Աշխարհում առաջին լուսնագնացի հեղինակը հայ է` ՌԴ Ցիալկովսկու անվան տիեզերագիտության ակադեմիայի նախկին անդամ Ալեքսանդր Քեմուրջյանը:
Մեր հայրենակիցը եղել է «Լուսնագնաց-1» լաբորատոր-կայանի գլխավոր կոնստրուկտորը:
«Լուսնագնաց-1-ն» աշխարհում առաջին տիեզերական սարքն էր, որը նախատեսված էր տիեզերական մարմնի մակերևույթին աշխատելու համար։ Այն հեռակառավարվող ինքնագնաց էր` նախատեսված Լուսնի մակերևույթի ուսումնասիրության համար։
Աշխարհում առաջին լուսնագնացը լուսնի վրա անց է կացրել 10,5 լուսնային օր (1970 թ.–ի նոյեմբերի 17-ից 1971 թ.–ի սեպտեմբերի 14-ը):
Ալեքսանդր Քեմուրջյանը ծնվել է Վլադիկովկասում, 1940 թվականին ընդունվել է Մոսկվայի Բաումանի անվան պետական տեխնիկական ինստիտուտ, սակայն Հայրենական պատերազմի պատճառով ժամանակավորապես ընդհատել է ուսումը ու, թեև օրենքով ազատված է եղել բանակից, 1942 թ.–ին մեկնել է ռազմաճակատ:
Պատերազմի ընթացքում հասցրել էր ավարտել Լենինգրադի Հրետանային ուսումնարանը: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Լենինգրադի «Տրանսմաշ» համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում, որտեղ էլ տարիներ անց ակադեմիկոս Սերգեյ Կորոլյովին է ներկայացնում լուսնագնացի իր նախագիծն ու նրա աջակցությամբ կյանքի կոչում այն։
1986 թ.–ին Չեռնոբիլի ատոմակայանի աղետի հետևանքները վերացնելու համար Քեմուրջյանի նախաձեռնությամբ ստեղծվում է ռոբոտատեխնիկական մի համալիր սարքավորում, որի օգնությամբ, առանց մարդկային կյանքեր վտանգելու, մաքրվում են փլուզված կայանի մնացորդները:
2010 թ.–ին Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիան Քեմուրջյանի անունով հուշամեդալ է թողարկում, որով պարգևատրվում են տիեզերագնացության մեջ զգալի ավանդ ունեցողներն ու տիեզերագիտության հետ կապված գյուտերի հեղինակները: