանգամայն ատելի է ինձ։

— Չէ՛, այդպես մի խոսիք,— նրա խոսքը կտրեց տիկին Սալլաթինը,— աշխարհս լուսավորյալ է. և սիրո աստվածուհին դուրս գալով ամոթխածության վարագույրի ետևից՝ մերկացել է յուր նախկին քողածածկոցից. այժմ նա մերկ հանդես է մտել մարդկային կյանքի մեջ որպես ճշմարտության աստվածուհի...։

Տիկին Թարլանը չհասկանալով վերջին խոսքերը, ավելացրեց.

— Աշխարհս լուսավորվե՞լ է... լավ է ասեք՝ լրբացել է. և մեր ազգային սուրբ և ազնիվ բարոյականությունը, յուր արդար և անարատ սովորություններով՝ ապականվել է. Նեռի երևալու ժամանակը մոտեցել է, որովհետև մեր նորահարսերը այքևս ո՛չ ծերերի ալիքն են պատվում, ո՛չ նրանց խրատները լսում։

Այդ խոսքերով տնամոլ տիկինը կամենում էր յուր սրտի թույնը թափել, որ կուտակել էր երեկոյան Ռուստամին միայնակ օրիորդ Սալբիի մոտ գտնելը։

— Թող այդ ձեզ չվշտացնե,— ասաց տիկին Սալլաթինը,— նոր ժամանակը ընտրել է յուր համար մի նոր ընթացք, որ տանում է յուր հետ մարդկությունը... ո՛վ որ դուրս մնա այդ ճանապարհից՝ կմոլորվի և դեպ հավիտենական կորուստը կգնա... Վերանորոգությո՜ւն... ազգաշինությո՜ւն... այդ խոսքերն է հնչեցնում մեր ականջներին հայոց հրեշտակը...:

— Բա՛յց ամեն տեսակ վերանորոգության հետ անհրաժեշտ կապակից է մի ապականիչ կործանում։

— Գիտե՞ք, այդ կործանման փլատակների միջից են ծլում, ծաղկում մի նոր, թարմ և պնդակազմ կյանքի անուշահոտ վարդերը։ Ամեն հին բաները հավիտենական մահվան կերակուր են դառնում, և մահը մարսելով յուր կերածը, մի նո՛ր կյանք, մի նոր գոյություն է առաջացնում։

— Դրա՛նք մթին և խորին զրույցնե՛ր են. թո՛ղ տվեք թե աստված կսիրեք,— նրանց խոսքը կտրեց տիկին Սկուհին.— ի՞նչ մեր գործն է՛ վարդապետություն անել. լա՛վ կլինի, որ մենք մեր խելքից դուրս բաներ չմտածենք։

— Ես ի՞նչ մեղ ունիմ,— պատասխանեց տիկին Թարլանը,— ձեր քույրն է սկսել փիլիսոփայություններ կարդալ մեր ականջներին:

Տիկին Սալլաթինը լռեց և այլևս չխոսեց։

— Թող մնան այդ խոսքերը,— շարունակեց տիկին Սկուհին.— մե՛ղք է թերահավատ զրույցներ անել, այժմ դառնանք մեր առաջվա խորհրդին։ Խնամի Թարլան, դուք իմացեք, մենք երկուշաբթի օրից հարսանիքը սկսելու ենք. դուք էլ պատրաստ եղեք, որ ավելի չուշանա, հինգ օր հարսանիք կլինի, և բարեկենդանի շաբաթ օր, աստուծո կամքով՝ հարսը տուն կը տանենք։

— Շատ բարի,— պատասխանեց ցածր ձայնով տիկին Թարլանը,— ես ձեր կամքին հնազանդ եմ:

— Այժմ մնաք բարով, շատ խոսացինք, շատ գլխացավանք տվինք, ներեցե՛ք,— մնաք բարով ասացին երկու քույրերը և համբուրելով տիկին Թարլանի ձեռքը՝ հեռացան:

Բակը դուրս գալով, երկու քույրերը մտան օրիորդ Սալբիի սենյակը։ Նա այդ միջոցին խորին ուշադրությամբ՝ մի գիրք էր կարդում։ Տիկին Սկուհիին տեսնելով՝ նա քողը երեսի վրա քաշելով, գիրքը ձգեց և ոտքի ելավ։

Տիկին Սկուհին համբուրեց օրիորդի գլուխը, և ուրախ եղավ այնպես քաղաքավարությամբ իրան ընդունելու համար։ Տիկին Թարլանի երեկոյան տհաճությունը — Սալբիի մասին — լսած լինելով՝ նա ուղղեց նրան այս առասպելարանական խրատները։

— Իմ սիրելի հարսնացու, սովորիր պարկեշտությունը սրբությամբ պահպանել քեզ օրինակ առնելով այն երկնային հրաշագեղ հարսնացուն — Լուսնյակը։ Դա մի լուսեղեն հավերժահարս օրիորդ է, որի հարսնությունը հավիտենից նշանադրված է արեգակի՝ այն լուսադեմ պատանյակի հետ։ Նրա հարսանիքը մնացել է «վերջին օրին», երբ այս աշխարհը այլևս չէ լինելու։ Լուսնյակի դեմքը ավելի փայլուն է քան արեգակինը, բայց տեսնո՜ւմ ես, ինչպի՜սի ամոթխածությամբ է վարագուրել յուր դեմքը. ա՛յդ է պատճառը, որ շատ թույլ լույս է արձակում։ Նրա երեսքողի միջից մենք հազիվ ենք նշմարում նրա սևորակ աչքերը։ Հավիտենից այդ երկու երկնային տարփածուները անձկալի կարոտով վազում են միմյանց ետևից, և կարծես, մի աներևույթ ձեռք վանում, հալածում է նրանց երկնքի ճախարակի չորս կողմով... Բայց, երբեք չէ պատահել, որ նրանք հանդիպեն միմյանց, առնեին իրանց կարոտը, լցնեին իրանց փափագը մինչև հավիտենականի ձեռքով նրանց պսակը չկատարվի...։

Այդ ավանդական խրատը տիկին Սկուհին նրա համար էր տալիս, որովհետև ինքն ևս, տիկին Թարլանի նման, չէր սիրում օրիորդ Սալբիի և յուր որդու շատ անգամ միմյանց համարձակ այցելություններր։ Կամենալով օրիորդի կամակորությունն էլ խրատել, որ նա հնազանդեր յուր մորը՝ տիկին Սկուհին շարունակեց.

— Մա՛նավանդ աշխատիր խոնարհությամբ հնազանդել քո մորը, որ քեզ աստուծո շնորհիվ — կենսագործնլ է, սնուցել է յուր ծծելով։ Նայիր պիպուին (հոպոպ), դու տեսե՞լ ես այն խայտաճամուկ փետուրներով սիրուն թռչնիկը. նա՛ ևս մի օր քո նման մանուկ աղջիկ էր: Մի օր նրա մայրը, մի փայտյա տաշտի մեջ լվանում էր նրա գլուխը և սանդրում ծամերը, անհնազանդ աղջիկը հիմարությամբ չարախոսում է մոր դեմ, մայրը անիծում է նրան, և անեծքը տեղ հասնելով՝ աղջիկը տիրոջ հրամանով ձևափոխվում և դառնում պիպու թռչունը։ Մինչև այսօր, այն սանդրը, որով մայրը սանդրում է յուր աղջկա ծամերը՝ գտնվում է պիպուի գլխի վրա, որպես նշան և խրատ, անհնազանդ աղջիկներին։ Պիպուն անիծված է. բոլոր թռչուններից միայն նրա բույնն է ժահահոտություն արտաշնչում։ Մինչև այսօր նա յուր թլվատ լեզվով կոչում է փո՛փո՛, որ նրա մոր անունն է, կամենալով թողություն խնդրել մորից, բայց աստված չէ լսում նրա ձայնը։

— Եթե դո՛ւ, քույրիկ, հոպոպի գլխի վրա եղած հովհարանման փետուրների պատճառով ապացուցանում ես, թե նա անիծված աղջիկն է,— նրա խոսքը ընդհատեց տիկին Սալլաթինը,— ուրեմն այս օրերին ռամիկների կարծիքը, թե կիվ-կիվը (մի թռչուն) յուր գլխի պոպոզի պատճառով համարվում է անիծված վարդապետը՝ զուրկ չէ ճշմարտությունից։

— Հա՛, ա՛յդ էլ սուտ չէ, — պատասխանեց տիկին Սկուհին հաստատ հավատքով,— կիվ-կիվը առաջ մի վարդապետ է եղել, մինչև այսօր տեսնվում է նրա գլխի վրա վարդապետական սև վեղարը։

Օրիորդ Սալբին չկարողացավ յուր ծիծաղը զսպել։

Ժամացույցի զանգակը ընդհատեց նրանց խոսքերը։ Տիկին Սալլաթինը բարեկամաբար սեղմելով օրիորդ Սալբիի ձեռքը, կամաց շշնջաց նրա ականջին.

— Չմոռանա՛ս սկեսուրիդ խոսքերը...:

Երկու քույրերը դուրս գնացին Հովասաբենց տնից:

Մոտենալով Աշխարունիի դռանը, տիկին Սալլաթինը բռնեց յուր քրոջ ձեռքը.

— Մտիր մեր տուն մի քանի րոպեով,— ասաց նա,— Արամին էլ կտեսնես։

— Չէ, ուշ է, մեր տանը ինձ սպասում են,— պատասխանեց տիկին Սկուհին հրաժարվելով։

— Ի՞նչ վնաս ունի, եթե մի քանի րոպե ուշանաս։

Մտնելով պարոն Արամ Աշխարունիի (տիկին Սալլաթինի ամուսնու) դռնից, նրանք անցան մի ընդարձակ բակի միջով և քարե սանդուղքներով բարձրանալով, ներս մտան մի ոչ այնչափ մեծ սենյակ, որ ավելի նմանում էր մի մատենադարանի: Եվրոպական հագուստով մի վայելչակազմ երիտասարդ, նստած ընդարձակ գրասեղանի հանդեպ՝ գրում էր։ Տեսնելով տիկինները, նա ոտքի ելավ և ուրախությամբ բարևելով ասաց կատակով.

— Բարով, տիկին մոգուհիներ, շնորհավոր լինի ձեր հրավառությունը։

Երկու քույրերի երեսները շառագունեցան, նրանք չպատասխանեցին այդ հեգնական խոսքին։

— Խոսեցի՞ք հարսանիքի մասին, — խոսքը փոխելով՝ հարցրուց պարոն Արամը։ — Խոսեցինք, — պատասխանեց տիկին Սալլաթինը.— խնամի Թարլանը համոզվեց, երկուշաբթի կլինի հարսանիքը:

— Ուրեմն պետք է աչքալուսանք տալ պարոն Ռուստամին. ա՛յսքան երկար սպասելուց՝ խեղճ տղան մաշվեցավ... Բայց, Սկուհի, հարսանիքը հի՞ն կարգով պիտի անեք:

— Իհա՛րկե, ա՛յսքան տարի որդի եմ պահել, մեծացրել, որ նրա հարսանիքի ուրախությունը վայելեմ հետո մեռնեմ, — պատասխանեց տիկին Սկուհին։

— Իմ սիրելի քույրը ձեռք չի վեր առնի հին սովորություններրից, Արամ, — առարկեց տիկին Սալլաթինը, — ասացեք, թե աստված կսիրեք, ի՞նչ մի հաճելի բա՛ն է այն զը՛ռ-հա-զը՛ռը, այն ատելի դըհոլ-զուռնան, այն ղալմաղալը, այն բաբելոնյան խառնակությունը։

— Առավել լավ կլինի, առանց ավելորդ աղմուկի, մեկ օրվա մեջ վերջանա պսակը և հարսանիքը մի չափավոր և համեստ ճաշկերույթով վերջացվի, — հորդորեց պարոն Աշխարունին։

— Տեսնենք... իհա՛րկե, առանց խորհրդի չի լինելու, ինչպես արժան կդատեք, այնպես էլ կանենք,— պատասխանեց տիկին Սկուհին և ողջունելով նրանց հեռացավ։
ԽՈՐՀՈՒՐԴ

— Ա՛յ տղա, Մխո՛, Խաչո՛,— ձայն տվեց մահտեսի Ավետիսը յուր ծառաներին.— շունը հաչո՛ւմ է, դուռը զարկո՛ւմ են, գնացե՛ք բա՛ց արեք. երևի հյուրերը գալիս են։

Մահտեսի Ավետիսը ինքը ընդառաջ դուրս եկավ մինչև բակը, և բարևեց եկող հյուրերը, որ փաթաթված իրանց թանձր ապաների մեջ, ծանրաքայլ և ուռած՝ առաջ էին գալիս։ Նրանք ներս մտան իրանց համար պատրաստված սենյակը. ամենից առաջ երկու քահանա «բարի ողջույն» ասելով նստեցին սենյակի բարձր և պատվավոր տեղում. նրանց մոտ նստեց տանուտերը, այնուհետ և մնացածները, իրանց փառքի ու աստիճանի հարմար բարձի տեղ գտնելով, «բարի իրիկուն» ասելով, զուգահեռաբար շարվեցան և սենյակի պատերի չորս կողմով։

Մահտեսի Ավետիսը, որ դեռ ոտքի վրա էր կանգնել — նրանց սպասին` քահանաների թույլտվությամբ նստեց բոլորից ներքև, և յուր երկրի սովորության համեմատ` սկսեց կրկին ողջունել նրանց գալուստը.

— Բարով եք եկել, հազար բարով... իմ աչքի և իմ գլխի վրա... Տերն մեր Հիսուս Քրիստոս ձեզ մեր դրկիցությունից միշտ անպակաս անե, որ այսպես միմյանց հետ սեր վայելենք, բարիին ուրախանանք և չարին տրտմենք, միշտ միաբան և միահոգի լինինք` որ միմյանց թև ու թիկունք դառնանք։

Մահտեսի Ավետիսը դեռ շատ պիտի երկարեր յուր այդ սերտած խոսքերը, եթե մյուս կողմից նրան չընդհատեր տեր Մարկոսը, ասելով.

— Աստված բարին տա, Մահտեսի, թե աստվածդ կսիրես ասա մի տեսնենք, թե դարձյալ ի՞նչ փորացավ ունիս. քո մեզ այստեղ հրավիրելը առանց պատճառի չէ... օրհնած, լա՛վ է, որ դու էլ մեզ մտաբերեցիր, «սատանայի աչքը քո՛ռ». գիտես ինչ. մեծ զատկին եմ ձեր շեմքը կոխել, գոնյա՛ ա՛յնպես տար, բե՛ր, որ քո տան ճամփան չմոռանանք։ Օրհնած, ի՞նչ ես այդպես քսակիդ բերանը պինդ պինդ հուփ տվել. դիցուք այնքան հավաքեցիր, որ Ղարուն դարձար. մի ասա՛, լսեմ, այս փուչ աշխարհից ի՞նչ պիտի տանեք. չէ՞ որ երկու կամ երեք կյազ (արշին) կտավ է ձեր բաժինը։

— Չէ՛, չէ՛, մեռնիմ սուրբ աջիդ, տերտեր ջան. դո՛ւք մեր գլուխն եք, իսկ մենք ձեր ոտքի հո՛ղը,— պատասխանեց մյուս կողմից Հուրի Խան-Դայան ջերմեռանդությամբ.— իմ տուն տեղս բոլորը ձե՛րն է, իմ ընտանիքս ձեր ծառաներն են. ձեզ ո՞վ է արգելում բարի ոտքերով մեր շեմքը կոխել, միթե այդ մի կտոր հացը, որ ուտում ենք, ձե՞րը չէ, միթե ձեր շնորհը չէ, որ մեզ պահպանում է...։

— Աստված հավատքդ օրհնե, մայրիկ,— ասաց տեր Մարկոսը։— Ե՜րանի բոլոր մարդիկ քո սիրտն ունենային, որովհետև դու գիտե՛ս աստուծո քահանաները պատվել, տերը փոխարենը կվարձատրե քեզ մյուս կյանքում։ — Իմ որդիս, մահտեսի Ավետիսը,—շարունակեց պառավը,— թեպետ տիրոջ սպասավորների վրա մի փոքր սառն աչքով է նայում` բայց դուք, տեր հայր, պետք է ներեք, նրա սիրտը շա՛տ բարի է։

— Ամեն ինչ կարելի է ներե՛լ, բայց միանգամայն անտանելի է այն` որ Մահտեսին չամչի արաղը մինակ մինակ գաղտուկ խմում է, ամենևին չմտածելով մի սրվակ տերտերին բաժին հանել, բայց մի այսպիսի չար ժամանակ, ո՞վ է քահանային պատիվ դնողը, երբ նա նրանց պետք չէ... այն ժամանակ են տերտերին միայն մտաբերում, երբ մինին պսակ, կնունք կամ թաղում է պատահում։

— Դրանում իրավունք ունիք, տեր հայր, — հաստատեցին մի քանի հոգի։

— Չէ՛, հանաք եմ անում, — խոսքը փոխեց տեր Մարկոսը,— ես իմ ժողովրդի լիությունն ու հանգստությունը կուզեմ։

— Հավատա՛, տեր հայր, — մի փոքր սիրտ առած խոսեց մահտեսի Ավետիսը. — եթե ամեն օր հազար անգամ փառք տամ աստծուն, դեռ բավական չէ։ Ձեր սուրբ աղոթքով ի՞նչս է պակաս։ Ծառադ (Ռուստամը) հասել է, աստված մի կտոր հաց է բաշխել, կարոտություն չունիմ, այլևս ավելի ո՛չ մի բան չեմ խնդրում աստծուց, միայն թե դուք և մեր բարի դրացիքը կենդանի լինեք, որ միասին ուտենք, խմենք և փառք տանք տվողին, մինչև նա ևս յուր ավանդը հետ առնե այնուհետև, ի՞նչ ես տանելու այս փուչ աշխարհից, ողորմելի մարդ... երկու բանից մինը—բարի կամ չար գործ։

— Հա՛, բարի կամ չար գործ և մի քանի բուռն հող,— ձայն տվեցին մյուսները։

Մյուս քահանան, տեր Մարուքը, որ լուռ, ականջները կախած, չէր խոսում, մեջ մտավ այս խոսքերով.

— Իհա՛րկե, իհա՛րկե, դո՛ւք, որ կաք` մեր ավազանից ծնված եղբայրներն եք. ձեր մեջ իմու-քոյություն պիտի չլինի, ձեր դռները միմյանց առջև բաց պիտի լինի և ձեր սեղանը` միշտ սփռված։ Գիտեք, որքան մեծ բարեգործություն է հաց տալն և քաղցած փորերն կշտացնելը...։ Ա՜խ, հա՛ցը, հա՛ցը, մանավանդ գինին... դրանց սուրբ շնորհներին մատաղ-հատուկ արքայության բանալիներն են. ա՛յդ է պատճա՛ռը, որ տերն մեր Հիսուս Քրիստոս յուր մարմնի և արյան փոխարեն դրեց այդ երկու նյութերը, իսկ ահեղ դատաստանի օրը, մեղավորներին այս հանդիմանություններն է տալիս—«քաղցած էի — հաց չտվիք, ծարավ էի — ջուր չխմացրիք», բայց այդ վերջին բառի փոխարեն` լավ կլիներ եթե ասեր — «ծարավ էի — գինի չտվիք», գինի եղած տեղը մարդ ջուր չի խմի, այդպես չէ՞, — հարցրուց նա կատականոք տեր Մարկոսից։

