Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Արսեն Դիմաքսյան

Արսեն Դիմաքսյան



XVII


Մոտ երկու շաբաթ անկողնում պառկելուց հետո Բարաթյանը կարողացավ, վերջապես, ոտքի կանգնել։ Բայց նա բոլորովին չէր առողջացել։ Բժիշկներից ոմանք խորհուրդ էին տալիս նրան գնալ արտասահման և այնտեղ ենթարկվել մի դժվարին օպերացիայի, եթե կամենում է մի անգամ ևեթ արմատապես բժշկվել ժառանգական ցավից։ Եվ նա մտադիր էր հետևել նրանց խորհրդին։

Առայժմ նա կարգադրում էր յուր հայրական գործերը: Նա վճարեց յուր բոլոր պարտքերը և, ժառանգությունը հաստատելով յուր անունով՝ ապահովեց իրան բոլորովին։ Այժմ նա իրան զգում էր ավելի բախտավոր, քան երբևէ զգացել էր։ Թվում էր նրան, որ դրամական վարկի հետ նորից ամրանում է և յուր բարոյական վարկը։ Հասարակությունը այլևս առաջվա պես չէր զբաղվում նրա ընտանեկան կյանքով, և կարծես ամենքը սկսել էին մոռանալ նրա մասին տարածված աննպաստ լուրերը։

Երբեմն նա հիշում էր այրի Բախտամյանից ստացած վիրավորանքը, բայց հիշում էր վայրկենաբար, առանց երկար մտածելու այդ մասին։

«Բարոյական վիրավորանքը,— ասում էր նա ինքն իրան,— այն ժամանակ է ազդու, երբ կատարվում է հրապարակորեն։ Այդ կինը երբեք չի համարձակվիլ ուրիշին հաղորդելու ապտակի մասին, ուրեմն ինչո՞ւ արյունս պղտորեմ մի չնչին բանի համար։ Այո՛, մարդիկ շատ անգամ ոչինչ բանից իրանց համար տանջանք են ստեղծում։ Ճշմարիտ էր ասում հայրս, թե ինչքան քիչ մտածես վերքիդ մասին, այնքան նա քեզ քիչ ցավ կպատճառի…»։ Այո՛, այո, չմտածել, այլ ապրել է հարկավոր և միայն ապրել…»։

Հաճախ նա տեսնվում էր Վեքիլյանի հետ։ Նրանց հարաբերությունները շարունակվում էին առաջվա ուղղությունով, թեև զգալի էր, որ իրավաբանը յուր սրտում ամեն կերպ աշխատում էր թաքցնել մի տեսակ ատելություն դեպի յուր ընկերը։

Առավոտ էր։ Թեյի բաժակը առջևը դրած, Բարաթյանը կարդում էր օրվա լրագիրները, երբ ներս մտավ Վեքիլյանը բոլորովին անսպասելի։ Երբեք նա այդպես վաղ չէր այցելել յուր ընկերոջը։

— Ես եկել եմ մի անհետաձգելի և կարևոր գործի համար,— ասաց նա լուրջ ձայնով,— և այսպես վաղ եկա, որ քեզ տանը տեսնեմ։ Լսի՛ր, այրին ուզում է Պյոտր Սոլոմոնիչի կտակի դեմ դատ բաց անել։

— Մի՞թե,— արտասանեց Բարաթյանը անտարբեր։

— Ես այդ իմացա եթեկ գիշեր կլուբում։ Այնտեղ քեզ շատ պտրեցի, բայց չտեսա…

— Երեկ թատրոնից գնացի Կրուժոկ ընթրելու։ Ո՞ւմ միջոցով է ուզում դատ բաց անել։

— Փաստաբանի։

— Միթե կա՞ այնպիսի փաստաբան, որ այդ գործը հանձն առնի։

— Կան փաստաբաններ, որոնք ոչ մի գործից չեն հրաժարվում։ Այրին մի այդ տեսակ մարդու է դիմել։

— Աա՜,— արտասանեց Բարաթյանը անորոշ,— ուրեմն նա քո և Ամբակում Աֆանասևիչի դեմ վատ խա՞ղ է սկսում…

— Ինչո՞ւ միայն իմ և Ամբակում Աֆանասևիչի, գուցե և մի ուրիշի դեմ,— նկատեց Վեքիլյանր խորամանկությամբ։

Լուրը Բարաթյանի վրա վատ տպավորություն էր գործել, իսկ իրավաբանի վերջին նկատողությունը ավելի վախեցրեց նրան։ Նորից նրա աչքի առջև պատկերացավ դատաստանի խայտառակ պերսպեկտիվը, նորից նա յուր անունը, պատիվը և վարկը տեսավ հասարակության բամբասանքին ենթարկված։

— Միթե տիկինը այդ բանը կանե՞,— հարցրեց նա, դեռևս կարողանալով զսպել յուր վրդովմունքը։

— Եթե չկամենա էլ, փաստաբանը անպատճառ կհամոզի նրան անել։

— Բայց կհաջողվի՞ նրան դատը։

— Դժվար է նախագուշակել. օրենսդրության մեջ կան այնպիսի բաց տեղեր, որոնք շատ անգամ ճարպիկ փաստաբանի ձեռքում հաջող գործիք են դառնում: Ես այդ դատից վախենում եմ։

— Վախենալով բան չի լինիլ, պետք է գործել։ Ինչ ե՞ս մտադիր անելու։

Վեքիլյանը մի քանի վայրկյան մտածեց, ապա դրական եղանակով պատասխանեց.

— Իմ խորին համոզմունքով, քանի որ գործը սկսված չէ, պետք է նրան խափանել։ Եթե այրին մինչև անգամ բոլորովին էլ դատը տանուլ տա, դարձյալ դատաստանական պրոցեսը վտանգավոր է։ Չեմ կարող ասել, թե նա ում նյութականին կվնասի, բայց թե բարոյական վնաս կունենա — դա անհերքելի է։

— Չեմ հասկանում ասածդ։

— Պետք է ասած,— շարունակեց Վեքիլյանը նույն եղանակով, որ այդ տեսակ գործերում շատ անգամ մի երրորդ, չորրորդ, մի չեզոք համարված մարդ ավելի է պատժվում,— բարոյապես եմ ասում,— քան թե դատին անմիջապես խառը մարդիկ…

Այս անգամ ակնարկը կարոտ չէր բացատրության, սակայն Բարաթյանը դարձյալ փորձեց չգիտցող ձևացնել և ասաց.

— Այո՛, քո ասածը ճիշտ է, այդ պատահում է, ուրեմն աշխատիր դատի առաջն առնելու…

— Ես կկամենայի, որ դու էլ մեզ օգնես այս գործում։ — Ես ի՞նչ կարող եմ անել։

— Պետք է փաստաբանին կաշառել։

— Կաշառե՞լ։

— Այո՛, դա միակ միջոցն է խայտառակ դատից ազատվելու համար։

— Էէ՜, շատ լավ, ինչո՞ւ չես կաշառում։

— Երեկ գիշեր Ամբակում Աֆանասևիչը և ես վճռեցինք այս գործը քեզ հանձնել։

— Ի՞նձ։

— Այո՛։

— Ինչո՞ւ։

— Որովհետև թե՛ ինձ և թե նրա համար անհարմար է։

— Բայց ես ինչո՞ւ պիտի խառնվեմ այդ գործին։

— Այդ կարծեմ, քեզ ավելի հայտնի պետք է լինի, քան թե ինձ…

Բարաթյանը նայեց ընկերոջ երեսին և, աշխատելով անփույթ ժպտալ, արտասանեց.

— Դու, երևի, ինձ հետ կատակ ես անում։

— Երբե՛ք։

— Ուրեմն ավելի պարզ խոսիր։

Իրավաբանը մի առժամանակ լռեց, սեղմեց շրթունքները ատամներով և, վերջապես, ուղիղ նայելով Բաբաթյանի երեսին, ասաց.

— Լսի՛ր, դու միշտ եղել ես զգույշ, խոհեմ և խելոք։ Հենց այդ հատկություններիդ համար ես քեզ միշտ հարգել և այժմ էլ հարգում եմ։ Այս անգամ էլ եղիր զգույշ, խոհեմ և խելոք, մի՛ ստիպիր ինձ ամեն բան բացատրել, հասկացիր, որ քո անունին վտանգ է սպառնում։

Բարաթյանը լռեց և ընկավ մտատանջության մեջ։ Նա չէր կամենում իսկույն, առանց ընդդիմադրության, ենթարկվել յուր ընկերոջ կամքին։

— Գիտե՞ս,— ասաց նա,— դու ինձ շատ վատ առաջարկություն ես անում. կաշառել և կաշառք վերցնել — միևնույն հանցանքն է։

— Հանցա՞նք,— կրկնեց Վեքիլյանը, հեգնորեն ժպտալով,— երանի քո և իմ հանցանքը միայն այդ լիներ… համառություն մի՛ անիր, դու ստիպված ես երկու շարքից փոքրագույնը ընտրել։

— Ինչո՞ւ եմ ստիպված,— գոչեց Բարաթյանը վերջապես, չկարողանալով զսպել յուր վրդովմունքը։

— Ինչո՞ւ… Լա՛վ, քանի որ ուզում ես իմանալ, լսի՛ր, ուրեմն։ Ստիպված ես դու, ինչպես և՛ ես, որովհետև այրիի դատը կարող է մեր երկուսի անունին կպցնել մի կարճ ածական— գող։

— Վեքիլյա՛ն:

— Իզուր ես վրդովվում։ Այո՛, ես ու դու գող ենք։ Զանազանությունը միայն այն է, որ ես հասարակ գող եմ, իսկ դու պատվի գող։ Թողնում եմ քեզ դատելու, թե որն է այս երկուսից ավելի վատը։ Բարաթյան, մենք միմյանց շատ լավ ենք ճանաչում, այնպես չէ՞, տեսնո՞ւմ ես, որ ես ճշմարտությունը քեզանից չեմ թաքցնում։ Ուրեմն դու էլ ինձ հետ անկեղծ եղիր գոնե մի օր, մի ժամ։ Ամբակում Աֆանասևիչը և ես օգտվել ենք հանգուցյալի հարստությունից, թե ինչու — դա կպարզվի դատաստանում։ Իսկ դու հափշտակել ես նրա պատիվը. թե ինչպե՛ս — դա էլ կպարզվի դատաստանում։ Այո՛, ես համոզված եմ, որ ինչքան էլ դատը զգույշ տարվի, պետք է այս գաղտնիքները պարզվեն։ Այրին խելոք կին չէ. նա չի մտածում յուր անվան մասին, կամ շատ կարելի է մտածում է, բայց չէ՞ որ հուսահատված մարդը կորցնում է յուր առողջ դատողությունը։ Իսկ դու խելոք ես, գոնե դո՛ւ մտածիր քեզ համար…

Բարաթյանը չհակառակեց։ Նա լուռ և հուզված լսում էր, միևնույն ժամանակ ատելությամբ նայելով իրավաբանի երեսին։

— Վճռի՛ր և իսկույն հանձն առ,— շարունակեց Վեքիլյանը,— որովհետև անկարելի է գործը հետաձգել։ Վաղը կամ մյուս օրը փաստաբանը կարող է դատաստանին խնդիր ներկայացնել։ Այդ մարդուն կաշառելը դժվար բան չէ, բայց դա բավական չէ։ Դրանով մենք կարող ենք միայն ստիպել նրան գործից հրաժարվել։ Բայց ուրիշ փաստաբաններ շատ կան։ Անհրաժեշտ է այրիին էլ կաշառել։ Վերջապես, ես ինքս այժմ տեսնում եմ, որ անգթություն է խեղճ կնոջը թողնել այժմյան դրության մեջ։ Բայց այդ արդեն իմ և Ամբակում Աֆանասևիչի գործն է. մենք վճռել ենք նրան մի կերպ գոհացնել։

Երկար խորհրդակցելուց հետո, վճռեցին այսպես անել. Վեքիլյանը հենց այսօր ևեթ Բարաթյանին կլուբում հասարակ կերպով կծանոթացնի այրիի փաստաբանի հետ։ Բարաթյանը խոսք բաց կանի ապագա դատի մասին, իհարկե, զգուշությամբ, որ փաստաբանին չխրտնեցնի։ Իբրև հոգաբարձու նա իրավունք ունի պաշտպանել Ներսեսյան դպրոցի շահերը, որովհետև եթե կտակը քանդվի, դպրոցն էլ կզրկվի յուր մասից։ Այսպիսով, նա փաստաբանին կներկայանա ինչպես մի հիմնարկության շահերի պաշտպան, և ինքնըստինքյան ոչ մի կասկած չի կարող տեղի ունենալ։

Այդ օրից սկսած Բարաթյանը հանգստություն չուներ: Նա մոռացավ ամեն ինչ և սկսեց հետամուտ լինել, որ մի կերպ խայտառակ դատի առաջն առնի։ Չնայելով, որ արդեն լրացել էր յուր որոշած ժամանակամիջոցը, նա դեռ չէր մտածում երեխաներին բերել տալ Գայանեի մոտից։ Այնինչ ամառվա շոգերը վրա էին հասել, հարկավոր էր երեխաներին ամառանոց ուղարկել։

Տիկին Սալամբեկյանը յուր սանիկներին արձակուրդ էր տվել։ Մնում էին նրա մոտ միայն մի քանի գիշերօթիկներ, որոնց ծնողներն օտար քաղաքներումն էին։ Նա խնդրում էր Գայանեին վերցնել երեխաներին և նրա հետ միասին տեղափոխվել մոտակա գյուղերից մեկը, ուր նա ամառանոց էր վարձել։ Բայց Գայանեն դեռ չէր վստահանում այդ անելու։ Օր-օրի վրա նա սպասում էր, թե ահա ներս կմտնի Բարաթյանի ծառան և կպահանջի երեխաներին։ Սարսափով, այո, կատարյալ սարսափով նա երևակայում էր այն րոպեն, երբ նա ստիպված պետք է լիներ բաժանվել նրանցից։ Մի ամսվա ընթացքում նա այնպես ընտելացել էր յուր զավակների ներկայությանը, որ դժվարանում էր հավատալ, թե կարող է մի օր անգամ առանց նրանց ապրել։

Երկդիմի վիճակը օրեցօր ազդելով, դարձրել էր նրան նյարդային, անհամբեր. ամեն անգամ երբ նայում էր երեխաների անմեղ աչքերին, հիշում էր նրանց դրությունը, նրա սիրտն էր մորմոքվում: Պետք է վերջ տալ այդ վիճակին, դժվար է, անհնարին է երկար ապրել այդ անորոշության մեջ։

Եվ ոչ մեկը չէր կարողանում նրան մի որոշ ելք ցույց տալ։ Տիկին Սալամբեկյանը ճգնում էր ամեն կերպ մխիթարել նրան։ Աշխատում էր համոզել, թե չպիտի շատ փափկասիրտ լինել, թե երեխաներն իրանց հարազատ հոր մոտ պետք է գնան և ոչ թե օտարի, թե Գայանեն նրանց դարձյալ կտեսնի և այլն, և այլն…

Երբեմն նա փորձում էր մինչև անգամ ամաչացնել Գայանեին, կպչելով նրա ինքնասիրությանը։

— Չգիտեմ, ինչպե՛ս ես համարձակվում ուսումնարան բաց անել՝ ուրիշների երեխաներին կրթելու, երբ քո սիրտը միայն քո զավակներին ես նվիրել։ Ոչ, դու եսասեր ես, թույլ ես, դու չես կարող դաստիարակ լինել…

Այս խոսքերը զուր չէին անցնում, ազդում էին Գայանեի վրա։ Նա սկսեց մտածել, որ իրավ ինքը չափազանցության է հասցնում յուր մայրական սերը։ Այո՛, պետք է վերջապես զսպի յուր զգացումները հենց նույնիսկ յուր զավակների ապագայի մասին պարզ մտքով խորհելու համար։ Եվ ահա նա ինքն յուր մտքում աշխատում էր հաշտվել նույնիսկ ծայրահեղ թշվառության հետ։ Նա երևակայում էր ամենամեծ դժբախտությունը, այն է, որ ինքն իբրև թե բնավ զրկված է երեխաներից։ Ի՞նչ պետք է անել, չէ՞ որ կան մայրեր, որոնք թաղել են իրանց բոլոր զավակներին. հապա ինչպե՞ս են նրանք կրում իրանց վշտերը։ Վերջապես, ինչո՞ւ հուսահատվել, խոմ այդ երեխաները պետք է մեծանան, պետք է հասկանան իրանց դրությունը։ Այն ժամանակ նրանք իրանց կամքով կգան իրանց մոր մոտ… Այո, պետք է ապրել նրանց մի օր բախտավոր տեսնելու համար…

Այս խորհրդածությունները հետզհետե ամրացնում Էին նրա հոգին։ Նա վճռեց արիությամբ սպասել ամեն տեսակ հարվածների։ Ահա ինչու երբ, վերջապես, Բարաթյանը ծառային ուղարկեց երեխաների հետևից, նա շատ էլ չհուսահատվեց։ Նա խնդրեց բժիշկ Սալամբեկյանին մի անգամ ևս միջամտել։ Թող Բարաթյանը թույլ տա Թամարին հանձնել տիկին Սալամբեկյանի պարտեզը, իսկ Լևոնիկին պահել յուր մոտ մինչև աշուն։

Բժիշկն անմիջապես գնաց Բարաթյանի մոտ։ Հակառակ սպասածին, Բարաթյանը նրան այս անգամ ընդունեց սիրով։ Նա հոգեկան լավ տրամադրության մեջ էր։ Բանն այն էր, որ մի քանի օր առաջ հաջող կերպով գործն ավարտել էր այրի Բախտամյանի փաստաբանի հետ։ Վերջապես, Վեքիլյանը և Ամբակում Աֆանասևիչն էլ գոհացրել էին այրիին, նշանակելով նրա համար առանձին թոշակ։ Այսպիսով, դատի առաջն առնվել էր և թե՛ Բարաթյանի, թե՛ Վեքիլյանի ու Ամբակում Աֆանասևիչի անունները ազատվել էին սպառնացող վտանգից։

Այժմ Բարաթյանը զբաղված էր քանի մի մանր գործերով, որոնց վերջացնելուց հետո պետք է ուղևորվեր արտասահման։ Նա սաստիկ ցանկանում էր ճանապարհորդել, «մի փոքրիկ ազատ օդ շնչել»։ Նա ինքն ուրախ էր այժմ առանց երեխաների ապրել՝ բոլորովին համոզված, որ իրանց մոր մոտ նրանք ավելի լավ են խնամվում։ Ծառային նրանց հետևից ուղարկվելը արտաքին պատճառ ուներ. նա ուզում էր ցույց տալ, որ յուր զավակներին չի մոռացել։ Իսկ վճռել էր ստիպողական դիրք չընդունել, եթե Գայանեն մի փոքրիկ անգամ ընդդիմություն ցույց տա։

Յուր իսկական միտումները բժիշկ Սալամբեկյանից թաքցնելով, նա արտաքուստ դարձյալ համառվեց երեխաներին իրանց մոր մոտ թողնելու։ Սակայն երբ բժիշկը սկսեց թախանձել, նա, իբր թե ակամա արտասանեց.

— Թող քո ասածը լինի, ես խղճում եմ այդ կնոջը…

Բժիշկը զգացված հայտնեց յուր շնորհակալիքը և շտապեց ուրախալի լուրը Գայանեին հաղորդել։

Նրա դուրս գալուց հետո Բարաթյանի դեմքը սկսեց փայլել։ Նա ինքն իրան ասաց.

«Այժմ դու կրկին անգամ ամուրի ես և ազատ… ապրի՛ր, ինչպես ուզում ես…»։

Նրա աչքերի մեջ ցոլաց անսովոր երիտասարդական զվարթություն, նա սկսեց ուրախ-ուրախ շվացնել… Մի քանի օր անցած Գայանեն Սալամբեկյանների հետ ուղևորվեց ամառանոց։ Այժմ նա այլևս չէր մտածում ապագայի մասին։ Նա երջանիկ էր, որ երեխաներին անորոշ ժամանակով իրան էին հանձնել։ Իսկ հետո՞… հույս աներ այլևս հավիտյան չբաժանվել նրանցից…


XVIII


Ամառվա ճիշտ այն միջոցն էր, երբ յոթ տարի առաջ Դիմաքսյանը Թիֆլիսի փողոցներն ընկած յուր համար բնակարան էր փնտրում։

Քաղաքը կիսով չափ դատարկվել էր, բոլորը քիչ թե շատ միջոց ունեցող ընտանիքները հեռացել էին ամառանոցները։ Կյանքը թմրել էր, փողոցներում շարժում չէր երևում։ Օրը մինչև երեկո մարդիկ արևի տապից պատսպարվում էին իրանց տներում, խանութներում։ Շրջակա լեռների ու դաշտերի խոտը չորացել էր, դեղնել ու կպել երկրին։ Քուռ գետը փոքրացել էր, մեղմվել, մտել յուր նեղ շավիղի մեջ և ընթանում էր մռայլ ու դանդաղ։ Տխուր ու ճնշող տպավորություն էր անում առհասարակ քաղաքն յուր տեսքով։ Երեք կողմից շրջապատված մերկ լեռներով, կարծես, պարփակված լիներ մի եռանկյունի կաթսայի մեջ, ուր մարդիկ դատապարտված էին տապակվելու հեղձուցիչ մթնոլորտում։

Միայն երեկոյան մութը ընկնելիս օդը մի քիչ թեթևանում էր։ Այդ ժամանակ բնակիչները տներից թափվում էին դուրս, քաղաքը փոքր-ինչ կենդանանում էր։ Այգիները լցվում էին, փողոցներում սկսում էր շարժում, ձիաքարշի կառքերը անդադար անցնում էին այս ու այն կողմ ուղևորներով լի։ Եվ այդ շարժումը տևում էր մինչև ուշ գիշեր, այնուհետև քաղաքը նորից նիրհում էր մինչև հետևյալ երեկո։

Մսերյանը ոչ մի տեղ չգնաց ամառելու։ Նա անբաժան բնակվում էր յուր առաջվա բնակարանում։ Օրերը նրա համար անցնում էին միատեսակ, ձանձրալի, տխուր։ Ցերեկը երկու երեք ժամ լինում էր յուր պաշտոնատեղում, հետո գալիս էր տուն, ճաշում, քնում և շարունակ կարդում։

Երեկոները որոշյալ ժամին նա դուրս էր գալիս զբոսնելու: Երբեմն այցելում էր մի փոքրիկ պարտեզ, ուր հասարակ սեղանների շուրջը հոգնած, վաստակած և շոգից թուլացած մարդիկ նստած խոսակցում էին, մերթ ընդ մերթ գարեջրի դատարկ բաժակները սեղանին զարկելով, որ սպասավորը գա նորից լեցնելու։

Նա միշտ նստում էր առանձին սեղանի մոտ և մի շիշ գարեջուր առջևը դրած դիտում էր այցելուներին։ Նա ուներ մի քանի ծանոթներ, որոնց միայն հեռվից բարևում էր։ Նա դարձյալ խույս էր տալիս հասարակությունից, ուստի շատերը նրան համարում էին անմատչելի, գոռոզ, մինչև անգամ տարօրինակ, խենթ։ Դիմաքսյանի բացակայութլունը նրա տաղտկությունը ավելացնում էր։ Վերջին նամակը ստանալուց անցել էր մի շաբաթ, և նա դեռ չէր գալիս։ Ի՞նչն է, արդյոք, այդ մարդուն պահում հայրենի քաղաքում, քանի որ նա երբեք այդքան ժամանակ չի մնացել այնտեղ։

Իրիկնադեմ էր։ Թեյ խմելուց հետո Մսերյանը նստած էր յուր սենյակի առջև գտնվող պատշգամբի վրա։ Արևը նոր մայր էր մտել, օդի մեջ թողնելով ծանր տոթ։ Փոքրիկ գավթում ոչ ոք չկար։ Տանտիրուհու բադերը լողում էին մի մեծ քարյա ջրամանում, երբեմն դուրս գալով ցամաք և իրանց թևերը թափահարելով։

Մսերյանը թղթատում էր մի նոր գիրք, որ այն օրն էր գնել։ Երբեմն նայում էր գրքի էջերին, երբեմն դեպի երկինք։ Այնտեղ, դիմացի հեռու լեռան հետևից բարձրանում էր սպիտակ ամպերի մի սար, որ հետզհետե ուռչում էր, լայնանում և զանազան ձևեր ընդունում։ Արևի վերջին շողքերը արագ-արագ փոփոխում էին նրա գույնը, ներկելով մերթ մանիշակագույն, մերթ դեղին, մերթ կարմիր և այդ գույների խառնուրդից առաջացնում տասնյակ ֆանտաստիկական երանգներ։

Պատշգամբի մյուս ծայրին նստած էր տանտիրուհին — մի պառավ վրացի կին — յուր յոթ-ութ տարեկան թոռան հետ։ Դա մի սևաչյա, գեղեցիկ, աշխույժ աղջիկ էր, որ շարունակ բարձր ձայնով ծիծաղում էր, խփելով յուր տատի ծնկներին, ուսերին, ձեռներին։ Ժամանակ առժամանակ Մսերյանը նայում էր այն կողմ և ժպտում։ Դեռահաս աղջկա անզուսպ քրքիջները որ բխում էին մանկական անհոգ սրտից, մի տեսակ մելամաղձոտ հաճույք էին պատճառում նրան։ Մի րոպե ձեռը դնելով գրքի վրա, նա մտքով սլացավ դեպի յուր մանկությունը, այդ տասնյակ տարիների թանձրության հետևում կորած, մոռացված հեռավոր անցյալը։ Շատ քիչ բան էր հիշում այդ անցյալից կամ ոչինչ չէր հիշում։ Թվում էր նրան, որ երբեք չի ունեցել ոչ միայն մանկություն, այլև պատանեկություն, այլև երիտասարդություն, որ միշտ եղել է այնպես, ինչպես կա այժմ — յուր ներկա մտքերով, հոգսերով և թախիծով։

Ահա լրացավ նրա քառասուն տարին — չորս ամբողջ տասնյակներ։ Միթե այդ չի՞ ծերությունը։ Ի՞նչ է արել մինչև այժմ, ի՞նչ կյանք է ունեցել, ի՞նչ ուրախություն, ի՞նչ մխիթարություն։ Մի՞թե ոչինչ և ոչինչ։ Օրերը անցնում են իրանց սովորական ընթացքով, այսօրը նման երեկվան, վաղը՝ այսօրվան և այսպես միշտ ու շարունակ… Կհասնի մի օր վերջին ժամը, և նա այլևս չկա աշխարհի երեսին բոլոր յուր գաղափարներով, բոլոր յուր իղձերով…

Իղձե՞ր։ Արդյոք ունեցե՞լ է նա իղձ… Ինչո՞ւ չէ, ունեցել է և այժմ իսկ ունի… Նա շատ է վհատվել, բայց երբեք չի կորցրել յուր հույսը մարդկության լավագույն ապագայի մասին։ Նա միշտ հավատացել է, այժմ էլ հավատում է, թե ամեն ինչ պետք է փոխվի, վերանորոգվի։ Բայց այն ի՞նչ հավատ է եղել, որ չի ստիպել նրան գործվելու յուր գաղափարների համար։

Այո՛, ժամանակ է, որ նա ինքն իրան հաշիվ տա, ժամանակ է, որ ինքն իրան հարցնի — ի՞նչ նպատակի է ծառայում յուր կյանքը։ Մի՞թե ապրում է նրա համար, որ գիշեր֊ցերեկ կարդա և կարդում է նրա համար, որ օրեցօր ավելի ու ավելի ծուլանա…

Ոչ, ոչ, այդ անկարելի է, պետք է մի կերպ վերջ տալ այս վհատեցնող, մեռցնող միատեսակությանը։ Աններելի է, այո՛, մինչև անգամ կատարյալ բարոյական հանցանք է այս տեսակ բուսական կյանք վարելը…

«Կյանք, որից ոչ ոք ոչինչ օգուտ և ոչինչ վնաս չունի…»։

Նա գիրքը արհամարհանքով ձգեց մի կողմ, արմունկները հենեց պատշգամբի վանդակապատին և յուր մտախոհ հայացքը հառեց անորոշ տարածության մեջ: Նրա խաղաղ հոգու մեջ բարձրացել էր անսովոր մրրիկ, նրա անդորր թախիծը տեղի էր տվել այն ծանր ինքնադժգոհությանը, որ չափահաս տղամարդի մեջ առաջացնում է դառն տանջանք:

Եվ մինչ նա յուր մտքերի մեջ խորասուզված էր, հանկարծ նրա ականջին հասավ մի ձայն. Նա լսեց յուր անունը, նայեց աջ ու ձախ — ոչ ոք չկար, նայեց դեպի գավիթ և բացականչեց.

— Արսե՜ն…

Մսերյանը անսովոր աշխույժով ոտքի թռավ, վազեց առաջ։ Երկու ընկեր գրկեցին միմյանց։ Երբեք իդեալիստն այնքան չէր ուրախացել յուր ընկերոջը տեսնելով, որքան այժմ, ընդամենը երկու ու կես ամիս նրան չտեսնելուց հետո։

— Ո՞ւր էիր, ինչո՞ւ ուշացար, առո՞ղջ ես, ուրա՞խ ես,— հարցնում էր նա շտապով։

Դիմաքսյանր և՛ առողջ էր, և՛ զվարթ, գոնե այսպես երևաց ոչ միայն նրա խոսքերից, այլև ձայնից, դեմքից և բոլոր շարժումներից։

— Երդվում եմ,— գոչեց նա, պատշգամբի վրայից վերցնելով գիրքը և վանդակապատի վրա դնելով,— որ քեզ ճիշտ այն դրության մեջ եմ գտնում, ինչպես ճանապարհին երևակայում էի։

— Ինչպե՞ս…

— Նստած պատշգամբի վրա, գիրքն առջևդ դրած, միայն թեյն է պակասում… Բայց սպասի՛ր, այդ արդեն չէի երևակայում, հեր օրհնած, մի՞թե կարելի է այդպես նիհարել…

Մսերյանը հառաչելով ժպտաց և ոչինչ չասաց։ Հրավիրեց ընկերոջը ներս։ Օրն արդեն մթնում էր։ Սենյակի լուսամուտները բաց էին, օդը բավական զովացել էր։ Մսերյանը յուր ձեռքով վառեց կանթեղը, հարցրեց Դիմաքսյանին, արդյոք թեյ կկամենա՞ խմել։

— Ես արդեն խմել եմ հյուրանոցում։

— Հյուրանոցո՞ւմ, միթե դու այնտե՞ղ ես իջևանել:

— Այո՛։ — Ինչո՞ւ ոչ քո բնակարանը։

— Որովհետև շատ կարճ ժամանակով եմ եկել։

— Այն ժամանակ ինձ մոտ կիջևանեիր։

— Դու էլ չպիտի մնաս այստեղ։ Բայց այդ դեռ թողնենք։ Պատմիր ինձ, ի՞նչ կա այստեղ, ի՞նչ են խոսում մարդիկ, ի՞նչ գործի են։

Մսերյանը համառոտ պատասխանեց, թե նրա գնալուց հետո ոչինչ փոփոխություն չի եղել, մարդիկ նույնն են, ինչ որ առաջ, հասարակական կյանքը դարձյալ թմրել է, մտքերի կռիվ չկա, վերջապես ամենքը ցրվել են ամառանոցները։

— Մինչև անգամ բժիշկ Սալամբեկյանն էլ,— ավարտեց նա յուր խոսքը մի անսովոր եղանակով, որի մեջ զգացվում էր մի տեսակ դառն հեգնություն։

— Բժի՞շկը,— կրկնեց Դիմաքսյանը և մի փոքր լռեց, ապա ավելացրեց,— երևի նա այժմ բախտավոր է…

— Պետք է կարծել…

Նրանք լռեցին։ Մսերյանը դարձյալ հառաչելով երեսը մի կողմ դարձրեց։ Նույն վայրկյանին նա ձեռով մի շարժում գործեց, կարծես, մի միտք իրանից հեռացնելու համար:

— Աա՛, մոռացա ասել,— գոչեց նա նորից զվարթանալով,— ես մի ուրախալի նորություն եմ իմացել:

— Այն է՞։

— Որ գավառներում մեծ հարգանք ես վայելում:

— Ինչպե՞ս, միթե դու գնացել էիր գավառնե՞րը:

— Ոչ, ես այստեղ իմացա։ Կա այստեղ մի փոքրիկ պարտեզ, ուր մի գերմանացի գարեջուր է ծախում։ Երբեմն ևս երեկոները գնում եմ այնտեղ կես ժամ, մի ժամ նստելու։ Դա մի տեսակ ամառային կլուբ է, ուր մեծ մասամբ հավաքվում են գավառներից եկած վարժապետներր։ Ի՜նչ խեղճ կերպարանք ունեն այդ մարդիկ և ինչպե՜ս շատախոս են։ Շատ անգամ հեռվից լսում եմ նրանց խոսակցությունը, չկարծես հետաքրքրությունից դրդված, այլ որովհետև այդ մարդիկ միշտ բարձր ձայնով են խոսում։ Երևակայի՛ր, հազիվ է պատահում, որ նրանք քո անունր չհիշեն, քո դրածների մասին չվիճեն: Ես միշտ նկատել եմ, որ նրանք քո մասին խոսում են հարգանքով և սիրով։ Ամենքի վրա երևում է քո մեծ ազդեցությունը։

Դիմաքսյանը ընդհատեց նրա խոսքը, կամենալով, որ իդեալիստը պատմի յուր մասին։ Նրա համար սաստիկ հետաքրքրություն էր իմանալ, ինչպես է յուր ընկերը վերջին ժամանակ յուր օրերը անցկացրել։ Մսերյանն երրորդ անգամ հառաչեց և մի տեսակ վհատված ձայնով պատասխանեց.

— Միթե քեզ հայտնի՞ չէ, թե ինչ եմ անում։

Երկու ընկեր նայեցին միմյանց երեսին։ Դիմաքսյանը Մսերյանի աչքերի մեջ կարդաց նրա հոգեկան խորին դժգոհությունը յուր այժմյան վիճակից։ Նա թախանձեց նրան պարզ խոստովանվել, արդյոք զգո՞ւմ է յուր կյանքի մեջ մի փոփոխություն մտցնելու կարիք, արդյոք կկամենար վերջ տալ հարատև և ձանձրալի միատեսակությանը։ Մսերյանը զարմացած նայեց նրա երեսին։ Կարծես, Դիմաքսյանը մարգարեաբար գուշակել էր այն բոլորը, ինչ որ մի ժամ առաջ անցնում էր յուր ընկերոջ մտքով։ Այս հանգամանքը մի փոքր շփոթեցրեց Մսերյանին։ Կարծես, նա ամաչում էր յուր հոգեկան դժգոհությունից, համարելով այդ մի տեսակ բարոյական տկարություն:

— Հասկանում եմ քո միտքը,— զոչեց նա վրդովվելով,— դու ուզում ես ասել, թե ես անօգուտ մարդ եմ։ Այդ ճիշտ է և, եթե կամենում ես իմանալ, ոչ ոք այնքան զզված չէ ինձանից, որքան ես։ Եվ հենց քո գալուցդ մի փոքր առաջ ես մտքումս վճռեցի որևէ փոփոխություն մտցնել իմ կյանքի մեջ։ Կհաջողի թե չէ — չգիտեմ, բայց իմ վճիռը հաստատ է, ես պետք է դադարեմ անօգուտ մարդ լինելուց։ Մի պարզ, մաքուր եղբայրասիրական ժպիտ սահեց Դիմաքսյանի խելացի, արտահայտիչ դեմքով և նրա թափանցող, խոշոր աչքերի մեջ փայլեց ուրախություն։

— Լսի՛ր,— ասաց նա հանդարտ ձայնով,— ես քեզ հետ կամենում եմ մի բանի մասին լրջորեն խոսել և շատ ուրախ եմ, որ դու այդ վճիռը կայացրել ես քո մասին։ Նստիր և լսիր։

Մսերյանը, որ քայլում էր սենյակի մի ծայրից դեպի մյուս ծայրը, նստեց նրա դեմ և, ձեռները հենելով ծնկներին, պատրաստվեց ականջ դնելու նրան։ Դիմաքսյանը մի ծխախոտ վառելով, սկսեց մանրամասն պատմել այն բոլորը, ինչ որ տեսել էր, ուսումնասիրել և զգացել յուր հայրենիքում վերջին երկու ու կես ամսվա ընթացքում: Նա տխուր գույներով նկարագրեց գյուղական ամբոխի տնտեսական և բարոյական վիճակը. Նա առանձին եռանդով շեշտեց ուսումնարանների բացակայության և նրանց անհրաժեշտ կարևորության փաստը։ Նա խոսեց Հաբիգյանի մասին: Մսերյանը ճանաչում էր նրան Մոսկվայից, բայց լավ չէր հիշում։ Դիմաքսյանը գովեց նրան, ինչպես եռանդուն, խելացի երիտասարդի, որի գործնական հայացքները չեն խանգարում նրան լինել վերին աստիճանի օգտավետ անգամ յուր հասարակության։ Նա ասաց, թե Մսերյանը, եթե լավ ճանաչի այդ մարդուն, անշուշտ պետք է սիրի, հարգի և մինչ անգամ մտերմանա նրա հետ։

— Ես այս բոլորը ասում եմ քեզ նրա համար, որովհետև ես ունեմ մի ծրագիր, որ դուք երկուսդ միասին պիտի իրագործեք։ Այո՛, թող քեզ չզարմացնեն իմ խոսքերը։ Լսի՛ր։ Բոլոր իմ աչքով տեսածները ինձ համոզեցին, որ մեզ համար հանցանք է մեր կարողության չափ չօգնել գյուղական ժողովրդին։ Եվ ահա երկար ժամանակ Հաբիգյանի հետ խորհրդակցելով, եկա այն եզրակացության, որ իմ կողմից միակ օգնությունը կարող է լինել այն, որ ես իմ հաշվով մի ուսումնարան բաց անեմ։ Հաբիգյանը ցույց տվեց ինձ մի ամենահարմար կենտրոնական գյուղ։ Այստեղ կարող են հավաքվել մի քանի շրջակա գյուղերի երեխաները։ Այս մասին ես հարկավոր կարգադրություններն արել եմ, ուսումնարան բանալու բոլոր արգելքները հեռացված են։ Բանը այժմ կախված է քեզանից։

— Ինձանի՞ց։

— Այո՛։ Ես հատկապես եկա այստեղ քեզ առաջարկելու, որ հանձն առնես ուսումնարանը կառավարել։ Բոլոր տնտեսական գործերը կկատարի Հաբիգյանը, ես միայն ուզում եմ, որ դու լինես ուսումնական մասի կառավարիչը, լինես գործի գլուխ, տեսուչ… Ասա՛, համակրո՞ւմ ես իմ վճռին։

Արտասանելով վերջին խոսքերը, Դիմաքսյանը ուղիղ նայեց Մսերյանի աչքերին, որ նախ նրանց մեջ կարդա յուր ընկերոջ համաձայնությունը կամ մերժումը։ Իդեալիստը երեսը դարձրեց մի կողմ և լուռ նայեց լամպայի հանդարտ և անշարժ վառվող բոցային լեզվակին, կարծես, նրա հետ խորհրդակցելով, ընդունե՞լ արդյոք Դիմաքսյանի առաջարկությունը։ Այդ տևեց ընդամենը մի քանի վայրկյան. հանկարծ նրա աչքերը վառվեցին, նա ոգևորվեց և զգացված արտասանեց.

— Ես ամենաանպիտան մարդը կլինեի, եթե չընդունեի այդ առաջարկությունը։ Ոչ միայն համաձայն եմ, այլև հայտնում եմ խորին շնորհակալությունս, որ մի այդպիսի ծանր և լուրջ գործ ինձ ես հանձնում։

— Ուրեմն վճռված է, գործը չպիտի հետաձգել։ Թափիր քեզանից անշարժության փոշին, թող այդ միատեսակ կյանքը, սկսիր գործել։ Հիշո՞ւմ ես, ինչպես դու մի ժամանակ փափագում էիր ծառայել գյուղական ամբոխին։ Ահա քեզ հարմար առիթ և գեղեցիկ ասպարեզ, օգտվիր, եթե քո փափագն այժմ էլ կենդանի է։ Ես այստեղ մնալու եմ միայն վաղը, մյուս օրը անպատճառ պիտի գնամ, դու էլ պատրաստվիր իմ հայրենիքը ուղևորվելու։ Այնտեղ քեզ անհամբեր սպասում է Հաբիգյանը։

— Միայն ի՞նձ է սպասում, իսկ քե՞զ, դո՞ւ…

— Ե՞ս…— պատասխանեց Դիմաքսյանը մի քիչ տատանվելով… Ես էլ պետք է գնամ իմ ճանապարհով…

— Ինձ հետ միասի՞ն…

— Այո՛, գաղափարով, բայց ոչ միևնույն ճանապարհով։

Մսերյանը երկմտաբար նայեց նրա աչքերի մեջ, չհասկանալով նրա խոսքերի միտքը։

— Լսի՛ր,— խոսեց Դիմաքսյանը, դարձյալ մի փոքր լռելուց հետո,— երբ ես հայրենիքումն էի, իմ գլխում ծագեց՝ թողնել քաղաքային կյանքը և գնալ այն ճանապարհով, ուր այժմ առաջարկում եմ քեզ։ Այս միտքը ինձ բավական ժամանակ զբաղեցրեց, բայց չեղավ մի վայրկյան, որ նա ինձ գրավեր։ Երկար մտածողությունից հետո եկա այն հաստատ եզրակացության, որ ես ստեղծված չեմ խաղաղ գործունեության համար։ Թույլ տուր ինձ, Սմբատ, հաղորդել քեզ մի նորություն, այն է, որ իմ մեջ տեղի է ունեցել մի մեծ փոփոխություն, մի տեսակ բարոյական հեղաշրջում։ Երկար կլիներ բացատրել, թե ինչպես կատարվեց այս հեղաշրջումը և հազիվ թե կարողանայի բացատրել։ Բայց այսքանը կարող եմ ասել, որ այս րոպեիս քո առջև նստած է ուրիշ մարդ, որ այժմ ես այն չեմ, ինչ որ մի քանի ժամանակ սրանից առաջ, այն վհատվող, այն ընկճվող, այն չափազանց դյուրագրգիռ, այո՛, այն հիվանդոտ֊ինքնասեր Դիմաքսյանը, որ ամեն մի վայրկյան հուզվում էր, վրդովվում և վիրավորվում։ Ես զգում եմ, որ ինձ համար անհրաժեշտ էր տանջվել — տանջվեցի, ես պետք է փորձվեի — փորձվեցի կյանքի քուրայում։ Ես շատ անգամ վհատվեցի, շատ անգամ տատանվեցի, եղան վայրկյաններ, երբ վճռում էի թողնել իմ ընտրած ճանապարհը… Բայց այժմ այդ չկա, այժմ այդ բոլորից մնաց իմ մեջ մի ձգտում — շարունակել այն, ինչ որ սկսել եմ յոթ տարի առաջ. կռվել միշտ և անդադար կռվել հասարակական ընդհանուր վնասակար երևույթների դեմ։ Այո՛, թող ես անհամեստ լինեմ, բայց անկեղծ եմ. ես զգում եմ, որ միայն և միմիայն այդ տեսակ գործունեության փափագ կա իմ սրտում։ Խաղաղ կյանքը, անվրդով գործունեությունն ինձ համար հավասար է մեռելության։

Նա ոգևորված էր, նրա աչքերի մեջ փայլում էր մի նոր, արտաքո կարգի եռանդ, մի պայծառ լույս, որ խրախուսանք, ուժ և հավատ էր ներշնչում Մսերյանին։ Թվում էր, որ նա այդ րոպեին տոգորված էր ինչ֊որ բարձրագույն, վեհ, անհասանելի ոգով, որի առջև կարող են խորտակվել կյանքի բոլոր հարվածները: Իդեալիստն յուր սրտում զգաց այնպիսի պատկառանք դեպի յուր ընկերը, որ հավասար էր պաշտելության։ Նա տեսնում էր յուր դեմ մի մարդ ամբողջովին կլանված յուր նվիրական, սուրբ և վսեմ գաղափարներով, որոնց նա երբեք, երբեք և ոչ մի դառն հանգամանքում չպիտի դավաճաներ։ Նա զգացված բռնեց Դիմաքսյանի ձեռը, ամուր սեղմեց և ոգևորությամբ գոչեց.

— Այո՛, այդ ճիշտ է, ես տեսնում եմ պարզ… Թույլ տուր շնորհավորեմ քեզ քո հաղթության համար…

— Հաղթությո՞ւն։

— Այո՛, կատարյալ հաղթություն, դու սպանել ես քո մեջ այն օձը, որ քեզ այնքան խանգարում է…

Արդարև, Դիմաքսյանը կարող էր պարծենալ, որ նրան հաջողվեց սպանել այն օձին: Բայց նրա մեջ ծնվեց մի ուրիշ օձ: Վստահությամբ կարող էր ասել, որ այսուհետև մարդկանց ոչ հալածանքը, ոչ վիրավորանքը, ոչ նախանձը, ոչ ատելությունը նրան չեն հուսահատեցնի: Նա քաջություն կունենա արհամարհել բոլոր հարվածները, որ կուղղվեն նրա անձնավորության դեմ։ Այն նոր օձը, որ այժմ զարթնել է նրա մեջ, նրա անհատական խորին եսը չէ, այլ ուրիշ բան: Այսուհետև էլ նա կվրդովվի, կգրգռվի, կբորբոքվի, բայց, վստահ է, ոչ անձնական վիրավորանքներից, այլ հասարակական կյանքի վատ երևույթներից…

Այս խոսքերը նա արտասանեց մի այնպիսի զգացմունքով, հավատով և ոգևորությամբ, որ ամենաթերահավատ մարդուն կարող էր համոզել։

— Կեցցես, ուրեմն,— գոչեց դարձյալ Մսերյանը,— ես համոզված էի, որ այդպես էլ պիտի լինի վերջը։

Եվ, մի փոքր լռելուց հետո, ավելացրեց.

— Հիշո՞ւմ ես, ինչպես ես քեզ ասում էի, թե կգա ժամանակ, որ դու ամենաբախտավոր մարդը կլինես… Այժմ կարող եմ ասել, որ դու բախտավոր ես։

— Ա՜, ես գիտեմ, որ դու բախտավոր համարելով ինձ, չես մոռանում և իմ անհատական բախտը,— գոչեց Արսենը,— չէ՞ որ մարդ, իբրև հասարակության անդամ, իբրև գործիչ կարող է բախտավոր լինել, իսկ իբրև անհատ — դժբախտ։ Մի էակ, որ կարող էր իմ անհատական երջանկությունը ստեղծել, չկարողացավ կամ չկամեցավ այդ անել։ Դու գիտես այս բանը։ Հուսահատության վայրկյաններ եղան, երբ ես կամենում էի վերջ տալ իմ կյանքին այդ էակի պատճառով։ Բայց, շնորհակալ եմ ճակատագրից, այդ չեղավ, ես կարողացա հաղթել իմ մեջ մի սպանիչ զգացում: Այժմ ես վերակենդանացած եմ։ Գայանեի պատկերը իմ երևակայության մեջ մինչև կյանքիս վերջը կմնա կենդանի, վառ և, ինչպես մի իդեալ, ես միշտ կպաշտեմ այդ պատկերը։ Բայց, ինչպես իրական էություն, ինչպես անհատ — նա այլևս գոյության չունե ինձ համար…

Այլևս նա ոչինչ չասաց, և Մսերյանն էլ այդ մասին չխոսեց ոչինչ։


Առավոտյան յոթ ժամը դեռ չէր լրացել, Դիմաքսյանն արդեն ոտքի վրա էր: Հյուրանոցի սպասավորի օգնությամբ նա կապում էր յուր ճանապարհի արկղները, երգելով, շվացնելով և երբեմն ծառայի հետ զվարճախոսելով։

Մի ժամ անցած նա պետք է ճանապարհ ընկներ առավոտյան գնացքով դեպի Բաթում, իսկ այնտեղից արտասահման։ Նա սպասում էր Մսերյանին, որ պետք է գար նրան ուղեկցելու մինչև երկաթուղու կայարանը։ Նախընթաց երեկո ընկերական ուրախ ընթրիքի ժամանակ նրանք վճռել էին այսպես. Դիմաքսյանն առավոտյան ճանապարհ կընկնի, Մսերյանը հենց նույն օրը հրաժարական կտա յուր պաշտոնից և երկու օր անցած կուղևորվի Դիմաքսյանի հայրենիքը: Նախ քան ուղևորվելը նա պետք է գնար յուր ընկերոջ նախկին բնակարանը և այնտեղից վերցներ Սիրականին պահ տրված գրքերը, և մի քանի իրեղենները։

Ուղևորվելու ժամանակը մոտենում էր, իսկ Մսերյանը դեռ չէր երևում: Վերջացնելով յուր գործը, Դիմաքսյանը շտապով մի բաժակ թեյ խմեց, նայեց ժամացույցին և սպասավորին հրամայեց մի կառք կանչել: Մսերյանի բնակարանը ճանապարհի վրա էր, նա կարող էր հանդիպել նրան և այնտեղ յուր վերջին բարևները տալ ընկերոջը։

Հեց սպասավորը նոր էր դուրս եկել, երբ ներս մտավ Մսերյանը շտապով և շնչասպառ։

— Ներողություն, որ ուշացա,— գոչեց նա զվարթ եղանակով,— բայց մեղավոր չեմ։ Հուզմունքից ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել, շարունակ մտածում էի ու մտածում։ — Ի՞նչի մասին։

— Օօ՛, մի՛ վախենար, այժմ ես առաջվա պես չեմ մտածում, այժմ իմ բոլոր մտքերը կենտրոնացած են մի բանի վրա՝ շտապել շուտով այնտեղ, ուր խոսք եմ տվել գնալու։ Ահա՛, դու արդեն պատրաստվել ես, դե՛հ, գնանք, կարող ես ուշանալ։ Բայց սպասի՛ր, քեզ մոտ հյուր եմ բերել, կարծում եմ, դժգոհ չես լինիլ…

Այս ասելով, նա բաց դռներով գլուխը դուրս բերեց դեպի կորիդոր և ձայնեց.

— Արի՛, արի՛ նե՛րս…

Նույն վայրկյանին երևեցավ Սիրականը՝ գդակը ձեռին, մաքուր հագուստով։ Նա լուռ գլուխ տվեց և կանգնեց դռների մոտ։ Դիմաքսյանը, ուրախ և բարեկամաբար ժպտալով, հարցրեց նրա առողջության մասին, և ձեռը խփելով նրա ուսին, ասաց.

— Չկարծես քեզ մոռացել էի, մտադիր էի կայարան գնալիս կառքը կանգնեցնել, քեզ դուրս կանչել և «մնաս բարև» ասել։

Սիրականի կլորիկ աչքի մեջ ցոլաց անչափ ուրախության փայլը, բայց և նույն վայրկյանին նրա դեմքը ծածկվեց տխրության քողով։ Երկու ու կես ամիս էր նա չէր տեսել յուր սիրելի պարոնին, այժմ տեսնում էր մի քառորդ ժամ և, ով գիտե, գուցե այնուհետև այլևս չպիտի տեսներ։

— Դե՛հ,— գոչեց Մսերյանը, նույնպես դառնալով ծառային,— մի ամաչի՛ր, ղոչաղ կաց, հայտնիր խնդիրդ, նա կկատարե։

Սիրականն ամաչելով և տատանվելով մի քայլ առաջ դրեց և հայտնեց յուր խնդիրը։ Բանն այն էր, որ նա, Մսերյանից տեղեկանալով Դիմաքսյանի գալստյան մասին և նույնպես այն, թե այսօր ճանապարհվում է, առավոտյան կանուխ հագնվել էր և եկել իդեալիստի մոտ։ Նա չէր ուզում ծառայել յուր այժմյան պաշտոնում և խնդրում էր, որ Մսերյանը նրան յուր հետ տանի Դիմաքսյանի հայրենիքը և այնտեղ բարեսիրտ պարոնի կալվածներում մի պաշտոն հանձնի նրան։ Իսկապես նրա բուն ցանկությունն էր ծառայել անձնապես միմիայն Դիմաքսյանին, որին նա այնքան ընտելացել էր, որ դժբախտ էր համարում իրան առանց նրան։ Բայց նա այդ ուղղակի չասաց։ նա միայն խնդրում էր՝ ազատել իրան այժմյան պաշտոնից։

Առանց երկար տատանվելու՝ Դիմաքսյանը կարգադրեց Սիրականի վիճակը նրա ցանկության համեմատ։ Մսերյանը նրան յուր հետ կվերցնի, Հաբիգյանը կտա նրան մի պաշտոն առժամանակ։

— Այսինքն մինչև արտասահմանից վերադառնալս։ Հենց որ վերադարձա, իսկույն Մսերյանին կհեռագրեմ, որ քեզ ինձ մոտ ուղարկի։ Բայց ինչո՞ւ, նախ քան այստեղ գալը ես մտադիր եմ իմ հայրենիքը գնալ, այնտեղից մենք միասին կգանք այստեղ։

Դարձյալ ուրախության ժպիտը փայլեց Սիրականի թավամազ դեմքի վրա։ Այս անգամ արդեն նա իրան երջանիկ էր համարում։

Կառքը պատրաստ էր։ Սպասավորր Սիրականի օգնությամբ արկղները դուրս տարավ և տեղավորեց կառքի վրա։ Երկու ընկեր, ուրախ ու զվարթ խոսակցելով, դուրս եկան։ Չնայելով, որ օրը բավական անցել էր, փողոցում մարդիկ չէին երևում։ Միայն դանդաղ ընթացքով անցնում էին մի քանի սայլեր աղյուսով և կրով բեռնավորված և մի ոստիկան մայթի վրա կանգնած՝ դիտում էր հյուրանոցից դուրս եկողներին։

Դիմաքսյանը և Մսերյանը նստեցին կառք։ Սիրականը, գդակը ձեռին բռնած, մնաց մայթի վրա։ Դիմաքսյանը նրան ձեռով նշան արավ, որ կառք նստի։ Նա կամեցավ բարձրանալ կառապանի նստարանի վրա։

— Ոչ, այստեղ նստիր,— ասաց Դիմաքսյանը և, մի կողմ քաշելով յուր առջև դրած չեմոդանը, ցույց տվեց դիմացի փոքրիկ նստարանը,- մենք երկուսս էլ շատ փոքրիկ մարդիկ ենք կտեղավորվենք ամեն մի անկյունում։

Դա առաջին կատակն էր, որ նա արավ յուր մարմնի փոքրության մասին։ Եվ ոչ մի կեղծիք, ոչ մի ցավ, ոչ մի ափսոսանք չզգացվեց այդ կատակի մեջ։ Նա ուրախ էր և զգացված։ Նա անընդհատ խոսում էր, ծիծաղում և սրախոսում Սիրականի վերաբերմամբ։ Օօ՜, երբեք, երբեք խեղճ ծառան այնքան երջանիկ չէր եղել, յուր մասին կատակներ լսելով, որչափ այդ պահին։

Բայց քանի կառքը մոտենում էր կայարանին, այնքան նրանց խոսակցությունն ավելի ու ավելի ընդհատվում էր և այնքան երկու ընկերների զվարթությունը պակասում էր։ Երբ նրանք կառքից ցած իջան և մտան կայարանը, ընդամենը հինգ րոպե էր մնում գնացքի հեռանալուն։ Սիրականը արկղները տարավ ուղևորների դահլիճը, շտապով Դիմաքսյանի համար տոմսակ վերցրեց։ Ուղևորների թիվը շատ քիչ էր, հեռավոր տեղեր ճանապարհորդողներ չկային, գրեթե ամենքն էլ գնում էին ամառանոցներ իրանց ընտանիքների մոտ։

Զանգակը հնչեց երկրորդ անգամ և այդ հնչյունը մի տխուր զգացմունք զարթեցրեց թե՛ Դիմաքսյանի և թե՛ Մսերյանի ու Սիրականի սրտում։ Չնայելով, որ երեքն էլ հույսով լի էին, թե շուտով, ընդամենը երեք-չորս ամսից հետո, պետք է տեսնվեն, բայց բաժանման զգացումն ավելի հաղթող հանդիսացավ։

Դիմաքսյանը երեք անգամ համբուրվեց Մսերյանի հետ, Սիրականի ձեռի մեջ սեղմեց մի բուռն թղթադրամ և շտապով պլատֆորմից ոտքը դրեց գնացքի կառքերից մեկի սանդուղքի վրա։ Ճիշտ այն վայրկյանին, երբ նա բարձրանում էր վեր, անզգուշությամբ ուսով կպավ մեկին։ Նա հետ նայեց ներողություն խնդրելու և երես առ երես հանդիպեց Բարաթյանին։

Նրա մարմնով ակամա մի ցնցումն անցավ։ Բայց դա մի վայրկենական անցողիկ ցնցում էր, որ ոչինչ կապ չուներ նրա գիտակցության հետ։ Նրա դեմքի վրա երևաց մի սառն ժպիտ։ Նա անտարբեր կերպով երեսը դարձրեց և հանդարտ բարձրացավ վերև։ Բարաթյանը կանգնած էր դեռ ցածում։ Նա չէր շտապում։ Մի ձեռը ճանապարհի պայուսակին հենած, մյուսով ոլորելով յուր բեղերը, նա խոսում էր յուր մոտ կանգնած Վեքիլյանի հետ։ Հենց որ տեսավ Դիմաքսյանին, նա ճիգն արավ յուր գեր ու կարմիր դեմքին արհամարհական արտահայտություն տալ։ Բայց այս անգամ այդ չհաջողվեց նրան…

Նա աչքունքը թթվացրեց և բարձրացավ կառքի վրա։ Զանգակը հնչեց երրորդ անգամ։ Փոքրիկ լուսամուտներից մեկում երևաց Դիմաքսյանի գլուխը, մյուսում Բարաթյանի գլուխն ու կուրծքը։

— Վաղը չէ մյուս օր անպատճառ,— գոչեց Դիմաքսյանը, գդակը վերցնելով վերջին բարևը տալու Մսերյանին։

— Ո՛չ, հենց վաղն ևեթ,— պատասխանեց իդեալիստը,— հենց վաղն ևեթ, ես և Սիրականը…

Այո՛, տալով վերջին բարևը յուր ընկերոջ, նա նույն վայրկյանին մտքում վճռեց այլևս ոչ մի ավելորդ օր չսպասել և հենց վաղն ուղևորվել այնտեղ, ուր նա հույս ուներ օգտավետ մարդ դառնալու…

Գնացքը շարժվեց, կառքերը միմյանց հետևից դղրդալով անցան Մսերյանի առջևով։ Միևնույն կառքի մեջ անցան նրա երկու ընկերները, որոնցից մեկը տանում էր նրա խորին սերը, հարգանքը, մյուսը՝ նրա արհամարհանքը և ատելությունը…
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top