11
Բայց վա՜յ ինձ, ո՞ւր հասա, ո՞ւր տարավ ինձ իմ կսկիծը, իմ էրված սիրտը: Լեզուս չի՛, որ խոսում ա, հոգիս ա, որ զգում ա, ազգիս արինը առաջիս թափում, իմ հայրենիքն առաջիս քանդվում, իմ սիրելի ախպոր աղի արտասունքը ու դառը սուգը՝ սիրտս էրում, խորովում: Ի՞նչպես բերնիս հուպ տամ. արինս քթովս ա դուս գալիս, աչքս կայծակին տալիս. ջանս էլ տամ, էլի իմ թանկագին ազգի արինն ու ոսկերքը Շորագյալու հողումը չորացած՝ կարելի ա, թե մեկ մարդի չէրևեր, մեկ մարդ չիմանար, թե ես էլ էստեղ պետք է զոհ ըլեի, չիմանայի, չտեսնեի, չլայի ու աղի արտասնքով չխնդրեի. ով Խլղարաքիլիսու պատմությունը կարդա, ինչ աստվածասեր հայ նրանց տարաբախտությունն իմանա, գլուխը պահի, նրանց հոգին հիշի, իր հոգին ու մարմինը էլ թշնամու ձեռք չտա՛, չտա՛. ջուրն ընկնի, կրակումն էրվի, բայց իր յախեն պարսից ձեռը չի՛ քցի, չի՛ քցի. գլուխը ծախի, իր ազգի դարդին հասնի, իրան գերի չա՛նի, չա՛նի: Ա՜խ, երաբ ասածս տե՞ղ կհասնի, թե՞ հետս գերեզմանը կերթա ու հողումն էլ ոսկերքս կմաշի, կտանջի, դրախտն ինձ դժոխք կշինի, գերեզմանն՝ ինձ գեհյան (քուրա):
Էրեխե՛ք, ձեր ջանին մեռնիմ, ձե՛զ եմ ասում իմ դարդը, ձեզ հմար եմ գրում, ձեր երեսին ղուրբան. հողումն էլ ըլիմ, էկե՛ք, վրես կանգնեցե՛ք. թե ազգասիրությունն ու հայրենասիրությունը ձեզ վնաս տա, անիծեցե՛ք ինձ, թե օգուտ՝ օրհնեցե՛ք ու լսեցե՛ք ձեր ընկերների լացն ու սուգը, նրանց հորնըմոր կսկիծն, ու ձեր հորնըմոր ծոցում դինջ հանգստանալիս՝ ասածներս մտքըներդ բերե՛ք: Խլղարաքիլիսեցոց անմեղ երեխեքանց ձենը քանի անկաջներդ ընկնի, փառք տվե՛ք աստուծուն, որ էնպես երկնքի տակի ծնվեցի՛ք, որ ձեր աչքը էսպես բան չտեսավ. նրանց ծոցումը մեծացաք, նրանց կաթովն ապրեցիք ու նրանց արինը չխմեցիք, նրանց դոշի վրա քնեցիք ու չմորթվեցիք, նրանց կռան վրա խաղացիք ու ո՛չ նրանց մեռած, կտրատված, թիքա-թիքա արած, արինաթաթախ լաշի վրա ընկաք ու լալով, արտասնքով նրանց արինը չծծեցիք: Կենդանի մոր փորից դուս էկաք,նրանց սերը վայելեցիք ու ո՛չ թե նրանց ճղած փորը դուք կենդանի մտաք, ու ձեր գլուխն էլ նրանց սրտումը արինաթաթախ ցցվեց: Բարձի վրեն, յորղան-դոշակի տակին նրանց խտտեցիք, խնդացիք ու ո՛չ հողի միջումը, քարերի վրա, նրանց արնումը թավալ տալով՝ ձեր արինն էլ հետը խառնեցիք:
Ա՜խ, մի՛ լաք, մի՛ նախատեք ինձ, որ ես ձեր առաջին դժոխք եմ բաց անում. իմ սիրտս էլ որ դժոխքումն էրվի, էսքան չե՛մ կսկծալ, չե՛մ մորմոքվիլ, չեմ տանջվիլ, ինչպես Խլղարաքիլիսու պատմությունը միտքս բերելիս: Չբարկանա՛ք ինձ վրա, չասե՛ք, թե երազ եմ պատմում. հազարից մեկը չե՛մ ասում, որովհետև ձեռքս թուլանում ա, աչքս սևանում: Իմ լեզուս ի՞նչ ա, հարցրե՛ք էնտեղ ըլողներին, նրանք հազարապատիկ լավ կասեն, թե ի՛նչպես էին անողորմ պարսիկքը մոր փորը ճղում, երեխեն հանում, թիքա-թիքա անում, առաջ ոտները կտրում, հետո՝ ձեռները, ապա մզրախի, թրի ծերը հանած՝ նրա մղկտալուն, թրպրտալուն երկար ժամանակ մտիկ տալիս, իրանց դժոխային քեֆն անում, ասում, լսում, խնդում, ծիծաղում ու հետո, ա՜խ, հետո, էնպես անմեղ քոռփին հորնըմորը տալիս, կամ նրանց գլուխն էլ սրանցի հետ մատաղ անում:
Թողե՛ք, թողե՛ք անց կենա՛նք, հերիք ա. բայց ի՞նչ անեմ, հենց գիտեմ՝ էսօր ա Սահակ աղեն առաջիս կանգնել, աղլուխը աչքին դրել, աղաչանք անում, որ Հասան խանի սիրտը ռահմ ընկնի. էսօր են հայ սարվազներին են երեխեքանցը տալիս, որ նրանք բռնեն, իրանք փառչալամիշ անեն. էսօր են տասը պարսիկք Վարդանի քիր ու ախպերը, հերնըմերը առաջիս սաղ-սաղ քերթում, կաշիները հանում, ոտ ու ձեռ քարով, թոխմախով ջարդում, քացով երեսներին տալիս, ու Վարդանը՝ էս հրաշագեղ պատանին, ձեռները կապած, էս երկնային հրեշտակը՝ նրանց վրա կանգնած. ոտն ա կամենում շարժի, ճոպանը չի՛ թողում. ձեռն ա ուզում մեկ բանի հասցնի, չվանն ա ղայիմ. թրի առաջն ա ուզում ընկնի, թուրքը չի՛ թողում, սիրտը պատռում ա, ձեն չի՛ կարում հանի, չունքի նրա հասակի ջահել տղա, աղջիկ հավաքել, ձեռ, ոտ, բերան կապել, տանում են, որ իրանց դնին մատաղ անեն: Ողորմելի պատանին ուզում ա, որ մեկ ետ էլ մտիկ տա, իր ծնողաց սուրբ արինը ու կտրատված լաշը մի տեսնի, փափագն առնի, մեկ կաթ արին էլա վրեն քսի, մեկ բուռը հող էլա ծոցը կամ ջեբը դնի, որ հիշատակ մնա, մեկ համբուրի էլա ու ետին բարովն ասի, մեկ չոքի էլա, նրանց օրհնությունն առնի, բայց ա՜խ, ա՜խ, հարիր սուր գլխին պլոկած, աչքերը կապած՝ իր ընկերների հետ քշում են, անկաջներ՝ փակ, որ նրանց ձենն էլա իմանան, բերանները՝ կապած, որ իրար հետ խոսին. ձիու երըմիշ ըլելուցն են իմանում, որ շարժումեն, բայց չգիտեն՝ ո՞ւր. դժո՞խքը, թե դրախտը.— դժո՛խքը, սիրելի, դժո՛խքը. սրանց տանում են, որ թուրքացնեն, իրանց դնին մատաղ անեն:
Ետ դառնա՛նք, պրծա՛նք. հազար ծեր ու պառավ, հազար տղա ու աղջիկ, մանուկ, ծծկեր իրար վրա փրթած՝ վաղուց ձենըները կտրեցին, երկնային քունը մտան: Ժահահոտությունը քիչ-քիչ սկսում ա բարձրանալ, հարավի չոր քամին՝ փչում. ամպերն էլ ետ սարերի գլխըներին հավաքվեցան,
նրանց աղաղակը աստված չիմացավ: Արեգակը վազում ա արևմուտը հասնի, ղզլբաշը՝ Ապարան քաշվում. խլղարաքիլիսեցոց հոգիքը՝ ո՞ւր.— դրախտը. արդարը դժոխքը ե՞րբ կերթա: Խլղարաքիլիսեն էրվեց, ամպերը քաշվեցին,
սարերը դինջացան, հարիր տասը-տասնըհինգ տարեկան տղա, աղջիկ Հասան խանի օրդուն մտան: Ղոնշունը նաղրախանեն ածելով, պար գալով ետ ա դառել. դահիճքը իրանց թրերն են հազրում, մոլլեքը իրանց լեզվները սրում, որ Քրիստոսի որդիքը Ալուն մատաղ անեն: Վա՜յ, վա՜յ, Հայոց ազգ ջան, է՞ս օրին էիր դու արժան:
Իրիկունը որ գա, ա՜խ, գել, արջ, սարերի գազանները պտի գան, ձեր կացած տեղը իրանց ուրախությունն անեն: Էլ ո՞վ կլսի մոր ձեն, հոր աղոթք, երեխի խաղ ու ծիծաղ, ժամի ու զանգակի ձեն ձեր լաշերի վրեն: Գազաններին կմնա բոլոր մեյդանը. նրանք պետք է էս գիշեր մարաքյա անեն էստեղ: Գնա՛նք, գնա՛նք, միսս սրսռում ա. օ՜հ, ո՞վ սիրտ կանի մոտանա. բաս էրեխեքանց ճարն ի՞նչ կըլի. նրանք կերթան Հասան խանի օրդուն, լաց կըլին, ջան ասող չի ըլիլ. կէրվին, կմորմոքվին, մեկ ցավող չի՛ ըլիլ: Ամեն մեկը մեկ խանի կամ արախլվի ձեռի՝ հավի պես կծվա կամ լեղապատառ կըլի, կամ սուրը իր դոշը կխրի, իրան կսպանի, կամ տանջանքին չդիմանալով՝ կթուրքանա. ո՞վ, լսողը ի՞նչպես չպտի սարսափիլ:
Տեսնի՛նք, ո՞ւր գնացին էս անմեղ գառները: Մեր բախտիցը, թե տարաբախտությունիցը, մութը գետինն առել ա, էլ մեզ մարդ չի՛ տեսնիլ, որ եսիր անի:
Մթնագիշերը քեզ մեկ ղարալթու ա երևում. գլուխը ցից, պատերը քանդված, հազար կայծակի ու երկրաշարժության երեսը դեմ տված, դռներն ու փանջարեքը խարաբա, խորան ու սեղան ավերակ՝ կանգնել ա տխուր եկեղեցին Ապարանու: Ուր հազար գող ու ավազակ աղոթքի ու պատարագի տեղ անմեղ հայերի որդիքը՝ ձեռըները կապած, բերան ու աչք խուփ, իրանց չար կատաղությանը պատարագ արին: Ուր հայոց թագավորքը, իշխանքը ու պայազատքը Ապարանի բյուրատեսակ ծաղկների հոտը, էն պատվական աղբրների համն առնելով՝ իրանց ամառվան օրերը հովացնում, իրանց հովացած, զովացած սիրտը աստվածային սիրովը վառում, իրանց սուրբ սրտի աղոթքն ու մաղթանքը ծաղկների հոտի հետ խառը, թռչնոց ձենի հետ հավասար, մեկ բերնով՝ իրիկուն, առավոտ երկինքն էին ուղարկում: Ուր էս սհաթին էլ մեկ ահագին չորս ջաղացի ջուր մեկ քանդված բլրի տակից, ուրտեղ որ Վաղարշակա, Տիգրանա, Տրդատա ապարանքն էին, երկրի երեսը ճոթռելով, Ալագյազի սրտիցը, գետնի տակովը ճանապարհ բաց անելով՝ բերանը փրփրով լիքը, աչքերը
խոժոռած, դուս ա պրծնում կատաղած, որ իրան պսակողների երեսը տեսնի, նրանց սիրտը հովացնի, քնելիս, զարթնելիս՝ երկնային ցողը նրանց երեսիցը գողանա, իր ցողը նրանց վրա թափի, բայց, ա՜խ, գլուխը քանդված տեսնելով, վրի շինած ապարանը՝ բրիշակ, եկեղեցին՝ ավերակ, չորս կողմը նրանց հմքի, սեղանի քարերը արինաթաթախ, մամռապատ, փշրված ընկած, բերանը կրկին բաց ա անում, որ արտասունքը կուլ տա, էլ ետ իր փորը տանի, բլրի չորս կողմը պտտում, ոլորվում, խոտ ու ծաղիկ պռճոկում, սուս, մունջ՝ իր ձենը փորը քաշում, աչքը խփում. ջուրը հողի, քարերի տակին ցրվում, էլ ետ գետինը մտնում, ու կես փայը առու դառած՝ գնում Երևանու դաշտը, որ նրա էրված, խորովված սիրտը հովացնի էլա, Ապարանու սուգը, տարաբախտությունը էջմիածնին, Վաղարշապատին, Արմավրին, Երասխին, Մասսին պատմի ու նրա սև ջրի դառը արտասունքը իր հետ խառնի, որ Արարատի սրտիցն ու աչքիցն, ահագին գետի պես, լուռ, հանդարտ դուս ա գալիս,— Արարատյան դաշտի քանդված, ավերած երեսը տեսնում, վրըները սուգ անում ու քիթ ու պռունկ աղի արտասնքով լիքը, տխուր երեսը անհոգի ղամշով ծածկած, քամու առաջին, թշնամու ձեռին ծալվելով, չոքելով, կանգնելով՝ մյուս սարերի աչքի ջուրը, որ էստեղ էկել, ծովացել, կանգնել են, ղամշի ու իլղունի միջումը կորել, վերցնի, գնա, Խոր Վիրապա, Արտաշատա դզովն անց կենա, ու տրտում Երասխի հետ Զանգին ու Գառնու գետն էլ մեջ անեն, որոց մինը Սևանա աչքիցն ա կաթում, մյուսը սուրբ Գեղարդա սրտիցը բղխում, երեսները կալնին ու սուգ անելով, գոռալով, Նոյան, Նախիջևանի, Մարանդի գերեզմանի, Նարեկա վանքի, Սյունյաց դաշտերի սրտըները հովացնելով, աչքըները սրբելով՝ գնան, Քուռն էլ մեջ անեն, իրանց արտասունքը նրանի հետ խառնեն ու տանին, Կասպից ծովի սիրտն ածեն, նրա աղի ջրումը կորչին, պարսից նավերը ջախըբուրդ անեն, ոուսաց նավերը իրանց քամակի վրա տանին ու բերեն, որ ճամփին չհուսահատվին, չբեզարին ու էն իրանց բարի ոտը մեր աշխարհիցը չկտրի, որ բալքի մեր հայրենիքը նրանց արծվի թևերի տակին զորանա, մեծանա, դարդերը մոռանա ու էլ ետ իր առաջին փառքին հասնի: Է՛ս եկեղեցումը, է՛ս քարերի տակին ու աղբրի մոտին, քոլումը կուչ գա՛նք, որ մեզ չբռնեն: Գիշերն էս ա, հասել ա, օրդուն՝ մեզանից մոտիկ, ու թուրք ազգը ցերեկն էլ էս կողմերովը չի՛ անց կենում, որովհետև Քրիստոսի թշնամի ա, ու անկաջ դնենք գիլանոնց ոռնալուն, պարսից գոռալուն, հայոց լալուն ու սգալուն ու էն անմեղ էրեխեքանց էրվելուն, ծեծվելուն, մղկտալուն, չունքի էստե՛ղ պետք է նրանց աչք ու բերան բաց անեն, որ նրանց գարշելի երեսը տեսնին, իրանց ծնողաց երեսը, իրանց քաղցր հոր տունը մոռանան ու նրանց արինաթաթախ չանգերումը՝ իրանք մրմնջան, նրանք փրփնջան. իրանք մղկտան, սրանք վխկտան. իրանք գլուխ ու երես ծեծեն, խորովվին, սրանք միրուք ու ճալվեր սղալեն ու փառավորվին. իրանք հերնըմեր, քիր ու ախպեր ձեն տալով՝ դոշըները ետ ճոթռեն, նվաղին, սրանք իրանց իմամ Հուսեյնի անունը հիշելով՝ յա ծոցըները ուզենան նրանց առնեն, յա դանակները, թրերը սրելով՝ նրանց սրտըներին դեմ անեն, որ լռվին:
Ա՜խ, չէ՛, չէ՛. անկաջդ կա՛լ, սի՛րելի, մարդի միսը սրսռում ա, գլխին կրակ վառվում: Աստղերը դուս են էկել, պելացել. ցավակից լուսինը տխուր, դառնավարամ՝ հենց աչքը Ապարանի երեսին առավ թե չէ, էլ ետ չոքըչոք արևմուտն ա փախչում, որ անկաջները կալնի, էս ողբալի աղաղակը չլսի. երկիրն իր սև սգի շորը հաքավ, աչքերը խփեց, որ էս դառը տեսարանը չտեսնի. միմիայն անսիրտ, անգութ սարերը սիրտ ու բերան բաց արած՝ չար հրեշտակ քամու ձեռովը խաբար են իմանում, խաբար տալիս. ծիծաղելիս՝ ծիծաղում, հրհռալիս՝ հրհռում, հառաչելիս՝ հառաչում, գոռալիս՝ գոռում, լալիս՝լաց ըլում, ու մեկ րոպեում հազար տեսակ ձեն իրար հետ խառնում, ու մեկն էլա իրանք չիմանում:
— Նա՛նի ջան… ջա՛նի ջան… ա՛խպեր ջան… ա՛ստված ջան… բա՛բա ջան, հո՛գի ջան… վա՜յ, վա՜յ… վա՜յ մեր սև օրին, արևին, վա՜յ մեր ջրատար գլխին: Ա՜խ, ի՞նչ կըլեր՝ ձեր ձեռովը մեզ ջուրն ածե՛իք, ի՞նչ կըլեր՝ մեզ չէ՛իք ծնել. ընչի՞ չի՛ մեզ էլ ձեր սրտի վրա մատաղ արին, ընչի՞ չի՛ մեզ էլ ղիմա-ղիմա տվին. էս ո՞ւր են հասցրել մեզ, էս ո՞ւր բերել. գետինը չի՛պատռվում, մեզ ներս տանում. երկնքի աչքը քոռացել, մեզ չի՛ տեսնում: Ա՜խ, ո՞ւմ ծոցից զրկվեցինք, ո՞ւմ ձեռն ընկանք: Ա՜խ, տեր աստված. ընչի՞ մեզ էսպես պատժեցիր. քեզ ի՞նչ էինք արել, որ մեր աչքը էսպես հանեցիր. ո՞ւմ մեկ վնաս տվինք, որ մեր գլխին քար քցեցիր: Մեր հորնըմորը, մեր քիր ու ախպերը մատաղ արիր, ախր մեզ էլ նրանց հետ տանեիր, ի՞նչ կըլեր:
Մութն էկել ա, գետինն առել, նա՜նի ջան, սար ու ձոր խավարել, փակվել, մենք մերը կորցրած հավի ճտերի պես ընկել ենք չոլ ու դուզ. ո՛չ աչքըներս ա քուն գալիս, ո՛չ սրտըներս՝ ղարար, ա՜խ քաշելիս՝ կրակ ա դուս գալիս լերդըներիցս. ո՞ւմ երեսին մտիկ անենք, որ մեր սուգը տեսնի. ո՞ւմ ճտովն ընկնինք, որ մեր արտասունքը սրբի. ո՞ւմ մոտ գնանք, որ մեզ գոգն առնի, մեր սիրտը մխիթարի, մեր դարդն իմանա: Քարերը անկաջ չունին, որ մեր ձենը լսեն. սարերը սիրտ չունին, որ մեզ վրա ցավին. երկինքը՝ հեռու, որ մեզ քաշի, տանի. երկիրը թուր չունի, որ մեզ էլ փրթի, կոտորի. ո՞ւմ ասենք մեր դարդը, ա՜խ, ո՞ւմ: Ընչի՞ մեզ աշխարհ բերիք, ընչի՞ մեզ կաթը տվիք, պահեցիք. դուք շուտով պրծաք, երկինքը գնացիք, մեզ՝ որբերիս, էս փո՛ւչ աշխարքի վրա թողիք, որ դհա ավելի տանջվինք, դհա ավելի չարչարվինք. ձեր կարոտը մեկ կողմից քաշենք, մաշվինք, մեր ցավը մյուս կողմից սրտըներս անենք, էրվինք, փոթոթվինք:
Ձեռըներս կապած, գլխըներս բաց, երկնքի տակին, Ապարանու չոլումը՝ ձեզ ենք կանչում, ձեզ ենք ուզում, ձեր անունը տալիս, ձեր խաթեր լալիս, ա՜յ մեր ազիզ ծնողք. երկնքո՞ւմն ա ձեր հոգին, թողե՛ք, մեկ սհաթ գա, վրըներս պտիտ տա. երկրո՞ւմս ա դեռ, մեր աչքին մի երևի, հասրաթներս առնինք ու հետո, ա՜խ, հետո մեր հոգին էլ ձեր հոգուն տանք. ձեզ հետ թռչինք, ձեզ հետ միանանք, դժոխք թե դրախտ, միասին տեսնինք. ուր որ ըլիք, առանց ձեզ չմնանք. ա՜խ, ի՞նչ կըլի, ի՞նչ… Ա՜խ, ի՞նչպես չի մեր սիրտը պատռվում, մեր ջանը էրվում, մեր բերնիցը կրակ դուս գալիս, մեզ խորովում. ի՞նչպես ա մեր լեզուն խոսում, ու չի՛ քրքրվում. մեր աչքը տեսնում ու չի՛ դուս տրաքում. մեր շունչը դուս գալիս ու չի՛ կտրվում. մեր արինը եռում ու չի՛ ցամաքում. մեր անկաջը լսում ու չի՛ քառանում. մեր ոտները փոխվում ու չի մեր տակին փշրվում, խուրդուխաշ ըլում. էս ի՞նչ օր ա, որ մենք քաշում ենք:
Նանի՛ ջան, ա՛խպեր ջան, բա՛բի ջան, վա՜յ, վա՜յ… Է՞ս օրվան համար մեզ օրորոց դրիք, է՞ս օրվան համար մեզ սրից, ջրից ազատեցիք, մեր ցավին դարման արիք. մեզ ջան ասելով, մեր աչքը սրբելով, գոգըներդ առնելով, դոշըներիդ կպցընելով, քրտինք թափելով, անքուն մնալով, սար ու ձոր ընկնելով՝ մեզ ապրուստ ճարեցիք. ձեր կյանքը խավարացրիք, մեզ ծաղկացրիք. դուք թառամեցիք, մեզ դալարացրիք. ձեր ումբրը չորացրիք, մեզ տանը քուն դրիք. դուք հանդում, չոլում, արևի, անձրևի տակի ջանըհան էլաք, որ մենք զորանանք. աչքըներիդ լիսը սպիտակացրիք, որ մենք մեծանանք, հասնինք, ձեզ քոմակ ըլինք. է՞ս ա մեր քոմակ ըլիլը, է՞ս էր ձեր մուրազը: Էստո՞ւր համար աստծուն՝ լիսը բաց ըլելիս, մութը մթնելիս, գիշեր-ցերեկ աղոթք էիք անում, որ մեր ոտին քար չդիպչի, մեր մատը փուշ չըլի, մեր գլխին կարկուտ, արև չխփի. մեզ իր աչքի առաջին, իր թևի տակին ցավից, չոռից ազատի, որ մենք բարի զավակ ըլինք. Քրիստոսի խաչի ղուլ դառնանք, ավետարանի՝ ծառա, եկեղեցու՝ հող, ազգի պարծանք, աշխարքի՝ շենություն: Ա՜խ, ո՞ւր էս սհաթը աստուծո անկաջը, որ ձեր արդար ձենն մեկ էլա չլսեց, ձեր հազար մուրազի մեկն էլա չկատարեց ու մեզ էսպես քարին տվեց, ու մեր հոգին էլա չի՛ առնում, որ պրծնինք, ա՜խ, կորչինք էս անօրեն աշխարքիցը:
Սրբություն էիք առնում՝ մեզ հետըներդ տալ տալիս. ժամ էիք գնում՝ մեր ձեռը մոմ տալիս. զատիկ էր գալիս, ջրօրհնեք ըլելիս, կիրակու ժամին, սուրբ պատարագին՝ մեզ խտիտ անում կամ ձեռով տանում, քար, ավետարան, սեղանի, բեմի, խաչի, պատկերի առաջին, սրբերի ոտի տակին, գիրքը կարդալիս, սկին դուս գալիս՝ մեզ տերտերի ոտը քցում, խաչի առաջը դնում, մեզ համբուրիլ տալիս, դուք էլ համբուրում, աղաչանք անում, որ սուրբ ավազանի, մեռոնի շնորհքը մեզ վրա մնա. ջուրն ընկնինք, մեզ պահի. կրակն ընկնինք, մեզ պրծացնի, մեզ զորացնի, որ էսօր է՞ս կրակումը, է՞ս բոցումը էրվինք, տանջվինք, մեր ձենը չիմա՞նաք. մաշվինք, փչանանք, մեր սուգը չանե՞ք. թրով մեզ կտրատեն, մեզ դուք չազատե՞ք:
Ո՜վ արարիչ, մեր հոգու տվող աստված. ինչպես մեզ ստեղծեցիր, էլ ետ մեզ սպանի՛ր. ինչպես կյանք տվիր, էլ ետ դու խլի՛ր. հող էինք քեզ մոտ, էլ ետ հող շինի՛ր. շունչ տվիր՝ ապրինք, էլի շունչդ ետ ուզի՛ր: Ի՞նչ ենք անում մենք էլ փառքն ու կյանքը, մեզ ի՞նչ հարկավոր՝ երկիր, աշխարքը: Մեր չունենաս, լա՝ դու լաց ըլելիս, հեր չունենաս, գա՝ դու կսկծալիս, քիրդ մոտիդ չըլի՝ դու սուգ անելիս, ախպերդ ձենդ չլսի՝ սիրտդ պատռվելիս: Ո՜վ մեր արարիչ, մեր տե՛ր ու մեր հե՛ր. հերնըմերըներս տարար, մեզ էլ տանեիր. քիր, ախպեր առար, մեզ էլ սպանեիր. էլ չենք ուզում քո սերն ու խնամքը, էլ չենք խնդրում, որ պահես մեր կյանքը. հրեղեն սերովբեդ թո՛ղ մեզ սպանի, բոցեղեն քերովբեդ թո՛ղ մեզ էրի, խորովի. մեզ ղրախտը մի՛ տանիր, դժոխքը ուղարկի՛ր. հրեշտակի մի՛ տար, սատանեն թո՛ղ գար. մեր ծնողքը մի տեսնեինք, թող դևը մեզ կո՛ւլ տար. նրանց սերն առնեինք, նրանց տեսնեինք. մեր հոգին տայինք, նրանցն ստանայինք ու էս դառն օրը հե՛չ չտեսնեինք, ա՜խ, չտեսնեինք:
Էսքան մեծամեծ մարդիկ՝ խաներ, բեկեր, աղեք, ֆառաշ, մոլլա, ախունդ, էս ի՞նչ են էստեղ կանգնել, հավաքվել. չե՞ս ուզում դու էլ մի աչքդ քցես, նայե՞ս: Հայ սարվազները աչք ու բերան կալել, փափախով են անում, որ հեռանանք, մոտ չգնանք: Սաքի մոտ էլ գնացիր, ի՞նչ օգուտ. միսդ ջանումդ կմաշվի, կքրքրվի: Ետ դա՛ռ, ես քեզ կասեմ: Քսան-երեսուն էրեխա փարչալամիշ արին: Մոլլի թույնը քյար չարեց, չեն թուրքանում, պտի մատաղ ըլին: Դահիճը մեկը-մեկի ետևիցը շախկա տալով կոտորում ա: Վարդանը՝ էս թագավորածին պատանին, երեսը լուսափայլել, հրեշտակի պես կանգնել ա, ո՛չ Հասան խանի պարգևին ա մտիկ տալիս, ո՛չ ոսկուն, մարգարտին, ո՛չ ալվան-ալվան շորերին, ձիուն, յարաղին, ո՛չ մոլլեքանց խրատին, ո՛չ հայերի աղաչանքին, ո՛չ թշնամու ահ տալուն, ո՛չ թրին, սրին, վառած կրակին, տաքացրած շամփրին, որ պտի միսը կոխեն, ո՛չ քարփջին, որ պտի ոտների արանքը դնեն, ո՛չ քյալփաթնին, որ հենց, էն ա, բարձրացնում են, որ միսը քաղեն, ո՛չ կրակած պղնձին, որ պտի գլխին դնեն, սարի պես դոշը դեմ ա տվել. ո՛չ պատժիցը վախում, ո՛չ պատվիցը խաբվում, իրան կսկիծը մոռացել, ընկերներին էլ ձեն ա տալիս, սիրտ դնում:
— Էս է՛ն անիրավ թուրն ա, սի՛րելիք, որ մեր հորնըմոր սիրտը էսօր մեր առաջին դուս ճոթռեց: Էս է՛ն անաստված ձեռներն են, որ էսօր մեր մանուկ, ծծկեր քիր ու ախպոր մարմինը թիքա-թիքա արին, կտրատեցին: Էս է՛ն անողորմ ազգն ա, որ մեր նաչար ազգի արինը մինչև էսօր խմել ու խմում ա. էլ ի՞նչ ենք կանգնել սրանց միջին ու սրանց գարշելի երեսին նայում: Ձեր ջանին մեռնիմ, երեխե՛ք ջան. մենք ո՞ւմ որդիքն ենք, որ թրից վախենանք. ո՞ւմ զավակներն ենք, որ կրակը մեզ թուլացնի: Մեր ծնողք ու ախպերները չէի՞ն, որ էրեկ էնպես քաջությամբ մեռան, որ արարած աշխարքը զարմացավ ու հուրն հավիտենական պտի զարմանա:
Մտի՛կ արեք, ձեր երե՛սին ղուրբան, էն պայծառ երկնքին. է՛նտեղ, է՛նտեղ են մեր սիրելիքը, մեր ազիզ բարեկամքն ու ազգականքը մեզ սպասում: Մի՛տք արեք՝ թե գլխըներդ ցավի, ո՞վ պետք է ձեզ մեկ ջան ասի. հիվանդ ըլիք, ո՞ւմ կռան վրա պետք է քնիք. լաք, ո՞վ ձեր արտասունքը կսրբի. մեռնիք, ո՞վ ձեզ կթաղի: Մեր սո՛ւրբ լեզուն պետք է հարամ լեզվի հետ փոխե՞նք. մեր սո՛ւրբ պատագարն ու ժամը թողանք, ազանի ձենին անկաջ դնե՞նք. մեր սո՛ւրբ մեռոնը մոռանանք, մեր խաչ, ավետարանը մտքից հանենք, Ալուն, ղուռանին հետևի՞նք: Մտի՛կ արեք սրանց էս դժոխք, ժանդ, մրրած, կեղտոտ երեսին. դժոխքը սրանից լավ կըլի՞. սրանց աչքերիցը կրա՞կ չի վեր թափում: Վա՜յ մեր գլխին ու արևին, էնքան պետք է խղճանանք, որ մեր հորնըմորը սպանողներին, մեր ժամն ու աշխարքը քանդողներին նոքար դառնա՞նք: Ա՜խ, թե էս փուչ փառքիցը խաբվինք, էս անպիտան պատժիցը վախենանք ու մեր սուրբ հավատն ուրանանք, որ մեռնինք, ի՞նչ երեսով պետք է գնանք մեր ծնողաց մոտը, ի՞նչ աչքով պետք է նրանց նայենք: Ասենք, թե էս աշխարքումը նրանցից զրկվեցանք, բաս չե՞ք ուզիլ, որ երկնքումն էլա նրանց հետ միանանք, նրանց երեսը տեսնինք, նրանց սերը վայելենք:
Չէ՛, չէ՛. մեռնի՛նք միասին, երթա՛նք միասին, հասնի՛նք մեր ծնողաց փառքին, պսակին: Երկինքն մեզ համար է իր սիրտը բացել, հրեշտակք մեր գլխին թևները փռել. նահատակք, կուսանք, սուրբք և մարտիրոսք մեզ ձե՛ն են տալիս, մեզ կանչում ամոք: Նրա՛նց մոտ գնանք, նրա՛նց սիրուն մեռնինք, մեր մարմինը տանք, որ հոգով ծաղկինք: Ձեզ մոտ ենք գալիս, ծնո՛ղք սիրելիք, ձեր տեսուն կարոտ՝ դուք մի՛շտ պաշտելիք. ձեր արդար կաթը, ձեր սուրբ խրատը մենք ե՞րբ կմոռանանք, որ մտնինք կրակը:
Արի՛, երկնային հրեշտա՛կդ լուսեղեն,
Տա՛ր մեր աղաչանքն աստծուն էս կողմեն:
Բարո՛վ մնաք դուք՝ լերի՛նք, հո՛ղ, աշխարհ,
Բարո՛վ կացեք դուք՝ ծառք ու ձո՛րք, անտա՛ռ:
Մենք չէինք արժան ձեր սուրբ երեսին,
Մեր ոտն անիրավ դիպավ ձեր դոշին:
Քանի՞ցս ձեր պտուղն, ձեր համն ու հոտը,
Ձեր շվաքի տակին, ձեր ծաղիկն, խոտը
Մենք հարամ ձեռով քաղեցինք, առանք:
Կոխեցինք ձեր սուրբ երեսն ու դոշը,
Ձեր ղադրն ու խաթրը մենք բնավ չիմացանք:
Աղբրի գլխին, առվի ղրաղին,
Սիրելյաց միջին, ծնողաց գոգին
Սեր վայելեցինք, մեր օրն անց կացրինք:
Աստղերն մեր գլխին քաղցր ծիծաղեցին,
Լուսին, արեգակ իրանց լիսը տվին.
Թռչունք երգելով, ծաղիկք հոտ տալով
Մեզ քնացրին, մեզ զարթեցրին.
Բայց, ա՜խ, անիրավ մեր ձեռն, երեսը
Քնով ծածկեցինք, ձեզ մտիկ չարինք:
Քո սուրբ հողին, մեր քա՛ղցր Հայրենիք,
Ծունր չդրինք, մենք չպաշտեցինք,
Սիրուն վաթանին մենք կյանք չտվինք,
Մեզ մատաղ չարինք, մենք չսիրեցինք:
Թշնամուն հիմիկ մենք եսիր դառանք.
Թե որ ուզենան էլ, որ տան մեզ կյանք,
Էլ չի՛ հարկավոր. դո՛ւ ա՛ռ մեր հոգին,
Ո՜վ բարի հրեշտակ, որ կաս մեր գլխին:
Մնացե՛ք բարով, հողեր ու դաշտեր,
Ա՜խ, թո՛ղ վայելեն ձեր սերն ուրիշներ.
Վարդանի աչքը, էս մանկանց ոտքը
Էլ ձեզ չե՛ն տեսնիլ, ձեր վրեն շրջիլ,
Ձեր հոտովն զմայլիլ, ձեր գրկովն փարվիլ:
Ո՛չ հոր ոտ կգա մեր գերեզմանը,
Ո՛չ մոր արտասունք կթափի մեր տանը.
Ո՛չ ժամ, պատարագ, ո՛չ խունկ կամ բաժակ
Մեր հոգուն տվող կըլի մեկ ժամանակ:
Ո՛չ քիր ու ախպեր կգան մեր քովը,
Ո՛չ մեկ անց կենող կըլի մեր մոտովը.
Մեր ծնողաց մարմինը մեր գեղի չոլումն,
Մեր փուչ ոսկորներն էս օտար հանդումն՝
Չեն միմյանց տեսնիլ, իրար հետ թաղվիլ.
Նրանք գազանի, մենք գիլի, ղշի
Փայ կըլինք, մեզ վրա մեկ ասող չի ըլիլ.
«Աստված ձեր հողին միշտ լուսավորի,
Իր սուրբ երեսին արժանի անի»:
Կըլի, որ դուք մեկ էլ ետ հոտ տալիս,
Գարունքը գալիս, դաշտերն ծաղկելիս՝
Մեր երեսին էլ ծաղկիք, կանաչիք,
Մեր հողիցն էլ դուք դուս գաք, զարդարվիք,
Ձեր ցողն մեզ վրա թափեք, հովացնեք,
Ձեր հովն մեր դոշին փչեք, զովացնեք,
Ձեր պարզ ջրի հետ մեր արինը խառնեք,
Մեր տված շունչը առնիք ու պահեք,
Ձեր քաղցր հոտի հետ երկինքն ուղարկեք:
Ա՜խ, թե մեկ ճամփորդ էս կողմովն անցնի,
Ձեր միջին վեր գա ու էստեղ քնի,
Ձեր հոտն առնելիս, ձեր ջուրը խմելիս,
Բալքի թե հոգին իմանա, ասի,
Միտքը բերի, թե էս է՛ն դաշտերն են,
Որ էսօր մեր չար թշնամու ծառեն
Ուզում ա, որ մեզ խաչին մատաղ տա,
Մեր ջանը խլի, մեզ անի ղիմա:
Ի՞նչ կըլեր, ա՜խ, որ մեկ օրհնած հողում,
Մեր ազգուտակի, սիրելյաց միջումն
Մեր հոգին տայինք, նրանց խառնըվեինք:
Ա՜խ, խա՛չ զորավոր, քո հրաշքիդ ղուրբան.
Մինչև ե՞րբ մեր ազգն, աշխարհն Հայկական
Էսպես կտանջվի, էսպես կմաշվի,
Էսպես կքանդվի, էսպես կխաշվի:
Խա՛չ, քեզ պաշտողին ընչի՞ չես պահում,
Խա՛չ, քեզ բռնողին ընչի՞ սպանում.
Քեզ անարգողին էսպես ղվաթ տալիս,
Քեզ պարսավողի սիրտը ո՛չ խրվիս:
Ա՜խ, տե՛ր իմ աստված, թե մենք առաջիդ
Մեղավոր էինք, որ պատվիրանիդ
Չհնազանդեցանք, անիրավ էինք,
Մեզ սպանեիր, ընչի՞ մեզ թողիր,
Մեր խեղճ ծնողացը թրի տակ տվիր.
Մեզ կրակ տվին, ընչի՞ չէրեցիր:
Թողիր, որ էսպես տանջվենք չարաչար
Անհեր ու անտեր, անմեր, անհավար
Մնանք էս չոլումն, գազանաց միջումն,
Մեր լաշը թռչնոց, մեր արինը հողին
Մատաղ տանք, մեր ջանն դնենք էս գետին:
Մնացե՛ք բարով, ա՜յ մեր խեղճ ազգ Հայ,
Էլ մի՛ լաք, ողբաք, ցավիք մեզ վրա:
Սրբեցե՛ք աչքներդ, տեսե՛ք մեր հալը,
Էլ ի՞նչ օգուտ մեզ ձեր սուգն ու լալը:
Թուրը գլխներիս, մահն առաջներիս,
Կրակն էրելիս, շամփուրն ծակելիս,
Բոցն խորովելիս, մեր հոգին տալիս,
Մեր կեսն փոթոթված, կեսն անձող դառած,
Մեր ոտներն մոխիր, շնչերս կրակված,
Մեկ ձեռը կտրած, մյուսը քերթած,
Պղինձն գլխըներիս, քարփիչն ոտներումս,
Սրտներումս արին, արտասունքն աչքումս.
Ո՛չ երկինքն փուլ գա, ո՛չ հրեշտակ տեսնի,
Ո՛չ դահիճն ցավի, ո՛չ երկիրն ճղվի:
Դուք ո՞ւր եք լալիս, որ մենք չենք լալիս.
Դուք ո՞ւր մղկտում, որ մենք չենք խնդրում:
Պահեցե՛ք ձեր սուգն սև օրի համար.
Ձե՛զ վրա լաց էլե՛ք ու տեսե՛ք ձեր ճար:
Մենք մեր ծնողաց հետ կմիանանք,
Էսօր նրանց տեսուն մենք կարժանանանք.
Էս դառն աշխարքիցս կհանգստանանք,
Դրախտը կերթանք ու միշտ կխնդանք:
Բայց վա՜յ ձեր օրին, ձեր օղլուշաղին,
Թե դուք կենդանի կանգնիք, ձեր աչքով
Տեսնիք սիրելյաց տանջանքն՝ մղկտալով.
Ձեռներդ խաչած՝ ձեր դոշը ծեծելով,
Հող տաք ձեր գլխին, թաղեք ձեր որդին.
Ձեր սիրտը հանողին, կյանքը քանդողին
Եսիր դառնաք ու էլի չպրծնիք, էլի միշտ տանջվիք
Ու ձեր հողի վրա դուք մատաղ ըլիք,
Ձեր աշխարքումը էսպես դուք մաշվիք
Ու դեռ սիրտ չանեք, դուք չմիաբանիք,
Մեկ օր էս սուր, թուրն, էս կրակն ու բոցը,
Էս պղինձն, շամփուրն, էս վառ հնոցը
Դուք ձեր թշնամուն միշտ հազիր չպահեք,
Նրան դուք չէրեք, նրան չկոտորեք,
Ձեր ազգն, աշխարքը դուք ազատ չանեք
Ու էսպես թշվառ, տարաբախտ մնաք:
Մնա՛ք դուք բարով, տարե՛ք ձեր որդոցն
Մեր կարոտ սերը, մեր ազիզ բարովն.
Պատմեցե՛ք նրանց մեր խեղճ օրերը,
Թո՛ղ պահեն նրանք իրանց գլխըները.
Է՛ս օրին չհասնին, է՛ս ցավը չտեսնին,
Տա՛ն իրանց կյանքը ու պահեն աշխարքը.
Մնա՛ք բարո՜վ, բարո՜վ…
Վա՜յ… վա՜յ… ա՜խ… նա՛նի ջան… բա՛բի ջան… Աստված, քե՛զ ղուրբան… ամա՜ն… ամա՜ն… ամա՜ն… Մեռա՜նք… էրվեցի՜նք… խորովվեցի՜նք… ամա՜ն… վա՜յ… Հրես պրծա՜նք, հրես էկա՜նք. ո՜վ Վարդան նահատակ, սուրբ ծնողք. ձեր զավակք գալիս են, մոտ էկեք. կյանք տվին, մահ առան, ձեզ չթողին, ձեր հավատն, ձեր սուրբ խաչն չուրացան: Թրի բերնին, վառ կրակին, տանջանքին դիմացան:
«Փշրեցե՛ք, ջարդեցե՛ք, ոտն ու ձեռ կտրեցե՛ք,
Առաջ փորն, հետո գլուխն էրեցե՛ք, շամփրեցե՛ք,
Մատները հաղըհան, ձեռները կաշըհան
Արե՛ք, մեջքն կրակին դեմ արե՛ք, խանձեցե՛ք,
Կտրած ձեռն, ոտն ու մատն եղումը դաղեցե՛ք,
Ով շուտով սպանի, իր գլուխը կթռչի:
Ուսուլով ու յավաշ կամ կաշին հանեցե՛ք,
Կամ գլուխը քերթեցե՛ք, կամ աչքերն փորեցե՛ք:
Թո՛ղ ոտներն էրվելիս՝ աչքը տեսնի, սիրտն էրվի.
Թո՛ղ ձեռներն կտրելիս՝ բալքի թե ահ ընկնի
Սիրտները ու դարձ գան, մեր հավատն ընդունին,
Խաչը թողան, ղուռանին գլուխ տան, մերն ըլին»:
Հասան խանն անիրավ՝ էս հրամանն ասելով,
Կրակին էր տալիս սուրբ մանկանցն՝ տանջելով:
Բայց արդարքն, վաղուց էր, տվել էին սուրբ հոգին,
Սուրբ արյան պատարագն նվիրել երկնքին:
Ողջակեզ, անուշ հոտն բարձրացել առ վերինն.
Սև ամպերն հեռացան, երկնային լիսն իջավ,
Նրանց մարմինն ամփոփեց, պտտեց, բարձրացավ:
Ու հանկարծ՝ սոսկալի վերևիցը ձեն էկավ.
«Հասան խա՛ն, դու գազա՛ն, անօրե՛ն, դիվակա՛ն.
Բա՛ց չար սիրտդ, կա՛ց, կանգնի՛ր, որ ինձ տաս պատասխան:
Ո՛չ գետինն քեզ կպահի, ո՛չ անդունդն քեզ կքաշի,
Ո՛չ դժոխք թուլ կտան, ո՛չ գեհյանն սոսկալի.
Կենդանի դու պետք է քրքրվիս ու տանջվիս,
Մինչև էդ անմեղաց սուրբ արինն վճարես:
Թե շանթ քեզ հանդիպի, թե կայծակ քեզ էրի,
Իմացի՛ր, որ ե՛ս եմ, որ քեզ տամ տանջանքի.
Երերյա՛լ մնասցես, տատանյա՛լ մաշեսցիս,
Փուշ, տատասկ քեզ պա՛տի, թե հողն էլ դու մտնիս»:
Հանգիստ ու խաղաղ մնա՛ք, սիրելի՛ք,
Մինչև օրն վերջին, լիսն գեղեցիկ.
Անմե՛ղ երեխեք, արդա՛ր դուք հոգիք:
Քանի Ապարան տեսնիմ, անց կենամ,
Քանի շունչս առնիմ, ձեր անունը տամ.
Ա՜խ, իմ ազգի դուք հրեշտա՛կ, սո՛ւրբ որդիք,
Որ էդպես կանուխ դուք թառամեցիք:
Երբ երեսս հողին, ծնկներս չոքած,
Աչքս ծով դառած, սիրտս արնով լցված՝
Ընկնիմ, ա՜խ, գլուխս բաց ձեր առաջի,
Համբուրեմ ձեր հողն, մնամ վրա գետնի.
Քաղեմ ձեր ծաղիկն, հիշեմ ձեր հոգին.
Ո՜վ սուրբ հոգիք ջան, երկնային բեմին,
Աստուծո ատենին, սրբոց խորանին
Տարե՛ք իմ խնդիրս, տարե՛ք արտասունքս,
Որ մեր խեղճ ազգը, մեր սուրբ աշխարքը,
Որ ձեզ պես մատաղ տվեց աստծուն,
Էլ չի՛ ավերվի, չմնանք գերի,
Սրի մատաղ ու եսիր թշնամուն,
Անտեր ու անճար, անտեղ ու անտուն: