Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Արսեն Դիմաքսյան

Արսեն Դիմաքսյան



XVI


Բժիշկ Սալամբեկյանը հիվանդանոցից նոր էր վերադարձել և մեջքի վրա պառկած նայում էր առաստաղին։ «Արդյոք ավելի լավ չէ՞ր լինիլ, մտածում էր նա, մի որևէ վանքում նստած Սաղմոս կարդայի մարդկանց մեղքերի թողության համար, քան թե նրանց բժշկեի մարմնավոր ցավերից»:

Ասում էին և ինքն էլ տեսնում էր, որ բժիշկները առհասարակ ճարպիկ մարդիկ են, դեսուդեն են վազում, միմյանցից հիվանդներ խլում կամ առողջներին հիվանդացնում։ Իսկ ինքը ի՞նչ է անում։ Ամսական ստանում է հիսուն—վաթսուն ռուբլի և, կարծես, արդեն հասել է բախտի զենիթին։

«Կամ պետք է ես էլ շառլատանություն սկսեմ, կամ թե չէ՝ դա ինչ ցավիս բժիշկն եմ։ Գնում եմ ամեն օր հիվանդանոց և տեսնում եմ մի շարք գլուխներ ու դեմքեր։ Փը՛ղկ, ինչ գլուխներ ու դեմքեր։ «Ձեռդ տուր», «լեզուդ հանիր», պրծավ գնաց, հետո գալիս եմ, մեջքիս վրա ահա այսպես պառկում (նա ոտները բարձրացրեց և գրեց անկողնակալի կողի վրա) ու ինքս ինձ ասում, «աշխարհս դատարկ բան է»։ Ասենք զահրումարը դատարկ բան է, բայց մարդս քիչ եռանդ պետք է ունենա, չէէ՞...»։

«Այ տղա, արի պսակվենք,— գոչեց նա հանկարծ և գլուխը մի քիչ բարձրացրեց, — բայց ո՛չ, ամուսնությունն էլ խաթաբալա շատ ունի։ Մեկ էլ տեսար ծնեց։ Սատանան գիտե ծնունդն է, ինչպես կլինի, պլացենտա պրեվե, էպիզիոտոմիա, լիպորոկելիֆոտոմիա, իսկ երեխաները, հոհո՜ո, դիֆտերիա, սկառլատինա, ֆոլիկուլյարնայա ժաբա, թյո՛ւ, թյո՛ւ, թյո՛ւ»։

«Չեմ ուզում, չեմ ուզում», — կրկնեց նա, ձեռները այնպես այնպես շարժելով, որ, կարծես, նույն րոպեին դռները բացվեցին և կես դյուժին երեխաներ ճըվճըվալով ներս թափվեցին:

— Ի՞նչ է պատահել բժիշկ, — գոչեց Մսերյանը, շտապով ներս մտնելով յուր հաստ ձեռնափայտը և լայնեզր գլխարկը ձեռին։

Բժիշկը մեջքի վրա շուռ եկավ ընկերոջ ձայնին։

— Այդ դո՞ւ ես։ Հը՛մ, ի՛նչ է ասում իդեալիստի վարդագույն երևակայությունը ինֆուզորիաների մասին։

— Ժամանակ չէ, եղբայր, պատերի հետ մասլահաթ անելու։ Այն ի՞նչ հորս ցավն էին տալիս, չէիր ուզում։ Վեր կաց ոտքի։

— Այսպես ավելի բանաստեղծական է, պառկի՛ր, զրույց անենք։

— Վե՛ր կաց, ասում եմ, Արսենը հիվանդ է։

— Հոգեպե՞ս, թե՞ մարմնապես։

— Երեսունութ ու վեց տասնորդական աստիճանի տաքություն ունի, իսկույն չափեցի։

— Ասենք, դա նրա նորմալ դրությունն է, տեմպերատուրան շատ բարձր է։

Մսերյանը, բռնելով նրա թևից, ուժով ոտքի կանգնեցրեց և ստիպեց հագնվել։

Երբ նրանք ներս մտան, Դիմաքսյանը անկողնի մեջ նստած ծնկների վրա ինչ-որ գրում էր։ Մսերյանը խլեց նրա ձեռքից թուղթն ու գրիչը, գոչելով.

— Երևակայում եմ, այդ դրության մեջ ի՛նչ խելոք բան կգրես։

Սալամբեկյանը տնքտնքալով, ծուլաբար քննեց ընկերոջը, քթի տակ մրթմրթալով.

— Հիմա մեռնենք, թե երեսուն տարի հետո՝ միևնույնն է։ Դատարկ բան է, մրսել ես...

Նա գրեց մի քանի դեղեր։ Մսերյանը անձամբ շտապեց վազել դեղատուն։ Առհասարակ նա շատ էր վախենում ընկերոջ մասին և հոգում էր, ինչպես ավագ եղբայր։

Ամբողջ օրը ընկերները մնացին հիվանդի մոտ։ Մսերյանը չէր թողնում Սիրականին ներս մտնել։ Մի ժամանակ նա հիվանդանոցներում շատ է հիվանդապահի պաշտոն կատարել յուր ընկերների համար, այժմ էլ կկատարի։ Եվ նա պատմում էր յուր կյանքի այդ շրջանից զանազան էպիզոդներ։

Իրիկնադեմին Դիմաքսյանը ասաց, թե թեթևություն է զգում և գրեթե ուժով Մսերյանին ստիպեց թողնել նրան մենակ։

Գիշեր էր։ Սեղանի վրա վառվում էր կանթեղը։ Մերթ ընդ մերթ Սիրականը ներս էր մտնում իմանալու արդյոք հիվանդը մի բան չէ՞ պահանջում։ Պարոնի հիվանդությունը ծառային շատ էր անհանգստացնում, որովհետև Սիրականը նրան սիրում էր անկեղծ սիրով։

Այդ սիրո շարժառիթը Դիմաքսյանի ստեպ-ստեպ նվիրած փողերը, հագուստը չէին կամ ձրի դասատվությունը, այլ ավելի խոր պատճառ կար։ Մինչ ամենքը ծաղրում և հալածում էին Սիրականին նրա տգեղ և ծիծաղելի կերպարանքի համար, մինչ ամենքը մի-մի կոպիտ ածական էին տալիս նրան, մինչ երեխաներն անգամ փողոցներում վազում էին նրա հետևից և «մայմուն, մայմուն» կանչելով, քարեր էին արձակում նրա վրա — Դիմաքսյանը, այդ «ուսումնական աղան», այդ «մեծ օջախի որդին», այդ «ինսպեկտորը», նրա հետ վարվում էր մեղմ, մարդասիրաբար, ինչպես յուր հավասարի, յուր ընկերոջ և լավ ընկերոջ հետ։ Դա մի հազվագյուտ, մի անգնահատելի բան էր Սիրականի համար։ Եվ նա չգիտեր, ինչպես արտահայտեր յուր սրտի երախտագիտությունը։

Վերջին անգամ ներս մտնելով, նա կանգնեց հիվանդի գլխի կողմում և, շունչը զսպելով, կամեցավ իմանալ, քնա՞ծ է նա, թե՞ արթուն։ Լսվում էր հիվանդի ծանր և ընդհատվող շնչառությունը։ Մի վայրկյան նա աչքերը բաց արավ, տեսավ ծառային և հառաչեց։

— Դու այստե՞ղ ես։

— Հրամերեք, աղա։

— Քանի՞ ժամն է։

— Տասից կես է անցել: — Ի՛նչ ուշ է անց կենում գիշերը։ Լա՛վ, գնա՛ գործիդ, Սիրական, հոգնած ես, պառկիր քնիր։

— Ես հոգնած չեմ, աղա, գործ էլ չունեմ, խանումին կերակուր տվեցի, պրծա։

— Այն շիշերը և ժամացույցը դիր այս սեղանի վրա։

Սիրականը իսկույն կատարեց նրա հրամանը և, ձեռները փորի վրա դարսած, մնաց կանգնած։

— Ուզում ես ինձ մոտ մնալ, որ ծառայե՞ս։

— Հրամերեք, աղա։

— Հարկավոր չես, ես ուզում եմ մենակ մնալ։ Գնա, բայց դռները ամուր կողպիր, որ քամին չբաց անի։

Սիրականը ակամա դուրս գնաց։ Հիվանդը մնաց մենակ։

Արդարև, այժմ նա ավելի հանգիստ էր։ Իսկապես յուր տկարությանը ոչինչ նշանակություն չէր տալիս։ Զարմանում էր անգամ Մսերյանի անհանգստանալու վրա։ Մարմնին տիրած տաքությունը մի առանձին ախորժություն էր պատճառում նրան։ Թվում էր նրան, թե կաշվի տակ մի թմրեցուցիչ և հաճոյական հեղուկ են սրսկել։ Նրա քունը չէր տանում, միայն աչքերը փակած անձնատուր էր եղել ֆիզիկական դուրեկան անդորրությանը, որ նմանվում էր հաշիշի կամ ափիոնի ազդեցության։ Նրա մտքով անցնում էին օրվա դեպքերը։ Առավոտյան նա զարթնեց, ճշմարիտ է մի թեթև գլխացավով, բայց հանգիստ և խաղաղ հոգով։ Այդ ժամանակ նա մոռացել էր յուր թշնամիներին, ուզում էր պարապվել, թեև տկար էր։ Եվ հանկարծ դարձյալ զարթեցրին նրա սրտում թունավոր օձը, դարձյալ տակնուվրա արեցին նրա արյունը։ Բայց արժե՞ր արդյոք վրդովվել մարդկանց տմարդի վարմունքից, միթե չէ՞ր կարելի սառնասիրտ արհամարհանքով վերաբերվել ստոր լուտանքներին։ Ինչո՞ւ նա այնպես բռնկվեց, ինչպես մի դյուրաբորբոք հեղանյութ։

«Արդյոք ե՞րբ, վերջապես, կչափավորվի իմ զգայությունը»։

«Երբե՛ք, երբե՛ք», պատասխանեց նրան մի ուրիշ ներքին ձայն։

«Ինչո՞ւ»: «Որովհետև դու աննորմալ մարդ ես, Բարաթյանը ճիշտ է ասել և ճիշտ են ասում մյուսները»։

Աա՛, այդ Բարաթյա՛նը, այսօրվա այն չարագուշակ հանդե՛սը, նրա հաղթական ժպիտը, դեմքի երջանիկ արտահայտությո՛ւնը։

Ո՞ւր է նա այժմ։ Երկաթուղու գնացքը ամբողջ օրը բախտավոր զույգին սլացրել է կայարանից կայարան։ Ահա՛ նրանք, ահա նա մի ձեռքով Գայանեին գրկած, մյուսով շոյշոյում է նրա գանգուր բաց գույնի մազերը։ Իսկ Գայանեն գլուխը մեղմիկ թեքած է նրա ուսին և յուր կապուտակ կրակոտ աչքերով ցածից վեր նայում է նրա երեսին։

«Ցածից վեր, այո՛, եթե ես լինեի, պետք է վերևից ցած նայեր ինձ»։

Նրանք կանգնած են վագոնի փոքրիկ պատուհանի առջև, իհարկե, առանձին կուպեում, և դիտում են աշնանային լռության հրաշալիքները։ Տեսարանները փոխվում են գեղեցիկ կալեյդոսկոպի արագությամբ։ Նրանց աչքի առաջով անցնում են գյուղական աղքատիկ խրճիթները, այս ու այնտեղ ցրված, դեղնած դաշտերը, սիրուն ձորերը և շքեղ հովիտները։ Պղտոր Քուռը այնտեղ պարզ է, փայլուն և գրավիչ։ Նա ժպտում է բախտավորների երեսին և սիրով ողջունում նրանց միությունը։ Այնինչ նույն գետը այնքան մռայլ, այնքան թշնամաբար էր նայում նրան այսօր առավոտյան։ Նա, կարծես, աշխատում էր գրավել դժբախտին դեպի յուր ցուրտ ծոցը, ուր թաքնված է ժանտ մահը։ Ի՞նչ կլիներ, եթե նա գցեր իրան այնտեղ։ Ոչ ո՛չ, ինչո՞ւ համար, ո՞ւմ համար, արժե՞ր...

Այստեղ հիվանդը զգաց մի նոր սառնություն յուր ոսկորների մեջ։ Երջանիկ զույգը համբուրվում է։ Ա՛խ, այդ սիրային համբույրները, արդյոք ի՞նչ զգացմունք են պատճառում համբուրվողներին։ Արդյոք կարժանանա նա երբևէ, գեթ մի անգամ յուր ամբողջ կյանքի ընթացքում այդպիսի ջերմ համբույրի մի այնպիսի արարածի հետ... Ի՞նչ ասել է փոխադարձ սեր։ Նա ուզում է զգալ, նա կարոտ է, նրա սիրտը պահանջում է մի այդպիսի սեր, վերջապես, իրավունք ունի պահանջելու։ Նրա ատամները դողդողում էին և ուժգին ու արագ-արագ զարկվում միմյանց։ Ա՛հ, ցուրտ է, սաստիկ ցուրտ։ Ինչո՞ւ նրա ողնաշարը այնպես ցավում է, կարծես, նա ուզում է բաժան-բաժան լինել, կարծես, ոսկորները ուտում են միմյանց։ Նրա ամբողջ մարմնին տիրեց կապարային ծանրություն։ Այդ ի՞նչ է նշանակում. ցուրտ է, պետք է ծածկվել։ Եվ նա վերմակը քաշեց գլխին, ոտները հավաքեց, կծկվեց, կուչ եկավ ամբողջ մարմնով և դարձավ մի փոքրիկ կծիկ։ Լսվում էին նրա ծանր տնքտնքոցը ու հառաչանքները։ Տասը րոպեից հետո ցուրտն անցավ։ Սկսվեց մի նոր տաքություն. և այս անգամ ավելի սաստիկ։

Նա դեն շպրտեց վերմակը, կուրծքը բաց արավ և ձեռները տարածեց աջ ու ձախ։ Նրա պղտոր և կարմրած աչքերը թափառում էին առաստաղի վրա, պատից պատ, անկյունից անկյուն։ Իսկ մթնած միտքը կայծակի արագությամբ վերաստեղծում էր անցյալի տպավորությունները անբնական կերպով, չափազանցրած, անկապ, անորոշ, հատ ու կտոր...


XVII


Հանկարծ նրան թվաց, թե ինքը դպրոցումն է։ Ահա և՛ աշակերտները, շարեշար նստած, պատասխանում են նրա հարցերին։ Մի չար պատանի, ընկերներին աջ ու ձախ բոթելով, ստեպ-ստեպ մատը բարձրացնում է և ոտքի կանգնում։

«Արաբյա՛ն, հանգիստ նստիր», գոչեց նա բարձրաձայն։

Բայց ո՛չ, դա ուսումնարան չէ։ Նա կանգնած է մի ընդարձակ դահլիճում։ Նրա առջև հավաքված է անթիվ բազմություն, գյուղացիների և քաղաքացիների մի խառնիճաղանջ ամբոխ։ Նա քարոզում է ամբոխին լույս և գիտություն։ Նրա ձախը դյութական զորությունով ամենքին գրավել է, լսում են լուռ, ուշադիր, անշարժ։ Օ՜օ, ո՜րքան լավ է ընդհանուրի մտքին տիրելը։ Հանկարծ մի շշուկ է բարձրանում։ Նա զգում է, որ մեկը հետևից բռնեց նրա հագուստի փեշերը։ Նրան ուզում են ցած գլորել։ Նա հետ է նայում, աա՛, դա նրա հակառակորդներն են — մեկը գերմանական Ինյաթյանը, մյուսը փաստաբան Վեքիլյանը։ Չարամիտնե՛ր, դուք նախանձում եք, որ խավար բազմությունը մի՞տ է դնում նրա լուսավոր գաղափարներին։

«Ի՞նչ եք ուզում ինձանից», գոռաց նա բարձրաձայն, ձեռը խփելով բարձին։

Ոչինչ չկա, ոչ ամբոխ, ոչ թշնամիներ, ոչինչ։ Նա մենակ է և գտնվում է դատարկ տարածության մեջ, օդի վրա քաշ ընկած։ Նա ոչ մի հենարան չունի, վախենում է անհուն բարձրությունից ընկնի և անհետանա այն խավար անդունդի մեջ, որ բացված է ներքևում, ուղիղ նրա ոտների տակ...

Մի ինչ-որ սպիտակահեր ծերունի տալիս է նրան մի բազկաթոռ։ Նա նստում է։ Այժմ նա ծանոթ ընտանիքի հյուրասենյակումն է։ Ինչքա՛ն հյուրեր կան։ Մեծ մասը կանայք են և ի՛նչ սիրուն, ի՛նչ գեղեցիկ, ի՛նչ երիտասարդ կանայք։ Նստած են խումբ-խումբ, ուրախ դեմքերով։ Ա՛հ, հարսանիք է, ո՞ւմը։ Սենյակը աղմկվում է հյուրերի զվարթ և բարձրաձայն խոսակցություններով ու քրքիջներով։ Մի երիտասարդ ջութակ է ածում, մի օրիորդ երդում է, մյուսը դաշնամուր է նվագում։ Իսկ այնտեղ սպիտակ հագուստով, գլուխը գեղեցիկ պսակով զարդարած, դեմքը մի նոսր և նուրբ շղարշով ծածկած, կանգնած է նա՛, Գայանեն...

«Բարև ձեզ», ասաց հիվանդը խռպոտ ձայնով։ Ոչ ոք ուշադրություն չի դարձնում Դիմաքսյանի վրա։ Նա նստած է սենյակի մի անկյունում, աննշմարելի այդ ուրախ հանդիսում, այդ զվարթ հասարակության մեջ։ Ի՛նչ լավ նվագում է այն օրիորդը, ինչ գեղեցիկ է Գայանեն, ինչ ուրախ է Բարաթյանը։

«Բրա՛վո, բրա՛վո», գոչեց դարձյալ հիվանդը։

Մթությո՛ւն, խավար, ոչինչ չկա, ձայներ են լսվում, տարօրինակ, սարսափելի ձայներ։ Բայց ահա դարձյալ հյուրասենյակը լուսավորեց, և ոչ ոք չի տեսնում Դիմաքսյանին։ Այսպես չի կարելի, կամ պետք է այստեղից դուրս գալ կամ պետք է ուշադրություն գրավել: Նա կահ-կարասի չէ, նա մի կոտրված աթոռ չէ, կամ մի անպետք լաթի կտոր,— նա Արսեն Դիմաքսյսանն է... «Տիկիննե՛ր, օրիորդնե՛ր». նորից գոռաց հիվանդը, ավելի խռպոտ ձայնով։

Հյուրասենյակում տիրում է միանվագ լռություն։ Բոլոր հանդիսականները երեսները դարձնում են դեպի նրա կողմ։ Վերջապես, նշմարեցի՞ք Դիմաքսյանին։

«Ով է խրվել այն բազկաթոռի մեջ», ասում է մի գոռոզ տիկին, մոնոկլը պահելով աչքին։

Դիմաքսյանը ոտքի է կանգնում։

Հիվանդը նստեց անկողնի մեջ։

Ամենքը զարմացած են։ Սպասեցե՛ք, իսկույն նա ցույց կտա, թե ով է ինքը։ Բոլորը անշարժ են, բերանները կիսաբաց, գլուխները վեր բարձրացրած։ Դյութական ձայնը նրանց մի ակնթարթում արձանացրել է նույն դիրքում, ինչ դիրքում որ էին։ Կառքերի ձայնը խլացնում է նրան, օօօ՛, ամբողջ քաղաքը, կարծես, զվարճանում է նրանց երջանկությունով։ Իսկ ինքը մենակ, արհամարհված, ընկճված։ Այս ի՞նչ ձայներ է լսում նա, ինչո՞ւ են հարձակվում նրա վրա։

«Ինչո՞ւ, ինչո՞ւ»...

Հիվանդը ձեռը զարկեց անկողնակալի կողքին։

Լսվում է մի բարձր ծիծաղ։ Նա թատրոնումն է, Վեքիլյանի առաջ կանգնած։ Գայանեն մոտենում է նրան և նայում։ Նա հանկարծ բռնում է օրիորդին ամուր ձեռներով, խելագարի պես։ Վայրկենաբար օրիորդի կրծքից դուրս է թռչում մի բարձր ճիչ։ «Դա հրե՛շ է», գոչում է նա և սարսափած փախչում։ «Հրե՛շ է», կրկնում են բոլոր կանայք և վազում այս ու այն կողմ։ Տղամարդիկ ծիծաղելով հետևում են նրանց։ Ամենից հետո դուրս է գալիս Բարաթյանը և դուրս գալուց առաջ զզվանքով նայում է Դիմաքսյանի վրա։ Նա համբուրում է Գայանեին, օօօ՛, համբուրում է յուր հարսնացվին, յուր ամուսնուն։ Հիվանդը, ատամները կրճտելով, ձեռներով ամուր բռնեց գլխի մազերը։

Նա միայնակ է և դարձյալ նույն հյուրասենյակում։ Նրա հայացքը ընկնում է դիմացի հայելու մեջ։ Այնտեղ նա տեսնում է յուր ամբողջ կերպարանքը նկարված ոտից մինչև գլուխ։ Տեր աստված, ի՞նչ բանի է նմանում նա։ Այտերի ոսկորները դուրս ընկած, ահռելի բերանը լայն բացած շրթունքները լնդերքին կպած։ Աչքերի փոխարեն մթին խորշեր, ականջներ սևացած, պարանոցը ոսկրացած։ Իսկ մարմինը։ Ի՞նչ պստիկ, ինչ զազրելի կերպարանք։ Այո, իրավունք ունի Գայանեն նրան ատելու, նա մարդկային պատկեր չունի, նա հրեշ է, ճիվաղ է...

«Ես հրե՛շ եմ, հրե՛շ եմ, բոլորը ասում են», լսվեց դարձյալ հիվանդի ձայնը։ Եվ նա անկողնից վեր թռավ անբնական արագությամբ, կանգնեց հատակի վրա։ Սեղանի վրա շարունակ վառվում էր կանթեղը։ Դրսում քամի էր, աշնանային սարսափելի քամի, որ ամեհի և սոված գազանի պես լիզում էր դաշտերը։ Դռների և լուսամուտների արանքից նա ներս էր թափանցում, սուլելով ինչպես օձ, բառաչելով որպես մորթվող չորքոտանի։

Հիվանդը կանգնած էր սենյակի մեջտեղում բարակ գիշերային շապիկով, կուրծքը կիսով չափ բաց։ Նրա աչքերի շրջանակները արյունով լի պնակների էին նմանում. լայնացած բիբերը, կարծես, ձգտում էին դուրս գալ իրանց բնից։ Նա ատամները կրճտում էր կատաղի կերպով, գլխի մազերը խճճվել էին և հավաքել գագաթում։ Նա մի բռունցքի մեջ սեղմած էր վերմակի ծայրը, մյուսի մեջ շապկի եզերքը։ Կարծես, նա պատրաստվում էր հարձակվել մի աներևույթ թշնամու վրա։

Նա ոտները ուժգին զարկեց հատակին և գոռաց.

«Վայրենի ժողովուրդ»։

Դա մի սարսափելի, մի խուլ գոռոց էր, արձակված սաստիկ տենդի մեջ գտնվող հիվանդի տանջվող և տառապող կրծքից։

Այդ գիշերային մենավոր լռության մեջ, այդ դատարկ սենյակում նա հիշեցնում էր յուր որջի մեջ բռնված մի վայրի գազանի, որին դրսից պաշարել էին և կամենում էին կենդանի-կենդանի այրել։ Դեմքը կորցրել էր ամեն ինչ, որ մարդկային էր, որ արտահայտում է գիտակցություն և բանականություն, և երևան էր հանել, ինչ-որ գազանային է։

Դռան արանքից ներս սլացող քամին կպչում էր նրա այրվող մարմնին։ Դա էր, որ մի ակնթարթ մեղմացրեց նրա տենդային ցնորքները, թույլ, շատ թույլ կերպով լուսավորեց նրա մթնած գիտակցությունը:

Նա նայեց յուր շռւրջը, բռունցքները բաց արավ, հառաչեց ծանր և երկարատև։ Նա մոտեցավ գրասեղանին, ձեռները հենեց նրա ծայրին և նորից հառաչեց։

Կանթեղի մոտ դրած էին մի մեծ թանաքաման, մի քանի գրքեր և լրագիրներ։ Նա անմիտ հայացքով նայեց նրանց, հետո պատերին, հետո առաստաղին, հետո հատակին, հետո ինքն իրան ոտից մինչև գլուխ։ Եվ երբ գլուխը կրկին բարձրացրեց, նրա հայացքը ընկավ կանթեղի մյուս կողմում դրած փոքրիկ քառանկյունի հայելիին։ Նրան թվաց, որ այդ մի մեծ գավաթ է ջրով լի: Նա վերցրեց երկու ձեռներով և մոտեցրեց շրթունքներին։ Հետո ցած բերեց, նայեց նրան, նայեց երկար ժամանակ։ Դռան արանքից սուլացող քամին մի նոր ցրտություն տարածեց նրա մարմնի վրա։ Ահա նա, այն կերպարանքը, որին ամենքը ծաղրում են։ Ահա այն խորը թաղված աչքերը, երեսի թուխ և կոշտ կաշին, նոսր մորուքը, տգեղ բերանը, լայն սևացած ատամները։ Իսկ հասա՛կը։ Նա հայելին պահեց գլխիվայր, կիսահորիզոնական ձևով և նայեց իրան ոտից մինչև գլուխ։ Ա՛խ, ո՛րքան նա փոքրիկ է, ո՛րքան չնչին։ Ինչո՞ւ նա այդպես է ծնվել, ինչո՞ւ նրա ահագին գլուխը տեղավորված է այդ մի քանի թզաչափ մարմնի վրա։ Ինչո՞ւ նա և ոչ ուրիշը։ Անե՛ծք բնությանը, անեծք նրա օրենքներին, անեծք ամբողջ տիեզերքին, անեծք նրա աներևույթ զորությանը։ Կամ գուցե այդ նրա ծնողների, նրա պապերի և նախահայրերի մեղքն է։ Բայց ինչո՞ւ բնությունը նրան և միմիայն նրան է ընտրել այդ մեղքերի պատիժը կրելու, ինչո՞ւ, ինչո՞ւ...

Նա անթարթ աչքերով շարունակ նայում էր հայելու մեջ։ Եվ նրա կուրծքը ուժգին բաբախում էր, երեսի բոլոր մկանունքները ցնցվում էին։ Սակայն նա դարձյալ նայում էր ինքն իրան։ Կարծես, առաջին անգամն էր տեսնում կամ գուցե ուզում էր վերջին անգամ սիրտը տանջել կամավոր փորձով: Նա հայելին դրել էր սեղանի վրա։ Նա կատաղությունից եղունգներով ճանկռտում էր սեղանի ծածկոցը, բայց էլի նայում էր։ Նա գտնվում էր կիսատենդային և կիսարթուն գրության մեջ։ Հանկարծ նա դողդոջուն ձեռներով խլեց հայելին սեղանի վրայից, ավելի ու ավելի մոտեցրեց աչքերին։ Նրա շրթունքները բացվեցին և ատամները դուրս ցցվեցին։ Նա հայելին բարձրացրեց գլխից վեր և բոլոր ուժերով զարկեց սենյակի հատակին։

Ապակին շրջանակից բաժանվեց, փշրտվեց։ Նրա տասնյակ բեկորները ցիրուցան եղան այս ու այն կողմ։ Նույն միջոցին հիվանդի կուրծքը արձակեց մի դառն, երկարատև և կատաղի ծիծաղ։

Բորբոքված աչքերով նա նայում էր հայելու կտորներին, որոնց հնչյունների մեջ զգաց ջախջախված թշնամու վերջին հուսակտուր հառաչանքները։ Կարծես, նա յուր վրեժը լուծեց տալով բնությանը արժանի վարձ նրա անարդարության համար։

Իրավ, այժմ նա ավելի հանգիստ էր երևում, թեև տենդը տակավին չէր անցել։ Հոգնած, շնչասպառ, ծանր հառաչելով նա հետ ու հետ քայլեց և թուլացած նստեց անկողնակալի վրա։ Նրա գլուխը ծանրացել էր, թեքվել կրծքին։ Միտքը դեռ պղտորված էր, նա չէր գործում, այլ վերաստեղծում էր անցյալի տպավորությունները։ Փոքր առ փոքր նա սկսեց սթափվել, բայց դեռ չգիտեր արթո՞ւն է, թե՞ երազում։ Գիտեր միայն, որ ինչ-որ բան է պատահում իրան, մի տարօրինակ, մի չտեսնված բան։

Մի անգամ նա աչքերը վեր բարձրացրեց, և նրա պղտոր հայացքը ընկավ դիմացի դռների ապակու վրա, բայց չնշմարեց մի զարմանալի երևույթ։ Դա երկու ձեռնաչափ դեղնագույն մի բան էր ամուր կպած ապակուն, ինչպես չորացած, դեղնած մեծ տերև։

Երբեմն այդ բանը շարժվում էր, քսվելով ապակուն։ Նույն միջոցին դռների հետևից լսվում էր ինչ-որ շշուկ։ Կարծես, այդ շշուկը հասավ նրա ականջին։ Նա ձեռով շփեց տաքությունից այրվող ճակատը, տրորեց ցամաքած աչքերը...

Դեղնագույն բանը չքացավ, ապակին մթնեց։ Մեկը դրսից դռները շարժում էր։

«Կորե՛ք, կորե՛ք», գոչեց հիվանդը խուլ ձայնով։ Դռները հանդարտ և կամացուկ բացվեցին։ Ներս մտավ կապույտ շապկով, կուրծքը բաց, ոտաբոբիկ մի արարած, ինչպես գիշերային ոգի, որ գալիս է վհուկի ձայնին։ Բայց ոգին կամ ուրվականը սաստիկ վախեցած էր։ Նա դողում էր ոտքի վրա, նա չգիտեր առաջ գա՞ր, թե՞ դռների մոտ մնար։

Այնքան պղտորված էր հիվանդի միտքը, այնքան մթագնած էին նրա աչքերը, որ նա չճանաչեց ուրվականին:

«Կորի՛ր», կրկնեց նա, ոտքի կանգնելով։

Սիրականը, ձեռները փորի վրա դարսած, մի քանի քայլ առաջ եկավ։

«Ջուր, ջո՛ւր», սիրտս այրվում է։

Ծառան բարձրացրեց կանթեղի լույսը, տվեց հիվանդին մի բաժակ ջուր։

Հետո նա ասաց.

— Աղա, կմրսես, պառկի՛ր։

Հիվանդի թուլացած գլուխը թեքվեց բարձին։ Սիրականը ուղղեց նրա մարմինը և վերմակով ծածկեց։

Անցավ մոտ քառորդ ժամ, և հիվանդը, կարծես, քնեց։ Սիրականը կանգնած էր նրա գլխի մոտ, ինչպես մի խնամող մայր։ Խե՛ղճ մարդ. նա կարծում էր, որ երիտասարդ պարոնը խելագարվել է։ Նա դիտմամբ յուր անկողինը բերել էր սենյակի դռների մոտ և այնտեղ պառկել, որ հիվանդին մոտիկ լինի, հարկավոր եղած ժամանակ նրան օգնություն հասցնելու։

Հազիվ նա նիրհել էր, Դիմաքսյանի տարօրինակ գոռոցները զարթնեցրին նրան։ Նա ամբողջ ժամանակ դռների հետևից հետևել էր նրա արածներին, չհամարձակվելով ներս մտնել։ Այժմ նա ապշած նայում էր հայելու կտորներին, գլուխը շարժում և հիվանդին ձեռով խաչակնքում։

Արդեն լուսաբացին մոտ էր, երբ Սիրականը աթոռի վրա նստած նիրհեց։ Նա սթափվեց այն ժամանակ, երբ ուսի վրա զգաց մի ծանրություն։

Դա Մսերյանի ձեռն էր։

— Գիշերը հանգի՞ստ է քնել։

— Չարչարվել է խեղճը մինչև լույս։

Սիրականը նրան կանչեց մի կողմ և շշնջյունով պատմեց գիշերվա եղելությունը։ Մսերյանը վախեցած մոտեցավ հիվանդին և զգուշությամբ ձեռը շփեց նրա ճակատին։ Հիվանդը քրտնած էր։ Մսերյանը ծառային պատվիրեց հայելու բեկորները հավաքել և դուրս գնալ։ Իսկ ինքը նստեց լուր ընկերոջ անկողնակալի մոտ։

Մի ժամ անցած եկավ բժիշկ Սալամբեկյանը։ Հիվանդը դեռ քնած էր. Մսերյանը հաղորդեց նրան ծառայի պատմածը։

— Կնշանակե սաստիկ տաքության մեջ է եղել։ Ոչինչ, ոչինչ, մի՛ վախենալ, սովորական ցնորք է...

Վերջապես, Դիմաքսյանը շարժվեց վերմակի տակ։ Ծանր հառաչելով, նա երեսը դարձրեց ընկերներին և արտասանեց.

«Ես հիվանդ եմ, բժշկեցե՛ք ինձ...»
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Երկու ամիս ճանապարհորդելուց հետո Բարաթյանները վերադարձան Թիֆլիս։ Նորապսակների համար Գերասիմ Գերասիմիչը յուր տանը պատրաստել և գեղեցիկ կահավորել էր տվել առանձին սենյակներ։ Անդամալույծը ուրախ էր որդու ամուսնությանը, միայն երբեմն ինքնուրույնաբար գլուխը շարժում էր և քնթի տակ ասում. «Եթե Իսահակը իմ որդին է — հայր Աբրահամի ծնունդը չէ. այս չորացած ոտներս կկտրեմ, եթե նա հինգ ամսից ավելի դիմանա...»։

Սովորական այցելություններից հետո, նորապսակների համար սկսվեց բուն ընտանեկան նստակյաց կյանքը:

Բարաթյանր վճռել էր սահմանափակել յուր նախկին ծանոթների թիվը, հարաբերություն պահելով միայն այնպիսիների հետ, որ քիչ թե շատ հասարակական դիրք ունեն։ Մսերյանին նա դուրս գցեց ցուցակից։ Բժիշկ Սալամբեկյանը պետք է ընդունվեր։ Վեքիլյանի համար, հարկավ, դռները բաց էին կրունկների վրա։ Դիմաքսյանի մասին նա ասում էր, թե արժանի չէ համարում նրան յուր տունը թողնել, թեև միևնույն ժամանակ, զգում էր, որ վիրավորված ընկերը հավիտյան ընդհատել է նրա հետ յուր հարաբերությունները։

«Իսկ քո բոլոր ազգականները և բարեկամները աչքիս վրա տեղ ունեն», ասում էր նա Գայանեին, թվելով յուր ապագա շրջանի մարդկանց։

Տիկինը նստած էր ամուսնու դեմուդեմ և լուռ լսում էր նրա որոշումները, առանց ընդդիմանալու, միանգամայն հպատակվելով նրա կամքին։ Նա նկատելի կերպով նիհարել էր, աչքերի տակը բավական խորացել էր։ Առհասարակ արտասահմանից նա վերադարձավ շատ փոխված։ Բայց այդ միայն արտաքուստ էր։ Իսկ հոգեպես նա այժմ ավելի բախտավոր էր, երջանիկ ժպիտը չէր հեռանում նրա շրթունքներից։ Այժմ նա պաշտում էր ամուսնուն և կատարելապես համոզված էր, որ ինքն էլ պաշտվում է նրանից։ Չկար նրանց փոխադարձ սիրո և երջանկության վրա ոչ մի արատ, ոչ մի թեթև ստվեր։ Այսպես էր կարծում Գայանեն, և նրա ուրախությունը այնքան մեծ էր, որ նույնիսկ արժանի չէր համարում իրան այդ վիճակին։ Երբեմն նա մինչև անգամ արտասվում էր, հուզվելով բախտի բուռն զգացումներից։ Այդ երջանիկ հուզմունքն էր ազդել նրա առողջության վրա և այնպես նիհարեցրել նրան։ Նա պատրաստ էր ամբողջ օրը, առավոտից մինչև երեկո, առանց ուտել-խմելու, նստել ամուսնու դեմուդեմ, ձեռները նրա ափի մեջ դրած և աչքերը նրա աչքերին հառած։ Պատահում էր, որ նա վախենում էր — միգուցե մի չար զորություն հանկարծ ընդհատի նրանց երջանկությունը։ Չէ՞ որ նրանք մահկանացուներ են և կարող է մեկը կամ մյուսը հիվանդանալ, կամ մի հանկարծակի փորձանքի հանդիպել, կամ մեռնել։ Նա սարսափում էր այդ մտքից։ Պատահում էր և ուրիշ, ավելի հուզիչ բան — Գայանեն կասկածում էր։ Թվում էր նրան, որ հանկարծ յուր Իսակը կարող է դադարել սիրելուց, պաղել և աչքը ուրիշների վրա դարձնել։ Ուստի նա անդադար ստիպում էր նրան կրկնել.

«Սիրում եմ և պիտի հավիտյան սիրեմ»։

Գայանեին չէր հետաքրքրում դրսի կյանքը։ Նա մոռացել էր ամեն բան, և՛ ազգականուհիներին, և՛ ընկերուհիներին, և նույնիսկ կանանց ընկերությունը, որի համար առաջ այնքան աշխատում էր։ Ընկերուհիները զանազան կատակներ էին անում նրա հետ, անգամ ծիծաղում էին նրա վրա։ Բայց նա պատրաստ էր ամեն տեսակ ծաղր ընդունել, միայն նրան հանգիստ թողնեն յուր Իսակի հետ։

Այդ միջոցներին քաղաքային ընտրությունների պայքարը սկսվել էր։ Պյոտր Սոլոմոնիչը արտասովոր շարժման մեջ Էր։ Կազմվել էր ընդդիմադիր կուսակցություն։ Կամենում էին հին իրավասուներից շատերին հեռացնել, նոր քաղաքագլուխ և վարչության անդամներ ընտրել։

Իրավասուների ցուցակից դուրս էին ձգել Պյոտր Սոլոմոնիչին և Ամբակում Աֆանասևիչին։ Վերջինը համարվում էր քաղաքի ջահերի համար վնասակար, իսկ առաջինը — մի ավելորդ, անօգուտ բան։ Այսպես էլ գրված էր մի տեղական լրագրում. «ավելորդ Բախտամովը»։

Եռանդուն քաղաքացին կատաղել էր։ Ամբողջ օրը նա կլուբում ու փողոցներում բողոքում էր թշնամիների դեմ քարոզելով։

— Քաղաքացիներ, խելքի եկեք, կռո-մռոները եկել են ուրիշ քաղաքներից մեր հացը խլել, ուզում են մեր քաղաքն էլ իրանց ձեռքն առնեն։

Ամբակում Աֆանասևիչը ժողովներ էր կազմում։ Առաջին կարգի ընտրողները նրա մարդիկն էին։ Երկրորդ կարգի մեծ մասը միջին վաճառականներն էին։ Պյոտր Սոլոմոնիչը պտտում էր յուր կալվածները, վաղօրոք բոլոր խանութպանների ականջին շշնջալով ապագա իրավասուների անունները։ Նոյեմբերի կեսին Ամբակում Աֆանասևիչի կուսակցությունը տարավ առաջին հաղթությունը։ Պյոտր Սոլոմոնիչն ընտրվեց միայն մեկ ձայնի առավելությունով։ Դա նրան վշտացրեց, բայց և այնպես ուրախ էր, որ ընտրվեց, որովհետև հույս չուներ ընտրվելու։

— Քանի որ կենդանի ենք, սա մեր ձեռքին կմնա,— պարծենում էր նա, ձեռնափայտը խփելով պրոսպեկտի մայթին, որի մասին նա առաջին և վերջին անգամ Դումայում մի ճառ էր ասել ուղիղ երկու բառից բաղկացած՝ «պետք էր նորոգել»։

Օրը կիրակի էր։ Ընտրության դահլիճը և մյուս սենյակները լցվել էին ընտրողների բազմությամբ։ Շատ հետաքրքիր կանանց շարքում երևում էր և Գայանեն տիկին Բախտամյանի հետ։ Ներքևում տիրում էր անասելի աղմուկ։ Նախագահն անընդհատ զանգահարում էր։ Թանձր մթնոլորտի մեջ երևում էր ճաղատ, սևահեր, շիկահեր, կարմիր և սպիտակ գլուխների մի խայտաբղետ խառնուրդ, որ ճիշտ նկարչի պոլիտրային էր նմանում։ Ամբակում Աֆանասևիչի կարմրակաշի գլուխը փայլում էր ինչպես մի վիթխարի գնդասեղ ահագին տիկի մեջ խրած։ Նա կանգնած էր դահլիճի մի հայտնի տեղում, ոտները միմյանցից մի արշին հեռու դրած, ձեռները գրպանում, փորը դուրս գցած։ Հանգիստ ժպտալով, նա նայում էր սկսվող պատերազմին, ինչպես մի զորապետ, որ կանխապես համոզված է յուր զորքի հաղթությանը։ Նրա աջ ու ձախ կողմերում կանգնած էին Վեքիլյանը և Բարաթյանը։ Վերջինը մերթ ընդ մերթ նայում էր դեպի վեր և ժպտում Գայանեին։ Նորատի տիկինը սաստիկ հետաքրքրված էր քվեարկության հետևանքով։ Եթե յուր Իսակին սևացնեին, о՜о, նա անչափ պետք է վշտանար։

Վերջացավ թերթիկների ընթերցումը։ Առաջին ընտրելին Ամբակում Աֆանասևիչն էր։ Վեքիլյանը յոթներորդն էր, իսկ Բարաթյանը քսանիններորդը։ Ուրեմն հույս կար ընտրվելու։

Ամբակումին ծափահարեցին. նա ընտրված էր։ Անցավ և Վեքիլյանը։

«Իսակ Գերասիմիչ Բարաթով», լսվեց հանկարծ նախագահի ձայնը։

Գայանեի ականջները կարմրեցին. նա դարձավ մարմնացած լսողություն։ Նա հետևում էր նախագահի ձեռին, որ մեկ-մեկ բաց էր թողնում քվեները փայտյա գավաթի մեջ։ Նա ականջ էր դնում քվեներ պարունակող արկղիկի ձայնին, արդյոք շա՞տ է մնում այնտեղ, արդյոք կընտրվի յուր պաշտելին, յուր անզուգական Իսակը, որ ահա այնտեղ կանգնած խոսում է, ծիծաղում, զվարճանում յուր ներքին անհանգստությունը քողարկելու համար։

Եվ նա հռչակվեց ընտրված։

Ծափահարությունների աղմկից շփոթված, նա բարձրացավ վեր, մոտեցավ Գայանեին։ Նրանք երկուսն էլ երջանիկ էին, երկուսի էլ սիրտը բաբախում էր։ Գայանեն տակավին դողում էր, բայց այժմ՝ ուրախությունից։ Նրա ընտրածը հասարակության ընտրածը դարձավ։ Վաղը մյուս օրը նա կփայլի յուր խելքով, յուր ուսումով, յուր հռետորական տաղանդով: Ահա այժմ կերևա, թե ինչ ուժ է Բարաթյանը և որքան ճաշակ ու խելք ուներ Գայանեն, որ նրան ընտրեց։

Խուռն բազմությունը ճեղքելով, նրանք դուրս եկան փողոց։

— Ուրա՞խ ես, — հարցրեց Իսակը։

Գայանեն ավելի ամուր կպավ նրա թևին։ Նա խոսք չէր գտնում յուր երջանկությունը արտահայտելու։

— Ուրեմն,— շարունակեց Իսակը,— այսօրվանից ես սկսում եմ հասարակությանը ծառայել։ Այո՛, ծանր պարտականություն հանձն առի, է՛հ, ոչինչ, կաշխատեմ սևերես չմնալ իմ ընտրողների առաջ։ Նորերը հանդես են գալիս և քշում են ասպարեզից հներին։ Կյանքի անիվը պտտվում է, ով խելք ունե, նրա հետևից պետք է ճանկի, որ բարձրանա վերև, որպեսզի նորից գլորվի ցած։ Բախտավորը նա է, որ ժամանակին կաշխատի ինքը իջնել, որ չմնա անիվի տակ և ջախջախվի։ Եթե ճակատագիրը վիճակել է ինձ հաջողությունը, կգրկեմ նրան ուրախ սրտով։ Սիրելի, անգին Գայանե, եղիր իմ օգնականը, թևեր տուր ինձ և ես կսավառնեմ բարձր մինչև այն աստիճան, որ ամբոխը ո՛ր կողմ նայի՝ ինձ և մի՛միայն ինձ տեսնի։ Սիրտս լցված է փառասիրության զգացումով, և ես կամենում եմ միշտ հաղթել, միշտ առաջ գնալ, միշտ փայլել քո և իմ երջանկության համար։

— Իսկ ես այնքան ավելի կհպարտանամ, կպարծենամ քո անունով, որքան նա բարձր կհնչի։ Գիտե՛ս, ես ուզում եմ, որ դու լինես կամ մի հռետոր, կամ մի հայտնի հասարակական գործիչ, մի խոսքով, ես ուզում եմ, որ դու բարձր լինես ամբոխից, որ քեզ հարգեն, պատվեն, սիրեն, ինչպես մի հազվագյուտ մարդու։

— Հասկանում եմ, հասկանում եմ, քո քնքուշ սրտի մեջ էլ հպարտություն և փառասիրություն կա։ Օ՜օ, ես կաշխատեմ արդարացնել քո հույսերը։ Այսօր ես իրավասու ընտրվեցի, իսկ եկող տարի այսօրվա օրը դու ինձ կտեսնես դպրոցի հոգաբարձու։ Եվ գիտես ո՛ր դպրոցի, այնտեղ, ուր այժմ տեսուչ է մեկը, որ ինձ կռիվ է հրատարակել։

Գայանեն իսկույն բնազդմամբ հասկացավ, թե նրա խոսքը ում մասին է։ Մի անորոշ, անբացատրելի երկյուղ հանկարծ համակեց նրա սիրտը, և նա հուզված ձայնով ասաց.

— Ո՛չ, Իսակ, աշխատիր ոչ ոքի հետ չթշնամանալ։ Ես չեմ ուզում, հասկանո՞ւմ ես, չեմ ուզում, որ դու թշնամիներ ունենաս, մարդիկ կարող են քեզ վնասել։

— Ոչ ոք չէ կարող ինձ վնասել և ոչ մի թշնամուց ես չեմ վախենում։ Մանավանդ ահա այսպիսիներից և սրա ընկերներից։

Դեմուդեմ հապաղ քայլերով գալիս էր Մսերյանը, ձեռները մեջքին դրած և ցրված հայացքով նայելով այս ու այն կողմ։ Բարաթյանը, գդակը մի արշին վեր բարձրացնելով, գոչեց հայերեն.

— Պատիվ ունեմ...

Մսերյանը հազիվ կարողացավ հանել գլխից յուր լայնեզր գլխարկը, որ թևերը կոտրված ագռավի պես փռվել էր նրա ուսերի վրա։ Մի քանի քայլ հեռանալով, նա կանգ առավ, մի փիլիսոփայական հանգիստ հայացք ձգեց զույգի հետևից, գլուխը շարժեց և արտասանեց.

«Չեմ կարծում, որ քեզ համար այժմ մեծ պատիվ լինի Մսերյաններին բարևելը»։

Եվ նույն փիլիսոփայական հանդարտությամբ շարունակեց յուր ճանապարհը։


II


Դիմաքսյանի հիվանդությունը սուր բնավորություն ստացավ։ Բժիշկ Սալամբեկյանը, տեսնելով, որ նա թոքերի բորբոքում ունե, հրավիրեց յուր արհեստակիցներից մի քանիսին կոնսիլիումի։ Վճռեցին, որ հիվանդի դրությունը շատ վտանգավոր է։ Նրան ժամանակավորապես փոխադրեցին հենց նույն տանտիրուհու մոտ մի ուրիշ ավելի հարմար սենյակ։ Մսերյանը գիշեր ու ցերեկ չէր հեռանում նրա անկողնու մոտից։

Մի քանի օր շարունակ Դիմաքսյանն այնպիսի ծանր վիճակի մեջ էր, որ Սալամբեկյանը սաստիկ վախեցավ։ Մի օր նա յուր երկյուղը հայտնեց Մսերյանին, և երկուսն էլ արտասվեցին իրենց ընկերոջ մասին։ Սակայն դա հիվանդության տագնապալի օրերն էին, անցան, հիվանդը նորից առողջանալու հույսեր տվեց:

Այդ միջոցին դպրոցի գործերը խառնակ դրության հասան։ Հակառակորդները ուրախ էին այդ անկարգությանը։ Ինյաթյանը մինչև անգամ ցանկանում էր, որ Դիմաքսյանն այլևս անկողնուց չվեր կենա, թեև արտաքուստ ցավակցություն էր հայտնում։ Բայց նրա հույսերը չիրագործվեցին։ Դիմաքսյանն ամիս ու կես պառկելուց հետո, վեր կացավ և փոքր առ փոքր սկսեց պարապել գործերով։ Առաջին շաբաթ հակառակորդները խնայեցին նրան, չէին վրդովեցնում։ Բայց անցավ այդ շաբաթը, և կրկին պատերազմը սկսվեց։ Ամեն օր նա անախորժ ընդհարումներ էր ունենում, վրդովվում և հուզվում էր, նորից երես առ երես մարդկանց անարդարությանը հանդիպելով։

Այդ բոլորը, հարկավ, ազդում էին նրա առողջության վրա, որ բավական քայքայվել էր։ Նա նիհարել էր, գունատվել, այտերը դուրս էին ցցվել, աչքերի շրջանակները և ականջները կիտրոնի պես դեղնել էին։ Չնայելով յուր հուզվելուն, որ այժմ մարմնավոր տկարությունից էր առաջանում, հոգեպես չէին կրկնվում այն բարոյական սարսափելի տագնապները և ջղաձգությունները, որ այնքան տանջում էին նրան։

Սակայն նա չկարողացավ շատ էլ սառնարյուն լսել Բարաթյանի և Վեքիլյանի իրավասու ընտրվելու լուրը։ Նա, որ ծարավ էր ամեն տեղ հասարակական կռիվների հանուն յուր համոզմունքների, նա՛, որ երբեք չէր բավականանում խաղաղ գործունեությունով, այժմ սկսեց նախանձել Բարաթյանի և Վեքիլյանի դիրքերին։ Եթե այդ մարդիկ ստացած լինեին փողով վարձատրվող ավելի բարձր պաշտոններ, գուցե նրանց ծաղրեր, ենթարկեր յուր կծու հեգնությանը։ Բայց տեսնել նրանց հասարակական այնպիսի պաշտոններում, ուր պետք է գործեին գործելու համար, անվարձ, պետք է ծառայեին հասարակությանն իրենց խելքի և գիտության պաշարով — այդ նրա համար անախորժ էր։ Այս հանգամանքը նա մի տխուր ապացույց էր համարում այն բանի, թե հասարակությունը հող է պատրաստել այնպիսի գործիչների համար, որոնք այժմ նրա գաղափարական հակառակորդներն էին։ Ծանր աշխատության, համառ ջանքերի և ընդհարումների շնորհիվ նա հաջողել էր դպրոցի մեջ մտցնել կյանքի փոփոխություններ։ Այժմ գիշերօթիկները հագնվում էին ավելի լավ, ավելի մաքուր, ուտում էին ավելի թարմ և սննդարար կերակուրներ։ Դպրոցի խարխուլ շինությունը պահվում էր օրինակելի մաքրությամբ։ Հեռացած էին մի քանի կոպիտ, ծույլ և պղերգ վերակացուներ։ Աշակերտները վայելում էին ավելի ազատություն։ Նրանց մշտական թախծալի և մռայլ դեմքերի վրա երևում էին զվարթություն, ժպիտ և ծիծաղ։ Չկար այլևս առաջվա վախը ուսուցիչներից և վերակացուներից։ Կար միայն սեր և հարգանք։ Խստությանը փոխարինել էր խելացի, գիտակցական, մարդավարի հարաբերությունը։ Աշակերտները պարապվում էին ավելի եռանդով, ավելի սիրով և ավելի հաջող։ Նրանք գոհ էին իրենց վիճակից և հասկանում էին, թե ումն են պարտական այդ փոփոխությունով։ Դիմաքսյանին նրանք հարգում էին և սիրում ինչպես իրենց հազվագյուտ հովանավորին և պաշտպանին։ Եվ ոչ ոք չէր կարող այդ պաշտպանի մասին մի վատ խոսք ասել. ոչ ոք իրավունք չուներ նրա անունն արտասանել առանց հարգանքի, եթե չէր կամենում ենթարկվել ծաղրի, ատելության, այո՛, մինչև անգամ հալածանքի։

Մինչ այս մինչ այն՝ ձմեռն անցավ՝ Դիմաքսյանը բոլորովին կազդուրվեց, և դարձյալ զգում էր գործելու, պատերազմելու, հարվածելու և հարվածներ ստանալու անսահման եռանդ: Բայց հասավ գարունը, և նրա մեջ անսպասելի կերպով տեղի ունեցավ մի տարօրինակ հեղափոխություն։ Նրա եռանդը սկսեց թուլանալ, բարոյական ուժերը տկարացան, նրան տիրեց մի ինչ-որ ծանր, ճնշող թախիծ։ Կյանքը նրա համար առաջին անգամ թվաց տաղտկալի յուր բոլոր աղմուկներով և իրարանցումներով։ Այժմ նա թե՛ դպրոցում և թե՛ տանը սլարապվում էր ակամա։ Ոչ մի միտք, ոչ մի նվիրական գաղափար առաջվա չափ նրան չէր գրավում։ Նրա հոգին ձգտում էր դեպի մենություն։ Նա ուզում էր առանձնանալ մարդկանցից և անձնատուր լինել յուր մելամաղձիկ, անորոշ մտախոհություններին։ Ավարտելով դասերը դպրոցում, նա կամենում էր հանգստանալ — չէր կարողանում, փորձում էր կարդալ ու գրել — անաջող. նա դուրս էր գալիս տնից և թափառում դեսուդեն, ինչպես թանկագին, անփոխարինելի կորուստ կրած մի մարդ, որ ոչ մի տեղ հանգստություն չէ գտնում։ Երբեմն նա գնում էր որևէ այգի, մտնում էր նեղ ճեմելիքները: Կար մի դառն, բայց, միևնույն ժամանակ, ախորժելի բան այդ առանձնության մեջ։

Ժամերով նա դիտում էր արեգակի ճառագայթների ուրախ խաղը ծառերի նորաբողբոջ տերևների հետ, ականջ էր դնում օդի հանդարտ շշուկին, թռչունների ուրախ ծլվլոցներին։ Նա պառկում էր նորաբույս դալար խոտի մեջ, խոնավ գետնի վրա, երեսը դեպի վեր և աչքերով հետևում գարնանային կապույտ երկնակամարում նազելի և հպարտ կերպով սահող ամպերին։ Թեթև, հեշտաշունչ, նոսր օդը լեռնային մաքուր զեփյուռի պես թափանցում էր մինչև նրա ոսկորների խորքը։ Թևատարած ուրուրները սլանում էին անհուն բարձրության վրա սևորակ ամպի փոքրիկ բեկորների պես։ Եվ նրանց երկսայր ստվերները մեղմիկ և արագ սահում էին գետերի մակերևույթով, լեռների կրծքով, անտառների գագաթներով, դաշտերի և մարգերի վրա։

Սովորաբար նա նստում էր գետի ափից ոչ հեռու մի վիթխարի կաղամախի տակ։ Եվ այստեղ դաոն ու ախորժելի զգացումը ավելի սաստիկ էր համակում նրա սիրտը։ Մոռացվում էր իրականը, միտքն ակամա, ինքնըստինքյան սլանում էր դեպի երկնքի խորությունը։ Թևավոր թագուհիների եթերային բարձրությունը, հեռավոր ամպերի վսեմ ընթացքը, տիեզերքի անհուն, անհասանելի ծավալն ընդլայնում էին նրա երևակայության հորիզոնը։ Նրա իմացականությունը թռչում էր բարձր, քան ուրուրները, հեռու, քան ամպերը, արագ, քան արևի լույսը, և այնտեղից դիտում դեպի վեր երկինքը, դեպի վայր երկիրը։

Մերթ ընդ մերթ մի աններդաշնակ աղմուկ, մի կոպիտ ձայն ընդհատում էր նրա մտածմունքների թելը և նրա ուշը գրավում դեպի յուր շուրջը։ Դա զբոսնող մարդկանց ձայներն էին, մի երեխայի ուրախ ճիչ — անախորժ, մի պառավ դայակի բարկացկոտ ձայն — ավելի վատ, կամ մի երիտասարդ մոր զվարթ քրքիջ — նույնքան տաղտկալի։ Նա երեսն իսկույն դարձնում էր և դարձյալ նայում դեպի վեր։ Այնտեղ շարունակ սլանում էին ուրուրները, սուր աչքերով ցածում որսեր որոնելով։ Ծառերի խիտ ճյուղերի մեջ թաքնված ճնճղուկներն անընդհատ ծլվլում էին, ինչպես լարված մեքենայիկներ։ Գետի հանդարտ հոսանքը թմրեցուցիչ օդի մեջ տարածում էր մեղմ շշուկ, քաղցր մեղեդիով օրորելով մարդկային լսելիքը։ Արևի հեշտալի պայծառ շողքերը գետափի պարզ ճահիճների կանաչագույն մակերևույթի վրա գոյացնում էին բյուրավոր ադամանդներ։

Նա ուզում էր նիրհել։ Նիրհել բնության ծոցում, հեռու մարդկանց իրարանցումից, հեռու աշխարհի ապականված ալիքներից։ Հեռու նույնիսկ յուր հոգու այն տարրերից, որ քսանութամյա գոյության ընթացքում անխախտելի կապ էին հաստատել նրա և մարդկության մեջ։ Սակայն նրա սիրտն անդորր չէ։ Այնտեղ բարձրացել է մի նոր ալեկոծություն, հոգին խռովված է, միտքը շփոթված։ Եվ նա հառաչելով դառն մելամաղձությամբ արտասանում է.

«Ա՜խ, որքան տխուր է առանց սիրո ապրելը...»


III


Պյոտր Սոլոմոնիչը հիացած էր յուր պրոտեժեներով։ Չէր անցել չորս ամիս, երիտասարդ իրավասուները արդեն ցույց էին տալիս, թե որքան հասկանում են իրանց պաշտոնի բարձրությունը։ Ամեն մի նիստին նոր հարցեր էին զարթեցնում, գրգռելով հին իրավասուներին և ուրախացնելով նորերին, որոնց ամենաճարտար օրգանը Բարաթյանն էր։

Գայանեն ամեն երկուշաբթի երեկո այցելում էր Դումայի նիստերը և հրճվանքով լսում յուր ամուսնու ճառերը։ Բարաթյանը խոսում էր հանգիստ հոգով, անվրդով, առանց շեղվելու և շփոթվելու, ինչպես մի փորձառու հռետոր։ Երբեմն նա յուր ճառը համեմում էր սրամիտ դարձվածներով, որով պակաս հաճություն չէր պատճառում լսողներին։ Կարճ ժամանակում նա դարձավ շատերի սիրելին, հարգելի դիրք բռնելով իրավասուների շարքում։ Նրան ընտրեցին մի քանի մասնաժողովների անդամ։ Նա թողել էր կրակից ապահովող ընկերության գործակալի պաշտոնը: Դա նրա համար մի մեծ նյութական կորուստ չէր այժմ։ Հայրը տալիս էր նրա տնային ծախսերը։ Կնոջ կալվածներից ստացվող եկամուտը ծածկում էր նրա մյուս ծախսերը, և նա ապրում էր այնքան ապահով, որ փողի համար ծառայելու կարիք չուներ։ Բայց որպեսզի ձրիակեր որդու և պարազիտ ամուսնու հռչակ չվայելի, նա գնեց մի նշանավոր արդյունաբերական տան մի քանի բաժնետոմսեր։ Միևնույն ժամանակ, սուր աչքերով դիտում էր, թե որտեղ կարելի է մի արդյունավոր և քիչ աշխատություն պահանջող պաշտոն գտնել, ոչ այնքան փողի, որքան յուր դիրքը ավելի ամրացնելու համար։

Այսպես թե այնպես, այժմ նա վարում էր հանգիստ, բախտավոր և գործունյա քաղաքացու կյանք։ Առավոտը զարթնում էր տասը ժամին, աչքի էր անցկացնում տեղական լրագիրները։ Գայանեի հետ զվարճախոսելով թեյ էր խմում, հետո առանձնանում յուր սենյակը պարապվելու։ Նա գրում էր ֆինանսական-տնտեսական մի շարադրություն քաղաքային գործերի մասին։ Տասներկու ժամին նա նախաճաշում էր և տնից դուրս գալիս։ Ճաշում էր նա երեկոյան հինգ ժամին կամ ավելի ուշ — ֆրանսիական ձևով։ Այնուհետև մի փոքր հանգստանում էր։ Հետո եթե նիստ ուներ — գնում էր, եթե ոչ — Գայանեի հետ այցելում էր թատրոն կամ մի ուրիշ տեղ։

Երբեմն նա երեկոյան տնից դուրս էր գալիս մենակ և վերադառնում էր ուշ գիշերին։ Այդ ժամանակ Գայանեն անհանգիստ սպասում էր նրա վերադարձին, նստած լուսամուտի մոտ, ականջները լարած սպասելով կառքի ձայնին։ Ներս էր մտնում Բարաթյանր մերթ ուրախ ու զվարթ և մերթ մտազբաղ դեմքով։ Գայանեն նայում էր նրա աչքերին, միշտ աշխատելով այնտեղ կարդալ նրա հոգեկան տրամադրությունը։ Այս սովորույթը հաճախ բարկացնում էր Բարաթյանին, և նա մեղմիկ, բարեկամաբար հանդիմանում էր կնոջը։ Գայանեն գլուխը թեքում էր կրծքին և լռում։ Նրա հոգու խորքում կրկին զարթնել էր վաղուց մոռացված, վաղուց խեղդված չար կասկածը։ Նա զգում էր ակամա անհանգստություն։ Միմյանց հետևից նրա գլխում հղանում էին զանազան մտքեր, մեկը մյուսից վատ, ատելի և գարշելի: Նա ինքը զզվում էր այն մտքերից և աշխատում էր խույս տալ նրանցից, ինչպես մի չարագուշակ երևույթից, որ սպառնում էր խլել նրա հոգեկան անդորր երջանկությունը, բայց չէր հաջողվում։ Միշտ այդ մտքերը հետևում էին նրան ուր և լիներ, ինչ և աներ։

Բարաթյանի սուր աչքերից, հարկավ, չէր կարող խուսափել այս փոփոխությունը։ Երբեմն նա հասարակ, անփույթ կերպով հարցնում էր.

— Դու անհանգի՞ստ ես, Գայանե։

— Ո՛չ:

— Ինչո՞ւ ես այդպես մտիկ անում ինձ և հառաչում։

Գայանեն կամ մի կերպ խույս էր տալիս պատասխանից, կամ բռնի կերպով ծիծաղում էր և փաթաթվում ամուսնու պարանոցին։ Կեղծիքը և արվեստականությունը այնքան պարզ էին, որ աննկատելի չէին կարող մնալ Բարաթյանի համար։

Մի գիշեր Բարաթյանը տուն վերադառնալով, տեսավ, որ Գայանեն լալիս է։ Այդ աոաջին տխուր արցունքն էր, որ նա տեսնում էր կնոջ աչքերի մեջ։

— Ի՞նչ է պատահել։

— Ոչինչ։

— Դու էլի հուզվա՞ծ էիր։

— Այո՛։

Բարաթյանը մեջքից թեքվեց, համբուրեց նրան արտասանելով.

— Գուցե նրանիցն է։

— Այո՛... չգիտեմ... կարող է լինել...

Եվ երկուսն էլ խորհրդավոր կերպով նայեցին միմյանց երեսին, երկուսն էլ լռեցին։

Այնուհետև Բարաթյանը հաճախ նրան տեսնում էր արտասվելիս։ Նա միշտ պատճառը վերագրում էր կնոջ «բնական դրությանը», աշխատելով մոռանալ ուրիշ, ավելի կարևոր, ավելի հիմնական պատճառներ։ Նա ճգնում էր Գայանեին զվարճացնել սրախոսություններով։ Նա պատմում էր ծիծաղաշարժ դեպքեր Դումայի նիստերից, ներկայացնում էր այս կամ այն իրավասվին, ինչպես մի տաղանդավոր դերասան: Նրա կոմիկական ձևերը Գայանեին չէին դուր գալիս, որքան ևս ծիծաղելի և զվարճալի լինեին։ Կինը ցանկանում էր, որ ամուսինը ավելի ծանրաբարո լինի, ավելի լուրջ, ինչպես վայել էր նրա դիրքին և հասակին։ Բայց և այնպես այդ միջոցներին նա երջանիկ էր, որովհետև ամուսնու հետ էր։ Իսկ հետո... երբ Իսակը դուրս էր գալիս տնից, երբ մնում էր մենակ, սկսվում էին տխուր, անտանելի ժամերը։ Նրա սրտում նորից բարձրանում էր սաստիկ ալեկոծության։

Ինչե՛ր չէր երևակայում, ի՛նչ սարսափելի տեսարաններ չէին ներկայանում նրան։ Թվում էր նրան, որ Իսակը այժմ նրան չի սիրում, ձանձրացել է բոլորովին... Այժմ, ավելի քան երբեք, նա խույս էր տալիս ազգականներից։ Այցելողներին ընդունում էր ուրախությամբ, իսկ ինքը ոչ մի տեղ չէր ցանկանում գնալ։

Երբեմն նրա մոտ գալիս էր տիկին Բախտամյանը և ամեն անգամ հանդիմանում էր, թե սառել է դեպի յուր ամենամոտիկ ազգականները, որ «աչքի լուսի պես են սիրում նրան»։

— Այդպես շուտ գոռոզացա՞ր, — ասաց մի անգամ տիկինը։

— Ես չեմ գոռոզացել։

— Ուրեմն, ինչո՞ւ չես գալիս։ — Հասկանում եմ, հասկանում եմ, մարդդ չի թողնում։ Նա չի ուզում քեզանից բաժանվել. այնքան սիրում է քեզ։ Գիտե՞ս, Գայանե, ես շատ ուրախ եմ, որ այդպիսի ամուսին ճարեցիր։ Իսակը օրինակելի մարդ է, նա քեզ պաշտում է, նա հոգին չի խնայիլ քեզ համար։ Ուրախացի՛ր, ուրախացիր, որ այդպիսի ամուսին ունես, դա երկնային երջանկության է։

Գայանեն ոչինչ չպատասխանեց։ Տիկնոջ խոսքերի մեջ նա զգում էր նուրբ, հազիվ ըմբռնելի հեգնություն, որ կծու կերպով շոշափում էր նրա զգայուն սիրտը։ Հանկարծ նրանց աչքերը հանդիպեցին միմյանց, և, ինչպես երկու միմյանց հերքող հակատարրեր, իսկույն արագությամբ խույս տվեցին իրարուց։

Տիկին Բախտամյանը նկատելի կերպով շփոթվեց, բայց նույն վայրկյանին զսպեց իրան։ Գայանեն սրտում զգաց անտանելի ատելություն և երկյուղ դեպի այդ կինը։ Կարծես, նրա առջև նստած էր մի ոխերիմ թշնամի, մի վտանգավոր, սարսափելի թշնամի, որ յուր քնքուշ բարեկամական ձևերի տակ թաքցրած էր կորստաբեր ձգտում։ Նա պատրաստ էր հենց իսկույն, նույն վայրկյանին ցույց տալ դռները կամ մի թունավոր խոսքով վիրավորել նրան։ Բայց ինչո՞ւ, ի՞նչ փաստի հիման վրա, ի՞նչ մի շոշափելի արարքից դրդված...

Երկյուղը, կասկածը և ամոթխածությունը կաշկանդեց նրան։ Նա աշխատեց խեղդել յուր սրտի մեջ բռնկված թշնամական զգացումը։

Իսկ տիկին Բախտամյանն արդեն իշխել էր ինքն իրան։ Այժմ նա հանգիստ խոսում էր առօրյա բաների մասին, և այնպես, որ, կարծես, ոչինչ չէր տեսնում կամ զգում։ Նա մինչև անգամ ուշադրություն չէր դարձնում Գայանեի լռության վրա, որ ուրիշ անգամ կարող էր վիրավորել նրան մինչև հոգու խորքը։ Նա հանդարտ վեր կացավ և, ամուր սեղմելով Գայանեի ձեռքը, դիմեց դեպի դռները։ Գայանեի մարմնով անցավ տարօրինակ սարսուռ, երբ յուր ձեռքը զգաց նրա ձեռի մեջ, մի սարսուռ, որ մարդ կարող է զգալ, երբ նրա մարմնին հանկարծակի դիպչում է խոնավ, պաղ և թունավոր սողուն։ Ճանապարհ դնելով Բախտամյանին, նա անցավ յուր ննջարանը, գլուխը դրեց բարձին և ձեռներով ամուր բռնվեց գլուխը։

«Մի՞թե ես չեմ սխալվում, մի՞թե ես չեմ սխալվում», կրկնում էր նա, ավելի ու ավելի սեղմելով գլուխը։

Հետզհետե նա դառնում էր զգայուն, դյուրագրգիռ։ Երբեմն ցույց էր տալիս կապրիզներ՝ նույնիսկ ուտել-խմելու վերաբերմամբ։ Մերթ նա պահանջում էր մի որևէ տարաժամ պտուղ, որ անհնարին էր գտնել, մերթ ուտում էր այնպիսի բաներ, որ ուղղակի վնասակար էին։

Ամուսինը, այդ կապրիզները տանելով, երբեք չէր վրդովվում, երբեք չէր բողոքում, որովհետև գիտեր «բնական» պատճառը։ Բայց, կատարելով կնոջ պահանջները, երբեմն այնպիսի խոնարհ և հեզ դեմք էր ցույց տալիս, որ տեսնողը կարող էր կարծել, թե նա մի տեսակ կամավոր նահատակ է քմահաճո կնոջ ձեռքում։ Դա մի ինքնուրույն խելացի միջոց Էր Գայանեի սրտից որոշ կասկածներ հեռացնելու համար...

Ամբողջ օրը նորատի տիկինը յուր ձեռքով կտրում էր, ձևում ու կարում փոքրիկ, մանկական գլխոցներ, շապիկներ ու սավաններ։ Պահարանը արդեն լցվել էր, բայց նա չէր դադարում նորերը կարելուց, և ամեն բան ուզում էր ինքը անել: Այդ զբաղմունքը նրան պատճառում էր անսովոր հաճություն։ Երբ ծալում էր և յուր գեղեցիկ մատներով հարթում մի թզաչափ շապիկները, նրա երեսի վրա խաղում էր մի հանդարտ, անդորր ժպիտ։ Նրա միտքը սլանում էր հեռու, երևակայությունը կենդանի պատկերացնում էր այն փոքրիկ արարածին, որի քնքուշ, փխրուն մարմնիկը պետք է ծածկվեր այդ ճերմակեղենով։ Արդյոք ո՞ւմ կնմանի — հո՞րը, թե՞ մորը, բաց-կինամոնագույն աչքերով կլինի, թե՞ կապույտ աչքերով։

Այդ միջոցներին պատահում էր, որ նա հանկարծ գլուխը բարձրացնում էր և ձեռը դնում կրծքի վրա։ Նա գունատվում էր, շրթունքները մեղմիկ ցնցվում էին և աչքերի մեջ ցոլանում էր երջանկության հետ և սարսափը։ Հետո, ծանր շունչ քաշելով, մելամաղձիկ ու երկյուղած դեմքով նստում էր անկողնի վրա։ Աչքերը լցվում էին արցունքով, և նա հանդարտ ու կամացուկ լալիս էր, ինչպես առավոտները ցողում է գարնանային ամպամած և խաղաղ երկինքը։ Եվ որքան մոտենում էր տագնապալի օրը, այնքան ավելի Գայանեն դառնում էր զգայուն, փափկասիրտ, այնքան նրա քմահաճությունները ավելանում էին։ Մի անգամ ամուսնուց պահանջեց, որ նա տնից չդուրս գա, միշտ, առավոտ-երեկո, նստի յուր մոտ։

— Դու կատա՞կ ես անում, Գայանե, — հարցրեց Բարաթյանը զարմացած։

— Ես կատակ չեմ անում, լուրջ եմ ասում, դու միշտ պետք է իմ մոտ լինես, միշտ...

— Ինչո՞ւ։

— Ես այսպես եմ ուզում։

— Շատ լավ, ես բախտավոր կլինեի մի վայրկյան անգամ չհեռանալ քեզանից, բայց գործերս ո՞վ կկատարի։

— Ես չգիտեմ, ինչ ուզում ես արա։ Դու գործ չունիս, ինձ խաբում ես, դու ազատ ես, չեմ ուզում, որ դու ինձանից հեռանաս։ Վախենում եմ, ինքս ինձանից սարսափում եմ։ Ինձ անպատճառ մի վատ բան պետք է պատահի։

— Պատահելու է այն, ինչ որ բնականաբար պետք է պատահի։ Դու առաջինը չես և ոչ էլ վերջինը, մի՛ վախենա, սիրելիս, ամեն բան հաջող կանցնի։

Եվ մի քնքուշ, սիրալիր, ջերմ համբույր քաղեց Գայանեի գունատ այտից։

— Ո՛չ, ինձ խոսքով մի մխիթարիր, գործո՛վ ցույց տուր, որ սիրում ես։ Սիրտս դողում է, երբ մենակ եմ մնում։ «նրանից» չէ, հասկացի՛ր, ուրիշ բան է, ուրիշ բան...

— Ուրիշ բա՞ն...

— Այո՛, դու.. դու.. ինձ չես սիրում, դու ինձանից փախչում ես, իհարկե, ես տգեղացել եմ, о՜о, ես գիտեմ, դու լավ մարդ չես։

Եվ նա սկսեց հեկեկալ։

— Գայանե՛, դու ջղային ես, տկար ես, իհարկե, այդ հասկանալի է։ Բայց իզուր ես ինքդ քեզ հուզում, այդ վտանգավոր է, քեզ հանգստություն է հարկավոր։

— Հարկավոր է, ուրեմն թող ինձ, որ հանգիստ լինեմ։ Ասա՛, որ դու ինձ սիրում ես...

— Իհարկե, սիրում եմ, միթե դա նորությո՞ւն է, որ ասեմ։

— Ուրեմն քո աչքը ուրիշի վրա չէ՞, իմ տգեղությունը... ա՛յ, տեսնո՞ւմ ես, ինչպես փոխվել եմ... քեզ չե՞մ զզվեցնում։ Այնպես չէ՞, ասա, ե՞ս եմ միայն քոնը, դու ի՞նձ ես պատկանում հոգով ու սրտով։

— Քեզ և միմիայն քեզ եմ պատկանում։

— Եվ հավիտյան ի՞մը պետք է լինես։

— Հավիտյան քոնը և այն փոքրիկինը։

— Փոքրիկը... Ա՛խ, ես ի՛նչ հիմար եմ, ճշմարիտ է, դու նրան չես թողնիլ, դու նրա մորը չես զոհիլ մի ուրիշին։ Համբուրի՛ր ինձ, համբուրի՛ր...

Այս տեսարանը կրկնվում էր գրեթե երկու-երեք օրը մի անգամ պես-պես փոփոխություններով։

Վերջապես Բարաթյանը սկսեց ձանձրանալ կնոջ կասկածներից, նախանձից և կապրիզներից։ Մի օր, երեսը արտասվող Գայանեից դարձնելով, արտասանեց։

«Օ՛հ, ի՛նչ տաղտկալի է կնոջ չափազանց սերը...»։


IV


Նույն միջոցներին Պյոտր Սոլոմոնիչը զարմացած էր մի բանի վրա. արդեն Գայանեն բավական ժամանակ էր չէր այցելում յուր քիռիին, այնինչ նրա ամուսինը ճիշտ շաբաթը երկու անգամ ներկայանում էր պատկառելի քաղաքացիին։ Նա պատճառը հարցնում էր կնոջից և մի դրական պատասխան չէր ստանում։

— Աստված գիտե ինչու չէ գալիս, երևի մադամ է դարձել, փքվել է, — ասում էր տիկին Բախտամյանը։

Պյոտր Սոլոմոնիչը հարցնում էր Բարաթյանից։ Սա նույն անորոշ պատասխաններն էր տալիս. «ժամանակ չունե, տկար է, «անհարմար» է համարում տնից դուրս գալ»։ Հարկավ, այդ բոլորը Պյոտր Սոլոմոնիչին չէին գոհացնում։ Նա գուշակում էր, թե կա, անշուշտ, մի ուրիշ, ավելի հիմնավոր, պատճառ։ Նա տեսնում էր, որ յուր կինն էլ մի առանձին ցանկություն չէ հայտնում Գայանեին տեսնելու, թեև արտաքուստ տրտնջում է նրա չգալու դեմ։

— Ինձ այնպես է թվում, որ ձեր միջով սև կատու է անցել, — ասաց, վերջապես, մի անգամ ծերունին։

Տիկինը քմծիծաղ տվեց։ Ինչո՞ւ պիտի սև կատու անցներ, ի՞նչ հաշիվ ունի նա Գայանեի հետ այսուհետև։

— Ես պարտքս կատարեցի, վերջացրի, խոմ չեմ կարող էլի նրա համար մայրություն անել։

«Մայրություն» բառը տիկինը այնպես գրգռված, այնպիսի զզվանքով արտասանեց, որ, կարծես, խոսքը աղախին լինելու մասին լիներ։

Հարցը մնում էր հարց, և Պյոտր Սոլոմոնիչը, ուսերը վեր քաշելով, չէր կարողանում հասկանալ կնոջ սառնության պատճառը։ Մի օր նա իրիկնադեմին կլուբից վերադարձավ սովորականից շատ վաղ։ Նա չափազանց վրդովված էր և ինքն իրան խոսում էր։ Նրա երեսին գույն չկար, իսկ աչքերի մեջ փայլում էր անսովոր բարկություն։ Նախասենյակում նա, առանց որևէ պատճառի, գոռաց սպասավորի վրա, որ մոտենում էր նրա վերարկուն հանելու։ Նա մտավ ուղիղ հյուրասենյակ։ Օվսաննան Լիզոչկայի և Էլեչկայի հետ պարապում էր:

— Ի՞նչ եք անում այստեղ, չե՞ք կարող ձեր սենյակում խաղալ։ Օվսաննան վիրավորված ոտքի կանգնեց։ Մանկահասակ քույրերը ապշած նայեցին իրանց հորը, որին հազիվ թե երբևէ այդպես չարացած տեսած լինեին։

— Ո՞ւր է ձեր մայրը, — գոչեց ծերունին։

Էլեչկան ցուցամատը բերանին դրած, մյուս ձեռը մեկնեց դեպի աջ։

Պյոտր Սոլոմոնիչը անհապաղ անցավ կից սենյակը։ Տիկինը սովորական զբոսանքից նոր վերադարձել էր և հա հագուստը փոխում էր։ Լսելով ամուսնու քայլերի ձայնը, նա ուզեց հանդիմանել, որ առանց նախազգուշացնելու համարձակվում էր ներս մտնել։ Նա հետևում էր արիստոկրատ տիկինների օրինակին, մարդուն թույլ չէր տալիս շատ էլ համարձակ վարվել, այսինքն ուզած ժամանակը մտնել նրա սենյակը։ Բայց երբ նայեց նրա այլայլված դեմքին, ապշեց։ Նրա ձեռները մնացին կրծքի կոճակների վրա։

Պյոտր Սոլոմոնիչը կանգնեց նրա դեմուդեմ, նայեց նրան ոտից մինչև գլուխ և դառն ծիծաղով արտասանեց.

— Գեղեցկուհին, ինչպես երևում է, նոր է վերադարձել։

— Ի՞նչ է պատահել, Պետյա, «Պետյա» կամ «Պետկա» նա կոչում էր ծերունի Պետրոսին այն ժամանակ, երբ փաղաքշանքով խոսելու կարիք էր լինում։

— Ինչ է պատահե՛լ... աստված ինձ բախտավորեցրել է։

— Ես չեմ հասկանում։

— Օօօ՛, դու շատ լավ ես հասկանում, — մռնչաց Պյոտր Սոլոմոնիչը, ատամները չարաչար կրճտելով։

— Խելագարվել ես, ի՞նչ է։

— Իհարկե, խելագարվել եմ, ծերացել եմ, այստեղս դրուստ չէ, մազերս — բամբակ, ինքս ուժից ընկած, թուլացած, տգեղացած, իսկ դու, դու, դու... Նա շնչասպառ մի քայլ առաջ դրեց։ Նա դողում էր ոտից մինչև գլուխ։ Նա խոսք չէր գտնում սրտի կատաղությունը միանգամից արտահայտելու: Տիկինը, ուսերը թոթվելով, կրկնեց, թե ոչինչ և ոչինչ չէ հասկանում և շարունակեց կրծքի կոհակները կապել։ Բայց նա մասամբ կեղծում էր։ Եթե ամեն բան չէր հասկացել, գոնե գուշակում էր գործի էությունը։ Նա զգաց, որ կատակի ժամանակ չէ, որ, վերջապես, սկսվում է վաղուց սպասված փոթորիկը։ Միայն կամենում էր ժամանակ որսալ, ուշ ու միտքը ժողովել, պաշտպանվելու փաստեր և միջոցներ գտնել։ Այնինչ՝ Պյոտր Սոլոմոնիչը, բռունցքները սեղմած, մի քայլ ևս առաջ դրեց և խեղդված ձայնով գոռաց.

