Սրճարանը, ուր մենք նստած էինք, լի էր հաճախորդներով, բայց մենք ունեինք մի անկյուն, որ հեռու էր աղմուկներից ու իրարանցումից: Բացի այդ, երկուսս էլ վաղուց արդեն ընտելացել էինք Փարիզի փոթորկալի կյանքին և այլևս անուշադիր էինք դեպի այն բոլոր ունայնությունները, որ այնքան շփոթեցնում ու ներվայնացնում են յուրաքանչյուր նորեկի,մանավանդ, երբ այդ նորեկը եվրոպացի չէ: Գիտեինք առանձնապես լատինական արվարձանի ներկված ու շպարված հյուրիների շինծու ժպիտների, հանդուգն քրքիջների և թափանցիկ ակնարկների իսկական արժեքը: Եվ սիրում էինք նրանց:
— Ալեքսանդր, — ասաց բժիշկը, գարեջրի դատարկ բաժակը հրելով մի կողմ, — ես այսօր տրամադիր եմ գլուխս մի փոքր տաքացնելու: Կընկերանա՞ս ինձ:
— Հաճույքով, — պատասխանեցի ես, որ նույնպես զգում էի պահանջ մշուշապատ տրամադրությունս մի քիչ զվարթացնելու:
Նա հրամայեց անցնող սպասավորին բերել մեզ համար աբսենտ:
— Ասա, խնդրեմ, դու ինչպե՞ս ես ըմբռնում սեր ասված բանը, — հարցրեց նա հանկարծ, իր հուժկու բազուկները դնելով մարմարյա սեղանի վրա և իր խոշոր ու խելացի աչքերիխուզարկու հայացքն ուղղելով ուղիղ իմ աչքերի բիբերին:
Ասում եմ հանկարծ, որովհետև հարցն ինձ համար միանգամայն անսպասելի էր: Մի մարդու կողմից, որ մեր քսանամյա ծանոթության և այնքան հաճախ հանդիպումներիընթացքում երբեք չէր խոսել սիրո մասին: Չնայելով, որ նրա կյանքը լի էր արկածներով: Երբ ընկերական շրջաններում խոսք էր բացվում կանանց վերաբերմամբ, բժիշկԱխուրյանը լռում էր, նա թողնում էր, որ շաղակրատեն ուրիշները, որ նրանից շատ բաներ կարող էին լսել ու շատ բաներ սովորել երևի, որպես կյանքի փորձառություն ունեցող մեկը, գիտեր, որ սովորաբար այն մարդիկ են շատ խոսում կանանց մասին, որոնք քիչ են արժանացել կամ բնավ չեն արժանացել նրանց ուշադրությանը:
Չեմ հիշում ինչ պատասխանեցի բժշկի հարցին, հիշում եմ միայն, որ նա ներողամտաբար ժպտաց:
— Լսիր՛ — ասաց նա, մի քանի վայրկյան մտածելուց հետո, — այսօր ես ուզում եմ պատմել քեզ իմ կյանքից մի դեպք, որի նմանը չեմ կարծում, թե պատահած լինի ինձնից մի քիչ ավելի խելոք որևէ մեկի կյանքում: Կամենա՞ս լսել:
— Մեծ հաճույքով, — շտապեցի արտասանել ես ամենայն անկեղծությամբ, վասնզի գիտեի, որ բժիշկ Ախուրյանի պատմվածքը չի կարող լինել անհետաքրքրական, քանի որ նա յուր դիմացինին չձանձրացնելու չափ խելոք է:
Նա համեմեց աբսենտը շաքարով, խառնեց ջրի հետ, խմեց մի քանի ումպ և այսպես սկսեց իր պատմվածքը.
— Անցքը պատահել է վաղուց, այն ժամանակ, երբ ես հազիվ տասնուինը տարեկան էի, ես նոր էի ավարտել գիմնազիական դասընթացս և պատրաստվում էի ուղևորվել մայրաքաղաք` համալսարան մտնելու: Գավառացի պատանի էի, մարմնապես առողջ ու կայտառ, ինչպես երկու տարեկան մի հորթ, ու բարոյապես տակավին անապական,ինչպես գառնուկ: Չնայելով, որ Թիֆլիսն ու իմ վաղաժամ փչացած դասընկերները բավական զորավոր էին ինձ ևս փչացնելու համար. Կի՛ն: Օօ՛, բնավ չէի մտածել նրա մասին:Սե՞ր կամ սիրահարությո՞ւն: Գաղափար անգամ չունեի այդ երգերի մասին:
Նախքան Կովկասից հեռանալը ես պարտավոր էի գնալ Գողթան գավառ՝ ծնողներիս հրաժեշտ տալու համար: Բայց ճակատագրի մի գաղտնի հրամանով ճամփորդությունս հետաձգեցի մինչև օգոստոսի վերջը, երևի, որպեսզի պատահեր իմ կյանքում այն, ինչ որ պատահեց: Նույն ճակատագրի թելադրությամբ էր, որ որոշեցի կացարանս փոխել:Փնտրեցի և առաջին իսկ օրը գտա մի բավական ընդարձակ, մաքուր և լուսավոր սենյակ, քաղաքի ոչ այնքան ետ ընկած փողոցներից մեկում: Տանտիրուհիս մի բարեսիտ այրի էր,ազգով ռուս: Նրա ամուսինը պետական ինչ-որ հիմնարկության մեջ աննշան պաշտոնյա էր եղել և նոր էր մեռել, թողնելով երկու որբեր:
Տեղափոխվելուս հետևյալ օրը մի բան գրավեց ուշադրությունս: Դա ոչ այնքան մեծ, երկու կամ, ճիշտն ասած, երեք հարկանի մի տուն էր, որի թե՛ վարի ու թե՛ վերի դռներն ուլուսամուտները գոց էին: Մռայլ ու տխուր էր այդ տան տպավորությունը: Չնայելով, որ ո՛չ խարխուլ էր և ո՛չ նույնիսկ այնքան հին, որքան աջ ու ձախի տները: Նրա փակ լուսամուտների փեղկերն ու ապակիները ծածկված էին փոշու թանձր շերտերով:
Այս հանգամանքը ցույց էր տալիս, որ տունը ամայի է և վաղուց: Վերին հարկի դռներին փակցված էր մի կտոր թուղթ: Ըստ երևույթին դա հայտագիր էր, թե տունը վարձով է տրվում: Ասում եմ ըստ երևույթին, որովհետև անձրևներից և արեգակից նրա գրությունը ջնջվել էր ու անհետացել: Այդ դռները փողոցի մակերեսից բաժանված էին միայն հինգ, թե վեց աստիճան ունեցող մի քարե սանդղքով: Օրը մեկ կամ երկու անցորդ բարձրանում էր այդ սանդղքով և փորձում կարդալ հայտագիրը: Եվ ամենքը հեռանում էին մի տեսակ տարակուսանքով: Երևի զարմանում էին, որ տանտերը նեղություն չի կրում ջնջված հայտագիրը վերանորոգելու: Միևնույն ժամանակ ես նկատում էի, որ հարևան տան ներքինհարկում արհեստանոց ունեցող կոշկակարը անխուսափելիորեն մոտենում է յուրաքանչյուրին, որ փորձել է կարդալ հայտագիրը, և խորհրդավոր դեմքով ինչ-որ շշնջում նրա ականջին: Նկատում էի, որ մարդը, կոշկակարին լսելուց հետո, մի տեսակ երկյուղած հայացք է ձգում տան վրա ու հեռանում, գլուխը երերելով:
Այդ կոշկակարը մի նիհար, փոքրահասակ մարդ էր, ալեխառը, ցանցառ մորուսով և ծխախոտի ծխից դեղնած բեղերով: Չգիտեմ նա ծո՞ւյլ էր, թե՞ գործ քիչ ուներ, օրվա մեծ մասը նստած էր իր արհեստանոցի առջև և նայում էր անցորդներին կամավոր լրտեսի զննող հայացքով: Թվում էր, որ ուրիշների կյանքը նրան ավելի է հետաքրքրում, քան իր երեք մանկահասակ զավակների վիճակը, չկային ամբողջ փողոցում ավելի աղքատ հագնված և ավելի անմաքուր երեխաներ, քան այդ մանուկները: Օրը մինչև երեկո նրանք գոռգոռում էին, լալիս, ծիծաղում և անցորդների ետևից քարեր ձգում:
— Պոլինա Նիկոլաևնա, — դարձա ես մի օր տանտիրուհուս, — այդ դիմացի տունն ո՞ւմ է պատկանում:
Այրիի դեմքը մռայլվեց, և նա, հառսչելով, արտասանեց,
— Չեմ ճանաչում, չեմ էլ տեսել: Ասում են շատ հարուստ մի իշխան է:
— Ինչո՞ւ ամայի է այդ տունը:
— Որովհետև ոչ ոք չի կարող նրան վարձել:
— Պատճա՞ռը:
— Պատճառը, որ նա անիծված է:
— Անիծվա՞ծ, — գոչեցի ես հետաքրքրությամբ:
— Այո, վեց տարի է նա դատարկ է, և ոչ մի մարդ չի համարձակվում այնտեղ ոտք դնել:
Եվ տանտիրուհիս պատմեց հետևյալը.
Ութ տարի առաջ այդ տանը բնակվելիս է եղել իր ընտանիքով մի վաճառական: Ձմեռը նրա չորս զավակներից երկուսը հիվանդացել են բկացավով ու մեռել, վաճառականը, իր կնոջն ու մյուս զավակներին, տխուր հիշողությունից ազատելու համար, տեղափոխվել է ուրիշ տուն: Եկել է մի ուրիշ ընտանիք: Այս անգամ մի հրեա ժամագործ իր կնոջ ու երկու փոքրիկների հետ: Նույն ձմեռվա վերջին այդ փոքրիկներն էլ հիվանդացել են ու մեռել: Ճիշտ այդ միջոցին մեռել է նույն տան վարի հարկում կենող մրգավաճառի միակ զավակը— ինը տարեկան մի սիրուն տղա: Թե՛ հրեան և թե՛ մրգավաճառը թողել են այդ անբախտ տունը ու տեղափոխվել ուրիշ տեղ: Վերջապես, հետևյալ աշնանը տան վերին հարկը վարձել է մի վրացի քահանա:
— Այդ այն ժամանակն էր, — շարունակեց տանտիրուհիս, — երբ մենք էլ նոր տեղափոխվել էինք այս բնակարանը: Ամուսինս դեռ կենդանի էր: Վրացի քահանան ծեր մարդ չէր,բայց այնքան նիհար էր ու այնքան վտիտ, որ կարծես, եթե փչես, վար կընկնի: Նա ուներ երեք փոքրիկներ, մեկը մյուսից հազիվ մի տարով մեծ: Արի տես, որ այդ խեղճ երեխաներն էլ հիվանդացան հաջորդ ձմեռը ու նրանք էլ մեռան՝ մեկը մյուսի ետևից, մի շաբաթվա մեջ: Ա՛հ, պարոն, երբեք չեմ մոռանալ այդ օրը: Մենք կարծում էինք, որ քահանան ու իր կինն էլ կխելագարվեն, այնքան դառն էր նրանց վիշտը: Բայց չխելագարվեցին ու չմեռան էլ: Օօ՛, չեմ մոռանալ մանավանդ այն օրը, երբ նրանք տեղափոխվում էին այդ տնից: Ես ահա, այն լուսամուտի մոտ կանգնած, մտիկ էի անում: Բոլոր հարևանները փողոց էին թափվել: Երբ տան կահ-կարասին բարձեցին սայլի վրա, վերջացրին, դուրս եկավ քահանան իր կնոջ հետ: Վշտից էր, թե կատաղությունից երկուսի էլ աչքերը վառվել էին կրակի պես: Քահանան դողդոջող ոտքերով իջավ սանդուղքից, կանգնեց, փողոցի մեջտեղում, երեսը դարձրեց այդ տանը, աջ ձեռը բարձրացրեց վեր ու բարձր ձայնով արտասանեց.
«Անիծվի՛ս դու, ով չար ոգիների բույն, անիծվի քո տերը, անիծվի քո շինողը: Անիծում եմ քեզ, թող երբեք, երբեք մարդկային ձայն չլսվի քո պատերի մեջ: Թող քո տերն էլ թշվառանա, ինչպես ես թշվառացա»:
— Ասում են, — շարունակեց տանտիրուհիս, հառաչելով, — նույն ձմեռն իսկ իշխանի կինը և հինգ զավակներից երկուսը մեռան: Ահա, պարոն, այդ ժամանակից դես ամայի է այդ տունը և ոչ ոք, ոչ ոք չի ուզում նրան վարձել: Եվ ով ուզում է վարձել, չգիտենալով, որ տունն անիծված է, ահա այն կոշկակարը նախազգուշացնում է նրան, պատմելով ամեն բան:
Այժմ նա հավատացնում է ամենքին, որ իբր թե գիշերներն ինչ-որ ձայներ է լսում այդ տնից, և իբր թե այնտեղ ինչ-որ չար ոգիներ են ապաստանել... Ո՞վ գիտե...
Երբ տանտիրուհիս հեռացավ, ես զգացի մի տարօրինակ թախիծ: Այդպես, ուրեմն, այդ թշվառ տան վրա ծանրացած է անեծք: Եվ ինչո՞ւ: Գուցե միայն այն պարզ պատճառով, որ վաճառականի զավակները բկացավով մեռնելուց հետո, տգիտաբար մոռացել են տունը ախտահանության ենթարկելու, նույնն են արել և հրեա ժամագործի զավակները մեռնելուց հետո: Ես կարեկցեցի թշվառ տանը՝ որպես մի շնչավոր էակի և այդ օրից իմ սիրտը լեցվում էր դառնությամբ ամեն անգամ, երբ հայացքս ընկնում էր նրա վրա: Նրա փակ լուսամուտները թվում էին ինձ դագաղի մեջ հանգչող մեռելի կոպեր, այնքան ծանր էր տպավորությունս:
— Բայց մի օր բացվեցին այդ փակ աչքերը, և ահա ինչպես, — շարունակեց բժիշկ Ախուրյանը, խմելով աբսենտի վերջին կաթիլները: — Իրիկնադեմ էր: Ես նստած էի լուսամուտիս առջև և կարդում էի նոր լույս տեսած մի ռուսերեն վեպ: Գլուխս բարձրացնելով՝ քարե սանդուղքի վրա տեսա մի բարձրահասակ մարդ: Նա աշխատում էր դեղնած թղթի կտորը կարդալ: Իհարկե, ոչինչ չկարողացավ որոշել և սանդուղքից իջավ: Ես տեսա նրա դեմքը, և հետաքրքրությունս շարժվեց: Դա տարօրինակորեն դժգույն և տարօրինակորեն անշարժ ու սառը մի կերպարանք էր: Նրա ուղղագիծ, երկայնաձև քիթը խնամքով կրճատած շիկավուն և կարծես քիչ ճերմակած ընչացքը, մաքուր սափրած կզակը, նրա քայլվածքը, ձևերը և, վերջապես, անըստգյուտ եվրոպական տարազի հագուստը ոչ մի նմանություն չունեին տեղական տիպերի հետ: Երևում էր, որ օտարերկրացի է և նորեկ:
Նա նայեց սառը հայացքով աջ ու ձախ, ըստ երևույթին, փնտրելով մեկին, որից տեղեկություններ կարողանար ստանալ այդ տան մասին: Ճիշտ այդ պահին մոտեցավ նրան անխուսափելի կոշկակարը և հաղորդեց այն, ինչ որ հաղորդում էր ամենքին: Տունը վարձով է տրվում, բայց անիծված է:
Ես կարծում էի, հարկավ, որ բարձրահասակ անծանոթը անմիջապես կհեռանա անիծյալ տնից մյուսների պես: Պատահեց հակառակը, թվաց ինձ, որ նա հետաքրքրվեց կոշկակարի խոսքերով և պահանջեց մանրամասնություններ. Հետո նա, վճռական մի շարժում անելով, ինչ-որ պատվիրեց կոշկակարին, որը դժգոհ դեմքով հեռացավ. Մի քանի վայրկյան անցած բարձրահասակ մարդուն մոտեցավ մեր փողոցի գավթապահներից մեկը, որին հանձնված էր անիծյալ տան հսկողությունը: Բարձրահասակ մարդը ձեռով մի դրական շարժում արավ: Գավթապահը առաջնորդեց նրան դեպի քարե սանդուղքը, բաց արավ իր գրպանից դուրս բերած մի բանալիով անիծյալ տան վերին հարկի դռները, և երկուսն էլ մտան այնտեղ: Մի քանի րոպե անցած՝ նրանք դուրս եկան, և ես տեսա, որ բարձրահասակ մարդը տվեց գավթապահին մի բուռ թղթադրամ և ինչ-որ պատվերներ ու հեռացավ հանդարտ քայլելով:
Պարզ էր, որ նա վարձեց բնակարանը: Արդարև, հետևյալ օրը վաղ առավոտյան վերի հարկի լուսամուտները բացվեցին: Ես նկատեցի, որ գավթապահը մի ուրիշ մարդու հետ սենյակները մաքրում են: Նույն օրը իրիկնադեմին անիծյալ տան առջև կանգնեցին երկու ծանր բեռնավորված սայլեր: Կահ-կարասի էին և խոհանոցի իրեր: Բոլորն էլ նոր գնված.Սայլերը դատարկվեցին, իրերը ներս տարվեցին, իրիկնադեմին դռների առջև կանգ առավ մի փակ կառք, նրա միջից դուրս եկավ նախ բարձրահասակ տղամարդը, հետո պարզ հագնված մի կին, ապա նրանց օգնությամբ երեսը թանձր քողով ծածկված մի ուրիշ կին, որ արագ քայլերով, գրեթե վազելով բարձրացավ քարե սանդղքով և մտավ տուն:
Այս բոլորը կատարվում էր այնպիսի լռությամբ ու խորհրդավորությամբ, որ ես հետաքրքրվում էի ավելի ու ավելի:
Հաջորդ առավոտ լուսամուտները մի երկու ժամ ևս բաց մնացին, այնուհետև նորեն փակվեցին ճիշտ այնպես, ինչպես առաջ, ես նորեն սկսեցի կարեկցել անիծյալ տանը: Կարծես դա մի մեռյալ էր, որ մի վայրկյան բաց արավ իր աչքերը, նայեց շուրջը, ծանր հառաչեց և նորեն մտավ իր սավանի մեջ:
Բժիշկ Ախուրյանը հառաչեց և սպասավորին հրամայեց մի-մի բաժին ևս աբսենտ բերել: Եվ, մի քանի անգամ ծխախոտի ծուխը ուժգին կլանելով, շարունակեց.
— Երեկոյին տանտիրուհիս մտավ սենյակս ու ասաց:
— Դուք գիտե՞ք, որ անիծյսլ տան վերին հարկը վարձել են:
— Գիտեմ: Ովքե՞ր են վարձողները:
— Չեմ կարող ասել: Կոշկակարի կինը զարմացած է: Նա ասում է, որ երբ իր ամուսինը այդ բարձրահասակ մարդուն հայտնել է, թե տունն անիծված է, նա ասել է, «Ինձ էլ իսկ և իսկ մի այդպիսի կացարան է հարկավոր»:
Եվ իսկույն վարձել է, առանց գինը սակարկելու:
— Տարօրինակ է, չէ՞, — հարցրի ես:
— Այո, շատ տարօրինակ է:
— Չե՞ք կարող, արդյոք, իմանալ, թե ով է այդ բարձրահասակ տղամարդը:
— Կոշկակարի կինը, երևի, շուտով կտեղեկանա ու ինձ էլ կասե, նա ինքն էլ շատ հետաքրքրված է:
Սպասավորը բերեց աբսենտը: Բժիշկը մի քանի վայրկյան զբաղվեց նրա պատրաստությամբ և, մի փոքր խմելով ասաց.
— Այժմ սկսվում է իմ պատմվածքը: Բայց թերևս դու արդեն իմ հառաջաբանից ձանձրացել ես:
— Օօ, ոչ, ընդհակառակը, ես պատրաստ եմ լսել քեզ թեկուզ մինչև կեսգիշեր, — գոչեցի ես ամենայն անկեղծությամբ, որովհետև իրավ որ նրա պատմվածքն ինձ հետաքրքրել էր:
Դյուրին չէ ինձ համար պատմել այդ բոլորը, բայց քանի որ սկսել եմ, պիտի ավարտեմ: Կաշխատեմ չերկարացնել: Այդպես, ուրեմն, մեռյալ բնակարանը նորեն մեռավ, մի պահ աչքերը բանալուց հետո: Ամբողջ մի շաբաթ նայում էի փակ լուսամուտներին, սպասելով, որ ահա-ահա պիտի բացվե մեկն ու մեկը նրանցից: Ոչ մի շարժում, ոչ մի նշան: Կարծես այդ բարձրահասակ տղամարդը, այդ սևազգեստ կինը, այդ ծառաները, վերջապես այդ սայլերն ու կահ-կարասին օդերևույթ էին, որ մի վայրկյան հայտնվեցին և չքացան անհետք:Կարծես քահանայի անեծքը գցեց նրանց անդունդը:
Վերջապես մի օր, առավոտյան մոտ տասը ժամին երբ ես հագնվում էի տնից դուրս գալու, դիմացի դռները բացվեցին և փողոց ելավ բարձրահասակ տղամարդը: Նա նայեց լուսամուտներին և, ըստ երևույթին, գոհ մնաց, որ նրանք փակ են: Հետո դարձյալ նույն զննող հայացքը ձգեց աջ ու ձախ և համր քայլերով գնաց չգիտեմ ուր:
Առաջին անգամն էր նա մի շաբաթվա ընթացքում տնից դուրս գալիս: Գոնե ես առաջին անգամն էի նրան տեսնում:
Նույն վայրկյանին, երբ ես ուզում էի սենյակից դուրս գալ, հանկարծ լուսամուտներից մեկի փեղկերը բացվեցին, և այնտեղ հայտնվեց մի երիտասարդ կին սև զգեստով, կրծքի վրամի խոշոր դեղին վարդ: Ձեռքը հենելով փեղկերից մեկի եզրին, նա ձգեց յուր հայացքը դեպի փողոց և մնաց անշարժ: Ես ակամա ցնցվեցի, նայելով այդ կնոջը, և մնացի բևեռված իմ տեղում: Միջահասակ էր նա, նազելի կազմվածքով, նրա մութ սև մազերը թանձր խուրձերով արձակված էին կիսով չափ բաց ուսերի վրա: Մի բարակ մանիշակագույն ժապավեն հարդարում էր այդ մազերը բարձր ճակատից վեր: Մի ուրիշ սևագույն ժապավեն գրկել էր նրա կարապյա սպիտակ պարանոցը: Նրա բաց գույնի խոշոր աչքերը նուրբ ունքերի տակից նայում էին դեպի անորոշ տարածություն: Նայում էին անշարժ, անթարթ, անկիրք՝ որպես արձան: Տարօրինակ էր այն աչքերի փայլը: Թվում էր, որ երբևէ ինչ-որ սարսափելի տեսիլ ահ է ազդել նրանց բիբերի վրա և այդ ահը այն ժամանակից դրոշմվել է այնտեղ առմիշտ, ինչպես լույսը՝ լուսանկարչական ապակու վրա:
Սքանչելի էր լուսամուտի շրջանակում այդ պատկերը ինձ համար, և այսօր ես կարող եմ նրան համեմատել միայն Մուռիլլոյի ստեղծագործության հետ: Ես ուրախ էի, որ կինն ինձ չի նկատում և կարող եմ անարգել հիանալ նրանով, ինչպես գեղարվեստական մի անզուգական գործով, բայց, ավաղ, տեսարանն երկար չտևեց: Կինը համր քայլերով հեռացավ լուսամուտից, ինչ-որ կանացի ձեռքեր փակեցին թե՛ ապակյա և թե՛ փայտյա փեղկերը: Անիծյալ տունը, որ պիտի օրհնվեր այդ վայրկյանից, նորեն կուրացավ:
Տեսարանը կրկնվեց և՛ հետևյալ, և՛ երրորդ, և՛ չորրորդ օրը, գրեթե նույն ժամին և միշտ բարձրահասակ տղամարդը տնից դուրս գալուց հետո: Եվ ոչ մի անգամ այդ կինը չնայեց իմ կողմը: Նրա ծովի նման ընդարձակ հայացքը միշտ ուղղված էր դեպի անորոշ տարածություն: Թվում էր, որ նրա մտքերը հեռու են, շատ հեռու ոչ միայն շրջակայքից, այլև այս աշխարհից:
Այդ պահից արդեն ես զրկվեցի հանգստությունից, քնից, ախորժակից: Ես կորցրի իմ վաղ երիտասարդական զվարթությունը, մոռացա իմ գրքերը, համալսարանը, ընկերներիս,ծնողներիս անգամ, ամենքին ու ամեն ինչ:
Միակ առարկան իմ խոհերի ու երազների դարձավ այդ խորհրդավոր էակը: Անկողնից վեր կենալով ես առավոտները վազում էի դեպի լուսամուտ, նստում այնտեղ ժամանակից շատ առաջ և հայացքս ձգում անիծյալ տան լուսամուտներին: Անիծյալ: Ո՛չ, այլևս ինձ համար նա անիծյալ չէր, այլևս ես էի, որ անիծում էի նրա անիծողին:
Մի քանի օր լուսամուտը չբացվեց: Ես տանջվում էի կատարելապես: Ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով — չէի մտածում: Գլուխս չէր գործում: Զգում էի միայն, որ իմ վարմունքը տղայականէ, անմիտ, անհաշիվ, որ ծիծաղելի է այդպես հանկարծակի հափշտակվել մի էակով, որի վայրկենական հայացքին չէի արժացանել տակավին և որի ձայնի մի հնչյունն անգամ չէի լսել: Ես նմանվում էի այն մոլեռանդ հավատացյալին, որի հոգեկան աչքերի առջև մի վայրկյան բաց էին արել վարագույրի ծայրը, ցույց տվել դրախտը և իսկույն վարագույրն իջեցրել, նա տանջվում է և կատաղում, առանց մտածելու — արժանի՞ էր, արդյոք, այդ դրախտը վայելելու: Սքանչելի պատկերը դարձել էր ինձ համար մի անխուսափելի ու անխորտակելի ուրվական, որ հալածում էր ինձ ցերեկն արթուն, գիշերը՝ երազումս: Թվում էր ինձ, որ ես ընկելեմ մի ոսկե օղակի մեջ և զգում էի, որ այդ օղակն օր-օրի և ժամ-ժամի վրա սեղմում է ավելի ու ավելի և սեղմում կոկորդս ավելի ու ավելի:
Բժիշկը խմեց երկրորդ բաժակի և վերջին կաթիլն ու շարունակեց.
— Մարդու նախազգացումներն երբեմն այնպես ճշտորեն իրականանում են, որ կամա-ակամա ուզում ես հավատալ, թե կա մի գազանի ուժ, որ ղեկավարում է մեր ճակատագիրը: Մի առավոտ լվացվելուց հետո, երբ երեսս սրբում էի, հանկարծ օդի մեջ մի ակնթարթ նկարվեց այդ կինը, ճիշտ այնպես, ինչպես էկրանի վրա մի պատկեր: Ես զգացի, որ իսկույն ևեթ նա պիտի երևա լուսամուտի մեջ և այս անգամ պիտի նայե ինձ. շտապով հագնվեցի, նստեցի լուսամուտիս քով, առջևս դնելով մի գիրք, ինչպես անում էի միշտ: Ես չէի տեսել բարձրահասակ սւղամարդի դուրս գնալը, բայց և այնպես համոզված էի, որ խորհրդավոր էակը պիտի անմիջապես երևար: Եվ իրավ, նա երևաց դարձյալ նույն հագուստով, դարձյալ դեղին վարդը կրծքի վրա: Այս անգամ նա վերցրեց մի աթոռ, նստեց, աջ արմունկը դրեց լուսամուտի հատակի վրա, գլուխը հենեց ձեռքի վրա և նույն անշարժ հայացքը հառեց հեռու: Ի՞նչ էր կորցրել նա այնտեղ կամ ի՞նչ էր փնտրում: Թվում էր շատ բան, թվում էր և ոչինչ, այնքան պաղ էր նրա հայացքը և այնքան, միևնույն ժամանակ, խոր:
Ես այլևս չէի աշխատում որսալ նրա հայացքը, նա ինքը պիտի նայեր ինձ: Ես այն ինքնագոհներից չէի, որոնք այնքան մեծ համարում ունեին իրենց մասին, որ երևակայում են, թե ոչ մի կին չի կարող իրենց մոտով անցնել անտարբեր: Բայց այնքան էլ տկար չէի, որ ինձ, համարեի ոչնչություն: Ես հավակնություն չունեի արժանանալ այդ կնոջ լուրջ ուշադրությանը: Արդեն նա այնքան բարձր էր իմ աչքում, այնքան հեռու ինձնից, որքան մի պայծառ, աստղ, մի չնչին մոլորակից, նայում էի նրան և սքանչանում նրա սքանչելի գեղեցկությամբ: Եվ օրհնում էի մտքումս բնության հանճարը, որ կարողացել էր ստեղծագործել մի այդպիսի հրաշալիք իմ անիմաստ, խելառ տվայտանքների համար:
Բայց ո՞ւմն է, արդյոք, այդ ստեղծագործությունը, ո՞վ է վայելում այս աստվածային գեղեցկությունը, մի՞թե այդ բարձրահասակ տղամարդը ժանտ կերպարանքով, եթե այդպես է,եթե նրանք ամուսիններ են, թող անիծվե կյանքը, որ տալիս է այդ տեսակ անարդարություններ…
Երջանիկ և սարսափելի վայրկյան… նա նայեց ինձ... ժպտաց... բայց ինչ տարօրինակ, ինչ անհասկանալի ու անգուշակելի ժպիտ, նա ինձ ուրախացրեց և վախեցրեց: Դա մի սքանչելի ժպիտ էր, բայց անիմաստ: Փայլեցին նրա կապտագույն աչքերը, բայց պաղ, ինչպես փիրուզաներ: Ես ցնցվեցի, թվաց ինձ, որ այդ կապարյա՝ անշարժ հայացքը թափանցեց ամբողջ էությունս, ինչպես հանկարծ ակի փչած մի սառն ու սուր հով: Բայց մի սառնություն էր դա, որ այրեց հոգիս: Ես այլայլվեցի, չկարողացա իմանալ հարկավո՞ր է ժպիտին ժպիտով պատասխանել, թե՞ ոչ: Գլուխս թեքեցի կրծքիս ու ձևացրի, թե կարդում եմ առջևս դրած գիրքը: Սիրտս ուժգին տրոփում էր, ես դողում էի ինչպես մի վեհերաս մանուկ, որին բռնել Էին գողության միջոցին: Այլևս ուժ չունեի այն կողմը նայելու: Իսկ երբ նայեցի, նա արդեն չքացել էր, թեև լուսամուտը դեռ բաց էր...
Իմ պատանեկան անարատ երևակայությունն արդեն բարձրացրել էր այդ խորհրդավոր էակին եթերը, և բոլոր խոհերը, բոլոր զգացումները թռչում էին դեպի նա: Ես ոչինչ չէի նշմարում շուրջս, ոչինչ չէի զգում, ո՛չ վշտերը մարդկային, ո՛չ ուրախությունները: Աշխարհը և համայն տիեզերքն ինձ համար ամփոփված էին նրա մեջ: Նրանով էի միայն ապրում, նրանով շնչում: Ես մի ագահ էի, որ հանկարծակի գտել էի մի գաղտնի գանձ և դողում էի նրա մասին: Նա ինքը չի կարող այդ գանձը վերցնել, բայց չի էլ ուզում, որ մի ուրիշը գիտենա նրա տեղը, վախենալով միգուցե հափշտակեն նրան: Խոսել նրա մասին որևէ մեկի հետ ես համարում էի և՛ հանցանք, և՛ տխմարություն: Հանցանք, որովհետև մարդիկ, մանավանդ իմ մտերիմ ընկերները կարող էին այս կամ այն ակնարկով վիրավորել իմ սրբությունը: Տխմարություն, որովհետև ես կարող էի դառնալ ծաղրելի հենց միայն, այն պարզ պատճառով, որ խելագարի պես սիրահարվել էի մի կնոջ վրա, որի ով և ինչ լինելը տակավին չգիտեի և որի հետ մի բառ անգամ չէի փոխանակել:
Եվ այսպես, ինքս իմ մեջ ամփոփված տառապում էի, լուռ, անտրտունջ և անհաշիվ:
— Ի՞նչ է պատահել ձեզ, որ միշտ նստած եք տանը, — հարցնում էր տանտիրուհիս, այդ բարի կինը:
— Զբաղված եմ, դասեր եմ պատրաստում, ասում են համալսարանը շուտով բացվելու է, — ստում էի անամոթաբար ես, որ չէի էլ մտածում ուսման մասին:
Նույն պատասխանն էի տալիս և՛ իմ ընկերներին ու ծանոթներին, երբ պատահում էր, որ սենյակիցս դուրս էի գալիս որևէ ստիպողական գործով:
Իսկ նա ամեն օր երևում էր լուսամուտի առջև սև զգեստով և միշտ մի դեղին վարդ կրծքի վրա:
- Հաջորդը: Զուր հույսեր
- Նախորդը: Արամբին գլուխ 14