— Հա՛, այդ զուտ ճշմարտություն է,— պատասխանեց տեր Մարկոսը հեղինակավոր ձայնով։— Մի՞թե չես կարդացել «գինի ուրախ առնե, յուղ զվարթ, հաց հաստատե զսիրտ մարդո»։

— Բայց ձեզ մի բան ասեմ, տեր հայր,— շարունակեց տեր Մարուքը.— թեպետ մեր սուրբ հայրերը հաստատում են թե Ադամը թուզ ուտելու համար դրախտից արտաքսվեց` բայց իմ կարծիքը այդ մասին — տարբեր է, ես հավատում եմ, որ Ադամը ցորյան կերավ, որպես և վկայում են պարսիկները իրանց հանդիսների մեջ:

— Ինչ խորհուրդ ունի այդ։

— Այն, որ ցորյանի պտուղով դրախտից դուրս ընկանք և ցորյանի պտուղով պիտի ներս մտնենք, քանի որ Քրիստոս դրավ յուր մարմնի փոխարեն։

— Տերտեր ջան,— նրանց խոսքը ընդհատեց եկեղեցու երեցփոխանը.— իրավ, դուք իմ սրտիցն եք խոսում, ճշմարիտ որ հաց բաշխելու նման մի այլ բարեգործություն չկա, դրա համար է, որ հայր Աբրահամի նման, ինչ օր հյուր չունենամ` ճտովս հաց ներս չի գնա: Ամեն կողմից պատահական վարդապետ, վանքական ժողովարար, օտարական քահանա, կամ ով որ մի փոքր սևը սպիտակից որոշել գիտե` ճանաչելով երեցփոխի տունը, գալիս են, շաբաթներով, ամիսներով մնում են ինձ մոտ, ինձ գործից հանում, իրանց գործը վերջացնում և ապա մեկնում են` իրանց սուրբ օրհնությունը ինձ վարձք թողնելով։

— Բայց, պարոն երեցփոխ,— հեգնական ոճով խոսեց տեր Մարկոսը.— մինակ հացը բավական չէ՛, այդպիսի հանգամանքներում մի մոռացեք մի քանի դահեկան նրանց ափը կոխել։

— Ճշմարիտ է, եկեղեցականին տվածը չի կորչի ավելացրուց տեր Մարուքը։ — Իհա՛րկե, անողորմ Պիրոսի մի հատ հացի կուտը նրան արքայություն համարվեր, իսկ եկեղեցականին փող տալը, նրա սիրտը շահելը ունա՞յն բան է։

— Ո՞ր անողորմ Պիրոսը,— հարցրին հյուրերը, խնդրելով, որ տեր Մարկոսը այդ առակը պատմե նրանց։

— Ապա չե՞ք լսել, ամեն օր կարդում ենք Ավետարանի մեջ անողորմ Պիրոսը ա՛յն անգութ և անխիղճ ագահն էր, որ յուր կյանքում ոչ մի աղքատի մի պատառ հաց, և ոչ մի քահանայի մի փարա փող չէր տվել։ Մի օր մուրացկանի մինը մտնում է նրա տունը երբ նա թոնրում հաց էր թխում։ Անողորմը բարկացած ձայն է տալիս մուրացկանին — դո՛ւրս գնա, եթե չես ուզում ծեծվել։ Մուրացկանը աղաչում և խնդրում է մի պատառ հաց. անողորմը վեր է ցատկում, որ թակելով նրան արտաքսե։ Աղքատը փախչում է, անողորմը, յուր բարկությունը հանգստացնելու համար մի այլ բան չգտնելով` վեր է առնում այրված հացի կուտը և քարի տեղ — ձգում է աղքատի վրա, իսկ մուրացկանը, միջոց գտնելով, խլում է այրված հացի պատառը և շարունակում յուր փախուստը։ Այժմ, ականջ դիր, Մահտեսի, գիրքը վկայում է, թե այդ ողորմությունը` թեև ակամա` բայց արդարություն համարվեց նրա համար... և անողորմ Պիրոսը դառնալով գտավ յուր թոնրի շրթան մոտ կիսավառ անթրոցը (քոսավը) — կանաչացած և ծաղկած։

«Ո՞ր գիրքը... Ավետարա՞նը...»,— կամենում էր հարցնել մահտեսի Ավետիսը.— «այդպիսի առասպել չկա Ավետարանի մեջ...»։

Մահտեսի Ավետիսի հյուրերը, բոլորը որպես «մի սանդրի կտավ». մի միաբանության անդամ էին — առաքինություն քարոզելը, բարեգործություն ուսուցանելը — նրանց նպատակը չէր, այլ ճանաչելով մահտեսի Ավետիսի սրտի պնդությունը, գիտնալով, որ նա յուր դեպ քահանաները տածած սառնասրտությամբ — անողորմ Պիրոսից պակաս չէր, նրանք ամենայն խորամանկությամբ խելք-խելքի տված` աշխատում էին թովել Մահտեսու միտքը, որպեզի նրանցից ամեն մինը կարողանա մե՛ծ չափով դուրս հանել մահտեսիից յուր ստանալի արծաթը` օգտվելով այդ գիշեր հարսանիքի խորհուրդ լինելու պատեհ առիթից: — Դե՛, Մահտեսի,— առաջ տարավ տեր Մարկոսը, ծանրությամբ,— «փլա՛վ, փլա՛վ, կանչելով չե՛ս կշտանա, եղ ու բրինձ պիտի»: Քսակիդ բերանը բաց արա, այս մարդիկը առատապես բավականացրու, որ կարողանաս կարմիր հարսը տուն բերել։

— Իհա՛րկե, — պատասխանեց մահտեսի Ավետիսը,—ինչ որ մեր երկրի սովորությունն է՝ ես պատրաստ եմ վճարել։

— Է՜հ, օրհնած, հիմա սովորությունից անց է կացել,— առաջ տարավ տեր Մարկոսը.— տեսնո՞ւմ ես, ամեն բան այժմ թանկ է, միթե մե՞նք միայն աժան պիտի ծախենք մերը: Այստեղ պնդություն պետք չէ, պետք է տաս, օ՛րհնած, որդի պսակելը դյո՞ւրին բան է։

— Լա՛վ. ասենք թե արտերը այս տարի մարախը կերավ, և այդ պատճառով ցորյանը թանկացավ, իսկ եկեղեցական խորհուրդներին ի՞նչ պատահեց, որ նրանց գները թանկացրիք։ Մենք, մեր հանգուցյալ Գևորգ, Իսրայել և Նիկողայոս եպիսկոպոսների ժամանակներից դիտենք, թե ո՛րքան արծաթ պետք է վճարել մկրտության, պսակի, թաղման, հաղորդության, խոստովանության՝ և այլ հոգևոր խորհուրդների համար։ Բա՛յց այժմ—աստված ձեզ խղճմտանք տա, մեկի փոխարեն տասն եք առնում, և դեռ գոհ չեք։

— Է՜հ, որդի,— պատասխանեց տեր Մարկոսը խորհրդական ձայնով.— ամեն ժամ, ամեն ժամանակ յուր հատուկ պահանջներն ունի, «այժմ աքլորը ամեն օր հազիվ թե մեկ շահիով կարողանում է ջուր խմել»։ Չէ՞ որ մենք ևս ադամորդիք ենք. աստված մանանայով չէ կերակրում մեզ՝ որ կարոտություն չունենանք, մեզ մնում են՝ մեր ժողովուրդը և մեր եկեղեցին, դրա՛նք են մեր արտերը և մեր հունձքը՝ որ ապրուստ հայթայթեն մեզ։

— Բայց չէ՞ որ սրբազան առաջնորդը հարուստ է, հազարներով ոսկիներ ունի,— առարկեց մահտեսի Ավետիսը։

— Օրհնա՛ծ, ի՞նչ կդիմանա այն ծախսերին՝ երբ ժողովուրդը նրան չօգնե յուր զոհաբերությամբ։ — Ուրեմն առաջնnրդը յուր շռայլության համար պիտի ուտե՞, մաշե՞ ժողովուրդը։

— Դու սխալվում ես, Մահտեսի, ա՛յդ ամենևին շռայլություն չէ, ա՛յդ ազգի պարծանք է՝ որ մենք մի այդպիսի փառավոր առաջնորդ ունեինք։ Մեր առաջնորդը մի այնպիսի երևելի անձն է՝ որ տերության բոլոր մեծամեծ պաշտոնակալների հետ — ծանոթություն ունի։ Դո՛ւ, որդի, ոչ մի քաղաքականություն չգիտես. Պարսկաստանը՝ արտաքին փառահեղություն է սիրում, դրա համար էլ մեր մեծավորը պիտ ինքը իրան ա՛յնպես պահե, որ նրանցից պակաս չմնա։ Քո հիշած առաջնորդները, որ մի սակավ բանով էլ էին բավականանում — աննշան մարդիկ էին, որ եկեղեցու գավթից չէին դուրս գալ, և ժամհարից ավելի մարդ չէին ճանաչում։ Բայց այժմյան առաջնորդը, փառք աստուծո, սարդարի և շահզադաների մոտ բարձի տեղ ունի, ո՞վ ասես նրան չէ պատվում։

Հանկարծ ներս մտան եվրոպական ձևով հագնված երկու նորահաս տղամարդիկ, և անփույթ, անհոգ կերպով «բարի իրիկուն» ասելով անցան, կոչնականներից վերև նստեցին։

Տեր Մարկոսի երեսը մռայլվեց․ նա տհաճությունից կրծում էր յուր շրթունքը. նա ավելի կատաղեց այն բանի համար, որ եկվորները ուշադրություն չդարձրին այնտեղ հոգևոր անձինք լինելու վրա և չասացին «օրհնեցեք տյարք»։ Նա ավելի ուրախ կլիներ, եթե երկու սատանա մտնեին նրանց ժողովը, քան այդ երկու՝ նրա համար անտանելի անձերը։ Բայց մյուս կողմից նա խիստ ուրախ էր, որ նրանք եկան խորհուրդը վերջացնելուց հետո, եթե ոչ, չարաչար կվնասեին նրանց օգտին։ Մեր Մարկոսը յուր սև փիլոնի հետ ստացած լինելով և մի սև ու կեղտոտ հոգի, մի կեղծավոր մարդահաճություն, ծածկեց յուր սրտի ոխը, ակամա մի փաղաքշական կերպարանք ընդունեց, և սկսեց առանձին-առանձին բարևել եկվորներին՝ և նրանց առողջությունը հարցնել։

— Պարոն Մելիքզադե, ո՞ւր էիք այդքան ժամանակ, պոչավոր աստղերի նման՝ հազիվհազ եք երևում, այս քանի օր է, ձեզ չտեսնելով — կա՛րգս է վկա, իմ մեջ մեծ ցավ էի զգում։

— Գնացել էի Թաբրիզ զանազան գործերի համար,— սառնությամբ պատասխանեց պարոն Մելիքգադեն։

— Էհ, օրհնածներ, ի՞նչ եք այդչափ փողի ետևից վազ տալիս, և ամենևին չեք կշտանում․ միթե մինչև հավիտյան ապրելու հո՞ւյս ունիք։ Չէ, չէ՛, որդիք, այս աշխարհը մի փուչ և անցավոր բան է․ իսկ մեր կյանքը՝ մի երազ։ Տեր Մարկոսը այդ սերտած խոսքերը կրկնակի արտասանում էր անխտիր բոլոր դասակարգի մարդկանց մոտ, կարծելով, որ բոլորի նպատակը միայն փողն է, և նույնիսկ տիեզերքը փողի համար է շարժվում․ ավելի վստահորեն նա շարունակեց.— Ավելի լավ չէ՞ր լինի, եթե անցավորի փոխարեն հոգս տանեիք հավիտենական երջանիկ կյանքի համար։

— Ի՞նչ բանով և ինչպե՞ս,— հարցրուց պարոն Արամ Աշխարունին։

— Ի՞նչ բանով...— հեգնաբար կրկնեց քահանան.— դո՛ւք, պարոն, կարդացվոր մարդ եք, ամոթ չէ՞ ձեզ համար չգիտենալը:

— Բայց ամոթ չէ՛ և հարցնելը:

— Պարոն, վերջին ռամիկն էլ գիտե, որ մի մարդ հավիտենական կյանքը շահում է —եկեղեցիներին և եկեղեցականներին դրական օգնություն անելով, նրանց պակասությունը հոգալով, վանքերին և վանքականներին հոգևոր ընծաներ ուղարկելով, գլխավոր ուխտատեղիները գնալով, պատարագ մատուցանել տալով, աղքատներին հաց բաշխել տալով, այլևս ո՞ր մինը ասեմ, եթե չգիտեք, գոնյա՛ հայրերից տեսած կլինեք։

Մանուկ տղամարդիկը բացասական կերպով ժպտեցին:

— Կամ թե ի՞նչ է արգելում մի հայ-քրիստոնյա մարդու,— առաջ տարավ տեր Մարկոսը,—որի հասակը և կարողությունը ներում է, յուր կյանքում մի անգամ սուրբ քաղաքը (Երուսաղեմ) գնալ և «մահտեսի» դառնալ։ Միթե մենք թուրքերի՞ց էլ պակաս ենք, որոնց կրոնը անհրաժեշտ պարտք է դրել ամեն մի մահմեդականի վրա՝ յուր կյանքում մի անգամ Մեքկա գնալու և «հաջի» դառնալու։

Տեր Մարուքը և մյուս կոչնականները լուռ զարմանում էին տեր Մարկոսի ճոխ ճարտարախոսության վրա, մտածելով, թե նա ոչ միայն հասարակ ժողովրդի առջև մեծ համարում է վայելում յուր գիտության համար, այլև իմաստուններին կարող է պապանձեցնել։