— Անամո՛թ, խաբեբա՛։

Տիկինը հետ ու հետ քաշվեց, նայեց նրան ոտից մինչև գլուխ, ցույց տալով միաժամանակ և՛ զարմանք, և՛ բարկություն, և՛ վիրավորանք, և՛ արհամարհանք։ Թվում էր, որ նա խոսք չի գտնում պատասխանելու ամուսնու չտեսնված, չլսված, կոշտ, կոպիտ և վայրենի խոսքերին։

Փոթորիկի առաջին պտույտը անցել էր։ Ամենածանր խոսքը արտասանվել էր։ Պյոտր Սոլոմոնիչը, բռունցքները բաց արավ և շարունակեց մի քիչ հանդարտ եղանակով։ Նա ասաց, թե գիտե յուր կնոջ նմանների սովորությունը։ Այո՛, տիկինը կզարմանա կեղծ կերպով, կգոռա, լաց էլ կլինի, կերդվի էլ, բայց նրա համար միևնույնն է, ճշմարիտ է թե սուտ, անում է տիկինը թե չէ, բավական է, որ մարդիկ խոսում են, բավական է, որ Պյոտր Սոլոմոնիչը լսում է։

— Ախար ի՞նչ ես լսում, ի՞նչ։

— Չգիտես հաա՞, խեղճ, ողորմելի, անմեղ կնիկ։

— Ո՞վ է խոսում, ի՞նչ են խոսում, ասա էլի, ասա՛, որ ես էլ իմանամ։

— Ինձ համար միևնույնն է, ով որ էլ խոսի... Տեր աստված, տեր աստված, այն էլ... հաա՛, հիմա եմ հասկանում, թե ինչու սիրտս չէր կպչում, ինչու ատում էի...

Այստեղ տիկինը հասկացավ մնացյալը, որ դեռ նրա համար կասկածելի էր։ Բայց նա արդեն ուշքի էր եկել և իշխում էր իրան լիովին։ Այժմ եթե Պյոտր Սոլոմոնիչը մարմնացած վրեժ դառնար, դարձյալ չէր կարող սոսկալի լինել նրա համար։

Անշարժ, անվրդով նա կանգնած էր մարդու առջև և խրոխտ կերպով նայում էր մերթ նրա նորից սեղմված բռունցքներին, մերթ կատաղի աչքերին։

— Զարմանում եմ, — արտասանեց նա հանդարտ եղանակով, մինչև անգամ քմծիծաղ տալով,— զարմանում եմ, որ չեք խփում։ Խփեցեք էլի, ինչո՞ւ եք սպասում, ես պատրաստ եմ ամեն տեսակ վիրավորանք ստանալ։ Վերջացրեք, քանի որ սկսել եք, ես սպասում եմ։

— Ուրեմն ճշմարի՞տ է, ասա՛, անպատկառ, ճշմարի՞տ է։

Տիկինը խորին հանդիմանությամբ և զզվանքով գլուխը երերեց։ Ապա հանկարծ նրա դեմքը ընդունեց հպարտ արտահայտություն։ Նա հոնքերը վեր քաշեց, գլուխը բարձրացրեց և, ուսի վրայով ծուռ նայելով մարդու երեսին, ասաց, եթե նա կշարունակե այնպես մոռանալ ինքն իրան, եթե մարդավարի չի խոսիլ, այս րոպեին դուրս կգնա և այլևս չի վերադառնալ։

— Գնա՛, գնա էլի, կորիր այնպես, որ փոշիդ էլ չմնա իմ տանը։

Տիկինը բարձրաձայն ծիծաղեց։ Ի՞նչ զվարճալի բան, նրան արտաքսում է մարդը. շատ լավ, շատ գեղեցիկ, նա կգնա, իսկույն, հենց այս րոպեիս։ Բայց հասարակության առաջ նրա պատվի մասին պատասխանատու կլինի Պյոտր Սոլոմոնիչը։ Ուրեմն տերը նրա հետ։

Եվ տիկինը մի քանի քայլ արեց դեպի դռները, խրոխտ, հաստատ և անշեղ քայլեր։ Պյոտր Սոլոմոնիչր կարծեց, թե նա կարող է գնալ, կգնա և, իրավ, երբեք չի գալ։ Նա յուր ճակատը շփեց և, ծանր հառաչելով, նայեց նրա հետևից։

— Կա՛ց,— ասաց հանկարծ,— կա՛ց, ասելիքս ասեմ, հետո գնա ուր որ ուզում ես։ Կանգնի՛ր, ասում եմ, կարող է պատահել, որ ես... այո՛, ինչ գիտեմ, խելքս կորցրել եմ...

Տիկինը, ձեռը դռան բանալիի վրա դնելով, կանգ առավ և հպարտությամբ նայեց նրան։ — Ես պահանջում եմ, որ դու բացատրություն տաս հենց այս րոպեիս,— շարունակեց Պյոտր Սոլոմոնիչը:

— Ես պահանջներ չեմ կատարում։

Նա առաջ եկավ և սկսեց ինչ-որ բան որոնել յուր տուալետի սեղանի վրա, շարունակելով.

— Պահանջում եմ, կարծես, ես ստրուկ եմ կամ աղախին։ Դուք միայն կարող եք խնդրել, այն էլ խաղաղ կերպով, մարդավարի։ Կպատասխանեմ, ինչու չէ, ես պատասխանելուց չեմ վախենում։

Նա գտավ մի արկղիկ և սկսեց արագ-արագ մատներով խառնել նրա մեջ, միևնույն ժամանակ, շունչը կտրված արտասանելով.

— Ներս է մտնում և գժի պես գոռում, եթե ես մի վախկոտ կնիկ լինեի, պետք է տեղնուտեղը սարսափից մեռնեի։

— Իսկ եթե իմ տեղը մի ուրիշը լիներ, նա, առանց գոռալու, քեզ տեղնուտեղը կսպաներ, որովհետև...

Պյոտր Սոլոմոնիչը մի վայրկյան կանգ առավ։ Տիկինը նրա փոխարեն շարունակեց.

— Որովհետև ես խաբեբա եմ, չէ՞, անամոթ եմ, անպատկառ, այնպես չէ՞։ Դուք ասում եք, թե խոսում են. ի՞նչ են խոսում... Ինձ բամբասում են, այնպես չէ՞, այսինքն,— պարզ խոսիր էլի, ինչո՞ւ ես թաքցնում,— ասում են, որ ես լավ կնիկ չեմ, հավատարիմ չեմ։ Դա ինձ համար նորություն չէ։ Մի՛ զարմանաք, մի՛ վեր թռչեք, հանգիստ նսստեցեք ու լսեցեք։

Եվ տիկինը շարունակեց հանդարտ հոգով, սառն կերպով, տրամաբանորեն «բացատրել»։ Այո՛, մարդկանց բամբասանքը նոր բան չէ նրա համար։ Բայց ի՞նչ է կարծում Պյոտր Սոլոմոնիչը, չպիտի՞ խոսեն, չպիտի՞ բամբասեն։ Ո՛չ, ընդհակառակը, զարմանալի կլիներ, եթե չբամբասեին։ Թող լավ մտածի Պյոտր Սոլոմոնիչը և կտեսնի, որ աշխարհի երեսին ոչ մի կնոջ այնքան լավ չէ սազում զրպարտությունը, որքան նրա կնոջը։ Ուրիշ բանի մասին չէ ասում տիկինը, կարելի է Պյոտր Սոլոմոնիչը շատ խելոք է, շատ կրթված է։ Բայց տարիքը, տեր աստված, տարի՞քը։ Ինչո՞ւ է Պյոտր Սոլոմոնիչը վրդովվում, խոմ նրա ծերությունը թաքցնելու բան չէ, ինչպես և թաքցնելու բան չէ նրա կնոջ երիտասարդությունը և գեղեցկությունը։ Ի՞նչ կմտածի Պյոտր Սոլոմոնիչը, եթե ինքը մի այդպիսի զույգ տեսնի մի տեղ։ Նա իսկույն կասի. «երևի, հայր ու աղջիկ են»։ Իսկ եթե իմանա, որ մարդ ու կնիկ են, կասի, «ծնողները խեղճ աղջկան փողի համար ծախել են այդ պառավին»։ Հիմա, բան է, մի օր մի հանդիպում, թատրոնում կամ հենց փողոցում Պյոտր Սոլոմոնիչը պառավ մարդու ջահել կնկան տեսնի մի երիտասարդի հետ, չի մտածիլ, թե կնիկը անխիղճ է, նա ողորմելի ծերունուն դավաճանում է։

— Չէի՞ք ասիլ, օօ՜օ, այնպես կասեիք, որ... Դա հերիք չէ, դուք այն ժամանակ էլ կբամբասեիք, եթե այդ պառավ մարդու ջահել կնոջը տեսնեիք յուր ամենամոտիկ ջահել, գեղեցիկ, կրթված, խելոք, սրախոս ազգականի հետ...

Պյոտր Սոլոմոնիչը մի զորեղ շարժում գործեց և հառաչեց։ Բայց կնոջ խոսքը չընդհատեց։ Տիկինը շարունակեց.

— Կրկնում եմ, եթե այդ ամենամոտիկ ազգականի հետ էլ տեսնեիք, կասեիք «միմյանց սիրում են» կամ, է՛հ, մի ուրիշ, ավելի վատ բան։ Ձեր խիղճը ձեզ չէր տանջիլ, որովհետև դուք ի՞նչ գիտեք այդ պառավ մարդու ջահել կնոջ սիրտը։ Ինչ գիտեք, որ նա ոչ միայն չէ խաբում յուր պառավ, ուժից ընկած, սպիտակած, մեջքից կռացած, ատամները թափված մարդուն, այլ մինչև անգամ մտքում ծաղրում էլ է բոլոր երիտասարդներին։ Ինչ գիտեք, որ այդ ջահել, գեղեցիկ կինը միայն մեկին է պատկանում աշխարհի երեսին, այսինքն յուր զավակների հորը, յուր օրինավոր ամուսնուն։ Վայ մեզ, վայ մեզ, վայ խեղճ կանանցս, մեր դրությունը ահա այսպես է։ Մարդիկ մեզ պրինցիպներից զուրկ են համարում ։ Կարծում են, որ մենք երեխաներ ենք, եթե մեր առաջ կարմրացրած երկաթ պահեն, կասենք ոսկի է, կվերցնենք։ Չեն մտածում, որ մենք հասկանում ենք, թե երկաթը մեր ձեռքը կայրի, հո գեղեցիկ մարմնի վրա կդնի մի վերք, մի արատ, որ ոչնչով չէ կարելի մաքրել: Հույս ունեմ, որ դուք իմ ասածը հասկացաք, ուրիշ ասելիք չունեմ, մնացյալը դուք գիտեք...

Որքա՜ն այդ վայրկյանին նա Պյոտր Սոլոմոնիչի աչքում գեղեցիկ էր, որքա՛ն խելոք և հրապուրիչ։ Բայց և ո՛րքան Պյոտր Սոլոմոնիչը ինքն յուր աչքում ծեր էր, զառամյալ և անարժան այդ գրավիչ արարածին։

— Կա՛ց, — ասաց նա, տեսնելով, որ կինը, խոսքը ավարտելուց հետո, ուզում էր դուրս գնալ։

Ի՞նչ, կանգնի, որ նա հայհոյի՞, գոռա՞, «կինտոյի պես» ձե՞ռք բարձրացնի նրա վրա։ Ոչ, ոչ, տիկինը վճռել է և պետք է գնա։

Պյոտր Սոլոմոնիչը մոտեցավ նրան մի քանի քայլ, կանգնեց նրա առաջ, նայեց աչքերին։ Օ՜օ, եթե Աննայի ասածների կեսը, կեսի կեսը ճշմարիտ է, այն ժամանակ անիծվեն չար լեզուները, որ բամբասում են։ Մի՞թե Պյոտր Սոլոմոնիչը կարո՞ղ էր հավատալ, եթե ուրիշներից լսած չլիներ։ Սովորական ժամին նա մտավ կլուբ։ Նա կամենում էր մի քիչ թղթախաղ խաղալ։ Նա պարտնյորներ էր փնտրում, հանկարծ նրա ականջին հասավ յուր անունը։ Նա կանգ առավ դռների մոտ։ Կանաչ սեղաններից մեկի շուրջը նստած էին չորս չարամիտներ և խոսում էին։ Խոսում էին նրա մասին այն ամենը, ինչ որ կարելի է խոսել մի պատվավոր մարդու անունը աղբի մեջ թաղելու համար։ Նա ականջները փակեց և հեռացավ։ Չար կասկածը նրա արյունը տակնուվրա արեց։ Նա ամոթից չկարողացավ կլուբում երկար մնալ և շտապեց տուն, խելքը կորցրած, աչքերը արյուն կոխած։

— Ես ձեզ չեմ մեղադրում, — արտասանեց տիկինը, նրա բացատրությունը լսելուց հետո, — դուք միամիտ մարդ եք, ձեզ ամեն մի երեխա կարող է խաբել։ Ա՜խ, տեր աստված, տեր աստված, ես խաբեբա՞, ես անամո՞թ, ես անպատկա՞ռ, ես դավաճա՞ն...

Նա սկսեց բարձրաձայն հեկեկալ։ Պյոտր Սոլոմոնիչը շտապեց ներողություն խնդրել։ Նա ծեր է, միամիտ է, նրան խելքից հանեցին, բայց նա այժմ չէ հավատում, և չի հավատալ, եթե ամբողջ աշխարհն էլ խոսի։

— Հեռո՛ւ ինձանից,— գոչեց տիկինը, ձեռով հրելով նրան,— ես ձեր վիրավորանքի պատճառով չեմ լաց լինում, արդար մարդը ոչ մի զրպարտությունից չի վիրավորվում, ես իմ բախտն եմ ողբում... Դռների միջից ներս ցցվեցին երկու գանգրահեր փոքրիկ գլուխներ։ Լիզոչկան և Էլեչկան վախեցած դեմքով նայում էին իրանց բարձրաձայն արտասվող մորը։

Տիկինը արագությամբ աչքերը սրբեց և մոտեցավ նրանց, գոչելով.

«Անբախտ երեխաներ, ի՛նչ կրթություն կարող եք ստանալ այս տանը...»։


V


Ամառը սկսվել էր։ Դիմաքսյանը դպրոցում գործ չուներ։ Տնային պարապմունքը թեև առաջվա պես չէր եռում նրա ձեռքի տակ, բայց այժմ աշխատելու ցանկություն ուներ։ Նրա գլխում հղանում էին նորանոր գաղափարներ, նրա եռանդուն միտքը հանգիստ չուներ։ Դիտելով հասարակական կյանքի բազմատեսակ վատ երևույթները, նա օր օրի վրա համոզված էր, որ բոլոր այդ երևույթների հիմնական պատճառը մի բան է — անհատի բարոյական աշխարհի սղությունը։ Նա ասում էր, թե ոչ մի հասարակություն չէ կարող առաջադիմություն անել, եթե նրա մեջ չկան բարոյապես զորեղ անձինք։

«Բարձրացրեք անհատին, կրկնում էր նա, կբարձրանա և շրջանը։ Ոչ մի բարեփոխություն չէ կարող հիմք գտնել, եթե նա չունե ապահով պատնեշներ։ Այդ պատնեշներն են առանձին անձնավորությունները, զինված մտավոր և բարոյական ուժերով։ Հասարակությունը կարող է մի որևէ վերանորոգության համար պատրաստի հող չունենալ։ Անհատները կարող են այդ վերանորոգությունը իրանց ուսերի վրա պահել, մինչև որ նրանք ամուր պատվանդան կպատրաստեն»։

Նրա խորին համոզմունքով լոկ գիտությունը դեռ բավական չէր՝ մարդկանց հասարակական ուղեցույց ջահեր դարձնելու համար։ Անկեղծ հավատ դեպի քաղաքակիրթ ապագան, խորին հույս որևէ ձեռնարկած գործի հաջողության վրա և անդրդվելի կամք — ահա այն պայմանները, որ նա պահանջում էր ամեն մեկից, որ ձգտում էր ուրիշներին օգտավետ լինել։ «Եթե դու ուզում ես ծառայել մի գործի — առաջ ինքդ պարտավոր ես կուրորեն հավատալ այդ գործի ճշմարտությանը։ Եթե դու հույս չունես քո ուժերի վրա — մի՛ դուրս գալ ասպարեզ։ Եթե դու կամք չունես — մի՛ կարծիլ, թե մազի չափ կարող ես ուրիշի կամքի վրա ազդել»։

Այս էր նրա նշանաբանը, և այս էր նա քարոզում թե՛ գրչով և թե՛ բերանացի։ Եվ նրա խոսքերը ապարդյուն չէին անցնում։ Նրա հորդորանքով կազմվում էր մի ընկերություն, որի նպատակը պետք է լիներ, տարածել եվրոպական գիտության տարրերը ժողովրդի բոլոր խավերի մեջ։ Նա այժմ շրջապատված էր բավականաչափ բարեկամներով, որոնց նա միշտ, ինչպես հարատև խթան, դրդում էր գործել։ Ավելի մեծ խրախույս էր այդ բարեկամների համար նրա անձնական օրինակը։ Նա այդ տեսնում էր և զգում։ Ահա ինչու, չնայելով հոգնածությանը, նա գործում էր անդադար։ Նա արդեն վերջացրել էր անցյալ տարի սկսած յուր գրավոր այն մեծ աշխատությունը, որ պետք է պարզեր նրա գաղափարների ամբողջ աշխարհը։ Նա բաց չէր թողնում ոչ մի ընկերական ժողով, ոչ մի գործ, ուր հարկավոր էր նրա օգնությունը կամ խորհուրդը։

Դպրոցի շրջանավարտներին նա տվեց մի համառոտ ծրագիր, որով և նրանք պետք է գործեին իրանց շրջաններում, ուր որ լինեն նրանք — գյուղում թե քաղաքում և թե ինչ պաշտոն ևս ունենան — ուսուցչական թե քահանայական։ Նրա միտքը միշտ զբաղված էր լուրջ խնդիրներով։ Նրա գլուխը գործում էր անընդհատ, ինչպես մի լարված մեքենա։ Եվ այդ մեքենան երբեք չէր հոգնում, երբեք չէր ձանձրանում։ Հոգնում էին միայն այդ մարդու ջղերը, հոգնում էր նա ֆիզիկապես և ոչ բարոյապես։

Մի առավոտ նա յուր սովորական առանձնակի զբոսանքից տուն էր վերադառնում։ Միքայելյան ծառազարդ փողոցի վրա նա հանդիպեց Մսերյանին և բժիշկ Սալամբեկյանին։ Նրանք գալիս էին դեմուդեմ մի անծանոթ օրիորդի հետ։

— Լավ պատահեցինք,— գոչեց Մսերյանը բռնելով Դիմաքսյանի թևից,— կա՛ց։ Խնդրեմ ծանոթանաք. օրիորդ Կարինյան, Դիմաքսյան — իմ ամենաթանկագին ընկերը։ Իդեալիստը ստիպեց նրան հետ դառնալ։

— Այս րոպեիս քո մասին էինք խոսում։ Օրիորդին հարկավոր են մի քանի տեղեկություններ, որ քեզանից լավ ոչ ոք չգիտե։ Խոսեցե՛ք։

Նա, բժիշկ Սալամբեկյանի հետ ետ կանգնելով, օրիորդին թողեց առաջ Դիմաքսյանի հետ։ Հայտնվեց, որ Կարինյանը մի մասնավոր վարժուհի է, պատրաստվում է գնալ արտասահման՝ գործնական մանկավարժություն սովորելու, որպեսզի հետո Թիֆլիսում մանկական պարտեզ բաց անի։ Նա միայն կամենում էր իմանալ՝ ո՞ւր ավելի նպատակահարմար է գնալ։

Դիմաքսյանը հաղորդեց օրիորդին անհրաժեշտ տեղեկություններ, յուր կողմից ավելացնելով մի քանի խորհուրդներ։ Օրիորդը լսում էր նրան ուշադիր և մինչև անգամ ակնհայտ ակնածությամբ։

Դա մի գունատ արարած էր, նիհար, սակավ ինչ թուխ դեմքով, խելացի և արտահայտիչ գծերով։ Ընդհանրապես նա ոչ միայն սիրուն չէր, այլ կարող էր տգեղ համարվել, եթե չունենար յուր ձայնի և աչքերի մեջ անչափ եռանդի և տոկունության հետ մի տեսակ հեզ անուշություն։ Նա խոսում էր դրական եղանակով, համոզված մարդու պես, նրա շարժվածները ազատ էին, բայց միևնույն ժամանակ, ամոթխածությամբ լի:

Նա Դիմաքսյանի վրա լավ տպավորություն գործեց։

— Վերջացրի՞ք,— ասաց Մսերյանը, որ ամբողջ ժամանակ աչքը չէր հեռացնում օրիորդից,— ուրեմն մենք այժմ կարող ենք միասին խոսակցել։

Նա մոտեցավ օրիորդին և սկսեց նրա հետ քայլել, բժշկին թողնելով հետ։ Այս հանգամանքը բավական զարմացրեց Դիմաքսյանին։ Առաջին անգամն էր նա տեսնում Մսերյանին այդքան ուշադիր դեպի մի կին։

Բժիշկ Սալամբեկյանը Դիմաքսյանին հաղորդեց, որ իրան մի նոր պաշտոն են առաջարկում և առաջարկողն է Բարաթյանը։ Քաղաքը նոր հիվանդանոց է բաց անում, հարկավոր է մի բժիշկ դիրեկտոր։ Բարաթյանը խոստանում է յուր բարեկամների հետ միասին ամեն ճիգ գործ դնել, որ Սալամբեկյանը ընտրվի։

— Տեսնո՞ւմ ես, մարդը այնքան առաջ է գնացել, որ յուր ընկերներին էլ հովանավորություն է ցույց տալիս։ Բայց ես չեմ ուզում այդ հովանավորությունը։

— Ինչո՞ւ։

— Նրա համար, որ չեմ ուզում ոչ մի բանով պարտական լինել այդ մարդուն։

— Պատճա՞ռը։

— Նրա երգը վերջացած է, նա ուխտադրուժ է, գաղափարի դավաճան։

Դիմաքսյանը զգուշացրեց, թե անհարմար է մի օտար օրիորդի մոտ այդ բանի մասին խոսել։ Բժիշկը յուր քայլերը ծանրացնելով, պատասխանեց, թե օրիորդը շատ լավ է ճանաչում Բարաթյանին և թե նրանք այժմ մինչև անգամ ազգականներ են։

— Օօ՛, ինչպես փոխվում են մարդիկ,— շարունակեց նա վրդովված — երկու տարի չկա և արդեն... ուֆ, ոչինչ չի մնացել անցյալից, շոգիացել է...

Այն մարդիկ, որոնց դեմ Բարաթյանը պետք է մաքառեր, այժմ նրա բարեկամներն են դառել։ Նա մտերմաբար սեղմում է երեկվա կանտրաբանդիստի կամ վաշխառվի ձեռը։ Նա թև թևի տված ման է գալիս խաբեբա կապալառվի հետ, որովհետև մտադիր էր ընկերանալ նրան։ Այժմ նա ուզում էր կապալներ վերցնել նոր կառուցվող երկաթուղու վրա։

Բժիշկը ստիպված եղավ խոսքը ընդհատել, երբ օրիորդը և Մսերյանը, փողոցի ծայրին հասնելով, հետ դարձան։ Մսերյանը ոգևորված մի ինչ-որ պատմություն էր անում оրիորդի համար, և առհասարակ շատ էր զբաղված նրանով։

Փողոցի կեսում օրիորդը ցտեսություն ասաց, խնդրելով ամենքին մի օր շնորհ բերել յուր տունը։

— Ես ապրում եմ մեծ մորս և հորաքրոջս հետ։ Դեռ մի ամիս այստեղ եմ, շատ ուրախ կլինեմ եթե գաք։

Բժիշկը գնաց նրան ուղեկցելու։

— Ո՞վ է այդ օրիորդը, — հարցրեց Դիմաքսյանը Մսերյանից։ — Սալամբեկյանի մի մեռած ընկերոջ քույրն է։ Հավանեցի՛ր։ Գիտես, որ ես կանանց առհասարակ չեմ սիրում, բայց այս մեկը ինձ դուր է գալիս։ Արի մի օր միասին այցելենք նրան։

Դիմաքսյանը խոսք տվեց և մի շաբաթ անցած գնաց նրա հետ օրիորդի մոտ։

Կարինյանը բնակվում էր գետի ափում գտնվող միհարկանի մի տան մեջ, որ բավական բանաստեղծական դիրք ուներ։ Տան առջև տարածված էր մի ընդարձակ այգի, որ վերջանում էր գետափին։ Բակի վիթխարի ընկուզենիի տակ նստած էր մի զառամյալ պառավ, շրջապատված անթիվ հավերով։ Նա գարիի հատիկները ցրվելով, խոսում էր հավերի հետ, հանդիմանելով նրանց ագահության համար։ Դա Կարինյանի տատն էր։

Օրիորդը հյուրերին ընդունեց քաղաքավարի և պարզ կերպով։ Նրա հորաքույրը տանը չէր, իսկ ինքը, կարի մեքենան առջևը դրած, պատշգամբի վրա յուր համար հագուստ էր կտրում։

Երեք սերունդների ներկայացուցիչները միասին ապրելով, հաճախ հայացքների տարբերությունից իրարու հետ ընդհարումներ էին ունենում։ Այս պատճառով օրիորդի կյանքը մխիթարական չէր այդ շրջանում։ Տատը հաշտվել անգամ չէր ուզում այն մտքի հետ, թե պետք է յուր թոռը, մենակ աղջիկ, ինքնագլուխ գնա ով գիտե ինչ երկրներ։ Նույն մտքի էր և նրա հորաքույրը, որ յուր կողմից ավելի էր գրգռում պառավին օրիորդի դեմ։

Այս բոլորը պատմեց ինքը օրիորդը, անկեղծաբար, առանց յուր դրությունից քաշվելու։

— Բայց ի՞նչ էլ լինի, նրանք արդեն համաձայնվել են իմ գնալուս, թեև ամեն օր տրտնջում են։

Դիմաքսյանին դուր եկավ օրիորդի հաստատակամությունը։ Ահա, վերջապես մի հայ կին, որ ինքնուրույն է և չէ խոնարհվում կամակոր հնության առջև։ Նա գովեց օրիորդի նպատակը։

— Թողեք հներին, աշխատեցեք նորերի համար։ Շատ անգամ մեռնող սերունդը յուր եսին ուզում է զոհել հաջորդի երջանկությունը: Եթե մենք նրա ամեն քմահաճություններին սենտիմենտալ կերպով հպատակվենք, ոչինչ առաջադիմություն չենք կարող անել: Հիշեցեք, թե ձեր ձեռնարկությունը որքան օգուտ պետք է տա ապագա սերնդին, և դուք կտեսնեք, որ անարդար կլիններ այդ գեղեցիկ նպատակը զոհել պառավներին:

Բայց պառավը ընկուզենիի տակ հավերի հետ նիստ կազմած տատն էր: Իսկ մյուսը, օրիորդի հորաքույրը, եթե պառավ ածականը լսեր, առանց այլևայլի պետք է արտաքսեր Դիմաքսյանին: Ահա նա, այրի Մելանիա Բոլումբաշյանը, սանդուղքով վեր է բարձանում: Իսկապես նրա քառասնյակը վաղուց արդեն անցել է, բայց ո՞վ կարող է նրան երեսուներկու տարեկանից ավելի համարել:

Այրին համարձակ քայլերով մոտեցավ և թոթվեց Մսերյանի ձեռը: Նրանք արդեն ծանոթ էին:

Նա հագնված էր ժամանակի մոդայով: Ամեն բան նրա վրա եվրոպական էր, բացի թասակրավից: Նա գլխարկ չէր հագնում, քաջ համոզված լինելով, որ վիրական գլխակապը ավելի է սազ գալիս յուր կլորիկ կարմրախայտ երեսին: Նա խոսում էր ռուսերեն, արագ-արագ, արհամարհելով քերականական բոլոր կանոնները: Եվ խոսում էր մեծ մասամբ Մսերյանի հետ, որի երեսին շուտ-շուտ ժպտում էր, ծիծաղում: Զգալի էր, որ ողբացյալ այրին չէր հրաժարվիլ ամուսնության դառն լուծը երկրորդ անգամ քաղցրությամբ հանձն առնելուց, եթե Մսերյանը բարեհաճեր ուշադիր լինել դեպի նա: Սակայն իդեալիստը այրիի մասին այնքան էր մտածում, որքան և՛ յուր հագուստի մասին: Իսկ նրա հագուստը այսօր մե առանձին բանաստեղծական անկարգության մեջ էր: Մաշված և տրորված սև սյուրտուկի կուրծքը փայլում էր սափրավիրի սրոցի պես, իսկ ձմեռային գունատ վարտիքը վաղուց արդեն գրավել էր փողոցային հնավաճառների ուշադրությունը: Ավելի ողբալի էր նրա հին ձևի շապիկը, որի օձիքը ճմլվել էր և կպել նրա կոկորդին յախույի պես: Այնինչ՝ սև փողկապը թռել էր վզին և այնտեղ նստել երկչոտ ծիծեռնակի նման:

Նա այրիի բարբաջանքին պատասխանում էր «այո՛», «ինչպես չէ», «ցը ցը ցը» և այլն հնչյուններով, իսկ ուշը օրիորդի կողմն էր։ Վերջապես, շաղակրատ տիկնոջից ձանձրացած, նա ցտեսություն ասաց և ընկերոջ հետ դուրս եկավ:

— Հը՞մ, հավանո՞ւմ ես,— դարձյալ հարցրեց նա Դիմաքսյանից։

— Որի՞ն։

— Իհարկե, օրիորդին, մյուսը ինչ հորս ցավն է։

— Ի՞նչ ասեմ...

— Եղբայր պատվական, ես հիացած եմ, իսկ և իսկ եռանդուն և տոկուն հայուհու տիպարն է, միայն տաշված, հղկված, հասկանո՞ւմ ես։

— Էլի ոգևորվեցի՞ր։

— Ի՞նչպես չոգևորվեմ, նորոգիչներից է, հասկանո՞ւմ ես...

Այդ օրից հետո Դիմաքսյանը Մսերյանի հետ մի քանի անգամ էլ այցելեց Կարինյանին։ Ժամերով նախ խոսում էր ու վիճում օրիորդի հետ և հաճույք էր զգում, տեսնելով, որ նա հասկանում է իրան, ունե զարգացում և հազիվ է նեղն ընկնում լուրջ խոսակցության ժամանակ։ Նա չէր քաշվում օրիորդի մոտ, չէր կաշկանդվում այնպես, ինչպես Գայանեի առջև։ Նրա մեջ չէր շարժվում օձը, սիրտը հանգիստ էր։ Սակայն ինչ և լիներ, որքան ևս Կարինյանը համակրելի լիներ, երբեք և վայրկյան անգամ չէր մոռացնել տալիս նրան այն մյուսին, որի պատկերը այնքան ամուր և այնքան որոշ դրոշմվել էր նրա սրտի մեջ։ Կանգնած էր գիշեր-ցերեկ այդ պատկերը նրա աչքի առջև, ինչպես նրա անաջող բախտի ուրվականը և մենության մեջ միշտ նրան պատճառում էր այն ծանր թախիծը, որ կարծես, հավիտյան տիրել էր նրա հոգուն...


VI


Հուլիսի վերջին Դիմաքսյանը ուղևորվեց Անդրկովկասի մի մասում ճանապարհորդելու։ Նա կամենում էր մոտիկից ծանոթանալ ժողովրդի բարոյական կացության հետ։ Բայց ժամանակը շատ էլ չէր ներում. մի ամիս մի քանի տեղեր այցելելուց հետո, նա թարմացած վերադարձավ և եռանդով աևձնատուր եղավ յուր զբաղմունքին։

Դպրոցի մեջ բարձրացրել են նոր աղմուկներ։ Շուտով պետք է ընտրվեին նոր հոգաբարձուներ։ Դիմաքսյանի հակառակորդները սկսել էին ծածուկ գործել։ Նրանք մտադիր էին նրա կողմնակից հոգաբարձուներին սևացնել և փոխարենը ուրիշներին ընտրել։

Նախագահը, որ նրանց աջակիցն էր, գաղտնի հրահանգ էր տվել ծխական քահանաներին։ Պատվիրված էր եկեղեցական ընտրությունների ժամանակ առաջ գցել այնպիսիներին, որ պետք է նախագահի ուզած մարդկանց քվե տային։

Հակառակ կուսակցությունը հասկացել էր բանի էությունը և բացարձակ հարձակվում էր նախագահի վրա։

Երկու բանակների մեջ սկսվել էր մի ծայրահեղ բանակռիվ, որի արտահայտիչներն էին երկու միմյանց թշնամի լրագիրներ։ Ոչ մեկը չէր խնայում մյուսին. երկու կողմից էլ լսվում էին ծանր մեղադրանքներ, ծաղր, հայհոյանք, նույնիսկ զրպարտություններ։

Դիմաքսյանը սկզբում կամեցավ հեռու պահել իրան այդ կռվից։ Սակայն չկարողացավ։ Նորից արյունը բորբոքվեց, աչքերը վառվեցին, և հարձակվեց ասպարեզ, ինչպես պատերազմի ծարավ մի քաջ զինվոր։ Նա մոռացավ դպրոցը, նա չէր հոգում մի վայրկյան անգամ յուր մասին, նրա մտքովն անգամ չէր անցնում, թե կարող է զրկվել պաշտոնից, եթե հաղթությունը թշնամիները տանեն։

Նրա դեմ ասպարեզ էր դուրս եկել և՛ Վեքիլյանը, այս անգամ յուր իսկական անունով և ազգանունով։

«Փաստեր, փաստե՜ր», կրկնում էր փաստաբանը, մոռանալով, որ ինքը ոչինչ փաստեր չէ տալիս հակառակորդին, բացի վիրավորիչ ակնարկներից։

Մի օր Դիմաքսյանը դարձյալ յուր մասին կարդաց մի ֆելիետոն, միայն ուրիշ կեղծանունով։ Այս անգամ նրա անձնականին չէին կպչում, խոսում էին նրա գործունեության մասին։ Ֆելիետոնը գրված էր սուր գրչով, զարդարված ճարպիկ կալամբուրներով և շնորհալի սրախոսություններով։

Առաջին անգամ Դիմաքսյանը զգաց, որ հանդիպում է ոչ թե մի ստոր սողոսկողի, այլ մի զորեղ հակառակորդի, որի հետ կռվելը շատ էլ դյուրին բան չէ։

Արյունը խփեց գլխին։ Մի չարագուշակ ժպիտ աղավաղեց նրա բերանը։ Առանց երկար մտածելու, նա աղեղը լարեց դեպի այն կողմ, ուսկից գիտեր, որ գալիս են վարագուրված հարվածները։

Աա՛, բավական չէ Բարաթյանի գործով արածը, գրչո՞վ էլ է ուզում նրա հետ մրցել։ Դա առանց նպատակի չէ։ Անշուշտ նա հոգաբարձու ընտրվելու միտումներ ունե։

Այսպես էր մտածում Դիմաքսյանը, և նա չսխալվեց։ Բարաթյանը ընտրվեց եկեղեցական պատգամավոր։ Մի քայլ արված էր, մնում էր մյուսը, և նա արդեն Դիմաքսյանի իշխանավորն էր — հոգաբարձու։

— Կարծեմ, մենք կհաղթվենք,— ասաց մի օր Դիմաքսյանին նրա կողմնակից հոգաբարձուներից մեկը,— Ամբակում Աֆանասևիչը շատ է աշխատում։ Երեկ լայնաթևը նրա մոտ ճաշի է եղել. նրանք գործում են ձեռք֊ձեռքի տված։

Այն ժամանակ երկու հակառակորդ բանակները պաշարեցին ընտրողներին։ Շատերի գույնը արդեն որոշ էր, քաշել նրանց մի բանակից մյուսը — դժվար էր։ Հարկավոր էր գրավել չեզոքներին, և ահա սրանց վրա հարձակվեցին երկու կողմից գիշակեր ագռավների պես։ Գործ էին դրվում քաղցր ժպիտներ, սիրալիր բարևներ, սպառնալիքիներ, խոստումներ։

— Նուկուջան Փարսադանովիչին իմ խորին հարգանքն եմ վկայում։ Հը՛մ, ամսիս քսանվեցին ընտրու՞մ ենք։

— Ընտրում ենք, ոնց չէ, ընտրում ենք։

— Նուկուջան Փարսադանովիչ, չմոռանաք, որ մենք հին քաղքցիներ ենք, դուք մերն եք։

— Վա՛հ, հեստի չորնի զակատիտ անիմ վուր է...

Կռիվը քանի գնում սաստակնում էր և խեղճ Նուկուջաններին այնքան քշեցին այս բանակից այն բանակ, որ ընտրության օրը նրանք ներկայացան միանգամայն ջարդուփշուր եղած խելքով։ Պատարագի ժամանակ մի քարոզ ընտրողներին բացատրեց նրանց պարտքը եկեղեցու և ազգի առաջ, «քանզի պետք է խղճի մտոք և անաչառությամբ» տային իրանց քվեները:

Նույնը կրկնվեց և՛ ընտրությունների դահլիճում։

Ամբակում Աֆանասևիչի բանակը հաղթեց։ Դիմաքսյանի կողմնակից հոգաբարձուներից չորսը սևացան։ Փոխարենը ընտրվեցին Ամբակումը, Բարաթյանը, Վեքիլյանը, և մի ուրիշը սրանց բարեկամներից։

Բարաթյանը անմիջապես շտապեց տուն և ուրախ-ուրախ համբուրեց յուր մի ամսական ժառանգին։

Գայանեն նոր էր վեր կացել անկողնից։ Նա գունատ էր, նիհար, անզոր։ Այլևս անցել էին կապրիզները։ Այժմ նա խաղաղ էր, հանգիստ, գոնե արտաքուստ այդպես էր երևում։

Ամբողջ օրը նա չէր հեռանում նորածնի օրորանից։ Համբուրում էր նրան քնքուշաբար, խոսում էր նրա հետ, հարցեր էր տալիս և ինքը նրա փոխարեն պատասխանում։ Նրա աշխարհը այժմ ամփոփված էր այդ փոքրիկ արարածի մեջ, և ուրիշ ոչ մի բան նրան չէր հետաքրքրում։ Նա մոռացել էր նույնիսկ յուր մշտական կասկածները, արյուն ու մարմին դարձած կասկածները ամուսնու վերաբերմամբ։

Տիկին Բախտամյանը երբեմն այցելում էր նրան։ Երեխայի մկրտության օրը նա հետը բերել էր անթիվ ընծաներ։ Առհասարակ նորածինը երկու տիկինnերի մեջ ձգել էր մի նոր բարեկամություն։ Միայն տիկին Բախտամյանի և Բարաթյանի մեջ երևում էր մի անհասկանալի փոխադարձ սառնություն։ Գոնե այդպես էին նկատում մի կողմից Գայանեն, մյուս կողմից — Պյոտր Սորոմոնիչը։

Ծերունին յուր կնոջ հետ այլևս նախանձի տեսարաններ չէր սարքում։ Արդեն բավական պատժվել էր այն օրվա յուր շտապ մեղադրանքի փոխարեն։ Նա զգում էր, որ շատ կոշտ վարվեց կնոջ հետ և մտքում հայհոյում էր չար բամբասասերներին։ Սակայն, միևնույն ժամանակ, կասկածը արմատախիլ չէր եղել նրա մեջ։ Այժմ նա տանջվում էր լուռ, առանց արտահայտելու յուր սրտի մեջ բուն դրածը։

Հաճախ նա մենակ, առանձնացած յոււր սենյակում, մտածում էր ամուսնական կյանքի դառնությունների մասին: նա մեղադրում էր ինքն իրան։ Տասը տարի էր նա միշտ նախանձում էր, միշտ կասկածում, միշտ լարված դրության մեջ էր։ «Միթե այդ կյա՞նք է։ Ոչ, ոչ, տանջանք ու աստծու պատիժ է», կրկնում էր նա։

Մյուս կողմից նա սիրում էր Աննային, ինչպես մի կենդանի, վառվռուն պատանի, և ցավում ու մորմոքվում էր, որ վաղուց կորցրել էր յուր երիտասարդությունը։ Իրավ, մի՞թե նա ինքը չգիտեր, որ Աննայի ընկերը չէ, որ ամոթ է մինչև անգամ մի թառամած ծերունու մի այդպիսի թարմ կին ունենալ։ Բայց, է՛հ, ի՞նչ արած, թող նախանձը միշտ տանջե նրան, միշտ չարչարե, միայն թե Աննային նրա ձեռքից չխլեն և միայն թե Աննան խնայի նրա ընտանեկան պատիվը։

Իսկ Աննան նրա հետ վարվում էր սառն, խոսում էր միշտ «դուք»-ով, այն էլ խոսում էր այն ժամանակ, երբ անհրաժեշտությունը ստիպում էր։ Նա գիտեր, որ յուր պաղությունով տանջում է ծերունուն և հենց դիտմամբ շարունակում էր, անուշադիր թողնելով նրա փաղաքշանքները, աղերսանքները և պես-պես խոստումները։

«Թողե՛ք ինձ, թողե՛ք իմ հիմարության պատիժը քաշեմ» կրկնում էր նա միշտ։

Իսկ հիմարություն նա համարում է ծերունու հետ ամուսնանալը, մի ծերունու, որ թունավորում էր նրա կյանքը «անտեղի կասկածներով, անտեղի զրպարտություններով»։

Մի օր Պյոտր Սոլոմոնիչը վճռեց յուր կնոջը մի սյուրպրիզ անել, որպեսզի, վերջապես, ձեռք բերի նրա հաշտությունը։

— Ա՛նիչկա, ե՞րբ է ձեր ընկերության տարեդարձը,— հարցրեց նա։

— Ես ի՞նչ գիտեմ երբ է, ես ձեռք եմ քաշել ընկերություններից էլ, մարդկանցից էլ, ես դժբախտ կին եմ։

— Դե լավ, բավական է, ես քեզ մի լավ բան պետք է ասեմ։

Տիկինը կամեցավ սառն լինել, բայց միևնույն ժամանակ, չկարողացավ զսպել կանացի հետաքրքրությունը։ Նա աչքի տակով ծուռ-ծուռ նայեց ամուսնուն:

— Ուզում եմ քո անունով,— արտասանեց Պյոտր Սոլոմոնիչը,— քո անունով ընկերությանը հազար ռուբլի բաշխել, որ դու պատվավոր անդամուհի լինես։

Սնափառ տիկնոջ համար, արդարև, դա մի վերին աստիճանի ախորժելի սյուրպրիզ էր։ Մինչև այդ ժամանակ կանանց ընկերությունը ոչ մի պատվավոր անդամուհի չուներ, ուեմն նա առաջինը կարող էր լինել։ Բայց նա թաքցրեց յուր ուրախությունը, ոչինչ չասաց և միայն հառաչեց։

Տարեդարձի օրը Պյոտր Սոլոմոնիչը փողերը համրեց կնոջ առջև։ Վերջապես, Աննան թույլ տվեց նրան, որ համբուրի իրան և այդպիսով հաշտվեց ամուսնու հետ։


VII


Բարաթյանի և Վեքիլյանի հոգաբարձու ընտրվելը, հարկավ, ազդեցություն գործեց Դիմաքսյանի վրա։ Նա զգաց, որ այժմ նրանց հետ պետք է ընդհարումներ ունենա երես առ երես։

Կռվից նա չէր վախենում, չէր մտածում և՛ յուր պաշտոնի մասին։ Նրան անհանգստացնում էր աշակերտների դրությունը և առհասարակ դպրոցի վիճակը, այն դպրոցի, որ արդեն կրում էր յուր վրա նրա գաղափարների դրոշմը։ Այսուհետև, ուրեմն, նրա հարուցած ամեն մի խնդիր պետք է հանդիպի Բարաթյանի ու Վեքիլյանի կամքին և հետո իրագործվի կամ ոչ։ Արդեն նա անհարթելի էր համարում յուր և նրանց մեջ բացված վիհը։ Պետք է այսպես թե այնպես կռվել։ Պետք է մեկը մյուսին գլորի — այդ անկասկած է։ Միևնույն շրջանում, միևնույն ժամանակ երկու հակադիր ձգտումներ չեն կարող հավասար համակրություն վայելել և իրանց գոյությունը շարունակել։

Առաջ այդ մարդիկ հաշտ էին, գաղափարակից էին, ընկեր էին նրա հետ։ Նրանք ուխտել էին միասին գործել, այժմ բաժանված են։ Կյանքը, տվեց մեկին մի ուղղություն, մյուսներին այլ ուղղություն։ Գուցե մտքերի այս հակադրությունը առաջ էլ կար, միայն չէր արտահայտվում։ Այժմ ասպարեզ կա, նա երևան է գալիս։ Բարաթյանը և Վեքիլյանլը աշխատում են խոչընդոտ լինել նրա գործունեությանը, ծաղրում են, հալածում, կնշանակե նրանք թշնամիներ են։ Սակայն նոր հոգաբարձուները դեռ լուռ էին, չնայելով, որ երկու ամիս էր արդեն հաստատվել էին իրանց պաշտոնում։ Բարաթյանը ուսումնասիրում էր հանգամանքները: Շաբաթը մի կամ երկու անգամ այցելում էր դպրոցը։ Դիմաքսյանը նրան ընդունում էր պաշտոնական ձևով, խոսում «դու»-ով, բայց սառն և առանց ընկերական մտերմության։ Դպրոցի տնտեսականի և վարչականի վերաբերմամբ նոր հոգարարձվին տալիս էր մանրամասն տեղեկություններ, բայց երբ հարց էր լինում ուսումնականի և բարոյականի մասին, խույս էր տալիս պատասխաններից և առհասարակ չէր ուզում խոսքը երկարացնել։ Նա կամենում էր հենց առաջին քայլից նոր հոգաբարձվին զգալ տալ նրա իրավունքների սահմանը: Բարաթյանը, հարկավ, հասկանում էր նրա միտքը։ Նա ոչինչ չէր ասում, բայց մտքում կրկնում էր.

«Եթե դու ուզում ես քեզ ցույց տալ, ես էլ շուտով ինձ ցույց կտամ»։

Մեծ պասի առաջին օրերն էին։ Տրամադրությունը կրոնական էր, դպրոցը — հոգևոր։ Հոգաբարձուներից երկուսը եկեղեցասեր վաճառականներ էին, մեկը եպիսկոպոսի եղբայր, երկուսն էլ երեցփոխներ։ Բարաթյանը մի նիստում թեթև կերպով հարց բարձրացրեց, արդյոք աշակերտների կրոնական կրթության վրա բավարար ուշադրություն դարձնո՞ւմ են դպրոցում։

Նախագահի կարմիր և առույգ դեմքի վրա խաղաց գոհունակության ժպիտը։ Նա յուր երկայն, թիաձև, չալ մորուքր շփելով, հայտնեց, թե այդ հարցով ինքն էլ զբաղված է։ Ավելացրեց, թե խնդիրը վերին աստիճանի կարևոր է, բայց ինքը չէր կամենում նախկին հոգաբարձությանը առաջարկել, սպասում էր նորերի ընտրությանը։ Այժմ նա կարող է խոսել։ Եվ սկսեց խոսել։

— Հրամանոցդ հայտ է, որ մեր դպրոցները գտանին ի ներքո հովանավորության Հայաստանյացս առաքելական եկեղեցվո և նորին վեհափառության տյառն տյառն սրբազնագույն կաթողիկոսին ամենայն հայոց։ Այսպես։ Գերազնիվ պարոնայք, մենք ժամու և ի տարաժամու պարտ ենք երախտապարտ և ջերմեռանդագույն հոգով զգացված լինել առ մերս առաքելական եկեղեցի հարսնացյալն ի տերն մեր հիսուս քրիստոս և նորին աստվածընտրյալ պետն, հաղագս կենաց որին աղոթեմ ի տվնջյան և ի գիշերի։ Այսպես։ Սակայն իմ հոգևոր տկար աչոքս այս վերջին տարիներ այլ և այլ խուսափումներ նկատում եմ ի մեծս և փոքունս, իսկ առավելագույն չափով ի մերում դպրանոցի։ Հուսամ առ ամենաբարձրյալն, որ այսուհետև այդ զանցառությունները վերացվին, քանզի մեր հոգաբարձություն այսօր, հուրախություն սրտի իմո, կազմեն ձեզի պես գերաշնորհ, պայծառամիտ, խոհունակ, հանճարազարդ և պարկեշտասուն անձինք։ Այսպես։ Պայտն քարտուղարեն կխնդրեի արձանագրել այս իմ համեստագույն խոսք—ատենագրություն։

— Ձեր ասածը միանգամայն արդարացի է։ Մեր աշակերտների մեջ պետք է զարգացնել բարոյականություն, մանավանդ կրոնասիրության։ Արևմտյան Եվրոպայում կրոնի դասավանդությունը շատ հարգելի տեղ է բռնում դպրոցներում։ Ուրեմն ա՛յն, ինչ որ ընդունված է լուսավորված ազգերի մեջ, կարծում եմ, չպիտի արհամարհվի մեզ նման մի փոքրիկ ազգի կողմից։

— Պարոն քարտուղարեն կխնդրեի շնորհազարդ պարոն Բարաթյանի խոսքերը արձանագրել։

— Այդ ճշմարիտ է, մանավանդ որ մեր դպրոցը հոգևոր է։

— Պարոն քարտուղար, բարեծնունդ Ամբակում աղա Սարզափյանի խոսքեր մեկիկ-մեկիկ թարգմանեցեք ու շարադրեցեք։

— Բացի դրանից, մենք նախ և առաջ կրոնական ազգ ենք և եկեղեցուց ավելի ոչինչ չունենք։

— Պարոն քարտուղար, ուշի ուշով դիտեցեք ողջախոհ պարոն Վեքիլյանի ասածներ: Ի՛ա, հեր օրհնած, ի՞նչ ես Բեթանիացի բորոտի պես քինթդ քորում։ Այսպես, գերազնիվ պարոնայք, խնդիրը եզրափակենք։ Ըստ իս՝ վաղը մեր մեծապատիվ պարոն տեսչին հայտնելու է այս մեր որոշում։ Շնորհազարդ պարոն Բարաթյան, կարծյոք, այս պարտքերը ձեր վրա դնելու է, քանզի, եթե չեմ սխալվում, դուք եք հերթակալը։ Պարոն քարտուղար, արձանագրեցեք մեր որոշում այսպես. «Առաջարկյալ եղիցի վերատեսչին պարոն Արսեն Մարգարյան Դիմաքսյանի՝ հարգել զկրոն ըստ չափու պահանջման հոգաբարձությանս և զսանս դպրանոցի հանապազօրյա առաջնորդել եկեղեցի անձամբ»։

Հին հոգաբարձուներից մեկը, որ նորից ընտրվել էր, նկատեց, թե տեսչի համար վիրավորական է այս տեսակ որոշում՝ «հարգել զկրոն», բանի որ նա առանց այդ էլ հարգում է կրոնը։

Նախագահը խնդիրը քվեարկեց, և ձայների ճնշող մեծամասնությամբ նրա որոշումը ընդունվեց։

Հետևյալ օրը Բարաթյանը Դիմաքսյանի մոտ կարդաց արձանագրությունը։ Մի արհամարհական ժպիտ փոփոխեց տեսչի դեմքը, հետո նրա կրծքից թռավ մի կծու ծիծաղ։

— Ինչո՞ւ ես ծիծաղում։

— Նրա համար, որ քիչ է մնում ինձ հերետիկոսության մեջ մեղադրեք։ Լսված բա՞ն է այդ տեսակ որոշում մտցնել մի պաշտոնական արձանագրության մեջ, որի տակ ստորագրել են տասնումեկ հասարակական ներկայացուցիչներ։ «Հարգել զկրոն»։ Ասա խնդրեմ, ե՞րբ եմ ես արհամարհել կրոնը։

— Ոչ ոք չի ասում, թե արհամարհել ես, միայն այսպես գրված է։ Դու գիտես, որ դպրոցը հոգևոր է։

— Հետո՞։

— Ուրեմն զարմանալի բան չկա այս որոշման մեջ։

— Զարմանալին այն է, որ այդ կրոնապաշտական դատավճռի տակ ստորագրել եք դու և Վեքիլյանը։ Դա բավական չէ, հարցը մինչև անգամ դո՛ւ ես զարթեցրել։

— Ես զարթեցրել եմ մի շատ ժամանակակից հարց։

— Ա՜խ Բարաթյան, ինքդ էլ շատ լավ գիտես, որ կեղծում ես, որ այդ սուտ է, չես հավատում, ծիծաղում ես մտքումդ։

— Մի՞թե դու համաձայն չես, որ պետք է աշակերտների մեջ կրոնական զգացմունք զարթեցնել։

— Զգացմունք և ոչ փարիսեցիություն։ — Ասում են, աշակերտներին թույլ չես տալիս եկեղեցի գնալու։

— Սուտ են ասում։ Ես երբեք նրանց միտքը և զգացմունքը չեմ բռնաբարում։

— Բայց չի կարելի պատանիների զգացմունքները թողնել առանց որևէ ուղղության։

Դիմաքսյանը զայրացած նայեց ընկերոջ երեսին։ Նրան թվաց, թե յուր առջև կանգնած է մի սուտ ճգնավոր և ոչ մի դիպլոմավոր երիտասարդ։ Նա ասաց, թե ոչ մի զգացում — լինի նա կրոնական, թե ուրիշ — չի կարելի բռնի ուժով արմատացնել ուրիշի սրտում: Պատիժը, երկյուղը, նույնիսկ խրատը չեն կարող փոխել սաների բարոյական կազմը։ Մարդու սրտում պատրաստվում և արմատ է ձգում այն գաղափարը, որ ազատ սիրելուց է առաջանում։ Վերջապես, բռնությամբ և արվեստական կերպով պատվաստել զգացումը շատ անգամ հակառակ հետևանք է ունենում։

— Ուրեմն, դու հերքո՞ւմ ես կրթության նշանակությունը,— հարցրեց Բարաթյանը, ժպտալով,— դու չե՞ս ընդունում ղեկավարի կամ առաջնորդող մարդու ազդեցությունը։

— Ազդեցություն և ոչ բռնություն։ Ի՞նչ ես կարծում, պատանիների համար ո՞րն է ազդու՝ սպառնալի՞քը, թե՞ կենդանի օրինակը։ Եթե դուք կրոնի անունով աշակերտին ստիպում եք եկեղեցի գնալ, ի՞նչ կմտածի նա, տեսնելով, որ դուք ինքներդ եկեղեցի չեք հաճախում, փախչում եք նրանից, ինչպես մի ավելորդ բեռնից։ Վերջապես, ի՞նչ կարիք կա երկար վիճելու, իմ պատասխանը մեկ է. ես համաձայն չեմ, որ հոգաբարձոթյունը խառնվի դպրոցի ուսումնական-բարոյական մասի մեջ։ Նա իրավունք էլ չունի։

Դիմաքսյանը քանի գնում, այնքան ավելի գրգռվում էր և ձայնը բարձրացնում։ Բարաթյանը խոսում էր սառը, անվրդով։ Հենց այդ էր, որ ավելի բորբոքում էր նրա հակառակորդին։ Մի բան շատ պարզ էր Դիմաքսյանի համար — ընկերոջ բուն նպատակը։ Ուստի նա որոշ և դրական եղանակով ասաց.

— Ես չեմ ընդունում ձեր որոշումը։ — Այո՞։

— Այո։

Եվ դուրս եկավ սենյակից վրդովված։ «Ահա ինչ ծայրից են սկսում,— ասում էր նա մտքում,— քիչ էր մնում ինձ անաստված հրատարակեն»։

Նա համոզված էր, որ յուր բոլոր պաշտոնակիցները նույնպես կվրդովվեն հոգաբարձության դեմ։ Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ նրա զայրացումը հանդիպեց ընդհանուր լռության։

Բոլոր ուսուցիչները նայեցին միմյանց երեսին։ Կարծես, ամեն մեկը սպասում էր, որ մյուսը խոսի։ Այդ լռության մեջ Դիմաքսյանի համար կար վիրավորական, միևնույն ժամանակ, ատելի մի բան։ Դա այն ընդհանուր երկյուղն ու տաժանումն էր, որ երևում էր ամենքի, նույնիսկ յուր կողմնակիցների, դեմքերի վրա։ Նա ասաց, թե հերթակալ հոգաբարձվին հայտնել է, որ հոգաբարձությունը իրավունք չունի խառնվել դպրոցի ուսումնական-բարոյական գործերի մեջ։ Նա հույս հայտնեց, որ ամենքը համաձայն են այս մտքի հետ և հարկավոր եղած ժամանակ նրան ձայնակից կլինեն։

Համր լռությունը Դիմաքսյանի միակ պատասխանը եղավ։

— Ինչո՞ւ եք լռում, — գոչեց նա։

— Սկզբունքով համաձայն ենք,— խոսեց, վերջապես, նրա կողմնակիցներից մեկը,— բայց եթե...

— Եթե՞։

— Եթե հոգաբարձությունը կամենա խառնվել, մենք ի՞նչ կարող ենք անել։ Նա իշխանություն է, մենք ստորադրյալներ...

Գերմանական մանկավարժ Ինյաթյանը քնթի տակ ծիծաղեց, ծաղրաբար և անհոգ քայլերով դուրս եկավ։ Մյուսները ոչինչ չասացին։

Խնդիրը շատ պարզ էր Դիմաքսյանի համար։ Մի վայրկյան նա կարողացավ իրան զսպել և հեգնաբար ասաց.

— Ձեր ասածը ճիշտ է. նրանք իշխանավորներ են, մենք ստորադրյալներ, այսինքն անբան ստրուկներ: Ուրիշ ոչինչ, պարոններ, գնացեք, զանգակը դասի է հրավիրում։
VIII


Նա մնաց միայնակ ուսուցչական սենյակում, միայնակ յուր բոլոր սկզբունքների և համոզմունքների հետ։ Կրկին զգաց, որքան դժվար է մարդկանց հավատ ընծայելը։ Ուրեմն ոչ ոք ձայն չբարձրացրեց անարդար ոտնձգության դեմ, ոչ ոք չպաշտպանեց և չպիտի պաշտպանի նրան։ Կնշանակե՝ նրա կողմնակիցները հասկացել են հակառակ կուսակցության ուժը։

«Վախ, վա՜խ, միշտ մի կտոր հացի համար վախ, ահա այն հրեշը, որ ջլատում է մարդկանց բարոյական ուժը»:

Նա ձեռը ուժգին զարկեց սեղանին, ոտքի կանգնեց։ Երբ հետ նայեց, տեսավ մենակ չէ։ Սենյակի ծայրում կանգնած էր Ինյաթյանը և, ձեռները մեջքին դրած, անհոգ կերպով նայում էր պատին։

— Մեծ մարդ է եղել հանգուցյալը, — ասաց նա, ցույց տալով Ներսես Աշտարակցու պատկերը։

— Այո՛, մեծ մարդ է եղել, պարոն Ինյաթյան։

—Ասում են, երբեք չէր հուսահատվում խոչընդոտների հանդիպելիս։ Հենց այդ բանն է մարդկանց մեծացնում։ Հուսահատությունը թուլասիրտներին է միայն հատուկ։ Հա, ի՞նչ էի ուզում ասել, այս երեկո երևի, ուսուցչական ժողովը չի կայանալ։

— Ինչո՞ւ։

— Որովհեաև բոլոր ավագ ուսուցիչները հրավիրված են հոգաբարձու պարոն Վեքիլյանի մոտ։

— Հրավիրվա՞ծ։

— Միթե դուք չգիտեի՞ք, ձեզ չի՞ հրավիրել։ Զարմանալի է։ Խնջույքի նման մի բան է սարքել։ Ասում են նպատակ ունե պարոն Վեքիլյանը, այսինքն ուզում է ուսուցիչների հետ բարոյական կապ հաստատել: Ուրեմն ժողովը կհետաձգեք, չէ՞։

— Եթե Վեքիլյանի խնջույքը ավելի հետաքրքրական է ձեզ համար, ժողովը պետք է հետաձգել։

Ինյաթյանը, քթի տակ երգելով, դուրս գնաց։ Այդ օրը Դիմաքսյանր ախորժակ անգամ չունեցավ ճաշելու,— այնքան վրդովված էր։ Սիրականն այնպես սովորել էր նրա բնավորությանը, որ իսկույն հասկացավ, թե նա վատ է տրամադրված։ Նա հոգում էր Դիմաքսյանի մասին ինչպես սիրող, զգայուն եղբայր։ Նա պատրաստ էր ամեն րոպե մահու և կյանքի կռվի մեջ մտնել նրա համար, եթե միայն այդ հարկավոր լիներ։ Եվ Դիմաքսյանը լիովին հավատում էր նրա անկեղծ հավատարմությանը։ Ուրախալի էր նրա համար անկիրթ ժողովրդի այդ հարազատ զավակի մեջ տեսնել այդքան սեր։

Իրիկնադեմին նա գնաց Մսերյանի մոտ, ուր միշտ գնում էր, երբ հուզված էր լինում։

Իդեալիստը այս անգամ՝ անսովոր աշխույժ ստացած՝ անցուդարձ էր անում սենյակում, ինքն յուր հետ ձեռներով խոսելով։ Բանն այն է, որ նա այդ օրը պաշտոն է ստացել մի արքունական հիմնարկության մեջ և վաղվանից պետք է սկսեր ծառայել։ Նույն րոպեին նա մտքում հաշվում էր — արդյոք պաշտոնը նրա ամբո՞ղջ ժամանակը պետք է խլե, թե՞ կարդալու համար ազատ ժամեր կթողնի։

Դիմաքսյանը շնորհավորեց նրան։

— Բայց դու ինչո՞ւ տխուր ես, — գոչեց Մսերյանը, էլի ո՞վ է էշիդ կաղ ասել։

Դիմաքսյանը պատմեց օրվա եղելությունը։ Մսերյանը, ինչ ասել կուզե, վրդովվեց։ Ի՞նչպես, Բարաթյանը կրոնի և եկեղեցու պաշտպան է դարձել։ Ուրեմն նա ուզում է ծախել այն, ինչ որ չունե։— Դա բարոյական գողություն է։

— Եվ նա խոսում էր համոզվա՞ծ, ինչպես ճշմարիտ քրիստոնյա՞։

Դիմաքսյանը հեգնաբար ժպտաց։ Մի՞թե կարող է համոզմունք լինել մի բան, որ մարդու հոգուց չի բխում: Դա մի վտանգավոր զենք է նրա դեմ, ուրիշ ոչինչ: Օ՜օ, Բարաթյանը խելոք է, շատ լավ է ճանաչում հասարակության թույլ երակը: Նա ուզում է Դիմաքսյանի վարկը կոտրել, նրա հեղինակությունը ոտնատակ անել, ահա նրա նպատակը:

— Ներողությո՜ւն, — ընդհատեց Մսերյանը ընկերոջ խոսքը,— նա ի՛նչպես կարող է քո հեղինակությունը ոտնատակ անել։

— Հրատարակելով ինձ անկրոն։ Դա, իհարկե, նրան կհաջողվի, մարդկանց փոփոխամտության շնորհիվ։ Երևակայիր, ամբողջ մեր ուսուցչական խմբի մեջ այսօր մեկը չգտնվեց, որ ինձ հետ բողոքեր։ Ես մնացի մենակ, հասկանո՞ւմ ես, մենակ:

Եվ նա ավելացրեց, որ այսուհետև ամենքը իրանից պիտի երես դարձնեն։ Նա հաղորդեց Վեքիլյանի հացկերույթի մասին։ Նա հասկանում է, ինչ ասել է բարոյական կապ. Վեքիլյանր կամենում է նրա դեմ զինել ուսուցիչներին։

Մսերյանը գլուխը շարժեց։

— Ինչո՞ւ ես ժպտում, միթե դու իմ տեղը լինեիր, չէի՞ր հուսահատվիլ։

— Ե՞ս, ո՛չ։

— Ո՞չ։

— Չէի հուսահատվիլ: Նախ և առաջ ես քո տեղը երբեք չեմ կարող լինել։ Ով ինձ նման քամի կուլ տվողին սեմինարիայի ինսպեկտորի պաշտոն կտար։ Երկրորդ, եթե ես քո տեղը լինեի, իսկույն գդակս կվերցնեի, կասեի՝ մնաք բարով, հորս ցավը ձեզ էլ ու ձեր դպրոցին էլ։

— Այդ կնշանակե չհուսահատվե՞լ։ Բայց ես գոնե այդպես չեմ անում, ես միայն վրդովվում եմ։

— Դու այդ էլ չպիտի անես։

Դիմաքսյանը զարմացած նայեց ընկերոջ երեսին։ Նա բոլորովին ոչինչ չէր հասկանում նրա հակասական խոսքերից։ Մի րոպեաչափ նրանք լուռ էին։

Մսերյանը, նայելով յուր ծխախոտի ծայրին, ինքն յուր հետ խորհրդածության մեջ էր։ Պարզ էր, որ նա մի բան ուզում էր ասել, բայց չգիտեր, ո՛ր կողմից սկսել։

Վերջապես, նա ձեռքը խփելով Դիմաքսյանի ծնկին, ասաց.

— Գիտե՞ս ինչ, Արսեն, ես քանի անգամ ասել եմ, որ դու ինձ երբեք օրինակ չվերցնես քեզ համար։ Դու ուրիշ մարդ ես, իսկ ես ուրիշ։ Մենք հակատիպարներ ենք։

Ճիշտ է, նա գդակ կվերցներ ու դպրոցից դուրս կգար, բայց երբեք չէր կամենալ, որ յուր ընկերն էլ այդպես անի: Չէր կամենալ, մինչև անգամ, որ նա հուսահատվի մազաչափ։ Վաղուց, շատ վաղուց նրա գլխում կազմվել էր հասարակական գործիչի լիակատար իդեալը։ Ո՛վ գիտե, որքան նա բախտավոր մարդ կհամարեր իրան, եթե կարողանար տասներորդի չափ լինել այն, ինչ որ նրա կարծիքով պետք է լինի հասարակական գործիչը։ Բայց նա զգում էր, որ չի կարող և հենց ավելի ցավալին էր այդ, որ զգում էր։

— Իսկ դո՛ւ կարող ես լինել,— շարունակեց նա ոգևորված,— եթե միայն աշխատես։ Բայց դու, Արսեն, դեռ, ներիր, որ պարզն եմ ասում, դեռ շատ անեփ ես, անեփ, թե՛ ինչպես ընկերական մարդ և թե՛ ինչպես գործի մարդ։ Քանի-քանի անգամ ես տեսել եմ, որ ամեն մի չնչին բան քեզ հուսահատեցնում է կամ խրախուսում, ոգևորում։ Երբեք ես չեմ մոռանալ այն օրը, երբ մի ինչ-որ լրագրի հոդվածից, մի վայրիվերո գրվածքից քիչ էր մնում խելագարվեիր։ Կարծես, չգիտեիր, որ այդ թուղթ մրոտողների հարյուրից իննսունինը չարժեն ընկույզի կճեպին։ Չեմ մոռանալ և՛ այն օրը, երբ դու ոգևորված և հիացած պատմում էիր, թե ինչպես քեզ ընդունել են քո հայրենի քաղաքում։

Եվ մի քանի վայրկյան լռելուց հետո, իդեալիստը շարունակեց, ձայնի տոնը փոխելով և ավելի սառն կերպով։ Նա ասաց, թե բուն հասարակական գործիչը այդպես չի լինում. նա հեռու է սնափառության վտանգավոր ախտից։ Նրա համար նշանակություն չունեն ո՛չ ծափահարությունները և ո՛չ հալածանքները։ Նա ոչ ոքից չի սպասում ո՛չ վարձատրություն, ո՛չ երկրպագություն։ Նա յուր վարձը և խրախույսը պտրում է յուր անձնավորության մեջ և այնտեղ է գտնում։ Նրա բարոյական սնունդը, նրա հոգեկան քաջության միակ աղբյուրը յուր սիրտն է, յուր ներքին աշխարհը։ Այնտեղ է նա որոնում գովասանքն էլ, պարսավանքն էլ։ Այնտեղ է նա զգում և՛ ծափահարության ձայնը, և՛ անաչառ, խիստ քննության հարվածները։ Դրսի աշխարհը այս դեպքում նրա համար գոյութուն չունե։

Նա դարձյալ լռեց, նայեց ընկերոջ երեսին և ապա ավելացրեց. — Ասա, այսպե՞ս է, թե՞ չէ, հերքի՛ր, եթե սխալվում եմ։

Բայց Դիմաքսյանը լուռ էր և ուշադիր լսում էր ընկերոջը։ Նա համաձայն էր նրա ասածների հետ. նա ինքը վաղուց այդ բանը գիտեր։ Բայց լսել մի ուրիշից այդպես բացարձակ, անկեղծ և խիստ կերպով — ծանր էր նրա համար, այդ ուրիշը լիներ նրա ամենամտերիմ ընկերը։

Նա վախենում էր նայել Մսերյանի երեսին, որ այդ րոպեին այնքան խիստ, երկյուղալի, բայց և հարգելի էր նրա համար։ Նա զգում էր յուր դեմ նստած մի անողոք բուժիչ։ Սուր դանակը ձեռին, սառնությամբ այդ բժիշկը օպերացիայի էր ենթարկում նրա հոգու ամենաթույլ, ամենահիվանդոտ մասերը։ Բայց նա գիտեր, որ այդ խստությունը առաջանում է միմիայն հիվանդին բուժելու անկեղծ և ջերմ ցանկությունից։ Նա դողում էր, հուզվում, բարկանում, բայց և չէր ընդդիմանում այդ անողոք վերլուծությանը։

Գունատ դեմքով, աչքերը խոնարհեցրած, շնչասպառ և դժվարությամբ արտասանեց.

— Շարունակի՛ր։

Մսերյանը ասաց, թե յուր ասելիքը վերջացել է։ Նա ավելացրեց միայն, թե յուր շրջանին, հասարակությանը, վերջապես մարդկությանը ծառայող ամեն մի փոքր թե մեծ մարդ ունե մի որոշ իդեալ։ Նա մաղթեց, որ Արսենի բարձրագույն իդեալը լինի Նա, որին ոչ մի իդեալ չէ կարող հասնել։ Նրան չծափահարեցին, այլ հալածեցին, որովհետև օտարոտի գաղափարներ էր քարոզում։ Բայց Նա չէր հուսահատվում, այլ գործում էր մարդկային տգիտության դեմ։ Նա ցավ չէր զգում մինչև անգամ այն ժամանակ, երբ բևեռված էր։

— Որովհետև Նա յուր սրտի խորքում, գիտե՞ս, այստե՛ղ, ուներ անսահման սփոփանքի և բերկրության աղբյուր։ Դա աստվածային լույսն էր։ Այո՛, նա է բուն մարդը, ով այդ լուսո գոնե մի նշույլն ունե յուր մեջ։ Առանց նրան չկա ճշմարիտ մարդ, չկա մանավանդ ուրիշներին օգտավետ լինել կամեցող մի անհատ։

Նա վերջացրեց խոսքը և սկսեց անցուդարձ անել սենյակում: Արդեն օրը բավական մթնել էր։ Նա պարզ չէր տեսնում Դիմաքսյանի դեմքը, և եթե տեսներ, պետք է այնտեղ կարդար յուր խոսքերի խոր ազդեցությունը։

— Իհարկե, դու ինձ կարող ես ֆրազյոր համարել։ Բայց այդ ինձ համար միևնույնն է, միայն թող իմ կարծիքը քեզ չվիրավորի։ Դու շատ լավ գիտես, որ մի ուրիշի հետ այսպես պարզ չէի խոսիլ: Բայց քեզ սիրում եմ և հարգում։

— Շնորհակալ եմ,— մրմնջաց Դիմաքսյանը խուլ ձայնով, — շնորհակալ եմ։

Եվ մի քանի վայրկյան լռելուց հետո, հառաչելով ավելացրեց.

— Այո՛, ես անեփ եմ, ես շատ թերություններ ունեմ։



IX


Գայանեի թախիծը քանի գնում, այնքան սաստկանում էր։ Դեռ առաջին մի քանի ամիսները նորածինը գրավել էր նրա միտքը։ Չար կասկածը տեղի էր տվել մայրական անդրանիկ սիրո զգացմանը։ Բայց անցան այդ ամիսները, և նա դարձյալ ենթարկվեց մի անգամ արդեն յուր սրտի մեջ արմատ ձգած տանջանքին։

Շատ անգամ ամուսինների մեջ տեղի էին ունենում ընտանեկան անախորժ տեսարաններ։ Մարդը, հարկավ, աշխատում էր փարատել կնոջ կասկածը, բայց իզուր։ Եթե ամենքը հավատացնեին, դարձյալ Գայանեն չէր համոզվիլ, թե միմիայն ինքն է սիրելի յուր ամուսնու համար և թե Իսակը ուրիշ ոչ ոքի վրա աչք չունե։ Գալով փաղաքշանքներին, այստեղ էլ Գայանեն զգում էր մի կեղծիք, մի նուրբ փարիսեցիություն։— Մի բան, որ տեսնում էր յուր ամուսնու հասարակական կյանքի մեջ էլ: Ո՞ւր է այն հոգեկան զորությունը, որ սպասում էր նա, թե մի օր պետք է երևան գա։ Ո՞ւր են այն բարոյական անխախտ սկզբունքները, որ տղամարդին աստվածացնում են կինարմատի աչքում, իսկ կնոջ սիրտը լցնում հպարտ պարծանքով յուր մարդու վերաբերմամբ։ Ինչո՞ւ նրա և Դիմաքսյանի մեջ ծագեցին այդ երկպառակությունները։ Չէ՞ որ նրանք գաղափարակից ընկերներ էին, կնշանակե երկուսից մեկը փոխեց յուր հայացքները։ «Ո՞րը փոխեց»,— հարցնում էր ինքն իրան Գայանեն, և մի ներքին ձայն նրան պատասխանում էր, թե ոչ Դիմաքսյանը։

Եվ որքան Բարաթյանը արհամարհանք ցույց տար դեպի այդ մարդը, սակայն նուրբ բնազդումով Գայանեն զգում էր, թե Դիմաքսյանն է գաղափարի մարդ, նա՛ է որոշ և անխախտ համոզմունքների տեր։ Նրան թվում էր, որ հաճախ յուր ամուսինը այդ մարդու դեմ խոսում է նախանձից դրդված։

Մի անգամ Գայանեն, չկարողանալով իրան զսպել, մի այդպիսի ակնարկություն արեց։

Բարաթյանը բարձրաձայն ծիծաղեց և երեսը հետ դարձրեց։ Բայց արդեն նկատելի էր, որ նրա ծիծաղը և արհամարհանքը դեպի Դիմաքսյանը արվեստական են դառնում և կնոջ պաշտպանությունը վրդովվեցնում է նրան։ Իսկ Գայանեն նայեց հետևից նրա առողջ պարանոցին և մի տեսակ ատելություն զգաց։— Մի տարօրինակ, անբացատրելի ատելություն, որ առաջին անգամն էր զգում։

Մի ուրիշ անգամ Գայանեն բացարձակ հայտնեց յուր ամուսնուն բոլոր այն հույսերը, որ դրել էր նրա վրա։ Նա ուրիշ բան էր սպասում Բարաթյանից։ Նա կարծում էր, թե ահա գտել է, վերջապես այն մարդուն, որ կարող է իրագործել նրա իդեալը տղամարդի մասին։

— Ես շատ բան էի պահանջում տղամարդից, ով գիտե, գուցե անիրագործելի բաներ։ Բայց չէ՞ որ դու էլ այն ժամանակ գոնե բերանացի համաձայնվում էիր իմ պահանջների հետ։ Կարելի է ես երեխա էի, անփորձ, միամիտ, աշխարհի վրա վարդագույն աչքերով էի նայում։ Բայց այժմ ես չափավորել եմ իմ պահանջները և տեսնում եմ, որ էլի խաբված եմ, որ ամենաչնչին հույսս անգամ չի իրագործվում։ Իսակ, այժմ ես քեզանից ոչինչ չեմ ուզում, ոչինչ, բացի մի բանից, այն է, որ դու այս չար կասկածը հանես իմ սրտից...

Նրա աչքերի մեջ փայլեց ներքին հոգեկան դառնություն։ Նա մի եռանդուն ճիգ արեց և զսպեց յուր արտասուքը։

Բարաթյանը մի վայրկյան նայեց նրա երեսին և մի ինչ-որ միտք անմիջապես թելադրեց նրան փոխվել։ Նրա դեմքից չքացավ կծու հեգնության ժպիտը, տեղի տալով մեղմ և փաղաքշական արտահայտությանը։ Նա հանդարտ մոտեցավ Գայանեին, բռնեց նրա ձեռը և նայելով նրա աչքերին, հարցրեց.

— Ո՞ւմ դեմ է քո կասկածը։

— Օ՛օ, մի՛ հարցնիլ ինձանից, մի՛ հարցնիլ, չեմ կարող ասել...

— Գայանե, դու իրավունք չունես, գիտե՞ս իրավունք չունես ինձ սրբապիղծ մարդ համարելու։

Այս խոսքերը նա մի այնպիսի եղանակով արտասանեց, որ մի վայրկյան Գայանեի սիրտը, կարծես, թեթևություն զգաց։ Նա թույլ տվեց ամուսնուն իրան համբուրել։ Բայց անցավ այդ վայրկյանը, երբ նա նայեց մարդու աչքերին։ Այնտեղ, այն քնքուշ և մեղմ արտահայտության տակ, Գայանեն տեսավ մի ավելի կեղծ բան, որ միայն նրա համար էր նշմարելի։

Նա կամացուկ յուր ձեռը ազատեց մարդու ձեռներից և մի քայլ հետ կանգնեց։

Բարաթյանը հասկացավ այդ շարժման իմաստը և երեսը հետ դարձրեց։ Նա գիտեր, որ դժվար, մինչև անգամ անհնարին է փարատել երիտասարդ կնոջ զգայուն սրտի մեջ բույն դրած կասկածը։ Ուստի բարվոք համարեց խոսակցությունը չերկարացնել։

— Բայց արդեն ժամանակ է ճաշելու, սիրելիս,— ասաց նա զվարթ եղանակով,— որքան էլ բանաստեղծական լինենք, ստամոքսը յուր ուզածն է պահանջում։

Եվ շվացնելով անցավ սեղանատուն։

Նույն օրերը կանանց ընկերության օգտին ժողովարանի դահլիճում երեկույթ էր նշանակված։ Գայանեն վճռել էր չգնալ, թայց ամուսինը սաստիկ թախանձեց նրան, որ համառություն չանի։ Անկարելի է, վերջապես, բոլորովին երես դարձնել հասարակությունից։ Ի՞նչ կմտածեն մարդիկ, միշտ նրան առանց կնոջ տեսնելով հանդեսներում: Ընտանեկան խռովություններ կարելի է ունենալ, բայց միշա ուրիշների աչքից պետք է քողարկած պահել։ Թող ամենքը համոզված լինեն, որ նրանց մեջ տիրում է փոխադարձ սեր։ Երեկույթը բաղկացած էր նվագահանդեսից և պարերից։ Մի հնամաշ դերասանուհի երգում էր մի ինչ-որ դրամատիկական երգ։ Գայանեն նստած էր յուր ամուսնու մոտ տխուր, լուռ և անտարբեր։ Նրա դեմքի վրա չկար նախկին գրավիչ ժպիտների նշույլն անգամ։ Այդ դեմքը բարկացնում էր ամուսնուն, և սա ստեպ-ստեպ շշնջում էր նրա ականջին, խնդրելով, որ գոնե ուրիշների առաջ ուրախ ձևանա։

«Ես ոչ կարող եմ կեղծել, և ոչ կամենում եմ», — պատասխանում էր Գայանեն։

Նվագահանդեսը վերջացավ։ Բարաթյանները դուրս եկան դահլիճից մի փոքր անցուդարձ անելու։ Հասարակության խուռն բազմության մեջ Գայանեն նկատեց Դիմաքսյանին։ Մի անկյունում կանգնած՝ նա խոսակցում էր մի ինչ-որ պարոնի հետ։ Տեսնելով Գայանեին, սառն քաղաքավարությունով գլուխ տվեց և կամենում էր երեսը կրկին դարձնել յուր խոսակցին, երբ տիկինը ձեռը մեկնեց նրան։

Դիմաքսյանը շփոթված սեղմեց այդ ձեռը, հարցնելով տիկնոջ առողջությունը։

— Շնորհակալ եմ,— պատասխանեց Գայանեն,— բայց ինչո՞ւ դուք մեզանից բոլորովին երես դարձրիք. այդ լավ բան չէ...

Այս անկեղծ հանդիմանությունը կատաղի հակառակորդի կնոջ կողմից անսպասելի էր Դիմաքսյանի համար։ Մինչ նա մտածում էր ինչ պատասխանել, չկարողանալով ակնարկել փոխադարձ սառնության բուն պատճառը, Գայանեն պարզությամբ ասաց, թե ինքը ամեն ինչ գիտե։

— Ձեր կռիվը իմ ամուսնու հետ է, իսկ ես չեզոք մարդ եմ։

Նրա ձայնը այնքան մեղմ և անկեղծ էր, նրա հայացքը այնքան պարզ և բարեհամբույր էր, որ Դիմաքսյանը ակամա մոռացավ յուր ատելությունը։ Այդ կապուտակ աչքերը զարթեցրին նրա մեջ անցյալի հիշատակները, և դարձյալ նրա սիրտը սկսեց բաբախել։ Բայց ինչ՞ու հուզվել։ Չէ՞ որ Գայանեն այժմ ուրիշին է պատկանում և այն էլ նրա հակառակորդին։ Պետք է հաստատամիտ լինել, սառնություն ցույց տալ այդ կնոջ, որ այնպես արհամարհեց նրան։

Այսպես դատում էր Դիմաքսյանի խելքը։ Այնինչ՝ նա չէր զգում, թե ինչպես անցավ կես ժամ, մի ժամ, և դեռ խոսում էր նրա հետ։

Գայանեն էր խոսակցությունը երկարացնողը։ Եվ խոսում էր նա այնպիսի նյութերի մասին, որ ակամա շարժում էին Դիմաքսյանի հետաքրքրությունը։ Միայն մի բանից էր խույս տալիս Դիմաքսյանը — տիկնոջ ամուսնու հետ ունեցած ընդհարումներից։ Անցյալի վերաբերյալ նա նույնն էր, ինչ որ առաջ — շուտ ոգևորվող, պարզ, անշեղ և երբեմն խստադատ։

Նա մազու չափ չի փոխվել, նրա հայացքները նույնն են, կյանքը նրան չէ աղավաղել. այդ պարզ է Գայանեի համար։

Նրանք կանգնած էին դահլիճի դռներից ոչ հեռու, պատի տակ։ Գայանեն երբեմն նայում էր պարողների կողմը։ Նրա աչքերը ակամա որոնում էին ամուսնուն և չէին գտնում։ Նա մի քայլ առաջ գնաց և մոտեցավ պարողներին։ Դիմաքսյանը հետևեց նրան։ Վերջապես, ահա նա... Տիկին Բախտամյանի հետ թև թևի տված՝ դուրս է դալիս դահլիճից։ Երևի շատ պարելուց հոգնել են, և տիկինը կամենում է սեղանատանը մի սառը բանով զովացնել յուր ծարավը։

— Այստեղ սաստիկ տոթ է, անցնենք մյուս դահլիճը,— ասաց Գայանեն, ներքին խռովությունից շրթունքները ատամների տակ սեղմելով։

Դիմաքսյանը հետևեց նրան ծանր քայլերով։ Նա չտեսավ Բարաթյանին։ Նա այլևս ոչինչ չէր տեսնում, չէր նկատում, չէր լսում, բացի Գայանեից և նրա մեղմ, հոգնած ձայնից։ Ո՛րքան փոխվել էր երիտասարդ տիկինը նրա աչքում, ո՜րքան գունատ էր, նիհար, այո՛, մինչև անգամ տգեղացած։ Միթե ընտանեկան հոգսե՞րն են այդպես ազդել նրա վրա...

Կար ժամանակ, երբ Գայանեն այդ մարդուց քաշվում էր, մինչև անգամ վախենում էր դեմառդեմ խոսել, և ինքն էլ չգիտեր ինչու։ Այժմ չքացել էր այդ երկյուղը։ Այժմ նա խոսում էր ազատ, համարձակ։ Հաճելի էր նրա համար մտածել, թե մի ժամանակ այդ մարդը սիրել էր նրան և գուցե տանջվել։ Այդ միտքը նրան չէր շփոթեցնում։ Չէ՞ որ ամեն ինչ անցել է, այլևս չկա այդ սերը, ուրեմն նրանք կարող են լինել բարեկամներ։ Իրավ, Գայանեի համար ցանկալի է բարեկամ ունենալ Դիմաքսյանին, այդ խելացի, ազնիվ, զարգացած, գաղափարական մարդուն։

Նայում էր դեպի սենյակի հեռավոր անկյունը։ Հանկարծ նա գունատվեց։ Նա արագությամբ վեր թռավ տեղից, ասելով.

— Կարծեմ, ժամանակն է տուն գնալու։

Նրանք մտան պարերի դահլիճը։ Դիմաքսյանի ոտները դողում էին ներքին հուզմունքից։ Նա ուրախ էր, երջանիկ էր։ Նա ամբողջ ժամ ու կես խոսել էր այն էակի հետ, որից նա իրան ատված և ծաղրված էր համարում։

Գայանեի հետևից նույն սենյակից դուրս եկավ նրա ամուսինը տիկին Բախտամյանի հետ։ Նա տիկնոջ թևը բաց թողեց ճիշտ այն վայրկյանին միայն, երբ Գայանեն Դիմաքսյանին «ցտեսություն» ասաց։

Առանց միմյանց մի խոսք ասելու, մի ակնարկով մարդ ու կին հասկացան իրարու սրտինը։ Նրանք դուրս եկան ժողովարանից թև թևի տված — այսպես կամեցավ Բարաթյանը։

Կառքը նրանց սլացնում էր Թիֆլիսի փողոցներով, երկուսն էլ լուռ էին։ Գայանեն անընդհատ հառաչում էր, իսկ Իսակը անընդհատ շվացնում էր և ցածր երգում։

Երբ տուն հասան, Գայանեն խելագարի պես վազեց երեխայի սենյակը, հարձակվեց նրա վրա և սկսեց արագ-արագ ու ամուր համբուրել։ Երեխան զարթնեց և լաց եղավ: Դայակը առավ նրան յուր գիրկը։

Սեղանատան ընթրիքը պատրաստ էր։ Գայանեն հրաժարվեց ուտելուց, մնաց երեխայի սենյակում և այնտեղ էլ գիշերեց։ Իսկ ամուսինը ընթրեց հանգիստ ու զվարթ, ինչպես միշտ, ծառայի հետ կատակներ անելով։

Մյուս առավոտ թեյ խմելիս նա ժպտալով դարձավ Գայանեին.

— Հըմ, ինչպե՞ս ես երեկվանից դես։ — Շատ լավ։

— Սրտիդ փափագը առի՞ր «նրանից»։

— Իսկ դուք նույնպես ձեր սրտի փափագը առի՞ք «նրանից»։

— «Մենք» «ձեր» ազգականուհու հետ էինք։

— Ես էլ ձեր ընկերոջ հետ էի։

— Նախկին ընկերոջ, այս մեկը երբե՛ք մի մոռանար։

— Բավակա՛ն է,— գոչեց Գայանեն վրդովված,— երեկ, վերջապես, պարզվեց ձեր բարոյական պատկերը։

— Ի՞նչ ես ուզում ասել։

— Այն, որ... այն որ... ես դժբախտ եմ։

Եվ բուռն արցունքը, անզսպելի ուժով դուրս բխելով, ողողեց նրա այտերը։

— Ինչո՞ւ ես լալիս,— ասաց մարդը սառն կերպով,— դու ինձ էիր փորձում, ես էլ քեզ փորձեցի։

— Ե՞ս, փորձո՞ւմ էի ձեզ,— արտասանեց Գայանեն խեղդված ձայնով,— ո՛չ, ես այդ տեսակ խաղեր չգիտեմ, դա ստորություն է։

Նա վեր կացավ տեղից և դուրս գնաց։

Մարդը հետևեց կնոջը և տեսավ, որ նա, երեսը բարձի մեջ թաղած, ուժգին հեկեկում է...



X


Սկզբում Գայանեի անսպասելի բարեկամական վարմունքը Դիմաքսյանին պատճառեց անսովոր բերկրություն։ Տուն վերադառնալով, նա անընդհատ շվացնում էր և քթի տակ երգում. մի բան, որ երբեք չէր արել և որ հետևյալ օրը կրկնելով, շատ ուրախացրեց և շատ զարմացրեց Սիրականին։ Գայանեն նրան չի ատում, չի արհամարհում։ Նա մինչև անգամ հանդիմանում է նրան, թե ինչո՛ւ այնպես երես է դարձրել նրանից։

Բայց անցավ առաջին տպավորությունը, և Դիմաքսյանի լուրջ միտքը շուտով մոռացավ տարօրինակ բերկրությունը։ Դարձյալ մտատանջությունը տիրեց նրան, և այս անգամ ավելի ծանր մտատանջություն։ «Ի՞նչ օգուտ. ի՞նչ օգուտ, գոչեց նա հանկարծ, բևեռվածի պես կանգ առնելով սենյակի մեջտեղում, չէ՞ որ այսուհետև ուշ է և շատ ուշ»։

Մի՞թե բախտը կարող է այլևս ժպտալ նրան, և ինչպե՞ս։ Ո՛չ, նա չպիտի մոտենար Գայանեին, չպիտի խոսեր նրա հետ։ Ի՞նչ ապացույց կա, որ այդ սիրուն տիկինը չի ուզում նրան ծաղրել յուր մտքում։

Նա մի բարկացկոտ շարժում գործեց, շտապով հագնվեց և գնաց դպրոց։ Այստեղ երկպառակությունները օրեցօր սաստկանում էին։ Արդեն բացարձակ խոսվում էր, թե առաջիկա տարի Ինյաթյանը տեսուչ պետք է նշանակվի։

Դիմաքսյանի դրությունը քանի գնում վատանում էր։ Այժմ ամենքն էին նրա դեմ։ Ամբողջ մեծ պասի ընթացքում Ինյաթյանը աշակերտներին, առանց տեսչի հրամանի, տանում էր եկեղեցի։ Չարչարման շաբաթը նա ինքն էլ նրանց հետ հաղորդվեց, յուր դեմքի վրա պահելով խորին ջերմեռանդության արտահայտություն։

Նկատելի էր, որ հետզհետե աշխատում էին դպրոցից վանել այն բոլոր վերանորոգությունները, որ Դիմաքսյանը մտցրել էր այնտեղ։ Եվ այդ բոլորը կատարվում էր հոգաբարձուների գիտությամբ։ Դիմաքսյանը բարկանում էր, կատաղում, բողոքում։ Նրա առջև դնում էին դպրոցի կանոնադրությունը և հոգաբարձության իրավունքները։ Ցավալի և վշտալի էր նրա համար տեսնել, թե ինչպես նորից աշակերտները սկսում են թառամել, նորից անհետանում է նրանց դեմքերից զվարթությունը և տեղի տալիս ճնշող մելամաղձության։ Եվ նա գիտեր, որ այդ բոլորի իսկական հեղինակները երկու մարդ են — Բարաթյանը և Վեքիլյանը։

Չէր կարելի ասել, թե այդ մարդիկ բոլորը բացառապես Դիմաքսյանի ջգրու էին անում: Ո՛չ, մեծ մասամբ այդ բխում էր նրանց համոզմունքից։ Աշակերտների մեջ հղացած հլությունը նրանք համարում էին համեստություն, երկյուղը — հեզություն։ Դա էր նրանց աչքում բարոյական դիսցիպլինան։

— Այժմ դպրոցը դպրոցի է նման և ոչ թե նիհիլիստների ժողովարանի, — կրկնում էր Վեքիլյանը, ձեռները հաճույքով շփելով միմյանց։

— Այո՛, իհարկե,— պատասխանում էր Բարաթյանը,— եթե ոչ, առաջ ամեն մի գլուխ առանձին գաղափար ուներ: Ամեն մի աշակերտ արդեն խոսքը այսպես էր սկսում. «իմ կարծիքովս»... Աշակերտ և կարծի՞ք...

Հոգաբարձության ծայրահեղ կամայականության դեմ Դիմաքսյանը գրավոր բողոք ուղարկեց Սինոդին։ Բայց անցել էր հինգ շաբաթ և դեռ պատասխան չէր ստանում։

— Եվ երբեք չես ստանա, — ասաց մի օր բժիշկ Սալամբեկյանը։

Բժիշկը ասաց, թե բողոքը այժմ առաջնորդի գրասեղանի մեջ է։ Դիմաքսյանը սխալվել էր, անմիջապես դիմելով Սինոդին, նա պետք է առաջնորդի միջոցով բողոքեր։ Այժմ թող նա սպասի սրբազանի «վերաքննության»։

— Քեզ ո՞վ ասաց այդ, — հարցրեց Դիմաքսյանը։

— Վեքիլյանը։

Բժիշկը պատմեց, թե նախընթաց օրը սաստիկ ընդհարում է ունեցել իրավաբանի հետ Դիմաքսյանի պատճառով: Վեքիլյանը աշխատելիս է եղել ապացուցել, որ տեսուչը յուր գաղափարներով դպրոցը տակնուվրա է արել։ Սալամբեկյանը հաստատել է, թե Վեքիլյանը և Բարաթյանը իրանց գաղափարներով դպրոցը ուզում են բարոյական անկելանոց դարձնել։ Վեճը հասել է ծայրահեղության, երկու ընկերներ միմյանց վիրավորական խոսքեր են ասել։

— Ես սառնարյուն մարդ եմ, բայց այդ անխիղճը մի այնպիսի սատանայական ակնարկություն արեց, մի այնպիսի ածական տվեց քեզ, որ արյունս գլխիս խփեց, ես ուզում էի մինչև անգամ ապտակել նրան։

Խոսակցությունը տեղի ուներ Մսերյանի սենյակում։ Իդեալիստը վրդովված ականջ էր դնում, սակայն խոսակցությանը չէր մասնակցում։

— Այժմ ի՞նչ կհրամայես անել, — դարձավ Դիմաքսյանը նրան։

— Կհրամայեմ, որ մրցումդ շարունակես։

— Առանց զենքի՞, միայնա՞կ։ — Քո զենքը թող լինի ճշմարտությունը, եթե համոզված ես, որ քո կողմն է։

— Այդ կնշանակե երկաթե պատը եղունգներով փորել։

— Փորի՛ր, բայց մի հրաժարվիլ գործից։

— Ես չեմ հրաժարվիլ, բայց իրանք կհրաժարեցնեն։

— Խելոք մարդիկ նրանց վարմունքը կհամարեն բռնություն։

— Իսկ ես կասեմ,— մեջ մտավ բժիշկ Սալամբեկյանը — որ խելոք մարդիկ կծիծաղեն Արսենի վրա։ Ասա՛ խնդրեմ, քո կարծիքով, ովքե՞ր են այդ խելոք ասածներդ։ Չլինի՞ թե քեզ և ինձ ես համարում. երեսիդ խաչակնքիր ու մեղա ե՛կ: Այո՛, մեծապատիվ պարոն օպտիմիստ-իդեալիստ, խելոքը նա է, ով որ յուր բարեկամի ոտների տակ ձմերուկի կճեպ է դնում, որ նա մի լավ սարտոմորտալ անի։ Այսպես է անում ընկերը ընկերոջը, իսկ թշնամիները, Ինյաթյանները և նրանց նմանները, գիտե՞ս ինչ են անում։ Նրանք հասարակության մեջ տարածում են, թե Դիմաքսյանը կաշառված դավաճան է, հասկանո՞ւմ ես ինչի մասին է խոսքս...

— Ինյաթյա՞նը, իմ մասի՞ն, — գոչեց Դիմաքսյանը խեղդված ձայնով։

Բուռն կատաղությունը դուրս խլեց նրա կրծքից մի երկարատև դառն ծիծաղ։ Ձեռը խփելով ճակատին, նա ուժասպառ նստեց աթոռի վրա, կրկնելով.

— Ե՞ս դավաճան, ազգավաճա՞ռ...

Անցել էին մի քանի օրեր այդ խոսակցությունից։ Դիմաքսյանը տանը նստած խորհում էր յուր անելիքի մասին։ Տոն օր էր։ Հանկարծ նա լուսամուտի առջև, պատշգամբի վրա, տեսավ մի խումբ աշակերտներ, որ, միմյանց ուսերի վրայով գլուխները բարձրացրած, նայում էին դեպի ներս։ Նա դուրս եկավ և հարցրեց, ինչ են կամենում։

— Բողոք ունենք, պարոն տեսուչ։

— Մտե՛ք։

Միմյանց հետևից, ամաչելով ու քաշվելով, ներս մտան վեց պատանիներ տասնույոթից մինչև քսանուերկու տարեկան։ Բոլորին էլ Դիմաքսյանը առանձին-առանձին ճանաչում Ինչ որ խոսում ենք՝ ասում են Ինյաթյանին, նա էլ հայտնում է հոգաբարձուներին։ Մենք ի՞նչ ենք անում, մենք ոչինչ չենք անում։

Հետո աշակերտները միմյանց հետևից պատմեցին մի քանի վրդովեցուցիչ դեպքեր։ Անցյալ օրը Սարաֆյանը գիշերօթիկների համար թութ էր գնել յուր փողով։ Վերակացու Դիլբիլյանը տեսել էր թե չէ, առել էր թութը նրա ձեռից և ամանով թափել Սարաֆյանի գլխին։ Այսօր էլ Ինյաթյանը աշակերտներին ասել է. «Լսել եմ, խոսք եք կապել վերակացուներին ծեծելու, խառնակիչների ազգանունները ծոցատետրումս նշանակել եմ, պետք է հոգաբարձությանը հայտնեմ, որ բոլորին վռնդի դպրոցից»։

— Բայց ճշմարի՞տ է, կամեցե՞լ եք ծեծել:

— Մտքներովս էլ չի անցել, — պատասխանեց Մարաքյանը։

— Այո՛, մտքներովս էլ չի անցել, — կրկնեցին մյուսները։

— Մենք միայն Ջալբամյանի մասին ենք խոսել մեր մեջ։ Պարոն տեսուչ, նա մաքուր մարդ չէ, անպիտան մարդ է, բայց ծեծելու մասին խոսք չի եղել։

— Այո՛, Ջալբամյանը անպիտան մարդ է։

— Կեղտոտ է։

— Անբարոյական է։

— Լավ, բավական է,— ընդհատեց Դիմաքսյանը մեղմ ձայնով,— շատ ուրախ եմ, որ ծեծելու մասին չեք մտածել: Դա վայրենություն կլիներ, այդ տեսակ բաներ երբեք չանեք։

Բայց պատգամավորները գրգռված էին։ Նրանք միաբերան պահանջեցին, որ Ջալբամյանը հեռացվի դպրոցից. հակառակ դեպքում, ասացին, թե ստիպված կլինեն դիմել այդ վայրենի միջոցին։

— Այո, կծեծենք նրան։

— Անպատճառ կծեծենք։

— Կջարդենք։

— Եթե դուք թույլ կտաք։ Այո՛, եթե դուք թույլ կտաք, պարո՛ն տեսուչ։

— Մենք ձեզանից ենք միայն վախենում։ — Մենք միայն ձեզ ենք հարգում...

Մեկը, մի շիկահեր պատանի, մինչև անգամ բռունցքը սեղմելով, մի քանի քայլ առաջ դրեց այնպես, որ, կարծես, նույն վայրկյանին պատրաստ էր հարձակվել նույնիսկ Դիմաքսյանի վրա։

— Այն էլ ասա, այն էլ ասա,— շշնջացին մի քանիսը Մարաքյանի հետևից։

Առաջնորդ-պատգամավորը դարձյալ նայեց գդակին, շապիկի փեշերը ուղղեց և արտասանեց.

— Պարոն տեսուչ, մի բան էլ կա։

— Ի՞նչ է։

— Ձեզ վրա էլ լրտես է նշանակված։

— Ի՞նձ վրա, ո՞վ է նշանակել։

— Չենք իմանում, միայն դուք ինչ որ աշակերտների մոտ խոսում եք, պատմում են պարոն Ինյաթյանին։

Դիմաքսյանը չկարողացավ յուր զայրույթը թաքցնել, բայց, միևնույն ժամանակ, չհարցրեց, թե ով է յուր վրա լրտես նշանակված։ Առհասարակ նա չթողեց այդ մասին երկար խոսել։

— Այժմ ինձանից ի՞նչ եք պահանջում,— հարցրեց նա։

— Խնդրում ենք, որ դուք մեզ պաշտպանեք։ Մենք եթե մինչև օրս անկարգություն չենք արել, ձեզ հարգելուց չենք արել։ Մենք գիտենք, որ դուք մեզ սիրում եք, թույլ տվեք, պարոն տեսուչ, մենք նրանց կխրատենք։

— Այո՛, կխրատենք։

— Ջարդ ու...

— Սո՛ւս, լռեցե՛ք։ Ի՞նչ ասացի ձեզ. երբեք թույլ չեմ տալ ձեզ այդ տեսակ վայրենություն։ Եթե ինձ մոտ խորհրդի եք եկել, շատ շնորհակալ եմ։ Այո՛, ես ձեզ սիրում եմ, ուրեմն դուք էլ լսեցեք իմ խորհուրդը և կատարեցեք։ Ահա ինչ. գնացեք, հանգիստ շարունակեցեք ձեր դասերը, քննությունները վերջացրեք։ Արձակուրդներից հետո, ես հուսով եմ, ձեր դրությունը կփոխվի։

Նա կամենում էր առժամանակ խաղաղացնել բորբոքված սրտերը, բայց այդ շատ էլ դյուրին բան չէր։ Պատանի պատգամավորները այնչափ գրգռված էին, որ տեսչի հանդարտ հորդորները նրանց ավելի վրդովեցնում էին։ Վերջապես Դիմաքսյանը խոստացավ անպատճառ և շուտով միջամտել հոգաբարձության առաջ նրանց մասին, և պատանիները հրաժեշտ տվեցին, կրկնելով։

«Ձեր խաթրու կհամբերենք»։



XI


Մի քանի օր անցած դպրոցում լուր տարածվեց, թե տեսուչը աշակերտներին հորդորում է ապստամբվել։ Պատմում էին, թե այս նպատակով նա յուր մոտ է կանչել մի խումբ չարամիտ առաջավորներ և ապստամբության հրահանգը տվել։

Ինյաթյանը պնդում էր, թե առաջին հարձակումը յուր վրա պետք է լինի, «վասն զի» Դիմաքսյանի գլխավոր հակառակորդն ինքն է։ Նա ամեն ճիգ գործ է դրել այդ «խելացնորի անմիտ, վնասակար գաղափարների» առաջն առնելու։ Նա կամեցել է դպրոցը «փրկել անկումից»։ Շատ հասկանալի է, որ Դիմաքսյանը չպիտի մարսեր նրան։ Բայց նա երկչոտ մարդ չէ, պատրաստ է «նահատակվել յուր համոզմունքների և նորագույն սերնդի փրկության» համար։

Վերակացու Ջալբամյանը բակի մի անկյունում գտել էր մի կույտ քարեր։ Նա երդվում էր, թե խառնակիչներն են վաղօրոք այդ քարերը պատրաստել ապստամբության համար։ Հինգերորդ դասատան լրտես Մարբազյանը երաշխավոր էր Ջալբամյանի ասածի ճշմարտությանը։ Յուր կողմից նա հավատացնում էր, թե մի քանիսի մոտ մինչև անգամ ատրճանակ է նկատել։ Իսկապես նա վեցերորդ դասատան աշակերտ Աֆրիկյանի գրպանում մի բան նկատել էր, բայց հաստատ չգիտեր ատրճանա՞կ էր, թե՞ վարունգ, որ Աֆրիկյանը շատ էր սիրում և միշտ գաղտնի ուտում էր։

Հոգաբարձությունը անմիջապես խառն նիստ հրավիրեց ուսուցիչների հետ։ Երեկո էր, ամենքը սպասում էին նախագահի գալստյանը։ Դիմաքսյանին ներկայացած վեց պատգամավորներին փակել էին առանձին-առանձին սենյակներում։ Նրանց պետք է հարցուփորձի ենթարկեին ջոկ-ջոկ, ուստի անջատել էին միմյանցից, որպեսզի խոսք մեկ անելու միջոց չունենան։

Գիշերօթիկներին վաղօրոք քշել էին ննջարանները, դռները փակել էին և պահապան դրել մի հաստաբազուկ մշեցու, որ չգիտեր, թե այդ ինչ իրարանցում է սկսվել։ Հայրենիքի տխուր վիճակից վշտացած հայաստանցին այնքան ծարավ էր թշնամու արյունին, որ երևակայում էր, թե ամեն մի գիշերօթիկ մի եզիդ է։ Եվ, կարծես, պատրաստ էր մահակը «զարնել» այն գլխին, որ կհանդգներ դռներից դուրս ցցվել:

Նիստին հրավիրվածները շփոթման մեջ էին։ Շտապով անցնում էին մի սենյակից մյուս սենյակ, խորհրդավոր կերպով միմյանց ականջին շշնջալով ապստամբության մանրամասն պարագաներ։

Վեքիլյանը չափից դուրս վախեցած էր։ Ինյաթյանը նրան հավատացրել էր, թե ապստամբության հրահանգի մեջ նրա անունը երկրորդ տեղն է բռնում։ Նա հերթակալ էր։ Իբրև թե «չարամիտները» պետք է սպասեին նրա գալստյանը և Ինյաթյանից հետո նրան հարվածեին։

— Ի՜նչ հանդգնություն, ի՜նչ հանդգնություն,— կրկնում էր նա անդադար,— բայց ինչպե՞ս բաց արեցիք դավադրությունը, պատմեցե՛ք, պատմեցե՛ք։

Սակայն ոչ ոք հաստատ չգիտեր, թե «դավադրություն» եղե՞լ է, թե՞ չէ։ Բանն այն էր իսկապես, որ նախընթաց օրը վերակացու Ջալբամյանը Մարաքյանից հարցրել էր, արդյոք ինչո՞ւ երկու օր առաջ նա յուր ընկերների հետ ներկայացել էր տեսչին։ Մարաքյանին այդ հարցը շփոթեցրել էր, որովհետև նա երևակայել չէր կարող, թե յուր պատգամավորությունը, բացի հինգ աշակերտներից, ուրիշ մեկին հայտնի է։ Ջալբամյանը ստիպել էր նրան խոստովանվել, սպառնացել էր և վերջը, տեսնելով, որ ոչինչ չի ազդում, մի կեղտոտ հիշոց էր տվել Մարաքյանին։ Տաքարյուն պատանին, չկարողանալով իրան զսպել, ապտակել էր կոպիտ վերակացվին, ավելացնելով.

«Ձեզ բոլորիդ էլ պետք է այսպես պատժենք»։

Ջալբամյանը աղմուկ էր բարձրացրել և ամենքին համոզել, որ ահագին դավադրություն կա աշակերտների մեջ ուսուցիչների և հոգաբարձության դեմ։

Բարաթյանը շատ սառն էր պահում իրան։ Նա ընդդեմ էր ամեն մի ծայրահեղ միջոցի։ Նա ասում էր, թե «մտքերի խառնակության ժամանակ սառնասրտությունը ամենազորեղ զենքն է մարդու համար»։ Նա պնդում էր, որ ամեն ինչ պետք է գաղտնի կերպով անել, գործը չպիտի հռչակել, եթե ոչ «դպրոցի ճակատագիրը կարող է վտանգի ենթարկվել»: Սակայն Վեքիլյանը, Ամբակում Աֆանասևիչը և ուրիշները համոզել էին նախագահին, որ տեսչին հրավիրե ժողովի նիստին, ամենքի առաջ հարցուփորձ անե ու հետո հադիմանե։

«Ի՛նչ երևելի տեսարան, ի՜նչ էֆեկտ — մտածում էր Վեքիլյանը — տեսնել Դիմաքսյանին մեղադրյալի նստարանի վրա, ամոթահար և ճնշված յուր հանցանքի ծանրության տակ»։

Սկզբում Դիմաքսյանը զարմացած և շփոթված էր։ Նա լսել էր անհեթեթ լուրը, բայց խառն ժողովի մասին տեղեկություն չուներ։

Նրան վերին աստիճանի քաղաքավարի կերպով հրավիրեցին նստել ընդհանուր սեղանի շուրջը, որ ծածկված էր կանաչ մահուդով։ Բայց նա հասկացել էր բանի էությունը, գիտեր, որ ամենքը իրան մեղադրյալ են համարում։ Նա մի կես-արհամարհական և կես-բարկացկոտ հայացք ձգեց հանդիսավոր ժողովի վրա, և մի աթոռ վերցնելով, նստեց ժողովից հեռու, պատի տակ։

Նախագահը յուր դեմքին տալով լուրջ, բայց ներողամիտ արտահայտություն, մի համառոտ ճառով բացատրեց ժողովի նպատակը։

— Ոչ վասն պատժելո զմեղավորս, այլ վասն ամբառնալո զմեղս, — ավարտեց նա յուր ատենաբանությունը։

Դիմաքսյանը լուռ լսում էր։ Այժմ նա բոլորովին հանգիստ էր, այնպես, որպես երբեք չէր եղել այդ մարդկանց ներկայությամբ։ Նրան չէր վրդովեցնում մեղադրյալի վիճակը, որի մեջ դրել էին նրան։ Նա այդ բանի վրա մտքում ծիծաղում էր։ Նրան զայրացնում էր այդ հասարակական ներկայացուցիչների վարմունքը, առհասարակ, որպես վարմունք։

Երբ նրան հարցրին — արդյոք ճի՞շտ է, որ նա դրդել է աշակերտներին ապստամբվել — գլուխը ցավակցաբար շարժելով, արտասանեց.

— Եթե իմ պատասխանը ձեզ գոհացներ, անկասկած այս ժողովը տեղի չպիտի ունենար։

— Մեկիկ-մեկիկ առաջ բերեք հանցավորներին,— հրամայեց նախագահը։

Ջալբամյանը աներեույթացավ և մի րոպե չանցած ներս բերեց մի տասնութ տարեկան պատանի։ Դա վեց պատգամավորներից մեկն էր։

— Այդ դո՞ւ ես, Դարբինյան. ճանաչում եմ, որդյակ, պատմի՛ր հանցանքդ։

Տիրեց ընդհանուր լռություն։ Երեսուն ու երեք հայացքներ միաժամանակ բևեռվեցին պատանիի վրա։ Հանդիսավոր ժողովը նրան շփոթեցրեց։ Նա գունատ էր, կարմրեց, դողաց և միայն կարողացավ արտասանել.

— Ներեցե՛ք...

— Կներենք, որդի, ասա մեղքդ, մի վախենար։ Մենք քեզի չենք մեղադրիլ, դու տհաս ես, «զի ոչ գիտես զոր ինչ գործես»։ Անշուշտ քեզի այլ հորդորողներ եղել են, հիշատակիր անունները, տեսնենք։

— Ես չգիտեմ, ես չեմ խոսել, Մարաքյանը և Աբիկյանը գիտեն...

— Երեք օր առաջ, այսինքն ամսույս վեցին, օրն հինգշաբթի, առավոտյան տասն ու մեկ ժամեն տասներկու ու կես ժամը ումի մոտ եղել եք։

— Պարոն տեսչի մոտ։

— Այսպես։ Պարոն քարտուղար. «եղել ենք պարոն տեսուչի մոտ»։

— Ինչո՞ւ համար եկել եք այնտեղ։

— Բողոքելու։

— Ումի՞ դեմ։

— Վերակացուների։ — Այսպես։ Պարոն քարտուղար. «բողոքելու վերակացուների դեմ»։

Վեքիլյանը ինչպես իրավաբան-փաստաբան հարկ համարեց նախագահի խոսքը ընդհատել։ Նա մի քանի շեշտակի հարցեր տվեց մեղադրյալին։ Պատանին այնքան շփոթվեց, որ ամեն քայլում ինքը իրան հակասում էր։ Վերջապես, նա արտասվեց։ Թևից բռնելով՝ նրան դուրս տարեցին։

Երկրորդ պատգամավորը եղելությունը պատմեց ավելի անխռով։ Որքան նրան զանազան հարցերով նեղն էին գցում, միշտ կրկնում էր.

— Պարոն տեսուչը մեզ խրատում էր հանգիստ մնալ։

Այդ միջոցին տեսուչը այնպես էր նստել, որ քննվողները չգիտեին անգամ, թե նա ներկա է։

Նույնը կրկնեցին երրորդ, չորրորդ և հինգերորդ աշակերտները։

Վերջապես, հերթը հասավ գլխավոր պատգամավորին։ Մարաքյանը անվեհեր ներս եկավ, գլուխը բարձր պահած, հպարտ, ինչպես վայել էր օրվա հերոսին։ Երևում էր, որ նա արդեն ամեն պատիժ աչքի առաջ էր առել։ Ուստի իրան տված քննական հարցերին նա պատասխանում էր համարձակ, աներկյուղ և մինչև անգամ կոպիտ եղանակով։ Երբ հարցրին տեսչի մասին, նա դրականապես պատասխանեց.

— Եթե պարոն տեսուչը չլիներ, մենք անպատճառ պետք է ապստամբվեինք։

Ժողովը շշնջեց։ Վեքիլյանը փսփսաց Բարաթյանի ականջին. «Ամենքը կաշառված են»։

Այնինչ Մարաքյանը, դառնալով իրան ներս բերող վերակացվին, ավելացրեց։

— Շնորհակալ եղեք պարոն Դիմաքսյանից, որ մի ապտակով միայն ազատվեցիք, թե չէ ձեր ոսկորները ջարդուփշուր պետք է անեինք...

— Դո՛ւրս տարեք Բեհեդզբուղի զավակին,— գոչեց նախագահը համբերությունը հատած։ Վերակացուն հանդուգն աշակերտին դուրս մղեց։ Ժողովականները շփոթված նայում էին միմյանց։

Վեքիլյանը մինչև դռները աչքերով ուղեկցեց աշակերտին։ Նա վախենում էր, մի գուցե Մարաքյանը գրպանում մի բան ունի և իսկույն կարձակի նրա գլխին։ Հետո նա լուսամուտին նայեց և տեղը փոխեց. չէ՞ որ ապստամբը կարող էր դրսից քարեր արձակել։

— Պարոն քարտուղար, «ձեր ոսկորները ջարդուփշուր կանեինք» բառերը չմոռանաք։ Այժմ, գերամեծար տյարք, կարծեմ այսօրվա արտաքո կարգի նիստը պետք է ավարտված համարել։

Դիմաքսյանը նստած էր դեռ լուռ, ոչինչ չէր ասում։ Նա գլուխը հպարտ պահած՝ հեգնորեն ժպտում էր և արհամարհական հայացք ձգում յուր նախկին ընկերակիցների վրա։

Բարաթյանը, որ ամոթահար էր եղել, մտածում էր ինչպես մի կերպ դուրս գա անհարմար դրությունից։

— Սրբազա՛ն հայր,— արտասանեց նա, որքան կարող էր յուր դեմքին տխուր լրջություն տալով,— նախքան ժողովը արձակելը, պետք է հարգելի տեսչին խնդրել, որ ներկա թյուրիմացությունը բացատրե։ Այո՛, ես կարծում եմ, որ այս բոլորը թյուրիմացություն է, ուրիշ ոչինչ։ Մեր հոգեկան տրամադրությանը և մեր բարի նպատակին անտեղյակ մարդը կարող է կարծել, որ այստեղ մենք մի տեսակ դատավորներ ենք, իսկ մեծապատիվ պարոն Դիմաքսյանը մեղադրյալ։ Այնինչ՝ ոչ դատաստան կա և ոչ քննություն։ Մեր բոլորի ցանկությունը մի բան է. վերացնել մեր ազգային թանկագին հիմնարկությունից մի անգամ ընդմիշտ բոլոր անհաճո երկպառակությունները։ Ես համոզված եմ, որ մեր մեծապատիվ պարոն տեսուչը մեզանից ավելի է փափագում, որ այս հիմնսրկությունը ազատ լինի տխուր անցքերից։ Ուրեմն, խնդրենք հարգելի պարոն Դիմաքսյանին, որ նա մեզ մի ելք ցույց տա։

Այդ միջոցին Դիմաքսյանը ոտքի էր կանգնել։ Նրա աչքերի մեջ փայլում էր կատաղությունը կծու հեգնության հետ։ Նրա երեսի բոլոր մկանունքները դողում էին։

Ամենքը նայեցին նրա կողմը։ Վեքիլյանը ինչ-որ շշնջաց նախագահի ականջին։ Նախագահը նայեց Բարաթյանի երեսին, և նրանք հայացքներով խոսեցին միմյանց հետ։

Խնդիրն այն էր, որ ամենքը անախորժ դրության մեջ էին, ամենքը զգում էին մի տեսակ ամոթ Դիմաքսյանից և չգիտեին, ինչպես վերջ տալ տեսարանին։

Այնինչ Դիմաքսյանը, խորին արհամարհանքով լսելով Բարաթյանի ասածները, քանի մի վայրկյան լուռ նայեց ամբողջ ժողովին և ապա զորեղ և խրոխտ ձայնով արտասանեց.

— Ողորմելինե՛ր։

Այս մի հատիկ բառը, արձակված վրդովված և աներկյուղ կրծքից, ցնցեց ամենքին, կաշկանդեց բոլորի ուշքը։ Մեղադրվածը վայրկենաբար նրանց աչքում փոխվեց մի զորավոր տիտանի, որ ինչպես մարմնացած վրիժառություն կանգնել էր նրանց գլխին, աչքերից կայծեր ցայտեցնելով։

— Ողորմելիներ,— կրկնեց նա,— ի՞նչ էիք կամենում. պատժե՞լ ինձ, թե՞ պաշտպանել դպրոցը։ Արդյոք, ի՞նչ մի չար վտանգից կամ ո՞ւմ դեմ էիք ուզում պաշտպանել — մի խումբ տկար պատանիների՞։ Ի՞նչ է նրանց մեղքը, միթե այն, որ չե՞ն դիմանում դպրոցում տիրող բռնություններին, վրդովվո՞ւմ են ընկերական զրպարտությունների, քսության և լրտեսության դեմ։ Եթե դա է նրանց մեղքը, այսօրվա նիստը մի անջնջելի արատ կմնա թե՛ հոգաբարձության և թե՛ ուսուցչական այս խմբի վրա։ Ինձանից պահանջում են, որ ես խոսեմ։ Ես գիտեմ այդ առաջարկությունը ինչ զգացմունքներից է թելադրվում։ Քողը շատ թափանցիկ է, և նրա տակից երևում է սուտ քաղաքագիտության պատկերը։ Կամենում եք, որ ես, ինչպես մեղադրված, պաշտպանե՞մ ինքս ինձ։ Երբեք իմ հակառակորդները այդ պատվին չեն արժանանալ։ Կարծում եք, ես ինձ վիրավորվա՞ծ եմ համարում։ Քավ լիցի։ Իմ հակառակորդները պարզ տեսնում են, որ իրանց նետը նպատակին չհասավ։ Մի քանի անչափահաս, անփորձ, անպաշտպան պատանիներ նրանց ստիպեցին ամաչել, կարմրել: Օօ՜, որքան նրանք այս րոպեիս խղճալի են նույնիսկ իրանց աչքում...

Նախագահը զանգահարելով, ճառախոսին «կարգի» հրավիրեց։ Դիմաքսյանը թաշկինակով սրբեց ճակատի քրտինքը և, հպարտությամբ նայելով ժողովին, շարունակեց.

— Այսպես, ուրեմն, իմ հակառակորդները իրանք իրանց պատասխանը ստացան։ Նրանք տեսան, որ ոչ մի մեքենայություն ինձ չի կարող արատավորել, միայն կարող է կորստի ենթարկել մի ամբողջ հիմնարկություն։ Բայց ի՜նչ փույթ նրանց դպրոցի վիճակը, նրանց միակ նպատակն է ինձ հաղթված և ստորացած տեսնել... ես չեմ կամենում ավելի խոսել։ Սակայն ներեցե՛ք, այսօրվա եղելությունը ես վարագույրի հետևում չեմ թողնիլ: Ասպարեզ կհանեմ այն յուր բոլոր մանրամասնություններով։ Կարծում եք, վրեժխնդիր լինելո՞ւ համար։ Ոչ։ Ես այդ կանեմ, որպեսզի մեր միամիտ հասարակությունը ճանաչի այն մարդկանց, որոնց յուր գործերի ղեկավար է ընտրում, որոնց ձայնին ականջ է դնում և որոնց մտքերին շատ անգամ ծափահարում է։ Գալով իմ պաշտոնին, ինձ շատ լավ հայտնի է իմ հակառակորդների նպատակը։ Նրանք փափագում են, որ ես կամավոր կերպով հեռանամ կռվի ասպարեզից, որպեսզի հետևիցս զվարճանան, ծիծաղեն։ Բայց հայտնում եմ այդ պարոններին. ես իմ ազատ կամքով երբեք չեմ հեռանալ իմ պաշտոնից, մինչև հոգաբարձությունը ինքը ինձ չասի, «հեռացիր, որովհետև դու վնասակար ես մեզ համար»։

Արտասանելով այս խոսքերը, նա մի անգամ էլ արհամարհանքով և զզվանքով նայեց յուր նախկին ընկերների երեսին։ Հետո ծանր, հպարտ և հանդարտ քայլերով, միայն սաստիկ գունատված, նա դուրս եկավ դահլիճից։

Նույն վայրկյանին գերմանական մանկավարժ Ինյաթյանի դեմքի վրա փայլեց մի ուրախ ժպիտ։



XII


Չնայելով Դիմաքսյանի սպառնալիքին, հետևյալ օրը հոգաբարձությունը առանձին նիստում վճռեց նրան թողնել յուր պաշտոնում մինչև պայմանավորված ժամանակի լրանալը, այսինքն մի տարի։ Այսպիսով նա կամեցավ մեղմացնել տեսչի սիրտը, որ սա եղելությունը հրապարակ չհանի։ Բայց մի շաբաթ անցած դուրս եկավ Դիմաքսյանի մերկացնող գրությունը վեց աշակերտների դպրոցից արձակելու մասին։

Հոգաբարձությունը պատասխանեց նրան սառն պաշտոնական ձևով։ Երևում էր, նա աշխատում էր իրողությունը քողարկել։ Փաստեր չէր բերում, հակառակորդի ասածը հերքում էր խոսքերով։

Բայց ասպարեզ եկավ Վեքիլյանը և կռիվը այլ կերպարանք ստացավ։ Դիմաքսյանն այժմ բոլորովին ընտելացել էր անձնական հարվածներին։ Հակառակորդների հարձակումները նրան չէին վշտացնում, այլ գրգռում էին, նրա բորբոքված սրտի մեջ ավելացնելով կիզանուտ հեղուկը։ Ամեն կերպ աշխատում էին նրան ցույց տալ իբրև մի վնասակար, անաստված, կործանիչ մարդ, որից մեծ վտանգ է սպառնում հասարակությանը։

Խնդիրը միայն դպրոցի մասին չէր։ Մասնավորից սկսելով, Դիմաքսյանն այժմ հարվածում էր հասարակական ընդհանուր ախտերը։ Առանձին ախորժակով և կատաղությամբ նա մերկացնում էր կրթված դասի սխալ և վնասակար ուղղությունը, միշտ իբրև օրինակ աչքի առաջ ունենալով Բարաթյանին և Վեքիլյանին։ Այժմ նրա կռիվը հասարակության դեմ էր։

Այսպես անցան ամիսներ, անցան ամբողջ աշունն ու ձմեռը։ Վերջապես, հասավ գարունը և հարցաքննություններից հետո Դիմաքսյանն արձակվեց պաշտոնից։ Նրա տեղը նշանակվեց Ինյաթյանը։

Նույն միջոցին Դիմաքսյանր դարձյալ հեռագիր ստացավ, թե հայրը մահամերձ հիվանդ է։

Նա շտապվեց հայրենիք և այս անգամ ծերունուն մեռած գտավ։ Քույրերը հանգուցյալի թաղումը մի քանի օրով հետաձգել էին, սպասելով իրանց եղբոր գալստյանը։

Երեք օր տևեց սգավոր հանդեսը։ Առավոտ երեկո քաղաքացիները խումբ-խումբ գալիս էին՝ իրանց ցավակցությունն Արսենին հայտնելու։ Վերջապես, ընդհատվեցին ձանձրալի այցելությունները, և որբացած որդին ժամանակ ունեցավ հետաքրքրվելու հոր գործերով:

Հանգուցյալը կտակ չէր թողել։

Նա մինչև հետին շունչը չէր հավատացել մահվանը և մինչև անգամ կռվել էր նրա մասին խոսողների հետ:

Աղջկերանց հետ նա տեսակցության էր ունեցել մեռնելու նախընթաց օրը։ Ոչ մի խոսք չէր ասել նրանց յուր կարողության մասին։ Մեռնելուց մի ժամ առաջ հիշել էր Արսենին, մեղադրելով նրան, թե մոռացել է ծերունի հորը։ Նույն ժամին նա վռնդել էր բժշկին, բարկանալով, որ նրա դեղերը չեն ազդում։ Հոգևարքի ժամանակ կռվել էր մահվան դեմ, հայհոյել էր նրան ամեն տեսակ խոսքերով։ Քահանան կանչվել էր վերջին րոպեին, սուրբ հաղորդությունը գդալով էին ածել հանգուցյալի կոկորդը։

Այս բոլորը արտասուքն աչքերին պատմեց նրա ավագ քույրը, կրկնելով...

«Համառ մարդ էր, համառ էլ մեռավ»։

Երկու շաբաթվա ընթացքում Դիմաքսյանի համար պարզվեց գործերի դրությունը։ Երկաթյա սնդուկի մեջ, բացի հին մուրհակներից և մի քանի կապ պայմանագրերից, նա ոչինչ չգտավ։ Պարզ էր, որ հավատարիմ Սարիբեկի խոնավ ձեռը այնտեղ էլ մտել էր։ Իսկ թե հանգուցյալը զուտ փող ունեցել էր, այդ երևաց նրա մի փոքրիկ ձեռատետրից, որ կառավարիչը մոռացել էր թաքցնել։ Այնտեղ նշանակված էին ոճրացած եկամուտները և ծախսերը։

Անհետացել էին և այն բոլոր ոսկեղեններն ու ակնեղենները, որ մի ժամանակ Արսենի մոր զարդերն էին կազմում և որոնց ծերունին խնամքով պահում էր ինչպես մի սրբություն։

Կողոպուտը հաստատելու և հանցավորին պատմելու համար պետք էր դիմել դատաստանին։ Տեղական փաստաբաններից մեկն առաջարկեց յուր ծառայությունը։ Դիմաքսյանը մերժեց։ Նա զզվում էր դատաստանական գործերից և չէր ուզում ժամանակը զոհել անվերջ վեճերի։ Բացի դրանից, նա խնայում էր Սարիբեկի ութ հոգուց բաղկացած ընտանիքին։ Նա անմիջապես վռնդեց կողոպտչին, փորձեց ինքն անձամբ կառավարել գործերը։ Սակայն քիչ ժամանակ անցած տեսավ յուր տնտեսական ապիկարությունը՝ նա՛, որ թեորիայով միայն գիտեր ինչ ասել է տնտեսություն։

Նա վճռեց սահմանափակել գործերը։ Ժռանգությունը օրինական կերպով հաստատելուց հետո, կալվածների մի մասը, նվիրեց քույրերին։ Այդպիսով նա ազատեց նրանց մի մշտական նախատինքից, որ խեղճ կանայք կրում էին ամուսիններից իրանց ժլատ հոր պատճառով։

Նրա եռանդուն միտքն անգործ չմնաց հայրենի քաղաքում։ Նա ուսումնասիրում էր գավառական կյանքը, հավաքում էր տեղեկություններ ժողովրդի բարոյական վիճակի մասին։ Ամեն օր նա շրջապատված էր տեղական երիտասարդներով, որոնք արդեն իրագործել էին նրա առաջին գալստյան ժամանակ առաջարկած ընկերությունը։ Նրա նոր կռիվը մեծ հետաքրքրություն էր շարժել։ Նրա կողմնակիցներն այժմ որոշ և ավելի րնդարձակ շրջան էին կազմում։ Բայց շատացել էր և հակառակորդների թիվը:

Պատահել էին մի քանի խոշոր ընդհարումներ երկու հակառակորդ խմբերի մեջ։ Նկատել էր, որ ինչ որ կատարվում է Թիֆլիսում, նույնն անդրադառնում է և փոքրիկ քաղաքների կյանքի վրա։ Այստեղ ևս տիրում էին նույն երկպառակությունները բոլոր հասարակական խնդիրների մասին։ Տարբերությունը միայն մեկ էր. կյանքը ավելի սահմանափակ լինելով, փոխադարձ խռովություններին է՛լ ավելի նեղ հոգի էր ներշնչում։ Մարդիկ ավելի աններողամիտ էին, ավելի կրքոտ և ավելի հիշաչար։ Շատ անգամ վեճերը հասնում էին սարսափելի ծայրահեղության։ Հակառակորդները պատրաստ էին մտքի պատերազմը փոխել բռունցքի կռվի և միմյանց գանգը ջարդել և դուրս թափել այնտեղից այն ուղեղը, որ հանդգնում էր ուրիշ կերպ դատել քան թե իրանցը։

Այս հանգամանքը Դիմաքսյանի համար հետաքրքրական էր յուր բնորոշ կողմերով: Նա տեսնում էր, որ մարդը որքան քիչ է կրթված, այնքան քիչ է համբերող, այնքան ավելի կատաղի է, սակայն, միևնույն ժամանակ, այնքան ավելի պարզ և անկեղծ է յուր համակրության և հակակրության մեջ։ Բայց ամենահետաքրքրականը նրա համար ուրիշ բան էր։ Նա նկատում էր հասարակության մեջ մի նոր երևույթ, այն է՝ կռիվ երկու սերունդների մեջ — հնի և նորի։ Դա հայրերի և զավակների կռիվ էր։ Մի կռիվ, որ հայ կյանքի մեջ առաջին անգամն էր երևան գալիս այնպիսի որոշ կերպով։

Եվ երբեմն յուր առանձնության մեջ նա մտածում էր, արդյոք ի՞նչ հետևանք կունենա այդ բոլորը։ Նրա առջև պատկերանում էր կյանքի մի բարոյական քաոս, ուր առաջին հայացքով անհնարին էր մի բան որոշել։ Որդին դիմադրում է հորը, աշակերտն ապստամբվում է ուսուցչի դեմ, ամեն տեղ թարմը, նորաբույսը և կենդանին բողոքում են և դիմադրում են հնին ու թմրածին։

Արդյոք այդպիսի ճյուղերը չե՞ն բաժանվիլ արմատից, և դարավոր բունը հանկարծ չի՞ չորանալ։

Այս միտքը վայրկենաբար սարսափեցնում էր նրան։ Նա սկսում էր վախենալ ծագած պատերազմից։

Բայց անցողիկ երկյուղը տեղի էր տալիս վարդագույն հույսերին։ Երևակայությունն առաջնորդում էր նրան դեպի մի բարվոք ապագա։ Այստեղ նրա մեջ երևան էր գալիս մի տեսակ օպտիմիստ և իդեալիստ Մսերյան, սակայն այլ գույներով։ Նա լիովին իրագործված չէր նախագուշակում մարդկության լավագույն մասի իդեալը։ Նրա խելքը դատում էր համեմատական մեթոդով։ Նա տեսնում էր մի անընդհատ, հարատև պատերազմ դարերի ընթացքում, սերնդից սերունդ և սերունդների մեջ։ Երբեք չի դադարել հնի և նորի այդ պատերազմը, կփոխվեն միայն մարդիկ, կփոխվեն նրանց զենքերը, փոխադարձ դիմադրության եղանակը և միջոցները։ Բայց միշտ հաջորդ սերունդը յուր կյանքի քաղաքակիրթ կողմերով կգերազանցի նախընթաց սերնդից... և այսպես անվերջ...

Կրկին նա ոգևորվում էր, կրկին սիրտը լցվում էր քարոզելու, գործելու և անընդհատ մաքառելու անհուն եռանդով և ձգտումներով։

Ձմեռվա վերջին նա կամեցավ հեռանալ հայրենի քաղաքից։ Նրան զուտ փող էր հարկավոր ապրելու և գործելու համար։ Նա ծախեց հայրական կալվածներից մի փոքրիկը: մյուսների կառավարությունը հանձնեց Հաբիգյան ազգանունով մի երիտասարդի։ Դա նրա նախկին ընկերներից մեկն էր, որ մասնագիտաբար ուսումնասիրել էր գյուղատնտեսությունը։ Նա լիազոր իրավունք տվեց Հաբիգյանին կառավարել յուր կալվածներն ինչպես կամենում է, եկամտից մի որոշ տոկոսիք հատկացնելով նրան։

Նա վերադարձավ Թիֆլիս։ Այստեղ նրա բացակայության ժամանակ կողմնակիցները շարունակել էին ընդդիմադրել հակառակորդներին կյանքի զանազան խնդիրներում։ Բայց կռիվն առաջվա եռանդով չէր կատարվել։

Մսերյանը բարկացած պատմեց, թե երևան են եկել անկոչ պաշտպաններ, որոնք իրանց տգիտության շնորհիվ գործին ավելի վնասում են, քան օգնում։
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top