2
Քյուրդ Մուրոն նոր էր աչքը փակել, երբ Անդրսակից եկած ձիավորը նրան զարթնեցրեց և հայտնեց, որ պորուչիկ Կրասիլնիկովը շուտով պիտի գա, և որ նա կարգադրել է գյուղի չորս կողմը պոստեր դնելու, որպեսզի առանց «մեր գիտության» ոչինչ դուրս չտարվի։
− Հարիֆ, պոստը մարդ կա՞,− բղավեց խմբապետը։
− Սերոբը հոն է,− պատասխանեց մի ձայն։
− Է լա՜վ,− և մուշտակը նորից քաշեց գլուխը։
Իսկ նոր եկած ձիավորը իր քրտնած ձիու սանձը մեկնեց պահակին ու շտապեց դեպի տները։
Օրը կեսօր չէր եղել, իսկ Զեյթան մրջնոցի նման սևացել էր մարդկանց ու կանանց բազմությունից։ Ամեն կողմից թափվել էին։ Կարմրաքարից եկել էին Չոլախ Պուղանը, Մուքելի տղան, Սիմոնը... Պուղանը Ավան ամու հանձնարարությամբ եկել էր տեսնելու, թե ի՞նչ է կատարվում:
Նա աչքին չէր հավատում։ Երեկ առավոտ նա այս գյուղումն էր։ Այս պատին մի «կաճե» թրիք էր ծեփում։ Ահա դեռ մատների հետքը մնում է։ Այս ցախի մոտ ինքը խոսեց Թեմուրի հետ։ Ահա տաշեղների կտորները. Թեմուրը տաշում էր արորի սեպը։ Օրերը տաքանում են, վաղը մյուս օրը պիտի վար սկսվի։
Եվ նա զարմացած դռնեդուռ էր ընկնում, խառնվում բազմությանը և դժվարանում էր ճանաչել ծանոթ տները։ Նա մեկին հանդիմանեց, բայց մի ուրիշը հրեց նրան և մինչև ոտքի կկանգներ, երկու զինվոր հռհռալով անցան նրա կողքով։
− Թախ թոփա՞լն էլ թալնի եկած է...
Չոլախը բղավեց, որ ինքը թալանի չի եկել, բայց փլվող տան աղմուկը խլացրեց նրա ձայնը։ Նա կաղեկաղ իջավ Թեմուրի այգին։ Նոր տունկիների բողբոջները սևացել, ուռել էին։ Մի տեղ բացվել էին առաջին մուգ կանաչ տերևները։ Պատից քար էր ընկել. երևի անցել էին վրայով։ Չոլախը պատի քարերը բարձրացրեց, դրեց տեղը։
Ու հոգնած նստեց պատի տակ։ Արևը ջերմացնում էր քարերը։ Բանջարի ծիլերը աղվամազի նման սպիտակին էին տալիս։ Կարմիր բողոճները խռնվել էին քարերի տակ։ Նրանք զուգավորվում էին. ծանրած էգերը տաք ավազի մեջ թաղվում էին և շարում սպիտակ ձվերը։ Քարի արանքից մի խլեզ գլուխը հանեց, շարժեց լեզուն և համոզվելով, որ վտանգ չկա, պառկեց քարե անկողնու վրա։
Զեյթայի իրարանցման աղմուկը հասնում էր նրան։ Պորուչիկ Կրասիլնիկովը մի քանի սպաների հետ եկել էր։ Նրանց միացել էին Անդրսակի Կոլյան, կոմիսար Տիգրանը և մի քանիսները, որոնք սեփական ձիեր ունեին, ձիեր, որոնք միշտ կերել էին ուրիշի քրտինքի գարին, ինչպես տերերն՝ ուրիշի վաստակը։ Պորտաբույծ այդ մարդիկ թղթի վրա հիշատակվում էին զանազան պաշտոններում, սակայն մեծ մասը թրև էր գալիս սպաների հետ և կազմում էր, ինչպես Կոլյան էր անվանել, «ոսկե կամպանիան», որի թագուհին Իվան բեյի աղջիկն էր։
Այդ «ոսկե կամպանիային» մի քանի հոգի միացել էին «ինտերեսի» համար։ Նրանք կռիվ չէին տեսել, եկել էին տեսնելու «ահեղ պատերազմ»։ Սակայն գյուղ մտնելու առաջին ժամից հիասթափվեցին և չտեսան թշնամուց գերված բանակներ, թնդանոթներ, դիակի կույտեր։ Սպանվել էր միայն մեկը և այն էլ ավարի ժամանակ։ Սպանել էր ոչ թե թշնամու գնդակը, այլ պատից ընկած քարը։ Մի քանիսն էլ նույն եղանակով ջարդել էին թևերը։ Մեկի ոտքն էր վնասվել, հորի բերանի սալ քարը ճեղքել էր թաթը։ Իսկ թշնամին չէր թողել ոչ մի դիակ, ոչ մի վիրավոր։ Եթե ունեցել էին սպանվածներ, կամ տարել էին դիակը, կամ հողին հանձնել:
Եկել էր պորուչիկը և բերնեբերան տարածվել էր նրա հրամանը՝ ոչ ոքի առանց խուզարկության գյուղից բաց չթողնելու։ Գյուղի զանազան ճանապարհներին արդեն հսկում էին ձիավորները։ Գյուղացիներից նրանք, որոնք ճողոպրել էին մինչ այդ, մնացողների նախանձի առարկան էին։
Նրանք իրար ականջի փսփսում էին այն կածանները, որոնցով կարելի էր ավարն անցկացնել ձիավորների օղակից։ Սակայն ժամ առ ժամ շղթան պինդ էր սեղմվում։ Մի քանիսը ետ էին վերադարձել։ Պտտվում էին լուրեր, որ պորուչիկը ձիավորներ է ուղարկել Զրիկ և մյուս գյուղերը՝ տները խուզարկելու։
Իսկ հրապարակում մի սպա և «ոսկե կամպանիա» Կոլյան ցուցակագրում էին գորգերը, նախիրը, ցորենը, գարին, որ ամբոխը հանել էր գոմերից, հորերից, տներից։ Այդ ամենը պետք է գնար «բանակի պետքերին», ինչպես հայտարարել էր պորուչիկը։ Մուրոյի ձիավորներից մի քանիսն առաջ էին անում հավաքած տավարը դեպի Անդրսակ։
Գյուղի հրապարակը նմանվում էր արևելյան խառնիխուռն շուկայի։ Մի տեղ պղինձն էր դարսված, մեծ ու փոքր կաթսաները, կժերը, դորակները, մյուս տեղը՝ զանազան ձևի հին ու նոր սամովարներ, երրորդ տեղը՝ մթերքը։ Կարպետների և գորգերի փոշին երկինք էր բարձրանում և խառնվում փլված տների փոշուն, ձիավորների խարույկների ծխին ու կրակին, որի շուրջը մորթած անասունների արնոտ կաշի էր, փորոտիք, բաց ու սառած աչքերով եզան գլուխներ, որոնց երակներից դեռ կաթկթում էր արյունը։
Զինվորները մտրակի կոթով, գռռալով, հայհոյելով ավերակ դարձած տների թաքստոցներից և փողոցներից դեպի հրապարակն էին քշում մարդկանց ու կանանց։ Ոմանք շտապում էին թաքցնելու այն, ինչ քիչ առաջ ահագին դժվարությամբ հանել էին թաքստոցից, ոմանք թողնում էին շալակը և մտածում գլուխն ազատելու։
Կանայք կախվում էին ձիերի վզից, մտրակներից, ասպանդակների երկաթից և նրանցից յուրաքանչյուրը աղիողորմ ձայնով, լալով աղաչում էր «մի կոտ գարի», «մի բուռ աղ», «էս պարկ ալյուրը տանը մնացած եթիմների համար...»։ Իսկ ձիավորները քշում էին մտրակով, ձիու գլխով, քշում էին ինչպես տեղին անվարժ նախիրը։ Ոմանց հաջողվում էք ճողոպրել և՛ ծոր-ծոր քարերով, և՛ քարափներով, երեսն ու ձեռքերը արյունլվա մայրը ազատվելով թակարդից, վիրավոր գազանի նման շտապում էր որջը, քաղցից բերանը բաց արած ձագուկների մոտ։
Փողոցների աղմուկը հրապարակում ավելի էր սաստկանում։ Մեկը գոռում էր, որ պարանը տնից է բերել, մյուսը հարևանին վկայության էր կանչում, թե գարու տերը՝ Իմրանը իրեն տալացուկ է երկու սոմար և նա միայն մի սոմար է վերցրել, երրորդը խնդրում էր ամեն ինչ առնել, միայն կռոճ աղը թողնել նոր ծնած կովի համար։
Սակայն ոչ ոք ուշադրություն չէր դարձնում ո՛չ նրանց բողոքին, ո՛չ աղերսին։ Ամբոխի մեջ արդեն լսվում էին ինքնանախատինքի և անեծքի կանչեր.
− Հարևանի մալը հարամ է, ա՜յ խալխ...
− Սրա տերը հրեն սարումը սառչում է...− Եվ կանչողը ձեռքը մեկնում էր կարպետին, որի մի ծայրից քաշում էր զինվորը, մյուսից նոր տերը։
Ճշմարիտ էր կանչում մարդը։
Այդ րոպեին, երբ գյուղի հրապարակում խլխլում էին տներից հավաքած գույքը, տերերի առաջապահ մասը մեծ տանջանքով, բուք ու բորանը ճեղքելով արդեն անցել էր լեռնաշղթան, նրա ձյունոտ լանջերին խոթելով բուքից խռնված և մոլորված անասուններին: Ինչ գնդակը չէր արել, կատարում էր դառնաշունչ բորանը։ Երբ հալչեր ձյունը, լեռնաշղթայի կատարին բացվեր կանաչը, պիտի երևային ձյունում խեղդված և գայլերից հոշոտված անասունների մարմարի նման սառն ու մաքուր ոսկորները։
Չոլախն աղմուկի վրա գնաց դեպի հրապարակը:
− Օխա՜յ, ձեր տեղն է,− ասաց նա։ Երբ ձիավորը բռունցքով խփեց Մուքելի տղային, Պուղանը ուրախացած վեր-վեր թռավ։
− Հրեդ հա՜, մե՛կ էլ, մե՛կ, էլ, մե՛կ էլ...− Չոլախը բազմության մեջ տեսավ Շինականին։
− Դո՞ւ էլ,− ու հանդիմանանքով նայեց նրան։
− Պուղան, էս մեր Ֆահրատի եթիմների պղինձեղենն է... Հավաքել եմ շան փայ չլինի։ Հիմի ճամփեքը պաստավոյ են դրել։
Պուղանը նրան գլխով արեց։ Շինականը կապոցը շալակից իջեցրեց։ Տների հետևով նրանք հասան Թեմուրի պարտեզը։
− Դի՛ր տափին...− Ու թռավ ցանկապատից, ցախերը հանեց, ծածկեց բեռը։
− Պուղան, ախր մեշոկը ի՛մն էր,− տրտնջաց Շինականը։
− Հետով,– խեղդված ասաց Չոլախը,− թող հանդարտվի, հետով։
Շինականը չոր ցախերի մի կույտ ավելացրեց վրան, ապա քար լցրեց, որ քամին չցրեր ցախերի կույտը։ Ու բաժանվեցին. Շինականը դեպի գյուղը, Պուղանը՝ Կաղնուտի ձորը։
3
Մարցա ձորը Զեյթայի տակովն է անցնում։ Բարակ առուներ են, որոնք ջրում են գյուղի բոստաններն ու չիմանները, ապա աստիճանաբար միախառնվում, միանում Զեյթայի ձորով եկող ջրին և Կարմրաքարին չհասած՝ անունն ու գույնը փոխում, մտնում Կարմրաքարի հանդերը, իբրև Մարցա ջուր:
Չոլախը ջրի ափով իջնում էր ինքն իր մտքի հետ։ Ինչպես ալիքն ալիքին հրում էր ու չէր հասնում, այնպես էլ նրա մտքերը վազում էին, մեկը չլրացած, մյուսն էր ծնվում։ Այդ խեղճ մարդը մտածում էր լսածի և տեսածի մասին։ Կարծես այդ օրը Զեյթայում մնացել էր մի ուրիշ Չոլախ և նրա փոխարեն վերադառնում էր ծանր խոհերով մարդը, որ ելք էր փնտրում, հազար դուռ է բախում ու ելքը չի գտնում։
Նա հիշում էր գյուղի խաղաղ առօրյան, ապա պղտորվելը։ Առաջ փլվեց մի պատնեշ, մի վարար ջուր մտավ պարզ ծովը: Պղտորվեց ջուրը, հետո ուրիշը, երրորդը։ Չտեսնված մարդիկ երևացին։ Ու՞ր գնաց Թեմուրը։ Նա ծանր էր լսում. երևի կրակոցները չի լսել։ Եվ ավելի լավ, խաղա՜ղ, անվրդով կմեռնի։ Իսկ ինչու՞ նա պիտի մեռնի տաք հարթավայրում և ոչ թե հայրենի տանը։
Նրա ուշադրությունը գրավեցին վերևից լսվող մի քանի ձայներ: Վերևը ճանապարհն էր։ Երևում էին ձիերի և ձիավորների գլուխները։ Մի սպա կռացել էր ձիու դիմացը կանգնած կնոջ կողմը։ Կինը մի պարկ էր շալակել։ Չոլախը պատի տակով բարձրացավ դեպի վեր: Ճանապարհից քարեր էին թափվել, տեղը զառիվայր մարգագետին էր, որի վրա բուսել էին մասրենու թփեր։ Տերը կիտել էր քարերը, այդ անմշակ սարալանջը դարձրել խոտատեղ։
− Էս Ֆահրատի եթիմների ղորուղն է,– հիշեց նա։
Վերևից ձայներն ավելի պարզ լսվեցին։ Չոլախը տապ արեց պատի տակ։ Նրա ականջին էր հասնում խոսակցությունը։ Ձիավորը բղավեց.
− Քավթա՛ռ, քեզնից ի՞նչ է գնում...
Չոլախը գլուխն զգուշությամբ վեր հանեց։ Շալակով կինը ուսի պարկը մեկնեց պառավին։ Պառավը երեսին խփելով գնաց։ Սպան իջավ ձիուց... Ձին գլուխը կախեց ճանապարհի վրա։ Մարդը քաշեց կնոջ թևից և կինը ներքև իջավ։ Ապա նրանք ծածկվեցին մասրենու թփի հետևը:
Չոլախն աչքերին չհավատաց։ Ինչ տեսել էր այդ օրը, չքացավ այս տեսարանի առաջ։ Նա զայրույթից գունատվել, դողում էր։
− Պառավի հարսն էր... Մի պարկ ալյուրի համար...
Այդ ամենախոր վիհն էր, որ ճեղքվեց նրա առաջ... Ավելի հեռուն էլ ոչինչ չկար նրա գիտակցության համար: Սարսափելին էլ ուրիշ բարձունք չուներ։ Չոլախը գլուխը կախել էր գետնին։ Նրա երեսը տաքացել էր, ուզում էր գլուխը վեր հանի, բայց չէր կարողանում: Ամո՞թն էր, վա՞խը, թե՞ մի ուրիշ զգացում, որ նրան մեխել էր այդ դրությամբ։ Նրա աչքն ընկավ քարերին։ Այստեղ էլ տաքանում էին նույն կարմիր բողոճները։ Ամեն տեղ նույնն է, նույն գարունը, ջրերը... Ու հողի վրա մարդուն դժվար է ապրելը։
− Հայ է՞...− հարցրեց Չոլախը և գլուխը վեր հանեց։ Սպան բարձրանում էր դեպի ճանապարհը, իսկ կինը գնում էր ճանապարհի տակավ: Գնում էր և օրորվում, կարծես հիմա պիտի ընկներ:
− Հայ է՞,− նորից կրկնեց իր հարցը և աչքերը փակեց,– էս բողոճը հա՛յ է, էս ջրերը հա՛յ են, Թեմուրը հա՛յ է, ես հա՛յ եմ, նա հայ չի՛, չի՛, ասում եմ:− Կարծես խոսում էր աներևույթ մարդու հետ: Եվ քար շպրտեց դեպի ներքև:
Պատի գլխին մի այլ ձիավոր խոսեցնում էր մի ուրիշ կնոջ: Չոլախը որ նայեց, կինը շրջվել էր դեպի ջուրը և աչքերը լայն բաց արած, նայում էր անտառին: Չոլախը ճանաչեց Վարսենիկին։
− Էս լիրբն է՞լ է էստեղ,− զարմացավ նա և աչքը չկարողացավ պոկել նրանից։
Ի՞նչ էր մտածում Վարսենիկը։ Փոքրիկ բեղերով մի սպա նրա չորս կողմը շուռ էր գալիս, բարձրանում ոտների վրա, որ նրա ականջին խոսք ասի։ Իսկ Վարսենիկն արձանի նման կանգնել էր։ Ոտների առաջ, քարի վրա մորթե պարկն էր։
− Համոզում է,— մտածեց Չոլախը։
Հանկարծ շառաչեց ապտակը, փոքրիկ բեղերով մարդու գլխարկը թռավ մի կողմ։ Մի ձիավոր շտապեց։ Կինն իրեն գցեց դեպի չիմանը, ձիավորը կրակեց երկու անգամ։ Չոլախը տեսավ Վարսենիկին թփերի հետևը ու աչքից չքացավ։ Ձիավորը ձին քշեց, բայց ձին վախեցավ լանջից, ետ քաշվեց ու ծառս եղավ հետևի ոտների վրա։ Փոքրիկ բեղերով մարդը գլխաբաց վազեց նրա հետևից։ Ներքևից լսվեց ատրճանակի կրակոց։ Քիչ հետո, մարդը հայհոյելով, իբրև հարբած բարձրացավ դեպի ճանապարհը։ Թփի վրա ծվեն-ծվեն դրոշակի պես օրորվում էր Վարսենիկի շալը։ Մարդը մոտեցավ, նայեց ու մի անգամ էլ կրակեց։ Գնդակը տրաքեց քարին ու քարից կտորտանք թռավ։ Վերից մեկը ծիծաղեց, իսկ մարդը ռուսերեն խոսք ասաց։ Երևի հայհոյում էր։
Չոլախը սողալով իջավ ձորը, թռավ բարակ ջուրը։ Երբ մտավ անտառը, մի քիչ հանգստացավ։ Ապա գնաց ջրի ափով... Ոչ մի տեղ ոչ մի հետք։ Փախել է կամ պահվել է անտառում։
Եվ կաղ ոտի կողմը ծռվելով, արագ անհետացավ մթին թավուտներում, ինչպես գազանը։ Նա գնում էր, կարծես իր կյանքում միայն մի անգամ էր մարդուն տեսնել, նրա գործը, նրա կյանքը և սարսափահար շտապում էր տեսածը պատմելու Կաղնուտի ձորի միամիտ մարդկանց։
Երեկոն իջավ խաղաղ, ինչպես իջնում է գարնանամուտի մաքուր և անփոշի երեկոն։
Խաղաղվեց Զեյթան, ձորը, անտառը։ Ոչ տուն էր երևում, ոչ ճրագ, ոչ շան հաչոց էր լսվում։ Միայն հրապարակի խարույկն էր, որի կարմիր լույսերի տակ, ծխի քողի արանքով երևում էին ձիու հաստ գավակներ, գլուխներ։ Խուրձերի վրա նստոտել էին Քյուրդ Մուրոյի գիշերապահ ձիավորները։ Կրակը կարմիր շողք էր գցում արծաթ թրերի ու պողպատի վրա։
Խարույկը հաստ գերաններից էր, որ հավաքել էին մոտակա տներից։ Նրանց ծայրերը վառվելուց հրում էին։ Երեք վիթխարի գերան եռոտանու ձևով դեմ էին արել իրար։ Ու գագաթից, ճիշտ խարույկի վրա, կախել էին գոմեշի չափ խոշոր տավարի մարմինը, որ թեժ կրակից կարմրել ու ճարպ էր կաթկթում։ Դրանից բոցն ավելի էր բռնկվում։
Երեկոյան դեմ, երբ Զեյթան դատարկվել էր, հանկարծ ձիավորները նկատել էին ամեհի ցուլը, որ սարից պոկված ժայռի նման, գլորվում էր դեպի գյուղը։ Նա մռնչում էր կատաղությամբ, փորփրում ձյունը, ամուր ճակատը խփում քարին, սառած գետնին, կարծես ուզում էր գլուխը ջարդել:
Ձիավորներից մեկն ասել էր, որ ցուլը կատաղած է։ Մի քանիսն իրոք հավատացել էին և մոտեցել ձիերին։ Եթե ցուլը հարձակվեր, նրանք պատրաստվում էին ձիերը հեծնելու։ Իսկ ցուլը գյուղի վերևը մռնչացել էր, թաց ռունգով հոտոտել գարնանամուտի գետինը։ Նախիրի՞ց էր ետ ընկել, ճանապա՞րհն էր մոլորել, թե՞ երնջի հոտ էր ընկել քթովն ու վերադարձել էր գյուղ։
Աղբյուրից ցուլը կուշտ ջուր խմեց, հանգստացավ։ Զինվորներից մի քանիսը մոտեցան, ցուլն արնոտ աչքերով նայեց նրանց։ Նրա ճակատից արյուն էր կաթում, կաշին քերծել էր։ Ցուլը նայեց, ապա հաղթ վիզը կեռացրեց, գլուխը խոնարհեց, որպեսզի ոստյուն գործի։ Այդ վայրկյանին երկու հրացան միասին պայթեցին ու նա ոստյունի փոխարեն գլորվեց մահվան ցնցումներով։ Մեկի լայն թուրը վերջ տվեց նրա ցնցումներին ու խռոցին։
Այդ ցուլն էին կախել գերանների եռոտանուց։ Նրա մարմինը կարմրել էր և կրակի ցոլքը խաղում էր մկանների ողորկ խուրձերի վրա։ Եթե զինվորների շողշողուն զենքերը չլինեին, հեռվից դիտողը կկարծեր, թե քարե դարի մարդիկ են հավաքվել խարույկի շուրջը և կրակի վրա կախել մի կենդանի, որից այժմ մնում են բրածո ոսկորներ։
Գիշերը թանձրանում էր։ Խարույկի լույսը հասնում էր մինչև դիմացի անտառը։ Լուռ տները չէին նմանվում ավերակների, որովհետև ոչ նրանց պատերն էին մամռոտ, ոչ սևացած գերաններն էին երևսմ։ Կարծես համր տների տակ քնել էր հողի մշակների հոգնած բազմությունը, քնել էր վարուցանքից հետո ու գիշերապահների կրակն էր հսկում նրանց անվրդով քունը։
Սարից քամի իջավ։ Քամին խաղում էր կրակի ալիքների հետ, մերթ կրակը պառկում էր գետնի վրա, մերթ ծուլ լինում մինչև եռոտանու գագաթը: Ցուլը ոսկեգույն էր դառնում։ Կրակի շուրջը հավաքվածների ստվերը ձգվում էր մինչև անտառը։
1928