Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Կարմրաքար

Կարմրաքար


2
Խոջա Հիբանի տունը, կամ ինչպես Կարմրաքարում ասում էին, ամարաթը գտնվում էր գյուղի վերի թաղում, մի փոքրիկ բլրակի վրա, որ գերեզմանատան թմբից բաժանվում էր բարակ ձորով։ Տան հետևով անցնում էր Քառասնաջրի անտառը տանող ճանապարհը, որ հենց տան մոտն էլ ծռվում էր և կորչում ծառերի արանքում։ Եվ ձմռան լուսնկա գիշերներին գայլերն առանց վախի ոռնում էին տան բարձր պատերի տակ և ոտնաձայն լսելուց մի ոստյուն անում ու կորչում անտառում։

Հիբանի ամարաթից վերև տուն չկար, իսկ ներքև՝ դեպի գյուղի գլխավոր փողոցը, որ միևնույն ժամանակ և քաղաք տանող ճանապարհն էր Կարմրաքարից հյուսիս ընկած գյուղերի համար,– նրա որդիների խանութն էր։ Տնից խանութ գնացող կածանը կեռմաններով իջնում էր, անցնում բարակ ձորակն ու միանում փողոցին։

Կարմրաքարի շինությունների մեջ Խոջա-Հիբանի տունն իր մեծությամբ և նստվածքով ետ էր մնում միայն եկեղեցուց: Տան չորս բոլորը բարձր և ամուր պարիսպն էր, որի գլխավոր դուռը նայում էր գյուղին, իսկ փոքր դուռը բացվում էր անտառը տանող ճանապարհի վրա։

Պարսպի տակ ցածր կտուրով, զանազան կառուցվածքներ էին՝ գոմ, մարագ, ախոռներ, փարախ, ամբարներ և այլն։ Այդ ամենը միանգամից և միակերպ չէր շինված։ Գլխավոր դռնից մտնողը պիտի անցներ աջ ու ձախ ընկած շինությունների միջով, հասներ փոքրիկ հրապարակին, որի կենտրոնում, ճիշտ դռան դիմաց, նրանց երկհարկանի տունն էր։ Երկրորդ հարկի քարե սանդուղքը բակի կողմից է, ներքին տան պատուհանի դիմաց: Դրա համար էլ ներքին տան նստողը կարող էր տեսնել, թե ով է իջնում և բարձրանում սանդուղքով։

Թե տունը և թե մնացած շինությունները Խոջա Հիբանի օրոք էլ կային։

Իսկ ավելի առաջ նրանք ապրում էին ներքին տանը, որի ծխից սևացած օճորքի հաստ գերանները այն ծառերից էին, որ հենց ալդ բլրակի գլխին էլ բուսել էին և կտրված էին այն ժամանակ, երբ «հագարացու աշխարհից» եկել էին Կարմրաքարի նախահայրերը։ Հիբանն էր կառուցել երկրորդ հարկը՝ սրբատաշ քարերից, նեղլիկ ու փոքր պատուհաններով երեք սենյակ, որոնցից մեկը, ամենափոքրը, պատուհան էլ չուներ և ցերեկով կիսամութ էր ներսում:

Այդ սենյակում էր պահում Խոջան իր ունեցածը՝ գորգերի ու խալիների կույտը, արծաթեղենը, կնոջ զարդեր, թանկագին մորթիներ, մի խոսքով այն ամենը, որի մասին գյուղում առասպելներ էին պատմում։ Այդ սենյակումն էր և պղնձե մեծ սամովարը, որ Հիբանի օրոք Կարմրաքարում նորություն էր եղել և հարստության նշան։ Երբ թեյի գործածությունը շատերին ծանոթ չէր, Խոջա-Հիբանը տուն եկող հյուրերին ցույց է տվել մեծ ու անճոռնի սամովարը և բացատրել, թե ջուրը որտեղ են լցնում, ծորակը ինչու համար է... Նրա կենդանության ժամանակ սամովարը երբեք չէին գործածել։ Ու միայն թաղումից հետո, երբ պատվավոր հյուրերի համար վերին հարկում սեղան էին բաց արել, Մկրտումի կինը առաջին անգամ սամովարի գլուխը բաց է անում։ Բաց է անում և կանչում է ամուսնուն... Սամովարը մինչև ունկերը լիքն էր արծաթե փայլուն աբասիներով։

Խոջս-Հիբանը այդ սինյակումն էր պահում փոքրիկ, գունավոր թիթեղներով պատած սնդուկը, որի մեջ էին սանադները։ Երբ մեկը ներս էր մտնում և հասկացնում, որ եկել է պարտքը տալու, Խոջան սիրալիր ժպտում էր, տեղից վեր էր կենում ու կանչում Մկրտումին։ Սարսափելի էր այդ ձայնը։ Եթե փողոցով անցնողը լսում էր Հիբանի ձայնը, քայլերն արագացնում էր և միտք անում, թե ում վրա է չարացել Խոջան։ Մեկն ու մեկը բարձրանում էր սանդուղքով, Մկրտումը ներքի տան պատուհանից տեսնում էր նրան, հետևից գնում և դռան մոտ սպասում: Երբեմն էլ նա հյուրերի հետ ներս էր մտնում։ Հայրը բարձր չէր կանչում, այլ քթի տակ խոսում էր, նախատինք թափում որդու երեսին, գանգատվում, որ ուժից ընկնում է և առաջվա նման չի կարողանում հյուրերին պատվով ընդունել։ Երեքով ներս էին մտնում կիսամութ սենյակը։ Հյուրն ու Մկրտումը կանգնում էին շեմքի մոտ, Հիբանը մոտենում էր բուխարիկին, ձեռքը մեկնում և ծխնելույզի միջից հանում փոքրիկ սնդուկը, որից հետո միայն որդին մոտենում էր։

− Կարդա՛,− ասում է Խոջան և մեկնում մի սանադ։ Եվ հենց Մկրտումը սկսեր կարդալը՝ «Վեր առիմ և պարտ եմ...», հայրն ընդհատում էր.

− Էդ չի,− և մի ուրիշն էր տալիս։ Երբ գտնում էր սանադը և տալիս որդուն, Հիբանը ծնկներին կռթնած սպասում էր, մինչև Մկրտումը գիրկապ անելով կարդա խոնավությունից դեղնած ու տեղ-տեղ խմորով կպցրած սանադը... «Վկա եմ... վասն անգրագիտության և խնդրանոք նորա սույն արքը հաստատեմ և արքունական կնքովս դրոշմեմ...»։ Կարդում էր որդին, իսկ հայրը վիզը թեքած լսում էր, աչքերը ճպճպացնում, սեղմում էր աչքերը, ասես արցունք կա, որ հիմա պիտի քամի, աչքերի չորությունը մեղմի։ Վեհ և պատկառելի էր նրա դեմքը այդ վայրկյաններին։ Կարծես մահվան վճիռ էին կարդում։ Եվ թեկուզ վճիռը թելադրել էր այդ ծերունին, նրա դեմքին նայողը կմտածեր, թե նա զղջում է ու սիրտը ցավում է։

Պարտաթուղթը կարդալուց հետո Հիբանը փակում էր սնդուկը, թուղթը մոտեցնում եկողին ու մի խոր հոգոց քաշում: Այդ հոգոցից հետո պատկերը փոխվում էր։ Հիբանի աչքերն էլ չէին ճպճպում այլ բացվում էին, անթարթ սևեռում նորեկի սեղմած բռունցքին: Սկսում էր հաշիվը: Ամեն մի կոպեկը տնտղում էր, նայում գրին ու նշանին: Եթե թղթադրամ էր, ծնկան վրա էր դնում, ծալքերը հարթում, բութով և ցուցամատով տրորում, մի քանի անգամ հարցնում.

− Հո ղալբ չե՞ն... Մկրտո՜ւմ... Անունդ քարին գրեմ, մի տես, իմ աչքերը լավ չեն ջոկում, տես նշանը տեղն է...− ու մինչև Մկրտումը թղթադրամի վրա կգտներ հոր ուզած նշանը, խոջան սրտնեղած ասում էր,− ափսոս չի ոսկին... մաքուր հաշիվ, ոչ ծալվել ունի, ոչ կեղտոտվել: Է՜... Խեր բարաքյաթը կորա՜վ, հազար...-ից փող են կտրում, ամոթ չլինի ասել:

Իսկ դիմացինը ամեն մի դրամի համար մի պատմություն է անում, պատմում, թե սպիտակ աբասին ումից է ստացել, ինչքան է խոտ հարել նրա դիմաց, թե հինգանոցն իր մոր հոգապահուստն է, որ ստացել է հարսանիքի օրը հորից։

− Հա՜, հա՛... Ողորմած հոգին լավ մարդ էր։ Ա՜յ փուչ աշխարհ, փուչ էլ կմնաս: Դե նայի՜, նայի՜... Էս ոսկին ու հիմիկվանը մին ե՞ն:

Փողերը ստուգելուց հետո Հիբանը սկսում էր հաշվել։ Եթե գումարը մեծ էր, գրպանից հանում էր թազբեհը և հատիկները գլորելով համարում, իսկ եթե փոքր էր, նրա հաշվելու ձևը հասարակ էր:

− Վեց աբասի, էս էլ տասը շահի, էս էլ վեց շահի, տասնվեց շահի։ Էս երկու մանեթ, էս էլ հնգանոցը, չէ՜, քեզ մատաղ... Դու էլ միաղ պահի, որ չսխալվեմ... Հարամ կոպեկ իմ փողին ես չեմ խառնի,– և հանկարծ դառնում էր որդուն.

− Ի՞նչքան էր գրածը:

− Տասնչորս մանեթ։

− Հիբան աղա, բա խոտի վարձը,– վախվխելով ասում էր գյուղացին և հիշեցնում, որ պարտքի դիմաց անցյալ տարի երկու օր նրա համար խոտ է հարել։

− Խո՞տս որն է,− հոնքերը կիտում էր Հիբանը,− էն թո՛ղ... Խոտը ջոկ, փողը ջոկ, խալխի ձիերը խոտը կերել են, ես պիտի շարման քաշե՞մ... Եմ փողը պետք է թամամ լինի։

− Ախր...

− Է՜հ, դե հաշիվը մի խառնի է՜... Էս տասնըմին մանեթ վեց շահի... Մկրտում, միտդ պահի... Էս երկու աբասի, տասնչորս կոպեկ, տե՜ս, տե՜ս, էս շահանոցի գլխին ինչ օին են խաղացել... Ասա, շան որդի, փողը ոսկո՞ր է, որ կրծել ե՜ք...

− Հիբան աղա, երեխեքն են...

− Պա՜, պա՜, պա՜... Երեխու ձեռը փող չդնե՜ս, տունդ կքանդես։ Հրես տես, պսակելու եմ էս աշունքը, իրա օրումը ջեբը մի քոռ չեթ էլ չի տեսել... Վախտը կա, ամեն բանի ժամանակը կա... Մեռնելուց հետո թող տիրություն անի... Մկրտո՛ւմ, ինչքա՞ն եղավ, զրուցով ընկանք։

− Տասներեք մանեթ վեց շահի։

− Հիբան աղա, դե մնացածն էլ բաշխի, երեխատեր եմ. տանը հիվանդ ունեմ, ուզում եմ մի գուշ ոսպ առնեմ։

− Չէ՛ չէ՛, թափ տուր, ջեբդ թափ տուր։ Ես ո՞վ եմ, որ փողի հետ խաղ անեմ։ Ուզում ես ինձ էլ, քեզ էլ խայտառակ անե՞ս։

− Հիբան աղա, մեր հարսը մի քանի օր բուրդ է լվացել ձեր տանը, նրան էլ է խղճացիր... Շաբաթից ավել է ճրագ չենք վառել։

− Դե բավական է էլի՜,− ձայնը բարձրացնում է Հիբանը.–ես էլ չեմ ճրագ վառում... Լուսով հացդ կեր, տեղերդ մտի... Քեզ վեց շահի, նրան մի մանեթ։ Ես շահի խազնադարը չեմ։ Ջեբդ թափ տուր... Վեց շահու արժեքն ինչ է, որ դրա համար խոսք ու զրույց ես անում։ Ուզո՞ւմ ես էլի ետ տամ, թազա սանադ սարքենք... Թքած փողի վրա. դու մարդու լավությունն ասա... Փողն ի՞նչ բան է, քեզ պես մի մարդու հետ նստելը, վեր կենալը հազար մանեթի թայ չեմ անի...

Եվ թաշկինակի ծայրին կապած երկու արծաթը գյուղացին հանում էր, լրացնում պարտքն ու տոկոսը, որից հետո Հիբանը սանադը միջից երկու էր անում, կտորները տալիս նրան և ստիպում, որ նա էլ մանր կտորներ անի։ Ապա հավարում էր կտորները, լցնում նրա բռի մեջ։ Երբ վեր էին կենում, Հիբանը սնդուկը բուխարու մեջ տեղավորելուց հետո դառնում էր գյուղացուն։

− Գնո՞ւմ ես... Մնայիր, էն թազա սամովարից մի չայ կխմեինք։ Հա, լավ ես ասում... Գործի ժամանակ է, գնա, գնա բանիդ։ Չայը թամբալ թուրքի բան է։ Է՜, քեզ նման ջան ունենայի, մի տարում երկու տուն կսարքեի... Ի՞նչ ես էդպես խեղճացել։ Աստված կռներիդ ուժ տա, էլի կամ, մի վախենա։ Էս փողն ո՞ւմ համար է։ Թե հարկավոր լինի, արի՛... Հալալ մարդու համար իմ դուռը բաց է,− և ձեռքով մի քանի անգամ փափուկ զարկում էր նրա թիկունքին, ճանապարհ դնում։

Հենց հյուրը գնար թե չէ, Խոջա-Հիբանն սկսում էր զայրանալ որդու վրա։ Մի առիթ միշտ կգտներ. կամ ուշ էր եկել, կամ կարդալուց կմկմացել էր և կամ գումարը պարզ չէր ասել։

− Էսքան թուք ու մուրն ո՞ւմ համար է... Դու որ մեծն ե՜ս, էդպես ես, բա էն փոքրին ի՞նչ օրինակ ես լինելու։ Շան ծիծ ես ծծել, ես քո խրատողի... Կորի՛, աչքիցս հեռացի։

Խոջա-Հիբանն ագահ էր ամեն ինչի հանդեպ։ Կես գիշերին հանկարծ տեղից վեր էր կենում և թեկուզ լուսանալուն շատ կար, զարթնեցնում էր տնեցոց, ծառաներին ստիպում, որ տավարը մթնով տանեն ու մինչև լուսանալը գյուղի մոտակա հանդերում կշտացնեն։

− Արջերն էլ են շատ քնում... Ասենք տեղներս ծմակ է, ուրեմն պետք է արջաքուն տա՞ք...

Տնեցիք վեր էին կենում, մեկը քնաթաթախ երեխաներին էր հագցնում, մյուսը ծառաների համար կերակուր պատրաստում։ Իսկ ինքը թամքած ու տան սյունից կապած ձին նստում էր գնում կամ հարևան գյուղը ապառիկն առնելու մեկից, կամ բուրդի կանխավճար տալու, կամ գերաններ պատվիրելու, որպեսզի մի շաբաթվա ընթացքում, գյուղական աշխատանքի թեկուզ եռուն ժամանակ, մի քանի հարյուր գերան եզներով քաշել տա և Կարմրաքարի կածաններով տանի քաղաք։

Խստաբարո մարդ էր Հիբանը։ Նրա մասին գյուղի պառավներն ասում էին, թե աչքը չար է։ Եթե երևար փողոցում, նրանից ավելի տարիքավոր կանայք անգամ տեղից վեր էին կենում և դռան հետևը պահվում՝ մինչև անց կենար։ Շատ կանայք երեխաներին էլ էին տանում, իսկ անցնելուց հետո նորից էին դուրս գալիս։ Մի տղամայր անպատճառ պիտի կռանար, մի քար շրջեր՝ նրա չար աչքի դեմ։

Խոջա-Հիբանի մասին գյուղի կանայք զանազան լուրեր տեղեկանում էին նրա կնոջից, երբ գնում էին նրանց համար բուրդ լվալու, գզելու, կարպետներն ու գորգերը թափ տալու, հաց թխելու։ Կինը չէր քաշվում և ընկեր հարևանին ցույց էր տալիս իր մարմնի կապտած տեղերը։ Ծեծն ու նախատինքը նա անտրտունջ տանում էր և միայն բավականանում էր իր ցավը ուրիշներին պատմելով։ Ամուսինը գիտեր այդ, գիտեր և լռում էր։ Նա իր հաշիվն ուներ։ Հիբանը գիտեր, որ կինը մեկը տասն է շինում, դեպքը ծաղկեցնում, իսկ այդ նրան ձեռնտու էր։ Որքան շատ դողային իրենից, որքան շատ երկյուղ ներշնչեր հարևաններին, այնքան ավելի ազդեցիկ ու անվանի կլիներ։

Հիսուն տարվա ընթացքում Հիբանի կինը միայն մի անգամ էր ըմբոստացել իր ամուսնու դեմ և նույնիսկ մի օրով էլ տանից հեռացել։ Այդ այսպես է պատահել։ Հիբանն աշխատանքից տուն գալուց (նա գնացել էր կամրջի մոտ ուղտապաններից բուրդ առնելու) լսել էր զուռնայի ձայն. կամացուկ մոտեցել էր ձայնի վրա և տեսել, որ նվագողը որդին է՝ Մկրտումը, տասը-տասներկու տարեկան տղան։ Հայրը զայրացել էր, ձեռքի գրվանքանոցը շպրտել որդու վրա։ Երկաթը կպել էր ճակատի անկյունին և ոսկորը ճեղքել։ Վրա էր վազել մայրը և արնակոլոլ որդուն ազատել գազազած հոր ձեռքից։ Այդ գիշեր Հիբանը ծեծել էր կնոջը։

— Էս լակոտն ինձանից չի... Ուրիշից ես բերել, շա՛ն աղջիկ, իմ ցեղում զուռնա ածող չի եղել։

Մայրը գրկում է վիրավոր երեխային և կես գիշերին գնում ծնողների մոտ։ Սակայն Հիբանի ահից ծնողները չեն համաձայնվում նրան աեղ տալու և մյուս առավոտ նորից վերադառնում է ամուսնու հարկի աակ։ Ճշմարիտ է, այդ դեպքից հետո Հիբանը քիչ մեղմանում է, նա հիվանդի համար նույնիսկ քաղաքից մրգեղեն է առնում, բայց հենց երեխան առողջանում է թե չէ, ձեռքերն իրար զարկելով կնոջը հայտարարում է, որ Մկրտամի ոսկորն իրենից է, և շարունակում է մի անգամ բռնած ճանապարհը:

Հիբանի կինն ավելի կանուխ է մահանում։ Վերջին տարիներում պառավը չորացել, մնացել էր կաշին ու ոսկորը։ Կնոջ մահն ազդել էր նրա վրա։ Ճիշտ է, նա առաջվա պես ագահ էր և խիստ, բայց ավելի էր մռայլ, հաճախ՝ դաժան։ Դարձյալ գիշերները զարթեցնում էր, գործի ուղարկում։ Այս անգամ մի տեղ գնալուց, նա Մկրտումին իր հետ էր ման ածում և ճանապարհին խրատում, թե ինչպես պետք է իրեն պահի այսինչի մոտ, ո՞վ է Զրիկում ամենահարուստը, ինչի՞ց է նա երկյուղ կրում, ո՞վ է իրեն պարտ։

Այդ խոսակցությունը հաճելի էր Մկրտումին։ Նրա մեջ զարթնում էր փոքրիկ գազանը, որի ճանկերը դեռ ոսկրացած չէին և որը սակայն ավելի ագահությամբ էր հարձակվում հոր կողմից հոշոտված որսի վրտ: Դրանից էր, որ նա ավելի համարձակ էր կարդում մուրհակը, արագ գումարում, երբեմն փողը ստուգում։ Հիբանն աչքի տակով նայում էր և ինքնագոհ ժպիտը մեղմացնում էր դեմքի խոժոռ արտահայտությունը:

Մի առավոտ էլ, երբ հոր հանձնարարությամբ հսկում էր, թե ինչպես են խուզում տան առաջ նստած ոչխարներին, Եփրեմն եկավ և կանչեց եղբորը։ Երկուսով ներս մտան։ Հայրը պառկել էր կարպետին... Սանամ հորքուրը բարձ էր դնում նրա գլխի տակ. ծերունին արխալուղի կոճակներն արձակել էր ու խոր շնչում էր։ Դռան ձայնից գլուխը մի քիչ բարձրացրեց, տեսավ որդիներին։ Եփրեմի ճակատը համբուրելուց հետո ձեռքով նշան արեց, որ դուրս գնան... Սանամ հորքուրն էլ հետևեց նրան։ Մկրտումը հասկացավ հոր հայացքը և թաթերի ծայրով մոտեցավ դռանն ու կապը գցեց։ Ծերունին ձեռքով կարպետին խփեց, հասկացրեց, որ Մկրտումը նստի։ Ու գլուխը նրա կողմը դարձնելով շշնջաց.

— Ուզում էի ոչխարի մոտ գամ... Հը՞, բուրդը հո երեսից չեն խուզում, Գոդին էնտե՞ղ է...— Մկրտումը գլխով արեց։ Հոր գունատ դեմքը նրան սարսափեցրեց։ Մի՞թե մեռնում է... Ուրեմն մենակ պիտի մնա... Ու նա հիշեց պարսպի և տան կտուրի մասին եղած խոսակցությունը։

Մի անգամ հոր հետ գնացել էր քաղաք։ Վերադարձին նա ցանկություն էր հայտնել տան շուրջը պարիսպ քաշելու, իսկ կտուրն էլ թիթեղով ծածկելու, ինչպես քաղաքումն են անում։ Հիբանը բարկացել էր նրա վրա։

— Շհարո՜ւմ... Շհարու՜մ հազար լրբություններ են անում։ Իմ կարողությունը ես էն սևացած տանն եմ հավաքել։ Թող մի քիչ էլ կտուրը կաթի, հոգիդ դուրս չի գա, որ ձյունը մաքրես։

Բայց քիչ հետո համաձայնվել էր պարսպի կառուցման մտքի հետ։

— Հազար մարդ է անցկենում, հազար աչք է նայում... Էդպես ավելի ապահով կլինի։

Եվ խոսք էր տվել եկող գարնանը քար ու կիրը հավաքելու։ Թեկուզ քար ու կիրը պատրաստ էր, բայց հայրը դարձյալ հետաձգում էր։ Մկրտումի առաջին միտքն եղավ պարսպի կառուցումը։ Հիբանն ասես որդու միտքը հասկացավ։

— Չէ, դեռ ժամանակը չի... Էդքան շուտ չի լինի։ Ես ժամանակը գիտեմ...—Մկրտումին թվաց, թե հայրը հասկացավ իր միտքը՝ նրա մահվան մասին։ Ու նրա մտքովն անցավ, որ հոր մահը մոտ չի, և նա գխոե, թե երբ է գալու ժամանակը։

— Սանամ հորքուրիդ կպահես, թող տերություն անի, մինչև... Հը, բան-ման կա՞, թե չէ...

Այդ մասին, հայրը մի անգամ էլ էր հարցրել իրեն, երբ միասին գնացել էին անտառը գերանները ջոկելու։ Խոսքը Մկրտումի կնոջն էր վերաբերում։ Երկրորդ տարին էր, ինչ ամուսնացել էր, բայց երեխա դեռ չունեին։ Հիբանն իր քրոջն էր մի քանի անգամ հարցրել այդ մասին և թեկուզ Սանամը եղբորը հանգստացրել էր, թե դեռ հարսը երեխա է, բայց և այնպես նրա հետ խոսելուց հետո, հարսին այնպիսի հարցեր էր տվել և այնպիսի խորհուրդներ, որ մանկամարդ կինը ամաչելուց կարմրել և արցունքն աչքին հեռացել էր, տան անկյունում դառը հեծկլտալու։

Հոր հարցին Մկրտումը չպատասխանեց։ Կարմրեց ու սկսեց կարպետի ծայրը մատներով տրորել։

— Կլինի, կլինի... Իմ ցեղն անժառանգ չի... Սանամ հորքուրիդ կպահես։ Մի քիչ խելքը պակաս է, համա աշխատավոր է... Եփրեմին բռանդ մեջ կպահես, խելքը խակ է, բայց ո՞վ գիտե ինչ դառնա... Դե գնա՛, գնա՛, բուրդը ցրիվ չտան։ Մեծաբուրդը թող ջոկ դարսեն. անլվա էլ գինը թանկ է... Տե՜ս, Նորընծան տա՞նն է, ասա թող գա... Էդ հոգսից էլ պրծնենք,— և ասես ինքն էլ սարսափելով իր մտքից, որ մահը մոտ է, դեմքի մկանները կծկելով, ասաց,— չէ՛, ժամանակը ե՛ս գիտեմ... Թող գա... Թող գա,— և պինդ, շատ պինդ սեղմեց որդու ձեռքը։ Մկրտումը մեջքը ձգեց ու թեքվեց հոր կողմը։ Հայրն անզոր ժպտաց։

— Տեսնո՞ւմ ես ինչ ուժ ունեմ... Դե գնա՛, գնա՛...

Մկրտումը դուրս գնաց։ Շեմքի մոտ Սանամ հորքուրը գոգնոցի ծայրով սրբում էր արցունքը։ Մկրտումը տեսավ այդ և այն թափը, որով նա դուրս եկավ բուրդը խուզողներին կարգադրելու հոր ասածը, այդ թափը կոտրվեց, ոտքերը թուլացան։ Ու շվարած հայտնեց միայն, որ հայրն ուղարկում է քահանային կանչելու։

Լուրն ամբողջ գյուղում արագ տարածվեց։ Ճաշի մոտ քահանան նրան հաղորդություն էր տվել և երբ դուրս էր եկել, գյուղացիներին հայտնել էր, որ խոջա Հայրապետը դեռ շատ է ապրելու, գույնը տեղն է, հիշողությունն առաջվա պես։ Մի քանի ծերունիներ քչփչացել էին, որ հոգին ծանր է տալու, շատ պիտի տանջվի։

Բայց և այնպես գալիս էին նստոտում կարպետի վրա, զրուցում: Զրույցն ընդհատվում էր, երբ ներսից լսվում էր հիվանդի ձայնը... Ոմանք աշխատում էին Մկրտումի աչքին երևալ։ Մի քանի կանայք, մանավանդ հարսի ազգականներից, ներս ու դուրս էին անում, ավլում, սրբում, կարպետի վրա նեղլիկ ներքնակ գցում, եթե եկողը գյուղի ազդեցիկ մարդկանցից էր։ Ոմանք առաջին անգամ էին տեսնում նրանց տունը և օտարոտի հայացքով դիտում էին պատերը, օճորքը, պատից կախած գորգերը, գետնի լայն կարպետը։ Անկյունում նստած երկու մարդ քսփսում էին, հազիվ լսելի ձայնով մեկը պատմում էր մյուսին, որ դիմացի պատից կախված ծաղկավոր կարպետը Զեյթա գյուղացի Աբասինն է և Հիբանը վերցրել է այդ տասը ռուբլու պարտքի դիմաց։

Երեկոյան հիվանդի դրությունն ավելի ծանրացավ։ Շնչառությունն ընդհատ էր, մերթ կորչում էր շունչը, հիվանդն աչքերը խփում էր, դեմքին և ոչ մի մազ, ոչ մի մկան չէր շարժվում,− մերթ խորանում էր, կրծքի վանդակն ուռչում... Հիվանդը դեն էր գցում վերմակը, փորձում տեղում նստել, ինչ-որ բան էր ուզում ասել, բայց լեզուն կապ էր ընկնում։ Կողքին կանգնողներից ամեն մեկը իր կերպ էր հասկանում հիվանդի միտքը, մեկը բարձն էր ուղղում, մյուսը պատուհանն էր բաց անում, իսկ երրորդը պատվիրում էր ջուր տաքացնել: Մկրտումը մեկ հորն էր մոտենում, մեկ դուրս գալիս, Եփրեմին, Գոգուն և ծառաներից հենց առաջին հանդիպողին կարգադրություններ անում, որից և ոչ մեկը հիվանդի առողջությանը չէր վերաբերում։ Սակայն բոլորն էլ գիտեին, որ ինչ էլ պատահի, կովերը պիտի կթեին, ոչխարին փարախն անեին, ձին թիմարեին, շան տեղը փոխեին։

Վերջին հյուրը՝ Տեր Նորընծան, բարի գիշեր ասաց, մի քանի խոսք էլ ավելացրեց այն մասին, թե հիվանդն ամուր է, հարվածը կանցնի և դեռ շատ տարիներ կապրի։ Մնացին մոտ ազգականները։ Կես գիշերին իրոք որ Հիբանն իրեն լավ զգաց։ Հայրը Եփրեմին հարցրեց, թե ձիուն ինչ խոտից են տվել։ Մկրտումը մեկ-մեկ թվում էր, թե ովքեր էին եկել։

− Ասում ես Առուստա՞մն էլ էր− և հոնքերը կիտեց: Առուստամը Ավան ամու հայրն էր։ Հիբանի և նրա մեջ խուլ թշնամության կար, չնայած դրան, Առուստամը մի քանի ծերունիների հորդորանքը լսելով, եկել էր իր թշնամու վերջին տեսությանը, բայց գալուց հայտնել էր, որ հիվանդի հետ չի խոսելու։

− Ո՞վ գիտե, ինչ էր մտածում... Մարդ է, հողեղեն է, չէ՞, Սանամ,− հարցրեց Հիբանը։− Երևի ուզում էր հաշտվի, հը՞... Թե եկել էր, որ հետս ծիծաղի։ Հը՞, Սանամ, խոսի է՜... Ինչ ես պապանձվել։

− Հայրապե՜տ, չար ես մտածում... Էն խեղճը ամենից շատ էր թառանչ քաշում։

− Հա՛, լա՛վ, լա՛վ, ուրեմն մարդ է, խիղճ ունի... Վերջին, դատաստանը միտն է բերել։− Ու մի քիչ հետո հարցրեց.

− Տեր Նորընծան գնա՞ց...

− Հա, կանչե՞մ,− ասաց Մկրտումը։

− Չէ, էնպես... Ուզում էի մի բան հարցնեմ։– Մի պահ էլ աչքերը ման ածեց, կարծես մեկին փնտրում էր, հետո կողքին դարձավ։ Սանամը մոտեցավ, թիկունքը ծածկեց ու Հիբանը խոր քնեց։

Մյուսներն էլ ցրվեցին, ամեն մեկը մի սենյակում քնելու։ Միայն Սանամն ու հարսի մայրը կուչ եկան հարևան սենյակի անկյունում, ննջում էին և թերի թողած զրույցը շարունակում։ Սանամը պատմում էր, որ եղբայրը առավոտ կանուխ կանչել էր իրեն և գանգատվել, թե գիշերը լավ չի քնել։

− Էն հարսն, ասում է, երազիս եկավ... Ծարավ էի։ Մեր էն մեծ գավաթով ջուր տվեց... Խռով գնաց, գավաթն էլ չառավ ձեռիցս... Ասում է, քանի՜ տարի է, երազումս նրան իսկի չէի տեսել։

Հարսի մայրը աչքերը լայն չռած իր կասկածն էր հայտնում այն մասին, թե երազը վատ է, նշանը՝ չար։

− Էլի գավաթն առներ... փորձանքն առած կլիներ։

Լուսաբացին, երբ Սանամ հորքուրը հանկարծ զարթնում է և քունը գլխին վազում է հիվանդի սենյակը, նա սարսափած ետ է կենում։ Գորգի վրա սպիտակահալավ նստած է լինում Հիբանը, արխալուղն ուսերին... Քրոջը տեսնելուց գլուխը վեր է հանում և հազիվ լսելի ասում.

− Մկրտումի՜ն...

Սանամի ձայնից զարթնում է և հարսի մայրը, հետո Մկրտումը։ Բայց հենց այն վայրկյանին, երբ Մկրտումը ներս է մտնում, հիվանդը ձեռքով ետ է տանում գորգի ծայրը և ընկնում։ Ու միայն Մկրտումն է տեսնում գորգի տակ ծածկված ինչ-որ բարակ կապոցներ։

Երկու օր դիակը մնաց նույն սենյակում։ Մարդ էին ուղարկել առաջնորդից թույլտվություն առնելու, Հիբանի մարմինը եկեղեցու բակում թաղելու համար։ Մինչ այդ բակում կանայք ու տղամարդիկ եփում էին, թխում, լվանում, մորթում և պատրաստություն տեսնում Խոջա-Հիբանին այնպիսի շուքով թաղելու, որի նմանը, ինչպես հայտնել էր Մկրտումը քահանային, Կարմրաքարն իր օրում չէր տեսել։

...Այդ օրից շատ տարիներ էին անցել։ Խոջա-Հիբանի գերեզմանաքարը մի քիչ թաղվել էր, ոտքերի կողմն ավելի, քան գլխավերևը։ Ջաղացպանի ասելով, այդ նրանիցն էր, որ մարդու ոտքի ոսկորներն ավելի շուտ են փտում, քան գլխի ոսկորը։ Գերեզմանաքարի գրերը տեղ-տեղ հողով ծածկվել էին։ Ամառվա շոգին գյուղում մնացած մի կաղ ոչխար, կամ հիվանդ հորթ, տապից նեղվելով մտնում էր եկեղեցու գավիթը և ոտքերը հազիվ փոխելով գնում, հյուսիսային գավիթի հովում, Հիբանի տափարակ գերեզմանի վրա նստում և ննջում, մինչև իրիկվա հովն ընկներ և տերը գար նրան գավիթից տուն քշեր։ Թեկուզ Հիբանի գերեզմանաքարն էլ թեքվել էր, բայց նրա անունը դեռ հիշվում էր թե՛ Կարմրաքարում և թե՛ շրջակա գյուղերում։ Հիբանի տեղը Մկրտումն էր բռնել։ Ճիշտ է, նրան Խոջա չէին ասում, այլ Խոջա-Հիբանի տղա, բայց շատերն էին խոստովանում, որ Հիբանը խստության հետ ուներ և բարի սիրտ, համենայն դեպս «միամիտք էր և ռամիկ»՝ ինչպես ասում էր ջաղացպանը։

Որդիներն ավարտել էին պարիսպը, տան կտուրը թիթեղել։ Կարմրաքարում առաջ էլ ամեն օր հիշատակում էին նրանց անունը, երբ ասում էին՝ «Հիբանի տղի եզները», «Հիբանի հողերը», «Հիբանի ձին» «Հիբանի ժամանակվա պարտքը» և այլն,— բայց այդ ամենի վրա որդիներն ավելացրել էին խանութն ու առուտուրը։

Խոջա-Հիբանն էլ էր առևտուր անում, բայց նա խանութ չուներ։ Բարդաններով բուրդ էր հավաքում և ուղտերին բարձած ճանապարհ գցում քաղաք իր ծանոթ վաճառականին հանձնելու։ Գերան էր ծախում, գարնան սկզբին փող էր բաշխում և աշնանը փողի դիմաց վերցնում մսացու, բուրդ, ոչխար, պանիր։ Ու միշտ էլ գյուղամիջում քահ-քահ ծիծաղում էր քաղաքի վաճառականների նիստ ու կացի վրա։

— Ամեն մինը մի ծակ են մտել, մի քանի թոփ չիթ ու կտորի վրա նստել, արշինը ձեռքին, աչքը քուչովն անցկացողին, թե ինչ է, մի քանի շահի փող գցեն դախլը... Դուքանս ո՞րն է... Ես որ ձին նստում եմ, փափախս թեք դրած, իմ ոչխարի կողքովն անցնում, հազար դուքանի թայ չեմ անի։

Քաղաքի առևտրականների մասին նա այն կարծիքին էր, թե բոլորն էլ խեղճ ու կրակ մարդիկ են, ըստ մեծի մասի աղքատ, և միայն իր նման խոջա ապրանքատերերն են (կամ ինչպես ինքն էր ասում «մյուլքադար և դովլաթով» մարդիկ), որ մի կտոր հաց են տալիս նրանց։

Ինչպես կփրփրար ծերունի մյուլքադարը, եթե հրաշք պատահեր, գերեզմանից դուրս գար, անցներ գյուղի փողոցով և իրենց բլրակին չհասած, բարակ առվի մոտ, տեսներ քարաշեն մի տուն, կապույտ ներկած երկու մեծ դռներով, դռան ճակատից ցուցանակը՝ վրան գլուխ շաքար, մի քանի կապ թեյ և ռուսերեն գրած՝ «Մանրուքի խանութ եղբ. Մանգասարովների»... Խանութի մի անկյունում աղաքարի կույտեր, մեծ տակառներ, մեջը լի ցորեն, գարի, ապա բարակ միջնորմը՝ վրան շատ ծանոթ գորգեր, գորգերի վրա պղնձե փայլուն կշեռքը, իսկ դարակներում՝ ճոթ սւ կտոր, գույնզգույն չիթ, թոփեր՝ մահուդ, ատլաս, ծոպավոր թաշկինակներ, շաքար, պնակներ, լամպի ապակի, բաժակներ, կոճ ու թել, մի խոսքով այն ամենը, ինչ վաճառում էին քաղաքում: Եվ այդ խանութում՝ Եփրեմը, բուխարա փափախով, սև մահուդե պիջակով, ինչպես հագնում էին քաղաքի վաճառականները և որի համար էլ նա ծաղրում էր նրանց (պիջակը մարմինը մինչև սրունքները չէր ծածկում, ինչպես Խոջա-Հիբանի շալի չուխան և մեջքից վար բաց էր անում, որի համար էլ քաղաքացիներին Հիբանը մի անգամ ծաղրական ու ծանր խոսք էր ասել)։ Եփրեմը՝ չթե թոփերն առաջը թափած՝ հաճախորդին գովում էր, ֆիրմայի անունը տալիս՝ Ցինդելի սատին, Մորոզովի «ամենապերվի» հալավացուն։ Գովում էր և չափում, արշինը հոտավետ չթի մեջ այնպես ֆռռացնում, ասես մանկուց նրա հետ էր խաղացել... Իսկ անկյունում, դախլի մոտ նստած էր Մկրտումը, որը հին ճանաչ Սուլեյման քիրվայի որդու երկու հարյուր ռուբլու մուրհակը ծոցի հաստ «կնիշկայի» մեջ պահելուց հետո, այդ նույն տեղից հանում էր և մեկ-մեկ հաշվում 15 հատ տասնոց, նույն կարմիր տասնոցներից, ինչպիսիք կային հոր ժամանակ...

Խոջա-Հիբանի մահից հետո այդ խանութն էր ավելացել Կարմրաքարում, որի շաքարն ու չիթը գնված էին այն դրամով, որի մասին Խոջա-Հիբանը իր վերջին ցանկությունն անգամ չկարողացավ որդուն հայտնել։

* * *
Օրը մթնում էր։

Իրար հետևից վառվում էին ճրագները։ Երբեմն ճրագը ձեռին մեկն անցնում էր բակով։ Հեռվից այնպես էր երևում, ասես մութի մեջ լույսն ինքն իրեն է շարժվում ու հանկարծ հանգչում։ Նախիրից ետ մնացած մի կով բառաչում էր գյուղի ծայրին։ Գետի մյուս ափին, գյուղի դիմացն ընկած անտառի բացուտում խարույկը բոցավառվում էր։ Կրակը մեկ հանդարտում էր, մեկ վեր սլանում և միլիոնավոր կայծեր ցրվում էին խավարի մեջ։ Ասես հսկա մի աստղ էր թպրտում ծառերի արանքում։

Իսկ քիչ հետո, երբ խավարը թանձրացավ ու ճրագները մեկ-մեկ հանգան, որպես հսկումի կրակ մնաց միայն անտառի խարույկը, որի շուրջ բոլորը նստոտել էին խոզարածները, և Հիբանի ամարաթի լուսավոր պատուհանը, որ բլուրի բարձունքից անթարթ աչքի պես դիտում էր գյուղին:

Վերին հարկի այն սենյակը, ուր մահացել էր Խոջա-Հիբանը, անճանաչելի էր դառել տարիների ընթացքում։ Հիբանի ցածլիկ և հաստ տախտակներից սարքած թախտը Մկրտումը քանդել և ցորենի ամբարում միջնորմ էր շինել։ Նրա տեղը դրված էր երկաթե մահճակալը, վրան՝ բարձերի կույտը։ Անկյունում կողք-կողքի շարված էին բոլորովին նոր աթոռներ։ Սեղանի վրա փողը կապույտ ներկած գրամաֆոնն էր, կողքին գիպսե մի հորթ։ Խանութից տուն դառնալուց, երբ հարկավոր էր լինում արխալուղը փոխել, Մկրտումը քրքրում էր գրպանները և կեղտի մեջ մոռացված մի քանի պղնձադրամ հանում, գիպսե հորթի մեջ գցում։

Սենյակի պատերը զարդարված էին խալիներով ու կարպետներով։ Հատակին, պատերի տակ փռված էին բարակ ներքնակներ, ծածկված նեղ ու երկար գորգերով։ Թեկուզ մահճակալը, սենյակի մնացած կահ-կարասիքն առել էին քաղաքի մեծ մագազիններից, իսկ գրամաֆոնը Եփրեմն էր Բաքվից բերել, բայց և այնպես սենյակն անճաշակ էր կահավորված։ Գրամաֆոնի և աթոռների վրա մի մատ փոշի կար։ Ոչ նվագել էին և ոչ էլ նստել աթոռների վրա։ Մկրտումը և նրա մոտ եկողները գերադասում էին ծալապատիկ նստոտել փափուկ գորգերի վրա, թիկնել պատին։ Միայն Եփրեմն էր աշխատում «աբրազոննի» և «քաղաքավարի» լինելու, ինչպես ինքն էր ասում։

Առաստաղից կախած ճրագն առատ լույս էր տալիս։ Ու թեկուզ գարնանամուտ էր, բայց և այնպես բուխարիկում վառվում էին կաղնու չոր փայտերը և տաքացնում տունը։ Բուխարիկի մոտ, մութաքային թիկն էր տվել Մկրտումը, կողքին՝ համրիչը։ Նա լուռ նայում էր երկար ու նեղլիկ մատյանին, շրթունքները շարժում, և ապա թերթը շրջելուց առաջ համրիչի հատիկները ետ ու առաջ տանում, հաշվում։

Լռությունը խանգարվում էր համրիչի չրխկոցից և այն ձայներից, որ լսվում էին ներքին տնից։ Այստեղ էր ապրում Եփրեմի ընտանիքը՝ օրվա մեծ մասն այնտեղ էր անցկացնում և Մկրտումի կինը՝ Շողերը: Սանամ հորքուրն էլ եթե ցուպին հենվելով շաբաթը մի անգամ գալիս էր հորանց տունը, ներքի տունն էր գնում։ Նա գանգատվում էր, որ մահը մոռացել է իրեն, ոտքերում այնքան ուժ չկա, որ քարե սանդուղքը բարձրանա և մի անգամ էլ տեսնի այն սենյակը, ուր մահացավ իր եղբայրը։

Մկրտումը ապառիկների մատյանն էր թերթում։ Եթե մի օր կորչեր Տեր Նորընծայի չափաբերական մատյանը և քահանան ձեռքի տակ ոչինչ չունենար որոշելու համար, թե մի քանի տարի առաջ գյուղում ի՞նչ ծնունդ կամ մահ էր պատահել,— հեշտ կլիներ պահանջած տեղեկությունը քաղել Մկրտումի «նիսիաների դավթարից», որի նեղ ու երկար երեսների վրա գրանցված էին ոչ միայն Կարմրաքարից, այլև հարևան հայ և թուրք գյուղերից շատ տնտեսություններ, ըստ նրանց զորության կարգի։ Մատյանի առաջին մասում ունևոր տնտեսություններն էին և շատ «պաչոտնի» (ինչպես ասում էր Եփրեմը) մարդիկ, որոնց ամենօրյա առուտուրը նրանց խանութիցն էր։ Վերջում մի քանի էջ հատկացված էր նրանց, որոնք Եփրեմի ժարգոնով կոչվում էին «Ղարիբանոցի խումբ»։ Մատյանը միօրինակ ձևով չէր գրված, կային երեսներ, ուր Մկրտումի բարակ ձեռագրով նշանակված էր. «ձեռաց առավ 11 մնթ. հօգոստոսի 9-ին»։ Բայց ավելի հաճախ, մանավանդ եթե ապառիկն ապրանքով էր եղել, մատյանն ավելի մանրամասն էր ասում։ Օրինակ՝ «Շալուն Սիմոնին մի գրվ. շաքար կնունքի համար, ևս հիլ զանջաֆիլ 10 կոպ.»... «Թարիվերդի Սուլեյմանին հարսանիքի համար 10 արշ. զոլավոր, Պրոխորովի լաստիկ 8 արշ., գյուլի այլուխ—3 հատ, մի գլուխ շաքար Բրոդսկու, լավը, խոշկայաբար— 4 գրվ. նաբաթ 1 գր., ևս լամպի շուշա տասանոց—1 հատ, բոլորի գումարը,—22 մանեթ 34 կոպեկ.»։

Առանձին էր քոչվորներին բաց թողած ապառիկի ցուցակը։ Ամեն գարնան ամպ ու փոշու մեջ կորած հազարավոր բազմություն հեռավոր տափաստաններից ոչխարը, ուղտը, եզն ու ձիու երամակներն առաջ արած բարձրանում էին այն լեռնաշղթան, որի մասին վաղեմի ճանապարհորդ վարդապետն իր հիշողությոմւների մեջ գրել էր, թե մատանու նման օղակում է Կարմրաքարը և ադամանդի պես սպիտակ լիճը բարձր պահում։ Քոչն իրար էր խառնվում, հետև մնացողները նեղվում էին տափարակի տոթից, անասունները փնչոցով շտապում էին, օր ու գիշեր ճանապարհ կտրում սարի թարմ կանաչի համար։ Հետինները քշում էին առաջիններին, ճամփի նեղ կապերում տավարն իրար էր խառնվում, բարձրանում էր չտեսնված աղմուկ-աղաղակ։ Եվ հենց հասնում էին լեռնաշղթայի փեշերին, ամեն «օյմաղ» ցրվում էր իր պապերի ոտքերով ծեծած կածանով և նորից վրան զարկում սարում թողած նախահայրերի գերեզմանների մոտ։

Այդ քոչը Կարմրաքարի միջով չէր անցնում, բայց նրա ծայրը երևար թե չէ, աշխուժանում էին շատերը։ Եվ չարչիների մի ամբողջ խումբ ասեղներով, հայելիներով, գունավոր կոնֆետներով, թաշկինակներով ու այլ մանրուքով լի տոպրակները շալակած նրանց առաջն էին ելնում, խռնվում բազմության մեջ, ծախում, փոխանակում, ծանոթներին հանդիպում և մի շաբաթ հետո գյուղ վերադառնում՝ պարկերը նորից լցնելու եղբայր Մանգասարովների խանութում։

Եվ թեկուզ բազմությունը Կարմրաքարի վրայով չէր անցնում, բայց և այնպես փոքրաթիվ խմբերով երևում էին գյուղում: Ոմանք աղուն էին բերում ջաղացպան Անդրու մոտ, ոմանք գալիս էին Կարմրաքարի իրենց ճանանչ մարդկանց պատվիրելու, որ անտառում վրանների համար երկար ձողեր պատրաստեն, ոմանք հենց այնպես, միայն իրենց ծանոթներին այցելած լինելու համար։ Սակայն ինչ գործով էլ գային, նրանք սար բարձրանալուց պիտի անցնեին Խոջա-Հիբանի որդիների խանութի առաջով, որպեսզի ծռվեն աջ ու Քառասնաջրի նեղ կածանով, անտառի միջով հասնեն իրենց «օյմաղին»։

Այդ օրերին մի քանի տասնյակ ձիեր կապված էին խանութի առաջ ընկած գերաններից։ Ներսում եռուզեռ էր։ Հարցնում էին քեֆ հալ, իրար ձեռք տալիս, որդիների ու հարազատների առողջությունից տեղեկանում, հյուր կանչում իրար։ Մկրտումը քուն ու դադար չուներ։ Նա ընդունում էր ներս եկողին, ոչ միայն անունը տալիս, այլև տեղեկանում, թե ինչպես է մայրը, լավացա՞վ արդյոք այն կապույտ ձին, որ անցյալ աշնանը մի քիչ կաղում էր։ Բոլորը զարմանում էին նրա հիշողության վրա։ Նրան առանձնապես հաճելի էր, երբ այդ ժխորի մեջ մեկը բարձրաձայն իր գոհունակությունն էր հայտնում, որ հիանայի «քիրվա» է Խոջա֊Հիբանի որդին և չի մոռանում իր լավ ծանոթներին։ Եթե հաճախորդը հարուստ և անվանի աղալար էր, Մկրտումը ճարպիկ շարժումով ինքը պիտի դարակներից հաներ բազմատեսակ կտորներ, փռեր նրա առաջ, շլացներ գույնով, փայլով ու հոտով։

Առուտուրն այնքան թեժանում էր, որ նույնիսկ Գոդուն էին կանչում և պատվիրում աչքի տակով հսկելու։ Գոդին հյուրերին էր ընդունում, եթե եկողը «մեծամեծ» էր, վազում էր ձիու սանձը բռնելու, ձիերն իրար հետ կռվելուց կատվի ճարպկությամբ նրանց փորերի տակով անցնում էր և բաժանում իրարուց։ Նրա աչքերը ծանր ու մինչև բերանը ճոթ ու կտորով լցված խուրջինների վրա էր, որ տերերը կապում էին սարի կանաչից կայտառացած ձիերի գավակին և անտառի կածանով գնում հարսներին ու մանուկներին ուրախացնելու «Հիբան քիրվայի» որդիների պարգևած փոքր թաշկինակներով, մեջը լի մրգեղեն, կամ գունավոր ու կլոր սապոններով, որ հատկապես նրանք պահում էին նվերների համար։

Երբ գնորդը ձեռքը մեկնում էր Մկրտումին կամ Եփրեմին մնաք բարով ասելու, նրանցից մեկն ու մեկը շտապ կռանում էր և անկյունի նախօրոք պատրաստած կապոցը, որ համեմատ էր գնորդի անձնական բարեմասնության և հարստության չափի,– մեկնում նրան ու ժպտոմ, թեկուզ միտքն այդ րոպեին ծայր աստիճան լարված էր, և խնդրում կապոցը հանձնելու «Աթաքիչի կզուն» կամ «Սոնա-Խալային» ու հայտնելու «սալամ դովա» մեծ ու փոքրին։

Քոչի բարձրանալու հետ միասին ծայր էր առնում և դժգոհությունը։ Ճիշտ է, քոչից ոմանք օգտվում էին, դարբինը նրանց համար հարյուրներով էր պայտեր կտրատում, կոտրած մանգաղները նորոգում։ Ոմանք գաղտնի կերպով անտառում նրանց համար ցախ էին կտրատում, մի քանի չարչի մանրուք էին վաճառում, նույնիսկ Շալուն Սիմոնին էին կանչում մոտակա «օյմաղներից», որովհետև նա անասունների բժշկությունից բան էր հասկանում, ու թեկուզ նրա գործիքը մի կոտրած դանակ էր, որով կտրում էր ականջի ծայրը կամ քթածակը ճեղքում, «հիվանդ» արյունը դուրս թափելու համար,— Կարմրաքարում շատերն էին օգտվում քոչվորներից, բայց հենց նրանք սարը բարձրանային թե չէ, սկսվում էր և դժգոհությունը։ Գյուղից սար գնացող քոչվորը մի քիչ հեռանար թե չէ, ձիու սանձը թույլ էր թողնում և ձին մռութը մեկնում էր ճանապարհի կողքին, անտառի բացատում ցանած կանաչին։ Արտի տերը կանաչից մի փունջ ձեռքին շտապում էր գյուղի հրապարակը, գոռում, բարկանում, անթիվ անգամ կրկնում, որ գիշերը քսան-երեսուն ձի են բաց թողել գարու մեջ, կերել են, տրորել, ձիերը թավալ են տվել, և եթե փողոցում տեսնում էր տանուտերին կամ նույնիսկ գզիրին, նրա ոտների առաջ էր գցում խուրձը, գովում էր գարին և նորից պատմում այն մասին, թե որքա՜ն են կերել։ Գյուղի իշխանավորը նրա բողոքը լուռ լսում էր, խոստանում, որ կարգադրություն կանի ակտ կազմելու, կհայտնի պրիստավին, միայն հարկավոր է երեք-չորս մարդ տանել, որ նրանք էլ վնասը տեսնեն և վկա լինեն նրա խնդիրքին։ Բայց այստեղ ամեն ինչ վերջանում էր, գանգատավորը բարձրաձայն հայտնում էր, որ ամրողջ գյուղն է վկա և որպես վերջին ապացույց գրպանից հանում էր փնջավոր կոնֆետի թղթեր, որ հավաքել էր արտից։

− Մի դաստա հրեն էնտեղ ա թափած... Սրա ուտողին ես ուժ ունե՞մ դատաստան անելու։ Իմ իշխանն էլ դու ես, այ քյոխվա, բա իմ երեխեքը ձմեռն ո՞ւմ հույսին ես թողնում։

− Կանփետ տվողին ասա, ուտողն ի՞նչ մեղք անի... Դու էլ որ ուտեիր, հավատա, մի օրավար կորեկ կոխ կտայիր,− վրա էր բերում գանգատին ունկնդիրներից մեկը։

Պատահում էր, որ վնասը մի քանի տնտեսությունների էր հասնում և կամ ամբողջ համայնքին։ Սարից մի քանի սուրու ոչխար գիշերով քշում էին և արածացնում Քառասնաջրի մոտերին ընկած այն բացատները, որ ամեն տարի Կարմրաքարում թողնում էին անասունների աշնան կերի համար։ Աղմուկ էր ընկնում գյուղում, դուրս էին թափվում, գոռում-գոչումով գնում ոչխարատեր «օյմաղից» վնասը պահանջելու։ Երբեմն աղմուկն արյունով էր վերջանում, երիտասարդները տաքանում էին և մահակները սուսերների նման կայծեր էին հանում, զարկում իրար գլուխ ջարդում։ Շատ սակավ դեպքում էր օրենքը միջամտում ու դատաստան անում։ Սովորաբար տաք կռվից հետո կրքերը հանդարտվում էին, այս ու այն կողմից մարդիկ էին մեջ ընկնում և հաշտեցնում։

— Հազար անգամ եմ ասել, թե թուրքերից օգտավետ ազգ աշխարքի երեսին չկա։ Նրանց ձին էլ որ թրքում է, էլի մեր ցորենն է ուժովանում։ Նրանք որ կան յոնջա են, մենք էլ քյոհլան ձի... Մի ղրաղից կե՜ր, մի ղրաղն էլ պահի։ Երեխի նման ժողովուրդ են, խոսքին ջան ասա, էլի՜ քու ասածն արա։ Էդ էլ չի փողով։ Այ է՜... Մեր հայությունը շատ անհասկ է,— թոնթորում էր Մկրտումը։

— Քու արտը քանի անգամ կերած կլինեն,— հարցնում էր Ավան ամին:— Ինչ որ գալիս է, քյասիբի գլխին է։ Յարա ունեցողը կիմանա մրմուռը։ Քեզ ի՞նչ կա...

− Իմ ու քոնը չկա էստեղ։ Ես մարդավարության, նստիլ վեր կենալու մասին եմ ասում։ Տեսնո՞ւմ ես ոնց են իրար պատիվ պահում, մեծը ջոկ է, փոքրը ջոկ։ Մերոնք հենց շաշ եզան նման քարն են պոզահարում։ Թուրքը էնպես մի ազգություն է, որ կախ տաս, մին ծուռ խոսք չի ասի անժամանակ։

Երբեմն Մկրտումի երեսին ավելի խիստ խոսքեր էին ասում, հանդիմանում էին, որ նրանց խանութի պատճառով են քոչվորները գյուղ գալիս, որ նա քոչվորների շահին չի ուզում դիպչի։ Եվ նրա ականջովն էր հասնում գյուղում տարածված այն լուրերը, թե ինքը կաշառված է, նույնիսկ թե իբր նրա գիտությամբ են գիշերով Կարմրաքարի խոտհարքն արածացնում։

...Բուխարիկում բոցն արդեն հանգել էր։ Փայտի շիկացած կտորները մեղմ ճաքճքում էին, փշրվում և մոխրի բարակ շերտով պատում։ Մկրտումը վերջացրել էր ապառիկների հաշիվը. գորգի վրա դրած համրիչի հինգ շարը սառել էին և ցույց էին տալիս եղբ. Մանգասարովների առևտրական հզորությունը թե Կարմրաքարում, թե հարևան գյուղերում և թե վրանաբնակ այն բազմության համար, որ յուրաքանչյուր գարուն «քոչ ու բարխանով» բարձրանում էր լեռնաշղթայի փեշերը և վրան զարկում լճակի եզրին։

Մկրտումը ձեռքերը մեկնում էր կրակին, իրար շփում։ Երբեմն էլ տաքացած ձեռքը երեսին էր տանում և շոյում այտերը: Հավասար ու խոր շնչառությունից զրնգում էին գոտու արծաթ գինդերը։

Նրա ականջին էին հասնում ներքին տան աղմուկը, երեխաների ձայնը։ Հաստ գորգերի արանքից այդ աղմուկը խուլ էր լսվում, կարծես շատ հեռու տեղ էր։ Բակում բառաչում էր մի կով։ Երբեմն լսում էր շղթայի զրնգոց։ Չամբարն էր, պառավ շունը, որի տեղը մութն ընկնելուց փոխում էին, և բակի լայնքով կապած երկաթի լարին շղթան քսելով, շունը ետ ու առաջ էր գնում, երբեմն հաչում։ Չամբարի հաչոցին Մկրտումը երեսը պատուհանին էր դարձնում և աչքերը լայն բաց արած լսում։ Բայց շունը դադարում էր հաչելուց, հատ ու կենտ և անորոշ ձայներ էին լսվում հեռվից։ Փակվում էին աչքերը, սակայն միտքն արթուն էր և շարունակում էր հյուսել, ծանր ու թեթև անել հազար ու մի գործ։

Դարբասի երկաթին մտրակի կոթով իրար հետևից հարվածեցին, կարծես գնդացիրների կրակ էր։ Մկրտումը մոտեցավ պատուհանին: Գոդին ճրագը ձեռին վազեց դարբասի կողմը։ Շունը հաչաց ու շղթան քաշելով հասավ մինչև ներքին տան դուռը։ Ներքին տնից դուրս եկավ Եփրեմի կինը։ Քիչ հետո դարբասը բացվեց, երևաց ձին, որի սանձից բռնել էր Գոդին, ձիու հետևից՝ Եփրեմը։

Խոջա-Հիբանի մահից հետո երկու եղբայրների մեջ լռելյայն աշխատանքի բաժանում էր սահմանվել։ Քաղաքում գնումներ կատարելը, պետական հիմնարկների և պաշտոնատար անձանց հետ գործ վարելը, ինչպես և խանութում առուտուր անելը Եփրեմին էր բաժին ընկել։ Ճիշտ է, տարին մի կամ երկու անգամ Մկրտումն էլ էր քաղաք գնում, բայց այդ ավելի շուտ բարեկամական այց էր իր հոր բարեկամ վաճառականների որդոց։ Մկրտումին էր մնում գյուղի տնտեսության կառավարելը, վարուցանքի եկամուտը և քոչվորների ու շրջակա գյուղերի բնակիչների հետ առևտրական գործարքներ կատարելը։ Մկրտումի գրպանումն էին դախլի բանալիները, միայն նրան էր հայտնի ստացվածքի վերջնական չափն ու կանխիկ դրամի գումարը։ Նա մեծ եղբայրն էր, գյուղում ավելի կշիռ ուներ, քան Եփրեմը, իսկ թուրք թարաքամայի հետ Եփրեմը չէր կարող վարվել իր եղբոր նման։ Տանը, բարձր պարիսպների հետև, ոչ մի բան չէր կարող կատարվել առանց Մկրտումի գիտության։ Եվ այդ ազդեցությունը հազար ու մի ճանապարհով տան սահմաններից դուրս էր գալիս, տարածվում շրջակայքում։

Մկրտումը ձիու վրնջոցը լսեց թե չէ, համրիչը սեղանի վրա դրեց, դավթարը՝ երկաթե սնդուկի մեջ, որ ծածկված էր նուրբ գործած շալով, ներքին տանը երեխաների աղմուկն ավելի սաստկացավ, լսվեց թրմփոցի ձայն, ասես մի պարկ վերևից ընկավ՝ ապա բարձր ծիծաղ: Եփրեմն էր։ Ամեն անգամ քաղաքից վերադառնալուց հետո նա նախ երեխաների մոտ էր գնում, մրգով լի գրպանները դատարկում, տնեցոց պատվիրած և քաղաքում գնած իրերը հանձնում կնոջը կամ Շողերին։ Նրա խուրջինում տան մեծ ու փոքրի համար միշտ էլ մի բան էր լինում։ Նույնիսկ Շողերն էր հետևում և անհամբեր սպասում իր բաժնին։ Գոդին ձին գոմում կապելուց իսկույն վազել էր ու դռան մոտ կանգնել, նրան էլ մի բան պիտի հասներ։ Պառավ Չամբարը կոնձկոնձում էր, ասես ուրախ ալդ ժխորի մեջ իմաց էր տալիս, որ իրեն չմոռանան։

Բայց հերիք էր, որ Մկրտումը վերից կանչեր մեկն ու մեկին, որպեսզի աղմուկը դադարեր։ Սովորաբար նա Գոդուն էր ձայն տալիս, սակավ դեպքում՝ կնոջը։ Եթե նրա կանչելը Եփրեմի գալուց հետո էր, ոչ Գոդին էր վեր բարձրանում և ոչ էլ Շողերը։ Եփրեմն ունքերը կիտում էր և իբր խռոված երեխա բարձրանում վերև, մտքում թոնթորալով իր վիճակից։

Մկրտումը մի ներքին հրճվանք էր զգում իր մեծությունը և ուժը ցույց տալուց։ Ամեն անգամ, երբ նա տեսնում էր եղբորը երեխաների հետ կամ տնեցոց հետ ուրախ զրույց անելուց, նրա ներսում երկու զգացում իրար հետ պայքարում էին։ Մեկ նախանձում էր եղբորը, դառնությամբ զգում, որ ինքը զուրկ է այդ հաճույքից, մտաբերում վաղուց մեռած իր մանկան և ինքն իրեն հարցնում՝ մի՞թե մինչև վերջ պիտի անժառանգ մնա,− մեկ նախանձում էր եղբորը և մեկ էլ ցամաքում էր այդ զգացումը, մի ուրիշն էր ելնում, նրան խեղդում, մի ուրիշ զգացում՝ հանուն գործի, անդուլ աշխատանքի, հարստության ու հզորության։ Առաջինը նրան թուլացնում էր, կորցնում իր հավասարակշռությունը, երկրորդը նրան խրոխտ կերպարանք էր տալիս։

− Ցեխը շա՞տ էր Վերին կապում,– հարցրեց նա, երբ Եփրեմը մտավ ու մոտեցավ բուխարիկին: Վերին կապը քաղաք տանող ճանապարհի այն մասն էր, որ անցնում էր անտառի խիտ թավուտով և ուր միայն ամառն էր գետինը մի քիչ չորանում։

− Չորտ նա խաբար,− քթի տակ ասաց Եփրեմը:− Երկու տեղ ձին խրվեց... Քիչ մնաց ինձ էլ տակովն աներ: Մո՜ւթ, ոչ ճանապարհն է երևում, ոչ ցեխը... Ոտդ որտեղ դնում ես, խրվում է...

Եթե Մկրտումը չընդհատեր, Եփրեմը դեռ կշարունակեր ճանապարհի նկարագրությունը, մեկը տասը շինելով: Մկրտումը գիտեր նրա սովորությունը Ինչքան ավելի էր պատմում, այնքան նա համոզվում էր, որ քաղաքում նա մի «օին» է արել։

− Դու էլ լուսով գայիր...

− Թողնո՜ւմ են... Մինչև էն շան որդուն թուղթը գրել եմ տվել, հոգիս բերանս է հասել։ Ամենապասլեդնի պադլեցի հետ գործ արա, էդ չինովնիկների դուռը մի գնա: Քոսոտ, փսլինքը կախ, տանը լակոտները հաց չունեն ուտեն, էնպես փասոնով է խոսում, ծանրացնում, կասես գեներալ գուվերնատոր է իմ գլխին։

− Վե՞րջը... փեչատե՞ց։

− Աչքն էլ չհանեցի... Փորացավը մի կարմիր տասնոց էր։ Առաջ չեմ ու չում էր անում, ա՜յ ուգալովնի բան է, վերջն էլ թե հացից հետո արի տուն, օրենքին նայեմ... Որ Բեկտաբեգովի անունը տվի, ստատյան գտավ։

− Բեկտաբեգովն ի՞նչ ասաց:

− Ի՞նչ պիտի ասեր։ Չեստ չեստի գրեց... Թե գասպադին Նիկիտա Մանգասարովին իմ կողմից պերեդայ պակլոն։ Ափսոս չի, էդպես մարդուն պերվի մինիստր դնես, ոչ թե պամոշնիկ։ Դուրս գալուց էլ, թե ասում է ձեզ նման բարեկամ ունենալը մե՜ծ պատիվ է ինձ համար:

− Մաշինեքն ի՞նչ արիր...

− Բեկտաբեգովից հետո էլ գնացի նրանց մոտ... Ա՜ մեր հայերը... Էդքան նիզգի, ցիգան ժողովուրդ յարաբ աշխարհի երեսին կա՞ թե չէ։ Ինձ տեսավ թե չէ, ոտը կախ գցեց։

− Ո՞րը...

− Էն մեծը, Արշակ Օսիպիչը...− Թե մի քիչ դարազումեննի է եղել, պրեսկուրանտի գինը պրիկաշչիկը չի իմացել... Երդում, աստված, թե էն կանաչ մեռոնը՝ Ռոստովի առքի գինը չորս հազար երկու հարյուր է...

− Վե՞րջը։

− Էլ ի՞նչ վերջը... Թե ասում է երկու տրետում կարով եմ վեկսիլով տամ... Թե որ չեք ուզում, Խանլար բեյն է ուզում տանի...

− Չտվի՜ր...

− Չէ...

− Չոռ,− ու փրփրաց Մկրտումը։− Գնում ես շհարում քուչեքը չափչփում։ Բա քեզ ինչո՞ւ համար էի ուղարկել... Դե մի՜ գժվի,– ու ձեռքը զարկեց ճակատին։− Երկու հարյուր մանեթի համար գործը պիտի քանդե՜ս... Ե՞րբ է խելքդ տուն գալու, հը՞...− ու մոտեցավ նրան։ Եփրեմը մի քիչ ետ քաշվեց, աչքերը կկոցեց։– Խանլար բեյը որ տանի, ուրախ կլինես հա՞... Նա ո՞ւմ շունն է, որ իմ ուզածն առնի։ Թքած նրա բեյության վրա... Սոված, սովածի մինը:

− Դե մի թող է՜... Ի՞նչ ե՜ս կարկուտ թափում,− ընդհատեց Եփրեմը:

− Հը՞։

− Թուղթ եմ առել, որ մինչև մի շաբաթը իրավունք չունի ուրիշին ծախի, մինչև ինձանից պատասխան չստանա...

− Հա՞...− ու մի վայրկյան հետո հանդարտ ձայնով ասաց.

− Լավ է, էդքան էլ խելքդ կտրել է...

− Իմ խելքս էդքանը հասկանում է... Ասա վերջը էդ մաշինները մեր տունը չքանդի,− պատասխանեց Եփրեմը։

− Ինչ էլի...− այս անգամ ձայնը բարձրացնելով վրա բերեց Եփրեմը։ Մեծ եղբայրը կանգնել էր անկյունում, գլուխը կռացրել և ունքերի տակից աչքը գցել Եփրեմին. − ամենահայտնի մանուֆակտուրիստ մարդուց մինչև էն պյան գարադավոյը մեզ վրա ծիծաղում են...Ասում են Կարմրաքարն ինչ մաշինի տեղ է... Փող ունեք, բերեք քաղաք, թե ուժներդ չի պատում խոզ առեք, ձեր ծմակի կաղինն ուտի։ Չորտ նա խաբար... Մարդ աչքերը բաց չորս հազար երկու հարյուր մանեթ տա, ինչ է զավոդ եմ բաց անում էս վայրենի աշխարհում... Ի՞նչ մարիֆաթ, ինչ մարդավարություն ես տեսել էստեղ։

− Էլի՜ բռնեց... Քորի, լեզուդ քորի մի քիչ։

− Վերջը իմ ասածին կգաս։ Գյուղն ի՞նչ է, որ մարդ էնտեղ բնակվի: Փող ունես, տար քեզ բարերար մարդոց հետ գործ արա։ Երեկվա սողան ծախողն էսօր վտարոյ գիլդի կուպեց է դառել, իսկ մենք էս վայրենի ծմակից դուրս չենք գալիս։ Չե՞ս տեսնում... Շատը սոված է, մի թիքյա պանիր էլ չի ճարում, որ ցամաք հացը կուլ տա... Օզգյա լազա՞թ կա քաղաքում... Շիկ,− լուսավորություն, նստել, վերկենալ, հանգիստ։ Փողդ ապրանքի տուր, մի բոյկի ուգլավոյում մագազինիդ դռները բաց արա, թող պրիկաշչիկների հոգին դուրս գա... Դու հենց աչքիդ տակով նայիր: Թե չէ էս ի՞նչ կյանք է... Ես ինձ նման ընկերների հետ մի անգամ նստել վերկենալը չեմ փոխի քո ճանաչած մարդոց հետ... Էստեղ մնացողը մարդու կերպարանքից էլ կընկնի։ Մի օր էլ տեսար՝ ըհը, աղբյուրը ցամաքե՜ց։

− Էդ օրը մեզ համար չի,− կտրուկ պատասխանեց Մկրտումը:

Տիրեց լռություն։ Եփրեմը վանդակի մեջ ընկածի նման քայլում էր սենյակում, երբեմն կանգնում գետնին նայում և ապա ձեռքերը մեջքին նորից շարունակում քայլել։ Մկրտումն աչքի տակով նայում էր եղբոր բարկացկոտ շարժումներին։ Ոչ ոք չէր ասի, թե երկու եղբայրն էլ մի մորից ու հորից էին սերվել։ Մկրտումը կարճահասակ էր, ոսկրոտ։ Նրա շարժումները կոպիտ էին, երկար և մազոտ ձեռքերը վայրենի տեսք էին տալիս նրան և հակապատկերն էին Եփրեմի ավելի նուրբ կազմվածքի։ Մեծ եղբոր գլուխը պատած էր կուպրի նման սև և կոշտ մազով, այնինչ Եփրեմի մետաքսի նման կակուղ մազերը տեղ-տեղ սպիտակել էին։ Առաջինը զուսպ էր, խորամանկ, ծանր ու բարակ կշռող և պողպատ կամքի տեր, երկրորդը՝ շուտ հուզվում էր, մտքինն ասում մինչև վերջ, կրակի պես լափում մինչև վերջին շյուղը և հանգչում, հանդարտվում, դառնում խոնարհ գառ։

− Չեմ իմանում... Մի պաչոտնի մարդ չտեսա, որ մեր ասածին հավանի,− խանգարեց լռությունը Եփրեմը։

− Խալխի հացը չես ուտում, որ խալխի խելքով էլ գործ բռնես,– ասաց Մկրտումը և մի քանի քայլ արեց դեպի եղբայրը։

− Պրծա՜ր... Դե հիմա իմը լսի։ Էգուց, ծեգը ծեգին, եկած ճանապարհով ետ կդառնաս, մի տրետը կտաս, պայմանը կկապես, էն սհաթին էլ ետ կդառնաս... Իմացա՞ր։

− Որ էգուց չլինի, երկու օր հետո լինի չի լինի՞... Լավ մտածի, արի՛ ձեռք քաշի էդ բոլորից... Քաղաքում տարա՜ն կերան, ով աչքը բաց է անում, վազում է մարդի շարք ընկնում... Մեզ կարողություն է պակաս... Էգուց երեխաներին ուսում տալ կա՜, կյանք ու աշխարհ տեսնել կա։

− Կարմրաքարից լավ տեղ աշխարհումս ինձ համար չկա. թող ում գլուխը ցավում է, գնա քաղաքում դուքան դնի... Քաղա՜ք... Մի հարցնող լինի, թե ինչ կա էդ պրիշակում... Էնքան բան կա՜ էս ձորերում, իմ պիլնին խոդ գցեմ, երկու տարուց հետո էնպես զավոդ բաց անեմ, որ թամաշա... Քառասնաջուրը իմը լինի, Մանթաշովի բուրողներին էլ թամահ չեմ անի... Սա երկիր չէ, ոսկի է տեղովը մին. ասենք անհասկացողը մենք ենք։

− Ոսկի է, հավաքի,− հեգնեց Եփրեմը։

− Կհավաքեմ, սպասի՜,− այնպես վճռական հայտարարեց Մկրտումը, որ եղբայրը մի պահ տատանվեց ու սկսեց կասկածել, թե միգուցե Քառասնաջուրը իրոք ոսկեհանք ունի և ինքը տեղյակ չէ: Նա ձեռքը տարավ ծոցը, շոշափեց նոտարի կողմից հաստատված այն թուղթը, ըստ որի Քառասնաջրի երկու ափին ընկած մոտ 60 դեսյատին պետական անտառը պատկանում է նրանց։

− Դու ողջություն ասա... Աշխատող մարդը քարից էլ նավթ կհանի: Կարմրաքարի ի՞նչն է պակաս... Ո՞վ ունես քո դիմաց... Չէ՛, գնամ քաղաք հազար լոթու ընկեր դառնամ... Ապերը լավ էր ասում, թե նրանք մեզանով են ապրում։ Մանթաշովը մի ջուխտ տրեխ էլ չուներ, որ գնաց Բաքու... Հրես ոսկին դռանդ թափած, սարքի, ստեղծի, թող քո անունն էլ բարձրանա, մի քսան երեսուն աղքատներ էլ էն փշրանքովդ ապրեն, հորդ ողորմի տան...

− Է՜հ, չեմ իմանում,− ասաց Եփրեմը. նա արդեն տատանվում էր և զգում, որ եղբոր ձեռքից չի ազատվելու մինչև թղթերը չտա և տարած փողի հաշիվը չներկայացնի։

− Չես իմանում, իմացի՛ր... Էս ո՞ւմ համար ենք աշխատում. ես ի՞նչ ունեմ մեջը։ Մի դատարկ անուն։ Թող քո ժառանգները մեծանան, տիրություն անեն։

Այս ասելուց Եփրեմը զինաթափ եղավ։ Նա շատ էր սիրում իր երեխաներին: Այդ գիտեր և Մկրտումը, և երրժբ ուզում էր նրան կակղեցնել և իր ասածին բերել, նա տրտմությամբ հիշեցնում էր այն տարբերությունը, որ կար երկու եղբոր մեջ և հուսադրում, որ իր մահից հետո ամեն ինչ մնալու է նրան։ Եփրեմը ծոցի գրպանից հանեց թուղթը, ցույց տվավ, թե ում ստորագրությունները կան, ինչ ասաց Բեկտաբեգովը, երբ կնքեց։

− Էդ փեչատը, ասում է, որ դնում եմ, ինքը պրակուրորն էլ չի կարող քանդի: Նա զդարովյե, ասում է, ձեզ հալալ լինի... Չորտ եվո, էդպես ազնիվ մարդուն գուբերնատի չինը քիչ է:

− Վեկսիլը տվի՞ր,− հարցրեց Մկրտումը։

− Տալը քիչ էր... Կտոր-կտոր արի, ճակատամիջին շպրտեցի։ Նա ում շունն է, որ մեզ վրա հաչի... Երեկվա ձեթ ծախողը: Ասում է սուդի կտամ, որ ինձ խայտառակ ես անում։

− Հետո՞։

− Իսկյանդարովների պրիկաշչիկն եկավ, էնպես նրան անպատվեց, ո՜ր։ Ասում է ամբողջ գուբեռնիում Մանգասարովների նման ակուրատնի սովեստով գործ անող չկա. դու ո՞նց էիր ուզում նրանց վեկսիլը պրոտեստ անես։ Լավ խայտառակեց։ Ես էլ շաքարը նրանց սկլադից առա։ Խազեինն ասում է, մինչի հարյուր հազարը դավերյա կանեմ, ինչ ուզում ես տար, կորած տեղ չի։ Տարավ մարդը, շնորհակալ եմ, լավ պատվեց։

− Դու էլ կակղեցիր, հը՞,− հեգնանքով ասաց Մկրտումը և համրիչը վերցնելով սեղանից, մոտեցավ նրան։− Ինչքա՞ն փող ունես մոտդ։− Եփրեմը սկսեց գրպանները դատարկել. դրամը մեկ-մեկ դնում էր սեղանի վրա, իսկ Մկրտումը հաշվում էր: − Չորս մանեթ էլ գցի գերբովի մարկա, մնաց 11, նրանից 5 մանեթ քանի կոպեկի պակաս-պռատ եմ առել տանը համար:

− Ի՞նչ պակաս... չեն կարող դուքանից տանե՞ն։

− Գոդու համար մի լակիրովնի պոյես եմ առել։

− Գոդո՞ւ... նա ի՞նչ է անում։

− Ասում է, ուզում եմ տնավորվեմ։

− Ո՞ւմ աղջիկն է։

− Շալուն Սիմոնի...

− Հա՞, լավ, մնացա՞ծը։

− Մնացածն էլ Իսկյանդարովի պրիկաշչիկի հետ գնացինք ռեստորան, զակուսկի արինք։ Շաքարի սկլադը նրա ձեռքին է։

− Լավ, հո ավել չե՞ս ծախսել, պարտք չե՞ս արել։

− Չէ, չիստի եմ. կոպեկը կոպեկին բռնում է. ուզում ես մեկ էլ գցի:

− Չէ, էս անգամը լավ ես, խելոքանում ես... Դե գնա, բեզարած կլինես. էգուց ուզում եմ հիմերը քանդել տամ։ Դու էլ, ոնց որ ասի, առավոտ կանուխ կգնաս, մի տրետը կտաս, ճանապարհը չորանալուց կուղարկեն, մնացածն էլ կստանան։

Եփրեմը դուրս եկավ։ Նա ուրախ էր, որ հաշիվները «չիստի» հանձնեց։ Ճիշտ է, քաղաքում նա ավելի էր ծախսել, ռեստորանում նրա հետ եղել էին Իսկյանդարովի գործակատարից բացի և մի քանի ծանոթներ, խմել էին ու գնացել բիլիարդ խաղալու և մութն ընկած հազիվ էր կամպանիայի ձեռքիցն ազատվել, բայց և այնպես հաշիվը տեղը բերեց և դուրս եկավ «կրուգոմ շեստնադցատ», ինչպես ասում էր Իսկյանդարովի գործակատարը։ Նոտարի մատենավարին, որին Եփրեմն անվանեց փսլնքոտ ու քոսոտ, նա ամենևին չէր էլ կաշառել։

Եղբոր դուրս գնալուց հետո Մկրտումը մի անգամ էլ նայեց թղթին, ստորագրություններին ու կնիքին, զգուշությամբ թուղթը պահեց սնդուկում։ Շոշափելու չափ պարզ նա զգաց այն հզորությունը, որ ձեռք է բերելու այսուհետև։ Նրա վաղուցվա միտքն էր Կարմրաքարում հիմնելու սղոցարան և պատրաստելու գերան ու տախտակ։ Քառասնաջրի երկու ափին, մինչև ձյունոտ գագաթները ձգվում էր խիտ անտառը և միանում այն մեծ անտառամասին, որի փեշերին ընկած էին մյուս գյուղերը և որից դեն հյուսիսից հարավ ընկնող լեռնաշղթան դարձյալ պատած էր անտառով։ Դեռ անցյալ աշնանը նա քաղաք էր գնացել հատկապես իմանալու գները, շուկայի պահանջը և մտքում հաշվել էր օգուտը ու որոշել գնելու ոչ միայն անհրաժեշտ ստանոկն ու երկաթե մասերը, այլև այն անտառամասը, որ ընկնում էր Քառասնաջրի մոտ և որտեղ մտադիր էր կառուցելու սղոցարանը։

Եփրեմի բերած թուղթը իր ծրագրի մի մասն էր։ Ստանոկը դեռ չկար, սղոցարանի տեղը դեռ կանալ էր, ձորակում, դեղնած տերևների տակ՝ գորշ սառույց։ Շուտով կզրնգան սղոցները, անիվը կդառնա, փոկերն ետ ու առաջ կվազեն և հաստաբուն կաղնիները կսղոցվեն, կդառնան բարակ ու լայն տախտակներ: Բազմաթիվ սայլեր կճռռան, կտեղափոխեն տախտակները, գոմեշները քարշ կտան ծանր գերանները և ամեն տեղ կտանեն նրա ապրանքը։

Մկրտումը կանգնել էր սանդուղքի գլխին ու նայում էր գյուղին։ Գիշերվա սառը քամին ծեծում էր նրա կուրծքն ու դեմքը։ Նա ագահ շնչում էր անտառից եկող թարմությունը։ Լուռ էր գյուղը, ոչ մի ճրագ չկար և ոչ մի ձայն։ Թույլ կաղկանձոց էր գալիս ներքի թաղից, կարծես մրսում էր մի շուն։ Մոտակա խրճիթից լսվում էր մանկան ճիչ։ Ջաղացի առաջ մի փոքրիկ կրակ պեծին էր տալիս։

− Երանի նրան,− մտածեց Մկրտումը,− մինչի՜ լուս էլ մասլահաթ կանի...

Դիմացի սարի հետևից լուսինը պռունկը հանել էր։ Սարից խավարը կախվել էր, ծածկել ձորը, ջաղացը, գյուղի մեծ մասը։ Եվ ինչքան բարձրանում էր լուսինը հորիզոնի վրա, այնքան խավարը ետ էր քաշվում։ Հեռվից խուլ վշշոց էր գալիս, քամին անտառում ծառերի դեռ լերկ ճյուղերը իրար էր տալիս և բացվող բողբոջների բույրը թևերին առած տանում հեռուները։

Մկրտումն իջավ սանդուղքով։ Չամբարը շղթան երկաթե լարին քսելով մոտեցավ նրան, ոտներին փաթաթվեց։

− Չամբա՛ր, Չամբա՛ր... Անիրա՛վ,− փաղաքշական ձայնով ասաց նա։ Շունը հասկացավ նրա փաղաքշանքը, ավելի արագ սկսեց հոտոտել ու իր հավատարմությունը ցույց տալու համար վազեց դարբասի կողմը, մի քանի անգամ հաչեց, էլի ետ վազեց։ Վերևից Շողերը կանչեց.

− Գլխաբաց ե՜ս... Քամի է...

Նա ետ նայեց ու աստիճանների գլխին տեսավ կնոջը, սպիտակաշոր, շալի մեջ փաթաթված: Ինչքան նման էր նա առաջվա Շողերին, այն գիշեր, երբ մայրն իրեն մոտիկ գյուղն ուղարկեց մշակներ վարձելու։ Շողերը կանգնել էր սանդուղքի գլխին, ճրագը բռնել էր ու լույս էր անում։ Լույսի տակ՝ բարակ ու սպիտակ ձեռքը կարմիր շալի տակից։

Մկրտումը կայտառ մանկան պես վեր բարձրացավ... Ներքին տնից նա լսեց Եփրեմի ծիծաղն ու մանկան լացը... Հայրը փոքրիկին անկողնից հանել էր, գլորում էր ու փափուկ տեղերից ցավացնելու չափ համբուրում:

Խոջա-Հիբանի ամարաթի վերի հարկի ճրագն էլ հանգավ։ Մնաց միայն ջաղացի խարույկը, որի շուրջ նստած մարդկանց ջաղացպանը պատմում էր իր ամենից սիրած հեքիաթն այն մասին, թե ինչպես մի հովիվ ոչխարը լճի մոտ տանելուց տեսնում է սպիտակ աղավնիների, որոնք անհայտ է, թե որտեղից իջնում են, փետուրները թողնում լճի ափին, դառնում փերի աղջիկներ, ջրի մեջ լողանում, ինչպես հովիվը գողանում է մեկի թևերը, և աղջիկն էլ չի կարողանում սպիտակ աղավնի դառնալ...

Գարունը բացվել էր։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top