Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Կոսմոպոլիտը

Կոսմոպոլիտը
Ինձ վիճակված էր երկու օր ու գիշեր Թիֆլիսից մինչև Ռոստով ճամփորդել նրա հետ և սքանչանալ նրանով։

Վագոն մտավ աննկարագրելի աղմուկով, ինչպես մեկն այն երջանիկներից, որոնք ամենուրեք իրենց համարում են տիեզերքի առանցքը։

Նա ոչ ավելի, քան քառասուն տարեկան տղամարդ էր, տակավին շատ կայտառ, շատ գյուբաշարժ։ Այնքան գեր չէր, որքան սովոր է գիրանալ հայը, երբ նրա ստամոքսը կուշտ է և գիտե կերածը մարսել։ Հասակը միջակ էր, կազմվածքը բավարար, թեև կուրծքը չափից ավելի լայն էր, իրանը երկար, գլուխը մեծ, ծոծրակը տափակ և պարանոցը կարճ։ Բայց ես վստահ եմ, որ Մոսկվայի շիկահեր և հաղթանդամ գեղեցկուհիները նրան կհամարեին եթե ոչ «զմայլելի», գոնե, գրավիչ՝ իր ածուխի պես սև մազերի, թավ հոնքերի, թուխ երեսի, մանավանդ սև ու խոշոր աչքերի շնորհիվ, նրա հստակ սափրած երեսը, որ ծնոտի կողմում կապտագույն էր, կարճ խուզված և հարթ սանրած մազերը, նորաձև կտրած ընչացքը, մանավանդ անգլիական կտորից անգլիական ձևով կարված մոխրագույն հագուստը նրան տալիս էին ժամանակակից ջենտլմենի տեսք։

Մի բան ևս, նրա ձայնը խռպոտ էր, ջախջախված։ Մի ձայն, որ հատուկ էր վատանուն ախտ ունեցողներին կամ ոգելից ըմպելիքները ի չար գործ դնողներին։
Վարձատրելով իր գոռոցներից և հրամաններից շփոթված բեռնակրին մի քանի կոպեկներ ավելի, շիկ համարեց ավելացնել երկու-երեք ռուսական հիշոցներ, որոնք, սակայն, շատ էլ թունդերից չէին։ Մարդը սովոր էր, երևի, անպատճառ վիրավորել սոցիալական սանդուղքի վրա իրանից վար կանգնողներին սոսկ այն պատճառով, որ վարձատրում էր նրանց քրտինքը։

Տեղավորելով իրերը, նա բատիստյա թաշկինակով սրբեց նեղ ու մսալի ճակատը և նստեց դիմացի նստարանի վրա։ Ապա գրպանից դուրս բերեց մի մեծ արծաթյա տուփ՝ ծածկված բազմաթիվ ոսկյա և ադամանդյա մենագրերով, վերցրեց մի ծխախոտ, զարկեց տուփին մի քանի անգամ մունդշտուկի կողմով, որպեսզի փոշին դուրս թափի և վառեց մեխանիկական նույնպես արծաթյա հրատուփից։

― Հեռո՞ւ եք բարեհաճում գնալ,― հարցրեց նա ինձ ռուսերեն, ծխախոտի առաջին ծուխն արձակելով իր գլխից վեր, որպեսզի երկրորդն երեսովս տա։

― Մոսկվա։

― Նախանձում եմ։

― Ինչո՞ւ։

― Ես շատ եմ սիրում Մոսկվան, ավելի քան Պետրոգրադը։ Բարի և հյուրասեր քաղաք է։ Այնտեղ կարելի է ապրել քիչ թե շատ մարդավարի։ Եթե գործերս չխանգարեին, կգայի ձեզ հետ, բայց ասացեք խնդրեմ,― շտապեց ավելացնել նա,― այս կուպեում, բացի մեր երկուսից, էլի ճամփորդներ կա՞ն։

Ես ասացի, թե կան երկու ռուս սպաներ։ Նրանք դրսումն են, և, երևի շուտով ներս կգան։

― Ա՛հ,― գոչեց ուղեկիցս ձեռն արհամարանքով թոթափելով օդի մեջ,― ես զինվորականներին ատելով ատում եմ։ Նրանք սիրում են սկանդալներ անել։ Եթե գիտենայի, ուրիշ կուպե կվերցնեի։ Բայց փույթ չէ, հետևյալ կայարանում կանցնեմ առաջին կլաս, մանավանդ որ սովոր չեմ երկրորդով ճամփորդելու։

Եվ, մի քանի անգամ ևս ծխի քուլաները բաց թողնելով գլխից վեր, ավելացրեց.

― Բայց ես սկանդալների երկյուղ չունեմ։ Ես գիտեմ նրանց զսպել և հարկը պահանջելիս մի լավ էլ խրատել։ Ես երկու անգամ օֆիցեր եմ ապտակել և մի անգամ էլ մի գեներալի ապուշ անվանել։ Դուք իմ մասին չե՞ք լսել։ Զարմանալի է, թույլ տվեք ներկայանալ՝ Արկադիյ Մարկովիչ Ալթունով․․․
― Դուք հա՞յ եք։

― Ի՞նչ եք կարծում, ես նմա՞ն եմ հայի։

― Այո, ձեր տիպը հայկական է։

― Սխալվում եք, պարոն, սխալվում եք,― գոչեց ուղեկիցս մի տեսակ վիրավորված,― ինձ ոչ ոք հայ չի համարում։ Ամենը ասում են, որ իսպանացու եմ նման կամ իտալացու։

Ներս մտան մեր ուղեկիցները մի-մի հրացան ձեռքներին։ Ըստ երևույթին, նրանք որսի էին գնում։ Արտաքուստ երկու հակատիպարներ էին։ Մեկը երկայնահասակ էր, նիհար, շիկահեր, փոքրիկ քթով, որի վերին մասը տափակ էր, իսկ ծայրը ներկայացնում էր շագանակի պես մի բան։ Նրա երեսը սերկևիլի գույն ուներ։ Մյուսը միջահասակ էր, սև աչքերով, գեր, առողջ, կարմիր այտերով և հաստ, հյութալի շրթունքներով։

Ես կարծեցի Արկադիյ Մարկովիչ Ալթունովն իսկույն որևէ կերպ կարտահայտի իր արհամարանքը դեպի զինվորականները կամ գոնե կլռի։ Պատահեց հակառակը։

― Ա՜խ,― գոչեց նա, ոտքի ելնելով,― ներեցեք գուցե ես ձեր տեղն եմ բռնել։ Բարի եղեք ընտրել ձեր ցանկացած կողմը։

Սևահեր սպան բարեհամբույր ժպտաց և ասաց։

― Մի անհանգստացեք, մենք շատ էլ հեռու չենք գնում. ընդամենը երեք կայարան։

Երկայնահասակ և նիհար սպան, իր հրացանը տեղավորելով իրեն առջև, թշնամական մի հայացք նետեց նախ ինձ, ապա Արկադիյ Մարկովիչ Ալթունովի վրա։ Նրա աչքերը կլոր էին, փոքրիկ, ապակենման։ Նա նստեց իմ մոտ և, ոտներն առաջ ձգելով, վեր քաշեց կոշիկների երկար վզերը։

Ես ամբողջ օրը դեսուդեն վազելով հոգնել էի, ուստի ներողություն խնդրելով, բարձրացրի նստարանի կռնակը, վեր ելա և պառկեցի։

Օրը դեռ ցերեկ էր։ Գնացքն ընթանում էր վերին աստիճանի դանդաղ, ահագին դղրդոցով և հարվածներով, ամենայն բարեխղճությամբ պահպանելով ռուսական երկաթուղիների սրբազան ավանդությունը՝ երբեք չշտապել և երբեք հանգիստ չթողնել ճամփորդների ոսկորները։

Չանցավ քառորդ ժամ, իմ ուղեկիցներն արդեն բավական ընտելացել էին իրարու։

Առաջին խոսողը դարձյալ Արկադիյ Մարկովիչ Ալթունովն եղավ։ Նա գանգատվեց։

― Կա՞ արդյոք աշխարհի երեսին ավելի ձանձրալի ճամփորդություն, քան մերը։ Գնացքն ընթանում է, ինչպես Բորչալուի ճռճռան սայլ, իսկ փառաբանված կովկասյան բնությունը ձեր աչքի առջևն է։ Նայեցեք, դաշտերն ու ձորերը չորացած, լեռները մոխրագույն, մռայլ։ Անկյուն չկա, ուր հանգստանա գեղասեր ճամփորդի հայացքը։ Բայց որ ամենագլխավորն է, գնացքները բուֆետ չունեն, իսկ կայարանների բուֆետներում մի բան ուտել կամ խմել չի կարելի, այնքան կեղտոտ են։ Սակայն ոչինչ, չկա անախորժ դրություն, որ իր ելքը չունենա։
Այս ասելով, նա բարձրացավ, վերցրեց վերին ցանցի վրայից մի գեղեցիկ զամբյուղ, բաց արավ և նրա միջից դուրս բերեց մի քանի շշեր և զանազան ուտելիքներ։

Ես ո՛չ ախորժակ ունեի և ո՛չ ցանկություն ջենտլմենի սեղանին մասնակցելու, ուստի ինձ քնած ձևացրի։ Նիհար ու երկայնահասակ սպան, որի անունը Իվան Միրոնովիչ Պաստուխով էր, ինչ-որ մրթմրթաց իր քթի տակ։ Իսկ նրա ընկերոջ՝ Իլարյոն Սիրոֆիմովիչ Տարաշչենկոյի, լայն ու կարմիր երեսն ավելի լայնացավ և փայլեց ներքին հաճույքից։

― Ինչո՞ւ չէ կարելի,― ընդունեց նա Ալթունովի հրավերը, իր տեղը շտկելով և ընչացքը շփելով կարճ ու հաստլիկ մատներով։

― Կոնյակը Մարտենի է, բարձրագույն մարկայի,― շարունակեց Ալթունովը, ուտելեղենները տեղավորելով լուսամուտի առջևի ծալովի սեղանիկի վրա։― Ասում են սովորությունը երկրորդ բնույթ է, ինձ համար նա առաջինն է։ Խմել ― արդեն ընտիրը խմել, եթե ոչ ― չարժե։ Այնպես չէ՞, գնդապետ,― դարձավ նա Տարաշչենկոյին։

― Իհարկե,― հաստատեց լայներես սպան, հազալով ու ձեռքերը շփելով իրարու, որպես հաճելի ու սրբազան պարտականություն կատարելու պատրաստվող մեկը։

― Իսկ գինին,― շարունակեց Ալթունովը, ավելի ու ավելի ոգևորվելով,― Ուդելնիյ Վեդոմստվոյի լավագույններից է։ Ճշմարիտ է, շատ էլ հներից չէ, ընդամենը տասնհինգ տարվա, բայց հույսով եմ կհավանեք։ Այս գինին ամեն մարդու չեն տալիս։ Պետք է ասած առանց պարծենալու, որ Ուդելնիյ Վեդոմստվոյի կառավարիչն իմ մտերիմ բարեկամներից մեկն է. երբեմն նա ինձ համար ուղարկում է հատկապես մեծ իշխանների համար պատրաստված գինիներից մի քանի դյուժին։ Ես էլ, իհարկե, պարտքի տակ չեմ մնում։ Ահա խավիար, ռոկֆոր պանիր, անչոուս, կիլկի, զանազան ապխտած ձկներ։ Գնդապետ, առաջին խոսքը ձեզ է տրվում,― դարձավ նա Տարաշչենկոյին։

― Դուք ինձ շարունակ գնդապետ եք անվանում, բայց ես միայն կապիտան եմ,― ուղղեց նրա սխալը Տարաշչենկոն։

Եվ ընդունելով կոնյակի առաջին բաժակը, իսկույնևեթ դատարկեց։
― Համեցեք, կապիտան,― դարձավ Ալթունովը Պաստուխովին, առաջարկելով նրան երկրորդ բաժակը։

― Ներողություն, ես միայն պորուչիկ եմ,― մռմռաց երկայնահասակը, կարծես բարկանալով, որ կապիտան չէ։

― Ձեր կենացը,― առաջարկեց Տարաշչենկոն և շտապեց դատարկել սքանչելի հեղուկի երկրորդ բաժակը։

― Ո՛չ, պարոններ, ո՛չ,― ընդհատեց Ալթունովը,― ես համաձայն չեմ։ Մենք մի մեծ պարտք ունեինք, որ չպիտի մոռանանք ուր որ լինենք։ Դա հայրենիքի սերն է։ Հանուն այդ սիրո ես առաջարկում եմ խմել նախ և առաջ անհաղթելի ռուս զորքերի կենացը։

― Կարելի է,― արտասանեց պորուչիկ Պաստուխովը, այնպես ներողամիտ եղանակով, որ կարծես համայն Ռուսիայի տերն ու հրամանատարն էր։

Եվ երկայն պարանոցն ավելի երկարացնելով, բաժակը բարձրացրեց օդի մեջ, նայեց նրան թափանցիկ և մի կումով դատարկեց։

Ըմպելիքներից հետո Ալթունովը գովեց ուտելիքները, ռոկֆորը Ֆրանսիայի հատկապես նրա համար է բերել տված, խավիարն ու ապխտած ձկներն մասնավորապես նրա համար են պատրաստված Սալյանում։

Կոնյակի բաժակները հաջորդեցին իրարու։ Շուտով սպաների գլուխները բավական տաքացան դեռ գինու շշերը բաց չարած։

― Գիտեք, ես զարմանում եմ, որ մարդիկ կարողանում են վագոններում քնել,― ակնարկեց Ալթունովը իմ վերաբերմամբ։― Որ խեղդեք էլ նա չի կարող քնել։ Առհասարակ քունը նրա կարծիքով կես մահ է, ուստի բարվոք է համարում գիշերները լուսացնել կլուբներում կամ հյուրանոցներում։ Կյանքը կարճատև է, պետք է օգտվել նրա ամեն մի վայրկյանից։ Այնպես չէ՞, գնդապետ, ներողություն, կապիտան։

― Բոլորովին ճիշտ եք հրամայում,― շտապեց համաձայնել Տարաշչենկոն, մի շատ նշանակալի հայացք ձգտելով գինու փակ շշերի վրա։

Ալթունովը հասկացավ նրա միտքը և շտապեց շշերը բանալ։ Գինու առաջին բաժակը ևս նա պարտք համարեց նվիրել ռուսաց հաղթական զորքերին։

― Դուք սպա՞ եք եղել,― հարցրեց Պաստուխովը, խմելով հետո սրբելով երկայն ու բարակ ընչանցքը, որ գարու հասկերի էր նման։

― Բախտ չեմ ունեցել այդ պատիվը վայելելու,― պատասխանեց Ալթունովը, խոր հառաչանքով։

Բայց մեղավորը ինքը չէր, այլ հայրը։ Հանգուցյալը միայն մի որդի ունենալով, չկամեցավ նրան ուղարկել պատերազմի դաշտը՝ հայրենիքի պատիվը պաշտպանելու։ Նա բարվոք համարեց, որ իր որդին էլ մնա որպես սոսկ կալվածատեր ու կառավարե տոհմային կալվածքները։
― Ուրեմն դուք կալվածատե՞ր եք,― հարցրեց Պաստուխովը, որ, ըստ երևույթին, շատ անհանգիստ էր իր ուղեկցի սոցիալական դիրքի վերաբերմամբ։

― Այո, ունիմ մի հինգ-տասը կտոր հողեր զանազան տեղերում։

― Հուսով եմ և ազնվակա՞ն եք։

― Մարդու ծագումը ճանաչվում է նրա վարմունքից ու ձևերից,― պատասխանեց Տարաշչենկոն համեստորեն։

― Ձեր վարմունքն ու ձևերը միանգամայն ազնվնականի են,― նկատեց Տարաշչենկոն, որ վաղուց էր հափշտակվել Ալթունովի հյուրասիրությամբ։

― Բայց ներեցեք, Արկադիյ Մարկովիչ Ալթունովը համեստ մարդ է։ Նա երբեք չէր խոսիլ իր ազնվական ծագման մասին, եթե չստիպեիք խոսել։ Գիտեք, պարծենալու համար չի ասում, այլ այնպես․ նրա մայրը իշխանական տոհմից է, իսկ հայրը հին հայկական թագավորական տոհմից։ Այս մասին նա ունի անվիճելի փաստաթղթեր, բայց ուշադրություն չի դարձնում նրանց վրա, որովհետև․․․

― Որովհետև հայկական թագավորական ծագումը ոչինչ արժեք չունի Ռուսիայիում,― լրացրեց Պաստուխովը մի տեսակ չարախնդությամբ։

― Մի՛ ասեք, պարուչիկ, մի ասեք, արժեք ունի,― շտկեց ընկերոջ անքաղաքավարությունը բարեսիրտ Տարաշչենկոն, որի առանց այն էլ կակուղ սիրտը բոլորովին փափկել էր ոգելից ըմպելիքներից։― Ինձ հայտնի է, օրինակի համար, որ հայերը հին ազնվական ազգ են և քրիստոնեություն ընդունել են մեզնանից հարյուր տարի հետո։ Եթե չեմ սխալվում, Ալեքսանդր Մակեդոնացու մայրն էլ հայ է եղել։

― Բոլորովին ճիշտ է,― հաստատեց Ալթունովը կապիտանի պատմական հմտությունը,― բայց ես չեմ պարծենում ոչ Ալեքսանդր Մակեդոնացու մորով և ոչ էլ ուրիշներով։ Եթե ես պարծենկոտ լինեի, ավելի մոտիկ անցյալով կպարծենայի։ Օրինակի համար, կասեի, որ իմ հոր հայրը վրաց վերջին թագավորի քրոջ որդին է և մի տարի որսի ժամանակ տասնումեկ վագր է սպանել։ Գիտեք, Կովկասի անտառներում վագրեր շատ կային։ Ռուս զորքերն եկան թե չէ, այդ սոսկալի գազանները փախան Հնդկաստանի խորքերը։ Եթե հետաքրքրվում եք, բարեհաճեցեք գալ իմ դղյակը, ես ձեզ ցույց կտամ սպանված առյուծների մորթիները։

Ալթունովը ճիշտ այդպես էլ ասաց՝ «դղյակ»։

— Թողնենք պատմությունը, մեր ժամանակներից խոսենք,— գոչեց Պաստուխովը մի փոքր գրգռված, գուցե այն պատճառով, որ իր պապը թագավորների հետ որսի չի գնացել,— ես կկամենայի գիտենալ՝ այժմ դուք ձեզ ի՞նչ եք զգում, հայ, թե՞ ռուս։
— Ես ինձ զգում եմ ծագումով հայ Գրիգորյան-լուսավորչական,― պատասխանեց Այթունովն անմիջապես,― իսկ ազգով՝ ռուս։

— Այդ ինչպե՞ս, ես չհասկացա։

— Ուզում եմ ասել, որ ես հայ-լուսավորչական ռուս եմ, ուղղափառ․․․

— Շատ լավ, դուք հեղափոխակա՞ն եք, թե՞ նացիոնալիստ։

— Ի՞նչ, հեղափոխակա՞ն,― գոչեց Ալթունովը միանգամայն վշտացած,— պորուչիկ, ի՞նչ եմ արել ձեզ, որ ինձ վիրավորում եք։

— Ուրեմն նացիոնալիստ եք։

— Ո՛չ, պարոն պորուչիկ, ես միապետական եմ,― գոչեց Ալթունովը, ձեռը ջերմեռանդորեն կրծքին զարկելով։― Ես պատրաստ եմ առաջին պահանջված դեպքում կյանքս զոհել գահի և կայսեր համար։

— Այդպես էլ հարկավոր է,― խրախուսեց նրան Պաստուխովը և մի մեծ կտոր խավիար դրեց բերանը։

— Իմ կարծիքով, բոլոր ազգերը հավասար են,― ասաց Տարաշչենկոն։

— Ո՛չ, կապիտան, այդպես չէ,― ժխտեց Պաստուխովը, նորեն գրգռվելով,— ով Ռուսիայի սահմաններում է ապրում, պարտավոր է իրան ռուս համարել, ռուս զգալ և մտածել ինչպես իսկական ռուս։ Եթե այդպես չլինի, հայրենիքը կարող է կործանվել։

― Այդ բոլորովին ճիշտ է,― գոչեց Ալթունովը,― բայց չկարծեք, պարոննե՛ր, որ ես բախտ չունենալով զորքին ծառայելու, երկչոտ եմ կամ անընդունակ զենք գործածելու։

Օօ՜, ոչ, նա ճանաչված է որպես առաջնակարգ որսորդ։ Նա կարող է հարյուր քայլի վրա ատրճանակից կրակել խնձորի ծառի վրա որ խնձորը կամենաք, կամ թռցնել ծտի կտուցն ու պոչը։

— Եթե կտուցն ու պոչը թռցնես, տակը ի՞նչ կմնա,― նկատեց Պաստուխովը, կես-հեգնորեն, կես-ներողամտաբար ժպտալով։

— Իհարկե, բայց, այնուամենայնիվ, որ տեղին ուզենամ այն տեղին էլ կզարկեմ։

Գալով մարդկանց, դեռ երեք ամիս չկա, որ Ալթունովը մի ինչ-որ գերմանացի բարոնի մենամարտության կանչեց Բաթումում։ «Գարշելին» երկչոտությամբ մերժեց։

― Հետո դուք ի՞նչ արիք այդ անպիտանին,― հետաքրքրվեց Պաստուխովը, նայելով իր երկայն ընչացքի ծայրերին և սրելով նրանք։
― Այն, ինչ որ դուք կանեիք․ օրը ցերեկով փողոցում մի լավ ծեծեցի մտրակով։

― Այդպես էլ հարկավոր էր,― տվեց Պաստուխովն իր հեղինակավոր հավանությունը։

― Թույլ տվեք հարցնել. ի՞նչ պատճառով էիք այդ վախկոտին մենամարտության կանչել,― հարցրեց Տարաշչենկոն խավիարի պատառաքաղը բերանում։

― Մի դերասանուհու պատճառով։

― Բրավո, ձեր կենացը։

― Կապիտան, ես բրավո չեմ ասիլ,― ասաց Պաստուխովը, ունքերը կիտելով, դերասանուհիները չարժեն մեր արյան կաթիլներն անգամ։ Նրանք չափազանց շատ են սիրում ծաղիկներ և կոնֆետներ։

― Բայց ես ուրիշ բաների համար էլ եմ ուզեցել մենամարտել,― շարունակեց Ալթունովը, ավելի ոգևորվելով,― օրինակ, սրանից երկու տարի առաջ պապիցս ժառանգած ատրճանակի մի գնդակ խրեցի մեկի կուրծքը։

― Ինչո՞ւ։

― Անասունը հանդգնել էր իմ մոտ յապոնացիների քաջությունը փառաբանել և մերոնց ծաղրել։

― Ռեխը պիտի ջարդեիք,— մռնչաց Պաստուխովը, մի ուժգին շարժումն անելով։

― Կամաց, պորուչիկ, մի՛ տաքանար զուր տեղը,― ասաց Տարաշչենկոն, որի գինու բաժակը Պաստուխովի շարժումից ընկավ ձեռքից։

― Եվ ջարդեցի,― շարունակեց Ալթունովը,― ուրիշ կերպ չէի կարող անել։ Ինչ ուզում են թող ասեն, բայց երբ իմ հայրենասիրական զգացումը վիրավորում են, խելքս կորցնում եմ։ Դուք չգիտեք ես ինչեր եմ կրել ռուս-յապոնական պատերազմի օրերին։

Օօ՜, քանի՜-քանիսի հետ է վիճել ու կռվել, քանի՜-քանի անգամ է մենության մեջ մատները կատաղությունից կրծոտել։ Ցուսիմայի և Մուկդենի պարտությունները մի-մի անբուժելի վերք են բաց արել նրա պատրիոտ սրտի վրա։ Օօ՜, նա չի հանգստանալ, մինչև հայրենիքի ռազմական վարկը չվերականգնվի, մինչև որ մի սոսկալի վրեժ չառնվի այդ արհամարհելի մակակներից, այդ ճիպռոտ կապիկներից։

― Այդ մասին չխոսինք,― խստորեն ընդհատեց Պաստուխովը, կուրծքն ուռցնելով և նայելով իր հրացանին։

— Այո, չխոսենք, այլ գործենք, գործենք,— համաձայնվեց Ալթունովը։
Շուտով գինու շշերը մեկը մյուսի հետևից դատարկվեցին և լուսամուտից դուրս թռան։

Խոսակցության նյութը փոխվեց, Ալթունովը պատերազմից անցավ դեպի խաղաղ կյանքը Ռուսիայի։ Պարզվեց, որ նա մայրաքաղաքի լրագրներով է հետևում ներքին և արտաքին քաղաքականություններին։ Նա թունդ խոսքերով հեղափոխականներին հայհոյեց, պետական դուման ծաղրեց, հարձակվեց ուսանողությոան վրա, որ ուսում ստանալու փոխարեն պոլիտիկով են զբաղվում, ապտակեց ազատամիտ պրոֆեսորներին։ Հետո սկսեց հայհոյել նախ հրեաներին, ապա լեհացիներին, այնուհետև ֆինլանդացիներին։

Եվ հանկարծ գոչեց.

― Պարոննե՛ր, ես ուզում եմ ձեզ հետ «բռուտերշաֆթ» խմել, ի՞նչ կասեք։

― Պատրաստ եմ,― գոչեց Տարաշչենկոն։

― Կարելի է,― սառն արտասանեց Պաստուխովը։

Այս երջանիկ բարեկամական համբույրը դրոշմվեց այն վայրկյանին, երբ գնացքը կանգ առավ սոսկալի դղրդյունով։ Վագոնների ընդհարումից համբուրվողները դիպան իրար, ապա բաժանվեցին, մեկ էլ դիպան, նորեն բաժանվեցին և ընկան՝ Ալթունովը մեկ, Պաստուխովը մյուս նստարանի վրա։

Տարաշչենկոն ծիծաղից թուլացավ։ Ձեռքերը դնելով կլորիկ փորի վրա, նա շնշասպառ մի քանի անգամ կրկնեց.

― Ա՜հ, մեռա, ա՜հ, մեռա, տեր աստված։

Պաստուխովը մի քանի վայրկյան ապշած նայեց դիմացինի կրծքին, ապա հանկարծ կատաղեց և մի քանի շատ կտրուկ հիշոցներ ուղարկեց մեքենավարի հասցեին։

― Ինձ թվում է, պարոն պորուչիկ, որ այդ լավ նշան էր,― ասաց Ալթունովը, թաշկինակով սրբելով շապիկի կուրծքը, որ թրջել էր գինով,― ասել է, մենք կբաժանվենք իրարուց և նորեն կհանդիպենք։ Այսպես թե այնպես, թույլ տվեք, պարոններ, հայտնել իմ անկեղծ գոհունակությունը ձեզ հետ ծանոթանալուս համար։ Չգայիք դուք, ով գիտե ձեր տեղերը պիտի բռնեին ինչ-որ հոտած հայեր կամ թուրքեր, որոնց, իմիջիայլոց ասած, ես արհամարհում եմ։ Ինչպե՞ս, դուք արդեն պատրաստվում եք իջնելո՞ւ։

― Այո, արդեն հասել ելք մեր կայարանը,― ասաց Տարաշչենկոն, հրացանը վերցնելով։
― Գնացեք բարով, խնդրեմ վատ հիշատակ չտանեք իմ մասին։

― Օօ՜, ոչ, ընդհակառակը, շատ շնորհակալ ենք,― ասաց Տարաշչենկոն։

― Միայն մի բան ասեմ,― ավելացրեց Պաստուխովը,― Ուդելնոյի Վեդոմստվոյի կառավարիչը ձեզ խաբել է, գինին տասնհինգ տարվա չէր, նույնիսկ հինգ տարվա չէր․․․

Սպաները դուրս եկան վագոնից, Պաստուխովը խրոխտ քայլերով, Տարաշչենկոն երերվելով։

Մինչ Ալթունովը զբաղված էր ուտելիքների և ըմպելիքների մնացորդը զամբյուղի մեջ ժողովելով, ես գլուխս դուրս հանեցի լուսամուտով, որ կարդամ կայարանի անունը։ Սպաներն անցան լուսամուտի տակով, հաղորդելով միմյանց իրենց տպավորությունները Ալթունովից։

― Բարի մարդ էր,― լսեցի Տարաշչենկոյի ձայնը։

― Խորամանկ արմյաշկա է, իր թթված գինով ուզեց մեզ կաշառել,― ասաց Պաստուխովը, հրացանը ուսին ձգելով։

Ես քնից նոր արթնացած ձևանալով իջա ցած։

Ալթունովը երջանիկ տրամադրության մեջ էր։ Մեջքի վրա պառկած, ոտքերը դիմացի պատիկին հենած, ծխում էր ու ինչ-որ քթի տակ մրթմրթում, իբր թե երգում է։ Նրա մուգ դեմքը կարմրել ու կապտել էր, խոշոր աչքերը լցվել էին արյունով, պարանոցի երակները փքվել էին։

― Ա՜հ,― գոչեց նա,― դուք զարթնեցի՞ք։ Վերջապես ազատվեցի այդ սոխերից։ Կերան, խմեցին, կորան։ Ափսոս արթուն չէիք. պետք է տեսնեիք, թե ինչ կատարվեց այստեղ։ Ես այդ խրտվիլակների գլխին մի լավ խաղ խաղացի, երբեք չեմ մոռանալ։

Եվ նա պատմեց իր խաղը։ Բանից դուրս եկավ, որ իմ տեսածներն ու լսածները երազ էին։ Հյուրասիրելով սպաներին, նա «բավական քանակությամբ» թույն է ածել ուտելիքների և ըմպելիքների մեջ։ Նա ոչ միայն չի թաքցրել իր ատելությունը դեպի զինվորականությունն առհասարակ, այլև սաստիկ նախատել է նրանց, որ այդքան վայելուչ պաշտոնների ու արհեստների մեջ «արյան դաշտն են իրանց կյանքի համար ասպարեզ ընտրել»։ Նա պարսավել է Ռուսիայի արտաքին ու ներքին քաղաքականությունները, այժմյան ռեակցիան, փոքր ազգերի հալածանքը և այլն, և այլն։ Նա պաշտպանել է ժողովրդի իրավունքները, պետական դումայի անձեռնմխելիությունը, մամուլի կատարյալ ազատությունը և հազար ու մի այդպիսի ազատամիտ բաներ։

— Գիտեք,– ավարտեց Ալթունովն իր խոսքը, ոտքի կանգնելով,– երևակայել չեք կարող, թե նրանք ինչպես ամաչեցին: Նրանք ոչինչ չկարողացան ասել: Նրանք մինչև անգամ համաձայնվեցին ինձ հետ և ցավ հայտնեցին որ, լինելով պետական ծառայության մեջ, չեն կարող համարձակ խոսել:
Ես, իհարկե, ձևացրի, թե հավատում եմ Ալթունովի ասածներին: Չէ՞ որ ես քնած եմ եղել, ոչինչ չեմ լսել ու տեսել:

Հաջորդ կայարանում մեր կուպեն մտան երկու ինչ-որ թուրքեր՝ մի-մի դաշույն մեջքներին կապած:

Մեկը նրանցից շիկահեր երիտասարդ էր՝ սափրած երեսով: Հագած էր սև ատլասյա արխալուղ, վրեն կարճ պիջակ, ոտքերին երկայնավիզ կոշիկներ: Գլխին դրած էր Բուխարայի մորթուց կարած փոքրիկ գդակ:

Մյուսը ծեր էր, դեմքը խոշոր կնճիռներով ծածկված, թեև ընչացքը ներկած էր և ծայրերը խնամքով սանրած: Նա հագած էր երկայն չուխա լայն փեշերով, ուսերի վրա չուխայից կարճ մոխրագույն վերարկու՝ պղնձյա ոսկեփայլ կոճակներով:

Ես նորեն բարձրացա իմ տեղը, որպեսզի չխանգարեմ նորեկներին միմյանց քով տեղավորվելու վարի նստարանի վրա:

Ալթունովը կարողացավ հարմար վայրկյան որսալ ականջիս շշնջալու:

— Ահա մի զույգ ևս ցանկալի հյուրեր,— ինչ ասել կուզե: Չէ՛, ես էլ պիտի պառկեմ քնելու, եթե միայն կարելի է քնել դրանց գարշահոտությանն մեջ:

Ներս մտավ կոնդուկտորը կուպեի մոմը վառելու:

— Ինչո՞ւ այդպես ուշ,— դիտողություն արավ Ալթունովը, թեև ուշ չէր,— կարծեմ կարող եք ձեր պարտականությունը ժամանակին կատարել:

Կոնդուկտորը, որ կանգնած էր նստարանի վրա, վառ լուցկին ձեռքին, նայեց վերից վար մի տեսակ արհամարհանքով և ասաց:

— Ես չգիտեի, որ դուք այստեղ եք:

Նրա հեգնական տոնը Ալթունովի ինքնասիրությունը վիրավորեց: Ուղեկիցս ձեռքերը դնելով պանթալոնի գրպանները և գլուխը հպարտ բարձրացնելով, գոչեց.

— Կոնդուկտո՛ր, բարեհաճեցեք մարդկանց ճանաչել և համապատասխան տոնով խոսել նրանց հետ:

— Ճանաչում եմ, - պատասխանեց կոնդուկտորը, առանց երեսը

Ալթունովին դարձնելու,— առաջին անգամ չէ, որ ձեզ նման ճամփորդ եմ տեսնում:
— Կոնդուկտո՛ր, քաղաքավարի եղեք:

— Համենայն դեպս ձեզնից չպիտի սովորեմ քաղաքավարություն։

Ալթունովը բորբոքվեց:

— Լսում ե՞ք, լսում ե՞ք,— դարձավ նա թուրքերեն,— ահա այդպես են այդ գռեհիկները, միշտ կոպիտ: Ես հենց առաջին կայարանից կհեռագրեմ երկաթուղու գլխավոր կառավարչին, որ իմ ամենամտերիմ բարեկամն է ու գիտի ես ով եմ։

— Կարոդ եք հեռագրել, որքան կամենաք,— պատասխանեց կոնդուկտորը, նստարանից իջնելով,— այդ տեսակ սպառնալիքներ մենք ամեն օր լսում ենք:

Եվ, մի հեգնական ժպիտ պարգևելով ուղեկցիս, դուրս գնաց:

— Վայրենի՛,— գոչեց Ալթունովը, մի ոտը հատակին զարկելով և բռունցքն օդի մեջ բարձրացնելով:— Սպասի՛ր, անասուն, երբ քեզ պաշտոնից կզրկեն, այն ժամանակ կիմանաս, թե ով է Արկադիյ Մարկովիչ Ալթունովը։ Ես դեռ երեկ Կովկասյան կառավարչապետի օգնականի հետ «Օրիանտ» հյուրանոցում ճաշելիս խոսում էի երկրի անկարգությունների մասին: Հարկավոր է միայն չմոռանալ գնացքի համարը և այդ անպիտան կոնդուկտորի անունը հարցնել մեկից: Ես իսկույն հեռագիր կկազմեմ:

Եվ, ծոցից դուրս բերելով հուշատետրը, ինչ-որ գրեց այնտեղ, արտասանելով,— հանդո՛ւգն, լի՛րբ, անասո՛ւն․․․

Այսպիսով, բավականաչափ զգալ տալով նորեկներին իր ընկերական դիրքի բարձրությունը (երկաթուղու կառավարչի հետ մտերիմ բարեկամ լինելը և հենց երեկ կովկասյան կառավարչապետի օգնականի հետ «Օրիանտ» հյուրանոցում ճաշելը), նա պառկեց մեջքի վրա և սկսեց ինչ-որ կտոր երզել «Գեյշա» օպերետից:

Երբ բոլորովին հանգստացավ, դարձյալ զլուխը բարձրացրեց, նստեց և նորեկներին հարցրեց.

— Որտե՞ղ եք բարեհաճում գնալ։

— Եվլախ,— պատասխանեց երիտասարդ թուրքը:

— Երևի առևտրական զորքերով:

— Մենք առևտրով չենք պարապում, – ասաց երիտասարդը մի տեսակ վիրավորված եղանակով:

— Հապա՞:

— Մենք կալվածատերեր ենք։

— Կալվածատերե՞ր,— գոչեց Ալթունովը, կարծես ուրախանալով,— ներեցեք, ձեր ազգանո՞ւնը:
— Բերիխանով Ռահիմ-բեգ:

Եվ որպեսզի իր բեգությունը ապացուցանե, երիտասարդը մորթու գդակը քաշեց աչքերի վրա, ծոծրակը բանալով, և վիզը քորելով:

— Կարո՞ղ եմ իմանալ ձեր անունն ու ազգանունը,— դարձավ Ալթունովը ծերունի թուրքին, որ մինչ այդ լուռ էր:

— Ալլահյար-բեգ Մյուլքադարով,— պատասխանց երիտասարդը ծերունու փոխարեն:

— Երևի գնում եք ձեր կալվածքները:

— Այո:

Ալթունովը շտապեց ուրախություն հայտնել, որ հանդիպեց իր «եղբայրակիցներին», վասնզի ինքն էլ կալվածատեր է: Միևնույն ժամանակ, նա գրպանից դուրս բերեց ոսկյա և ադամանդյա մենագրերով զարդարված արծաթյա տուփն ու ծխախոտ առաջարկեց:

— Ներեցեք, ձեր կալվածքը որտե՞ղ է գտնվում,— հետաքրքրվեց երիտասարդ Ռահիմ-բեգ Բեքիխանովը, չհրաժարվելով ընդունել սիրալիր առաջարկված ծխախոտը:

— Քութայիսի նահանգում:

— Մե՞ծ է,— քորեց նա իր գլուխը:

— Այնքան էլ չէ, ութ հազար հինգ հարյուր դեսյատին, կեսը վարելահող, կեսը անտառ: Իսկ ձե՞րը:

— Իմը փոքր է, հազար դեսյատին, իսկ Ալլահյար-բեգ Մյուլքադարովինը մեծ է, շատ մեծ:

— Է՛հ,— հառաչեց Ալթունովը,— մեծ թե փոքր, ներկայումս կալվածները օգուտ չեն բերում:

Մանավանդ Վրաստանում: Այդ «անհանգիստ» երկրի գյուղացիները միանգամայն երես են առել, հարկ չեն վճարում: Ալլահը գիտե ինչ կլիներ Ալթունովի դրությունը, եթե չունենար, մի չորս-հինգ տներ Թիֆլիսում և մի չորս հագար դեսյատինի չափ հող էլ Բեսարաբիայում:

— Ձեր տները մե՞ծ են,— հետաքրքրվեց Բեքիխանովը:

— Բավական:

— Թիֆլիսի ո՞ր փողոցների վրա են:

— Քուռի ձախ ափերում են, ճշմարիտն արած, փողոցների անունները չգիտեմ:

— Դուք էլ վերջին անկարգություններից վնաս կրեցի՞ք Վրաստանում,— խոսեց

վերջապես Ալլահյար-բեգ Մյուլքադարովը, ուսերը վեր քաշելով, որպեսզի վերարկուն չընկնի։
— Ինչպե՛ս չէ, ինչպե՛ս չէ,— գոչեց Ալթունովը,— բոլոր անտառներս այրեցին կամ կտրատեցին, այնպես որ այժմ ես չգիտեմ՝ կալվածք ունեմ, թե՞ ոչ։ Իսկ դուք, երևի, նույնպես վնասվել եք,— շտապեք հարցնել։

— Տունը քանդվի տունս քանդողների,— հառաչեց Ալլահյար-բեգը։

— Ովքե՞ր էին։

— Ձեր հայերը։

— Հայ-թուրքական ընդհարումների ժամանակ։

— Հենց այդ անիծյալ տարին։ Նրանք սրիկաների և գլուխ կտրողների փոխարեն ինձ պատժեցին։ Այրեցին տներս, գոմերս, ամբարանոցներս, թալանեցին գույքս․․․ Հարյուր հազար ռուբլու վնաս հասցրին ինձ․․․

Կարծես Ալթունովն իսկ և իսկ մի այդպիսի առիթի էր սպասւմ, որ լիովին արտահայտվի։ Անմիջապես բորբոքվեց, կարմրեց, ու սկսեց կատաղի խսսքերով պարսավել այդ ընդհարումները։ Նա ասաց, թե Կովկասի «հերոսական պատմության մեջ է 1905 թվականը» կբռնե մի շատ ամոթալի էջ, նա պնդեց, թե դա մի սոսկալի վայրենություն էր, որ կատարվեց, մի խայտառակ եղբայրասպանություն, որի համար պիտի ամաչեն ապագա սերունդները և այլն, և այլն, և այլն․․․

— Բայց լսեցե՛ք,— շարունակեց նա,— ես ինքս թեև ծագումով հայ եմ, սակայն ճշմարտությունը ամենից ավելի եմ սիրում, մեղավորները հայերն են, այո՜, հայերը։

— Դուք էլ եք մեղավոր, մենք էլ,— ուղղեց երիտասարդ բեգը, ձեռը տանելով արխալուղի տակ, որ մեջքը քորե։

— Ո՛չ, ո՜չ, դուք մեղավոր չեք, ո՛չ։

— Ինձ թվում է, որ մեղավորը Շեյթանն է,— ուղղեց ծերունի բեգը, կամենալով փրկել հայրենակցիս ազգայնական ինքնասիրությունը, որ պատրաստ էր անդունդը գլորվել։

— Շեյթանն ինքըստինքյան,— համառեց Ալթունովը,— բայց ես էլի պնդում եմ, որ հայերն են մեղավոր, պետք է արդարասեր լինել, ինչ անենք, որ ես ծագումով հայ եմ, ճշմարտությունն ամենից առաջ։ Ես կարող եմ թուրքերին ավելի սիրել, քան իմ հայրենակիցներին։ Այնպես չէ՞, Ալլահյար-բեգ, մեկը մյուսին չի խանգարում։

— Չի խանգարում,— պատասխանեց ծերունին ուսերը տարակուսանքով վեր քաշելով,— բայց ես կարծում եմ, որ ամեն մարդ պարտավոր է նախ և առաջ իր միլլաթը սիրել, հետո ուրիշներին։ Բացի դրանից,

ես կարծում եմ, որ քրիստոնյան մահմեդականին չի կարող սիրել այնպես, ինչպես իր կրոնակցին։
— Ո՛չ, ո՛չ, սխալվում եք, բեգ,— գոչեց Ալթունովը, միանգամայն հափշտակվելով,— կարող է սիրել և շատ ավելի։ Խոսքս, իհարկե, պատրիոտների մասին չէ, խոսքս օրինավոր մարդկանց մասին է։ Մեկը հենց ես, ձեր խոնարհ ծառան։ Երդվում եմ պատվովս, որ ես թուրքերին ավելի համակրելի, ավելի վեհանձն, ավելի ասպետ, ավելի անշահասեր ժողովուրդ եմ համարում, քան հայերին, վրացիներին և ռուսներին։

— Այդ լավ եք խոսում,— դարձյալ համառեց ծերունին,— բայց երբ որ մի թուրք է մեռնում, դուք էլ երևի ձեր հայրենակիցների պես չեք ասում «մեռավ», այլ «սատկեց»։

— Բե՛գ, աղաչում եմ, մի՛ վիրավորեք իմ զգացումները,— գոչեց Ալթունովը, հանկարծակի միանգամայն հրավառվելով ինչպես զտված բամբակ,— մի՛ համարեք ինձ մեկն այն տխմարներից, որոնք իրենց քթից հեոու բան չեն տեսնում։ Ձեզ հետ մարդ է խոսում և ոչ անասուն։

— Գիտեմ, որ մարդ եք, իսկական մարդ, այդ երևում է ձեր շիր ու շնորհքից։ Բայց ասացեք խնդրեմ, մի՞թե դուք մեզ կեղտոտ ու հոտած ժողովուրդ չեք համարում։

— Ե՞ս, ձե՞զ, քավ լիցի։ Ես շատ լավ գիտեմ, որ մահմեդականներն առհասարակ անհամեմատ ավելի մաքրասեր են, քան բոլոր քրիստոնյա ազգերը։ Ասացե՛ք, խնդրեմ, ո՞ր ազգի կրոնն է պատվիրում ամեն անգամ, գիտեք, այն բանից հետո, բաղանիք գնալ և լվացվել։ Ոչ մի ազգի կրոնը, ոչ մի ազգի։ Իսկ սրբազան ղուրանը հրամայում է։ Բացի դրանից, դուք առավոտ-երեկո նամազ անելիս ձեռքներդ ու ոտքներդ լվանում եք, իսկ մենք քրիստնյաներս, հազար ու մի կեղտոտ բաների դիպչելով, ձեռներս ապականում ենք, հետո մտնում ենք եկեղեցի ու երեսներս խաչակնքում, երբեմն էլ նշխարք վերցնում, ուտում ենք։

— Դուք թուրք բարեկամներ ունի՞ք,— ընդհատեց Ալլահյար-բեգը Ալթունովի բարեկամական զգացմունքների զեղումը, կանխապես կոկորդը մաքրելով և թքելով հատակի վրա։

Իհարկե, ունե, այդ ի՞նչ հարց է։ Կովկասի բոլոր խաներն ու նշանավոր բեգերը Ալթունովի մտերիմ բարեկամներն են։ Դեռ երեկ նա Թիֆլիսի «Լոնդոն» հյուրանոցում շամպանիայով և երաժշտությամբ ճաշում էր իշխաններ Ուցմիևի և Աղալարովի հետ։ Նա իր ժամանակի մեծ մասը թուրք արիստոկրատների հետ է անցկացնում։

— Գիտեք,— ավելացրեց նա, ձայնը ցածրացնելով,— ես հայերի ու ռուսների հետ չեմ սիրում նստել, վերկենալ։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top