Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Արսեն Դիմաքսյան

Արսեն Դիմաքսյան
Քուռ գետի ձախակողմյան մասի մի ծուռ փողոցով անցնում էր մի երիտասարդ։ Օգոստոսի շոգ օրերից մեկն էր։ Արեգակը երկաթի պես տաքացրել էր փողոցի սալահատակը և տների պատերը։ Օդը այնքան ճնշող էր, որ անցորդը հազիվ կարողանում էր շունչ առնել։ Երբեմն թեքվելով ձեռնափայտի վրա, նա կանգ էր առնում ծառերի շվաքում և յուր հոգնած հայացքը ձգում տների լուսամուտներին կամ դռներին։ Չնայելով ամառային կիզիչ եղանակին, հագած էր ձմեռային սև սյուրտուկ, այն էլ կոճկած մինչև կոկորդը։ Իսկ աջ թևին ձգած էր մի մոխրագույն վերարկու, որի փեշերը հասնում էին գետնին։ Նա փոքրահասակ էր, նիհար, բայց կուրծքը կազմվածքի համեմատ լայն էր և առողջ։ Դեմքի գծերը խոշոր էին, ազդու և անմիջապես ուշադրություն գրավող։ Սև ու խիտ հոնքերի տակից փայլող խոշոր աչքերը վերին աստիճանի արտահայտիչ էին, խելացի և թափանցող։ Մի առանձին խրոխտություն էր տալիս նրա թխագույն դեմքին կարճլիկ նոսր մորուքը, մանավանդ արծվային քիթը, որի պնչերը հիշեցնում էին արաբական նժույգի ռունգներ:

Հասնելով ծուռ փողոցի ծայրին, նա դարձյալ կանգ առավ և նայեց աջ ու ձախ։ Այստեղ նրա հայացքն ընկավ մի տան պատին կպցրած թղթի վրա։ Նա մոտեցավ և կարդաց. «Այս տան վերին հարկում վարձով տրվում է մի մեծ, լուսավոր և մաքուր սենյակ»։ Նա բաց դռներով ներս մտավ։ Մի նեղ, կամրագույն փայտյա սանդուղք տանում էր դեպի տան վերին հարկը։ Արագ քայլերով նա բարձրացավ վերև և հանդիպեց մի շիկահեր, պառավ կնոջ։

— Ի՞նչ եք կամենում. — հարցրեց կինը։

— Ցույց տվեք սենյակը։

Կինը երիտասարդին առաջնորդեց երկայն և աղեղնաձև պատշգամբի ծայրը։ Սենյակը, արդարև, մեծ էր, լուսավոր, բայց ոչ մաքուր և ոչ էլ կահավորված։ Տանտիրուհին շտապեց հայտնել, թե այն իսկույն կմաքրվի, կկահավորվի և արժանավայել տեսք կստանա, եթե վարձվի։

— Իհարկե, եթե ոչ, ո՞վ կապրի այս տեսակ խոզաբնում։

Երիտասարդի ձայնն ամուր էր, խրոխտ և թանձրահնչուն։— Մի բան, որ կատարելապես հակասում էր նրա փոքրիկ հասակին և լիովին համապատասխանում նրա տգեղ և տպավորիչ դեմքին։ Այդ ձայնը, այդ խոշոր գլուխը, այդ խելացի աչքերի սուր արտահայտությունն ազդեցին տանտիրուհու վրա։

— Դուք կովկասցի՞ եք, — հարցրեց կինը։

— Այո։

— Ի՞նչ ազգի եք պատկանում։

— Հայ եմ։

— Ի՞նչ գործի եք։

— Առայժմ ոչինչ։

— Ոչի՞նչ։

— Այո՛։

— Այդ ի՞նչպես կլինի։

— Պատահում է։

— Իսկ սենյակի վարձը՞։

Երիտասարդին բարկացրին այդ հարցերը։ Նա խնդրեց տանտիրուհուն յուր պայմաններն ասել և առանց սակարկության վարձեց սենյակը, մի ամսվա վարձն անմիջապես տալով։

— Ամուրի՞ եք, — հարցրեց պառավը մեղմացած։

— Ամուրի եմ։ Տանտիրուհին գնաց դուրս և քիչ անցած վերադարձավ մի թերթ թուղթ և մի մատիտ ձեռքին։

— Խնդրեմ ձեր անունը նշանակեք։

Երիտասարդը գրեց. «Արսեն Դիմաքսյան»։

Երեկոյան նա իրեղենները տեղափոխեց։ Սենյակը բավական խնամքով մաքրված էր և համեստ, բայց ճաշակով կահավորված։ Նա բաց արավ յուր ծրարները, կանթեղը վառեց, ամեն ինչ կարգի բերեց և, նստելով սեղանի քով, սկսեց խորհել անելիքի մասին։

Նա շատ բաներ ուներ անելու, շատ ծրագիրներ ուներ ապագայի մասին, շատ գործերի մեջ պիտի խառնվեր։ Իսկ առայժմ մի բան առաջինն էր — հարկավոր էր մի պաշտոն ունենալ։ Միայն երկու շաբաթ էր, որ նա վերադարձել էր արտասահմանից։ Գալուց մի քանի օր անցած՝ նա գրավոր խնդիր էր տվել Ներսեսյան դպրոց, որ իրան հանձնեն ընդհանուր պատմության և աշխարհագրության դասերը։ Մի քանի հոգաբարձուներից խոստում էր ստացել, սպասում էր հոգաբարձական նիստին:

Առայժմ նա գրպանում ուներ հորից ստացած վերջին գումարը, որով պետք է ապրեր մինչև պաշտոն ստանալը։ Նրա հայրը գավառում հայտնի կալվածատեր էր։ Նա առանց որևէ պաշտոնի էլ կարող էր կառավարվել, բայց հոր և որդու մեջ մտել էր մի սառնություն, որ հետզհետե ավելի ու ավելի անջատում էր նրանց։

Բանն այն է, որ Մարգար աղա Դիմաքսյանր որդուց պահանջել էր — գիմնազիոնը ավարտելուց հետո այլևս ուսումը չշարունակի։ Նա միայնակ էր, ուրիշ որդի չուներ և ուզում էր, որ Արսենն յուր օգնականը լինի՝ բազմաթիվ այգիները, վարելահողերը, խանութները և այլ կալվածները կառավարելում։ Որդին չէր համաձայնվել։ Կոշտ, ինքնակամ, համառ հորը չափազանց զայրացրել էր այդ ընդդիմությունը, և նա վերին աստիճանի սպառնողական մի նամակ էր ուղղել որդուն։ Արսենը դրական եղանակով պատասխանել էր, թե ինքը պետք է լինի այն, ինչ որ կամենում է և բնավ մտադիր չէ «հնացած սերնդի կամքին ստրկանալ»։ «Գալով ձեր օգնությանը, որից ինձ չեք ուզում առայժմ զրկել, ես կընդունեմ նրան մինչև ուսմանս վերջը, ինչպես պարտք։ Դուք կարող եք զրկել ինձ օժանդակությունից, իսկ ազատ կամքից — երբե՛ք»։

Այս վճռական պատասխանը կատաղեցրել էր հորը։ Հաշտությունը նրանց մեջ դարձել էր անկարելի։

Շատ հոգսերի շարքում Արսենն ուներ և՛ հոր պարտքը հատուցանելու հոգսը։ Թվում էր նրան, որ եթե յուր ասածը չկարողանա կատարել — թույլ, ստախոս և, որ գլխավորն էր նրա համար, ինքն իրան հակասող մարդ կլինի։ Ընկերները հանդիմանում էին նրան այդ մասին, համարելով նրա վարմունքը անտակտ, անհաշիվ։ Բայց նա ամենքին տալիս էր միևնույն դրական պատասխանը։

— Եթե մենք ուզում ենք անկախ լինել, առաջին պատերազմը մեր ծնողների դեմ պետք է սկսենք։

Ահա ինչու նա ավելի լավ էր համարում հասարակ ուսուցչի պաշտոն ընդունել, քան հպատակվել հոր կամայականությանը։ Այժմ ակամա զգում էր անհանգստություն. ի՞նչ կլինի, եթե իսկույն պաշտոն չստանա։ Նրան վախեցնում էր ոչ թե նյութական պակասությունը, ոչ թե այն, որ կարող էր մի օր անոթի մնալ, այլ այն, որ մի գուցե ստիպվեր մեկից պարտք վերցնել, թեկուզ այդ մեկը լիներ նրա մտերիմ ընկերը։

Ներս մտավ տանտիրուհու ծառան և ընդհատեց նրա մտորումները։ Տարօրինակ էր այդ ծառայի կերպարանքը։ Անորոշ տարիքի մի մարդ էր, անկանոն կազմվածքով։ Նրա կուչկուչված հոնքների տակ բույն դրած աչքերից մեկը կլորիկ էր, մյուսը նշաձև։ Երես ասած բանը նա գրեթե չուներ։ Շեկ մորուքը սկսվում էր ուղիղ աչքերի տակից և, համրելով ծնոտի ծայրը, այստեղ կազմում էր գզգզված բրդի կտորի պես մի բան։ Դիտողը կնկատեր, որ նրա բերանի մի անկյունը մյուսից բարձր է։

— Այ տղա, դու ի՞նչ ազգից ես։

— Հայ եմ, — պատասխանեց մի բարակ, համարյա կանացի ձայն։

— Ո՞րտեղացի ես։ — Քյավառցի։

— Քյավառը որտե՞ղ է։

— Նոր-Բայազետում։

— Անո՞ւնդ։

— Սիրական։

Եթե երբևէ Դիմաքսյանը տեսել էր մի սարսափելի կոնտրաստ, այդ կարող էր լինել ծառայի կերպարանքը նրա անվան հետ։

Հաջորդ հարցերը պարզեցին, որ Սիրականն «անտուն, անտեր, մի խեղճ մարդ է», ո՛չ ծնողներ ունե, ո՛չ քույր, ո՛չ ազգական։

— Լսիր,— ընդհատեց նրա խոսքը Դիմաքսյանը,— դու ինձ հավատարիմ ծառայիր, ես քեզ կվարձատրեմ։ Գիտե՞ս, դու ինձ դուր ես գալիս. կարդալ գիտե՞ս։

— Մի քիչ։

— Ես քեզ էլի կսովորեցնեմ։ Եթե կամենաս, ռուսերեն էլ դաս կտամ։

Ուրախությունից Սիրականի շիլ աչքը փայլեց։ Նա մեջքից խոնարհ թեքվեց և գլուխ տվեց։

Թեյ խմելուց հետո, Դիմաքսյանը նստեց պարապելու։ Դեռ գիմնազիոնի նստարանից նա աշխատակցում էր մի լրագրի։ Ընկերներից շատերը գուշակում էին, թե ժամանակով լավ քննադատ կամ քարոզիչ կարող է լինել։ Գնալով արտասահման շարունակեց աշխատել նույն լրագրում, հետզհետե ընդարձակելով դրության շրջանը և գաղափարները։ Վերջին ժամանակ քաղաքական հոդվածներ էր գրում — առաջ Լայպցիգից, հետո Ցյուրիխից։

Հետևյալ օրը նրա մոտ եկավ բժիշկ Սալամբեկյանը, որի հետ նա ավարտել էր գիմնազիոնի դասընթացքը։ Դա սև մորուքով, նիհար դեմքով, տկար մարմնով մի երիտասարդ էր։ Դեմքի վրա դրոշմված էր մի հոգեկան անբացատրելի դժգոհություն։ Դիմաքսյանի հետ մոտիկ ընկեր էր, միմյանց համակրում էին։ Վեց և կես տարի իրարուց հեռու ապրելով, նրանք անընդհատ թղթակցել էին միմյանց, ուստի հեռավորությունը չէր թուլացրել նրանց ընկերական կապը։ — Շնորհավորում եմ,— ասաց բժիշկը, թույլ և հոգնած կերպով ձեռը մեկնելով ընկերոջը,— սենյակդ վատ չէ: Բայց դա վայրենիների ո՞ր ցեղին է պատկանում։

Խոսքը Սիրականի մասին էր, որ այդ միջոցին սամովարը ձեռին դուրս էր գալիս սենյակից:

— Մի՛ ծաղրիր,— պատասխանեց Դիմաքսյանը մի տեսակ դժկամակությամբ,— ֆիզիոնոմիստների դարը անցավ:

Բժիշկը լռեց, փոքր-ինչ շփոթվելով: Վայելչության օրենքը թույլ չտվեց նրան հակառակել — Դիմաքսյանը տգեղ էր:

— Այսօր պե՞տք է ժողովվենք,— հարցրեց նա խոսքը փոխելով:

— Ո՛չ, վաղը երեկոյան: Անպատճառ եկ:

— Իմ գալուց ի՞նչ օգուտ, թող նրանք գան, որ խոսելու և գործելու ախորժակ ունեն:

— Անկարելի է, անպատճառ պետք է գաս: Ես կազմել եմ մի ծրագիր մեր գործունեության մասին: Ես այն կարծիքի եմ, որ մեր կռիվը պետք է սաստիկ լինի: Հարկավոր է մեծ վստահություն ու քաջություն ջնջելու և հիմնահատակ անելու հինը, անօգուտը, վնասակարը:

Եվ նա շարունակեց նույն ոգևորությամբ: Երիտասարդության բարոյական պարտքերը շատ են, իսկ նա բոլորովին այդ չի զգում: Կռվելով հների դեմ, պետք է հետամուտ լինել և՛ նորերին, հարվածել և՛ նոր սերնդին, եթե սա չի կատարիլ յուր դերը։

— Բայց ամենից առաջ հարկավոր է կազմակերպել մի փոքրիկ խումբ: Մենք երդվել ենք նվիրել մեզ հասարակական գործունեությանը, պետք է կատարենք մեր երդումը։

— Վաղը ովքե՞ր կլինեն քեզ մոտ։

— Ես հրավիրել եմ Բարաթյանին։

— Մեկէլ օրը ստացավ կրակից ապահովող ընկերության գործակալի պաշտոն։ Հետո՞։

— Վեքիլյանին։

— Առանց իրավունքների իրավաբանին: Գեղեցիկ զույգ ես ընտրել, արժե նրանց մի լծի տակ տեսնել: Հետո՞:

— Մսերյանին: — Ահա մարդ, որ միշտ խոստումներով է կերակրվում։ Կարծեմ, նա վերջը տերտեր կձեռնադրվի։

— Լսի՛ր, բժիշկ, կատակը սազ չի գալիս քեզ, երբ մեր ընկերներին ես ծաղրում, մանավանդ Մսերյանին։

— Ինքդ ասա, ուրիշ ի՞նչ կարելի է սպասել մի մարդուց, որ համալսարանների բոլոր ֆակուլտետները անցել է և ոչ մի տեղ չի ավարտել։

— Մի ասա — «չի ավարտել», այլ ասա — «չեն թողել, որ ավարտի»։

— Այո՛, չեն թողել յուր անհանգիստ լեզվի շնորհիվ։

— Անհանգիստ, բայց ճշմարտախոս լեզվի, — գոչեց Դիմաքսյանը, և նրա աչքերի թափանցող բիբերը պտտեցին իրանց պարզ շրջանակների մեջ։ — Այդ լեզուն շատ է վնասել յուր տիրոջը։ Բայց ինչպես անարատ սիրտ, Մսերյանը անգնահատելի է։ Թողնենք խոսակցությունը, ես մի քանի կարևոր նամակներ ունեմ գրելու։

— Ուրեմն, ցտեսություն։

— Ցտեսություն. վաղը երեկոյան ես քեզ անպատճառ կսպասեմ։


II

Կեսօրվա դեմ Դիմաքսյանը հագավ տաք սյուրտուկը, կոճկեց մինչև կոկորդը և, վերարկուն թևին ձգելով, դուրս եկավ։ Նա այցելեց Ներսեսյան դպրոցի հոգաբարձուներից մեկին և իմացավ, որ դասերը գրեթե ստացած պետք է համարել։

— Մեզ համար,— ասաց հոգաբարձուն,— շատ ուրախալի է ձեզ պես կրթված ուսուցիչ ունենալ մեր դպրոցում, ձեր անունը ձեզանից առաջ է մեզ հասել։

Դիմաքսյանր զգաց մի թեթևություն։ Այժմ նա ապահովված է ուրեմն և կարող է հուսալ, որ յուր պարտքը մաս-մաս կվճարի հորը։ Բայց ավելի հաճելի էր նրա ինքնասիրության համար հոգաբարձվի ասածը. «ձեր անունը ձեզանից առաջ է մեզ հասել»։ Այս դարձվածը նրան մի առանձին աշխույժ տվեց: Նա ոգևորվեց։ Մյուս օրը երեկոյան ժողովվեցին նրա ընկերները։ Առաջինն եկավ կրակից ապահովող ընկերության գործակալ Բարաթյանը մոտ քսան ու հինգ տարեկան, գեղեցիկ դեմքով, առողջ կազմվածքով և զվարթ ու սիրուն աչքերով մի երիտասարդ։ Նա հագնված էր ամենավերջին մոդայով և իսկույն աչքի էր ընկնում յուր ձևերով ու շարժումներով։ Երեք տարի Պետերբուրգում և հինգ տարի արտասահմանում ապրելով, գիտության մի փոքրիկ պաշարի հետ, նա յուրացրել էր և՛ արտաքին վայելչության խոշոր պաշար: Նրա դեմքի վրա խաղացող ուրախ ժպիտը արտահայտում էր բուռն կենսունակություն։ Մի ժպիտ, որ հանդիպողին անմիջապես տրամադրում էր դեպի այդ երիտասարդը։

— Հիանալի՛ է, — գոչեց նա, դիտելով Դիմաքսյանի սենյակը, — եթե շրջապատող կլիման էլ համապատասխան է, այն ժամանակ շնորհավորում եմ հաջող ընտրությունդ։

— Դարձյա՞լ կլիմա։

— Այո՛, սիրելիս, մոռացե՞լ ես, թե ուսանող ժամանակ քո խոնարհ ծառան ինչպես էր սենյակ ընտրում։ Առաջ դիտում էի շրջակայքը, հետո կացարանը, առաջ շնչավորներին, հետո անշունչը։

— Եվ միշտ ինձ էլ խորհուրդ էիր տալիս քեզ հետևել։

— Իսկ դու չէիր հետևում։ Իզո՛ւր, երիտասարդը պետք է կյանք վայելի, իսկ ամուրին — նամանավանդ։

— Կյանք մարդավարի կերպով և ոչ թե ամեն մի անկյունում կանանց կոշիկների հետք որոնի։

— Բայց ես այնքան չեմ որոնել, որքան իրանք են ինձ գտել։ Լավ, ես քեզ հետ չեմ վիճիլ, հայտնի է, որ կանանց մասին մեր գաղափարները տարբերվում են։ Ահա գալիս է Ֆեմիդայի արժանավոր մանկլավիկը։

Դռները բացվեցին, ներս մտավ միջին հասակից քիչ ցածր, կլորիկ դեմքով, երկայնաձև քթով, մաքուր սափրած այտերով մի երիտասարդ։ Կանգնելով դռների առջև, նորեկը գլխարկը փորի վրա երկու ձեռներով բռնած, մեջքից թեքված և կես-հեգնական ու կես-սիրալիր մի ժպիտ երեսին, գլուխ տվեց։ Վեքիլյանի բարևելու մշտական եղանակն էր այդ, որ գործադրվում էր ամեն տեղ, ամեն ժամանակ և ամենքի առջև։

Նրա հետևից երևացին բժիշկ Սալամբեկյանը և մի քանի ֆակուլտետներ անցած Մսերյանը։ Տարիքով ամենից մեծ, կազմվածքով խոշոր Մսերյանի դեմքը խորշոմած էր, քունքերի մազերի մեջ արդեն փայլում էին սպիտակներ։ Ներս մտավ թե չէ՝ սա հաստ ձեռնափայտն ու լայնեզր գլխարկը դրեց սեղանի վրա և գոչեց.

— Արսեն, եթե մարդ ես, ինձ մի բաժակ թեյ։

Սիրականը ներս բերեց սամովարը, հյուրերը տեղավորվեցին նրա շուրջը:

Սկսվեց ընկերական մտերիմ խոսակցություն։ Սենյակը աղմկեց հետզհետե բարձրացող ձայներով։ Նրանք միմյանց հաղորդում էին շրջապատող հասարակության տհասության, անկրթության, նախապաշարմունքների, բռնության, հարստահարության և այլ ու այլ վատ երևույթների նորանոր փաստեր։ Ամեն ինչ նրանց աչքում մթին էր երևում։ Հասարակական կյանք չկա։ Մարդիկ մտածում են միմիայն իրանց նյութականի մասին։ Ժողովուրդը խարխափում է տգիտության մեջ։ Հին սերունդը բռնակալ է, նորը թույլ, հալածված, ճնշված։ Վաճառական դասը ապականված է, հարստահարող, փողամոլ։ Երիտասարդությունը բարոյապես փչացած է։ Հայրենիքի խնդիր չկա, իդեալ չկա։ Ուսումնարանները պատրաստում են տիրացուներ։ Գրականություն չկա։ Լրագրության մեջ տիրում է շարականի հոգին։ Ամեն ինչ կարոտ է արմատական վերանորոգության։

— Պարոննե՛ր, — բացականչեց Մսերյանը, որ փոքրիկ ժողովում մի տեսակ նախագահի դեր էր կատարում, — սկսենք գործել ձեռք-ձեռքի տված։ Մեր փոքրաթիվ կրծքերը դեմ տանք չինական պատին։ Խորտակենք նրան, որ անջատում է մեզ եվրոպական քաղաքակրթությունից։

Նա խոսում էր ոգևորված, ինչպես կրակոտ պատանի։ Այնինչ՝ տարիքը երեսնից անց էին: Երբեմն նա յուր խոսքը զարդարում էր հայտնի հեղինակների դարձվածներով։ Ստեպ-ստեպ հիշում էր Նալբանդյան, Աբովյան, Նազարյան անունները, համարելով նրանց «առաջին զինվորներ ժողողովրդի առաջադիմության համար»։ Նա պնդում էր, թե պետք է գնալ այդ մարդկանց հարթած շավղով։ Նրա ձայնը երերվում էր, ականջները և այտերը կարմրել էին, ձեռները դողում էին և լեզուն շփոթվում։ Ընկերների շրջանում նա վայելում էր «անուղղելի իդեալիստ» մականունը։ Նրա խոսքերից բուրում էր բուռն ոգևորություն և խորին հավատ դեպի մարդկության երջանիկ ապագան։ Սովորական ախտերը — բռնասիրություն, հարստահարություն, ընկերական ոգու բացակայություն և այլն, և այլն — նա համարում էր ներկայի ծնունդ։ Կանցնի ժամանակ, կմաքրվի մարդկությունն այդ ախտերից, և կտիրե այն իդեալական կյանքը, որին ձգտել են աշխարհի ամենաբարձր սրտերը, ամենազորեղ հանճարները։

— Այո՛, պարոններ, — ավարտեց նա յուր ատենաբանությունը, — մենք էլ լինենք այդ զորապետների գոնե հետին զինվորների շարքում։ Կռվենք և գործենք։ Մեր ազգը փոքրիկ է, թույլ, անպաշտպան, չթողնենք, որ նա խավարի մեջ մնա։

Նրան հաջորդեց Դիմաքսյանն յուր ծրագրով, որի ընդհանուր կետերը նա պարզեց։

Նա խոսում էր համառոտ և կտրուկ ոճով։ Ցույց էր տալիս այն գլխավոր հասարակական վատ երևույթները, որոնց դեմ պետք է մաքառեր նոր երիտասարդությունը։

— Բայց ես կրկնում եմ, ամենագլխավորը ընկերական միությունն է։ Եթե մենք չդավաճանենք մեր ընտրած սկրզբունքներին, շատ բան կարող ենք անել։

Ամենից քիչ խոսում էր Վեքիլյանը։ Նա, շարունակ ժպտալով, ամենքի հետ համաձայնվում էր։

Բարաթյանը մասնակցում էր խոսակցությանը զվարթ եղանակով։ Նա նույնպես ոգևորվում էր, բայց չէր գրգռվում։ Նա չէր հարվածում հասարակական կյանքի վատ երևույթները, ինչպես Դիմաքսյանը, Մսերյանը կամ նույնիսկ ծուլախոս Սալամբեկյանը, այլ հեգնում էր և ծաղրում։ Երբեմն ամենալուրջ խնդրի մեջ խառնում էր մի սուր կատակ։ Նա ասաց, թե ոչ մի գործ չի կարող կենդանի կերպով առաջադիմել, եթե նրա մեջ խառն չէ կինը։ Չպիտի միակողմանի լինել, կարծելով, որ հասարակական քաղաքակրթությունը միայն մարդկության մի կեսի ձեռքով է կատարվում։ Նա առաջարկեց մի քանի տիկիններ և օրիորդներ գրավել ընկերական ժողովները։ Մսերյանը ընդդիմացավ այս մտքին։ Նա կանանց ատում էր, իբրև անհատների, իսկ եբրև դասակարգի պաշտպանում էր նրանց իրավունքները։ Բժիշկ Սալամբեկյանը հավանեց Բարաթյանի միտքը։ Վեքիլյանն անորոշ կերպով ուսերը շարժեց։

— Կանայք, — կրկնեց Դիմաքսյանը, — այո՛, ես էլ եմ պաշտպանում նրանց իրավունքները, բայց ո՞րտեղից գտնենք այնպիսիներին, որ համաձայնվեին կամ կարողանային մեզ օգնել։

— Ես ճանաչում եմ մի քանիսին, — պատասխանեց Բարաթյանը, — որոնք կարող են մեզ համար օգտավետ լինել։ Ափսոս միայն գեղեցիկ չեն, իսկ ես, ինչ թաքցնեմ մեղքս, միայն գեղեցիկներին եմ սիրում։

Դիմաքսյանը գրգռվեց ընկերոջ վերջին դարձվածի դեմ։

— Բավակա՛ն է, գոչեց նա, ժամանակ է թողնել այդ նոր ձևի կռապաշտությունր։ Մենք պետք է խոնարհվենք խելքի զորության և ոչ թե գեղեցիկ աչքերի ու սիրուն այտերի հրապույրի առջև։

Բարաթյանը ժպտաց։

— Գեղեցկությունն երբեմն մարդկանց անբարոյականացնում է,— ավելացրեց Դիմաքսյանը մի տեսակ անզսպելի կրքով, ուղղակի նայելով Բարաթյանի աչքերին:

Կարծես, խոսքը նրան էր վերաբերվում։ Բարաթյանն անտարբերությամբ երեսը դարձրեց Վեքիլյանի կողմը, որ նույնպես խորհրդավոր կերպով ժպտում էր։ Նրանք հայացքներով հաղորդեցին միմյանց իրանց մտքերը, որ միևնույն բանին էր վերաբերվում — Դիմաքսյանի դեմքի տգեղությանը։

Այդ օրից երկու շաբաթ անցած՝ Դիմաքսյանը սկսեց այցելել Ներսեսյան դպրոցը ինչպես ուսուցիչ։ Նրա դասերը տևում էին մինչև կեսօրվա մեկ ժամը։ Այնուհետև նա գալիս էր տուն և զբաղվում այլ գործերով։

Ուսուցչական շրջանը նրան ընդունեց արտաքին հարգանքով ներքին նախանձով, որովհետև ամենաառաջին ուսուցիչն էլ նրա մեջ տեսնում էր զորեղ մրցակից։

Նա հետաքրքրվեց յուր պաշտոնակիցների աշխարհայացքով։ Նա գտավ նրանց շրջանում մի քանի համակրելի մարդիկ, մյուսներին չհավանեց և սկսեց բացարձակ վիճել, հակառակել նրանց մտքերին և քարոզել յուր գաղափարները։ Մի ամիս չանցած, ունեցավ մի քանի բարեկամներ և շատ հակառակորդներ։ Ոմանք շրջապատեցին նրան, իսկ ոմանք հեռանալով կազմեցին հակառակ բանակ։ Խաղաղ և ճահճացած շրջանի մեջ ընկավ մի տեսակ շարժում։ Ուսուցչական սենյակի պատերը վկա եղան ջերմ վիճաբանությունների և կատաղի հակաճառությունների։ Տեսուչը, թեև բարձր կրթություն ստացած, բայց հին հայացքների տեր մի մարդ էր։ Փորձված, հմուտ և խորամանկ մեկը, որ կարողացել էր գրավել ուսուցիչների մեծամասնության հարգանքը։ Դիմաքսյանը մոտեցավ նրան, այցելեց մի քանի անգամ նրա տունը և մի օր յուր ընկերների մոտ հետևյալ կարծիքը հայտնեց նրա մասին.

— Մեր Համքարյանը այն խրտվիլակներից է, որոնք հեռվից են միայն մարդու նմանվում։

Այս խոսքերը շուտով հասան տեսչի ականջին, և սա վճռեց զգույշ լինել յուր նոր ստորադրյալի հետ։

Մի օր Դիմաքսյանը ուսումնարան մտնելիս հանդիպեց երկու աշակերտների, որ միմյանց հայհոյում էին փողոցային անվայել և կեղտոտ խոսքերով։

— Պարոններ, — ասաց նա ուսուցչական սենյակով խմբված պաշտոնակիցներին, — մեր դպրոցում բարոյական դիսցիպլինա չկա, պետք է այս մասին հոգալ։

Բոլորը զարմացած նայեցին նրա երեսին։ Առաջին անգամն էին լսում այդպիսի պարզ, բայց և անպայման խիստ կարծիք դպրոցի մասին։ Նա պատմեց հայհոյող աշակերտների մասին։

Նա առաջարկեց ընտրել հանձնաժողով, պարտք դնել նրա վրա, որ ուսումնարանական կարգերի մասին կազմի մի նոր ծրագիր։ — Այս դպրոցում տիրում է հին հոգի, պետք է ամեն ինչ փոխել, վերանորոգել. պետք է այստեղի օդը մաքրել։

— Արդյոք, ինչպե՞ս, — հարցրեց տեսուչը նուրբ հեգնական եղանակով:

— Այնպես, ինչպես անում են լուսավորված երկրներում քանդելով հինը, շինելով նորը, դուրս վանելով նեխվածը, ընդունելով թարմը և կենդանին։

Մի քանի հակառակորդներ գլուխները կես-ծաղրով և կես-ատելությամբ շարժեցին։ Տեսուչը պատասխանեց.

— Սիրում եմ ձեր ֆրազները։

— Ես պնդում եմ ընտրել մի հանձնաժողով։

Հետևյալ օրը, երրորդ օրը, մի ամբողջ շաբաթ նա նույնը կրկնեց։ Վերջապես, մեծամասնությունը համաձայնվեց։ Ընտրվեց հինգ հոգուց բաղկացած մի խումբ, որոնց թվում, հարկավ, և՛ Դիմաքսյանը։ Նրան հանձնեցին կազմել մի ծրագիր և ներկայացնել։ Այս առաջարկությունն եղավ Գերմանիայում նոր ավարտած մի մանկավարժի կողմից։ Սա մտքում ծաղրում էր Դիմաքսյանին և ուզում էր «տեսնել, թե ինչ ծրագիր կարող է կազմել մի մարդ, որ ինքը մանկավարժ չէ»:


III

Երկու շաբաթ պարապելուց հետո Դիմաքսյանը ծրագիրը պատրաստեց և մի երեկո կարդաց բոլոր ուսուցիչների ու վերակացուների ժողովում։

Նա հիմնիվեր պախարակում էր դասատվության եղանակը, ուսուցիչների հարաբերոթյան ձևը աշակերտներh հետ։ Նա ավելորդ էր համարում շատ ավանդվող առարկաներ և փոխարենը առաջարկում էր նորերը։ Գլխավոր կետը աշակերտների բարոյական սնունդն էր։ Այս մասին նա խոսում էր ոգևորված, ոչ իբրև ծրագիր կազմող, այլ ինչպես անմեղների մի տաղանդավոր պաշտպան։

Ոչ ոք նկատողություն չարեց նրան կարդալու միջոցին։ Մի քանիսը միայն երկդիմի հայացքներ ձգեցին միմյանց էրեսին։ Նա վերջացրեց, թաշկինակով սրբեց ճակատը և, փոքրիկ ոսկրոտ ձեռները գնելով ձեռագրի վրա, նայեց աջ ու ձախ, պատրաստ նկատողոթյուններին պատասխանելու: Ընդհանուր լռությունը ընդհատեց տեսուչը շատ մեղմ ձայնով և զգույշ ձևով:

— Պարոն Դիմաքսյան, դուք վատաբանում եք մեր դպրոցը և, խոսք չունեմ, վատաբանում եք շատ տաղանդավոր կերպով։ Բայց մի բան, ձեր բուն ծրագիրը, եթե թույլ կտաք այսպես ասել, շատ, ը՜ըը՜, շատ տարօրինակ է ինձ համար։

— Ոչ թե տարօրինակ է, այլ ծրագիր բոլորովին չկա, — ավելացրեց գերմանական մանկավարժը։

Մեկի սառն նկատողությունը, մյուսի խորամանկ և կծու ծիծաղը կատաղեցրին Դիմաքսյանին։ Նա, որ համոզված էր յուր մտքերի անպայման ճշմարտությանը, ինչպես մի մոլեռանդ կղերական, ծաղրվո՞ւմ է բացարձակ։ Ո՛չ, այդ անկարելի է։

Նրա դեմքը գունատվեց, աչքերի մեջ փայլեց կատաղության հուրը։ Փոքրիկ մարմինը վեր թռավ աթոռից, ինչպես հանկարծակի հրազարկ եղած և կաշկանդեց ամենքի ուշքը։

Բռունցքը զարկելով սեղանին, նա գոչեց,

— Ո՛չ, պարոններ, անկեղծությունը, միայն անկեղծությունը կարող է գործ առաջացնել։ Խոստովանեցեք, որ իմ գրածը ձեզանից շատերի քիմքին միայն դուր չի գալիս, բայց ծրագիր է և նոր գաղափարներով տոգորված ծրագիր։

— Այո՛,— պատասխանեց գերմանական մանկավարժը,— նոր գաղափարներով, որոնք հակասում են նույնիսկ ձեր նպատակին։ Դուք գանգատվում եք, թե մեր դպրոցում բարոյական դիսցիպլինա չկա, իսկ ինքներդ կատարյալ անիշխանություն եք քարոզում:

Անիշխանոթյո՞ւն. ո՛չ երբեք։ Նա քարոզում է աշակերտական մաքուր զգացումների ազատություն։ Ուսուցելը կամ վերակացուն չպիտի լինի աշակերտի կամքի լիազոր տերը, այլ նրա առաջնորդը և խորհրդատուն։ Ոչ ոք իրավունք չունի կաշկանդել անհատի միտքը, բռնի ուժով հանել նրա գլխից մեկը — դնել մյուսը, որքան ևս փոքր լինի անհատը։ Պետք է ազատություն տալ աշակերտի մտավոր և բարոյական հատկանիշների զարգացմանը։ Եթե նա ընկերոջը ծեծում է և հայհոյում, մեղավորը ուսուցիչներն են.

— Դուք եք, պարոններ, — շարունակեց նա, ավելի ոգևորվելով, — դուք, որ մանուկ հասակից նրան սովորեցնում եք անպայման հնազանդության, ձեր կամքի, ձեր խելքի, ձեր հասկացողության, ձեր դատողության օրենքներին։ Դուք կատարում եք մտքի բռնակալների դեր և այն էլ մատաղ մտքերի։ Ի սեր ազատ բնության, հեռո՛ւ պահեցեք նոր սերունդը ձեր եսի ազդեցությունից, եղեք ժամանակակից կրթության միջնորդներ և ոչ ճնշող մեքենաներ։ Թույլ տվեք աշակերտի անհատական ուժերն անկախ զարգանան, միայն հետևեցեք, որ նրանք չփչանան վատ ուղղությամբ։ Անպայման բացակայություն խստության — ահա իմ առաջարկած դիսցիպլինան։

Նրա ճառն ազդեց մի քանի երիտասարդ ուսուցիչների վրա: Ոմանք բացարձակ հայտնեցին իրանց հավանությունը։ Սակայն մեծամասնությունը հակաճառեց։ Բարձրացավ անասելի աղմուկ քսան ու հինգ հոգուց բաղկացած ժողովում։ Մի կողմից Դիմաքսյանի կողմնակիցները, մյուս կողմից գերմանական մանկավարժը, տեսուչը և մի ստվար խումբ սկսեցին բարձրաձայն վիճել մինչև կեսգիշեր։ Հետևյալ առավոտ վերակացուներից մեկը թեթևամտաբար պատմեց բարձր դասարան աշակերտների առաջ նախընթաց երեկոյին տեղի ունեցած եղելությունը։ Անմիջապես կազմվեց համակրողներից մի խումբ, և Դիմաքսյանը աշակերտների շրջանումն էլ կողմնակիցներ ունեցավ։ Դասերից հետո, երբ նա դուրս էր գալիս դպրոցից, փողոցի դռան մոտ մութ անկյունում հավաքված մի քանի հասակավոր աշակերտներ գաղտնի ծափահարեցին նրան։ Նա ոգևորվեց, մոռացավ յուր կրած անախորժությունը, սրտում զգաց մի տեսակ ուրախություն։ Մի վայրկյան նրան թվաց, թե ինքը հալածվածների ու թույլերի պաշտպան է: Եվ նրա սրտում զարկեց հերոսական փառասիրության երակը: Նույն օրը երեկոյան նա պաշտոնակիցների հետ ունեցած ընդհարումը պատմեց յուր մոտ ժողովված ընկերներին։ Բոլորը միաձայն արտահայտեցին իրանց համակրությունը։ Միայն իրավաբան Վեքիլյանը նկատեց, թե չպիտի շատ էլ ոգևորվել. «հարկավոր է ամեն մի միտք զգույշ քարոզել»։

— Զգույշ, զգույշ,— գոչեց Մսերյանը սրտմտությամբ,— դու էլ միշտ քո երգն ես երգում։

Ոչ ոք Դիմաքսյանին այնքան չէր համակրում, որքան այդ «անուղղելի իդեալիստը»։ Գուցե այդ էր պատճառը, որ Դիմաքսյանն ամենից ավելի նրա հետ էր մտերիմ և նրան էր սիրում ու հարգում։ Նա խրախուսեց Դիմաքսյանին, առաջ բերելով նոր գաղափարների համար հերոսացած մարդկանց կյանքից օրինակներ։

Բարաթյանը ծիծաղեց նրա վրա։ Մի՞թե կարելի է հսկաների օրինակները ամեն մի չնչին բանի համար հիշել։ Կարծես, մի երևելի բան է մի խումբ կիսակիրթ ուսուցիչների դեմ մաքառելը։ Եվ, խոսակցության նյութը փոխելով, առաջարկեց ընկերներին մի քիչ զվարճանալ։

— Պարոններ, եղեք գործիչներ կամ կործանիչներ, ինչ կամենաք, բայց մի՛ մոռանաք, որ մեր կյանքը անցողիկ է։ Պետք է դառնությունների հետ զվարճություն էլ վայելել։ Այդ օրը Դիմաքսյանը ռոճիկ էր ստացել։ Նա պատվիրեց Սիրականին ընթրիք պատրաստել։ Շուտով ընկերական շրջանը նստեց սեղանի շուրջը բաց ախորժակով, ազատ, համարձակ, ինչպես պարզ ուսանողներ։ Նրանք սկսեցին այնպես զվարճանալ, խոսել ու վիճել, որ դրսից լսողը կկարծեր, թե սենյակը լիքն է հանդիսականներով։ Գինին կրկնապատկել էր մի քանիսի ոգևորությունը։ Մսերյանը սկսեց մի հին ուսանողական երգ։ Բժիշկ Սալամբեկյանը ընդհատեց նրան ժողովրդական մի մելամաղձիկ երգով։ Իրավաբան Վեքիլյանը շարունակ ժպտում էր և աշխատում ցույց տալ, թե անկեղծ զվարճանում է։ Բարաթյանը առանձին ուրախ տրամադրության մեջ էր։ Նա սրախոսում էր սովորականից շատ և ավելի հաջող։ Առհասարակ ընկերական խնջույքներում նա հայտնի էր ինչպես ամենազվարթ սեղանակից։ Ուտում էր նա անփույթ կերպով և անընդհատ խոսելով, և ուտում էր ամենից շատ և յուր հաստ շրթունքները այնպես շարժելով, որ ուրիշների ախորժակին էլ նպաստում էր: — Վեքիլյան, ես քո գիրքը չեմ հավանում,— նկատեց Մսերյանը,— միշտ լուռ, միշտ զգույշ, հեր օրհնած, մի անգամ չտեսա, որ դու ոգևորվես ընկերներիդ շրջանում։

— Է՜հ, անցան ուսանողական օրերը, կյանքը մարդու վրա ազդում է, միշտ չի կարելի ուրախանալ։

Այս խոսքերը նա արտասանեց մի այնպիսի փիլիսոփայական եղանակով, որ, կարծես, վաղուց անցել էր կյանքի մշակող քուրան։ Այդ էր, որ վրդովեցրեց Մսերյանին, որ առանց այն էլ մտքում շատ էլ չէր համակրում իրավաբանին։

— Աստված սիրես,— գոչեց նա,— ինձ մոտ կյանքի մասին մի խոսիր։ Տեսնո՞ւմ ես գլխիս մազերը, նրանք շատ օրեր են տեսել, ի՜նչ ես լրջամիտ ծերունի ձևանում։

Արդարև, Մսերյանը շատ օրեր էր տեսել, դառն օրեր։ Տասը տարեկան հասակում նա զրկվել էր ծնողներից, մնացել էր թշվառ, անօգնական։ Մի բարեսիրտ մարդ նրան վերցրել էր յուր հովանավորության տակ։ Մեռել էր այդ բարեսիրտ մարդն էլ, և նա դարձյալ մնացել էր անպաշտպան։ Ուսանող լինելով, շաբաթներով տաք կերակրի երես չէր տեսել, ապրել էր խոնավ նկուղներում, ընկերացել էր ամեն տեսակ մուրացկանների հետ։ Երեք ձմեռ հյուսիսի կլիմայում անց էր կացրել առանց վերարկուի։ Երկու տարի միայն նա կանոնավոր կացարան և կերակուր էր ունեցել։ Թափառել էր քաղաքից քաղաք ապերախտ ընկերների չար լեզուների պատճառով։

Այդ բոլորը հայտնի էր Վեքիլյանին, որ այժմ նրա առջև կենսական փիլիսոփայի քղամիդ էր հագնում։ Այն Վեքիլյանին, որ ապրել և սնվել էր ապահով ծնողների գգվանքով և գուցե չէր կարող հասկանալ, թե ինչ ասել է «չար աստղի տակ» ծնված լինել։

— Լսեցե՛ք, ընկերներ, լսի՛ր, Վեքիլյան,— արտասանեց Մսերյանը հուզված ձայնով,— կյանքը միայն նրան է ճնշում, ով յուր ուսերը տխմարի պես դեմ է տալիս նրա հարվածներին։ Մաքառեցեք անդադար, և դուք միշտ կծիծաղեք նրա վրա։ Կեցցե վիշտ, որ մաքրում է մարդուն, ինչպես կրակը ոսկուն… Եվ նա, բաժակը բարձրացնելով, զարկեց Դիմաքսյանի բաժակին: Նրանց հայացքների մեջ նշմարելի էր փոխադարձ անկեղծ ընկերական խորին համակրություն։ Յուր կրած հալածանքների և թշվառությունների շնորհիվ Մսերյանը գրավել էր անխտիր բոլոր ընկերների համակրությունը։ Միայն Վեքիլյանն էր, որ մտքում հեգնությամբ էր վերաբերվում դեպի իդեալիստը։ Սրա կարծիքով Մսերյանի կրած դառնություններն առաջացել էին յուր թուլությունից։ Նա ոչինչ նշանակություն չէր տալիս նրա անցյալին, քանի ոո այդ անցյալը ներկայի համար մի գործնական հետևանք չի ունեցել։ Չէ՞ որ Մսերյանը նույնն է, ինչ որ էր տասը տարի առաջ — միշտ ոգևորվող, միշտ պատանի։ Նրա մտքերի մեջ չկա մի որոշ կապ, նա չունի ամուր աշխարհայացք, զտված, պարզված գաղափար, որի առջև նսեմանային մյուս բոլոր գաղափարները և նա կարողանար անձնատուր լինել մի որևէ նպատակի իրագործման։ Նա գիտե միայն խոսել, հափշտակվել և ուրիշներին ոգևորել։ Նրա դերը անորոշ է կյանքի մեջ։ Ոչ, Վեքիլյանը — Մսերյան չէ և չի էլ ուզում նրան նմանվել, երբեք։

Ընկերները ցրվելուց հետո Դիմաքսյանը երկար ժամանակ չկարողացավ այդ գիշեր քնել։ Նրա նյարդերը գրգռված էին աղմկալի խոսակցությունից։ Մեջքի վրա անկողնում պառկած, անորոշ հայացքը ուղղել էր առաստաղին։ Նրա միտքը զբաղված էր ապագայով։ Ահա այն կյանքը, որին նա վաղուց փափագում էր, այն երկիրը, այն շրջանը, դեպի ուր ձգտում էր ուսանողական շրջանից։ Վերջապես, նա գտնվում է այն հողի վրա, ուր պետք է ցանե տարիների ընթացքում ժողոված սերմերը։ О՜о՜, որքան հետ է մնացել նրա մայրենի ժողովուրդը այն ազգերից, որոնց հետ նա շփվել է վեց տարի շարունակ և որոնց քաղաքակրրթության արգասիքները տեսել է աչքով։ Ո՜րքան տարբերություն այնտեղի և այստեղի, այն կյանքի և այս կյանքի մեջ... Այն բազմաթիվ գաղափարները, որ բարդվել էին նրա գլխում, գործադրության ելք էին որոնում։ Մի ներքին հոգեկան ուժ վառում էր նրա սիրտը անզուսպ եռանդով: Թվում էր նրան, թե կյանքը շատ կարճ է այդ բոլոր գաղափարների մի չնչին մասն անգամ իրագործելու համար։ Տակավին քսան ու վեց տարեկան նա զգում էր, թե արդեն շատ ժամանակ է կորցրել ապարդյուն։ Մյուս կողմից նախանձը գրգռվում էր նրա սրտում, երբ հիշում էր անմահ մարդկանց, որ պատանեկան հասակում արդեն անուն էին վաստակել։ Ահա հենց այդ անմահների ստվերներն էին, որ մղում էին նրան դեպի առաջ, որ գիշեր-ցերեկ հալածում էին նրա միտքը և խոստանում նախանձելի ապագա։ Այո՛, նախանձելի, որովհետև նա չի մնալ անհայտության մեջ, նա յուր կյանքը չի թաղիլ խավարում։ Նա բաց կանի ուժերով մի նոր ասպարեզ, ուր նրա անունը կփայլի ինչպես մի մենավոր պայծառ աստղ։ Մարդիկ կճանաչեն նրան, կլսեն նրա պատգամախոս ձայնը։ Նա կառաջնորդե յուր հայրենակիցներին դեպի լույս, արդարություն, ճշմարտություն։ Ամբոխը, ողորմելի, եղկելի ասիական ամբոխը կզգա նրա ուժը, կսկսի հետևել նրան, փառաբանել, երկրպագություն տալ նրա հանճարին, ծափահարել նրա ամեն մի քայլը։ Եվ կվաստակի նա մարդկային մտքի և խելքի ղեկավարի զորավոր անունը, և՛ կանմահացնի նա այդ անունը, և՜ ապագա սերունդները կդրոշմեն նրան պատմության էջերում։ Ինչ փույթ, որ նա մի փոքրիկ, ցիրուցան եղած ազգի զավակ է։ Սուտ է, թե միայն մեծ ազգերն են մեծ մարդիկ ծնում։ Իսկ չորս հազարամյա գոյությունը, իսկ փառավոր պատմական անցյա՞լը, միթե մի ազգի համար այդ ոչինչ նշանակություն չունե՞։ Ինչո՞ւ ուրեմն չհու՞սա, որ հասել է այն օրը, երբ այդ փոքրիկ, աննշան ազգը փարթամ մարդկությանը պետք է տա մի հանճար, որ տառապյալ, խավարամիտ և դարավոր մթության մեջ դեգերվող ժողովրդի մեջ ռեֆորմատորի անունը վաստակած լինի։ Եվ այդ հանճարը պետք է լինի ինքը — Արսեն Դիմաքսյանը։

Գրավված այս մտքերով, Դիմաքսյանը անգիտակցաբար բարձրացել էր անկողնից և գիշերային շապկով քայլում էր սենյակում։ Նրա փոքրիկ մարմնի ստվերը սահում էր պատերի վրա, մերթ հասնելով առաստաղին, մերթ ընկնելով հատակի վրա։ Հանկարծ նրա հայացքը հանդիպեց յուր ստվերին, և նա կանգ առավ ու նայեց։ Նա զգաց մի ցնցում և ոտքը ամուր խփեց հատակին: Նա ինքն իրան թվաց այնքան փոքր, այնքան աննշան, այնքան ողորմելի, որ վրդովվեց։ Առաջին անգամը չէր, որ այդ միտքը գրգռում էր նրան գիշերային լռիկ մենության մեջ:

— Մի՞թե, միթե այս փոքրիկ մարմնի մեջ այնքան զորեղ հոգի կա, որ մի ամբողջ ժողովրդի գլուխ լինի, — գոչեց նա լսելի ձայնով։

Սակայն նույն վայրկյանին նա շփեց ճակատը, հեռացրեց իրանից հանկարծակի պաշարած կասկածը և նորից անձնատուր եղավ յուր երևակայություններին։


IV


Դիմաքսյանի ընկերներից Բարաթյանը և Վեքիլյանը բուն թիֆլիսեցիներ էին, իսկ Սալամբեկյանը և Մսերյանը — գավառացիներ։

Ամենից շատ ծանոթներ և կապեր ուներ Թիֆլիսում Վեքիլյանը, հետո Բարաթյանը։ Մյուսների համար տեղական հասարակությունը դեռ անծանոթ աշխարհ էր, մանավանդ Մսիրյանի, որ առհասարակ խույս էր տալիս բազմաթիվ ծանոթներից։

Այլ էր Բարաթյանը։ Այդ զվարճասեր երիտասարդի համար հասարակությունը ուներ շատ հրապուրիչ պայմաններ, ինչպես և՛ ինքը շատերի համար ուներ նույն պայմանները։ Նրա ճարպիկ լեզուն, շնորհալի ձևերը, սիրալիր ժպիտները, գեղեցիկ պարելը, վերջապես, արտասահմանյան կրթության հռչակը, եվրոպական լեզուներ իմանալը — բաց արեցին նրա համար շատ դռներ։ Իսկ Վեքիլյանը ծանոթացրեց նրան բոլոր յուր ազգական ընտանիքների հետ, որոնց թիվը շատ էր։ Օր չէր լինում, որ նրանք միասին հյուր չլինեին այս կամ այն ընտանիքում։ Ամեն տեղ Բարաթյանին ընդունում էին հաճությամբ, մանավանդ, որ նրա գերդաստանը քաղաքում բավական հայտնի էր։ Պատահում էր, որ այս կամ այն տիկինը մի անգամ մի հանդիսում Բարաթյանին տեսնելով, դառնում էր Վեքիլյանին։ — Ծանոթացրեք ինձ ձեր ընկերոջ հետ, նա ինձ դուր է գալիս:

Իսկ երբ Բարաթյանը ծանոթանում էր, իսկույն հյուր էր հրավիրվում։ Եվ ոչ մի հրավեր չէր ձանձրացնում նրան: Ահա ինչու չորս ամիս չկար, որ նա վերադարձել էր արտասահմանից, և արդեն նրա ազգանունը պտտում էր զանազան շրջաններում։

Այդ շրջաններից տակավին հեռու էր Դիմաքսյանը։ Նա թեև Մսերյանի պես չէր արհամարհում հասարակությանը, սակայն, զբաղված լինելով յուր ներքին աշխարհով, յուր գաղափարներով, վեճերով ու ծրագրներով, առանձնապես չէր էլ մտածում ծանոթությունների մասին։ Բայց կային մարդիկ, որ իրանք էին ձգտում նրանց մոտենալ։ Նույնիսկ մի քանի ընտանիքներ փափագ էին հայտնում՝ նրան իրանց հարկի տակ տեսնել։

— Բերեք ձեր օրիժինալին մեզ մոտ, — ասաց մի օր մեկը Բարաթյանին։

Դա տիկին Բախտամյանն էր, Վեքիլյանի ազգականուհիներից մեկը։ Տիկինը սիրում էր ծանոթություններ, առանձին հակումն ուներ դեպի այն երիտասարդները, որոնք իրանց ուսումով, հասարակական գործերով և անունով քիչ թե շատ աչքի էին ընկնում։ Նա նրանց հետ վիճաբանում էր, դատում էր և առհասարակ աշխատում էր ժամանակակից ինտելիգենտ կնոջ դեր կատարել։

Մի օր Բարաթյանը Դիմաքսյանին ներկայացրեց տիկնոջը, որ յուր սովորության համեմատ նրան հրավիրեց յուր տունը։ Իսկապես Դիմաքսյանն աոաջին անգամից լավ տպավորություն չէր գործել տիկնոջ վրա յուր աննշան տեսքով: Բայց որովհետև նրա անունը երիտասարդության մեջ բավական հռչակ էր ստացել, ուստի ինտելիգենտ կինը կամեցավ այդ մեկին էլ անպատճառ յուր տանը տեսնել:

Առաջին պաշտոնական այցելությունից հետս, Դիմաքսյանը նորից հրավիրվեց Բախտամյանների մոտ։ Եվ մի երեկո նա, զիջանելով Բարաթյանի թախանձանքին, գնաց այնտեղ իբրև արդեն ընտանեկան ծանոթ։

Տիկնոջ ամուսինը — Պյոտր Սոլոմոնիչ Բախտամյանը նոր էր տնից դուրս եկել գործով և հետո պետք է գնար քաղաքային խորհրդի նիստը։ Ինքնավարության առաջին կարգի իրավասու էր և երբեք մի նիստ բաց չէր թողե:

Սենյակի խորքում խաղում էին երկու մանկահասակ աղջիկներ՝ չորս և վեց տարեկան։— Տիկնոջ զավակներն էին։ Թեյի սեղանի շուրջը նրա հետ նստած էին մի դեռահաս աղջիկ գիմնազիոնի համազգեստով և մի չափահաս օրիորդ։ — Պյոտր Սոլոմոնիչի հանգուցյալ քրոջ զավակներն էին, որ ապրում էին նրա տանը։

Տնային բաց գույնի հագուստով, մազերը խնամքով սանրած, սպիտակ թևերը կիսով չափ բաց տիկինը յուր տարիքից ավելի երիտասարդ էր երևում, թեև առանց այդ էլ նրա տարիքը քսան ու յոթից չէին ացնում։ Նա քաղաքում շատերի համար գեղեցկուհի էր յուր սև աչքունքով, դեմքի թարմ գույնով, կարմրախայտ լիք-լիք այտերով և բավական ուռած կրծքով։ Նա հյուրերին ընդունեց նազելի շարժվածքով տեղից բարձրանալով և քաղցր ժպտալով առանձնապես Բարաթյանի երեսին։

Դիմաքսյանը, որ սովորաբար ամոթխած էր, շիկնեց ու շփոթվեց տիկնոջ ձեռքը սեղմելիս։ Գիմնազիոնի աշակերտուհին, հայտնի չէր ինչու, ծիծաղեց և վազեց մյուս սենյակ։

— Գայանեն — այսպես էր մեծ օրիորդի անունը — համեստ, հանդարտ կերպով մեկնեց Դիմաքսյանին յուր ձեռը։ Դա մոտ քսաներկու տարեկան, բաց գույնի մազերով փոքր-ինչ թուխ դեմքով, սև հոնքերով և կապույտ աչքերով մի էակ էր, որի դեմքի համեստությունը տիկնոջ աչք ծակող գեղեցկության հակապատկերն էր ներկայացնում։ Հասակով նա տիկնոջ չափ էր, բայց ավելի բարակ և նուրբ կազմվածքով։ Նրա սրածայր և երկայնաձև քիթը բնավ չէր խանգարում դեմքի գծերի կանոնավորությանը, թեև նրա երեսը ցույց էր տալիս մի փոքր երկայնաձև։ Նա հագած էր պարզ տնային հասարակ մեխակագույն հագուստ։

— Երևակայեցեք, — սկսեց խոսել տիկին Բախտամյանը, սովորական ողջույններից հետո թեյի բաժակը դնելով Դիմաքսյանի առջև, — իսկույն ես ու Գայանեն մի շատ ժամանակակից հարցի մասին էինք վիճում, որ դուք եկաք: Ասացեք, խնդրեմ, միթե կինը մեզանում կարո՞ղ է այն դերը կատարել, ինչ որ լուսավորված ազգերի մեջ։ Ես այս մասին պարոն Բարաթյանի հետ էլ խոսել եմ։ Նա ասում է, թե դուք, պարոն Դիմաքսյան, մեր իրավունքները տաք-տաք պաշտպանում եք. շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ։ Բայց ինչ օգուտ. կինը միթե մեզանում կարո՞ղ է բերան բաց անել յուր իրավունքների համար, Лизочка не шали, ոչ, ոչ, չէ կարող, մենք Ասիայումն ենք ապրում, հասկանո՞ւմ եք, Ասիայում։ Այնպես չէ՞, պարոն Բարաթյան։

Իհարկե այդպես է։ Միթե ջենտլմեն Բարաթյանը կարո՞ղ է հակառակել ժամանակակից տիկնոջ ասածներին։

— Միայն պետք է քաջ լինել, ուշադրություն չդարձնել ուրիշների վրա և ապրել ինչպես եվրոպացի, տիկին, ինչպես եվրոպացի։

— Իհարկե, իհարկե, պարոն Բարաթյան, ես էլ այդ եմ ասում։ Ասում են, տիկին Բախտամյանը ազատամիտ կնիկ է, մի՞թե ես չգիտեմ, որ շատերը նախանձից են խոսում։ Եթե ես ուրիշների պես միշտ զուգվելով, զարդարվելով, հանդեսներ գնալով անցկացնեի ամբողջ կյանքս, չէին խոսիլ: Հավատացեք, չէին խոսիլ: Ափսոս, որ մեր տղամարդկանց մեջ էլ քիչ բարեկամներ ունենք։ Ինչ ուզում եք ասեք, տասից ինը վատ աչքով են մտիկ անում լուսավորված կնոջ վրա։ Պարոն Դիմաքսյան, մի բաժակ էլ, էէ՜, լաա՛վ, խմեցեք, ես ցերեմոնիա չեմ սիրում, Лизочка, тише, Элочка, что ты орешь? Տեսնում եք, որ լուրջ բաների մասին ենք խոսում, խելոք նստեցեք ու ականջ դրեք։

Մանկահասակ աղջիկները, որ մի օրինավոր կոնցերտ էին սկսել, ավելի բարձր գռռացին և միմյանց մի երկու բռունցք տալով բաժանվեցին։

— Բավական չար են, պարոն Դիմաքսյան, բայց մեղավորը ես եմ, շատ եմ ազատություն տալիս։ Ես նրանց կրթում եմ նոր եղանակով։

Խոսակցությունը տեղի ուներ ռուսերեն։ Տիկինը, որ ազատ տիրում էր այդ լեզվին, ոչ ոքի ժամանակ չէր տալիս բերանը բաց անելու։ Նա շարունակեց նույն եղանակով. անցնելով մի առարկայից մյուսը, կանանց իրավունքներից թատրոն, թատրոնից — ճանապարհորդություն։ Մի քանի անգամ ակնարկեց, թե եղել է արտասահմանում ամուսնու հետ, աչքով տեսել է, թե որքան այնտեղ կանայք ազատ են։

— Ես հանդիպեցի մի վենգրուհու, որի ամուսինը Իտալիայումն էր ճանապարհորդում, իսկ ինքը գնում էր Շվեյցարիա: Ա՜խ, պարոն Բարաթյան,— գոչեց տիկինը հանկարծ խոսքը փոխելով,— դուք պարոն Դիմաքսյանին հայտնե՞լ եք մեր ժողովի մասին։ Չե՞ք հայտնել ա՛յ ա՛յ ա՛յ, ինչպե՜ս կարելի է։

Նա պատմեց, թե մի խումբ կանայք վճռել են կանանց բարեգործական ընկերություն կազմել և թե վաղուց է ինքն այս միտքը քարոզում էր, և, վերջապես, հաջողեցրեց։

— Գայանեն էլ էր աշխատում, — ավելացրեց նա վեհանձնաբար, — կարելի է ասել, որ ինիցիատորները հենց մենք ենք, այնպես չէ՞, Գայանե։

Օրիորդը համեստությամբ պատասխանեց, թե ինքը իրան ինիցիատոր չէ համարում։ Տիկինը հակառակեց, և վերջը պարզվեց, որ ընկերություն հիմնելու միտքը առաջին անգամ հայտնել է Բարաթյանը։ Այս նորոթյունը Դիմաքսյանի սրտում զարթեցթեց մի տեսակ անախորժ զգացում։ Ինչպե՞ս, նա, որ այնքան պաշտպանել է և պաշտպանում է կանանց խնդիրը, հանկարծ հեռու է մի գործից, որ կանանց ինքնուրույնության առաջին քայլն է որոշում։ Ահա ինչ ասել է հասարակությունից հեռու ապրել։

Նրա հուզմունքը ավելի սաստկացավ, երբ տիկինը ասաց, թե ապագա ընկերության կանոնադրությունը կազմող մասնաժողովի անդամ է ընտրված և՛ Բարաթյանը։ Նա հայտնեց յուր ուրախությունը, որ հայ կնոջ մեջ, վերջապես, ինքնաճանաչության հոգի է զարթնում։ Բայց, չկարողանալով զսպել իրան, ավելացրեց, թե չէ հավանում, որ կանայք իրանց հենց աոաջին հասարակական գործի մեջ տղամարդկանց էլ խառնում են։ Ավելի լավ է բոլորովին անկախ գործել։ Պետք է հենց սկզբից սովորել ինքնուրույն գործունեության։ Տղամարդի մասնակցությունը կարող է նրանց վրա ճնշում գործել։

Այս բոլորը նա ասաց հանդարտ եղանակով։ Բայց նրա ձայնի մեջ այնուամենայնիվ զգացվում էր ներքին խռովություն։ Տիկինը հակառակեց նրան։ Ոչ, ոչ, կանայք մենակ գործել չեն կարող, տղամարդը միշտ պետք է օգնի նրանց։

Դիմաքսյանը ակամա շփոթվեց և մտքում բարկացավ ինքն յուր վրա։ Պարզ էր, որ Բարաթյանը այսպես թե այնպես վայելում է կանանց համակրությունը։ Ուրեմն անվայել է խախտել այդ համակրությունը և անկարելի։ Խոսակցության նյութը փոխվեց։ Օրիորդ Գայանեն սեղանի վրա դրեց մի քանի տեսակ քաղցրավենիներ, չոր պտուղներ, գինի և մի շիշ քաղցր ըմպելիք։

Այժմ Դիմաքսյանը աշխատում էր լինել զվարթ, անփույթ, համարձակ, ինչպես Բարաթյանը, որ, կարծես, յուր տանը լիներ նստած — ազատ, անշփոթ։ Բայց չէր հաջողվում։ Նա զգում էր, ինքն էլ չգիտեր ինչու, որ կաշկանդված դրության մեջ է։ Ստեպ-ստեպ նայում էր օրիորդին, խոսքը միայն նրան էր ուղղում, աշխատում էր լուրջ խոսակցությունից չհեռանալ։

Գայանեն լսում էր նրան հարգանքով, լսում էր նրա ոգևորված խոսքերը նոր սերնդի կրթության, հասարակական կյանքի այս կամ այն փոփոխության, հայրենիքի վիճակի մասին և այլն։ Այդ միջոցին Դիմաքսյանը մոռանում էր հասարակ հյուրի դերը և երևան էր գալիս ինչպես մի երդվյալ քարոզիչ։ Բայց բավական էր Բարաթյանի մի աշխարհիկ դարձվածը, մի սուր նկատողությունը, մի թեթև, անփույթ հեգնությունը, և սենյակի մեջ տարածվում էր օրիորդի և տիկնոջ անկեղծ ու զվարթ ծիծաղը։ Ծիծաղում էր և՛ Օվսաննան, որ մյուս սենյակից վերադարձել էր։

Դիմաքսյանը ուզում էր մասնակցել այդ րնդհանուր զվարճությանը։ Սակայն նրա ծիծաղը հնչում էր կեղծ, կատակը արտահայտվում էր բռնազբոսիկ։ Թվում էր նրան, որ օրիորդը մտքում ծաղրում է նրան, համարում է տաղտկալի փիլիսոփա, տգեղ, այլանդակ, զզվելի։ Այնինչ Գայանեն ոչ մի կերպ, ոչ մի ձևով, բացի հարգանքից և ջերմ համակրությունից, ոչինչ ցույց չէր տալիս նրան։

— Ո՞ւր եք շտապում, — ասաց տիկինը, տեսնելով, որ Դիմաքսյանը ոտքի կանգնեց, — սպասեցեք, խնդրեմ, ամուսինս կգա, միասին կընթրենք։

Դիմաքսյանը չհամաձայնվեց։ Նա հրաժեշտ տվեց։ Նրա հետևից դուրս եկավ Բարաթյանը։ Նրանք լուռ էին և ամեն մեկը զբաղված յուր մտքերով։

— Ինչո՞ւ կանգնեցիր, — գոչեց Բարաթյանը, տեսնելով որ ընկերը փողոցի մայթի վրա հետ մնաց։

— Ցտեսություն, ես կառքով եմ գնում։

Նա թույլ կերպով սեղմեց ընկերոջ ձեռը և բարձրացավ առաջին պատահած կառքի վրա։ Բարաթյանը նայեց նրա հետևից զարմացած և ինքն իրան ասաց.

— Ի՞նչ պատահեց այդ մարդուն։


V


Դիմաքսյանը սաստիկ չարացած էր։ Նրա փոքրիկ մարմինը անընդհատ շարժվում էր կառքի մեջ։ Մերթ նա շփում էր կարճլիկ ու նոսր մորուքը, մերթ ձեռը ցնցողաբար զարկում ծնկին։

Տուն հասնելով, նա զղջաց յուր այցելության մասին։ Տիկին Բախտամյանը նրան դուր չէր եկել յուր շատախոսությունով և արվեստական ձևերով։ Այդ կողմից նա արդար էր համարում յուր այն տեսությունը, թե «որքան կինը գեղեցիկ է, այնքան թեթևամիտ է»։

Բայց մյուս կողմից — չէ՞ որ օրիորդ Գայանեն էլ տգեղ չէր: Ինչո՞ւ ուրեմն նա դուրեկան է, այնչափ դուրեկան, որ ազդու տպավորություն է գործել Դիմաքսյանի վրա։ Ահա նրա ազատ ծիծաղը, գրավիչ ժպիտները, կապտագույն աչքերի մեղմ և սիրտ թափանցող փայլը։ Ինչո՞ւ յուր սիրունությունով հանդերձ նա «անտանելի» չէ։ Ո՛չ անկարելի է չհարգել մի այդպիսի արարածի։ Եվ մի՞թե սիրուն աչքերը, նուրբ բերանը, գեղեցիկ ատամները կարող են արգելք լինել խելքի բարձրությանը, կամքի հաստատությանը, սրտի վսեմությանը։

Այստեղ Դիմաքսյանի հայացքը դարձյալ ընկավ յուր ստվերի վրա։ Նույն վայրկյանին նա հիշեց Բարաթյանին։ Նա մտքով ինքն իրան համեմատեց յուր ընկերոջ հետ։ Քառորդ ժամ առաջ լուսավոր խանութների առջևով նրանք անցնում էին կից առ կից։ Ամբողջ ուսերով Բարաթյանր բարձր էր նրանից։ Այդ սարսափելի տարբերությունն էր, որ մի վայրկյանում տակնուվրա արեց նրա սիրտը, և նա շտապեց հեռանալ ընկերից, կառք նստել։

Նա մտաբերեց Գայանեի հարաբերությունը Բարաթյանի հետ, նրանց բոլոր ձևերը, խոսելու եղանակը, ամեն ինչ մանրամասնորեն։ Եվ զգաց, որ նրանց մեջ կա մի ինչ-որ լուռ փոխադարձ համակրություն։ Նրա մեջ զարթնեց անբացատրելի ատելություն դեպի երկուսն էլ, մանավանդ դեպի Բարաթյանը։ Ինչո՞ւ նա զվարճանում էր, սրախոսում էր, ազատ ու համարձակ շարժվում ինչպես սեփական տանը։ Իսկ ին՛քը... կարծես, մի աներևույթ չար ձեռք կաշկանդել էր նրան ոտից մինչև գլուխ։ Ինչո՞ւ, միթե այն պատճառով, որ նա փոքրիկ է, աննշան, տգե՞ղ։

Նա սկսեց անցուդարձ անել։ Ներս մտավ Սիրականը, որ նրա կոշիկները տանի սրբելու։

Դիմաքսյանը մի զննող հայացք ձգեց նրա վրա։ Նրա կատաղությունը մեղմացավ, և նա ավելի խորը նայեց ծառայի ծուռումուռ հասակին։ Կարծես, հաճելի էր նրա համար դիտել այդ տգեղ մարդուն, որ լուռ կանգնած էր նրա առաջ յուր աղավաղված բերանը կիսով չափ բաց, շիլ աչքերով և տափակ քթով։

— Ճշմարի՞տ է։

— Ի՞նչը, աղա։

Դիմաքսյանր երեսը հետ դարձրեց։ Նա խոսում էր մտքում։ Ծառան զարմացած կանգնած էր։ Նա հրամանի էր սպասում։ Իսկ հրաման չկար։

Դիմաքսյանը նստեց և դարձյալ նայեց ծառային։ Մի քանի վայրկյան անցած, նա կամացուկ վեր կացավ տեղից և սկսեց անցուդարձ անել, աշխատելով, որքան հնար է, խոշոր քայլեր անել։ Կարծես, նա մի խորին դրամատիկական դեր է փորձում, որ պետք է կատարեր։ Ստեպ-ստեպ աչքի տակով սուր դիտում էր ծառային։ Իսկ ծառան կանգնած էր, կոշտ ու սևացած ձեռները փորի վրա դրած։ Դիմաքսյանը անցնում էր նրա մոտով։ Եվ նկատելի էր, որ ամեն անգամ անցնելիս ավելի ու ավելի մոտենում է ծառային, ինչպես մի խորամանկ կատու յուր որսին:

Գիշերվա լռության մեջ, կանթեղի աղոտ լույսով, այդ երկու տարօրինակ կերպարանքների հարևանությունը մի խորհրդավոր տեսարան էր ներկայացնում։ Մեկը անշարժ կանգնած էր սենյակի մեջտեղում, մյուսը պտտում էր նրա շուրջը։

Երբեմն Դիմաքսյանը այնքան մոտենում էր Սիրականին, որ քիչ էր մնում նրանց ուսերը միմյանց զարկվեին։ Այժմ ծառան մարմնացած ապշություն էր ներկայացնում։ Նրա հայացքը հետևում էր Դիմաքսյանին։ Կարծես, մի մագնիսական ուժ բևեռել էր նրա ոտները հատակին։ Նա ոչ խոսում էր, ոչ շարժվում և ոչ էլ, կարծես, ուզում էր շունչ քաշել։ Միայն նրա թավամազ երեսը պտտում էր աջ ու ձախ, ինչպես ծխնելույզի թիթեղյա հողմավար։

Հանկարծ Դիմաքսյանը մի վայրկենաչափ կանգ առավ ծառայի կողքին։ Նա ուսը մոտեցրեց Սիրականի ուսին. նայեց նրա աչքերին, ճակատին, կրծքին։ Հետո մի ճարպիկ շարժվածքով հեռացավ նրանից մի քանի քայլ և թույլ ձայնով արտասանեց.

— Ի՞նչ կարճ ես, Սիրական։

Եվ բարձրաձայն ծիծաղեց։ Դա մի անսովոր ծիծաղ էր, մի ծիծաղ, որի մեջ չէր զգացվում ո՛չ ծաղր, ո՛չ դառնություն և ո՛չ զվարճություն, այլ ավելի բարկություն։ Դարձյալ խորին տրտմության քողը ծածկեց նրա երեսը։ Նա թուլացած նստեց անկողնակալի վրա, գլուխը թեքեց կրծքին և նշան արեց ծառային, որ դուրս գնա։ Հետո նա նստեց պարապվելու։ Սեղանի վրա ցրված էին զանազան գրքեր, լրագիրներ, ամսագիրներ, ձեռագիրներ, թղթի բազմաթիվ մանր կտորներ, որոնց վրա գրված էին թվանշաններ։

Այս բոլորը նա պատրաստել էր մի ընդարձակ հասարակական դասախոսության համար, որ պետք է կարդար մի ամսից հետո։ Ընկերներին հայտնի չէր նրա այս մտադրությունը, ինքն էլ առայժմ գաղտնի էր պահում։ Քառորդ ժամ անցած պարապմունքը նորից նրան մոռացնել տվեց ամեն ինչ, և նա եռանդով և ոգևորված գրում էր։

Նույն պահին Բարաթյանը յուր սենյակում զբաղված էր այլ մտքերով։ Բաժանվելով Դիմաքսյանից, նա ոչ մի տեղ չուզեց գնալ, վերադարձավ տուն։ Նա մտքում անիծում էր ընկերոջը, որ այնպես շուտ դուրս եկավ Բախտամյանների տնից։ Նա վաղուց համակրում էր օրիորդ Գայանեին։ Թատրոնում և հասարակական այլ և այլ տեղերում ամենից ավելի այդ օրիորդն էր, որ գրավում էր նրան և որին միշտ հետամուտ էր լինում։ Ուստի շատերը կարծում էին, թե նրանք արդեն հարսնացու և փեսացու են։ Այնինչ Բարաթյանը դեռ շատ զգույշ էր վարվում, որպեսզի այս կարծիքը հաստատ հիմք ունենար։ Սկզբունքով նա վճռել էր ամուսնանալ, բայց ոչ շատ էլ շուտ։ Շո՛ւտ, ոչ այն պատճառով, որ քսան ու վեց տարեկան հասակը ամուսնական կյանքի համար բավարար չէր համարում, այլ որովհետև նրա հասարակական դիրքը դեռ որոշ չէր։ Կրակից ապահովող ընկերության գործակալի պաշտոնը նրա աչքում մի չնչին բան էր։ Նա փափագում էր ավելի առաջ գնալ։ Բայց թե ինչպե՞ս — այս էր գլխավոր հարցը։ Արքունական ծառայության մեջ մտնել նա չէր ուզում։ Նա բժիշկ չէր, ինժեներ չէր, իրավաբան չէր, որ յուր որոշ շավիղը ունենար։ Եվրոպական համալսարանի դիպլոմը շատ-շատ կարող էր նրա համար մի որևէ հայ դպրոցում տեսչի կամ ուսուցչի տեղ պատրաստել։ Բայց նրա քիմքը շատ և շատ բարձր էր այս տեսակ համեստ պաշտոններից։ Այլ բան էր, եթե նա կարողանար մի հասարակական պաշտոն ստանալ մի որևէ հիմնարկության մեջ, թեկուզ քաղաքային վարչությունում, թեկուզ մի բանկում կամ մի ուրիշ տեղ։

Բայց հասարակական ընտրելին լինելու համար պետք էին մեծ կապեր։ Եվ ահա այդ կապերից մեկը և ամենագլխավորը, ամենազորավորը կարող էր լինել Պյոտր Սոլոմոնիչ Բախտամյանը։ Ո՞վ չէր ճանաչում քաղաքի այդ առաջնակարգ կալվածատիրոջ։ Ո՞ր վաճառականը, ո՞ր բանկիրը, ո՞ր պաշտոնյան չէր կատարել այդ պատկառելի քաղաքացու խնդիրը։ Ուրեմն պետք էր գրավել այդ զորավոր մարդու համակրությունը։ Իսկ Բարաթյանը ոչ միայն դեռ չէր գրավել, այլև զգում էր, որ յուր հաճախ այցելությունները նրան դուր չեն գալիս։ Պատճառը նա շատ լավ գիտեր։ Պյոտր Սոլոմոնիչը վերին աստիճանի նախանձոտ ամուսին էր։ Եվ Բարաթյանը այդ կողմից նրան մեղադրելու իրավունք չուներ։ Քսան և յոթ տարեկան գեղեցիկ և երիտասարդ կնոջ հիսուն և ութ տարեկան մարդը չէր կարող յուր տանը սառնասիրտ ընդունել երիտասարդ հյուրեր։ Մանավանդ, որ տիկին Բախտամյանը, Պյոտր Սոլոմոնիչի կարծիքով, չափից ավելի էր ազատ վարվում երիտասարդների հետ։ Իսկ Բարաթյանը ամենից կրթվածն էր, ամենից խելոքը, ամենից սրախոսը և, որ գլխավորն է, ամենից գեղեցիկը, որի հրապույրին դյուրին չէր դիմանալ։

Մի բան կարող էր նրա համար տեղ բաց անել Պյոտր Սոլոմոնիչի սրտում — Գայանեի հետ ամուսնանալը։ Նա գիտեր, որ պատկառելի քաղաքացին այդ ամուսնության դեմ չէր լինի. միթե Գայանեի համար նրանից ավելի հաջող կենակից կարո՞ղ էր գտնել։

Ահա ինչու Բարաթյանը գիշերվա կեսին առանձնացած յուր սենյակում՝ մտածում էր. ինչ անել, առաջ դիրք հաստատել, հետո՞ ամուսնանալ, թե՞ ամուսնանալ դիրք հաստատելու համար։

Կար և մի ուրիշ կետ, որ զբաղեցնում էր նրա միտքը կեսգիշերին։ Եվ որքան նա աշխատում էր չխորհել, դարձյալ այդ միտքր համառությամբ հալածում էր երիտասարդին։ Ժամանակ առժամանակ նրա աչքերի մեջ պսպղում էր մի կրքոտ փայլ։ Նա յուր հաստլիկ շրթունքները սեղմում էր սպիտակ խոշոր ատամներով, նրա առույգ այտերը դողում էին, իսկ դեմքի վրա տարածվում էր մի ժպիտ, որ հագուրդ չստացած հեշտասիրություն էր արտահայտում։

— Ո՜չ, այդ չպիտի անել, չպիտի անել, գոնե... Վեքիլյանի համար, — արտասանեցին նրա շրթունքները։ Նա նայեց աջ ու ձախ, կարծես, վախենում էր, որ մի գուցե մեկը լսե այդ գաղտնիմաստ խոսքերը։

Հետևյալ օրը նա բաց թողեց, երրորդ օրը ցերեկով դարձյալ գնաց Բախտամյանների մոտ։ Բարեբախտաբար, այս անգամ Պյոտր Սոլոմոնիչը տանը չէր։ Տիկինը նրան ընդունեց սովորական ուրախությամբ և անմիջապես խոսք բաց արեց Դիմաքսյանի մասին։ Նա բոլորովին չէր հավանել Բարաթյանի ընկերոջը։

— Դեմքի համար չեմ ասում, տերը նրա հետ, վարմունքը շատ վատ է։

— Այո՛, Դիմաքսյանը տաղտկալի է. նա ընկերական շրջանի մարդ չէ։ Շարունակ վիճում է և հակառակում: Տղամարդը պետք է հարգանքով վերաբերվի կանանց բոլոր ասածներին:

— Ինչո՞ւ բոլոր ասածներին, — ընդհատեց օրիորդ Գայանեն, — միթե այդ պարտավորակա՞ն է։

— Պարտավորական չէ, սիրելիս, բայց քաղաքավարությունը պահանջում է։

— Քաղաքավարությունը պահանջում է միշտ կանանց շողոքորթե՞լ։ Ընդհակառակը, իմ կարծիքով, տղամարդը միշտ պարտավոր է ուղղել մեր սխալը. այսինքն մեզ հետ անկեղծ լինել։

Երկու կանանց մտքերը հաշտեցնելու համար Բարաթյանը մեղմ և համոզիչ ձայնով նկատեց.

— Այո՛, օրիորդ, ձեր ասածը բոլորովին ճշմարիտ է. Բայց տիկինը դրա դեմ չէ։ Տիկինը բարեհաճում է ասել, թե տղամարդը կարող է կնոջ սխալը ուղղել, մինչև անգամ սովորեցնել նրան, բայց հասարակ կերպով և ոչ թե վարժապետական ձևով խրատել։ Խրատելը առհասարակ, ը՜ը՜ը՜, առհասարակ վայելուչ բան չէ։

— Ախ, պարոն Բարաթյան, — գոչեց տիկինը հիացած,— ի՜նչ լավ գուշակում եք իմ միտքը, երանի ամեն մարդ ձեզ պես շուտ հասկանար ինձ։ Բայց գիտեք, ձեր Դիմաքսյանը շատ պակասություններ ունի, ես կարծում եմ, որ այդ փոքրիկ մարդու մեջ մի շատ գոռոզ սիրտ է նստած։ Նա պետք է շատ նախանձոտ լինի։ Գայանե, խնդրեմ, չհակառակես, ես մարդկանց քեզանից շատ և շատ լավ եմ ճանաչում, իզուր չեմ երկու-երեք տարով քեզանից մեծ։ Այո, պարոն Բարաթյան, կարող եմ ասել ձեր ընկերը դժբախտ մարդ է։

— Ինչո՞վ է դժբախտ։

— Իբրև թե չգիտեք, չե՞ք տեսնում նրա կերպարանքը...ֆի՛...

Բարաթյանը վեհանձնաբար նկատեց, թե տղամարդի համար արտաքինը ոչինչ նշանակություն չունե։ Նրա գեղեցկությունը խելքն է ու սիրտը։ Օրիորդ Գայանեին շատ դուր եկավ այս նկատողությունը։ Նա գաղտուկ դիտեց Բարաթյանին և մտքում ասաց.

«Դու համ գեղեցիկ ես, համ էլ խելոք»։

Նույն օրը երեկոյան Դիմաքսյանի մոտ դարձյալ ընկերական ժողով էր։ Բարաթյանը, որ ամենից առաջ էր եկել, խոսք բաց արեց նրա հետ Բախտամյանների մասին և հաղորդեց, թե Դիմաքսյանը օրիորդի և տիկնոջ վրա շատ լավ տպավորություն է գործել։ Դիտավորությամբ ասած այս սուտը գրավեց Դիմաքսյանին, և նույն վայրկյանին նրա սրտում չքացավ այն թեթև ատելությունը, որ դեռ մնում էր այնտեղ Բարաթյանի վերաբերմամբ։


VI


Դիմաքսյանը զբաղված էր յուր դասախոսությունով։ Նա մոռացել էր ուսումնարանական հոգսերը, ուսուցչական նիստերը։ Նույնիսկ ընկերական ժողովները: Երբ փաստերը կազմակերպեց, բանախոսության գաղափարը ծրագրեց, մի օր հայտնեց ընկերներին յուր մտադրությունը։

— Ի՞նչ է դասախոսությանդ բովանդակությունը, — հարցրեց Բարաթյանը։

— Մեր երկրի տնտեսական դրությունը։

— Հիանալի միտք,— գոչեց ամենից շուտ ոգևորվող Մսերյանը։

Նույն հավանությունը տվեց և բժիշկ Սալամբեկյանը: Իսկ Վեքիլյանը զգուշացրեց Դիմաքսյանին, որ ծայրահեղ մտքերից խույս տա, առհասարակ խոհեմությունով խոսի։

— Այդ բանո՞ւմն էյ խոհեմությանդ քիթը ներս խրեցիր,— ձայն տվեց բարկացած Մսերյանր,— Վեքիլյան, պառավ հավի մսի պես օրեցօր անմարսելի ես դառնում։

Բարաթյանը հարցրեց, թե ինչ նպատակի է հատկացնելու դասախոսությունից գոյացած գումարը։

— Ազգային հիվանդանոց պետք է բանա, ինձ էլ կառավարիչ նշանակի, — հեգնեց Սալամբեկյանը։

Երբ Դիմաքսյանը ասաց, թե արդյունքը վճռել է նվիրել կանանց նոր կազմվող ընկերությանը, Բարաթյանը հոնքերը վեր քաշելով արտասանեց.

— Մի՞թե։ Ուրեմն, ես կուրախացնեմ տիկին Բախտամյանին և օրիորդ Գայանեին։

Բայց Դիմաքսյանը ասաց, թե ինքն էլ է մտադիր այցելել Բախտամյաններին և անձամբ հայտնել յուր վճիռը։ Նրա հարաբերության մեջ զգացվում էր մի տեսակ բարկություն դեպի Բարաթյանը։ Նրա ձայնը նշամերելի կերպով դողում էր։

Երեկոյան նա սովորականից ավելի խնամքով հագնվեց և գնաց Բախտամյանների տունը։ Այս անգամ Պյոտր Սոլոմոնիչը տանն էր։ Չնայելով յուր պատկառելի տարիքին, նա տակավին առույգ և առողջ մարդ էր, ավելի գեր, քան նիհար, ավելի ցածր, քան բարձր հասակով։ Նրա կլորիկ և ուռած երեսը, որ երկու օրը մի անգամ սափրվում էր, արտահայտում էր ապահով ու անհոգ բուրժուայի տրամադրություն։ Իսկ ալեխառն հոնքերի տակ տեղավորված աչքերի մեջ ապրելու ցանկություն էր փայլում։

Դիմաքսյանը նրա հետ ծանոթացել էր արդեն առաջին պաշտոնական այցելության միջոցին, Պյոտր Սոլոմոնիչը հավանել էր նրան և խնդրել էր շուտ-շուտ այցելել: Դա մի շնորհ էր, որին նա քիչ երիտասարդների էր արժանացնում։

Տիկին Բախտամյանը անզգուշություն ունեցավ հարցնել Բարաթյանի մասին։ Դիմաքսյանը պատասխանեց, թե նա երևի զբաղված է, որ չեկավ, որովհետև մտադիր էր գալու։ — Զբաղված, — գոչեց Պյոտր Սոլոմոնիչը կիսահեգնաբար, — Բարաթյանը զբաղվա՛ծ, այդ առաջին անգամն եմ լսում։

Նրա հեգնության մեջ երևում էր մի տեսակ ատելություն դեպի երիտասարդը։ Ատելություն, որ նա չէր էլ աշխատում թաքցնել։ Օրիորդ Գայանեն մյուս սենյակից ներս եկավ։ Նրա աչքունքը կիտվեցին, երբ տեսավ, որ Դիմաքսյանը մենակ է եկել. երևում էր, որ նա էլ սպասում էր Բարաթյանին, ինչպես տիկինը։

Պյոտր Սոլոմոնիչը շարունակեց խոսել Բարաթյանի մասին։

— Հայր ու որդի մի խնձոր են երկու կտոր արած։ Ես նրա հոր հետ միասին եմ ուսում առել գիմնազիայում Վորոնցովի ժամանակ։ Առհասարակ Բարաթովները հայտնի պտուղներ են...

Դիմաքսյանը խոսակցության նյութը փոխեց։ Նա հետաքրքրվեց քաղաքային գործերով։ Եռանդուն իրավառուն, կարծես, հենց մի այդպիսի բան էր սպասում, որ ցույց տա, թե ինքը որքան ազատամիտ քաղաքացի է։ Նա պաշտպանեց ջրանցքի խնդիրը։ Նա խոսեց ձիաքարշ երկաթուղու օգուտների մասին, ծաղրեց մի քանի իրավասու հռետորների, գովաբանեց քաղաքագլխին։ Առհասարակ հայտնեց, որ նրա ուղեղը անչափ զբաղված է քաղաքային գործերով։ Մի հանգամանք, որ սաստիկ բարկացնում էր նրա կնոջը, որովհետև Պյոտր Սոլոմոնիչը միշտ ձանձրացնում էր նրան այն բանով, որ Աննային բնավ չէր հետաքրքրում — դումայի պեսպես վճիռներով։

Վերջապես, Դիմաքսյանը հաջողեց խոսք բաց անել կանանց ընկերության մասին։ Բայց այստեղ էլ Պյոտր Սոլոմոնիչր չթողեց ոչ ոքի խոսել։ Նա ոտով գլխով ընդդեմ էր այդ ընկերությանը։

— Սուտ բան է, ի՛նչ ընկերություն, ի՛նչ մընկերություն: Մի քանի անգործ աղջիկ պարոններ հավաքվել են, ուզում են իրանց համար գործ սարքել։ Կնիկը ինչ է, որ հասարակական գործիչ դառնա։

Տիկինը այլևս չկարողացավ իրան զսպել։ — Կնիկը իսկի էլ պակաս չէ տղամարդից։ Այդպես են, այ, պարոն Դիմաքսյան, ես ձեզ չէի՞ ասում, հենց որ մի քիչ աչք ենք բաց անում, ուզում ենք ուրիշների էլ աչքը բաց անել, սկսում են ծաղրել, հալածել։ Արի ու այստեղ գործ տես։

— Գործ տես, խը, խը, խը, գործ տես։ Ի՞՛նչ պիտի անի ձեր ընկերությունը, հարցնում եմ, շատ-շատ մի ուսումնարան պետք է բաց անի, օհո՜հ, երևելի բան։ Տո՛, թողեք է՜։

Դիմաքսյանը փորձեց պաշտպանել կանանց իրավունքները։ Բայց իզուր, Պյոտր Սոլոմոնիչը կատաղի թշնամի էր կանանց գործունեությանը, առանձնապես յուր ամուսնու մասնակցությանը։ Հարկավ, նա թաքցնում էր իսկական պատճառը։ Նա կասկածում էր, որ ընկերությունը երիտասարդ կանանց համար մի նոր առիթ է տղամարդկանց հետ ավելի ազատ շփվելու համար։ Չէ՞ որ առանց այդ էլ Բարաթյանը արփեն թթվացրել էր նրա սիրտը։

— Գայանեի համար խոսք չունեմ, եթե նա ուզում է, կարող է ընկերության մեջ մտնել, բայց դու, Աննա, հեռու պահիր քեզ, ի՞նչ գործ ունես ջահել-ջուհուլների հետ։

«Ջահել-ջուհուլներ», ի՛նչ, միթե Աննան պառավ է։ Տիկինը կատաղեց և ներքին ալեկոծությունից եփած խեցգետնի պես կարմրեց։ Գայանեն պաշտպանեց նրան։ Նա ասաց, թե անկարելի է, որ Աննան չմասնակցի ընկերությանը, քանի որ գործը արդեն սկսվել է։ Բացի դրանից, եթե Աննան հեռանա, ինքն էլ պետք է հեռանա։

— Առանց նրան ինձ համար անհարմար է գործելը, ես չեմ ուզում շատ էլ ինքնագլուխ լինել։

Այս դարձվածը դուր չեկավ Դիմաքսյանին։ Նա բացատրեց, թե ով կամենում է ուրիշներին օգտավետ լինել, առաջ ինքը պետք է սովորի անկախության։ Իսկապես նա մի բան էր ցանկանում — տեսնել օրիորդին ազատ որևէ հովանավորությունից, մանավանդ տիկին Բախտամյանի, որի համակրությունը դեպի Բարաթյանը անչափ տհաճություն էր պատճառում նրան։

Նրա միջամտությունը մի նոր գրգիռ տվեց տիկնոջ բարկությանը։ Արդեն նա առանց այն էլ սիրելի չէր տիկնոջը, իսկ այժմ հանդգնում է Գայանեին ազատե՞լ նրա ազդեցությունից։

— Լա՛վ, — հազիվ զսպելով յուր կատաղությունը, ասաց տիկինը, — թողնե՛նք այս խոսակցությունը։

Եվ մի վատ հայացք ձգեց Դիմաքսյանի վրա։ Դա մի լուռ նշան էր, որով նա միանգամ ընդմիշտ հայտնեց յուր հակակրությունը երիտասարդին։ Պյոտր Սոլոմոնիչը նկատեց այդ և, կարծես, կնոջը ավելի գրգռելու համար, սկսեց ավելի սիրալիր վարվել յուր հյուրի հետ։

— Ես կկամենայի, — ասաց նա, — որ այդ ընկերության մեջ դուք էլ խառն լինեք։ Դուք շատ օգուտ կտայիք։

— Անմիջապես չեմ խառնվիլ, բայց կողմնակի կերպով կաշխատեմ օգտավետ լինել, — պատասխանեց Դիմաքսյանը, օգտվելով հանգամանքից, — ես մտադիր եմ շուտով ընկերության օգտին մի դասախոսություն կարդալ։

Լուրը շատ լավ տպավորություն գործեց օրիորդ Գայանեի վրա։ Նա մինչև անգամ ուրախացավ։ Այնինչ՝ տիկին Բախտամյանը նկատեց, թե դասախոսությունից հազիվ փոքր ի շատե մի խոշոր գումար գոյանա։ Օրիորդը ասաց, թե բանը գումարը չէ, այլ համակրությունը։ Տիկինը, Դիմաքսյանին գրգռելու նպատակով, հայտնեց, թե Բարաթյանն էլ մտադիր է թատրոնասերների մի ներկայացում կազմել։

— Ա՛յ, ներկայացումը ուրիշ բան է, ես կարծում եմ հազար ռուբլի կմտնի մեր գանձարանը։

Տիկինը հասավ յուր նպատակին։ Դիմաքսյանը լուռ, աչքերը լայն բաց անելով, նայեց նրա երեսին, այնքա՛ն վատ հնչեց նրա ականջին այդ անսպասելի նորությունը։ Դարձյալ Բարաթյանը, այդ ինչ բան է, մի՞թե երկու ընկերները սկսում են մրցե՞լ կանանց դուր գալու համար։

Արդեն բավական ուշ էր, ժամանակ էր հրաժեշտ տալու, իսկ նա չէր ուզում կամ, ճիշտն ասած, չէր կարողանում տեղից վեր կենալ։ Կարծես մի բան նրան կապկպել էր և կպցրել բազկաթոռին, որի վրա նա շարունակ նստած էր ներս մտնելու րոպեից։

Նրա դեմուդեմ պատին քարշ արած էր մի մեծ հայելի։ Մինչև այժմ նա այդ չէր նկատել։ Հանկարծ նրա հայացքը ընկավ յուր փոքրիկ կերպարանքի վրա, և նա մի որոշ ցնցողական շարժում գործեց։ Ա՜խ, ո՛րքան նա պզտիկ և աննշան էր այդ րոպեին յուր աչքում։ Փափուկ բազկաթոռը ագահությամբ ամբողջովին կլանել էր նրան, և միայն երևում էր նրա խոշոր գլուխը:

Դարձյալ նա շփոթվեց, դարձյալ ինքնասիրության զգացումը գրգռվեց նրա մեջ։ Նա կամեցավ հակառակել մեկին, ումևիցե, վիճել, կռվել։ Նա պատրաստ էր նույնիսկ Գայանեին հենց իսկույն, առանց այլևայլի, սաստիկ հանդիմանել։ Անսիրտ օրիորդ, ինչո՞ւ չես ճանաչում քո դեմ նստածին։ Մի՞թե կարծում ես այդ փոքրիկ մարմնի մեջ նստած հոգին նույնպես փոքրիկ է։ Ոչ, դու պետք է ճանաչես Դիմաքսյանին, պետք է զգաս նրա մտքի և հոգու զորությունը։ Նա ոտքի կանգնեց հանկարծ, անսպասելի կերպով։ Նա գունատ էր, և ոչ ոք չգիտեր նրա գունատության պատճառը։ Ոչ ոք չխնդրեց նրան չշտապել, բացի Պյոտր Սոլոմոնիչից, այն էլ կիսաբերան։ Նա դուրս եկավ շտապ քայլերով։ Փողոցի սառը օդը խփեց նրա տաքացած ճակատին։ Նա ուշքի եկավ, զգաց, որ չափազանց շփոթված էր, զգաց նույնպես, որ անշուշտ վատ ազդեցություն է թողել օրիորդի վրա։ Նա մի վայրկյան կանգ առավ փողոցի մեջտեղում, ամուր սեղմեց ճակատը և հառաչելով արտասանեց.

— Այո՛, տեսնում եմ, որ այդ օրիորդը ինձ խելքից պետք է հանի։

Եվ քաշքշվելով խոնավ սալահատակի վրա, անհետացավ գիշերային մթության մեջ։

Տիկին Բախտամյանը, հյուրը գնալուց հետո, ազատություն տվեց յուր կատաղությանը։ Արդեն նա բավական տանջվել էր, զսպելով յուր սրտի ալեկոծությունը։

— Վերջը դու քեզ էլ, ինձ էլ ծաղրի առարկա կդարձնես ուրիշների մոտ։ Տեր աստված, ի՞նչ խայտառակություն, այն էլ ո՜ւմ մոտ, մի մի մի...

