3
Անջախ մի անջախ իրար բոթբոթելով, համեցեք անելով. կռնից, թևից քաշելով տուն ընկան:
Օրհնյալ է աստված,
Փառք հավիտյանս չամիչ.
Սրտըներն ընկավ տեղը,
Մատըներն ընկավ եղը.
Աքլորին բարձեցին գեղը
Ու կուզըկուզ անելով՝
Մտան տաք տեղը:
Նամարդ ըլի, ով չասի՝
Աստված վերջը խեր անի:
Արի՛, հմիկ գոմի դռանը կանգնի՛նք ու մեր քեդխուդեքանց քեֆին թամաշ անե՛նք։ Բայց ի՞նչ անես, որ չե՛ն թողում։ Հազար յադ ու այլազգի էլ որ ըլիս, սրանց սովորությունն էնպես ա, որ առանց քեզ թիքա չեն բերանները ղնիլ. չգնաս՝ կխռովին, ու ամեն մարդ իր տունը կերթա. գնա՛նք, ի՞նչ կա որ, հո մեզ չե՞ն ուտիլ։ Տարով մեջըներումը մնաս, քեզ տնետուն ման կածեն, քեֆ շհանց կտան։ Բարիկենդան օրը հո, որ քարվան մտնի գեղը, ճամփից ետ կդարձնեն. քեզ էլ կպահեն, նոքարներիդ էլ, ձիանոնցդ էլ, իրանք քո հոգսը կհոգան, քեզ քնից, տեղից չեն ժաժ տալ, էնքան ղոնաղասեր են։
Հա՛յ դե, ջո՛ւր տո՛ւ, քշի՛,
Ձիդ ներս քաշի՛:
Մտնինք գոմը,
Տեսնինք համը,
Ուտենք փլավը,
Մարսենք չլավը.
Ամա աղլուխդ դի՛ր քթիդ,
Որ հոտը չդիպչի սրտիդ:
Լսեցի՞ր, նստեցի՞ր, չէ՞. կանգնի՛ր, իմացի՛ր, բանը բանի նման չի՛.
ա՛ռ քեզ տրաքոց: Շփոթ ու խաշիլ ա, որ հմիկ իրար կխառնվի: Թե ճար ունիս, փեշդ ձեռիդ պահի՛ր, գդակդ՝ գլխիդ, թե չէ՛, գլխաբաց որ դուս գաս, խարփուխ կընկնիս, թե ասածս չանես, պարտական ըլիս:
Գոմի սաքուն էնպես էր տաքացել, ինչպես համամ: Աթարի կրակի մարմանդ գոլը մեկ կողմից, եզի, կովի, ձիու հոտը՝ մյուսիցը, մարդի քյալլա էին ծակում: Փորները՝ սոված, գլխըները՝ դարտակ, ձեռք ու ոտք՝ մրսած, գոմի ծանրացած բուղն ու կրակի սև ծուխն էլոր քթըներին չդիպավ, մաղձ ու աղիք իրար գլխով տվեց: Որը բերնին էր հուպ տալիս, որը աչքին, որը փորին, որը քթին, որն էլ թութուն էր քաշում, որ բալքի թե էն զահրմար հոտը մի քիչ կտրվի: Որը փռշտում էր, որը հազում, որն էլ էնպես էր զկռտում, որ սիրտ ու թոք հետը դուս էին գալիս: Ամեն մեկ քիթ նաղրախանա էր դառել, ամեն մեկ բողազ՝ ղոռոտոտո, ամեն մեկ փոր՝ դափ ու դարյա: Հազալիս երես ու միրուք էր, որ ներկվում էր: Փռշտալիս, հենց գիտես, անձրև էր գալիս. քթի ցելթուկը ինչ տեղ ասես հասնում էր. երես, բերան, աչք, ունք էլ չէր ասում, թե աստված ա ստեղծել: Շատը աղլուխ չունենալով՝ կամ փեշով էր սրբում քիթը, կամ ձեռը պատին քսում, կամ թե չէ քիթն է՛նպես էր սաստիկ էր քաշում, որ մեկ բուռը ծուխ ասես, բուղ ասես, գոմի հոտ ասես, թոզ ասես՝ քուլա-քուլա բարձրանում, բեին էին համբարձվում:
Էս միջոցումը խեղճ տանդրոջ կնիկն էլ փեշերը վեր քաշելով, քիթը սրբելով՝ գլուխը քարը չի տվեց, ուզեցավ, որ ներս մտնի ու ղոնաղներին բարի լիս ասի ու գալըները շնորհավորի: Հազի, փռշտոցի ձենը լսելով՝ քաղաքավարություն բանացրեց, գոմի դուռը բաց արեց, որ մի քիչ հոտն ու ծուխը դուս գնա: Բայց երանի, թե ձեռը կոտրըվել էր, չէ՛ր բաց արել: Հենց դռան ճռռոցն իմացան թե չէ, աշխարքն իրար գլխով դիպավ, ու որն անգդակ, որն քուրքը քաշ տալով, աչք ու քիթ բռնած՝ էնպես քոռըքոռ հենց ուզեցան, որ դուս թռչին, երեսները մի քիչ հովին տան, էլ չկարողացան առաջներին մտիկ անիլ, չունքի տունը ծուխը խավարացրել էր, բուղը ամպի պես կալել. իրար գլխով ընկան. հենց իմացան, թե քամին դուռը բաց արեց, ու մեր խեղճ տանդրոջ կնկա ջանը իրան հասցրին, ոտի տակ տվին:
Հարայ հրոցը որ իմացան, ետ դարձան. աչքդ բարին տեսնի, չէին իմանում՝ ծիծաղա՞ն, թե սուգ անեն, յա վրա հասնին, քոմակ անեն. չունքի տանդրոջ խաթունը էնպես էր ծանրագոգոթ խրվել գոմի կպրե կարասումը, որ էլ ո՛չ քիթ, ո՛չ երես, ո՛չ լաչակ, ո՛չ մինթանա (դերիա). դարտակ տեղ չէր մնացել, բոլոր ռուսվա էր էլել վարդահոտումը: Էս ղալմաղալումը ողորմելին հենց իմացավ, թե ձեռները թամուզ են, հենց մատները բերանը տարավ, որ օշմաղը մի քիչ բաց անի ու շունչը քաշի, քո
դուշմանի գլուխը չի՛ գա, ինչ նրա գլուխն էկավ. մեկ դուրում տաք-տաք, կովի էր թե գոմշի, չգիտեմ, մազա էլ էս վախտը բերանն ընկավ ու սրբություն, խաչ, ավետարան աչքիցն ընկավ: Էլ թուք ասես, վատ խոսք ասես՝ նա էր, որ կվաթաթախ բերնով տալիս էր ու ասում:
Ծանրագլուխ տանուտերը ընչանք հմիկ էնպես էր իմանում, թե ֆորթերն են կապըները կտրել, իրար գլխով ընկել, ու տանտիկինն ուզում էր, որ տուն անի. աչքը ցցեց դռան մեջը թե չէ, տունը գլխին փուլ էկավ: Մերու արջի պես բղղալով, ճղղալով, էստուր-էնդուր գլխին բամբաչելով որ վրա չի՛ հասավ, որ իր խաթունին էս դժոխքիցն ազատի, սատանի աչքը քոռանա, քուրքն ընկավ ոտի տակը, գլխի վրա որ մաղալաղ չտվեց՝ շրը՛փ, չը՛խպ, ինչ նա տեսավ, քո դուշմանի գլխին չգա. երեսի վրա էնպես խրվեց էս կվի մեղրի կճուճումը, որ աչք, ունք, բերան, քիթ, միրուք էնպես ներկվեցին,որ հազար ուստա քիսաքսող էլ որ էլել էր, էնպես ադաթին, լազաթին՝ հինա չէ՛ր կարող իր օրումը քսիլ:
Դարդիմանդ տանտիկինը մարդի խայտառակությունը տեսավ թե չէ, իր ցավը մոռացավ ու տեղիցը ժաժ էկավ, որ իր հալևորին մի քիչ քոմակ անի. հալևորն էլ հենց է՛ն էր ուզում, որ գլուխը էս անոշ բարձիցը բարձրացնի ու իր խաթունի՛ն էս ռուսվայությունիցը ազատի, ձեռըները իրար չի հասան, քամակ-քամակի դիպավ. ա՛ռ քեզ տրաքոց. էլ ետ դուբարա իրանց վարդահոտի մեջը էնպես խրվեցան, որ երկու լուծ գոմեշը անջախ կարող էր նրանց էստեղանց հանի:
— Տո՛, ջրատա՛ր, տո՛, գլուխդ հողեմ, ախր ի՞նչ բանըդ էր կտրվել, որ դու էլ էկար, էստեղ ընկար: Ես քիչ ռուսվա էլա, դու էլ ուզեցար, որ հետս ընկեր դառնա՞ս: էս հո խուրմա չէ՛ր, որ մենակ ուտեի, քեզ չտայի, ի՞նչ էր սիրտդ պատռում: Կրեմ էդ գլուխդ, որ դու ես: էդ հունարիդ տերն ես, որ մեկ էշ բզիլ չե՛ս իմանում: Ժամն էլ գլխիդ խռով կենա՛, պատարագն էլ, հացն էլ, սուփրեն էլ, բարիկենդանն էլ, պասն էլ: Մենք մեր բարիկենդանն արինք, հըմիկ որ ջհանդամը գնում են, թո՛ղ գնան դրանք: Սրանց ոտը պետք է կոտրվեր, որ մեր շեմը չէին կոխել: Էս ի՞նչ բան էր, որ մեր գլուխն էկավ. գեղի, աշխարքի միջում խայտառակ էլանք: Մերը մեզ հասավ: Թե մենք, թե մեր գզիր Կոտանը: Ով ասես, մեզ վրա պտի բերանը բաց անի:
— Տո՛, քավթառ իմանսզ, իմ ցավս հերիք չի՛, դու էլ մեկ կողմիցն ես միսս ծամում: Ի՞նչ ես բերնիդ կապը կտրել ու լեզուդ քեզ չես անում: Ձենըդ կտրի՛, թե չէ էնպե՛ս քացի կտամ, որ ատամներդ փորդ կթափի: Սաղ օրը աթար ես թխում, էսօր էլ համն ա՛ռ, էլ ի՞նչ ես գլուխս տանում: Որ չէիր գոթրոմացել, թեզ վեր էիր կացել, հո հմիկ էրկուսս էլ պրծած
կըլեինք: Կնիկարմատն ու ձուն մեկ օրինակի են, հենց ձեռն ես տալիս թե չէ, էն սհաթը փխլվում են: Շատ կնկա թամահ անողին ի՞նչ ասեմ, հազար խոսք ա բերանս գալիս, ետ գնում: Տե՛ր աստված, քեզ մեղա. խաթա-բա՛լա ա, էլի: Կրակն ընկանք, տո՛: Փասա-փուսեդ քաշի՛ր, վե՛ր կաց, կորի՛ր, էլ երեսս չի՛ գաս:
Էս խոսքումը ղոնաղներն, էն ա, էնքան ծիծաղել էին, որ սիրտըներն էկել, բողազներին դեմ էր ընկել, ու շատի ոտները դաբաղի աշ դրած կաշի էր դառել: Ախր ո՞վ տեսնի Էսպես լազաթի թամաշա ու աչքը կալնի ու չծիծաղի: Լավ իրանք էլ չէին ուզում, ամա, նալլաթ չար սատանին, բանն էնպես էր վրա էկել: Ինչևիցե, փոր ու բերան բռնած՝ էլ ետ մոտ էկան, որ իրանց տանդրոջ հավարին հասնին: Սա էլ քթի տակին փնթփնթալով, ոտ ու ձեռ հինաթաթախ՝ վեր կացավ ու դեպի իրան տեղը երըմիշ էլավ:
Էսքան թամաշեն ու նաղլը անց էր կացել, դեռ գզիր Կոտանը ո՛չինչ բանից խաբարություն չուներ: Էս հարայ-հրոցը որ ընկավ՝ «Հա՜ յ, ջուր բերե՛ք, հա՜յ, քոմակ արե՛ք, տանուտերն ու տանտիկինը խեղդվեցին»,— հենց իմացավ թե չէ, էնպես կարծեց, թե մուխն ա նրանց զոռ արել, վրա վազեց ղոչաղ-ղոչաղ, բրդի կծկի պես, մեկ կճուճ խտտեց կժի տեղ ու խալխին՝ «Հա՜յ, ձեր հերը, հա՜յ ձեր մերը» ասելով, միսն ատամի տակին, ափալ-թափալ ներս պրծավ ու հենց էն սհաթին վրա հասավ, որ տանուտերը երես-մերես սրբել, միրուքը լվացել, ուզում էր, որ բերանն էլ թամուզացնի, չունքի ատամների տակին էլ մեկ քանի անոշ թիքա մնացել էին: Շատ փայը հո՛, բարկացած ժամանակը կուլ էր գնացել, էստուր համար էր բողազը ճոթռում, հազում, ջուր կում անում, ամա ձեոը ո՛չինչ չէր ընկնում, հազալ-մազալու վախտը անց էր կացել: Սոված փոր, ծեր մարդ, դարտակ գլուխ ու էնպես խնկահոտ, մեղրահամ, ի՞նչ լազաթ կտա, իմացողը թո՛ղ իմանա: էլ ի՞նչ ասեմ: Էստուր համար էր մեր պարոն տանուտերը կատաղած արջի պես փորը բռնել, պտիտ գալիս:
— Վա՜յ, իմ աչքս դուս գա, տա՛նուտեր ջան, վա՜յ, ես դժոխքի փայ ըլիմ, վա՜յ, վա՜յ, վա՜յ. էդ ի՞նչ ա քո հալը, գլխիդ մեռնիմ, մկամ քո Կոտանը մեռել, կորել ա, որ դու էդ օրն ես ընկել,— ասեց խեղճ գզիրն ու աչքը կեռացրած, մեկ դհի վրա թեքված՝ վրա թռավ, որ նրա գլուխը լա, նրա ցավին մեկ դարման անի:
Հենց քիչ էր մնացել, որ տանուտերը սիլեն ետ քաշի ու նրա մեկ քոռ աչքն էլ դզի, ատամները փորն ածի, որ իր տերն էնպես թողել, իր քեֆի ետևիցն էր ընկել, դովթալաբ գզիրը էլ սիլամիլին մտիկ չտվեց, ղաստ արեց, որ իր ծուռը դզի, աղի խաթրն առնի, ու էրկու ձեռով որ կճուճը շուռ չտվեց տանդրոջ գլխին, աստված ազատի, ինչ նրան հանդիպեց: Մեկ եքա
կճուճ, հինգ տարվա թթու, թանձր, պճպճուն բազկաթանը էնպես նրան ողողեց, որ ջրհեղեղի օրն էլ էնպես ալեկոծում, էնպես զուլում չէ՛ր էլած, չէ՛ր տեսնված յա լսված: Տանուտերը հո տանուտերը, քոռ գզրի սիրտը ջուր կապվեցավ: Բազկաթանի հոտը էնպես քյալլին դիպավ, որ տասը գազ ծուլ էլավ ու գող շան պես վրվրթալով, սրսրթալով, հեթեթալով ետ թռավ գոմի պուճախն ու մնաց քար կտրած, սառած: Մեկ մկան բունը որ հազար թումանի տվել էին, կառներ, մեջը կմտներ, որ իր սև օրը լա ու տանդրոջ ձեռիցը պրծնի: Քու դուշմանի գլուխը չի գա, ինչ նրա հալն էր. տանդրոջը հո, աստված ո՛չ շհանց տա, ընչանք թաքրար ջուր կբերեին, իրանն իրան հասավ: Միրուք, բերան, քամակ, ծոց, քուրք-մուրք՝ հոտած բազկաթանի մեջը չխչխպում, ծլծլում էին: Ջեբ, լաբչին՝ բոլոր լցվել էին, տուտը պճեղն էր հասել: Քամակը քոր էր ընկել, աչքերը մրմնջում էին. թե ուզում էլ էր, որ ժաժ գա չէ, փոխանն էնպես էր լցվել բազկաթանով, որ փաչեքը իրար դիպչելիս դափի, զուռնի ձեն էին հանում, չփչփում:
Էս շան հալին էլի գոռում, զռում, հարայ էր տալիս, ձեռները դես ու դեն քցում, որ գզրին ճանկի ու սպանի: Քոռ հավի պես մնացել էր պատի տակին կանգնած, ամա էլի հենց է՛ն էր ձեն տալիս.
— Թողե՛ք, թողե՛ք, դրա քոռ աչքն անիծած, թողե՛ք, դրան սպանեմ, շնսատակ անեմ, դա՞ էր մնացել, որ իմ գլխիս օյին գա՞: Դրան է՛ն օրը քցեմ, որ մեծ թիքեն անկաջը մնա:
Ընչանք ջուր կբերեին, ամենին իրանցը իրանց էր հասել. շատը նվաղել, քամակի վրա վեր էր ընկել: Էլ ի՞նչ կանեին իրար երեսի ալիր փչիլ յա մածուն քսիլ, որ շատ անգամ, ուրախ վախտներն, անում էին: էս բավական ալիր էլ էր, մածուն էլ: Էս ղալմաղալումը տանդրոջ կնիկը ճրրալով, թոնթորալով դուս էր գնացել, որ իր գլուխը լա, իր մեղքիցը ազատվի: Խալխը տանդրոջ բնությունը լավ գիտելով, որ բարկացած ժամանակին հրեշտակ էլ ձեռն ընկներ, չէ՛ր խնայիլ, ո՞ւր մնաց գզիր Կոտանը, տերտերին աչքով արին, որ նա, քանի աչքը բաց չի՛ արել, մուննաթ անի, որ բալքի խղճին մեկ ճար ըլի, ու էլ ետ գզրին բերեն, տանդրոջ ձեռը պաչիլ տան: Հենց իմանում էին, թե կարգավորի պատիվն էլա կպահի:
— Բարիկենդան օրեր ա, խնամի Օհանես, խելքըներս կորել ա, տնա՛շեն,— բերանը բաց արեց ծանրագոգոթ մեր փառավոր տերտերը, որ իր կարգի պատիվը ճանաչելով՝ ուզում էր, որ բալքի հաշտություն քցի միջըները ու էրկուսին էլ բարըշացնի:— Աշխարք ա, է՛դպես կըլի. հո աղջիկ չե՛ս, որ խասդ ու վարաղդ գնա. հո շուշա չես, որ կոտրվեիր, խանի՛ խարաբ. մոմ չե՛ս, որ հալչիս. մի քիչ սիրտդ լե՛ն պահի, ի՞նչ էլավ քեզ: Քրիստոս իր սուրբ ավետարանի միջումը գրում ա, ամենիդ մուրազն էլ տա, թե՝
Երանի՛ խաղաղարարաց, կամ թե՝ Թշնամուդ գլխին կրակ կածես, թե որ նրան սի՛… ռը՜… ղռ՜… րե՜ս… Վա՜յ քո հերն էլ անիծած, քո մեռոն քսողինն էլ, քո օխտը պորտին նալլաթ, քեզ բարի օր ասողին, բարի լիս տվողի շլինքը հախ միսն տերը կոտրի, էս ի՞նչ ա իմ հալը,— տերտերը բուխարուց ձեն տվեց՝ գլուխը քորելով, միրուքը թափ տալով: — Էս ի՞նչ անիծած մարդի ռաստ էկանք էսօր, տո՛, հենց ամեն բանն էլ թարս ա գալիս: Հարամ ըլի է՛ն հացն էլ, է՛ն ջուրն էլ, խաթա-բալի մեջ ընկանք, է՛լի: Էս ի՞նչ կրակ ա, որ մեզ էրում ա:
Իրավ որ ողորմելի կարգավորը կրակի մեջ էր ընկել: Չունքի ինչ սհաթի որ նա մոտացավ, որ տանդրոջ սիրտն առնի, էլ չէ՛ր մտածում, թե նրա արինն ու հերսը աչք ու միտք կալել, քոռացրել էին: Անաստված տանուտերը էնպես մեկ սաստիկ դուռթմա (մուշտի) տվեց էս քո խեղճ տերտերի դոշին, որ փիլոնը մի տեղ ընկավ, գդակը՝ մի, ու ինքն էլ չոքըչոք անելով՝ գլուխն էնպես բուխարու աթարի կրակի մեջն ընկավ, որ երես-մերես բոլոր խանձվեցավ: Խեղճի բերանը մրով, մոխրով լցվել էր, միրքի կեսը հո, կես տարի անջախ դուս կգար, էնպես էր քոքիցը խանձվել, պլոկվել: Էստեղանց էր է՛ն քաղցր օրհնությունը տալիս, որ մեկ դուռթմի էլա ինքը չի՛ դիմացավ ու ուզում էր, որ մեր խեղճ թանակոլոլ, մեղրաթաթախ, վարդահոտ տանուտերին ճամփու բերի:
— Ժամումը գլխըներս տանում են, հերիք չի՛, գոմումն էլ են ուզում իշխանություն բանացնեն, ախր ի՞նչպես մարդ համբերի,— վրա բերեց տանուտերը:— Ձեր օրհնողին ի՞նչ ասեմ. նալլաթ չար սատանին, բերանս ի՞նչ ա գալիս, ետ գնում:
Էլի երկար էսպես քթի տակին մռթմռթում էր տանուտերը, որ գզրին փախցրին, պահեցին: Աստված բարի ճամփա տա, որ էնպես ղալաթ բան մյուս անգամ չբռնի՛, և մեր գրի սև ու սպիտակը ճանաչողներին էլ խելք, իմաստություն տա, որ էսպես տեղը իրանց պատիվը չկորցնեն: