Տեսնողն այնպես էր կարծում, թե ծաղրի համար են Տիտոսին կոլորել շորերի մեջ, փափախի բրդի տակ ծակեր թողել, որ նրա ժիր աչքերը հսկեն հորթերին։ Ծաղրի համար, որ հորթերը բերելիս, գյուղի փողոցում կանգնած մարդկանցից մեկը բամփեր նրա գլխին և ծիծաղելով ասեր․
− Տիտո՛ս, չմեռնես դու, ճակատդ էլա մի բաց արա...
Տիտոսը միայն մայր ուներ, որ ամուսնու մեռնելուց հետո մի քանի տարի հավատարիմ էր մնացել առաջին մարդու կիսավեր տանը, բայց որովհետև նրա միակ ժառանգությունը՝ պոչը ծաղիկ կովը հորթատել էր ու սատկել, սառած թոնրի պատերին էլ խմոր չէր փակցրել,− մի օր դրժել էր հավատարմության ուխտը, կուժ ու փալաս շալակել, փողոցն անցել և մտել մի տուն, որի դռնից իր ամուսնուն թաղելուց մի շաբաթ հետո հանել էին երկունքից արնաքամ եղած մի կնոջ դագաղ։ Տան տերը հյուրընկալեց Տիտոսի մորը, սա էլ իր կուժը նոր տան կժերին խառնեց, փալասը փռեց հողե հատակին։
Դրսում մնաց Տիտոսը։ Այդ իրիկուն նա հորթերը բերեց գյուղ և երբ հորթերը բոլորն էլ շրթունքները կախ արին մոր կուրծից, Տիտոսը տուն եկավ և կիսավեր տան մեջ միայն պառավ կատվին տեսավ, թոնրի սառը մոխրում նստած։ Կատուն մլավեց, մի անգամ էլ ապացուցելու այն խոսքը, թե ավերակում կամ բուն է կանչում, կամ կատուն մլավում։
Իհարկե, մոր սրտի տեղը քար չէր, երբ վախվխելով, որպես դուռը կորցրած հորթ, Տիտոսն ուրիշի դռնակը բացեց և կանգնեց։ Մայրը լաց եղավ․ այդ տեսավ Տիտոսը, մայրը ուրիշ խոսքեր ասաց, բայց խոսքերից ավելի քաղցրը յուղով հացի այն պատառն էր, որ մայրն արցունքները սրբելով գոգնոցի տակից ծածուկ հանեց և կոխեց Տիտոսի տոպրակը։ Այդ գիշեր հարևանի դեզի վրա, կարպետի տակ Տիտոսը ծամեց յուղոտ հացը, աչքերը երկնքին, բայց միլիոն աստղերից և ոչ մեկն էլ չնշմարելով։ Նույն գիշեր մայրն ուրիշի բարձի վրա մի անգամ էլ լաց եղավ: Ճիշտ է, քար չէր մոր սիրտը, բայց մարմինը միայն սրտից չի կազմված։
Եվ այդպես սկսվեց Տիտոսի նոր կյանքը։ Որբ մնալուց հետո ուրիշների կարեկցության չափը նրա հանդեպ մի քիչ ավելացավ։ Եղան մարդիկ, որոնք մորը նախատեցին։ Սակայն այդ կարեկցությունը կարկատած տրեխներից ու փոստե ծակ փափախից հեռու չանցավ։ Պատահում էր, որ սրա նրա շեմքին, տոն մի օր կամ հարսանիքի գիշեր հորթարածը կաթսայում մնացածն էր սրբում մատներով և մատները լիզում, բայց այդ միայն դիպված էր նրա կյանքում։
Իսկ այդ կյանքը կանաչ սարերն էին, բազմատեսակ խոտերը, որոնցից մեկի արմատն էր քաղցրահամ, մյուսի ցողունը։ Կանաչ սարերում թոն ու անձրև, արև օրեր, երբ կարպետը փռում էր քարին չորանալու, աղբյուրի ջուր, ցամաք հաց և հորթեր, հորթեր, որոնցից ամեն մեկն իր տեսքն ուներ և բոլորը միասին ընդհանուր սովորույթ՝ շոգ օրին տուն վազելու, մոր բառաչը լսելիս պոչը կեռացրած դեպի բառաչը փախչելու։
Հորթային հրճվանք, հորթի ոսկե մանկություն, որից զուրկ էր Տիտոսը, որ ամենից շատ հենց այդ օրերին էր վազվզում, ցրիվ հորթերը հավաքում, կանչում, սուլում, վազելիս սայթաքում, վազելիս լաց լինում և հայհոյում հորթի հրճվանքն էլ, տիրոջն էլ։ Հորթերը հասունանում էին, հորթերն ուրիշ նախիր էին գնում, ցուլով էին գալիս հորթերը՝ Տիտոսի համար նոր հորթեր ծնելու։
Ե՞րբ պիտի ծներ վերջին կովն այն հորթը, որի հրճվանքն այլևս չպիտի ստիպեր Տիտոսին վազելու սար ու ձոր և որին այլևս նա կանաչ սարերը չտաներ։ Գիտակցական վերաբերմունք իր վիճակին Տիտոսն առաջին անգամ այս կերպ հանդես բերեց։ Այնպես հանկարծ ծնվեց, այդ միտքը նրա գլխում և այնքան հանդարտ։ Երևի կա այդպիսի մի վայրկյան, երբ ծլում է սերմը, ասեղի ծայրի չափ արմատիկը խրում հողում, որ հետո տարիների հետ հզորանա ու դառնա հաստարմատ ծառ։
* * *
Շարունակությունն էլ հասարակ եղավ։ Առաջին ծիլը ձգվեց, հողի կոշտուկները հրելով, մի օր արև տեսավ, ջերմություն զգաց։
Տիտոսը՝ խոտի խուրձը շալակին, ձյունաջուրը կոխ տալով, ձմռան մի օր անցավ դպրոցի կողքով, պատուհանից տեսավ հորթատիրոջ որդուն դասարանում, կանգնեց, ժպտաց։ Տղան էլ ներսից պատասխանեց նույն ժպիտով։ Եթե ներսում ժպտացողի միտքը Տիտոսի ճաների շուրջն էք և կտուրի գլխին տեղի ունեցած խաղերի, ապա Տիտոսի ժպիտը ուրիշ պատճառ ուներ։
Երևի լավ է ներսում, որ ամեն օր հավաքվում են իր հասակի տղաներ, երգ են ասում, գրիչները թաթախում թանաքի մեջ, տետրակներում արտագրում այն, ինչ գրում է ուսուցիչը պատից կախած տախտակի վրա, սպիտակ կրաքարով։ Վերի սարում այնքան շատ կա այդ քարից ու այնպես պարզ է խազում Տիտոսը, սպիտակ բծեր անում գետի կապույտ ողորկ քարերի վրա։
Այդ իրիկուն գոմի դռանը կատարվեց տարօրինակ մի գործարք։ Իր բոլոր ճաները Տիտոսը փոխեց տիրոջ տղայի վաղուց սովորած, թերթերը պակաս գրքի հետ։ Եվ երբ ախոռները խոտով լցրեց, կովերի տակ չոր հարդ ցրեց, գոմի ճրագի տակ Տիտոսը բաց արեց գիրքը։ Ճրագի լույսի հետ տառերը թրթռացին նրա աչքին։ Ինչքան շա՜տ էին, իրար նման, բոլորն էլ սև։ Գիրքը թերթեց, տեսավ ծանոթ նկարներ՝ ուլ ու ծառ, աղջիկը կուժն ուսին, պառավ նանը թոնրի առաջ։ Համր նկարներն այնքան հարազատ թվացին։ Գուցե դրանից էր, որ գիրքը գոմի պատուհանում դնելուց առաջ նա ստուգեց՝ արդյոք չոր և ապահո՞վ է թաքստոցը։
Առավոտյան Տիտոսն աչքերը տրորելով ձեռքը մեկնեց գոմի պատուհանին։ Կովերը կոշտ լեզվով լիզում էին մսուրի չոր փայտերը, կարծես մեկը խոզանակով էր սրբում։ Տիտոսը մոռացել էր կովերին։ Գրքի թերթին էր նայում, այն թերթին, որի վրա երկու հորթի գլուխ կար նկարած։ Նայում էր և լարում ամբողջ ուշքը, ասես հավատում էր, որ շատ նայելուց տառերը լեզու պիտի առնեն ու խոսեն։ Այդ օրը ջոկեց միայն այն, որ սև նշաններն իրար նման չեն, մեկը կեռ է, մյուսը տափակ, երրորդը ձեռնափայտի պես գլուխը կլոր։ Գոմի դռանը ոտնաձայն լսեց, գիրքը ծալեց, թռավ տեղից, մսուրին մոտեցավ։
Այդ գարնան Տիտոսն արդեն գրաճանաչ էր։ Նրա հացի պայուսակում թերթերի ծայրերը կտրտած գիրքն էր, որի առաջին երեսից մինչև թոնրի մոտ նստած պառավի նկարը Տիտոսը վարժ կարդում էր, նույնիսկ առանց մատը տառերին տանելու։ Ուրիշի գրած տետրակների լուսանցքում երկրորդ անգամ Տիտոսը գրել էր այն, ինչ տետրակի տերն էր գրել դպրոցում։
Աշխարհն ուրիշ տեսակ երևաց նրա աչքում, երբ տեսավ ծանոթ առուն, կանաչ արտերն ու սարերի լերկ կողերը։ Հողի կոշտերի տաք մութ կար և առաջին արևոտ օրը հալեց մութի հետքերը։ Տիտոսը նույն փափախն ուներ գլխին։ Ձմեռվա ընթացքում նրա գույքը ավելացել էր երկու զույգ կարկատած գուլպայով, որ ուրիշի ձեռքով ծածուկ ուղարկել էր մայրը։ Մնացածը նույնն էր, աղբից տեղ-տեղ կարկատանների թելերը փտել էին, կախ ընկել։ Եվ երբ առաջին օրը Տիտոսը հորթերն առաջ արած գյուղի ծայրին հասավ, փողոցում կանգնած մի մարդ մտքում նրան դմակը կախ ոչխարի հետ համեմատեց։
Հին փափախի տակից նրա աչքերը գրքին ընկնելիս՝ հորթերն ուզածի չափ կարող էին ցատկոտել, ցրիվ գալ, իրար պոզահարել, մինչև սթափվեր, գիրքը խնամքով ծալեր, տեղավորեր պայուսակում և ապա առաջվա պես սուլելով, կանչելով հավաքեր ցրված հորթերին։ Սպիտակ փափուկ քարը, որով գրում էին պատից կախած տախտակի վրա, Տիտոսը հենց սարի տակի հանքից վերցրեց այնքան, որքան հերիք էր գետի ողորկ քարերի վրա ոչ թե բծեր ու անկարգ խազեր քաշելու, այլ գրելու գրքի բառեր, ամբողջ երեսներ, մինչև անձրևը գար ու ավերեր գրածը։
Ամեն իրիկուն՝ հորթերը տեղաց անելուց հետո, պատահած տղից հարցնում էր չիմացածը։ Հերիք էր միայն մի անգամ ասեին, որպեսզի ասածը պինդ նստեր նրա մտքում։ Սևահողում լղար հատիկն էլ փարթամ է աճում։
Գրած տետրակները, եթե ապակու տեղ պատուհանին չէին փակցնում կամ տետրակի հաստ կողը ձվի դեղնուցով հիվանդի մեջքին չէին փակցնում, գրած տետրակները Տիտոսի պայուսակում էին հավաքվում, մինչև անգիր աներ վարժությունները, մինչև ծվեն-ծվեն չլինեին տետրակի թերթերը։ Նրա միտքը ագահությամբ էր կլանում գիրք ու տետրակ։ Ինչքան զարմացավ տիրոջ որդին, երբ գարնան վերջին Տիտոսը երկրորդ գիրքը խնդրեց։
Հենց այդ երեկոյան էլ նրա մայրը ծննդյան ցավից կանչում էր։ Հաջորդ առավոտը, լուսանալուն պես, երբ Տիտոսը լսեց, որ մի նոր մանուկ է ծծելու մոր կաթը, սառնություն զգաց մոր հանդեպ, վերջին բարակ թելերն էլ կտրվեցին, մայրը հեռացավ, դարձավ երկնքի երեսին լողացող թռչուն։
* * *
Ամառվա շոգին գյուղ եկավ Տիտոսի մանկության ընկերը՝ Անտոնը։ Երեկոյան բեզարած գյուղ վերադարձավ Տիտոսը, ոտները քարշ տալով բարձրացավ հերվա չոր խոտի դեզի վրա, կարպետը գլխին քաշեց։
Եվ միայն առավոտ կանուխ Անտոնենց դռանը Տիտոսը տեսավ ջրի կուժերն ուսին երկու կանանց, որոնք աչքալույս էին տալիս Անտոնի մորը։
− Անտոնը եկել է,− մտածեց Տիտոսը, մոտեցավ, նրա մորը հարցրեց։ Ինչպես կոտրվեց Տիտոսի սիրտը, երբ մայրը գլխին բամփելով ասաց․
− Հենց դու էիր մնացել, որ գնաս նրան քնատեղից վեր կացնես։
Տիտոսը միայն հեռվից էր ուզում տեսնել Անտոնին։ Ինչքան են խաղացել միասին, քանի ծտի բույն են քանդել, գետում լողացել այն ժամանակ, երբ իրենց թոնիրն էլ տաք էր։
− Ով գիտի՝ հիմի մեծացել, մեծ մարդ է դարձել։ Տեսնես ի՞նչ շոր ունի հագին։
Այդ մտքերից հետո Տիտոսին այնքան խեղճ թվաց տրեխների ծուռ ծայրը և այնպես կարոտեց մորը․ նրա լացը հիշեց, երբ ուրիշի դռնակի մոտ յուղոտ պատառ տվեց։ Այն օրից նրան չէր տեսել, նրանց փողոցովն էլ չէր անցել։
Տիտոսը հորթերը հեռու չտարավ։ Գյուղի մոտիկ կանաչուտին հասնելուց հորթերը կանգ առան. Տիտոսը րաց արեց գրքի այն երեսը, որի արանքում բրդի թելի նշանը կար։
Քիչ հետո գլուխը վեր հանեց հորթերին նայելու։ Գյուղի ծայրին սպիտակ գլխարկով մեկն երևաց։ Եկողը ձեռքի ճիպոտով մոշի թփերին էր զարկում և արագ քայլերով մոտենում կանաչուտին։
Տիտոսը հեռվից ճանաչեց Անտոնին։ Այդ օրը երկրորդ անգամ նա ամաչեց կարկատած տրեխների, մորթին ճղած մեծ փափախի համար։
Հանդիպումն այնպես պարզ եղավ, այնքան հասարակ։ Անտոնն առաջինը կանչեց, ձեռքը մեկնած մոտեցավ։ Նա առաջին խոսքն ասաց, որովհետև Տիտոսն անակնկալ հանդիպումից շփոթվեց, գիրքն արխալուղի թևի տակ առավ։
Եվ ոչ մի կարկատան չկար Անտոնի շորերի վրա։ Էլի առաջվա պես ծիծաղելիս կոտրած ատամը երևում էր։ Կոտրած ատամի պատմությունը Տիտոսի միտն ընկավ։
Անտոնը ոչ նրա գիրքը տեսավ, ոչ էլ հետևից կախ ընկած կարկատանները, որի համար մեկը նրան դմակավոր ոչխարի էր նմանեցրել։
Պատմելու այնքա՜ն բան ուներ Անտոնը, իսկ անցած տարիներն այնքան նման էին անցել Տիտոսի համար։ Եվ ինչ որ ասում էր Անտոնը «Րևանու կողմի» մասին, Տիտոսին երազի պես էր թվում։ Գյուղի սարերից դեն ոչինչ չէր տեսել։
Այդ հեռու կողմերում եղել էր Անտոնը. նրա աչքերը տեսել էին մեծ տներ, որոնց նման գյուղում չկա։
− Փողոցներում էնքան մարդ կա՜, հազար, երկու հազար։ Ամեն օր ուրիշ քաղաքներից մաշին է գալիս։ Կառքեր կան, մեծ խանութներ, ուր ուզածդ կա ու չտես բաներ։ Ոնց ասեմ քեզ։ Դե մեր գյուղում երեք հարյուր մարդ չկա, երեխա, կնիկ, բոլորը հաշված։ Համա մենակ մեր ուսումնարանում էդքան աշակերտ կա... Հետո վագոնները... Տիտո՛ս, ավտանաբիլի խժժոցից խամ մարդը կվախի։ Խաղող ինչքան ասես, ձմերուկ։ Էնտեղ մեզ նման չեն վար անում, կորեկ սերմելը սովորույթ չի։ Բամբակ են ցանում, մաշինի գութան էլ ունեն։ Վերջը ի՞նչ ասեմ, է՜, ես որ գնացել էի չորս օր աչքերս շաղված էին․․․ Էսպես զարմացք բաներ։
Տիտոսը շունչը պահած լսում էր։ Թևի տակից գիրքը սլլաց, ընկավ։ Տիտոսը նստած տեղից մի քիչ շարժվեց, գիրքը տակն առավ, նստեց վրան։ Պատմելիք չուներ։ Ուզեց ասի, որ ինքն էլ է սովորում, բայց անկարևոր համարեց։ Եթե Անտոնը հարցներ, կասեր։
Իր տեսածից ոգևորված, գյուղում մնացած նախկին ընկերոջ առաջ Անտոնն այնքան հրաշքներ պատմեց «Րևանու կողմերի» մասին։
Երբ հեռացավ Անտոնը, Տիտոսը մի քիչ էլ նստած մնաց, հետո սթափվեց, նայեց Անտոնի հետևից։ Երազի պես թվաց հեռավոր Րևանը, վագոնները, որոնք ամեն օր մարդ են տանում, բերում։ Բայց չէ՞ որ Անտոնը տեսել էր, Անտոնն էր պատմում։ Տիտոսն էլ ականջով լսեց, նրա կոտրած ատամը տեսավ։ Ա՛յ, էլի ձեռքի ճիպոտով մոշի թփերին է խփում։
− Րևա՜ն, Րևա՜ն․․․
− Էստեղից մի օրում կհասնես Սիսիանի մհալին, էնտեղից էլ օր ու կիսվա ճանապարհ է, մինչև մաշինին հասնես։ Մի սար է, բարձրանաս իջնես, սարի տակին կոտրած քարվանսարա կա, էնտեղ կքնես։ Հետո լայն ճանապարհ է, մինչև մաշինին հասնես։ Վագոնը որ նստես, ուղիղ քեզ կտանի Րևանու մեջը... Բիլեթ են տալիս փողով, պետք է բիլեթը պինդ պահես, որ չկորչի, թե չէ կտանեն, շտրաֆ կանեն։ Ես իմս ծոցումս էի պահում, քնելիս էլ ձեռքս վրան էի դնում։ Էսպես հասա Րևան...
Անտոնի խոսքերն էին, որ խժժում էին Տիտոսի ականջի տակ, որպես ձագ տված մեղու։ Փակեց աչքերը, միտքը լարեց, թև առած մտքերը թռան սարերի վրայով հեոուն, դեպի ուր մեկնեց Անտոնն իր ձեռքը, պատմությունն անելիս։
− Տեսնես Կատարի խաչի ուխտավորի չափ մարդ կլինի՞,− մտածեց Տիտոսը, պառկած տեղում նստեց, գիրքը բաց արեց։ Գրքում Անտոնի ասածներից ոչինչ չկար։ Ծառերի մասին էր գրված, ագին ծաղիկ աղվեսի մասին և ոչ մի խոսք Րևանու կողմերից։
− Երևի ուրիշ գրքերում կլինի։
Լսեց գյուղից մի ձայն.
− Տիտո՛ս, էհե՜յ, հորթերը արտի կանաչումն են, կանաչումն են, էհե՜յ...
Տեղից վեր թռավ, թռնելու հետ էլ մտքերը հորթերի պես շաղ եկան։ Րևանը չքացավ, որ մի քիչ հետո նորից փակչի նրա ուղեղին տիզի պես, բույն դնի և օրնիբուն միտքն զբաղեցնի իրենով։
* * *
Աշունքամուտ էր։ Սարերի բարձր կատարներին ամպը ցող էր շարում, լուսաբացին ցողը սառչում էր, դառնում եղյամ։ Արտերը հնձել, վերջացրել էին, գյուղը կալ էր կալսում, այգիների բերքը ժողովում։ Դրանից էր, որ հնձած արտերում ոչ մարդ էր երևում, ոչ անասուն։
Արահետը օձապտույտ ոլորներով բարձրանում էր սարի ստորոտից մինչև գագաթ, իջնում ձորը, նորից բարձրանում։
Մահակը գետնին դեմ տալով, կածանով բարձրանում էր Տիտոսը, հացով լի պայուսակը մեջքին։ Արևը բավական ճանապարհ էր կտրել, բայց արևից չէր, որ քրտինքի կաթիլներ էին շարվել Տիտոսի ճակատին, այլ արագ քայլելուց։ Մեջքը քրտնել էր, շապիկը կպչում էր, էլի պոկվում։
Տիտոսը ոչ քրտինքն էր զգում, ոչ էլ արևի տաքությունը։ Նրա միտքը ետ էր, եկած ճամփին, որի վրա կրած խուրձերից ընկած հասկեր կային, մի քիչ հեռուն գյուղը, կալերը, խրձան դեզեր, իրենց կիսավեր տունը։
Օգոստոսի կեսին Անտոնը գնացել էր։ Գնալուց մի օր առաջ Տիտոսը նրան տեսավ դռան մոտ։
− Տիտո՛ս, էգուց գնում եմ․․․
Տիտոսր չիմացավ ինչ ասի։ Մոտեցավ Անտոնին՝ բարի ճանապարհ ասելու։ Ձեռք տալուց հետո, երբ մայրը ներսից Անտոնին կանչեց և Անտոնը տուն գնաց, Տիտոսը դռան մոտ մի քիչ էլ կանգնեց։ Քարերը կճաքեին, եթե նրանք էլ այնքան ուժեղ ցանկանային Անտոնի հետ գնալ, ինչպես դռան մոտ ցանկացավ Տիտոսը։ Սակայն Անտոնը դուրս չեկավ տնից։ Տիտոսը գլուխը կախ հեռացավ։
Տիտոսը միայն մորն ասաց, որ գնում է։ Ինչքան դժվար էր վերջին օրը։ Հորթերն էլ էին մի տեսակ մոլորվել։ Երեկոյան՝ հորթերին տեղաց անելուց հետո, անցավ այն փողոցով, ուր մայրն էր ապրում։ Դռնակից նայեց, մարդ չտեսավ։ Հենց ուզում էր հեռանա, մայրը դիմացի անկյունից դուրս եկավ։
− Նանի, առավոտյան գնում եմ։
− Ո՞ւր։
− Րևան։
− Բա մենա՞կ, հաց, ճանապարհի ծախս․․․
− Բիլեթի փող ունեմ, ամառս եմ հավաքել, դե տոպրակս էլ հացով լիքն է։
Տիտոսը տեսավ մոր արցունքները։
− Բա շոր, գուլպա... Ընկեր ունե՞ս, ճանապարհը...
− Լիքը մարդ է, ինչ կա որ... Հրեն էն սարն է, սարը որ անց կացար, Րևանը մոտ է,− ասաց Տիտոսն այնպես վստահ, կասես Երևան գնալը նրա համար գյուղի ջաղացի ճանապարհն էր։
− Դե էդտեղ ոտը կաց, տեսնեմ էն Ազրայելը տանը չի՞․․․
Ազրայելը նրա երկրորդ ամուսինն էր։ Տիտոսը գիտեր, որ մայրը նրա ձեռքին լավ օր չի քաշում։ Ճիշտ է, այդ հանգամանքը նրա մեջ բորբոքում էր սեր ու կարեկցություն մոր նկատմամբ, բայց և իր մտքից նա չէր կարողանում ջնջել այն գիշերը, երբ ուրիշի դռնակի մոտ մորը տեսավ, ինքն էլ քնեց դեզի վրա, որպես որբ։ Թեկուզ Ազրայելին հանդիպելիս նա խոժոռ աչքերով էր նայում նրան, բայց հերիք էր մտաբերեր այն գիշերը, որպեսզի կարեկցության ալիքն իջներ, մոր հանդեպ զգար անտարբեր սառնություն։
Տիտոսը հասավ կայծակի հարվածից ճաքած քարին, որից դեն արահետը իջնում էր ձորի վրա, մի ուրիշ սարով բարձրանալու համար։ Ճաքած քարը նրա ամենից հեռու սահմանն էր, որից դեն Տիտոսի ոտքն առաջին անգամ էր կոխում։
Քարի մոտ մի քիչ շունչ առավ, նստեց։ Բավական ճանապարհ էր անցել։ Առաջին անգամ հայրենի գյուղը նրա աչքում շատ փոքր թվաց։ Ահա գետակը, Անտոնենց այգին... Սարի տակին սպիտակին էր տալիս քարհանքը, որտեղից դպրոցի աշակերտները կավիճ էին տանում։ Տիտոսը տեսավ և գետի մեծ քարը, որի վրա կավիճով մի օր նա արտագրեց «պառավի ուլերը»։ Աչք ածեց իրենց տունը տեսնելու, չերևաց։ Հարևանի բարձր պատը խանգարում էր։
Քրտինքը ցամաքեց, Տիտոսը վեր կացավ, մի անգամ էլ նայեց գյուղին։ Այնքան ցանկացավ, որ մեկը կտուրի վրայից նայեր իրեն, մինչև սարի հետևն անցներ։ Գուցե Ազրայելից ծածուկ մայրը կալից նայում է։ Երևի լաց է լինում, գոգնոցի ծայրով սրբում արցունքը, որ մարդ չտեսնի...
Փողոցում կանգնել էր։ Մի քիչ հետո մայրը շտապ քայլերով դուրս եկավ, հացի կապոցը թևի տակ։ Լաց եղավ։
− Էս երկու արծաթն էլ առ, ճանապարհին պետք կգա...
Իր մաշված գոտին կապեց Տիտոսի մեջքին, կռացավ, աչքերը համբուրեց։
− Չմրսես, եկողով իմաց տուր, որ հասել ես․․․ Դե՛...
Բայց խոսքը կիսատ մնաց, ոտնաձայն եկավ։ Մի անգամ էլ համբուրեց ու դուռը ծածկեց։
Գյուղն արդեն մնաց սարի հետևում։ Բայց սարի հետևում մնաց և նրա տխրությունը։ Թևով արցունքը սրբեց և մեծ քայլեր անելով իջավ կածանով։ Ձորակում մի ուրիշ կածան էլ էր միանում և երկուսի խառնուրդից ճանապարհը մի քիչ ավելի էր լայնանում։
Ջրի մոտ Տիտոսը քաղց զգաց, մոր շինած պաշարը բաց արեց։ Երբ կռացել էր ջրի վրա, կողքին ոտնաձայն լսեց, վեր կացավ։
Հարևան գյուղից մի իշավոր գնում էր նույն ճամփով, ինչ որ Տիտոսը։ Նա հացը մեջքին կապեց, միացավ իշավորին։
* * *
Բարձր սարերը ջրբաժան սահման են երկու մեծ գավառների մեջ։ Սարերի արևմտյան փեշերից սկիզբ առնող մանրիկ գետակները ստորոտով միանում են իրար, որպեսզի ներքև, սարահարթում կազմեն հանդարտահոս և լայն տարածվող մի գետ։
Հաջորդ առավոտյան ջրաբաժան սարերի գլխից Տիտոսը ետ էր նայում սարահարթին, որի գնդաձև փոսերի մեջ ընկած էին մեծ ու փոքր գյուղեր։ Այդ գյուղերից մեկումն էր գիշերել Տիտոսը, առավոտ կանուխ զարթնել, շարունակել ճանապարհը։
Մի պառավ կին հյուրընկալել էր նրան, քնելու տեղ տվել, հարցուփորձ արել։ Լուսաբացին պառավը թանով ապուր էր եփել։ Եվ երբ Տիտոսը փայտի գդալով տաք ապուրն էր ուտում, պառավը սիրտ էր տվել նրան.
− Ճանապարհը լիքը մարդ է, գնացող եկող շատ կա։ Հենց մի ճանապարհ է գնում մինչև սարի գլուխը, էնտեղից քեզ ցույց կտան...
Այդ մի ճանապարհով էլ բարձրացել էր Տիտոսը, ճանապարհին մի քանի հոգու տեսել, որոնք զարմանքով էին նայել նրան։
− Էս հասակին, որ սա վախ չունի մենակ գնալու, ուրեմն սրտոտ տղա պիտի լինի,–ասաց մեկը, որին Տիտոսը հարց տվավ, թե երր կհասնի կոտրած քարվանսարին։
− Արևով կհասնես․․․ Առաջիդ իշավորներ են գնում, որ ուզենաս՝ նրանց կհասնես,− ասաց մարդը։
Տիտոսը քայլերն արագացրեց։ Ինչքան բարձրանում էր սարն ի վեր, օդն այնքան սառնանում էր, կանաչն ավելի շատանում, թեկուզ աշնան սկիզբն էր։
− Ա՜յ հորթերը էստեղ լինեին, ի՜նչ կուտեին,− մտածեց նա, ետ նայեց մի ուրիշ լեռնաշղթայի, որի գագաթներին ամպ էր նստած և որի հետևին հայրենի գյուղն էր։
− Տեսնես հիմա հորթերն ո՞վ է պահում։