— Ինչո՞ւ չեք պատասխանում, պարոններ,— հարցրուց տեր Մարկոսը.— մի՛թե իմ խոսքերը ձեզ դուր չե՞ն գալիս։

— Այո՛, մենք համաձայն չենք, որ հայերը իրանց արծաթը փչացնեին այդպիսի անպիտան ծախսերի համար,— պատասխանեցին երիտասարդները։

— Անպիտան ծախսե՞ր... այդ ի՞նչ եք խոսում․— հարցրուց քահանան բարկանալով։

— Այո՛, դեռ անպիտանիցն էլ ավելի վատթար:

— Դո՛ւք մոլորվա՛ծ եք:

— Իսկ դուք խենթացած...:

Տեր Մարկոսը իսպառ կատաղեց։

Մահտեսի Ավետիսը նկատելով, որ նորահաս պարոնների «ջուրը տերտերի առվով չէ հոսում», յուր որդի Ռուստամին ականացի արեց, որը բռնեց պարոն Արամ Աշխարունու և պարոն Խոսրով Մելիքզադեի ձեռքը և յուր սենյակը տարավ։

Նրանց հեռանալուց հետո, սփռվեց հացի սեղանը, տեր Մարկոսը, յուր հակառակորդներից ազատվելով և արձակ միջոց գտնելով — դարձյալ հանդես մտավ, և յուր շաղակրատ լեզվի հաճոյամոլությամբ՝ սկսեց թովել նրանց սրտերը։

Կես գիշեր էր։ Խնջույքը վերջացավ և կոչնականները ցրվեցան: Տեր-Առաքելենց տան դիմաց, նրանցից բաժանվեց մինը, և որպես չարության դև, միայնակ, լուռ խլրտում էր ոլորևմոլոր փողոցներով: Դիվային ոչ մի հատկանիշ չէր բացակայում նրանից — հասակը՝ երկայն, բարակ և ջլուտ, դեմքը՝ մթնած և նիհար, սև գանգրված մորուքով, նեղ և խոր գնացած աչքերը փայլում էին լի խորամանկությամբ. նրա ամբարիշտ բիբերը այնպիսի սաստկությամբ էին հարձակվում դեպ աչքի աղբյուրները, կարծես, քիթը, որպես միջնապատ եթե գոյություն չունենար՝ նրանք միտում էին միմյանց հասնիլ — մի մեծ կռվի համար։ Առհասարակ այդ իսրայելյան նենգավոր դեմքը մի դիվական բնավորություն և ամեն չարություններով լի մի սև հոգի էր արտահայտում։

Խավարի մեջ երկար շրջագայությունից հետո, նա մի հոյակապ ամրոցի դռան առաջ կանգ առավ, բախեց մի քանի անգամ, դռները ահավոր շառաչմամբ հետ գնացին. և նա, երկայն դալանների միջից անցնելով՝ բարձր սանդուղքներով սկսեց վեր բարձրանալ: Ամբողջ ամրոցի մեջ, մթին խավարի հետ տիրում էր խորին լռություն։ Միայն մի պատուհանից էր լույս երևում։ Նա մտավ այդ սենյակը։ Պարսկական ճաշակով ճոխ զարդարված այդ սենյակը փայլում էր և զանազան նկարներով։

— Վերջապես, եկաք, Ռես, — ասաց թանկագին և փափուկ մահճի վրա թեք ընկած նորահաս պատանին։

— Այո, ներողություն, հազար անգամ ներողություն, որ ես ձեզ սպասել տվի,— ասաց քաղաքավարությամբ եկվորը, որ կանգնել էր ոտքի վրա։

— Այդ ոչինչ... միայն ասա՛, ի՞նչպես վերջացավ գործը։

Եկվորը սկսեց պատմել տեր-Առաքելենց տան մեջ կատարված ամբողջ անցքը։

— Ուրեմն մեր հույսը կորա՞ծ է,— հարցրուց նորահաս պատանին անհուն տխրությամբ։

— Ի՞նչ ասեմ, աղա... — պատասխանեց եկվորը ուսերը շարժելով։

— Ռե՛ս, ես տհաճությունից կմեռնիմ. ինճչ հնար ունիս՝ բանեցրո՛ւ։

— Ժամանակը նեղ է. էգուց երեկոյան պսակը կկատարվի, ի՜նչ կարելի է անել մի քանի ժամվա ընթացքում։

— Ես դրանք չեմ ընդունիլ․․․ գործ դիր քո բոլոր խորամանկությունները։

— Բայց գիտե՞ք․ խորամանկության շարժող մեքենան — արծաթն է։

— Ահա քե՛զ.— և պատանին տվեց նրան ոսկիներով լի մի քսակ։

— Բարի գիշեր, էգուց ճաշին իմացում կտամ,․— ասաց եղեռնագործը և հեռացավ։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.
  • Հաջորդը: Տեղեկություն չկա

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top