Օրը վերջանում էր։ Գարնանային արևի վերջին ճառագայթները փայլեցնում էին եկեղեցիների արծաթագույն գմբեթները։ Գավթում, կանաչազարդ ծառերի վրա, ճլվլում էին ճնճղուկները։ Իսկ թեթև իրիկնային զեփյուռը սոսափում էր ծառերի տերևները։ Հայտնի չէր ո՛ր կողմից, լսվում էր նույնպես և՛ դաշնամուրի ձայն։— Դա պարսկական մի քաղցր «մուղամմաթ» էր «հեյրաթիի» հետ խառն։ Արևելյան երաժշտության մի անծանոթ արտիստ, այդ երկու եղանակները աղավաղելով և զարդարելով մի հայ երգի եղանակով, դրել էր եվրոպական նոտաների վրա և անունը կնքել «բայաթի»։ Ո՛չինչ նմանություն ատրպատական վշտահնչյուն բայաթիի հետ։
— Նայի՛ր,— ասաց միջահասակ տղամարդը, գարեջրի բաժակը յուր շրթունքներին տանելով և ձախ ձեռով խփելով երիտասարդի ուսին։
— Ո՞ւր,— հարցրեց երիտասարդը։
— Երկնքին, տես ո՛րքան գեղեցիկ է։
Երիտասարդը նայեց դեպի արևելք։ Երկինքը պարզ էր, բայց ցած հորիզոնից ուռչելով բարձրանում էր մայիսյան բամբակագույն ամպերի մի ահագին սար։ Սարը բարձրանում էր հանդարտությամբ լողալով։ Նրա կլորակ, թանձր կտորները, խառնվելով և ձուլվելով իրարու հետ, երբեմն հորիզոնում գոյացնում էին տեսակ-տեսակ հրաշալի պատկերներ, որ նմանվում էին մերթ գեղեցիկ շինությունների, մերթ զանազան վիթխարի կենդանիների։ Արևի վերջին շողքերի տակ այդ պատկերները ներկվում էին բազմատեսակ նուրբ գույներով, որոնց նմանը հանճարեղ նկարչի վրձինն անգամ չի կարող ստեղծագործել։
Երիտասարդը հիացած նայում էր երկնային տեսարանին, բայց նրա միտքը, կարծես, զբաղված էր ուրիշ բանով։
— Ես շատ եմ սիրում այդպիսի տեսարաններ,— կրկին խոսեց տղամարդը, բաժակը նորից լեցնելով։— Նրանք ինձ հիշեցնում են մարդկային կյանքի այն հիմար շրջանը, որի խաղալիքն ես դու այժմ։
Երիտասարդը նայեց նրան և, գլուխը հանդիմանորեն շարժելով, բաժակը մոտեցրեց շրթունքներին։
— Շարժի՛ր գլուխդ, բայց մի հինգ տարի ևս, և հետո ինքդ քեզ վրա կծիծաղես, Գևորգ։ Նայի՛ր երկնքին։
Գևորգը դարձյալ նայեց երկնքին։ Ամպերի վիթխարի սարը հետզհետե բարձրանում էր, ավելի ու ավելի ուռչելով և մեծանալով։ Սակայն, նույն րոպեին, երբ տղամարդը ցույց տվեց, պատահեց մի փոփոխություն։ Սարի ստորոտից արագությամբ բարձրացան ամպի ուրիշ ալիքներ, բայց ոչ սպիտակ, այլ մուգ մոխրագույն։ Նրանք սահեցին վերև, և մի քանի րոպեում բամբակագույն սարը ծածկվեց մութ քողով։ Անհետացան սքանչելի տեսարանները, և հորիզոնը ծածկվեց տխուր վարագույրով։
— Տեսա՞ր ինչպես փոխվեց,— դիմեց տղամարդը Գևորգին,—
ո՞ւր են այն բազմագույն հրաշալի նկարները։— Չկան, սև թուխպը պատեց, գուցե անձրև էլ գա։
— Ասե՞լդ ինչ է,— հարցրեց Գևորգը ժպտալով։
— Այդպես է և՛ երիտասարդական փայլուն կյանքը, շատ-շատ մինչև երեսուն տարի։ Հասավ երեսունը, մի ճեղք բացվեց, և նրա միջից դուրս եկած մութ ամպերը պատեցին տխուր քողով մարդու կյանքը։ Բայց դառնանք մեր վեճին։ Ինչպես ասացի, Գևորգ, սերը բնական պահանջ է, առանց նրան մարդ չի կարող ապրել, ինչպես ձուկը առանց ջրի։ Սերը, այսպես ասած, մարդկային գոյության խարիսխն է։ Բայց նա ցանցառ զգացմունք է դառնում, երբ կնոջն է վերաբերվում։ Կնոջ սիրել ներելի է, ինչպես և ներելի է սիրել՝ Ղազանի գարեջուր, Թիֆլիսի խորոված, թառ-թառ, բիֆշտեկս։ Հասկացա՞ր։ Բայց նրա համար գիշերները նստել և սրտի խորքից «ախ»-եր քերելով դուրս թափել օդի մեջ — դա խելագարություն է։ Կինը հիմար արարած է, Գևորգ, և ստեղծված է կյանքում հիմար դեր կատարելու, թեկուզ նա խորին փիլիսոփայի քղամիդ հագնի։ Ապա, խորը քննիր, տես ճիշտ եմ ասում, թե չէ։ Իսկ տղամարդը, օ՜օ՜օ՜, տղամարդը ուրիշ բան է, օրինակ, ես ու դու։ Կեցցե տղամարդը։
Արզաս Պետրովիչը — այսպես էր խոսողի անունը — այս ասելով, դատարկեց գարեջրի բաժակը։ Հետո նա մի կտոր հաց ու խավյար դրեց բերանը և շարունակեց․
— Տղամարդի նշանաբանն է՝ կնոջը նայել իբրև մի առօրյա կենսական պիտույքի վրա։ Այո՛, Գևորգ, նայել բարձրից և հետը արժան չհամարել երկար խոսելու։ Համաձա՞յն ես իմ մտքին։
— Ամենևին,— պատասխանեց Գևորգը,— դա Պրուդոնի միակողմանի սխալ գաղափարն է, որ երևի, քեզ վրա շատ է ազդել։
Արզաս Պետրովիչը ներողամտաբար ժպտաց։
— Պրուդոն, հըմ, Պրուդոն ես նրան իսկի չեմ էլ կարդացել, եթե ուզում ես իմանալ։ Ես ասում եմ այն, ինչ որ կարողացել եմ նկատել մինչև այսօր։ Բայց թողնենք փիլիսոփայությունը։ Դու այժմ սիրահարված ես և կնոջ կոշիկներին երկրպագություն ես տալիս։ Ես էլ մի ժամանակ սիրահարված եմ եղել, թույլ տուր ինձ
պատմել քեզ իմ ռոմանը, է՜հ, բան է, գուցե կարողանաս օգուտ քաղել իմ պատմությունից։ Համաձա՞յն ես։
— Համաձայն եմ։
— Միայն թե դու ինձ չընդհատես։
— Հարկավոր եղած ժամանակ չեմ կարող չընդհատել։
— Գեղեցիկ։ Բայց նախ թույլ տուր որ կոկորդս թրջեմ, որպեսզի լավ խոսեմ։
Արզաս Պետրովիչը մի բաժակ ևս դատարկեց և, թաշկինակով բեղերը սրբելով, ասաց․
— Լսի՛ր։
Գևորգը արմունկները դրեց սեղանի ծայրին, գլուխը թեքեց ձեռների ափերին և աչքերը հառեց Արզաս Պետրովիչի երեսին։
Արզաս Պետրովիչն այսպես սկսեց իր պատմությունը։
— Հազար ութ հարյուր յոթանասուն ու ֆլան թվականին, քսանուվեց տարեկան հասակում, ուսումս ավարտեցի և վերադարձա հայրենիք։ Իհարկե, իբրև նորավարտ, թարմ երիտասարդ, ես գլխումս դարսած բերեցի գեղեցիկ գաղափարների մի շարք, որ մտադիր էի իրագործել հասարակության օգտին։ Այդ գաղափարների շարքին ես կին ասված էակի մասին ևս ունեի որոշ հայացքներ, որոնք սկզբունքով հակառակ էին ներկա հայացքներիս։ Խոսք չկա, Գևորգ, գիտես, թե որքան առաջադեմ և ազատամիտ պիտի լինեին այդ գաղափարները։ Ճիշտ նույնը, ինչ որ դու ունես այժմ, այսինքն՝ ազատ սեր, հավասար իրավունքներ, իդեալ, ֆլան-ֆստան։ Մի խոսքով, պատանեկական վարդագույն երևակայություն, որ այժմ մի փոքր մթնեցնում է քո ուղեղը, իմ սիրելի Գևորգ։
Գևորգի շրթունքներով սահեց մի դժգոհ ժպիտ։
— Դե, լավ, մի՛ վիրավորվիլ, մյուս անգամ չեմ կրկնիլ,— շտապեց հանգստացնել նրան Արզաս Պետրովիչը և շարունակեց։— Այսպես, Գևորգ ջան, ես եկա հայրենիքս հայտնի գաղափարներով։— Ներիր, որ այդպես մանրամասնորեն եմ սկսում պատմությունս,
մի քանի հանգամանքների հետ հարկավոր է քեզ ծանոթացնել, որպեսզի չկարծես, թե ես բոլորովին զուրկ եմ եղել գաղափարական կյանքից։ Ինչպես գիտես, իմ մասնագիտությունը բժշկականությունն է։ Բախտի բերմունքով, ինձ շուտով հաջողվեց պաշտոն գտնել հենց այն քաղաքում, ուր այս րոպեին քո խոնարհ ծառան պատիվ ունի նկարագրել յուր կյանքից մի կտոր։ Այդ առաջին հաջողությունն ինձ խրախուսեց, բառի բուն նշանակությամբ ես մտա կյանքի մեջ։ Ես սկսեցի քարոզել իմ նոր գաղափարները։ Շատերն արհամարհեցին, շատերն էլ համակրեցին և մի հայ ընկերության մեջ, մի թեթև ճառից հետո, անմիջապես ընդունեցին ինձ գործող անդամ (շա՛տ մեծ օգուտներ տվեցի այդ ընկերության)։ Բայց ինձ ավելի զբաղեցնում էին կանայք, ինչ մեղքս թաքցնեմ։ Ես ձգտում էի ծանոթանալ այդ քնքուշ կոչված սեռի հետ։ Իհարկե, իբրև հայ և ազգասեր հայ (ես մի փոքր լայնամիտներից էի), ավելի մոտ էի հայ ընտանիքներին։ Ես ծանոթացա շատերի հետ։ Դու գիտես, որ բժիշկն այդ կողմից ավելի դյուրություններ ունի, քան մի ուրիշը։ Ինձ վրա խորթ աչքով չէին նայում ընտանիքներում, մինչև անգամ տեղ-տեղ ընդունում էին հաճությամբ։ Պիտի ավելացնել, որ ես այդ ժամանակ դեմքով էլ վատ չէի։ Հիմա քիչ խունացել եմ, դե ութ տարի հեշտ է միայն բերանով ասել։ Մի տիկին մինչև անգամ մի տեղ ասել էր, որ իբրև թե իմ շրթունքների վրա միշտ խաղում է չգիտեմ ինչ մի հրապուրիչ ժպիտ, որ կանանց համար վտանգավոր է։ Բայց դա ինձ այնքան չէր հետաքրքրում։ Ես կնոջ վրա նայում էի ուրիշ աչքով և երբեք թույլ չէի տալիս ինձ ստորանալ նրան դուր գալու միայն արտաքուստ։ Գիտե՞ս ինչու, հըմ, որովհետև գաղափարասեր էի։ Հա՛յ գիդի հիմար երիտասարդություն։ Քո կենացը, Գևորգ։ — Ինչպես ասացի,— շարունակեց Արզաս Պետրովիչը, գարեջուրը խմելուց հետո, բաժակը իրանից հեռու դնելով,— ես դեռ ուսումնարանական նստարանի վրա ունեի կազմած որոշ գաղափար կնոջ մասին, ի միջի այլոց, և հայ կնոջ մասին։ Հայ կնոջն ես երևակայում էի իբրև գեղեցիկ, թարմ, առողջ, բայց անմշակ նյութ, որից կարելի է պատրաստել մի հրաշալի բան։ Բայց կարող ես զգալ, թե որքան ես խաբված համարեցի ինձ, երբ հակառակը
գտա, առաջին անգամ՝ գոնե ֆիզիկական կողմից։ Ո՛ր տունը, ո՛ր ընտանիք մտնում էի, ինձ հանդիպում էին կարճահասակ, պշկած, թառամած, քիթը երկայն, մեջքը ծուռ, կուրծքը ներս ընկած էակներ։ Դրանք հայ օրիորդներն էին, որոնց դեմքերից, կարծես, մի չար ձեռք ջնջել էր բնորոշ շարժումը, աշխուժությունը, այսինքն՝ այն, ինչ գրավում է երիտասարդին։ Այդ երևույթն ինձ խիստ ցավեցրեց։ Այսպես, Գևորգ, ես տեսա, որ հայ կինն առողջ չէ։ Դա թեթև բան չիմանաս, Գևորգ, նամանավանդ մի բժշկի համար, որ դատում էր․ «Առողջ հոգին առողջ մարմնի մեջ»։ Բայց ես չվհատվեցի և աշխատում էի գտնել այդ սփրթնած, ժահրադեմ էակների մեջ կենդանություն։ Դա ինձ համար մի քիչ դժվար եղավ։ Պիտի ասել, որ այդ կողմից ինձ չափազանց վրդովում էին հայ մայրերը։ Ախ, այդ ատելի թասակրավները, այդ թթված Կեկել-Փեփելները, ինչ տուն որ մտնում էի, ինձ կատարելապես հալածում էին իրանց միատեսակ «վի՞ն արիս» և «կտո՞ տակոյ»-ներով։ Բայց չգիտեմ ինչու, երբ այդ «վի՞ն արիս»-ների և «կտո՞ տակոյ»-ների փոխարեն լսում էի «ո՞վ է», սակավ էի վրդովվում։ Գուցե դա իմ ազգասիրությունից էր։ Բայց, այսուամենայնիվ, ինձ դարձյալ զայրացնում էին այդ հարցերը։ Ես տեսնում էի, որ ամեն տեղ ինձ վրա նայում են իբրև մի փեսացուի վրա։ Այս պատճառով անկարելի էր ինձ հայ օրիորդին տեսնել յուր բնական և ստացածին լավ ու վատ առանձնահատկություններով։ Ինձ թվում էր, թե հայ օրիորդներն այն չեն, ինչ աշխատում են ձևանալ։ — Մի օր, սիրելի Գևորգ, իմ բարկությունը հասավ իր գագաթնակետին։ Առավոտ էր, ես նստած թեյ էի խմում և մի նոր դուրս եկած հայերեն գիրք թերթում։ Հանկարծ ծառաս ներս մտավ և քաղաքային փոստայով ստացված մի նամակ տվեց ինձ։ Ես կարդացի, նամակի մեջ մեկն ինձ խոստովանում էր յուր «սերը»։ Դու, երևի, գիտես, թե ինչպես են գրվում այդ հիմար նամակները, հարկ չկա ուրեմն նրա մասին խոսելու։ Օրիորդի հետ ես նոր էի ծանոթացել, նա վատ չէր, բայց սիրե՞լ — է՛հ, բան չունի՛ս։ Նամակը սկզբում ուզեցի այրել, բայց հետո մտածելով, դրեցի մի կողմ։ Ես թեև խիստ բարկացա, բայց խոստովանում եմ, Գևորգ, որ միևնույն ժամանակ ինչ-որ հաճույք էլ զգացի։ Այնուամենայնիվ,
ես բարկացա և, որպեսզի մի քիչ թուլացնեմ բարկությունս, մի ծխախոտ վառեցի, որ ծխեմ։ Ահա՛, այսպես։
Արզաս Պետրովիչը ծոցից հանեց տուփը և նրա միջից դուրս բերեց մի ծխախոտ։ Նա ծխախոտի ծայրը նախ մի քանի անգամ խփեց սեղանին և հետո, վառելով, նայեց ժամացույցին։
— Օհո՛, դեռ վաղ է, ժամանակ շատ ունենք, բայց պատմությունս դեռ չեմ սկսել։ Նայի՛ր, Գևորգ, երկնքին, ամպերը կռվում են․ եղանակը ցրտանում է։ Գնանք ներս, անձրև կգա։
Արզաս Պետրովիչը մտավ ներս։ Գևորգը հրամայեց ծառային գարեջրի շիշը ներս բերել։
Ծառան շշի հետ կոլորակ սեղանի վրա դրեց և վառած կանթեղը։
Երկու բարեկամները տեղավորվեցին սեղանի շուրջը, միմյանց հանդեպ, փափուկ բազկաթոռի վրա։ Մի քանի վայրկյան նրանք լուռ մնացին։ Ծխախոտի ծուխը, թանձր քուլաներով դուրս գալով նրանց բերանից, բարձրանում էր դեպի սենյակի առաստաղը։ Վերջապես, Արզաս Պետրովիչը ծխախոտը հանեց բերանից, մի քիչ գարեջուր խմեց և շարունակեց․
— Այսպես, Գևորգ, ես բարկացա և դադարեցի այցելել օրիորդին։ Ի՛նչ պատահեց սիրահարված օրիորդին — ես չգիտեմ, բայց համոզված եմ, որ նա ինքն իրան Քուռ գետը չի ձգել իմ պատճառով։ Անցել է ուղիղ մի տարի։ Մի գեղեցիկ օր, աչքիս լույս, իմ աղաս դու ես, բանաստեղծացած Գևորգ Մինաևիչ Շանաբանդյան, ես քո համեստ ծառա Արզաս Պետրովիչ Մագսուտյանս պատիվ ունեցա կլուբում ծանոթանալ մի հին պաշտոնաթող հայ չինովնիկի հետ։ Դա մոտ վաթսուն տարեկան, ալեխառն մազերով, մի առողջ թիֆլիսեցի էր, անունը Մարտին Բուղդանիչ Բադամով։ Լսում ե՞ս, «ով» և ոչ թե «յան»։ Հակառակ իմ սպասածին, Բադամովը ոչ թուղթ էր խաղում և ոչ Կախեթի գինի խմում, ինչպես առհասարակ անում են թիֆլիսեցի ծերունիները։ Նա միայն սիրում էր լրագիրներ կարդալ և երկար վիճաբանել Բիսմարկի քաղաքականության մասին, որին նա պաշտպանում էր այնպես, ինչպես գուցե կպաշտպաներ միայն իր հարազատ եղբորը, որից զուրկ էր ինքը։ Բադամովը խոսում էր ռուսերեն և, ինչպես թիֆլիսեցի,
բաղաձայն տառերն արտասանում էր զարմանայի կոշտ։ Ինչևիցե, մենք ծանոթացանք և, մի քանի անգամ խոսելուց հետո, իրարու դուր եկանք։ Նա ինձ հաճելի եղավ իր պարզ, ինքնուրույն հայացքներով և համակրելի ծերուկական դեմքով, իսկ ես նրան — իբրև քիչ թե շատ լուրջ երիտասարդ։ Մի անգամ իրարուց բաժանվելիս, ծերունին, հասցեն տալով, հայտնեց, թե շատ ուրախ կլինի ինձ հյուր ընդունելու իր տանը, թեկուզ հենց հետևյալ օրը։ Հետևյալ օրը, իհարկե, չգնացի, գնացի մի շաբաթից հետո, առավոտյան տասներկու ժամին։ Ես ասացի, որ պատիվ ունեցա ծանոթանալ Բադամովի հետ, բայց, իսկապես, պիտի ասեմ, տարաբախտություն ունեցա։ Դա, Գևորգ, մի նշանավոր ծանոթություն էր, որի հետևանքը, ինչպես իսկույն կպատմեմ, եղավ կյանքիս մեջ մի արմատական փոփոխություն։
Ծերունին ինձ ընդունեց մի ուրախ և անկեղծ ժպիտ երեսին։ Նրա բնակարանը բավական ընդարձակ էր և թեև ոչ շքեղ, բայց ճաշակով կահավորված։ Նա ինձ հրավիրեց իր ընդունարանը, և մենք այստեղ տեղավորվեցինք թավշյա բազկաթոռների վրա։ Քառորդ ժամու չափ դեսից-դենից խոսելուց հետո հանկարծ ծերունին ցուցամատը դրեց սեղանի վրա գտնվող զանգակի գլխին։ Զանգակը սև թիթեռնիկի պես հնչեց մի քանի վայրկյան։ Դռները բացվեցին, և ես զարմացա, երբ, ծառայի փոխարեն, ներս մտավ մի օրիորդ թեթև տնային չթյա հագուստով։ Օրիորդը ձախ ձեռքում պահած էր մի գիրք, որի մեջ նա մտցրել էր իր միջին մատը։
— Դո՞ւ ես, Լիզա, ծառան ո՞ւր է,— հարցրեց ծերունին իր մեղմ և հանգիստ ձայնով։
Ըստ երևույթին օրիորդը չէր կարծում, թե անծանոթ հյուր կա նստած։ Ինձ տեսնելով, նա մի քիչ շփոթվեց և կամենում էր հենց շեմքից հետ դառնալ, բայց Մարտին Բուղդանիչի հարցը նրան պահեց։
— Ծառան խոհանոցումն է, ի՞նչ եք կամենում,— պատասխանեց և հարցրեց օրիորդը, մի քանի վայրկյան երեսը դեպի մեզ շուռ տալով։
Այդ մի քանի վայրկյանները բավական էին, որ ես ծանոթանայի Լիզայի կերպարանքի հետ։ Դա, սիրելի Գևորգ, գեղեցիկ չէր,
բայց մի սքանչելի արարած էր, և գիտե՞ս ինչով — յուր խոշոր, խելացի աչքերով, որոնց մեջ փայլում էր այն կանացի կախարդական հուրը, որ ընդունակ է միանգամից թափանցել տղամարդի սիրտը։ Նա սքանչելի էր, մի ուրիշ բանով ևս, որ ավելի նշանավոր էր ինձ համար այդ ժամանակ։ Դա նրա բարձր, նուրբ և, ըստ երևույթին, առողջ կազմվածքն էր, որ այդքան հազվագյուտ է մեր կանանց դասում։ Բացի դրանից, ես Լիզայի դեմքի վրա նկատեցի մի տեսակ մեղմ ստվեր, որ, հովանավորելով այդ դեմքը, գրավիչ կենդանություն էր տալիս նրան։ Չգիտեմ ինչու, նույն վայրկյանին ես իսկույն մտաբերեցի Պուշկինի Տատյանային։ Բայց, դո՛ւ, իմ արևը, չկարծես, որ ես ինձ Օնեգին համարեցի։ Ամենևին։
— Հրամայիր սուրճ բերեն շուտով,— պատասխանեց Բադամովը և հետո, երբ Լիզան երեսը շուռ էր տվել հեռանալու, ավելացրեց․
— Դու էլ Ժենյայի հետ այստեղ եկ։
Լիզան դուրս եկավ։ Բադամովն ինձ պատմեց, թե Լիզան և Ժենյան իր աղջկերքն են և բացի նրանցից չունի ուրիշ զավակներ, իսկ կինը տասը տարի է, որ մեռել է։
Մի քանի րոպեից հետո ծառան ներս բերեց արծաթե մատուցարանի վրա չորս բաժակ սուրճ։ Անմիջապես ներս մտան Լիզան և Ժենյան։ Բադամովն անունս հիշեց, և ես վեր թռա ու, մոտենալով, սեղմեցի նախ Լիզայի, հետո Ժենյայի ձեռը։ Ժենյան կամ ճիշտն ասեմ Եվգենյան, կլիներ մոտ քսաներկու տարեկան, իսկ Լիզան — ավելի քան քսանուհինգ։ Բացի միաչափ հասակից, ուրիշ ոչինչ նմանություն չկար երկու քույրերի մեջ։ Եվգենյայի դեմքը կլորակ էր, քիչ սև և մի փոքր դեղնախառն, ճակատը նեղ, աչքերը սև փոքրիկ ու խորամանկ։ Հենց առաջին հայացքից նա ինձ դուր չեկավ, և ես նրա մթին դեմքի վրա նկատեցի չնչին ինքնասիրություն և գոռոզություն։ Փոքր առ փոքր, սովորական հարցերից հետո, մեր խոսակցությունը տաքացավ։ Մարտին Բուղդանիչը կրկին մեջտեղ բերեց Բիսմարկին և նրա՝ սոցիալականության դեմ խոսած՝ վերջին ճառը։ Ես լսում էի նրա գովասանությունը և չէի վիճաբանում, թեև նա շատ էր հափշտակվում։ Եվգենյան խոսում
էր և տաքացած վիճաբանում։ Նա երբեմն, տեղի-անտեղի, զանազան լուրջ հեղինակների անուններ էր հիշում, իբրև թե յուր հոր ասածը հերքելու համար։ Բայց ես, չգիտեմ ինչու, զգում էի, որ նա այդ հեղինակներից ոչ մեկի հետ լավ ծանոթ չէ և նրանց անունը տալիս է լոկ էֆեկտի համար։ Լիզան լուռ էր և լսում էր։ Հոր հայացքներից ազատ վայրկյաններ որսալով, ես մերթ ընդ մերթ, նայում էի այն օրիորդի երեսին և նկատում էի, որ նա նույնպես աչքի տակով երբեմն ինձ է նայում։ Այդ ժամանակ ես զգում էի մի տեսակ հոգեկան հաճույք, որի հետ մինչև այն ժամանակ ծանոթ չէի։ Է՛հ, Գևորգ։
Արզաս Պետրովիչը գարեջրի շիշը վերցրեց, պահեց կանթեղի դեմ և շարժելով, ասաց․
— Փիե՛, ո՞վ ծակեց այս շշի տակը։ Հրամայիր, Գևորգ, որ այդպիսի անկարգություններ չլինեն իմ ներկայությամբ։
Գևորգը հրամայեց, և ծառան ներս բերեց մի նոր լիքը շիշ։
— Իմ կենացը, Գևորգ, կոնծի՛ր,— ասաց Արզաս Պետրովիչը, բաժակը միանգամից պարպելով։— Չի՞ ձանձրացնում քեզ իմ պատմությունը։
— Խոստովանում եմ, մեծ ախորժակով եմ լսում․ Լիզան ինձ հետաքրքրում է,— պատասխանեց Գևորգը։
— Հասկանում եմ, հասկանում եմ։ Հա՛, արդեն անցել էր երկու ժամ։ Ես ողջունեցի Բադամովներին և դուրս եկա։ Վերջին անգամ նայեցի Լիզայի երեսին և նրա խոշոր, պարզագույն աչքերն ինձ վրա հառած տեսա։ Նույն օրն ես գործ շատ ունեի, վերջացրի և ճաշից հետո, իրիկնադեմին քիչ հանգստացա ու դուրս եկա զբոսնելու։ Ամառ էր, փողոցի օդը թարմացրեց ինձ, և ես, սովորությանս համեմատ, սկսեցի այն օրվա տպավորություններս քննել։ Երևակայիր, Գևորգ, որքան գլխիս զոռ տվեցի Բադամովի ընտանիքի մասին հիշել մի առ մի այն, ինչ որ նկատել էի այդ օրը — ոչինչ չկարողացա մտաբերել, բացի մի բանից։ Դա Լիզայի խոհուն աչքերն էին, որ բարձր ճակատի և կակուղ ունքերի տակից նայում էին ինձ վրա։ Ինչո՞ւ, մի՞թե ուրիշ ոչինչ հետաքրքիր բան չկար այդ ընտանիքում, որ ինձ վրա ազդեր, բացի այդ երկու աչքերից։ Կար, թե չկար, բայց ես ուրիշ ոչինչ չկարողացա հիշել։ Մի օր,
սովորությանս հակառակ, փոխանակ շուտով տուն վերադառնալու, գնացի այգի։ Լուսինը նոր-նոր բարձրանում էր, խտատերև ծառերի միջից տարածելով իր շողերն այգու մութ ճեմելիքների վրա։ Տեսնո՞ւմ ես, ինչպես բանաստեղծորեն գիտեմ բարբառել, Գևորգ, էլ չասես, թե միայն քեզ է տված։ Նստեցի կանաչ նստարաններից մեկի վրա և սկսեցի նայել դեսուդեն — ծառերին, երկնքին, լուսնին, ամենից շատ լուսնին։ Կյանքումս գուցե հազարավոր այդպիսի գեղեցիկ երեկոներ էի տեսել, բայց երբեք այնքան չէի հետաքրքրվել բնության գեղեցկություններով, որքան այդ երեկո առաջին անգամ։ Ես սիրում էի հրաշալի, մեղմ, լուսին գիշերներ, բայց նրանց ազդեցության ենթարկված չկայի այնչափ, որչափ այժմ։ Մի տեսակ ծանր, սակայն խիստ ախորժելի մելամաղձություն էր տիրել ինձ։ Ինչո՞ւ, մի՞թե պատճառը Լիզայի աչքերն էին, որ ծառերի ճյուղերի արանքով նայում էին ինձ վրա։ «Սատանան տանի ձեզ», ասացի ինքս ինձ և, կարծես քնից զարթնելով, բարձրացա նստարանից։ Այդ ժամանակ ես սովորություն չունեի երեկոները ընթրելու, վերադարձա տուն, որ պարապեմ։ Չկարողացա պարապել, Գևորգ, ինչ ուզում ես ասիր, չկարողացա, թեև երկու ժամի չափ աշխատեցի։ Պառկեցի քնելու, քունս չտարավ, և ես տրորվում էի անկողնումս փորացավ ընկածի պես։ Տեսնելով, որ գիշերն անցնում է, սկսեցի թվել մտքումս մեկից մինչև հազար և հետ։ Այսպիսով, մոռացության մեջ ընկա, և քունը, վերջապես, ինձ հաղթեց։
Առավոտը զարթնեցի զվարթ և առ․․․ ռ․․․ փի․․․ քըհը, քըհը, փիե։
Արզաս Պետրովիչը չկարողացավ շարունակել, գարեջուրը թռավ կատկին և ստիպեց նրան մի քանի վայրկյան հազել և կմկմալ։ Վերջապես, նա քիչ հանդարտվեց և, թաշկինակը հանելով, սրբեց աչքերի ջուրը։
— Ճանճ մտավ բողազս ի՞նչ է,— շարունակեց նա, թաշկինակը դնելով գրպանը։— Այո, Գևորգ, առավոտը զարթնեցի զվարթ և առողջ, ամեն ինչ մոռացած։ Այն օրն ես անցկացրի հոգու ուրախ տրամադրության մեջ։ Մի քանի հիվանդներ ունեի, այցելեցի նրանց և սովորականից մի քանի րոպեներ ավելի մնացի ամեն մեկի մոտ։ Մի խոսքով, ես մի առանձին կենդանություն էի ստացել այդ օրը։
Բայց մելամաղձությունը տիրեց ինձ։ Լիզայի աչքերը դարձյալ եկան ներկայացան իմ առջև։ Մի կերպ անցկացրի այդ գիշերը։ Հետևյալ օրը կիրակի էր։ Ես մոռացա քեզ ասելու, որ այդ օրվա համար Մարտին Բուղդանիչն ինձ հրավիրել էր ճաշի։ Առավոտը թեյ խմելիս, ես մտածում էի «գնա՞լ, թե՞ չգնալ»։ Վճռեցի չգնալ։ «Ի՛նչ մի հետաքրքրելի բան է ներկայացնում մի հին չինովնիկի ընտանիքը», ասացի և վճռեցի կամ նամակ գրել կամ ծառային ուղարկել՝ Բադամովից ներողություն խնդրելու։ Բայց ի՞նչ ես կարծում, Գևորգ, ես ոչ մեկն՝ արեցի, ոչ էլ մյուսը, այլ․․․ գնացի սափրավիրի մոտ, մազերս ուղղել տվեցի, եկա տուն, զուգվեցի և հրավիրված ժամանակից էլ կես ժամով առաջ գնացի Բադամովի տուն։
Գևորգը ժպտաց։
— Ի՞նչ է, երևի մի փոքր նման է քո ռոմանին․— նկատեց Արզաս Պետրովիչը,— ծիծաղիր, ծիծաղիր, բայց տես, թե վերջն ինչ եղավ։
— Էհ ինչ երկարացնեմ, Գևորգ, մենք նստեցինք ճաշելու,— շարունակեց Արզաս Պետրովիչը, մի ծխախոտ վառելով։— Չգիտեմ ինչու, այս անգամ Լիզան ավելի ուրախ էր և շատ էր խոսում, քան առաջին օրը։ Մենք խոսում էինք դեսից դենից, շատ հասարակ բաների մասին, բայց Լիզան այնպես տաքացած վիճաբանում էր, որ ես փոքր-ինչ զարմացա։ Կրտսեր քույրը մի տեսակ կծու եղանակով նկատեց․
— Օրը մինչև երեկո, աչքունքդ թթվացրած, գրքեր ես կարդում, ոչ խոսում ես, ոչ էլ ծիծաղում, հիմա ի՛նչ եղավ, որ սոխակ դառար։
Լիզան պատասխանելու փոխարեն, փոքր-ինչ կարմրեց։
Ես հարցրի, ինչ գրքեր է կարդում նա։
— Ինչ որ ասեք,— պատասխանեց Մարտին Բուղդանիչն իր աղջկա փոխարեն։
— Պապա, մի՞թե դուք կարծում եք, որ բոլոր ձեր բերած գրքերը կարդում է Լիզան,— կրկին մեջ մտավ Եվգենյան, հեգնորեն ժպտալով։— Ռոմանների մասին խոսք չունիմ, Լիզան նրանց կլանում է, մյուս գրքերը միայն թերթում է, որ ասի, թե հա՛, ինքն էլ այս ինչ լուրջ գրքերի հետ ծանոթ է։
Մարդս, շատ ժամանակ, Գևորգ, իր սեփական պակասություններն անգիտակցաբար ուրիշների մեջ է գտնում։ Վերջերում ես իմացա, թե Եվգենյան սուտ է ասում, թե Լիզան, բացի ռոմաններից, ուրիշ լուրջ հեղինակություններ ևս կարդացել է։ Իր քրոջ նկատողության՝ նա ոչինչ չպատասխանեց։ Ճաշից հետո մենք անցանք դահլիճ՝ քիչ զվարճանալու։ Մարտին Բուղդանիչն առաջարկեց Եվգենյային մի բան նվագել։ Օրիորդը հրաժարվեց, պատճառ բերելով, թե գլուխը ցավում է (կանանց գլխացավին, Գևորգ, շատ էլ հավատ չընծայես)։ Հայրն առաջարկեց մեծ աղջկան, և Լիզան առանց հակառակելու, նստեց դաշնամուրի մոտ։ Ես այդ ժամանակ, և հենց հիմա էլ, երաժշտություն չգիտեի, բայց լսել — շատ էի սիրում։ Երբ Լիզան, իր երկայն ու նուրբ մատներով մի քանի անգամ զարնելով դաշնամուրի կլավիշներին, անցավ առաջին ակկորդը — դահլիճի մեջ տարածվեցին մեղմ և քաղցր հնչյուններ։ Դա Շոպենի այն մելամաղձոտ հյուսվածքներից մեկն էր, որոնք շարժում են մարդկային սրտի հիվանդ թելերը։ Դահլիճի լուսամուտները բաց էին։ Ամառային մանիշակագույն երկնքի երեսում այս ու այն կողմ սահում էին թեթևաշարժ ամպերը։ Ես դաշնամուրի քաղցր ձայնով հափշտակված, նայում էի երկնքին։ Ինձ թվում էր, թե այդ հնչյուններն արձակում են հեռու բարձրությունում լողացող սպիտակ ամպերը, և ես հոգով ձգտում էի դեպի վեր, բայց չէի կարողանում հասնել։ Չգիտեմ որքան ժամանակ մնացի այդ կախարդված դրության մեջ, միայն, երբ աչքերս դարձրի դեպի դահլիճ — Լիզան արդեն չկար։ Մարտին Բուղդանիչը ճերմակ բեղերի տակից դուրս էր թողնում ծխախոտի կապույտ ծուխը։ Եվգենյան, նրա մոտ նստած, նայում էր երեսիս։
— Ո՞ւր գնաց Ելիզավետա Մարտինովնան,— հարցրի ես, մի փոքր շփոթվելով Եվգենյայի սուր հայացքից։
— Դուրս եկավ,— պատասխանեց Մարտին Բուղդանիչը, երեսիս նայելով։
Եվգենյան գնաց դուրս և, մի քանի վայրկյանից հետո վերադառնալով հայտնեց, թե Լիզայի գլուխը ցավում է։ Այս ասելով, Եվգենյան իր սուր և խորամանկ հայացքը ձգեց ինձ վրա, և ես նրա դեմքի վրա նկատեցի մի կծու հանդիմանություն։ Ինչո՞ւ, ես
ի՞նչ էի արել։ Բայց հետո իմացա, որ շատ բան եմ արել։ Արդեն երեկո էր, երբ ես դուրս եկա։ Լիզան չդուրս եկավ ինձ հրաժարական տալու, և ես հեռացա ինչ-որ ծանրություն ոչ կրծքիս վրա, այլ կրծքիս տակ։ Է՛հ, Գևորգ ես չեմ պատմիլ, թե դա ինչ ծանրություն էր, դու այժմ ինձանից լավ ես զգում։ Բայց դու չձանձրացա՞ր։
— Ամենևին,— պատասխանեց Գևորգը, մի ծխախոտ վառելով,— կարող ես մինչև լույս խոսել։
— Դեռ իմ պատմության սկիզբն է դա, լսիր մինչև վերջը մոտենում եմ նրա ծուծին։
Հետևյալ օրը չհամբերեցի և կեսօրից հետո, գործերս ավարտելով, գնացի Բադամովի տուն։ Դա իմ կողմից մեծ համարձակություն էր, սակայն ես չմտածեցի և գնացի։ Որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ Լիզային հանդիպեցի դահլիճում, դաշնամուրի դեմ նստած, նոտաների տետրը դեսուդեն թերթելիս։ Մարտին Բուղդանիչն այս անգամ ինձ ընդունեց ավելի քաղաքավարի, բայց ես նրա դեմքի վրա նկատեցի մի տեսակ ճնշում։ Իսկ Եվգենյան սառնությամբ ձեռը մեկնեց ինձ և դուրս եկավ։
— Ներեցեք, որ ես երեկ անքաղաքավարությամբ ձեզ թողեցի դահլիճում և հանկարծ դուրս եկա,— դիմեց ինձ Լիզան, տեղից բարձրանալով։
— Անքաղաքավարությունն իմ կողմից էր, օրիորդ,— պատասխանեցի ես, համարձակորեն նայելով Լիզայի երեսին։
— Ինչո՞ւ։
— Դուք հիվանդացաք, իսկ ես իբրև բժիշկ, չառաջարկեցի իմ ծառայությունը։
— Շատ էլ սաստիկ չէր ցավում գլուխս, որ բժշկի դիմելու կարևորություն զգայի,— պատասխանեց Լիզան և հետո, դառնալով հորը, հարցրեց․— պապա, կկամենա՞ք, որ ձեր սիրած եղանակներից մինը ածեմ։
— Միայն երեկվա պես կիսատ չթողնես ու փախչես,— պատասխանեց Մարտին Բուղդանիչը լրջորեն։
Լիզան նստեց դաշնամուրի դեմ և, ճակատից մազերը հետ դարսելով, սկսեց մի ուրախ եղանակ։ Բայց ուրախ եղանակն այս անգամ ինձ վրա տխուր տպավորություն գործեց։ Ես նայում էի
Լիզայի արագաշարժ մատներին, որոնք թեթևությամբ բարձրանալով վեր և կրկին իջնելով, դուրս էին մղում դաշնամուրից քնքուշ հնչյուններ։ Ես զգում էի, թե Լիզայի մատները իմ սրտին են դիպչում, և այդ հնչյուններն արձակում է իմ սիրտը։ Չէ՛, Գևորգ, աննկարագրելի են այդ րոպեները։ Ես մտիկ էի անում Լիզայի մատներին, մտիկ էի անում նրա կռներին, իրանին, գլխին, պարանոցին, ուսերի վրա թափված շագանակագույն մազերին, և դրանք ինձ մագնիսի զորությամբ մղում էին դեպի այդ էակը։ Ոչ մի բան նույն րոպեներում ինձ համար գոյություն չուներ, ոչ մի բան — բացի Լիզայից։ Նույնիսկ դաշնամուրի ձայնն ես Լիզայի մեջ էի տեսնում մարմնացած, և ես վայրկյան առ վայրկյան հաղթվում էի Լիզայի առջև։ Վերջապես, նա դադարեցրեց և, դաշնամուրի կափարիչը հետ ձգելով հարցրեց ինձ, արդյոք հավանեցի նրա խաղը։ Գուցե Լիզան լավ չէր ածում դաշնամուրի վրա, միայն ես հիացած էի և նույն րոպեին չկարոդացա գտնել խոսքեր, որոնցով արտահայտեի իմ հիացումը։ Նա նայեց իմ դեմքին և իսկույն հասկացավ, թե որքան ազդել է յուր խաղն ինձ վրա։
Երկու ժամի չափ մնացի Բադամովի տանն և շատ ուրախացա, որ Մարտին Բուղդանիչն ինձ այս անգամ ազատ թողեց քաղաքական հարցերից։ Զարմանալի բան․ մի քանի օր առաջ ինքս գուցե մեծ բավականությամբ պատրաստ էի վիճել նրա հետ այդ հարցերի վերաբերմամբ։ Իսկ նույն օրը, եթե նա սկսեր վիճել, համոզված եմ, որ առանց այլևայլի կհամաձայնվեի նրա մտքերի հետ, միայն թե նա դադարեր լուրջ վիճաբանություն անելուց։ Այս անգամ վերադարձա տուն բոլորովին հաղթված։
Անցավ մի ամիս։ Ես ստեպ-ստեպ այցելում էի Բադամովներին։ Ես գնում էի երեք օրը մի անգամ և, եթե չամաչեի, Գևորգ, կգնայի ամեն օր։ Բնական է, որ այդպիսի հաճախ այցելության պատճառը վաղ թե ուշ պիտի հայտնվեր Մարտին Բուղդանիչին, և հայտնվեց էլ։ Բայց նրանից առաջ իմացավ Եվգենյան։ Այդ խորամանկ օձն իր սուր հայացքներով և հեգնական ժպիտներով կատարելապես հալածում էր ինձ։ Ինչ վերաբերում է Լիզային — դու պիտի հասկացած լինես, Գևորգ, որ նա հենց առաջին օրից էր նկատել իմ զգացումները։ Այդ կողմից և միայն այդ կողմից կինն ունի
դիտողություն, և զարմանալի ճիշտ դիտողություն։ Նա շատ անգամ հենց առաջին հայացքից կարող է նկատել, թե ինչ է զգում տղամարդը դեպի ինքը։ Երբ մարդու ուղեղը, ուշ ու միտքը կենտրոնացած են լինում մի բանի վրա, մանավանդ, երբ նա այդ բանումն է տեսնում իր գոյության խնդիրը, ոչ մի հոգեբան չի կարող այստեղ նրա հետ հավասարվել։ Դա իմ խորին համոզմունքս է, և հավաստի եմ, որ չեմ սխալվում։ Դու ժպտում ես, Գևորգ, դու ծիծաղում ես, որ ես այդպես շուտ եզրակացություններ եմ անում, բայց համբերեիր, և ինքդ սեփական փորձերով կգաս նույն եզրակացության։ Ինչևիցե։ Որտեղ մնացի՞, հա՛, ես գիտեի, որ Լիզան գուշակում է իմ զգացումները։ Բայց ինչ է զգում ինքը, Լիզան դեպի ինձ — դա ինձ համար առաջին ամիսը թեև պարզ էր, այնուամենայնիվ, ես չէի համարձակվում հավատալ, թե հիրավի նա անտարբեր չէ դեպի ինձ։ Ես կասկածում էի․ մի՞գուցե ինձ պարեցնում է, մի՞գուցե կամենում է հաղթել ինձ, դուրս մղել ինձանից խոստովանություն և հետո, մերժելով, զվարճանալ իր կանացի հերոսական հաղթությունով։ Բայց այն ժամանակ ես դեռ հավատ ունեի դեպի կնոջ անկեղծությունը։
— Իսկ ա՞յժմ,— ընդհատեց հանկարծ Գևորգը։
— Մեռել է և երբեք հարություն չի առնիլ,— պատասխանեց Արզաս Պետրովիչը։— Այսպես, Գևորգ, ես հավատամ էի կնոջ անկեղծությանը և հավաստի էի, որ Լիզան թեթևամիտ կոկետուհիներից չէ, որ ուզենա ինձ խաղալիք դարձնել իր ձեռքում։ Ինչպես ասացի, մի ամիս էր արդեն, որ ես այցելում էի Բադամովներին։ Այդ մի ամսվա ընթացքում ես բավական մոտիկ ծանոթացա այդ ընտանիքի պատմությանը։ Ահա նա՛։— Մարտին Բուղդանիչի հայրը թողել էր ժառանգություն մի տուն և մի թեթև զուտ գումար։ Ապրելով բավական համեստ, Մարտին Բուղդանիչն այդ գումարի վրա տարեց-տարի ավելացրել էր և յուր ռոճիկի մի մասը։ Քսանուհինգ տարվա ընթացքում, թեթև գումարը, շահվելով, դարձել էր մի պատկառելի թվանշան։ Թե ինչպես էր աշխատել նրա հայրն այդ գումարը և տունը — ես չիմացա, բայց իմացա որ Մարտին Բուղդանիչն ինքը ծառայության ժամանակ իր պաշտոնը վարել էր բարեխղճաբար (ուզում եմ ասել, կաշառք չէր կերել)։ Նա պաշտոնը
թողել էր ինքնակամ, անմիջապես կնոջ մահից հետո։ Մարտին Բոլւդանիչը, այդ չլուսավորված հոր լուսավորված զավակն, իր աղջկերանց կրթության համար ոչինչ չէր խնայել։ Նրանք անցել էին գիմնազիական կրթությունն և տնային ուսուցիչների միջոցով սովորել էին երաժշտություն, պար և ֆրանսերեն, մի խոսքով, ինչ որ հարկավոր է ժամանակակից օրիորդներին։ Կնոջ մահից հետո Մարտին Բուղդանիչը յուր փողը վաղօրոք բաժանել էր աղջկերանց իբրև ապագա ամուսնական օժիտ։ Իսկ տունը թողել էր, որ, ինչպես ինքն ասում էր, մեռնելու ժամանակ կնոջ և յուր հիշատակին նվիրի մի բարեգործական նպատակով։ Երբ այս բոլոր մանրամասնություններն իմացա պարզասիրտ Մարտին Բուղդանիչից, զգացի այնուհետև ինձ նրա ընտանիքին ամենամոտ անձ։ Կարծես, կար մի աներևույթ կապ իմ և նրա մեջ։ Ի սեր աստծո, Գևորգ, չկարծես, թե ես րոպե անգամ մտածում եմ օժիտի մասին։ Կրկնում եմ, այն ժամանակ ուրիշ մարդ էի, իսկ այժմ ուրիշ մարդ եմ։ Այն ժամանակ մի փոքր պակաս էր այստեղ, իսկ այստեղ շատ վառ (Արզաս Պետրովիչը ձեռը խփեց նախ ճակատին, հետո ձախ կողքին)։ Ինչևիցե, ես չափազանց ընտելացա Բադամովի ընտանիքին։ Իսկ թե Եվգենյան ինձ ատում էր — դա ինձ համար այս կանթեղի նման պարզ էր։ Այս հանգամանքն ինձ մի փոքր նեղն էր դնում, որովհետև, ինչևիցե, այդ աղջիկը, եթե կամենար, կարող էր խոչընդոտ լինել, բայց մյուս կողմից Լիզայի և Մարտին Բուղդանիչի համակրությունն ինձ խրախուսում էր։ Անտանելի օրեր էին ինձ համար այդ օրերը, Գևորգ։ Ես ինձ կորցրել էի, ոչ մի միտք գլխումս եփել չէի կարողանում։ Գնում էի ծառայության, պաշտոնիս փոխարեն Լիզան էր կանգնած իմ առջև, գնում էի հիվանդի մոտ, հիվանդի փոխարեն Լիզային էի տեսնում իմ դեմ։ Գլխավորիցս մի քանի անգամ հանդիմանություն ստացա, հիվանդներիցս մի քանիսի տերերն ինձ քաղաքավարությամբ մերժեցին։ Իսկ հասարակական գործերը տակահան մոռացել էի։ Ընկերներս ինձ ծաղրում էին, թե ինչպես առաջ տաք-տաք կպա գործին և ինչպես շուտ սառա։ «Որովհետև բոլոր քո եռանդը կեղծ էր»,— ասում էին նրանք։ Բայց ես ուշադրություն չէի դարձնում ոչ ոքի խոսքի վրա և շարունակում էի օրեցօր ավելի ու ավելի թուլանալ։
Մի գիշեր, վերջապես խելքս գլուխս ժողովեցի և սկսեցի լուրջ քննել իմ դրությունը։ Շատ անմխիթար գտա նրան, Գևորգ, և տեսա, որ եթե այդպես երկար շարունակվի, ես միանգամայն կդառնամ մի անպետք լաթ։ Վճռեցի այլևս չայցելել Բադամովներին և դուրս բերել գլխիցս ու սրտիցս Լիզա ասված էակին։ Եվ ի՛նչ ես կարծում Գևորգ, միայն տասն օր կարողացա չտեսնել Լիզայի երեսը։ Թե որքան թանկ նստեց ինձ այդ տասն օրը, ես հրաժարվում եմ պատմել, որովհետև շատ կերկարի պատմությունս։ Ծանր և վշտալի օրեր էին ինձ համար այդ օրերը։ Բայց մի բան պիտի ավելացնեմ, Գևորգ․ թեև վեպերում ես շատ էի կարդացել, թե այդպիսի դրության մեջ սիրահարվածի ախորժակն ու քունը փախչում են, իմ ախորժակը երբեք չէր կապվում, ես ուտում էի առաջվա պես և քնում էլ էի։ Միայն գործել չէի կարող, ոտանավորներ էի գրում, «իմ սիրելի» — ֆլան-ֆստան։ Գիտես էլի․․․ Տասնումեկերորդ օրն էլ չկարողացա համբերել։ «Ինչ որ լինելու է, թող լինի»,— ասացի ինքս ինձ,— կգնամ և բացարձակապես կպարզեմ իմ սիրտը Լիզայի առջև կընդունի — լավ, չի ընդունիլ — այսուհետև հողը գլուխս, մի կերպ կտանեմ ցավս»։
Այս ասացի, ցիլինդրս դրեցի գլխիս և գնացի։
Արզաս Պետրովիչը մի փոքր լռեց, դարձյալ մի քիչ գարեջուր խմեց և, մի ծխախոտ վառելով, շարունակեց․
— Իրիկնադեմ էր։ Մարտին Բուղդանիչը տանը չէր բարեբախտաբար։ Եվգենյան մրափում էր։ Լիզան, պատշգամբի վրա նստած, նայում էր քաղաքի շրջակայքի սարերին։ Ինձ տեսավ թե չէ, իսկույն վեր թռավ տեղից և ձեռը մեկնեց։ Ես նրա դեմքի վրա նկատեցի անսպասելի ուրախության մի արտահայտություն, որ նա իզուր աշխատում էր թաքցնել։ Մի քանի վայրկյան մենք չկարողացանք խոսել։ Ես սեղմեցի նրա ձեռը և նստեցի դեմուդեմ։
— Ո՞րտեղ եք մնացել,— հարցրեց, վերջապես, Լիզան։
— Սաստիկ զբաղված էի գործերով,— սուտ ասացի ես։
— Իսկ մենք կարծում էինք, որ հիվանդացել եք։
— Մի՞թե։
— Քանի անգամ ծառային ուղարկել ենք, բայց ձեր բնակարանը չի գտել։
— Շնորհակալ եմ ձեր հոգացողության համար։
— Հայրս է ձեր մասին շատ հարցնում,— շտապեց ավելացնել Լիզան։
— Շնորհակալ եմ, ի՞նչպես է Մարտին Բուղդանիչը։
— Լավ է։ Երեկ այգումը երկու ժամու չափ ես և Ժենյան պտրեցինք ձեզ և ոչ մի տեղ չտեսանք։
Այս անգամ չկարողացա ինչպես հայտնեմ իմ շնորհակալությունը։ Մի քանի անգամ «շնորհակալ եմ» բառը իրարու հետևից կրկնելը, ինձ անհամ էր թվում։
— Դո՞ւք ինչպես եք,— վերջապես, հարցրի ես, հանկարծ մտաբերելով իմ սխալը։
— Շատ տխուր, մի շաբաթ է չգիտեմ ինչ է պատահել ինձ, գիշերները չեմ կարողանում քնել։
Այս ասելով, Լիզան գլուխը թեքեց կրծքին և մատներով սկսեց ուղղել հանդերձի փեշերը։ Նայեցի վերևից ցած նրա երեսին և նկատեցի ոչ թե անքնություն, այլ մի ինչ-որ ծանր մտածողությունից առաջացած փոփոխություն։ Ոչ նրա աչքերի կոպերն էին ուռած և ոչ էլ նրանց սպիտակուցն էր դեղնած։ Անքնության այս հետքերը չկային Լիզայի դեմքի վրա, կառ միայն մի թեթև դեղնություն։ «Հը՛մ, իմ բացակայությունը իզուր չի՛ անցել»,— մտածեցի ես, ուրախանալով։
— Գուցե հիվա՞նդ եք, թույլ տվեք շոշափել ձեր երակը,— ասացի ես։
Լիզան զգուշությամբ մեկնեց ինձ յուր բազուկը։ Ես անհապաղ ոչ թե բռնեցի, այլ խելագարի պես ճանկեցի այդ բազուկը։ Մի վայրկյանում նա դողաց իմ ձեռի ափում, և Լիզան դուրս խլեց նրան արագությամբ։
— Թողեք, ես առողջ եմ,— ասաց նա կարմրելով և երեսը ինձանից շուռ տալով։
Ես զգացի մի ինչ-որ ցնցում, ամբողջ մարմնովս անցավ հաճելի դողոց։ Ես շփոթվեցի և կամենում էի բերանս բանալ չգիտեմ ինչ ասելու։ Բայց այդ վայրկյանին ներս մտավ Մարտին Բուղդանիչը։ Լիզան շփոթվեց և վեր կացավ տեղից։
— Օօ՛օ, Արզաս Պետրովիչ, Արզաս Պետրովիչ,— դիմեց ինձ
- Հաջորդը: Նամուս
- Նախորդը: Թանկագին կապանք