Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Գլուխ առաջին

Գլուխ առաջին


7
Հենց իմանաս՝ դժոխքն առաջին բաց էր էլել: Հազար գլխանի դիվան ատամներ ղրճտացնում, զարհուրելի ձևով խնդում, ծիծաղում, ժնգժնգացնում, չանգերը սրում, հազրում, բոցն ու կրակը չաղ ըլեին անում, որ նրան էրեն, խորովեն, կտրատեն, թիքա-թիքա անեն, իրանց փայ շինեն:

Հազար կպրե կարաս, հազար օձ, կարիճ՝ բերանները բաց, նրան ըլեին սպասում, որ քրքրեն, կուլ տան, մարսեն: Դեռ աչքը էս սարսափելի քնիցը չբաց արած՝ է՛նպես էր երևում նրան, թե սարդարի ջալլաթները (դահիճ) կռները վեր քաշած, արինն աչքըները կոխած, թրերը սրած՝ գալիս էին, որ իրան տանին: Թոփչին թոփն էր սրբում, հազրում. գյուլլաչին գյուլլեն ջոկում, մոտ բերում: Հեր, մեր, ազգական, էրլու, անցվորական՝ հեռու տեղից գոռում, հարայ ըլեին տալիս, գլխըներին, ծնկներին խփում, ծեծվում, ջարդվում, իրան անունը տալիս ու սուգ ըլեին անում:
— Ա՛ղասի ջան, մեկ թուր էլ ի՛նձ խփի, ի՛նձ… Վա՜յ իմ օրիս, արևիս, վա՜յ… Տունս բրիշակ էլավ… Բալա ջա՛ն… հոգի ջա՛ն… իմ երկի՛նք, իմ գետի՛նք… իմ հրեշտա՛կ… վա՜յ…ամա՜ն… աչքս դուս էկա՛վ… պտուղս խավարեցա՛վ… Թո՛ղ քո ձեռն ինձ սպանի… որդի ջա՛ն… թո՛ղ քո ոտիդ տակին հոգիս տամ… ախպեր ջա՛ն… թո՛ղ քո՛ ձեռիցը մահս առնիմ…ջա՛նըմ ջան… Սիպտակ մազս քեզ փիա՛նդազ, Ա՛ղասի ջան. քանի աչքումս լիս կա, քանի բերնումս՝ շունչ, ոտդ բերնիս դի՛ր, թուրդ սիրտս խրի՛ր. տո՛ւր ինձ մահ, տո՛ւր, թո՛ղ գնա՛մ, կորչի՛մ, հետո ինչ կուզես, է՛ն արա, աչքիս լիսը հանի՛ր… ի՛մ երկնքի բարեբար որդի, ի՛մ սար… ի՛մ աստված…

Է՛սպես էր մեկ ծեր մարդ ընկել Աղասու ոտքը, գլուխը գետնին ծեծում, մազերը ճպռում ու վախտ-վախտ Աղասու ոտներովը փաթաթվում:

Սի՛րելի կարդացողք, էլ ի՞նչ ասիլ հարկավոր ա: Դուք էլ իմանում եք, որ էս խեղճ, տարաբախտ հալևորը Աղասու ողորմելի հերն էր: Հենց խաբար տանողը որ լեղապատառ, լեզուն կպած տուն չընկավ ու գլուխը ծեծելով ձեն չի՛ տվեց՝

— Տո՛, ձեր տունը չքանդվի, գեղը կոխեցին, տարան. Աթոյենց աղջիկը քաշեցին. Աղասին՝ արնի միջումը ծլծլում, ֆառաշները կրակ են քցել խալխն էրում:

Ինչպես որ մեկ ամպի տրաքոց կամ սաստիկ թոփի ձեն մեկ ձորի խփում, քարափները դղրդում, թնդում, մարդի անկաջները խլանում, մի քիչ ժամանակ շշմում ա, ու գլուխդ սկսում ա դժժալ, պտիտ գալ, աչքերդ սևանում, մութ ու խավար քեզ կոխում, խելքդ թռչում, մնում ես քարի պես կանգնած, ոտքդ ու ձեռքդ թուլանում, ջանդ սրսռում, լեզուդ կպչում ա, էլ չէ՛ս իմանում, թե ո՞ւր ես՝ երկրո՞ւմը, թե դժոխքումը,— է՛ս հանգին Աղասու հոր ոսկերքը սարսափեցան, է՛ս հանգին ուշ ու միտքը թռավ, մնաց սառած, փետացած ու աչքերը չռած՝ քցեց է՛ս կողմն, է՛ն կողմը: Ծերությունը ջանն առած՝ մի ոտը հողի երեսին, մյուսը՝ գերեզմանումը, աշխարքի վրա է՛ն մեկ պտուղն ուներ, է՛ն մեկ զավակը: Նրան մտիկ տալիս

հենց իմանում էր, թե աշխարքի թագավորն էլ ա ինքը, շահն էլ: Նրան ջիրիդ խաղալիս տեսնելիս՝ հենց իմանում էր, թե ոտը գետնիցը կտրվել ա, թև առել, թռչում. ծերությունն էլ էր մոռանում, մահն էլ, դժոխքն էլ, արքայությունն էլ: Է՛նպես էր կարծում, թե նո՛ր ա ծնվել, ու ուրախությունիցը ճխում, ճչում, ոտին-գլխին էր անում ու, ինչպես ութ տարեկան երեխա, խնդում, ծիծաղում: Նրա անունը որ տալիս էին, լերդի ծերը խաղում էր, սիրտն ուզում էր պատռի: Ամեն մեկ նրա աչքերին պաչ անելիս, ամեն մեկ նրան խտիտն առնելիս՝ հենց գիտում էր, լիս ա վեր գալիս գլխին, պատերը վարդ են դառել, դաշտ ու սար՝ ծաղիկ: Նրա ճակատին մտիկ տալիս, նրա բոյն ու սուրաթը աչքովն ընկնելիս՝ նրա համար նոր արեգակ էր բացվում, ուզում էր սիրտը ճղի ու նրան մեջը դնի:
Էս հասակը հասել էր նա, նրան մեկ չոռ չէ՛ր ասել, չէ՛ր էլ ասել, թե աչքիդ վերևն ունք կա, յա ծուխը դեպի քեզ: Ջանն էլ որ ուզեր, չէ՛ր խնայիլ նրան. հոգին էլ որ հաներ, ձեն չէ՛ր տալ նրան. գլուխը պտի ծախեր ու նրա մուրազը կատարեր: Խանի, բեկի մոտ գնալիս՝ նա իր որդուն էնպես էր զարդարած դուս բերում, որ ամենի աչքը մնում էր վրեն սառած: Սարդարն էլ էր տեսել նրա տղի կտրճությունը, նրա քաջությունն ու ձեռի հունարը: Շատ անգամ, ազիզ օր ըլելիս, ինչքան ջիրիդ խաղացողներ կային, պատածակն էր կոխում, հետ ածում: Փահլևանները հո, նրա անունը լսելիս, զրզնդում, դող էին ընկնում: Նա մեյդան դուս գալիս՝ աշխարքի բերանը բաց էր անում: Մեկն էլա սիրտ չէ՛ր անում, որ նրան մոտենա: Բերդումը շատ անգամ, հանաքըվեր, ոչխարի տեղ եզ, ուղտ էին բերում, որ բալքի կարենան նրան մեկ օր ամաչացնիլ, շատ անգամ թուրը փոխում էին, որ բալքի չի՛կտրի, ու մնա ամոթով, բայց քաջ երիտասարդը մեկ խփելով եզան կամ ուղտի գլուխը է՛ս կողմն էր թռչում, լաշն՝ է՛ն:

— Հայի՛ֆ, հայի՛ֆ, որ հայ ես,— ասում էր սարդարը շատ անգամ, գլուխը պտտելով,— թե որ թուրք էիր էլել, խանություն պետք էր քեզ տված:

Կռվի միջումը, էն գյուլլի ու կրակի թեժ ժամանակին, նետի պես արձակվում, ընկնում էր ղոնշունի գյուռ տեղը, ասլանի պես որին էս կողմը, որին էն կողմը քցում, ջախըբուրդ, թիքա-թիքա անում ու օսմանցվի մազերիցը բռնած, քաշ-քաշ անելով՝ հետը սուրութմիշ բերում, սարդարի առաջին կանգնացնում:

— Ասլա՛ն Բալասի (առյուծի ճուտ),— սարդարը ձեն էր տալիս ու ճակատին պաչ անում,— ի՞նչ կըլեր, որ քեզանից մեկ տասն էլ ունենայի. քո մոր մեջքը կոտրվի, ընչի՞ չէր քեզանից մեկ չորսն էլ բերում. աֆա՛րիմ, բա՛րաքյալլա, էրեսդ պարզ կենա՛, քեզանից շա՜տ ունենամ:

Ֆորս գնալիս՝ առաջ նրա գյուլլեն պետք է վեր քցեր: Խաներ, բեկեր մնացել էին նրա սուրաթի, նրա լեն թիկունքի վրա զարմացած, հիացած: Շատ անգամ, հանաքըվեր, խոսք էին քցում, թե որ թուրքանա, բեկություն, խանություն կտան նրան: Մուլք էին խոստանում, ռըհաթ, մալ, դովլաթ, աղջիկ էին ասում՝ կտանք. բայց նա է՛ն կաթը չէ՛ր կերել, որ իր սուրբ հավատն ուրանա, փուչ աշխարքիս մալին, դովլաթին թամահ անի:

— Իմ ցամաք հացը լավ աշեմ ինձ համար, քանց ձեր ղաբլու փլավը: Իմ տերտերի մեկ մուռտառ մազը հազար ձեր մոլլի ու ախունդի հետ չեմ փոխիլ: Գութան վարեմ իմ հավատովը, ցանք անեմ, բահի տամ լա՛վ ա, քանց խան, բեկ դառնամ, աշխարքի տեր ըլիմ ու իմ օրենքն ուրանամ:

Թուրը սարդարն էր բաշխել, թվանքը՝ Ջավաթ խանը, ձին՝ Նաղի խանը: Նոր էլ Հայոց սարվազի նայիբությունը նրան էին տվել: Ա՜խ, ո՞րն ասեմ. մեկ Աղասի էր, մեկ քյուլ Երևան. ո՛վ ասես՝ նրա անունովն էր օրթում ուտում. ո՛վ ասես՝ նրա արևովն էր խնդում, նրա գլխովն էր ուզում պտիտ գա:

— Էս ո՞ւր եմ… քնա՞ծ եմ, զարթո՞ւն եմ, երազո՞ւմ եմ. օ՜հ, օ՜հ, օ՜հ… արյան ծովն է՞ս ա, որ ասում են,— սկսեց ողորմելի ծերունին էսպես իրան-իրան խոսալ, երբ առաջի տաքությունն անց կացավ, ու թըմբրություն էկավ վրեն:

— Դժոխքի տարտարոսն է՞ս ա, որ պատմում են… Իսրի պուճախն է՞ն ա… Վա՜յ ինձ, վա՜յ ինձ… վա՜յ ինձ… Միսս սրսռումա… աչքս խավարում ա… չանգալ ա, որ հազրում են… մանգաղ ա, որ սրում… շիշ ա, որ կայծակին ա տալիս… Ա՛ստված, քո փառքդ շա՜տ… էլ ընչի՞ մեզ ստեղծեցիր… որ էս կրակի մեջը պետք է էրեիր… Երանի՜ նրան, որ մոր փորիցը դուս չի՛ էկել… Էս ի՞նչ եմ տեսնում, արա՛րիչ աստված… Հրե՛ն, խորովում են… հրե՛ն, միսը կտրատում են… Ամա՜ն… ամա՜ն…ամա՜ն… Գլուխ առե՛ք, կորե՛ք… Շատ գինի խմողի փորն են ճղում… փիս խոսողի, բամբասողի, խաբարբզանի… տուն քանդողի լեզուն են բողազիցը դուս ճոթռում, էրում, տապակում… Շատ փող սիրողի ջանին մանեթներ ա, որ կրակիցը հանում են, կպցնում… Կաշառք ուտողի միսը քալփաթնով պոկում են, բերանն են տալիս… Վատ ճամփի ման էկողի, գողի, բոզի գլխըներին հալած արճիճ են ածում… տաքացրած շամփրներ սրտները կոխում ու էրում, փոթոթում… Մեկ տեղ վնգվնգում են, մեկ տեղ թնգթնգում… Մեկ տեղ վլվլում են, մեկ տեղ թլթլում… Մեկի էրեսիցը քրտնքի տեղ կայծակ ա վեր թափում… մեկի բերնիցը կրակ, բոց ա դուս գալիս, իրան էրում…Կայծակը մեկ կողմիցն ա խփում, ամպը մյուս տեղից գոռում… Երկինք, աստղեր, արեգակ, լուսին՝ կորել, խավարել են…

Էնպես պատկերներ են առաջս գալիս, որ մեկի լեզուն կրակած թուր ա, մյուսի ձեռը՝ օձ. Մեկի աչքիցը կրակ ա թափում, մեկի քթիցն ծուխ վեր ըլում… Ա՛ստված, էս ո՞ւր տարան ինձ… էս ով բերեց ինձ էստեղ… Աշխարքի վերջը հո չի՞ հասել… էրեկ չէ՞ր, որ էլով, գյունով նստած՝ քեֆ էինք անում… Քոմակ արե՛ք, օգտեցե՛ք, աստծու խաթեր, ի սե՛րը Քրիստոսի. հրես գալիս են, որ ինձ էլ տանին… Աղա՛սի ջան, ո՞ւր ես. էդ ղոչաղ ձեռդ մի հասցրո՛ւ, է՜, անումի՛դ մեռնիմ… Էլ քո հորը ո՞ր օրը պետք է քոմակ անես…
Որդու անումը անկաջն ընկավ թե չէ, հենց բռնես՝ կայծակը խփեց. ջանը մեկ թափ տվեց, սասանմիշ էլավ, աչքը բաց արեց, տեսավ, որ բոլորը մտաց ցնորք էր. ո՛չ դժոխք կար, ո՛չ կրակ. էլի էն սուփրեն էր, էլի էն հացը, բայց ղոնաղների շատը հեռացել, տերտերը ավետարանը նրա գլխին էր դրել, աչքը երկինքը քցել, սաղմոս էր ասում, աղոթք էր անում, վրեն խաչ հանում ու մարմանդ արտասունքը սրբում, հեկեկում:

— Տե՛րտեր ջա՛ն, դո՞ւ ես. ձեռդ մի տո՛ւր, համբուրեմ, աջի՛դ մատաղ գնամ: Ուխա՜յ… Սիրտս հովացավ, ջանս տեղն ընկավ. հլա մեկ քանի տարի էլ ումուդ ունիմ, որ քո աղոթքովն ապրիմ: Էս ի՞նչ էր, տո՛… ուզում էին ինձ սաղ-սաղ դժոխքը տանին… Դեռ Աղասուս էրեսը չպաչած, դեռ կնկանս ու հարսիս օրհնություն չտված ո՞ւր կէրթամ… Տղերքն ո՞ւր են, Վիրապն ո՞ւր ա, խի՜ստ եք ձենըներդ կտրել հա՜յ յա՛սսարներ. էլի ֆռսանդ են ճարել, ինձ քնած թողել, իրանք դուս գնացել, որ յալլի տան (պար գան): Տեսնո՞ւմ ես, էն հարամզադեքն ի՞նչ են բերում իմ գլո՞ւխը: Ասենք՝ ծերացել եմ, ոտներս չի՛ պար գան, հո մեկ թևերս էլա կբարձրացնե՞մ, ծա՞փ կտամ, հետըները քե՞ֆ կանեմ: Ծերության երեսին նալլաթ. ո՛վ ասես՝ ծերի դնչին էլ չի՛ մտիկ տալիս: Գինի ածա՛, խմե՜նք, տերտեր ջա՛ն: Դժոխքն էլ քանդվի, աշխարքն էլ, մենք, քանի աչքըներումս լիս կա, քեֆ անենք:

Ծեր մարդը, ղորդ ա, ցավի է՛նքան չի՛ դիմանալ, չունքի կենդանական զորությունը հատած է, էլ է՛ն արինը, էլ է՛ն սիրտը չունի, ամա ցավն էլ շուտով կմոռանա, չունքի ջիգյարն էնքան տաք չի՛, միտքն էն կարողությունը չո՛ւնի, որ բանը երկար պահի: Աոաջի բոցն որ անց կացավ, թմբրությունիցը զգաստացավ, էլ մտքումը բան չէ՛ր մնացել: Հենց իմանում էր, թե գինու զորությունն ա նրան հաղթել, թուլացրել, կրակի տաքությունը գլխին դիպել, քնացրել: Աչքը որ բաց չարեց, էն սարսափելի երազն էլ, որ տեսել էր, հենց իմանում էր ողորմելին, թե նո՛ր ա էկել աշխարք, նո՛ր ա ծնել, ուզում էր, որ ինչ ունի-չունի տա՛, թաք ըլի մեկ քանի տարի էլ ումբր ունենա, աշխարքի սերը վայելի

Էնպես, ինչպես որ մեկ մարդ մեկ սարսափելի երազ տեսնի՝ իրան սպանում ըլին, թշնամիք ըլին չորս կողմը փակած, որ գլուխը կտրեն, ի՞նչ սրտով տեղիցը վե՛ր կթռչի ու էրեսին խաչ կհանի, որ էլի իրանց տանն ա, իր յորղան-դոշակի միջին պառկած, է՛ս հանգին էր հենց նրա հալը: Ուզում էր, որ դուս թռչի, պատեր, դռներ լիզի, հարս, էրեխա, դոստ, դուշման դոշին քաշի, համբուրի, սիրի, հոգին նրանց տա, որ քանի էս աշխարքումն են, իրար հետ լավ ապրին, իրար սիրեն, աշխարքի բարին վայելեն, որ էլ էն աշխարքումը մուրազները պակաս չմնա, էլ աչքըները էս կողմը չունենան: Բաղ, հանդ, սար, ձոր, տուն, ապրանք, մալ, դովլաթ, ծառ, ծաղիկ՝ որ միտքն էր ընկնում, որ տեսնում էր, թե էլի իր ձեռին են, էլի բաց աչքով նրանց մտիկ էր տալիս, էլի նրանց հոտն ու համն էր առնում, ուզում էր որ քարերն էլ լիզի սրտի սիրուն, հողն էլ: Ուզում էր բոլորի առաջին չոքի, ծունդր դնի, մատաղ անի: Իր օրումը էն սրտով ժամ չէ՛ր մտած, իր օրումը էնպես ջերմեռանդ աղոթք չէ՛ր արած, էրեսին էնպես հավատով խաչ չէ՛ր հանած, տերտերի ձեռն էնպես տաք-տաք չէ՛ր համբուրած, երկնքին, գետնին, աշխարքին էնպես քաղցր աչքով չէ՛ր մտիկ տված, էնպես հոգին չէ՛ր փառավորված, ինչպես էս սհաթին: Հենց գիտում էր, թե աշխարքս դրախտ ա, մարդիկը հրեշտակ են, էլ մեկ վատ միտք, մեկ փիս խորհուրդ նրա սրտումը չէին մնացել: Էլ ո՞վ կտար նրա մտքումը բարկություն, չարություն, նախանձ, ատելություն, չկամություն, բախլություն. բոլորը, բոլորը ջնջվել, փչացել էին: Հիմիկ էր իմանում, թե ժամ գնալն ի՞նչ ա, աղոթքն՝ ընչի՞ համար, պատարագի զորությանն՝ ի՞նչ:

Արա՛րիչ իմ, մարդ որ մտածի, թե քանի՞ օր, քանի՞ տարի կյանք ունինք, թե աստված մեզ ստեղծել ա, որ օր քաշենք, իր բարությունը վայելենք, թե մեր աչքն ա՝ մեկ բուռը հողը, մեր տեղն ա՝ երկու գազ կամ ոտնափոխ գերեզմանը, թե մեր աոաջին էլ կա էն օրը, որ է՛ս հիանալի երկնքի պայծառ դեմը, է՛ս սիրուն երկրի ծաղկազարդ սարերն ու ձորերը մեր աչքիցը պետք է փակվին, խոր, սառը, մութը գետնի տակին մսըներս՝ որդունք, ոսկորներս փոշի պետք է դառնան, ու ո՞վ ա խաբար, թե ո՞ր աթրաֆի տակն, ո՞ր երկրի պուճախն ընկնի, էլի ասում եմ, ու աչքերիցս արտասունքը թափում ա, ջանս փշաքաղ ըլում: Որ մտածենք, թե է՛ս անկաջը, որ չար բանի էնպես քաղցր դեմ ենք անում, մեկ օր պետք է խլանա, է՛ս աչքը, որ չի՛ ուզում, թե ուրշի աչքումն էլ փոքր լիս տեսնի, մեկ օր պետք է քոռանա, կիրանա, փչվի, է՛ս լեզուն, որ օձի պես օրը հազարին կծում ու յաղու ա տալիս, մեկ օր պետք է պապանձվի, չորանա, քրքրվի ու օրթունքի կերակուր դառնա, բա՛ս էլ չարություն մեր մտքովն

ա՞նց կկենա: Բաս չե՞նք ուզենալ, որ ամենին պաշտենք, պատվենք, սրբի տեղ գլխներովը պտիտ գանք:
Աչքըներս սովորել ա, սիրտըներս սառել, մտքըներս քարացել: Ժամ որ գնում ենք, հենց իմանում ենք, թե, էն ա, ամեն բանից պրծանք, պարտքըներս տվինք, որ մեկ քանի խաչ հանեցինք էրեսներիս, մեկ քանի ծունդր դրինք, պատարագի էրես տեսանք, պասըներս բաց արինք, սրբություն առանք: Ինչ ասում են, մեզ համար մեռած ա, մեզ չի՛ ազդում, չունքի մեր սրտի բառը չի՛, մեր լեզվի խոսքը: Ուրըշներն ասում են, մենք էլ անկաջներս կախ արած, աչքըներս ցցած՝ լսենք-չլսենք, տեսնինք-չտեսնինք, ե՞րբ ա մեր սիրտը մեկ օր վառվում, որ իմանանք, թե էս ի՞նչ հրաշք ա, որ աստված ամենաբարին մեզ համար ստեղծել ա, մենք ի՞նչ ենք, որ մեր ասած գոհությունը, փառաբանությունը, ծունրը, երկրպագությունը աստծու սուրբ առաջին ի՞նչ ըլի: Պետք է մտածենք՝ ո՞վ ա աղքատ, որ նրան օգնենք. ո՞վ ա հիվանդ, որ նրան մխիթարենք. ո՞ւմ են զրկում, գնանք, նրան թափենք: Ո՞ւմ սիրտը նեղացրինք, գնանք, էլ ետ հաշտվինք: Թե սիրտըներս մաղձով, թունով, հազար մեկ դառնությունով լիքը մտնում ենք, լիքը դուս գալիս, էլ ի՞նչ օգուտ մեզ: Հենց պետք է մե՞ռնինք, որ սիրտըներս թամուզանա՞, հենց պետք է դժոխքի էրեսը տե՞սնինք, որ աշխարքիս համն իմանա՞նք, հենց պետք է հո՞ղը մտնինք, որ ձեռն ածենք, թե, երա՛բ, մեկ իսան կքթնվի՞, որ էրեսը տեսնինք, լեզվըներս նրանց լեզվին առնի, ականջներս նրանց ձենն իմանա՞:

Ա՜խ, մտածի՛ր, թե որ հնար ըլեր՝ մեռած վախտդ գերեզմանիդ տակիցը դուս գայիր, էլի է՛ն խելքը, է՛ն զորությունն ունենայիր, որ հիմիկ ունիս, չէի՞ր ուզիլ էն մարդի ոտը համբուրիլ, որ գերեզմանիդ մոտովն անց կացավ: Չէ՞իր ուզիլ էն մարդին խտտես, արտասընքով էրեսը լվանաս, էրեսն էրեսիդ կպցնես, բերանը՝ բերնին, փարվիս, էլ դոշիցը պոկ չի՛ գաս, որ քեզ մեկ «Աստված հոգին լուսավորի՛» ասեց կամ գերեզմանիդ վրեն մոմ վառեց: Չէ՞իր ուզիլ, որ է՛ն հողն էլ ջուր անես, խմես, որ քո սիրուն աչքերդ ծածկել էր, քո ազնիվ պատկերը փչացրել, քո անույշ լեզուն, քո քաղցր շունչը բռնել, պապանձացրել, է՛ն քարն էլ պաշտես, որ քեզ ղայիմ բռնած ուներ: Բաս հըմիկ ի՞նչ ա էլել, որ խելքդ՝ վրեդ, սիրտդ՝ փորումդ, միտքդ՝ գլխիդ, էդպես բաներ չե՞ս մտածում: Ա՜խ, սիրելի, երանի թե էս սհաթին իմ սրտումը ըլեիր ու իմանայիր, թե ի՞նչ ծով ա պտիտ գալիս սրտիս միջումը: Ձեր էրեսներիցը մեկ օր պետք է զրկվիմ, ձեր քաղցր լեզուն ու ձենը մեկ օր պետք է չլսեմ, ձեր ազնիվ երեսը մեկ օր պետք է չտեսնիմ, հոգվույս սի՛րելիք, բա՛րեկամք, սի՛րեկանք, դո՛ստ, ը՛նկերք, իմ բոլոր պատկերակից մարդիկ: Դուք ինձ գերեզմանը կդնեք,

դուք իմ հոգուս ողորմի կտաք, դուք իմ էրեսիս հող կքցեք․ կըլի, թե բազընի սիրտը մրմնջա, կըլի, թե բազինն էլ մեկ կաթ արտասունքի ինձ արժանի համարի․ բայց, ա՜խ, լեզուս պապանձվում ա, որ միտք եմ անում, ձեռներս թուլանում․․․ Ա՜խ, մեկ դարտակ շնորհակալություն էլա իմ բերնիցը չե՛ք կարող լսիլ։ Էլ ի՞նչ եմ անում դժոխքը։ Քանց էս էլ մեծ դժոխք ո՞ր կըլի, որ ձեզանից հեռանամ, ձեր խոսքը չիմանամ, ձեր էրեսը չտեսնիմ։
Էս տեսակ մտածմունք էին մեր խեղճ հալևորի ուշ ու միտքը բռնել, գրավել։ Ուզում էր տերտերի փեշերն էլ համբուրի․ էրեսին էր քսում, աչքերին էր քսում, նրա ձեռը իր ծոցն էր տանում յա բերնին էր դնում ու հոտ քաշում։ Նաչար քահանեն մնացել էր մաթալ․ թե աչքին էր հուպ տալիս, բերնիցն ու քթիցն էր ծուխ դուս գալիս․ թե ձեռը բերնին էր դնում, աչքերն էին իրանց աղի ծովը բաց թողում։ Ասեր, ինչ անց էր կացե՛լ․․․ վախում էր, թե ողորմելի ծերը գնա, էլ ետ չի՛ գա․ թե չէ՛ր ասում, ի՞նչպես կմնար բանը թաքուն, աշխարքը դմբդմբում էր։ Բալքի թե որդին մեռներ, ու հոր աչքը մնար կարոտ, որ մեկ էրեսն էլա տեսնի։ Ի՞նչ աներ, աչքը մնացել էր դռանը․ ինքը ղիմիշ չէ՛ր անում, որ ջրատար հալևորի էլած հոգին իր ձեռին դուս գա․ սիրտը քրքրվում էր, աղքընեըը կտրատվում էին, մնացել էր էրկու սրի արանքում․ դվորը շարժում էր, իրան էր կտրում։

― Օհանե՛ս ջան, ո՛րդի, վե՛ր կաց, մի քիչ գնանք դուս, մա՛ն գանք, էրեսներիս հով դիպչի, ինչ ենք տան պուճախը բռնել, նստել։ Օրը տաքացել ա, հավեն կոտրել․ գնա՛նք, աստծու էրեսն էլ մի տեսնինք,— գեջդանգեջ բերանը բաց արեց էրվելով աստվածահոգի քահանեն ու տանուտերի գլխին, միրքին պաչ անելով՝ ուզում էր մեկ մհանով վեր կացնի, որ բալքի թե դուս գնալիս՝ ձենն անկաջն ընկնի, չիմանա, թե ի՞նչ խաբար ա, ուրըշների հետ խառնվի, գնա, իրան աչքովը տեսնի, չունքի որ անկաջի լսածն ուրիշ ա, աչքի տեսածն՝ ուրիշ, ու քանի ցավը հեռու ա, ավելի ա քյար անում, բայց երբ առաջներիս ա, մնում ենք թմբրած, մինչև յարեն իրան֊իրան սկսում ա կամաց-կամաց սզլթալ, մրմնջալ ու ետո սաղանալ։

― Էս մեկ թասն էլ խմե՛նք, տերտեր ջա՛ն, ետո ո՞ւր տանում ես, տա՛ր ինձ․ այսուհետև քո եսիրն եմ, քո շունն եմ․ որ գլուխս կոխես էլ, ձեն չե՛մ տալ։ Ախր Աղասուն էլ էսօր, սաղ օրը չե՛մ տեսել․ առավոտը տանիցը դուս ա գնացել, չի՛ էկել․ բաս նրա ջիրիդ խաղալը չի՞ պետք է տեսնիմ, բաս նրա աչքերին չի՞ պիտի պաչ անեմ։ Առանց նրան կես սհաթ չե՛մ կարալ ապրիլ։ Գնա՛նք, ա՛չքիս վրա, կենդանություն, աստված կարգիդ հաստատ պահի։

Հենց ասեց՝ «Աղա՛սի ջան, գյո՛զ բալասի (աչքի որդի), էս խմում եմ քո արևսադաղին, արևի՛դ մեռնիմ… », հենց բռնես՝ մեկ թոփի գյուլլա տրաքեց, դուռն ու փանջարեն ջախըբուրդ արեց, դուզ ճակատի մեջտեղին դիպավ, ղուղն ու բեինը տաղըթմիշ արավ, է՛նպես քամակի վրա գետնին դիպավ մաշված, չորացած հալևորը ու մնաց մորթած ոչխարի պես սուսը-սասը կտրած, ընկած հենց է՛ն սհաթին, որ վեր էր կացել, գդակն ուզում էր գլխին դնի, փետը ձեռն առնի, որ դուս գնա:

— Աղասին ո՞ւր ա… Աղա՛ ջան… Աղասուն տարա՛ն… գլխի՛ս տեր… տններս քանդեցի՛ն… Աղա՛ ջան… օջա՛խդ խավարացրի՛ն… իմ սա՛ր ջան… դո՛ւռդ փակեցին, ի՛մ գլուխ… Աղա՛… ղա… ղա… սի… Աղա՛սի, Աղա՛սի, Աղա՛սի, Աղա՛սի… հրես էկա՜ն, հրես տանո՜ւմ են… ձեռները կապեցին… ոտները բխով դրին… վա՛յ… վա՛յ… վա՜յ… աչքս փորեցին… ո՞ւմ էի մեկ չոռ ասել, որ առաջս էկավ… Գնացե՛ք, հասե՛ք, էն սուրահի բոյին մտիկ արե՛ք… Տեսե՛ք, ի՞նչպես ա ջիրիդ խաղում… Գալիս եմ, գալիս, Աղա՛սի ջան… սաբր արա՛, որ մեկ չարսավս քցեմ, գլուխս կապեմ… Տո՛, տնաքանդի աղջիկ… մեկ ձեռներդ էլա բարձրացրո՛ւ… ի՞նչ ես փետացել, էդտեղ կաղնել… Վա՜յ… վա՜յ… վա՜յ… ամա՜ն, էրվեցի՜, խորովեցի՜… Չորանա՛ք դուք, ա՜յ ձեռներ… Խավարի՛ք դուք, ա՜յ աչքեր… Հարսի ջան, խաղա՛, է՜: Տո՛, մեկ կռներդ բարձրացրո՛ւ, է՜հ. Վարդի՛թեր ջան, ի՛մ մանիշակ, ի՛մ սմբուլ, ի՛մ ալվան լալա՛զար, ի՛մ խնկան ծաղիկ… աչքերի՛դ մեռնիմ… Էրեսի՛դ մատաղ գնամ… ի՞նչ ես ձեռներդ խաչել… ի՞նչ ես քեզ ջարդում… սպանում… Զանգուն մոտիկ ա, մի քիչ կա՛ց, Աղասուն ճամփու դնե՛նք… Դեռ նրա հոգին երկինքը չի՛ հասած… մենք նրանից առաջ կէրթանք էնտեղ: Դարդ մի՛ անիլ… Անկաջ արա՛, մի Աղասու խաղն ասեմ…


Աղասի՜ ջա՜ն, գըլ…խի՛դ… ղո՜ւր…բա՜ն…
Դու… ես… մեր… թա՜գն… ու… պարծա՜նքը…
Թա՜գն է՜լ գնա՜ց… պարծա՜նքն է՜լ…
Թո՜ւրն է՜լ գնա՜ց… թվա՜նքն է՜լ…
Տո՜ւնս է՜լ քանդվե՜ց… պուճա՜խս է՜լ…
Ա՜չքս է՜լ փորվե՜ց… ումբրը՜ս է՜լ:


Աղասի՜ ջան, Աղասի՜… Տո՛, ջրատա՜ր… քանի՞ քնիս. լա՜վ ա, լա՜վ… Գնա՜… որդուդ տարա՛ն… գնա՜, ջուրն ընկի… մենք էլ էս ա, գալիս ենք:

Էս սհաթին էր, որ ողորմելի հերը տասն անգամ գնաց է՛ն դինեն, էլի ետ էկավ… Քանի որ գլուխը վեր էր քաշում, հենց իմանաս, էլի թաքրար խփում, նրան անդունդն էին տանում… Ջահել, քսան տարեկան հարսը մեկ կողմն էր գլուխը ծեծում, ջարդում, մազերը քրքրում, իր խեղճ պառավ կնիկը՝ մյուս: Էլ հաքըներին շոր չէ՛ր մնացել, էլ էրեսներին սաղ տեղ չկար, բոլոր ճղել, քրքրել էին. արինը լաչակ, օշմաղ, ճակատ, դոշ շիլի պես ներկել էր: Ինչ պստի հարսն էր անում, աստված ո՛չ շհանց տա: Բարձր ձենով լար՝ ամոթ էր… Էս պատճառով սիրտը դհա ավելի էր էրվում, խորովվում… ուզում էր դոշը պոկի, գնա, բաշնըվեր ընկնի… Առաջին խաբարն որ իմացել էին, նրանք էլ հենց, խելքը թռցրածի պես, հացատանը, որը մեկ պուճախում էր անշունչ մնացել, որը մյուսումն: Նրանց տեսած էրազներն էլ պակաս սարսափելի չէին… Մորը՝ ջիրիդ խաղալիս էռավ: Հարսի աչքին երևում էր, թէ հարսանինպես էր էրևում, թե Աղասու ձին բուդուրմիշ էլավ, վեր ընկավ. հենց էն ա, վրա վազեց, որ որդուն խտտի, վեր թք էր, հարամիք վրա տվին, Աղասին մեկ բոզ ձիու վրա նըստած՝ նրանց առաջ արեց, թրով ծեծելով՝ թոզ ու դումանումը կորավ: Իր թայդաշ հարսներն ուզում էին, որ իրան բռնեն. փեշը թափ տվեց, ուզում էր, որ նրա ետևիցը կորչի, երեսի վրա վեր ընկավ. աչքը բաց արեց, տեսավ, որ տունը գլխին պտտում ա: Անց կացած բաները որ միտքը չէկավ, էնպես մեկ ծվաց, ծղրտաց, որ ձենը երկինքը հասավ, պատերը զրզնդացին: Էս ձենի վրա կեսուրն էլ, հենց բռնիր, հինգ գազ ծուլ էլավ, հենց բռնես, մեկ թուր ջիգյարը խրեցին. հարայ տալով, մազերը պոկելով՝ հարսնի կռնիցը բռնեց, դուս թռավ ու իր կիսամեռ մարդի առաջին թավալ-թավալ էր տալիս, գետինը պոկում, գլխին հող ածում ու նոր մորթած հավի պես, որ դեռ քանի արինը տաք ա, ոտն ու էրեսը քարերին էր ծեծում, ինչպես որ տեսանք: Ա՜խ, ես չե՛մ ուզում բանը երկարացնեմ, թե չէ նրանց արածն ու ասածն լսողի սիրտը կէրեն, կփոթոթեն: Էս ձենի վրա էր, ինչպես ասեցի, որ մեր անբախտ ծերունին բիրադի վե՛ր թռավ, էլ ո՛չ գդակ, էլ ո՛չ քուրք հարցրեց, տանիցը բղղալով, գլուխը ծեծելով, միրուքը պոկելով դուս ընկավ ու հոգին բերնին հասած՝ գլորվելով, տրորվելով իր որդու ոտի տակին գետնին դիպավ ու թրպրտում էր: Ընչանք էն տեղ հասնիլը հարյուր տեղ վեր էր ընկել, հարյուր տեղ ոտն ու ճակատը քարին էր առել, գլխումն ու ջանումն էլ սաղ տեղ չէ՛ր մնացել, հազար քարի էր դիպել ու յարալու-փարալու էլել, ձնի նման սիպտակ միրուքը արնի մեջը սառել, չանին էր կպել, ու հմիկ էլ որդու ոտները լիզում էր, որ մեկ թուր էլ իրան խփի, որ շուտով էս դառն աշխարքիցս պրծնի:

Վա՜յ է՛ն ազգին, որ աշխարքումս անտեր ա,
Վա՜յ է՛ն երկրին, որ թշնամու գերի ա,
Վա՜յ է՛ն խալխին, որ ինքն իր կյանքն, աշխարքը
Չի՛ պահպանիլ ու հարամու ձեռ կտա:
Ո՛վ որ սարեր կէրթա իրան ֆորսն անի,
Ո՛վ որ կուզի տեղը նստած մուլք դատի,
Անտեր ազգին նրա գյուլլեն կդիպչի,
Անտեր գլուխն նրա քիսեն կլցնի:
Հավատ, օրենք, տուն, ընտանիք, սրբություն
Հողի, քարի հետ կքսվին, կփչանան,
Թե ճար ունիս, մի՛ տար նավիդ զլուխն իրան,
Աչքդ թեքեցիր՝ ծովի տակին կբացվի:
Թե մեկ ազգ իր ջիլավն, յախեն թշնամուն
Իրան-իրան կտա, կմնա անվաթան:
Կատաղած ծովն ի՞նչ կհարցնի լաց, շիվան,
Նրա ֆրթնեն (ալիքը) ո՛չ սիրտ ունի, ո՛չ հոգի
Դառած արջը՝ փնչացնելով դուս պրծավ,
Սարեր, ձորեր սասանում են ձենիցը.
Անմե՛ղ գառը, ո՞ւր ես կանգնել դու անցավ,
Քեզ կքրքրի՛, փախի՛ր նրա ձեռիցը:
Դաշտ ու գետին դմբդմբում են, դղրդում,
Ամպի գոռոցն աշխարքն իրար գլխով տալիս.
Ա՛նցվորական, ի՞նչ ես ճամփիդ մղկտում,
Գնա՛ էլա մեկ քարի տակ, որ պրծնիս:
Ա՜խ, արեգա՛կ, բարի՛ հրեշտակ, մե՛ր մտի,
Ի՞նչ ես կանգնել, սիրուն աչքերդ բաց արել.
Հայի համար որ դուս էլ չգաս դու իսկի,
Դարդ չի՛ անիլ: Վաղուց է նրա աստղը թեքվել:
Թախտ, ապարանք, զենք, զարդարանք փչացան,
Թագավորներ, իշխանք, քաղաքք հողը մտան,
Էլ ո՞վ նրանց էթիմներին խեղճ կգա.
Մեկ թշնամու սրտումն մըգամ աստված կա՞:
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top