Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Կարմրաքար

Կարմրաքար


5
Փոշին հասա շերտով նստել էր ճանապարհի եզրին բուսած արևածաղկի թերթերի ու կարտոֆիլի թփերի վրա, առուն բարակել էր և օձանման պտույտներով բակերն էր մտնում, շտապ կտրում փողոցի լայնքը և արևի տապից փախչելով, իջնում բանջարանոցները, ուր արևածաղիկն ու եգիպտացորենը բարդիների պես ստվեր էին գցում առվակի վրա։

Գյուղի փողոցներում անց ու դարձը դադարել էր, բակերում մարդ չէր երևում։ Միայն Բոլոր-քարի մոտ աշխատանքի անընդունակ երկու ծերունի, որպես լուծից բեզարած եզներ, նստել էին, ջրակալած աչքերը հառել առվակին։ Ով գիտե ինչ էին մտաբերում ծերերը վազող ջրին նայելիս։ Երիտասարդ օրերի կարո՞տն էին քաշում, երբ ամառվա տապին հանդից տուն չէին գալիս և քնում էին թարմ խոտի վրա՝ երեսն աստղկա երկնքին, թե՞ հաշտ էին և դատապարտվածի նման սպասում էին անողոքին, որ պիտի գար և ուշանում էր։ Գուցե և ոչ մի միտք պտույտ չէր անում նրանց ուղեղում, ինչպես կամնը կալում և հենց այնպես նստել էին՝ քարացած, իբրև արձան, իբրև Բոլոր-քարի մի մասը։

Նրանց դիմաց, կիսաքանդ մարագի ստվերում, երկու հորթ ականջներն էին շարժում և որոճում։ Եկեղեցու գավթում հոտից ետ մնացած ոչխարը, որի դմակը փաթաթված էր թաղիքի մեջ, պոկոտում էր պատերի տակ բուսած չոր խոտը։ Գայլը ցրիվ էր տվել դմակը, տերը փաթաթել էր վերքը, որ շոգից ու կեղտից որդնոտել էր։ Քաղցած ոչխարը և պոկոտում էր խոտը, և ցավից դմակը պատերին ու քարերին քսում։ Գավթի ստվերում, փալանը փորի տակ կախ, շշմած կանգնել էր մի էշ և նայում էր ոչխարի շարժումներին։ Արթուն և առույգ էին միայն աքլորները, որ քրքրում էին փողոցի աղբն ու արուի հպարտությամբ կանչում հավերին։

Ծառի տերևն էլ չէր դողում։ Եվ տոթին, երբ մեղուներն էլ էին խմբերով իջնում առվակի խոնավ ափերին,− Բոլոր-քարի մոտ նստած երկու ծերունին լսում էին Քառասնաջրում թափվող ջրի ձայնը և բարակ դրնգոցը։ Նրանց համար նորություն էր այդ․ կարծես երկաթյա թևերով մի թռչուն իջել էր ձորը և նվում էր՝ թևն արնոտ բուի նման։

− Էլ էն Քառասնաջուրը չի հե՜յ...− ասաց ծերունիներից մեկը ննջացող ընկերոջը։

− Ասում է ձորի մասրիքը չորացել են,− պատասխանեց նա և աչքերը՝ շոգից, հոգնածությունից, ծերությունից փակվեցին։

Ծերունին ճիշտ էր ասում։ Քառասնաջուրն էլ առաջվա փոքրիկ ձորակը չէր, ուր այնքան առատ էր լինում մասուրը, իսկ քարերի արանքում մանուշակի ու մորենու թփեր։ Թիթեղյա ծածկոցը թուխպի պես թևերը փռել էր, հենվել սյուների վրա, որոնց արանքում վագոնետները բարակ ռելսերի վրա ետ ու առաջ էին գլորվում։ Ճիշտ մեջտեղը, գերանների վրա ամրացված էր ստանոկը։

Պողպատյա սղոցը պտտվում էր, գերանը դժկամությամբ էր իր սպիտակ բունը մոտեցնում, սակայն վագոնետը գլորվում էր և սղոցի սրածայր ատամները քրքրում էին փափուկ միջուկը, ավազի նման շպրտում։ Սղոցը զիլ էր զրնգում, երբ դեմ էր առնում կարծր կոշտի, ավելի արագ էր պտտվում, տաքանում և կոշտը ճեղքում։ Գերանը երկու կտոր անելուց սղոցն ավելի հանդարտ էր զրնգում, նեղ ձորից դուրս եկող գետակի պես և սպասում, որ մի այլ գերան, սպանդանոց քշվող եզան նման, վիզը մեկնի սուր դանակի տակ։

Ամբարտակից ջուրը բաց խողովակով թափվում էր հսկա անիվի վրա, որ հագցված էր երկաթյա երկար ձողին։ Քառասնաջրի երկու ափին գտնվող փայտի սյուներն իրենց վրա էին կրում ոչ միայն գլխավոր անիվի և ձողի ծանրությունը, այլև նույն ձողին հագցրած փայտյա մի ուրիշ անիվի, որի բոխի փայտից շինած ատամները խրվում էին չուգունե պտուտակի ատամների մեջ։ Տասը փութ ծանրություն ունեցող այդ պտուտակը, որ ավելի կարճ ձողի էր հագցրած և հենվում էր ցածր սյուների վրա,− իր հերթին դարձնում էր մի այլ պտուտակ, որի ձողին ամրացրած երկաթյա անիվը հաստ փոկերով միացված էր ստանոկին։ Այդ ամենը շարժվում էր, վզզում, զրնգում այն ջրով, որ ամբարտակի բարձրությունից թափվում էր մեծ անիվի վրա։ Ինչքան մոտենում էին ստանոկին, այնքան պտուտակներն ավելի արագ էին դառնում և մեծ անիվի ծանր պտույտը և փոկերը հարյուրապատիկ արագ թափ էին հաղորդում վերջին պտուտակին։ Հերիք էր շլյուզի փականն իջեցնել, որ նույն վայրկյանում դադար առնեին փոկերը, պտուտակներն ու անիվները և սղոցները մնային գերանի մեջ խրված, ինչպես թափով նետած սկավառակ:

Գերմանացին գնացել էր, պատմությունների և հիշողությունների մի շարան թողնելով գյուղում։ Նրա մասին պատմելուց և՛ ծիծաղում էին, և՛ զարմանք արտահայտում։ Եթե սղոցները չզրնգային, գուցե կասկածող լիներ, որ նա ամենևին Կարմրաքար չի եկել։ Եվ այն ինչ ասում էին, թե թութուն էր ծամում, չարանալուց թքոտում, ոտը գետնովը տալիս, թե նա մշակների ներկայությամբ նույնիսկ Մկրտումի վրա էր չարացել, «տուռակ» անվանել, որովհետև քանդել էր տվել ստանոկը, մաս-մաս Քառասնաջուր տեղափոխելու համար։ Ըմբովի Թյունու բեղը կտրելու պահանջը,– ահա այսպիսի պատմությունները հավատալի էին դառնում, երբ մարդիկ տեսնում էին նրա «ձեռացագործը», ինչպես ասում էր Տեր Նորընծան։

Բայց ինչ կարծիք էլ հայտնեին, ինչքան էլ զարմանային նրա հնարագիտության վրա, այնուամենայնիվ «Լեմսը» պարզամիտ և համարձակ մարդու համբավ էր թողել։ «Զհինով մարդ էր, համա հալալ կաթնակեր էր»,− այս էր գյուղի ընդհանուր կարծիքը։ Ամենից շատ պատմում էին Մկրտումի վրա չարանալու մասին, պատմում էին թուքը կուլ տալով, և քահ-քահ ծիծաղում, երբ պատմողը կրկնում էր Մկրտումի պատասխանը. «Շաշի մինն է, կտա կկոտրատի...»։

Սղոցարանը նա սարքել էր քառասուն օրում։ Այս էլ զարմանք էր պատճառում, որովհետև գալու երրորդ օրն իսկ նա այդպիսի ժամկետ էր սահմանել, որ կասկածի տակ էին առել գյուղացիք։ «Քառասուն օրում թե նա գլուխ բերե՜ց, ըհը, ես բեղս կկտրեմ»,− ասել էր Ըմբովի Թյունին, որի ավել անունը «Թարսի ձի» էր, միշտ հակառակ և շատախոս լինելու համար։ Այս մարդուն էր պահանջել գերմանացին, երբ ճիշտ ժամանակին առաջին գերանը սղոցել էր՝ Արզումանի և Գըդլ-Պուղու հետ:

Գյուղում եղած ժամանակ նա մտերմացել էր միայն Արզումանի հետ։ Բացի քահանայից, որին տեսնելուց գերմանացին պատկառանքով էր բարձրացնում լայնեզր գլխտրկը, բերանից ծխամորճը հանում,– մնացածը մի հավասարի մարդիկ էին նրա աչքին, գորշ պատ, որի աղյուսներն իրարից ոչնչով չեն տարբերվում։

Նրա շինած «զավոդը» խոսակցության նյութ էր ոչ միայն Կարմրաքարում, այլև սարերի վրա, ուր վրանների տակ Սալյանից, Մուղանից և Արաքսի տափարակներից հազարավոր մարդիկ էին ապրում։ Ոմանք հատկապես, ոմանց էլ ճանապարհով անցնելիս, հետաքրքրությունից դրդված ձիու գլուխը դարձնում էին Քառասնաջուր, տեսնելսւ Մկրտում քիրվայի հարստության աղբյուրներից մեկը։ Եվ նրանց աչքում Մկրտումը դառնում էր խանի չափ զորություն ունեցող մարդ. «շատ առաջ կգնա էն հայը»,− ասում էին նրա մասին:

Բայց մարդիկ կային, որոնք ոչ միայն ոտ չէին դրել Քառասնաջուր, այլև սղոցարանի մասին խոսք բացվելուց իրենց դժգոհությունն էին հայտնում։ Ունանը հավատացնում էր, որ «զավոդի» պատճառով ձորի ջուրը համն ու գույնը փոխել է։ Նրա ասելով բոստաններում լոբու դեղնելը ջրի «նադինջ լինելուցն» էր, ջուրը «հարաքաթ» չուներ, որովհետև ամբողջ ուժն անիվի վրան էր թափում։

Ավան ամին, երբ լսում էր կտրած ծառերի մասին, չէր կարողանում զայրույթը զսպել։ Ավելի հաճախ նա Քառասնաջրի անտառի մասին էր խոսում և կարծիք հայտնում, որ սղոցարանի պատճառով մոտակա անտառը պիտի ոչնչանա, հողերը պիտի ընկնեն Հիբանի տղաների ձեռքը:

− Է՜հ, Ավան ամի, դու էլ դաղած կաշի ունես նրանց հետ, հա՜ բշտում ես,− ասում էր մեկը։

− Չես թողալու քյասիբը հաց ուտի... Զավոդը որ չբաներ, Շալուն Սիմոնը կաղնուտի ձորը կգնար,− վրա էր բերում մյուսը։

− Թե Քառասնաջուրն իրենցն է, գերանն ինչի՞ են Կաղնուտից բերում։

− Էն եղոտ պատառ է. որ կերան, հետո էլ Քառասնաջրի ջանին էն ընկնելու,− պատասխանում էր մեկը, որի սրտում Ավան ամու ասածը կասկած էր հարուցում:

− Չորս օր է բոստանս ջրի համար բառաչում է։ Որ մթնում է, ջուրն էլ ցամաքում է։

− Այ քո բոստանը... Կատուն միջին թավալ չի տա:

− Նրանց ինչ կա՜... Օրենքից են վախենո՞ւմ, թե Կարմրաքարի տկլորներից։ Միտդ չի՞ Եփրեմը Բեկտաբեգովի հետ, Հիբանի մեծ արտի տակին, ոնց էին խտիտ-խտիտի արջապար տալի՜...

Խոսքը անցյալ տարվա կերուխումի մասին էին, որ սարքել էին Հիբանի որդիները պրիստավ Բեկտաբեգովի Կարմրաքար գալու առթիվ: Արտի ծայրին մնում էր այն կաղնին, որին հարբած պրիստավը թրով զարկել էր։ Հաստ շրթունքի նման հարվածի տեղում կեղևը սպի էր կապել։

Տարօրինակ էր ջաղացպանի վերաբերմունքը։ Ով էլ ջաղաց գար, նա հարցնում էր.

− Հիբանի փաբրիկը ծուխ չունի, հը՞, այ կարմրաքարցի։ Ձեր գյուղումն էլ ինչ մասխարություն կա...− հարցնում էր և ծիծաղում՝ սուր, սարկաստիկ ծիծաղով, կարծես ներսում մաղձը կաթ-կաթ թափվում էր, ինչպես դառն դեղ։ Նրա վերաբերմունքի մեջ տարօրինակն այն էր, որ նա սղոցարանը հիմնելուց հետո Կարմրաքարը համարում էր ուրիշ գյուղ, այդ հակադրում էր մի այլ Կարմրաքարի, որի բնակիչներից միայն ինքն էր մնացել։

Տեր Նորընծան խուսափում էր իր կարծիքը հայտնելուց։ Սղոցարանը նրա համար ոչ միայն անհասկանալի «երևույթք» էր, ինչպես երկնքից ընկած մետեորը, այլև կապված էր հեղեղի գիշերվա, իր ծանր մտքերի, արքայական խնձորենու կայծակահարման և իր սարսափելի երազի հետ։ Երբ խոսք էր բացվում Քառասնաջրի շուրջը, մի ծանր նախապաշարում ծխի նման բարձրանում էր նրա ուղեղում: Եվ նա սպասում էր փորձանքի, դաժան բոթի, որ կայծակնահար պիտի աներ իրեն ցցաչոր կաղնու նման։

Իսկ սղոցները զրնգում էին, միանգամայն անտարբեր, թե Կարմրաքարում ով ինչ է ասում։ Գիշերը շլյուզը փակում էին։ Քառասնաջուրը մեռնում էր՝ ոչ ձայն, ոչ ծպտուն։ Ջուրը մռռալով հավաքվում էր, բարձրանում և ապակյա հալոցքի նման ամբարտակից թափվում։ Ձորի բարակ քամին թաց տախտակների բույրը տանում էր հեռու, մինչև լեռան լանջը, ուր խուլ խշշում էին ծեր կաղնիները...

...Արևը թեժացրել էր թիթեղյա կտուրը՝ ինչպես թոնրի պատ։ Արզումանը շապկանց ու ոտաբոբիկ հրում էր վագոնետը։ Եգորը սեպերը գերանի բացվածքի մեջ էր խրում և մուրճով խփում։ Մյուս սղոցի մոտ Պուղին և զրիկեցի մի երիտասարդ նույն աշխատանքն էին կատարում։ Միայն երբ հարկավոր էր գերանը վագոնետի վրա դնելու՝ չորսն էլ միասին էին բարձրացնում։

Զրիկեցին առաջին օրվանից զգացել էր այն խուլ հակամարտությունը, որ կար Պուղու և Արզումանի միջև։ Նա տեսել էր և այն, որ սղոցարան գալուց Մկրտումը Պուղուց է հարցնում տախտակների հաշիվը, գերանների չորն ու թացը։ Իսկ Արզումանն առիթ չէր փախցնում խոցելու նրան։ Նրանց միջև տեղի ունեցած սուր խոսակցությունը երբեմն պատճառ էր դառնում, որ իրարից խռով մնան: Բայց նույնիսկ այդպիսի օրերին Արզումանը հանաք անելուց չէր դադարում։ Լավ տախտակին «մատուշկա» էր ասում, վատին՝ «ղարաչի», ծռված և ճաքճքած տախտակին՝ «Թելունց պառավ»։

− Եգոր ջան, էս երկու վերշոկանոցն էլ Սայի դայու համար քաշենք։ Թող երկար լինի, որ հալիվորի ոտները սլաբոննի մեկնի... Էնքան քոռ-քոռ քարերին է տվե՜լ...

Հանաք անելուց զրիկեցին չէր կարողանում փռթկոցը պահել: Իսկ Պուղին զայրանում էր, աչքով սաստում։ Արզումանը շարունակում էր.

− Ի՜նչ ես ծիծաղում, ա՜լ զրիկա զկեռ... Ձեր գյուղացի էն մի նստելում ութ լավաշ ուտողի համար ղարաչուց մին ղութի շինեմ, որ կողքաճաղերը կոտրատի։ Թե չէ Զրիկը կերել է, նա մարսել...

Սղոցարանի մասին նա էլ իր կարծիքն ուներ։

− Պիլնին զբորնի պունկտ է... Գյուղացու տղորց նման գերանները տաշում ենք, կլպում, փեչատը գնում։ Դե ջոկի թե որ ծառիցն էր...

Կացինը գոտու արանքը խրած մի մարդ ներս մտավ։

− Բո՜... Շինական, ա՜յ դու բարով.... Մենակ դու չէիր եկել էս թազա ուխտատեղը։ Հը՜, ի՞նչ կա...

Շինականը մոտեցավ ստանոկին։ Մի պահ զարմացած նայեց ո մոռացավ այն, ինչի մասին մտածելով գալիս էր։

− Հերսոտ ես երևում,− հարցրեց Արզումանը։

− Բա ոնց չհերսոտեմ... Վեց ամիս է ինձ անկրակ խորովում է...

− Ո՞վ։

− Հիբանի տղան, ո՞վ։ Հերու դուքանից ոչ բարով տասը մանեթի կտոր առա տան տկլորության մասին...Քո ազիզ արևը, մի տարի է, շաբաթն երկու անգամ իմ էշով փետ եմ բերել, դռանը կիտել։ Որ տեսնես, կասես քսան արաբա չի կրի։ Հիմի ուրանում է, ասում է փետի փողն էն գլխիցն եմ տվել, դու իմ փողը բեր, թե չէ տունդ գրել կտամ։ Ոտներն ընկա, աղաչեցի, ասի բանի ժամանակ է, մի քիչ խոտ ունեմ, խանձվում է, վերև աստված ներքև դու, ինձ ազատի։ Ու՞մ ես ասում, լսողն ո՞վ է։ Վերջը թե կացինն առ գնա Կաղնուտի ձորը։

− Պամոշնիկին գանգատ ես արե՞լ,− հարցրեց Արզումանը։

− Է՜հ,− և Շինականը հուսահատությամբ ձեռքն օդում ճոճեց։

− Փետն ուրիշին ծախի,− ասաց Եգորը։

− Ա՜յ որդի, որ անփող էլ տաս, ով սիրտ կանի նրա դռնից փետ տանի։

− Մարդ գցի մեջտեղ, թող մի բան պակասեցնի,− առաջարկեց Պուղին։

− Ինչ ասեմ է՜... իմ հաշվով հիսուն մանեթի փետ եմ բերել, բա զուր կորչի՜...

− Ոչ էն ես անում, ոչ էս։ Դե գնա Կաղնուտը,− բարկացած ասաց Պուղին և մոտեցավ վագոնին։

− Լա՜վ ես ասում,− ու մի քիչ մնալուց հետո դանդաղ քայլերով ճանապարհ ընկավ։

Եգորի մտքերը խռնվել էին: Ե՛վ նեղսրտում էր, որ չօգնեց Շինականին, և՛ չարանում ինքն իր վրա, թե ինչու չասեց մտքինը։ Հիշեց Բագրատին՝ Շինականի որդուն, որ «աղբերացու էր»։ Նրան ճանապարհ գցեց մինչև Լուս խաչերը... Բաժանվելուց ասաց. «Հորս վիզը ծուռ չթողաս»... Գուցե հայրը հենց իրենից էր եկել օգնություն խնդրելու։ Իսկ ինքը չհասկացավ։ Ինչ կասի, երբ Բագրատն իմանա... Ո՞վ գիտե ինչ նեղումն է։

Եգորը ետ նայեց. կածանով Շինականը բարձրանում էր։ Եվ հանկարծ կանչեց.

− Ամի հե՜յ,− կանչեց ու վազեց։ Արզումանը ձայն տվավ, սակայն նա չլսեց։

− Տես, ինչ կատաղած լակոտ է՜...— ասաց Պուղին, երբ լռություն տիրեց.− փորը մի քիչ տաքացել է։

− Դու էստեղ ստարշի՞ ես։ Քո փորն ինչո՞ւ է ծակում,− գոռաց Արզումանը, մի քայլ անելով նրա կողմը։

− Բա դու ի՞նչ ես...

− Ես քեզ նմանի ազրայելն եմ. շպիո՛ն։

− Բերանդ հավաք պահի՛։

− Դե սու՛ս, թե չէ սեպը բողազդ կկոխեմ։

− Ու՞մ։− Եվ երկու ախոյանները մոտեցան իրար։ Զրիկեցին գլուխը կորցրել էր:

− Քո,− և ծանր ապտակը լախտի նման տրաքեց Պուղու երեսին, աչքերի առաջ մթնեց, օրորվելով ընկավ գետնի վրա։

Արզումանը կանգնել էր, հևացող կուրծքը դուրս ցցած։ Ձեռքի թաթը տժում էր։ Զրիկեցին վազեց Պուղուն բարձրացնելու, բայց նա ճարպիկ ոստյունով թռավ և ամբողջ թափով հրեց Արզումանին։ Իրար բռնեցին՝ պինդ, ինչքան ուժ ունեին հաղթ բազուկներում։ Ու մեկ էլ Պուղու քթից արյունը շատրվանի պես դուրս պոռթկաց։ Նա ձգվեց, գետնին ընկած երկաթե սեպը վերցնելու, բայց Արզումանը ամբողջ ծանրությամբ ընկավ նրա վրա, ոտքով մեկնած ձեռքը սեղմելով։

Հանկարծ մեկը ձգեց Արզումանին։ Զրիկեցին մոտ վազեց։ Երկաթե ձողերի նման մատները սեղմեցին Արզումանի կոկորդը, թուլացավ ու ետ-ետ քաշվեց։ Պուղին տեղը կանգնեց։

− Ինչ եք իրար մսի ելել,− գոռաց Մկրտումը, Արզումանին բաց թողնելով,− էս ի՞նչ է... Ես էլ ասեմ գործ են անում։ Էս սհաթին ռհելդ քաշի,− դարձավ նա Արզումանին։− Մշա՞կ ես, թե մարդասպան: Քեզ էտապով քշել կտամ...

− Ես քո իմացած կարմրաքարցին չեմ,− պատասխանեց Արզումանը։ Նրա աչքերը բոցկլտում էին, ռունգները փնչացնում՝ ասես օդ չկար:

− Բա ո՞վ ես... Գեներալ Կուտուզովի տղան ե՞ս։

− Արինը գլխիս է, հա՜, Մկրտում... Մարդդ ճանաչի։− Արզումանի աչքերը այնպիսի կատաղությամբ ոլորվեցին, որ Մկրտումն էլ ահ զգաց նրա արնակալած սպիտակուցներից։

− Եգորն ո՞ւր է,− դարձավ նա զրիկեցուն։ Պատասխանի փոխարեն նա կմկմաց:

− Էս սաղ նրա գլխին չէ՞ր... Շինականն էր եկել էստեղ... Գնաց նրա հետ։ Ես ասի առանցի հարցմունքի չի կարելի, ասում է՝ դու ի՞նչ է, զավոդի ստարշին ե՜ս,− պատասխանեց Պուղին, արյունը արխալուղի փեշերից սրբելով։

Հենց այդ րոպեին Եգորն իջավ կածանով։ Նա ժպտում էր։ Շինականը շատ էր ուրախացել, երբ նա առաջարկել էր իր մի ամսվա վաստակը՝ վեց ռուբլին։− Պա՜ պա՜... Ես հաց կհավաքեմ, քո արյուն քրտինքդ չեմ տա էն արնախումին,− պատասխանել էր.− մի ցանի օր էլ կբանեմ, հալբաթ Բագրատիս քյոմակը կհասնի։

Նրա դեմքին ժպիտը սառավ, երբ տեսավ Արզումանի պատրած շապիկը, Պուղու արնոտ երեսը։ Մկրտումն հոնքի տակից նայեց նրան։

− Մոտ արի,− ձեռքով նշան արեց։ Եգորի ծնկները դողացին, աչքը գցեց Արզումանին։

− Մոտ արի, ասում եմ,− բղավեց Մկրտումը, մի քայլ անելով նրա կողմը։

− Ի՞նչ ես ուզում էն երեխից,— մեջ մտավ Արզումանը,— ես եմ ասել, որ գնա...

Լսվեց ոտնաձայն։ Արզումանը ետ նայեց, արագ քայլերով գալիս էր պամոշնիկ Անտոնը։ Թփի մոտ կանգնել էր Գոդին։

− Էս ի՞նչ շամաթա է... ի՞նչ բունթ է,− կանչեց նա մոտենալով Արզումանին։ Մկրտումն առաջ ընկավ։ Ապտակի ձայն լսվեց, ասես ապակի ջարդեցին։ Արզումանը փորձեց վրա վազել, բայց Անտոնն առաջը կտրեց։

− Էս օրե՞նք է, որ դու երեխուն թակում ե՜ս... Ուժդ նրան պատեց հա՞...− բղավեց Արզումանը։ Եգորը կանգնել էր տեղում, ականջը վառվում էր։ Այտի վրա մատների կարմիր հետքը պարզ նշմարելի էր։ Նա զայրույթից պռոշն էր կրծոտում, հազիվ էր զսպում արցունքը, որ մեկ լցվում էր, մեկ հալվում։

− Գնանք,− ասաց Արզումանը Եգորին.− Համա էսօրը չմոռանաս հա՜, խազեին ջան...

Մկրտումը չար աչքերով նայում էր հեռացողներին։

* * *
Արևը հասուն մրգի նման թեքվել էր։ Ստվերները երկարում էին, ձգվում դեպի արևելք։

Ավան ամու այգում կանաչի վրա նստոտել էին մի քանի հոգի։ Դարբին Վանեսը մեկնվել էր մեջքի վրա, աչքը գցել գառան չափ սպիտակ ամպին, որ ասես արածում էր՝ մեկ հանդարտ, մեկ էլ սուրում ջինջ երկնքի վրա։ Դարբինն ականջը կախել էր զրույցին։ Եվ միտք էր անում, իզուր են խոսում Ավան ամին էլ, Շուղանց հալևորն էլ... Միայն ինքը գիտե ուղիղ ճանապարհը։ Իսկ նրանց ասածը՝ ինչպես անտառի արահետը թուխպ օրին։ Կգնա՜ս, կգնաս, և մեկ էլ տեսար էլի նույն տեղն ես...

Խոսակցությունն սկսվել էր Արզումանի և Եգորի հետ պատահած դեպքից։ Արզումանը ինքն էր եկել Ավան ամու մոտ և եղելությունը պատմել։

− Ես իմ հոր տղան չեմ լինի, եթե պիլնումը նրա գլուխը չմաշառեմ,– ասել էր Արզումանը, մի քիչ զայրացել, հետո դառնացած վերջացրել,

− Դուռակը ես եմ... Ասա ի՞նչ ունես Կարմրաքարում։ Չէ՛, ինչ պլան ուզում ես գյուղի համար քաշի, ես մնացողը չեմ։ Կալը պրծնի թե չէ, հայդա, պիշի պրապա՜լ,− հայտարարել էր և գնացել Եզնարածի առուի տակ ընկած չիմանները, ուր խոտ էին հարում։

− Քո ասելով ուրեմն անբան կովի պես սուս անենք էլի,— դարձավ դարբինը Շուղանց ալևորին։

− Ա՜յ որդի, որ սուս չանես, ի՞նչ պիտի շինես։ Բզի գլխին յումբուզով կտա՞ս, թե չաքճով։ Էսպես եկել է, էսպես էլ գնալու է, մինչև պատանդ էլ մաշի, ոսկորդ էլ... Անբան կո՜վ։ Բա ինչ ենք։ Կթում էլ են, կուրծդ էլ են կտրում,− թեկուզ խոսելուց խզզացնում էր, շունչը երբեմն կտրվում էր, բայց ուշք չէր դարձնում։− Աստծու ճանապարհից դուրս ես գալի, սատանի ճանապարհը մտնում...

Ծերունու վերջին խոսքը դարբնի ցույց տված ճանապարհին էր վերաբերում։ «Մեկի փորը ծխով լցրու, տես ոնց են խելքի գալիս»,− հայտարարել էր դարբինը։

− Դե մի առակ ասեմ, լսի,− չիբուխի կրակը թեժացնելով ասաց Ավան ամին։− Տես վերջում ինչ եմ ասելու... Հա՜, հորթարածի առաջից հորթն ագին ցցում է, կետ անում։ Էս նաչարը շատ է չարչարվում, վերջը մի կերպ բռնում է։ Հիմի բռնել է, էնպե՜ս է լաց լինում։ Մի ղարիբ մարդ ճանապարհով անց կենալիս տեսնում է հորթարածին. ա՜յ տղա, ասում է, ագին ձեռիդ է, էլ ինչու ես լաց լինում... Ասում է սրա համար չեմ լաց լինում, հրեն մնացածների ագին էլ է ցից։

Ունկնդիրներից մի քանիսը ծիծաղեցին, բայց Ավան ամին շարունակեց.

− Հիմա մեր գյուղի բանը։ Մի երեխու սիլլա տալով աշխարհ չի քանդվի։ Ես էդ օրը չեմ լաց լինում։ Հրեն Քառասնաջուրը մեր ձեռքից խլելու է... Էն որ մավթուլներ է բերել, բա ինչի համար է։ Վերի լավ հողերն իրանը, առուտուրն իրանը, օրենքի մարդն իրանը... Բա մենք էլ ժողովուրդ ենք չէ՞... Գեղովի խելք–խելքի տանք, մին էլ տեսար ըհը, լույսը բացվեց... Թե չէ ես էլ գիտեմ, որ օձի ագին կտրելով, օձն էլի կենդան է մնում։

− Ավան, ասում է՝ անողը պրծավ, ասողն ընկավ կրակը... Էդ խոսքն էլ մի ասի։ Գյուղացին ե՞րբ է մի բան շինել, որ հիմա շինի... Քանի մարդ թակած կլինեն հեր ու տղա, ի՞նչ արինք: Է՜հ, էլի լուծը կմաշի, մեր վիզը չի մաշի։ Նրանք էլ Կարմրաքարի ցավն են է՜լի... Բա առանց ցավի գյուղը կլինի՜...— և հազը բռնեց։ Խոսակցությունը մի պահ դադարեց։ Ծերոլնին հազում էր, խշշում էր կրծքի վանդակը, կարծես թոքերի փոխարեն ոսկորներով լի չոր պարկեր էին։

− Է՜հ, մեր սիրտը մսից չէ. մենք մղկտալ չգիտենք,− դանդաղ ասաց Ավան ամին, տխուր շեշտով, կարծես ծանր ու դառն խոստովանություն էր ասում։− Ջուրն ինչպես որ եփում է եփում, հովանում, անպետքանում, էնպես էլ մենք։ Մեր միսը կերել, ոսկորն են թողել, էլի համբերում ենք... Մեր ապրուստն էլ ապրուստ է՜... Շան թեփով ենք ապրում։ Մի քանի տարի էլ ապրենք, մի պարկ թեփ էլ ավելի կուտենք...

− Ջուրն արդեն հասել է կամրջին։ Էսօր էգուց կամուրջը տանելու է,− լռության մեջ, իբրև վճիռ, հայտնեց դարբին Վանեսը։ Զրույցն աննկատորեն մանր առվակների բաժանվեց, կորավ շատ հասարակ առօրյայի ծանծաղուտում...

...Թավշյա թաթերի վրա՝ անշշուկ մոտենում էր ամառվա լուսնյակ գիշերը: Ծղրիդները զարթնել էին։ Կամուրջի տակ գորտերը մեկ-մեկ կռռում էին, ջրից գլուխները հանում և պլշած սպասում, թե երբ պիտի լուսինն արծաթ շաղ տա ջրի երեսին: Հանդարտ ու խուլ աղմուկը, որ ելնում էր ճահճուտներից, թփերից՝ ուր ծտերն էին ճկում, այգիներից,− մի աղմուկ, որ ով գիտե բյուրավոր ինչպիսի՜ ձայներից էր գոյանում,− ննջի նման իջնում էր գյուղի վրա։

Դաշտում տեղ-տեղ կրակներ էին վառել: Մի քանի գերանդավոր իրիկվա կիսամթնում դեռ հարում էին։ Արևից տաքացած գերանդին հովանում էր լուսնի զով շողերի տակ։

− Հրե՜ հա, կասես գյուղը ձիավոր եկավ,− ասաց Արզումանը Սալբուն։ Շների հաչոց լսվեց։ Սալբին նայեց ու թիկն տվավ խոտի դեզին։

− Պամոշնիկ Անտոնի դռանը վեր եկավ,− ասաց նա։

Քիչ հետո շները նորից կլանչեցին։ Սև ստվերի նման ձիավորը սլացավ գետն ի վեր, դեպի վերի գյուղերը։ Փոշու ամպը վազում էր ձիավորի հետևից, վազում էր ու չէր հասնում։

− Է հե՜-հե՜յ... Վա՜-սի՜լ... Վա-սի՜լ...− ալիքաձև տարածվեց գզիրի ձայնը։ Կանչում էին գրագիր Վասիլին, որ ով գիտե որ չիմանում էր քնած։

Կանչում էին, որ կարդար ուրյադնիկ Երոշի բերած շտապ և գաղտնի գրությունը պատերազմի և զորահավաքի մասին։

Գյուղում այդ մասին ոչ ոք չգիտեր։ Ծրարը դեռ փակ էր։

* * *
Պատերազմի լուրը պայթեց, ինչպես որոտը պարզկա երկնքում։ Կարծես հրթիռ էր, որ պայթյունով վեր սլացավ, ճեղքեց խավարը, գյուղի վրա կրակի անձրև մաղեց և հալվեց։ Առօրյայի մանր հոգսերը հանկարծ խառնվեցին, ինչպես կռունկի երամն ամպ գիշերին։

Շուղանց Իսոն դարբասի քարին նստած տրեխների հողն էր թափ աալիս, երբ տեսավ Չանեն ծուռ Ունանին՝ մի խուրձ կանաչ խոտ մանգաղին հագցրած։

− Հը՞,− հարցրեց Ունանը, խուրձն ուսից իջեցնելով։

− Ի՞նչը:

− Բաս լսել չե՜ս...

− Ա՜յ է՜, սուտ կլինի.− Տեսնես Վասիլն էսօր քանի փարչ է խմել, պրիստավի հրամանին գլխու չի... Մեր Սղոմունն ասում է թուղթը իսկի փեչատած էլ չի... Կարելի է որ ուրյադնիկը փոխս գցած լինի։ Խելքդ ի՞նչ է կտրում,− դարձավ Ունանին, ասես ուզում էր իր երկմտանքը վերացնել:

− Ի՞նչ ասեմ... Բանի էս փիս վախտը կռիվ գցողի տղան եթիմ մնա։ Հունձ ունենք, կալ ունենք։ Բա մեր սրտից ջուր խմած մի մարդ չկա, որ մեծամեծաց հասկացնի ժողովրդի ավհալաթը...− Ու մի քիչ մտածելուց հետո հարցրեց.− Իսո՛, Ղարսա կռիվը ձմեռնամուտին չէ՞ր...

− Բա ի՞նչ։ Էն էր, յապոնացունն էր։ Չէ՛, էստեղ մի հնարք կա, ասենք գլխու չենք։ Թե բեզարած չես, գեղամեջ գնանք, տեսնենք ինչ էն խոսում:

Բոլոր-քարի մոտ այդ ժամանակ մարդիկ լսում էին քաղաքից նոր վերադարձած Հասրաթենց Սիմոնին, որին պրիստավը կանչել էր երկու տարի առաջ պատահած սպանության գործով, իբրև առաջնակարգ և շատ «խորհրդավոր» վկայի, որն ըստ նախնական քննության տվյալների, կապ պիտի ունենար դեպքի հետ, այնինչ Սիմոնը կտրականապես հրաժարվում էր ճանաչելու սպանվածին էլ, սպանողին էլ։

− Էստեղ են ասել, անողը պրծավ, ասողն ընկավ,− դառնացած ասաց Սիմոնը, թեկուզ ունկնդիրներից և ոչ մեկն էլ չէր կասկածում նրա անմեղության։ Սպանությունը կատարվել էր գյուղից շատ հեռու, Վերի կապում, հենց ճանապարհի վրա: Սիմոնը քաղաքից վերադառնալուց տեսել էր և շտապել տեղեկացնելու պամոշնիկ Անտոնին։ Այդ օրից էլ նրա անունը կապվել էր խորհրդավոր սպանության հետ։ Սակայն այդ նույն օրից էլ Սիմոնը հանդիպած յուրաքանչյուր մարդու պատմում էր իր գլխով անցածը, մինչև վերջին մանրամասնությունը և երբ լսողը իր վերաբերմունքն էր արտահայտում, ասելով հին խոսքը, թե «ցավ չունես, գնա վկա գրվիր»,− Սիմոնը նորից էր կրկնում՛ իր պաամաթյունը, որպես ապացույց այդ հին ասացվածքի ճշմարտության։

Բոլոր-քարի մոտ հավաքված մարդկանց հետաքրքիր չէր Սիմոնի վերջին հանդիպումը պրիստավի հետ։ Բայց Հասրաթենց Սիմոնը երբեք այդքան ունկնդիր չէր ունեցել, և նա պատմում էր իրը,− մինչև մեկն ու մեկը կանչեր.

− Դե՜ սպանեցիր, էլի՜... Բան ասա, բան լսենք,− և Սիմոնը դառնում էր պատերազմի լուրին.

− Մին էլ նաչալնիկը փոշտից դուրս եկավ, թե՝ ժողովուրդ, ուռռա՜... Հուռռա տվին, պատերից կարմիր կապույտ թղթեր կպցրին... Պրիստավն ինձ հետ էդ ժամանակ խոսում էր... Նա դեռ գլխու չէր...

− Սիմոն, թղթերը դու տեսա՞ր...

− Բա ո՜նց...

− Ի՞նչ էին խոսում քաղաքի մարդիկ:

− Ի՞նչ պիտի խոսեին, ամեն մարդ իր դուքանում, իր առևտուրի հետևից: Ինձ ճանանչ մի դուքանչի ասում էր՝ շաքարը շատ կթանկի, նմանապես կտորը։

− Ո՞ր թիվն են կանչում,− հարցրեց Շինականը:

− Էդքանը չտեղեկացա... Համա ասում էին, որ մեր մհալի ժողովուրդը հազար մարդ կտա։

− Հազա՜ր։ Էլ տակին ի՞նչ կմնա։

− Ղալմաղալը որ չլիներ, շատ բան կտեղեկանայի պրիստավից, համա եկան, թե նաչալնիկը վռազ կանչում է։

− Ի՞նչ ղալմաղալ, Սիմոն։

− Այ եսիմ է՜... Մեկ էլ դուքանները կապեցին, զորքը, ժողովուրդը մեյդան թափվեցին... Ուռռա՜... հա ուռռա։ Հենց ուզում էի իմանամ, թե իմ գործը ոնց կլինի, ձեռքով արեց, թե գնա... Ես ասեմ մանեֆեստի տակով անեն։

− Սիմո՛ն, տեղեկացա՞ր, լավ գերանդին քանի է,− հարցրեց մեկը։

− Անդարդի մինը, գերանդուի վախտ ես գտե՞լ,− վրա բերեց Իսոն։ Ծերունու հազը նորից բռնեց, ու գլուխը տմբտմբացնելով ձեռքը կրծքին սեղմեց, որ ներսում մի բան պոկվեր ու հանգստանար։

− Տերտերն էն օրը զուր չէր ասում, թե երկիրս պիտի խառնվի,− ասաց Ավան ամին, որ մինչ այդ լուռ լսում էր խոսակցությունը։ Բոլորը լռեցին ու միայն ծերունի Իսոյի կուրծքն էր խզզում, ինչպես սղոցը։ Ավան ամին շարունակեց.

− Էդ մեզ նման խավար ժողովուրդն է, որ բանից խաբարություն չունի... Թե չէ ուսումնագետ մարդիկ կանուխ էին իմանում... Տերտերն ասում է՝ սերբիացին որ թագավորի տղին սպանեց, էն օրը հայտնի էր, որ կռիվ պիտի լինի:

− Բա մեր ցանքը, մեր կալը,− հարցրեց Շուղանց Իսոն։

− Քարը որ գլորվում է, մամուռը չի պահում, ա՛յ Իսո... Տերության ինչ հոգն է, թե ձեռդ նեղումն է։ Հրաման հանեց՝ տուր, տուր։ Ի՞նչ պիտի անես,− պատասխանեց Ավան ամին։

− Լա՜վ, տանք... Թագավորի հողից ու՞ր պիտի փախչենք։ Ախր դե տակին մնացածը չի կառավարում։ Էն խաչած հողին ոչ արժանանամ, թե սուտ ասեմ, հրես հանդից կոտրատված եկել եմ, տանը մի գցելու չայ չկա: Բա որ մեր երեխուն տանեն, էն է ինձ գցեմ գետը... Սելավն եկավ, կալատեղս քանդեց, մինչի հիմա էլ խանգարված է մնացել։

− Ա՜յ Իսո, հազար ասի, ո՞վ է լսողը։

− Բա վերջը, մի լուս չի՞ հասնելու մե՜զ։ Էսպես խավար պիտի մնա՜նք...

− Ջաղացդ էս է, թեփն ալյուրի հետ կես է. կաղաս էլ էս է, չաղաս էլ էս է... Բա՜, Իսո։

− Ջրին ասին թե ինչի՞ ես խշշում, ասաց՝ տեղս քարոտ է... Հիմա մեր օրն է։

− Լա՜վ, դարդ մի անի է՜,− ասաց դարբինը։− Սրան ռուսի թագավոր կասեն... Երկու ամիս չի քաշի՝ փափախներով խռիկ կտա գերմանացուն, տանի ծով կածի։ Շա՜տ շատ երկու ամիս դիմանան։ Հերու վարժապետն ասում էր, թե նրանց հացն առնովի է։ Հաց որ չունենա, ինչ պիտի անի։ Դու ասա հացի բանը լավ գնա։

− Հազարաստեղծ աստված, քո խեղճն ենք... Մեծ գետի ճանապարհը մեծ է լինում... Դու ասա, որ մեր աղբյուրը չցամաքի,− ասաց Շուղանց ալևորը։

− Իսո ամի, հարուստի տունը ղոնաղ եկավ, աղքատի ուլը մորթեցին։ Տրաքոցը որ ընկավ, մենք հո էս գլխից ենք ոտան տակի կորչելու,– տխրությամբ հարեց Ունանը։

Նա նստել էր անկյունում ու մտածում էր իր կրտսեր եղբոր մասին, որ երկու տարի առաջ վերադարձել էր զինվորությունից։ Ինքը Ծիրանի տափն էր վարում, երբ տեսավ իր փոքր աղջկանը բլուրն ի վեր բարձրանալիս։ Մաճը բաց թողեց ձեռքից. «չլինի՞ մի փորձանք է պատահել տանը»... Եվ մոտեցավ աղջկանը. «Խաչանը ե՜կել է՜...» կանչեց աղջիկը։ Քիչ հետո երևաց և Խաչանը։ Ինչ ուրախությու՜ն էր։ Մոտեցավ ու փաթաթվեցին իրար: Այս հիշելուց Ունանը ժպտաց, նրա աչքերում արցունք երևաց։ Ի՜նչ լավ էր վարում Խաչանը հենց առաջին օրը, կարծես չորս տարի զինվորության մեջ չէր եղել։ Ունանը միտք ուներ մաճկալությունը թողնելու։ Ահա քեզ... Խաչանը գնալու է... կինը, երեխան։ Ինչպե՞ս պատահեց։ Գուցե սու՞տ է. բայց մարդիկ խոսում են։ Ու ոչ մի օր չի հիշում իր կյանքում, երբ աշխատանքի եռուն ժամանակ այսքան բազմություն հավաքվեր Բոլոր-քարի շուրջը։ «Տրաքոցը որ ընկա՜վ»... Եվ Ունանը հիշեց իր խոսքը։ Էդ ո՞վ գցեց տրաքոցը... Հանդարտ վար էին անում... Երեկոյան դեմ եզներն արձակեցին։ Փեշի հողը թափ տալով մոտեցավ առվին, որ ձեռքերը լվանա։ Հանկարծ Խաչանը մոտեցավ, թե հրաման է եկել... Եվ ձեռքերը մնացին անլվա, նստեց առվի եզրին։

Փողոցում երևաց քահանայի կռացած սիլուետը։ Նա դանդաղությամբ էր քայլերը փոխում, կարծես կորցրել էր մի բան, որ ուր որ է պիտի աչքին ընկնի իրիկվա կիսամութում:

− Հրես տերտերը գալիս է: Նա խաբար կունենա,− ասաց Չետանց Ունանը։

− Ո՞րտեղից պիտի ունենա։ Սաղ օրը Նռանձորի բաղից դուրս չի գալիս։ Էսօր ասում էր, թե հեղեղի գիշերը փիս երազ եմ տեսել։ Քառասունքը թամամելուց վախենում է գյուղի գլխին փորձանք գա,− ասաց Ավան ամին։

− Սրանից էլ պինդ փորձա՞նք,— վրա բերեց ծերունի Իսոն։

− Տերտեր, էսօր շատ ես միտքարար,− ասաց Ավան ամին, երբ քահանան մոտեցավ քարին։ Մի քանի հոգի իրար սեղմվեցին, նրան տեղ անելու համար։ Տեր Նորընծան քթի տակ ողջունելուց հետո, կանգնեց մի պահ, ասես միտք էր անում, թե ում մոտ է իրեն վայել նստելու, և ապա ծխատուփը հանելով, նստեց Շուղանց Իսոյի և Ավան ամոլ մեջտեղը։

− Ա՜յ Իսրայել, մտքիս հետ ներհակ ընկած գալիս էի...

− Տերտեր, էդ գազեթներում ի՞նչ են ասում կռվի մասին...− հարցրեց մեկը։ Բոլորը շունչ պահած սպասում էին նրա պատասխանին։

− Օրհնյալ, ճրագդ միշտ վարգար մնա... Մեղքը պտույտքի պես մի փորձանք է և ոչ եթե մարդ արարածը հոգին ծախի,− ասաց նա։ Տերտերը քթումն էր խոսում, ձայնը զրնգում էր, ասես պարապ կարասի մեջ էր հնչում, և որովհետև միալար էր խոսում ու մի քիչ էլ ծոր տալով, դրա համար էլ բառերն իրար էին խառնվում, քսվում էր այնպես, ինչպես գետի խուլ վշշոցը մութ գիշերին։ Քահանան կարծես ինքն իր հետ էր խոսում և ոչ ոքի չբավարարեց նրա պատասխանը։ Ինքն էլ զգաց այդ և ավելացրեց.

− Առաջաքայլ և գիտակից անձնավորությունքը հողագնդիս երեսին պակասել են, էլ ու՞մ մեղապարտես էս խառնակչության համար։ Եփեմերդին ասում է, թե եղիցի արյունահեղ պատերազմ, թագավոր հյուսիսական ընդ արևելս, կոտորած ժողովրդյան, քարեկարկուտ և սև անձրև, և սով մեծ...

— Եվ սով մեծ...– կրկնեց Շուղանց Իսոն։ Ամենից շատ Ունանը սարսափեց այդ խոսքից: Ու դարձյալ հիշեց եղբորը, իրենց մեծ տունը, երեխաներին, որոնք ճտերի նման թխսամոր հետևից վազում էն, հացն ուտում այնքան ագահ, ինչքան շերամի որդը թթենու տերևները... Շաբաթը մի տաշտ հերիք չի անում։ Եվ ի՜նչ ցորեններ կան այս տարի,− մտածեց Ունանը։ Ջաղացպանն իզուր չէր ասում, թե տարին գլխակեր է... Իմաստուն մարդ է ջաղացպանը... Միայն նա կարող է ասել, թե ինչ պիտի անել, որ Խաչանին զինվոր չտանեն։

− Յարաբ տեսնես մեր եզինքը ջրե՞լ են,− ասաց նա բարձրաձայն, և փեշերը թափ տալով վեր կացավ տեղից, իջավ ներքև։ Նրա ականջին ընկավ Չետանց Ունանի հարցը...

— Տերտե՛ր, գերմանացին խաչապաշտ չի՞...− Ունանը քայլում էր ու մտածում. գերմանացին խաչապաշտ չի՞... Հա՛, Խաչանն էլ է ավազանում մկրտված... Ի՜նչ պարզ միտն է այն օրը: Կնունքին մի ոչխար մորթեցին... Ի՞նչ խաչապաշտ։ Ունանն անցավ եկեղեցու մոտով, մի վայրկյան կանգնեց ու գլուխը թեքեց վեր։ Արդեն տարիքն առած մարդ էր, բայց չէր հիշում, թե երբևիցե գիշերով նայած լիներ եկեղեցու խաչին։ Նրան տարօրինակ թվաց, որ գմբեթի գլխի խաչը փայլում է զոդած խոփի նման։ Խաչապաշտ են Խաչանը, գերմանացին, ռուսը... Այն մարդը, որ Քառասնաջրում զավոդ սարքեց։ Նա շատ հարգանքով բարևում էր տերտերին։ Իսկ հիմա... Հը՞, իսկ խաչը... Հենց այնպես է դրված, որ Թելունց պառավն աղոթք անի, երեխաներին բերեն և ավազանում մկրտեն, պսակի ժամանակ Տեր Նորընծան օրհնի։ Ու մի բան Ունանի ներսում պոկվեց, սուզվեց ինչպես քարը խոր լճի մեջ։ Տեղը մնաց դատարկ, ծառի փչակի պես և թե՜թև, ինչպես քամու բերանն ընկած տերևը...

Իսկ քահանան պատմում էր, որ գերմանացիք ուրիշ տեսակի խաչապաշտ են, «ֆրանսացոց ազգաբնակությունը» ուրիշ, «անգլիացու հավատքն այլակերպ է», յապոնացին կրակապաշտ է, ռուսաց ժողովուրդը պրավասլավնի խաչապաշտ է, որովհետև խաչը ծուռ են կնքում։ Չետանց Ունանի գլխում մի հարց պտույտք էր անում, ինչպես կամը կալում։ Երբ տերտերը լռեց, նա անհամբեր հարցրեց.

− Տերտեր, բա էդ խաչապաշտ ազգերը ո՞նց են իրար մսի ելել... Էնա թող գնան յապոնացու երկիրն առնեն էլի...

Քահանան հանկարծակիի եկավ։ Ու նորից հիշեց այն, ինչ ամենից սոսկալին էր նրա համար։ Չետանց Ունանն էլ...− մտածեց նա։ Եկեղեցու աջ կամարի տակ նրա մշտական տեղն է... Ձմեռը մի կիրակի չի բաց թողնում, գալիս է, ծունր դնում, փափախը գետնին ու գլուխը կախում: Բեմի վրայից քանի՜ անգամ է խաչակնքել նրա կողմը։ Տեր Նորընծան զգաց այն, ինչ ծանոթ է խրոնիկ հիվանդություն ունեցողին. ահա նշանը, առաջին ծանոթ նշանը, որից հետո երկրորդը պիտի երևա, սիրտը բաբախելու է, հետո սրարշավ վրա է տալու ծանոթ և սարսափելի ցավը։

− Հավատն էս բանի մեջ խառնվում չի,− վճռական հայտարարեց դարբին Վանեսը և օգտվելով այն ազդեցությունից, որ ունեցավ իր ասածը, մի քիչ առաջ եկավ և շարունակեց,− ամեն տերությունն իր հաշիվն ունի... Ռուսը տաճիկի հետ է կռիվ անելու... Գերմանացին ֆրանցուսի հետ: Թե չէ ինչ խաչապաշտ, ինչ կրակապաշտ... Էս էն Շահ Իսմայիլի վախտերը չեն...

− Հա՜, դե դու Հնդստանու կոնսուլն ես, դու ամեն ինչ գիտես...− հեգնական տոնով ասաց Ըմբովի Թյունին, որի մշտական սովորությունն էր հակառակ խոսելու։ Իզուր չէին նրա անունը դրել «թարսի ձի»։

− Դե Վանեսի ասածն է էլի՜... ինչ ես հակառակում,− մեջ մտավ Շինականը,− Լեմսը որ եկել էր զավոդը շինելու, քիչ էր մնում բեղդ պոկեր։ Բա նա խաչապաշտ չէ՞ր...− Մոռացված այս դեպքը հիշեցնելը շատերին ծիծաղեցրեց։ Նույնիսկ քահանան ժպտաց, և մոռացավ այն, ինչի մասին համառ մտածում էր։

− Որտեղ սպաս տեսնես, գդալդ մեջ ես կոխում,− զայրացած դարձավ Թյունին՝ Շինականին։ Բայց նրա խոսքը չլսվեց ծիծաղի աղմուկում:

− Է՜, մեր օրը լաց եղեք... Ի՜նչ եք մասխարի գցել,− ձայնը բարձրացնելով ասաց Ավան ամին։ Նրա հանդիմանական խոսքը ծանր ազդեց լսողների վրա. նույնիսկ քահանան փշաքաղվեց։ Նրան թվաց, թե հանդիմանության մի մասն էլ իր ասածի առթիվ է։− Սրան յոթը տերության կռիվ կասեն: Չոբանի կռիվ չի, որ մահակներով իրար չափեն։

− Լավ է՜, Ավան ամի, էդքան հասկանում ենք, բա մեզ ի՞նչ ճանապարհ ես ցույց տալիս,− հարցրեց Չանեն ծուռ Ունանը,− վեր կենանք ռուսի թագավորի դեմ բունթ անե՞նք...

− Չէ՛,− ընդհատեց Ավան ամին,− էգուց էս գնացողների ո՞վ պիտի կալսի, նրանց կարտոլն ո՞վ պիտի հավաքի... Իսկի մին խորը մտածու՞մ ես։ Սաղ գյուղն տակովն է լինում, մի քանի մարդկանց սիրտն է դինջանում։ Լա՜վ սարքվեցին Քառասնաջրում... Էս ջահելներն էլ որ գնան, Սային ու ես պիտի նրանց առաջն առնե՜նք։

− Դրա ժամանակը չի, Ավան ամի,– պատասխանեց դարբինը։ Ավան ամին զարմացած նայեց նրա կողմը: Ու չիբուխը դողաց՞ Մթնում ոչ ոք չնկատեց այդ և ոչ էլ Չետանց Ունանի դառն ժպիտը։

− Էն ո՞ր օրվանից,− հարցրեց Ավան ամին:

− Էսօրվանից,− կտրուկ պատասխանեց դարբինը։ Նրանք հասկացան իրար։ Ի՞նչ պատահեց դարբնի հետ այդքան կարճ ժամանակում... Նա այգում հայտարարեց, որ կարճ ճանապարհը «մեկի փորը ծխով լցնելն է»։

− Ես ասում եմ, որ բոլորս պետք է սեր միաբան լինենք։ Կռվի ժամանակ հայերի մեջ խառնակչություն չպիտի լինի,− ասաց դարբինը կռահելով Ավան ամու երկմտանքը:

− Դե փիս չի ասում հո՜,− վրա բերեց Շինականը: Դարբինը նրա ասածից խրախուսված՝ շարունակեց.

− Մենք էլ մին ժողովուրդ ենք չէ՜... Մեր մեծամեծերը մեզ համար մի պլան քաշած կլինեն։ Էսօր էգուց Տաճկաստանն էլ է կռվին հասնելու... բա մենք սուս պիտի նստե՞նք:

− Ա՜յ հիմա «շաշ ուստա» ես,− վրա բերեց Ըմբովի Թյունին, նրանից վրեժ առնելու համար։ Այս անգամ նրան հաջողվեց, որովհետե ծիծաղեցին այնպես, ինչպես «Թարսի ձի» ասելուց: «Շաշ ուստան» դարբին Վանեսի մականունն էր։ Այդպես էին կոչում անկանոն և շփոթ աշխատելու համար։ Նա շատ լավ գիտեր իր արհեստը, բայց քմահաճույքով էր աշխատում։ Երբեմն մաշված, ճաքճքված խոփն այնպես էր սարքում, որ տերն անգամ չէր ճանաչում, իսկ երբեմն էլ մուրճով այնքան էր ծեծում, որ խոփը կորցնում էր ձևը։ Թոնրից նոր հանած լավաշի համար տասը ռուբլու աշխատանք կաներ և ընդհակառակը՝ գերանդուին կցան տալու համար հանկարծ ավելին էր պահանջում, քան գերանդուն արժեր։ Ինքնուս արհեստավոր էր, նա և՛ հյուսն էր, և՛ ատաղձագործ, և՛ դարբին։ Նրա շինած կողպեքների նմանը քաղաքում էլ չէին կարողանում գտնել։ Բայց ամենից լավ «ձեռացագործը», ինչպես ասում էր Տեր Նորընծան, հրացանն էր, նա այնպես շնորհքով էր հրացանի փողը փոխում, կտրում մանր, նորոգում, որ տեսնողը չէր հավատա, թե Կարմրաքարի դարբնի գործն է։

Երկու կիրք ուներ դարբինը, մեկը՝ որսորդությունն էր, մյուսը՝ զանազան արկածների պատմություններ լսելը։ Նա ոչ միայն լավ նշան էր խփում, այլև գիտեր, թե որ գազանը ինչ տեղով է անցնում ամառը, ձմեռը, գիշեր թե ցերեկ։ Ամբողջ ձմեռը որս էր անում, երբեմն ձյուն ձմոանը երկու երեք օրով տուն չէր գալիս։ Այդ օրերում գյուղում գիտեին, որ նա մեծ որսի է հանդիպել՝ արջի, քարայծի, կխտարի... Եվ տուն էր գալիս մռայլ, երեսն ու ձեռքերը վառոդի ծխից սևացած։ Նա հազիվ էր ստորագրում իր անունը, բայց երկաթե կտորտանքի, ժանգոտած մեխերի և մանգաղների կողքին, դարբնոցի մուրից սևացած դարակի վրա չորս-հինգ գրքեր կային։ Նրա սիրած գիրքը «Կայծերն» էր, բայց ամենալավը՝ «Բուլղար ավազակապետի պատմությանը»։ Աշխատանքի ընթացքում, փողոցով անցնող աշակերտին, կամ հենց նրան, ում երկաթն էր շիկացնում, ստիպում էր, որ մի քիչ կարդա։ Շատ անգամ էր նա Եգորին կանչում իր արհեստանոցը։ Նրա ասելով Կարմրաքարում ոչ մեկը Շինականի տղայի՝ Բագրատի նման «սրտանց» չէր կարդում։ Դարբինը թոփը կրակի մեջ էր դնում ու նստում կարդացողի մոտ։− Ուստա, սպիտակում է...− ասում էր խոփի տերը։ «Հանի թող հովանա... Հրես էն տեղին ենք հասնում»։ «Էն տեղը» արկածների հանգույցներն էին, երբ, օրինակ, բուլղար ավազակապետը շղթան սղոցում է ու պիտի իրեն բանտի պատուհանից գցի... Եվ հանկարծ ծառս է լինում, կաս-կարմիր խոփը հանում ու զայրույթից թե հրճվանքից մուրճն այնպես զարկում, որ հնար չէր զարկերը հաշվելու։ Իսկ խոփի տերը, սրտի դողով, մեկ խոփին էր նայում, մեկ կայծերին, որ թռնում էր ծանր մուրճի տակից։

Բոլոր-քարի մոտ նստածների զրույցին նոր նյութ տվավ Մուքելի տղայի գալը։ Նա քաղաքից էր վերադառնում։ Երբ նկատեց հավաքվածներին, նա գլխի ընկավ, որ պատերազմի լուրն արդեն գյուղն է հասել։ Եվ քայլերը փոխեց նրանց կողմը։

− Ո՞ր թիվն են տանելու, չիմացա՞ր,− հարցրեց Շուղանց Իսոն։

− Ութ տարվա զապասն են հավաքում, Իսո դայի... Խոսք կա, որ աշունքն էլի կանչեն։

− Ուրեմն մինչև աշունքը կռիվ պիտի տա՞նք,− հուսահատ ասաց ծերունին։ Եվ ապա ինքն իր ձեռքն օդում տարուբեր արեց, մրմնջալով «տարա՜ն... գնա՜ց»։

− Էլ ուրիշ ի՞նչ էին ասում... ճոթ ու կտորի կողմանից, թանկից, էժանից,− հարցրեց Ավան ամին:

− Խոսք չկա։ Դուքանները տրաքվում են ապրանքից։ Հա՜, ղազախները գնացին։ Մի թամաշա էր, որ...

− Ես էլ տեսա,− վրա բերեց Հասրաթի Սիմոնը։

− Դե սուս է՜, թող տեսնենք, ինչ է ասում,− սաստեցին նրան։

− Վարդապետը, քահանեքը, քաղաքի պաչոտնի առուտուրականները խաչով, խաչվառով տարան նրանց ճանապարհ գցեցին... Ղազախների գեներալը կռացավ, վարդապետի աջն առավ։

− Հայր Սիմոնը շատ հարգևոր է մեծամեծաց ասպարեզներումը, ուսյալ մարդ է,− ասաց քահանան։ Նրան հաճելի էր այն, որ գեներալը համբուրել է հայր Սիմոնի աջը, և քահանան պատրաստվեց հիշեցնելու այդ դեպքը, երբ Մուքելի տղան շարունակեց իր պատմությունը։

Իսկանդարովը, Աբգարովները, Գևորգ բեյի տղերքը, դաստա կապած, ոսկին մեծ պատնոցի վրա դարսած եկան նաչալնիկի դռանը կանգնեցին... Նաչալնիկը դուրս եկավ, ռուսերեն խոսեց, էնքան չհասկացա։ Համա ամեն խոսքին ուռա էին կանչում: Հետո պատնոցը ներս տարան...

− Ուրեմն նվիրատվություն ենք անում զորքի հարկավորության մասին,– մեկնաբանեց Տեր Նորընծան, որը մեծ հիացմունքով էր լսում «Միքայելի որդու» պատմածը քաղաքի ոգևորության և եռուզեռի մասին:

− Այ հայություն,− ոգևորված բացականչեց դարբինը։

− Մի պատնոց կտան, փոդրաթից տասը դուրս կբերեն,– կծու շեշտով հարեց Ավան ամին։

− Մինչի դուրս գալուս սհաթն էլ քաղաքն ուրախությունից դրնգում էր,− եզրափակեց Մուքելի տղան։

− Շաշվել են, ինչ է... Մարդ էլ կռվի համար ուրախանա՞... Խելքս բան չի կտրում։

Ավան ամին դեռ խոսքը չէր ավարտել, երբ մի ձիավոր ձին թափին քշած, անցավ փողոցն ու ծռվեց դեպի «պամոշնիկի օթախը»:

− Զրիկա գզիրն էր,— հայտարարեց Շինականը:

− Վեր եկ գնանք Անտոնի մոտ,− ասաց Շուղանց Իսոն,— բալքի թազա հրաման կա...− և համարյա բոլորը տեղներից վեր կացան։

− Տեսնեմ մեր մադյանի առաջը խոտ գցող եղա՞վ թե չէ,– ասաց Չանեն ծուռ Ունանը, մթնում տափտափելով:

− Է, ինչի վրա ես միտք անում,− պատասխանեց Շինականը:

− Քուռակամեր է ախր...

...Խարույկի վրա կախած կաթսայի մեջ քլթքլթում էր ջուրը, թշշալով ընկնում կրակի վրա։ Ընթրիքի համար վաղահաս կարտոֆիլ էին եփում։ Խարույկի մոտ, գետնին խրած փոքրիկ զնդանի վրա ջաղացպանը մուրճով ծեծում էր գերանդու ծռած բերանը, Սիմոնը, որ նոր էր վերադարձել Կաղնուտի ձորից, դանակով քերում էր կացնի կոթին հենած կաշվի ձողը։ Նրա կողքին պառկել էր Արզումանը և ձեռքի ճիպոտով մերթ թեժացնում էր խարույկը, մերթ հեռու թռչող կրակները հավաքում։ Երկու հնձվոր, երեկոյան սառնությունից պաշտպանվելու համար չուխաներն ուսերին գցած՝ թիկնել էին խոտի խուրձերին։ Նրանցից մեկը ծխում էր, մյուսը՝ աչքերը բաց անում, նայում քլթքլթացող կաթսային ու նորից փակում: Խարույկից քիչ հեռու ջաղացպանի կինն ու Սալբին ավելուկից շարան էին կապում։ Սալբին երբեմն մասրենու ձողով խառնում էր կաթսան, մի կարտոֆիլ հանում, մատներով սեղմում ու կիսաեփը մեջը գցում: Երբ աղջիկը ձեռքը մեկնում էր կաթսային, ննջողը գլուխը վեր էր բարձրացնում, իսկ երբ Սալբին նստում էր իր տեղը, հնձվորը հոգնած գլուխը թեքում էր խրձանը։

Արզումանը Սիմոնին պատմել էր սղոցարանի դեպքը։ Պատմել էր ներքին հպարտությամբ, մի քիչ ավելին, քան իրականում էր եղել, պատմել էր այն անխուսափելի ձևով, որ հատուկ է երիտասարդ մարդկանց, երբ այդ պատմությանն ունկնդիր է և նրանց սիրելին։ Սիմոնն անորոշ պատասխանել էր, թե չար մարդու վերջը լավ չի լինում։ Անհայտ էր, թե ո՞վ էր այդ չարը՝ Մկրտո՞ւմը, թե Արզումանը։

Հանդարտ էր խարույկի մոտ... Ջուրը թշշում էր, մուրճի հարվածներից գերանդին այնպես մեղմ էր դրնգում, կարծես խոր սափորի մեջ ջրի կաթիլներ էին ընկնում... Արզումանը գլուխը վեր էր բարձրացնում, նայում Սալբուն, որի ստվերն ընկել էր խոտերի վրա։ Աղջկա երկայն արտևանունքներն ավելի էին թանձրացնում աչքի խոռոչի սևությունը։ Երեսը վառվում էր՝ հոգնածությունից ու կրակին հաճախ մոտենալուց:

Շուտով ընթրիքի կնստեն... Ապա գերանդիները, զնդանը, մուրճը, ջրի կուլան կպահեն խուրձերի տակ և կցրվեն տները։ Ջաղացպանն իր կնոջ հետ կգնա ներքին կամրջով, իսկ մայր ու աղջիկ կիջնեն գետի վրա և քարերի վրայով կանցնեն գետը, կբարձրանան այգիների կողմը, կծռվեն փուլ եկած պատի կողքով, և տան դռնակը կճռճռա։ Դաշտում կմնան Արզումանը, երկու հնձվորները, որոնք ընթրիքից հետո պիտի քաշվեն չոր խոտերի մեջ և քնեն մեռածի քնով։ Ու լուսինը մայր պիտի մտնի, խավարը պիտի թանձրանա... Արզումանն անցնելու է քարերի վրայով, ջրի միջով, նրանց հետքով և փուլ եկած պատի մոտ կուչ գալու այնքան, մինչև դռնակը նորից ճռռա և շալի մեջ փաթաթված մի ստվեր անձայն, անշշուկ մոտենա իրեն... Մոտենա ինչպես երկու օր առաջ, երբ ճյուղքին քնած մի թռչուն թևին արեց, աղջիկը դուրս պրծավ նրա գրկից և Արզումանին թվաց, թե պատի վրայից մարդ իջավ։ Սպասեց, շատ սպասեց, և դուռը չբացվեց։

Սղոցարանից վերադառնալուց Արզումանը կռացավ, որ աղջկա ոտքերի մոտ ընկած կիտուկը կապի,− կամացուկ նրան ասաց, «էսօր կգաս»։ «Հերս տանն է»... «Կգաս, բան եմ ասելու»... Եվ Սալբին կարմրեց, եղանով շուռ տվավ արդեն շրջած կիտուկը։

Ներքևում չոր խոտերը խշշացին։ Արզումանը տեղից վեր ելավ, Սալբին էլ նայեց... Մի ստվեր վազում էր մութի կողմը։

− Եգորն է,− կամացուկ ասաց Սալբին, սակայն բոլորը լսեցին, բացի հնձվորից։ Ու Եգորը հևիհև պատմեց, թե ինչ հրաման էր բերել Երոշը: − Օ՜ ե՜... Չթողին էլ էս խոտը տեղաց անենք... Ասի անձրև չգա, չթրջի,− ասաց Արզումանն այնպիսի հանգստությամբ, կարծես ոչ թե պատերազմի լուրն էր լսել, այլ անախորժ բեգյառի, ու հարկավոր էր երկու օր գնալ «թագավորական» ճանապարհում խիճ ջարդել: Սիմոնը խոսք չգտավ ասելու, ջաղացպանը դադարեց գերանդին ծեծելուց։ Նա մեկ Արզումանին էր նայում, մեկ Եգորին։

− Կարմրաքարի գլխին հլա շատ փորձանք է գալու,− ասաց նա: Արզումանը նայեց Սալբուն։ Երկուսի հայացքն իրար դիպան։ Ասես ծիածանի պես կամուրջ կապվեց և չասված խոսքեր կամրջի վրայով սրտից սիրտ անցան։

− Էսպես թագավորին ես... վախտը գտա՜վ,− ասաց Արզումանը։− Բեր, կարտոլը բեր ուտենք։

Լուռ ընթրեցին։ Մոռացան հնձվորին էլ զարթեցնելու։ Նա խոր քնի մեջ մշշացնում էր, ինչպես հոգնած եզը ուռենու ստվերում։

Աստղազարդ երկինքը ջինջ էր, ինչպես լեռնային լճակը։ Հնձած խոտերի մեջ ծղրիդները կանչում էին։ Շատ մոտիկ մի լոր բռռալով թռավ խոտի միջեց։ Սալբին կլպում էր կարտոֆիլը, հոր առաջ դնում։ Ու մի սպիտակն էլ զգուշությամբ գլորեց Արզումանի կողմը։ Արզումանը նայեց նրան, աղջկա արցունքոտ աչքերում խարույկի կրակն արտացոլում էր։

− Եգո՛ր, վեր կաց... Տեսնենք ինչ թուղթ է ստացել պարոն Վասիլը։− Ու երկուսով իջան գյուղի վրա։

Պամոշնիկ Անտոնի «կանցելարը», որ Կարմրաքարում ավելի շատ հայտնի էր որպես «պամոշնիկի օթախ», որովհետև այն միաժամանակ և բնակարան էր,– գյուղական մնացած սենյակներից տարբերվում էր միայն ոտքը կոտրած սեղանով, որի վրա, ինչպես և պատուհանին, դարսված էին մի քանի մատյաններ, որոնց մոտ, պատուհանի հովին,− ուր կոտրած ապակու անցքը տրեխի քողով կապկպած էր, որ կատուն ու հավերը ներս չմտնեն, երբ տանը մարդ չէր լինում,− պատուհանին դրված էր մածնի մերուցքը:

«Օթախ»-ում կանգնելու էլ տեղ չկար: Անտոնը, որ նոր էր վերադարձել Հիբանի ամարաթից, գրագրին թելադրում էր տանուտերի ուղարկած գրության պատասխանը, որ պիտի ուղարկեր Զրիկից եկած գզիրի ձեռքով: Տանուտերը դրել էր այն, ինչ հայտնի էր ուրյադնիկի հանձնած ծրարից։ Բացի այդ, նա կարգադրել էր լուսաբացին կազմ ու պատրաստ ունենալ զորակոչի ենթարկվածներին։

Վասիլը դառնացած գրում էր պատասխանը և թեկուզ գլխավերևը կանգնած Անտոնը թելադրում էր նրան, բայց նա գրում էր այնպես, ինչպես ինքը գիտեր։ Նա դառնացած էր և նրա համար, որ «օթախ»-ում եղած մարդկանց մոտ թելադրում է Անտոնը, բայց ավելի շատ՝ իր հանգիստն այդպես անակնկալ կերպով վրդովելու համար։ Պամոշնիկը նկատում էր այդ, սակայն շարունակում էր թելադրելը:

Այդ երեկոյան Վասիլը, որ գյուղում թունդ հարբեցողի հռչակ ուներ և, ինչպես քահանան էր ասում, «այդ տկարության կողմանից իրյան պապին էր քաշել»,− Վասիլը հարբած քնել էր գետափի ուռիների տակ, երբ թափահարելով նրան զարթեցրեց գզիրը։ Գաղտնի գրության անունը նրան սթափեցրեց։ Ու թոնթորալով վեր կացավ, բարձրացավ «օթախ»-ի կողմը։ Գրության բովանդակությանը տեղեկանալուց հետո, խորիմաստ «հը՜մմ» արեց։ Անտոնը դուռը փակել էր։− Հը՞։− անհամբեր հարցրեց նա։− Հե՜չ, պրիստավն է գրել...− ծույլ-ծույլ ասաց Վասիլը, հաստատ իմանալով, որ իր պատասխանը չարացնելու է պամոշնիկին, նա սպառնալու է տանուտերին ռապորտ գրելով, և վերջում՝ աղաչանքով խոստանալու է «էն զահրումարից» մի շիշ։ Երբ Վասիլը գրությունը կարդաց ու թարգմանեց, պամոշնիկ Անտոնի գլխին ասես տունը փուլ եկավ...− Ոնց թե կռիվ,− ասաց ու նստեց սկամուն։ Ապա մեկից ծլոնգ եղավ, դուրս եկավ ու դուռը փակելուց գրագրին պատվիրեց, որ ոչ ոքի չհայտնի գրության մասին՝ մինչև իր վերադարձը։

Իսկ լուրը տարածվեց կայծակի արագությամբ։ Վասիլն ինքն էր հայտնում եկողին՝ կարծես նրան ուրախություն էր պատճառում այն արտահայտությունը, որ ունենում էր յուրաքանչյուր լսող։ Վերադարձին Անտոնը զայրացավ, երբ տեսավ օթախում հավաքված մարդկանց։

− Այ խալխ, չամիչ չեն բաժանու՜մ... թողեք մի տեսնենք ինչ պատասխան ենք տալիս... Մի աշիբկա լինի, նոմերը սխալմունք պատահի, դե եկ էդ դարազումեննու պատասխանը տուր... Սա թագավորական գործ է, հանաք մասխարա չի ...

Վասիլը շտամպը մոտեցնում էր բերանին, փչում, ռունգները լայն բաց արած ներս ծծում օղու հոտը, որ ելնում էր իր շնչի հետ։ Փչում էր, ծույլ ծույլ շարադրում և քմծիծաղ տալիս պամոշնիկի խոսքերի վրա։

Արզումանը դռան մոտ կանգնածներին հրելով ներս մտավ։

− Չեստ իմեյու յավիցա, վաշ բլաղարոդի,− բղավեց նա զինվորական պատիվ տալով Անտոնին։

− Կանցիլարը շուտկի տեղը չի՛,− զայրացած պատասխանեց Անտոնը և դարձյալ կռացավ սեղանին։

− Հա՜, լավ... Ռապորտը գրի, թե չէ գիտե՜ս՝ պալևոյ սուդ, կաշիդ մեջքիցդ կհանեն... վա՜յ, Վասիլ Պետրովիչ, դու էլ էստե՞ղ... Ուրեմն հանաք չի էլի՜ կանտորա, պիշետ։ Հե՜յ, մերը չմեռնի թագավորի։ Ձեռաց գլխի ընկավ, որ Կարմրաքարում զուր հաց ուտող շատ կա։ Սիմոն ապեր,− դարձավ նա մի կարճահասակ ալևորի, որին սեղմել էին անկյունը,− դու էստեղ ի՞նչ գործ ունես։ Քո թայերը թանովը կերել են, երազ են տեսնում։

− Երեխան էլ է,− լացակումած ասաց ծերունին։

− Ստեփա՞նը։ Նա ո՞ր թվի սալդաթն է որ...

− Եսի՜մ... Վասիլի մոտ է թղթերը։

− Վասիլ Պետոովիչ, բա քեզ հետ ե՞րբ ենք մի կատիլոկից բորշ ուտելու։ Թե՞ մնում ես, վիզդ հաստանա, կուղի նման ընկնես խալխի կնանոց ջանին։

− Ասում եմ բերանդ շատ ցրիվ մի տա,− կանչեց պամոշնիկը։ Իսկ Վասիլը գլուխը կախել էր թղթի վրա, իբր թե չի լսում։

− Դե լավ հա՜... Խանչալիդ քարը վեր չընկավ։ Էնպես չի՞, Վասիլ Պետրովիչ... Դավթարում ադրեսս գրի. 117 պենզենսկի պոլկ, տրետի բատալիոն, ավտարո ռոտա պալաչիտ Արզումանու Եդիգարովու... Ադրես գրելիս հավից ճուտից շատ չհավաքես, թե չէ մին էլ տեսար եկա դիվանիդ։

Մի քանի հոգի ծիծաղեցին, մեկը կամացուկ ասաց.

− Երանի Արզումանին։ Գայլի սիրտ կերած է,− Արզամանը լսեց։

− Բա սուգ անե՞մ։ Ինչ եք կարասն ընկած մկան նման թռսխել... Մին էլ տեսաք ցեպ կապած ետ եկանք, դավայ դավայը գցեցինք...

− Ուր է, լեզվիդ մատաղ, քո ասածը լինի,− մրմնջաց Սիմոն ապերը,− սաղ սալամաթ ետ գաք... Մենք էլ նաչար ենք։

− Դե, ժողովուրդ, լսեցի՞ք,− դարձավ պամոշնիկը ներկա եղողներին։ Դրսում հավաքվածները մոտեցան դռանը։– Սպիսոկը սա է...– ու նորից կարդաց անունները։− Լույսը չբացված գյուղամեջին հավաքված լինեն, երեք օրվա պաշարով... Դե հիմա շաղ եկեք, տեսնենք ինչ ենք անում...

− Հա, արևիդ մեռնեմ,– աղաչանքով ասաց Սիմոն ապերը, որի որդու անունը ցուցակում չկարդաց, բայց մի մատյան ևս պիտի քրքրեին,− մեր հոգատար իշխանը դու ես... Բոլորը քո ձեռքիդ են նայում...

Բազմությունն սկսեց ցրվել:

− Եգո՛ր, գնա տուն, ես մեր բաղովն անցնեմ,− ասաց Արզումանը և կորավ մթության մեջ։

* * *
Գյուղի վրա բացվեց մի պղտոր առավոտ։ Մոխրագույն ամպերը ծխի նման բարդ բարդ վեր էին ելնում, կարծես վիթխարի կրահորի բերան էին բացել։

Առավոտյան մուժի մեջ ծլնգացին եկեղեցու զանգերը, ժամհար Բարսեղը սովորականից կանուխ էր զարթնել և կաղ ոտը քարշ տալով բարձրացել զանգակատունը: Հեռվից նայողին այնպես էր թվում, որ ոչ թե ժամհարն է քաշում զանգի պարանները, այլ զանգերն են ձգում նրա թևերը, նախ՝ աջը, ապա՝ ձախը: Կաղ ոտը ձգած, գլուխը գետնին խոնարհած, Բարսեղը կարծես արձանացել էր, մոռացության տվել ծանոթ գավիթը, պարանների կշկուռը, որ սեղմում էր բռան մեջ, զանգակատանը բույն դրած աղավնիներին, որոնք ամենօրյա ձևով թռան, երբ ինքը սանդուղքով վեր բարձրացավ, և շար ընկան գմբեթի ծայրին:

Ժամհարը կանուխ էր զարթնել: Գիշերն էլ անկողնում կողքից կողք էր շրջվել, կարծես ներքնակի մեջ փշեր էին լցված: Նա երբեմն գլուխը վեր էր հանում, նայում պատուհանին։ Ինչ երկար էր ամառվա այս գիշերը...

− Սամսո՜ն, քնել չե՞ս...− ձայն էր տալիս որդուն։

− Չէ՜...

− Քնի, բալաս։ Երկար ճանապարհ ես կտրելու:− Իսկ ժամհարի կինը մթնում ման էր գալիս, պղինձները զրնգացնում, սնդուկը բաց անում ինչ-որ բան հանում, կապում: Լսելի էր զսպված հեկեկոցի ձայն, որ դադարում էր, երբ Սամսոնն ու հայրը լռում էին։ Մայրը հեկեկաց բարձրաձայն, երբ խոսքի միջին ժամհարն ասաց.

− Հրես մեր տանն եմ ասում... նամակդ մշտական թող անպակաս լինի: Դու էլ քեզ մղայիթ կաց... Հազար շառ, հազար փորձանք:

Մոր հեծկլտոցի ձայնից երեխաներն էլ զարթնեցին։ Ամենափոքրը տեղերում նստեց ու կանչեց մեծ եղբորը։ Երեխան կարծում էր, թե նա գնացել է, ու իրան քնած են թողել:

− Բարսե՜ղ, օրհնյալ... բավական է,– ասաց Տեր Նորընծան եկեղեցու բանալին գրպանից հանելով:

− Էսօր շատ դարդոտ է զանգերը քաշում,− ասաց մի պառավ։

− Նաչարն ի՞նչ ունի: Մի տուն քուլփաթի պահողը Սամսոնն է,− ու ներս մտան կիսամութ, խոնավ ու քարակոփ եկեղեցին:

Շատ երդիկներից էր ծուխ բարձրանում: Կապույտ ծուխը վախվխելով ձգվում էր վեր, ու սառը քամին նրա բաշից բռնած, թռցնում էր, կտուրներից պոկում։ Եփում էին, թխում։ Կանուխ էին վեր կացել և նրանք, որոնք զինվորացու չունեին, գնացողը մեկի փեսան էր, մյուսի հորաքրոջ տղան... Պառավ կանայք, շալերի մեջ փաթաթված, դողացող ստվերների նման մեկ-մեկ անցնում էին գյուղի դատարկ փողոցներով ու կորչում եկեղեցու ներսի մթության մեջ։ Բոլորն էլ համարյա նույն ձևով էին ծնկադրում, փղձկում, ճակատը կռացնում եկեղեցու սառը հատակին: Ոչ ոք չէր լսում Տեր Նորընծայի ձայնը, որ արձագանք էր տալիս ծանր կամարների տակ, ինչպես հարվածը դատարկ կարասում: Կանայք ու ծերերը երկար չէին մնում։ Հենց արցունքը ցամաքեր թե չէ, դուրս էին գալիս և շտապում տուն՝ մի բան էլ պատվիրելու գնացողին, մի քիչ էլ նայելու նրանց։

− Հիբանի տղերքն ի՞նչ են լսել, որ առավոտ կանուխ դուքանը բաց են արել,− հարցրեց Թելունց պառավը ժամհարի կնոջը։

− Է՜հ, նրանց սրտի խորհուրդն ո՞վ կիմանա,− պատասխանեց կինը:

Այդ առավոտ Կարմրաքարում ամենից վաղ զարթնողը Մկրտումն էր։ Լույսը չբացված Եփրեմը քաղաք էր գնացել տեղեկանալու ապրանքի գներից ու կատարվող իրադարձություններից։ Մկրտումը նրան շատ հանձնարարություններ էր տվել, մի քանի անգամ էր կրկնել իր ասածը, կրկնել էր տվել եղբորը, ինչպես ուսուցիչն՝ աշակերտին։ Գիշերով Մկրտումն ինքն էր վեր կացել, իջել ներքև, Եփրեմին զարթեցրել, Գոդուն պատվիրել ձին թամբելու և եղբորը ճանապարհ գցելուց մի անգամ էլ ապսպրել քաղաքում անելիքը և գնացել խանութ։

Մկրտումը խանութի հատակին փռել էր գույնզգույն և էժանանոց թաշկինակներ, որոնց մեջ բուռ-բուռ լցնում էր չամիչ, պնդուկ, նոխուդ, ապա թաշկինակները կապոց էր անում, դարսում։ Խանութում ոչ ոք չկար։ Ամեն մի թաշկինակ կապելուց հրճվում էր, ինչպես մայրը, որ քնած երեխայի գլխավերևն ընծա է դնում։ Մկրտումը մի վայրկյան մտածեց, ապա ետ դրեց կապած թաշկինակները, սկսեց բաց անել: Մրգեղենն իրար էր խառնվել։ Ու նա ձեռքը մեկնեց, դարակից վերցրեց մի կապ ծխախոտ, սկսեց մեկմեկ դարսել կապոցների մեջ։ Մեկ էլ հավաքեց ծխախոտը, բարձրացավ վերևից ավելի աժանը և հասարակը վերցնելու։ Պատերազմի լուրը նրա վրա ևս շշմեցուցիչ տպավորություն էր արել։ Բայց այդ տևել էր միայն մի վայրկյան, ինչպես թեթև գլխապտույտ: Ու շատ հասարակ դասավորել էր այն բոլորը, որ բերելու էր պատերազմը գյուղի և իրենց տան համար։ Պամոշնիկ Անտոնին նա սառնասրտությամբ պատասխանել էր.

− Սա պետք է լիներ... Անկարելի էր... Էս տրաքոցին վաղուց էին սպասում։− Զորակոչի ենթարկվածների ցուցակում միայն Գըդլ Պուղու անունն էր, որ դժգոհություն առաջացրեց նրա դեմքի վրա։

− Բա պիլնի՞ն,− մտածեց նա։− Ու մինչև Անտոնը մյուսների անունները կթվարկեր, Մկրտումն իր անելիքը որոշեց։

Փողոցներում անցուդարձն սկսվեց։ Գրաստներին ուտելիք ու գործիքներ բարձած մի քանի հոգի գնացին աշխատանքի։ Ինչքան էլ դաժան ու հանկարծակի էր պատերազմը, բայց և այնպես հարկավոր էր խոտը հարել, հարածը կիտուկներ անել, այգին ջրել, դեղնած գարիներին նայել, որ հունձը չուշանա։ Երբեմն տներից երեխաները վազում էին Բոլոր-քարի մոտ՝ նայելու հո չեն հավաքվել. կամ թե բարձրանում էին կտուրը և նայում պամոշնիկի «օթախի» կողմը, որի առաջ տկլոր ձին դեռ կանաչ էր ուտում։

Իրենց դարբասի անկյունում Ունանը եղբորը համոզում էր այն, ինչի մասին երեկոյան խոսել էր, ու Խաչանը գլուխն օրորելով ասել էր. «վախենում եմ...»։ Ունանը եղել էր ջաղացպանի մոտ. ճիշտ է, նա հայտնել էր միջոցը, սակայն ավելացրել էր. «համա անտերն իսկական զահրումար է... Ջանով տղամարդ պիտի լինի, որ դիմանա... Էն առաջ էր, հիմա Կարմրաքարում ու՞ր է էդպես ոսկոր...»։ Խաչանից Ունանը պահել էր ջաղացպանի խոսքը, թե տղամարդը միայն կարող է դիմանալ այդ «զահրումարին...»։

Մի ներքին ձայն Խաչանին ասում էր, որ միջոցը վտանգավոր է։ Բայց սիրտը մղկտում էր... Ինչպե՞ս պիտի ապրեն տունը, կինը, երեխան։ Ամբողջ գիշերը կինը արցունք էր թափել բարձին, օրորոցի վրա, երբ կռացել էր երեխային ծիծ տալու: Ու հենց ուզում էր բերանը բանա, բարակ աղբյուրի նման արցունքը ծլլում էր։ Այս երկընտրանքը Խաչանին ծանր մտատանջության մեջ էր գցել։ Իսկ եթե խմի մի գավաթ ծխախոտի ջուր, ինչպես Ունանն էր ասում, կազատվի՞ ու տանը կմնա՞... Խաչանը կրկնում էր մոլորվածի նման, «տեսնենք, կամիսիա ընկնենք... Բալքի բրակ են դուրս բերում»։

Հանդում մենակ մնացած եզան բառաչի նման հանկարծ լսվեց գզրի հուժկու ձայնը.

− Հե՜յ, հե՜... գնացողը գա մեյդանը, հե՜յ...

− Բայղու՛շ,− ասաց Թելունց պառավն ու ձեռը չանչ արեց ձայնի ուղղությամբ:

Խաչանը տեղում ձգվեց։ Այդ կանչը նրան ազատեց երկընտրանքից, պիտի գնալ: Ու շրջվեց դարբասով ներս։

− Կա՛ց,− ասաց Ունանը, ձեռքը գրպանը տանելով։− Ձեռքի խաշլուղ կանես, մինչև տեսնենք։ Երեկ երկու բեռ խոտ եմ ծախել զրիկեցի Բախշուն...− ու նրա ձեռքին դրեց խոտի վարձը։

− Գալի՞ս են,− ասաց մեկն ու վազելով իջավ ներքին թաղը։ Մի երեխա կտուրից կանչեց.

− Անտոնը ձին թամքում է...

Եվ իրարանցումն ընկավ։ Սկսեցին կապել, կապկպել, տնետուն վազել թելի, պարանի, հաց փոխ առնելու, գրաստներ սարքելու։ Մի մայր ծնկներին խփեց. նա մոռացել էր պաշարի մեջ աղ դնելու ու ճիգ էր անում հիշելու, թե որտե՞ղ է աղի պարկը։

Կարմրաքարից գնում էին Շուղանց Իսոյի տղան, Խաչանը, Սիմոն ամու որդին, որի անունը գտնվել էր վերջին ցուցակում և հայրը լացակումած վերադարձել էր տուն, մարդ ուղարկել, որ ոչխարատեղից նրան կանչեն։ Գնում էր և Դիլբարի Թևանը, որ Արզումանի հետ էր զինվորությունից վերադարձել, իրեն հետ բերել նախշուն մի ցուցանակ, վրան գրած՝ «ռաստովսկի պարիկմախեր»։ Թևանի միտքը, որպես կետ նպատակ, Կարմրաքարում վարսավիրանոց բաց անելն էր։ Պատերազմի լուրը լսելուց, նա անմիջապես կապոտել էր ցուցանակը, գործիքների մի մասը, պինդ մեխել և տնեցոց պատվիրել մինչև իր վերադարձը չբացել։ Իսկ մնացածը՝ ածելիները, մկրատը, գլուխ խուզելու մեքենան հետը տանում էր։ Կանչում էին Գըդլ Պուղուն, ներքի թաղից երեք հոգու, ժամհար Բարսեղի որդուն։

Գյուղի ծայրին, Զրիկից եկող ճանապարհի վրա, երևացին մի քանի ձիավորներ, որոնք քշելով եկան հրապարակը։

− Գալիս ե՜ն,− ձայն տվին հավաքվածները։ Լսվեց դմբդմբոց, ապա զուռնի բարակ ձայնը: Երևաց տանուտերի սպիտակ ձին, ապա ուրյադնիկ Երոշը, որից հետո ձիավորների ու հետիոտն մարդկանց խուռն բազմությունը։

− Սարի արջերն եկա՜ն,− ձայն տվեց մի երիտասարդ ու վազեց դեպի փողոց։ Կարմրաքարցիք վերի գյուղացիներին այդ անունով էին կոչում անտառապատ լեռան տակ բնակվելու համար։

− Խալխի սրտին դանակ տաս, արյուն չի կաթի, սրանք էլ հարսանիք են գնում,− ասաց Ունանը։

Վերի գյուղի եկողները հասան Բոլոր-քարի հրապարակին ու կանգ առան։ Այնտեղ արդեն հավաքվել էր մի ուրիշ խումբ, որ ստվարացել էր զուռնա դհոլի աղմուկից։ Մի քանի հոգի մոտեցան տանուտերի ձիու սանձը բռնելու։ Խռնված բազմությունը ճեղքելով, նրան մոտեցավ պամոշնիկը։ Նրանց մոտ կանգնած մարդիկ լսեցին տանուտերի հարցը և Անտոնի պատասխանը՝ «սավսեմ հազիր ենք»։

Ինչպես երկու հոտ խառնվում են իրար, երբ մակաղելու են քշում, գիտես էլ վերի գյուղից եկած բազմությունն ու Կարմրաքարի փողոցներում սպասողները իրար անցան։ Մեկը փնտրում էր իր բարեկամի որդուն, մյուսը Կարմրաքար գալու առիթից օգտվելով խոսում էր խոտի գնի մասին, պատվեր տալիս Կարմրաքարի բարեկամին, երրորդն իր հեռավոր ազգականի տեսությանն էր վազել և շտապ պատմում էր, թե ովքեր են գնում իրենց գյուղից, ինչ են խոսում Զրիկում։ Անսովոր եռուզեռ էր, և հրապարակն ու նրան միացած փողոցները սևացել էին ձիավորից ու հետիոտն մարդկանցից, որոնց մի մասը ուղեկցելու էր մինչև քաղաք, մյուս մասը վերադառնալու էր Կարմրաքարից։

Պամոշնիկը մեկ տանուտերի հարցին էր պատասխանում, մեկ՝ գզիրին կամ առաջին հանդիպած կարմրաքարցուն ուղարկում ուշացողներին շտապեցնելու։ Տանուտերը, որի տեսքին առանձին փառահեղություն էր տալիս երիտասարդ ու կայտառ ձին, մանավանդ երբ անհամբերությունից փռնչացնում, ոտով գետինը դռփում և կարմրած ռունգներով օդը ծծում, սանձը կրծոտում,− տանուտերրը դիտում էր հավաքված բազմությանը, և ավելի հեռուն՝ կտուրների վրա խումբ-խումբ կանգնած հարս ու աղջիկներին։ Նրա վզից կախած պղնձե շղթան ու կլոր նշանը լրացնում էին տեսքի հանդիսավորությունը։ Գլխի թեթև շարժումով նա ընդունեց իր գյուղացիների բարևը, որոնցից մի մասը իրենց պարտքն էին համարում մոտենալ և լուռ սեղմել նրա ձեռքը։

− Բա ինչու՞ չես իջնում,− հարցրեց Մկրտումը,− զակուսկի կանեիր, մինչի հավաքվեին․․․

− Շնորհակալ եմ, Մկրտում․․․ Տեսնում ես էլի՜, գլուխս ինչքան է խառնված։ Ետ դառնալիս ղոնաղդ եմ։

Տեր Նորընծան հենվել էր եկեղեցու պատին։ Նա առավոտյան արարողությունը նոր էր ավարտել, ավելի ճիշտ համառոտել, որովհետև զուռնա դհոլի ձայնին եկեղեցում եղած ծերերն ու պառավները դուրս էին եկել, շտապել տները։ Քահանան նայում էր ապակյա աչքերով, նայում էր խռնված բազմությանը, ձիավորներին,− ինչպես գետափի չոր կոճղը սրընթաց հոսանքին։ Նրա կողքով շտապ անցնում էին մարդիկ, որոնցից ոմանք չէին նկատում նրան, ոմանք գլխով բարև էին տալիս։ Նա գիտեր, որ սպիտակ ձիուն նստածը տանուտերն է․․․ Ահա նրա հետ խոսում է Մկրտումը. նրա կողքին «Գեդեոնն» է՝ Գոդին, մի պարկ շալակած։

− Տերտեր, ճանապարհից հեռու կաց... Մարդը շատ է, կվնասեն,− քահանան չիմացավ թե ով ասաց։ Եվ մեքենայաբար քայլերը փոխեց դեպի դիմացի կտուրը։ Ամբողջ գյուղն էր հավաքվել։ Եկել էր նույնիսկ կույր Սային, որ մեջքը Բոլոր-քարին հենած լսում էր խոսակցությունները, կանչը, ձիերի վրնջոցը, մանուկների լացի ձայները, մեկի զիլ ծիծաղը... Ավան ամու կողքին կանգնել էր ուստա Նազարը և փափախով սրբում էր ճակատի քրտինքը։ Ավան ամու այգուց նա երկու կողով խնձոր էր բերել և սպասում էր, որ բաժանի։ Ուստան երեխայի նման ուրախացել էր և՛ նրա համար, որ գնացողներին Ավան ամին խնձոր է բաժանելու, և՛ նրա, որ ինքն է բերել կողովները։

− Ավան ամի, հենց հազրվել ես, ասես դու էլ ես գնալու,– ասաց Արզումանը, աչքը գցելով նրա կոկիկ ու պինդ կապած տրեխներին։

− Կոտորվելուն մենք ենք, որ չեն տանում,− ասաց ու բաց արեց կողովը,− առաջինը քեզ,− ու բռով լիքը լցրեց նրա գլխարկի մեջ։ Խնձորների բաժանելն իրարանցում առաջացրեց։ Շատերը մոտեցան։ Գզիրն էլ մեկնեց իր գլխարկը, իսկ Թելունց պառավը կտուրից կանչեց.

− Հրեն ծառերը կոտրատվում են էլի՜... Հասնելուց կուտես, երեխոց փայը մի կտրի։− Գզիրը փոշմանած ձեռքը ետ քաշեց, կորավ բազմության մեջ։

− Պա՜ պա՜... Կարմրաքարը զարգացել է՜... Էս վախտ կտրմիր խնձո՜ր,− ասաց Արզումանը և խնձորները ձեռքին մոտեցավ կտրանը, որի վրա կանգնած էին ջաղացպանի կինը, Բարիկոն, Սալբին, իր խորթ մայրը, ու թվաց, թե պարտեզից խնձոր է քաղել, ինչպես մանկության օրերին և ծոցերը լցրած շտապում էր յուրայինների մոտ։ Թեկուզ Սալբին գլխաշորը երեսի վրա էր քաշել, բայց և այնպես նրա կարմրելն Արզումանը նկատեց։

− Տեսեք է՜... Ավան ամին ինչ հոգեպահուստ է ունեցել,– ասաց և խնձորով լի գլխարկը մեկնեց։

− Պահի՛, ճանապարհին կծարավես,– ասաց խորթ մայրը:

− Չէ՜, վեր կալեք,– և դարձավ Բարիկոյին,– աղջի, Եգորին չե՞ս տեսել...

− Հրեն է՜, Խաչանի կողքին...− ջաղացպանի կինը խնձորներից մեկը վերցրեց և մեկնեց Սալբուն: Աղջիկն ամաչելով խնձորը պահեց գոգնոցի տակը։

Գզիրը տեղեկացրեց, որ բոլորը ներկա են։ Վասիլը պատրաստ ծրարը հանձնեց։ Մկրտումը Գոդուն նշան արեց պարկը մոտեցնելու։

− Էդ ի՞նչ է, Մկրտում,− ժպտալով հարցրեց գզիրը։

− Հե՛չ, ասում եմ տղերքն ուրախ գնան,− ասաց և մի կապոց, որ վերև էր դրված, մեկնեց տանուտերին, երկրորդը՝ ուրյադնիկ Երշոյին, որ ձիու վրայից կռացել էր պարկի վրա, վիզը ձգել, ասես ուզում էր մինչև տակը տեսնել։

− Իմ հոգուս պարտքը՝ տեղ հասնելուց նաչալնիկին էս մասին ռապորտով հայտնեմ,− ասաց տանուտերը, մատներով կապոցը տնտղելով։

− Էհ, սա ի՞նչ է որ,− կեղծ համեստությամբ պատասխանեց Մկրտումը։

Գնացողները մեկ-մեկ մոտենում են, կապոցներն ստանում։ Խաչանը ստացած կապոցը դրեց փոքրիկի գրկին։ Դիլբարի Թևանը հենց տեղն ու տեղը բաց արեց մրգեղենը, զգուշությամբ լցրեց գրպանը ու թաշկինակը տնտղեց։

− Փեշքեշ ձիու ատամին չեն նայի, է՜յ,− ձայն տվավ մեկը։ Թևանը թաշկինակը ծալեց ու տեղավորեց պայուսակում։

− Ես էլ ասեմ առավոտ կանուխ դուքանը ինչի էր բաց,− ասաց Թելունց պառավը կողքին կանգնած մի կնոջ,− նա էլ ջան է չէ՜, ասենք մի քիչ չար նախանձ է...

− Հալբաթ նրա սիրտն էլ է մղկտում,− պատասխանեց կինը։ Եվ Մկրտումի ընծաների լուրը բերնե-բերան տարածվեց։

− Արզումա՛ն, է՜յ, մոտեցի՜,− կանչեց պամոշնիկը։ Մկրտումը վերջին կապոցը ձեռքին նայում էր նրան։

− Խազեինս կոտր կընկնի, լավ չի՛,− բարձրաձայն ասաց Արզումանը։ Տանուտերն ու Մկրտումը իրար երեսի նայեցին։ Պամոշնիկը նրան ինչ-որ բան ասաց։

− Դե լա՜վ, բարիշեցե՜ք... Բա էսօր էլ մարդ իրարից խռով մնա՜,− կանչեց տանուտերը։ Մկրտումը մի քայլ արեց։

− Վաշ բլաղարոդի, իմ առուն դրա աղբյուրից ջուր չի խմի՜...− ասաց Արզումանը և շրջվեց, բազմության մեջ Եգորին գտնելու։

Տանուտերը Անտոնին մի բան ասաց ու ձին շարժեց։ Ուրյադնիկն ու մնացած ձիավորները հետևեցին նրան։ Գզիրը սանձից բռնած բերեց Անտոնի ձին:

− Ռոտա ստրոյսա՛,− բղավեց Արզումանը,− դե լաց եղեք, նանի, զիզի, հոքիր... Սար ու քոլերը ձեզ: Էլ տեսնելու չենք... Պա, պա՛, պռոշտին ջրի գին է,− ու վազեց կտուրի վրա հավաքված կանանց կողմը, շտապ-շտապ սեղմեց նրանց ձեռքը։ Սալբին երեսը շրջեց, արցունքները պահելու համար։ Եգորը մոտեցավ Արզումանին։

− Արի հետս, բան եմ ասելու...

Իրարանցումը գագաթնակետին հասավ։ Կտուրներից իջան ու խումբ-խումբ հավաքվեցին սրա նրա մոտ։ Ձիավորներն զգուշությամբ առաջ անցան։ Շուղանց Իսոյի հիվանդ կինը, որ անկողնուց վեր էր կացել, ճչաց ու կախվեց որդու վզից։ Իսոն արցունքը սրբելով, կնոջ թևից բռնեց։

− Աղջի, երեխի սիրտը խարաբ մի՛ անի, թող պարզամիտ գնա...

− Տերտեր, չեղավ էլի՝ մեր գլխին Ավետարանդ պահես, ասես համո՞զ ես,− ծիծաղելով ասաց Արզումանը և սեղմեց տերտերի ոսկրոտ մատները։

Արզումանը կտուրից նայեց սևացած փողոցին։ Մեկը հեկեկում էր, գլուխը պատին հենած, մի ուրիշը արցունքը սրբելով հուսադրում էր գնացողին։ Խաչանը երեխային դրել էր ուսերին և զրուցում էր Ունանի հետ, իսկ կինը նրանից քիչ հեռու կանգնել էր, կապոցը ձեռին։ Փողոցում երևաց ջաղացպանը։ Նա ՛աչք էր ածում մեկին, Արզումանը տեսավ նրան ու մոտ վազեց.

− Անդրի ամի՜...− ու ջաղացպանը գրկեց նրան։

− Ես մեռած, դու սաղ... Արզուման, սալամաթ վերադառնաս, դու էլ խեղճ ես...

− Գալու եմ, Անդիի ամի։ Հալա ի՜նչ օրեր ենք տեսնելու՜...

Կտուրի վրա խորթ մայրն էր, ջաղացպանի կինը, Սալբին։ Տերտերի կինը մի խմբից մյուսն էր վազում։ Թևերը լայն բաց արած, իբրև ծեր սագ, լնգլնգալով մոտեցավ Թելունց պառավն ու փաթաթվեց Արզումանին.

− Մի մոր տղա էլ դու ես, բալա ջան, ինչ ես եթիմի պես կանգնել...– Արզումանը զգացվեց, աչքերը տաքացան։

− Չորտ ևո, խայտառակ են անելու հա՜,− ասաց նա, թևով աչքերը սրբելով:

Պամոշնիկ Անտոնը ձգեց ձիու սանձը։ Նրա առաջից գնում էին դհոլ զուռնան ու հետիոտն մարդկանց խումբը։ Եվ թափորը շարժվեց դանդաղ, անկանոն,− շարժվեց, ասես այդ զանգվածն իբր կենդանի միս պոկում էին գյուղի մարմնից, կտրատվում էին հազարավոր թելեր, անասելի ցավ պատճառում թե՛ նրանց, որոնք պաշարը շալակած գնում էին ու կարոտով նայում ծանոթ տներին, կտուրի վրա հավաքված աղջիկներին, կանանց, և թե՛ նրանց, որոնք դատապարտված էին մնալու և սպասելու։

− Ավան ամի, էհ մնաս բարով,− ասաց Արզումանը։

− Չէ, գնանք... Մինչի Լուս Խաչերը հետդ կգամ։

− Արզումա՜ն, Արզումա՜ն...− Ուստա Նազարն էր վազում։

− Ուստա ջա՜ն...− ու փաթաթվեցին իրար։

− Բարով վերադառնաս,− մրմնջաց ուստան։

− Արխային կաց, մնացողը չեմ։

− Ավան ամի, նամակս քեզ վրա է գալու,− ու քիչ անց ավելացրեց,− աչքդ էս երեխու վրա պահիր, մինչև տեսնենք,− ասաց Արզումանը, ցույց տալով Եգորին։ Ավան ամին լուռ էր, մտքերի հետ։

Արզումանը Եգորին մի կողմի վրա քաշելով, կամաց ասաց.

− Գլխի ես չէ՞ մեր բանը... Սիմոնի աղջկա հետ...– ու նայեց նրա աչքերին։ Եգորը շիկնեց։– Հա, լավ, հո երեխա չես... Դե, վերջը, կարճ ասեմ։ Ականջովս է ընկել, որ խազեինը Գոդու համար է ուզում առնի... Էդպես խոսք բացվել է: Հա՛, աղջիկը չի ուզում։ Հիմա մեր բանն էլ էսպես գնաց: Չորտ ևո, կարող է գամ, կարող է չէ... Էդ մեր ֆելդֆեբել Իվան Իվանովիչը կասի... Աղջիկ է էլի, մի քիչ լաց կլինի, վերջը գլուխը կախ կգնա։ Ի՞նչ պիտի ասի։ Թե որ չեկա, ուրիշի մեղքի տակին ինչի ընկնեմ։− Ես էլ սովեստ ունեմ, չէ՞... Հա, ինձ հանգամանքները մանրամասն կգրես։ Ղուշի թևով էլ է կհասնեմ։ Թե չէ, հո չէ...

Եգորի աչքերը արցունքոտվեցին։

− Տղամարդ կաց։ Արզումանի գլուխը քարի տակին չի մնա...

Լուս Խաչերում կանգ առան։ Իրենց արտի կողքին կանգնել էր Խեչանը: Արտը ծովի նման ծփում էր. ծանր հասկերը քսվում էին իրար,հնչեցնում տխուր լարի նման։

− Ունանը կհնձի, արի՜,− ասաց Արզումանը։

Եվ անխոս բաժանվեցին։ Մնացին միայն նրանք, որոնք մինչև քաղաք պիտի ուղեկցեին։

Ճանապարհը շարունակեցին։ Արզումանը ետ նայեց։ Կողք-կողքի գնում էին Ավան ամին ու Եգորը... Հեռվու՜մ, արտի եզրին կանգնել էր Սալբին, կանգնել էր ու նայում էր։ Հանկարծ արտերի միջից դուրս եկավ իրենց պառավ Բողարը ու փաթաթվեց ոտներին։

− Բողա՜ր... Բողա՛ր, ետ դառ...

Շունը նստեց հետևի ոտների վրա, լեզուն հանեց շոգից: Արզումանը մի անգամ էլ սաստեց շանը վերադառնալու... Երևում էին գյուղի ծայրի տները, եկեղեցին ասես փոսի մեջ էր։ Արզումանը ձեռքով արեց աղջկանը և վազեց ընկերներին հասնելու...

Բողարը մի քիչ էլ սպասեց, մինչև Արզումանը փոքրացավ սև կատվի չափ։ Ու շունը վերադարձավ։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top