2
— Քեդխուդեքը գալիս են, տո՛, տե՛ղ արեք, ղրա՛ղ կացեք, ճա՛մփա բաց արեք,— ձեն տվեց գզիր Կոտանը՝ մեկ աչքը քոռ, դունչը ծուռը, էնպես որ միրքի կես փայը մնացել էր երեսի վրա ցից էլած, խճճված, կես փայն էլ բողազին, չանին կպել, չորացել, էնքան խոսացել էր ու հարայ տվել:
Թագավորն էլ էնպես ուռած-ուռած իր քոշք ու սարեն (պալատը) չէ՛ր մտնիլ, ինչպես մեր գեղի իշխանքը՝ իրանց տաք գոմը, թեև շատի հաքին էնքան շոր չկար, որ էրկու մանեթի գին ունենա: Որը մեկ տասը տարվան կտրատված, քրքրված հին յափունջում կոլոլված, որը մեկ հազար տեղ կարկատած, մաշված քրդի աբա էնպես էր ուսերին քաշել, որ, ղորդ ա, բերանն ու միրուքը ծածկած ուներ, բայց գոտկի տակիցը դենը, գլուխդ ապրի՛, պատռտված քոբաչի չուխի ծլանկները (կտորները) հազար տեղից էնպես էին ճոլոլակ էլած ու քամու ձեռին եսիր մնացել, որ փչելիս՝ ուզում էր, թե իրանց էլ հետը տանի: Գլխըներին հո, էնպես գիտես, թե ամեն մեկը մեկ սաղ ոչխար ըլեր դրած: Էն որ մի քիչ չաղ էր ու եղալի (հարուստ), ոտն ու գլուխը էլի մի քիչ քոք էր ու, աստծու տվածիցը, շորի հոտ էր գալիս վրըներիցը: Սրանց ամեն բանն էլ կարգին էր. լաբչինը՝ թազա, մուգ մավի ղադաք փոխանի ղրաղները՝ ասղարուր, մավի քոբաչի շալ չուխա կամ եզդու ղադաք կապա, սիպտակ կտավե կամ շալի գոտիկ. շապկըների յախեն՝ որինը մով, որինը քաթան. արխալղները, ղորդա, կարկատած էր, ամա շատ որ ըլեր, մեկ տասը-քսան տեղ, ավելի չէ՛, էն էլ ռանգ-ռանգ կտորներով՝ որը կարմիր, որը դեղին, որը զոլ-զոլ, էնպես որ շատի արխալուղը հեռըվանց, հենց իմանաս, չալ ղաջարի ըլեր կամ չալ կատվի պոչ: Ամենիցը գլուխը նրանց բորանի քուրքն էր. երեսը՝ կարմիր ներկած, ինչպես մեկ թուրքի հինա դրած ղաբա միրուք. Երեսք չուներ, ջանումն էլ բաց տեղ չէ՛ր մնում,
բոլոր ծածկում էր: Փեշերը ու նեղ թևերը իշի նոխտի պես ուսըներիցը կախ ընկած՝ գետինն էին հասնում ու դիպած տեղը թամուզ ավելում, հայլի շինում. ամեն մեկ քուրք մեկ թզաչափ մազ ուներ, բայց ա՜խ, շատ արևի ու անձրևի ձեռիցը է՛ն հալն էր ընկել, ներկն ու երեսի ջուրը գնացել, որ, հենց գիտես, քոսոտ ձիու սաղրի ըլեր: Շատի վրա տասը տարվան թոզ ու կեղտ կար: Շատի ուսերն ու քամակը էնպես էր ծակվել, բուրդն ու մազը դուս թափել, որ տեսնողը հենց կիմանար, թե գարունքվան բրդըհան էլած ուղտի կաշի ըլեր: Բազընի փափախի մորթին էլ հո՛, էնպես էր չալ ընկել, ու ծերիցը բուրդը դուրս թափել, որ մեկ բարակ քամի կամ հով փչելիս էլ՝ ամեն մեկ մազը թև էր առնում ու գլխըներին
պար գալիս: Բայց էլի էնպես մարդի քեֆը գալիս էր տեսնելով, թե ի՛նչպես տանուտերն ու քեդխուդեքանց շատը գդակները կոտրել, աջու ականջի վրա թեքել, իրանց հինգ ոչխարանի քուրքը քեֆով մեկ էս ուսին էին քաշում, մեկ էն, ու բազի անգամ զլխըները էլ հետը տրմբացնում էին, որ գդակները գիժություն չանեն, իրանց չափը ճանաչեն ու դուզ կանգնին: Բազի անգամ էլ իրար բռնոթի թավազա անելով կամ մեկը ձեռը մյուսի գոտիկը կամ ճտքովը քցած՝ իրանց էրեխությունը միտքըներն էին բերելու շախա անում, իրար բոթբոթում, շվացնում, զռթկացնում, փռթկացնում, ճռթկացնում, մռթկացնում ու բազի վախտ էլ հրհռում, քրքռում, բրբռում, դրդռում. շատը հո, ծիծաղու, մեջքի իլիկը կոտրըվել էր, էնպես որ ժամիցը ընչանք տուն կգային, հենց բռնի՛ր, տարի քաշեց, էնքան էին էստեղ-էնտեղ կանգնել ու զրից արել: Ղորդ ա, ասացի, որ շատի հաքին տրեխ էր, գյուլբա էլ չուներ, որ ոտը ծածկեր. շատի չուխի վրա հարիր կարկատան կար, շատի ձեռների, երեսի, միրքի վրա տասը տարվան աղբ, կեղտ, թոզ ու մազ կար, շատը բերնումը երկու հատիկ ատամ էլա չուներ. էնքան ծերացել էր, ամա ի՞նչ կանես, որ տունն ու շիրախանեն հազար բարությունով լիքը՝ տրաքում էին, ու աստուծո հոգի կար միջըներում, մեկ օձի ձուն էր պակաս նրանց տանիցը: Գինին՝ կարասներով շարած, ամբարը՝ հացով լիքը, կթի կովն ու գոմեշները՝ ֆորթ ու ձագը տակըներին, գոմումը կապած, քյահլան ձին՝ թավլումը, գութանը՝ դռանը լծած, մառանը՝ եմիշով, կախանով, տանձ ու խնձորով խլթխլթում, և մտնողին հոտը տեղն ու տեղը բռնում, շշմացնում էր: Նորահարսն ու փեսեն կամ մեկ ազիզ ղոնաղ որ գլուխը բարձին չէ՛ր դնում էս անմահական բարության մեջը, էնպես իմանում էր, թե դրախտումն ա աչքը խփում կամ բաց անում: Որը երկու, որը իրեք բաղ ուներ, նոքար, հոտաղ՝ դռանը հազիր, ու տան ներսն ու պուճախը դրմբում էր: Կարասներով կողակ, կճճներով պանիր ու ղավուրմա, աքաշներով զոխ, բոխ, ողորմակոթ, բղղներով եղ ու կարագ, մոթալներով պանիր,— ծո՜վ, ի՞նչ տուն: Տասը ղոնաղ որ էն սհաթը նրա դռանը վեր գային, սաղ ամիս ուտեին, խմեին, կոտրեին, ջարդեին, փչացնեին, նրա տան խերն ու բարաքյաթը հա՛ կար, հա՛ կար, ու յաբանի յադն էլ նրանց դռնովը անց կենար, իրանք թևիցը կքաշեին, տուն կկանչեին, որ նրանց սուփրի համն առնի ու էնպես ճամփա ընկնի: Շատ անգամ եկեղեցումը որ մեկ ղարիբ օքմին կտեսնեին, Սուրբ սուրբն ասածին պես շատը կերթար, եկեղեցու դուռը կկալներ, որ սֆթա ինքը նրան իր տունը տանի, ու շատ անգամ, երբ ուզողը շատ կըլեր, խոսքըմին կանեին, որ մեկ-երկու շաբաթ նրան իրանց միջումը պահեն, նրան քեֆ շհանց տան, ու բոլորն ի միասին, մեկ
օր սրա տանը, մեկ օր՝ նրա, ուրախություն անեն, ղարըբի սիրտն առնեն:
Շատը սուրուով ոչխար էլ էին պահում: Էնպես մարդ կար, որ տարենը երկու հարիր, իրեք հարիր լիտր տանձ, խնձոր, ծիրան ծախում էր ու մեկ էնքան էլ աղքատի ու ճամփորդի ուտացնում յա դեղապետի հմար պահում, որ սարի աղքատ խալխը՝ թուրք, հայ, չունքի բաղ չունին, մեկ հիվանդ պատահելիս՝ գան, տանին, ու իրանց թամարզու նաչարի աչքը դռանը չմնա, չունքի մեր աշխարքումը ինչ հիվանդ էլ որ ըլի, նրա առաջին ու վերջին դեղը պտուղն ա: Պտուղ որ չըլի, ո՛չինչ բան նրան չի՛ փրկիլ, ու լեզուն բերնումը կչորանա, յա հասրաթ կմեռնի: Ամեն մարդ իր բաժակի գինին ալհադա ուներ պահած, որ համ իր եկեղեցուն էր տալիս, համ էլ գեղըցոնցը բաժանում, ուրտեղ բաղ չկար, որ նրա ննջեցելոց հոգին հիշեն: Ամեն նավակատյաց ոչխար ասես, կով ասես՝ մորթում, մատաղ անում, ժամ, պատարագ անիլ տալիս, ժամոց բաժանում ու տանով-տեղով գնում, իրանց սիրելյաց գերեզմանները օրհնիլ էին տալիս ու աղքատներին կշտացնում: Մեկ փարի բան բազարիցը տուն չէ՛ր գալ, բացի իրանց հաքնելու շորիցը. էն էլ՝ կտավ, շապկացու, չուխացու, շատը հարսներն ու աղջկերքն էին նրանց համար մանում, գործում կարում:
Նրանց կնանոնցը որ մտիկ տայիր, խելքդ կերթար. խասի ու ղումաշի միջում կորած էին. բերնըներիցը կտրում էին, օղլուշաղի ոտն ու գլուխը թամուզ պահում. տղամարդը շատ օրը հանդումն ա ըլում, ի՞նչ հաջաթ. կինարմատը միշտ պետք է աբուռով հաքնի, աբուռով մաշի: Մեկը-մեկի ջգրու, շատ անգամ, իրանց օղլուշաղին էնպես էին ծաղկում, զարդարում, ինչպես գարնան վարդը: Սաղրի մաշիկ, կարմիր ծուղեք, ղասաբ, ղրաղները գյուլաբաթնով արած փոխան, ալ դարայի մինթանա (քաթիբա), զառ լաչակ, ղալամքար արխալուղ, սամուր քուրք, արծաթե կոճակներ ու բիլազիգ, քարգահարուր օշմաղ, ճլպինդ, տոտեր, շապկի յախա, ոսկե քամար, յախութ մատանիք, քահրըբար յա մարջան ճտի շարք՝ շատի միջումը ոսկիք, մանեթ, աբասի ծակած, անցկացրած. դոշի քորոց, ականջի օղ՝ որը ոսկի, որը մարգարիտ. մինթանի ղրաղները՝ շատինը մարգարտաշար: Շատի մազերումը ու գլխին հինգ թումանի զարդ ու զարդարանք կար: Շատի ճակատին շարքով յալդուզ ոսկի շարած: Ամեն մեկի կնիկն ու աղջիկը, հենց իմանաս, խանզադա ու բեկզադա ըլեր: Շատը չորս-հինգ հարսն ուներ տանը, որ մեկ տեղը ցավելիս՝ ուզում էին գլխովը պտիտ գան ու ոտները ջուր անեն, խմեն: Գլուխն ու քամակը դեմ անելիս՝ հարսներն ու աղջկերքը իրար հետ բաս էին մտնում, որ իրանք քորեն կամ քութութեն: Տրխըները կամ լաբչըները հանելիս՝ ձեռն էր, որ բան էր ընկնում. որը ոտն էր ճմռում, որը ջուրն էր տաքացնում, որը բերում, որ ոտն ու գլուխը լվանա,
որը թևերը վեր քաշած՝ ձեռին ջուր էր ածում, որը մահրամեն տալիս, որը թևն էր քաշում, որը շորերը դասում, որը տեղը քցում, քնացնում: Քնած վախտին էլ ե՞րբ կարեր մեկ ճանճ, որ նրա մոտովն անց կենա կամ երեսին նստի, էնքան աչքաբաց էին հարսն ու աղջկերքը: Մեկ ղոնաղ պատահածին պես էս պատիվը ղոնաղինն էր, ե՞րբ կարեին նրանք բաց աչքով նրա երեսին մտիկ տալ: Մեկ բան ուզելիս՝ ոտի տեղ գլխի վրա էին գնում, որ նրա ասածն անեն ու ձեռըները դոշըներին դրած՝ աչքը կթած ունեին, որ տեսնեն, թե իրանց տերը կամ ղոնաղը ի՞նչ կհրամայի, որ կատարեն: Կեսուրը կամ կեսառը մեկ աչքը քցելիս՝ ուզում էին, որ տեղնուտեղը հալչին, էնքան հնազանդ էին:
— Բա՛խտ, բախտ էս ա. փողի բարաքյաթին էլ նալլաթ, նրա կտրողին էլ,— շատ անգամ ասում էին գեղըցիք ու գլխըները ժաժ տալիս,— ուտիլ չի՛ կարելի, հաքնիլ չի՛ կարելի: էսօր ջեբդ լցնես, էգուց պետք է մատդ լպստես: Ո՛չ գիշերը քունդ ա տանում, ո՛չ ցերեկը՝ ղարարդ: Փորացավ ընկածի պես՝ մարդ չի՛ իմանում, թե թիքեն ո՞ր կողմովն ա կուլ գնում: Փողը որ կա, ժանգ ա, ձեռի կեղտ. էսօր կա, էգուց աստուծով մխիթարիս: Մեռնիս՝ պետք է շներոց-գիլերոց ըլի: Թեկուզ փողի համն առած, թեկուզ իր միսը կերած, հեսաբը մեկ ա: Սարդարն էլ ա մեր դուռը գալիս, փողատերն էլ: Տաշտումը հաց ունենամ, կարասումը՝ գինի, ջվալումն՝ ալիր, հերն անիծած, որ չիփ-չփլախ էլ ըլիմ, դարդ անեմ: Օջախս լիքը ըլի, տանս՝ բարաքյաթ, որդիքս՝ սաղ-սալամաթ, թո՛ղ օրը հազար մարդ մտնի, հազար մարդ դուս գա, ի՞նչ եմ հոգում. հացն աստծուն ա, ես էլ հետը. ո՞վ հասնի, թո՛ղ ուտի: Տերին փառք, տեղը հլա շատ կա. տղերքըս սաղ ըլին, ջանս ապրի՛: Աստված իր ստեղծած բանդի ռզղը ի՞նչպես կկտրի: Գդակս ծուռը կդնեմ, քեֆս արամիշ կանեմ. ո՛վ թամբալ ա, թո՛ղ նա դարդ անի:
Չէ՛, չէ՛, փողի սիքեն ճանաչողը ո՛չ հոգի ունի, ո՛չ հավատ: Փող՝ հող, մին ա: Զարգար Պ. որ շատ փող ունի, հենց էն ա, ինձանից մեկ թիզ բարձրացել ու լավ ա ապրո՞ւմ: Նրա քոռ աչքը գիտենա: Շատ ֆիքր անելուցը երեսի կաշին գնացել, չոփ ա դառել, քամակն էկել, փորին դեմ առել, ատամները ցից-ցից մնացել, աչքերը կուլ գնացել. մեկ որ փչես, հազար տեղ գունդ ու կծիկ կըլի. մեկ որ քթին հուպ տաս, հոգին էն սհաթը կտա: Տարենը որ հազար շուն, գել, թուրք, հայ, աղքատ, ղարիբ, ղուրբաթ հացս չուտեն, տանս չքնեն, գինիս չխմեն, իմ աչքը հեչ քո՞ւն կգա: Գյոռս էլ որ քանդեն, ձեն չե՛մ տալ: Իգուս մասըլի տուտը Թեհրան, Ստամբոլ ա հասել: Ո՞ւմ հադդն ա, որ մեկին չէ՛ ասի: Ինչ ուտում են, չեն ուտում, էնպես
ասած ունիմ, որ հաբգա, խուրջին էլ լցնեն, որ տանեն իրանց տունը: Իր տնկած ծառի տակին քնիլը, իր բհամ բերած պտուղն ուտիլը աշխարք արժի: Նոր չե՛մ հաքնիլ, հին կհաքնեմ, ձեռս ո՞վ ա բռնում, ո՞վ ա գլխիս ծեծում, թե զառ ու ղումաշ հաքիր: Ե՞ս չեմ իմ գլխիս տերը:
Քաղաքը որ մտնում եմ, հենց իմանաս, թե աշխարք սով ա ընկել. էլ ո՛չ խեր կա, ո՛չ բարաքյաթ: Հացն ու ջուրն էլ որ փողով ըլին ծախում ու առնում, էլ ո՞ւմ դուռը գնաս, ո՞ւմ ձեռդ դեմ անես: Բազի վախտ էլ տեսել եմ, որ դուքաններումը կիտուկ-կիտուկ մանեթները, ոսկին ածած, ամեն մեկ փող համարելիս, էնպես գիտես, թե փողատիրոնջ հոգին հետն ա դուս գալիս, էնպես են սրթսրթում իրանց խազինի վրա: Հենց իմանաս, թե առաջներիցը թև կառնի, կթռչի: Մեկ ձեռդ դեմ արա՛, շան որդի ըլիմ, ո՛չ մեկ բուռ հողի արժանանամ, թե սուտ ըլիմ ասում, աստված, երկինք, գետինք, ծով, ցամաք՝ մեկ ծեղ էլ չեն տալ, որ աչքդ կոխես: Թո՜ւհ, մարդ իրան հոգին պետք է ծախի, որ փողի թամահ անի: Հազար տարի էլ որ քո ազիզ սիրելու դռանն էլ շլինքդ ծռես, կանգնիս, սովու մեռնիս, հազար տարի անոթի փորով զկռտաս, մեկն էլա քեզ տուն չի՛ կանչիլ, մեկ սառը ջուր խմացնիլ:
Էն մարդն էլ, որ քո տանը կերել, խմել, ամսով, տարով քո աղ ու հացի վրա ա էլել, աչքը աչքիդ առնելիս, հենց գիտես, թե գյուլլով խփեցին: Ետևն ա քեզ դեմ անում ու աչքը քամակը քցում: Տո՛, փողդ էլ ջհանդամը գնա, դու էլ, տո՛, ղո՛ւռումսաղ. ասենք թե աչքդ ա քոռացել, ինձ չեմ ուզում, որ ճանաչես կամ սուփրիդ ղրաղը նշանց տաս, տո՛, գլխիդ քար ընկնի, ինչ կերել ես՝ քթովդ դուս գա, խնդրել եմ աստվածանից՝ զահրըմար ըլի, էն դինումը առաջդ գա, աչքերդ բռնի, տո՛, մեկ բարով, աստուծո բարին է՞լ ա գլխիցդ ղհաթ էլել, որ դունչդ ցցում ես ու ետ փախչում: Մեկ բարի լիս, բարի օր էլա տո՛ւր, է՜, հո բերնիցդ քրեհ չե՞ն ուզում, ի՞նչ ես քարացել, էդ էլ հո փողով չի՛, ա՜յ փողակեր՝ հողակեր: Ասենք, թե չուխես մահուդ չի՛, հին, մաշված, բրդից ա, քոնը՝ նոր, կանաչ մահուդ, ձեռիցդ հո չե՞մ խլում: Քեզ պես հազար մահդամարդ իմ էս աղքատ չուխիս ղուրբան ըլի, որ առանց ղոնաղի հաց չի ուտում: Թե մեկ օր էլ ճանկս կընկնիսի՛ս, ես գիտեմ, թե ձիուդ գլուխը դվորը շուռ կտամ. հլա սաբր արա, հալբաթ էլի քամին կպտտի, քեզ մեր դեհը կքցի. էն ժամանակը աչքդ բարին տեսնի: Ճոթ առնելիս հո՛, շատն ուզում ա, մեկ-երկու շահի փող ենք դատել, էն էլ նա խլի:
Է՜յ գիտի ժամանակ, հա՛. ո՞վ էր տեսել կամ լսել ավալի սֆթա էսպես բաներ. գառն ու գելն ի միասին արածում էին, հըմիկ կովը վեր են քաշում, որ տեսնեն, թե տակին երաբ ֆորթ կա՞, թե չէ: Սատկած ձիու նալնի են ման գալիս, էլ ո՞ւմ ասես դարդդ: Հերը որդին չի՛ ճանաչում, որդին՝ հորը, ախպերն՝ ախպորը, լավ ա, որ քարը քարի վրա կանգնած մնում ա: Մարդ ինքը պետք է լավություն անի, որ աստված էլ նրա բանն հաջողի: Էլի աստված օրհնի՛ մեր հողը, մեր ջուրը. էլի թե հոգի կա, հավատ, մեզանում ա: Ուտե՛նք, խմե՛նք, քեֆ անե՛նք, իրար թասիբ քաշե՛նք, իրար արևով խնդա՛նք. մեկ օր կմեռնենք, որ ողորմի չտան, գյոռբեգյոռ հո չե՞ն անիլ: Մարդ ինչ անի, է՛ն իր առաջը կգա: Լավություն կանես՝ լավություն կտեսնիս, վատություն կանես՝ վատություն: Հարիր տարի կըլի, որ լուսահոգի Ապովը մեռել ա, էլի նրա ողորմին հա՛ կա, հա՛ կա: Թուրք ու հայ նրա գերեզմանովն են օրթում ուտում: Ճամփի վրի մենծ իգու անունը Հնդաստան ա հասել. էն ջադդահ բաղը իր ձեռովը տնկեց, որ անց կենողը գնա, նրա բարությունը վայելի: Չորս կատեպան ամեն առավոտ, ինչ պտուղ ծառիցը վեր էր ընկնում, հավաքում, քթոցներով տանում էին, ճամփին դնում ու անց կենողի ջեբն ու խուրջինը լցնում: Էն մեշա իգուցը մեկ պտուղ, մեկ թաս գինի իրանց տանը չէին բանացնիլ, ջոկ կպահեին ու աղքատ գեղըցոնցը կբաժանեին:
Ի՞նչ պետք է տանինք էս փուչ աշխարքիցը. դարտակ էկել ենք, դարտակ կերթանք: Սաքի որ շատ էլ մալ, դովլաթ ունեցա, աշխարքի տեր էլ դառա, հո էլի պտի հողը մտնիմ: Իմն ա մի բուռը հողը, մեկ գազ կտավը: Լավ ըլիմ՝ լավ կասեն, վատ ըլիմ՝ վատ:— Տերտե՛ր ջան, քո ոտի հողն եմ, դրո՞ւստ եմ ասում, թե ծուռը: Գրի սևն ու սպիտակը չե՛մ գիտում, ամա ես իմ կարճ խելքովը էսպես եմ աշխարքի բանը քննում: Ով չի՛ ուզում, իր քեֆն ա, ամեն մարդ իր գլխի տերն ա: Քեֆ սանն, քյանդ քյոխվանն (Քեֆը քոնը, գեղը տանուտերինը): Թուրքն անիծած ա, խոսքն՝ օրհնած:— Ի՞նչ կասես, տա՛նուտեր. թե սուտ եմ ասում, բերնիս խփի՛ր, անկաջս քաշի՛. դու գիտես, որ քո չոռը ինձ համար ջան ա, քո մեկ մազը արարած աշխարքի հետ չեմ փոխիլ: Թե ճշմարիտը չե՛մ ասում, ասա՛. «Գլուխդ քարին ես տալիս»: Ես էլ ձենս կկտրեմ: Ղորդ ա, վարպետի ու վարդապետի մոտ չեմ մեծացել, ամա իմ ողորմածիկ, լուսահոգի հերը տասը վարդապետի խելք ուներ գլխին: Ինչ որ խոսում էր, հենց իմանաս, թե ավետարանի կողքին գրած ըլի: Սաղ Աստվածաշունչը փորումն ուներ: Մեկ խոսք խոսալիս՝ հազար
վկայություն էր բերում: Ժամագիրքը, Շարականը, Սաղմոսն ու Այսմավուրքը հո՛, ջրի պես գիտեր: Հարիր փիլիսոփա, վարդապետ, տերտեր հավաքվեր, բերանները կցխեր, ճամփու կդներ: Աշխարքի էն դինիցն էր խաբար տալիս: Մեկ ժողովքարար մեր գեղը գալիս պետք է տափ կենար, որ նրա ձեռը չընկնի, թե չէ՛, աստված ազատի, հոգին կհաներ, միսը բերանը կտար, շատ անգամ չէ՛ր իմանալ, թե էկած
ճամփեն ո՛րն ա: Էս հմիկ որ լավ-օսալ գլխիցս դուսեմ տալիս, նրա հունարն ա, թե չէ՛ ես ո՞վ եմ, որ ինչ գիտենամ:
Բանը է՛ն չի, որ մարդ, ծեգը տալիս, գնա ժամը, մեկ-երկու ծունդր դնի, դուս գա, մի քիչ գրին մտիկ անի, արշտոտա, քունը տանի, կակող բարձի վրա, ղույթուքի յորղան-դոշակում երկար ձգվի, ուտի, խմի, քեֆ անի, փորն ու գլուխը հաստացնի ու գա, մեր ջանին ընկնի, թե ինչ որ դատել եք, էն էլ մեզ տվեք, որ տանինք, լավ ուտենք, լավ հագնինք, լավ մաշենք, ձեզ համար աղոթք անենք: Ախպե՛ր, բաբա՛, ջա՛նմ, գյո՛զմ. աղոթք ունիս, քեզ համար պահի՛, քեզ համար արա՛: Ի՞նչ ես տվել, որ մեզանից չե՛ս կարում ետ առնիլ: Ըսկի որ չըլի, կասեմ. «Աստված, քեզ համար մեկ պասորդ կանեմ»: Աստված բերնին չի՛ նայում, սրտին ա մտիկ տալիս: Մեկ հաս ու չհաս պատահելիս հո՛, ուզում են, թե մեր տունը քանդեն: Տո՛, թե սուտը կարճ ա, չի՛ հասնիլ, փո՞ղն ա երկարացնում: Բերաններս խփել ենք, ինչ որ ասում են, անկաջ ենք անում: Ասենք՝ մենք չենք խոսում, բաս աստված վերևիցը չի՞ նայում: էս ի՞նչ բան ա, թե փլավը ես ուտեմ, քո գլխին դմփեմ. մածունը ես լպստեմ, քեզ գող կատու կանչեմ: Ասենք, թե կարգավոր են, խաթրներիցը անց չենք կենում, չենք ուզում, որ անեծքի պատճառ դաոնանք, չունքի սևագլխի անեծքը քարին որ դիպչի, քարը կպատռի. իրանք էլ մի քիչ պետք է իրանց չափը ճանաչեն: Սևանու ճգնավորներն են լավ կարգավոր, ի՞նչ խոսք ունիմ, բաժակի, մսի համ չեն տեսնում, հաքածները բուրդ ա ու շալ, չոր գետնի վրա են քնում, երեսներիցը լիս ա վեր թափում. տաս՝ էլի կօրհնեն, չտաս՝ էլի կօրհնեն: Մոտը մտած ժամանակը աստուծո բան են խոսում. կնկա երես տեսնելիս հո՛, երկու վերստ ճամփա հեռու են փախչում: Չէ թե կնկանից, գինուց, փողից, ձիուց, էլ ի՛նչ գիտեմ, ինչ բանից խաբար տալիս: Քյահլան ձիու վրա իրանք են նստում, խաս ու ղումաշ իրանց հաքին ա, ղաբլու փլավ ու հազար տեսակ անոշ կերակրներ, խմիչք իրանք գործածում, բանըդ կուշտն ընկած վախտը ուզում են, թե գլուխդ վեր բերեն. էս ո՛չ Քրիստոս ա արել, ո՛չ Մահմեդ:
Տո՛, հենց փող պետք է տամ, որ հոգիս դրախտը գնա՞: Տո՛, որ գործքըս լավ չըլի, ես անօրեն ըլիմ, աստված նրանց խոսքովը, իմ ոգուս պետք է թողություն տա՞: Տո, աստված փողն ի՞նչ <ա> անում, նրա յարադանին ղուրբան: Փողն աղքատին պետք է տված: Դեն քցես՝ լավ ա, քանց էն մարդին տաս, որ քեզ մեկ շնորհակալություն էլա չասի: Հազար օր նրանց տանդ պահի՛, պատիվ տո՛ւր, մեկ որ ոտդ մոտըներն ա ընկնում, մեկ սառը ջրի էլ լայաղ չե՛ն տեսնում, էս հո աստված չի՛ վերցնի: Մեզանից առնում են, իրանց բարեկամներին ու ազգականներին շենացնում,
ետո մեզ վրա էլ մեծ-մեծ խոսում: Ասենք, թե ամեն բանի վրա լիս չե՛նք ընկնում, մեր աբուռը պահում ենք, որդի, երեխա իշի պես մենծանում են, նրանց հոգսը չե՛ն քաշում, վարժատուն չե՛ն բաց անում, չե՛ն կարդացնում, հենց ուզում են, թե մեր դատածը խլեն: Մի գնա մեչիդը, ամեն մի մոլլա, էն անհավատ տեղըներովը, քառսուն-հիսուն մեծ, պստիկ գլխին հավաքել, առավոտից մինչև մութը ուսումն ա տալիս, իր մասամբի բանը սովորցնում. մերոնք հենց իրանց քեֆն են արամիշ անում: Ո՞րի արածըն աստծուն դիր կգա, ձեզ եմ հարցնում: Ասում էլ ես, աղաչանք անում, անկաջըվեր են անում. մեր որդիքն էլ մեզ նման էշ ուտում, էշ մենծանում. չենք գիտում, թե մենք սովորցնենք, գիտացողն էլ անկաջը կալել ա, ո՞ւմ ասես:
Թե սուտ եմ ասում, ա՜յ ջամըհաթ, մատըներդ կոխեցե՛ք, աչքս հանեցե՛ք, թե չէ՝ ախր մեր ազգը որ խեղճ ա մնացել, թրի, կրակի եսիր, բոլորի պատճառն էս ա, որ մեզ մեկ ասող չի՛ ըլում, թե մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա, ընչի՞ համար ենք էկել աշխարհ. քոռ գալիս ենք, քոռ գնում: Հա՛, լավ, հավն էլ ա օրը հարիր անգամ, ջուր խմելիս կամ կուտ ուտելիս, գլուխը ցածացնում, բարձրացնում, էստով ի՞նչ կդառնա: Ո՞վ չի՛ գիտի, թե երկնքումն աստված կա, մեզ համար՝ դատաստան: Ամա պետք է իմանանք էլ, թե երկրումը ի՞նչ պետք է անենք, որ էս դատաստանի տակը չընկնինք, է՜: Ախպե՛ր էսպես չի՞, դուք ասեցե՛ք. ես մեղա, գլուխս քարը: Տո՛, ետին թուրքն էլ ախր Ղուռանի շատ փայը անգիր գիտի, ես մեկ Հայր մեր չեմ գիտում, ախր ի՞նչ իմանամ, թե հոգիս ո՞ւր կերթա, մարմինս՝ ո՞ւր. Ախր իմ խեղճ երեխեքն ինձանից ինչ պետք է սովորին: Շատ բան ասիլ չի՛ ըլում: Չի՛ ըլիլ, որ մարդ իր մատը իր աչքը կոխի, իր ձեռով իր գլխին յա երեսին թակի. ամա ի՞նչ անեմ. սիրտս պատռում ա, որ մեր ողորմելությունը միտքս եմ բերում: Թո՛ղ ինձ կարդացնեն, որդուս ուսումն տան, մեզ ճամփա շհանց տան, ճամփից, հավատից չհանեն, սատանի փայ ըլիմ, մեկ բուռը հողի, մեկ գազ կտավի, ժամ, պատարագի՝ հասրաթ, թե աչքս ուզեն, չհանեմ, իրանց տամ. որդիս ուզեն, չմորթեմ, մատաղ անեմ:
— Ի՞նչ ասեցիր, հերիք ա, խնամի Հարություն,— ասեց տանուտերը,— ո՞ւմ ասես, ո՞ւմ. հազար շուն, հազար գել կա, որ ո՛չ գիր գիտեն, ո՛չ գրի զորություն. մեր աստղը մեկ անգամ թեքվել ա. էսպես էկել ենք, էսպես կէրթանք. ամեն մեկ խոսքդ մեկ ջավահիր աժի, ամա ո՞ւմ ասես: Գիլի գլխին ավետարան կարդացին, ասեց՝ շուտ արեք, սուրուն գնաց: Բիլանա բիր, բիլմիանա բին. թուրքն ա ասել (իմացողին մեկ, չիմացողին
հազար), ո՞ւմ գլուխը ծեծենք. ո՞վ կուզի, որ իր աչքը քոռ ըլի, ամա որ ասածդ տեղ չի՛ հասնում, ի՞նչ ես գլուխդ ցավացնում, բերանդ ափսո՛ս չի՞. քարին որ, հլա աստված սիրես, տասը տարի քարոզ էլ ասես, քյա՞ր կանի: Աստված մեր հորնըմոր հոգին լուսավորի՛, որ եկեղեցու դուռն ու ճամփեն էլա սովորցրել են, թե չէ հենց յաբանի հայվանի պես պտի մենծանայինք: էդպես բանի վրա տարով էլ որ խոսաս, տուտը չի՛ հատնիլ. գնա՛նք տուն, ու ինչ որ աստված տվել ա, վայելենք, մեր հորնըմոր ողորմաթասը խմենք, հալբաթ աստված մեկ օր իր ողորմության դուռը բաց կանի, էսպես հո չի՞ մնալ: Գնա՛նք, գնա՛նք, թե չէ շուտով մենծ պասը կգա. էն վախտը վա՜յ քո օրին՝ հա՛, կա՛ց ու թթու կե՛ր, գազար կրծի՛ր ու բերնիդ ու փորիդ հուպ տո՛ւր: Բարիկենդան ա, մեր քեֆն անենք հլա. ինչ աստծու կամքն ա, է՛ն ըլի: Փողատերն էլ իր համար կենա, վարդապետն էլ. լավության չեն անում, իրանք գիտեն, նրանց մեղքը հո մեզանից չե՞ն հարցնիլ, մեզանից չե՞ն ուզիլ. ո՞վ ա գիտում, թե էգուց գլխըներիս ի՞նչ կգա. մարդի միս են ուտում, արինը խմում. ո՞վ ճար ունի, իր գլխին ա անում. մերն էլ՝ աստված, էսպես չե՛նք մնալ. փիս բանը, փիս ճամփեն էսօր ա, էգուց լիս կընկնի, ու էն ժամանակը շատ մեր լաց կըլի: Ճամփեն որ ուղիղ ըլի, ինչքան երկար էլ ըլի, գնա՛, դուզ ճամփից մի՛ դուս գալ. թե չէ, որ սարերով, չոլերով ընկար, բանդ բոշ ա, գլխիդ փորձանք շատ կգա: Յոլդան չխանն գյոզի չխար (ճամփից դուս էկողի աչքը դուս կգա): Գնա՛նք, գնա՛նք տուն, տեսնենք, մեր խանումը ի՞նչ ա հազիր արել, խեղճը սաղ գիշերը աչքը չի՛ կպցրել ու հենց չարխի պես գլխի վրա պտիտ էկել, դես ու դեն ընկել: — Աղբաթը խեր ըլի մեր տանդրոնջ, թե նա չէ՛ր էլել, էս մարդը մեր գլուխը հենց սալթ կտաներ,— էն կալմիցը մեկը բեղերն ոլորելով, քիթը վեր քաշելով, իշտահով կում անելով, հազալով, գլուխը տմբացնելով ձեն տվեց:— Հինգ սհաթ ա, ժամը դուս ա էկել. ագռավներն էլ, որդիանց որ էլավ, հմիկ մեկ կտոր միս յա աղբ, յա ուրիշ զատ քթած, կերած կըլին. փորըներս ղլվլում ա, անկաջներս դժժում. ցուրտը մեկ դհիցը գափըներս տանում, սովը մեկ դհից զոռ անում, սա հենց իր խոսքի տուտը բռնել ա ու ոտը վեր կալած ջաղացի պես դանը վրա ածել, գլխիցը դուս տալիս: Քիչ էր մնացել, որ ասեի՝ քարվանը գնաց. պոչդ կարճացրու, դնգի ոտը ցածրացրո՛ւ, բերնիդ կապը կապի՛ր, լեզուդ քնացրո՛ւ. ու քամի ունիս, տա՛ր, ձեր տանը փչի՛ր. էս քամին մեզ հերիք ա, որ ոտնուձեռ սառցնում, փետացնում ա: Կրակ, պատուհաս ա, էլի. զրից ունիս, տա՛ր, ձեր քուրսու տակին արա՛, որ լսողի քունը տանի. ի՞նչ ես չարչու մասալեքդ բաց
արել, գլխըներս տանում: Մենք էլ լավ գիտենք, թե կորած էշը ո՞ր գոմումն ա կապած, ամա ի՞նչ անես, որ մոտանողի շլինքը կոտրում են, իշի ոտն ու զլուխը խուզում. որ տերը տեսնելիս զռում էլ ա, ասում են, թե քոնը չի՛, ո՞ւմ գլուխը կտրես: Վաղի մասալեն չըլի, թե՝ Ուղտին հարցրին. ընչի՞ ա շլինքդ ծուռը,— ասեց. ի՞նչ տեղս ա դուզ, որ շլինքս ծուռը չըլի: Մեր բանն էս ա դառել, ասելով ո՞ւմ կապի կբերես. առաջ լուծն ու կամըդ պատրաստի՛ր, կալդ շինի՛ր, դեզդ դիզի՛ր, ետո գիժ մոզու անկաջիցը բռնի՛ր, է՜. հո հազար անգամ տեսել ես, որ կամն առնում ա, չոլերն ընկնում, էլ ի՞նչ ես նհախ տեղը բերանդ ցավացնում, մեզ էլ հացից քցում:
Ցանք անողը առաջ պետք է գետինը վարի, փափկացնի, ետո սերմն ածի, թե չէ էլածն էլ ղուրդ ու ղուշ կուտի, կմնաս գլուխդ քորելով, մատդ լպստելով: Մեղրաճանճին մուխ տո՛ւր, որ փախչի, թե չէ երեսդ ես դեմ անում, հալբաթ որ կկծի, յարալու կանի: Ամեն մարդ հենց իր ձին ա քշում, էլ առաջը մտիկ չի՛ անում, թե ո՞վ ա կանգնած: Ճրագը իրան տակին ա լիս տալիս. աշխարքը՝ դմակ, մարդը՝ դանակ. ո՞վ ա հարցնում: Բարդին կռացնես, քեզ վրա կընկնի, գլուխդ կջարդի: Ուրագն իր դեհն ա տաշում, ծառն իր տակին շվաք անում: Ջուրն իր ձկանը պահում, հավն իր ճուտին մուղայիթ կենում. սաքի որ ամպի պես էլ գոռաս, լսողն ո՞վ ա: Դեղ ունիս, քո գլխին արա՛. եղ ունիս, ձեր բղղումը պահի՛ր: Ինչ կուզես՝ արա՛ յա ասա՛, ջուրն իր ճամփեն կքթնի: Հենց դու կմնաս միջումը փսամարդի: Դրուստը խոսողի փափախը ծակ կըլի, չե՞ս լսել: Ով ասես՝ գլխին կխփի ու բուրդը քամուն կտա: Ի՞նչ բանդ ա, փորդ հո բերնիցդ բարձր չի՛: Շունչդ փորիցդ ա դուս գալիս, պահի՛ր, տազ արա՛. քեզ ո՞վ ա ասում, թե արի, մեր կալը չափի՛ր, որ չանաղդ քեզ ու քեզ դեմ ես անում: Թե մեկ բան էլ գիտես, ձեր տան պատերին էլ մավա մի՛ գնալ, հողին էլ մի՛ ասիլ. ձեն կտան, դու կմնաս միջումը մեղավոր: Ախր ի՞նչ անես, որ լսող չկա. հո չե՞ս կարող քեզ սպանիլ: Հոտաղ կերել եմ, հոտաղ մենծացել, պարտական մնա, որ ինձ մեկ լավ ճամփա ցույց չի տվեց, ո՞ւմ զլուխը կտրես յա՛ աչքը հանես: Ղիամաթումը սառչում ենք, սա հենց ի՛ր զուռնեն ա փչում. տո՛, զուռնեն է՛ն տեղ փչիր, որ պար էկող էլ ըլի, է՜, աղբաթի խեր. թե չէ՛, էս չոլումը որ փչում ես, քեզ ո՞վ շաբաշ կտա, ո՞վ բարաքյալլա կասի:
Տանուտե՛ր, տունդ շնորհավոր: Խնամի Հարությո՛ւն, ասածս սարին, քարին դիպչի, քամին տանի. համեցե՛ք, խռովել ես, սառը ջուր խմի՛ր, սիրտդ հովանա, համեցե՛ք, քո գլուխը որ կա, սար ա. անձրև, ձին, կարկուտ, կայծակ թո՛ղ դիպչի էլ, գա էլ, ի՞նչ վեճդ ա: Մենք էլ լավ գիտենք, որ դրուստն ես ասում, ամա ի՞նչ անես, որ գեղըցու խոսքը չվանի չե՛ն
դնում, քաղաքացին էլ տեղը տաքացրել, տազ արել, իր չայը խմում, ո՞ւմ դարդն ա, թե քարը քարի վրա չի՛ կանգնիլ. ամեն մարդ իր գդակն ա դզում, իր գլուխը քորում. բերանդ բաց անելիս՝ հող են ածում, աչքդ բաց անելիս՝ թոզ. շունը տերը չի՛ ճանաչում, ո՞ւմ ասես, ո՞ւմ: Կուտ ունիս, քո հավի առաջն ածի՛ր. դան ունիս, քո ջաղացը տա՛ր: Դու էլ, թե ձեռիցդ գալիս ա, դանակդ սրի՛ր, մեկ կողմիցը վրա թռի՛ր. աշխարքս թալան-թալան ա, նամարդը իշի փալան ա: Հա կա՛ց ու քեֆ արա՛: Բարիկենդան օրեր ա, խելքըներս կորել ա, ետո ես կգամ, առաջ դու գնա՛: