6
Հենց էն ա, սուգը պրծնելով էր, որ բեղաֆիլ թամաշաչոց աչքը մեկ կողմով ընկավ, ու ամենն էլ սկսեցին փսփսալ, իրար երեսի մտիկ անիլ: Ուչթափալարի (երեք սարի) գլխին հանկարծ մեկ քանի ղարալթու երևացին, որ ո՛չ արախլվի (պարսիկ) նման էին, ո՛չ հասարակ ճամփորդի: Հենց իմանայիր, թե նրանք զու են բռնել, որ գան Երևան, չափմիշ անեն, տանին: Ձին քշելիս՝ սուր գդակների ծերերը բռանց էին երևում: Էնպես գիտես, թե ամեն մեկի գլխից մեկ մեծ մահրամա կապած, ծերը մախսուս բաց թողած ըլի, որ քամու հետ խաղա, ու ամեն մեկը մեկ աժդհի նման էին աչքի առաջը գալիս, էնպես էր քամին նրանց ծոցը մտել, շորերը ետ տարել, ու չափ քցելիս՝ ձիու վրիցը դես ու դեն տանում, ֆռռացնում: Էն էլ էր լավ պարզ երևում, որ էս էկողները ո՛չ թվանք ունեին, ո՛չ թուր, ո՛չ ջիրիդ: Հենց ձիանը բաց էին թողել ու իրար ետևից դարիվեր, դարիդուս իրանց քեֆին քշում: Տեսնողը մնում էր սառած, թե ի՞նչպես են նրանք սիրտ անում, էն սուր սարերի ծերիցը դարիվեր էնպես չափ քցում, որ մարդ ոտով էլ չի՛ կարող վազիլ, էնպես դիբ ա էն սարերը: Փոքր ժամանակից հետո բոլորն էլ գյում էլան ու ընկան Դալմեքանց ձորերի, բաղերի մեջը: Ամենն էլ ուզում էին իմանալ, թե էս զարմանալի ճամփորդները ո՞վ պետք է ըլեին: Կարծեմ, որ մինչև չասեմ, դու էլ չե՛ս իմանալ: Մեր երկրացոնց աչքը էնպես սուր ա, որ շատ հեռու տեղից ղարալթուն իր շարժմունքիցն են ճանաչում, բայց էս միջոցին, հենց բռնի՛ր, բոլորի աչքերն էլ կապվել էին: Ո՞վ ա գիտում, բալքի թե շատ էին լաց էլել:
Կես սհաթ չքաշեց, Գյոռխանեքանց կողմիցը վեղարների սուր-սուր ծերերը ափաշկարա ցույց տվին, որ էն Ուչթափալարի ղոչաղ ձի խաղացողները մեր սուրբ Աթոռից էկող եպիսկոպոս-վարդապետներն էին, որ էսպես հանդիսավոր օրերը միշտ պետք է գային, լավ-լավ փեշքաշներ բերեին, որ Երևանի սարդարի, խաների խաթրը առնեն, տոնըները շնորհավորեն ու իրանց ծառայությունը ցույց տան, որ նրանց աչքը մեր ազգի ու մեր աշխարքի վրա քաղցր ըլլի: Իրանք էլ ղորդ ա, խալաթ էին ստանում, էնպես ետ գնում, ամա մեկին տասը քթըներիցը, ջանըներիցը հանում էին, հետո, ու շատ անգամ շաբթով, էրկու-իրեք հարիր մարդով գնում էջմիածին, նստում, քեֆ անում, վարդապետներին մզում, քամում, էնպես դուս գալիս: Ցավն էս ա, որ սարդարը կամ Հասան խանը գալիս՝ բոլոր միաբանքը պետք է խաչով, խաչվառով, զանգակ տալով, շարական ասելով առաջ գնային ու նրանց տուն տանեին:
Քյահլան ձիանոնց վրա նստած մեր փառահեղ հոգևորականքը՝ փոքրավոր, տիրացու, թվանքչի ետևներին քցած, մեկի ձեռին գավազանը բարձր բռնած, մյուսները՝ որը առաջ էր վազում, որ ճամփա բաց անի, տեղ պատրաստի, որը աչքը իր մեծավորի աչքին քցած՝ մտիկ էր անում, որ նա աչքը թերթելիս՝ իսկույն հրամանը կատարի: Կոնդի, Շհարի տերտերներն էլ, որ տիրացըվերով, խաչով, խաչվառով դուս էին էկել ու սաղ օրը բերդի մոտին չորացել, սպասում էին, որ նրանց առոք-փառոք տուն բերեն, էնքան ահ ու դող էին քաշել անց կենող անհավատների ձեռիցը, որ թուքըները բերնըներումը սառել էր: Ամեն անց կենող մեկ բան էր ասում. որը մատներն էր իրար վրա խաչաձև դնում, ափեղցփեղ գլխիցը դուս տալիս, բերանը հոտացնում, որը շարականի հանգով բան էր ասում, մռռում, տերտերների վրա ծիծաղում. որը դունչը ծռում, ձեն տալիս.
— Քեշիշ, բելա ի՞շ (տերտերն ու էսպես գո՞րծ):
Բազի թաջիր ու ախունդ էլ անց կենալիս հո, աստվա՛ծ ազատի, աչքերը առաջը քցած, նոթերը կիտած՝ էնպես մեկ խորթ ձևով տակնըհանց նրանց վրա քիթ ու պռունկը հավաքում, խոժոռած, քափը բերանը կոխած՝ մտիկ էր տալիս, որ թե ձեռին ճար ըլեր, կուզեր, որ հենց է՛ն րոպեին նրանց արինը ծծի, սաղ-սաղ ուտի: Էս էր, որ հենց էսօր էլ Երևանումը, շատ եկեղեցու սրբերի՝ որի աչքերն ա հանած, որի բերանն ա քերած, որի կես երեսը պոկած, շատ եկեղեցու գլուխը քանդած, դռներն ու սեղանը խարաբա, շատի միջում ոչխարի տարթը մեկ գազ բարձրացել, բեմ ու դուռը ծածկել ա, ամեն ծունր դնողի յա մեջը մտնողի հոգին էրվում, խորովվում ա, որ միտք ա անում, թե որ անշունչ պատկերների, քարերի գլխին է՛ս օյինն են բերել, տե՛ս թե կենդանի քրիստոնեից հալը ի՞նչ կըլեր:
Անտեր երկրի, անօգնական ազգի կամ անճար մարդի ցավն ո՞վ կքաշի, թե ինքը չքաշի:
Եպիսկոպոսին տեսան թե չէ, խեղճ տերտերները դողդողալով՝ ամենը մեկ պուճախից դուս եկան, շուրջառները քցեցին, տիրացուքը շապիկը հագան, խաչվառները բարձրացրին,գդակները վերցրին, խոր-խոր գլուխ տվին, եպիսկոպոսն էլ մեկ ծանր-ծանր խաչակնքեց ու հետո, առոք-փառոք, շարական ասելով, երեսները դեպի Անապատը շուռ տվին, ուրտեղ որ Երևանու առաջնորդը նստում ա: Հայոց միջումը, ինչպես որ հայտնի ա, ամեն տեղ էս սովորությունը կա, որ նվիրակին յա եպիսկոպոսին էսպես պատվով ներս տանին: Շատ անգամ խալխն էլ ա առաջները դուս գալիս, փեշերը, աջը համբուրում, օրհնություն առնում ու էսպես ճամփից էկած, բեզարած, էկողին մեկ քանի վախտ էլ քաղաքիցը դուս կանգնացնում, որ, ինչ ա, իր մուրազն առնի, բայց, փառք աստուծո, որ էսպես անկարգ սովորությունները հմիկ քիչ-քիչ վերանում են, ու էլ էկողին չեն ինջմիշ անում:
Մեր եպիսկոպոսունքն էլ խոր հոգոց քաշելով՝ մեկ աչքըները քցեցին մեչըդի կողմն ու անսաս գնացին Անապատը, ուր քեդխուդեքը, իշխանք էկան, հավաքվեցան, ձեռըները համբուրեցին՝ գդակները վեր կալած, օթախը ներս գնացին. մեկ քանի աղքատ-ուղքուտ էլ տերտերների ու թվանքչոց հետ մնացին դռանը, ու փիլոնները կռնատակներին զրից էին անում, իրանց աղի հրամանին սպասում: Եպիսկոպոսունքը հենց ներս մտան, չաքմեքները հանեցին, շորըները փոխեցին, վեղարների ծերը ետ քաշեցին, խալըչի վրա նստեցին, բարձին թինկը տվին, իշխանաց որը երևելիքն էին, էս կողմն, էն կողմը պատի տակին չոքեցին, վարդապետ, տիրացու, փոքրավոր՝ աչքըները իրանց աղի աչքին քցած, ձեռըները դոշներին, առաջին կանգնած՝ իշխանների համար յա արաղ էին բերում, յա մազա թավազա անում: Ամենի աչքն էլ էկողների բերնի վրա էր, նրանք եռալիս՝ իրանք էլ բարձր ու ցածր էին անում, նրանք երեսները շրջելիս՝ իրանք էլ հետըները շրջում, մեկ բառով՝ էնքան էր իշխանաց պատիվ տալը ու եպիսկոպոսաց ահարկությունը, որ հենց կիմանայիր, թե նրանց հոգին սրանց ձեռին ա:
— Հլա գալուստդ շնհավոր, հա՛յր սուրբ, մեր գլխին, մեր երեսին. աստված ձեզ մեր գլխիցը չի՛ պակսացնի: Մեր աչքը հենց միշտ ձեր ճամփին ա. աստված մեր սուրբ Աթոռը ղադմի հաստատ ու պայծառ պահի,— սկսեց իշխանների մեկը գլուխ տալով ու տեղը դրստելով՝ բերանը բաց անիլ:— Ծառա եմ աջիդ, ի՞նչպես ա մեր հոգևոր տիրոնջ քեֆը, ջանը սա՞ղ ա, դամաղը չա՞ղ ա, լավ դռի՞ ա, թե՞ ոտից-ձեռից ընկել ա: Աստված նրան իր թախտին հաստատ պահի, նրա սուրբ աղոթքը մեր գլխիցը անպակաս ըլի՛. քանի որ նրա շունչը կա, աստված մեր ռզղը միշտ կհասցնի: Մեկ Աթոռ ունինք, մեկ Հոգևոր տեր, էլ հո ուրիշ բան էս աշխարքումը չունի՞նք: Գիշեր-ցերեկ մեր խնդիրքն է՛ն ա, որ աստված մեր Աթոռը շեն ու պայծառ պահի, մեր հոգևոր տիրոնջ կյանքը երկար անի: Ինչ ունինք՝ ձերն ա. մեր որդիքն էլ, տեղն ընկած տեղը, ձեր
ուղուրին կծախենք, թա՛ք ըլի՝ ձեր աչքը մեզ վրա քաղցր ըլի:
— Օրհնյալ լինիք, աստված ձեր հավատն օրհնի, աստված Հայոց ազգը միշտ շեն ու պայծառ պահի,— պատասխանեց եպիսկոպոսը,— դուք որ կաք, Լուսավորիչ պապի գառներնեք, հալբաթ որ ձեր եղը պետք է ուտենք, ձեր կաթը՝ կթենք, ձեր բուրդը՝ խուզենք, շոր կարենք, թե չէ հո՝ մերն ա, էն սև քարը. ո՛չ թուր ունինք, որ չափմիշ անենք, ո՛չ իշխանություն, որ զոռով խլենք: Ինչ որ կտաք, մենք էլ պետք է աչքըներս խփենք, ձեռըներս դեմ անենք, էն առնինք, ձեզ օրհնող ըլինք, ընդով յոլա գնանք: Վաճառականություն ասես թե ռաչպարություն, ջուլհակություն թե բաղմանչություն, դուք էլ գիտեք, որ մեր ձեռիցը չի՛ գալ: Սևագլխի փիրն իրան խռով ըլի, ընչի՞ ա պետքը էս աշխարքումս. օղլուշաղի երես չի՛ տեսնում, մարդամեջ չի՛ դուս գալիս, ի՞նչ ա մեր կյանքը, մենք հո մարդի կարգում չենք: Դուք մե՞զ կտաք՝ աստված էլ ձեզ կտա, մենք էլ մեր մեղավոր բերնովը աստված կաղաղակենք գիշեր-ցերեկ, որ դուք միշտ բախտավոր ըլիք, ձեր մինը հազար ըլի, ու որդով, զավակով ծաղկիք, ծլիք, զորանաք:
— Հա՛յր սուրբ, գլխիդ ղուրբան, քո ոտի հողն եմ, լավ ես հրամանք անում, ամա ի՞նչ անես, որ ընչանք բանը բանին ա հասնում, դանակն ոսկորին դեմ ա ըլում, էլ հանիլ չի՛ կարելի,— էն դհիցը քյոնդալանա մեկը ձեն տվեց ու փափախը դզեց:— Մենք էլ լավ գիտենք, որ խաչն էլ ա մերը, ավետարանն էլ, մենք էլ գիտենք, որ տասներկու խաչապաշտի, եթմիշիքի միլլեթի գլուխն հայն ա, հայի ժամի արարողությունն ու շարականը, հայի մեռոնն ու Հավատամքը մեկ ազգ էլա չունի, ամա էս անօրենքները մեզ հավատից էլ են քցել, հալից էլ. մալ են տեսնում մեզանում, խլում են. աղջիկ են գտնում, քաշում են. մեզ կրակն են դրել, սաղ-սաղ էրում են, փոթոթում. թե մեկ խոսք էլ ասում ես հո, վա՜յ քո օրին, արևին, գլխիդ էնքան բռնցքում են (մուշտում), որ աչքդ բուռդ ա ընկնում: Տունդ էլ որ քանդեն, ձեն չպետք է տաս: Ախր որ մեր միսն էսպես գազանի պես ուտում են, սրա չարեն ի՞նչ կըլի: Տեղից վեր կենողը ոտը մեզ վրա ա բարձրացնում: Չի՞լում, որ մեկ օր գնանք, ջուրը թափինք, պրծնինք: Ախր էս հո օր չի՛, որ մենք քաշում ենք: Մնացել ենք եթմի պես շլինքներս ծռած. սրա վերջն ախր ի՞նչ պետք է ըլի, գիր չե՞ք բաց արել, ի՞նչ ա ասում. էս աշխարքս քանի՞ տարի էլ պտի մնա, վախտը հասել չի՞, որ մեկ Գաբրիելյան փողը փչեր, աշխարքս հայլու պես դզվեր, էնպես, որ մեկ պստիկ ասեղ էլ մեկ օրվան ճամփից էրևեր, աճուճ-պաճուճը, Եղիա մարգարեն գային, մարդիկ մեկ թզի չափ
դառնային, մեր սուրբ էջմիածինը ու Երուսաղեմը մնային, մեր ազգը զորանար, էս անհավատ անօրենքները մի կորչեին, ջնջվեին, ու մենք սկսեինք երկնքի ու երկրի փառքը վայելիլ, ինչպես որ հրեշտակը երազումը մեր սուրբ Լուսավորչին պատմել ա: Մենք էլ ասողից ենք լսել, հո մեր գլխի՞ցը չենք ասում: Ախր աթադան, բաբադան էսպես ենք իմացել, թե աստված պետականը որ մեր սուրը Լուսավորչուն էնքան չարչարեց, տասնըչորս տանջանք տալ տվեց, տասնըչորս տարի Խոր Վիրապումը, ծառա եմ նրա սուրբ զորությունին (ասեց ու երեսին խաչ հանեց), պահեց, մե՛ր խաթեր էնպես արավ, որ մեր ազգն էլ տանջվի, չարչարվի, էլ էս աշխարքին թամահ չանի, որ աստուծո մոտ պարզերես գտնվի ու երկնային թագավորությունը վայելի: Ա՜խ, ի՞նչ կըլեր, որ էս օրը մի շուտով գար, մեր աչքն էլ մի լիս տեսներ. երկրի թագավորությունը մեր ընչի՞ն ա պետքը. երկնքումը պտի մեր աստղը բանի, որ ամեն ազգ էլ տեսնին ու մեզ էրնակ տան: Մեր գլխին՝ թագ, իրանցը բաց տեսնին ու ամաչին, փոշմանին, որ երկրիս մեծությանը էնքան եսիր էին էլել: Տերտերն<երն> էլ են գիր բաց անում, ղորդ ա, ամա շատը իրանցից են ասում. նրանց ասածը ո՞վ մեկ չվանի կդնի. սուրբ Աթոռն էնտեղ էլած տեղը մենք նրա՞նց մուննաթը պտի ընկնինք: Մեկ ջուղաբ տո՛ւր, է՜, ա՛ջիդ ղուրբան գնամ. ձեր ոտը շատ գիտի, քանց մեր գլուխը: Մենք որ կանք՝ սարի հայվանի պես առավոտները վեր ենք կենում, էրեսներս լվանում, խաչհանում, մեկ քանի խոսք էլ գլխըներիցս դուս տալիս ու գնում մեր բանը: Գիրն էլ ա ձեր ձեռին, գրի բալանիքն էլ: Ձեր մեկ մազը աշխարքի բարեբար բան գիտի: Ասում են, թե ընչանք աշխարքս չվերջանա, մեր ազգին ո՛չ թագավորություն կըլի, ո՛չ թախտ, հենց էսպես պտի չարչարվինք՝ մենք դատենք, ուրիշներն ուտեն: Ղորդն ու սուտն աստված գիտի, պարտական մնա ասողն էլ, գրողն էլ: Ասում ա՝ մեկ գիժ մեկ կարաս կոտրեց, հարիր խելոք վրա թափեցին, չկարացին սաղացնիլ: Բանն ընկել ա բերնեբերան, ասածդ հո չե՛ս կարալ ետ ուտիլ: Մեր պապերիցը մեր անկաջն ա ընկել, մեզանից մեր որդիքը կիմանան: Վա՜յ հախին, վա՜յ նհախին: Լավ արիններս էլ եռ ա գալիս, լավ սիրտ էլ ունինք, տղամարդություն էլ, որ մեր դուշմանի հախիցը վեր գանք: Մեկ հայ, տեղն ընկած վախտը, լավ տասը թուրքի էլ տակն ա դնում ու միսըները բերանները տալիս: Ղորդ ա, նրանք պաս չեն պահում, միշտ եղ ու կարագ ուտում, ու մենք շատ վախտ, շաբթով, ամսով, հենց ցամաք հացով ու խոտով, բանջարով ենք յոլա գնում, ամա, ղուրբան ըլիմ մեր սուրբ մեռոնի ու Լուսավորչի լիս հավատին, նրանց զորությունը շա՜տ, շա՜տ ա: Փի՛ր ըլին մեր սրբերն ու մեր ամենափրկիչ սուրբ Գեղարդը. մեկ բան
ըլելիս յա ղոնշուն դուս գնալիս՝ մեր մի հայը մեկ դագանակով էլ շատ անգամ տասը թուրքի գլուխը կջարդի, մեկ մատով որ խփի, տեղնուտեղը բանհոգի կըլին, հայի փիրն ու սոյը ա՛ստված օրհնի: Ամա ի՞նչ անենք, որ մեզ հրաման չկա թուր բանացնել: Քրիստոս ինքը Պետրոսի ձեռիցը թուրն առավ, որ հայ քրիստոնեն էլ թուր չի՛ վերցնի: Քրիստոնեի թուրը աղոթքն ա, ժամը, պատարագը, պասը, ծոմը, ողորմություն տալը: Ասիլը հեշտ ա, անիլը՝ դժար: Թող ժամ, պատարագն էլ ըլին, ո՞վ ասում՝ չըլի<ն>, լեզուն քրքրվի՛ ասողի, ամա թրի ու թվանքի փիրն օրհնած ա, թեկուզ բողազս էլ դուս կտրեն, ես դրուստն եմ ասում: Թուր որ չունիս՝ գլուխդ կտրում են, օղլուշաղդ քաշում, կերածդ հարամ անում, դատածդ խլում, քեզ էլ եսիր անում. աշխարքն էսպես ա, ի՞նչ կարաս անիլ: Տո՛ւր էն աջը, որ բռնի էն խաչը: Աղոթքն իր տեղը, թուրն՝ իրը: Աստված ղշին, հայվանին էլ յա՛ չանգ ա տվել, յա՛ պոզ, յա՛ ատամ, որ չանգռի, հարու տա, կծի, իր գլուխը պահի: Ես մեղա աստծու: Սիրտս էրվում ա, էնդուր համար եմ ասում, թե չէ՝ ինձ նման շատերն էկել, ա՜խ, վա՜խ քաշել, իրանց սև օրը լաց էլել ու էլ ետ ա՜խ, վա՜խ քաշելով՝ հողը մտել. ես էլ նրանց մեկը. թե մենակ իմ դարդն ըլիմ քաշում, թո՛ղ աչքս հանեն: Թողություն արա՛, ծառա եմ սուրբ աջիդ. գիտում եմ, որ դուք էլ կցավիք, էնդուր համար եմ ասում, թե չէ՝ մեկ պուճախ էլ ե՛ս կճարեմ, որ միջումը ձգվիմ. մեկ բուռը հող էլ հալբաթ կըլի, որ մեկ օր, աչքս խփելիս, երեսիս քցեն:
— Լա՛վ ես հրամայում, լա՛վ, ա՛ղա Պետրոս,— պատասխանեց սրբազանը,— ամա ի՞նչ անես, որ մենք Քրիստոսի ծառեն ենք և ո՛չ աշխարքի: Երկնքի որդին ենք և ո՛չ երկրի: Քրիստոս Տերն մեր, սի՛րելիք (երեսներին խաչակնքեցին), երկնի և երկրի արարիչը, եթե կամենար, որ իր սուրբ տնօրենությունը հեշտությամբ անց կենար, ու ինքը չչարչարվեր, չխաչվեր, էլ չէ՛ր գալ էս փուչ աշխարքը ու մարմին առնիլ որ մեզ ազատի: Մեկ որ հրամայել էր, ամեն բանը թամամ կըլեր: Ամա չէ՛, Ադամա մեղքը մնացել էր մեր վրա. մինչև էն մեղքը չջնջվեր, դժոխքը չքանդվեր, մեզ ազատություն չէ՛ր ըլիլ: Մենք սուրբ ավետարանի աշակերտն ենք, սուրբ ավազանի՝ որդիքը. էդպես մտքերը չար սատան են ա ձեր սիրտն ածում, որ գիշեր-ցերեկ մեր շվաքի ետևիցը ման ա գալիս: Ինքն՝ Տերն մեր, էկավ մեր մեջը, խոնարհեցավ, մեր մարմինն ու արինը առավ, մեր խաթեր խաչվեցավ, մեռավ, թաղվեցավ, որ մեզ, մեզ օրինակ ըլի, թե ով կամենում ա երկնային փառացը, Քրիստոսի սուրբ արքայությանը արժանանա, ընչանք չխաչվի, չչարչարվի, չտանջվի, իր գլուխը մահու չտա, աստուծո սուրբ տեսուն չի՛ կարող արժանանալ:
Ավետարանն ինքն ա ասում. «Որ ո՛չ առնու զխաչ և ո՛չ եկեսցէ զկնի, որ ո՛չ թողցէ զհայր, զմայր, զկին, զորդիս և ո՛չ եկեսցէ զկնի իմ, նա չէ՛ ինձ արժանի: Եւ թէ՝ յարիցեն ագգ յազգի վերայ և թագաւորութիւն ի թագաւորութեան վերայ, նեղեսցեն, տանջեսցեն, հալածեսցեն զձեզ վասն իմ, այլ դուք ուրախ լերո՛ւք, զի վարձք ձեր բազում են յերկինս, և մազ մի ի գլխոյ ձերմէ ո՛չ կորիցէ առանց հօր իմոյ՝ որ յերկինս է: Այսպես հալածեցին զմարգարէս՝ որք առաջ քան զձեզ էին» և այլն: Տեսե՛ք, սի՛րելիք, էս էլ ավետարանի խոսքը. ինչ գրվածնա, պտի կատարենք: Առաքյալք, մարգարեք, մարտիրոսք էսպես արին, իրանց արինը թափեցին, ինչպես ամեն օր լսում, կարդում ենք, որ այժմ աստուծո աջակողմյան դասումը նստած՝ իրանց վարձքն ստացել, փառավորվել, երկնային ուրախությունը վայելում են, մենք մեկ սհաթի հետ հավիտենական կյանքը պտի փոխե՞նք: Էդ ո՞ր գիժը կանի: «Փառք աշխարհիս, իբրև զծաղիկ խոտոյ, այսօր է և ի վաղիւն ցամաքի»: Մեզ պես մեղավոր, անարժան մարդիկը պետք է աստծուն ընդիմանա՞նք: Էդպես սարսափելի, չար միտքը ձեր սրտըներովն էլ չի՛ պտի անց կենա, ո՞ւր մնա՝ բերան բերեք յա լեզվով էլ ասեք: Ինչ աստուծո կամքն ա, էն պտի ըլի: Պողոս Առաքյալը չի՞ ասում, թե «Հնազանդ լերուք թագավորաց, զի յԱստուծոյ են կարգեալ»: Պրծա՛նք, գնա՛ց: Ով այլ տեսակ կմտածի, անհավատ ա ու դժոխքի բաժին, մեր պարտականությունն ա, որ ասենք, ձերը՝ որ լսեք: Չե՛ք լսիլ, պարտականը դուք մնաք:
Բաս թե իմանաք՝ մե՛ր գլուխն ի՞նչ են բերում էս հավատի թշնամիքը, էն ժամանակը դուք ձերը կմոռանաք: Ամեն մեկ բեկ, մեկ խան սուրբ Աթոռը գալիս՝ մեզ կրակն ա դնում, էրում, շամփրի պես պտտում: Ո՛չ հաց ու ջուրն ա նրանց փորը կշտացնում, ո՛չ պատիվն ու փեշքաշները նրանց աչքը բռնում: Շաբթով նստում են մեզ վրա. ինչ որ ուզում են, տալիս ենք, էլի ռազի չե՛ն ըլում: Սարդարն ու Հասան խանը գալիս հո, երկինքը մեր գլխին փուլ ա գալիս, աշխարքն աշխարքով դիպչում. էլ շունը տերը չի՛ ճանաչում, էնքան գելեն մեր գլխին թոփ ըլում: Քչիցը-քչիցը, ամեն մեկ գալիս, չորս-հինգ հարիր մարդ ետևիցն ընկած՝ տուն են թափում, ո՞ւմ առաջը բռնես: Խան, բեկ, ծառա, մեհտար, աշչի, ղուշչի, ղայլանչի, էրկու էնքան էլ ձի, ջորի, ուղտ, բարգ, բարխանա հետըները քցած՝ գալիս են, մտնում վանքը. դե արի՛, նրանց կառավարի՛: Ինչ օր որ նրանց ոտքը մեզ մոտ պետք է մտնի, հացըներս էլ ա հարամ ըլում, ժամըներս էլ: Սաղ օրը յա ժամի ծերին, յա ճամփի մեջտեղը, շոգում, անձրևում, թոզում պտի կանգնինք, մտիկ տանք, որ նրանք գան: Իրեք-չորս եպիսկոպոս պտին առաջը գնալ: Բոլոր միաբանությունը դուս ա
գալիս, մեկ վերստաչափ տեղ էլ գլխաբաց, խաչով, խաչվառով, շուրջառով, բուրվառով, խնկով, մմով առաջ գնում ու շարական ասելով, վազելով, ձիանոնց առաջին քափ ու քրտինքները կոխած՝ նրանց ներս բերում: Շատ անգամ, վանքի դուռը մտնելիս, պետք է զառ ճոթից, ղումաշից, խասից փիանդազ քցած, որ էս անօրենների ոտը խերով ըլի, մեկ վնաս մեզ չհասնի, թե չէ ամենիս էլ կկոտորեն: Փիանդազը ֆառաշների փայն ա, դե արի՛, նրանց սիրտը շահի՛: էսպես՝ գալիս են, վանքը լցվում: Վեհարան, խցեր, Ղազարապատ՝ էլ տեղ չի՛ մնում, որ միջումը կուչ գանք: Հլա սարդարի, խաների սիրտը փեշքաշներով, փողով ենք առնում, ու կաթողիկոս, եպիսկոպոս գիշեր-ցերեկ գլխըներովը պտիտ գալիս: Ամա ինչ որ մեր խեղճ միաբանի ու նոքարների գլխին ա գալիս, քո դուշմանդ չտեսնի: Փետի, թրի առաջ արած, սաղ օրը ուշունց տալով, ծեծելով՝ հազար մեկ բան են ուզում: Յա ձիանոնց տեղն ու խոռակը լավ չի՛, յա իրանց սրտի ուզածը բանի պետքը չի՛: Մեր ձիանքն էլ են դուս անում, տավարն էլ: Խոզերին հո, վա՜յ նրանց օրին, որտեղ որ տեսնում են, թրատում, միջիցը կես են անում. ախր խոզի թշնամի են, բաս ի՞նչ կըլի: Մեր թխած հացը, էփած կերակուրը, մորթած միսը, ձեռը տված զատը հարամ ա ու հարամ: Իրանք են ամբարը մտնում, մառանը ընկնում, դռները կոտրատում, ու ինչ սիրտըներն ուզում ա, շատ փայը շաղ տալով, ոտի տակ քցելով, կոտրելով, ջարդելով, փչացնելով՝ իրանց ձեռովը դուս բերում, ուզածները շինում, էլի մեր յախիցը կպչում:
Էսպես՝ մոյդա ասես, ղարաչի, քյամանչի, սազանդար, սաղ գիշերը որը պար ա գալիս, որը ֆալ բաց անում, որը բերնին զոռ տալիս, որը գլխին, որ էս անիրավի սիրտը շահի: Գինի խմիլն էլ հո, նո՛ր են սովորել, էլ ի՞նչն ա պակաս: Աստված ո՛չ շհանց տա. մենք էլ ձեռըներս դոշըներիս՝ սաղ գիշերը նրանց առաջին յա պետք է չոքինք, յա կանգնինք, որ քեֆըները թամամ ըլի: Շատ անգամ վարդապետ էլ ա թրատվում, յարալու ըլում: Էսպես՝ ընչանք մենք նրանց մեր հասարիցը դուս ենք տանում, մերը մեզ ա հասնում:
Ախր մեզ որ է՛ս են անում, ձեզ ի՞նչ կանեն: Պտի համբերենք, համբերությունը կյանք ա: Կարելի ա, որ մեկ օր աստուծո ողորմության դուռը բացվի. յա էն ա, բոլորս էլ կկոտորվինք, կփչանանք ու աստուծո սուրբ տեսությանը կարժանանանք, կամ թե չէ՝ մեկ ճար կըլի մեզ: Քրիստոնեն սրով չի՛ պետք է իր բանը յոլա տանի. նրա թուրը իր համբերությունն ու հավատն ա: Էսպես արեց մեր էն էշ գեղըցի, հիմար Աղասին էլ, որ մեկ աղջկա խաթեր սուր քաշեց, ու խեղճ քանաքռցիք էնքան ջառըմա տվին, ու նրա հալևոր հերը ու գեղի քեդխուդեքը էս ա, հինգ տարի ա, բանտումը,
քոթկումը չորանում, մաշվում են, ու աստված գիտի, թե վերջըները ի՞նչ կըլի: Ո՛չ մելիք Սհակի, ո՛չ Կաթողիկոսի մունաթը մեկ օգնություն չարին: Ինքն էլ գժի պես ընկել ա սարեսար, չափմիշ անում, ճամփա կտրում ու իր թշվառ օրը էսպես անց կացնում: Ո՞վ ա գիտում, թե ո՞ր քարի վրա գլուխը վեր կդնի ու ի՞նչ տեղ շներոց-գիլերոց կըլի: Լավն է՞ն չի, որ մարդ գլուխն իրան քաշի ու տազ անի: Չէ՛, չէ՛ սի՛րելիք. քանի կարանք, մեր գլուխը պահե՛նք. «հա՛» կասեն, «հա՛» ասենք. «չէ՛» կասեն, «չէ՛» ասենք. կասեն՝ նստի՛ր, նստի՛նք, վե՛ր կաց՝ վե՛ր կենանք. մինչև տեսնի՛նք, թե բանն ի՞նչ տեղ կհասնի: Ասում են, թե ռսներն էկել, Ապարան են հասել. ո՞վ ա խաբար. բալքի նրանցից մեկ ումուդ ըլի, աստուծո բանն անքննելի ա: Աստված նրանց թուրը կտրուկ անի. թե մեկ նրանց ոտը մեր հողը կմտնի, էն ժամանակը թո՛ղ մեզ էլ տանին, մատաղ անեն: Շտապիլ հարկավոր չի՛: Ցիցիանովն ու Գդովիչը Երևան չառան, բալքի թե աստված չէ՛ր կամեցել, որ մեզ էլի փորձի: Շատը տարել ենք, քչին էլ համբերենք, տեսնի՛նք, վերջըներս ի՞նչ կըլի: Ամա էլի եմ ասում՝ քրիստոնեն թրի կոթն էլ ձեռ չի՛ պետք առնի, կարճ, որ քար էլ աղան գլխին: Իրիկնաժամի զանգակը տվին, գնա՛ նք ժամ, աղոթք անե՛նք, հլա շատ կխոսանք: Ա՛յ տղա, վեղարս տո՛ւր, մաշիկս դի՛ր. ժամիցը ետը գիշերն՝ երկար, մենք՝ պարապ, էնքան խոսանք, որ քուններդ տանի:
Աստված բարի ճամփա տա՛, հա՛յր սուրբ. էդ բերանդ լիս դառնա. է՛դպես պետք է քարոզել խալխին: Աշխարքումը կենալը ի՞նչ լազաթ ունի. անապա՛տը պետք է գնացած, անապա՛տը, որ աստված երկնքիցն ուրախանա, երկիրս քիչ-քիչ քանդվի, սատանեն ճաքի, տրաքի, հրեշտակները մեզ շուտով տանին, մեր փառքին հասցնեն: Ազգն ի՞նչ ա, աշխարքն՝ ի՞նչ: Բոլոր սուտ բան ա: Ամեն մարդ իր հոգու ճամփեն պտի գտնի: Քանի կարաս՝ օր առաջ թադարեքդ տե՛ս, որ ետ չընկնիս:
Տիրացուն իսկույն վեղարը տվեց, ֆարաջեն հաքցրեց, վարդապետը մաշիկը դրստեց, առաջը դրեց, իշխանքը գլխըները տմբացնելով, քուրք ու աբա ուսըներին քաշելով, գդակներ ըդզելով ետ կանգնեցին, ու սրբազանը դուս էկավ: Նրանք էլ ետևիցը մեկ-մեկ ճամփա ընկան, քոշըները հաքան, որ դռանը թողել էին. մեկ սարկավագ փիլոնը վերցրեց, մեկ վարդապետ՝ գավազանը, ու դռանը ձեռը տվեց. տերտերները հո, փիլոնները
ուսըներին, դռանը էնքան կանգնել, վրվրթացել, դողացել էին, որ դատաստանի օրն էլ էն մահվան քրտինքը չեն տեսնիլ: Եպիսկոպոսը դուս էկավ թե չէ, երկու կարգ դառան, փիլոնները քցեցին ու եպիսկոպոսին հանդիսով, տիրացու, սարկավագ, վարդապետ, իշխան, թվանքչի քամակիցն ընկած՝ տարան ժամը: Ներս մտնելիս՝ տիրացուն հողաթափը առաջը դրեց, սարկավագը փիլոնը քցեց, մեկ տերտեր էլ մեկ խալիչա ծալած, ձեռին բռնած՝ հենց եպիսկոպոսը ժամը մտավ, սեղանի առաջը հասավ, մեկ քանի խաչ հանեց երեսին, մեկ խոր գլուխ տվեց, խալիչեն բաց արեց, ետ կանգնեցավ. եպիսկոպոսը մեկ քանի խոսք իր մտքումն ասեց, սուրբ սեղանին գլուխ, երկրպագություն տվեց ու փառահեղ կերպով գնաց, ձախու դասումը, իր աթոռումը բազմեց. ժամն օրհնեց, Հայր մերն ասեց, ժամը կանգնեց: