ԶԵՅԹԱՅԻ ԱՎԵՐՈՒՄԸ
(Մի գլուխ «ԿԱՐՄՐԱՔԱՐ» վեպից)
1
Կեսգիշերին Զեյթայի դիրքերը լռեցին։
Քյուրդ Մուրոն շվարել էր։ Նրա հաշվով թշնամին պետք է ուժեղացներ դիմադրությունը, սպասվում էր և հարձակում։ Այնինչ թշնամին պատասխանեց լռությամբ։ Նրա «ատրյադը» երկու վիրավոր էր տվել, որից մեկը բառաչում էր ինչպես մորթվող անասունը, հայհոյում «մեռել, կենդան», հայհոյում ֆելդշեր Եղիշեին, խմբապետին, թշնամուն, աստծուն, անհայտ մարդկանց, հայհոյում էր կատաղած,− կարծես հայհոյանքը մեղմացնում էր ջարդված ազդրի վերքի մրմուռը։ Մյուսը Զրիկի ձիավորներից էր։ Նա ավելի ծանր էր վիրավորվել, և բարեկամները նրան կիսամեռ վիճակում գիշերը տարել էին գյուղը։ Գնդակը ջարդել էր մեջքի ողնաշարը։ Իսկ Մուրոն հայհոյել էր նրան.
− Հարիֆ, կռնակդ դարձրիր, հա՜... Հախն է քեզ, իմանսըզ...
Այն կողմի դիրքերը լռել էին, բայց այս կողմից՝ սարսափից և անքնությունից ջղայնացած զինվորները անկարգ կրակում էին։ Նրանք սողալով, ոմանք թփերի և քարերի հետևը թաքնվելով, կամաց-կամաց բարձրանում էին լեռը։ Կիսամթնում երևաց Բեղլու Վարդազարի սպիտակ ձին։ Երեք ձիավորի հետ նա սլացավ լեռան գագաթը: Սլացավ գոռալով, աղմկելով։
Թյուրդ Մուրոն խուլ մռնչաց, երբ կիսամթնում տեսավ ձին ու ձիավորը։ Եվ մռնչալով երեսը շրջեց։ Նա հիշեց խնջույքը, Բեղլու Վարդազարի ծանր խոսքը։ Հիմա էլ նա է գրավում դիրքերը։ Այդ միտքը ծանր մտրակի նման շառաչեց։ Եվ նա ցանկացավ, որ թշնամու դիրքերից կրակեն, ձին ու ձիավորը գլորվեն։ Բայց դիրքերը լուռ էին, ինչպես քարերը։ Սպիտակ ձիավորը լեռան գագաթին կանգնել էր ու հեռադիտակով նայում էր դեպի ներքև։
Բացվում էր գարնանամուտի առավոտը...
Ձյունը դիմացի սարալանջին սպիտակին էր տալիս, բայց ձորերն ու գետահովիտները սև էին։ Ձյունի ջրերը քչքչալով գնում էին, ցող շարում կանաչի վրա։ Անտառը սևին էր տալիս։ Լուսաբացի խաղաղ օդը ճեղքեց ճնճղուկների երամը, որ քարերի վրա պտույտ արեց, ապա թռավ դեպի անտառը։ Շատ հեռվում սպիտակ ծուխ էր բարձրանում։ Կաղնուտի ձորում խոզարածները զարթնել էին։
Քյուրդ Մուրոյի «ատրյադը» հևիհև բարձրանում էր լեռը... Կարճ արահետներով գնում էին հետիոտն զինվորները։ Այստեղ, այնտեղ թփերի հետևը գլուխները հանում էին գյուղացիները։ Նրանցից մի քանիսը զենքով էին, իսկ մեծ մասն ուներ շամփուրներ, երկաթի լինգեր, ջուալներ, պարկեր։ Ամբողջ գիշերը նրանց խումբը ցրտից դողալով սպասել էր կռվի ելքին։
Երբ ձիավորները ետ էին նահանջել, այդ խումբը, որ մեծ մասամբ Զրիկից էր, ավելի շուտ էր վերադարձել գյուղը և լեղապատառ պատմել, որ թուրքերը լուսադեմին կմտնեն գյուղը։ Աղմուկ իրարանցում անելուց հետո, նրանք նորից էին վերադարձել դիրքերը, տաքացել խարույկների մոտ, ոմանք հսկել էին ձիերը, ձիերի տոպրակից ծածուկ գողացել էին գարի, լցրել գրպանները։
Քաղցածների այդ խումբը, ագռավների երամի նման, սպասում էր, որ հաղթողը մաշկի որսը, որպեսզի իրենք ուտեն լեշը։ Նրանք կրնկակոխ հետևում էին զինվորներին, նրանցից յուրաքանչյուրն իր մտքում վաղուց որոշել էր, թե ու՞մ տունը պիտի գնա, ի՞նչ կա այն տանը, որտեղ թաքցրած կլինեն տնամեջը։
Երբ լեռան գագաթից Քյուրդ Մուրոն բղավեց. «Հառա՜ջ, տղերք» և կեռ թուրը շողշողաց լուսադեմին, ձիավորները սուսերամերկ սլացան դեպի գյուղը, թռան իբրև բազեներ,− սակայն ոչ մի տան, ոչ մի պատուհանի և ոչ մի թփի հետևից գնդակ չարձակվեց։ Գյուղը լուռ էր, և միայն ներս խուժողների ձիերի սմբակներն էին դոփում սառած գետնին։
Դեռ մութը չընկած, Զեյթան քոչել էր։
Նրանք վաղուց էին սպասում այդ հարձակմանը։ Չոլախ Պուղանի բերած տեղեկությունը միայն հաստատել էր նրանց սպասելիքը։ Նույն գիշեր առանց աղմուկի, քոչ ու քարվանով գյուղը ճանապարհ էր ընկել դեպի լեռնաշղթայի ձյունոտ գագաթը, այնտեղից իջնելու տաք հարթավայրը:
Գյուղում մնացել էին 20-30 ձիավորներ, որոնց անակնկալ դիմադրությունը շփոթեցրել էր Քյուրդ Մուրոյին և հնարավորություն տվել, որ ժողովուրդը բավական հեռանա։ Կես գիշերին ձիավորները մեկ-մեկ իջել էին դիրքերից, վերջին անգամ նայել իրենք տուն ու տեղին և ինչպես գիշերահավը, անաղմուկ, ասպանդակել ձիերը, առաջ անցած քոչին հասնելու։
Լուսադեմին «ատրյադը» մտավ Զեյթա։
Նրանից առաջ հասել էին շամփուրավորները, լինգավորները, պարկավորները։ Հետնապահ ձիավորները դեռ գյուղը չէին մտել, երբ նրանցից առաջ անցավ կանանց մի խումբ։ Կարծես քարերի տակից էին բուսել, այնպես անակնկալ էր նրանց երևալը։ Նրանք էլ էին շտապում դեպի Զեյթա, դեպի թալան։
Առաջին մտնողները սկսեցին բաց անել տների փակ դռները... Մի տեղ օջախը դեռ տաք էր ու մխում էր վերջին աթարը։ Օջախի մոտ ընկած էր մեծ կաթսան, որ չէին, կարողացել տանել։ Ինչքա՜ն խոսք ու զրույց էր եղել այդ կաթսայի շուրջը։ Ով գիտի տան պառավ «կաճեն» ի՞նչ արտասուքով է բաժանվել սևացած պղնձից։
Մի ուրիշ տան դուռը պատել էին քարով։ Նոր ծեփը մատնում էր գիշերվա աշխատանքը: Մեկի մարագը կրնկահան բաց էր, կարծես տերը դիտմամբ էր բաց թողել, որ թալանողը միջի հարդն ու խոտը տանի և նրա աչքը չտեսնի ընկուզե փայտից քանդակած դուռը, որի նախշերը հին էին, շա՜տ հին։
Կար մի գոմ, որ մաքուր ավլած էր, ճրագն իր տեղը, ցախավելն ա թիակը կողք-կողքի. նույնիսկ հորթանոցում ամանի մեջ ջուր կար։ Կարծես հիմա հորթերը սարից պիտի գային։ Մի ուրիշ տան ոչինչ չկար, սրբել, տարել էին, բացի երեխայի պատռոտված տրեխները, որ շպրտել էին տան մեջտեղը:
Կես ժամ չանցած սկսվեց թալանը։ Ինչքան բացվում էր օրը, այնքան Զեյթայի փողոցներում ավելի շատ էին երևում մարդ ու կին, ձի, ձիավոր։ Հարյուրավոր բազմության մեջ, եթե գոնե մի երեխա լիներ, կարելի էր կարծել, որ քոչողը հենց նրանք են, որոնք փողոցում, տան բակերում կիտում էին այն ամենը, ինչ մոռացել էին, կամ շտապելուց թողել տան տերերը՝ պղինձ, կարասի, արոր, ուրագ, մորթի, պանիր, մաշված կարպետ, ալյուր, ցորեն։ Ավարառուները բաժանվել էին փոքրաթիվ խմբերի, խմբի մի անդամը հսկում էր, մյուսները հավաքում և դարսում էին ինչ ձեռք էր ընկնում։
Արդեն սրբել էին տնամեջը։ Վերջին եկողները վերցնում էին այն, ինչ առաջինները չէին վերցրել անարժեք լինելու պատճառով: Սկսվել էր գետնի փորփրելը: Գործի էին լինգերը, շամփուրները, սրածայր փայտերը: Ծակծկում, խփում էին գետնին, պատերին։ Գետնի դրմբոցից գտնում էին թաքցրած իրերի տեղը, հորի բերանները և ագահությամբ փորում գետինը, ոմանք մատներով, ինչպես մարդագայլը գերեզմանը: Շրջում էին հորի բերանի քարերը և դուրս հանում փախածների պահուստը։
Երիտասարդ արևը ամպերի հետևից երեսը հանել և կամաց լողում էր սառը ոլորտում։ Նրա շողերը խաղում էին սվինների հետ. շողշողում էին շամփուրները, պղինձները, սամովարները, սակայն այդ օրը բազմությունից ոչ մեկը գլուխը վեր չհանեց և արևին չնայեց: Կարծես ամաչում էին և վախենում, որ արևը կծակծկեր նրանց աչքերը և աչքերի ագահությունը։
Անցել էին վերջին արարին: Հանում էին դռները, երկաթե փենջարաները, տան գերաններն ու սյուները։ Փոշի էր բարձրանում փլվող տներից, աղմուկով նստում էին կտուրները, պատերը ճեղք էին տալիս, ինչպես երկրաշարժի ժամանակ։ Ահա մի տեղից պատից քար ընկավ, ջարդեց մեկի գլուխը, որ գարու ծանր պարկը շալակին անցնում էր պատի տակով, հետևից նրա կինը՝ բեռնավորված ջուլ ու փալասով։
Կինը ճչաց, սակայն ոչ ոք չվազեց նրա ճիչին։ Արյունը խառնվեց հողին։ Կինը ետ քաշեց մարդու դիակը, ուղղեց գարու պարկը։ Մի քիչ գարի է թափել։ Ե՛վ լալիս է, սգում մարդու համար, և՛ գարին բռով լցնում պարկը։ Նա մղկտում է աղիողորմ, անիծում է իր դառը վիճակը, աղքատությունը, տանը թողած երեխաների անունները մեկ-մեկ հիշում, սակայն աչքը գարու պարկին է, որ ծածկել է փալասներով, որպեսզի ոչ ոք չտեսնի։ Կինը արցունքն աչքերին նայում է փողոցով արագ անցնող բեռնված ու դատարկ մարդկանց, խնդրում, աղաչում է, բայց մարդիկ զբաղված են։ Մեկը միայն մոտեցավ և շտապ խոստացավ իր ձին բերելու, դիակը գյուղը տանելու։
Մի տեղ մոռացել էին շունը։ Հավատարիմ պահապանը հաչել էր առաջին ոտնաձայնից։ Շղթան արդեն սեղմում էր կոկորդը, բայց կենդանին դեռ խզացնում էր և ջղաձգությամբ առաջ նետում իրեն, բերանը բաց ու խուփ անում նրանց վրա, որոնք շան հաչոցին ոչ մի ուշադրություն չդարձնելով երկաթյա լինգերով սեղմում էին գերանը՝ դուռը պոկելու համար։
Զեյթայի հրապարակում «ատրյադի» ձիերն ախորժակով խժռում էին թալանած խոտը։ Ինքը՝ Քյուրդ Մուրոն մուշտակի մեջ փաթաթված մեկնվել էր խալու վրա և ննջում էր՝ գլուխը խուրձին։ Զինվորներից մի քանիսը հսկում էին ձիերը, մյուսները խառնվել էին շամփուրավորներին և հաղթողի իրավունքով պահանջում ու խլում էին ավարի թանկագինը: Գյուղի շրջակայքն ուղարկած հետախույզները տեղեկություն էին բերել, որ թշնամու հետքը չի երևում։ Նրանք ձյունի վրա տեսել էին նախիրի ոտնատեղ, բայց որովհետև ոտնատեղերի շատը ձյունով ծածկված էր, նրանք հավաստիացնում էին, որ Զեյթան գաղթել է երեք օր առաջ։