— Երևելի և պատվական երիտասարդի մոտ։ Բա՛ս, Դիմաքսյանը հիանալի մարդ է, նա իմ շատ լավ բարեկամն է։

— Լավ բարեկամ ես գտել, տե՛ս ուրիշները ձեռքիցդ չխլեն, հա՛ հա՛ հա՛։

— Ասում եմ, հիանալի երիտասարդ է, դու էլ ասա «հա՛»։ Այնպես չէ , Գայանե, բարի, խելոք, իմաստուն երիտասարդ է։

Գայանեն ոչինչ չպատասխանեց և ոչ մի նշանով չարտահայտեց յուր համակրությունը կամ հակակրությունը։ Պյոտր Սոլոմոնիչը շարունակեց։

— Իմ աչքում նա ամենաքիչը մի դյուժին Բարաթովներ արժե, ուղիղ մի դյուժին։ Նրա մի ծուռ քիթը չեմ փոխիլ տասը սիրուն ֆրանտների հետ, բա՛ս, չեմ փոխիլ քո այդ... լպստած Բարաթովների հետ։

Եվ բարկացած անցավ յուր սենյակը։

— Խելագարվել է այսօր, ի՛նչ է, — գոչեց տիկին Բախտամյանը, — ինչո՞ւ է այդպես կատաղել Իսակ Գասպարիչի դեմ։ Կարծեմ, ամենքն էլ գիտեն, թե ինչու համար եմ այդ երիտասարդին ընդունում։ Գայանե, խոմ, դու գիտես, ինչո՞ւ չես պաշտպանում, ես քո պատճառով եմ այս նախատինքը ստանում ամեն օր։

Օրիորդը մի վայրկյան գլուխը թեքեց կրծքին և ոչինչ չպատասխանեց։ Մի ինչ֊որ մութ, անորոշ կասկած շփոթեցրեց նրան։ Նա չէր ուզում տիկնոջ երեսին նայել։ Այնինչ տիկինը միայն կանանց հատուկ նուրբ բնազդով զգաց նրա շփոթության հիմնական պատճառը։ Դա միայն օրիորդի համակրությունը չէր Բարաթյանին, այլ կար մի ուրիշ, ավելի լուրջ հիմունք։ Ինչո՞ւ Պյոտր Սոլոմոնիչր այնքան պարզ նախանձում է Բարաթյանին, մտածում էր օրիորդը։ Միթե իզո՞ւր, հենց այնպե՞ս։ Ոչ, ոչ, այդ անկարելի է։ Պյոտր Սոլոմոնիչր թեթևամիտ, անտակտ մարդ չէ։ Անկասկած նրա ամուսնական սուր աչքերը հեռվում, գուցե շատ հեռվում մի կասկածելի մութ գիծ են նշմարում։ Վերջապես, ինչո՞ւ Գայանեի սիրտը երբեմն ակամա, հակառակ խելքին, հակառակ Բարաթյանի մասին կազմած նպաստավոր կարծիքին, ենթարկվում է մի վատ, մի գարշելի, մի դիվային կասկածի։

Նա գլուխը բարձրացրեց։ Տիկինը, բութ մատը ատամներով կծած նայում էր հատակին։

— Ա՜խ, գոչեց նա հանկարծ, խույս տալով Գայանեի հայացքից, — երեխաները քնեցին առանց ինձ համբուրելու։

Նա արագ քայլերով անցավ կից սենյակը, ուր ննջում էին նրա մի զույգ զավակները։

Գայանեն նայեց նրա հետևից, և մի դառն ժպիտ երևաց նրա սիրուն շրթունքների վրա։

Այդ գիշեր մի ծանր, մի դաժան միտք երկար ժամանակ նրան հանգստություն չէր տալիս։


VII


Վերջին ժամանակ Դիմաքսյանը տանը շատ քիչ էր զբաղվում։ Հակառակ սովորականին, ամեն երեկո նա դուրս էր գալիս Մսերյանի հետ զբոսնելու և այնքան երկար ժամանակ, մինչև որ հոգնում էր։ Նա անհանգիստ էր, տխուր, քիչ էր խոսում և առհասարակ շատ զարմացնում էր Մսերյանին։

Մի օր երկու ընկերները գնացին Վեքիլյանի մոտ, ուր նրանք դեռ չէին եղել: Թեև իրավաբանը յուր ծնողների հետ էր ապրում, բայց նրա բնակարանը բոլորովին առանձին էր, բաղկացած երկու մաքուր և սիրուն կահավորված սենյակներից։

Այստեղ ամեն բան յուր տեղն էր, և՛ փափուկ շքեղ անկողինը, և՜ թավշյա բազկաթոռները, և՛ օրորվելու աթոռը, և՜ կարմիր մահուդով ծածկած գրասեղանը յուր բոլոր պարագաներով, և՜ տուալետի սեղանը հոտավետ յուղերով, բազմաթիվ խոզանակներով և այլն, և այլն։ Ամեն տեղ երևում էր մաքրասեր, ճշտասեր, զգույշ և ֆրանտ Վեքիլյանի ստվերը։ Նույնիսկ սենյակների ձևը, հիշեցնում էր կենողին։

Իրավաբանը յուր ընկերներին ընդունեց անսահման քաղաքավարությունով, հյուրասիրեց քաղցրահամ խմիչքներով և անուշահոտ սիգարով։ Նրան առաջարկել էին գավառում քննիչի պաշտոն, չէր ընդունել։ Նա կամենում էր անպատճառ Թիֆլիզում մնալ։ Երեք ամիս էր նա սկսել էր պարապվել փաստաբանությունով «երդվյալ հավատարմատարի օգնականի» կոչումը ընդունած։

Նա պատմեց մի քանի դատաստանական արկածներ, միշտ աշխատելով յուր արհեստի վսեմությունը պաշտպանել։ Փաստաբանությունը, իրավ է, շատերի համար հարստահարության աղբյուր է, ասում էր նա, բայց ոչ «բարոյական սկզբունքի տեր և բարեխիղճ» մարդու համար։ Ասպարեզը ընդարձակ է, մարդկությանը ծառայել կարելի է։ Որքան անմեղներ կան պաշտպանության կարոտ, քանի-քանի կյանք կարելի է կարոտից փրկել։ Միևնույն ժամանակ, այստեղ ավելի հնարավոր է «ազգի համար օգտակար» լինել, քան մի ուրիշ տեղ։

Արդեն ամեն օր գավառներից հայեր են գալիս նրա մոտ։ Նա վճռել է առաջ նրանց պաշտպանել, հետո ուրիշներին։ Բացի դրանից, սկզբունք է դրել հայերից երեսուն տոկոս պակաս վերցնել հոնորարը և մինչև կյանքի վերջը պետք է այդպես անի։ Մի հարուստ վաճառական հինգ-տասը հազար տալիս է ազգին և յուր անունը անմահացնում։ Իսկ նա քիչ-քիչ քսան տարի փաստաբանություն կանի, և նրա երեսուն տոկոս զիջողությունը մի քանի տասնյակ հազարներ կկազմի։

— Կարծեմ, հայ ազգը, դժգոհ չպիտի լինի մեզանից։

Նա խոսում էր լուրջ եղանակով, հանդարտ, ամեն բառը առանձին շեշտելով, ինչպես տարիքը լրացրած մի փորձված դիպլոմատ։ Ժպիտը չէր հեռանում նրա երեսից, աչքերի բիբերը անընդհատ խաղում էին, ինչպես մի զույգ լուսավոր ջահեր, որ առաջնորդում էին նրան դեպի անդորր, ապահով և անվրդով կյանք։

Դուրս գալով նրա մոտից, Մսերյանը հայտնեց Դիմաքսյանին յուր վրդովմունքը: Նա ասաց, թե կարծես, մի բան օրեցօր անջատում է նրան իրավաբանից և թե դիմանալ չի կարող այդ մարդու հղկած մարմարիոնի պաղությանը։

— Ես կարծում եմ, եթե աշխարհում ջրհեղեղ լինի, Վեքիլյանը ապահով նստած մի երկար ձողի գլխին, այնտեղից էլ կժպտա։

Իրիկնադեմ էր, եղանակը ցուրտ։ Փողոցների սառած ցեխը սևացել էր և կպել գետնին ամուր քարի պես։ Դանդաղ ձյունի աստղաձև հատիկները քիչ-քիչ ծածկում էին երկիրը բարակ սպիտակ շղարշով։ Օդը անշարժ էր, քամու նշույլ անգամ չկար։ Քաղաքացիների զբոսանքի սովորական ժամանակն էր։ Գոլովինսկի պրոսպեկտի վրա անցուդարձ էր անում բավական մեծ բազմություն, զվարճանալով ձմեռային այն սառն և դուրեկան եղանակով, որ հազիվ է պատահում Թիֆլիզում փետրվարի սկզբին։

Երկու ընկերները մտան ամբոխի շարքը։

Մսերյանը տաքացած պարսավում էր մի ինչ-որ հիմնարկություն, ուր նա կամեցել էր պաշտոն ստանալ, կառավարիչը նրանից վկայական էր պահանջել։ Դիմաքսյանր հանգստացրեց նրան, ասելով, թե չարժե վրդովվել, եթե փողի կարոտություն ունե, կարող է նրանից ստանալ։

— Որ սպանես՝ չեմ վերցնիլ, — հրաժարվեց Մսերյանը, — փողի պարտքը բարոյական ծանրություն է ինձ համար։ Փառք աստուծո, դեռ շատ էլ քաղցած չեմ, երկու դաս ունեմ։

Նրանք քայլում էին արագ-արագ։ Դիմաքսյանր հազիվ կարողանում էր հետևել Մսերյանի լայն քայլերին։ Հանկարծ նա սայթաքեց և անշուշտ կընկներ, եթե ուղեկիցը յուր ուժեղ ձեռքով չբռներ նրա թևից։ Նա բարձրաձայն ծիծաղեց ինքն յուր վրա, ոչ այնպես, ինչպես ակամա ծիծաղում են սառույցի վրա սայթաքողները։ Դա մի արվեստական ծիծաղ էր, որով նա քողարկում էր յուր փոքրիկ մարմնի թերությունից առաջացած՝ բնական վրդովմունքը։

Հազիվ նա գլուխը բարձրացրեց, և մի ուրիշ դեպք ավելի վրդովեցվեց նրան։ Դեմուդեմ գալիս էր Բարաթյանը, ուրախ, զվարթ, գեղեցիկ, առողջ Բարաթյանը — Գայանեի հետ։ Ցուրտը օրիորդի դեմքին տվել էր մի անբնական կարմրություն։ Նրա կապույտ աչքերի մեջ վառվում էր կենսականության հուրը յուր բոլոր ուժերով։ Գեղեցիկ փետուրով զարդարված գլխարկի տակից երևում էին գանգուր մազերի ծայրերը։ Ի՛նչ սազում էր նրա երեսին և հասակին այդ կակուղ մեխակագույն «բոան», որ անփույթ կերպով գրկել էր նրա պարանոցը։

Դիմաքսյանը կամեցավ երեսը հետ դարձնել, որ անցնողներին չտեսնի։ Բայց Բարաթյանը դեռ հեռվից գլխարկը բարձրացրեց, իսկ Գայանեն մի քանի անգամ գլուխը շարժեց։ Նրանք անցան, թողնելով Դիմաքսյանի ականջում իրանը անհոգ քրքիջի հնչյունները։ Նրա ծնկները դողացին։ Բայց ինքնասիրությունը թելադրում էր զսպել շփոթությունը, և նա դարձյալ ծիծաղեց, այս անգամ ավելի անբնական և ավելի բռնի կերպով։

— Ինչպես երևում է, մեր պարոնի աչքը կպել է այդ աղջկան։ Ամեն օր նրանց միասին եմ տեսնում։

Երանի քեզ Մսերյան, որ կարողանում ես այդ խոսքերը սառն կերպով արտասանել։ Ուշադրություն դարձրու քովդ գնացողի վրա. նա միանգամայն ընկճվել է, փոքրացել։ Նա հազիվ կարողանում է քայլել, նրա շրթունքները և երեսի կաշին ցնցվում են։

— Դու մրսո՞ւմ ես։

— Այո՛, — պատասխանեց Դիմաքսյանը, թեև նրա ամբողջ մարմինը վառվում էր ներքին կրակից։

— Մտնենք այն կաթնատունը, ես կամենում եմ մի բաժակ թեյ խմել։

Նրանք անցան հակառակ մայթի վրա և մտան մի տան ստորին հարկը։ Երկու փոքրիկ սենյակները լիքն էին հյուրերով։ Նրանք նստեցին առանձին սեղանի մոտ, ոչ հեռու երեք պարոններից, որոնք այդ միջոցին տաք-տաք վիճաբանում էին։ Մեկը այդ պարոններից, որ ավելի տարիքավոր էր, պնդում էր, թե Էջմիածնի նոր բացված ճեմարանի հիմնական նպատակն է ընտիր հոգևորականներ պատրաստել: Մյուսները հակառակում էին, թե միայն հոգևորականներ պատրաստելը բավական չէ, ճեմարանը պետք է ազգային գիտության նախադուռը լինի, նա չպիտի սահմանափակվի կղերական հոգով և այլն, և այլն։

— Ներողություն, մեր գոյությունը միայն եկեղեցուց է կախված, մենք կրոնական ազգ ենք։ — Ուրեմն դուք հերքո՞ւմ եք ազգային գոյության առաջին հիմքը — հողը և լեզուն։

Դիմաքսյանը և Մսերյանը ակամա հետաքրքրվեցին այս վիճաբանությունով և լուռ լսում էին։

Տարիքավոր պարոնը բարկացած ընդհատեց յուր սեղանակիցների խոսքը և վեր կացավ։

— Այդպես եք, այ, — գոչեց երիտասարդներից մեկը. — միշտ փախչում եք վիճաբանությունից։ Իզուր չի ասում Դիմաքսյանը, թե հետադեմները գիտեն միայն պատի հետևից կռվել։

— Ի՞նչ Դիմաքսյան։

— Նա՛, որ հնապաշտների անմիտ կուռքերը ջարդուփշուր է անում։

Տարիքավոր պարոնը ուսերը թոթվեց և դուրս եկավ։ Մյուսները նույն վայրկյանին նկատեցին Դիմաքսյանին և միաժամանակ շփոթվելով կամացուկ դուրս գնացին։

Դիմաքսյանի սիրտը լցվեց անսահման ինքնագոհությամբ։ Այդպես, ուրեմն, արդեն նրա մասին խոսում են, նրա խոսքերը ապացույց են բերում, նրա առաջ խոնարհվում են։ Ահա խելքի ուժը։ Եվ ո՞վ կարող է այսուհետև ասել, թե նա կոչված չէ հասարակական մտքի առաջնորդ դառնալու։ Դարձյալ նա բարձրացավ յուր աչքում, մոռացավ մի քանի րոպե առաջ կրած անախորժ զգացումները: Նա զգաց յուր մեջ մի այնպիսի բարոյական ուժ և ոգևորություն, որ մինչև այդ ժամանակ չէր զգացել։

— Լսեցի՞ր, — ընդհատեց նրա մտքերը Մսերյանը, — կնշանակե խոսքդ արդեն սկսել է ազդել, շատ ուրախալի է այդ։

Դիմաքսյանը պատրաստ էր գրկել և համբուրել ընկերոջը, այդ բարեսիրտ, աննախանձ և սիրելի Մսերյանին։

Նա շտապեց դուրս գալ կաթնատնից։ Այժմ նա զգում էր աշխատելու անզսպելի պահանջ։ Ո՛չ, չպիտի մտածել ուրիշ ոչ մի բանի մասին, պետք է գործել, օգուտ բերել և անուն վաստակել։ Խելքի ուժով ոտնատակ անել մարդկանց ծաղրը, արհամարհանքը։ Թող անուշադիր թողնեն նրան գեղեցկադեմ կանայք, կգա ժամանակ, ամենքը կխոնարհվեն և երկրպագություն կտան նրա հանճարին։ Երբե՛ք նա չի ընկնիլ աշխարհի հաճույքների հետևից։

Երբեք իր թանկագին օրերը չի վատնիլ անմիտ կենցաղավարությամբ։ Սիրել մեկին, ինչո՞ւ, քանի որ կարելի է սիրել ամբողջ մարդկությունը։ Սիրե՞լ արդյոք, ո՜չ, ատել և ատելով հանդերձ գործել ամենքի համար։

Այսպես էր մտածում նա դրսում, իսկ երբ տուն հասավ, կրկին պատկերացավ նրա առջև զվարթ, ուրախ, գեղեցկադեմ Բարաթյանը։ Այո՛, նա կյանքի մեջ հաջողություն կունենա, նրան կշրջապատեն սիրուն կանայք, նա կփայլի հարուստ սալոններում, նրա հետևից գգվանքով կընկնեն մայրերը։ Իսկ ինքը կմնա աննկատելի, ընկճված, ճնշված հասարակական շրջաններում, կանանց ընկերության մեջ։ Նրան կհամարեն տաղտկալի, ձանձրալի, տգեղ, որովհետև նա չունի Բարաթյանի շուքը և հրապույրը, նրա ուրախ և սիրուն դեմքը, նրա համարձակ և էլեգանտ ձևերը։ Կրկին նրա մտքերը տակնուվրա եղան, նորից դառնությունը համակեց նրա սիրտը։ Նա կատաղեց յուր թուլության դեմ, նա անիծում էր յուր փոքրոգությունը և, միևնույն ժամանակ, չէր կարողանում խեղդել յուր մեջ այն վտանգավոր ցեցը, որ սկսել էր ուտել նրա սիրտը և որի անունն էր նախանձ։


VIII


Օրիորդ Գայանեն աշխատում էր տարածել Դիմաքսյանի դասախոսության տոմսակները։ Առանձին սիրով օգնում էր նրան Բարաթյանը, ոչ այնքան յուր ընկերոջ ունկնդիրների թիվը շատացնելու, որքան օրիորդին և տիկնոջը դուր գալու համար։ Իսկապես նա՛ Դիմաքսյանի դասախոսությանը մի առանձին նշանակություն չէր տալիս և հաճախ թեթևակի հեգնում էր նրան օրիորդի ու տիկնոջ մոտ։ Յուր հոգու խորքում այն կարծիքի էր, որ Դիմաքսյանը անկարող է որևէ միտք լոգիկաբար, գրական ձևով, անշեղ արծարծել։ Նա զգում էր ընկերոջ եռանդը, բուռն ձգտումների ուժը, բայց համարում էր նրան անկանոն խելքի տեր։ Նա հավատացած էր, որ այդ եռանդն ու ձգտումները նրա մեջ առաջ են գալիս անհագ, փառասիրությունից, որ նա ճգնում էր հասարակության մեջ հռչակ ձեռք բերել։

Բացի դրանից, նա Դիմաքսյանին համարում էր վերին աստիճանի նախանձոտ։ Գիտեր, որ ընկերը անտարբեր չէ դեպի օրիորդ Գայանեն։ Եվ այս առթիվ մտքում ծաղրում էր Դիմաքսյանին, աչքի առջև ունենալով նրա փոքրիկ և տգեղ կերպարանքը։ Միևնույն ժամանակ, նա սրտի խորքում զգում էր մի անբացատրելի երկյուղ այդ մարդուց և շատ էլ դյուրին բան չէր համարում նրա հետ մրցելը։

Իսկ օրիորդ Գայանեն օրեցօր ավելի ու ավելի ընտելանում էր Բարաթյանին։ Նրանք տեսակցում էին այժմ շատ հաճախ։ Յուր բարեբարո բնավորության շնորհիվ նա փոքր-ինչ գրավել էր Պյոտր Սոլոմոնիչին, գոնե այնչափ, որ կարողանում էր շաբաթը մի կամ երկու անգամ այցելել օրիորդին։ Ուրիշ ժամանակ նա Գայանեի հետ տեսնվում էր մերթ ծանոթ ընտանիքներում, մերթ թատրոնում, իսկ ամենից ավելի՝ փողոցում։

Սիրո բացարձակ արտահայտություն տակավին տեղի չէր ունեցել նրանց մեջ։ Սակայն երկուսն էլ գիտեին, որ միմյանց համակրում են։

Մի անգամ Բարաթյանը խոսք բաց արեց Դիմաքսյանի մասին և թույլ տվեց, որ օրիորդը ասե յուր կարծիքը։ Գայանեն գովեց Դիմաքսյանին, համարելով նրան շատ խելոք, մինչև անգամ տաղանդավոր։ Բարաթյանը քթի տակ թեթևակի ծիծաղեց, օրիորդը շփոթվեց։

— Իսկ ձեր կարծիքով նա ինչպիսի՞ մարդ է։

Բարաթյանը մի քանի վայրկյան մտածեց, ապա խորհրդավոր եղանակով արտասանեց.

— Նա ըը՜ը, նա աննորմալ մարդ է։

Ուրիշ նա ոչինչ չավելացրեց, այս երկու խոսքով արտահայտած համարելով յուր ամբողջ գաղափարը Դիմաքսյանի մասին։

Դասախոսության երեկո նրանք միասին գնացին կլուբ։ Հակառակ սպասածին դահլիճը կիսով չափ էր միայն լիքր։ Շատերը տոմսակների գները վճարել էին, իրանք չէին եկել։ Հանդիսականների մեծ մասը բաղկացած էր ուսուցիչներից և վարժուհիներից: Կային և մի քանի գոռոզ զույգեր, որոնք իրանց արիստոկրատ էին համարում այն հիման վրա, որ միջոց ունեին ժամանակակից մոդայով հագնվել։ Իսկ վաճառական դասից շատ քիչ էին ներկա։

Դահլիճի ծայրում երևում էր գրքակալի նման մի նեղ սեղան, որի վրա դրված էին մի բաժակ և մի շիշ ջրով լի:

— Ճիշտ փիլիսոփայության պրոֆեսորի ամբիոն, — հեգնեց Բարաթյանը։

Հետո նա, ներողություն խնդրելով Գայանեից, թողեց նրան մի ծանոթ տիկնոջ հետ, շտապեց Դիմաքսյանի մոտ։

Դասախոսը շրջապատված էր յուր ընկերներով։ Մաքուր, նորաձև հագնված Վեքիլյանը, տեսնելով Բարաթյանին, գլխով մի ծաղրական շարժում գործեց դասախոսի վերաբերմամբ։ Նրա նոր սափրած կոլորիկ թուխ երեսի կաշին փայլում էր ինչպես լայկած ձեռնոց։ Այդ երիտասարդը առհասարակ ամեն մի հասարակական գործի և գործիչի վերաբերում էր թերահավատորեն, բայց երբեք պարզ չէր արտահայտում յուր կարծիքը։ Միայն նրա փոքրիկ, խորամանկ աչքերի մեջ կարելի էր կարդալ այդ կարծիքը, որ միշտ աննպաստ էր, մանավանդ Դիմաքսյանի վերաբերմամբ։

Նա փոքր-ինչ ակնածում էր միայն Բարաթյանից, որի սուր լեզուն, անփույթ վարմունքը և, միևնույն ժամանակ, զգույշ դատողությունները թե՛ նրան դուր էին գալիս և թե՜ վախեցնում էին։

— Ինչո՞ւ չի սկսում, — հարցրեց Բարաթյանը։

— Սանխոն խորհուրդ չի տալիս շուտ սկսել։

Վեքիլյանը «Սանխո» անվանում էր Մսերյանին, հարկավ, Դոնքիշոտի տեղ ընդունելով Դիմաքսյանին։

Այդ միջոցին դասախոսը մոտեցավ հայելուն փողկապը ուղղելու։ Նա հագած էր ֆրակ, որ նրա փոքրիկ ու ոսկրոտ մարմնի անկանոն մասերը ավելի ու ավելի որոշ էր կացուցանում։ Հայելու մեջ նա տեսավ յուր հետևում կանգնած Բարաթյանին։ Մոտալուտ համեմատությունը դարձյալ գրգռեց նրա բնական նախանձը։ Նա գունատ երեսը դարձրեց, բարևեց ընկերոջը և, ճակատը շփելով, դուրս եկավ բեմ։ Հանդիսականները նրան ընդունեցին կարճատև և դանդաղ ծափահարություններով։

Դասախոսությունը բաղկացած էր երկու մասից. առաջինը ընդհանրապես քաղաքատնտեսության էր վերաբերվում, երկրորդը՝ երկրի տնտեսական վիճակին։

Ամուր, անհողդողդ և ազդու ձայնով նա բացատրում էր գիտությունը։ Նա խոսում էր ոչ իբրև մի մասնագետ չոր ու ցամաք թեորիայի սառն տրամաբանությունով, այլ պարզ, համառոտ և մատչելի ոճով, ինչպես մի իսկական պրոպագանդիստ։

Ունկնդիրները հետաքրքրվեցին։

Հետզհետե նա ոգևորվում էր։ Մերթ նրա ձայնը բարձրանում էր, մերթ մեղմանում։ Երբեմն նա կանգ էր առնում և մի քանի կաթիլ ջրով կոկորդը թրջում։ Նա չէր շփոթվում, չէր դողում, ինչպես անփորձ դասախոսները։ Նա ազատ տիրում էր խոսքին, որպես հմուտ քարոզիչ կամ շնորհալի դերասան։ Շարքերով ցցված գլուխները նրա աչքում խառնվել էին և կազմել մի տգետ, խավար ամբողջություն, դեպի ուր նա սփռում էր լուսո շողքերը։ Ո՛րքան նա բարձր էր զգում իրան այդ ամբոխից։ Թվում էր նրան, թե կանգնած է ուսուցչական ամբիոնում, յուր առաջ նստած են անչափահաս աշակերտներ։ Նա ավարտեց առաջին մասը այնպես, որ, կարծես, մի հետաքրքրական վեպ ընդհատեց։ Նրան երկար ժամանակ ծափահարեցին, չդուրս եկավ շնորհակալություն հայտնելու։

Հոգնած, քրտնած, գունաթափ նա նստած էր աթոռի վրա, երբ ամենից առաջ ներս վազեց Մսերյանը և, յուր գրկի մեջ առնելով նրան, գոչեց.

— Շնորհավորում եմ, բարեկամս, երբեք չէի կարծում, թե գիտությունը կարելի է հայերեն լեզվով այդքան հետաքրքրական և հասկանալի դարձնել։

Եկան բժիշկ Սալամբեկյանը, Վեքիլյանը և ուրիշները։ Իրավաբանը մի կոմպլիմենտ ասաց Դիմաքսյանին, բայց նրա աչքերը դարձյալ հակառակն էին արտահայտում։ Բժիշկ Սալամբեկյանը դժգոհ էր հասարակությունից և դասախոսի ջանքը իզուր էր համարում։ Բարաթյանը ներս առաջնորդեց տիկին Բախտամյանին, օրիորդ Գայանեին և ուրիշ երկու տիկինների։

Բախտամյանը այնպես էր հագնվել, որ, կարծես, պարահանդես էր եկել։ Նա Դիմաքսյանին ծանոթացրեց յուր հետ բերած տիկինների հետ, որոնք նոր ընկերության ղեկավարներից էին։ Բայց դասախոսի ուշը ուրիշ կողմ էր։ Աոաջին անգամ էր նա Գայանեին հանդիպում հասարակության մեջ։ Նա սովորել էր տեսնել նրան կամ տնային անշուք հագուստով, կամ փողոցում վերարկուով։ Այժմ օրիորդը հագած էր թավշյա լայն ժապավեններով զարդարած և վերջին մոդայով նոր կարած բաց մանիշակագույն զգեստ։ Նրա դեմքի վրա խաղում էր գոհունակության ժպիտը, կապույտ աչքերի մեջ կենսականության հուրը վառվում էր տակավին չտեսնված փայլով։ Նրա ամբողջ կերպարանքից բուրում էր թարմություն և կյանքի հրապույրները վայելելու անհուն ցանկություն։ Նա հավանություն հայտնեց Դիմաքսյանին և իսկույն հեռացավ Բարաթյանի հետ, յուր հետ տանելով դասախոսի ուշ ու միտքը։

Դահլիճից լսվեցին ծափահարություններ։ Դիմաքսյանր դուրս եկավ բեմ գունատ, հուզված, սրտի խորքում մի անտանելի զգացում։ Նա հանկարծակի գրգռվել էր և՜ Բարաթյանի դեմ, և՛ օրիորդի դեմ, և՜ ամենքի դեմ։ Այժմ նրան թվում էր, որ բոլորը կեղծում են, բոլորը ներքուստ ծաղրում են նրան, համարում են մի տեսակ խենթ, դուրս է եկել և հասարակությանը ձանձրացնում է յուր ատենաբանությունով։

Նա մի կերպ զսպեց իրան։ Անցավ առաջին հուզմունքը, նա հետզհետե հափշտակվեց յուր ճառով, մոռացավ ամեն ինչ և խոսում էր ավելի ազատ, քան առաջ: Բայց այդ երկար չտևեց։ Հանկարծ նրա հայացքը ընկավ երկրորդ շարքի ծայրին։ Պատին քաշ արած կանթեղի լույսը սփռվել էր ուղիղ նրանց վրա... Բարաթյանը, թեքված Գայանեի կողմը, շշնջալով խոսում էր։ Օրիորդը երեսը հովհարով ծածկել էր, որ ծիծաղը հասարակությունից թաքցնի։ Այո՛, մեկը սրախոսում էր, մյուսը ծիծաղում։ Ինչո՞ւ, ո՞ւմ վրա, մի՞թե նրան են ծաղրում։ Օ՜օօ, այդ արդեն հանդգնություն է։ Ինչպե՞ս, նրան չեն հարգում նույնիսկ այդ միջոցի՞ն, երբ նա կատարում է յուր բարոյական պարտքերից մինը։ Նա կորցրեց յուր խոսքի կապը, այլայլվեց, կմկմաց, սկսեց քրքրել ձեռքի տակ դրած թերթիկները։ Հասարակության մեջ բարձրացավ մի խուլ շշնջյուն։ Հաջող սկսված դասախոսությունը մի՞թե խայտառակ պիտի ավարտվեր։

Վերջապես, նա ժողովեց. գտավ խոսքի թելը։ Շարունակեց, բայց բոլորովին տարբեր և տարօրինակ եղանակով։ Այժմ նա չէր դասախոսում, այլ վիճում էր։ Գիտության չեզոք քարոզիչը փոխվել էր կրքոտ հարվածողի։ Երկիրը չէ շահագործվում, հարստահարվում, մեքենայական արդյունաբերություն չկա, ժողովուրդը աղքատ է, քաղաքային հասարակությունը թմրած։ Դրամատերերը ընկերական հոգի չունեն, ամեն ինչ նիրհում է նահապետական շարժողության մեջ։ Ո՞վ պետք է զարկ տա խավարի մեջ դեգերող ամբոխի հոգուն, ո՞վ պետք է լուսավորե նրա միտքը, ցույց տա նրան բարօրության ճանապարհը։ Կրթված դա՞սը, ժամանակակից գիտության պաշար ունեցողերի երիտաասարդությո՞ւնը։

— Ահա հենց այդ դասակարգի դեմ ես շատ բան ունեմ ասելու, — գոչեց նա, ձայնը բարձրացնելով։

Օ՜օ, տգեղ և այլանդակ է ինտելիգենցիայի բարոյական պատկերը։ Նա անտարբեր է դեպի երկրի վիճակը, եսամոլ է, շահախնդիր է։ Չկա նրա համար ընդհանուր շահ, ամեն ինչ պտտում է սեփական ապահովության առանցքի շուրջը։ Նա ավելի զազրելի, ավելի դատապարտելի է, քան տգետ ամբոխը։

Նույն պահին նրա թափառող հայացքը դարձյալ ընկավ Բարաթյանի և Գայանեի վրա։ Օրիորդը լսում էր խորին ուշադրությամբ, գլուխը առաջ ցցած։ Բարաթյանը նայում էր առաստաղին։ Պարզ էր, որ նրան դուր չէր գալիս ընկերոջ բանախոսությունը և անհամբեր սպասում էր վերջանալուն։ Աա՛, այդ շատ լավ է, տանջվի՛ր, կատաղիր։ Բայց այդ ի՞նչ է, նույն անհամբերությունը նշմարվում է և՛ ուրիշ դեմքերի վրա։ Ոմանք զարմացած են, միմյանց հարցական նշաննեո են անում։ Միայն ընդհանուր լռությունը ոչ ոք չէ խանգարում։ Մեկը աթոռը դղրդացնելով վեր կացավ տեղից և դուրս գնաց։ Դա Վեքիլյանն էր։ Ոգևորությունը տեղի տվեց ամոթի զգացմանը։ Դասախոսը զգաց, որ անչափ շեղվել է նյութից։ Բայց նրա սիրտը տակավին լիքն էր թույնով։ Բարաթյանի դեմքը նրան կատաղեցնում էր։ Բոլոր հարվածները նա մտքում ուղղում էր ընկերոջ դեմ, այն ընկերոջ, որ այժմ նրա աչքում թշնամու հավասար էր, որովհետև նա այնքան մոտիկ էր Գայանեին։

Նա սթափվեց, մի կերպ ամփոփեց յուր ծայրահեղ խոսքերը մի վերջաբանով։ Երբ նա ավարտեց, մի քանի երիտասարդներ միայն ծափահարեցին, բայց ծափահարեցին եռանդով, ոգևորված և բարձրաձայն գոռալով «կեցցե Դիմաքսյանը, կեցցե Դիմաքսյանը»։ Մյուս ունկնդիրները շտապ վեր կացան, դիմեցին դեպի դոները։

Սիրտը դառն զգացումներով լի, ինքնասիրությունը խոցոտված, նա հեռացավ բեմից։ Այլևս ոչ ոք չեկավ նրա մոտ։ Նա միայնակ էր, անհամբեր սպասում էր Մսերյանին, նա, միայն նա է անկեղծ, աննախանձ, բարի և վեհանձն։ Բայց ավաղ, «իդեալիստի» դեմքը տխուր էր։ Նա տխուր էր Արսենի անհաջողության պատճառով։ Նա բռնեց ընկերոջ թևից և նրա հետ միասին դուրս եկավ լուռ ու աչքունքը կիտած։

— Ա՜խ, Մսերյան,— գոչեց հուզմունքից դողացող Դիմաքսյանր, երբ նրանք կառք նստեցին.— ես դժբախտ մարդ եմ։

Բարեսիրտ ընկերը գիշերային մթության մեջ նայեց նրա արտասվալից աչքերին և արտասանեց.

— Դու ամենաբախտավոր մարդը կլինես։


IX


— Ես այդ տեսակ խոսող կյանքումս չեմ տեսել։ Ժամանակով կարող է Ամբակում Աֆանասևիչի տեղը բռնել։ Լեզու խոմ չէ, կրակ է։ Ափսոս որ ուշ հասա, նեդոիմկաներ բաշխող. կոմիսիան երեկ բանը շատ երկարացրեց։ Տասն ու վեց հազար երեք հարյուր տասն ու չորս մանեթ սկիդկա արեցինք։ Ապրե՛ս Դիմաքսյան. Բարաթովդ գլուխը քաշ արած այնպես դուրս եկավ, ինչպես պոչը կտրած գող կատու։ Հապա՛, ո՞նց էր, քեզ նման ուսումնականներին այնպես էլ հարկավոր էր ներկել։ Ապրե՛ս, Դիմաքսյան, ապրե՛ս։

— Իսկ ես չհավանեցի։ Ինչպե՞ս կարելի է կոպիտ խոսել, կարծես, մարդիկ տոմսակի փող էին տվել եկել, որ հայհոյանք լսեն։ Նա կռվում էր, չէր խոսում։ Ճշմարիտ են ասում, որ աննորմալ մարդ է, այսինք՝ խելքը գլխին դրուստ չէ։

— Խելքը գլխին դրուստ չէ, դրուստ չէ, հա՛ հա՛ հա՛: Քո կարծիքով ո՞ւմ խելքն է դրուստ, ով որ դրո՜ւստ դեմք ունի, չէ՞. հասկանում ենք, հասկանում ենք։ Հիմա դու տես ինչպես առաջիկա տարի այդ աննորմալին գլասնի ընտրել կտամ, իսկ քո Բարաթովդ յուր օրումը այդ պատիվը չի տեսնիլ, թեկուզ տրաքվի էլ, այ քեզ աննորմալ...

Խոսակցությունը տեղի ուներ ամբողջ ընտանիքի ներկայությամբ, ճաշին։ Գայանեն լուռ էր, իսկ Օվսաննան զբաղված էր երկու մանկահասակ աղջիկներով — Լիզոչկայով և Էլեչկայով, որոնք ուտելով հանդերձ ծիծաղում էին բարձրաձայն և խանգարում իրենց ծնողների խոսակցությունը։ Պյոտր Սոլոմոնիչը գոռաց նրանց վրա և, դառնալով կնոջը, հանդիմանեց, որ վատ է կրթում զավակներին։

Տիկինը աչքերը լայն բաց արեց և մի քանի վայրկյան նայեց երեխաների երեսին այնպես, որ, կարծես, կոկորդում ոսկոր մնաց։ Փոքրիկները գլուխները միաժամանակ թեքեցին, խուսափելով իրանց մոր սպառնալից հայացքից։

— Դեռ աչքերիս մի լավ մտիկ արեք — հետո, Լիզոչկա, քեզ եմ ասում, Էլեչկա, քեզ եմ ասում, ուղիղ, ուղիղ։

Կարծես նրա աչքերի մեջ մանկական լեզվով դրված էին մանկավարժության բոլոր կանոնները, որ պետք է առանց խոսքի իսկույն ազդեին։

— Իսկ ես, — հարեց Պյոտր Սոլոմոնիչը, — չեմ ասիլ աչքերիս մտիկ արեք, կասեմ մատներիս մտիկ արեք։ Եթե մեկ էլ հըռհըռ ծիծաղեք, ականջներդ այնպես կքաշեմ... որ Բարաթովիդ էլ հերն եմ անիծել։

— Պե՛տյա, Պե՛տյա,— դարձրեց տիկինը յուր կոթիչ աչքերը մարդուն,— դու քեզ մոռանում ես։ Առաջինը Բարաթյանը այստեղ գործ չունե, երկրորդը տասն ու իններորդ դարի վերջն է։

— Ասելդ ի՛նչ է։

— Ասելս այն է, որ մեր ժամանակում ականջ քաշելով երեխա չեն կրթում։

— Հերիք է, քո հորն օղորմի, ես դարի-մարի հետ բան չունեմ, դու շատ ես երես տալիս երեխաներին։

Ժամանակակից տիկինը սառն և հանդիսավոր եղանակով պատասխանեց.

— Ես նրանց կրթում եմ նոր սիստեմով։

Գայանեի միտքը հեռու էր այս ընտանեկան տեսարանից, որ գրեթե ամեն օր կրկնվում էր նույն վարիացիաներով։ Գգվանքով նա հիշում էր այն սովորական պահը, երբ առհասարակ տեսակցում էր Բարաթյանի հետ։ Նա մտքում րոպեները, նույնիսկ վայրկյանները հաշվում էր, թե երբ կհասնի ցանկալի հինգ ժամը, երբ նա սովորաբար Օվսաննայի հետ դուրս էր գնում «մաքուր օդ շնչելու»։ Ճիշտ այդ ժամին նա Դվարցովայի փողոցում հանդիպում էր Բարաթյանին զբոսնելիս կամ որևէ մագազիայի առջև կանգնած վիտրինում դարսած իրերը զննելիս։ Տեսնելով միմյանց, երկուսն էլ զարմացական նշան էին անում, իբրև թե չէին սպասում հանդիպել իրար։ Օվսաննան առայժմ նրանց խանգարել չէր կարող, քանի որ խոսակցությունը սովորական բարեկամության սահմանից չէր անցնում։ Բայց ի՛նչ փույթ, նրանք արդեն միմյանց միտքը հասկանում էին։

Տիկին Բախտամյանին շատ լավ հայտնի էր, թե ում և ինչու համար է Գայանեն ամեն երեկո դուրս գալիս։ Նա չէր խանգարում օրիորդին, որովհետև կամա-ակամա ստիպված է ազատամիտ մոր դեր կատարել։ Նա գիտեր, որ բախտը հազիվ Գայանեին հաջողի ավելի լավ ամուսնացու գտնել։ Սակայն երբեմն վրդովվում էր հոգու խորքում։ Նա, այդ երիտասարդ, գեղեցիկ կինը, որ համոզված էր, թե ընդունակ է մի քանի Գայանենեի նսեմացնել, հանկարծ խնամող մոր պաշտոն է կատարում, իրանից միայն հինգ տարի երիտասարդ օրիորդի համար։ Երբ այդ մասին մտածում էր, երբ նայում էր յուր ամուսնու խորշոմած երեսին, սպիտակ մազերին, երբ համեմատում էր նրան այն առույգ, ծիծաղկոտ, ուրախ երիտասարդի հետ, այն ժամանակ տիկնոջ սիրտը լցվում էր դառնությամբ։ Նա նախանձում էր Գայանեին։ Նա յուր սրտում զգում էր մինչև անգամ ատելություն դեպի օրիորդը։ Եվ օրեցօր նա Գայանեի վերաբերմամբ դառնում էր անհամբեր, դյուրագրգիռ։ Միևնույն ժամանակ, մի ծանր միտք, կարծես, հալածում էր նրան։

Մի առավոտ տիկինը մտավ Գայանեի սենյակը։ Օրիորդը լուսամուտի առաջ նստած թղթատում էր մի նոր գիրք, որ Բաբաթյանն էր խորհուրդ տվել նրան կարդալու։

— Գայանե՜։

Նա գլուխը բարձրացրեց։

Տիկինը սովորականից ավելի էր հուզված։

— Ես ուզում եմ այսօր հինգ ժամին քեզ հետ գնալ տիկին Միրզախանյանի մոտ։

— Ինչո՞ւ համար։

— Ընկերության գործերի մասին խոսելու։

— Կանոնադրությունը ստացվե՞լ է։

— Ոչ, դեռ չէ ստացվել, բայց հաստատվել է։

— Այդ ես գիտեմ։ Բայց քանի որ չէ ստացվել, ի՞նչ խոսելու բան ունենք։

— Ուրեմն չե՞ս ուզում ինձ հետ երեկոյան հինգ ժամին գնալ Միրզախանյանի մոտ։

— Եթե անպատճառ ցանկանում ես, գնանք, — պատասխանեց Գայանեն նշմարելի դժկամակությունով։

— Ինչպես տեսնում եմ, չես ուզում գնալ, լավ, ես չեմ ստիպում։ Ես առանց քեզ էլ կարող եմ գնալ։

Նա մի սուր հայացք ձգեց օրիորդի աչքերի մեջ։ Գայանեն գլուխը խոնարհեցրեց։

— Գայանե՜։

Օրիորդը դարձյալ գլուխը բարձրացրեց։

— Երեկոյան տա՞նն ես ուզում մնալ։

Օրիորդը մի քիչ տատանվեց, ապա համարձակ պատասխանեց. — Ոչ, դուրս կգամ մի քիչ զբոսնելու:

Տիկինը ժպտաց։

— Դուրս կգաս մի քիչ զբոսնելու, այսինքն երկու, երեք, չորս ժամ։

Եվ նա ավելի սուր նայեց օրիորդի կապույտ աչքերին։ Մի քանի վայրկյան նրանք լուռ էին։ Օրիորդը երեսը դարձրեց դեպի լուսամուտը, որտեղից երևում էին փոքրիկ պարտեզի տերևաթափ ծառերը։ Իսկ տիկինը աչքերը սևեռել էր նրա կիսադեմքին։

— Դու ինձանից իզուր ես թաքցնում, ես ամեն բան գիտեմ։

Տիկինը աշխատում էր խոսել մեղմ, բարեկամական եղանակով։ Բայց ձայնը մատնում էր նրան, նա հուզված էր։

— Դու լռո՞ւմ ես, ուրեմն ես չեմ սխալվում։ Է՛հ, ի՛նչ կա, նա լավ տղա է, դու գիտես, որ ես էլ շատ եմ հավանում նրան։

Մինչև այդ վայրկյանը Գայանեն չէր նայում նրա կողմը։ Ամոթից ու կասկածից ցնցողաբար գողացող մատներով նա անընդհատ փաթաթում էր և բաց անում յուր կրծքի ժապավենը։ Կամացուկ գլուխը ծռեց և նայեց տիկնոջ երեսին, ինչպես մի մեղանչած երեխա, որ ամաչում էր յուր արարքից։

— Դու կարծում ես կհակառակե՞մ, ո՛չ, Գայանե, մի վախենալ։ Ապա մեկ էլ մտիկ արա աչքերիս և ուղիղն ասա։

Փարատվեց օրիորդի սրտում ծանրացած կասկածը։ Ո՛չ, անկարելի է, որ ուրիշ բան լինի։ Տիկինը ազնիվ է, տիկինը սիրում է նրան անկեղծ սրտով և երբեք, երբե՛ք խոչընդոտ չի լինիլ նրա երջանկությանը։ Չքացավ անվստահությունը, մի ինչ-որ ներքին ուժ մղեց նրան դեպի տիկնոջ գիրկը, և գլուխը հանդարտ թեքվեց նրա ուսի վրա։

— Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ։ Ես գիտեի, որ այդպես պետք է լինի։

Տիկինը յուր գլուխը բարձր պահած, փափուկ սրածայր մատներով շոյում էր օրիորդի մազերը։ Նկատելի էր նրա դեմքի վրա մի թեթև գունատություն, նկատելի էին նույնպես ցնցումներ նրա շրթունքների վրա, որ այնպես անխնա կրծոտում էր նա ատամներով։

— Ուրեմն սրտներդ բաց եք արել միմյանց, ասա՛, բոլորը ասա, ոչ մի բան մի՛ թաքցնիլ։ Դու լա՞ց ես լինում, ինչո՞ւ, միթե քեզ նման, հա՛ հա՛ հա՛, բախտավորը լա՞ց կլինի... Մի՞թե ճշմարիտ է, որ մարդիկ երջանկությունից արտասվում են, ես այդ բանին չեմ հավատում։ Ասա՛, դու նրան սիրո՞ւմ ես։

— Այո՛...

— Նա էլ քե՞զ է սիրում։

— Այո՛, կարծեմ, չգիտեմ։

— Այո՛, կարծեմ, չգիտեմ։ Չեմ հասկանում ասածդ։ Ուրեմն բացատրություն չէ՞ եղել։

— Դեռ ոչ։

Տիկինը բաց թողեց օրիորդի գլուխը։ Նրա շրթունքները դադարեցին ցնցվելուց։ Նա հազիվ զսպեց հառաչանքը։

— Դեռ ո՛չ, ինչ՞ու։

— Չգիտեմ։

Օրիորդը աչքերը սրբում էր թաշկինակով։

— Բայց ինչի՞ց ես իմանում, որ նա քեզ սիրում է։ Գոնե մի խոսք ասե՞լ է այդ մասին, մի նշանով ցո՞ւյց է տվել յուր սերը։

— Սիրտս է վկայում, որ նա ինձ սիրում է։

— Այդ շատ քիչ է, սիրելիս, սրտի վկայությունը մի մեծ բան չէ. իմ սիրտս էլ ուրիշ բան է վկայում, բայց ես իրավունք չունեմ...

— Ի՞նչ ասացի՛ր։

— Ոչինչ, Գայանե, ոչինչ։ Ինչո՞ւ այդպես հանկարծ վախեցար, ես մի բան չասացի։

Օրիորդը կարմրեց։ Բայց նույն վայրկյանին նայեց տիկնոջ աչքերին և այնտեղ նկատեց այն, ինչի մասին վաղուց կասկածում էր — նախանձ։ Դարձյալ չար, անտանելի, քստմնելի միտքը պղտորեց քանի մի րոպե դուրեկան կերպով բորբոքված սիրտը։ Այլևս նա չկարողացավ և չէր կամենում շարունակել այդ երկդիմի, նուրբ և կասկածոտ խոսակցությունը։ Նա վեր թռավ տեղից։ Տիկինը անշարժ նստած էր և, արմունկը լուսամուտի հատակին հենած, նայում էր դեպի դուրս։ Երկուսն էլ միմյանց դեմ մի վատ զգացում ունեին իրանց սրտի խորքում, այնտեղ, այն անմատչելի անկյունում։ Երկուսի համար էլ ծանր էր, անախորժ, ամոթալի այդ զգացումը։ Տիկինը ավելի ամաչում էր, օրիորդը, ավելի վրդովված էր։ Անկարելի էր ավելի հեռու գնալ, հակառակ դեպքում կամ պետք է շարունակ կեղծեին, կամ, վերջապես, միմյանց հաղորդեին այն, ինչ որ նրանց գաղտնիքն էր, խորհրդավոր, երկյուղալի գաղտնիք, որ պետք է երկու կանանց մեջ բաց աներ մի մեծ վիհ։

Իսկ լռությունը ավելի անտանելի էր։

Տիկինը կամացուկ վեր կացավ տեղից, ծանր քայլերով, գլուխը կրծքին խոնարհեցրած, դուրս գնաց սենյակից։

Օրիորդը երեսը թաղեց բարձի մեջ և սկսեց հեկեկալ։ Իսկ երբ Օվսաննան ներս մտավ և նրան ճաշի հրավիրեց, նա մերժեց։

Նույն օրը երեկոյան նա սովորականից վաղ դուրս եկավ տնից և սովորականից շատ ուշ վերադարձավ, այն էլ ոչ Օվսաննայի հետ։ Նա մի արտասովոր տենդային դրության մեջ էր։ Հարկավ, այդ բանը տիկնոջ աչքից չէր կարող խույս տալ։ Բայց տիկինը ոչինչ չէր խոսում։ Նա առհասարակ լուռ էր, տրտում և բարկացած։ Նա դիտում էր օրիորդին գաղտուկ, իսկ նրա հայացքից խույս էր տալիս: Նրանք միմյանցից վախենում էին։

Հետևյալ օրը տիկինը չկարողացավ իրան զսպել։ Արդեն օրիորդի անսահման ուրախ տրամադրությունը նրան բավական տանջանք էր պատճառել։ Նա փորձեց Գայանեին խոստովանության կանչել, և հանդիպեց անհաջողության։ Օրիորդը բարձրաձայն ծիծաղեց և ասաց, թե հետո կպատմի։ Այդ ծիծաղը սուր ասեղի պես ցցվեց տիկնոջ սրտին: Նա թշնամաբար նայեց օրիորդին, ատամները կրճտեց և դուրս գնաց սենյակից, դռները ուժգին զարկելով։

Այնինչ մոտենում էր Բարաթյանի կազմած թատրոնական ներկայացման օրը։ Պետք է խաղացվեր մի նոր պիես, որ ի պատիվ կանանց ընկերության հատկապես ֆրանսերենից թարգմանել էր Բարաթյանը։ Բոլոր մասնակցողները հայտնի ընտանիքներից էին: Տիկին Բախտամյանը զբաղված էր տոմսակների հաշվով, իսկ Գայանեն հանձն էր առել նրա օգնականը լինել։ Բարաթյանի խորհրդով նա հրաժարվել էր բեմ դուրս գալուց։ Ամբողջ օրը տիկինը և օրիորդը զբաղված էին, շտապում էին այս ու այն կողմ, մի ամենաչնչին մոռացված բան նրանց վրդովեցնում էր։ Բայց միմյանց հետ շատ քիչ էին խոսում, այն էլ այնքան զգույշ, որ, կարծես, վախենում էին մի ավելորդ խոսք թռցնել իրանց բերանից։

Իսկ թե ինչ իրարանցման մեջ էին նրանք, որ պետք է բեմ դուրս գային, այդ արդեն աննկարագրելի է։ Ամեն մեկը նոր հագուստներ էր պատրաստել տալիս, օրը մինչև երեկո փորձում էր պես-պես գլխարկներ, ձեռնոցներ, կոշիկներ։ Կառքերը սլանում էին աջ ու ձախ։ Փողոցներում միմյանց հանդիպելիս «գործիչ» տիկինները զբաղված դեմքով զանազան փոխադարձ նշաններ էին անում։ Տիկին Միրզախանյանը ասում էր, թե յուր կյանքում երբեք այնքան «չէ զգացել», որքան այժմ։ Մի խոսքով շփոթությունը անասելի էր։

Էկոնոմիստ-ֆինանսիստ Բարաթյանը հաշվում էր և տեսնում, որ «գործիչ» տիկինները և օրիորդները իրանց գրպանից ավելի մեծ գումար են ծախսում կառքերի, հագուստների և կոշիկների վրա, քան թե կարող է լինել նույնիսկ ամենահաջող ներկայացման արդյունքը։


X


Երեկո էր։ Տիկին Բախտամյանը առանձնացած յուր սենյակում, զուգվում էր։ Նա չարացած էր. օրիորդ Գայանեն, առանց նրան սպասելու, արդեն գնացել էր յուր մի ընկերուհու մոտ։ Այդտեղից նա Բարաթյանի հետ պետք է ուղևորվեր թատրոն։

Դա մի թեթև պատճառ էր տիկնոջ համար, իսկ բուն շարժառիթը ուրիշ էր։ Դառնությամբ և սրտի կսկիծով նա խորհում էր առհասարակ յուր վիճակի մասին։ Մի վիճակ, որ ստիպում էր այնքան թարմ, այնքան գեղեցիկ կնոջը թև թևի տված թատրոն մտնել մի հնամաշ, ուժաթափ, մի ալեզարդ մարդու հետ։ Որքան, երևի, ծիծաղում են նրա վրա բախտավոր ընկերուհիները։ Եվ իրավունք ունեն, միթե ինքը, տիկինը չէ՞ր ծիծաղիլ մի ուրիշի վրա։

Նա կանգնած էր բարձր հայելու առջև թեթև հագուստով, կիսաբաց կրծքով և հոլանի թևերով։ Նա հիանում էր ինքն իրանով։ Գանգուր և թանձր մազերը, ինչպես մայիսյան դալար խոտ, փռվել էին նրա գիրուկ, սպիտակ և կիսամերկ թիկունքի և ուսերի վրա։ Ներքին հուզմունքից նրա կուրծքը ուժգին երերվում էր և կոկորդի բարակ կապտագույն երակները փքվում։ Նրա կամարաձև, պարսկական ճաշակով գծավորված, սև հոնքերի տակ տեղավորված թուխ աչքերը պսպղում էին կրքոտ կատվի աչքերի պես։ Նրա լիք-լիք կիսաբաց շրթունքները կապտել էին և թեթևակի դողում էին։

Երբեմն նա գեղեցիկ արծաթյա սանրը ազատում էր հարուստ մազերի ալիքների միջից և ավելի ուշադիր դիտում իրան՝ սկսած տափակ, նեղ և սպիտակ ճակատից մինչև ոտների ծայրերը։ Նա անիծում էր յուր անսիրտ ծնողներին։ Ինչո՞ւ հարստությամբ հրապուրվելով իրանց տասնութ տարեկան աղջկան տվեցին քառասուն ու ինը տարեկան թառամածին։ Անգո՛ւթ հայր, դու ծախեցիր քո աղջկան, դու քո պարտատերերից ազատվելու համար հարուստ փեսա գտար, որ նա յուր փողով քեզ օգնի։ Դու հասար քո նպատակին քո աղջկա բախտի գնով։ Օ՛օ, եթե նա այն ժամանակ ունենար այժմյան խելքը, համարձակությունը և կամքի կորովությունը, երբեք, երբե՛ք չէր մտնիլ այդ դժոխքը։

«Գոնե մեռներ, այրի դառնայի»,— կրկնում էր նա մտքում։

Բայց Պյոտր Սոլոմոնիչը չէր էլ մտածում մեռնելու մասին, այնքան նա առողջ էր, ամրակազմ և այնքան նա խնամում էր յուր առողջությունը։

Առաջին ծանոթը, որին տիկինը պատահեց թատրոնում, Դիմաքսյանն էր։ Հակառակ սովորականին՝ նա սիրալիր կերպով բարևեց երիտասարդին, որպեսզի կամացուկ յուր թևը ազատե ամուսնու թևի տակից, որ էնպես ամուր սեղմել էր նրան։ Պյոտր Սոլոմոնիչը գովեց Դիմաքսյանի դասախոսությունը, հայրաբար ձեռը խփեց նրա ուսին և բարեկամաբար հանդիմանեց, որ ուշ-ուշ է այցելում իրան։ Արդարև, այն օրից, երբ նա զգաց, որ անտարբեր չէ դեպի օրիորդ Գայանեն, այն օրից նա ամաչում էր Բախտամյանների տուն գնալ, թեև կցանկանար ամեն օր այնտեղ լինել։ Միայն ամեն առիթից օգտվում էր գոնե դրսում տեսնելու օրիորդին և հետը խոսելու։ Երկու շաբաթ էր նա տենդային հուզմունքի մեջ էր։ Պաշտոնակիցները նրա հետ իրանց կռիվը նորոգել էին։ Այժմ նրան հալածում էին ամենքը։ Նույնիսկ կողմնակիցները շատ թույլ պաշտպանություն էին ցույց տալիս։ Ամբողջ հոգով նա բողոք էր բարձրացրել դպրոցի հակաառողջապահական պայմանների — սենյակների փոքրության և մթության, օդի սակավության դեմ։ Նա պահանջում էր արմատական վերանորոգություն։ Այս պատճառով հոգաբարձուների մեծ մասն էլ վրդովվել էր նրա դեմ, որ անընդհատ դատապարտում էր նրանց թուլությունը և անուշադիր լինելը դեպի աշակերտների վիճակը։

Մյուս կողմից, մի հայ լրագրում ծաղրի էին ենթարկել նրա դասախոսությունը։ Եվ նա յուր սրտի թույնը այժմ ուղղել էր դեպի լրագրական թշնամիները։ Բայց ավելի նա վշտացած էր մի ռուս թերթում տպված հոդվածից։ Այստեղ անհայտ հեղինակը բավական չէր որ պարսավել էր նրա դասախոսությունը, այլև զրպարտել էր նրան, առանց փաստերի, ասելով, թե նա յուր բոլոր մտքերը քաղել է օտար գրքերից։ Այդ էլ բավական չէր, հոդվածագիրը կծու ծաղրով ավելացրել էր.

«Պարոն դասախոսի չարությունը հայ ինտելիգենցիայի դեմ կարելի է բացատրել հոգեբանորեն։ Բայց ի՞նչ մեղավոր են հայերը, որ անգութ բնությունը երբեմն մարդկանց փոքրիկ մարմնի մեջ նրանց ուժից ավելի չար նախանձ է դնում»։

Նա մենակ նստած էր բուֆետի կիսախավար սենյակում և յուր սրտի վիշտը ճգնում էր խեղդել ծխախոտի թանձր ծխով: Նրան մոտեցավ բժիշկ Սալամբեկյանր սովորական դժգոհ և մաղձոտ ժպիտը երեսին։

— Դատարկ բան է, — եղավ բժշկի առաջին խոսքը։ — Ի՞նչը։

— Աշխարհը։ Ինչո՞ւ համար են այդ կոմեդիաները, այդ ծիծաղելի իրարանցումը. մեր ազգից ոչինչ չի դուրս գալ, ոչի՛նչ, ուր մնաց կանանց գործունեությունից։

— Դու էլ օրեցօր պեսիմիստ ես դառնում, չգիտեմ քե՞զ ինչ է պատահել։

— Բժշկական օրենքով խրոնիկական կատառ ունեցողները պեսիմիստ են լինում, երևի իմն էլ դրանից է։ Քո ստամոքսը առողջ է, կարող ես օպտիմիստ լինել, ինձ ինչ։ Միայն այս կասեմ, որ ես մարդկանց չեմ հավատում, մանավանդ այդ սյուրտուկ հագած նապաստակին։

Նա գլխով ցույց տվեց իրավաբան Վեքիլյանին, որ կանգնած էր մի խումբ մարդկանց մեջ։

— Ո՛ւհ, անա՛րգ, անամո՛թ։

Դիմաքսյանը ապշած նայեց բժշկի երեսին. առաջին անգամն էր նրանից լսում այդպիսի կոպիտ ածականներ յուր ընկերոջ մասին։

— Ինչո՞ւ, ի՞նչ է պատահել, — հարցրեց նա։

— Այն է պատահել, որ այն գարշելի հոդվածի հեղինակը դա է, այդ մեր խոհեմ և զգույշ ընկերը։

— Վեքիլյա՞նը։

— Նա ինքը։

Դիմաքսյանը ոտքի կանգնեց այնքան արագ, այնպես հանկարծակի, որ, կարծես, մեկը նրա մարմնին էլեկտրական թելի ծայր կպցրեց։ Նրա գույնը թռավ, շրթունքները կապտեցին, նոսր մորուքի յուրաքանչյուր մազն էլեկտրական մի թել դարձավ, ցնցելով երեսի բոլոր մկանունքները։

— Այդ անկարելի է, անհավատալի է, — գոչեց շնչասպառ։

— Գիտես, որ առանց հիմնավոր փաստի ես ոչ ոքի չեմ մեղադրում։

— Ո՞վ ասաց քեզ։

— Լրագրի աշխատակիցներից մեկը, մի բարեկամ մարդ, որ ինքն էլ վրդովված է այդ պասկվիլի դեմ։ Բայց մի՞թե Վեքիլյանին դու նոր ես ճանաչում։

— Ես նրան մի ազնիվ մարդ եմ համարել: — Պետք է ասած, որ դու էլ Մսերյանից պակաս հափշտակվողը չես։

Մի ծանր և դառն հոգոց դուրս թռավ Դիմաքսյանի ալեկոծվող կրծքից։ Այո՛, բժիշկը չի սխալվում, հոդվածի ոճը, հեգնելու ձևը միայն Վեքիլյանին է հատուկ։

— Բայց դու շատ վրդովվեցիր, Արսեն. եթե իմանայի, չէի ասիլ, միթե արժե՞...

— Չարժե, երբ տեսնում ես, մարդիկ խախտում են հավատդ դեպի ընկերական զգացումները. չարժե՞, երբ երեսիդ մեկ են ասում, հետևիցդ — ուրիշ։ Չարժե՞ վրդովվել այդ ստոր, խարդախ երևույթի դեմ։ Չգիտեմ ինչպես քեզ, ուրիշներին, բայց ինձ ամեն բանից ավելի մարդկանց կեղծությունը և երկդիմի վարմունքն է կատաղեցնում։

Նա սկսեց ուժգնաբար ներշնչել ծխախոտի ծուխը, կարծես, կամենալով հետ մղել յուր սրտի մեջ բռնկված կսկիծը։

Զանգակը հնչեց, և նա անգիտակցաբար, հուզված, դեղնած դիմեց բժշկի հետ դեպի դահլիճ։

Թատրոնը բոլորովին լիքն էր։ Նա նայեց վայր և վեր, նայեց շուրջը և դժվարությամբ անցնելով բազմած հանդիսականների միջով, գնաց նստեց յուր տեղը։ Նա չէր նկատում, որ ներկայացումն արդեն սկսվել է և բեմի վրա մի ինչ-որ կին և մի ինչ-որ տղամարդ անխնա աղավաղում են հայ լեզուն։ Նրա աչքերը թափառում էին այս ու այն կողմ: Նա որոնում էր Վեքիլյանին. արդյոք գաղտագող իրավաբանը երես կունենա ուղիղ նրա երեսին նայելու։ Նրա հայացքը կանգ առավ օթյակներից մեկի վրա և տեսավ մի ուրիշ կերապարանք, որին մի քանի րոպե մոռացել էր։

Դա Գայանեն էր, տիկին Բախտամյանի հետ նստած։ Հովհարը մեղմիկ շարժելով, նա մերթ նայում էր դեպի բեմ, մերթ հանդիսականներին։ Դիմաքսյանն աչքերով հետևեց նրա հայացքի ուղղությանը և այնտեղ, պատշգամբի առաջին շարքում, տեսավ Բարաթյանին, որ երբեմն նայում էր ցած, դեպի պարտեզը, երբեմն Գայանեին և ժպտում։

Դիմաքսյանի նրբացած զգայուն սիրտը միայն հասկանում էր այդ ժպիտների բուն իմաստը։ Գուշակում էր նա, որ ամեն ինչ վերջացած է, որ հաղթանակն արդեն Բարաթյանը տարել է։ Հաղթանա՞կ, միթե նա մրցե՞լ էր։ Ո՛չ, նրա կռիվը ներքին էր, հոգեկան, նրան գրգռում էր ոչ այնքան այն, որ Բարաթյանը գրավել էր այդ օրիորդին, որքան այն, որ ինքն անկարող է գրավել նույն օրիորդին, եթե ոչ մի հակառակորդ էլ չունենար։ Սեփական ապիկարության սոսկալի գիտակցությունն էր նրան վշտացնում։ Ահա նա նստած է ուրիշ կանանց բազմության մեջ։ Ո՞վ է նրա վրա ուշք դարձնում։— Գրեթե ոչ ոք։ Իսկ եթե կան նայողներ և հետաքրքրվողներ, լոկ նրա անվան համար են։ «Ո՞րն է Դիմաքսյանը. նա՞, ֆի՛, ինչ ողորմելի է», արդյոք կարո՞ղ է սրանից ավելի վիրավորական խոսք լինել մարդու մասին։

Գործողությունը բեմի վրա վերջացավ մի պառավ կնոջ ճիչով։ Թատրոնն աղմկեց։ Դիմաքսյանն ազատեց յուր փոքրիկ մարմինը բազկաթոռների նեղ միջանցքներից ու դուրս եկավ։ Բժիշկ Սալամբեկյանը բռնեց նրա թևից, և նրանք միասին բարձրացան թատրոնի վերին հարկը։ Օթյակների նեղ և աղեղնաձև նախագավիթը լիքն էր կանանցով։ Մի ինչ-որ նորեկ հայ հուսար, որ նմանում էր թևերը կտրած մորեխի, ընդհանուրի ուշադրության առարկան էր։ Կուրծքն ուռցրած, բեղերը ոլորելով, նա Մարսի շանթահար հայացքներ էր ձգում անցուդարձ անող կանանց վրա։

— Բարև, Արսեն, — գոչեց հուսարը՝ հանկարծ։

Դիմաքսյանը հազիվ կարողացավ ճանաչել յուր մանկական ընկերներից մեկին, որ հայտնի էր յուր գեղեցիկ դեմքով և չար բնավորությունով։ Քանի-քանի անգամ երեխա ժամանակ հուսարը ծաղրել էր նրան։ Պետք էր մի փոքր խոսել, ուստի նա ստիպվեց կանգ առնել։

— Ասա, խնդրեմ,— ընդհատեց հուսարը ինքն յուր խոսքը, — ո՞վ է այդ բրյունետկան:

Պատի տակ կանգնած էր տիկին Բախտամյանը մի ուրիշ տիկնոջ հետ և ստեպ֊ստեպ հովհարի հետևից նայում էր հուսարին։ Տեսնելով Դիմաքսյանին գեղեցիկ սպայի հետ նա ժպտաց և գլուխը շարժեց։

— Աա՛ զնաչիտ՝ դու ծանոթ ես,— գոչեց հուսարը.— բրավո, զնաչիտ հաղթություննե՞ր ես անում։ Չի՞ կարելի, որ ինձ էլ ծանոթացնես, նե դուրնենկայա, Պիտերում բլոնդինկաները զահլես տարեցին։ Նու-սս, ծանոթացրո՛ւ։ Նելո՞վկո, աա՞, զնայու ստարովո rեվնիվցա, վախենում ես, որ խլե՞մ ձեռքիցդ։ Դու միշտ նախանձոտ էիր, պո՞մնիշ:

Դիմաքսյանը, շաղակրատ հուսարին թողնելով, առավ բժշկի թևը և հեռացավ։ Այժմ նա հոգով զղջում էր թատրոն գալու մասին։ Նա երջանիկ էր համարում Մսերյանին, որ մենակ տանը նստած միտքը զբաղեցնում է ով գիտե ինչ փիլիսոփայական գրվածքով, հանգիստ, խաղաղ, հեռու մարդկային աղմկից, հեռու կյանքի խեղդող ալիքներից։ Բայց միթե նա կարո՞ղ է Մսերյան լինել, կարո՞ղ է թարմ հասակում կյանքը թաղել չորս պատերի, գրքերի փոշու մեշ։ Մինչդեռ նրա սիրտը լիքն է ապրելու և զգալու բուռն ցանկությամբ։ Մի ցանկություն, որին նա երբեք, երբե՛ք չի կարող դիմադրել խելքի ուժով։

Նա ուշքի եկավ այն ժամանակ, երբ բժիշկը ուժգին թոթվեց նրա թևը, ասելով, թե վարագույրն արդեն բացվել է բեմի վրա։ Հաջորդ խաղամիջոցներից մեկում մոտեցավ Գայանեին և սկսեց նրա հետ շրջել։ Այս անգամ օրիորդն ավելի բարեհամբույր էր և ուրախ։ Նա ուրախ էր, որ ներկայացումը հաջողվել է և անդադար հիշում էր Բարաթյանի անունը։ Ի՞նչ, մի՞թե նա արդեն բոլորովին հափշտակվել է, մի՞թե Դիմաքսյանն այնքան նշանակություն չունի նրա աչքում, որ գեթ մի քանի վայրկյան նրա առաջ մոռանա՞ մյուսին։

Նա զգում էր յուր տկարությունն այդ սիրուն, կենդանի և վառվռուն օրիորդի մոտ։ Նա աշխատում էր խոսքը դարձնել այնպիսի նյութերի վրա, որ նրա ուշքը խլե Բարաթյանից։ Բայց այդ չէր հաջողվում։ Ամեն անգամ, երբ նայում էր օրիորդի կապուտակ աչքերին, նրա կամքը սառցի պես հալվում էր այդ աչքերի հրատապ ներգործությունից։ Մի վայրկյան նա այնպես հափշտակվեց, նրա միտքը այնքան պղտորվեց, խելքը այնքան մթագնեց, որ պատրաստ էր հենց այստեղ իսկ, առանց տատանման, հայտնել յուր սերը։ Այո՛, նա նրան սիրում է, նա նրա համար տանջվում է, մորմոքվում։ Այդ պետք է հասկանա օրիորդը, պետք է գնահատի, եթե խելք ունե, պետք է զգա, եթե սիրտ ունե։

Նրանք խոսեցին խաղացվող պիեսի մասին։ Հերոսը զոհ է դառնում կրակոտ սիրո համար մի ընտանեկան անհաղթելի խոչընդոտի։ Դիմաքսյանը չէր հավանում պիեսի գաղափարը։ Նա ոգևորված բացատրում էր սիրո անհաղթելի ուժը։ Օրիորդը չէր հակառակում։ Ախ, ո՛րքան նա այդ րոպեին հրապուրիչ էր, ո՛րքան բարի և ներողամիտ էր նրա հայացքը։ Դիմաքսյանի ձայնը դողում էր։ Անշուշտ նա անկարող կլիներ իրան զսպելու, եթե նրանք առանձին լինեին, մի խուլ անկյունում, հեռու մարդկանց այդ ատելի աչքերից։

Հանկարծ օրիորդը լուրջ աչքերով նայեց նրա երեսին, և արագորեն գլուխ տալով, հեռացավ։ Նա զգաց յուր խոսակցի հոգեկան դրությունը, նա փախավ ավելորդ խոսքերից։

Դիմաքսյանը միայնակ, շփոթված, չգիտեր ուր դիմեր, ինչպես խույս տար հասարակությունից։ Նրան թվում էր, թե չորս կողմից յուր վրա են նայում։ Ահա հենց այդ վայրկյանին նա տեսավ Վեքիլյանին։ Արյունը մի նոր ուժով խփեց նրա գլխին, ականջները և ճակատը սկսեցին այրվել տաքությունից, երբ իրավաբանը, անփոփոխ ժպիտը երեսին, ցիլինդրը սեղմեց կրծքին և գլուխ տվեց։ Սովորույթը ստիպեց նրան գլխի մի թեթև շարժումով պատասխանել այդ կեղծ բարեկամական ողջույնին։

Իրավաբանը մոտեցավ նրան։

— Տեսնո՞ւմ ես, ինչ լավ են խաղում։

— Կյանքում ավելի լավ դերասաններ կան, — պատասխանեց Դիմաքսյանը։

— Այո՛, այդ էլ ճիշտ է:

— Վեքիլյան,— ավելացրեց Դիմաքսյանը խիստ ձայնով,— ես քեզանից չէի սպասում։

— Ի՞նչ։

— Որ կարող ես մթին անկյունից ինձ վրա քարեր արձակել:

— Չեմ հասկանում ասածդ։

— Այն անստորագիր պասկվիլի հեղինակը դո՞ւ ես։ Վեքիլյանը այնպիսի մի զարմացական նշան արեց, որ, կարծես, ավելի անհեթեթ բան չէր լսել կյանքում։

— Ո՞վ է ասում։

— Մի մարդ, որին ամբողջ հոգով հավատում եմ։

— Այդ մարդը ապացույց ունե՞։

— Ապացույցներ պահանջում են դատարանում փաստաբաններից։ Հասարակական կյանքում մարդու խիղճն է ապացույցը։

— Արսե՛ն, խելոք մարդը զրպարտիչներին չէ հավատում։

— Բայց ճշմարիտը խոսողին պետք է հավատալ։

— Հոդվածն անստորագիր է, պատասխանատու է խմբագրատունը, ապացույցների համար դիմիր այնտեղ:

— Աա՜, ուրեմն չես հերքում, որ դու ես հեղինակը։

— Մի բան կասեմ, Արսեն. այն հոդվածը ով որ էլ գրած լինի, իմ կարծիքով, յուր մեջ քեզ համար վիրավորական բան չի պարունակում։ Ով որ ուզում է ճշմարտություն քարոզել, պարտավոր է և ճշմարտություններ լսել, որքան էլ նրանք դառն լինեն։ Pardon հորաքույրս ինձ կանչում է։

Նա գլուխ տվեց և շտապով մոտեցավ օթյակի դռան մոտ կանգնած մի կնոջ։

Դիմաքսյանի համար այլևս կասկած չմնաց, որ Վեքիլյանը յուր դիմակավորված թշնամին է։ Ուրեմն, ճիշտ է ասում Սալամբեկյանը, թե այդ մարդու արտաքին վայելուչ ձևերի և բարեկամական ժպիտների տակ թաքնված է օձային սիրտ։ Նա մինչև անգամ վիրավորական չէ համարում յուր տմարդի վարմունքը։

«Կնաշանակե իմ դեմ սկսել են զինվել նույնիսկ իմ ընկերները։ Բայց նրանք ինձ հետ ուխտել էին միևնույն համոզմունքով, միևնույն ուղղությամբ գործել։ Այդպե՞ս են ուրեմն կատարում իրանց ուխտը։ Այլևս ո՞ւմ վրա հույս դնել, ումին հավատալ»։

Միթե նա միայնա՞կ պետք է մնա, միայնակ յուր սրտի բոլոր դառնություններով, հոգու բոլոր ձգտումներով։ Բժիշկ Սալամբեկյանը տակա՜վին մաքուր է։ Բայց կա և մի ուրիշը — Մսերյանը։ Այո՛, այդ մարդուն կարելի է հավատալ, նրա պարզասրտության վրա հույս դնել։ Նա կա և կմնա միշտ անկեղծ, բարեհոգի, վեհանձն։

Ներկայացումն վերջացել էր։ Հանդիսականները միահամուռ դիմում էին դեպի դուրս, Դիմաքսյանի աչքերը թափառում էին այս ու այն կողմ։ Եվ դարձյալ նա տեսավ Գայանեին։ Ահա և «նա՜», միշտ ուրախ, միշտ զվարթ, միշտ ժպտուն։ Նա հետևում է օրիորդին և շշնջում տիկին Բախտամյանի հետ։ Իսկ ինքը, Դիմաքսյանը... երբեք նա այնքան փոքրիկ, ճնշված և սեղմված չէր յուր աչքում, որքան այժմ։

Նա կարծում էր, որ ամենքը խղճում են իրան, ծաղրում են և ծիծաղում։ Մարդկանց խառն-խուռն շարքերի մեջ նա երևում էր ինչպես ծուռ բուսած մի ծառ անտառում։ Նրա փոքրիկ մարմինը հրվում և մղվում էր ամեն կողմից, ինչպես մի տաշեղ ալիքների մեջ։ Եվ այդ ավելի սաստկացնում էր նրա սրտի կրակը։

Ճնշեցե՛ք, ճնշեցե՛ք այդ տձև մարմինը։ Նա ծծում է յուր ներսը դինամիտային մի թունավոր և պայթուցիկ ուժ։ Կգա ժամանակ, որ այդ սղմված, կարծրացած ուժն այլևս չի դիմանալ արտաքին ճնշումներին: Սոսկալի դղրդյունով նա դուրս կժայթքի ոչ միայն անհատների, Վեքիլյանների, Բարաթյանների գլխին, այլև ամբողջ հասարակության, ժոդովրդի, ազգի վրա, որ ծնում է և սնուցանում այդ անհատներին։ Իսկ դու, գեղադեմ օրիորդ, դու, որ այնպես երես ես դարձնում նրանից, զգո՛ւյշ, որ քո ընտրածը արդարացնե քո հույսերը, զգո՛ւյշ, որ այդպես ուրախ, այդպես ծիծաղկոտ, այդպես երջանիկ կառք ես նստում նրա հետ...


XI


Բարաթյանի համար անտանելի էր յուր հասարակական դիրքը։ Այն զգացումը, թե ինքը մի ինչ-որ ընկերության հասարակ գործակալ է, վիրավորում էր նրա անձնասիրությունը։ Եվ գիշեր-ցերեկ նա խորհում էր — արդյոք ինչպես ընկերական կյանքում ստեղծի մի դրություն, որ գեթ մասամբ գոհացներ նրա փառասիրական զգացմանը։ Նա վայելում էր հոր կատարյալ հավատարմությունը։ Կարող էր, գրավելով ծերունուն, նրա կարողությունը գործադրել, ինչպես կամենար։ Բայց այդ կարողությունը այնքան մեծ չէր, որ կարելի լիներ գոնե ֆինանսական մի խոշոր գործ սկսել։ Բացի դրանից, նրա ձգտումը միայն փող վաստակելը չէր։ Մի՞թե դրա համար էր կյանք մաշել, «բարձրագույն» ուսում ստացել։

Մի առավոտ նա նոր էր զարթնել, երբ ծառան ներս մտավ և ասաց, թե հայրը կանչում է։ Ինչպես հարգող որդի, շտապեց հագնվել և գնաց Գերասիմ Գերասիմիչի առանձնասենյակը։ Դա մոտ վաթսուն տարեկան մի մարդ էր վտիտ դեմքով, կարճլիկ ծայրերը կտրած բեղերով։ Երեք տարի առաջ պարալիչ էր ստացել, ոտները կորցրել էին քայլելու ուժը, և նա ամբողջ օրը պառկած էր. հատկապես յուր համար պատրաստած մի երկայնաձև, շարժուն բազկաթոռի մեջ։ Մի ծառա կարգված էր նրան սպասավորելու գիշեր-ցերեկ։ Գերասիմ Գերասիմիչը նախկին չինովնիկ էր, եղել էր զանազան պաշտոններտւմ և վերջը հասել էր նահանգական վարչության խորհրդականի (советник губернского правления) պաշտոնին։ Յուր ճարպիկ բնավորության և եռանդուն աշխատասիրության միջոցով հույս ուներ ավելի առաջ գնալ, բայց ճակատագիրը դավաճանեց նրան, և նա այժմ անդամալույծ դարձած, անպետքացած, քաշքշում էր յուր կյանքի վերջին օրերը։

Նա ծառային հրամայեց դուրս գնալ, իսկ որդուն հրավիրեց նստել։

— Է՜է, ի՞նչ ես մտածում ապագայիդ մասին, — հարցրեց նա յուր խռպոտ և քայքայված ձայնով։

— Ոչինչ։

— Ոչի՞նչ։ Վրեոշ բրատ, քո հասակում փառասիրությունը որդնի պես ինձ ուտում էր։ Իսկ դու և ես, բրատ, միևնույն պտուղն ենք։ Ամուսնանալու միտք, բան չունե՞ս։

— Ունեմ, պապա, — պատասխանեց որդին համարձակ։

— Ա՜յ երևելի բան, խի՛ խի խի, հըմ, քեզ և ինչ նման մարդկանց համար շուտ ամուսնանալը վատ բան չէ։ Ինձ ամուսնությունը չփրկեց. քեզ էլ չի փրկիլ, բայց կարող է գոնե մի քիչ, զնայե՞շ, էդակույու լեողկույու ուզդու նալոժիտ նա ստրաստի... խի՛ խի՛ խի՛։ Ինչո՞ւ ես գլուխդ քաշ գցում, ամաչո՛ւմ ես, էհե, գիտեմ ինչ ծառի պտուղ ես։ Քեզ ճանաչելը շատ հեշտ է, ներսս մտիկ կանեմ, քո հոգին կտեսնեմ պպզած։ Քո երակների մեջ վազում է քո հոր արյունը, ինչպես իմ երակների մեջ վազում է իմ հոր արյունը։ Մեր ցեղը հայտնի է յուր թուլություններով։ Մոլչա՛յտ, խոմ երեխա չես, գիտես, որ իզուր չեմ այս օրին հասել, գրեխի մոլոդոստի, բրատեց: Նո՛ւ, ասա՛ տեսնեմ, ո՞ւմ ես ուզում ճանկել։

Որդին, առանց մի բան թաքցնելու, հայտնեց սրտի գաղտնիքը հորը, ինչպես մի հավատարիմ ընկերոջ, որ կարող էր հարգել նրա զգացումները։

— Պյոտր Սոլոմոնիչի քրոջ աղջի՞կը — գոչեց անդամալույծը, — ճանաչում եմ, ճանաչում եմ, տեսել եմ։ Նիչևո, բրատեց, գու՜բա նե դո՛ւրա: Փող էլ ունի, իհարկե։

— Այդ չգիտեմ։

— Սուտ ես ասում, շելմա, դու իմ որդին չես լինիլ, եթե առանց փողի աղջիկ ուզես։ Այդ աղջիկը փող պետք է ունենա Պետրոսի մոտ, նրա հորն էլ ճանաչում էի։ Պետրոսը վատ մարդ չէ, չի խաբիլ քեզ, բայց զգույշ կաց։ Է՛է, ուրեմն ամեն բան վերջացրել ես, երբ ես ուզում պսակվե՞լ։

— Դեռ հայտնի չէ, պապա, դրությունս անորոշ է, այս պատճառով տատանվում եմ։

— Պուստոյե, ինչո՞ւ դրությունդ որոշ չէ։ Քույրեր չունես ամուսնացնելու, եղբայրդ էլ շուտով ուսումը կավարտի, դոխտորոմ մեդիցինի վիյդետ, բրատեց։ Իմ մասին մի մտածիլ, իմ պենսիան ինձ բավական է, մնացյալը ինչ որ ունեմ քոնն է ու եղբորդ։

— Բայց ես հասարակական դիրք չունեմ, — նկատեց որդին համեստաբար։

— Դուռռակ, ի՞նչ ասել է հասարակական դիրք: Պատի՞վ, չի՞ն, հարգա՞նք, դու միշտ կարող ես ձեռք բերել քո ուսումով։ Ժենի՛ս, բրատեց, ժենի՛ս, հետո ամեն բան հեշտ է։ Ամուսնացած մարդուն ավելի են հարգում, քան խալաստոյ շալապային: Մենք մեծ կապեր չունենք, քեզ հայտնի է, որ մեր ազգականները, թյո՜ւ, սբրոդ պարյադոչնիյ... Պյոտր Սոլոմոնիչը, օօ՛օ, նա ուրիշ է, նա քեզ կօգնի։ Ափսոս մայրդ կենդանի չէ, շատ կուրախանար խեղճը, քեզ տեսնելով։ Շելմա, ինչ գեղեցկացել ես, հեհե, ժամանակի՛ն քեզանից վատ չէի։ Նո՛ւ, զգույշ կաց մամզելներից, ե՛ս — քեզ խրատ։ Տեսնո՞ւմ ես, երիտասարդական սխալների հետևանքը երբեմն այս է, օօ՜օ, ի՜նչպես ցավում են անպիտան ոսկորներս։ Բայց կնոջդ հետ պետք է լավ վարվես։ Խեղճ մայրդ, կարող եմ ասել, իմ զոհը դարձավ։ Լաա՜վ, համեստ մի՛ ձևանար, եթե ինձ պես չլինես, ինձանից շատ էլ լավ չես լինի։ Ուրեմն պսակվում ես, շա՛տ լավ, շատ լավ, շատ լավ, ես համաձայն եմ:

— Պապա, չկարծեք որ ես առանց ձեզ մի այդպիսի քայլ կանեի։ Ես ինքս մտադիր էի այս օրերս ձեզ հայտնել և ձեր համաձայնությունը խնդրել։

— Լադնո, լադնո, ես համառ ու կոպիտ հայրերից չեմ, որ հակառակեմ։ Ես ժամանակակից մարդ եմ, մոդեռն, բան հասկացող եմ։ Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ, է՛հ, գնա, աչքերիցդ երևում է՝ Բարաթովների ցեղից ես։ Հաջողությո՜ւն, ոտներս ծածկիր այն պլեդով, այ, այդպես, ա՛խ, ի՜նչպես տխուր է մենակ կյանքը, գնա՛...

Եվ ծերունին, յուր հոգնած գլուխը թեքելով բազկաթոռի մեջքին, աչքերը խփեց, կարծես, նիրհելու համար։

Մարտ ամսի վերջն էր, երբ Բարաթյանի և Գայանեի մեջ, վերջապես տեղի ունեցավ բացարձակ խոսակցություն։ Տարօրինակ էր այդ օրը Գայանեի դրությունը։ Վերադառնալով տուն, նա փակվեց սենյակում, ոչ ոքի չէր թողնում այնտեղ մտնել։ Վերջապես, նրա իղձր կատարվեց։ Նա վաղուց գիտեր, որ սիրվում է, բայց ա՛յլ էին լուռ նշանները, ա՛յլ էր բերանացի խոստովանությունը։ Եվ Բարաթյանը բաց արեց նրա առջև յուր սիրտը, այն մարդը, որ բոլոր երիտասարդների շարքում միակն էր, որ գրավել էր Գայանեին։ Այդ երիտասարդի մեջ, օրիորդի կարծիքով, կային բարոյական ուժ, խելք և արտասովոր ձիրքեր։ Առանձնապես սիրելի էր Գայանեի համար նրա կիսաանփույթ և կիսահեգնական վերաբերությունը կյանքին։ Նա հավատացած էր, որ եթե Բարաթյանր չի ոգևորվում,— որովհետև ոգևորվելու բան չի տեսնում, եթե լրջորեն չի վիճում, չի տաքանում, ինչպես Դիմաքսյանը կամ ուրիշները,— որովհետև խելքով իրան հավասար մարդկանց չի հանդիպում։ Նա համոզված էր, որ հաճոյախոս, կատակասեր երիտասարդի ներքին աշխարհը պարունակում է հարուստ գանձ, և այդ գանձը վերջ ի վերջո պետք է երևան գա ու ամենքին հիացնի։ Հաճախ նա ուզում էր իմանալ, թե ի՞նչ է այդ բանը, կամենում էր արժանանալ երիտասարդի հավատարմությանը։ Բայց Բարաթյանը երբեք չէր դավաճանում յուր մշտական սովորույթին։ Նա օրիորդի հետ ևս վարվում էր այնպես, ինչպես ուրիշների հետ, հեգնելով և կատակելով։ Եվ Գայանեն չէր վիրավորվում այդ բանից, ընդհակառակը, նա դեռ իրան անարժան էր համարում Բարաթյանի հավատարմությանը։

Իսկ ա՞յժմ... այժմ նա սիրված է նրանից։ Ուրեմն Բարաթյանը նրա հավասարն է, այլևս նրանց մեջ գաղտնիք չի կարող և չպետք է լինի:

«Ես երջանիկ եմ», կրկնում էր նա անդադար մտքում, հետ ու առաջ անցուդարձ անելով յուր սենյակում։ Եվ այդ երջանիկ առանձնության մեջ նա չէր ուզում, որ մեկը խանգարի նրան։ Նա մինչև անգամ ճաշի էլ չնստեց տնեցիների հետ, պատճառելով, թե տկար է։ Սակայն տիկին Բախտամյանը մտավ նրա սենյակը, խանգարեց նրան և մի հայացքով ամեն ինչ հասկացավ։

— Չլինի՞ թե ուզում եք առանց մեզ հարսանիք անել, — արտասանեց տիկինը դառն հեգնությամբ։

— Վաղը նա կգա քեռիի և քեզ հետ խոսելու։

— Բարի գալուստ, — մրմնջաց տիկինը, շրթունքները կրծելով։

Գայանեն այնքան ոգևորված և հափշտակված էր յուր բախտով, որ նրա հուզմունքը այս անգամ չնկատեց։ Նա միայն մի բան էր ցանկանում, տիկինը իրան մենակ թողնի, չխանգարի նրա երջանիկ րոպեները։

Հետևյալ օրր Պյոտր Սոլոմոնիչը սուրճ խմելով լրագիներ էր կարդում, երբ ծառան հայտնեց, թե Բարաթյանը ուզում է նրան տեսնել։ Պատկառելի բուրժուան իսկույն հասկացավ, որ այս անգամ երիտասարդը կարևոր գործի համար է եկել, քանի որ մինչև այժմ նա երբեք յուր գալստյան մասին այդպես չէր ազդարարել ծառայի միջոցով։

Բարաթյանը հագնված էր սովորականից լավ և խնամքով։ Նրա դեմքը արտահայտում էր անսովոր լրջություն, իսկ աչքերի մեջ նկատվում էր խորին ակնածություն Պյոտր Սոլոմոնիչից։ Այս բանը մեղմացրեց ծերունու սիրտը։ Նա ընդունեց երիտասարդին համեմատաբար ավելի հարգանքով, քան երբևէ ընդունել էր։

Բարաթյանին հարկավոր էր մի փոքր կողմնակի բաներից խոսել, որպեսզի մի կերպ խոսք բաց անե յուր նպատակի մասին։ Ուստի նա դիպլոմատիական հմտությունով սկսեց բավական հեռվից և ապա հետզհետե մոտեցավ բուն գործին։ Պյոտր Սոլոմոնիչը լսում էր նրան լուռ, մերթ ակնոցը դնելով քթին, մերթ հանելով։ Կարծես, նա փորձում էր — ապակիներո՞վ լավ կհասկանա լսածը, թե՞ առանց ապակիների։ Երբ Բարաթյանը ասելիքը վերջացրեց և գլուխը ուղիղ պահած խորին պատկառանքով պատասխանի էր սպասում, Պյոտր Սոլոմոնիչը նորից հանեց ակնոցը և սկսեց նայել յուր բաճկոնակի կոճակներին։ Թվում էր, որ նա դրսից է խորհրդակցում յուր սրտի հետ հանդիսավոր առաջարկության մասին։ Ձայն եկավ ներսից, թե իսկի էլ վատ չէ Բարաթյանի նպատակը։ Նախ, վերջապես, պետք է Գայանեին մեկի հետ ամուսնացնել, երկրորդ, այդ Բարաթյանը, աստված վկա, վատ երիտասարդի չի նմանվում: Գայանեի համար է եղել նրա այցելությունը. կնշանակե Պյոտր Սոլոմոնիչը իզուր էր նրան ատում, կարծելով, թե... էհ, վերջապես...

— Պարոն Բարաթյան, դուք Գայանեին անկե՞ղծ եք սիրում:

Սիրում է անկեղծ և շատ է սիրում։

— Պարոն Բարաթյան, ձեր հորը՝ Գերասիմ Գերասիմիչին ասե՞լ եք, թե ուզում եք Պյոտր Սոլոմոնիչ Բախտամովի քրոջ աղջկա հետ պսակվել։

Իհարկե, ի՛նչ ասել կուզե։ Նա այն երիտասարդներից չէ, որ առանց իրանց ծնողների հաճության են ամուսնանում։ Երիտասարդի պատասխանները դուր եկան Պյոտր Սոլոմոնիչին։ Ծերունին գլուխը հավանական ձևով շարժեց և այս անգամ աչքերը հառեց դիմացինի կոճակներին։

— Բան էլ կա։

— Հրամայեցեք, Պյոտր Սոլոմոնիչ, ձեր խոնարհ ծառան եմ։

— Մեր ժամանակում ընտանիք պահելը մի քիչ դժվար է։

— Այսինքն ի՞նչպես։

— Շատ փող է հարկավոր։

Բարաթյանը ստանում է տարեկան 2000 ռուբլի ռոճիկ, ապրում է յուր հոր տանը և ամուսնանալուց հետո էլ պետք է այնտեղ ապրի։ Բացի դրանից, հայրը խոստանում է նրան ամսական 200 ռուբլի։

— Հայրդ ի՞նչքան կարողություն ունի, ամոթ չլինի հարցնելը։

— Մեր տունը տեսե՞լ եք։ Պյոտր Սոլոմոնիչ։

— Լա-ավ։ Գրավ դրած չէ՞։

— Ո՛չ:

— Արժե ութսուն հազար։

— Օրթաճալումն էլ մի այգի ունենք։

— Գրոշ չարժե։ Փո՞ղ, բա՞ն։

— Հաստատը չգիտեմ, բայց, կարծեմ, իմ մասը մոտ քսան-քսանհինգ հազար զուտ փող կլինի։

Պյոտր Սոլոմոնիչը լռեց և դարձյալ նայեց յուր կոճակներին։ Բարաթյանի պատասխանները բոլորովին գոհացուցիչ էին, խելոք մարդը այդ կարողությունով կարող է շատ լավ ապրել։ Բայց ի՞նչ օրինավոր երիտասարդ է, օժիտի մասին իսկի՜ մի խոսք։ «Արի սրան փորձեմ», մտածեց նա։

— Պարոն Բարաթյան, ես Գայանեին աչքիս լույսի պես եմ սիրում։

— Իհարկե, իհարկե, ես շատ լավ գիտեմ։

— Համբերեցե՛ք։ Հանգուցյալ քույրս մեռնելիս ինձ ասաց. «Պետրոս, աղջկանցս փողոցներում չթողնես Գայանեն տասներեք տարեկան էր, Օվսաննան հինգ տարեկան, երբ նրանց բերեցի իմ տուն: Ինը տարի վեց ամիս է նրանց պահում եմ ու մեծացնում։ Էհ՛, բան է, ժամանակիս երիտասարդ եք, կարելի է մտածում եք օժիտի մասին, պարզն եմ ասում, Գայանեն ոչինչ չունի:

«Խորամանկություն ես անում, բարեկամ, ինձ խաբել չես կարող», մտածեց Բարաթյանը։

Նա բարվոք համարեց առայժմ հրաժարվել օժիտի գաղափարից։ Ի՞նչ օժիտ, ի՞նչ բան, նա շատ ստոր մարդ կլիներ, եթե Գայանեի հետ կամենար փողի համար ամուսնանալ։ Ոչ, ոչ, նա սիրում է օրիորդին և միայն նրան է ուզում, թեկուզ առանց կոպեկի, թեկուզ մերկ էլ տաք, նա չի հրաժարվի։

— Մալադչինա,— գոչեց Պյոտր Սոլոմոնիչը միանգամայն հիացած,— լավ տղան այդպես պետք է անի։

Հազիվ նա արտահայտել էր յուր հիացումը, երբ դռները կամացուկ բացվեցին և հանդարտ քայլերով ներս մտավ տիկին Բախտամյանը։ Պյոտր Սոլոմոնիչը ուզեց պատմել նրան, բայց տիկինը ձեռի շարժումով հասկացրեց, թե տեղյակ է բանին։

— Երևի, եթե ինքս եկած չլինեի, դու ինձ չէիր կանչիլ, ասաց նա վիրավորված եղանակով։

— Փաա՜, ոնց չէ, դու Գայանեի համար մայր ես։

— Նա ինքը ինձանից տասնապատիկ լավ մայր է իրան համար։

— Է՜է, հիմա ասա տեսնենք, համաձա՞յն ես։

— Ի՞նչ ասել է «համաձայն ես»։ Ես կամ դու ի՞նչ իրավունք ունինք, խոմ մեր պապերի ժամանակը չէ, այժմ աղջիկը ում հավանում է — նրան է գնում։ Միայն ես մի բան եմ ուզում ասել, պարոն Բարաթյան, լավ մտածեցեք, շատ չե՞ք վռազում պսակվելու, դուք այնքան երիտասարդ եք, որ...

— Չէ՞ որ Գայանեն էլ երիտասարդ է, — ընդհատեց Պյոտր Սոլոմոնիչը։

Տիկինը ուսերը վեր քաշեց և ժպտալով պատասխանեց։

— Ինչո՞ւ, շատ էլ երիտասարդ չէ, ես ու նա համարյա միասին ենք մեծացել, մարդ չպիտի թաքցնի պակասությունը, բավական հասակով է։

— Հասակի մասին խոսելը ավելորդ եմ համարում,— ասաց Բարաթյանը, չզգալով, թե որքան վիրավորում է տիկնոջը — միայն ես ձեր համաձայնությունն եմ խնդրում։

— Ես համաձայն եմ,— գոչեց Պյոտր Սոլոմոնիչը բանին վերջ տալու համար:

— էհ, տա աստված, որ բախտավոր լինեք,— ավելացրեց տիկինը հառաչելով։

Բարաթյանը թույլ տվեց, որ Պյոտր Սոլոմոնիչը համբուրի յուր ճակատը, իսկ ինքը համբուրեց տիկնոջ ձեռքը։ Նա տիկնոջ հետ վարվում էր խորին որդիական հարգանքով և անսահման համեստությամբ։ Մի բան, որ թե՛ Պյոտր Սոլոմոնիչին շատ դուր եկավ և թե՛ նրա սրտից ջնջեց կասկածի վերջին նշույլն անգամ...


XII


Չարագուշակ երեկոյից հետո Դիմաքսյանը առհասարակ տնից չէր դուրս գալիս, բացի դպրոց գնալուց։ Այժմ նա կատաղած էր ոչ միայն հակառակորդների, այլև ամբողջ հասարակության, նույնիսկ մարդկության դեմ։ Ինչպե՞ս նա սառնարյուն կրեր այն բոլոր ատելությունները, ծաղրը, արհամարհանքը, որոնց հանդիպում է ամեն քայլափոխում։

Դպրոցը նա այժմ հանգիստ էր թողել, նրա մեջ տեղի ունեցած զեղծումները շատ էլ չէին զբաղեցնում նրա միտքը։ Այս պատճառով պաշտոնակիցները և հոգաբարձուները բավական հաշտ էին նրա հետ. վերջապես, նա ինքը առայժմ մասամբ գոհ էր։ Նրա հարձակումները անհետևանք չէին մնացել, հոգաբարձուների մեջ դպրոցի համար նոր շենք կառուցանելու խնդիր էր հղացել։ Նրա ցանկացածն էլ առայժմ այդ էր, մնացյալը ապագայի խնդիր էր։ Ուստի առժամանակ նա լռեց։

Բայց նա նյութում էր մի ավելի կատաղի կռիվ։ Դա մի առանձին գրություն էր «Հասարակություն և անհատ» անունով։ Պետք է ապացուցաներ, թե ընդհանուրի քաղաքակրթության հիմքը անհատն է. քանի որ չկան բարոյական անհատներ — չի կարող լինել և բարոյական հասարակություն։ Սակայն լոկ գրելը նրան չէր գոհացնում։ Նա ձգտում էր գործով ու խոսքով էլ մաքառել ամբոխի տգիտության դեմ։ Եվ այստեղ նրա առջև կանգնում էր մի խոչընդոտ։ Այդ տեսակ կռիվ մղելու համար նախ հասարակ ուսուցչի պաշտոնը շատ աննշան էր, երկրորդ, անհրաժեշտ էր նյութական անպայման անկախություն։ Նա գիտեր, որ եթե հոր հետ հաշտվի, կարող է օգտվել նրա կարողությունից։ Բայց, միևնույն ժամանակ, չէր զղջում յուր արածի մասին և երբեք չէր համաձայնվիլ խոնարհվել ծերունու առջև, ներումն խնդրել նրանից։

Բարաթյանի նշանադրության լուրը հաղորդեց նրան Մսերյանը, որ լսել էր Սալամբեկյանից։ Իդեալիստին հայտնի էր, որ Դիմաքսյանը հակված է դեպի օրիորդ Գայանեն։ Ուստի նրա բարի սիրտը թույլ չտվեց այդ փափուկ խնդրի մասին խոսքը երկարացնել և միայն ասաց։

- Ով ուզում է հասարակությանը ծառայել, չպիտի ամուսնանա։

Դիմաքսյանը այս խոսքերի մեջ զգաց ճշմարտության մի մաս։ Նա չվիճեց, բայց և չկարողացավ այլևս թաքցնել յուր սրտի գրգիռը։ Երկու ընկերների մեջ բացվեց մտերիմ խոսակցություն։ Վաղուց Դիմաքսյանը զգում էր այս տեսակ խոսակցության պահանջ, վաղուց ցանկանում էր բանալ յուր սրտի գաղտնի ծալքերը մեկի առաջ։ Գուցե այդպիսով թեթևացներ յուր հոգու ծանր բեռը։ Եվ ո՞ւմ առջև կարող էր պարզախոս լինել, եթե ոչ Մսերյանի, որին հավատում էր լիովին և որի անկեղծությունը անկասկածելի էր նրա համար։

Ճիշտ է, նա սիրում է Գայանեին, ճիշտ է, չկարողացավ հանդուրժել կանացի հրապույրներին։ Բայց նա յուր սերը օրիորդին չարտահայտեց, որովհետև ի՞նչ հետևանքի կարող էր հասնել։ Միթե մի օրիորդ, որ ինքը գեղեցիկ է, կարող էր նրան հավանել։

«Ի՞նձ, այլանդակի՞ս...»

Կարո՞ղ էր գերադասել մի ուրիշից, այն մեկից, այո՛, այն ուրախ և ճարպիկ, գեղեցիկ և սալոնական Բարաթյանից։ Բայց կա և՜ մի ուրիշ, ավելի զորավոր պատճառ, որ ստիպում էր նրան լռել. նույնիսկ այն տաք րոպեներին, երբ նա կարծում էր, թե անկարող է լռել։ Եթե Գայանեն նրան մերժեր և հետո դառնար Բարաթյանի կինը, նա կխելագարվեր։ Ինքնասիրությունը նրան կսպաներ։ Այո՛, նա շատ ինքնասեր է, չափազանց, այդ ինքն էլ գիտե։ Բայց մի՞թե չի հասկանում, թե դա բարոյական հիվանդություն է, մի՞թե խելքը չի բողոքում դրա դեմ։ Քանի՜-քանի անգամ նա ինքն իրան դատապարտել է, նախատել, հանդիմանել այդ մասին, բայց իզուր։ Նրա եսը նրա մեջ մի չար օձ է։ Գիշեր ու ցերեկ այդ օձը արթուն օղակված է ներսումը։ Բավական է մի թույլ շշուկ, մի նուրբ շոշափում, և նա ամեն վայրկյան պատրաստ է գալարվել, բանալ բերանը, ցցել սուր ատամները նրա սրտի մեջ և թափել այնտեղ յուր սոսկալի թույնը։ Ահա հենց այդ օձն է նրան ստիպում լինել միշտ դյուրագրգիռ, միշտ բարկացկոտ, միշտ պատրաստ չար վհուկի պես ճիրանները խրել առաջին պատահած հակառակորդի կոկորդին։

— Սմբատ, մի մեղադրիլ ինձ, մի՛ հայհոյիլ, ես քեզ խոստովանում եմ այն, ինչ որ երբեմն ինքս ինձ ամաչում և վախենում եմ խոստովանել։ Բացատրի՛ր միայն ինձ, ինչո՞ւ ես այդպես եմ, ինչո՞ւ բնությունը դրել է իմ սրտի մեջ այդ վիշապին...

Նրանք նստած էին հյուրանոցի մի առանձին սենյակում, ուր ոչ ոք չկար։ Մոտ կեսգիշեր էր։ Ընթրիքը նոր վերջացրել էին։ Սեղանի վրա դրված էին մի շիշ գինի և երկու բաժակ։

Մսերյանը լսում էր ընկերոջը լուռ, մտերիմ բարեկամի խրախուսող հարգանքով, հավանություն տալով նրա յուրաքանչյուր դարձվածին։ Կար այդ մարդու մեջ մի բան, որ խորին հավատ էր ներշնչում և դիմացինին տրամադրում էր պարզել նրա մոտ սրտի ամենանվիրական զգացումները այն անդրդվելի համոզմունքով, որ գաղտնիքը կմնա նրա մոտ գաղտնիք մինչև գերեզման։

Ավարտելով յուր խոստովանքը, Դիմաքսյանը գլուխը հենեց ձեռի ափին և հայացքը հառեց անորոշ տարածության մեջ։

Վերջապես, Մսերյանը խոսեց։ Նա յուր ընկերոջ հոգին հասկանում է, հասկանում է, ինչ է այն բանը, որին թունավոր օձ է համարում։ Այո՛, նա թունավոր է, բայց միայն Դիմաքսյանի մեջ չի գտնվում նա։ Մի-մի այդպիսի օձ նստած է ամեն մի մարդու կրծքի տակ և գիշեր-ցերեկ կրծում է նրա սիրտը, թուլացնում է նրա հոգին, ծծում է նրա կյանքի հյութը։ Մի տարբերություն կա Դիմաքսյանի և ուրիշների մեջ, նրա սրտի օձը ավելի մեծ է, ավելի թունավոր և ավելի արթուն ու զգայուն։ Եվ ինչո՞ւ, որովհետև նրա միտքը ևս ավելի բարձր, սիրտն ևս ավելի ընդարձակ է։

— Ոչ, — գոչեց իդեալիստը զգացված, բռնելով ընկերոջ բազուկը, — վկա է աստված, կյանքիս երեսուն ու հինգ տարվա ընթացքում ոչ մի անգամ ոչ մեկին չեմ շողոքորթել, թեև կարիք ունեցել եմ շողոքորթելու... Բայց կգա ժամանակ, և ես համոզված եմ նրա գալուն, որ դու խելքիդ ուժով կջախջախես այդ օձի գլուխը։ Այնուհետև քո մեջ կմնա միմիայն մարդը, կատարելագործված, կյանքի քուրայում ձուլված և զտված մարդ։ Հիշո՞ւմ ես այն երեկոն, երբ դու քեզ դժբախտ անվանեցիր։ Ես ասացի, դու ամենաբախտավորը կլինես մարդկանց մեջ։ Եվ կլինես։ Սպանիր այդ օձին, և դու կտեսնես, որ ես չեմ սխալվում, ինչպես չեմ սխալվում, թե կգա ժամանակ, որ անհատի բոլոր մանր ինստինկտները կենթարկվեն ընդհանուրի երջանկության պահանջներին...

Դառն և վշտալի ժպիտը մթագնեց Դիմաքսյանի երեսը։ Շատ է աշխատել նա ջախջախել հրեշին, շատ է ճգնել ազատվել նրա տանջանքներից, բայց իզուր։ Ծովային պոլիպի պես հարյուրավոր ճանկերով նա բռնել է նրա ամբողջ էությունը և սեղմում է անխնա։

— Ահա, հենց այժմ, այս վայրկյանիս, դու խոսում ես, իսկ նա արթնանում է։ Ես վշտանում եմ, ինչո՞ւ դու պետք է ինձ խրատես, ինչո՞ւ ես միմիայն իմ և իմ խելքին չպիտի հավատամ։

— Տարիների փորձը կտա քեզ այն զենքը, որի մի հարվածով կկտրես նրա հարյուրավոր ճանկերը։ Ապրիր, գործիր և կտեսնես։

Նրանք լռեցին։ Արդեն ուշ գիշեր էր։ Սպասավորր հավաքում էր հյուրանոցի աթոռները։ Նրանք վեր կացան և դուրս եկան։ Երբեմն Դիմաքսյանը փողոցում տեսնում էր Բարաթյանին Գայանեի հետ թև թևի տված զբոսնելիս։ Նա միշտ ճանապարհը փոխում էր, որ երես առ երես չհանդիպի նրանց։ Դա արդեն ավելի էր, քան թե հասարակ նախանձը։ Դա զուտ տանջանք էր։ Տառապում էին նրա սրտի բոլոր թելերը, և տառապանքի պատճառը դարձյալ նա էր, այն օձը։ Երջանիկ Մսերյան, ի՞նչպես կարողանա սպանել վիշապին, երբ քաջություն չունե հանդիպել անգամ մի ուրիշի երջանկությանը, որ յուր ապերջանիկ լինելն է ցույց տալիս։

Այդ օրերը նա յուր հիշատակարանի մեջ մտցրեց հետևյալ տողերը.

«Եթե բնությունը իմ այս փոքրիկ մարմնի մեջ դրած լիներ մի փոքրիկ և սառն սիրտ, միթե ավելի բախտավոր չէի լինիլ։ Ինչո՞ւ այսքան զգայուն եմ, ինչո՞ւ սիրտս լիքն է անզուսպ կրքերով, ո՛չ խոլական կրքերով, այլ սիրելու և ատելու բուռն ավյունով»...

Նա փորձում էր յուր վիշտը մոռանալ գործերի մեջ խորասուզվելով։ Դպրոցում սկսվել էին հարցաքննությունները։ Առայժմ գոնե առերես պաշտոնակիցները հաշտ էին նրա հետ։ Մի անգամ միայն նա չկարողացավ իրան զսպել, երբ տեսուչը մի աշակերտի անվանեց «արջի զավակ»։ Բայց վեճը սուր կերպարանք չստացավ։ Գործերի դրությունը շատ խառն էր. արձակուրդների ժամանակը մոտենում էր, հակառակորդները չկամեցան բաժանվել։

Քննությունները նոր էին վերջացել, երբ Դիմաքսյանը մի օր հեռագիր ստացավ, թե հայրը հիվանդ է և անհապաղ պահանջում է նրան։ Որքան էլ անհաշտ լիներ, սակայն դժգոհությունը նրա մեջ տեղի տվեց որդիական զգացմանը: Նա շտապեց ուղևորվել հայրենիք, որ երկու օրվա հեռավորություն ուներ Թիֆլիսից։ Ճանապարհին նա կարծում էր ծերունին արդեն մեռել է։ Խղճի խայթոցը տանջում էր նրան. ինչո՞ւ որդիական սերը մոռացավ ծերունու կամակորության պատճառով։ Սակայն քանի մոտենում էր հայրենի քաղաքին, այնքան խայթոցը մեղմանում էր։ Մի՞թե նա չէր սիրել հորը։ Ո՛չ, նա միայն յուր աշխարհայացքը չկամեցավ ենթարկել նրա համառ կամքին։ Գաղափարի մարդ է, պարտավոր էր այդպես անել։

«Ես կատարել եմ իմ բարոյական պարտքը, ինչո՞ւ եմ հանդիմանում ինձ»։

Այս խորհրդածություններով նա ոտք դրեց այն տան շեմքը, ուր ծնվել էր, սնվել և մինչև տասն ու հինգ տարեկան հասակը ապրել։ Չկա այլևս այն ահագին գամփռը, որ գիշեր-ցերեկ հսկում էր այդ տան դռները և որի հետ նա շատ էր խաղ արել։ Պարտեզի ծառերը միայն ողջունեցին Նրա գալուստը։ Դարավոր կաղամախները խշխշացնում էին իրանց հղկած փայլուն տերևները սպիտակ ճյուղերի մեջ։ Եվ նրանց վեհ ու վիթխարի տեսքը պատկառանք էր ազդում։ Հաստաբուն թթենիները արձակում էին նրա ոտների տակ իրանց հասուն պտուղները։ Իսկ արեգակի ուրախ շողքերը, ծառերի խիտ տերևների միջով անցնելով, խնամքով մաքրված գետնի վրա հազարավոր նախշեր էին գոյացնում։ Այդ բոլորը խոսում էին նրա հետ անցյալի լեզվով և նրա սրտի մեջ զարթեցնում քաղցր հիշատակներ։ Ընդարձակ տան մեջ տիրում էր մենաստանային լռություն։ Նա շտապով անցավ լայն պատշգամբը, ուր այնքան նա վազվզել էր յուր քույրերի հետ։ Նա մտավ մի նեղ, մութ նախասենյակ և այնտեղից ուղղակի հոր ննջարանը։

Ծերունին կենդանի էր: Անկողնի մեջ նստած, վերմակը ուսերին քաշած, հիվանդը նայում էր ցած, երր ներս մտավ նրա միակ արու զավակը՝ երկար կոշիկները հագին, ոտից մինչև գլուխ փոշիի մեջ փաթաթված։ Անկողնի առաջ կանգնած էր մի շիկահեր տղամարդ, ձեռները փորի վրա դարսած, հլության դրոշմը ճակատին։ Նա սպասում էր հիվանդի հրամաններին, և թվում էր, որ պատրաստ է ծերունու մի խոսքով կրակի մեջ նետվելու։ Այնինչ՝ հիվանդը լուռ էր, անշարժ. կարծես, նա յուր սրտի հետ խորին խորհրդածության մեջ էր։ Նրա տափակ ծոծրակով և քառանկյունի ճակատով գլուխը հենց առաջին հայացք ազդու տպավորություն էր գործում յուր կարճլիկ մոխրագույն մազերով, որ նմանում էին լարված նետերի, պատրաստ ամեն վայրկյան դուրս պրծնել և ցցվել առաստաղին։ Նրա թանձր ընչանցքը հովանավորում էր մի խիստ բերան, որի անկյուններում փորված էին երկու խոշոր ակոսներ: Հիվանդության պատճառով չսափրած երեսի կարճ մորուքը հիշեցնում էր ծայրերը կոտրված ասեղների փունջ։

Չնայելով եղանակի տաքությանը, ընդարձակ սենյակի անպաստառ, խոնավ պատերից փչում էր մի թափանցող զով։ Կահ-կարասին բաղկացած էր մի քանի հնաձև աթոռներից և մի երկայն ու լայն թախտից, որի ծայրում պառկած էր հիվանդը։ Մի անկյունում սենյակի հատակին բևեռված էր մի երկաթյա ժանգոտված սնդուկ։ Նա փակ էր, նրա պարունակությունը ոչ ոք չգիտեր, ինչպես և անհայտ էր, թե ի՞նչ են պարունակում նրա տիրոջ հոգին ու սիրտը։

Լսելով որդու բարևելու ձայնը, Մարգար աղան գլուխը չբարձրացրեց, չնայեց նրա երեսին, ոչ էլ մի բառ արտասանեց։ Նա միայն յուր ջղոտ ձեռը մեկնեց նրան։ Արսենը սեղմեց այդ կոշտ ձեռը։ Ծերունին շտապով հետ քաշեց, նա կարծում էր, թե որդին գոնե կհամբուրե հայրական աջը։ Շիկահեր մարդը մի աթոռ մոտեցրեց, և Արսենը նստեց նրա վրա։

— Ի՞նչպես եք այժմ։

Ծերունին թավ, ալեխառն հոնքերը վեր քաշեց և մի ակնթարթ միայն նայեց որդու երեսին։ Այնուհետև դարձյալ նրա ծանր կուչկուչված կոպերը խոնարհվեցին լուսամուտների վարագույրների պես, որ չթույլ տան արեգակի ճառագայթներին ներս թափանցել։ Նորից սովորական խստությունը և մռայլությունը սքողեցին նրա դեմքը։

Մի քանի րոպեից հետո, վերջապես, լսվեց նրա ձայնը։ Այդ ձայնը հնչում էր պղնձի պես։ Նա ազդու էր և գալիս էր մի լայն ու հուժկու կրծքից։ Նա սովոր էր հրամայել և գոռալ։

— Ինչո՞ւ ես եկել:

— Հեռագիր էի ստացել։

Ծերունին նայեց խոշոր հայացքով անկողնի դեմ կանգնած շիկահերին և բարկացած գոչեց։

— Չասացի՞ ձեզ, թողեք մեռնեմ, գա գերեզմանս էլ չգտնի։ Հայտնվեց որ, իրավ, ծերունին դեմ է եղել որդու գալստյանը։ Արսենին, հորից գաղտնի հեռագրած է եղել նրա մեծ քույրը։ Հիվանդը չէր կամեցել տեսնվել յուր միակ որդու հետ։ Նա չկատարեց յուր հոր կամքը, արհամարհեց նրան, ուսումը ավարտելուց հետո անգամ չեկավ ներում խնդրելու։ Նա վիրավորում է յուր ծնողին, ամեն ամիս երեսին շպրտելով նրանից ստացած նպաստը։ Թո՜ղ ուրեմն ինքն էլ արհամարհված և մոռացված մնա։

— Կարելի է մտածում էիր, շատ եմ կարոտել կերպարանքիդ։ Չէ՛, ես որդի չունեմ, ինչո՞ւ պիտի կարոտեի։ Քույրերդ էլ կարծում են աչքս ճանապարհին է, հա՛, հա՛, հա՛, շաբաթը երկու անգամ գալիս են իրանց լակոտների հետ... էէ՛է ես շատ լավ եմ ճանաչում ձեզ, հիմար չեմ, խելքս գլխիս դրուստ է։ Դուք անհամբեր սպասում եք իմ մեռնելուն. ասում եք, կսատկի պառավը, կգնանք ունեցած-չունեցածը կճանկենք, տակով կանենք։ Շատ եք վռազում, բայց սխալվում եք, աստուծո կարող զորությունով Մարգար աղան ձեր խաթրու չի մեռնիլ:

Արսենի ինքնասիրությունը ստիպված էր դիմանալ այդ զրպարտությանը, որովհետև որդին չէր կամենում հիվանդ հորը ավելի գրգռել։ Նա լուռ լսում էր, նայելով մերթ սենյակի աններկ ու մաշված հատակին, մերթ սարդի ոստայնով ծածկված առաստաղին։

Ծերունին բարձի տակից հանեց կոտլետի չափ մի արծաթյա հնադարյան ժամացույց, նայեց և դարձավ շիկահերին.

— Այն զահրումարը տուր տեսնենք։

Շիկահերը վերցրեց լուսամուտի հատակի վրայից կարմիր հեղուկով լի սրվակը, մի գդալ լցրեց, տվեց նրան։

— Իմ տունը քանդվեց այն օրը,— շարունակեց ծերունին, գույնզգույն թաշկինակով սրբելով թանձր ընչացքը,— երբ մայրդ մեռավ։ Տասն ու հինգ տարի է ես մենակ եմ այս չորս պատերի մեջ։ Ի՞նչ են զավակները, տանջանք։ Մարդուս բարեկամը նրա կնիկն է. «և թողյալ զհայր և զմայր յուր՝ երթիցե զհետ կնոջ յուրո»։ Որդի ունեմ, եկել է հոր սիրտը մխիթարելու, հա՛, հա՛, հա՛, փողի պետք ունե, եկել է ինձ կողոպտելու...

— Հա՜յր, — արտասանեց որդին խեղդված ձայնով, — մի վիրավորեք ինձ։

— Խոսո՞ւմ ես, խոսում, — գոչեց ծերունին, ավելի գրգռվելով, — բաս ո՞ւմ գլխին թափեմ սրտիս լեղին։ Փա՛հ, կարծում ես, չեմ լսել։ Լսել եմ, ինչպես չէ, անունս աշխարհի երեսին փառավորում ես, ասում են, գրում ես սրա ու նրա վրա։ Մարդիկ հորդ են անիծում, շատ լավ է, ինչ ասեմ, մեռնելուցս հետո էլ գերեզմանս կքրքրեն։ Շնորհակալ եմ քեզանից, աստված, լա՛վ որդի տվեցիր ինձ...

Նրա հազը բռնեց։ Նա թաշկինակը փնտրեց և, շուտ չգտնվելով, բարձրաձայն գոռաց, հայհոյեց շիկահեր մարդուն։ Մի քիչ անցած, նա հանդարտվեց։

— Այ, այստեղ էր, — շարունակեց նա, — հենց այս քանդված սենյակում։ Հանգուցյալը դրել էր քեզ թևերի վրա, մտիկ էր անում, ուրախանում։ Դու ծվծվում էիր խոզի ճտի պես։ Մոտեցա, մտիկ արեցի աչքերիդ, սիրտս թրխկաց, հասկացա։ Ասացի. «Հերիքնազ, դու ինձ համար որդի չես ծնել, պատիժ, պատիժ»։ Կատարվեց խոսքս։ Խե՛ղճ կնիկ, լավ է, որ կենդանի չես, հըմ, ի՜նչ կուրախանայիր դրան տեսնելով, այս այս այս... գնա՛, չեմ ուզում, ես որդի չունեմ, կորի՛ր եկած ճանապարհովդ...

Նա շտապով պառկեց, վերմակը քաշեց գլխին և երեսը դարձրեց պատին։ Շիկահերը անդադար հառաչում էր։


XIII


Չնայելով հոր անհյուրընկալ ընդունելությանը, Դիմաքսյանը մտադրվեց մի առժամանակ մնալ հայրենի քաղաքում։ Նրա քույրերը վաղուց կարոտել էին իրենց միակ եղբորը, պետք էր գոնե նրանց թախանձանքը հարգել։

Մարգար աղան, յուր աղջկերանց հետ էլ սառն էր։ Մենակեցությունը օրեցօր այդ մարդու մեջ ամրացրել էր մե անգամ հղացած կասկածը։ Հնար չկար նրան համոզելու, թե յուր զավակների սերը շահախնդրությունից չի առաջանում։ Նա ինքն երբեք չէր այցելում աղջկերանց և չէր ուզում, որ նրանք էլ իրան այցելեն։ Ապրում էր վեց ընդարձակ սենյակներից բաղկացած հայրական տնում, ինչպես երդվյալ ճգնավոր։ Հնաշեն տան լուսամուտները դեպի փողոց միշտ փակ էին, և ոչ ոք չէր կարող կարծել, թե այնտեղ ապրում է կենդանի էակ։ Նա պահում էր մի ծառա, որ թե՛ այգեպան էր, թե՛ խոհարար և թե՛ սպասավոր։ Բացի այդ բազմապաշտոն ծառայից, նրա մոտ մուտք ուներ այն շիկահերը, որին Արսենը տեսավ։ Դա ծերունու հեռավոր ազգականներից էր — վերին աստիճանի հլու, կամակատար և շողոքորթ մի էակ։

Սարիբեկը — այսպես էր նրա անունը — կատարում էր Մարգար աղայի կառավարիչ-հավատարմատարի պաշտոնը։ Նրա ձեռքով էին ստացվում գյուղացիներից կալվածների հարկը և քաղաքացիներից խանութների ու տների վարձը։ Նա էր վաճառում այգիների բերքերը, հավաքում ջրաղացների եկամուտը և այլն։

Արսենը կողմնակի ծանոթացավ գործերի դրությանը և տեսավ, որ հոր ձեռքը հազիվ անցնում է այն եկամտի կեսը, որ պետք է նրա հաշվով ստացվեր։ Մնացյալը ճանապարհին աղի պես հալվում էր Սարիբեկի խոնավ ձեռքերում։

Գյուղացիները աղի արցունք էին թափում այդ մարդրւ անունը հիշելիս։ Երբեմն խմբերով գալիս էին գաղտնի կերպով Արսենի մոտ և գանգատվում։ Երիտասարդը լսում էր նրանց աղերսանքը և վրդովվում։ Երբեք նա չէր երևակայել, թե յուր հայրը անգիտակցաբար հարստահարիչի դեր է կատարում։

Նա կամենում էր ամեն բան հայտնել ծերունան, համոզել նրան, որ խիստ հաշիվ պահանջի կառավարչից։ Բայց դրա համար հարկավոր էր, որ առաջ ինքը գրավեր նրա հավատարմությունը։ Ահա ինչու նա տատանվում էր, վախենալով մի գուցե յուր միջամտութունը ավելի վատ հետևանք ունենա գյուղացիների համար։

Իսկ ծերունին շարունակում էր նրա հետ վարվել առաջվա պես ցուրտ և անհաշտ։ Թվում էր, որ ոչինչ չի կարող հոր և որդու մեջ բացված վիհը լեցնել։ Արդեն նա առողջացել էր, ոտքի էր կանգնել և հետևում էր անձամբ յուր գործերին։ Առավոտից մինչև երեկո նա պատում էր յուր տան առջև ձգված ընդարձակ պարտեզում։ Սովորաբար նա հագնում էր կաշվե բաճկոն մորթյա աստառով, ձեռին կրում էր երկաթե սուր ծայրով մի ձեռնափայտ, ճիշտ այնպիսին, որ գործ են ածում ժամհարները գավառներում։ Այգեպանը հետևում էր նրան քայլ առ քայլ և համբերությամբ լսում նրա կոպիտ հանդիմանությունները, բարձրաձայն գոռոցները և բազմատեսակ օրիգինալ հիշոցները։ Երբեմն նա յուր ուսերի վրա ընդունում էր ծերունու ուժեղ ձեռով տված փայտյա հարվածները։ Եվ լսում էր, չէր բողոքում, և ո՞ւմ բողոքեր։

Արսենը հեռվից դիտում էր հորը և ականջները փակում նրա ծայրահեղ հայհոյանքները չլսելու համար։

Առավոտ երեկո ներկայանում էր Սարիբեկը։ Մարգար աղան, թեյի բաժակը առջևը դրած, պատշգամբի վրա թիկն տված մեծ աթոռի մեջքին, լսում էր նրա զեկուցումները։ Նա Սարիբեկի վրա ևս գոռում էր ճիշտ այնպես, ինչպես այգեպան սպասավոր-խոհարարի վրա, նույն անզուսպ հիշոցներով զարդարելով նրան ոտից մինչև գլուխ, նախահայրերից սկսած մինչև ապագա սերունդները։ Հլու կառավարիչը մի խոսք անգամ չէր արտասանում, դժկամակության մի թույլ նշան անգամ չէր ցույց տալիս։ Ընդհակառակը, նրա երեսին նայողը կկարծեր, թե ծերունու հայհոյանքները և գոռոցները նա հաճույքով է ընդունում, ինչպես յուր զանցառությունների արժանի վարձ։

Վերջանում էր զեկուցումը, և ծերունին խիստ եղանակով, անընդդիմադրելի ձևով տալիս էր Սարիբեկին յուր հրամանները։ Այսինչ խանութպանի ժամանակը լրանում է, պետք է վարձը ավելացնել. այն մյուսը վարձը ուշ է բերում, պետք է դատաստան քաշել. ցորենը չպիտի ծախել, անձրև չկա, ձմեռը հացի գինը կբարձրանա, և այլն, և այլն։

Եվ երբ Սարիբեկը, «ծառա եմ հրամանքիդ» ասելով, խոնարհ գլուխ էր տալիս և հետ ու հետ գնում, ծերունին նրա հետևից մրթմրթում էր։ «Շան ծնունդ ես, հացի տեր կլինիս, իմ որդու պես փիլիսոփա չես»։ Որդին լսում էր և ոչինչ չէր ասում։ Նա միայն մտածում էր, ինչպես անել, որ Սարիբեկի զեղծումները պարզի:

Մի անգամ այլևս չկարողացավ զսպել իրան։

— Հայր (երբեք նա «հայրիկ» չէր ասում), Սարիբեկին ի՞նչքան ռոճիկ եք վճարում, — հարցրեց նա։

— Շա՞տ ես ուզում իմանալ, — արտասանեց հայրը, խոշոր հոնքերի տակից բարկացկոտ աչքերը բարձրացնելով նրա վրա։

— Այո՛, շատ հետաքրքրական է։

— Տարեկան 130 ռուբլի և մի սոմար ցորեն։

— Տարեկան հարյուր երեսուն ռուբլի՞...

— Եվ մի սոմար ցորեն, ասացի քեզ, — շեշտեց ծերունին։

— Նա կարողանո՞ւմ է այդ չնչին ռոճիկով ապրել։

Ծերունին զարմացած նայեց որդու երեսին։ Պարզ էր, որ նրա համար ավելի հիմար հարց չէր կարող լինել։

— Ինչո՞ւ չի կարող, խոմ շահզադե չէ, ապրում էլ է ու հինգ երեխա ու կնիկ էլ է պահում։

— Հինգ երեխա՞, այդ անկարելի է։

— Երբ որ Մարգար աղա Դիմաքսունովը ասում է կարելի է — հրամանքդ թող չզարմանա։

Որդին մի քանի վայրկյան լռեց, հետո դարձյալ վստահացավ շարունակել յուր հարցերը.

— Այդ Սարիբեկը մեր ի՞նչն է:

— Մորդ եղբոր կնկա եղբոր տղան։

— Նա ձեզ ուղիղ հաշիվ տալի՞ս է։

— Ասելդ ի՞նչ է։

— Ասելս այն է, որ այդ մարդը աչքիս մաքուր չի երևում։

Ծերունին մի ձեռը կռթնեց կողքին, նայեց հեգնական որդու փոքրիկ հասակին կոշիկների ծայրից սկսած մինչև ճակատը և, քթի տակ ծիծաղելով, երեսը հետ դարձրեց։

— Այո՛, այդ մարդը ինձ կասկածելի է թվում, — շարունակեց որդին, — գյուղացիներն էլ շատ են գանգատվում:

— Գյուղացիները շա՞ատ են գանգատվում, գյուղացիները... Հեգնելով որդու բառերը, ծերուին աթոռը ուղղեց և, երկու ձեռները հենելով ձեռնափայտի կոթին, ավելացրեց.

— Ձեր հրամանքը ճանաչո՞ւմ է այդ ավանակներին։

— Չգիտեմ, միայն այսքանն եմ իմանում, որ Սարիբեկը ձեր անունը արատավորում է։

— Լեզուդ փո՛րդ քաշիր, հայվարա, — գոռաց համառ ծերունին, ձեռնափայտը այնպես ուժգին զարկելով, որ նրա սուր ծայրը մի մատնաչափ անցավ հատակի մեջ,— իմ անունը աշխարհիս երեսին մեկ մարդ է խայտառակ անում, դո՛ւ, դու, իմ հարազատ որդի։ Սարիբեկը ազնիվ մարդ է, նա իմ հրամանով քնում է, իմ հրամանով զարթնում, իմ հրամանով ուտում, իմ հրամանով խոսում...

Նա մի փոքր լռեց, եղանակը փոխեց և, ձայնին ծաղրական տոն տալով, ավելացրեց.

— Ամոթ չլինի հարցնելը, հրամանքդ ինչո՞ւ է խառնվում պառավ Մարգարի գործերին։ Նա հին մարդ է, գյուղացի է, անուս, դու խոմ փիլիսոփա ես, քինթ ու պռունգիցդ իմաստություն է թափվում։

— Ես ինձ համար չեմ հոգում, այլ ձեր անվան և ձեր շահերի համար։

— Գնա բանի՛դ, չեմ ուզում... հարա՜յ, բիդա՛դ, ջանըմ, չեմ ուզում էլի, խոմ գլխիս քեզ սուդիա չսարքեցի՛ն, փիե՞...

Նա վեր կացավ տեղից և բարկացած մտավ յուր սենյակը դռները ուժգին զարկելով։ Այնուհետև Արսենը այլևս չէր խոսում նրա հետ գործերի մասին և առհասարակ հոր և որդու մեջ մի առանձին խոսակցություն տեղի չէր ունենում։ Սակայն մի օր նա վերջին անգամ փորձեց իմանալ, արդյոք հայրը իսկապես ո՞րքան եկամուտ է ստանում յուր կալվածներից։ Ծերունին նույն անփոփոխ կոպտությամբ և հակիրճ պատասխանեց.

«Ես դեռ չեմ մեռնելու, տանջվի՛ր»։

Հարկավ, այլևս ամեն մի նոր փորձ պետք է անաջող անցներ։ Մնում էր բոլորովին լռել, և Արսենը բոլորովին լռեց։ Այժմ նրա համար ձանձրալի էր ապրել սառնասիրտ հոր ցուրտ, անհյուրընկալ տանը։ Նա ձգտում էր հեռանալ հայրական հարկի տակից, ուր մի ժամանակ այնքան փայփայվել ու շոյշոյվել էր սիրող մոր ձեռքում։ Բարի՛ կին, երբեք դու քո որդուն չվիրավորեցիր մի դառն խոսքով։ Քո մայրական զգայուն սիրտը մորմոքվում էր, երբ տեսնում էիր, թե ինչպես ծաղրվում է քո միակ արու զավակը նույնիսկ յուր հարազատ հորից։ Դժբախտ էիր դու այդ մարդու հետ և քո հրեշտակային լուռ ու համբերատար բնավորությունը միայն դիմանում էր այդ ինքակամի կենակցությանը։ Դու անմռունչ հանդուրժում էիր նրա համառ կամքին և միայն քո երկնային անզուգական հեզությունով կարողանում էիր հաղթել մարմարյա սիրտը։ Ահա ինչու հարազատ զավակների համար սառած մարդու ժանգ հոգին ջերմություն է զգում քեզ հիշելիս, քո ուրվականը մտաբերելիս։ Բայց արդյոք այդ անհաղթելի կամքի ցրտությունը չէ՞ր, որ այնքան վաղ քեզ իջեցրեց գերեզման...

Արսենը տխրում էր անգործության մեջ։ Քույրերի սերը միայն փարատում էր նրա թախիծը։ Եվ օրվա մեծ մասը նա նրանց մոտ էր անցկացնում, շատ անգամ էլ այնտեղ էր ճաշում և ընթրում։ Քաղաքում մեծ հետաքրքրություն էր շարժել նրա գալը։ Հասարակությունը խոսում էր ժառանգության մասին, ամենքը նախանձում էին նրան: Մարգար աղայի հարստության մասին գրեթե առասպելական լուրեր էին պտտում։ Պատմում էին, թե նա յուր տան ներքնահարկում դիզած ունե պապերի հավաքած ոսկիները խաների ժամանակից։ Ոմանք պնդում էին մինչև անգամ, թե ծերունին գիշերները այդ ոսկիների տոպրակների վրա է քնում, չխնայելով յուր ոսկորները։ Իսկ տեղական երիտասարդները, մանավանդ ուսուցիչները, ավելի հետաքրքրված էին Արսենի անձնավորությունով։ Շատերը գալիս էին նրա հետ ծանոթանալու։ Նա ընդունում էր նրանց յուր քույրերի տանը, չկամենալով զայրացնել հորը, որ թշնամի էր ամեն մի այցելության, ևս առավել երիտասարդների։ Նրա քարոզած գաղափարները կազմել էին մի որոշ բանակ։ Ուներ նաև հակառակորդներ, որոնք սակայն չէին մոտենում նրան։ Կային և այնպիսիները, որ պարծենում էին իրանց հայրենակցի անունով։

Դա մի ախորժելի և անսպասելի նորություն էր Դիմաքսյանի համար։ Նրա կյանքի մեջ մտավ մի տեսակ թարմ հոսանք։ Նրա տաղտկությունը անցավ, սիրտը զվարթացավ և լցվեց նոր եռանդով։ Ուրեմն նրա խոսքը իզուր չէ անցնում, նրա ցանած սերմերը ավազոտ հողի վրա չեն ընկնում։ Այնտեղ, ընկերների, գաղափարակիցների շրջանում նրան հալածում են, ծաղրում, վիրավորում։ Այստեղ հարգում են, պատվում և ուշադիր են նրա ամեն մի խոսքին։

Ինչո՞ւ ուրեմն հուսահատվել։ Թող հալածեն, որքան կամենում են. թող թշնամանան, որքան կարող են։ Մազի չափ նա չի շեղվիլ յուր բռնած ընթացքից։ Նա հավատարիմ կմնա յուր արմատական գաղափարին — քարոզել ճշմարտությունը ինչ բանի մասին էլ լինի, ուր և լինի, աներկմիտ, անշեղ, աներկյուղ, և մնալ անդրդվելի, ինչպես սեպացած ժայռ ծովի հարատև ալիքների առաջ։ Ժողովուրդը կարոտ է անկեղծ քարոզչի, բավական է, որքան նա խարխափեց տգիտության խավարի մեջ։

Իսկ այդ կամակոր ծերունին թող մնա նույնպես անհողդողդ յուր քարացած աշխարհում։ Կենդանին մեռելների հետ գործ չունե։ Թող համառը, եթե կամենում է, բոլորովին մինչև անգամ զրկե նրան ժառանգությունից։ Նա կարող է առանց փողի, առանց հասարակական դիրքի, քաղցած փորով, դատարկ գրպանով էլ գործել և օգտավետ լինել։

«Չէ՞ որ վեց տարի ուսանող եմ եղել, դարձյալ կապրեմ ինչպես ուսանող»։

Մի քանի անգամ նրան հրավիրեցին այս ու այնտեղ երիտասարդների ժողովներին։ Նա հանդիպեց մի քանի առողջամիտ անձանց, խորհուրդ տվեց նրանց կազմել մի շրջան, որի նպատակը լիներ հասարակ ժողովրդի մեջ տարածել գրագիտություն, կարդալու սեր և ժամանակակից գաղափարներ։

Առաջարկությունը ընդունվեց հրճվանքով, կազմվեց մի խումբ գործը գլուխ բերելու համար։ Եղան և՛ հակառակորդներ, մանավանդ Վապյան անունով մեկը։ Դա չոր կազմվածքով, սև, երկար մազերով, բարակ ձայնով, կապույտ ակնոցներով մի հակակրելի մարդ էր, որ Դիմաքսյանի զզվանքն էր հարուցանում։ Հետո նա իմացավ, որ այդ Վապյանը առաջ ուսուցիչ է եղել, իսկ այժմ խանութպան է և գյուղացիներին հարստահարում է։ Նա բացարձակ հայտնեց, թե պետք է այդպիսիներին հալածել, և ինքը զզվանքով երես դարձրեց նրանից։

Շուտով նա դարձյալ սկսեց ձանձրանալ և մտադրվեց վերադառնալ Թիֆլիս։ Գավառական կյանքը թվում էր նրան միակերպ, տաղտկալի։ Այստեղ նրա խոսքը ընդունում էին անպայման, առանց քննելու և հակաճառելու։ Իսկ նա արդեն կարոտել էր հակառակորդների հետ մրցելուն։ Նրա հոգին զգում էր խոչընդոտների հետ անընդհատ մաքառելու պահանջ։ Հարվածել, հարված ստանալ և այնպես հաղթանակ վաստակել — ահա նրա ցանկացածը, նրա սրտի և մտքի կերակուրը։ Առանց կռվի նա զգում էր իրան առանց թևերի։ Նրա սիրտը կրում էր էլեկտրական զորության միայն մի տարրը յուր մեջ։ Հարկավոր էր երկրորդը, արտաքուստ եղած հակառակորդ տարրը, որ, շփվելով միմյանց, նրա հոգու մեջ առաջացնեին լույս և ջերմություն։

Նա ուղևորվեց Թիֆլիս։ Հայրը չտվեց նրան յուր օրհնանքը, որովհետև նա չխոնարհվեց նրա առջև, չթեքեց յուր գլուխը կամակոր ծնողի դիմաց։ Իսկ ծերունին այդ սպասում էր նրանից։ Նա պատրաստ էր ներել որդուն, եթե միայն վերջինը խոստովանվեր, որ սխալված է և միանգամ ընդմիշտ ընդուներ նրա հեղինակությունը։ Նա հուսով էր, որ վերջը այդպես էլ կլինի։ Բայց չարդարացավ այդ հույսը։ Հայրը բաժանվեց որդուց այնքան սառնասիրտ, որքան սառնասիրտ և անբարեհամբույր ընդունել էր նրան վեց ու կես տարի չտեսնելուց հետո։


XIV


Ամառվա ամենաշոգ օրերն էին, երբ Դիմաքսյանը հասավ Թիֆլիս։ Նախ և առաջ ուզեց տեսնել Մսերյանին, որին կարոտել էր ավելի, քան մի ուրիշ ընկերոջ։

Իդեալիստը յուր փոքրիկ սենյակի բաց լուսամուտի առջև դիլերային շապիկով նստած թեյ էր խմում, երբ Դիմաքսյանը ներս մտավ։ Նա ոտքի թռավ և ուրախ բացականչությունով յուր խոշոր թևերի մեջ առավ ընկերոջը։ — Իսկ ես առանց քեզ տխուր էի։ Նստի՛ր ու պատմիր: Ծերունին կենդանի՞ է, առողջացա՞վ։ Փառք աստուծո։ Բայց ինչո՞ւ այդպես նիհարել ես, երևի, հայրական հացը քեզ չի գալիս։ Ասա՛, եղբայր, ասա՛, ինչ է անում մեր սիրելի գավառը, չէ՞ որ մեր հույսերը նրա վրա են։ Ոչ, ոչ, նախ և առաջ օձի մասին։ Ի՞նչ է անում, հանգիստ է՞ր։

— Հանգիստ էր։

— Եվ ուրա՞խ էիր։

— Ո՛չ:

— Ո՞չ:

— Ինձ թվում է այդ օձը որքան էլ տանջե, դարձյալ ինձ կենդանություն տվողը նա է։ Մի ամսից ավելի է նա չի կծում իմ սիրտը, և ես, թմրած եմ։

— Կգա ժամանակ, դու հակառակը կասես։ Բայց պատմի՛ր, պատմիր:

Դիմաքսյանը հաղորդեց յուր տպավորությունները։ Մսերյանը լսում էր և մերթ ոգևորվում, մերթ տխրում, մերթ ուրախանում, նայելով, թե ընկերը ինչ է պատմում։

— Ուրեմն այնտեղ մարդիկ շատ էլ մեռած չեն, ինչպես կարծում էինք,— գոչեց նա հափշտակվելով,— ուրեմն դարերով թմրած մարմինը կենդանության նշաններ է ցույց տալիս։ Տեսնո՞ւմ ես, ասում էի, որ ոչ մի աշխատանք իզուր չէ անցնում։ Գործի՛ր, եղբայր, գործիր որքան եռանդ և ուժ ունես։ Ինձ մի նայիլ, ես ուրիշ եմ, իմ աշխարհը ահա սրանց մեջ է։

Նա ցույց տվեց սենյակի անկյունում դրած պահարանը, որի տախտակյա հարկերը տնքում էին մեծահատոր գրքերի ծանրության տակ։

Նա պատմեց, որ Դիմաքսյանը գնալուց հետո ինքը տնից շատ չէ դուրս եկել։ Տեսնում է, որ մարդիկ նրան չեն հասկանում, շատերը մինչև անգամ ծաղրում են նրան, համարելով դատարկ ֆրազյոր։ Է՛հ, երբևէ նա ասե՞լ է, թե օգտակար մարդ է։ Միայն չի կարող, չի կարող հաշտվել նյութապաշտության հետ։ Իսկ ո՞վ չի նյութապաշտ։ Ո՞վ կարող է խելոք համարել մի մարդու, որ իրան բախտավոր է զգում, երբ ունե գրքեր, ծխախոտ և մի բաժակ թեյ։ Բայց միթե գրքերը վա՞տ ընկերներ են։ Ոչ, ոչ, ավելի հավատարիմ, ավելի ուրախալի հասարակություն դժվար է գտնել։ Լինել միշտ բարձր խելքերի, հանճարների, հոգեբան-փիլիսոփաների, սրամիտ սրտագետների ընտիր ընկերության մեջ, մի՞թե այդ երջանկություն չէ։ Իսկ Արսենը չի կարող բավականանալ այդ հասարակությունով։ Նա Մսերյան չէ և չպիտի լինի։ Նա գործի մարդ է, ծնված է մի տգետ ժողովրդի խավար միտքը լուսավորելու, ծնված է կռվելու, հաղթելու և հաղթվելու համար։ Թող գնա՛ յուր ընտրած ճանապարհով, տեսնում է որքան արձագանք է գտնում յուր խոսքը մարդկանց սրտում։

— Օ՜ն առաջ, քաջ եղիր, — ավարտեց Մսերյանը ուրախ տոնով, — դու մտքի զինվոր ես, ես գրքերի կենդանի պահարան։

Թեյ խմելուց հետո նրանք դուրս եկան զբոսնելու։ Մսերյանր տեղեկություններ հաղորդեց ընկերների մասին։ Բժիշկ Սալամբեկյանը մելամաղձոտ դեմքով ման է գալիս, միշտ կրկնելով, թե աշխարհը դատարկ բան է։ Վեքիլյանը և Բարաթյանր մտադիր են քաղաքային Դումայի առաջին ընտրություններին իրանց քվետուփը դնել և այժմվանից ձայներ են գրավում։ Պյոտր Սոլոմոնիչ Բախտամովը նրանց համար աշխատում է։

— Կընտրվեն, կտեսնես, այդ մարդկանց ամեն բան հաջողվում է։

Հանկարծ Մսերյանը, ճակատին խփելով, գոչեց.

— Այ հիմար հիշողությո՜ւն։

— Ի՞նչ կա։

— Ամենագլխավորը մոռացա ասել։ Քեզ ուզում են Ներսեսյան դպրոցի տեսուչ նշանակել։

— Ի՞նձ։

— Այո՛, քեզ։

— Այդ անհավատալի է։

— Իսկ ես մեր լրագրերի լեզվով կասեմ «ստույգ աղբյուրներից տեղեկացանք», որ...

— Որ հոգաբարձությունը Արսեն Դիմաքսյանին ատելով ատում է։ — Սխալվում ես, քո գնալուց հետո քամին ուրիշ կողմից է փչում։

Նա պատմեց, թե դպրոցի շինության խնդիրը կռվածաղիկ է դարձել։ Ավելի առաջադեմները պահանջում են, որ դպրոցը փոխվի մի ուրիշ տուն, իսկ հնամոլները վախենում են ավելորդ ծախսերից։ Կռիվը այստեղից է սկսվել, բայց նա ուրիշ պատճառներ ունի։ Մի առևտրական-հոգաբարձվի մուրհակը չեն զեղչել բանկում, նա թշնամացել է բանկիր հոգաբարձվի հետ։ Մի փաստաբան-հոգաբարձու դատարանում պաշտպանում է մի կալվածատեր-հոգաբարձվի հակառակորդին, նրանք թշնամացել են։

Դպրոցը դարձել է հասարակական բաղնիք, մարդիկ իրանց կեղտոտ շորերը այնտեղ են լվանում։ Բանից դուրս է գալիս, որ այդ տեսուչ Համքարյանը եզվիտ է։ Դպրոցի շինության խնդիրը ինքը չի զարթեցրել, աշխատում է գործը քանդել։ Նրա դեմ կազմվել է մի կուսակցություն, որ ուզում է հեռացնել նրան դպրոցից։

— Շատ ուրախ եմ. նա ի՞նչ մանկավարժ է, որ վաշխառությունով է պարապվում։

— Համքարյա՞նը, մի՞թե, — հարցրեց Դիմաքսյանը զարմացած։

— Այո, դու չգիտեի՞ր, երևակայիր, քսանուհինգ հազար ռուբլի դրամագլուխ ունի, տասնուհինգ տոկոսով տալիս է սրան ու նրան, նույնիսկ ուսուցիչներին։ Այս էլ ստույգ աղբյուրներից տեղեկացանք։

Երկու օր անցած Դիմաքսյանը հրավիրվեց այն հոգաբարձվի մոտ, որ սկզբում աշխատել էր նրա համար դպրոցում տեղ բանալ։ Նա հայտնեց հոգաբարձության նախընթաց երեկո կայացրած վճիռը և ավելացրեց, թե իսկապես ինքն է Համքարյանին «վռնդելու» սկզբնապատճառը։

— Եղբայր, քանի տարի էր չէինք կարողանում այդ մարդուց ազատվել: Սյուլյուկի պես կպել էր դպրոցին ու ծծում էր, և ինչ ախտ ասես մտցրել է այնտեղ, ինչ ինտրիգներ ասես, հնարում էր։ Ճշմարիտն ասեմ, եթե մենք մի քիչ ձեզ հետ վատ էինք, պատճառը նա էր, հազար ու մի տեսակ բաներ էր պատմում։ Ինչևէ, հուսով եմ, որ մենք համերաշխ կգործենք, այնպես չէ՞:

— Կաշխատեմ միշտ դպրոցի շահերին ծառայել։

Նա մի պայման միայն դրեց. որ հոգաբարձությունը երբեք չխառնվի դպրոցի բարոյական և ուսումնական գործերի մեջ։

— Արեք ինչ որ կամենում եք, բայց զգույշ, որ շատ էլ չգրգռեք մեր հակառակորդներին։

Ամբողջ օգոստոս ամիսը Դիմաքսյանը տենդային գործունեության մեջ էր։ Ամեն օր գնում էր դպրոց, չնայելով, որ այնտեղ դեռ գործ չուներ։ Նա դիտում էր բակը, սենյակները, խոհանոցը, հարցուփորձ էր անում գիշերօթիկների գրության մասին, քննում էր նրանց կերակուրները և այլն։

Նա լսեց գանգատներ վերակացուների դեմ։ Նա տեսավ, որ կերակուրները վատ են պատրաստվում, սննդարար չեն։ Գիշերօթիկները թույլ են, հիվանդոտ, դեղնած, ամենքի մեջ նկատվում է արյան սակավություն։

Այս բոլորը տեսնելով, նա կազմեց արտաքին փոփոխությունների ցուցակ, որ պետք է շուտով ներկայացներ հոգաբարձությանը։

Հասավ սեպտեմբերը։ Դասերը սկսվեցին։ Ուսուցչական խումբը նրան շնորհավորեց։ Ոմանց կողմից նա տեսավ անկեղծ ուրախություն։ Իսկ շատերի սիրալիր խոսքերի և բարեկամական ցույցերի տակ նկատեց չկամություն։ Նա գիտեր, որ այլ կերպ չէր կարող լինել։ Ամենքին սիրալիր լինել, կնշանակե ամենքի քիմքին հաճոյանալ։ Նրա անշեղ բնավորությունը չէր սիրում երկդիմի վարմունք։ Նա չգիտեր, արտաքուստ ժպտալ, ներքուստ հայհոյել: Ահա ինչու չէր կարողանում մոռանալ Վեքիլյանի, այդ կարծեցյալ բարեկամի, թշնամական վարմունքը։ Ահա ինչու քանի գնում, այնքան նրա սրտում ատելություն էր ավելանում դեպի Բարաթյանը։ Այդ մարդը նրան դեռ բացարձակ թշնամություն չէր անում, բայց թե բարեկամ չէր — այդ էլ պարզ էր նրա համար։

Մի քանի անգամ Դիմաքսյանը պատահեց փողոցում թե՛ մեկին և թե՛ մյուսին: Վեքիլյանի հետ նա չէր խոսում, դադարել էր մինչև անգամ նրան բարևելուց։ Իսկ Բարաթյանը մոտեցավ նրան, ձեռը սեղմեց և շնորհավորեց, գոչելով.

— Շատ ուրախ եմ, շատ ուրախ եմ։

— Շնորհակալ եմ։ Իսկ դու, ասում են, մտադիր ես քաղաքային իրավասու ընտրվել։

— Ե՞ս։ Ոչ, բարեկամ, ժամանակ չունեմ։ Ես զբաղված եմ ամուսնությանս հոգսերով, չէ՞ որ սեպտեմբերին պսակվում եմ Գայանեի հետ։

Եվ միթե Դիմաքսյանը մոռացե՞լ էր չարաբաստիկ հանգամանքը և միթե նա չէ՞ր զգում, որ յուր առջև կանգնած է այն մարդը, որ անհուն վիշտ էր պատճառել նրան՝ թե՛ կամա, թե՛ ակամա։ Ինչո՞ւ ուրեմն Բարաթյանը կրկին մատ է խփում նրա սրտի խոցին։ Այո՛, անշուշտ նրա համար, որ զգալ տա նրան յուր գերազանցությունը, յուր տարած հաղթությունը։

— Հուսով եմ, որ հարսանիքիս հրավերը ստանալով, կբաիեհաճես ներկայանալ ինչպես ընկեր-բարեկամ։

Այդ արդեն չափազանցություն էր։ Դիմաքսյանը ապշած նայեց նրա երեսին։ Նա ոչինչ չասաց, և ի՞նչ կարող էր ասել։ Օձը արդեն զարթել էր և պաշարած թույնը տարածում էր նրա ամբողջ մարմնի մեջ։

Առանց մի բառ արտասանելու, առանց մինչև անգամ ձեռ տալու, նա գունատված երեսը շուռ տվեց և հեռացավ։

Բարաթյանը չարախնդությամբ նայեց նրա հետևից և մտքում ասաց. «Դու ինձ պատերազմ ես հայտնում, լավ, տեսնենք ո՞վ կտանի հաղթությունը»։

Եվ թույլ շվացնելով, հանդարտ ու հպարտ շարունակեց յուր ճանապարհը։


XV


Պսակադրության պայմանավորված ժամանակը մոտենում էր, Բարաթյանի անհանգստությունը ավելանում։ Օժիտի խնդիրը դեռ չէր պարզվել։ Իսկ Պյոտր Սոլոմոնիչը հանգստանում էր սեփական ամառանոցում։ Օրվա մեծ մասը նա, մի երկար ճյուղավոր փայտ ձեռին, զբոսնում էր յուր բնակարանի առջև ձգված հասարակական պարտեզում։ Նա իրանից ձևացնում էր քաղաքական գործերից հոգնած մի եվրոպական բուրժուա, որ նոր ուժ է ժողովում հայրենիքին նոր ծառայություններ անելու։

Հարսանիքի հոգսերը նա լիովին ձգել էր յուր կնոջ և քրոջ աղջկա վրա։ Շաբաթը մի անգամ տիկինը և օրիորդը գալիս էին քաղաք հագուստներ պատվիրելու։

Բարաթյանը գիտեր նրանց գալու ժամանակը։ Որոշյալ ժամին նա միշտ երկաթուղու կայարանումն էր լինում նրանց դիմավորելու համար։ Գայանեն ուզում էր ամեն բան նրա ճաշակով գնել և կապել տալ. ուստի ուր գնում էր, նրան էլ հետը տանում էր։ Հարսանիքի պատրաստությունները օրիորդին կլանել էին լիովին։ Ամբողջ օրը նա չափում էր, կտրում, փորձում և անհամբեր սպասում երջանիկ օրին։ Եվ նա ժամանակ չուներ քննելու, թե ինչու տիկին Բախտամյանը այնքան հաշտ է յուր հետ, որ, կարծես, նախկին նախանձի նշույլն անգամ չէր մնացել։

Մի օր Բարաթյանը, վերջապես, վճռեց կողմնակի կերպով խոսք բաց անել Գայանեի հետ օժիտի մասին։ Օրիորդը այնքան համոզված էր նրա սիրույն, որ ինքը առայժմ ավելորդ էր համարում փողի մասին խոսելը։ Արժե՞ր միթե սիրո բանաստեղծական հրապույրը համեմել նյութականով և փոխադարձ զգացման երկնային հմայքը պրոզա դարձնել։ Փոխադարձ, այո՛, որովհետև Բարաթյանն էլ սիրում էր նրան և սիրում էր անկեղծ։ Միայն նրա զգացումը այնքան կուրացուցիչ չէր, որ միանգամայն մոռացնել տար ապագայի խնդիրը։ Չէ՞ որ կանցնի բանաստեղծականը, և կյանքի իրականությունը մի օր կմերկանա ապագա ամուսնինների առջև յուր բոլոր անողոք պահանջներով:

— Ուրեմն դու և Օվսաննան ունեք տարեկան հինգ հազար ռուբլի եկամուտ, — կնշանակե քո մասը տարեկան երկու հազար հինգ հարյո՞ւր է։

— Այո՛, ի՞նշ կա, ինչո՞ւ լռեցիր։

— Պյոտր Սոլոմոնիչը ասում էր, թե քո ծնողները ոչինչ չեն թողել։ — Ինչպե՞ս, դու ուրեմն նրա հետ խոսե՞լ ես այդ մասին։

— Ես չէի հետաքրքրվում, նա ինքը ասաց հենց այն օրը, երբ ես գնացել էի ձեռքդ խնդրելու։

— Նա չէր կարող այդպես ասել, այդ անկարելի է։

— Հավատացնում եմ, որ ասաց։

Գայանեն լռեց։ Այդ լուրը նրա համար զգալի և տխուր լուր էր, բայց ավելի անտանելի էր, որ Բարաթյանը խոսում էր օժիտի մասին։

— Լա՛վ — ասաց նա, — ես նրանից բացատրություն կխնդրեմ։

— Այո՛, սիրելիս, խնդրիր։ Դու ուրիշ բան չկարծես, ես փողասեր չեմ, բայց եթե կա, ինչո՞ւ ուրիշների մոտ մնա, այնպես չէ՞։

— Իհարկե...

— Վերջապես, տարեկան երկու ու կես հազարը մեզ համար մեծ բան է, դու կարող ես շիկով ապրել։

— Ինձ շիկ հարկավոր չէ, բավական է, որ դու ինձ միշտ սիրես։

— Ախ սիրելիս, իհարկե, պետք է միշտ սիրեմ, բայց Պյոտր Սոլոմոնիչի հետ խոսիր։ Իմ սերը դեպի քեզ անհուն է, միթե դու չգիտե՞ս։ Այո՛, շուտով խոսիր, հենց այսօր կամ վաղը։ Մյուս անգամ գալիս ինձ համար դրական պատասխան բեր։ Միայն իմ անունը չհիշես, այսինքն չասես, թե ես եմ քեզ սովորեցրել կամ ինձ հետ այդ մասին խոսել ես։ Ախ սիրելիս, ե՞րբ պետք է հասնի երջանիկ օրը...

Երկու շաբաթ էր մնում հարսանիքին, երբ Գայանեն վերջապես, հարմար ժամանակ գտավ յուր քեռիի հետ խոսելու։ Պյոտր Սոլոմոնիչը սկզբում անորոշ պատասխաններ էր տալիս։ Բայց երբ տեսավ օրիորդի թախանձանքը, հարցրեց.

— Փեսացո՞ւդ է սովորեցրել այդպես համարձակ խոսել։

— Նա օժիտի մասին մի խոսք անգամ չէ ասել, նա ինձ այնքան սիրում է։

— Սիրո՞ւմ է։

— Ինչ եք ուզում ասել, քեռի։ — Ուզում եմ հաստատ իմանալ, նա քեզ սիրո՞ւմ է:

— Այո՛, շատ։

— Այնքան, որ եթե դու աղքատ լինես, էլի քեզանից չի՞ հրաժարվիլ:

Պյոտր Սոլոմոնիչը մի զննողական հայացք ձգեց նրա վրա: Հետո բացատրեց, թե Գայանեն աղքատ չէ, նրա հորից մնացել են մի շարք խանութներ։ Բայց նա փորձում էր թե՛ Բարաթյանին և թե՛ Գայանեին։ Իսկ այժմ թող Գայանեին հայտնի լինի, որ նա ունե տարեկան 3150 ռուբլի զուտ եկամուտ։ Երբ որ ուզենա կարող է կալվածները յուր անունով հաստատել տալ։ Եվ Պյոտր Սոլոմոնիչը Գայանեին խորհուրդ էր տալիս յուր անունով հաստատել և ոչ ամուսնու։

— Այդ միևնույնն է, քեռի, — ասաց օրիորդը, սիրտը շնորհակալության զգացումներով լի դեպի ազնիվ ազգականը։

— Իհարկե, միևնույնն է, բայց դու լսիր փորձված քեռուդ խորհուրդը։ Բացի դրանից, բանկում ունես յոթ հազար ռուբլի զուտ փող, այդ էլ կարող ես հենց այսօր ստանալ։ Հայրդ մի քանի պարտքեր էր թողել, բոլորը վճարած են քո եկամտից, այդ յոթ հազարը մնացորդն է։

— Մի՞թե, ես այդ չգիտեի, — գոչեց Գայանեն ոգևորված։

— Ունիս, ունիս, որդի, ես զրկող ազգականներից չեմ. փառք աստուծո, ինքս այնքան ունեմ, որ որդոց որդի հերիք է իմ երեխաներին։

Հենց մյուս օրը Գայանեն շտապեց քաղաք և ուրախալի լուրը հաղորդեց Բարաթյանին։

— Երևակայիր, քեռին քեզ և ինձ փորձելու համար էր թաքցրել իմ ունեցածի մասին, — գոչեց նա զվարթ ձայնով և պատմեց Պյոտր Սոլոմոնիչի ասածը։

Բարաթյանը մի փոքր շփոթվեց, ամաչելով յուր վարմունքից։ Նա զգաց յուր փոքրոգությունը և շտապեց մի կերպ սխալը ուղղել։

— Իսկ դու էլ երևակայիր, որ ես էլ քեզ էի փորձում։ Օժիտի մասին խոսելով կամենում էի իմանալ, արդյոք  կարծիքդ կփոխե՞ս իմ մասին։ Այժմ տեսնում եմ, որ դու հավատում ես իմ անկեղծ սիրույն, ուրեմն երջանիկ ենք...
Տասը օր անցած կատարվեց հարսանիքը, մի փառավոր հարսանիք Պյոտր Սոլոմոնիչի շնորհիվ։ Հրավիրված էին թեմական առաջնորդը, նահանգապետը, գեներալներ, հյուպատոսներ, քաղաքագլուխը բոլոր առաջնակարգ իրավասուների հետ։ Վերջապես, երևան եկավ այդ Ամբակում Աֆանասևիչ կոչված իրավասուն, որի ասածներից Պյոտր Սոլոմոնչը միշտ ցիտատներ էր բերում։ Դա տեղական հայտնի տուզերից մեկն էր, հայտնի, բացի յուր դիրքից, երեք արշին շրջապատ ունեցող փորով և ձմերուկի չափ երեսով։ Բարաթյանը յուր կողմից հրավիրել էր ընկերներից միայն մի քանիսին։ Անգործ Մսերյանը մոռացվել էր։ Խաչեղբայրը Վեքիլյանն էր։

Դիմաքսյանը հրավիրատոմսը պատռեց և ձգեց մի կողմ։ Այդ հրավերը նա համարում էր մի նոր ծաղր և վիրավորանք Բարաթյանի կողմից։ Նոր պաշտոնը նրան գրավել էր բոլորովին։ Օգոստոսի ընթացքում ցուցակագրած թերությունները նա ասպարեզ էր հանել։ Կողմնակից հոգաբարձուները, հակառակ դիմադրող կուսակցության, վճռեցին կատարել նրա պահանջները։ Իսկ ինտրիգները շարունակվում էին, մանավանդ ուսուցիչների մեջ։ Գերմանական մանկավարժ Ինյաթյանը, այդ դեղնագույն աչքերով և սառն դեմքով երիտասարդը, վիրավորվել էր, որ տեսչական պաշտոնը իրան չէին հանձնել։ Օգնության կանչելով յուր մանկավարժական պաշարը, նա կատաղի կերպով բողոքում էր Դիմաքսյանի դեմ։ Նրա կարծիքով, նոր տեսուչը ոչինչ և ոչինչ չէր հասկանում, որովհետև մանկավարժության մեջ մասնագետ չէր։ Հանուն Հերբերտ-Ցիլլեր-Պեստալոցիի ուրվականների նա պարզել էր յուր դրոշակը մի լրագրում և անստորագիր հոդվածներով հարվածում էր Դիմաքսյանի սիստեմը։ Իսկ Դիմաքսյանը ընդունում էր այդ հարվածները։ Ծծում էր նրանց թույնը յուր սրտի մեջ և հաճախ յուր մենության մեջ վրդովվում, որովհետև նրա ուղղությունը բացատրվում էր սխալ, վայրիվերո, անբարեխիղճ կերպով։ Հարկավ, նա բոլորին պատասխանում էր։ Բայց երբեմն հակառակորդները այնպիսի վտանգավոր ակնարկություններ էին անում, որոնց դեմ նա դժվարանում էր պատասխանել։ Դա վերաբերվում էր նրա քաղաքական հայացքներին...

Մի առավոտ նա, սովորության համեմատ, կանուխ զարթնելով, կամեցավ պարապվել մինչև դպրոց գնալը։ Բայց զգաց մի թեթև տկարություն և թույլ գլխացավ։ Նա չկարողացավ պարապվել։ Առհասարակ վերջին օրերը առողջ չէր զգում իրան, բայց ուշադրություն չէր դարձնում։ Նա հագուստով պառկեց անկողին հանգստանալու, թեև նոր էր վեր կացել։

Սիրականը սամովարի և կոշիկների հետ ներս բերեց այն օրվա լրագիրները։ Այժմ հակառակորդները Դիմաքսյանի դեմ գրում էին գրեթե ամեն օր։ Այս անգամ նրա աչքին ընկավ մի ֆելիետոն։ Նա սկսեց կարդալ։ Դեռ մինչև այժմ նա յուր մասին չէր հանդիպել մի այդպիսի կծու, ծաղրական գրվածի։ Ֆելիետոնի վերնագիրն էր «Ոզնին Լյուտերի քղամիդով»։ Երգիծական ոճով պատկերացրած էր մի «հերոս», սնափառության զգացումներով լի։ Կերպարանքը նկարագրված էր ճիշտ այնպես, ինչպես Դիմաքսյանն էր, ֆոտոգրաֆիական բոլոր մանրամասներով։ Որքան ծաղր և հեգնություն կար այդ նկարագրի մեջ, որքան օձային սողոսկումներ դեպի «հերոսի» հոգեկան աշխարհը։ «Ոզնին» մտնում է դպրոց, «ոզնին» մտնում է ըտանիքների, հասարակական բոլոր հիմնարկությունների, բոլոր խավերի մեջ։ Ամեն տեղ նա ոգևորված նոր մտքեր է քարոզում։ «Մկները դուրս են գալիս բներից ականջ դնելու և իրանց պոչերը շարժում են նրա առջև»։ Մի օր «ոզնին» ֆրակ է հագնում, սպիտակ փողկապ կապում, գնում է մի գեղեցիկ և հարուստ օրիորդի ձեռը խնդրելու։ Նա արտասուքը աչքերին թավալվում է բազկաթոռից օրիորդի ոտերի տակ, անշնորհ կերպով յուր փշերով ծակոտում է ձեռները, նրա հորեղբայրը գալիս է և կոշկի ծայրով «ոզնիին» դուրս շպրտում։

«Կանայք և օրիորդներ, ծերեր և երիտասարդներ, զգույշ կացեք ոզնիից, նա ձեր մեջ է պտտում»։ Նա շպրտեց լրագիրը մի կողմ և ոտքի կանգնեց։ Նա կամեցավ ծիծաղել, արհամարհել, բայց օձը կատաղել էր։ Ո՛չ, թող Մսերյանը անտարբեր մնա յուր փիլիսոփայական հայացքների մեջ, իսկ նա չի կարող սառնարյուն կրել այդ ստոր հարվածները։ Ի՞նչ պատասխանել, հարվածը ո՞ր կողմից ուղղել, որ խոցոտի, վիրավորի, թավալագլոր անե հակառակորդին։

«Հալածել մարդուն նրա համար, որ նա հանդգնում է յուր գլուխը ձեր ստոր մակերևույթից բարձրացնե՞լ, հալածել նրան տմարդի զենքո՞վ։ Այդպես, ուրեմն, դուք ինքներդ ձեր ձեռքով հանում եք այն խցանը, որ հազիվ զսպում էր իմ մեջ կուտված թույնը։ Աա՛, սպասեցեք և կտեսնեք ո՛րքան խորը կցցվեն ոզնիի ասեղները հասարակության խոցերի մեջ, որ նրանց միջից դուրս հանեն վարակիչ թարախը»։

Նա արագ-արագ անցուդարձ էր անում սենյակում։ Նրա երեսին գույն չկար, նա դողում էր ամբողջ մարմնով։ Նա փորձեց հարվածին պատասխանել իսկույն, սակայն ձեռը չհնազանդվեց կամքին։ Նա շտապով դուրս եկավ տնից։ Նա ցանկանում էր հանդիպել մեկին, բերանացի արտահայտել սրտի մաղձը։ Նա քայլերն ուղղեց դեպի Մսերյանի բնակարանը։ Առավոտյան դեռ ութ ժամն էր։ Փողոցներով անցնում էին միայն խոհարարներ, բանվորներ և սայլեր։ Երկինքը ամպամած էր, գիշերը մինչև լույս անձրևել էր։ Թեթև աշնանային քամին թոթափում էր ծառերի դեղնած տերևները և զարդարում ցեխոտ մայթերը։

Նա այնքան հուզված դուրս եկավ տնից, որ մոռացավ վերարկուն և կալոշները հագնել։ Նա զգաց ոտների վրա խոնավության ազդեցությունը։ Բայց չկամեցավ տուն վերադառնալ։ Նա կառք փնտրեց, չգտավ։ Այնինչ Մսերյանը ապրում էր Քուռ գետի մյուս ափում, մի խոր փողոցի անկյունում։

Դիմաքսյանը անցնում էր կամրջով։ Հանկարծ հեռվից նա տեսավ մի կառք, ապա երկրորդը, երրորդը և մի շարք միմյանց հետևից, որ դուրս էին գալիս փողոցի ծայրից։ Նա կանգ առավ։ Երևի, կառքերից մեկը դատարկ կլինի, պետք է սպասել: Մի րոպեում առաջին կառքը հավասարվեց նրան։ Դա մի ծածկած կարեթ էր։ Երկու սպիտակ նժույգներ ամպի արագությամբ թռցնում էին նրան առաջ։ Մի վայրկյան Դիմաքսյանի աչքերը փակ լուսամտով թափանցեցին կառքի ներսը։ Մի թարմ, առույգ և ուրախ երիտասարդ ժպտաց, գլուխը շարժելով։ Ժպտաց և՛ մի կանացի վառվռուն և երջանիկ դեմք։ Նրա կապտագույն աչքերը պսպղացին սև ու երկար թերթերունքների միջից։

Կասկած չկար, որ նրանք էին։

Զույգի հետևից երևեցան Վեքիլյանը տիկին Բախտամյանի հետ, Պյոտր Սոլոմոնիչը Օվսաննայի հետ և մի շարք ծանոթ ու անծանոթ մարդիկ ու կանայք, զույգ֊զույգ նստած առանձին֊առանձին կառքերում։

Նա կանգնած էր և նայում էր լուռ, սակայն շատ բան արտահայտող, երջանիկ հանդիսի հետևից։ Կամրջի ծայրում կարեթը ծռվեց դեպի ձախ։ Նա սլանում էր դեպի երկաթուղու կայարանը։ Երջանիկ զույգը գնում էր ճանապարհորդելու:

Նա ամբողջ մարմնի մեջ զգաց մի տարօրինակ սառնություն։ Կարծես, արյունը նրա երակների մեջ դադարեց վազելուց։ Անցա՜վ, ուրեմն, նրա աչքի առջև այն երանությունը, որին նա հանդգնել էր մի ժամանակ յուր համար երազել։ Գնա՜ց հակառակորդը յուր հաղթության պտուղը վայելելու։ Իսկ նա ընկճված, ոչնչացած, հրապարակական ծաղրի ենթարկված, կանգնել է և նայում լքացող բախտի հետևից:

Նա ձեռը հենեց կամրջի լապտերի թուջյա սյունին և անզգայաբար ցած նայեց։ Այնտեղ, հսկայական կամարների տակ մռնչալով անցնում էր պղտոր, հորդացած, դեղնագույն գետը։ Մի վայրկյան նրա աչքերը մթագնեցին, գլուխը պտտեց, ծանրացավ։ Թվաց նրան, որ մի աներևույթ ձեռք մղում է նրան դեպի ցած։ Դա ընթացող ջրի ձգողական ուժն էր։ Նրա մարմնով անցավ մի սուր սարսուռ։ Նա երեսը հետ դարձրեց և վերադարձավ տուն։

Սիրականը, պատշգամբի վրա նստած, լսելի ձայնով կարդում էր «Ոզնին Լյուտերի քղամիդով»: Նրա շիլ աչքեքրի ձեջ նշմարվում էր զվարճության փայլը, երևի, նա գրվածը շատ էր հավանել։ — Ներս եկ, — հրամայեց Դիմաքսյանը խեղդված ձայնով։

Նա գրեց երկու նամակ և տվեց ծառային, ասելով.

— Տար այս մեկը դպրոց, իսկ մյուսը՝ Մսերյանին։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top