Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Գլուխ երկրորդ

Գլուխ երկրորդ


7
Ժամը դեռ կես չէ՛ր էլել՝ հարայ-հրոցն աշխարքս բռնեց. սար ու ձոր իրարոցով ընկան: Թուրք, սարվազ, արախլու եկեղեցին լցվեցին. ժամ ասողների ձենը փորըներումը մնաց: Էլ մեծի, պստկի չի՛ մտիկ արին. ով ոտումը հարաքաթ ուներ ու ջանումը՝ ղվաթ, դուս թռավ, գլուխն առավ, կորավ. ով՝ չէ, տեղնուտեղը մնաց քարացած, սառած: Գլուխ ասես, որ պատռվում էր, ատամ ասես, որ ջարդվում էր: Անիրավ արախլուն ո՛չ ժամի էր խնայում, ո՛չ մարդի. թվանքի ոռթով ամեն մեկին մեկ պատի կպցրին, վրա թռան, եկեղեցու ինչ զարդ, զինզինաթ, խաչ, ավետարան կար, դես ու դեն դաղթմիշ արին, շուրջառ, բուրվառ, ինչ տեղ մեկ էրծաթի նշան էր երևում, բոլոր քանդում, ջախըբուրդ էին անում, վերցնում, ոտի տակ տալիս: Մեկ քանիսն էլ եկեղեցու դուռն ու շեմը բռնեցին, որ դուս գնացողին ձեռք քցեն, թալանեն: Էսպես՝ ում վրա մեկ նոր շոր էլ որ տեսան, հանեցին, զավթեցին: Ինչ կնանոնց հալն էր, աստված ո՛չ շհանց տա. երեսի ոսկի ասես, ձեռի մատանիք, դոշի շարք ու քորոց, զառ մինթանա (լեհին), դիբա արխալուղ, սամուր քուրք, ինչ կար չկար, բռնցքելով, ոտի տակ տալով էին հաքըներիցը հանում: Ծերունի եպիսկոպոսը մեջ ընկավ, որ մեկ քոմակ անի, բռնեցին, կռները կապեցին. տերտեր<ներ>ն էկան, ամեն մեկին մեկ պատի զարկեցին, ու ով կար չկար, ոչխարի պես թրի առաջն արած դուս քշեցին, հետ ածեցին:

Լացի, սգի ձենը երկինքն էր հասել, բայց էս անողորմ ազգի համար, հենց իմանաս, քյամանչի, սազի ձեն ըլեր: Եկեղեցուցը դուս էկան թե չէ՛, աչքդ ո՛չ տեսնի էն օրը: Մհառլամի ձենն էլ էր կտրվել, Հասան-Հուսեյնինն էլ. սար ու ձոր ոտն էր առել, փախչում էր, աչք առել, լալիս էր: Ձորագեղի ու Կոնդի քուչեքումը որ ասեղ քցեիր, գետինը չէ՛ր հասնիլ. էնքան արախլու, ղարափափախ, քուրդ, սարվազ էին լցվել, որ գետինը սևացել էր: Բերդի չորս կողմն է՛լ տեղ չկարշ. դուքան էր, որ թարաշ էին տալիս. տուն էր, որ թալանում, կրակ տալիս ու տանտիրոնջը չիփչիփլախ, իր ողորմելի օղլուշաղի ձեռը բռնած, դառ ու դարտակ դուս խռկում, թրի, թվանքի առաջն անում: Ով շուտով մեկ բան տեսել, թաղել էր, յա հացի, ալրի ջվալում մեկ բան թաքցրել, էն մնաց իրան: Քուչեքանց միջին երեխեքանց, հարսների ու աղջկերանց ձենը քարերը մղկտացնում էր, լացացնում: Շատը ձիու ոտի տակին էր հոգին տալիս, շատը ահիցն ու դողիցն էր լեղապատառ ըլում. շատին երեսի վրա էին քաշ տալիս, որին մազերիցն էին ձիու ետևիցը սուրութմիշ անում, քարեքար տալիս: Էն օրը գնա, ո՛չ ետ գա, ինչ Երևանի հալն էր: Շատ հեր, շատ տղամարդ կամ հանդումն էր, կամ բաղումը, կամ ուրիշ տեղ գնացել ու չիմացել, թե ի՞նչ կրակ ա գալու իր տան ու աշխարքի վրա: Նորագեղի դուզն ու կարմնջի ճամփեն, Կուզեռան դոշը ձիավորներով խլխլում էր: Մեկի տեղակ հազարն էին դուս թափել, որ գնան, խեղճ գեղցոնց էլ էս դառն ավետիքը տան: Ղուշը գլխըներովն անց կենալիս՝ վեր էին քցում, թեբռում, պլոկում. մարդ չէ՛ր կարում տեղիցը եռա: Էսպես՝ որը ունևոր էր ու ջահել, շոր ու փալաս, բարգ ու բարխանա շալակները տվին, տարան, բերդն ածեցին. որը հալևոր էր ու աղքատ, օրվան հացի կարոտ՝ ծեծելով, ջարդելով տանից դուս արին, որ հենց էն սհաթին տունը, տեղը թողան, երըմիշ ըլին, որ գնան, գնան մյուսգեղցոնց հետ խառնվին, որ քոչեն, չունքի ղալաբանդլղ էր, Ռուսը գալիս էր: Երանի՜ նրան, որ մեկ սել ձի, կով, եզը կամ մեկ էշ էլա ուներ: Էնքան կարացին, որ մեկ քանի կարպետ, խալիչա, յորղան, դոշակ, աման, մի քիչ ալիր յա չալթուկ հետըները վերցրին, որ անձրևի ու արևի տակին, սովի ձեռիցը չմեռնին: Բայց քաղաքումը շատը ո՛չ գրաստ ուներ, ո՛չ մարդ, սել հո, սկի լսված չի՛: Անիրավ թշնամին էնքան ժամանակ էլա չէ՛ր տալիս, որ էստոնք էլա վերցնեն: Ինչ ուտելիք կար՝ ձուկն ասես, եղ, պանիր, հաց, գինի, տան բոլոր տարվան թադարեքը, կամ ջարդում էին, դեն ածում, կամ էրում, ջուրը քցում, տնները կրակ տալիս, փետումիս անում, որ շուտով ճամփա ընկնին, քոչին: Եկեղեցքանց, տների, ջաղացների դռները մնացին կրնկների վրա բաց կանգնած: Տանող-տանողի էր, քաշող-քաշողի, շունը տեր չէ՛ր ճանաչում, հերը որդուն ուրացել էր: Էս սարսափելի ձևովն ընկան գեջդանգեջ ճամփա. օձերը ծնեցին, քարերը պատռվեցին, քոչը երմիշ էլավ:

Շատ ողորմելի, երկու հոգիս մեր կինարմատ՝ շունչը բերնին դեմ առած, մեկ քոռփա ծծին ուներ բռնած, մեկը՝ քամակին կապած, որի էլ ձեռիցը բռնած՝ հազար տեղ չոքում, հոգին ուզում էր տա ու իր սև սհաթիցը պրծնի: Չէ՛ր գիտում՝ ի՞ր գլուխը լաց ըլի, թե ողորմելի երեխեքանց ձենը կտրի, որ սոված, ծարավ, շոգի ձեռիցը թուլացած, ոտները յարալու-փարալու, չունքի շատը բոբիկ էր գնում, իրանց մոր ծնկներովն էին փաթաթվում, ճտովն ընկնում, որ իրանց կտոր հաց յա մեկ պուտ ջուր հասցնի: Շատ հեր՝ երեխեն ուսին յա շալակին, խալիչա, խուրջին քամակին, դեմը գնում, դեմը լալիս, հենց որ ուզում էր մի քիչ նստի, շունչ քաշի, թրի ոռքն յա թվանքի լուլեն էին աչքը բուռը քցում, որ տեղիցը վեր կենա, վազի, որ ետ չմնա: Որի հերն էր մերձիմահ՝ տանը մնացել ընկած, որի հարսը կամ կնիկը, կամ պառկած ծննդկանը, կամ ծծկեր երեխեն՝ օրորոցումը: Տեսնողի սիրտը կրակ էր ընկնում, բայց անողորմ ղզլբաշի թուրն ու արինաթաթախ ձեռը ո՛չ հեր էր հարցնում, ո՛չ հիվանդ, ո՛չ ծեր, ո՛չ տղա, ո՛չ մեր, ո՛չ աղջիկ: Որին քարով էին սպանում, որին թրով, որի ոտիցը քաշում, ջուրը քցում, որին բանհոգի անում, որ մնացողները ձեռք վերցնեն, գնան: Անբան, հայվան շները շատ էին ցավում, կսկծում էս դառն, սոսկալի տեսարանի վրա, քանց բանական մարդիկը: Ա՜խ, ո՞վ կարա է՛ն ողբը, է՛ն կսկիծը, է՛ն սուգն ու արտասունքը պատմիլ, ինչ որ էս ողորմելի խալխը վեր էին ածում ու քաշում: Մարդի սիրտ պատռվում ա, բայց երկինք-գետինք մեկ փուլ էլ չէին գալիս, որ նրանց տակով անեն, մեկ չէին էլա ճաքում, սիրտըները բաց անում, որ նրանց կուլ տան, պրծացնեն:

Ինչ որ գեղցոնց հալն էր, աստված հեռու տանի: Շատի տավարը հանդումը մնաց, մալը՝ չոլումը, ոչխարը՝ սարումը: Ում ձեռը հասավ, էնքան արեց, արաբեն լծեց, երեխեքը մեջն ածեց, մեկ քանի փալաս-փուլուս էլ վրեն քցեց ու լալով, աղի արտասնքով ճամփա ընկավ: Տուն, տեղ, բաղ, մասիլ՝ մնացին աստուծո ապով: Որդին հորն ուրացել էր, բայց էլի էս օրհնած գեղըցիքն էին, որ ճամփի կիսին բազի քաղաքացու երեխա, բարգ, օղլուշաղ իրանց սելումն էին դնում, կամ նրանց հիվանդներին տիրություն անում, չունքի լավ-օսալ, էլի գրաստ, ուտելիք, տավար սրանք ունեին, նրանց ո՞վ կտար, ու ինչքան ձեռըներիցը գալիս էր, քոմակ էին անում նրանց:

Շատ ողորմելի հերնըմեր, հենց ճամփին, մեկ սովամահ, ծծկեր երեխա՝ էրկու-իրեք օր ձեռըներին պահում, ուզում էին, որ մեկ էնպես տե՛ղ հողի տակովն անեն, որ բալքի թե գազան չդիպչի, ու իրանք՝ էլի ետ գան, իրանց ջրատար մեռելի ոսկորները հանեն ու տանին իրանց հետ, ժամով, պատարագով թաղեն: Բայց որ ճարըները կտրվում էր, գլխըներին կրակ էին վառում, էրեխեն կամ ջուրն էին քցում, կամ մեկ քարի տակ դնում, իրանք էլ վրեն էրվում, խորովվում ու մյուս օրը լալով, կիսամահ ճամփա ընկնում: Շատ հղի մեր հենց ճանապարհին կամ մեռած էր ծնում իր ինն ամիս դառը ցավով արգանդումը պահած, հասցրած մանուկը, կամ թե չէ, սաղ էլ որ ըլում էր, մերը բարուրում, ուզում էր, որ կամ ինքն էլ հետը մեռնի, կամ մանուկը չթողա, տանի, բայց ա՜խ, անաստված ղզլբաշի թրի բերանը կամ երկսին էլ ի միասին էր կտրատում, կամ բարուրը մոր ձեռիցն առնում՝ կամ սպանում, կամ ջուրը քցում, կամ քարին տալիս, փչացնում:
Շատ հալևոր կամ ոտից-ձեռից ընկած պառավ, որ էլ չէին կարում ոտը ոտի առաջ դնեն ու կիսաշունչ մեկ քարի տակի նստում էին, որ բալքի թե գազանք գան, նրանց կտրատեն, ուտեն, որ գլխըները բաց չէին անում, լալիս, մղկտում ու իրանց որդոցը օրհնում, բարի ճամփա, բարով մնա ասում ու ձեռաց գնում, յա արախլվի ոտներն ընկնում, աղաչում, պաղատում, որ իրանց էնտեղ թողա, հենց խոսքը բերնըներումն էին թրախորով ըլում՝ ո՛չ որդու ձեն լսում, ո՛չ թոռի երես տեսնում ու թամարզու աչքը խփում: Շատ որդի՝ իր հալևոր հորնըմոր, շատ փեսա՝ իր նշանածի կամ նորահարսի, շատ ախպեր իր քվոր, աներ-զոքանչի հալը տեսնելով, որ էլ ջան չունին, որ տեղըներիցը շարժին, իրանք էլ կիսաջան՝ էլած ղվաթներն էլ որ ատամների տակը չէին առնում ու իրանց անգին բեռը շալակում, որ յա իրանք էլ մեռնին, յա նրանց չթողան, մեկ էլ էն էին տեսնում, որ քամակները թեթևացավ, ու իրանց քաղցր, ազիզ բեռան արինը շլընքներով շոռալով ծոր ընկավ, գետինը ժաժ էկավ, իրանց գլխըները աչք ու լիս, ուշ ու միտք կորցրեց, դժժաց: Շատի բախտն էնքան բանում էր, որ թուրը իրան էլ էր զոռը ցույց տալիս, իր սիրելու հետ տանում, պրծացնում: Բայց ա՛խ, իրանք, ղորդ ա, պրծնում էին, բաս իրանց քոռփա մանուկների, էրեխեքանց ցավն ու հոգսը ո՞վ պետք էր քաշեր, ո՞վ նրանց մեկ պուտ ջուր, մեկ կտոր հաց տար, սովից, մահից ազատեր: Վա՜յ նրանց օրին. յա անիրավ արախլուն էր նրանց զավթում, յա սովը իր ճանկը քցում:

Բոբիկ ոտները քարերն էին ճղում, բաց գլխըները՝ արեգակը էրում, փոթոթում: Շատ մոր երեխեն գրկիցը խլում էին ու կտոր-կտոր անում, որ եգին գնա: Ո՞վ. երկինքը՝ աչքը բաց, հանդարտ մտիկ էր տալիս, երկիրը՝ բերանը փակ, անկաջ էր դնում. ում տալիս էին էնպես անմեղ քոռփին, դեն էր քցում, մեկ բուռը հողի էլա արժան չէ՛ր տեսնում: Վա՜յ նրան, որ կամ սելի ակն էր կոտրվում յա ձին սովի ձեռիցը բեզարում, կամ գրաստը

ծարավի, շոգի ձեռիցը թուլանում, վեր ընկնում. կամ տիրոնջն էլ անասունի հետ էին սպանում, կամ սել, մանր երեխեք միջումը վեր ընկած յա քնած թողում ու տիրոնջը թրածեծ անելով առաջ քշում, հետ ածում. շատը, ղորդ ա,
վազում, գնում էր, չունքի ջանն ազիզ ա, բայց շատը գլուխը դնում սելի վրա, աղաչանք էր անում, որ կտրեն, մեռնի, պրծնի ու իր ողորմելի զավակները չոլումը չթողա:

Ա՜խ, ո՞ր մեկն ասեմ. սիրտս արին ա դառնում, ձեռներս դող ընկնում, աչքերս սևանում: Երանի՜ նրան, որ էսպես բան ո՛չ տեսել, լսել ա, ո՛չ էլ կտեսնի, կլսի. բայց մեր ողորմելի ազգը հազար անգամ ա տեսել, լսել, քաշել: Քար չկա մեր երկրումը, քոլ չկա, որ Հայի արնով ներկած չըլի: Դո՛ւ էլ սրանց հետ գնացիր, սի՛րելի եղբայր իմ Մոսի, իմ գառնուկ ախպեր: Ա՜խ, հենց մանուկ երեսիդ էի կարոտ, էն էլ չտեսա: Մորս ծոցին, իրեք տարեկան, սովը քեզ տարավ, էդ լիս երեսիդ ղուրբան: Գերեզմանդ ի՞նչ տեղ ա, չգիտեմ, բայց երկնքումն էլա երաբ մի քեզ կտեսնի՞մ, մի ճտովդ կընկնի՞մ, ա՜յ քո անմեղ ջանին մեռնիմ:

Ա՜խ, սի՛րելի Հայ, էս բաները լսելիս, ինչ ունիս-չունիս, տո՛ւր, որ քո ազգը քիչ-քիչ մեկ լավ օր քաշի: Սրանք են, որ դռնեդուռ ման են գալիս, ողորմություն խնդրում, որ գնան, իրանց գերիքն ազատեն, որ էս դառն ժամանակին Բայազիդ կամ Ղարս ծախել են, որ մյուսներին պահեն: Որդուդ նայի՛ր, աստծուն փառք տո՛ւր, որ քո առաջին խնդալով, խայտալով խաղում են: Ա՜խ, քո դուռն էկողի ցավն իմացի՛ր, մի՛ երեսդ դարձնի՛ր: Սրանք տանից, տեղից ընկած, որդուց, օղլուշաղից զրկված, սոված, ծարավ՝ քե՛զ են ապավինել: Մի՛ ասիր, թե թամբալ են, բանից փախչում են, սրանց ամեն մեկի սրտումը հազար թուր կա ցցված:

Սրանց ուտելիքն էր խոտը, ծառերի կճեպը, թուփը ու իրանց սատկած տավարի ջամդաքը, չունքի մորթիլ չէ՛ր կարելի էսպես ժամանակին: Մեկ արտ ռաստ գալիս կամ մեկ խարաբա գեղ տեսնելիս՝ հենց իմանում էին, թե դրախտն են գնում, չունքի լավօսալ, էլի մեկ բուռը ցորեն յա մեկ պտղունց գարի ճարում էին ու հենց էնպես բովում, աղանձում, հատիկ անում. աղը հո ղհաթ էր: Էսպես էին քոչում մեր խեղճ, ողորմելի խալխը. չունքի ղզլբաշն իմացել էր, կամ ինքն էր ուզում ռսի հետ կռիվ բաց անի, ուզում էր, որ թե երկիրն առնեն, խալխն էլա չի՛ կորցնի, որ տանին Թեհրան, իրանց ծաոա շինեն՝ յա թուրքացնեն, յա հողի հետ հավասար անեն:

Ա՜խ, հոգիս դուս ա գալիս, ընչի՞ հին դարդերս էլի նորոգեցի, ընչի՞ էս բանին ձեռք տվի:

Էսպես տասը-տասնըհինգ օր քաշեց, որ Երևանու էլլիգը կեսվեկես

էլած, ծեծված, ջարդված, կոտորված՝ որը քրդի, որը ղարափափախի ձեռը եսիր գնացած՝ կեսը Ղարսա հողը մտավ, կեսն էլ Մասսա սարի էն կողմն անցկացավ, Բայազիդ գնաց, բայց ո՞ւմ մոտ, ո՞ւմ տունը, աստված ո՛չ գիտե: Էջմիածնա միաբանքն էլ ցրվեցան: Առաջին եպիսկոպոսքը՝ Եփրեմ, Բարսեղ, Հովհաննես՝ այժմյան կաթողիկոսը ու այլք, վանքի զարդն առան, էկան բերդը: Հինգ-վեց օր էլ է՛ս քաշեց, ընչանք թուրքի մհասիլը նրանց կցրվեր: Գրքատուն, ամբար՝ որը դարտակեցին, որը փակեցին: Էրկու <հարյուր> ջանիցը հինգն էլա չմնացին, որ սուրբ տաճարին ու աթոռին պահպանություն անեն, էն էլ ծերացած, ոտից-ձեռից ընկած հաբեղա, վարդապետ էին, որ լավ համարեցին իրանց չոր գլուխը է՛նտեղ վեր դնեն, ուրտեղ որ էնքան տարի ծառայություն էին արել, քանց աշխարքե աշխարք ընկնին կամ ճամփին մեռնին:
Բազի խեղճ մարդ էլ է՛սքան հեռու տեղիցն ու է՛նքան վտանգավոր ճամփերով՝ գլուխը փեշն էր դնում, օղլուշաղն ուրշի յա աստծուն պահ տալիս, ետ դառնում, գալիս, որ համ իրբաղերին ու հանդին, համ իր հարևանների մլքին օրոն անի, ջրի, պահի, որ չի՛ չորանան: Էս խեղճերն էլ ցերեկը փշերի տակին, քոլերի միջումն յա քարափներումն էին տափ կացած, ու գիշերը՝ մութը գետինն առնելիս, ոտ ու շփլթու կտրվելիս, մահվան դողով ու քրտնքով դուս էին գալիս, իրանց բաղերը, հանդերը ջրում, իրանք էստեղ հալվում, մաշվում ա՜խ ու վա՜խ քաշելով, իրանց ողորմելի օղլուշաղն՝ էն ղարիբ երկրներումը: Շատը հենց իմանալով, թե ոտը խաղաղվել ա, որ դուս չէին գալիս, իսկույն հարամին բկին չոքում, գլուխը կտրում, հոգին առնում էր: Գլուխը դառել էր մեկ սոխի գլուխ, ինչպես որ ասում են: Սար ու ձոր հարամով, գողով, ավազակով լցվել էին. ղուշը երկնքիցը վեր էին բերում: Օդը ապականվել էր ջամդաքի հոտով, ու հարամի ղշերը, որ աշխարքի տակիցն ասես, թռել, էստեղ էին հավաքվել, որ իրանց փորը կշտացնեն: Ջուր ասես՝ մարդ էր բերում, քամի ասես՝ մարդահոտ. Քար չկար, որ արինաթաթախ չըլեր էլած: Երկինքը պելացել, մտիկ էր անում, որ տեսնի, թե ի՞նչքան չարություն մարդ կարա անիլ, որ էնըգյորա նրա պատիժը տա:
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top