Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Սալբի

Սալբի
ՌՈՒՍՏԱՄԻ ՕՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«Արդարև, դու իմ սիրելի Սալբի, կարդացիր այրի կնոջ օրորոցի երգը, ես հույսով եմ, որ այդ կախարդական երգը միևնույն ազդեցությունն արած կլինի քո սրտին, ինչ որ արավ իմին, ես հույսով եմ, որ դու առանց արտասուքի, առանց սրտացավության չես կարդացել այդ երգը։

«Բայց այդ ի՞նչ ողբալի երգ է, որ լսելի է լինում, հեռու, այս ասիական սարերի մեջ, այդ ի՞նչ սգավոր մայր է, որ այսպես ցավալի կերպով ճոճում է յուր որբիկի օրորոցը, և այնպես այրված, կրակված սրտով ցանկանում է` օր առաջ մեծանար յուր տղան և տիրեր յուր ցեղին ու հոր կորուսած երկրներին։

«Այդ հայի մոր ձայնն է, Սալբի, այդ այն սգավոր այրիի ձայնն է, որ այդպես ցավալի եղանակով հնչում է ասիական սարերի մեջ... բայց հայոց տիկնայքը ձայնակից չեն լինում նրան... և ոչ հայոց որդիների ականջներն են լսում այդ մոգական ձայնի ազդու հնչյունները...»

«Ահա՛ քեզ օրորոցի երգ, ահա՛ քեզ մի քաջազնական կրթության սկզբունք։

«Ամենից առաջ մայրը ցանում է յուր երեխայի ամուլ և դեռ բնությունից ոչինչ չընդունած գլխի մեջ ազատության սերմերը: Այդ բարեպտուղ սերմերը — ոռոգելով մայրական կաթնով, որ բխում է մի ջերմ, ախտաբորբոք սրտից,— քաջազնական երակներից ծլում են, աճում են և հասունանում են երեխայի հասակի հետ։

«Առաջին խոսքերը, որ մայրը խառնում է յուր երեխայի օրորոցի երգերի մեջ, չեն կրոնամոլական անհոգի և տաղտուկ քարոզներ և ո՛չ սնապաշտական առասպելներ, այլ երեխայի հոր և նրա պապերի պատմությունը, իրանց կորուսած երկրների, սարերի, դաշտերի և հովիտների գեղեցկությունները, անտառների ու թփերի ծաղկավետ հոտավետությունկերը, իրանց հոտերի, անասունների կողոպտվելը, թշնամու հաղթությունը և իրանց ցավալի գերությունը...։ Ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե երեխայի ականջները լսում են յուր մոր այդպիսի խոսքերը, և առաջին գաղափարը, որ կերպարանագործվում է նրա թարմ երևակայության մեջ, է վրեժխնդրության կատաղի նախանձը:

«Այդ մի սուրբ նախանձ է... Սալբի. այդ ազգասիրության աստվածեղեն նախանձն է, որ ամեն կրքերից առաջ պիտի բնավորվի մեր երեխաների հոգիների մեջ։

«Բայց այս պաշտելի այրիի երեխան յուր առաջին աչքաբացից տեսել է յուր կողքին դրած հոր թուրը, այն միակ ժառանգական ավանդը, որ մնացել է յուր պապերից, իբրև մի նվիրական սրբություն: Այդ հզոր թրով կտրվել է երեխայի պորտը և նրա ազնիվ արյունը խառնվել է յուր պապերի արյան հետ, որոնք անջնջելի նշաններով մնացել էին այդ քաջության զենքի վրա...։

«Իմ սիրելի Սալբի, ես էլ քեզ հետ ծնված ժամանակ, մեր մանկաբարձ դայակը դողդոջուն ձեռքերով դրեց մեր խանձարուրի մոտ մի թուր... և այդ ավանդությունը մինչև այսօր կատարում են հայոց մանկաբարձները, բայց, ափսո՜ս, ո՛չ յուր իսկական խորհրդով... նրանք տվել են այդ խորհրդական իրողությանը մի սնապաշտական կերպարանք — որ դևերը չմոտենային նորածին մանկան և նոր ծննդականին։ Եվ այդպես, յուր առաջին աչքաբացից` հայ մանուկը սկսում է սովորել սնապաշտություն...։

«Բայց փափկությունը և սնահավատությունը` սկսյալ տղայությունից, չեն թուլացնում այդ այրիի որբիկի հոգին ու մարմինը։ Նա մեծանում է այնքան ամուր, այնքան անխորտակելի, որպիսի են ահագին որձաքարյա ժայռերը, որոնք եղան նրա խանձարուրը: Նա մեծանում է այնքան ուղիղ և բարձրագլուխ, որպես իրան շրջապատող բարձր եղևնիները։ Աշխարհի փոթորիկները, կայծակների փայլատակումը, ամպերի բոմբյունները երբեք չեն կարողանում խոնարհեցնել, խորտակել այդ ուղղաբարձ, բարձրադիտակ հասակը։ Բայց երբ ճակատագիրր փոխում է նրա բախտը` նա ավելի սիրով գրկում է մահը, քան թե յուր ոսոխի ոտքերը...։

— «Այդ այրին հիմար է, որ խոսում է յուր երեխայի ականջներին վրեժխնդրության խրատներ,— ասում է ինձ մի քուրմ սև հագուստներով և սև սրտով — որովհետև վրեժխնդրությունը մեղք բան է. պատճառ՝ մենք քրիստոնյա մարդիկ ենք, մեր պարտավորությունն այն է, որ չարության փոխանակ բարություն անենք և սիրենք մեր թշնամիներին։

«Գնա՛, կորի՛ր, ասում եմ նրան բարկացած, թո՛ղ վրեժխնդրության աստվածը թափե իմ գլխին կայծակ, կրակ, թո՛ղ նա բանա ինձ համար դժոխքի բերանը, բայց ես պիտի գոչեմ, աղաղակեմ այս անբախտ այրիի հետ` վրե՜ժ, վրե՜ժ...։ Գնա՛, կորի՛ր, սևերես, կրկնում եմ ես՝ մի՞թե այն վրեժխնդիր աստվածը, որ Ադամին դրախտից արտաքսեց արգելված թուզն ուտելու համար և նրա գալոց սերունդը հավիտենական դատապարտության տակ դրեց, աշխարհը ջրհեղեղով կործանեց, Սոդոմն ու Գոմորը ծծումբով այրեց, յուր կամքին անհնազանդ լինողներու համար վառեց գեհենի կրակը, մի՛թե մի այդպիսի վրեժխնդիր աստվածը կարո՞ղ է պատժել ինձ վրեժխնդրության համար։ Ո՛չ...: Պատիվ և իրավունք պաշտպանելը սուրբ բան է։

— «Ո՛չ, բարեկամ, դուք հետևում եք հին օրենքին` «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»։ Բայց մենք, որպես քրիստոնյա մարդիկ, պիտի դարձնենք մեր աջ երեսը, երբ զարկեն ձախին, պիտի տանք և մեր վերարկուն, երբ պահանջեն մեր շապիկը...։

«Տո՛, մի թող տուր, է՜յ, թե աստվածդ կսիրես, հենց այդ խոսքերն եղան խեղճ հայի տունը քանդողները։ Այսօր աշխարհում մի ազգ էլ չկա, որ հայի նման նեղության մեջ լինի։ Շատ ազգեր, որ հայի կիսի չափ չկան, ո՛չ մի ազգի առաջ չեն խոնարհեցնում իրանց անպարտելի գլուխը, այլ քաջությամբ և թրի զորությամբ պահպանում են իրանց ազգային անկախությունը։ Հապա հա՞յը, միայն խե՛ղճ հա՞յը ամեն տեղ գերի, ամեն տեղ ոտքի տակ ընկած... հենց հա՞յը պիտի կատարե յուր փրկչի հրամանը, ո՛վ յուր թուրը բարձրացնե, նա՛ պիտի յուր անբախտ գլուխը դե՞մ տա...։

— «Այդպես է նրա հրամանը։

— «Եղբայր, նա մի անտուն, անտեր մարդ էր, եթե դու էլ նրա նման լինես, քո որդիքդ սովից կմեռնեն։

— «Նա ինքը կպահե իմ որդոց։

«Հա՛, կպահե, գնա՛ խաղաղությամբ հողը մտիր, քո որդիքը միշտ կուշտ են... հա՛, նա կպահե քո որդոցը...։

«Կարճելով զրույցներս իմ անտանելի խոսակցի հետ, դառնում եմ դեպի քեզ, իմ անգին Սալբի. բայց դու ներիր իմ մի փոքր անհավատ խոսքերիս, ես կամենում եմ ասել` կրոնք ասած բանը չարաչար վնասել է մարդկությանը և առավելապես հայերը կրել են քրիստոնեության վնասը։

«Արդարև, ես չեմ կարող ուրանալ քրիստոնեության օգուտները, որ նա հասույց մեր ազգին, գիտեմ, քրիստոնեությունը եղավ մի միջնապարիսպ և չթողեց հայերը խառնվեին իրանց դրացի ազգերի հետ։ Նա ազատեց հայերին կուլ գնալուց սասանյան պարսիկների մեջ, և Մուհամմեդի, Արաբիայի ախտալից որդու կրոնքը, ճարակելով բոլոր ասիական ազգերը, չկարողացավ ուտել, մարսել և հայոց ազգը. նա հեռու պահեց հայերին և խաբեբա հույների հետ խառնվելուց։

«Բայց հայոց աբեղաները մի այնպիսի խոտորնակի ընթացք տվին քրիստոնեական կրոնքին, և մի այնպիսի թույլ, ստոր փոքրոգի դիմակի մեջ պարուրեցին նրա ազատ հայացքը, որով քրիստոնեությունը հայերի մեջ մի այլ հոգի չկարողացավ ներշնչել, քան թե այն միակ ստրկության հոգին, որ և իրոք ստացան նրանք:

«Հայոց քահանայք միշտ քարոզեցին, թե այս աշխարհս մի փուչ անցավոր աշխարհ է, որ աստված ստեղծել է մարդու համար, որպես մի բով, որի մեջ մարդը, ոսկերչի արծաթի նման, պիտի հալվի, մաշվի և զտվելով մաքրվի՝ մի նոր փառավոր կյանքի համար մահից հետո...։ Նրանք քարոզել են և այն առասպելական խոսքը, թե հայոց ազգի վրա լինելով մի անեծք յուր հին հոգևոր հայրերից, նրա որդիներին այս աշխարհի մեջ չկա հանգստություն, այլ նրանք պիտի հալածվին, վիշտ ու նեղություն կրեն, տնից, տեղից, հայրենիքից, պիտի զրկվին, միշտ գերության մեջ, միշտ թշնամու լծի տակ պիտի լինին, որպեսզի դրանցով ապաշխարհություն լինի նրանց մեղքերին և ազատվին նրանց հոգիները։

«Ահա՛, այդպես, իմ սիրելի, հայոց քահանայքը` խոստանալով իրանց ժողովրդին մի նոր կյանք ամպերի մյուս կողմում միշտ հեռացրել են, միշտ սառեցրել են նրանց սրտերն այս աշխարհից և չեն թույլ տվել նրանց հաստատել իրենց համար երկրի վրա հիմնավոր կացություն, միշտ նրանց հրավիրելու դեպի երկինքը։ Եվ այդպիսով միշտ խոնարհություն քարոզելով, միշտ հեզություն քարոզելով, միշտ աղքատություն քարոզելով, թուլացրել են հայերի քաջազնական և աշխատասիրության հոգին։

«Աշխարհի երևելի տիրապետողները չեն եղել քրիստոնյա մարդիկ։ Թեմուրլենգը, Աթիլլան, Չինգիսխանյանք, Նադր-Շահը, Աղեքսանդր Մակեդոնացին,— բոլոր հզոր աշխարհակալները մարդկության պատմության մեջ,— դու գիտես, Սալբի, ի՛նչ հոգու, ի՛նչ կրոնքի տեր մարդիկ են եղած։ Բայց քրիստոնեությունն աշխարհ գալուց հետո դադարեցավ ազգերի քաջագործությունները, քրիստոնեությունը կերավ, մաշեց հռովմայեցոց արևելյան և արևմտյան կայսրությունները։

«Խորամանկ Մուհամմեդը ներշնչեց Իսլամի հետևողների մեջ պատերազմասեր և քաջության հոգի, խոստանալով յուր մարտիրոսներին ճեննաթի բանաստեղծական վայելչությունները, և շուտով Իսլամը տիրեց հին աշխարհին։ Եվ հայոց քաջազնական հոգին առավել վառվռուն փառքերով փայլում է նրա հեթանոսական դարերում, որովհետև հին քուրմերը աստվածացրին Վահագնին, իսկ Տիգրանը, Արշակը և Միհրդատը դյուցազունք եղան, որովհետև պատերազմի դաշտերում սպանվողները հույս ունեին Օլիմպոսում ընդունել Աթենասի և Արեսի ձեռքից նեկտար և փառաց պսակ։ Ահա՛ այդքան կրոնական քաջալերություն կար դեպի կռիվը։

«Հայոց եկեղեցին նույնպես երգում է յուր շարականների մեջ անթառամ պսակ և անապական բաժակ ստանալն այն քաջերին, որ նահատակվեցան Ավարայրի դաշտումը։ Եվ հայոց եկեղեցին սրբոց դասն է դասում Վարդանին և նրա քաջ ընկերներին։ Եվ այդ կրոնական ոգևորությամբ, այդ ջերմեռանդ քաջալերությունն էր, որ պատճառ տվեց հայերին այնպիսի միահոգի սպառազինությամբ մղել այն սաստիկ պատերազմը` Զրադաշտի պաշտոնյաների հետ։

«Բայց ես չեմ կարծում, թե հայերն այնպես քաջությամբ կարողանային կռվել, եթե կռիվը լիներ հայրենիքի և ազդի ազատության համար։ Բայց այնտեղ թշնամին սպառնում էր նրանց կրոնքի կորուստը, և կրոնասեր հայերն իրանց հավատքի համար զոհեցին այնքան շատ տղամարդիկ։

«Այդ խոսքերից, իմ Սալբի, դու կարող ես ապացուցանել, թե կրոնքները և կրոնական պաշտոնյաները կարող էին խլել ազգերից նրանց արիությունը և նրանց քաջությունը և ընդհակառակը՝ կարող էին ոգևորել ազգերը դեպի քաջագործություններ։ Բայց երանի՜ այն ազգին, որի կրոնքը քարոզում է այդ վերջինը...։

«Հայոց եկեղեցին ջերմեռանդությամբ տոնում է Վարդանի և նրա ընկերների հիշատակը։ Բայց այնքան շատ հոգիներ, որ մորթվեցան հույների, պարսիկների, տաճիկների, թաթարների, մոնղոլների սրերով, դրանց հիշատակը կորած է...։ Հայոց շարականները չեն անմահացրել դրանց անունները... և ոչ մի հայ եկեղեցական մարդ նրանց զորքի մեջ չէ կատարել յուր գիշերային ժամերգությունը... և պատմությունը թույլ, անհոգի բառերով խոսում է դրանց վրա...։

«Օրորո՛ց... դա առաջին դպրոցն է մարդկանց որդիների. օրորոցի ե՜րգ... դա առաջին դասն է, որ մայրերը խոսում են իրանց երեխաների ականջներին։ Օրորոցից պատրաստվում է մարդս լինել մարդ այդ բառի բազմախորհուրդ նշանակությամբ։ Բայց ի՞նչ խելք, ի՞նչ միտք, ի՞նչ զգացմունքներ կարող են ստանալ հայոց մանուկները այն օրորոցների մեջ, ուր դնում են նրանց իրանց մայրերը։ Երբ երեխան ծնված օրից՝ նրա օրորոցի դաստակից կախում են նրա կրծքի վրա կախարդական բժժանք, հուռութուլունք և մի փոքրիկ խաչ… երեխայի ձեռքի խաղալիքը նրա մանկությունից միչև նրա մահը, — երբ այդ խաչով քահանտն դրոշմում է հանգուցյալի հողադամբարանը…: Անհավատ մայրերը տղայական հասակից ծանրաբեռնում են խեղճ երեխայի գլուխը սուտ առասպելներով — ծառայություն, խոնարհություն, համբերություն, ստրկական հնազանդություն,— այդ բառերը լսում է նա օրորոցի միջից մինչև այն ժամանակ, երբ ասում են նրան՝ «հող էիր և հո′ղ դարձիր»: Արդարև, մի խորհրդական խոսք հայի համար… պատճաոը՝ այդ ազզը յուր կյանքում չէ ցույց տվել որևիցե հոգեկան զորություն, այլ միշտ ապրել է նա որպես հող, քար և անշունչ մարմին…:

«Բայց այրի կնոջ մեջ, աղքատիկ վրանի տակ միտք կա, հանճար կա, զգացմունք կա, կյանք կա. նրա երգն այնքան ոգելից, աղտաբորբոք և կրակոտ է, որպես նրա հոգին, և այդ չադրի միջից կծագի հայի հույսը:»

«Ես դառնալով իմ վրանը, Սալբի, իմ միտքը պաշարված էր կախարդիչ երգի զորությամբ, ես բոլոր գիշերը չքնեցի: Մի քնքուշ մուզա հանկարծ քսեց իմ երեսին յուր թևքը և իմ երևակայությունը վառվեցավ, ձեռքս աոա գրիչը, գիշերային լռության պահուն, լուսնյակի լուսով գրեցի այս երգը, իբրև նվեր այն պաշտելի այրիին,

Օ՜րո՛ր կարդա՛, ո՛վ գթոտ մայր,
Մինչ մեծանա քո որդին
Հոր ոսոխից նա պահանջե
Ցուր վրեժը դառնագին։

Այդ ձայնիկը քո օրորի.
Այդչափ տխո՜ւր և տրտո՜ւմ,
Բորբոքում է իմ արյոնը
Կրակ է ձգում իմ սրտում։

Այդ կրակը ինձ այրում է,
Ինձ կտանե՜ գերեզման…
Արդյոք կլինե՜ր՝ զինվորվեի
Քո թշնամու հանդիման:

Կիլիկիայի վեհ առյուծին՝
Արժանավոր ո՛վ կորյուն,
Քո սարերի ազատության
Նվիրեի իմ արյուն:


Անգործ, հանգիստ՝ մեր պատիցը
Քարշ է ընկած թվանգը,
Ցուր պատենում՝ իմ սայրասուր
Թուրս ուտում է ժանգը:

Իմ նժուգը՝ գետնին տալով,
Յուր սմբակը տրոփում,
Պատերազմի ասպարեզին
Նա էլ ինձ հետ փափագում:

Գութը շարժվում ամեն սրտի,
Որքան լիներ նա մեռած,
Երբ տեսնում է մի ամբողջ ազգ
Գերության մեջ շղթայած

Հայոց որդիք խլացած են,
Լսել չկամին քո օ՜րո՜ր,
Ստրկության ծանր լծի տակ
Ճնշվել կամին ամեն օր:

Օ՜րո՜ր, կարդա՜, թող մեծանա
Առյուծենի մանուկը.
Պետք է նրա ամրացնել՝
Տկարացած բազուկը,

Որ կարենա քաջի նման
Կրել հոր նետ-աղեղը,
Թշնամու ժանտ գերությունից`
Ազատելու յուր ցեղը:

Կ՛գա օրը… հսկայի պես`
Նա դեմ տված յուր դոշը,
Դեպ պատերազմ կբարձրացնե
Ազատության դրոշը:

Եվ նրա հետ շատ քաջազունք
Ուխտ կ ուխտեին այն դաշնով. —
Հայրենիքի փրկությունը
Գնել իրանց արյունով…


Առավոտյան շուտով, իմ թանկագին Սալբի վեր առա իմ գրած ոտանավորը և սկսեցի դիմել դեպի այրի կնոջ չադրը: Ես գտա նրան, երբ նրա մանուկը քուն էր եղած, և ինքը միայնակ, խորին մտաշողության մեջ, նստած յուր վրանի մոտ հոսող աղբյուրի ափին, ականջ էր դնում արծաթափայլ ջրի խոխոջմունքին: Նա նույն ժամանակ նմանում էր մի աղբյուրային հավերժահարսի, որ, ասես թե, նոր էր դուրս եկել ջրից։

«Ողջունեցի նրա առավոտը և նվերը տվի նրա ձեռքը։ Խորին ուշադրությամբ կարդաց ոտանավորը։ Ես նկատեցի, արտասուքն սկսեց հեղեղի նման թափվել նրա մեծ սևորակ աչքերից․․․։ Ա՜խ, ո՛րքան արտասունքներ լացել են այդ սգավոր աչքերը․․․։

«Հանկարծ նա յուր լցված աչքերը բարձրացրեց դեպի երկինք․ «փառք քեզ, տեր», ասաց նա խորին ջերմեռանդությամբ, «որ գտա ինձ կարեկից․ այսուհետև կմխիթարվեմ ես, պատճառ՝ կան հայոց որդիների մեջ և այնպիսիները, որոնք հասկանում են ինձ»։

«Բայց, իմ սիրուհի, դժբախտաբար ես չեմ կարողնում ամեն բան արձակ, համարձակ գրել քեզ․ իմ օրագիրը լցված է այս անբարբառ կետերով․․․ պատճառը՝ մեր լեզուն կապ է և մեր գրիչը կաշկանդված։ Մենք չենք կարող արտասանել՝ ո՛չ մեր ուրախությունը և ո՛չ մեր տրտմությունը․ մենք չենք կարող ո՛չ լալ և ո՛չ ծիծաղել․ ա՜խ, մեր բոլոր մտքերը, մեր բոլոր զգացմունքները պիտի ճնշվին, պիտի խեղդվին մեր սրտի մեջ․․․։

«Բռնավորի երկաթյա գավազանը միշտ և հանապաղ հսկում է մեր գլխի վրա․ լաց ես լինում՝ լո՛ւռ կաց․․․ ծիծաղում ես՝ լո՛ւռ կաց․․․ խոսում ես՝ լո՛ւռ կաց․․․ ա՜խ, ծեծում են՝ լո՛ւռ կաց․․․ սպանում են ինձ՝ լո՛ւռ կաց․․․ իմ երեխանց արյունն իմ աչքիս առջև թափում են՝ լո՛ւռ կաց․․․ իմ ապրանքը խլեցին, տարան՝ լո՛ւռ կաց․․․ իմ տունը քանդեցին՝ լո՛ւռ կաց․․․ ա՜խ, չեմ դիմանում այդ ցավերին, ի՞նչ անեմ․— տո՛, թշվառ, քեզ ասում են՝ լո՛ւռ կաց, հա, լո՛ւռ կաց, միշտ լո՛ւռ կաց, թե ավելի խոսես, լեզուդ կկտրեմ, թե էլի խոսես, քեզ կենդանի հողում կթողեմ և այնտեղ կսովորես լուռ կենալ․․․։ Այս անգութ գավազանն ամեն ժամ, ամեն րոպե պտտվում է մեր գլխի վրա և դու միշտ լսում ես այդ զարհուրելի սպառնալիքը։

«Այդ սպառնալիքի ձայնը քո ականջներին զարկում է, քանի կենդանի ես․ այդ երկաթի գավազանը քո գլխի վրա պտտվում է, քանի շունչ ես քաշում․․․ Մի մարդ էլ չկա, որ ասե․ չէ՞ խեղճ է, դա, դա էլ մեզ նման մարդ է, աստված լեզու է տվել, որ խոսե, խորհե, մտածե և յուր մտքերն արտասանե։

«Բայց ասես թե, ամեն մարդ յուր գլուխն է պահում, յուր փորի, յուր հանգստության համար միայն ծառայում․ մի բան, որ նրան վերաբերյալ չէ, դրա վրա չէ մտածում։ Եվ այդպես, մարդիկ սառն աչքով են նայում իրենց նման մարդկանց չարչարանքներին նրանց նեղություններին։ Եվ աստված ինքը սառն աչքով է նայում այդ ցավալի տեսարանների վրա. նա տեսնում է, յուր պատկերը շինել են անասուններին հավասար, բայց աչքերը խփում, երեսը շրջում, անց է կենում...։

«Երբ մեր աստվածը, երբ մեզ նման մարդիկ, ամենևին հոգս չեն քաշում մեզ համար, որ մեզ ազատեն մեր նեղիչների ձեռքից, էլի մեր ցավը մնում է մեր վզին, էլի հարկավոր է, որ մենք մեզնից մի սիրտ, մի հոգի լինենք, միմյանց օգնենք մեր անբախտ գլուխը ազատելու համար ուրիշից, որ մեր միսը, մեր արյունը չէ, մեզ ոչինչ օգուտ չկա։

«Որովհետև բոլոր ազգերը, որոնցից որևիցե օգնության հույս ունինք մենք, բոլորն էլ առանց մեղքի չեն։ Երբ նրանցից մինը՝ ասում է իմ նեղիչին՝ դուրս հան աչքիդ միջից շյուղը, նա նրան պատասխանում է.— ուրեմն դու էլ դուրս հան քո աչքի միջի գերանը, հետո խրատիր ինձ։ Ահա՛ այդպես, նա նրան ասում է՝ կույր ես, նա պատասխանում է՝ դու էլ քաչալ ես։

«Եվ արդարև, այդ երևելի տիրապետողներից, այդ վիթխարի հրեշներից ամեն մինը, առած յուր ճանկերի մեջ մի քանի մանր ազգեր, ծամում են նրանց լերդը, ծծում են նրանց արյունը։ Խղճալի զոհերը ճչում են, աղաչում են, ոչ ոք չէ լսում նրանց ձայները. և նրանք լսում են ճակատագրական սպառնալիքը— լո՛ւռ կաց...:

— «Այս կյանքի չարչարանքների փոխարեն մյուս կյանքում աստված կհատուցանե. այդ ապաշխարություն է, վնաս չունի։

— «Դարձյալ երևեցա՞ր, սևերե՛ս, անե՜ծք քեզ, չար սատանա...։

— «Հոր երանելին քեզ օրինակ։

— «Գնա՛, կորի՛ր, ասում եմ քեզ, քո խրատները մեզ պետք չեն։

— «Իսրայելցիք քեզ օրինակ Եգիպտոսում։

— «Դարձյալ սկսեցի՞ր, ձայնդ չե՞ս կտրելու։

— «Ապա որպե՞ս ժառանգեցին Քանանու երկիրը։

— «Տո՛, հիմար, նրանք ունեցան Մովսես, Ահարոն, Նավյա որդին Հեսու, մի՛թե քեզպեսնե՞րը պիտի հայի խավար տանը ճրագ վառեն, նրա ձեռքից բռնեն և գերությունից ազատեն։

«Բայդ այդ սև սիրտը լիրբ է. դա չէ ամաչելու, դա չէ հեռանալու ինձանից։ Ես ինքս կփախչեմ դրանից, եթե ոչ, քանի կանգնած եմ դրա մոտ, միշտ իմ ականջներս ծակելու է դրա միջնադարյան զուռնայի ձայնը... տասնևինը դար այդ զուռնան փչում են հայի ականջներին, բայց նա չէ զարթնում յուր քնից... նա քնած է և գուցե կքնե անթվելի շատ ժամանակներ...։

«Մնաս բարյավ, իմ Սալբի, գալոց օրագրությանս մեջ կտեսնվենք քեզ հետ։
«Եվ ես, իմ սիրուհի, ամեն օր տեսության համար՝ գնում եմ այն պաշտելի տիկնոջ վրանը, իմ խելքս տարել են՝ նրա պարզ ձևերով, արդար սրտով ընդունելությունները, և նրա ազնիվ հյուրասիրությունը հիացնում է ինձ։

«Օրըստօրե ես ծանոթանում եմ այդ վրանաբնակների երևելի տղամարդկանց, նրանց տիկինների և նրանց պատկառելի ալևորների հետ։ Եվ ես տեսնում եմ այդ անմեղ ժողովուրդը, իրանց պարզ բարք ու վարքով, իրանց առաքինական բնավորությամբ, իրանց միամիտ սրտերով ձևացնում են մարդկության առաջին ժողովուրդը, յուր կիսավայրենի և բնական կերպարանքներով։ Եվ դրանց մեջ պատկերանում է բիբլիական աշխարհը՝ յուր աբրահամներով, յուր իսահակներով և յուր հակոբներով։ Եվ արդարև, ես նկատում եմ դրանց բոլորի մեջ, համարյա՛ ելումուտ է անում մի շունչ և շարժվում է մի հոգի։

«Ես տեսնում եմ դրանց մեջ ալևորներ դարավոր հասակներով, բայց տակավին ժիր, գործունյա և աշխույժ։ Այդ ծերունի հսկաները, իրանց մարմնի երկաթի կազմվածքով, որպես անմահ աստվածներ, միշտ արհամարհել են մարմնական տկարությունները։ Նրանք իրանց հարյուր քսան, հարյուր հիսուն տարեկան հասակում ևս որպես իրանց մարմնի անդամներ՝ չեն հեռացնում իրանց մոտից իրանց թուրը, իրանց թվանգը — իրանց կյանքի մտերիմ ընկերները, և այն մի զույգ ատրճանակները, որ խնամքով խրել են իրանց հաստ գոտիների մեջ։ Այդ հինավուրց նահապետները, որպես կենդանի պատմագրքեր, պատմում են, թե քանի՛ հալածանքներ, քանի՛ չարչարանքներ և քանի՛ կոտորածներ է կրել իրանց ցեղը այնքան երկար թափառելով աշխարհի երեսին, և նրանց ցամաքած աչքերի մեջ պահված են մի քանի կաթիլ արտասուք, որոնք շուտով գլորվում են նրանց փառահեղ, սպիտակ մորուքի վրա, երբ մտաբերում են ցավալի անցյալը։

«Նրանց տղամարդիկն այնքան ամուր, այնքան պնդակազմ են, որ ձևացնում են Հերքուլեսի չուգունից արձանները։ Նրանք միանգամայն պատած պողովատի զրահներով, միշտ իրանց վրա ունին զենքեր։ Նրանց ձիաները միշտ թամքած սպասում են վրանների առջև, որ երբ պատահե թշնամու հանկարծահաս հարձակմունք, շուտով քաջերը թռչեն նրանց վրա և դուրս գան ավազակների դեմ։

«Նրանց կանայք բոլորն ունին բարձր նոճիների նման ուղիղ հասակ, նրանք ավելի նրբակազմ են, բայց ջլուտ և ոսկրոտ. ես չեմ տեսնում նրանց մեջ և ոչ մեկը, որ մսալի և հաստլիկ լինի։ Նրանք ունին թուխ, կրակոտ աչքեր, բարակ սև հոնքեր, մետաքսի նման փափուկ, բայց ղավայի նման սև և փայլուն ծամեր։ Նրանց երեսները նիհար են, գորշ կարմրագույն թշերով, որոնց կաշին փայլում է առավել կոկությունից, բայց խիստ շատ վայելուչ և գրավիչ հայացքով։ Այդ ախտալից կանայքը, այդ հայկազնյան արտեմիսները, դու տեսնում ես շատ անգամ թեթևաշարժ եղջերուների նման աներկյուղ և համարձակ վազվզում են բարձր և մեծ ապառաժների վրա որսի համար. նրանք նույնպես կրում են զենքեր, նրանք նույնպես կռվում են, երբ նեղում է նրանց թշնամին, երբ հարկավորվում է պահպանել իրանց անասունները։

«Այս ո՛չ այնքան բազմաթիվ վրանաբնակները, իրանց կյանքի պարզ և բնական կերպարանքներով, ձևացնում են նախկին մարդկությունը, որ ապրում էր միմիայն յուր հոտերով։ Ոչխարների կաթնից պատրաստում են՝ մածուն, սեր, կարագ, յուղ, պանիր և ժաժիկ.— դրանք բավական են նրանց կերակուրների համար։ Ոչխարների բրդից մանում են թելեր, որոնցից գործում են կապերտներ, օթոցներ, գորգեր՝ սփռոցի, վերմակի համար, և աբաներ, վերարկուներ, արխալուղներ, շալվարներ՝ հագնելու համար, ձեռնոցներ, թաթմաններ և գլուխը դնելու թաղիքե քոլոզներ։ Նրանց մնում է գնել միմիայն հաց, այդ էլ փոխարինում են իրանց անասունների բերքերի հետ։ Այծերի մազերից հորինում են չվաններ և վրանների պաստառներ։

«Բայց այդ բոլոր գործերը կատարում են կանայք։ Նրանց տղամարդիկն ավելի հանգիստ են։ Նրանց կանայքը միշտ կրկնում են իրանց սովորական առածը, թե «կնոջ գործն է աշխատելը, տղամարդը պիտի հանգիստ ապրի, որ գիրանա, զորանա կռվելու համար»։ Եվ այս է պատճառը, որ երբ նրանց տղամարդիկը կամենում են վշտացնել իրանց կանանցը, գնում են և անծածկույթ պառկում են սառը քարերի վրա, որ հիվանդանան։

«Այդ բնության հավատարիմ որդիների հագուստները, անտարակույս, ունին մեր նախնի հայերի զգեստաձևերը։ Թաղիքե երկայն քոլոզներ, փաթաթած ապարոշներով, դրած են գլխներին. հագած են լայն շալվարներ, որոնց մեջ թողնելով իրանց վարտիքը և բաճկոնի կամ զբունի երկայն դրոշակները, բավականին ուռցնում են, և նրանց իշխանները՝ համարյա կիսաքարշ գետնից տանում են իրանց շալվարները։ Մեջքները պնդած են հաստ գոտիներով, որից վերև հագել են կարճլիկ քազախա կամ գառիկ, և մի լայն վերարկուի (աբայի) մեջ ծածկվում են նրանք։ Նրանց շապիկների թևքերը, երկայն և լայն, քարշ են ընկած, որ և շատ անգամ փաթաթում են իրանց բազուկների վրա։

«Նրանց կանանց հագուստներն ավելի պարզ են․ մի շապիկ իջնում է մինչև նրանց ոտքերը, նրանց վարտիքի բերանը սրունքներից վերև պինդ բուզմայած է լարանով. շապկի վրա հագած ունին անթարի կամ բնիշ՝ երկայն և բաժանված դրոշակներով։ Նրանց գլխի զարդերը ցուցանում են, թե հայոց կանայքը հին ժամանակներից միշտ սովորություն են ունեցել կրել թագ և պսակ, որպես մեր Զարեհավանի կանայքը կրում են գոտի: Ուլունքներ, մատանիներ, գնդեր, ապարանջաններ, քթի օղեր կրում են համարյա բոլորը։

«Բայց այնքան բազմության մեջ ես չեմ տեսնում մի մարդ, որ կարդալ գիտենար։ Մի բան, որ պակաս է դրանց՝ է ուսումը և կրթությունը։ Բայց դու կզարմանաս, իմ սիրուհի, թե ասեմ, որ դրանց մեջ կան և քահանայք, որոնք կարդալ չգիտեն...։ Այդ քահանայքը չեն որոշվում հասարակ ժողովրդից. նրանք նույնպես ունին իրանց գոտիների մեջ ատրճանակներ, և նրանց կողքից քարշ է գնում երկայն թուրը...։ Ես քննեցի այդ քահանաներից մինի ուսումը, սուրբ գրքերից գիտեր միայն տերունական աղոթքը և երրորդության անունները, նրա հավատքի հանգանակն էր այն, որ աստված ստեղծել է երկինքը և գետինքը․ նա միայն կառավարում է բոլոր աշխարհը, և ինքը, յուր թախտը դրած ամպերից վերև, քննում է արդարների և մեղավորների գործերը։ Եվ Քրիստոսը նրա որդին է, որին ուղարկեց աշխարհ մեզ սատանայի գերությունից ազատելու համար, և աշխարհից վերանալուց հետո թողեց սուրբ խաչը իբրև յուր օրինակը, որ մենք պաշտենք. այդ պատճառով այդ մարդիկն իրանց կոչում են առավել խաչապաշտ, քան թե քրիստոնյա։ Եկեղեցու խորհուրդներից նրանց հայտնի է միայն մկրտությունը, պսակը և հաղորդությունը, որոնք քահանան կատարում է երեք անգամ երրորդության անունը հիշելով։

«Նրանք ճանաչում են և մի քանի սրբերին, որոնց մեջ երևելի են սուրբ տիրամայրը, սուրբ Կարապետը, որի գերեզմանը Տարոնումն է, սուրբ Լուսավորիչը և սուրբ Էջմիածինը. այդ երեքին ճանաչում են որպես աստուծո վեզիրներ։ Գիտեն և այլ սրբերի անուններ, որոնք աստուծո ատյանում ունին զանազան բարձր և խոնարհ աստիճաններ, որոնց հանձնված են մարդկանց զանազան տեսակ հսկողությունները։

«Դրանք ունին և մի հատ սուրբ Ավետարան գրչյա և մի քանի մասունքներ, որոնք ման են ածում իրանց հետ, որպես սրբություններ։ Այդ մարդկանցից ոչ մինը չէ տեսած, թե ինչ բաներ են դրանք, պատճառ՝ որ նրանք միշտ փաթաթված են զանազան գույներով թաշկինակների մեջ։ Մի առանձին վրան ամեն մի իջևանում կրում է յուր մեջ այդ սրբությունները։ Եվ ամեն առավոտ ջերմեռանդ վրանաբնակները, հավաքվելով այդ վրանի առջև, մի քանի անգամ ծունր են իջնում, երկրպագություն տալիս, մի քանի անգամ խաչակնքում իրանց երեսները, և այդ է նրանց աղոթքը։ Իսկ այդ սրբությանը խորանը և միանգամայն կացուցանում է նրանց ժամատունը։

«Հայկական բարբառը տակավին չէ կորուսել դրանց լեզվի մեջ յուր հին ձևերը։ Նրանք տակավին գործ են ածում իրանց խոսակցության մեջ՝ ի, զ, ընդ, առ նախդիրները։ Նրանց խոսակցությունը խիստ արագ է և կենդանի. նրանց ձայնը զանգակի հնչյուն ունի:

«Վերջին փոթորիկները Փոքր Ասիայի մեջ, կործանելով մեր Ռուբինյան թագավորությունը, խլեցին մեր ազգի այդ մի հատվածն իրանց բնիկ աշխարհից, և երկար տարուբերելով աշխարհի վրա, այժմ հասցրել են մեր սահմանակից սարերին, բայց ո՞վ գիտե, մինչև ո՞ւր պիտի քշե, տանի դրանց անգութ ճակատագիրը...։

«Այդ մարդիկը բնությամբ խիստ կրակոտ են և աշխույժ. սիրում են երգել, պարել, մանավանդ դրանց կանայքը, և միշտ ոգևորված են կենդանի ավանդություններով իրանց ազգի և իրանց կրոնքի մասին։ Ես հույս ունիմ քաղել դրանցից շատ իրողություններ, որոնք լույս կտան մեր ազգի միջնադարյան և նոր ժամանակների պատմությանը։ «Բայց մի ցավալի կորուստ հանկարծ աղմկեց բոլոր վրանաբնակների ուրախությունը։ Այսօր առավոտյան շուտ գնացի իմ բարեկամ այրիի վրանը, ես գտա նրան բոլորովին միայնակ նստած լաց լինելիս։ Տեսնելով ինձ նա սրբեց յուր աչքերի արտասուքը, բայց նրա կերպարանքը տակավին տխուր էր և մռայլված։

— «Ի՞նչ է պատահել ձեզ,— հարցրի ես։

— «Միթե չեք լսած․ մեռա՜վ Հասոն, այն մեծ և հռչակավոր տղամարդը,— պատասխանեց կինը հոգվոց հանելով։

— Հասո՞ն. մեռե՞լ է,— կրկնեցի ես։

— «Հա՛, Հասո՛ն,— առաջ տարավ այրին.— մեր ցեղի փառքն ու պարծանքը… մեր վրանաբնակների աղան…։ Վա՜յ մեզ, վա՜յ մեր սև օրերին, այսուհետև էլ ինչպես պետք է ապրել՝ այդ հզորը կորուսանելուց հետո…։

«Նույն րոպեին նրա վշտալի թշերի վրա երևեցան արտասուքի կաթիլներ, նա ակամա փղձկեցավ։

— «Արժե՞ր ափսոսալ մի այդպիսի անձը,— հարցրի ես,— որ յուր գործը՝ յուր կյանքի նպատակը շինել էր միշտ արյուն թափել։

— «ՉԷ՛, այդ մի ասեք, նա երբեք չէ թափել մի արդար արյուն, բայց գործ դնել յուր սուրը թշնամու առջև՝ այդ մի սուրբ բան է, և կողոպտել բերել նրա ավարը նույնպես մեղք չէ։

— «Ի՞նչ էր պատճառը, որ մեռավ այդ քաջը։

— «Ոչինչ… նա մեռավ անարգ և անփառունակ մահով… Հանգստությամբ, յուր վրանի տակ, հիվանդության մահճի մեջ…։

— «Հապա ո՞րպես պիտի մեռնիլ»։

— «Ջրի կուժը պիտի ջրի ճամփին կոտրվի», ասում է մեր հորերու առածը։ Քաջերը, որ թափել են այնքան շատ արյուններ, պետք է արյունով մեռնին, բայց դժբախտ Հասոն չվայելեց այդ փառքը...։

— «Արդարև այդպես է,— պատասխանեցի ես մի գաղտնի համակրությամբ հիշելով հոմերյան տողերը.

«Մարտ մարտընչել և մեռանել փառք են առույգ պատանվույն, և վեր և խոց սուր սըլաքաց զարդ գեղեցիկ են մահուն»։

— «Բայց նա թողեց յուր ցեղի վրա ավելի երախտիք,— խոսեց կինը կարեկցությամբ.— տեսնո՞ւմ եք այդ լայն և ընդարձակ հովիտը, այդ խոտավետ արոտամարգերը, նրա շնորհիվ մեր ոչխարներն արածում են այս սարերում․ նա խլեց Ջալալիներից այդ բոլորը։

— «Ի՞նչպես,— հարցրի ես։ — «Ինչպես… կրկնեց այրին հեգնությամբ. — «ղարբե սնունինա», ասաց քրդի առածը։

«Այդ սրբազան առածը, Սալբի, որ շնչում է յուր մեջ պատերազմասեր հոգի, նշանակում է հայոց բառերով՝ «ուժը, կամ զորությունը, կամ քաջությունը՝ սահման չունին»։ Մի այդպիսի առած ևս գործ էին ածում մեր նախնիքը, որ հիշեցնում է արժանահիշատակ Խորենյան ծերը. «սահմանք քաջաց — զենք յուրյանց»։

Բայց այդ առածն այժմ չէ լսվում և ոչ մի հայի բերանից, նա վաղուց լռել է հայերի համար…։

Տեղեկանալով, որ առավոտյան է լինելու քաջի թաղումը, ես խոստացա ներկա գտնվիլ իմ ընկերներով, և ցավալի զգացմունքներով հեռացա նրանց վրաններից։

«Ես հայտնեցի Ծաղկավանի խաշնարածներին այդ սգավոր անցքը և առավոտյան շուտով՝ բավականին բազմություն՝ երկու սեռից ցանկացան ինձ հետ գնալ քաջի թաղումը կատարելու համար։

«Թաղման հանդեսը խիստ տխուր էր և ցավալի․ այստեղ ոչ մի քարացյալ սիրտ չէր կարող յուր արտասուքը զսպել, յուր սրտի ցավին դիմանալ։ Սև պաստառներով պատած նաշի մեջ դրած էր քաջի դին. յոթը տղամարդ սև հագած տանում էին նաշը, դրանք մեռնողի ընկերներն էին։ Դագաղի առջևից տանում էին հանգուցյալի նժույգը՝ գլուխը, պարանոցը և թամքը սևով պատած։ Նրա վրա կարգով կախված էին նրա տիրոջ բոլոր զենքերը — նրա ահագին թուրը, թվանգը, թափանչեքը, դալխանը, մզրախը, երկաթի զրահը և գլխի սաղավարտը։ Խելացի երիվայրն ընթանում էր տխուր և սրտաբեկ, կարծես զգալով, թե յուր վրա այլևս չէր նստելու նրա հսկայամարմին տերը։ Նա էլ յուր աչքերից թորում էր արտասուք…։

«Նժույգի հետևից գնում էին մի կարգ վրանաբնակների բոլոր կանայք՝ բաց գլուխներով, հերարձակ, մերկացրած իրանց կրծքերը։ Նրանք փետում էին իրանց գլխի ծամերը, նրանք փետում էին իրանց խոպոպիքն ու գանգուրները և թափում էին դագաղի առջև ճանապարհի վրա… նրանք կոծում էին իրանց կրծքերը, հող և փոշի էին ցանում իրանց գլխի վրա, տխուր և ցավալի ձայներով եղանակելով այսպիսի ողբեր.

«Այլևս պետք չէ՛ մեզի ապրել, խավար արևի երեսը տեսնել. Կորա՜վ մեր հույսը, կորա՜վ մեր փառքը. Վա՜յ մեր սև որին… հողե՜ր մեր գլխին…»

«Նաշի հետևից գնում էին բոլոր այր մարդիկը՝ գլուխները քարշ գցած, լաց լինելով, նույնպես իրանց կրծքերը ծեծելով, և նրանց գլխների վրա ածած էր հող և մոխիր։
«Դագաղի բոլորտիքը շրջապատել էին հանգուցյալի ազգակիցները և նրա մերձավոր բարեկամները, նրա կինը, որդիքը։ Ինչ որ դրանց գրությունն էր՝ դժվար կարելի է գրչով նկարագրել։ Աստված ինքը հեռու անե այդպիսի տեսարաններ... մազեր փետած, հագուստներ պատառոտած, աչք, երես ծվատած, արյունաշաղախ, ամեն մինը մի քար ձեռքում անդադար բախում էր կուրծքը. նրանք թավալվում էին գետնի վրա նաշի առջև, հողերը, փոշիները ցանում էին իրանց գլխներին։

«Այդ ողբալի տեսարանը այրեց և իմ հետ եկած ծաղկավանցոց սրտերը և նրանք բոլորը միաձայն սկսան լալ։ Ի՞նչ սիրտ կարող էր դիմանալ, ի՞նչ աչք կարող էր յուր արտասուքը պահել, ա՜խ, քարերն էլ էին լաց լինում, ծառերը ողբում, թռչունները ձայնակից լինում, հնչող քամիները նրանց ողբը խլում և հասցնում էին երկնքի հրեշտակներին.․.։

«Ճանապարհին մի քանի տեղ դադար առին և նաշը դրին գետին և լաց եղան։ Կանայք հերթով գովաբանում էին հանգուցյալի քաջությունները և բոլորի սրտի մեջ կրակ էին վառում... մինչև իսկ նրա կինը տխուր և ողբալի ձայնով առաջ տարավ։

(«Ա՜խ, Սալբի, այստեղ կտրում եմ իմ խոսքը․ այդ վրանաբնակների և′ ողբերն ունին իրանց քաջազնական ոգևորությունները...։)

«Այսպես էր նրա ողբը.

- «Ափսո՜ս, որ այդպես անփառք և անշուք,
Փափուկ մահճի մեջ՝ փչեցիր քո հոգին,
Ափսո՜ս, որ մահը քեզի հանդիպեց
Քո խաղաղ տնակի կամարի տակին։

«Դու մի քաջ էիր՝ արի և հզոր,
Քաջերի սուրը թող նյութեր քեզ մահ,
Կովի դաշտիցը քո արյունոտ դին
Ես տուն բերեի՝ սրտով գո՜հ, ուրա՜խ.․․։

«Ինձ դառն չէր հայնժամ թափել արտասուք
Քո արյունաներկ դիակի վերան,
Ինձ ցավ չէր հայնժամ ողբալով երգել
Քո պարծանքներով կանգնած գերեզման։


«Զի հայոց տիկնայք ինձի կասեին`
Փա՛ռք, պատիվ քեզի, երջանիկ այրի,
Դու բախտավոր ես կնիկների մեջ,
Զի կորուսիր այր` քաջ, հսկա, արի:

«Ինձ քաղցր էր հայնժամ թափել արտասուք
Արնով զարդարված դիակիդ վերան,
Եվ ծաղիկներով պճնել, զարդարել
Քո միշտ պաշտելի հողադամբարան։

«Թող պատերազմում, քաջ Հարքիների
Հարյուր գերիներ բերելով թալան,
Հազար ձիավոր քեզ հալածելիս,
Քո կրծքին դիպչեր թշնամու գուլլան:

«Թո՛ղ կռվի միջում, Արարատյան դաշտում
Ազգի, կրոնքի, հայրենյաց համար
Սուրը քո ձեռին, փառավոր մահով։
Թո՛ղ դու զոհեիր քո արյուն արդար։

«Ինձ քաղցր է հայնժամ իմ ձեռքով փակել
Քո այդ սև, հպարտ, շիջած աչերը,
Զի հազար աչեր պիտի արտասվեին
Քո հզոր թրից սպանվածները։

«Զի ես գիտեի, որ դու թռցրիր
Հարյուր գլուխներ թշնամու ուսերից,
Զի ես գիտեի, որ դու զրկեցիր
Հարյուր կնիկներ իրանց այրերից։

«Այդ զարհուրելի խոր-խոր սպիներ
Քո արությանցը— վկա և նշան,
Չունի մի տղամարդ հայոց քաջերից,
Ո՛չ քուրդ, ո՛չ արաբ և ո՛չ մի թուրքման։

«Բայց, ափսո՜ս, քեզ հետ՝ ալ-վարդակարմիր
Դու մի թարմ սպի չտարար գերեզման,
Դու մեռա՜ր, անբախտ, հասարակ մահով
Փափուկ մահճի մեջ... քո բարձի վերան...։


«Ողբը վերջացավ։ Քահանան կատարեց աղոթքը։ Ժամանակ էր, երբ քաջի դին կամենում էին հանձնել հողին, նույն րոպեին հանգուցյալի կինը կատարեց մի խիստ վսեմ և սրտաշարժ իրողություն. նա կտրեց յուր գլխի ծամերի հյուսերը, յուր գանգուր խոպոպիքը, յուր գլխի բոլոր արծաթի և ոսկի զարդերը, դրեց դագաղի վրա. «քեզանից հետո թող մի այլ աչք չտեսնե իմ զարդարանքը»...— ասաց նա։ Նաև դրեց մի փունջ ծաղիկ նրա նաշի վրա... այդ նրա սիրտն էր, Սալբի, որ մեռնող ամուսինը տարավ յուր հետ հողի տակ...։

«Հանգուցյալի վրանում պատրաստված էր հոգեհաց, բոլորը հավաքվեցան այնտեղ ճաշ ուտելու։ Երբ կերան, լիացան, քահանան կանգնեց ոտքի վրա և խոսեց մի կարճ, բայց ազդու ճառ. «աստծո կամքը գուցե այդպես էր եղած, և թող օրհնյալ լինի նրա կամքը, արդարև, նա չթողեց երկար ապրել մեր վրանների առաջնորդին, բայց առանց դրա այդ քաջը շատ բարիք գործեց յուր կյանքում, նա թողեց յուր հետքից միշտ գովելի հիշողություններ։ Դուք, իմ սիրելիք, սրբեցեք արտասուքը ձեր աչերից, թո՛ղ մխիթարենք ընտանիքը պատվելի հանգուցյալի»։

«Քահանան նստեց։ Ծերերից մի քանիսը ներս բերեցին մեռնողի տասնևերկու տարեկան որդուն՝ հագնված սգազգեստի մեջ, և նրա թուրն ու կամարը։ Քահանան օրհնեց այդ զենքերը և մի ծեր պատերազմող կամարը կապեց նրա մեջքը, և քարշ տվեց հոր թուրը։ Այնուհետև բոլորը մի-մի սկսան համբուրել նրա երեսը շնորհավորելով նրա գլխավորությունը»։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.
  • Հաջորդը: Տեղեկություն չկա

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top