IV
«Դիմաքսյանի ուղեղը խանգարված է»։ Այս դարձվածը կրկնում էին շահերը։ Այս առթիվ պատմվում էին տեսակ-տեսակ իրողություններ, որոնք երկու անգամ երկու չորս, ապացուցանում էին տարածված լուրի ճշմարտությունը։
— Դեղին տուն, դեղին տուն, ես վաղուց էի ասում, թե նրա դպրոցը այն է,— կրկնում էր տեսուչ Ինյաթյանը, հոգեբանական մեթոդով ապացուցանելով յուր նախորդի խելագարությունը։
Ոչ ոք նրան չէր հակառակում, իսկ ով թերահավատորեն էր վերաբերվում տարածված լուրին, նրան համոզելու համար տասնյակ «ապացույցներ» էին բերվում։ Բավական է մտիկ անել նրա աչքերին և կարելի է իսկույն հասկանալ, որ այնտեղ «մի բան կա»։ Ահա և՛ նրա ձայնը, մի՞թե խելագարի ձայն չէ։ Իսկ քնթի պնչե՞րը խոսելու ժամանակ։
Անցնում էր Դիմաքսյանը փողոցով, գնում էր թատրոն, թե մի ուրիշ հասարակական տեղ — միշտ լինում էին մարդիկ, որ, նայելով նրան, միմյանց ականջին շշնջում էին։ Երբ նա մեկի հետ խոսում էր, խոսակիցը լսում էր ուշադրությամբ, վիճում էր նրա հետ, հերքում էր նրա ասածը կամ ընդունում, բայց, միևնույն ժամանակ, երբեմն խորհրդավոր հայացք էր ձգում նրա աչքերի մեջ։ Իսկ երբ մի որևէ միտք պնդելիս նա տաքանում էր և ձայնը քիչ թե շատ բարձրացնում, խոսակիցը համաձայնվում էր նրա հետ հակառակ յուր համոզմունքին, ինչպես սովորաբար անում են ուղեղը խանգարվածների հետ։
Սկզբում Դիմաքսյանը այդ կասկածների վրա ուշադրություն չէր դարձնում։ Իսկ երբ բժիշկ Սալամբեկյանը հայտնեց նրան գաղտնիքը, այն օրից նա ինքը կամա-ակամա սկսեց կասկածներ որոնել։ Հետզհետե նրան թվում էր, որ լուրը տարածվել է ամեն տեղ և ամենքը արդեն հավատում են։ Նույնիսկ չհավատացողները նրա մեջ կասկած էին զարթեցնում։ «Երևի, մտածում էր նա, քաղաքավարությունն է ձեզ ստիպում ցույց տալ, թե իբր չեք հավատում, բայց իսկապես դուք էլ հավատում եք»։
Նա կամենում էր իմանալ մարդկանց միտքը, թափանցել նրանց հոգին և ճշտությամբ կարդալ նրանց սրտինը։ Ահա ինչու մեկի հետ խոսելիս երբեմն նրա ուղեղը ավելի դիմացինին ուսումնասիրելով էր զբաղվում, քան թե խոսակցության նյութով։ Այդ միջոցներին նա հաճախ շփոթվում էր և, երբ խոսակիցը հարցնում էր. «ճշմարի՞տն եմ ասում», նա սթափվելով արտասանում էր` «հը՞ըմ»:
Այսպիսով, նա ինքը անգիտակցաբար կասկած էր զարթեցնում ուրիշների սրտում։ Նա ուղղակի ոչ ոքի հետ չէր խոսում պղտոր լուրի մասին։ Նա չէր ուզում առիթ տալ կարծելու, թե ինքը որևէ նշանակություն է տալիս չարախոսներին։ Բայց և այնպես կասկածը ավելի ու ավելի խոր արմատ էր գցում նրա սրտում հակառակ յուր կամքին, հակառակ յուր տրամադրությանը։
Դա մի անբնական հոգեկան դրություն էր, որ պետք է քայքայեր նրա նյարդերը։ Նա զգում էր այս բանը և որքան աշխատում էր մտքում ծաղրել յուր հակառակորդներին, այնքան ընդհակառակը ավելի էր վրդովվում նրանց դեմ։
Վերջապես, մի օր նա վճռեց խոսել Մսերյանի հետ։ Նա համոզված էր, եթե ամբողջ աշխարհն էլ հավատա, իդեալիստը դարձյալ չի հավատալ և կծիծաղի չար լուրը տարածողների վրա։
Իսկ Մսերյանը դեռևս այնքան խորասուզված էր ինքն յուր մեջ, որ ոչինչ չգիտեր տարածված լուրի մասին։ Ամբողջ օրը նա տանը նստած շարունակ կարդում էր փիլիսոփայական հաստ գրքերը։ Սակայն գյուղ գնալու միտքը դեռ նրա գլխից չէր դուրս եկել։ Նա նորանոր ծրագիրներ էր կազմում, պատկերացնում էր ապագա գործունեության բոլոր մանրամասները։ Բայց երբ բանը գործնականին էր գալիս, բարոյական ուժը սկսում էր դավաճանել նրան և խորտակել բոլոր թեորիաները։ — Գիտես, ինձ համար, աշխարհիս երեսին ամենադժվարը մարդկանցից մի բան խնդրելն է։ Ամեն երեկո վճռում եմ մյուս օրը դիմել թեմական տեսչին, բայց երբ օրը լուսանում է — իմ վճիռն էլ ոչնչանում է։ Ես տեսնում եմ, որ գործնականի համար բոլորովին անպետքացել եմ։ Գրքերը սպանեցին իմ եռանդը և ինձ փալաս դարձրին։
Այս խոսքերը նա ասաց Դիմաքսյանը ներս մտնելիս, դեռ նրա բարևին չպատասխանած։ Նկատելի էր, որ նա ամաչում է յուր թուլության համար և նախքան ձեր ընկերից հանդիմանություն լսելը՝ ինքն էր հանդիմանում իրան։
Դիմաքսյանը իսկույն խոսքը փոխեց, որով մեծ հաճություն պատճառեց Մսերյանին։ Նա եկել էր ուրիշ բանի համար և այժմ ոչինչ նրան չէր հետաքրքրում բացի այդ բանից։
— Դու ինչո՞ւ ինձ չես շնորհավորում,— ասաց նա հանկարծ, մի քանի րոպե կողմնակի բանի մասին խոսվելուց հետո։
— Ի՞նչը շնորհավորեմ։
— Իմ խելագարությունը, ես խելագար եմ...
Այս ասելով նա հավատացած էր, որ Մսերյանը կծիծաղի, կսկսի կատակ անել։ Մինչդեռ իդեալիստը ամենալուրջ եղանակով արտասանեց.
— Զարմանում եմ, որ դու նոր ես իմանում քո խելագար լինելը, դա հին բան է։
— Ի՞նչպես...
— Իհարկե, խելագար ես, կատարյալ խելագար...
Դիմաքսյանը գունատվեց և ապշած մտիկ տվեց ընկերոջ երեսին։
— Եվ դո՞ւ Բրուտոս,— գոչեց նա իբրև թե ծիծաղելով, բայց իսկապես ավելի վրդովված։
— Ի՞նչ կա, որ զարմանում ես, մի՞թե խելքը գլխին մարդը...
Դիմաքսյանը մի թեթև, բայց տարօրինակ ճիչ արձակեց և մի շարժումով ստիպեց նրան լռել: Մսերյանը զարմացած նայում էր նրան։ Նա դեռ չգիտեր ինչ անսովոր հոգեկան տրամադրության մեջ է գտնվում Դիմաքսյանը։ Խելագար ասելով, նա հասկանում էր հասարակական մտավոր մակերևույթից բարձր մարդուն կամ շրջանի բարոյական օրենքներին չհարմարվողին։ Այդպիսի մեկն էր համարում նա յուր ընկերոջը և առաջին անգամը չէր, որ նրան խելագար էր կոչում։
Դիմաքսյանը երկու ձեռներով գլուխը ամուր բռնած, աչքերը հառել էր սեղանի մի կետին։ Թվում էր նրան, որ արդարև յուր ուղեղին մի վտանգ էր սպառնում, որ այդ վտանգը շատ մոտիկ է, բավական է Մսերյանը մի անգամ էլ կրկնի «իհարկե, խելագար ես», և նա իսկույն կցնորվի։ Նույն դրության մեջ նա բութ մատների ծայրերով փակեց ականջները և պատմեց անհեթեթ լուրերը։ Արտահայտեց բոլորը, ինչ որ զգացել էր և զգում էր թե՛ մարդկանց շրջանում և թե՛ առանձին ժամանակ։ Ավելացրեց, թե այնքան վերջին ժամանակ մտածում է այդ մասին, այնքան ուրիշները կասկածով են նայում նրա վրա, որ վախենում է։ Մարդկանց կասկածավոր հարաբերությունը խլում է նրա եռանդը, ջլատում է նրա ուժերը։
— Բոլոր իմ ծրագիրները խորտակվում են միայն և միմիայն այդ կասկածից։ Ինչ ձեռնարկության մասին մտածում եմ, իսկույն այդ հրեշավոր կասկածը կանգնում է իմ առջև։ Ես ուզում եմ գործել, հասկանո՞ւմ ես, բայց մտածում եմ, ինչ կարող է անել մի մարդ, որին ամենքը եթե ոչ խելագար, գոնե աննորմալ են համարում։ Ոչ, այսպես չէ կարելի, կամ ես իսկապես խելագար եմ և ինձ պետք է գժատուն ուղարկել, կամ պետք է մի կերպ վերադարձնեմ իմ հոգեկան խաղաղությունը, որ կարողանամ մի գործ սկսել։
Մսերյանը այժմ միայն հասկացավ բանի էությունը։ Նա տեսավ, որ Դիմաքսյանի հոգեկան դրության հետ կատակ անել չի կարելի։ Պետք էր միանգամից ազատել նրան այդ կասկածներից, որքան ևս նրանք անհիմն և անմիտ լինեին։ Եվ նա, չնայելով յուր թախծալի տրամադրությանը, հանկարծ բարձրաձայն ծիծաղեց։ Հետո ոտքի կանգնեց և, ձեռը ձեռին խփելով, գոչեց.
— Խեղկատակնե՛ր, խեղկատակներ, երկինքը վկա, այդ մարդկանց տեղը կրկեսն է և ոչ թե հասարակական ասպարեզը։ Հա՛ հա՛ հա՛, Դիմաքսյանը ցնդվել է, հա՛ հա՛ հա՛... Կեցցե՛ս Արսեն, որ այդ օրին հասար, խելագար անունը վաստակեցիր հիմարների և ապուշների շրջանում։ Այսուհետև դու կարող ես պարծենալ, խելագար ես, որովհետև խելք ունիս...
Նա կանգ առավ։ Դիմաքսյանը, աոաջին անգամ, կասկածը յուր սրտում բուն դնելուց հետո, զգաց հոգեկան թեթևություն։ Ընկերոջ անարվեստ վրդովմունքը և անկեղծ ծիծաղը նրան մխիթարեցին։ Նա սթափվեց, նա սկսեց սառնսորեն մտածել յուր մասին և զգաց, որ իրավ ինքը շատ թույլ է եղել, տեղ տալով յուր սրտում մի անմիտ կասկածի։
— Բայց կատակը մի կողմ,— շարունակեց Մսերյանը, նստելով նրա դեմ,— դա շատ ցավալի բան է։ Ցավալի է ոչ թե այն, որ այդ խեղկատակները հիմար լուրեր են տարածում քո մասին, ցավալի է, որ մեր բոլոր գործերը այդ մարդկանց ձեռքումն են։ Իսկ դու մենակ ես, կարող եմ ասել բոլորովի՛ն մենակ։
— Ես մենակ չեմ, ես ունեմ երկու հավատարիմ ընկերներ և բարեկամներ, քեզ և...
— Եվ բժիշկ Սալամբեկյանին, ինչո՞ւ չես ասում, կարծում ես, ինձ կվիրավորե՞ս։ Ո՛չ, դու էլի ինձ լավ չես ճանաչում մինչև հիմա։ Ես նրա դեմ այժմ մազու չափ ոխ չունիմ։ Բայց թողնենք այդ, ես ուրիշ բան էի ուզում ասել: Գիտե՞ս, Արսեն, ես շատ եմ մտածել մեր հասարակական կյանքի մասին, գործելու ընդունակ չեմ, բայց մտածել գիտեմ։ Ես եկել եմ այն եզրակացության, որ մեր երիտասարդությունը բարոյական հաստատ սկզբունք չունե։
Դիմաքսյանը ոչինչ նկատողություն չարեց։ Նա միայն գլուխը կրծքին թեքեց և աչքերը հառեց սենյակի հատակին։ Այնինչ Մսերյանը կանգ առավ, միմյանց հետևից մի քանի անգամ ուժգնաբար ծխեց, բաց թողնելով գլխից վեր ծխի թանձր քուլաներ։ Հանկարծ նրա դեմքը փոխվեց, աչքերը փայլեցին, և ձեռը խփելով յուր ծնկին, արագությամբ ոտքի կանգնեց, գոչելով.
— Բայց այնուամենայնիվ կգա մի օր և մենք կունենանք երիտասարդություն, մաքուր և հաստատ բարոյական սկզբունքների տեր երիտասարդություն։ Խորին հավատով և ոգևորությամբ արտասանված այդ խոսքերը ոգևորեցին և Դիմաքսյանին։ Նա զգաց մի անբացատրելի ուրախություն։
— Այդպես ահա,— ասաց նա,— այդպես խոսիր, այժմ ես ճանաչում եմ իմ Մսերյանին։ Թո՛ղ հուսահատությունդ, ոգևորվի՛ր և ուրիշներին էլ ոգևորի՛ր առաջվա պես։
— Բայց ափսոս միայն, որ մենք չենք տեսնիլ այդ օրը...
Նա շարունակեց նույն ուղղությամբ ապագայի մասին։ Այո՛, կգա այն օրը, երբ ամեն ինչ կփոխվի, կշատանա խելագարների թիվը և այժմյան խելոքներին նրանք կուղարկեն հիմարանոց։ Ապագան նրանն է — ով համոզմունք ունե և գործում է անկեղծ սրտով։
Նախկին Մսերյանը դարձյալ երևան եկավ յուր բոլոր վառվռուն զգացումներով։ Կարծես, վերջին ժամանակվա թախիծը մի վայրկյանում անհետացավ և նա մոռացավ յուր հուսահատ երկվորությունը, որ այնպես թմրեցրել էր նրան։ Եթե այդ պահին բժիշկ Սալամբեկյանը ներկա լիներ, իդեալիստը, առանց որևէ ոխի, կգրկեր նրան և կշնորհավորեր։ Նա այս բանը չթաքցրեց Դիմաքսյանից։
— Ինչ արած, ես այսպիսի մարդ եմ,— ավելացրեց նա,— կուզես ինձ անվանիր հիմար, տխմար, բայց այսպես եմ...
