Գայանեն պատասխանեց, թե այո՛, եղանակը ցրտեց և պետք է ներս գնալ։ Եվ նա կամենում էր ոտքի կանգնեք, երբ լսեց. — Oo՜, ի՛նչքան դժվար է, ի՛նչքան դժվար...
Այս խոսքերը Դիմաքսյանը արտասանեց ցածր, հազիվ լսելի ձայնով, կարծես, ակամա։ Բայց և այնպես նրանք շատ պարզ, շատ որոշ հասան Գայանեի ականջին։
Դիմաքսյանը աչքերը ծածկեց ամոթից և նույն վայրկյանին իսկույն գլուխը բարձրացրեց։ Նա կրկին նստել էր, այժմ նորից ոտքի կանգնեց, և նրանց աչքերը կիսախավարի մեջ հանդիպեցին միմյանց։
— Անվանեցեք ինձ — ինչպես կամենում եք, բայց ես այլևս չեմ կարող պահել իմ խոսքը... Բարեկա՞մ մնալ... Ոչ, եթե ես կարողանայի արտահայտել իմ զգացածը, կտեսնեիք, որ անհնարին է, դժվար է դիմանալ... Միթե ամեն բան ձեզ հայտնի՞ չէ, միթե չե՞ք տեսնում, ինչպես տանջվում եմ ես...
Կասկած չկար, որ Գայանեն եթե մինչև այժմ չէր զգացել, այժմ ամեն ինչ հասկացավ։ Ավելի ոչինչ չկարողացավ արտասանել Դիմաքսյանը։ Ներսից, կարծես, մի բան խեղդում էր նրա կոկորդը։ Իսկ Գայանեն, որ ուզում էր գնալ, դեռ անշարժ կանգնած էր նրա առջև։ Նայելով չորս կողմ նա շփոթված արտասանեց.
— Ի՞նչ պատահեց ձեզ… Ես չէի սպասում ձեզանից այդչափ թուլություն։ Հարգեցե՛ք ձեզ… ուշքի եկեք…
Նա սկսեց դողալ ինքն էլ չգիտեր ինչու — երկյուղից, ամոթից, թե՞ մի ուրիշ ավելի զորավոր զգացումից։ Երբ նա տեսավ, որ Դիմաքսյանը լուռ է, կարծեց, թե նա ուզում է բացատրել յուր սիրտը ավելի պարզ։ Այժմ նա չգիտեր ինչ անել, գնա՞լ, թե՞ մնալ։ Զգում էր միայն, որ յուր գնալը պետք է հավիտյան վիրավորե Դիմաքսյանին, այն մարդուն, որի ազնվության մասին րոպե անգամ չէր կասկածել, չէր կասկածում և՛ այժմ, այդ վայրկյանին։
Դիմաքսյանը մի քայլ հետ կանգնեց, յուր սրտում զգալով մի սուր ցավ։ Այն լուռ տեսարանը, որ տեղի ուներ, ավելի քան պերճախոս կերպով պարզեց նրա համար ամեն բան։ Նա տեսնում էր յուր և Գայանեի մեջ մի հսկայական պատնեշ, որի առջև ինքը տկար էր, անզոր բոլոր յուր զգացումներով հանդերձ։ Այդ կինը սարսափում է և ամաչում յուր դրությունից։ Հանդգնե՞լ արդյոք ավելի առաջ գնալու, թե՞ կանգ առնել և ամեն բան վերջացած համարել։
Եվ մինչ նա այս տատանման մեջ էր, տեսավ, որ Գայանեն հանդարտ քայլերով հեռանում է: Հետևե՞լ նրան, ներողությո՞ւն խնդրել, բացատրե՞լ, որ մոլորվեց, կուրացավ, չպիտի աներ։ Ո՛չ, ինչո՞ւ կեղծել և ստել, ինչո՞ւ խաբել և մի ուրիշ ավելի վատ, սխալ գործել։ Վերջապես, արդեն ուշ է, ահա Գայանեն գնաց, մտավ իր սենյակը և դռները հետևից ծածկեց…
Նա դողում էր ոտից մինչև գլուխ։ Խելքը պղտորված, շշկլված, նա կանգնած էր, գլուխը երկու ձեռներով ամուր բռնած, այնքան ամուր, որ կարծես վախենում էր, թե նա կարող է անջատվել ուսերից և թավալվել պատշգամբի վրա։ Նա մեջքը հենեց վանդակապատին։ Ներսից ոչ մի ձայն չէր լսվում։ Կայծակի պես մի բան փայլեց, հետո լուսամուտների մթին ապակիները դեղնեցին։ Դա տիկին Սալամբեկյանը կանթեղ է վառում սեղանատանը։ Անշուշտ նա իսկույն դուրս կգա հյուրին թեյի հրավիրելու։ Երևա՞լ արդյոք նրա աչքին։ — Ոչ, անկարելի է, պետք է հեռանալ, առանց նրան տեսնելու, թող այդ լինի անքաղաքավարություն, փույթ չէ, բայց պետք է հեռանալ...
Վերջացավ ամեն ինչ, ուրեմն այլևս հույս չկա։
Ինքն յուր աչքում ընկճված, գրեթե ոչնչացած, նա կառքի մի անկյունում սեղմվել էր այնպես, որ ոչ ոքին չերևա։ Չնայելով երեկոյան բավական թանձր մթանը, նրան թվում էր, որ չորս կողմից ինքը լուսավորված է պայծառ էլեկտրական լույսով և ամենքը տեսնում են նրան։ Անաջողությունը դրոշմված է նրա կերպարանքին, բոլոր անցորդները տեսնում են այդ, խղճում են ու ծաղրում նրան։
XII
Մի քանի րոպե նա լուռ անցուդարձ էր անում յուր մթին սենյակում։ Ներս մտավ Սիրականը և, վառ կանթեղը դնելով սեղանի վրա, մի քանի քայլ հետ քաշվեց, սկսեց դիտել նրան։ Նա իսկույն հասկացավ, որ էլի մի բան է պատահել յուր պարոնին։ Դիմաքսյանը հրամայեց նրան դուրս գնալ, նա ուզեց մենակ մնալ։ Ծառան անցավ նախասենյակ և դարձյալ կանգնեց դռների հետևում, որ տեսնե, ինչ պիտի անի յուր պարոնը։
Դիմաքսյանը թուլացած ընկղմվեց աթոռի վրա, երեսը ձեռներով ծածկեց, գլուխը դրեց սեղանին։ Նրա սիրտը լցվել էր, նա ուզում էր լաց լինել, այո՛, հեկեկալ ինչպես մի երեխա։ Բայց նա ճիգն արեց յուր դառն հեկեկանքը զսպելու, և զսպեց։ Արտասուքը չի կարող թեթևացնել նրա սիրտը։ Նա զգում էր իրան կյանքից անջատված, մի դատարկ տարածության մեջ, անհեն, անմխիթար։ Նրա շուրջը տիրում է մեռցնող ցրտություն, և չկա մեկը, որ փարատե այդ ցրտությունը։
Նա հիշեց Մսերյանին, նրա անկեղծ ընկերական համակրությունը։ Շատ անգամ է այդ մարդը մխիթարել նրան և պահպանել հոգեկան դառնությունների ժամանակ յուր խրախուսիչ խոսքերով։ Այժմ նա էլ չի կարող օգնել։ Հարկավոր է ավելի ջերմ, ավելի քնքուշ սիրտ, ոչ մխիթարելու, այլև նրա հետ դառնանալու, նրա վշտին վշտակից լինելու համար։
Ո՞րտեղ գտնել մի այդպիսի սիրտ։ Ա՜խ, որքան նա այդ ժամին կկամենար յուր մոտ տեսնել այն միակ էակին, որին ոչ ոք չի կարող փոխարինել, ո՛չ ընկեր, ո՛չ բարեկամ, որի սերը որքան անկաշառ է, այնքան անսպառելի է, անհուն և ջերմ։ Նա յուր որդու դեմքի մի թեթև արտահայտությունից, կրծքից դուրս եկած մի թույլ հառաչանքից կհասկանար նրա բոլոր ցավերը։ Յուր մայրական վշտակցությամբ կպահպաներ նրա հուսահատ հոգու մեջ կենսական ջերմություն։ Նա կասեր, «Ապրիր առանց սիրվելու, որովհետև այդ հնարավոր է, և ես ապրեցի ոչ միայն չսիրված, այլև ամբողջ կյանքիս ընթացքում տանջվելով»։ Կասեր. «Մի՛ սպասիր կնոջ կողմից սեր, որովհետև եթե աշխարհի երեսին կա իսկական սեր — դա մայրական սերն է և միայն մայրը կարող է անկեղծ սիրել յուր զավակին, ուրիշ ոչ ոք, ոչ ոք...»։
«Ես հիշում եմ, նա ինչպես փայփայում էր ինձ և ինչ նուրբ զգացողությամբ էր արտահայտում յուր սերը, երբ ես մի թեթև դառնություն էի ունենում։ Ահա քո դալկահար դեմքը, որի վրա պարզ նկարված են քո սրտի բոլոր ելևէջները։ Տեսնում եմ քեզ, տեսնում եմ, գլուխդ ուսիդ ծռած մտիկ ես անում որդուդ, ուզում ես գուշակել իմ միտքը։ Ի՞նչ, միթե դու ա՞յժմ էլ զգում ես հավիտենականության մեջ... Ցնո՞րք, ցնորք...»։
Եվ Դիմաքսյանի հայացքը կենտրոնացել էր անորոշ տարածության մեջ, և այդ րոպեին կենդանացել էին նրա աչքի առջև ամբողջ մանկությունն ու պատանեկությունը, և այդ հեռու, վաղուց մոռացված անցյալի մեջ նշմարում էր յուր մոր պատկերը։
Նրա աչքերը պղտորվեցին և գրեթե ոչինչ չէր տեսնում, բացի այդ պատկերից, որ նրա աչքի առջև կենդանացել էր գրգռված երևակայության զորությամբ։ Նա զգաց յուր ուղեղի մեջ մի տարօրինակ ցավ։ Նա բռնեց երկու ձեռներով գլուխը և մոտեցավ անկողնակալին։ Այստեղ նրա մտքով անցավ մի դեպք, որ վաղուց կարդացել էր եվրոպական լրագիրներում։ Շվեյցարիայի մի քաղաքում կյանքից ձանձրացած մի մարդ վճռել էր ինքնասպանություն գործել։ Երեք անգամ նա փորձել էր վերջ տալ յուր կյանքին, և ամեն անգամ փորձը անհաջող էր անցել: Երկու անգամ նա ատրճանակ էր արձակել և միայն թեթև վերք էր ստացել։ Նա ձգել էր իրան մի լճի մեջ — նավավարները ազատել էին։ Վերջապես, նա փակվել էր յուր սենյակում, դռները կողպել էր և թույն ընդունել:
«Ո՛չ, ես այդպես չեմ անիլ»,— ասաց նա, ձեռը մեկնեց բարձի տակ և այնտեղից հանեց մի փոքրիկ, պսպղուն և ծանր առարկա։
Նրա դեմքի կնճիռները բացվեցին։ Ահա որտեղ է նրա փրկությունը, ահա ինչու գրկաբաց սպասում է նրան յուր մայրը։ Աներկյուղ ձեռի մի հաջող հարված, և նա անցնելով Ռուբիկոնը, կհասնի անզգայության աշխարհը, ուր չկա ո՛չ տանջանք, ո՛չ երջանկության փափագ, ո՛չ նախանձ, ո՛չ փառասիրություն, ոչինչ, ոչինչ... Ինչո՞ւ երկար մտածել, միթե ամենքի վերջը ա՞յդ չէ, սկսած Ալեքսանդր Մակեդոնացուց մինչև ամենահետին անբախտը։ Տանջվել, հալածվել, չարչարվել և ինչո՞ւ, միմիայն մի անու՞ն թողնելու համար։ Չէ՞ որ այդ անունը որքան բարձր հնչի, որքան հմայիչ լինի ամբոխի համար, դարձյալ վերջը պետք է մոռացվի։
Նա մոլոր քայլերով անցուդարձ էր անում, բռունցքի մեջ ավելի ու ավելի ամուր սեղմելով փոքրիկ զենքի կոթը։ Մի վճռական շարժում անելով, նա նստեց սեղանի մոտ, վերցրեց գրիչը: Հարկավոր է վերջին քաղաքացիական մի պարտք կատարել — գրել մի քանի տող, որ ոչ ոք կասկածի տակ չընկնի։ Բայց առաջին բառը չգրած, նա հանկարծ ցնցվեց ամբողջ մարմնով, դողաց. գրիչը ընկավ նրա ձեռքից և մարմնով անցավ մի տարօրինակ սառնություն։ Մի՞թե նա վախեցավ, մի՞թե այնքան թուլասիրտ է, երկչոտ։ Նա դարձյալ վերցրեց գրիչը: Մարմնի սառնությունը անցավ ուղեղին և վայրկենաբար փարատեց այնտեղ տիրած խավարը։ Նա աչքերը ծածկեց ձեռներով, և երևակայությունը դարձյալ պատկերացրեց յուր մոր հեզ կերպարանքը։ Այժմ դա մի լուսավոր կետ էր, որ քաշում էր նրան դեպի ինքը, աշխատելով դուրս բերել նրան սոսկալի խավարից, հեռացնել յուր ոտների տակ բացված անդնդից։
«Մա՛յր, մա՛յր, դու դժգոհ ես քո որդուց, որ այսպես հուսահատվում է, դու չես կանչում նրան քեզ մոտ, այլ խրախուսում ես այնտեղից, դու կանիծես նրան, եթե յուր վրա ձեռք բարձրացնի։ Իսկ քույրերը, ինչո՞ւ այդպես անգութ վարվի նրանց հետ, ինչո՞ւ ձգի նրանց անվերջ վշտի մեջ… Ի՛նչ անմտություն, ի՛նչ երեխայություն։ Ինչո՞ւ համար մեռնել։ Որ թշնամիները ուրախանան և ավելի ծաղրեն նրան, որ բարեկամները համոզվե՞ն, վերջապես, թե նա իրավ խելագար էր…»:
Նա ատրճանակը ձեռով հրեց սեղանի մի անկյունը և նորից ոտքի կանգնեց միանգամայն փոխված, վերակենդանացած։ Նրան թվաց, որ մեռած էր, այժմ կյանք ստացավ, որ նրա առջև հանկարծակի բացվել էր մի մթին գերեզման և նույնպես հանկարծակի ծածկվեց։ Մի ձեռք զգուշությամբ սեղանի վրայից վերցրեց ատրճանակը։ Նա նայեց և տեսավ Սիրականին, որ կես-երկյուղած և կես-կասկածելի դեմքով կանգնած էր նրա առջև։
— Դու ի՛նչ գործ ունիս այստեղ։ Սիրականը ատրճանակը թաքցրեց յուր գրպանում և լուռ մտիկ տվեց նրա երեսին։
— Ի՞նչ ես ուզում ինձանից,— կրկնեց Դիմաքսյանը,— ինչո՞ւ մտար այստեղ։ Դու ինձ հարկավոր չես, թո՛ղ ինձ հանգիստ, գնա՛...
— Մի աղաչանք ունիմ,— խոսեց ծառան անվստահ ձայնով։
Նրա նշաձև աչքը փակվեց, իսկ կոլորակը մնաց անշարժ։ Դա նշան էր, որ նա մտադիր էր երկար խոսելու։
— Ասա՛ տեսնեմ, ինչ է աղաչանքդ,— ասաց Դիմաքսյանը, նստելով սեղանի մոտ։
— Աղա ջան, մայրս մեր գյուղում հեքիմ էր, անվանի հեքիմ։ Տարին տասներկու ամիս նա աղոթք էր անում, պաս էր պահում, շաբաթներով էլ ծոմ էր մնում, չունքի, օրհնյալ եղիցի կամք աստուծո, ընկնավոր էր... Բոլոր սրբերի անունով ջոկ-ջոկ աղոթքներ ուներ։ Մեղա քեզ, մեղա քեզ, չարը պատահելիս, տեսնում էիր ընկավ, բերանը փրփրեց, աչքերը բացվեցին, սկսեցին սադայելի հետ կռիվ անել։ Այդ ժամանակ սրբերը սկսում էին նրա բերանով խոսել... Մի անգամ, ժամաժամքին, մութը նոր ընկնելիս, լուսահոգին թոնրատան առաջ բռնվեց, ընկավ երեսը դեպի աղոթարան։ Ես տասը տարեկան էի, աչքովս տեսա։ Նա բերանը բաց արեց, ասաց. «Աղոթք արեք, տեսնում եմ քամբախտություն է գալիս, աղոթք արեք, ոչխար մորթեցեք, մոմ վառեցեք»... Չորս օր անցած, աղոթարանից բարձրացավ մի քամի, անձրև բռնեց։ Սկսվեց մի կարկուտ, տեր, դու ցույց չտաս, հատը հավի ձվի չափ։ Տասնուչորս գյուղերի հասած հունձքը կոտրեց, նստեցրեց, փչացրեց, սով ընկավ...
Դիմաքսյանը ակամա հետաքրքրվել էր այս պատմությունով և լսում էր ծառային, առանց ընդհատելու նրա խոսքը։ Նա գիտեր, որ Սիրականը անշուշտ մի նպատակով է այդ պատմում, և հենց այդ նպատակը իմանալու համար նա համբերությամբ ականջ էր դնում նրան։
— Շինականները մորս պաշտում էին, չունքի լուսահոգին սուրբ Գևորգի «ղուլն» էր։ Սուրբը նրա ձախ ոտի աջ ձեռի վրա մոր արգանդում նշաններ էր դրել, մեկը տերևի նման, մյուսը թռչնի պես։ Սուրբի գերեզմանի հողը պահում էր մեր թոնրատանը, գիշեր-ցերեկ նրա առաջ մոմ էր վառում... Քանի-քանի հիվանդներ է փրկել, որին աչքացավից, որին գլխացավից, որին ոսկրացավից, որին էլ յարափարաներից։ Աղա, ես էլ ընկնավոր եմ։
— Դո՞ւ,— հարցրեց Դիմաքսյանը զարմացած և ցավակցաբար։
— Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, ես սուրբի «ղուլ» չեմ, ես մարգարեություն չեմ անում, բայց ընկնավոր եմ։ Հենց որ առաջին փորձանքը գլխիս հասավ, մայրս տնից տուն ման եկավ, կոպեկ-կոպեկ փող հավաքեց, շորեր հավաքեց, տվեց ինձ ու ասաց. «Գնա՛, Սիրական, գնա՛, բոլոր սրբերին ուխտ արա, գերեզմանների հողը լիզիր, եթե մեկը չփրկի, մյուսը կփրկի...»: Գնացի, աղա ջան, քսան տարեկան էի, գնացի, երկու տարի ոտով թափառեցի Գյանջա, Ղարաբաղ, Պարսկաստան, Տաճկաստան, որտեղ որ հայ քրիստոնեի սուրբ կա, գերեզմանին երկրպագություն տվեցի...
— Լավացա՞ր։
— Լավացել էի, մեռնեմ նրանց սուրբ աջին, բայց հետո մեղքերս երևի էլի շատացան, էլի «չարը» մտավ հոգիս։ Այժմ տարենը մեկ կամ երկու անգամ փորձում է։ Սրանից երեք ամիս առաջ Սալդատսկի բազարում ընկա, գարադավոյը բերեց տուն։ Կինտոները գրպանիցս տասը մանեթ էին հանել...
Դիմաքսյանը անկեղծ ցավակցեց Սիրականին, որի անբուժելի հիվանդության մասին առաջին անգամն էր լսում։
— Լա՛վ, Սիրական,— ասաց նա բարեկամաբար,— այժմ ի՞նչ ես ուզում ինձանից։
— Աղաչանք ունիմ, մեծ աղաչանք,— պատասխանեց Սիրականն այժմ ավելի վստահացած։
— Աղա, դու ինձ լավություն շատ ես արել, էհ, ես ինչո՞վ կարող եմ պարտքս վճարել։ Ես էլ ուզում եմ քեզ տալ ինչ որ ունիմ...
Նա ձեռը տարավ ծոցը և այնտեղից հանեց մի բան։
— Այս պստիկ կապոցը մորս թանկագին կտակն է, տալիս եմ քեզ, աղա, իմ խաթրու վզիցդ քաշ տուր:
Նա ջերմեռանդորեն համբուրեց ձեռի բանը։ Դա կապտագույն կտորից կարած մի եռանկյունի կապոց էր լուցկիի տուփից քիչ փոքր:
— Այդ ի՞նչ է։
— Սուրբ Գևորգի մարմնի փոշին է, չարը խափանելու համար, շատ թանկ բան է...
Դիմաքսյանը գլուխը ներողամտաբար շարժելով, բարեկամական հանդիմանությամբ ասաց.
— Սիրական, դո՞ւ էլ ուրիշների պես հավատացած ես, որ ես խելագարվել եմ։
Սիրականն ամաչելով գլուխը թեքեց կրծքին։ Պարզ էր, որ նա հավատում էր տարածված լուրին։ Հետաքրքրական էր Դիմաքսյանի համար իմանալ՝ ի՞նչ փաստերի հիման վրա է այդ մարդը նրան խելագար համարում։
— Ասա՛ ինձ, Սիրական, տեսե՞լ ես ինձ գժություն անելիս։
Սիրականն աշխատեց խույս տալ ուղիղ պատասխանից։ Բայց երբ Դիմաքսյանը ստիպեց, նրա շրթունքները սեղմվեցին, շիլ աչքերի մեջ երևաց մի խորին ցավակցության արտահայտություն։ Նա պատմեց մի քանի բաներ, որ նկատել էր Դիմաքսյանի կողմից և որ երբեմն վախեցրել էին նրան։ Օրինակ, մենակ ժամանակ նա ինքն յուր հետ շատ անգամ խոսում է, զանազան շարժումներ է անում...
— Բայց ես խոմ ընկնավոր չե՞մ։
— Չէ, աղա, աստված ո՛չ անի, որ այդ փորձանքին հասնես, դա ուրիշ բան է, բայց...
Նա չկամեցավ շարունակել, տատանվեց։
— Ասա, ասա, է՞լ ինչ ես տեսել։
Ծառան զգուշությամբ ակնարկեց այն չարագուշակ գիշերվա դեպքը, երբ Դիմաքսյանը սաստիկ տենդի մեջ էր։ Բոլորը, ինչ-որ նա արել էր այդ գիշեր և խոսել, Սիրականը հիշում էր։ Այնինչ՝ ինքը ոչինչ չէր մտաբերում, բացի նրանից, որ մահամերձ հիվանդ էր եղել։ Առողջանալուց հետո նա մի անգամ հարցրել էր հայելու մասին: Մսերյանը պատասխանել էր, թե ինքն է անզգուշությամբ կոտրել, և նա հավատացել էր։ — Եվ դու այժմ ուզում ես ինձ չարից փրկե՞լ,— գոչեց Դիմաքսյանը ոչ այնքան բարկացած, որքան կատակով։
— Աղաչում եմ, որ այս բանը վզիդ քաշ տաս...
— Գիտես ինչ, Սիրական, դու ինձ բավական զբաղեցրիր ես տխուր էի, շատ տխուր, մտքերս ցրվեցին, շնորհակալ եմ։ Դու բարի մարդ ես, Սիրական, անկեղծ ես, իսկ ես անկեղծ մարդկանց սիրում եմ։ Բայց այդ կապոցը, չնեղանաս ինձանից, ես վզիս քաշ տալ չեմ կարող...
Նա ձեռքով մի դրական շարժում արեց, որ ցույց էր տալիս, թե այլևս չի ուզում խոսել։
Սիրականը լաթի կտորը ծոցը դնելով, դուրս եկավ սենյակից։
Մի դառն և կծու ծիծաղ դուրս թռավ Դիմաքսյանի կրծքից և նա արտասանեց.
«Ողորմելի ամբոխ, թշվա՛ռ ամբոխ, քանի որ մենք քեզ չենք ուզում կրթել, դու ինքդ ես ուզում մեզ կրթել...»։
XIII
Գրեթե ամբողջ գիշեր Գայանեն չկարողացավ քնել պատահած անցքի տպավորությանը ենթարկված։ Նրա ականջին շարունակ հնչում էր Դիմաքսյանի հուսահատ ձայնը։ «Միթե չե՞ք տեսնում, թե ինչպես տանջվում եմ ես...»:
Նա վիրավորված չէր, այլ վշտացած։ Նա չէր մեղադրում Դիմաքսյանին և ոչ էլ վրդովված էր նրա դեմ։ Ինչպե՛ս կարող էր իրան զսպել, քանի որ սիրում է, իսկ թե սիրում է — մի՞թե այդ վաղուց հայտնի չէր Գայանեին։ Բայց ինչո՞ւ նա այնքան հուսահատված էր և հենց առաջին խոսքն արտասանեց հուսահատ ձայնով։
«Մի՞թե նա բոլորովին համոզված էր, որ յուր սերը ուրիշ ոչ մի արձագանք չի գտնում իմ սրտում բացի բարեկամական զգացմունքից։ Վերջապես, ես ինքս կարո՞ղ եմ հաստատ ասել, թե այդ մարդուն միայն հարգում եմ։ Եթե այդպես լիներ, մի՞թե չէի աշխատիլ ժամանակին նրան ինձանից հեռացնել։ Իսկ ես ի՞նչ արեցի, ի՞նչ արեցի. ոչ մի անգամ նրան չզգուշացրի, ոչ մի անգամ... Այժմ ես ի՞նչ իրավունքով նրանից վիրավորվեմ: Տեր աստված, գլուխս պտտվում է, չգիտեմ ինչ մտածել... Իհարկե, նա այժմ համոզված է, որ ես նրան ատում եմ։ Բայց այդպես չէ, ոչ, այդպես չէ» Ուրեմն ի՞նչ է... Մի՞թե վախեցա հասարակական կարծիքից» Սխալ է, այդ չէ... Ես կամենում եմ իմ խղճի առջև արդար լինել։ Այո՛, ճիշտ դա է։ Եթե ես այդ մարդուն առաջ սիրեի և հետո բաժանվեի իմ ամուսնուց, այն ժամանակ շատ կարելի է այդպես չվարվեի նրա հետ։ Բայց այդ մարդն իմ ուշադրությունը գրավեց հետո, երբ ես ատում էի Բարաթյանին։ Ես այն ժամանակ համեմատեցի երկուսին, երբ համեմատելը անկարելի էր։ Այն ժամանակ ճանաչեցի մեկի արժանավորությունները, երբ մյուսի անբարոյական լինելն ինձ համար բոլորովին պարզվեց...»։
Ի՞նչ կլիներ, եթե նա կուրացած սիրեր Դիմաքսյանին, եթե արհամարհելով ամեն ինչ, գնար նրա հետևից։ Միթե դա կլիներ սե՞ր և ո՞չ վրեժխնդրություն։ Եվ ումի՞ց պետք է վրեժը հաներ։ Բարաթյանի՞ց, о՜ о, այդ մարդը վիրավորվելու փոխարեն կծիծաղեր, կզվարճանար։ Նա ինքն յուր վրեժը լուծված կհամարեր, տեսնելով յուր կնոջն յուր թշնամու հետ միացած։ Նա այդ փաստն յուր ձեռքում զենք կդարձներ նրա դեմ, կպարծենար հասարակության առջև և ամենքին ցույց տալով, կասեր. «Ահա, տեսեք, կինս բաժանվեց ինձանից ոչ թե այն պատճառով, որ ես անբարոյական էի, այլ որովհետև նա ինքը չուզեց բարոյական ամուսին մնալ...»։
Եվ որքան Գայանեն այսպես մտածում էր, այնքան ավելի համոզվում էր, որ ուրիշ կերպ չէր կարող վարվել։ Միակ յուր սխալը նա համարում էր այն, որ չուզեց կամ չկարողացավ ժամանակին Դիմաքսյանի սերը զսպել յուր սառնությունով։ Մյուս կողմից, մի միտք նրան սաստիկ մտատանջություն էր պատճառում, կդիմանա՞ արդյոք Դիմաքսյանն այդ վշտին, թե մի փորձանք կբերի յուր գլխին։
Մերթ նա կարծում էր, թե չի կարող դիմանալ և մերթ մտածում էր, թե պետք է դիմանա, քանի որ խելոք է, մտածող: Նա ինքն ինքնասեր է, հպարտ է — պետք է յուր սիրածի ինքնասիրությունն ու հպարտությունն էլ խնայի։ Նա պատվախնդիր է և ազատասեր — պետք է ուրիշներից էլ նույնը պահանջի։ Եթե նա սիրում է բարձր սիրով և ոչ լոկ յուր եսի խորությունից — անշուշտ կհասկանա յուր սիրածի վիճակը։
«Ի՛նչ, միթե նա չի՞ հարգիլ իմ մայրական զգացումները, միթե չի՞ մտածիլ, որ եթե ես չմերժեի — պետք է զրկվեի երեխաներիցս։ Զրկվել երեխաների՞ց։ Ոչ, ոչ, այդ ես չեմ կարող անել, երբեք, ես առանց նրանց չեմ կարող ապրել…»։
Արմունկները պատշգամբի վանդակապատին հենած՝ նա կանգնած էր ուղիղ այնտեղ, ուր երեք օր առաջ Դիմաքսյանն արտահայտեց յուր սրտի զգացումը։ Նա նայում էր ցած, դեպի գավիթ, ուր խաղում էր չորսից մինչև տասը տարեկան մանուկների և աղջիկների մի մեծ խումբ։ Օդի բյուրեղյա հստակությունը, ծիծեռնակների ծլվլոցը և երեխաների պայծառ, մետաղահնչյուն ձայները կարոտ մոր սիրտը լցնում էին ճնշող զգացումներով։ Ինչո՞ւ նրա փոքրիկները չկան այդ զվարթ խմբի մեջ։
Յոթ օր էր անցել նրանցից բաժանվելուց, դառն և տաղտկալի օրեր, որ յոթ ամսվա չափ երկար էին տևել։ Կտեսնվի՞ արդյոք նրանց հետ դարձյալ, թե՞ այդ վերջին անգամն էր։ Մի վայրկյան նա մտածեց՝ արդյոք ավելի լավ չէ՞ր լինիլ, եթե նա յուր ծանր խաչը կրեր զավակների սիրո և նրանց հետ ապրելու համար։ Բայց հենց նույն վայրկյանին նա հիշեց անցկացրած տարիները, և կրկին նրա աչքի առջև պատկերացավ խաբված, անարգված և պատվի զոհ դարձած ծերունին։ Եվ նա ավելի սաստիկ նողկանք զգաց դեպի յուր անցյալը։ Երբեք նա չպիտի փոշմանի յուր արած քայլի մասին։ Թող մարդիկ դատապարտեն, բայց նա յուր խղճի առջև արդար է։ Թող զավակների կարոտը ցեցի պես ուտի նրա սիրտը, մեռցնի, բայց չէր կարող ապրել այն մարդու հետ։
Նա երեսը հետ դարձրեց գավթից և աչքերը գաղտուկ սրբեց։ Նա չէր ուզում, որ յուր արտասուքը նկատեն տիկին Սալամբեկյանը և Օվսաննան, որ այդ միջոցին ներքևում ղեկավարում էին փոքրիկ սաների խաղերը։ Իսկ մանկական ձայները քանի գնում այնքան ավելի զվարթ էին հնչում, իսկ գարնանային օդը քանի գնում, այնքան ավելի տաքանում էր և ապրելու, երջանիկ ապրելու ցանկությունը բորբոքում մարդու սրտում։
Տիկին Սալամբեկյանը վերջացրեց յուր պարապմունքը սաների հետ, բարձրացավ վերև, մոտեցավ Գայանեին, բռնեց նրա թևից և տարավ սեղանատուն։ Նա դեռ տեղեկություն չուներ վերջին դեպքի մասին։ Տեսնելով Գայանեի կարմրած աչքերը, նա սկսեց ընկերաբար հանդիմանել.
— Եթե դու այդպես շարունակես, կարճ ժամանակում կյանքդ բոլորովին կմաշես։ Չպետք է լիներ, բայց որ պատահեց, մի՞թե ինքդ քեզ պիտի սպանես։ Դու ոչ առաջինն ես, սիրելիս, ոչ էլ վերջինը կլինես, քեզ նման շատերը կան…
— Մի՞թե դու կարծում ես, որ ես իմ արածի մասին փոշմանել եմ։
— Երբեք չեմ կարծում։ Դու միայն երեխաների մասին ես հոգս անում։ Բայց քեզ խոմ նրանցից չեն զրկում, դու էլի խոմ տեսնվում ես նրանց հետ։
Այրի Բոլումբաշյանը սեղանատանը, պատրաստ սեղանի մոտ նստած, նախանձալի ախորժակով ոչնչացնում էր յուղապատառները։ Մյուս սենյակից հիվանդի ծանր տնքտնքոցի ձայն էր լսվում։ Դա տիկին Սալամբեկյանի տատն էր, որ մեռնում էր մեռնում և դեռ կենդանի էր, տանջելով շրջապատողներին և չկամենալով կյանքից բաժանվել։
Այրին Գայանեին նստեցրեց յուր մոտ և նույնպես հանդիմանեց։ Նրա ասելով Գայանեն այժմ ավելի բախտավոր է, քան առաջ։ Այդ ամուսին ասած արարածները իրանց կանանց վերաբերմամբ առհասարակ շատ գարշելի են, իսկի չարժե նրանց վրա ուշադրություն դարձնել։
— Խելոք կնիկը նա է, ով որ յուր մարդու մեկ արածի տեղ երկուսն է անում նրան խելքի բերելու համար։ Հավատա՛, հոգիս, մարդն այն կնկան է սիրում, որը նրա գլխատակը փափուկ բարձ է դնում, քնացնում ու հետո ինքն յուր ուզածն անում։ Ինչքան քիչ մտածես, այնքան բախտավոր կլինիս։ Ականջներդ փակիր ու քեֆդ տվածի պես պար եկ, այն ժամանակ կասեմ «ապրես»։ Երեխանե՞րը, ի՛հ, նրանց մասին էլ չարժե մտածել, տեսնո՞ւմ ես ինձ, շատ ուրախ եմ, որ երեխաներ չունեմ, գլուխս ցավերից ազատ է։ Ապրի՛ր, քեֆ արա ինձ նման… Տեսնո՞ւմ ես, մարդիկ շատ բաներ են ասում իմ մասին, թող հաչեն, ինչքան ուզում են, շատ հարկավո՞րս է…
Այս ասելով, նա շտապով վեր կացավ, պահարանի վրայից վերցրեց ֆիսգարմոնիան և սկսեց նվագել ու հետը երգել ինչ-որ վրացական երգ։ Մյուս սենյակում հիվանդ պառավի տնքտնքոցը սաստկացավ։ Բայց այրին մինչև չվերջացրեց յուր երգը, չլռեց։ Հետո նա անցավ յուր սենյակը, շուտով զուգվեց և շտապով դուրս եկավ տնից։
Տիկին Սալամբեկյանը ամբողջ օրը զբաղված էր յուր պարտեզով և սաների համար հոգում էր ինչպես հարազատ մայր։ Սիրով հետևում էր նրանց առաջադիմությանը, ուսումնասիրում էր ամեն մեկին, վաղօրոք գուշակություններ էր անում, թե այս կամ այն երեխայից ապագայում ինչ դուրս կգա։ Ամեն օր, դասերը ավարտելուց հետո, ոգևորված պատմում էր յուր «սիրելի զավակների» մասին։
«Չգիտես ի՜նչ երջանկություն է այդ անմեղ էակների շրջանում լինելը։ Մարդ ինքն էլ երեխա է դառնում նրանց հետ։ Մինչև մահ չպիտի թողնեմ այդ շրջանը…»։
Եվ նրա զվարթ դեմքը, հոգեկան եռանդուն տրամադրությունն ակամա շարժում էին Գայանեի նախանձը։ Որքա՛ն կյանքը ժպտում էր յուր արժանավոր ընկերուհուն և ինչպե՜ս նա բախտավոր էր ամուսնության մեջ։
Մի ժամանակվա ծույլ-պեսիմիստ բժիշկ Սալամբեկյանն այժմ, կարծես, բոլորովին յուր հայացքը փոխել էր կյանքի մասին։ Հիվանդներին ընդունելուց և այցելելուց հետո, նա յուր ամբողջ ժամանակը նվիրում էր տնային պարապմունքներին։ Նա օրինակելի ամուսին էր և հոգատար, մինչև անգամ մանրակրկիտ տանտեր։ Մի րոպե հանգիստ չէր նստում յուր տեղը, միշտ զբաղված էր մանր-մունր գործերով։ Հոգեկան փոփոխությունն ազդել էր և նրա մարմնի վրա։ Այժմ նա դեմքով առողջ էր, զվարթ, մինչև անգամ աչքի ընկնելու չափ չաղացել էր։
Երբեմն նա այցելում էր Դիմաքսյանին և շատ ցավում էր, որ յուր ընկերը ենթարկված է ընդհանուր հալածանքի։ Բացարձակ չէր ասում, բայց մտքում սկսել էր մի փոքր քննադատել յուր ընկերոջ ուղղությունը։ Արդյոք, ծայրահեղ արմատական չէ՞, ինչո՞ւ ամբողջ հասարակությունն յուր դեմ ոտքի է կանգնեցնում, միթե չի՞ կարող ավելի խաղաղ գործել։
Նա մտածում էր և՛ Գայանեի մասին, աշխատում էր որևէ կերպ թեթևացնել նրա վիճակը և գիտեր, որ այդ կարելի է միայն զավակներին իրանց մորը վերադարձնելով։ Հաճախ նա խոսում էր Վեքիլյանի հետ, խնդրելով սրան միջնորդել Բարաթյանի մոտ։ Բայց օրենսգետ իրավաբանը այս դեպքում ոչ մի «արդարացուցիչ» պատճառ չէր ուզում ընդունել, բացի օրենքի տառացի մտքից։ Կինն յուր կամքով է հեռացել մարդուց, երեխաները օրենքով հորն են պատկանում։ Դրա դեմ ոչինչ չի կարելի անել։
Երբեմն բժիշկը փողոցում հանդիպում էր Բարաթյանին։ Նրանք շատ սառն բարևում էին միմյանց և անցնում։ Մի անգամ նա մոտեցավ յուր նախկին ընկերոջը, կամենալով անպատճառ իմանալ նրա մտադրությունը երեխաների վերաբերմամբ։ Բարաթյանը նախ շատ անտարբեր ընդունեց նրա ակնարկները, ապա սկսեց յուր դրությունը բացատրել։ Նա ոչ իրան է մեղադրում, ոչ Գայանեին։ Հայացքների «տարբերություն» — ահա այն գլխավոր պատճառը, որ բաժանեց նրանց միմյանցից։
— Ես ոչինչ ոխ չունիմ այդ կնոջ դեմ և հոգով֊սրտով ցանկանում եմ, որ նա բախտավոր լինի, առանց ամուսնի, առանց երեխաների։
— Բայց առանց երեխաների նա դժբախտ է, մի՞թե մտադիր ես միշտ նրան զրկած պահել յուր զավակներից,— հարցրեց բժիշկը։
— Ես մի անգամ ուղարկեցի, էլի, երևի, կուղարկեմ մի ժամով, կես ժամով։
— Այդ շատ քիչ է, դու պետք է ավելի բարեսիրտ վարվես։
— Այդ մասին ոչ մի խոսք, երեխաները ինձ են պատկանում, իրավունք ունիմ բոլորովին չուղարկել։
Բժիշկը չկարողացավ հակառակել և հեռացավ վիրավորված։ Այդ խոսակցությունից մի քանի օր անցած Բարաթյանը կանգնեցրեց նրան փողոցում, և մի կողմ տանելով, հայտնեց յուր վճիռը.
— Գիտես, ես իմ երեխաներին սիրում եմ, չեմ ուզում, որ նրանք զուրկ մնան իրանց մորից։ Վճռեցի, որ նրանք մի ամիս իրանց մոր մոտ ապրեն, մի ամիս ինձ մոտ։ Բայց մի պայման եմ դնում. չլինի թե նա երեխաների սրտում իմ դեմ ատելություն զարթեցնի… այդ պատահում է։
— Գայանեն այնքան խելոք և բարի կին է,— պատասխանեց բժիշկը,— որ յուր երեխաների հոգին փչացնելու համար այդ բանը չի անիլ: Շնորհակալ եմ, ես իսկույն կշտապեմ քո վճիռը հայտնել նրան և ուրախացնել։
Երրորդ օրը Գայանեն յուր սենյակում լուսամուտի առջև նստած կար էր անում, յուր միտքը զբաղեցնելու համար։ Փողոցից նրա ականջին հասավ մի ծանոթ կանացի ձայն։ Նա գլուխը դուրս բերեց լուսամուտից, նայեց դուրս և իսկույն մի ուրախ ճիչ արձակեց, կարը ձեռից ձգելով։
Պառավ դայակը մի ձեռով բռնած հինգ տարեկան Թամարի, մյուսով երեք և կես տարեկան Լևոնի ձեռքը, զվարթ դեմքով սանդուղքով բարձրանում էր։ Ուրախությունից նրա լեզուն անատամ լնդերքի միջից դուրս էր ընկել, և նա հազիվհազ շունչ էր առնում, շտապելով ուրախացնել կարոտած մորը։
Գայանեն սեղմեց կրծքին երկուսին միասին և երկար ժամանակ համբուրում էր մերթ մեկին, մերթ մյուսին, կրկնելով.
— Վերջապե՛ս, վերջապես…
Երբ նա յուր սրտի փափագը մի փոքր հագեցրեց, դայակը հառաչելով հաղորդեց, թե անդամալույծ Գերասիմ Գերասիմիչը առավոտյան լուսաբացին հոգին ավանդել է։ Լուրը Գայանեի վրա տպավորություն չգործեց, այնքան դեռ նրա միտքը զբաղված էր երեխաներով։
— Երեկ երեկոյան երեխաներին կանչեց, համբուրեց, մեկ մեկ օրհնեց։ Ձեր անունն էլ հիշեց, ձեզ էլ օրհնեց, աստված վկա, օրհնեց։ Ասաց, Ֆեոդորա, կասես հարսիս, ես օրհնում եմ, լավ կնիկ է, թող հաշտվի որդուս հետ… Հետո պառավ դայակը ավելացրեց, թե երիտասարդ պարոնը հիվանդ է։ Վեց տարվա կենակցությունը զուր չէր անցել։ «Սովորություն» զգացումը Գայանեին չթողեց շատ էլ անտարբեր լսել այդ լուրը։ Բայց երբ դայակի պատասխաններից իմացավ, որ Բարաթյանի ցավը ուրիշ ոչինչ է, եթե ոչ այն ժառանգական հիվանդությունը, որ տարենը կամ երկու տարենը մի անգամ պարբերապես կրկնվում է — նա ձեռով մի բացասական շարժում արեց, մի շարժում, որ արտահայտում էր նրա պարզ զզվանքը, և գրկեց յուր Լևոնիկին։
Մի քանի օր նա ոչ մի բանի մասին չէր մտածում, բացի երեխաներից և ամբողջ ժամանակ նրանցով էր զբաղված։ Բայց անցան այդ օրերը, նրա սիրտը կշտացավ, և նորից նա սկսեց տխրել։ Ի՛նչ և լիներ, դրությունը անորոշ էր, չգիտեր ինչ ապագա է սպասում երեխաներին։
Գերասիմ Գերասիմիչի թաղման օրը նա մենակ նստած էր յուր սենյակում և հիշում էր անցկացրած դառն օրերը: Նա կրկին հուզվեց, կրկին արտասվեց և, գլուխը դնելով բարձին, սկսեց հեկեկալ։ Նա ողբում էր յուր քայքայված, խորտակված կյանքը և դժբախտ երիտասարդական օրերը։ Օ՜о, անցած կորած հույսեր, որ մի ժամանակ այնպես ոգևորում էիք նրան, միթե չպիտի՜ վերադառնաք։ Ինչո՞ւ նա այնպես մոլորվեց, ինչո՞ւ նա չունեցավ վեց տարի առաջ կյանքի մասին այն հայացքը, որ ունի այժմ։ Ինչո՞ւ չմտածեց, որ ընտանեկան երջանկությունը չպիտի որոնել ամուսնու ոչ արտաքին գեղեցկության, ոչ աշխարհային շուքի և փայլի, այլ նրա հոգեկան և բարոյական արժանավորությունների մեջ: Եվ այժմ, երբ նա կրում է յուր դառն սխալի պատիժը, երբ նրա աչքերը բացվել են, մի՞թե արհամարհի ամեն ինչ և ընկնի մի նոր երջանկության հետևից։ Ո՞ւր, ինչպե՞ս, մի՞թե աչքերը փակելով հասարակական օրենքների, արմատացած ավանդությունների և նախապաշարմունքների առջև, մի՞թե ապօրինի կենակցության մեջ որոնելով այդ երջանկությունը։ Ոչ, ոչ, դարձյալ ոչ, այդ անկարելի է, անհնարին, վճռապես այդ բարձր է նրա բարոյական ուժերից: Ուրեմն, հեռու՛ խաբուսիկ հուսեր, նա չի ուզում յուր սեփական բախտի համար զավակների վիճակը ենթարկել վտանգի, ահա այդ անմեղ, սիրուն և քնքուշ էակներին…
«Մայրի՛կ, ինչո՞ւ ես լալիս»։
Տեսնելով նույն պահին ներս վազող Թամարին, Գայանեն շտապով երեսը դարձրեց, աչքերը սրբեց և աշխատեց ժպտալ։ Փոքրիկ աղջիկը զգաց նրա կեղծիքը և կրկնեց յուր հարցը, բայց պատասխան չստացավ։
— Մայրիկ, ե՞րբ պետք է գնանք,— ասաց նա, մի փոքր լռելուց հետո։
— Ո՞ւր։
— Հայրիկի մոտ։
— Երբ որ դու կամենաս։
— Ես ուզում եմ հենց հիմա։
— Գնա, եթե ուզում ես։
— Դու էլ կգա՞ս մեզ հետ։
— Ո՛չ:
— Ինչո՞ւ։
Մայրը չիմացավ ինչ պատասխաներ:
— Մայրիկ, ինչո՞ւ դու այստեղ ես մնում։
— Ես… մնում եմ… հյուր եմ…
— Այդքան ժամանակ հյուր կլինե՞ն։
Մայրը կամեցավ սաստել աղջկան, որ, վերջապես, դադարի այդ սիրտ մորմոքող հարցերը տալուց։ Բայց նայեց նրա մանկական անուշ հետաքրքրությամբ լի աչքերին և մի սուր ցավ զգաց յուր սրտում։ Ոչինչ չէր կարելի անել, մատաղ սրտում արդեն կասկածը արմատ էր գցել։ Պարզ էր, որ այդ փոքրիկ գլուխը զբաղված է յուր մոր վիճակով և բնազդմամբ հասկանում է այդ վիճակը։
«Աստված իմ, աստված իմ— ասաց մտքում Գայանեն, ձեռը Թամարի ուսին դրած, աչքերը վեր բարձրացնելով,— ուժ տուր ինձ, որ կարողանամ այս ցավին դիմանալ…»։
XIV
Այն բոլորից, ինչ որ Դիմաքսյանը խորհել էր Գայանեին յուր սիրտը պարզելուց առաջ, այժմ մնում էր մի միտք թե պետք է հեռանա և չի կարող չհեռանալ Թիֆլիսից։ Օր օրի վրա նա յուր կառավարչից սպասում էր փողի։ Յուր հետ բերած փողերից այժմ նրա մոտ համարյա ոչինչ չէր մնացել, թեև բերել էր բավականաչափ գումար։ Յուր վրա նա առհասարակ ծախսում էր շատ քիչ, բայց այս անգամ ունեցավ արտաքո կարգի ծախսեր։ Նրա տեսչության ժամանակ դպրոցից արտաքսված աշակերտները աղքատ վիճակի մեջ էին, բացի մեկից, որ գործակատարի պաշտոն էր գտել մի վաճառականի մոտ։ Չորս աշակերտի նա տվեց ճանապարհածախս և ուղարկեց հայրենիք։ Իսկ հինգերորդը — Մարաքյանը, այն ընդունակ աշակերտը, որին նա ամենից ավելի էր սիրում, ո՛չ ուզում էր հայրենիք վերադառնալ և ո՛չ էլ միջոց ուներ քաղաքում ապրելու։ Նա այնքան ինքնասեր էր, որ ամաչում էր վռնդված աշակերտի անունով ներկայանալ յուր ծնողներին։ Նա ուզում էր անպատճառ, ինչպես և իցե, ուսումը շարունակել, մինչև անգամ փափագում էր համալսարան մտնել և ասում էր, եթե այդ չհաջողվի — ինքնասպանություն կգործի։
Երբ Դիմաքսյանը անձամբ հարցուփորձ անելով այս բոլորը իմացավ, վճռեց օգնել այդ գյուղական ինքնակամ, կոպիտ, բայց ընդունակ երիտասարդին։
— Դու կստանաս բարձր կրթություն,— ասաց նա մի օր Մարաքյանին յուր տան,— ես քեզ վերցնում եմ իմ հովանավորության տակ։
«Բռի լոռեցին», ինչպես կոչում էին նրան ուսուցիչները, այնքան զգացվեց, որ նրա աչքերի մեջ ուրախության արցունք երևաց։ Դիմաքսյանը խորհուրդ տվեց գնալ Ռուսաստան։
— Այնտեղ դու կարող ես պատրաստվել մի տարի, գիմնազիական քննություն տալ և հետո մտնել համալսարան։ Աշխատիր իմ հույսերը արդարացնել։
Քիչ ժամանակ անցած Մարաքյանը ստացավ ճանապարհածախս և ամբողջ տարվա թոշակը, ուղևորվեց Օդեսա։
Վերջապես Դիմաքսյանը ստացավ կառավարչից սպասած նամակը և բարկացած խփեց մի կողմ։ Փող ուղարկելու փոխարեն Հաբիգյանը հաղորդում էր մանրամասն տեղեկություններ նրա գործերի մասին։ Միայն նամակի վերջում նա ավելացնում էր. «Հինգ օրից հետո կուղարկեմ չորս հարյուր ռուբլի»։ Այս տողը ավելի գրգռեց Դիմաքսյանին։ Նրան ամենաքիչը երկու անգամ ավելի էր հարկավոր և դեռ համոզված էր, որ պահանջր շատ չափավոր է։
Նա ուզեց իսկույն հեռագրել Հաբիգյանին և պահանջեց, որ յուր պատվերը անհապաղ կատարի։ Բայց այդ տեսակ մի հեռագիր կարող էր գուցե վիրավորել նրա ընկերոջը։ Այնինչ նամակ գրելու համբերություն չուներ։ Առանց երկար մաածելու նա վճռեց հենց վաղն իսկ ճանապարհ ընկնել հայրենիք կարճ ժամանակով։
Առավոտը կանուխ զարթնելով, նա մի նամակ թողեց Մսերյանի անունով և անմիջապես ուղևորվեց։
Այս անգամ ճանապարհորդությունը նրա վրա բոլորովին ուրիշ տպավորություն ունեցավ։ Կար ժամանակ, երբ նա գրեթե ակամա էր դիմում դեպի յուր ծննդավայրը, իսկ այժմ շտապում էր որքան կարելի է շուտով հասնել այնտեղ։ Նա փափագում էր օր առաջ տեսնել յուր քույրերին, որոնց, կարծես, շատ տարիներ էր չէր տեսել։ Նրան թվում էր, որ այնտեղ, յուր արյունակիցների շրջանում միայն կարող է գեթ ժամանակավոր մխիթարություն գտնել և հանդիմանում էր իրան, թե ինչու այդ մասին առաջ չէր մտածել։
Հեռանալով այն քաղաքից, ուր նա յոթ տարի շարունակ անց էր կացրել փոթորկալից կյանք, զգում էր, որ յուր հետևում թողնում է մի տեսակ բեռն, որից բաժանվելը և՛ ցանկալի էր, և դառն։ Նա հիշում էր յուր կրած վշտերը և, կարծես, մի ներքին ձայն շշնջում էր, թե այդ վշտերը կարող էին առաջանալ հենց այն մթնոլորտում միայն, որից հեռանում էր։
Նա ուզում էր հոգով անձնատուր լինել լայնատարած դաշտերի, անտառների և լեռների ազդեցությանը։ Եվ պատահում էին րոպեներ, երբ նա մոռանում էր ամեն ինչ և թարմանում գարնանային օդով արձակ բնության մեջ։ Բայց անցնում էին այդ րոպեները, նորից գրգռվում էին զսպված, խեղդված զգացումները և դարձյալ թվում էր նրան, թե այդ զգացումներից գուցե կարող է ազատվեք միայն յուր արյունակիցների շրջանում։ Եվ ահա ամեն փոստային կայարանում նա անհամբերությունից բարկանում էր, որ ձիերը ուշ են փոխում։ Նա անընդհատ կաշառում էր կառավարներին շտապել և անդադար շտապել դեպի առաջ։
Երկու օրվա ճանապարհը նա այս անգամ կտրեց երեսուն ժամվա մեջ, գիշերը ոչ մի տեղ կանգ չառնելով։ Նա շտապեց մտնել հայրենի տունը։ Այստեղ այժմ բնակվում էր նրա մեծ քույրը — տիկին Մարթան յուր ընտանիքով։ Մռայլ և նիրհած տունը այժմ կենդանություն էր ստացել։ Օրը մինչև երեկո ընդարձակ պարտեզի մեջ թռչկոտում էին Մարթայի երեքից մինչև ինը տարեկան երկու զույգ երեխաները։ Փողոցի կողմի լուսամուտները բացվել էին, արևի կենդանացուցիչ լույսը առատորեն հոսվում էր ներս, դեպի մաքրված, նորոգված սենյակները։ Պատերը ծածկվել էին ուրախ գույնի պաստառներով, հատակները ներկվել էին, կահ-կարասին փոխվել։ Խոհանոցից լսվում էր ամանեղենի և պղնձեղենի ձայներ։ Ախոռատանը խրխնջում էր մի նժույգ, որ պատկանում էր Մարթայի ամուսնուն, լսվում էր Զատկի տոներին երեխաների համար բերված գառնուկների մլավոցը։ Մի նորատի հայ աղախին վազում էր երեխաներին սաստելու, որ պարտեզի ծաղիկները չփչացնեն։
Ամեն ինչ փոխվել էր, նորոգվել, զվարթացել։ Նույնիսկ պտղատու և անպտուղ ծառերը, կարծես, ավելի ուրախ էին նայում, գոնե այսպես էր թվում Դիմաքսյանին։ Պատշգամբի վրա այլևս չէր երևում այն հնամաշ փայտյա մեծ բազկաթոռը, որ միշտ միևնույն տեղն էր լինում և որի վրա նստում էր հանգուցյալ Մարգար աղան։
Դիմաքսյանը ներս չմտած առանձին-առանձին բռնեց յուր զավակներին, համբուրեց, այստեղ միայն հիշելով, որ պետք է այդ փոքրիկների համար նվերներ բերել։
Տիկին Մարթան նրան դիմավորեց, վազելով և ուրախ բացականչելպվ։
— Փառք աստուծո, փառք աստուծո…
Նա Արսենից երկու տարով մեծ էր, բայց դեռ պահպանել էր երիտասարդական թարմությունը, չնայելով յոթերորդ բերքին։ Նրա դեմքի բարի, հեզ արտահայտությունը և մուգ գույնի թախծալի աչքերը, մանավանդ կակուղ ձայնը հիշեցնում էին յուր մորը։ Նա հագնվում էր անխառն եվրոպական տարազով— այսպես կամենում էր նրա ամուսինը, որ արքունական պաշտոնյա լինելով, մեծ մասամբ յուր օտարազգի պաշտոնակիցների շրջանում էր պտտում։
Նա մի քանի անգամ եղբորը համբուրելուց հետո, անմիջապես ծառային ուղարկեց յուր կրտսեր քրոջը կանչելու։ Կես ժամ անցած եկավ Արսենից չորս տարով փոքր Անիկը։ Երկու քույրերի արտաքինի, ինչպես և ներքին հատկանիշների մեջ կար խիստ տարբերություն։ Հասակով Անիկը ավելի բարձր էր, կազմվածքով խոշոր, թեև ոչ այնքան գեր։ Նրա երեսի գծերը կանացի փափկության հետ ունեին նաև մի ինչ֊որ ազդու տղամարդկային արտահայտություն։ Իսկ փոքր-ինչ լայն ծնոտը, սղմված շրթունքները հիշեցում էին Մարգար աղային։ Հետևելով յուր ավագ քրոջ օրինակին, նա նույնպես եվրոպական տարազով էր հագնվում։
Նա, գոնե արտաքուստ, մի առանձին ուրախություն ցույց չտվեց եղբորը տեսնելով։ Նա միայն մի անգամ համբուրվեց նրա հետ, հարցնելով.
— Լա՞վ ես։
Արսենը այս անգամ սովորականից ավելի հետաքրքրված հարցնում էր յուր քույրերի կենցաղավարության մասին։ Այնինչ՝ քույրերն ստիպում էին նրան պատմել յուր կյանքից։ Մարթայի աչքում նա և՛ նիհարել էր, և՛ ծերացել։ Սկզբում կատակով, ապա լրջորեն երկու քույր հանդիմանեցին իրանց միակ եղբորը, թե ինչու մինչև այժմ չի ամուսնացել։ Այս կողմից ավելի խիստ էր Մարթան։
— Ինչո՞ւ ես հորդ տունը անտեր թողնում,— ասում էր նա,— ինչո՞ւ մեզ չես ուզում ուրախացնել։ Աստծուն է հայտնի, սիրտս կտոր-կտոր էր լինում ամեն անգամ այս տան մոտով անց կենալիս։ Ես կարծում էի մի ավերակի մոտով եմ անց կենում։ Վերջը՝ էլ չհամբերեցի, եկա այստեղ ապրելու։ Խեղճ մայր, մտքովդ անց կկենա՞ր, որ քո մի հատիկ աչքի լույս որդին այսօր պետք է ծնողներից զուրկ, քույրերից հեռու, հոր տնից դուրս, ով գիտե ինչ երկրում կյանք անց կացնի։
Նրա ձայնը զգացվեց, աչքերը արտասվեցին։ — Մի՞թե ամուսնությունը շատ լավ բան է, որ ինձ էլ խորհուրդ եք տալիս ամուսնանալու,— հարցրեց Արսենը լոկ այն նպատակով, որ իմանա որքան յուր քույրերը երջանիկ են ընտանեկան կյանքում։
— Ամուսնությունը մի պարտք է, լավ — վատ, ամեն մեկը պարտավոր է կատարել,— պատասխանեց Մարթան։
— Բայց այդ պարտքը շատերին է թանկ նստում։ Դու ուրա՞խ ես, որ ամուսնացել ես։
— Ոչ ուրախ եմ, ոչ տխուր, բախտիցս գանգատվել չեմ կարող, ինչ որ ճակատիս գրված է, պետք է կատարվի։ Բայց էլի փառք աստուծո, երեխաներովս բախտավոր եմ։
— Իսկ դո՞ւ, Անիկ…
— Ինձ համար միևնույնն է։
— Մարդդ քեզ հետ լա՞վ է վարվում։
— Այդ մասին մի հարցնիլ,— մեջ մտավ Մարթան ծիծաղելով,— Անիկը այն կանանցից չէ, որ յուր մարդու խոսքի տակ մնա…
Մի թեթև ժպիտ անցավ Անիկի դեմքով. պարզ էր, որ քրոջ ասածը նրան դուր եկավ։ Հոր չափ համառ և ինքնակամ՝ նա ընտանեկան կյանքում ձգտում էր կին-բռնակալի դեր կատարելու՝ սկսած այն օրից, երբ Արսենը տվեց նրան յուր ժառանգության մի մասը։ Որովհետև նրա ամուսինն էլ հեշտ հպատակվողներից չէր, ուստի երբեմն նրանց մեջ տեղի էին ունենում ընտանեկան խռովություններ։ Բայց երբեք այդ խռովությունները ծայրահեղության չէին հասնում, որովհետև մարդը միշտ զիջողություն էր անում, նախ՝ յուր ընտանեկան կյանքը շատ էլ չթունավորելու համար, երկրորդ՝ համոզված լինելով, որ յուր համառության տակ Անիկը ունի իսկապես բարի հոգի…
Շուտով եկավ Մարթայի ամուսինը պաշտոնական համազգեստով, կռնատակին բռնած մի մեծ պորտֆել։ Դա մի հաստափոր մարդ էր բարակ ոտներով։ Բարևելով Արսենին ռուսերեն լեզվով, որ քաղաքակրթության նշան էր համարում, նա մի քանի անգամ գրկեց նրան, զոչելով «նականեց, նականեց»… Եկավ և Անիկի ամուսինը, որ, հակառակ յուր քենակալին, նիհար դեմքով, չոր կազմվածքով մի բարձրահասակ մարդ էր, պարապվում էր վաճառականությամբ։
Ընտանեկան ճաշը անցավ բավական ուրախ, շնորհիվ Մարթայի ամուսնուն, որ անդադար խմում էր, սրախոսում, ծիծաղում և ծիծաղեցնում։
Իրիկնադեմին Դիմաքսյանը ծառային ուղարկեց Հաբիգյանին կանչելու։ Հայտնվեց, որ կառավարիչը գնացել է մոտակա գյուղերից մեկը և միայն վաղը պետք է վերադառնա։ Այժմ Դիմաքսյանը, հակառակ սովորականին, շատ հետաքրքրված էր յուր գործերի դրությունով, փափագում էր տեսնել կալվածները։
XV
Հետևյալ առավոտ նա նոր էր զարթնել, երբ ծառան հայտնեց Հաբիգյանի գալստյան մասին։
Ներս մտավ առողջ կազմվածքով, արևից այրված պղնձագույն դեմքով մի տղամարդ, մոտ երեսուն ու երեք տարեկան: Նա հագած էր կոշտ մոխրագույն կտորից կարած կարճ բաճկոն և երկայն կոշիկներ, որ ծածկված էին թանձր սպիտակ փոշիով։
Դիմաքսյանը ընդունեց նրան այն սենյակում, որ մի ժամանակ ծառայում էր Մարգար աղային։ Բոլոր հին կահ-կարասիներից այստեղ մնում էր միայն երկաթյա ժանգոտած սնդուկը, որի մեջ այժմ ոչինչ չկար։ Հաբիգյանը նոր էր վերադարձել գյուղից և ճանապարհի հագուստը չփոխված շտապել էր Դիմաքսյանի մոտ։
— Գնացել էի ապառիկներ ժողովելու,— ասաց նա, անմիջապես դիմելով գործին, ինչպես մի մարդ, որի համար ամեն մի րոպեն թանկ արժեր,— այսօր ուզում էի փոստով ձեզ համար փող ուղարկել, շատ լավ եղավ, ինքներդ եկաք։
Դիմաքսյանը ընդհատեց նրա խոսքը, առաջարկելով խոսել յուր հետ «դու»-ով, ինչպես առաջ։
Արդարև մի ժամանակ նրանք ընկերներ էին և բավական մոտիկ ընկերներ։ Հաբիգյանը գյուղական քահանայի որդի էր, սկզբնական կրթությունը ստացել էր Դիմաքսյանի ծննդավայր քաղաքի հոգևոր դպրոցում։ Հետո նա յուր մի վաճառական քեռիի օգնությամբ տեղափոխվել էր Թիֆլիս և մտել ռեալական դպրոց։ Պանդխտության մեջ երկու հայրենակից պատանիները ընկերացել էին և դեռ այդ ժամանակ արդեն նրանց ապագա հայացքների մեջ պարզվեց մի խիստ տարբերություն։
Մինչ Դիմաքսյանի երևակայությունը պատանեկան հասակում զարմանալի թռիչքներ էր անում, մինչ նա փայփայում էր մի իդեալ, որ քանի գնում այնքան զարգանում էր, հասունանում և բարդանում։ Հաբիգյանը, այդ լուռ, սառն և միշտ յուր դասերով զբաղված պատանին, հիանում էր յուր հայրենակցի իդեալով, բայց երբեք չէր հափշտակվում։ Ծնված և սնված լինելով գյուղական շրջանում, նա տեսել էր չքավորության դառնությունները և մասամբ փորձել յուր վրա։ Եվ յուր համար լռիկ կազմել էր մի ուրիշ, ուրույն գաղափար թե՛ յուր ապագայի և թե առհասարակ կյանքի մասին, մի գաղափար, որի առջև նսեմանում էին և գրեթե ոչնչանում բոլոր մյուս գաղափարները։
Մարդկանց թշվառության հիմնաքարը նա համարում էր աղքատությունը։ Սրանից էին ծագում նաև տգիտությունը, փոխադարձ նախանձը, ատելությունը և թշվառությունը։ Երբ Դիմաքսյանը նրա մոտ ոգևորված խոսում էր ժողովրդի բարոյական վերածնության մասին, նա պնդում էր, թե ոչինչ վերածնություն չի կարելի մտցնել մի ժողովրդի մեջ, ուր մարդկանց ամբողջ ժամանակը և բոլոր հոգեկան ուժերը սպառվում են ստամոքսի համար։ Եվ ժողովուրդ ասելով, Հաբիգյանը միշտ աչքի առաջ ուներ յուր գյուղի համայնքը։ Այստեղ էր հիմք առել և այստեղից էր սկսվում նրա ամբողջ աշխարհայեցողությանը, որ շատերին թվում էր նեղ, սահմանափակ։ Եվ որքան նրա միտքը լուսավորվում էր, այնքան սիրտը մոտենում էր այդ համայնքին, մի բան, որ շատ քիչ գյուղացի ուսանողների մեջ է նկատվում։
Մոսկվայի գյուղատնտեսական ճեմարանի երրորդ կուրսը նոր անցած, նա հիվանդացավ և ստիպվեց վերադաոնալ հայրենիք։ Քիչ ժամանակից հետո այստեղ բոլորովին կազդուրվեց, բայց հայրը չկամեցավ, որ նա նորից գնա հյուսիս: Այն ժամանակ նա վճռեց անպատճառ, ինչպես և լինի շարունակել յուր ուսումը արտասահմանում և թախանձեց հորը՝ ոչինչ չխնայել: Գյուղական համեստ քահանան, որ ինքը հազիվ գրել կարդալ գիտեր, հասկանում էր գիտության ուժը։ Նա գրավ դրեց յուր այգին, պարտքի մեջ ընկավ, որպեսզի յուր որդուն կրթված տեսնի։
Չորս տարի Հաբիգյանը արտասահմանում վարեց այնպիսի սուղ կյանք, որ ոչ մի աղքատ ուսանող չէր վարել։ Վերջապես, նա հասավ յուր նպատակին, վերադարձավ հայրենիք գյուղատնտեսական գիտությունների գործնական և տեսական պաշարով։ Նա սկսեց օգնել յուր եղբայրներին, որ պարապվում էին գինեգործությունով։ Բայց յուր մտադրությունները իրագործելու համար նրան պակասում էր մի բան — դրամագլուխ, որ ո՛չ նրա հայրը ուներ և ո՛չ եղբայրները ունեին։ Հենց այդ միջոցին Դիմաքսյանը հրավիրեց նրան յուր կալվածները կառավարելու, և նա ուրախությամբ ընդունեց այդ հրավերը։
— Արդյոք շա՞տ փող պետք է ուղարկեիր ինձ համար,— հարցրեց Դիմաքսյանը ժպտալով։
— Այնքան, ինչքան խոստացել էի նամակումս։
— Այդ ինձ բավական չէր լինի։ Իմ այստեղ գալուս մի պատճառն էլ այն է, որ քեզ համոզեմ՝ շատ էլ ժլատ չլինես իմ վերաբերմամբ։
— Ի՞նչ արած, ստիպված եմ ժլատ լինել։
— Ինչո՞ւ, միթե ես այդքան աղքատացե՞լ եմ։
— Դու աղքատ չես, բայց ես ուզում եմ, որ ավելի հարստանաս։
— Ապագայո՞ւմ։ Ո՛չ, ես այդ բանին համաձայն չեմ։ Լսի՛ր, Հաբիգյան, գուցե ես քո աչքում մի փոքր թեթևամիտ երևամ, բայց ուղիղն ասած, իմ նյութական ապագայի մասին ես բոլորովին չեմ մտածում։ Ինձ հարկավոր չեն ոչ խոշոր գումարներ և ոչ մեծ կալվածատիրոջ անուն, թեև, համաձայն եմ, փողը մեծ ուժ է մեր ժամանակում։
Հաբիգյանը, լավ ճանաչելով Դիմաքսյանին, ոչինչ չասաց։ Բայց գլուխը բացասական կերպով շարժեց, որ արտահայտում էր թե՛ զարմանք և թե՛ անհամաձայնություն ընկերոջ ասածին։
Կես ժամ անցած նրանք պտտում էին տան առջև տարածված պարտեզում: Այստեղ ևս նկատվում էին փոփոխություններ։ Ծառուղիները հարթվել էին, մաքրվել, կանոնավորվել, հնադարյան պարիսպը նորոգվել էր։ Երևում էին տեսակ֊տեսակ նոր տնկած ծառեր, բույսեր, ծաղիկներ։ Եվ այդ բոլորը Հաբիգյանի գործն էր։
Պարտիզպանը նույն մարդն էր, որ ծառայում էր Մարգար աղայի ժամանակից։ Այժմ ոչ ոք նրա վրա չէր գոռում, ոչ ոք չէր հայհոյում նրան, մանավանդ ծեծում, և նա ավելի սիրով էր աշխատում։ Նա ուրախ-ուրախ առաջնորդում էր յուր պարոնին ցույց տալով բոլոր փոփոխությունները։ Պարտեզը բացի գեղեցկանալուց և հարստանալուց, այժմ մի որոշ եկամուտ էլ տալիս էր, ավելացած պտուղները և մրգերը ծախվում էին մրգավաճառներին։
Մի ժամի չափ անցուդարձ անելով պարտեզում, նրանք գնացին քաղաքի կենտրոնական շուկան։ Այստեղ Դիմաքսյանը ուներ մի շարք խանութներ և մի քարվանսարա, ուր կանգ էին առնում քաղաք մտնող սայլերը և ֆուրգոնները։ Մարգար աղայի կենդանության ժամանակ խանութները կիսավեր դրության էին հասել, քարվանսարան քայքայվել էր, բակը պահվում էր կեղտոտ և միշտ լիքն էր ձիերի ու տավարի աղբի կույտերով։ Այժմ խանութների փլատակված պատերը նորոգվել էին, մաշված ծածկոցները և դռները փոխվել էին, ներկվել։ Քարվանսարայի բակը մաքրվել էր, քարով ծածկվել։ Հաբիգյանը ասաց, թե ուզում է շուտով այդ բակի շուրջը կառուցանել մի նոր երկհարկանի շինություն, վերևում բնակարաններ, ներքևում խանութներ։
Ճաշից հետո նրանք գնացին քաղաքի շրջակա այգեստանը։ Հաբիգյանը Դիմաքսյանին ընդարձակ քարաշեն դարպասով առաջնորդեց մի մեծ այգի։ Ծառերը նոր էին կանաչել, պարարտ երկիրը ղեռ խոնավ էր անցյալ գիշերը եկած անձրևից։ Խաղողի որթերը արդեն տերևներ էին արձակել և կանաչ սփռոցի պես ծածկել մի ընդարձակ տափարակ։ Հեռվում երևում էր մի շինություն կարմիր աղյուսից։ Իրիկնադեմի արևի ճառագայթները լուսավորում էին նրա կանաչագույն երկաթյա եռանկյունի կտուրը։ Այս շինությունը նոր էր և կառուցվել էր գինիի ու օղիի գործարանի համար։ Դեպի ձախ երևում էր մի ուրիշ ավելի մեծ տափարակ խաղողի որթերով ծածկված։ Դիմաքսյանը հիշում էր, որ յուր հոր կենդանության ժամանակ այդ տարածությունը մնում էր անմշակ։ Այժմ Հաբիգյանը միացրել էր նրան մեծ այգիի հետ և սկսել շահագործել։
— Ահա ինչի վրա են փողերը ծախսվում,— ասաց կառավարիչը, Դիմաքսյանին առաջնորդելով աղյուսյա շինության ներսը։
Այստեղ դրված էին մի քանի պղնձյա նոր կաթսաներ։ Մի որմնադիր յուր օգնականի հետ շինում էր գործարանի վառարանները։ Դրսում լցված էին մի խումբ մշակներ, ոմանք հող էին փորում, ոմանք խաղողի որթերի համար ցիցեր էին տնկում։
Հաբիգյանը պատմում էր յուր ձեռնարկությունների մասին այն սառն դրական եղանակով, որ հատուկ է գործնական մարդուն։ Նա նկարագրում էր այն մոտիկ ապագան, երբ Դիմաքսյանի բոլոր կալվածների մշակությունը պիտի հասներ ցանկալի զարգացման և բարգավաճման։
— Դեռ շատ բան կա անելու, եթե միայն թույլ կտաս։ Գինեգործության համար անհրաժեշտ է արտասահմանից հրավիրել մի հմուտ վարպետ։ Ժամանակ է մեր թթու գինիներից ձեռք վերցնել: Ափսոս է մեր խաղողը, կարելի է նրանից տասը տեսակ խմիչքներ պատրաստել։ Ես ինքս ուրախությամբ կպարապվեի միայն գինեգործությունով։ Բայց աշխատանքի բաժանման մասին առայժմ մտածել չի կարելի, ուրիշ շատ գործեր ունեմ։ Պետք է մի շոգեշարժ աղորիք շինել։ Վարուցանք անելու և հնձելու համար վատ չէր լինի մեքենաներ բերել տալ։ Կարելի է այստեղ մի ուրիշ գործարան շինել միրգ չորացնելու համար։ Այս բոլորը փող է պահանջում, և դու ասում ես, որ ես ժլատ չլինե՞մ…
Օրն արդեն մթնելու վրա էր, երբ նրանք վերադարձան քաղաք։ Ամբողջ երեկո նրանք խոսում էին գործերի մասին։ Դիմաքսյանը երախտագիտաբար սեղմեց Հաբիգյանի ձեռը, հայտնելով նրան յուր շնորհակալությունը: Նա հիացած էր յուր կառավարչի աշխատասիրության վրա և, միևնույն ժամանակ, ուզում էր իմանալ նրա եռանդի դրդիչ գաղափարը: Նա չէր հավատում, թե խելոք, կրթված, եվրոպական քաղքակրթության ճաշակն առած մի երիտասարդ կարող է հոգեկան անթերի հաճույք գտնել լոկ նյութական գործունեության մեջ։ Նա ուզում էր համոզվել, որ Հաբիգյանի արտաքին գործնականության տակ թաքնված է մի հասարակական գաղափար, որ նա չի ուզում պարզել:
Մի շաբաթ անցած նա այցելեց մի քանի գյուղեր, ուր գտնվում էին նրա վարելահողերը։ Այս ճանապարհորդությունը տևեց երեք օր, և նա տուն վերադարձավ նորանոր տպավորությունների տակ։ Նա գիտեր գյուղական ժողովրդի մտավոր և տնտեսական վիճակը, բայց գիտեր ոչ այնքան գործնապես, որքան տեսականապես — գրքերի և լրագրների միջոցով: Ճշմարիտ է, մի քանի տարի առաջ նա ճանապարհորդեց Անդրկովկասի մի մասում, տեսավ գյուղեր, բայց արդյո՞ք այդ ժամանակվա նրա հոգեկան տրամադրությունն էր պատճառը, թե՞ մի ուրիշ բան, այդ մի ամսվա ընթացքում նրա համար չէր պարզվել գյուղացու դրությունը այնպես, ինչպես պարզվեց այժմ, երեք օրվա մեջ։
Եվ պարզողը Հաբիգյանն էր։ Գործնական մարդը նրա ուշադրությունը դարձրեց այն բոլոր առօրյա կարիքների վրա, որ կազմում էին մի ամբողջ ժողովրդի կյանքը։ Նրանք անցան մի գյուղով, որի բնակիչները հողի պակասությունից ազատվելու համար պատրաստ էին իրանց «հարազատ զավակներին գրավ դնել», ինչպես ասում էր Հաբիգյանը։ Անցան անբերրի, քարքարոտ հողերով, ուր գյուղացին գերբնական աշխատանք էր գործ դնում յուր օրական պարենը փաստակելու համար։ Մի գյուղից մի ուրիշ գյուղ անցնելու ժամանակ Հաբիգյանը ցույց տվեց խորդուբորդերով լի նեղ ուղին և նկարագրեց այն բոլոր վնասներն ու չարիքները, որ առաջանում էին կանոնավոր ճանապարհների բացակայությունից։
Ոչ մեկը նրանց այցելած գյուղերից ուսումնարան չուներ։ Երեխաները թափառում էին փողոցներում, խաղալով հորթերի, շների և հավերի հետ, մերկանդամ, գլխաբաց, ոտաբոբիկ։ Ամեն տեղ թագավորում էր մտավոր մթություն, մի թանձր, հուսահատեցուցիչ խավար, ուր ոչինչ և ոչինչ մխիթարական չէր նշմարվում։ Բայց արդյոք այդ խավարի մեջ դեգերվողները գոնե զգո՞ւմ են լուսո կարոտը։
— Ո՛չ,— պատասխանեց Հաբիգյանը դրական եղանակով,— նրանք միայն մի կարոտ են զգում — տնտեսական։
— Գուցե կարելի է հասկացնել նրանց, որ բացի չքավորությունից նրանք ունեն և մի ուրիշ թշնամի — տգիտությունը։
— Ես շատ անգամ եմ խոսել նրանց հետ այդ մասին, շատ եմ բացատրել գրագիտության նշանակությունը։ Նրանք միշտ լուռ ականջ են դնում այնպես, որ մարդ կարծում է համոզվեցին։ Բայց տեսնում ես, նայեցին միմյանց երեսին և հետո անտարբեր արտասանեցին. «Աղա, շատ լավ ես խոսում»։
— Ուրեմն համաձայնվո՞ւմ են։
— Այո՛, բայց պետք է տեսնել, թե ինչպես և ինչ եղանակով են ասում. «Աղա, շատ լավ ես խոսում»։ Կարծես, այդ խոսքերով մարդու գլխին սառը ջուր են ածում։ Պատահում է, որ ես մինչև անգամ բարկանում եմ նրանց վրա և գոռում. «Հիմարներ, դուք ձեր զավակների համար պետք է ուսումնարան պահեք»։ Բայց նրանք հարցնում են՝ «Բաս վարժապետի փողը ո՞րտեղից գտնենք»։ Եվ միայն այս հարցը ինձ միշտ նեղն է գցում, ես մտիկ եմ անում նրանց ողորմելի դեմքերին և կամա-ակամա լռում եմ։
— Ուրեմն քո կարծիքով ոչինչ միջոց չկա ժողովրդի մեջ լույս տարածելու,— գոչեց Դիմաքսյանը մի քիչ վրդովված Հաբիգյանի սառնասրտության դեմ։
— Ինչո՞ւ չէ, կա։
— Ո՞րն է։
— Իմ կարծիքով այն, որ մեր կրթված երիտասարդները մի փոքր օգնեն ժողովրդին, չփախչեն նրանից այնպես, ինչպես այժմ։
— Աա՜, դա շատ սովորական դարձված է։
— Բայց դա զուտ ճշմարտություն է։ — Երևի, դու ուզում ես, որ ամենքն էլ գան և քեզ նման գյուղատնտեսությամբ պարապվեն, չէ՞։
— Թեկուզ հենց այդ լինի իմ ցանկությունը, չե՞ս համակրում։
— Համակրում եմ, բայց, ասա խնդրեմ, ի՞նչ օգուտ ունեն գյուղացին երբ դիցուք հենց քո այժմյան գործունեությունից։
— Ես այդ մասին չէի կամենալ խոսել գոնե այժմ,— պատասխանեց Հաբիգյանը սառը կերպով,— բայց քանի հարցնում ես, կբացատրեմ…
XVI
Նրանք նստած էին Մարգար աղայի սենյակում առանձին։ Դիմաքսյանը փափագում էր ուսումնասիրել յուր ընկերոջ ներքին աշխարհը, թափանցել նրա սիրտը և տեսնել կա՞ արդյոք այնտեղ մի բարձր գաղափար։ Ահա ինչու նա խորին հետաքրքրությամբ, աչքերը Հաբիգյանի երեսին, սպասում էր նրա բացատրությանը։
— Գիտե՛ս ինչ,— սկսեց Հաբիգյանը հանդարտ ձայնով,— ես առհասարակ այն մտքի դեմ եմ, թե իբր հասարակական գործիչը պետք է լինի անսահման անձնվեր, անշահասեր։ Լավ է, որ այդպես լինի, բայց դա մի գեղեցիկ և անիրագործելի երազ է։ Աշխարհիս երեսին, իմ կարծիքով, չկա ոչ անպայման անձնվիրություն, ոչ առասպելական անշահասիրություն։ Եվ եթե կա, դա միայն հազվագյուտ ընտրյալների հատկություններն են, ընտրյալներ, որոնք երկար դարերի ծնունդ են։ Մարդիկ սովորաբար ուրիշների օգտի համար գործում են երկու շարժառիթներից դրդված — բարոյական և նյութական։ Բարոյականը — փառասիրությունն է, եթե չասենք փառամոլությունը, նյութականը — շահասիրությունն է, եթե չասենք շահամոլությունը։ Երկու դեպքում էլ չկա և չի կարող լինել անպայման ինքնամոռացություն։
— Փառասիրությունից դրդված ուրիշների համար գործելը,— նկատեց Դիմաքսյանը,— ինձ համար դեռ հասկանալի է, բայց ի՛նչ ասել է շահասիրությունից գործել, այդ ինձ համար անհասկանալի է։ — Կպարզեմ որքան կարող եմ։ Ես աշխատում եմ քեզ հարստացնել, որովհետև ինքս էլ օգուտ ունիմ քո հարստանալուց։ Գուցե, եթե դու ինձ մի հայտնի տոկոս չտայիր քո եկամուտներից, եթե ծառայեի մի որոշ ռոճիկով — ավելի պակաս եռանդով վերաբերվեի քո գործերին կամ ուղղակի անտարբեր լինեի։ Բայց այժմ ես քո գործը իմն եմ համարում։ Ահա այստեղ իմ նյութական շահը իմ եռանդի առաջին ստիմուլն է։
— Ընդունենք, որ այդպես է. օրինակը պարզ է, բայց ոչ այնքան հաջող։ Դու կապեցիր միմյանց հետ քո և իմ շահերը, բայց մենք երկու անհատներ ենք, և դու ծառայելով իմ գործերին, չես կարող ասել, թե ծառայում ես հասարակությանը։
— Թող աստված հեռու պահի ինձ այն մտքից, որ երբևիցե ինձ հասարակական գործիչ համարեմ։ Ոչ, ես այդ չէի ուզում ասել։ Բայց կարծում եմ, որ աշխատելով խելացի կերպով շահագործել քո կալվածները, դրանով այսպես թե այնպես հարստացնում եմ երկրի ընդհանուր արդյունաբերությունը։
— Օրինա՞կ։
— Օրինակ, իմ և քո շահերը պահանջում են մի գյուղից մյուս գյուղ ճանապարհ շինել, մենք շինել ենք տալիս, և նրանով հեշտացնում ենք բոլոր գյուղացիների համար հաղորդակցության միջոցները։ Մեր անձնական շահերը պահանջում են մի շոգեշարժ աղորիք ունենալ — մենք շինում ենք, և դրանով միջոց ենք տալիս գյուղացիներին կարճ ժամանակում և էժան գնով իրանց ցորենը աղալ։ Մենք ժամանակակից եղանակով մշակում ենք մեր հողերը, մեզանից օրինակ են առնում մեր դրացիները։ Այս դեպքում մենք դառնում ենք մի տեսակ ուսուցիչ, քաղաքակրթություն տարածող գործոններ։
Մի վայրկյան նա լռեց, մի ծխախոտ վառեց և ապա շարունակեց նույն սառնասրտությամբ և դրական ոճով։
— Ես քեզ ցույց տվեցի հողեր, որոնք ջրի պակասությունից չեն մշակվում կամ մշակվում են շատ անհաջող։ Եթե մեր ծախսով այդ հողերով մի առու անցկացնենք, նախ, մենք ինքներս կունենանք մեծ շահ, երկրորդ, գյուղացիները մեզ կհամարեն հազվագյուտ բարերարներ, մեզ երկրպագություն կտան, կպաշտեն։ Ես կարող եմ հարյուրավոր օրինակներ առաջ բերել, բայց կարծեմ այսքանն էլ բավական է։ Այս է գործնական մարդու բերած օգուտը, այսինքն ինձ նման մի մարդու, որ, եթե ուզում ես, միայն իմ անձնական շահերը ունիմ աչքի առջև։ Բայց ինչե՜ր կարող է անել մի ուրիշը, դիցուք հենց քեզ նման մի գաղափարական մարդ։ Դու ունիս բավական մեծ հարստություն, և նա օրեցօր պետք է ավելանա։ Եթե չես ուզում խոշոր դրամատեր կամ, ինչպես ասում ես, մեծ կալվածատեր լինել, շատ գեղեցիկ, մի՛ լինիլ: Բայց մի՛ թողնիր, որ քո հարստությունը իզուր տեղը անօգուտ մնա։ Ե՛կ այստեղ, բաց արա քո հաշվով ուսումնարաններ, աղքատ գյուղերում, թո՛ղ հարյուրավոր գյուղական խեղճ մանուկներ ձրի կրթություն ստանան։ Հիմնի՛ր մի գյուղատնտեսական դպրոց կամ մի օրինակելի ագարակ և թող այնտեղ գյուղացիները դասեր առնեն գյուղատնտեսության զանազան ճյուղերի վերաբերմամբ։ Եվ միթե ա՞յս միայն կարող ես անել դու։ Քո առջև գործելու մի այնպիսի ասպարեզ կա, որ, ճշմարիտ, զարմանում եմ ինչո՞ւ դու արհամարհում ես այդ ասպարեզը և հուսահատ կռիվ մղում մի ամբողջ հասարակության դեմ։
Նա ոտքի կանգնեց, մի անգամ անցավ սենյակի մյուս ծայրը, հետ դարձավ, նորից նստեց և շարունակեց։
— Ես ինքս մեծ հետաքրքրությամբ հետևում եմ քո գործունեությանը և, անկեղծ եմ ասում, զարմանում եմ քո եռանդի, հոգեկան ուժի և մտավոր կարողության վրա։ Տեսնում եմ, որ դու մեր թմրած հասարակության մեջ մտցրել ես նոր մտքերի մի թարմ հոսանք։ Այո՛, այդ ամենը հարկավոր է, հիանալի է և ծափահարության արժանի, բայց ասա խնդրեմ, ի՞նչ վերջ պետք է ունենա քո կռիվը։ Չեմ ասում քեզ համար, քեզ այնքան պետք է հալածեն, որ վերջը ոչնչացնեն ինչպես մի մարդու, որ աշխատում է քանդել խավար ամբոխի համար սրբություն համարված վնասակար նախապաշարմունքները։ Այո՛, ի՞նչ օգուտ, անմիջական օգուտ, պետք է ունենա քո գործունեությունը այն թշվառ ժողովրդի համար, որին քո աչքով տեսար։ Մինչդեռ հենց այդ ժողովուրդն է կարոտ վերակենդանության և հենց նրա անմիջական շահերի համար և նույնիսկ նրա շրջանում պետք է գործել:
Վերջին խոսքերը արտասանելիս, Հաբիգյանի կոշտ ձայնի մեջ զգացվեց բավական մեղմ հնչյուն։ Կարծես, նա փոքր-ինչ զգացվել էր, երկար տարիներից հետո առաջին անգամ այդպես մտերմաբար խոսելով յուր նախկին ընկերոջ հետ։ Դիմաքսյանը լուռ լսում էր, առանց հերքելու նրա ասածները կամ համաձայնության որևէ նշան ցույց տալու։ Նա, կարծես, մտքում կշռում էր Հաբիգյանի յուրաքանչյուր խոսքը։
— Կարելի է ես սխալվում եմ,— շարունակեց Հաբիգյանը,— բայց խորին համոզմունքը այս է. դու այստեղ, քո ծննդավայր հողի վրա, կարող ես ավելի օգտակար լինել, քան թե այնտեղ, ուր այժմ գործում ես։ Այս պատճառով ես շատ ուրախ կլինեի, որ դու թողնեիր ամեն ինչ և գայիր այստեղ գործելու։ Այն ժամանակ քեզ հետ կարելի է ես էլ մի քիչ գաղափարական մարդ դառնայի և միայն իմ անձնական շահերից դրդված չաշխատեի։ Դու կտայիր ինձ ծրագիր — ես կկատարեի, դու կլինեիր կարգագրող — հրամանակատար, այդ ինձ համար թե՛ հաճելի կլիներ և թե՛ բարոյապես օգտակար։
Մի ժամանակ գրեթե միևնույնը առաջարկում էր և՛ Մսերյանը։ Բայց այնտեղ չէր զգացվում այնչափ հավատ, համոզմունք, որչափ Հաբիգյանի խոսքերի մեջ։ Գուցե այդ նրանից էր, որ իդեալիստի բերանով խոսում էր մի ժամանակավորապես վհատված հոգի, մի վշտացած սիրտ, կյանքի անհաջող դեպքերի տպավորության տակ։ Դիմաքսյանը զգաց, որ Հաբիգյանը համեստությունից է ասում, թե յուր գործունեության շարժառիթը անձնական շահերն են։ Նա կարծում էր, եթե այդ մարդը լիներ նրա հարստության լիազոր տերը, նույնը պետք է աներ, ինչ որ առաջարկում էր նրան։
Այս խոսակցությունից մի քանի օր անցած Դիմաքսյանը մի անգամ ևս Հաբիգյանի հետ ճանապարհորդեց գյուղերը և այս անգամ ավելի մոտիկ ծանոթացավ ժողովրդի կարիքների հետ։ Այնուհետև հաճախ նա մտածում էր Հաբիգյանի առաջարկության մասին։ Հետևե՞լ արդյոք նրա խորհրդին, թողնե՞լ գործունեության այժմյան եղանակը, կտրե՞լ բոլոր կապերը մոտիկ անցյալի հետ և ընտրել նոր ասպարեզ։
Նա տատանվում էր, կասկածում, թե կարող է ավելի օգտավետ լինել այդ ասպարեզում։ Կար մի կետ, որ նրա առջև ներկայանում էր ինչպես մի մեծ խոչընդոտ. յուր սրտի մեջ նա չէր գտնում բավականաչափ սեր դեպի գավառական կյանքը։ Նա զգում էր, որ ոչ մի նպատակ չի կարող իրան երկար ժամանակ պահել մի շրջանում, ուր չէր տեսնում մտքի պատերազմի համար քիչ թե շատ ընդարձակ ասպարեզ։ Ոչ, ոչ, նա յուր մեջ չի գտնում խաղաղ, անխռով գործունեության ձգտում, նա ծարավ էր հասարակական կռվի: Նա չէ կարող շնչել և ապրել առանց հավասար թշնամիների։
«Ավելի լավ է միշտ հալածվեմ, միայն թե կռվեմ այդ անշարժ հասարակության նախապաշարմունքների դեմ, քան թե թմրած կյանք վարեմ մի խուլ անկյունում։ Ի՞նչ կարող եմ անել գյուղական ժողովրդի համար. ճանապարհնե՞ր շինել, ջրե՞ր անցկացնել նրա հողերով, ուսումնարաննե՞ր բաց անել։ Այդ բոլորը լավ գործեր են, մեծ գործեր են, բայց ինձ համար չեն։ Հաբիգյանը ավելի հաջող կարող է կատարել այդ գործերը, քան թե ես, որովհետև նա ավելի սերտ կապերով է կապված գյուղական ամբոխի հետ…»։
Եվ միթե նա ա՞յդ գաղափարն էր փայփայել տարիների ընթացքում։ Մի՞թե երբևէ երևակայել էր, թե յուր կյանքը պետք է դնի մի նեղ շրջանակի մեջ։
«Ներքևից սկսել, ինչպես ասում էր Մսերյանը և ինչպես կրկնում է այսօր Հաբիգյանը։ Իսկ եթե ես այդպիսի ձգտում չունե՞մ, միթե կեղծե՞մ, ստե՞մ, և սկսեմ գործել հակառակ իմ զգացումների։ Ոչ, չեմ ուզում, չեմ կարող։ Թող դա լինի անհամեստություն, բայց ես իմ մեջ զգում եմ «վերևից» ազդելու ուժ։ Այո՛, ես չեմ կարող հասարակ գործիք լինել, բայց կարող եմ գործիքներ պատրաստել։ Ես այդ կապացուցանեմ և ընդունակ եմ ապացուցանելու։ Չէ՞ որ եթե մի կողմից ինձ հալածում են, մյուս կողմից կան մարդիկ, որ ինձ հավատում են, որոնց վրա ես ազդեցություն եմ արել…»:
Դարձյալ նրա միտքը պարզվեց, սիրտը գրգռվեց։ Դարձյալ նրա աչքի առջև պատկերացավ մի լուսավոր ապագա, դեպի ուր վճռել է և պետք է դիմե յուր ամբողջ կյանքի ընթացքում։ Անցան րոպեական տատանումները, կասկածները և նորից նա հետաքրքրվեց տեղական հասարակական կյանքով։ Նա հանդիպեց նույն սիրալիր ընդունելության, նույն հարգանքին, ինչ որ առաջ։ Կրկին նրան շրջապատեցին այն մարդիկ, որոնց մտքի և սրտի վրա նա ազդեցություն էր ունեցել։ Ոչ ոք կասկածանքով չէր վերաբերվում դեպի նա։ Երևի, կամ նրա մասին տարածված լուրը չէր հասել յուր հայրենի քաղաքը կամ հասել էր, և ոչ ոք նշանակություն չէր տալիս նրան։
Օրերը անցնում էին օրերի հետևից, և նա դեռ չէր մտածում Թիֆլիս վերադառնալու մասին։ Այն զգացումները, որ այնքան տանջում էին նրան, այժմ մեղմացել էին և ճնշող ներգործություն չէին անում նրա վրա։ Առավոտները նա զարթնում էր վաղ, զբոսնում էր պարտեզում, խաղում էր յուր քրոջ զավակների հետ, ապա փակվում էր յուր սենյակում և երկար ժամանակ պարապվում։
Երբեմն միայն առանձնության մեջ նրա սրտում բարձրանում էր մի թեթև փոթորիկ։ Նա հիշում էր յուր անցյալի ամենածանր րոպեները և ամենից պարզ ու որոշ պատկերանում էր այն վերջին երեկոն, երբ նա խորհել էր ինքնասպանության մասին։ Ոչ, ոչ, այլևս նա այդչափ չի հուսահատվիլ, այդ րոպեները անցան, գնացին անդառնալի։ Այժմ նա բժշկվել է և եթե ոչ բոլորովին, շուտով, շուտով կբժշկվի։
«Ես զգում եմ, որ իմ մեջ մի ինչ-որ փոփոխություն է կատարվում,— գրում էր նա Մսերյանին յուր վերջին նամակում,— թե ինչ կլինի վերջը — չգիտեմ։ Բայց հույս ունիմ, որ դու ինձ այլևս այնպես չես տեսնիլ, ինչպես էի մի ժամանակ… Անցյալ նամակումս ես գրել էի քեզ Հաբիգյանի մասին, այո՛, նա հազվագյուտ մարդ է։ Իմ մեջ հղացել է մի միտք — ձեզ երկուսիդ մոտեցնել միմյանց մի ընդհանուր գործով։ Այսպիսի մի գործ կա, և ես հույս ունիմ դու հանձն կառնես նրան ծառայելու։ Բայց առայժմ քեզ ոչինչ չեմ գրիլ այս մասին, շուտով անձամբ կտեսնվենք և կխոսենք… Մի՛ կարծիր, որ այստեղ անգործ նստած եմ, երբեք ես այնպես զբաղված չեմ եղել, ինչպես այժմ… Ցտեսություն, նամակ մի՛ գրիր, սպասիր ինձ…»։
Երբեմն նա կանչում էր յուր մոտ Հաբիգյանին, կրկին և կրկին անգամ հարցուփորձ էր անում յուր այցելած գյուղերի մասին։ Առանձնապես նա հետաքրքրված էր գյուղական մանուկների թվով։ Նա զանազան հաշիվներ էր անում, գրում էր, մտածում, ստեպ֊ստեպ այցելություն անում տեղական թեմական առաջնորդին։
Հաբիգյանը հետաքրքրված հարցնում էր, թե նա ինչու համար է այդ տեղեկությունները հավաքում։ Բայց Դիմաքսյանը ոչինչ չէր պատասխանում։ Մի անգամ նա միայն ասաց անորոշ.
— Ուզում եմ քո աչքին անօգուտ մարդ չերևալ…