Մարտին Բուղդանիչը, չգիտեմ ինչու, այս անգամ անունս սովորականից ավելի կոշտ արտասանելով։ Նա մոտեցավ և ձեռքս սեղմեց։
— Բարով, բարով, քանի՞ ամառ է, քանի՞ ձմեռ է, որ մեզ մոռացել եք,— շարունակեց նա, անխնա քերելով յուր կոկորդը сколько բառը ասելիս, որ չորս անգամ դուրս բերի к տառը։
Մենք գնացինք ներս։ Ներկայացավ և զուգված, զարդարված Եվգենյան՝ անփոփոխ հեգնական ժպիտը յուր խորամանկ երեսին։ Մենք սկսեցինք խոսել Մարտին Բուղդանիչի սիրեցյալ քաղաքական հարցերի մասին։ Բայց, զարմանալի բան, որքան աշխատում էի, այս անգամ ծերունին բանը չէր երկարացնում։ Իսկ Եվգենյան երեսիս անգամ չէր նայում։ Լիզան աչքերի տակով նայում էր ինձ ու ժպտում, երբեմն էլ ծածուկ ծիծաղում։ Երբ նա ժպտում էր, ես ևս ժպտում էի, իսկ երբ ծիծաղում էր, չէի համարձակվում ծիծաղել։ Նա մերթ ընդ մերթ նայում էր յուր քրոջ և հոր երեսին և հետո ինձ վրա ձգում թափանցող հայացքներ։ Պարզ էր, որ նա կամենում էր իմանալ, ինչ տպավորություն է անում ինձ վրա հոր և քրոջ այն օրվա սառնությունը և միևնույն ժամանակ, կարծես, նրանց փոխարեն ամաչում էր ինքը։ Տեսնելով, որ բանս մի քիչ լավ չէ, ես շտապեցի դուրս գնալ։ Եվ դուրս եկա թեթևացած։ Լիզայի սերը այս անգամ ինձ համար անկասկածելի էր։ Փա՛հ, ի՛նչ շուտ է չորանում կոկորդս։
Արզաս Պետրովիչը գարեջրից մի փոքր կում արեց։
— Այսպես, Գևորգ,— շարունակեց նա, բերանը սրբելով,— ինձ համար մասամբ պարզվեց Լիզան։ Մնում էր միայն մի բան, դա էլ շուտով կատարվեց։ Մյուս օրն երեկոյան ես գնացի կլուբ։ Ընտանեկան երեկո էր։ Ես ի բնե չէի սիրում պարել, այս պատճառով, մի անկյուն քաշված, ականջ էի դնում երաժշտության։ Հանկարծ հետ նայեցի և տեսնեմ — Լիզան, հովհարը ձեռին, կանգնած։
— Հայրս ընթերցարանում կարդում է, Ժենյան էլ պարում է, ես մենակ եմ,— ասաց նա։
Հայտնի բան է, ես իսկույն ուրախությամբ ընկերացա Լիզային։ Երաժշտական խումբը նվագում էր։ Լիզայի առաջարկությամբ
մենք գնացինք այգի զբոսնելու։ Այստեղ ոչ ոք չկար․ ամենքը ռոտոնդայում ժողովված, մտիկ էին անում պարողներին։ Խաղաղ և զով երեկո էր։ Մի քանի շրջաններ անելուց հետո, չգիտեմ ինչպես, հանկարծ ինձ Լիզայի հետ տեսա մի մութ ծառուղիում, ուր ոչ ոք չէր երևում։ Մենք նստեցինք կանաչ նստարաններից մեկի վրա, իրարու քով։ Նա լուռ էր, ես էլ լուռ էի։ Նա ասում էր, թե երաժշտություն է լսում, ես հավատացնում էի, թե հափշտակված եմ գեղեցիկ երկնքով։ (Ո՛վ գիտե, այն րոպեին գուցե երկինքը իսկի գեղեցիկ էլ չէր)։ Երկուսս էլ իրարու խաբում էինք, և երկուսս էլ գիտեինք, որ սուտ ենք ասում։ Իմ միտքը զբաղված էր նրանով, նրա միտքը զբաղված էր ինձանով։ Ուրիշ ոչինչ․ ո՛չ երաժշտություն և ոչ էլ երկինք։ Ավելի հարմար ժամանակ չէի կարող գտնել իմ սիրտը պարզելու համար (թեև տեղը այնքան էլ հարմար չէր)։ Ես շտապեցի օգտվել դեպքից։ Եվ գիտես ինչպես, ո՛չ խոսակցություն, ո՛չ բանաստեղծական ճարտարաբանություն, ոչինչ։ Ահա ինչպես։ — Լիզայի ձեռքում կար մի վարդ։ Ես խնդրեցի այդ վարդը նրանից։ Նա առաջարկեց ինձ և կրկին հետ քաշեց իր ձեռը։ Ես բռնեցի նրա ձեռքից, որ ուժով խլեմ վարդը։ Նա ընդդիմացավ, բայց վարդը մոտեցրեց քթիս, որ ես հոտ առնեմ։ Ես բռնեցի նրա բազկից և, մի տաք համբույր կպցրի նրա մատներին։ Նա ձեռը արագությամբ հետ խլեց։ Ես աջ ձեռքով գրկելով նրա մեջքը, այս անգամ համբուրեցի երեսը։ «Ի՛նչ եք անում, խելագարվել եք, ի՛նչ է»,— ասաց նա, իբրև թե աշխատելով ձեռիցս դուրս պրծնել, մինչդեռ ինքը մոտենում էր ինձ։ Ես ուզեցի խոսքերով արտահայտել իմ զգացումը։ Լիզան ձեռը դրեց բերանիս, որ լռեմ։ «Սո՛ւս,— ասաց նա,— գիտեմ ինչ ես ուզում ասել, գուցե ռոմանների մեջ հազար անգամ գրված միատեսակ բառեր»։ Ես լռեցի և սկսեցի իրարու հետևից համբյուրներ դրոշմել նրա ձեռներին, թշերին, վզին, գլխին և մինչև անգամ հագուստին։ Այս բոլորը կատարվում էր լուռ։ Նա քիչ դողում էր, իսկ իմ շրթունքները ցուրտ կտրածի պես կպչում էին ատամներիս։ Գրազ կգամ, որ նույն ժամին իմ դեմքը շատ հիմար պիտի լիներ։ Անցել էր մի ժամու չափ, մենք ուրախությամբ այդ դրության մեջ կմնայինք, մինչև լույս։ Բայց այդ չէր կարելի, և Լիզան առաջինը հիշեցրեց, թե հարկավոր է գնալ,
եթե ոչ՝ հայրը կկասկածի։ Ես հարցրի, ե՞րբ կարող ենք տեսնվել։ Պատասխան ստացա, թե կարող եմ ամեն օր այցելել իրանց տունը։
— Միայն առավոտները, ժամը տասնումեկից հետո,— ասաց Լիզան,— այդ ժամանակ հայրս կլուբ լրագիրներ կարդալու է գնում մինչև երկու ժամ։
— Իսկ Եվգենյա Մարտինովնա՞ն,— հարցրի ես։
— Հեշտ է, նրա գաղտնիքն էլ իմ ձեռքում է,— պատասխանեց Լիզան ծիծաղելով, և մենք բաժանվեցինք։
Արդարև, Եվգենյան մի հիմար ռոման ուներ մի ինչ-որ լպստված ֆրանտի հետ, որին ես մինչև այդ ժամանակ մի անգամ տեսել էի Բադամովի տանը։
Հետևյալ օրը, նշանակյալ ժամին, ես Լիզայի մոտն էի։
Մարտին Բուղդանիչը իսկապես տանը չէր։ Եվգենյան տանն էր, ինչպես հետո Լիզան ասաց, բայց իմ ներկայությամբ չերևաց։ Լիզան նստած էր դահլիճում, մի հայերեն գիրք ձեռքում բռնած։ Երբ ես ներս մտա, նա շփոթված, գիրքը մի կողմ ձգեց։
— Մի՞թե հայերեն գիտես,— եղավ իմ առաջին հարցը։
— Շատ քիչ, բայց ուզում եմ սովորել։
— Չէի սպասում։
Մենք նայեցինք իրարու և հասկացանք միմյանց միտքը։ Կես րոպեի չափ մենք լռեցինք։
— Արշակ,— ընդհատեց նա լռությունը, առաջին անգամ արտասանելով իմ հայերեն անունը։
Եվ այդ Արշակ բառը նա արտասանեց այնպիսի լուրջ եղանակով, որ ես մի քիչ վախեցա։
— Արշակ,— շարունակեց նա,— ես կարծում եմ, որ այսուհետև կարող ենք դեն ձգել մեր դիմակները և խոսել պարզ ու անկեղծ։
— Մի՞թե մինչև հիմա մենք դիմակներ ունեինք,— հարցրի ես զարմացած։
— Ո՛չ դիմակ, այլ մի թեթև քող, որի տակից շատ պարզ երևում էր մեր իսկական դեմքը։ Մենք վաղուց էինք իրարու սիրում, դա դու էլ գիտեիր, ես էլ, բայց դարձյալ այդ քողը պահում էինք։
Նա անհրաժեշտ է սիրահարվածներին մինչև երեկվա ժամը, այնուհետև ավելորդ է։ Լսի՛ր, ես կամենում եմ քեզ ծանոթացնել Լիզայի հետ, որին դու սիրում ես, հետո պահանջելու եմ քեզանից, որ դու էլ ծանոթացնես ինձ Արշակի հետ, որին ես սիրում եմ։
Մենք համբուրվեցինք։ Լիզան շարունակեց։
— Երեկ տուն վերադառնալով, ես մինչև գիշերվա կեսը մտածում էի քո մասին։ Մտածում էի, արդյոք, քո սերը հաստատ է, թե ոչ։ Չկարծես, որ վայրկյան անգամ մտածել եմ, թե միգուցե դու ևս պատկանում ես այն թեթևամիտների շարքին, որոնք հարուստ հարսնացվի առջև դիմակ հագած, ծաղրածվի դեր են կատարում փափուկ օժիտի համար։ Ամենևին։ Ես միայն մտածում էի, արդյոք, սիրում ես ինձ, թե դա մի ժամանակավոր հափշտակություն է քո կողմից, որ շուտով պիտի անցնի։ Բայց վերցրի այս ամիսուկեսվա մեր ծանոթությունը, քննեցի առաջին օրից մինչև այժմ քո վերաբերությունը դեպի ինձ և զգացի, որ քո սերը հաստատ է և անկեղծ։ «Զգացի» եմ ասում, որովհետև ես մեծ հավատ ունիմ դեպի իմ զգացումների անսխալությունը։ Քո խորհրդավոր հայացքները, քո գույնի փոփոխությունը, վերջապես, տասն օրվա քո բացակայությունն, իբրև զորեղ վկաներ, կենդանացան իմ առջև, և վերջը վճռեցի այն, որ ահա ես քեզ հետ եմ։
Ես Լիզայի խոսքն ընդհատեցի ջերմ համբույրով։
— Սպասիր, մի՛ տաքանար,— շարունակեց նա։— Չեմ թաքցնում, որ հենց առաջին անգամից, երբ քեզ տեսա, մի ինչ-որ զգացում ծագեց իմ մեջ։ Ես զգացի քո մեջ մի ուժ, որ ինձ մղում է դեպի քեզ։ Դաշնամուրից փախչելուս, քո բացակայության ժամանակ տխրելուս (ես սուտ էի ասում, թե հիվանդ եմ) պատճառը դու չէիր, այլ այն ուժը, պարզ չգիտեմ։ Մինչև այն օրը իմ ծանոթ տղամարդիկ բոլորն էլ ինձ համար մի-մի աննշան էակներ էին, որոնց մեջ չէի գտնում այդ գրավիչ զորությունը, որ միանգամից հպատակեցրեց իմ սիրտը։ Արշակ, շատերն են ինձանով գրավվել։ Ես չեմ ասիլ, իհարկե, որ ամենքն էլ իմ հիսուն հազարի օժիտը դրել են կշռի մի թաթում, իսկ ինձ — մյուս թաթում։— Ո՛չ եղել են և՛ անկեղծ սիրողներ, բայց ոչ մեկը նրանցից չի կարողացել հպատակեցնել ինձ։ Կրկնում եմ, Արշակ, չգիտեմ ինչ է այդ զորությունը,
ես նրան գտնում էի միայն վիպական հերոսների մեջ։— Բայց այժմ համոզված եմ, որ կպարզվի, երբ դու կպատմես ինձ քո անցյալը, ներկան, քո գաղափարները, նպատակները, մի խոսքով, բոլորը, բոլորը, առանց մի որևէ մանր կետ թաքցնելու։ Լսում ես, դու պիտի բոլորն ինձ համար պարզես։
Այս խոսքերից հետո, Լիզան աչքերը հառեց աչքերիս։ Նա սպասում էր, որ ես մի քանի րոպեում պատմեմ բոլոր իմ, ինչպես ինքն էր ասում, «անցյալը, ներկան, ապագան, գաղափարները, նպատակները»։ Հեշտ է ասել։
Ես պատասխանեցի, թե առաջներիս ժամանակ շատ կա և ես պատրաստ եմ պարզել իմ կյանքը։
— Հենց այսօրվանից,— հրամայեց նա։
— Հենց այսօրվանից,— համաձայնվեցի ես։
Հետո սկսեցի պատմել, թե ովքեր են իմ ծնողները, ինչ կրթություն եմ ստացել, և այլն, և այլն։
— Իսկ ի՞նչ գաղափարական նպատակներ ունես,— հարցրեց Լիզան, երբ ես ավարտեցի իմ պատմությունը։
Ես ասացի, թե դժվար է միանգամից պատասխանել այդ հարցին, քանի որ շատ խնդիրներ դեռ ինձ համար մութ են։
— Քանի՞ տարեկան ես,— հարցրեց նա հանկարծ։
— Քսան և ութերորդն եմ։
— Մի՞թե այդ հասակում դեռ քեզ համար մութ խնդիրներ են մնում։
— Կյանքը շատ բարդ բան է, Լիզա, նրան ուսումնասիրելու համար տասնյակ տարիներ են հարկավոր։
— Որոշ նպատակներ և գաղափարներ ունեցող մարդը կյանքը շուտ է ըմբռնում։ Պետք է միայն տեսակետ ունենալ։
Ես սկսեցի մանրամասն բացատրել, թե դրա համար հարկավոր է ունենալ ձիրք, այսինքն՝ դիտողական ձիրք։ Խոստովանեցի, թե ինձ նման հասարակ մահկանացուները դեռ շատ պիտի ապրեն, որ ճանաչեն կյանքը, թե նույնիսկ տաղանդավոր մարդիկ մեծ մասամբ սխալվում են, երբ շտապ եզրակացություններ են անում կյանքի երևույթների մասին, մի խոսքով, երկու ամբողջ ժամեր ես տաքացած բացատրեցի իմ միտքը Լիզային։ Արդեն ուշ էր, Մարտին
Բուղդանիչի ճաշին վերադառնալու ժամանակը մոտեցել էր։ Բարձրացա տեղիցս, որ հրաժարական տամ, Լիզան պահեց։
— Լսի՛ր,— ասաց նա,— դու չե՞ս նեղանում, որ քեզ գաղտնագողի եմ ընդունում ինձ մոտ։
— Ամենևին, եթե քաշվում ես հորիցդ։
— Ես նրանից չեմ քաշվում, միայն հարգում եմ նրան, և առժամանակ պիտի այդպես տեսնվենք։ Հայրս կորցրել է իր հավատը դեպի մեր երիտասարդները։ Նրան հայտնի է մեր փոխադարձ համակրությունը։ Բայց նա կասկածում է, միգուցե դու էլ ինձ վրա օժիտի կողմից ես նայում։ Սակայն նա քեզ գովում է, և դու կարող ես երեք-չորս օրը մի անգամ նրան այցելել։
Մենք բաժանվեցինք։ Ես սկսեցի մտածել Լիզայի ասածների մասին։ Այն ի՞նչ մի զորություն է իմ մեջ, որ հպատակեցնում է նրան։ Ո՞րտեղ է սովորել Լիզան այդպես դատել, գրքերի՞ց, թե՞ կյանքի փորձն է նրա մեջ հղացրել այդ ամենը։ Ո՞վ է Լիզան, ի՞նչ տեսակ էակ է, որ մինչև այժմ ոչ ոքի չի հպատակվել և այժմ յուր սիրտը տալիս է ինձ, ոչ թե ինձ, այլ այն զորությանը, որ իմ մեջ զգում է։ Քանի այդ հարցերն ինձ զբաղեցնում էին, այնքան Լիզան իմ աչքում բարձրանում էր և դառնում մի անհասկանալի էակ։
Ես ամեն օր տեսնում էի իմ սիրեցյալին, իսկ երեք-չորս օրը մի անգամ, նրա պատվերով, Մարտին Բուղդանիչին։ Ծերունին, երևի զգալով իմ կողմից ևս թեթև սառնություն դեպի ինքն, այս անգամ ինքը սկսեց նորից մոտենալ ինձ։ Նրա խոսակցության և վիճաբանության համար մի ահագին և հետաքրքրելի ասպարեզ էր բացվել։ Դա ռուս-տաճկական պատերազմն էր, որ այն ժամանակ նոր էր ծագել։ Իսկ Եվգենյան շարունակում էր ինձ հալածել իր ծաղրող հայացքներով։ Այդ օրիորդը քանի գնում, այնքան աչքիցս ընկնում էր, նամանավանդ այն օրից, երբ ես տեսա նրա հավանած փեսացվին։ Դա մի լպստած ֆրանտ տղա էր, փոքրիկ շամամաձև գլխով, որից միշտ Violet do parme-ի հոտ էր գալիս։ Ի՞նչ գործի էր այդ տղան, և ով էր — ես չգիտեի և չէի էլ հետաքրքրվում, բայց հագստից-բանից երևում էր, որ հարուստ մարդու որդի էր։ Կարճահասակ, աչքերը նեղ և երկայնաձև, ճակատը տափակ, երեսը սափրած ու ականջների առջև մի-մի մատաչափ մազեր թողած,
յուղած սև մազերը նեղ ճակատի վրա երկու կտոր ոլորած և գլխի կաշիին կպցրած — ահա նրա կերպարանքը։ Մի բան, որ ինձ ամենից ավելի էր վրդովեցնում, այն նրա նեղ պատրիպատրի վարտիքն էր։ Ամեն անգամ, երբ նստում էր բազկաթոռի վրա, ես ակամա նայում էի նրա ծնկներին, սպասելով որ ահա վարտիքը կպատռվի։ Խոսակցության ժամանակ, նա սովորություն ուներ ձեռներով զանազան բեմական շարժումներ անել, կրծքին խփել և ստեպ-ստեպ մազերն ուղղել և այլն։ Մի խոսքով, ես այդ տղին չէի սիրում։ Նա էլ ինձ չէր սիրում։ Բայց ուրախ էի, որ Եվգենյան զբաղված լինելով այդ զարդարուն խաղալիքով, չէր խանգարում մեզ, և ես ամեն օր կարողանում էի Լիզայի հետ առանձնանալ դահլիճում և երկար խոսել։ Օրեցօր իմ սերը տաքանում էր դեպի Լիզան, և ես ավելի ու ավելի սերտ կապով էի կապվում նրա հետ։ Է՛հ, երեխայություն, երեխայություն։ Մի ծխախոտ տուր, Գևորգ, իմս վերջացել է։
Քանի մի վայրկյան լուռ ծխելուց հետո, Արզաս Պետրովիչը շարունակեց։
— Առաջ ես, Գևորգ, այնքան էլ չէի սիրում խոսել և ավելի լուռ, մռայլ մարդ էի, քան թե զվարճախոս և ուրախ։ Բայց Լիզայի հետ բացատրվելուց հետո դառել էի շատախոս կաչաղակ։ Չկարծես, ամենքի հետ։ Ո՛չ, միայն և միայն Լիզայի հետ։ Եվ ոչ թե այն պատճառով, որ իմ սիրեցյալն ինձ պատվիրել էր պարզել իմ մտքերը, այլ հենց ինքս զգում էի մի տեսակ ներքին պահանջ։ Ես անհնարին էի համարում Լիզայից թաքցնել մինչև անգամ մի աննշան կետ իմ իմացածից։ Այս պատճառով, ոգևորված, ժամերով խոսում էի և չէի հոգնում։ Այսպես թե այնպես, մի ամսվա ընթացքում Լիզան բոլորովին ծանոթացավ ինձ հետ։ Այլևս չունեի գաղտնիք, որ նրան հայտնի չլիներ։ Բայց անցավ առաջին ամիսը մեր սիրահարության, և այնուհետև, սիրելի Գևորգ, սկսեց ամեն ինչ փոխվել, տակնուվրա լինել։ Ահա թե ինչպես։
Արզաս Պետրովիչը դատարկ շիշը վերցրեց և գլխիվայր պահեց։ Հետո նա շիշը դրեց սեղանի վրա, մի քանի վայրկյան լռեց և ծիծաղելով ասաց․
— Գևորգ, պարսկական դերվիշները հիանալի սովորություն
ունեն։ Հեքիաթ ասելիս, հանկարծ նրանք ամենահետաքրքիր տեղում լռում են։ Ժողովուրդն անհամբերությամբ նայում է նրանց բերանին, իսկ դերվիշը իր քյաշկուլը պահելով ունկնդիրների առջև, ասում է․ «Նաղլըմի սովան շախս հազրաթի Աբբաս յոլընդա ղոյ բիր զաթ սալսուն բուրա»։ Դու թուրքերեն գիտե՞ս։
— Ոչ,— պատասխանեց Գևորգը։
— Ասում է․ «Պատմությունս հավանող անձը, մարգարե Աբբասի անունով թող մի բան ձգե այստեղ»։ Եվ դերվիշը չի շարունակում հեքիաթը, մինչև յուր գումարի ստանալը։ Հասկացա՞ր։
Արզաս Պետրովիչը, ժպտալով, ցույց տվեց գարեջրի դատարկ շիշը։ Գևորգը, ծառային կանչելով, հրամայեց մի շիշ ևս գարեջուր բերել։ Ծառան բերեց շիշը, և Արզաս Պետրովիչը մի բաժակ լցրեց ու միանգամից դատարկեց։
— Ну-с, իմ սիրելի Գևորգ,— շարունակեց նա, բերանը սրբելով մետաքսյա թաշկինակով,— ինչպես ասացի, ես պարզեցի իմ գլուխն ու սիրտը Լիզայի առջև, այսինքն՝ արեցի մի աններելի հիմարություն որ ինձ շատ վնասեց, բայց շատ էլ օգուտներ տվեց վերջը։ Թե ինչ օգուտներ — այդ հետո կիմանաս ինքդ, ես կպատմեմ միայն թե ինչպես վնասեց։ Երբ Լիզան, մինչև, այսպես ասած, ոսկորներիս ուղեղն ինձ ճանաչեց, այնուհետև ես նկատեցի նրա մեջ ինչ-որ փոփոխություն։ Դա սառնություն չէր դեպի ինձ, այլ ինչ-որ անորոշ վերաբերություն։ Թվում էր, որ Լիզան ինձ առաջվա պես սիրում է, բայց առաջվա պես այլևս չի հրճվում ինձանով։ Շատ անգամ, խոսակցելու ժամանակ, նկատում էի նրա դեմքի վրա մի ժպիտ, որ արտահայտում էր մի տեսակ կասկած դեպի իմ խոսքերի ճշմարտությունը։ Այդպիսի րոպեներին ես շարունակ նայում էի նրա երեսին, որ հասկանամ միտքը և կարծում էի, որ նա կշփոթվի այդ հայացքից և ինքը կզղջա իմ առջև յուր կասկածի մասին։ Բայց ոչ ես էի նրա միտքը լավ հասկանում և ոչ էլ իմ սուր հայացքներն էին նրա վրա ազդում։ Այս նկատելով, ես ինքս էի սկսում զղջալ։ «Ի՞նչ մանրակրկիտ մարդ եմ»,— կրկնում էի ինքս ինձ և, միևնույն ժամանակ դարձյալ սկսում էի կասկածել։ Պիտի ասեմ, Գևորգ, որ մինչև այդ կասկածանքն իմ մեջ հղանալը, մեր բացատրությունից հետո, ես էլ փոքր առ փոքր փոխվում էի դեպի
Լիզան։ Միայն այդ փոփոխությունն այն չէր, ինչ որ Լիզայինը։ Մի փոքր առաջ նկարագրեցի Լիզայի կերպարանքը, և դու տեսար, որ նա, թեև ոչ շատ գեղեցիկ, բայց հրաշալի էակ էր։ Նա հափշտակեց ինձ, կուրացրեց միանգամայն, և ես, հիացած, չգտա ոչ մի պակասություն նրա մեջ։ Առաջին անգամ իմ մեջ ծագեց մի ցանկություն․ «Երանի թե քեզ հետ խոսեմ»,— ասացի մտքումս։ Երբ Լիզան երկրորդ անգամ դաշնամուրի վրա ածում էր, իսկ ես նայում էի նրա մատներին՝ մտածեցի․ «Երանի թե կարողանամ գրավել քեզ, Լիզա»։ Երբ մի փոքր համոզվեցի, որ գրավել եմ Լիզային, «Երանի թե կարողանամ համբուրել քո ձեռը», ասացի ինքս ինձ։ Իսկ երբ ստացա իրավունք նրա ձեռներն էլ, թշերն էլ, շրթունքներն էլ անթիվ անգամ համբուրել, այն ժամանակ միայն սկսեցի զննել Լիզայի դեմքն և շատ պակասություններ գտա այդ դեմքի վրա։ Մի օր ինձ թվաց, թե նրա քիթը կարճ է, մյուս օրն ես նկատեցի, որ նրա ծնոտը մի փոքր մեծ է և չի համապատասխանում դեմքի ուրիշ մասերին։ Եվ այսպես, ես ամեն օր մի ֆիզիկական պակասություն էի գտնում Լիզայի մեջ։ Այս ամենն ես հայտնում էի իրան, միևնույն ժամանակ, իմ սերը դրանով չէր պակասում, ընդհակառակը, օրըստօրե նա զորեղանում էր։ Բայց մի զարմանալի բան, Գևորգ, որի վրա արժե մտածել — երբ իմ մեջ ծագեց կասկած, թե Լիզան մի քիչ փոխվել է դեպի ինձ, նրա դեմքի այդ բոլոր պակասություններն իսկույն անհետացան իմ աչքում, և դարձյալ Լիզան թվաց ինձ աննման հրեշտակ։ Թե ինչու և ինչ պատճառներից էին առաջանում այդ փոփոխությունները — չեմ կարող բացատրել։ Այսպես, Գևորգ, ես Լիզայի մեջ նկատեցի մի տեսակ փոփոխություն դեպի ինձ։ Կարո՞ղ էի գուշակել, որ այդ փոփոխությունն արմատապես պիտի փոխեր իմ կյանքը, հիմնահատակ աներ կնոջ վրա կազմած բոլոր իմ գաղափարներն, այնպես, որ այսօր ես նրա վրա նայեի բոլորովին թշնամական աչքով։ Բայց այսպես եղավ, Գևորգ, և ուրիշ կերպ չէր կարող լինել։ Իմ նշանակությունը թուլացավ Լիզայի աչքում այն ժամից, երբ նա ճանաչեց ինձ, նրա համար պարզվեց իմ, հասարակ մահկանացվիս կյանքը։ Ազատասիրական գաղափարներով հափշտակված, ես աշխատում էի նայել
Լիզայի վրա իբրև ինձ հետ հավասար մի էակի վրա։ Ես չէի օգտվում իմ մտավոր զարգացման առավելությունից և չէի ձգտում բարձրից նայել նրա մտավոր կարողության վրա։ Թեև մենք շատ բաներում համաձայն չէինք իրարու մտքերով, և ես շատ անգամ հերքում էի նրա հայացքները կյանքի վերաբերմամբ, բայց հարգում էի այդ հայացքները և երբեք, երբեք չէի արհամարհում նրան։ Եվ, հավատացի՛ր, Գևորգ, որքան հարգում էի և որքան խոնարհվում էի Լիզայի առջև, նույնքան նա աշխատում էր ինձ վրա բռնանալ և նույնքան ձգտում էր արհամարհել իմ մտքերը։ Այս բոլորը ես Արգոսի աչքերով տեսնում էի և ոչ մի կետ բաց չէի թողնում, տեսնում էի և, միևնույն ժամանակ, չէի կարողանում պատճառը գտնել։ Որպեսզի վերջ տամ Լիզայի այս անախորժ վարմունքին դեպի ինձ, վճռեցի մի համարձակ քայլ անել։ Կամենում էի միանգամից իմանալ նրա միտքը։
— Լիզա,— հարցրի մի օր, երկար վիճաբանությունից հետո,— ե՞րբ պիտի վերջնականապես վճռվի մեր վիճակը։
Այս հարցն առաջարկեցի հանկարծ։ Լիզան չհասկացավ նրա միտքը։ Նա զարմացած նայեց երեսիս և հարցրեց, ի՞նչ ես ուզում ասել։
— Կամենում եմ իմանալ, թե ե՞րբ պիտի պսակվենք,— պատասխանեցի ես համարձակորեն և շտապով, որպեսզի չվհատվեմ և չփոշմանեմ։
Լիզան աչքերը խոնարհեցրեց և պատասխանեց․
— Չգիտեմ։
— Իսկ ես կարծում եմ, որ միայն դու գիտես։ Մի՞թե հորդ կողմից արգելք կա։
— Ես հանձնված եմ իմ իրավունքին, ոչ ոք չի կարող իմ կամքին հակառակել։
— Ուրեմն էլ ի՞նչ պատճառ կա սպասելու։
— Դեռ համբերիր,— կրկնեց Լիզան մի այնպիսի հրամայողական եղանակով, որ ես այլևս չհամարձակվեցի երկարացնել։
Նույն օրը ես բաժանվեցի Լիզայից տխուր և աչք-ունքս թափած։ Եկա տուն։ Լիզայի անորոշ պատասխանն ինձ սկսեց տանջել։ Այո, Գևորգ, տանջել։ Ինչ տեսակ էակ է Լիզան, մտածում էի
ես։ Ինձ թվում էր, Գևորգ, թե նա ինձանից հեռանում է, ինչպես երկնքի երեսին շարժվող ամպերի ստվերը։ Ես ձգտում էի հասնել ստվերին, պահել նրան, չթողնել առաջ շարժվելու։ Սակայն չէի կարողանում, հարկավոր էր նախ ամպերը պահել, որպեսզի նրանց ստվերը կանգնի, իսկ ես շատ հեռու էի ամպերից։ Նրանք երկնքումն էին, իսկ ես երկրի երեսին։— Դա Լիզայի անգութ սիրտն էր։ «Ի՞նչ պիտի անեմ, ի՞նչ կարող եմ անել»,— կրկնում էի անդադար, գլխիս մազերը փետելով։ Երկար ժամերով մտածում էի այդ մասին և ոչ մի իմ սրտին նպաստավոր եզրակացության չէի հասնում։ Օրըստօրե ինձ համար ավելի ու ավելի պարզվում էր, որ Լիզայի սերը թուլանում է դեպի ինձ։ Ինչո՞ւ, ի՞նչ էր պատահել, ի՞նչ մի չար զորություն հանկարծ փոխեց Լիզայի սիրտը կամ ինչ մի աներևույթ ուժ ինձ կերպարանափոխեց Լիզայի աչքում։ Մի՞թե ես նախկին Արշակը չէի, որի մեջ նա զգում էր ինչ-որ ձգող զորություն։ Ճշմարի՞տ էր ասում նա, թե նա կեղծավորում էր կամ գուցե դա մի ժամանակավոր հափշտակություն էր նրա կողմից։ Բայց չէ՛, մի՞թե Լիզան կարող է հափշտակվել, այն Լիզան, որի սիրտը մինչև քսանուվեց տարեկան հասակը, ոչ մի երիտասարդի համար չէր բաբախել։ Էհ, գուցե բաբախել էր, բայց Լիզան դիմակ էր հագնում իմ առջև, սուտ էր ասում, որ իմ աչքում իրան ցույց տա իբրև մի հերոսուհի։ Կարո՞ղ ես զգալ, Գևորգ, թե որքան ինձ տրորում էին, չարչարում էին այդ չարագուշակ հարցերը։ Ես չեմ կանգնիլ երկարորեն քեզ նկարագրելու, թե ինչ էի զգում այդ օրերում։ Այսքանը կասեմ, որ իմ աչքում ամեն ինչ անհետացել էր, բացի Լիզայից։ Իմ ուղեղը կաշկանդված էր նրանով։ Ես սկսեցի ատել ամեն ինչ, նույնիսկ ինքս ինձ, բացի Լիզայից։ Ես ատում էի մինչև անգամ անմեղ բնությունն և նրա գեղեցկությունը։ Լուսին երեկոներին ես, հակառակ իմ սովորության, չէի դուրս գալիս փողոց։ Առաջ, այդ երեկոները ինձ վրա թեև ծանր, բայց ախորժելի տպավորություն էին անում, իսկ այժմ աննկարագրելի դառն ազդեցություն էին գործում։ Այդպիսի երեկոներին ես փախչում էի տուն, փակվում սենյակում, որ չտեսնեմ լուսնի երեսը։ Այսպես անցավ, Գևորգ, մոտ մինչև երեք շաբաթ,— շարունակեց Արզաս Պետրովիչը, հառաչելով։— Ես շարունակում էի
տեսնվել Լիզայի հետ, բայց միշտ նրա դեմքին նկատում էի նույն կասկածավոր ժպիտը, միշտ նա իմ հարցերին տալիս էր անորոշ պատասխաններ կամ ամենևին չէր տալիս։ Վերջապես մի օր․․․ Բայց թույլ տուր, Գևորգ, մի քիչ հանգստանալ։
Անցան մի քանի րոպեներ, Արզաս Պետրովիչը հանգցրեց ծխախոտը և շարունակեց․
— Մի օր, իրիկնադեմին, ես գնացի Բադամովների տուն։ Այդ այցելությունը պատկանում էր Մարտին Բուղդանիչին։ Քանի ժամանակ էր նրա երեսը չէի տեսել։ Ես ծառային հրամայեցի հայտնել իմ մասին, և քանի մի վայրկյանից հետո, նա վերադառնալով, մի հեգնական ժպիտ երեսին (գուցե ինձ այնպես թվաց) հրավիրեց ինձ դահլիճ։ Մարտին Բուղդանիչը, մեջքը բազկաթոռին տված, ծխում էր իր երկայն չիբուխը։ Նրա աջ կողքին նստած էր Եվգենյան իր լպստածի հետ, որ մի ինչ-որ գիրք էր թերթում ձեռքում։ Լիզան նստած դաշնամուրի դեմ, շտապով դեսուդեն էր թերթում նոտաների տետրը։ Մարտին Բուղդանիչի դեմուդեմ նստած էր մի ինձ համար անծանոթ հյուր։ Երբ ես ներս մտա, Մարտին Բուղդանիչը բարձրացավ տեղից՝ ինձ բարևելու։ Լիզան կես պաշտոնական քաղաքավարությամբ մոտեցավ և հարցրեց շտապով․ «Ինչպե՞ս եք»։ Ես ամենին ձեռ տվեցի։ Երբ հերթը հասավ Եվգենյային, նա ինձ վրա ձգեց առաջվանից ավելի հեգնական և, կարող եմ ասել, անպատկառ մի հայացք։ Իսկ նրա ֆրանտը յուր հիմար լնդերքը բաց արավ և նեղ ճակատի տակից նեղ աչքերն ինձ վրա հառեց։
— Սերգեյ Միխայլովիչ, ներկայացնում եմ ձեզ բարեկամիս, բժիշկ Արզաս Պետրովիչ Մագսուտյանին,— ասաց Մարտին Բուղդանիչը։
Բազկաթոռը ճռճռաց, Գևորգ, և նրա միջից բարձրացավ մի վիթխարի։ Նա, մի փոքր իմ կողմ շուռ գալով, քթի տակ մրթմրթաց յուր ազգանունը և լայն ու երկայն ձեռը մեկնեց դեպի ինձ։ Ես սեղմեցի այդ հսկայական ամուր ձեռը և հազիվ-հազ լսելով նրա ազգանունը՝ «Սեթյան», տեղավորվեցի բազկաթոռներից մեկի վրա։ Վիթխարին ուղղելով յուր սև սյուրտուկի երկայն փեշերը, կրկին թաղվեց բազկաթոռի մեջ։ Դա մոտ երեսունևհինգ տարեկան, պարթև
հասակով, լայն թիկունքով, երկայն բազուկներով, խոշոր աչքերով և գեղեցիկ, բայց մռայլ դեմքով մի տղամարդ էր։ Ես նայեցի նրա կարճ խուզած սև մազերին ու միրուքին, թանձր բեղերին, որ հովանավորում էին նրա սեղմված շրթունքները, նայեցի նրա հայկական արծվանման քթին և, չգիտեմ ինչու, մտքումս ասացի «լավ է»։ Լիզան դաշնամուրը թողեց, որի վրա մինչև իմ գալը պատրաստվում էր ածելու, և եկավ նստեց մեր շարքում, հսկայի դեմուդեմ։ «Ինչո՞ւ իմ դեմ չնստեց», անցավ իսկույն մտքովս, բայց ես իսկույն էլ մոռացա այդ։
Մարտին Բուղդանիչը համառոտ ծանոթացրեց ինձ և նոր հյուրին իրարու հետ։ Ես նրա հատ ու կտոր բացատրություններից իմացա, որ Սեթյանն յուր ամենահին բարեկամներից մեկի որդին է, նոր է վերադարձել Գերմանիայից, ուր ուսումնասիրել է ինչ-որ մասնագիտություն և այժմ մտադիր է Թիֆլիսի շրջակայքում գործարան բանալ։ Թե ինչ էր նրա մասնագիտությունն և ինչ գործարան պիտի բանար — չիմացա։ Ինքը Սեթյանն էլ ոչինչ չասաց։ Փոքր առ փոքր խոսակցությունը տաքացավ։
Սեթյանը լուռ էր, միայն երբեմն Մարտին Բուղդանիչի այս կամ այն հարցին պատասխանում էր «այո» կամ «ոչ» և ուրիշ ոչինչ։ Նա ոչ ոքի երեսին չէր նայում։ Բայց երբ թանձր բեղերը բարձրացնում էր, որ արտասանի իր «այո»-ն կամ «ոչ»-ը, ամենը նայում էին նրա երեսին։ Որովհետև ամենի հայացքների կենտրոնը նա էր, ուստի ես էլ բնազդաբար նրան էի մտիկ անում։ Իրավ, Գևորգ, արժեր նայել այդ առնական, գեղեցիկ, մռայլ և գրավիչ դեմքին։ Բայց ես այնքան հավատ չէի ընծայում այդ դեմքին և զգում էի, որ նրա զորությունը լռության մեջ է և եթե Սեթյանը սկսի շատ խոսել, իսկույն կկորցնի բոլոր յուր նշանակությունը։ Ես ներում էի ամենին և նույնիսկ ինձ, որ այդպես ստրկաբար հպատակվում էինք այդ մարդուն, բայց չէի կարողանում ներել միայն Լիզային։ Ինչո՞ւ է նա այդպես խոր մտիկ անում այդ նոր հյուրին, մինչդեռ սա արժանի էլ չի համարում երեսը շուռ տալ նրա կողմը։ Դեռ այս ոչինչ․ ինչո՞ւ Լիզան ինձ վրա չի ուզում նայել։ Ինչո՞ւ, երբ նա մեզ մի հարց է առաջարկում և երբ ես
եմ պատասխանում այդ հարցին, ուշադրություն չի դարձնում ինձ վրա։
Կասկածը դարձյալ սկսեց որդի նման ուտել իմ սիրտը, ծագեց իմ մեջ մի նոր, մինչև այդ ժամանակ անծանոթ զգացում, որ ավելի վտանգավոր էր, քան թե հասարակ կասկածը։ Դա այն զգացումն է, Գևորգ, որ մի քանի իմաստասերներ հերքում են զարգացած մարդու մեջ։ Չհավատաս, Գևորգ, սուտ է, այդ մարդիկ, իրանք երևի չեն սիրահարվել և այդ պատճառով չգիտեն, որ ինչ տեղ կա սեր, այնտեղ կա նույնպես և խանդ։ Մեկն առանց մյուսի անհասկանալի է և որքան զորեղ է մեկը, նույնքան զորեղ է և մյուսը։ Է՛հ, ինչ երկարացնեմ, ես տանջվում էի, բարկանում էի Լիզայի վրա, տաքանում էի ինքս իմ մեջ, շփոթվում էի։ Լիզան հասկանում էր այդ, բայց, միևնույն ժամանակ, կարծես, իմ մեջ այդ նոր զգացումն ավելի զորեղացնելու համար, չէր փոխում իր վարմունքը։ Վերջապես, մեր խոսակցությունը դարձավ բժշկականության վրա։ Այդ տարի Թիֆլիսում կար մի ինչ-որ վարակիչ հիվանդություն, որ ընդհանուր խոսակցության առարկա էր։ «Ահա, վերջապես, իմ ասպարեզը,— մտածեցի ես․— այժմ ես կդառնամ ամենքի ուշադրության կենտրոնը, բոլորն ինձ կլսեն, իսկ քեզ Լիզա, ցույց կտամ, թե ո՞վ է հաղթողը»։
— Արզաս Պետրովիչ,— դիմեց ինձ, վերջապես, Մարտին Բուղդանիչը,— ինչպես եք կարծում, ինչո՞ւ բժշկականությունն անկարող է այդպիսի հիվանդությունների առաջն առնել։
— Դա առողջապահության գործն է և ոչ թե բժշկականության,— պատասխանեցի ես, ամեն մի բառն առանձին շեշտելով, որպեսզի ունենամ իմ ցանկացած ազդեցությունը։
Ես նայեցի Լիզային, բայց նա երեսը շուռ տվեց ինձանից։ Դա ինձ շփոթեց, բարկացրեց և հուզեց։
— Մինչև հիվանդության երևալը, բայց երբ նա երևո՞ւմ է,— երկին հարցրեց Մարտին Բուղդանիչը։
— Այնուհետև, իհարկե, բժշկականության գործն է,— պատասխանեցի ես տաքացած,— իսկ թե ինչու չի կարողանում բժշկականությունը վերջ տալ այդպիսի հիվանդությունների, դա նրանից
է, որ այդ հիվանդությունների մասին դեռ շատ մութ խնդիրներ կան նրա համար չպարզված։
Այս ասելով, անգիտակցաբար նայեցի Սեթյանի երեսին։ Ինչո՞ւ — ինքս էլ չգիտեի։ Իսկ նա դարձյալ ոչ ոքին չէր նայում, դարձյալ լուռ էր և կարծես վճռել էր բնավ չխոսել։
Մարտին Բուղդանիչը չբավականանալով իմ պատասխանով, դիմեց նոր հյուրին․
— Ձե՞ր կարծիքն ինչ է, Սերգեյ Միխայլովիչ։
Սերգեյ Միխայլովիչ Սեթյւսնը գլուխը թեքեց բազկաթոռի մեջքին, ձեռները տարածեց աջ ու ձախ, բեղերը դանդաղությամբ շարժեց և խորհրդավոր եղանակով պատասխանեց չորս խոսք։
— Բժշկականությունը դրական գիտություն չէ։
Այնուհետև նա կրկին գլուխը թեքեց կրծքին, բեղերը հավաքեց և լռեց։ Ամենքն իրանց հայացքները բևեռեցին նրա բերանին, կարծես, սպասելով, որ նա շարունակի։ Բայց նա լռեց։ Ես մտիկ արեցի նրա երեսին, և նա այս անգամ ինձ վրա մի ահագին ժայռի տպավորություն գործեց։ Թվում էր, թե ոչ մի ուժ չի կարող նրանից ավելի խոսք դուրս քաշել։ Բայց ինչ ասաց նա, ոչինչ — գրեթե միևնույնը, ինչ-որ ես ասացի մի քիչ առաջ։ Ինչո՞ւ ոչ ոք չնայեց ինձ վրա, ոչ ոք նշանակություն չտվեց իմ պատասխանին։ Ինչո՞ւ այժմ Լիզան ստրկաբար նայում է նրա երեսին, կարծես սպասելով, որ այդ ժայռը գոնե մի թեթև հայացք ձգի յուր վրա։
— Իհարկե,— շարունակեցի ես Սեթյանի փոխարեն,— բժշկականությունը մաթեմատիկական գիտություն չէ, նա չունի որոշ և անսխալ ֆորմուլներ, որոնց հիման վրա կարողանար անհերքելի եզրակացություններ անել։ Բայց նա, այնուամենայնիվ, գիտություն է և շատ օգտավետ գիտություն․․․ Այս վերջին խոսքերն ավելացրի տաքացած և ձայնս բարձրացնելով։ Ինչպես տեսնում ես, Գևորգ, անտեղի էին այդ խոսքերը, բայց ես չհամբերեցի և, զգալով, որ Սեթյանը ծաղրում է իմ մասնագիտությունն, ուզեցի ինձ պաշտպանել։
— Այն ինչ գիտություն է, որ որոշ եզրակացություններ չգիտե անել,— մեջ մտավ Լիզան, մի սպանող հայացք ձգելով ինձ վրա, որն իսկույն մեղմացնելով, դարձրեց դեպի Սեթյանը։
Արյունս գլխովս տվեց։
— Բժշկականությունը ես չեմ սիրում,— ավելացրեց լպստած ֆրանտն, իր կարմիր լնդերքը ցույց տալով ինձ։
— Շատ շահասեր մարդիկ են բժիշկները, նամանավանդ, հայ բժիշկները,— ներս պրծավ ատելի Եվգենյան, յուր արհամարհական հայացքը ձգելով ինձ վրա։
Գուցե, եթե զսպեփ ինձ, կարողանայի տանել այդ ինկվիզիցիան, բայց, ես, Գևորգ, չզսպեցի, և ոչ թե այդ կոպիտ նկատողությունների պատճառով։— Ո՛չ, ես կարող էի Եվգենյայի և ֆրանտի նման իդիոտների կարծիքն արհամարհել, բայց չկարողացա մարսել Լիզայի նկատողությունը։ Ամենից առավել ես նրա դեմ վրդովվեցի։
— Զարմանում եմ,— ասացի ես, բարկությունիցս կարմրելով և շրթունքներս կրծոտելով,— զարմանում եմ, ինչպես են համարձակվում մարդիկ դատողություն անել այնպիսի բաների վրա, որոնց մասին գրոշի հասկացողություն չունին։
Լիզան ժպտաց։ Սեթյանն աչքի տակով սառնությամբ նայեց երեսիս։ Եվգենյան քըռքըռ անամոթ սկսեց ծիծաղել։ Լպստած ֆրանտը հետևեց նրան։ Մարտին Բուղդանիչը դարձավ ինձ և ասաց մեղմությամբ․
— Արզաս Պետրովիչ, ներեցե՛ք, ես կարծում եմ, որ, Եվգենյան և Իվան Տարասիչը (լպստածի անունն այսպես էր) ձեզ վիրավորելու նպատակով չասացին այդ։
Ավելի հիմար դրություն չէր կարող լինել։ Խելոք մարդն իմ տեղն իսկույն գդակը կվերցներ և դուրս կգար։ Այնինչ ես կես ժամու չափ ևս նստեցի, որպեսզի մի կերպ կարողանամ վրեժս հանել ինձ վիրավորողներից։ Բայց այլևս ոչ ոք չխոսեց։ Մարտին Բուղդանիչն, այդ անախորժ դեպքի տպավորությունը ջնջելու նպատակով, խնդրեց Լիզային դաշնամուր նվագել։ Այս անգամ Եվգենյան կտրեց քրոջ առաջը, որ ինքը խաղա։ Ես մի փոքր լսեցի և հետո գլխարկս վերցրի ու ջախջախված սրտով դուրս եկա, չնայելով Մարտին Բուղդանիչի հրավերին՝ թեյի սպասելու։
Թե ինչպես անցկացրի մնացյալ օրն ու գիշերը, ես չեմ պատմիլ