Դիմաքսյանը դուրս եկավ նրա մոտից գրեթե բոլորովին փոխված։ Կասկածի նշույլ անգամ չէր մնացել նրա սրտում և ոչ իսկ մի մազու չափ վհատություն։ Նա մի առանձին ոգևորություն էր ստացել և զգում էր յուր մեջ մի նոր ուժ մաքառելու յուր գաղափարների համար։ «Անմիտնե՛ր, ասում էր նա մտքում, դուք կամեցաք ինձ ծաղրե՞լ, ձեզ չի հաջողվիլ այդ։ Խելագա՞ր եմ ես, շատ գեղեցիկ, ուրեմն ունիմ իրավունք ինչ որ ուզում եմ — անել և ինչ որ ուզում եմ — խոսել»։
Մի ամբողջ շաբաթ նա փակված յուր բնակարանում գրում էր։ Կյանքի դառն փորձերը նրա ուղեղում կազմել էին մի աշխարհայացք։ Պետք է փշրել այն բոլոր հասարակական նախապաշարմունքները, որ կաշկանդում են անհատի բարոյական ազատությունը — այս էր այն կենտրոնական առանցքը, որի շուրջը պտտում էին նրա բոլոր մտքերը։ Դա էր այն անսպասելի աղբյուրը, որից սկիզբն էին առնում նրա գաղափարները, հետո զարգանում, բեղմնավորվում և հափշտակում նրան իրանց բուռն, անընդդիմադրելի հոսանքով։
Մի այդպիսի հոսանք դարձյալ նրան մոռացնել տվեց ամեն ինչ։ Նրա միտքը գործում էր տենդային աշխույժով, որոնելով և գտնելով այն բոլոր աննպաստ պայմանները, որոնք խանգարում էին շրջանի վրա անհատի բարոյական ազդեցությանը։ Նա ուզում էր ապացուցանել, որ ամբոխի սրբությունները շատ են կարոտ արմատական վերանորոգության։ Նա պնդում էր, թե քանի կյանք կա — պետք է փոխվեն և՛ նրա ղեկավարող պայմանները, թեկուզ նրանք լինեն հիմնական օրենքներ, թե կենդանի չի կարող կապված մնալ մեռյալի պաղ շղթաներով։
Թմրած ճահճի մեջ դարձյալ համարձակ ձեռքը արձակեց մի քար, և նա պետք է պղտորվեր։ Դա մի փոքրիկ բրոշյուր էր, ուր Դիմաքսյանը կատաղի կերպով քննում էր ու վերլուծում հասարակական կյանքի ախտերը և անխնա հարձակվում նրանց վրա։
V
Պյոտր Սոլոմոնիչի դրությունը շատ ծանր էր։ Հրավիրված բժիշկները չկարողացան օգնել։ Նրանք միայն խորհուրդ էին տալիս եղանակը տաքանալուց հետո հիվանդին ուղարկել արտասահման, գուցե այնտեղ հռչակավոր բժիշկները մի բան կարողանան անել։
Բայց տիկին Բախտամյանը հակառակում էր։ Նա ասում էր, թե օտար երկրներում յուր ամուսինը կմնա զուրկ խնամող աչքից, այնինչ՝ ինքը այստեղ գոնե քնքուշ հոգացողությամբ աշխատում է թեթևացնել նրա ցավը։ Ճշմարիտն այն էր, որ բժիշկներից ամենահմուտը նրան գաղտնի ասել էր, թե ծերունու օրերը հաշված են, և նա շատ-շատ կարող է ապրել միայն երկու ամիս։
Տիկինը վախենում էր՝ մի գուցե հիվանդը հանկարծ արտասահմանում առողջանա և այնուհետև մի՞թե նորից ինքը պետք է տանջվեր նրա ձեռքում։ Բացի դրանից, նա կամենում էր վերջին օրերը իրան հոգատար ամուսին ցույց տալ, հուսալով գեթ մասամբ հասարակական կարծիքը փոխել յուր մասին։
Այժմ նրա դռները նորից բացվել էին ծանոթների և բարեկամների առջև։ Ամեն օր հյուրեր էին գալիս հիվանդին տեսնելու։ Պյոտր Սոլոմոնիչը նրանց ընդունում էր միայն քառորդ կամ կես ժամով, հետո նրան պաշարում էր ընդհանուր մարմնային թուլություն։ Նա ընկնում էր մի տեսակ կիսաարթուն և կիսաթմրած դրության մեջ։
Այդ ժամանակ տիկինը հյուրերին հրավիրում էր դահլիճ, որովհետև դա հիվանդից ամենահեռու սենյակն էր։ Այստեղ ամեն ինչ փոխվում էր, սուգը դառնում էր ուրախություն։ Հյուրերի դեմքերից անհետանում էր կեղծ ցավակցության արտահայտությունը և տեղի էր տալիս զվարթության։ Սկսում էին զվարճախոսել, ծիծաղել, երբեմն էլ այնքան բարձր, որ նրանց ձայնը կարող էր հիվանդին հասնել։
— Ախ, շատ շնորհակալ եմ, որ ինձ մխիթարում եք,— ասում էր տիկին Բախտամյանը, աչքերի բիբերը հեզ մայրապետի պես դեպի վեր բարձրացնելով։
Հաճախ նրա սեղանի շուրջը նստում էին հինգ-վեց կանայք և երիտասարդներ։ Այդ միջոցներին տիկնոջ «մխիթարությունը» արտահայտվում էր անզուսպ զվարճություններով։ Կարելի էր կարծել, որ ոչինչ անախորժ բան չի անցել նրա գլխով, որ ընդհակառակը բախտը նրա համար ուղարկել է մի նոր երջանկություն։
Միայն երբեմն ձևի համար նա հանկարծ հառաչում էր, շտապով վազում էր ամուսնու սենյակը և, անդամալույծին նույն թմրություն մեջ տեսնելով, վերադառնում էր և նորից շարունակում յուր զվարճությունը։ Նա հավատացնում էր հյուրերին, թե դիտմամբ է աշխատում մոռանալ յուր վիշտը, որպեսզի «ուժերը չկորցնի»։ Եթե նա էլ հիվանդանա, էլ ո՞վ պետք է մտիկ անի «խեղճ մարդուն»։
— Իհարկե, իհարկե,— կրկնում էր կեղծավորների, շողոքորթների և հացկատակների երամը, — այդ ջահել հասակում, ափսոս, ափսոս ձեր գեղեցկությունը։
Բայց տիկինը ոչ ոքի չէր կարող խաբել, մանավանդ Վեքիլյանին, որ նույնպես մշտական հյուրերի թվումն էր։ Երդվյալ փաստաբանը օտարներից ուշ իմացավ յուր ազգականի թշվառության բուն պատճառը։ Սկզբում նա անչափ վրդովվեց յուր ընկերոջ դեմ։
«Ի՜նչ ապերախտություն,— ասում էր նա մտքում,— ինչո՞ւ այդպես անմարդավարի և անարժան կերպով վարձատրեց այն հյուրասիրությունը, որին ես արժանացրի նրան Բախտամյանների ընտանիքում...»։
Բայց անցավ առաջին վրդովմունքը, նա, ավելի սառն մտածելով, գտավ ծանր հանցանքի «արդարացուցիչ պատճառները», ինչպես սովոր էր գտնել բոլոր յուր պաշտպանած հանցավորների համար։ Երկուսն էլ երիտասարդ էին, մոլորվեցին։ Մեղքը ծերունունն է, որ ամուսնացավ իրենից երկու ու կես անգամ երիտասարդ կնոջ հետ։ Չպիտի անեին, բայց արեցին, է՛հ, խաբվեցին։ Այսպես էր դատում Վեքիլյանը, և դա մի առիթ էր, որպեսզի ինքը ստիպված չլինի ասպարեզ դուրս գալ ինչպես արյունակցական պատվի վրեժխնդիր ազգական։ Նա չէր ուզում թշնամանալ այն մարդու հետ, որի գործակիցն էր շատ բաներում, որից ակնածում էր և որը միշտ նրան հարկավոր էր։ Վերջապես, նա խոհեմություն էր համարում լռելը, քան աղմուկ հանելը։
Յուր զգույշ, խոհեմ և հեռատես վարմունքի շնորհով նա բավական շահել էր Պյոտր Մոլոմոնիչի սիրտը։ Ծերունին ոչ միայն անտրտունջ ընդունում էր նրան, այլև զգում էր նրա կարևորությունը։ Նա վճռել էր գործերը կարգի բերել, նրան հարկավոր էր մի հավատարմատար, ուրիշ ո՞վ կարող էր ավելի օգտավետ լինել այս բանում, եթե ոչ Վեքիլյանը։ Իրավաբանը լիազորություն ստացավ ծերունու կալվածները կառավարելու և առհասարակ նրա բոլոր գործերին հետամուտ լինելու։
Օր օրի վրա Պյոտր Սոլոմոնիչի հիվանդությունը վատ ընթացք էր ստանում։ Նա միանգամայն կերպարանափոխվել էր։ Նրա նիհար դեմքի կաշին սևացել էր, աչքերը պլշել էին։ Նախկին կատաղության նշույլն անգամ չէր մնացել, գոնե այսպես էր երևում արտաքուստ։ Այժմ նա մի թույլ, անզգա, խղճալի մարմին էր, օրը մինչև երեկո տարածված թախտի վրա։ Կնոջը նա արտաքուստ վերաբերվում էր շատ անտարբեր։ Կարծես, մոռացել էր նրա պատճառով կրած յուր անհուն տառապանքները։ Միայն երբեմն հետևից գաղտուկ նայում էր նրա գեղեցիկ հասակին, սպիտակ պարանոցին և գլուխը տրտմությամբ շարժում։
Մի օր նա Վեքիլյանին կանչեց յուր մոտ, դռները կողպել տվեց և մնաց նրա հետ։
Երկար ժամանակ մյուս սենյակում տիկին Բախտամյանը անհամբեր սպասում էր յուր ազգական փաստաբանի դուրս գալուն։ Նրա սրտում ծագել էր մի կասկած։ Ստեպ-ստեպ նա ոտների ծայրերի վրա զգույշ քայլերով մոտենում էր կողպած դռներին, կռանում և նայում դեպի ներս։ Բայց բանալին խանգարում էր, և նա չգիտեր ինչ է կատարվում ներսում:
Նա առհասարակ մեծ հավատ չուներ դեպի Վեքիլյանը։ Նա վախենում էր՝ մի գուցե փաստաբանը ծերունու դաշնակիցը դառնա և, ով գիտե, ինչեր անեն միասին։
Վերջապես շշնջյունները ընդհատվեցին, տիկինը լսեց Վեքիլյանի քայլերի ձայնը։ Նա հեռացավ դռնից, որ յուր լրտեսությունը չնկատվի։ Վեքիլյանը շտապով դուրս եկավ և, առանց տիկնոջ կողմը նայելու, անցավ ու հեռացավ։ Աննան անմիջապես մտավ Պյոտր Սոլոմոնիչի սենյակը։ Խալաթը հագին, թախտի վրա երեսն ի վեր տարածված, հիվանդը նայում էր առաստաղին՝ մտածմունքի մեջ։ Նա յուր առողջ ձեռում բռնած էր մի թերթ գրոտած թուղթ, որը շտապեց թաքցնել բարձի տակ։
— Ի՞նչպես ես այժմ.— հարցրեց տիկինը, ներքին խռովությունից շրթունքները կրծելով և նայելով ծերունու ձեռքին։
— Հը՞մ, — մրմնջաց հիվանդը անորոշաբար:
— Լա՞վ ես։
— Շշաա՜ատ, — պատասխանեց հիվանդը դանդաղ և թլված լեզվով։
Արդարև, կարծես, նա կենդանություն էր ստացել։ Նրա ապշած աչքերը նայում էին աշխույժով։ Այս փոփոխությունը տիկնոջը վախեցրեց. չլինի՛ թե հիվանդը առողջանում է։ Նա հետաքրքրված էր բարձի տակ թաքցրած թղթի բովանդակությունով։ Նա համոզված էր, որ դա ծերունու կտակն է։
— Այնքան երկար ժամանակ ինչի՜ մասին էիր խոսում Վեքիլյանի հետ,— հարցրեց տիկինը, չկարողանալով զսպել յուր անհամբերությունը։
— Վըոչչի՛նչ...
Հիվանդը երեսը դարձրեց պատին, ավելի ամուր սեղմելով բարձը: Կինը նայեց նրան՝ գոսացած ոտներից սկսած մինչև զառամյալ գլուխը, ոտը խփեց հատակին և ամբողջ մարմնով ցնցվեց։ Չկար այդ վայրկյանին նրա համար ավելի ատելի, ավելի զազրելի մի բան աշխարհի երեսին, քան այդ քայքայված մարմինը, որի մեջ տակավին ապրում էր անողոք հոգին։
Ահա նա, ահա այն անիծյալ ծերունին, որ տարիների ընթացքում ծծել է նրա երիտասարդական թարմ արյունը, ապրել է նրա կյանքի հյութով ինչպես մի տզրուկ։ Իսկ այժմ, երբ նա պարտավոր է այդ բոլորի գինը վճարել, երե՞ս է դարձնում, չի ուզում անգամ խոսել նրա հետ։ Ո՛չ, կոպիտ անդամալույծ, ո՛չ, անխիղճ ծերունի, ո՛չ, դու պետք է խոսես քո օրինավոր կնոջ հետ։ Դու հենց այս րոպեիս, քանի ուշ չէ, քանի որ քո ատելի հոգին «սատանաների բաժին» չի դարձել, պարտավոր ես հայտնել քո կամքը, ապա թե ոչ... Կատաղած տիկինը բռունցքները սեղմեց, մի քայլ առաջ դրեց, աչքերը պսպղացնելով և ատամների արանքից դողդոջուն ձայնով արտասանեց.
— Մի՛ մոռանար, որ դու երեխաներ ունես...
Ծերունին երեսը մի քիչ շուռ տվեց նրա կողմը։ Մի չարախնդիր ժպիտ աղավաղեց նրա դալկացած դեմքը և մի կծու հեգնություն պսպղաց նրա աչքերի մեջ։ Դեռևս նրա ուղեղը այնքան տկար չէր, որ չկարողանար հասկանալ կնոջ միտքը։ «Էհե՛, քարասիրտ գեղեցկուհի, կարծում էիր մինչև վերջը կարո՞ղ ես խաբել քո մարդուն։ Կարծում էիր ինձ գերեզման գլորելով, ինքդ իմ հարստությունով նոր կյա՞նք կվայելես մի ուրիշի, մի որևէ գեղեցիկ, առողջ երիտասարդի հետ։ Չէ, չէ, հույսդ կտրի՛ր»։
Երկուսն էլ լուռ էին, բայց երկուսն էլ իրար հասկանում էին։ Մերթ ընդ մերթ ծերունին գլուխը բարձրացնում էր և դեպի դուրս ականջ դնում։ Երևում էր, նա մեկին ամեն րոպե սպասում է և շատ բարկանում էր, որ այդ մեկը ուշանում է։
— Զզանգակկը,— արտասանեց, վերջապես նա, աչքերը սևեռելով դռներին և, միևնույն ժամանակ, ձեռը ավելի սեղմելով բարձին։
Տիկինը տատանման մեջ էր մնա՞լ արդյոք մինչև վերջը, տեսնե՞լ թե ով պետք է գա, ի՞նչ պետք է վճռեն և հասաատեն, թե՞ թքել և դուրս գնալ։ Մի քանի վայրկյան անցած, ծանր շունչ քաշելով և Վեքիլյանի հետ բարձր ձայնով խոսելով, ներս մտավ Ամբակում Աֆանասևիչը։ Նրանց հետևից շեկ ու երկայն մորուքով մի պարոն կռնատակին պահած մի կաշվե թղթապանակ և հետո երկու ուրիշ անծանոթ մարդիկ։
Պյոտր Սոլոմոնիչը նշաններով առաջարկեց յուր ամուսնուն դուրս գնալ։ Բայց միայն մի քանի օտար հյուրերի ներկայությունը ստիպեց Աննային թողնել այնտեղը, ուր վճռվում էր նրա ճակատագիրը: Նա ակամա քայլերով դուրս գնաց։ Նրա հետևից Վեքիլյանը հանդգնաբար դռները փակեց։
Նա մնաց մենակ և հուսահատված։ Թվում էր նրան, որ այնտեղ հավաքվել են մի խումբ ավազակներ և կողոպտում են նրա տուն ու տեղը, հարստությունը և ամբողջ բախտը։ Եվ ավազակների պարագլուխն է յուր ազգականը, այդ սափրած, հղկված, կոլորիկ դեմքով, սուր աչքերով փաստաբանը, որ հրացանի ու դաշույնի տեղ գործ է դնում գրիչ և խորամանկություն։
Նա պատրաստ էր գոռալ բարձրաձայն։ «Օգնեցե՛ք, կողոպտեցին»։ Նա ուզում էր դռները կոտրել, ներս վազել, ապտակել մեկին, մյուսին, վռնդել բոլորին յուր սեփական տնից։ Բայց ի՛նչ, նա մի թույլ կին է, անտեր, անպաշտպան։ Օ՜օ անգութներ, օ՜о անաստվածներ, ինչո՞ւ այդպես ջախջախում եք նրա փայփայած հույսերը։ Տասնուչորս տարի տանջվելուց հետո մի՞թե նա իրավունք չուներ գոնե տասնուչորս տարի էլ ապրելու։ Եվ քանի-քանի երիտասարդներ կային, որ կարող էին նրան երջանկացնել. նա մինչև անգամ չգիտեր նրանցից որին ընտրել։ Այժմ ի՛նչ առաջարկե յուր ընտրելիին, եթե նրանից խլում եք ամենամեծ հրապույրը — հարստությունը։ Գեղեցկությո՞ւնը, о՜о, նա թառամում է, կորչում, մի քանի տարի ևս, և այնուհետև ինչի՞ կնմանի նա։
Անցավ մի ժամ, մի ամբողջ դառն և անտանելի ժամ։ Բանալին դռան մեջ պտույտ եկավ։ Տիկինը վազեց սենյակի անկյունում դրած պահարանի մոտ և սկսեց այնտեղ իբրև թե ինչ-որ որոնել։
— Աննա Պավլովնա, Պյոտր Սոլոմոնիչը կանչում է,— լսվեց Վեքիլյանի պաղ ձայնը։
Երբ տիկինը շփոթված ներս մտավ, բոլոր հյուրերը հարգանքով ոտքի կանգնեցին և մի անգամ ևս գլուխ տվեցին։ Ծերունին հրավիրեց նրան նստել, հետո անմիջապես խնդրեց շիկամորուս նոտարին կարդալ յուր ձեռի թուղթը։
Կտակը գրված էր մանրամասն։ Առաջին մասը պարունակում էր բարեգործություններ։ Էջմիածնի վանքին տասը հազար, Ներսեսյան դպրոցին մի շարք խանութներ, քաղաքային ինքնավարոթյանը քսանուհինգ հազար ռուբլու տոկոսաբեր թղթեր երեք որդեգիր պահելու համար։ Եվ բոլորը Պյոտր Սոլոմոնիչ Բախտամյանի և միմիայն նրա անունով։ Կարծես, ծերունին վճռել էր յուր անունը անմահացնել։
Բայց կար մի հատված, որի կարդալու միջոցին ծերունին խորհրդավոր կերպով գլուխը շարժեց, աչքերը հառելով կնոջ երեսին։ Նա կտակում էր յուր քրոջ դուստր Գայանե Բարաթյանին երեսուն հազար ռուբլի զուտ փող ինչպես սեփականություն։ Կտակում էր դարձյալ նրան երեսուն հազար ռուբլի, որ այս գումարով բաց անի աղքատ աղջիկների համար մի ուսումնարան յուր անունով։
«Այսինքն ուսումնարանը պետք է լինի Գայանեի ուսումնարանը և ոչ թե տիկին Բախտամյանի։ Թող հայերը որդոց որդի օրհնեն իմ Գայանեի անունը և հիշատակը»։
Կտակած գումարները ծերունու մահվան քառասունքի օրը տոկոսաբեր թղթերով պետք է հանձնվեին Գայանեին: Կտակակատարներին ոչինչ իրավունք չէր տրվում ուսումնարանի վերաբերմամբ։ Տիկինը շրթունքները ատամներով այնքան ամուր սեղմեց, որ նրանք սպիտակեցին, հետո կարմրեցին, հետո կապտեցին։
Նոտարը շարունակեց։ Մնացյալ կարողությունը ծերունին թողնում էր յուր զավակներին։ Կտակակատար և խնամակալ նշանակվում էին Ամբակում Աֆանասևիչը և Վեքիլյանը մինչև ծերունու աղջկերանց չափահաս դառնալը: Այնուհետև հարստությունը հավասար չափով բաժանվում էր երկու քույրերի մեջ պայմանով, որ նրանց ամուսնանալուց հետո անձնապես իրանց պատկանի, առանց որևէ իրավունքի ամուսինների կողմից։
Բոլոր գործերը պետք է կառավարեին խնամակալները։ Նույնիսկ ընտանիքի ծախսերը նրանք պետք է անեին, նույնպես հոգային Լիզոչկայի և Էլեչկայի կրթության մասին: Այդ բոլորի համար նշանակված էր այնքան, որ ավելորդ շռայլություն թույլ չէր տալիս։ Եթե տիկին Բախտամյանր կամենար ամուսնանալ, զրկվում էր ծախսերից, իսկ զավակները մնում էին խնամակալների հսկողության տակ, թեև իրանց մոր մոտ։ Մի խոսքով, տիկնոջը ոչինչ իրավունք չէր հատկացվում, բացի այն, որ նա նշանակվում էր մի տեսակ պատվավոր աղախին յուր զավակների համար գրեթե մի փոր հացի գնով։
Երբ նոտարը վերջացրեց ընթերցումը, բոլորը մեքենայաբար նայեցին տիկնոջ երեսին և հետո սենյակի հատակին։ Նա կանգնած էր. անշարժ, անլուր, դժգույն, ինչպես արձան։ Հանկարծ նրա աչքերը վառվեցին, կուրծքը բարձրացավ, բուռն արցունքը խեղդելով նրա կոկորդը, դուրս թափվեց նրա գունատ երեսի վրա։ Նա ընկղմվեց բազկաթոռի վրա և սկսեց հեկեկալ...
VI
Իզուր Գերասիմ Գերասիմիչը առաջին երեկո հետևյալ և նույնիսկ երրորդ օրը սպասեց, որդին և հարսը չեկան նրա մոտ հաշտված, ուրախ-ուրախ, ինչպես նա պատվիրել էր: Վերջապես անդամալույծի համբերությունը սպառվեց։ Նա կանչեց յուր որդուն և սաստիկ հանդիմանեց։ Որդին ասաց, թե ինքը «ամեն բան ներում է», պատրաստ է հաշտվել, բայց Գայանեն չի ուզում և քանի գնում, այնքան ավելի երես է դարձնում նրանից։
— Երեք օր է նա կանչել է յուր մոտ և նրա հետ գաղտնի խոսակցություն ունե։ Մինչև անգամ այդ աղջիկն էլ չի ուզում ինձ հետ խոսել։
Ծերունին յուր Անդրեյին հրամայեց կանչել «մեծամիտ» տիկնոջը։ Գայանեն իսկույն եկավ։ Նա հասկացավ, ինչու համար են իրան կանչում, և արդեն գիտեր, թե ինչ պետք է պատասխանի։ Որքան ծերուհին հորդորեց, որքան խրատեց, վերջապես, սպառնաց, տիկինը միայն արտասանեց.
— Ես կեղծել չեմ կարող։
— Ի՞նչ ասել է կեղծել,— գոչեց ծերունին խռպոտ ձայնով։
— Ձեզ, ինձ և ուրիշներին խաբել։ Այսօր կհաշտվեմ, վաղը ձեր որդին էլի յուր ուզածը կանի։ Եթե չանի էլ, էլի չեմ կարող հաշտվել։
— Իսակ,— դարձավ հայրը որդուն,— մորդ գերեզմանով երդվիր, որ կնոջդ հավատարիմ կմնաս այսուհետև, ժի՛վո...
Դա միակ սրբությունն էր, որ Բարաթյանը անխախտ պահպանում էր յուր սրտի խորքում։ Երդվել մոր գերեզմանով — կնշանակե, ինչպես և լինի, անպատճառ կատարել այդ երդումը։ Բայց նա շատ լավ զգում էր, որ չի կարող այդ անել և վաղ թե ուշ պետք է յուր երդումը քանդի։ Ուրեմն ինչո՞ւ սրբապղծություն գործեր մոր հիշատակի դեմ, մանավանդ որ նա մտքում գրել է միայն առերես հաշտվել Գայանեի հետ, արդեն ինքն էլ ձանձրացած լինելով նրանից։ Կամենալով մի կերպ խույս տալ ծանր երդումից, նա ասաց.
— Ես ազնիվ խոսք եմ տալիս։
— Նու, շտո՞ժ,— դարձավ ծերունին Գայանեին,— ազնիվ խոսք է տալիս։
Տիկինը ուսերը թեթև կերպով վեր քաշեց, երեսը մի կողմ դարձնելով։
Նա չգիտեր որի վրա ավելի զարմանար, որդո՞ւ, որ այդպես հանդգնաբար ուզում էր նորից խաբել նրան, թե՞ հոր, որ կարծես խրախուսում էր նրա անառակությունը։
Վերջին անգամ Գայանեն դրականապես մերժեց ծերունու խնդիրը։
— Ուրեմն ի՞նչ ես ուզում անել,— գոչեց անդամալույծը արդեն բարկացած,— չլինի՞ թե մտքումդ դրել ես բաժանվել: Իհարկե, այդ էլ մո՛դա է, կարող է խելքիդ փչել։
Հետո, մի քիչ իրան զսպելով, նա առաջ բերեց այն բոլոր վատ պայմանները, որոնցով շրջապատված է մարդուց բաժանված կինը։ Նա ապացուցեց, որ հազար անգամ լավ է ապրել ոչ միայն Իսակ Բարաթովի պես մի «շատ սովորական» ամուսնու, այլ նույնիսկ ամենաանառակ մարդու հետ, ինչպես օրինական կին, կրել ամեն տեսակ տանջանքներ, քան թե բաժանվել։ Խոմ, երիտասարդ կինը առանց տղամարդի չի կարող մնալ. այդ աներևակայելի է, «նեվոզմոժնո, նե եստեստվեննո»:
Նա խոսում էր իրան հատուկ ազատ, նույնիսկ անհամեստ ոճով։ Եվ այս անգամ որդին չէր ընդհատում նրա խոսքը։ Նա ինքը համաձայն էր հոր մտքերին և ուրախ էր, որ յուր մտածածը նա է ասում։
Գայանեն լուռ նստած էր, աջ ձեռքով աչքերը ծածկած և ձախ ձեռը թույլ կերպով ծնկի վրա դրած։ Ծերունու խոսքերի մեջ նա զգում էր մի ճշմարտություն, այն է, որ ինքը ոչ մի պաշտպան չունե։ Այն օրից, երբ Բարաթյանի տնից ոտը դուրս կդնի, նրա անունը հարյուր տեսակ վատաբանությունների առարկա պետք է դառնա։ Այդ նա շատ լավ գիտե։ Բայց մի՞թե հենց դրա համար մնալ և շարունակել այդ դժոխային կյանքը արդեն քստմնելի դարձած մի մարդու հետ, որի շնչառությունն անգամ թունավորում է նրա օդը։
Նրա աչքի առջև, ինչպես կենդանի սպառնալիք, կանգնած էին երեխաները։ Ահա՛ բնական անխորտակելի կապը, որի առջև փշրտվում են բոլոր բարոյական ուժերը: Բայց արդյոք նրանք բախտավո՞ր են, սնվելով և կրթվելով անվերջ երկպառակությունների ազդեցության տակ։ Եթե նա երբեք չի կարող հաշտվել նրանց հոր հետ, եթե նրա սրտում արմատացած բուռն զզվանքը հավիտյան պետք է մնա այնտեղ, չէ՞ որ այդ փոքրիկները, որ օր օրի վրա հասունանում են, պետք է, վերջապես, տեսնեն, զգան և հասկանան սոսկալի եղելությունը։ Այն ժամանակ միթե նրանց զգայուն սրտերը չե՞ն փչանալ, նրանց դյուրաթեք հոգիները չե՞ն աղավաղվիլ: Ավելի լավ չէ՞, քանի որ նրանք փոքրիկ են, քանի որ ոչինչ չեն հասկանում, վաղօրոք, մի հարվածով վերջ տալ խճճված հանգույցին։ «Ոչ, ծերունի, ոչ, զուր ես ինձ համոզում, դու սխալվում ես, հերիք է ինչ որ ես քաշեցի քո որդուց։ Այժմ չեմ կարող և չեմ ուզում էլի խաբվել, էլի տանջվել»։
Մինչ այս բոլորը վայրկենաբար անցավ Գայանեի մտքով, ծերունին, յուր խոսքը ավարտած, սպասում էր պատասխանի։ Իսկ որդին տխուր դեմքով կանգնած, գլուխը մի քիչ դեպի ուսը թեքած, հեզությամբ նայում էր նրան։ Տե՛ս, ծերունի, տե՛ս, ինչքան նա ներողամիտ է, բարի, համբերող և ինչքան, ընդհակառակը, նրա կինը խստասիրտ է, կամակոր, անհաշտ։ Միթե դու հենց այս պատճառով նրան կզրկե՞ս ժառանգությունից։
— Շտո՞ժ, շա՞տ պետք է սպասենք ձերդ գերազանցության րեզոլուցիային:
Գայանեն ձեռը հեռացրեց երեսից. ոտի կանգնեց և պատասխանեց.
— Երբե՛ք չեմ հաշտվիլ:
Ծերունու կիսախուփ աչքերը կատաղությունից մի վայրկյան լայն բացվեցին: Նա գռռաց։
— Ուրեմն, կորի՛ր, անա...
— Պա՛պա,— ընդհատեց որդին խիստ ձայնով։
— Յա, բրատ, այժմ հասկանում եմ ամեն բան։ Բրա՛տ, էտո ֆուրիա, թող գնա, ուր որ ուզում է...
— Աստծու տաճարի առաջ երդվել եմ մինչև մահ իմ կնոջ հետ ապրել,— ասաց Իսակը հանդարտ ձայնով, որի կեղծ հնչյունը միայն Գայանեի համար կարող էր զգալի լինել,— և պատրաստ եմ ապրել:
Հետո նա դարձավ կնոջը և ավելացրեց.
— Իսկ եթե ձեզ, տիկին, այնքան զզվացրել եմ, որ իմ բարեսիրտ հոր աղաչանքն էլ չեք հարգում, ես մեղավոր չեմ... բարի ճանապարհ։ — Դա-սս, բարի ճանապարհ, — կրկնեց ծերունին, — երեխաները կմնան մեզ մոտ։ Կարող եմ ասել, մարդամ, որ նրանք վովսյակոմ սլուչայե, Բարաթովների տանը լավ կկրթվեն։ Մենք շատ պակասություններ ունինք, բայց ոչ հիմար ենք, ոչ էլ անկիրթ:
Գայանեն սարսափած նայեց նախ որդուն, ապա հորը։ Նա այնպես զգաց, թե ընկել է երկու անխիղճ դահիճների ձեռքը, որոնք բութ դանակով կտրում են նրա սրտի ամենազգայուն կտորը։ Բայց նա գիտեր, որ այդպես էլ պետք է լինի, որ Բարաթյանները երբեք չեն համաձայնվիլ երեխաներին իրան տալ: Նա գունատ էր ինչպես կտավ և միայն աչքերի մեջ վարվում էր մի տարօրինակ կրակ։ Դա մայրական կատաղի սիրո փայլն էր։
Մեկը դրսից կամացուկ երեք անգամ զարկեց դռներին։ Գայանեն սթափվեց, խելքը գլուխը ժողովեց և, մի քանի վայրկյան իրան իշխելով, գոչեց.
— Ոչ, դուք մինչև անգամ այդ սպառնալիքով չեք կարող ինձ փոխել:
Բարաթյանը դռները բաց արեց, երևաց Վեքիլյանի կերպարանքը։
— Ախ, ներեցեք, որ այսպես անժամանակ եկա,— ասաց իրավաբանը մշտական ժպիտի փոխանակ մի շինովի տրտմություն երեսին.— ես եկել եմ մի ցավալի լուր հաղորդելու։
Եվ, դառնալով Գայանեին, ավելացրեց.
— Պյոտր Սոլոմոնիչը մեռնում է և ուզում է ձեզ վերջին անգամ տեսնել:
Լուրը սարսափեցրեց Գերասիմ Գերասիմիչին։ Կարծես, դա սեփական մահվան նախերգանքն էր։
— Խե՛ղճ Պետրոս,— գոչեց նա հուզված,— ինչո՞ւ այդպես շուտ, խեղճ Պետրոս...
Նա ոչինչ տեղեկություն չուներ Պյոտր Սոլոմոնիչի ընտանեկան դժբախտության մասին, թեև լսել էր նրա կաթվածահար լինելը։
Մի վայրկյան Գայանեն տատանվեց. գնա՞լ արդյոք, հանդիպե՞լ Աննային նույնիսկ յուր տան մեջ։ Բայց նա այնքան հարգում էր և սիրում էր յուր քեռիին, որ չգնալ չէր կարող:
Առանց ուշացնելու նա հագնվեց և իսկույն ուղևորվեց դեպի այն տունը, ուր վաղուց ոտք չէր դրել։ Վեքիլյանի հետ կառքում նստած, նա ամբողջ ճանապարհը մի բառ անգամ չարտասանեց։ Նա դեռ տեղի ունեցած տեսարանի թարմ տպավորության տակ էր։ Ներկան նրա համար որոշվեց, քանդվեց այն փտած կապը, որ մինչև այժմ առերես պահում էր նրան նախկին դրության մեջ։ Իսկ ապագան ներկայացնում է անորոշ խառնուրդ, անթափանցելի քաոս։ Մերթ նրան թվում էր, որ յուր արածը անհաշիվ, լավ չմտածված, գուցե վտանգավոր քայլ է, մերթ նա աշխատում էր համոզել ինքն իրան, որ ընդհակառակը դա շատ հասարակ, շատ սովորական բան է։ Մի բան, որ ուրիշները անում են առանց տանջվելու, առանց հասարակական կարծիքի վրա ուշադրություն դարձնելու։
Նա այնքան կլանված էր յուր մտքերով, որ ոչինչ չէր տեսնում, ոչինչ չէր լսում։ Նա չէր նկատում յուր ծանոթներին, որ աջ ու ձախից բարևելով անցնում էին։ Մի վայրկյան միայն նա, կարծես, մի տեսակ մոխրագույն գոլորշիի մեջ նշմարեց մի շատ ծանոթ կերպարանք, որ կանգնած էր մի փողոցի անկյունում և մռայլ հայացքով ուղեկցում էր նրան։ Նա կրկին նայեց այն կողմ և ակամա մի ցնցում զգաց։ Դա Դիմաքսյանն էր։ Սիրո՞ւմ է նա արդյոք այդ ամենքից հալածված մարդուն, որ նրա աչքում այժմ ամենքից խելոք է, ամենքից ազնիվ, ամենքից մաքուր և բարձր։ Այո՛, սիրում է։ Ոչ, ոչ, դա ախ սերը չէ, որ կնոջը մոռացնել է տալիս ամեն բան, և՛ հասարակական նախապաշարմունքներ, և՛ բամբասանք, և՛ շատ անգամ նույնիսկ զավակներին։ Դա մինչև անգամ սեր չէ, այլ սիրո պատվանդանին հասնող, նրա պես պայծառ, նրանից մեղմ, բայց ավելի հուսալի և հարատև մի զգացում է, — հարգանք և երկրպագություն համոզմունքների գերի և վսեմ ձգտումների տեր մի մարդու առջև...
Դիմաքսյանն ուղեկցեց աչքերով Գայանեին, մինչև որ կառքը բոլորովին անհետացավ փողոցի ծայրում։ Հետո երկար ժամանակ մնաց միևնույն տեղը անշարժ: Հիշեց այն օրը, երբ Գայանեն ուրախ ու զվարթ դեմքով կարեթի մեջ նստած սլանում էր Բարաթյանի հետ դեպի երկաթուղու կայարանը։ Հիշեց բոլոր յուր տառապանքները, որ կրել էր մինչև այդ օրը և այնուհետև։ Համեմատեց այն ժամանակվա Գայանեին այժմյանի հետ։ Որքա՜ն փոփոխություն։ Այն դեմքը, որի յուրաքանչյուր գիծը այն ժամանակ արտահայտում էր անհուն երջանկություն, այժմ ինչպե՜ս սքողվել էր դառն տխրությունով։ Բայց այս տխրությունը այժմ բոլորովին ուրիշ ազդեցություն գործեց նրա վրա։ Բնազդմամբ զգաց, որ անկասկած մի արտաքո կարգի բան է պատահել Գայանեին։
«Միթե արդեն բաժանվե՞լ է ամուսնուց», մտածեց Դիմաքսյանը մարգարեաբար, և մի ինչ-որ անբացատրելի վայրկենական ուրախություն համակեց նրա սիրտը։
VII
Երբ Գայանեն մտավ Պյոտր Սոլոմոնիչի սենյակը, այնտեղ տիրում էր այն խորին սրբազան լռությունը, որ մահվան ներկայությունն է զգալ տալիս։ Լուսամուտների ծանր վարագույրները ցած էին իջեցրած, սենյակը կիսով չափ մութն էր։ Երեխաներին նոր հեռացրել էին ծերունու մոտից։ Չէր երևում նույնպես և տիկին Բախտամյանը։ Միայն Օվսաննան էր նստած հիվանդի գլխի մոտ, աչքերը արտասուքով թաց։ Ավելի մոտիկ նստած էր բժիշկը, հիվանդի բազուկը բռնած։
Քայլերի ձայն լսելով, Պյոտր Սորոմոնիչը ծանրությամբ աչքերը բաց արեց և ձեռը թույլ կերպով շարժեց։ Գայանեն թեքվեց, համբուրեց այդ ձեռը, թույլ տալով, որ ծերունին յուր պշկած, պաղ շրթունքները հպի նրա ճակատին։ Նա նստեց մահճակալի մոտ, թաշկինակը սեղմելով աչքերին և աշխատելով զսպել արտասուքը, որ խեղդում էր նրա կոկորդը։ Տառապյալ ծերունին նրա սիրտն էր մորմոքումդ «Խե՛ղճ մարդ, դու քո սխալանքի զոհ դարձրիր թե՛ քեզ, թե՛ քո պատիվը և թե ինձ...»
Նա ուժ չունեցավ իրան զսպելու, սկսեց հեկեկալ, փաթաթվելով Օվսաննային, որ յուր քրոջը տեսնելու վայրկյանից արդեն հեկեկում էր։ Հիվանդը Վեքիլյանին նշան արեց։ Իրավաբանը հանեց նրա բարձի տակից կտակագիրը և կարդաց այն հատվածը, որ վերաբերվում էր Գայանեին։ Ծերունին աչքերը սևեռել էր յուր քեռորդու երեսին և շրթունքների մեղմիկ շարժումով արտահայտում էր յուր սրտի գոհունակությունը։ Նա խոսելու ընդունակությունը կես ժամ էր կորցրել էր։
— Օ՜օ, ես սրբությամբ կկատարեմ ձեր կամքը,— գոչեց Գայանեն բարձր ձայնով, որ հիվանդի թմրած լսելիքին հասնի և նրա պաղ ձեռը նորից ամուր սեղմեց յուր շրթունքներին,— ես իմ անձը կզոհեմ այդ նպատակին, բարեսի՛րտ, թանկագի՛ն քեռի...»
Ծերունու հողագույն դեմքով անցավ շնորհակալության պարզ ցոլմունքը։
Գայանեն մնաց մեռնողի մոտ մինչև վերջին վայրկյան, ծերունու վերջին հայացքը սառավ նրա վրա, դրոշմելով նրա փափկացած սրտի վրա մի նոր, անջնջելի վիշտ։
Նույն րոպեին պատկառելի քաղաքացու մահը, բերանից-բերան անցնելով, տարածվեց համարյա ամբողջ քաղաքում։ Իսկ հետևյալ օրը նրա կտակի բովանդակությունը հայտնի եղավ ամբողջ հասարակությանը։ Օրվա հերոսները Ամբակում Աֆանասևիչը և Վեքիլյանն էին։ Իրավաբանը, ոչ առանց պարծանքի, հաղորդում էր յուր բարեկամներին կտակի բոլոր մանրամասնությունները։ Նա շատ ջանք է արել ծերունուն դեպի բարեգործություն թեքելու, և նրա ջանքը պսակվեց հաջողությամբ։ Այո՛, եթե նա չլիներ, Էջմիածնի ճեմարանը և Ներսեսյան դպրոցը իսկի գրոշ կստանայի՞ն։
Եվ այսպես նա անխնա խլում էր հանգուցյալ Պյոտր Սոլոմոնիչի փառքի պսակի տերևները, բոլորը յուր անձնական ազդեցությանը վերագրելով, մի չնչին մաս էլ հատկացնելով Ամբակում Աֆանասևիչին։ Հապա՛, ահա ինչ կարելի է անել համբերությամբ, զգուշությամբ և խոհեմությամբ։ Թող այժմ «խելագարը» կամ խելագարները ինչքան ուզում են հարձակվեն նրա վրա։
Նա իսկույն այցելեց մի բարեկամ խմբագրի։ Եվ ծերունու թաղման օրը հրատարակվեց հանգուցյալի հիշատակին մի հոդված, ուր «ճշմարիտ ազգասերների ազդեցությունը» գովաբանված էր ճարտասանական ծաղկազարդ ոճով:
«Կան մարդիկ,— ասված էր այդ հոդվածում,— իրանց հարազատ հորը գերեզման են ուղարկում վատ վարվողությամբ, որ նրանց փողերը վատնեն իրանց խղճալի անձի վրա: Այդպիսիներից պետք է զզվանքով երես դարձնել: Բայց կան այնպիսի բուն ազգասեր երիտասարդներ, որ ամեն մի մեռնող ազգականի մոտ դառն վշտերի մեջ էլ իրանց եկեղեցու ու ազգի կարիքն են հոգում: Փառք և պատի՛վ այդպիսիներին...»։
Կային և՛ այնպիսի մարդիկ, որ միմյանց ականջին շշնջում էին այն փոքրիկ գումարի մասին, որ «բուն ազգասերները» շպրտել էին պանեգիրիստ խմբագրին։ — Մի չնչին մասն այն հազարներից, որ կտակակատարները «արտաքո կտակի» կորզել էին հանգուցյալից։
Գայանեն յուր քեռիի տանը մնաց հինգ օր, ամեն կերպ աշխատելով երես առ երես չհանդիպել տիկին Բախտամյանին։ Հանգուցյալի թաղումից հետո երեկոյան դարձյալ Օվսաննայի հետ երկար խորհրդակցություն ունեցավ քեռիի սենյակում։ Այնտեղ էր նաև օրիորդ Կարինյանը։
Հետևյալ օրը առավոտյան Օվսաննան մտավ Աննայի սենյակը, ուր այրիացած տիկինը փակված էր ամբողջ օրը: Նա երկու խոսքով հայտնեց, թե Պյոտր Սոլոմոնիչի մահից հետո ինքը այլևս չի կարող ապրել նրա տանը։
Օրիորդի այս անսպասելի վճիռը տիկին Բախտամյանը վերագրեց Գայանեի ազդեցությանը։ Պյոտր Սոլոմոնիչի կտակում մանրամասն բացատրված էր Օվսաննայի հայրական ժառանգության գործը։ Այն անշարժ կալվածքը, որ պատկանում էր նրան և Գայանեին, կես մասով հատկացրած էր օրիորդին, որ պետք է տիրեր նրան երկու ու կես տարուց ետ։
— Ինչպես ուզում եք, այնպես արեք,— արտասանեց տիկին Բախտամյանը սաստիկ վրդովված։
Նա իսկապես հոգով ուրախ էր Օվսաննայի հեռանալուն, բայց վրդովվեց, որովհետև օրիորդի նյութական անկախ դրությունը նրա նախանձը շարժեց։ Մի արհամարհական հայացքով չափելով օրիորդին ոտից մինչև գլուխ, ավելացրեց. — Ամոթ չլինի հարցնելը, որտե՞ղ եք ուզում գնալ...
— Օրիորդ Կարինյանի մոտ։
— Օհո՜, լա՛վ տեղ եք գնում։ Նա ազատություն սիրող, դուք էլ... Է՛հ, տերը ձեզ հետ։ Բայց ես զարմանում եմ, ինչու ձեր քրոջ մոտ չեք գնում։
Այստեղ Օվսաննան հուզված հաղորղեց Գայանեի որոշումը. նրանք այսուհետև երկու քույր պետք է բնակվեն օրիորդ Կարինյանի մոտ։
— Ի՛նչ, ուրեմն քույրդ մարդուց բաժանվո՞ւմ է,— գոչեց Բախտամյանը, մի տեսակ ուրախություն զգալով։
Օվսաննան գլխով անորոշ շարժում արեց։ Տիկինը անսպասելի աշխույժ ստացած ոտքի կանգնեց և սկսեց արագ-արագ անցուդարձ անել սենյակում։ Նա փորձեց Օվսաննայից գործի մանրամասնությունները իմանալու։ Բայց օրիորդը համառությամբ պնդում էր, թե ինքը ավելի ոչինչ չգիտե և չի կարող ասել։
Նույն օրը երեկոյան Գայանեն Օվսաննայի հետ տեղափոխվեց օրիորդ Կարինյանի մոտ։ Վերջին ժամին տեղի ունեցավ մի սրտահույզ տեսարան։ Օվսաննան չկարողացավ սառնարյուն բաժանվել այն տնից, ուր նա անց էր կացրել յուր մանկությունն ու պատանեկությունը և այժմ նոր-նոր սկսում էր յուր չափահասությունը։ Հավաքելով և դասավորելով յուր հագուստեղենը սնդուկի մեջ, նա անդադար լալիս էր: Ամեն մի չնչին իր հիշեցնում էր նրան յուր անցկացրած ուրախ և տխուր օրերը։ Նույն րոպեին, երբ նա արդեն պատրաստվել էր դուրս գնալու, Լիզոչկան և Էլեչկան փաթաթվեցին նրա պարանոցին և չէին ուզում բաժանվել նրանից։ Բայց տիկին Բախտամյանը մոտեցավ և, խստությամբ բռնելով ձեռներից, հեռացրեց նրանց օրիորդից։
VIII
Վաղուց բժիշկ Սալամբեկյանը նկատում էր, որ Դիմաքսյանը չափից դուրս շատ է հետաքրքրված Գայանեի վիճակով։ Նա զգում էր, որ յուր ընկերը սիրում է տիկնոջը և այդ սերը նոր չէ, բայց թե որքան նա զորեղ է — չգիտեր։ Բարաթյանների բաժանվելու լուրը առաջինը նա հաղորդեց Դիմաքսյանին: Որքան Գայանեի արածը սպասելի լիներ Դիմաքսյանի համար, այնուամենայնիվ լուրը խոր տպավորություն գործեց նրա վրա։ Այնուհետև նա աշխատում էր ստեպ-ստեպ տեսնվել Սալամբեկյանի հետ։ Բժիշկը ամեն օր այցելում էր օրիորդ Կարինյանին և Գայանեին, հանդիպում, բնական էր ուրեմն, որ միայն նա կարող էր ճիշտ տեղեկություններ տալ Դիմաքսյանին։
Մի օր նա ասաց, թե նախընթաց երեկոյան դայակը երեխաներին բերել էր Գայանեի մոտ։ Բարաթյանը համաձայնվել է, որ շաբաթը մի կամ երկու անգամ մայրը տեսնվի յուր զավակների հետ։ Բժիշկ Սալամբեկյանի ասելով, դա նրա կողմից մի ճարպիկ միջոց էր հասարակության աչքում բարեսիրտ ու ներողամիտ մարդ երևալու, նրա համակրանքին արժանանալու։ Այսպես թե այնպես, Դիմաքսյանը փոքր-ինչ ուրախացավ Գայանեի համար, որ բոլորովին չէր զրկվում յուր երեխաներից։ Այժմ նրա առաջին մտատանջությունը տիկնոջ վիճակն էր, և ամեն մի թեթևություն այդ վիճակի մեջ նրան մխիթարանք էր պատճառում։ Ահա ինչու մի անգամ նա հարցրեց՝ արդյոք ի՞նչ են մտածում օրիորդ Կարինյանը և բժիշկ Սալամբեկյանը Գայանեի արածի մասին։ Թե՛ մեկի և թե՛ մյուսի կարծիքը նշանակություն ուներ, որովհետև նրանց հարաբերությունից էր մասամբ կախված Գայանեի վիճակը։ Իսկ Դիմաքսյանը գիտեր, որ շրջապատողների մի թեթև աններողամտությունն անգամ կարող է ճնշող ներգործություն ունենալ Գայանեի վրա։
— Իմ կարծիքով,— պատասխանեց Սալամբեկյանը նրա հարցին,— դա միակ ելքն էր, ուրիշը չկար նրա համար։
— Նույնիսկ եթե հասարակությունն էլ բամբասի։
— Հասարակությո՞ւնը... եթե նա հոգեբանական րեզոններ ընդունում է — չպիտի բամբասի մի այդպիսի կնոջ։ Եթե չի ընդունում, կնշանակի նա բռնակալ է։ Իսկ բռնակալին ներելի է դիմադրել:
Օրերը անցնում էին, Դիմաքսյանի անհանգստությունը քանի գնում ավելանում էր։ Նա ցանկանում էր Գայանեի հետ գեթ մի անգամ տեսնվել, անձամբ իմանալ նրա դրությունը: Բայց չէր վստահանում գնալ նրա մոտ, մի կողմից քաշվելով օրիորդ Կարինյանից և բժիշկ Սալամբեկյանից, մյուս կողմից՝ խնայելով Գայանեի անունը, որ առանց այն էլ բամբասանքի առարկա էր։
Վերջապես, առիթը մոտեցավ. դա Սալամբեկյանի ամուսնությունն էր Կարինյանի հետ։ Երջանի՛կ բժիշկ, որքա՛ն նա ուրախ էր, գոնե Դիմաքսյանի աչքում, և ի՛նչ աշխույժ էր ստացել։ Կարծես, դա այն ծույլ ու դանդաղ մարդը չէր, որ դեռ երկու տարի առաջ մեջքի վրա պառկում էր ամեն օր և կրկնում. «աշխարհը դատարկ բան է»։ Արդյոք սերը չէ՞ր, որ այդ դատարկությունը լրացրեց նրա համար։
Բժիշկը վճռել էր, որ հարսանիքը համեստ լինի։ Հրավիրված էին միայն նրա և օրիորդի ամենամոտիկ ազգականներն ու ծանոթները։ Հարսանիքը մի տեսակ ընկերական խնջույքի էր նմանվում։ Միայն այրի Բոլումբաշյանը չէր ուզում հաշտվել այդ անշքության հետ։ Նա երեկույթի կառավարիչն էր, հանդիմանում էր օրիորդին, որ համաձայնվել էր բժշկի խորհրդով յուր հարուստ ազգականներին չհրավիրել։ Բայց և այնպես նա աշխատում էր աշխույժ հյուրընկալ լինել: Նա հագնվել էր ինչպես մի վրաց իշխանուհի։ Մետաքսյա լայն փեշերը հատակին քսելով, մեջքից մի զույգ գույնզգույն երկայն ժապավեններ կապած, նա սահում էր սենյակից սենյակ ինչպես թևերը փռած սիրամարգ։
Հարսանիքի նախընթաց օրը օրիորդ Կարինյանը խնդրեց յուր փեսացվին անձամբ գնալ Մսերյանի մոտ և «թյուրիմացություններին» վերջ տալ։ Բժիշկը անտրտունջ կատարեց նրա խնդիրը, մանավանդ որ ինքն էլ ուզում էր հաշտվել յուր ընկերոջ հետ։
Կարելի էր կարծել, թե իդեալիստը յուր ախոյանին կընդունի դժկամությամբ կամ չի ընդունիլ բոլորովին։ Այնինչ հակառակը պատահեց։ Նա քիչ մնաց հուզմունքից արտասվեր, երբ յուր լուսամուտի առջև տեսավ ընկերոջ կերպարանքը։ Դա նրա բարի բնավորության խոշոր հակասություններից մեկն էր։ Նա ընդունեց Սալամբեկյանին այնպես, որ, կարծես, ոչինչ չէր անցել նրանց մեջ, շնորհավորեց, բայց հրաժարվեց հարսանիքին ներկա լինելուց։ Բժիշկը չթախանձեց, չէր կարելի մի մարդուց ավելի վեհանձնության պահանջել։ Նա այնքան զգացվեց, որ չկարողացավ իրան զսպել, փաթաթվեց ընկերոջ պարանոցին և համբուրվեց նրա հետ։
Երբ այս սրտառուչ տեսարանի պատմությունը օրիորդ Կարինյանը լսեց, նրա աչքերը արտասուքով լցվեցին։
— Ես համոզված եմ,— ասաց նա,— որ Մսերյանը քո ամենաանկեղծ բարեկամներից մեկն է։
Մինչդեռ բոլոր հրավիրվածները արդեն եկել էին, Դիմաքսյանը Գայանեին փնտրում էր և չէր տեսնում։ Մի՞թե նա ամաչում է երևալ հասարակության մեջ կամ գուցե հիվա՞նդ է։ Դիմաքսյանը մոտեցավ օրիորդ Կարինյանին, որ երջանիկ ժպիտը երեսին պսակադրության զգեստով նստած էր պայծառ լուսավորված դահլիճի ծայրում։
Լսվեց դաշնամուրի ձայնը։ Հյուրերը քաշվեցին դահլիճի պատերի տակ, պարողներին տեղ տալու համար։ Դիմաքսյանը, հարսնացվին շնորհավորելուց և նրա հետ մի փոքր խոսելուց հետո, հեռացավ հանդիսականներից, կանգնեց ոչ հեռու դեպի պատշգամբ նայող լուսամուտից։ Նա նայում էր պարողներին և մտածում Գայանեի մասին։ Հանկարծ վարագույրի հետևից նրա ականջին հասավ մի խոսակցություն, որի մեջ հիշվում էր նրա ազգանունը։ Նա զգաց, որ իրան բամբասում են, հեռացավ լուսամուտից, մտավ հանդիսականների շարքը։
Մի ժամ անցած նա, առանձին կառք նստած, հետևում էր հարսանիքի հանդեսին դեպի եկեղեցի։ Հոգեկան վատ տրամադրության մեջ նա չկամեցավ ոչ ոքի հետ ընկերանալ, որպեսզի ստիպված չլինի խոսակցել։
Տարօրինակ ու մռայլ տպավորություն գործեց նրա վրա ներսից լուսավորված և դրսից խավար եկեղեցին։ Երկնքի մթին հորիզոնի վրա նկարված էր նրա ութանկյունանի գմբեթը, ինչպես մի անշուք ներկայացուցիչ դարավոր հաստատության։ Մի կոթող, որ վայրկենաբար հիշեցրեց նրան քրիստոնեական գաղափարների երկար դարերի թագավորությունը։ Նեղ ու երկայնաձև պատուհանները իրանց աղոտ կաթնագույն լույսով նայում էին ինչպես թախծալի և խորհրդավոր աչքեր: Նա ներս մտավ սիրտը լցված բանաստեղծական զգացումներով և պատկառանքով գլուխը խոնարհեցրեց վաղեմի սրբության առջև։ Քարաշեն սյուների և պատերի մթին պաղությունը նրա սրտի մեջ տարածեց մի նոր ջերմություն։ Յուր ազգի պատմությունը նկարվեց նրա հոգու մեջ, ինչպես երկար դարերի մթության մեջ կորած մի ամբողջ կյանք։ Վերակենդանացան նրա աչքի առջև այն բոլոր մարտիրոսները, որոնց տվայտանքով պահպանվել էր այդ կյանքը և հասել ներկա օրերին։ Պատկերացավ մի տառապող ժողովրդի ներկան, որ ունեցել էր անցյալ և այդ անցյալը ապագային կտակելու համար յուր միջից տվել էր անձնազոհ նահատակների մի անվերջ շարք։ Ազգի հետ մի հոգի, մի արյուն դարձած, նրանք դարեր շարունակ մաքառեցին քրիստոնեական լուսավոր գաղափարների համար։
«Ո՛չ, մրմնջացին Դիմաքսյանի շրթունքները, իմ կրծքե մեջ մեռած չէ նվիրական զգացումը և չի մեռնիլ հավիտյան։ Ես հավատում եմ հավատի անհաղթելի ուժին, ես կմաքառեմ միայն այդ ուժին ապավինելով։ Հեռո՛ւ ինձանից սպանիչ հուսահատություն։ Ես ուզում եմ ապրել և գործել մի անբախտ ժողովրդի համար, ես նրա հարազատ զավակն եմ։ Անմահ նահատակներ, ներշնչեցե՛ք ինձ ձեր համբերության և տոկունության հոգին, տվե՛ք ինձ մի չնչին մաս ձեր ուժից։ Ժամանակներն անցան, ձեր պաշտպանած ազգի պահանջներն այժմ փոխվել են, բայց ձեր նման անվեհեր զինվորների կարիքը կա և կմնա, քանի որ գոյություն ունե այս թշվառ ժողովուրդը...»։
Մինչ նա խորասուզված էր այս մտքերի մեջ, եկեղեցին հետզհետե լցվում էր հետաքրքիր ամբոխով։ Պսակվողները չէին երևում բազմաթիվ գլուխների շարքում, որ երկու կենդանի պատեր էին կազմել եկեղեցու երկարությամբ։ Լսվեցին երգիչ տիրացուների աններդաշնակ ձայները, ընդհանուր շշուկները և իրարանցումը սաստկացան։ Մի րոպե ամեն ինչ լռեց, ամբոխը կուտվեց մի տեղ, շրջապատելով պսակվողներին։
«Որդի՛, հնազա՞նդ ես մինչև մահ»։ Վայրկենաբար Դիմաքսյանի մտքերը կենտրոնացան պսակ կատարող քահանայի այս բառերի վրա։
«Ինչո՞ւ չէ, կհնազանդվի, բայց ոչ մոլորություններին և անառակություններին, այլ առաքինությանը։ Կհնազանդվի փոխադարձ գաղափարական համակրությանը, ոչ խաբեբայությանը, ոչ անառակությանը... Միթե մեծ մարդասերը մարմնացած բողոք և վրեժխնդրություն չէ՞ր թույլերի, խաբվածների, ճնշվածների համար՝ զորավորների դեմ։ Միթե նա կարո՞ղ էր ստրկություն քարոզել։ Ո՛չ, նրա սերն անհուն էր դեպի անհատի ազատությունը։ Նա չասաց, թե օրենքները պետք է քարացնել և նրանց ամբողջ ծանրությամբ ճնշել մարդկանց հոգին...»։
«Ո՛չ, ո՛չ, հազար անգամ ոչ, Գայանեն չէր կարող մինչև մահ հնազանդ լինել։ Արձակեցե՛ք նրա կաշկանդված ձեռները, թողե՛ք նա ազատվի։ Կամ դարձրեք նրա կողակցին նրա չափ մաքուր... ինչ որ պահանջում եք մեկից, պահանջեցեք և մյուսից...»։
Նա կանգնած էր խոնավ պատի տակ, քարաշեն սյունի ստվերում, հեռու հանդեսից, գլուխը մտքերի ծանրությունից կրծքին թեքած։
Ամբոխի միջից լսվում էին ծիծաղ, քրքիջ, սրախոսություններ։ Խորհրդավոր հանդեսը, որ մարդկանց ճակատագիրն էր վճռում, նրանց համար արձակ զվարճության և ծաղրի առարկա էր դարձել։
Երբ հանդեսը վերջացավ, նա զգացված մոտեցավ, շնորհավորեց երջանիկ զույգին։ Հետո դարձյալ առանձին կառք նստեց և մենակ վերադարձավ։ Նա ներս մտավ Գայանեին հանդիպելու հույսով: Ահա նա, սպիտակ կրուժևաներով զարդարած ընկուզեգույն մետաքսյա զգեստով։ Յուր ընկերուհու սիրտը չկոտրելու համար նա ուրախ հագուստ է հագել։ Նա մոտեցավ, գրկեց նորապսակ ընկերուհուն և արտասվեց։
Ամեն ինչ խառնվեց Դիմաքսյանի աչքում և դարձավ մի զույգ կապտագույն աչքեր։ Նա մոտեցավ և սկսեց խոսել Գայանեի հետ։ Հարկավ, այնքան անզգույշ չէր, որ ակնարկեր տիկնոջ ներկա վիճակը։ Ինչո՞ւ, քանի որ խոսելու նյութ կար — Պյոտր Սոլոմոնիչի կտակած ուսումնարանը։ Գայանեի դեմքը զվարթացավ։ Նա ասաց, թե աշխատում է շուտով կատարել հանգուցյալի կտակը։ Նա չգիտեր որտեղ հիմնել ուսումնարանը` Թիֆլիսո՞ւմ, թե՞ գավառական քաղաքում։ Նա չասաց տատանման պատճառը։ Հոգով ցանկանում էր հեռանալ որևէ մի խուլ անկյուն և այնտեղ հաստատվել, հեոու այն հասարակությունից, որ բամբասում էր նրան, հեռու և այն մարդուց, որին կարող է երբեմն հանդիպել։ Բայց զավակները կաշկանդում էին նրան։
Նրանք բավական երկար խոսեցին։ Գայանեի միտքը շատ էր զբաղված ուսումնարանի գործով։ Գգվանքով նա պատկերացնում էր յուր ապագա գործունեությունը։ Որքա՛ն երախտապարտ էր նա հանգուցյալ ծերունուն և քանի՜-քանի չքավորներ պետք է երախտապարտ լինեին նրան։ Նա ասաց, թե գուշակում է, ինչպես երջանիկ պետք է լինի մի մարդ, որ մի որևէ օգուտ է բերում ուրիշներին: Դիմաքսյանը շտապեց ավելացնել, թե բուն երջանկությունը հենց այդ բանի մեջ է, միայն մարդ պետք է նախ ձեռք վերցնի անձնական երջանկությունից, մոռանա նույնիսկ յուր սրտին ամենամոտիկ արարածներին։ Նա կամենում է իմանալ, արդյոք կարո՞ղ է Գայանեն առանց յուր զավակների ապրել, եթե նրանց խլեն նրանից։
Գայանեն, առանց մի խոսք ասելու, նայեց նրա երեսին երկմտաբար։ Նա գուշակեց յուր խոսակցի միտքը։ Ճի՞շտ է արդյոք, կարելի՞ է ուրիշների օգտի համար մոռանալ հարազատ զավակներին։ Նրա սիրտը մորմոքվեց, երբ մի վայրկյան մտածեց, թե կարող է բոլորովին երես դարձնել նրանցից: Ոչ, այդ անկարելի է…
Պարերը վերջացան, հյուրերը հրավիրվեցին ընթրիքի, Գայանեն հեռացավ։ Դահլիճը դատարկվեց Դիմաքսյանի համար։
Տուն վերադառնալով, նա աշխատեց մտաբերել Գայանեի բոլոր ասածները, բոլոր ձևերը և գտնել նրանց մեջ սիրո մի նշույլ։ Նրան տիրեց մի նոր վհատություն։ «Նա ինձ չէ սիրում, նա ինձ չէ կարող սիրել, կրկնում էր նա մտքում, նա միայն հարգում է ինձ…»։ Սկզբում Բարաթյանը կարծում էր, թե Գայանեն կսթափվի և կվերադառնա։ Բայց ժամանակն անցնում էր, և նրա հույսը չէր արդարանում։
Մի օր նա կանչեց Օվսաննային յուր մոտ և ամենասառն կերպով բացատրեց այն ծանր պայմանները, որոնցով շրջապատված է Գայանեն։ Նա առաջարկում էր յուր կնոջը լավ մտածել, քանի ուշ չէ, քանի հասարակությունը դեռ կասկածում է նրանց բաժանվելու մասին։ Իսկ երբ ամենքին հայտնի կլինի, այն ժամանակ ոչինչ չէ կարող օգնել, և Բարաթյանը ստիպված կլինի յուր անունը պաշտպանել։
Անփորձ Օվսաննան վախեցավ նրա սպառնալիքից, բայց քրոջից ընդունած հրահանգը ճշտությամբ կատարեց։ Գայանեն երբեք չի վերադառնալ Բարաթյանի տունը։ Նա այդ քայլը արել է երկար մտածելուց հետո։ Բարաթյանը, տեսնելով, որ օրիորդն այդպիսի եռանդով պաշտպանում է յուր քրոջը, համոզվեց, թե նրա միջոցով ոչինչ չի կարելի անել։ Վերջապես, կային բաներ, որոնց մասին անկարելի էր խոսել օրիորդի հետ։ Նա մի երկար նամակ գրեց Գայանեին, որից նա հենց նույն օրը պատասխան ստացավ։
«Եթե ձեր արածը,— գրում էր Գայանեն,— ուրիշների արածների նման լիներ, կարելի է համբերեի։ Բայց դուք դիտեք, թե ինչը ստիպեց ինձ հեռանալ ձեր տնից։ Ինձ գիշեր-ցերեկ կտանջեր այն խեղճ մարդու ուրվականը։ Նա ինձ համար երկրորդ հայր էր, դուք պետք է այս բանը հասկանայիք։ Բայց ի՞նչ արեցիք, դուք սպանեցիք նրան, և այժմ ուզում եք մի մարդասպանի, իմ հայրասպանի հետ ապրե՞մ…»։
Հետո նա գրում էր երեխաների մասին։ Ահա այն միակ կապը, որ մինչև այժմ նրան կաշկանդում էր։ Բայց այդ կապն էլ չկարողացավ նրան պահել։
«Այժմ իմ վերջին խոսքն այս է. ես խնդրում եմ, աղաչում եմ, տվե՛ք ինձ իմ երեխաներին։ Չեմ ասում, թե դուք նրանց չեք սիրում և հեշտությամբ կարող եք նրանցից բաժանվել։ Բայց, հասկացեք, նրանք իմ շունչն են, իմ կյանքը, մի զրկեք ինձ նրանցից։ Թողնում եմ ձեզ իմ հայրական կալվածը, իմ բոլոր ոսկեղենները, բոլորը, բոլորը, ինչ որ ունեի, բայց երեխաներին տվեք ինձ…»։
Դյուրին է ասել «տվեք երեխաներին»։ Եթե Բարաթյանը սիրող հայր չէ, մի՞թե այնքան անհեռատես մարդ է, որ չհասկանա, ինչ հետևանք կունենա երեխաներին իրենց մորը հանձնելը։ Մի՞թե նա չգիտե, որ այդ կնշանակե՝ լուռ կերպով հրապարակորեն հանձն առնել հանցանքի ամբողջ ծանրությունը։ Ո՛չ, այդ անկարելի է։ Թող նրա խղճի առջև Գայանեն արդար լինի, թող նա զգա, որ ինքը տմարդաբար վարվեց նրա հետ, բայց հասարակության աչքում յուր վարկը պետք է պաշտպանի։ Երեխաները պետք է մնան նրա մոտ, ինչպես նրա անմեղության գրավական մարդկանց աչքում։
Այսպես վճռելով, նա անպատասխան թողեց Գայանեի նամակը, աշխատելով մոռանալ ամեն ինչ և շարունակել յուր կյանքի սովորական ընթացքը։ Որքան նա զգույշ լիներ, որքան աշխատեր թաքցնել յուր բուն պատկերը, վերջին ժամանակ հասարակությունը սկսել էր նրա վրա ա՛յլ կերպ նայել։ Կային մարդիկ, որ նրա անունը արտասանում էին ատելությամբ, մինչև անգամ զզվանքով։ Յուր ընկերների և բարեկամների շրջանում նա զգում էր մի տեսակ ճնշում և ամոթ։ Եվ այդ ազդում էր նրա հասարակական գործունեության վրա։ Նկատելի էր, որ նա այլևս առաջվա ինքնավստահությամբ չէ կարողանում խոսել Դումայի և դպրոցական հոգաբարձության նիստերում։
Երբեմն նա հանդիպում էր Դիմաքսյանին հասարակության մեջ։ Այն մարդը, որին նա առաջ գոնե արտաքուստ կարողանում էր արհամարհանք ցույց տալ, այժմ նրա բարկությունն էր շարժում, նրան հուզում ու վրդովեցնում էր։ Պակաս չէր վրդովվում ինքը՝ Դիմաքսյանը, նրան տեսնելիս։ Բայց նա ամեն կերպ աշխատում էր ոչ մի կերպ չարտահայտել յուր վրդովմունքը։ Մի անգամ նրանք մի հասարակական հիմնարկության ընդհանուր ժողովի նիստում ունեցան մտքերի մի թեթև ընդհարում։ Երկուսն էլ նկատեցին, որ ժողովականները մի տարօրինակ ուշադրությամբ են հետևում նրանց ընդհարմանը։ Բայց Բարաթյանը շուտով վերջ տվեց յուր վեճին, ձգելով Դիմաքսյանի կողմ մի շինովի արհամարհական հայացք։ Այնուամենայնիվ նա դարձյալ զգում էր յուր հակառակորդի բարոյական ուժերի գերազանցությունը։ Մասնավոր շրջաններում, երբ Դիմաքսյանի մասին խոսք էր բացվում, աշխատում էր խույս տալ խոսակցությունից։ Նա չէր ասում, թե Դիմաքսյանը «խելագար է», «ցնորված է», կամ նույնիսկ «աննորմալ» ածականը այլևս չէր տալիս նրան։ Նա միայն լռում էր, թողնելով, որ Վեքիլյանը ապացուցանե տարածված լուրի ճշտությունը։ Նրա միտքն այժմ մեծ մասամբ կլանված էր յուր նյութական վիճակով։ Բարոյականի մասին նա շատ էլ չէր մտատանջվում։ Նա համոզված էր, որ եթե մարդիկ այսօր փոքր-ինչ ծուռ աչքով են նայում յուր վրա, վաղը կմոռանան ամեն ինչ, նորից կբարեկամանան, մինչև անգամ կխոնարհվեն նրա առջև։ Հարկավոր է միայն նյութական դիրքից չզրկվել, հարկավոր է արտաքին ջուրը միշտ բարձր պահել և օր օրի վրա ավելացնել այդ շուքը։
Այնինչ՝ նյութականի կողմից էլ նրա գործերը աննախանձելի էին։ Այն առևտրական ընկերությանը, որի բաժնետերերից մեկն էր, մեծ վնասներ էր ունեցել։ Կորուստը նրա գրպանի համար զգալի էր։ Երկու տարի էր արդեն նա գրավ էր դրել կնոջ կալվածը, և սրա եկամուտի մեծ մասը գնում էր պարտքի զեղչելուն և տոկոսներին։ Հորից ստացած թոշակը նա ոչինչ բան էր համարում։
Միակ նրա հույսը յուր ժառանգության վրա էր։ Իսկ Գերասիմ Գերասիմիչը դեռ կտակը չէր կազմել, և նրա վերջին կամքը շատ անհանգստացնում էր որդուն։ «Ով գիտե, այդ խենթ ծերունին ինչ կարող է վճռել», ասում էր նա մտքում։
Մի առավոտ նա մտավ անդամալույծի սենյակը և պատմեց Գայանեից ստացած նամակի բովանդակությունը, հարկավ, թաքցնելով Պյոտր Սոլոմոնիչին վերաբերվող կետը։ Գերասիմ Գերասիմիչը խորհրդավոր ժպտաց, լսելով յուր հարսի դրական մերժումը ամուսնական հարկի տակ վերադառնալու մասին։
— Դաա՞,— ասաց նա,— ժամանակները փոխվել են։ Իմ կնիկը մինչև մահ դիմացավ ինձ, իսկ քո կնիկը քեզ չդիմացավ, գնա՛ց։ Րազումե՜յետցա, կանայք մարդ չեն, ի՞նչ է, նրանք ապրել չե՞ն ուզում… Նա հետաքրքրվեց երեխաների հարցով։ Բարաթյանը հայտնեց նրան յուր վերջնական միտքը. ինչպես վճռված է, երեխաները նրա մոտ պետք է մնան։ Հակառակ սպասվածին, ծերունին հանկարծ վրդովվեց այդ վճռի դեմ։ Որդին զարմացած նայեց նրա երեսին. չէ՞ որ մի քանի օր առաջ Գերասիմ Գերասիմիչը ինքն էր ասում, թե երեխաները հորն են պատկանում։
— Մի ոտս գերեզմանի մեջ է,— բացատրեց ծերունին անսովոր հուզմունքով,— ուզում եմ կյանքիս վերջին օրերին մի քիչ էլ խղճմտանքիս ձայնին լսել։ Իսակ, կնիկդ խեղճ է, դասս, պրիզնայո՛ւս, շատ խեղճ է։ Ես մինչև հիմա չէի մտածել այս մասին, հիմա տեսնում եմ, որ մենք բարբարոս ենք, դասս, դեսպոտի մըի, բատյուշկա, վա՛րվարի:
Նա սկսեց պարզել յուր հանկարծակի փոփոխության պատճառը։ Հայտնեց, որ անցյալ գիշեր նա երազում տեսել է յուր կնոջը, Իսակի հանգուցյալ մորը։
— Լղար։ տո՛չնո սկելետ, նա կանգնած էր հեռվում, ինձ նշան արեց, մոտեցա։ Նա մտիկ տվեց երեսիս, տակիմ ստրա՛շնիմ վզգլյա՛դոմ, տեր աստված, տեր աստված, ես սարսափեցի։ Նա ասաց «Գերասիմ, Գերասիմ, դու խղճմտանք չունես, աստված քեզ ներքևում պատմեց, վերևումն էլ կպատմի, խելքի եկ»։ «Ի՞նչ է», հարցրի ես։ Նա ձեռով ցույց տվեց մի կողմ և պատասխանեց. «Տես»։ Ես մտիկ արեցի, և ինչ տեսա, ժո՜ւտկո, ժո՛ւտկո… Իսակ, դու մի երկար երեսսրբիչ ձեռումդ ոլորած՝ Գայանեին խեղդում էիր։ Երեխաներդ իրանց խեղճ մոր փեշը բռնած գոռում էին, այնպես գոռում, որ ես դողում էի։ Դու ուզում էիր նրանց բաժանել իրանց մորից և կնոջդ սպանել։ «Ազատի՛ր, ազատի՛ր», ասում էր մայրդ, յուր խեղճ հարսին ցույց տալով։ Այս ձայնից սարսափած զարթնեցի։ Ի՞նչ է դա, տեր աստված, ի՞նչ է, ասում էի ինքս ինձ։ Ամբողջ գիշեր «հայր մեր» ասելով եմ անցկացրել, քունը փախել էր աչքերիցս։ Եթե դու եկած չլինեիր, պետք է ես ինքս քեզ կանչեի, որ իմ միտքը հայտնեմ։ Լսիր, Իսակ, լսի՛ր, կնիկդ չէ ուզում քեզ հետ հաշտվել, շտոժ, լավ է անում, շատ լավ է անում։ Դու ինքդ էլ ուրախ ես, օօօ պո գլա՛զամ վիժու, ուրախ ես, եշչո-բի, այժմ չէ՞ որ ազատ ես, հանդիմանող չկա… Բայց ասում եմ քեզ, խնայի՛ր նրան, տուր երեխաներին նրան, նա քեզանից լավ կկրթի նրանց: Նա խելոք է, բարոյական է։ Դա, բրատ, օնա վըսյոկո նրա՛վստվեննայա ժե՛նշչինա…
Այս անսպասելի փոփոխությունը սառ ջրի ազդեցություն ունեցավ Բարաթյանի վրա։ Նա սկսեց մեղադրել յուր կնոջը և պաշտպանել իրան։ Նա առաջ բերեց այն պատճառները, որոնց հիման վրա չէր ուզում երեխաներին տալ իրանց մորը։ Բայց չօգնեց։ Ծերունին զարմանալի համառությամբ պաշտպանում էր յուր հարսին, որդուն անվանելով «անբարոյական, շռայլ, կնոջ փողերով մարդ դարձած»։ Իսկ երբ որդին շարունակեց հակառակել, ծերունին կատաղեց, փրփրաց և քիչ էր մնում խեղդվի։ Նա բղավեց խռպոտ ձայնով և կապտեց լեղակի պես։ Որդին վախեցավ. նա կարծում էր, որ հայրը մեռնում է առանց հաղորդվելու, առանց յուր վերջին կամքը արտահայտելու։ Բայց մի փոքր անցած՝ ծերունին նորից ուշքի եկավ և արտասանեց.
— Տեսնո՞ւմ ես, մեռնում եմ…
Որդին նստեց նրա մոտ, աշխատելով հանգստացնել նրան։ Անդամալույծը լայն բաց արեց կիսախուփ աչքերը և սուր հայացքով նայեց նրա եիեսին։
— Օ՜օ, քո աչքերի մեջ կարդում եմ փուչ երիտասարդությանս բոլոր մեղքերը… Ո՛չ, ո՛չ, կամ պետք է կատարես իմ կամքը, կամ թե չէ ես քեզ զրկում եմ ժառանգությունից… Ես չեմ ուզում այն կյանքումն էլ տանջվել, երազս ինձ սարսափեցնում է…
Բարաթյանը ժամանակ խնդրեց հորից նրա պահանջի մասին մտածելու և հեռացավ յուր սենյակը։ Հարցը, արդարև, դժվար լուծելի էր: Ինչպե՞ս վճռել նրան։ Մի՞թե արհամարհել ծերունու սպառնալիքը, խաբե՞լ նրան, խոսք տալ երեխաներին իրանց մորը հանձնելու և հետո չկատարե՞լ։ Այստեղ նրա խիղճը սկսեց բողոքել. ի՞նչ ծայրահեղ ստորություն. խաբել հարազատ հորը գերեզմանի ծայրին հասած։ Ավելի լավ չէ ուղղակի մերժել նրա պահանջը։ Բայց ի՞նչ, միթե ժառանգությունից զրկվե՞լ: Ինչո՞ւ համար, ի՞նչ պատճառով: Ա՛հ, թուլություն, ա՛հ, հիմարություն։ «Ի՞նչ եմ ուզում ես ապացուցանել հասարակությանը, երեխաներին իմ մոտ պահելով։ Որ ես հավատարիմ ամուսի՞ն էի։ Ո՞վ կհավատա ինձ, ո՞ւմ կարող եմ ես խաբել։ Նախապաշարմունք, անմիտ, ծաղրելի և ծիծաղելի նախապաշարմունք, որի անունով միմիայն ապուշը կհամաձայնվի զրկվել մի ամբողջ ժառանգությունից, այն էլ իմ այժմյան նյութական վատ հանգամանքներում»։
Ամբողջ գիշերը նա այդ մասին էր մտածում՝ յուր սենյակում առանձնացած։ Առավոտյան որոշյալ ժամին նա ներկայացավ ծերունուն և հայտնեց նրա յուր վճիռը։ Նա ընդունում է հոր պայմանները, նա ինքն էլ համոզված է, որ Գայանեն երեխաներին ավելի լավ կկրթի, քան թե ինքը։ Գերասիմ Գերասիմիչը հանգստացավ։ Կարծես, նա յուր ուսերից մի ծանր բեռ ձգեց։ Հետևյալ օրը նա յուր կտակը կազմեց Իսակի անունով։ Նույն օրը երեկոյան Բարաթյանը նստած էր յուր առանձնասենյակում և հաշվում էր յուր հոր կարողության չափը։ Ներս մտավ ծառան, և հանձնեց մի փոքրիկ ծրար։ Նա բաց արեց ծրարը անհամբերությամբ։ Նա գիտեր ումից է նամակը, կարդաց և հոնքերը կիտեց։
— Լա՛վ,— դարձավ նա ծառային,— ասա այս նամակը բերողին՝ «լավ»։
Եվ ծրարը, նամակի հետ պահելով, ճրագի վրա այրեց, մոխիր դարձրեց…
X
Մի ժամ անցած, երբ արդեն բոլորովին մութն էր, Բարաթյանը աջ ու ձախ նայելով, մտավ Բախտամյանների բնակարանը։ Ոչ ոք նրան չդիմավորեց, ոչ ծառա, ոչ աղախին և ոչ տանտիրուհին։
Դռները բաց էին, ամբողջ տան մեջ տիրում էր անսովոր լռություն։ Կարծես, երեխաներն անգամ այնտեղ չէին։ Մի կանթեղ կիսով չափ լուսավորում էր նախասենյակը։ Առանց վերարկուն հանելու, Բարաթյանը մտավ ներս, անցավ ընդարձակ դահլիճը և գնաց մի ուրիշ սենյակ։ Այստեղ թավշյա բազկաթոռի վրա նստած էր այրիացած տիկին Բախտամյանը, ձեռները կրծքին ծալած և աչքերը դռներին հառած։ Տեսնելով Բարաթյանին, նա հառաչեց, տեղից թեթև շարժվեց, առանց ոտքի կանգնելու: Նա հագած էր սև հագուստ, որ նրա դեմքի գունատությունը ավելի պարզ էր կացուցանում: Նրա նիհարած երեսը, կնճռված ճակատը և սղմված շրթունքները արտահայտում էին սգավոր այրիի բոլոր նշանները։
Նրանք լուռ սեղմեցին միմյանց ձեռը. Բարաթյանը վերարկուն ձգեց անկյունում դրած մի աթոռի վրա և նստեց տիկնոջ հանդեպ՝ գլխարկը ձեռին բռնած, ինչպես կարճ միջոցով եկած մի հյուր։ Տիկինը անսովոր լրջությամբ և սառն եղանակով ասաց, թե Բարաթյանին հրավիրել է մի շատ կարևոր գործի համար։ Նա խնդրեց առայժմ ոչինչ չհարցնել վերջին ժամանակվա պատահած անցքերի մասին. նրանք առանց այն էլ պարզ են Բարաթյանի համար։ Շրթունքները ներքին խռովությունից անխնա կրծոտելով, նա բացատրեց յուր ներկա դրությունը և նկարագրեց յուր կյանքը մռայլ գույներով: Նա սեփական տանը ապրում է ինչպես մի օտարական։ Նրա փողերով նրան ողորմություն են անում, նա յուր գլխի տերը չէ։
— Պետք է ինձ օգնես, ավարտեց նա յուր խոսքը,— ես ուրիշ հույս չունեմ, բացի քեզանից։
«Դու»-ով խոսելը այս անգամ Բարաթյանին դուր չեկավ։ Նա շտապեց եղանակը փոխել և հարցրեց, թե արդյոք ինչպես կարող է օգնել տիկնոջը։
— Պետք է այն ծերունու կտակը քանդել,— պատասխանեց այրին վճռողական եղանակով և համառոտ։
Բարաթյանը զարմացած նայեց նրա երեսին։ Նույն վճռողական եղանակով այրին կրկնեց յուր ասածը։ Այո, պետք է Պյոտր Սոլոմոնիչի կտակը անպատճառ քանդել, այստեղ զարմանալու ոչինչ բան չկա, ծերունու խելքը գլխին չի եղել կտակը կազմելիս, նրան խաբել են անաստվածները։
— Այդ կրթված ավազակ Վեքիլովը և այն ուղտապան Ամբակում Աֆանասևիչը, երկուսն էլ գող են, սրիկա են, պետք է նրանց դեմ դատ բաց անել։
— Ասացեք խնդրեմ, ո՞վ է ձեզ այդ խորհուրդը տվել,— հարցրեց Բարաթյանը։
— Ոչ ոք, ես ինքս եմ մտածել այս մասին: Իմ դրությունը այնպես է, որ ես ուրիշ միջոց չունիմ այդ խաբեբաներից ազատվելու։ Տասնուչորս տարի շարունակ ես տանջվել եմ, չարչարվել մի «քավթառի» ձեռքին, գերիի պես ծառայել եմ նրան հիվանդ ժամանակ, հազար տեսակ հայհոյանքներ եմ լսել։ Սիրելո՞ւց եմ արել, հա, հա, հա… Միթե այժմ էլ ուրիշնե՞րը պետք է ինձ տանջեն։ Ոչ, ոչ, ես չեմ կարող այս տեսակ անպատվության դիմանալ։ Պետք է կտակը քանդել և ժառանգությանը իմ անունով հաստատվել, որովհետև ես եմ միայն Պյոտր Սոլոմոնիչ Բախտամովի օրինավոր ժառանգը, երեխաները իմն են — ոչ թե Վեքիլովինը կամ Սարզափովինը։
Բարաթյանը հանդարտ և անվրդով սկսեց բացատրել, թե մի կտակ, որ կազմված է նոտարի ձեռքով, օրինական կարգով և որ շուտով պետք է հաստատվի կառավարությունից, չի կարելի քանդել։
— Ի՞նչ անեմ նոտարիուսի ձեռքով է կազմված,— գոչեց այրին զայրացած,— նոտարիուսը խոմ թագավոր չէ, որ նրա արածը փոխել չլինի։
Բարաթյանը մի րոպե ընկավ մտատանջության մեջ։ Տիկնոջ դրությունը նրա համար հասկանալի էր, բայց ինչո՞վ կարող է օգնել նրան։ Նա աշխատեց նրան համոզել, որ թողնի յուր վտանգավոր միտքը և համբերությամբ հպատակվի յուր ճակատագրին։ Օրենքի դեմ նրանք ոչինչ չեն կարող անել, բացի իրանց անունը խայտառակելուց։
— Դուք ուրեմն վախենում եք խայտառակությունից,— ընդհատեց այրին, ավելի ու ավելի զայրանալով,— իսկ ես չեմ վախենում։ Այո, ոչ մի բանից չեմ վախենում, որովհետև առանց այդ էլ խայտառակված եմ… հենց ձեր պատճառով…
Բարաթյանը անտարբեր նայում էր վրդովված այրիի երեսին, որի մկանունքները ցնցվում էին ամեն մի բառ արտասանելիս։ Այդ րոպեին նա հանկարծ զգաց մի անբացատրելի ատելություն դեպի այդ կինը, նկատելով նրա ճակատի վրա, բերանի անկյուններում և աչքերի տակերում բարակ խորշեր։ Գեղեցկուհին մի վայրկյան այնքան տգեղացած և ծերացած թվաց նրան, որ նա երեսը մի կողմ դարձրեց յուր վատ տպավորությունը թաքցնելու համար։ Բայց այրին գուշակեց նրա միտքը։ Նրա աչքերը պսպղացին, երևան եկավ բնական կատաղությունը կանացի խայթված ինքնասիրության հետ։
— Ահա ինչ մարդ եք եղել, ես չէի իմանում, գոչեց նա, ձեռներով ճանկռոտելով սեղանի սփռոցը,— ահա իմ վարձը… վախկո՛տ։
Նա, ատամները կրճտելով, մի կերպ իրան զսպեց, որպեսզի ավելի խիստ ածական չտա այն մարդուն, որին հանձնել էր յուր պատիվը և որից սակայն դեռ հույս ուներ օգնություն ստանալու։ Այնինչ` Բարաթյանը մազաչափ չկորցրեց յուր սառնասրտությունը։ Նա հանդարտ եղանակով շարունակեց բացատրել բոլոր հանգամանքները։ Մարդը սխալական է, տիկինը մոլորվեց, նա ինքն էլ մոլորվեց։ Միթե հենց այս պատճառով նրանք իրենց անունը պետք է թղթախաղի՞ տան։ Եթե առաջարկությունը անիրագործելի չլիներ, նա կընդուներ։ Նա պատրաստ է ամեն բանում օգնել տիկնոջը։ Բայց այս բանում — ոչ, չի կարող հակառակ յուր կամքին և ցանկության։
— Երևակայեցեք, հանկարծ երկուսս միասին մի օր ներկայանում ենք դատաստանին, ինչպես միևնույն գործի համար համերաշխ ընկերներ։ Ո՞վ եմ ես ձեզ համար, ո՞վ եք դուք ինձ համար։— Օտարներ։ Եթե մեր մեջ կար մի ազգակցական կապ, այն էլ հայտնի է ձեզ, քանդվեց — ձեր ամուսնու քրոջ աղջիկը այժմ իմ կինը չէ։ Ուրեմն ի՞նչ եք պահանջում, ասացեք։
— Դուք եք ինձ անբախտացնողը, դուք էլ պետք է ազատեք ինձ այս դրությունից:
Բարաթյանը, ուսերը թոթվելով, ժպտաց և կծու հեգնությամբ պատասխանեց.
— Երբ երկու մարդ իրանց հաճույքի համար գողանում են ուրիշների պատիվը և իրանք են զրկվում պատվից ոչ մեկը իրավունք չունե մյուսին մեղադրելու։ Մեր մեղքերը հավասար են, երկուսս էլ հանցավոր ենք։ Եթե դուք անբախտ եք, ես էլ շատ բախտավոր չեմ։ Ձեռք վերցնենք միմյանցից, թողնենք մեր սխալները և մեր անունը ազատենք մարդկանց բամբասանքից։
— Ազատենք մեր անունը , հա, հա, հա՛, ազատենք, հա, հա հա…
Եվ այրին մի րոպեաչափ իստերիկական ծիծաղից բազկաթոռի մեջ երերվելով, ձեռներով ճմլում էր բատիստյա թաշկինակը։ Վերջապես, նա մի քիչ խաղաղվեց, նորից կատաղեց և խեղդված ձայնով գոչեց.
— Խաբեբա…
— Տիկի՛ն…
Արտասանելով վիրավորական բառը, այրին դարձյալ փոխվեց։ Կարծես, նույն վայրկյանին զղջաց, որ այնքան հեռու գնաց։ Նրա շունչը սկսեց սպառվել, կուրծքը ուժգին բարձրացավ, կոկորդի բարակ, կապույտ թափանցիկ երակները փքվեցին։ Նա սկսեց հեկեկալ, արտասանելով. «Ես անբախտ եմ… ես ատելի եմ… խայտառակված…»։
Մի րոպե Բարաթյանը խղճաց այրիին։ Բայց կրկին նայեց նրա երեսին, ձեռների երկար մատներին և նորից ատելությունը շարժվեց նրա սրտում։ Այդ կինը, որ մի ժամանակ այնպես կուրացրել էր նրան, այժմ թվում էր հրող, ատելի և զզվելի մի էակ։
Այրին արտասուքը սրբեց։ Նա այլևս առաջվանը չէր։ Խեղճացած, ընկճված, նա սկսեց աղերսել Բարաթյանին, որ կամ ինքը օգնի կամ որևէ ելք ցույց տա այժմյան դրությունից դուրս գալու։ Նա կվարձատրե նրան առատ ձեռքով, կտա նրան ժառանգության մի մասը, քառորդը, մինչև անգամ ամբողջ կեսը, միայն թե ինքը յուր գլխի տերը լինի։
Մի քանի վայրկյան տիկնոջ խոստացած կաշառը գրավեց Բարաթյանին։ Եթե նրա ձեռքը անցնի Բախտամյանի ժառանգության տասներորդ մասն անգամ, նա կրկնակի կհարստանա։ Նա մտատանջության մեջ ընկավ, տատանվեց, եղավ մի վայրկյան, երբ կամեցավ խոսք տալ այրիին օգնելու։ Բայց նորից հիշեց այն ծանր պատասխանատվությունը, որ պետք է հանձն առներ, նորից պատկերացավ նրա առջև դատաստանի սոսկալի պերսպեկտիվը, հասարակական կարծիքի ճնշող ծանրությունը, և նա ցնցվեց։ Ոչ, ոչ, նա այդ չի կարող անել, վտանգավոր է, փոխանակ շահելու, կարող է կորցնել…
Նա կամացուկ վեր կացավ տեղից և ձեռը հանդարտ մեկնեց տանտիրուհուն, որը յուր կապտած շրթունքները ամուր սեղմելով, նայեց նրա երեսին և նույնպես ոտքի կանգնեց։ Այլևս այրին կասկած չուներ, որ Բարաթյանը բոլորովին սառել է դեպի նա և անկարելի է նրա մեջ գրգռել նախկին զգացումը։ Վայրկենաբար նրա մեջ բորբոքվեց մի ցանկություն — փաթաթվել այդ մարդու պարանոցին և խեղդել նրան յուր տարփալից գրկի մեջ։ Բայց պաղսիրտ սիրականի անտարբեր հայացքը բևեռեց նրան տեղն ու տեղը։ Նա կատաղությունից ճանկռտեց յուր երեսը, տեսնելով այդ հայացքի մեջ մի պարզ զզվանք, որ ծայրահեղ հանդգնության և անխղճության էր հասնում։ Նա չգիտեր ինչ աներ, ինչպես պատմեր այդ մարդուն, որպեսզի սա հավիտյան հիշե այդ պատիժը և հավիտյան տանջվի։
Բարաթյանը նույն սառնությունը երեսին գլուխ տվեց, վերցրեց վերարկուն և դիմեց դեպի դռները։ Ա՛ա, ուրեմն ոչ մի խոսք, ոչ մի բացատրություն, ոչ մի իրողություն։ Նա գնո՞ւմ է, և երբեք չպի՞տի վերադառնա։ Այրին մի քանի քայլ արեց նրա հետևից և հանկարծ կանգ առավ, մտածեց, նորից առաջ գնաց։ Նա վազեց մյուս սենյակ և, Բարաթյանի ճանապարհը կտրելով, գոչեց.
— Կա՛ց…
Այն վայրկյանին, երբ Բարաթյանը նայեց այրիի այլայլված դեմքին, կիսախավար սենյակի լռության մեջ լսվեց մի ամուր ապտակի ձայն։
— Այժմ կորի՛ր…
Բարաթյանը ոչ մի խոսք չարտասանեց, ոչ մի ձայն չհանեց։ Միայն բնազդմամբ նայեց շուրջը և գդակը հագնելով շտապեց դեպի դուրս։ Ընդարձակ մարմարյա սանդուղքի վրա նրա արյունը խփեց գլխին, երբ յուր աջ այտի վրա զգաց մի տաքություն։ Մի՞թե նա այնքան ընկավ, ստորացավ… Վերադառնա՞լ արդյոք, պատժի փոխարենը հատուցանե՞լ։ Բայց ո՞ւմ։ Մի հուսախափված, մի անբախտ կնոջ, որ կրքերից կուրացած ինքն էլ չիմացավ ինչ արեց: Ոչ, չպիտի իզուր տեղը աղմուկ հանել։ Կանցնի, կմոռացվի, ինչպես ամեն բան անցնում է և մոռացվում աշխարհի երեսին…
Եվ յուր հուզմունքը խեղդելու համար նա վառեց մի ծխախոտ, սկսեց արագ-արագ ծխել: Նա նստեց առաջին պատահած կառքը և կառապանին հրամայեց քշել հեռու, հեռու, թեկուզ քաղաքից դուրս։ Պետք է մի փոքր զբոսնել, հանգստանալ, ցրել ծանր մտքերը։
Մի ժամ անցած նա մտավ կլուբ։ Նա ձգեց վերարկուն սպասավորի վրա, շտապով մոտեցավ հայելուն իբրև թե փողկապը ուղղելու համար։ Ապտակի ոչ մի հետք, ոչ մի նշան չի մնացել նրա կլորիկ, մսալի երեսի վրա։ Նա կարող է ապահով երևալ մարդկանց մեջ։ Նա հանդարտ քայլերով բարձրացավ սանդուղքով և սովորական քաղցր ժպիտը երեսին բարևեց յուր ծանոթներին ու բարեկամներին։
XI
Գարնան առաջին օրերը հասնելուն պես Դիմաքսյանի գլխում միտք հղացավ թողնել ամեն ինչ և հեռանալ մի որևէ տեղ։ Նա տեսնում էր, որ քանի հասարակությունը սկսել է կասկածով նայել նրա վրա — ոչ մի գործի չի կարող ձեռնարկել և քանի Գայանեի պատկերը հալածում է նրան — ոչ մի բանի մասին հանգիստ և լուրջ մտածել չի կարող։
Մինչդեռ անգործությունը գրգռում էր նրա նյարդերը և ավելի հիվանդացնում։ Մանավանդ վրդովվում էր նա, մտածելով, թե որքան անզոր է յուր սրտի մի զգացումը զսպելու խելքի ուժով։ Ինչո՞ւ, մի՞թե նա այնքան տկար է, որ չի կարող բռնանալ յուր հոգու վրա, կեղծել, ստել և բուռն սիրով տոգորված մարդու փոխարեն հարգող բարեկամ ձևանալ, կամ ոչ այս լինել, ոչ այն։
Սկզբում նա մտածեց ուղևորվել Եվրոպա, և այն մտքով, որ այլևս այնտեղից չվերադառնա։ Նա ազատ է, անկախ, մենակ և նյութապես ապահով։ Կգնա մի որևէ քաղաքակիրթ երկիր, կսկսի պարապվել գիտություններով և մի ազգի համար աշխատելու փոխարեն — կաշխատի ամբողջ մարդկության օգտին։ Ի՛նչ նախապաշարմունք՝ ծառայել անպատճառ այն հասարակության, որին բախտի բերմամբ պատկանում ես։ ՉԷ՞ որ այս հասարակությունն էլ ամբողջի մասնիկն է, չէ՞ որ ամեն մի անհատ նախ յուր ընտանիքի անդամն է, ապա յուր ժողովրդի, ապա մարդկության։ Եթե ազգի համար ներելի է մոռանալ ծնողներ, ընտանիք, ինչո՞ւ ներելի չէ մոռանալ և՛ ազգին, այդ փոքրիկ մասնավորին, խոշոր ընդհանուրի համար։ Միթե մարդը մարդ չի՞ մնում ամեն մի շրջանում, միթե մի հողից մյուսը տեղափոխվելով զրկվո՞ւմ է յուր արժանավորություններից։
«Կթողնեմ այս տգետ, խավար շրջանը և ինձ համար կընտրեմ մի առողջարար և կենսատու շրջան, ուր կարող եմ ազատ շնչել, գործել և գնահատվել...»։
Այսպես էր մտածում նա սկզբում։ Բայց շուտով նրա գլխում ծագեցին ուրիշ մտքեր, որ եկան հերքելու և ոչնչացնելու այդ բոլորը։ Նա տեսավ, որ յուր դատողությունները հիմնում է մի տեսակ սոփեստության վրա։ Նա զգաց, որ կամենալով փախչել մայրենի շրջանից, աշխատում է ոչ միայն յուր փախուստը արդարացնել շաբլոնական գաղափարներով, այլև նրանից ստեղծել մի ինչ-որ բարոյական սկզբունք։
Չէ՞ որ առաջ հենց ինքը պնդում էր, թե առանց մասնավորի չկա ընդհանուր երջանկություն։ Միթե տմարդություն չի՞ լինիլ թողնել մի անբախտ ժողովուրդ, երես դարձնել նրանից, և ինչո՞ւ։ Այն պատճառով, որ այդ ժողովրդի դեմքը տգե՞ղ է, այլանդա՞կ, դարերի ընթացքում կրած զրկանքներից աղավաղվա՞ծ։ Եվ ո՞ր խելացի օտարը գրկաբաց կընդունի յուր հարազատ շրջանից փախած մարդուն. ո՞վ կարդարացնի այն որդուն, որ յուր քաղցած, հիվանդ հորը երեսի վրա ձգելով, կգնա սպասավորելու մի հարուստ ազգականի, որ իսկի կարոտ էլ չէ նրա օգնությանը։
«Վերջապես, ես ի՞նչ մեծ տառապանք քաշեցի, որ այսպես վհատվում եմ։ Ծիծաղելի չի՞ լինիլ արդյոք ինքս ինձ նահատակ համարեմ այն ժամանակ, երբ իմ գլուխը դեռ շատ և շատ հեռու է փշյա պսակին արժանանալուց...»։
Կապեցին նրա ճանապարհը այստեղ, մի ուրիշ տեղ ճանապարհ կգտնի։ Միայն նեխված ճահիճն է մնում միևնույն փոսի մեջ անշարժ, ընթացող ջուրը միշտ յուր համար ելք է գտնում։
Մինչ այս խորհրդածությունները պաշարել էին նրան, գարձյալ Գայանեի պատկերը չէր հեռանում նրա աչքի առջևից։
Մի օր ճաշից հետո նա դուրս եկավ զբոսնելու։ Նա դիմեց դեպի քաղաքից դուրս գտնվող մի բարձրավանդակ, ուր մի նեղ ուղի տանում էր շրջակա լեռներից մեկը։ Նա դանդաղ քայլերով բարձրանում էր այդ ուղիով դեպի վեր, երբ հետևից լսեց յուր անունը։ Նա հետ նայեց և տեսավ, որ բժիշկ Սալամբեկյանը յուր ամուսնու հետ թև թևի տված բարձրանում է նույն ճանապարհով։ Սպասեց և միացավ նրանց։ Հասնելով մի փոքրիկ տափարակի, տիկին Սալամբեկյանը բաց թողեց յուր ամուսնու թևը և հոգնած նստեց մի մամռապատ քարի վրա։
Նրանց աչքի առջև տարածված էր մի գեղեցիկ տեսարան։ Ամբողջ քաղաքը երևում էր ներքևում ինչպես մի սիրուն պանորամա, որին մի առանձին կենդանություն էր տալիս դեղնագույն Քուռի օղակ-օղակ ընթացքը։
— Ես այստեղից մեր տունը տեսնում եմ,— ընդհատեց լռությունը տիկին Սալամբեկյանը,— ահա մեր պատշգամբը, այն կանաչ կտուրի տակ։ Կարող եմ երդվել, որ այնտեղ կանգնած է Գայանեն։ Ահա նա շարժվեց։ Այն մյուսն էլ, երևի, Օվսաննան է։ Ինչքան խնդրեցի, Գայանեն չուզեց մեզ հետ գալ։ Տխուր է, միշտ տխուր, խեղճ կին...
Վերջին բառերը տիկինը արտասանեց հազիվ լսելի ձայնով և հառաչեց։ Դիմաքսյանը հայացքը հառել էր դեպի հեռու։ Նրա մտքերը վայրկենաբար թռան ահա այնտեղ, ուր հազիվ նշմարվում էր Գայանեի անորոշ կերպարանքը։ Նա չլսեց, երբ բժիշկը առաջարկեց մի փոքր ևս դեպի վեր բարձրանալ։ Երբ սթափվեց, բախտավոր զույգն արդեն բավական հեռացել էր։ Նա շտապեց հասնել նրանց և, յուր հուզմունքը թաքցնելու համար, սկսեց խոսել առօրյա բաների մասին։
Մի ժամի չափ նրանք բարձրավանդակի վրա այս ու այն կողմ սպանելուց և շրջակայքը դիտելուց հետո ցած եկան մի ուրիշ ուղիով, Տիկին Սալամբեկյանը հրավիրեց Դիմաքսյանին թեյի, բժիշկը թախանձեց, և նա հրավերը ընդունեց։
Երբ նրանք ներս մտան, Գայանեն դեռ կանգնած էր պատշգամբի վրա ձեռին մի հեռադիտակ բռնած։ Նա ասաց, թե հեռվից դիտում էր Սալամբեկյաններին և նկատեց, որ մի երրորդ անձ մոտեցավ նրանց։ Օվսաննան բժշկին տվեց մի այցետոմս, ասելով, թե կես ժամ առաջ մի անծանոթ մարդ բերեց։
— Իմ հիվանդներից մեկն է ուղարկել,— ասաց բժիշկը և շտապեց գնալ, խնդրելով Դիմաքսյանին, որ նա մնա մինչև յուր վերադարձը։
Օրը մթնում էր, արևը արդեն մայր էր մտել և նրա վերջին ճառագայթները անդրադառնում էին երկնակամարի վրա։ Ընդարձակ և մաքուր բակում տարածվել էր մեղմ իրիկնային զովը։ Օվսաննան, տիկին Սալամբեկյանը, Գայանեն և Դիմաքսյանը նստած էին պատշգամբի վրա՝ մի փոքրիկ շրջան կազմած։ Գայանեն պատասխանում էր Դիմաքսյանի հարցերին յուր ուսումնարանի մասին։ Նա արդեն թույլտվություն էր ստացել և առաջիկա աշնանը պետք է գործը սկսեր։ Վճռել էր ուսումնարանը բաց անել քաղաքի աղքատ թաղերից մեկում, մի եկեղեցու գավթում, չքավոր դասի աղջկանց համար։ Դպրոցի շինությունը պատրաստ էր, հարկավոր էր միայն մի փոքր նրան վերանորոգել։ Ուսումը պետք է ավանդվեր ձրի։ Ինքը Գայանեն պեաք է հանձն առներ ուսուցչուհիներից մեկի պաշտոնը։ Նա ասում էր, թե գիմնազիոնում ուսածից շատ բան մոռացել է և պետք է ամառվա ընթացքում պարապվի մոռացածները հիշելու համար։
Դիմաքսյանը թեև խոսակցում էր նույն բանի մասին, բայց միտքը շատ հեռու էր խոսակցության նյութից, և կարելի էր կարծել, որ նա ձանձրանում է։
Տիկին Սալամբեկյանը գնաց յուր գիշերօթիկ սաներին նայելու։ Օվսաննան հետևեց նրան, որ աղախնին հրամայե սամովարը դնելու։
Գայանեն և Դիմաքսյանը մնացին դեմուդեմ մենակ։ Բակի մի անկյունում փայլեց մի դեղնագույն բան և ծառայի վառած լապտերի շողքերը տարածվեցին կարմիր աղյուսի փոշիով հարթած գետնի վրա։
Մի ինչ-որ ծանր, բայց ախորժելի զգացում տիրեց Դիմաքսյանի սրտին։ Ուրախություն էր այդ, թե թախիծ — չգիտեր։ Մերթ նայում էր Գայանեի կիսով չափ լուսավորված դեմքին, մերթ դեպի բակը։ Երբեմն աջ ձեռով սեղմում էր յուր ճակատը, կարծես, յուր գլխից մի միտք հեռացնելու համար։
Գայանեն խոսում էր միայն լուռ չմնալու համար — եղանակի զովության, անցած ձմեռվա ցրտերի, առաջիկա շոգերի մասին։
Դիմաքսյանը նրա ոչ մի խոսքը անուշադիր չէր թողնում, բայց և ոչ մի խոսքով չէր հետաքրքրվում։ Նա զգում էր, որ փոքր առ փոքր կորցնում է յուր սառնությունը։ Նա ցանկանում էր շուտով տիկին Սալամբեկյանը կամ Օվսաննան դուրս գային պատշգամբ, բայց միևնույն ժամանակ, ուրախ էր, որ ոչ մեկը դեռ չի երևում։
Մի վայրկյան նա ուզեց տեղից վեր կենալ, հրաժեշտ տալ, հեռանալ և, կարծես, փախչել մի նախազգուշացվող վտանգից։ Բայց մի ուրիշ զգացում նրան բևեռել էր աթոռի վրա և չէր թողնում տեղից շարժվել։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել և հազիվ կարողանում էր զսպել իրան, որպեսզի չարտահայտի այն, ինչ որ անհաղթելի ուժով ձգտում էր ինքն իրան արտահայտելու։
Նա նկատեց, որ Գայանեն ուզում է վեր կենալ, կամ գուցե այսպես թվաց նրան։ Նա ինքը ոտքի կանգնեց, չգիտեր ինչու համար, և բնազդումով նայեց չորս կողմ։ Ոչ ոք չկար, ոչ մի ձայն չէր լսվում կամ գոնե նա ինքը չէր լսում, բացի յուր սրտի բաբախումից, որ քանի գնում այնքան սաստկանում էր։
— Եղանակը ցրտանում է, դուք չե՞ք մրսիլ,— ասաց նա և իսկույն փոշմանեց, որ ասաց, որովհետև ինքն յուր ձայնի մեջ զգաց կեղծ, անախորժ հնչյուն։